29.8.13

Օգոստոս 2013




ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ.
ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ...

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Այս լեռները եղել են վեմ ու ամրոց,
Ամեն մի ժայռ թշնամու դեմ մի բանակ,
Ծառս են եղել նժույգները սանձակոծ,
Հառաչել է հողը նրանց ոտքի տակ։

Այստեղ ահա՝ Քառասուն կույս սարի մոտ
Հետքն է մնում քաջակորով առյուծի,
Այս լեռներով, կիրճերով այս քարքարոտ,
Արշավել է Դավիթ Բեկի այրուձին։

Ու շաչել են թրերը կեռ, լայնաշեղբ,
Շառաչել են այս լեռները անառիկ,
Ինչպես հողմի բերանն ընկած մի տաշեղ՝
Նենգ Կաջարը գլորվել է այս ժայռից։

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1962 թ.


ԻՆՉ ԱՍԵԼ Է՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ լսելով՝ «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերը, ինչ-որ անբացատրելի տհաճություն եմ զգում, զարմանում, զայրանում ու մի ավելորդ անգամ համոզվում, որ իրոք մարդկային տգիտությունը սահմաններ չի ճանաչում:

Վերջին տարիներին հատկապես Հայաստանում (ՀՀ-ում) բնակվող իմ ընկերների մոտ նկատում եմ նույն զարմանք-զայրույթը՝ կապված «Արցախ» տեղանվամբ նմանատիպ բառագոյացությունների հանդիպելու հետ:

Արցախը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկն է եղել, ավելի կոնկրետ՝ տասերորդ նահանգը: Այն տեղանուն է, ինչպես, ասենք՝ Սյունիքը, Ծոփքը, Վասպուրականը, Աղձնիքը, Փայտակարանը, Գուգարքը, Ուտիքը և այլն: Մեծ Հայքը, Հայաստանը, Հայկական բարձրավանդակը պատմականորեն հայերի բնօրրանն է: Բնականաբար հայերի բնօրրանն են նաև «Հայաստան» ընդգրկուն-հավաքական տեղանվան մեջ մտնող մյուս բոլոր մեծ ու փոքր տեղանունները:

«Հայաստան» ասելիս, չեմ կարծում, թե երբևե կարող է մեկի մտքով անցնել պատկերացնել, ասենք՝ հնդիկ, անգլիացի, ճապոնացի, արաբ, հրեա, կորեացի, մոնղոլ կամ ալբանացի: «Հայաստան» երկրի անվանումը լսելիս յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է հայերի երկիր, այսինքն՝ երկիր, որտեղ գերազանցապես հայեր են ապրում ու դա նրանց երկրի անվանումն է: Չնայած շատ հնարավոր է, որ այնտեղ բնակվելիս լինեն նաև ռուսներ, պարսիկներ, քրդեր, անգլիացիներ և այլն, բայց՝ որպես ազգային փոքրամասնություն:

Իմ գործընկեր, երևանաբնակ լրագրող Ռուզան Մինասյանի ֆեյսբուքյան էջում նկատեցի Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց համալսարանի» պատին փակցված մի ցուցապաստառի լուսանկար և իմ գործընկերոջ զարմացախառն հարցը՝ «Արցախահայկակա՞ն... համալսարանի հարգելի ղեկավարություն, խնդրում եմ հանել այս ցուցապաստառը Ձեր շենքից: Ի՞նչ է նշանակում արցախահայկական»...

Կրկնում եմ, հատկապես ՀՀ-ում բնակվող իմ ընկերների, ծանոթների և անծանոթների մոտ հաճախ եմ նման զարմանք-զայրույթ-դժգոհություն նկատում «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» ու նմանատիպ բառակազմությունների կապակցությամբ: Երբևէ լսած կա՞ք՝ հայաստանահայեր, հայաստանահայություն, կամ, ասենք, տեղի կանանց ու աղջիկներին անվանեն հայաստանուհի: Մի պահ պատկերացրեք նույն ձևով բառակազմություններ հնարեն Հայոց մյուս մարզերի և շրջանների մեր հայրենակիցները՝ շիրակահայություն, սյունիքահայեր, զանգեզուրուհի, վասպուրականահայեր, վայքահայություն, լոռուհի, գուգարքահայեր և այլն:

Հարգելիներս, երբ ասում եք՝ «արցախահայեր», «արցախահայություն», նշանակում է Արցախում հայերից բացի, որպես բնիկներ, ապրում են նաև այլ ազգություններ՝ արցախառուսներ, արցախաադրբեջանցիներ, արցախաչինացիներ կամ արցախաբուշմեններ...

Բոլորս մի քիչ ավել կամ մի քիչ պակաս սիրում ենք մեր բնօրրանը, մեր ծննդավայրը, մեր հայրենի եզերքը, բայց այդ սերը չպիտի թույլ տա «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևակայել մեզ ու նման զվարճալի-անհեթեթ ձևերով արտահայտել մեր սերն առ հայրենի Արցախ: Երբ կարելի է պարզապես ասել՝ արցախցի, արցախցիներ, և ամենաապուշն անգամ կհասկանա, որ խոսքը հայերի մասին է, տվյալ դեպքում՝ Արցախում ապրող հայերի:

Ի դեպ, այդ անհեթեթ բառակազմություններով ու բառաձևերով արդյո՞ք մեզ չենք առանձնացնում աշխարհի մյուս բոլոր հայերից: Հասկանում եմ, որ շատերն ուղղակի չհասկանալով են օգտագործում դրանք՝ չգիտակցելով այդ բառակազմությունների ողջ անհեթեթությունը (չեմ բացառում, որ նույնիսկ շատ հնարավոր է տարիներ առաջ ինքնաբերաբար 1-2 անգամ ես էլ օգտագործած լինեմ «արցախահայություն»-ը. հստակ չգիտեմ՝ հնարավոր է երբեք չեմ օգտագործել, ուղղակի չեմ բացառում):

Պարզապես ինչ-որ մի շատ «խելոք» մի անգամ նման բառեր է հնարել, նրան հետևել են ևս մի քանի «խելոքներ» և... անհեթեթության ձնագունդը գլորվելով՝ սկսել է աջ ու ձախ տարածվել՝ իր մեջ առնելով շատ-շատերին... Նույնիսկ պետական-պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր են ստեղծվել՝ այդ, մեղմ ասած, անիմաստ բառակազմություններով:

Վաղուց ժամանակն է ձերբազատվենք արհեստածին այդ անհեթեթությունից, եթե չենք ուզում մեզ առանձնացնել աշխարհասփյուռ մեր բոլոր ազգակիցներից ու դառնալ ոչ արցախաբնակ մեր հազարավոր, միլիոնավոր հայրենակիցների ծիծաղի առարկան:

Վ. ՕՎՅԱՆ


ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ԼՂՀ ԳԽ նստաշրջանն էր՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամթատրոնի շենքում: Այդ տարիներին մշտապես ներկա էի լինում ԳԽ նիստերին: Դահլիճում պատգամավորներն էին և մոտ տասնյակ այլք: Արցախում իշխանության գլուխ ՀՅԴ-ն էր:
Սիրում եմ միշտ նստել վերջին շարքում. այնտեղից ամեն ինչ լավ տեսանելի է լինում: Տվյալ դեպքում՝ նստած էի դահլիճի կենտրոնում մի տեղ: Իմ մոտակայքում բոլոր նստատեղերն ազատ էին: Մյուսները բեմին մոտ շարքերում էին:

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ևս հրավիրված էր: Լարված իրավիճակ էր: ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի փոխադարձ անհանդուրժողականությունն ակնհայտ էր: Ամբիոնին մոտեցավ Կոմանդոսն ու սկսեց բորբոքված խոսել: Կարճ ելույթը դաշնակցության դեմ էր: Վերջիններս ինչ-որ շվարել էին: Գիտեի, որ Կոմանդոսի հետ հարաբերությունները վատ չէին: Այդ ելույթն անսպասելի էր նրանց համար:

Խոսքն ավարտելուց հետո Արկադի Տեր-Թադևոսյանը շարքերի միջով եկավ ու նստեց ինձնից մի նստատեղ աջ թե ձախ... Բորբոքված էր: Նայում էր բեմի ուղղությամբ ու ինքն իրեն խոսում: Ես էլ էի նայում նույն ուղղությամբ. չէի ուզում ցույց տալ, որ լսում եմ: Նա ինձ բացարձակապես չգիտեր, պարզապես մեկը պետք էր, որ «կիսվեր» հետը... Բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես այս էր ասում՝ ի՞նչ են անում սրանք, ինչո՞ւ են ինձ խառնում իրենց քաղաքական խաղերին, ես զինվորական եմ, ինչո՞ւ չեն թողնում իմ գործով զբաղվեմ, թշնամուն թողած իրար մեջ են թշնամիներ որոնում...

Հասկացա, որ ստիպել են ելույթ ունենալ դաշնակցության դեմ, ու ինքը դժգոհ է նաև իրենից, որ խառնվել է նրանց քաղաքական ինտրիգներին...

Թշնամին նստած էր մեր դռանը: Ծանր ու դաժան ժամանակներ էին: Ու դա նաև մե՛ր մեղքով...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԿՈՄԱՆԴՈՍԸ ԴՆՈՒՄ Է ՎԵՐՋԱԿԵՏ. «ՓԱԿ ԹԵՄԱՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ»

Առաջին լրատվական-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը :

 - Պարոն Տեր-Թադևոսյան, օրերս ԳԱԼԱ-ին տված Ձեր հարցազրույցը բուռն քննարկումներ առաջացրեց մամուլում: Հարցազրույցում Դուք, խոսելով գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին, ասել էիք, որ «Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց…»:

 - Ի սկզբանե ես մտադրություն չեմ ունեցել ինչ-որ կարծիք արտահայտելու: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ զանգահարեց ԳԱԼԱ-ի լրագրողը և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին հարցեր տվեց: Մինչ այդ «Հրազդանմաշ» արտադրական միավորման նախկին գլխավոր ինժեներ, ռադիոլոկացիայի գծով տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՀՕՊ-ի արդիականացման գլխավոր կոնստրուկտոր Հակոբ Հարությունյանը նույն լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և ասել, թե ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել Հայաստանից: Նորատ Տեր-Գրիգորյանցը շատ բան է արել Հայաստանի զինված ուժերի համար, իսկ գնալու պատճառն այն է, որ ընդհանուր լեզու չի գտել իշխանությունների հետ: Ես պաշտպանել եմ այս տեսակետը: Բոլոր այն գեներալ-լեյտենանտները, որքեր եկան բանակ, հաջողություն չունեցան: Հիմա մենք ունենք գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյան, ինքն էլ չկա: Երիտասարդ, էներգիայով, խելացի զինվորական էր: Նրան Վազգենն էր նշանակել, բայց ազատեցին, հիմա ինչ՝ ասեմ, որ Վաղարշակ Հարությունյանին է՞լ է Վազգենը ազատել: Ոչ, համակարգն է այսպիսին, նրանք, ովքեր կարող են լիդերներ լինել, համակարգը չի սիրում: Համակարգին պետք են այն մարդիկ, ովքեր կգովեն իրենց ղեկավարներին:

 - Ձեր հարցազրույցին հաջորդեց «Առավոտ» օրաթերթում Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի օրոք ոչ մի բարձրաստիճան զինվորական չի հեռացել երկրից, իսկ Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել է այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը մի կարճ ժամանակ պաշտպանության նախարար չէր: Իրականում այդպե՞ս է եղել:

 - Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Վազգեն Սարգսյանը կապ չի ունեցել ազատման հետ, բայց շատ լավ գիտի, որ առանց Վազգենի ոչ մի հարց չէր լուծվում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, այդ տարիներին մեր պետությունը երեք մարդ էին ուղղորդում՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո արդեն իրենց շուրջը համախոհներ էին հավաքել: Կան փաստեր, ես չեմ ուզում շատ բան բացել հիմա, ավելի շատ ուզում եմ լսել, թե ինչ են ուզում, ինչ են ասում: Ես էլ եմ եղել Վազգեն Սարգսյանի կողքին, աշխատել եմ նրա հետ, ես գիտեմ նրա արածները մեր պետության համար և դրանք չեմ ժխտում, բայց նրա բոլոր հրամանները կատարել են նրանք, ովքեր իրեն էին ծափահարում, որոնցից մեկը նույն Անդրանիկ Քոչարյանն էր: Հարցն այն է, որ մենք սխալներ ենք արել և հիմա պետք է դրանք շտկենք: Նրանք, ովքեր ինքնուրույն էին, տեղ չունեին:

 - Ձեր մարտական ընկերներից Սասուն Միքայելյանն էլ Ձեզ հարց է ուղղել, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք այս հարցերը չեք բարձրաձայնել: Նա ասել է նաև՝ ինչո՞ւ չեք ասում՝ մարտի դաշտում երբևէ տեսե՞լ եք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին:

 - Ես Վազգեն Սարգսյանի մասին չեմ ցանկացել խոսել և ինչ-որ բան ասել, սակայն թեման բացվեց, և ես պատասխանեցի հարցերին: Սասունն իմ մարտական ընկերն է, բայց սխալ բաներ է ասում: Նրանք սխալվում են՝ ես զինվորական եմ, ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ, որ գեղեցիկ բառերով խոսեմ: Ես կարող եմ միայն ճիշտն ասել, իսկ ճիշտը ոչ մեկին դուր չի գալիս, դրա համար էլ չէի ասում: Ես ընդամենը ուզում եմ նայել, թե ինչ են ասում և անում այդ քննադատողները: Ոչ ոք ոչ ոքի չի ուզում հասկանալ, ոչ ոք չի ուզում ճշմարտությունն իմանալ, այդպես էլ պատմություն են գրում: Հովհաննես Այվազյանը հանրագիտարան է գրում, մի գիրք էլ արդեն տպագրել է, որտեղ Շուշիի գործողությունը գեներալ-գնդապետ Դալիբալթայանին է վերագրում, որտեղի՞ց նա դարձավ գործողությունը ղեկավարող, նա անգամ Շուշիի ազատագրման ծրագրի մասին գաղափար չուներ: Ինչո՞ւ եկավ և հաստատվեց, որովհետև Վազգենն էր բերել, Դալիբալթայանը նրան շատ էր գովաբանել: Ասում են, թե ես Վազգենի դեմ եմ և անպայման վատ բան եմ ուզում ասել։ Ո՛չ։ Նա քաղաքական գործիչ էր, շատ բան է արել պետության համար, բայց մենք մինչև հիմա քաղում ենք նրա արած սխալների պտուղները:

 Սասուն Միքայելյանը ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին: Երբ Շուշիի ազատագրման ամյակներից մեկի ժամանակ գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար Դալիբալթայանի կենացն էին խմում, միայն Վազգեն Մանուկյանն էր, որ մոտեցավ ինձ, ասաց. «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:

 Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին: Ես չեմ տեսել Քոչարյանին զենքով, բայց իմ մարտական ընկեր Ֆելիքս Գզողյանն է տեսել, որովհետև Քոչարյանը պաշտպանության կոմիտեից էր: Շուշիի ազատագրման ժամանակ ամբողջ կոմիտեն է մասնակցել գործողությանը: Իսկ Վազգենը գալիս, ասում էր՝ ինչի՞ց ինչքան է պետք, գնում, հայթայթում, բերում էր: Այսինքն ամեն մեկն իր գործն էր անում և պարտադիր չէ, որ զենքը ձեռքին լիներ:

 Սասուն Միքայելյանը ինչո՞ւ ոչ մի անգամ հարց չի բարձրացնում, թե ինչու ինձ Արցախում պաշտոնից ազատեցին և այստեղ բերեցին: Չէ՞ որ մարտական ընկեր է և ամեն ինչ շատ լավ գիտի:

 - Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ևս անդրադարձել էր Ձեր ասածներին և հայտարարել, որ «այն մարդիկ, ովքեր գիտեն Վազգեն Սարգսյանին վերացնողներին, պիտի իրենց պարտքը համարեին հոկտեմբերի 27-ի թե՛ դատավարության ժամանակ, թե՛ անջատված գործի մասով այդ տեսակետն ասելու...»: Դուք որևէ մանրամանսություն գիտե՞ք, որը կուզենայիք բացահայտել:

 - Ես չեմ մասնակցել հետաքննությանը, բայց ծանոթացել եմ նյութերին: ՀՀ ռազմական հետախուզության հիմնադիր Իվան Ղուկասովը գիրք է գրել, որտեղ ասում է՝ նման կարևորության անձնավորության շուրջը պետք է թիկնապահներ լինեին, ովքեր կիմանային՝ ինչ է կատարվում նրա շուրջը և ինչ է կատարվելու: Պատահական ոչինչ չի լինում: Պատահական մարդիկ չմտան ու սպանեցին Վազգեն Սարգսյանին: Հատուկ ծառայություններ կան, նա թիկնապահներ ուներ, հետախուզություն կա։ Ինչպիսին որ Վազգեն Սարգսյանն էր, իր շուրջը մարդիկ ուներ, որ պահպանում էին իր անվտանգությունը:Այդ գրքում մի հատված կա, որտեղ ասվում է՝ ներկաները կարող էին ինչ-որ բան անել ահաբեկիչների դեմ, մանավանդ, որ նրանք մի քանի անգամ շատ էին: Պարզապես Վազգենը ուզում էր առաջնորդ դառնար և դարձավ: Այս է պատճառը, որ նրան վերացրին:

 Ես հարգանքով եմ վերաբերվում և՛ դրական, և՛ բացասական կարծիքներին։Նա դա ասել է որպես եղբայր, և հարգանքով եմ վերաբերվում: Նորից եմ ասում՝ այս պոռթկումը պատահաբար է ստացվել, և ես չէի սպասում, որ նման արձագանք կլինի: Այդ պոռթկումը լավատեսական է, որովհետև այս փակ թեման վերջապես բացվում է: Եթե մենք ամեն ինչ Վազգենին վերագրենք, չբացենք սխալները (իսկ մենք լռելու իրավունք չունենք), մեզ լավ ապագա չի սպասվում: Խոսելը դեռ չի նշանակում նրա դեմ ինչ-որ բան ունենալ:

 - Կարծիք կա, որ այս ամենը Դուք անում եք ուղղորդված՝ իշխանությունների դրդմամբ: Կա՞ արդյոք նման բան:

 - Ես իրականությունն եմ ուզում, ուղղակի հայը իշխանություն չսիրող ազգ է: Դեռևս Նարեկացին «Մատյան ողբերգության» պոեմի հիսունմեկերորդ գլխում գրում է, որ արքաները ծառայում են նրա համար, որ ոչ թե բուժեն մարդկանց, այլ սպանեն: Այսինքն, վաղ ժամանակներից ժողովուրդը չի սիրել և չի սիրում իշխանությանը: Սակայն դա մեզ պետք է: Բանակը, իշխանությունը և հասարակությունը պետք է միասին լինեն՝ պետություն լինելու համար: Ես նրանց երեքի կողմից եմ, ես իշխանությունից, ընդդիմությունից և բանակից եմ: Իմ խնդիրը քաղաքականության ձեռքին խաղալը չէ:


ԿՈՄԱՆԴՈՍԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, հետաքրքիր «պատերազմ է հրահրել» հայկական մամուլում: Հետաքրքիր թե ժամանակի, թե տարբեր անհատների դերի տեսանկյունից: «Պատերազմի» մեջ են ներքաշվել թե «ռուսական գեներալները», թե երկրապահները: Այն մեծ արձագանք է ստացել:

Ժամանակի առումով, այս «բանավեճը» համընկել է Հայաստանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ քննարկումներին: Բացի այդ, պատերազմից անցել է մեկ սերունդ ժամանակ, եւ նոր սերնդի մոտ բնական հետաքրքրություն է առաջացել այն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ:
Բանն այն է, որ անցել է մոտ երկու տասնամյակ, սակայն ինչպես մեր պատմության շատ այլ իրադարձությունների պարագայում, այս դեպքում էլ բաց են մնացել բազմաթիվ հարցեր: Բացի դրանից, քանի որ Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունը ձեւավորվել է «ղարաբաղյան հիմքով», հանրությունը ներկայում փորձում է վերաիմաստավորել այդ ժամանակաշրջանի էությունը եւ դերակատարներին:

Ղարաբաղյան պատերազմը «շանս» էր բոլորի համար, տարբեր տեսակետներից: Հայաստանի ու Ղարաբաղի համար դա ազատագրման շանս էր, որի համար առաջին գիծ գնացին նվիրյալները: Շատերի համար դա շանս էր իշխանության անցնելու համար: Շատերի համար էլ դա շանս էր՝ դուրս գալու «հատակից» ու ինչ որ բանի հասնելու այս կյանքում: Պատերազմի շուրջ «համախմբվեցին» բոլորը:

Պատերազմի «երեք գծերում» տեղի էին ունենում հատկանշական իրադարձություններ: Նվիրյալները կերտում էին Հայաստանի ու Ղարաբաղի ազատությունը մարտի դաշտում: Թիկունքում իշխանության համար խուլ պայքարն էր եւ պատերազմի հանգամանքի օգտագործումը «նախնական կապիտալի կուտակման» եւ քաղաքական ու այլ բնույթի հավակնությունների հաստատման համար: Ինչպես Վանո Սիրադեղյանն էր ասում՝ «ով մի մեշոկ ալյուր էր ուղարկում Ղարաբաղ՝ դառնում էր ազգի հերոս»: Այս երկուսի գծերի միջեւ էլ կար մի երրորդ, շատ նուրբ տեղ, որտեղ, ինչպես Շմայսն էր ասել, «ազգի համար ո... էին տալիս»:

Նվիրյալները, որոնք դեռ ողջ են, սովորաբար պատերազմի մասին չեն խոսում: Փոխարենը, ամենաշատ խոսում ու իրենց «իրավունքն» են պնդում նրանք, ովքեր եղել են այդ «միջին տեղում»: Այդ տեղը գտնվում էր առաջին գծի եւ թիկունքի միջեւ, երկուսից էլ շատ մոտ: Այստեղ առաջացավ այն «խավը», որը հետագայում Հայաստանում հասավ քաղաքական ու տնտեսական զգալի դիրքերի: Այս «խավը» ստացավ կոչումներն ու պարգեւները, տնտեսական ու քաղաքական քվոտաներ, դարձավ «նոր բիզնեսի»՝ օլիգարխիայի «տանիքը», կեղծեց ընտրությունները եւ այլն, ծառայություններ մատուցելով գործող իշխանություններին: Նրանք իրենցով արեցին առաջին գծի փառքն ու թիկունք գնացող ավարը:

Պատերազմի ժամանակ կար երկու իրականություն՝ բուն իրականությունն ու առասպելաբանությունը: Իրականությունը կերտում էին նվիրյալները, առասպելները՝ մյուսները, որոնց համար պատերազմը եղել է շանս՝ իշխանության հասնելու, կամ պարզապես «մարդամեջ» դուրս գալու համար:

Հնարավոր է, բոլոր պատերազմներն էլ ունեցել են նման բնույթ ու ընթացք: Փաստն այն է, որ Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունն ու երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներն ուզուրպացվել են «պատերազմի իրավունքով»: Այս տեսակետից, Կոմանդոսի հրահրած «պատերազմը» կարող է փոխել այդ «իրավունքի» շուրջ ստեղծված իրողություններն ու մթնոլորտը, քանդել առասպելաբանությունը: Եթե նա խոսի բոլորի ու ամեն ինչի մասին, առանց խտրականության, դա կլինի նրա իսկական պատերազմը:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ



ՉՃԱՆԱՉԵՑԻՔ ԱՐՑԱԽՑՈՒՆ, ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԱԴԱՎՆԵՐ

Ուշադիր կարդա, պրն. Չմտավորական. եթե ուղեղիդ խորությունն էլ հավասար է նրա բարձրությանը, ուրեմն դիմիր Կարմիր Գրքի պատասխանատուներին՝ որպես բացառիկ, քառակուսի գլխով տխմար տեսակ, այնտեղ գրանցվելու համար...

Երեւի ժամանակն է վաղուց, որ ձեր ասած «ղարաբաղցոց», վերջապես տարբերեք Արցախցուց...

Երբեւէ չեմ մտածել բարձրաձայնել ու մանավանդ կիսվել իմ ապրումներով, այն էլ՝ բոլորի աչքի առաջ... Բայց էլ մի անգամ ու վերջնական պիտի ասեմ...

1994 -ի ապրիլ 27-ին ծանր վիրավոր, ինձ Հադրութից տեղափոխեցին Ստեփանակերտ: Հրամանատարությունը կորցրել էր հետքս, որովհետեւ ժամանակները խառն էին ու, բացի այդ, հրամանատարության մեջ էլ արդեն լուրջ կորուստներ կային...
Ես գրեթե անգիտակից ու մահամերձ վիճակում, 12 օր պառկեցի Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ինչ որ պիտի ասեմ՝ ասում եմ առանց մեղադրելու ինչ-որ մեկին:
Վիրավոր զինվորներ, բնականաբար շատ կային՝ տարբեր շրջաններից(հասկանում եք՝ ինչ եմ ասում), բայց 12 օրվա մեջ, մի հոգի ձեւի համար չբացեց դուռս, ձեւի համար՝ մի բաժակ ջուր չբերեցին ինձ տարբեր շրջաններից ժամանած զինվորների հարազատները, որ եկել էին իրենց զինվորներին տեղափոխելու Երեւան...

Ես մենակ էի, ու միայն մի Արցախցի հրամանատար, որ ինձ հետ պառկած էր՝ վիրավոր, իր անձից ավել մղկտում էր ինձ համար՝ 12 օր շարունակ, ընտանիքն էլ իր հետ հավասար...

Ես գրեթե ոչինչ չեմ հիշում այդ օրերից, բայց տարիներ հետո, երբ ես հետ գնացի Արցախ ու գտա նրանց, աննկարագրելի էր մեր հանդիպումը... Լալիս էին ընտանիքով, ասես իրենց զոհված եղբայրն էր հարություն առել...
Ու պատմեցին ինձ, թե ինչպես իրենցից ու ինձանից թաքուն, հիվանդասենյակի հավաքարարը, որ իմ տարիքի իր տղային էր կորցրել պատերազմում, մայիսի 8-ին, ժամանած ուղղաթիռի օդաչուին խաբել էր, իբր ես նրա հարազատ տղան եմ, ու ինձ տեղափոխեցին Երեւան... Փաստացի՝ արցախցի այդ կնոջն էլ պարտական եմ կյանքիս համար, թեկուզ՝ նա արդեն չկար, երբ ես իմացա այս մասին...

Ավելին չեմ ասի, պարզապես, ինձ թույլ տվեցի մանրանալ, որ մեկընդմիշտ ջախջախեք ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ մեջ, ազգային խտրականության կործանարար խաղը: Մի հետավորական ինձ քիչ առաջ ասում էր, որ ղարաբաղցիք..... չշարունակեմ...

Դուշման Վարդանն ասում էր՝ «Ոչ հնչակ եմ, ոչ դաշնակ, ոչ՝ կոմունիստ... ես իմ ազգի զինվորն եմ...»:

Չճանաչեցիք արցախցուն, պարոնայք ազգադավներ... Չճանաչեցիք...
Արցախցուն անուն դնողը, պարապ է անում մեր զոհերի անկաշառ եւ իրապես ազգանվեր ու հերոսական գործը...

Ես քառակուսի մետրս փոխել եմ, հուսով եմ՝ ժամանակավոր, բայց արյունս նույնն է, ինչ քսան տարի առաջ...
Հայաստանն իմ տունն է, ու ես Արցախի ամեն քառակուսի սանտիմետրի համար՝ ուրախանալու եւ տխրելու եմ սեփական տանս պես...

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ





ԽՍՀՄ  հերոս  Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհվեցին  «Թամանյան դիվիզիայի» նախկին մարտիկներին

Ս.թ. օգոստոսի 16-ին ՀՀ Պատերազմի և Զինված Ուժերի Վետերանների Միավորումը և  Հայրենական Մեծ Պատերազմի կոմիտեն, ի դեմս նախագահ  Պետրոս Պետրոսյանի և Վետերանների միավորման, նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի ու Հայրենական Պատերազմի  հուշարձանների վերականգնողների ֆոնդի նախագահ Էդուարդ Գազարիկյանի, ԽՍՀՄ հերոս  Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհեց  «Թամանյան դիվիզիայի» հերոս վետերաններին:


Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Սիմոն Եսայանը ներկայացնելով միջոցառման ու հավաքույթի բուն նպատակն ավելացրեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝ մեծարելու մեր վետերաններին:

Ելույթներով հանդես եկան Սիմոն Եսայանը, 89-րդ դիվիզիայի վետերանների կոմիտեի նախագահ  Սուրեն Հովհանիսյանն, ով խոսեց Թամանյան դիվիզիայի անցած ուղու ու կարևորության,ինչպես նաև լեգենդար հերոս Հունան Ավետիսյանի սխրանքի մասին, Իվան Ղուկասովն՝ Իվան Իսակովի հուշարձանի Տուապսե քաղաքում տեղադրման վերաբերյալ,իսկ հետո Հունան Ավետիսյան ֆոնդի ղեկավար Էդուարդ Գազարիկյանը ներկայացրեց կազմակերպության բուն նպատակն ու գործունեությունը: Վերջում ամփոփիչ ու շնորհավորական խոսքով հանդես եկավ պատմաբան Արմեն Կարապետյանը: Նա նշեց, որ ոչինչ չի մոռացվել ու ոչ ոք չի մոռացվել, որ նրանց անունները ևս կգրվեն ու կհիշվեն մեր ու գալիք սերունդների կողմից:

Վերջում գեղեցիկ կատարումներով հանդես եկան մի խումբ երիտասարդ կատարողներ, ովքեր կատարեցին պատերազմի տարիների երգեր՝ ստեղծելով 1941-45 թթ. մթնոլորտը:
Եվ իրոք՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել:
Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ


ՀԱՅԵՐԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ


Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։ 

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922 թվականի։ 1941–1942 թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։

Հայ քաջորդիները պատերազմի ամբողջ ընթացքում մարտնչում էին ամենուրեք, ամենատարբեր ռազմաճակատներում։ Միայն Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 30 հազարի,որոնցից 10 հազարը զոհվեցին։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովորոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ 

Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Հիրավի, փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները (Սրանք հավասարեցված են հերոսներին), հայտնի ու անհայտ հազարավոր ուրիշներ։

Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) Սովետական Միության ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ավիացիայի մարշալ էր։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին (Ագանյան)։ Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։

Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս ծնունդով 10 հայեր՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման հետագայում արժանանալով հետմահու։ Գնդապետ, ԽԱՀՄ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության (1943 թ., Թեհրան), Իրանում գերմանական գործակալությունը բացահայտելու և այլ առաջադրանքների կատարման համար։

Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում)։

Մի քանի խոսքով ներկայացնենք Թամանյան դիվիզիայի անցած ուղին:
89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլինԱռանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը: 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ



ԱՅԴ ԵՐԲՎԱՆԻ՞Ց Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈԳԻՆ «ՑԱՎՈՒՄ« ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ 

Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրումը թույլ չտալու հարցում իրենց պատռելու մեջ ռուսական քարոզիչները ձեռնամուխ են եղել վերջին «փաստարկին»՝ ասոցիատիվ անդամությունը ԵՄ-ին կհանգեցնի «դավաճանության» եւ Ղարաբաղը «հանձնելուն»:

Ռուսաստանում տվյալ մեդիա-նախագծի ղեկավարները REX տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավար, Հայաստանում լավ հայտնի եւ Հայաստանի պետական պարգեւին արժանացած Մոդեստ Կոլերովն ու նույն ծառայության փոխղեկավար Վիգեն Հակոբյանն են:

Ռուսական քարոզչությունն օգտագործում է ադրբեջանական շքամուտքերից հավաքած Ռուսաստանի ու Արեւմուտքի հնարավոր բոլոր փորձագետներին, հիմնավորելու համար Արեւմուտքի հետ Հայաստանի համագործակցության մահացու լինելը:
Ներկայում հայ քիչ թե շատ ուսյալ բնակիչների ուղեղում ներդրվում է այն միտքը, թե Եվրամիությունը թույլ չի տա, որ մեկ ցենտ անգամ սողոսկի Ղարաբաղ: Լիակատար հիմարություն, հորինված ու ռուսական մատից ծծած փաստարկ, ոչ մի բանի ու ոչ մեկի մասին:

Ի՞նչ օգնություն է հատկացրել Ռուսաստանը Ղարաբաղին, բացի ռազմավարից, երբ Ադրբեջանին հատկացված ռուսական զենքը հայտնվում էր հայերի ձեռքին, ադրբեջանական բանակի ապաշնորհության հետեւանքով:

Ընդ որում, վերջերս Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն Ադրբեջանն առաջ էր քաշում համանման պահանջներ: Այսինքն, ռուսներն ու ադրբեջանցիները միավորել են ջանքերը, որպեսզի Հայաստանին զրկեն Արեւմուտքից օգնություն ստանալու հնարավորությունից:

Ռուսական քարոզչությունն ակտիվորեն օգտագործում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ադրբեջանական անգաժմենտը ներկայացնող փորձագետների հրապարակումներն ու ելույթները: Ամենածիծաղելին այս բացահայտ պրովոկատորների պնդումներն են, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, մոռանալով, որ այդ պահանջը կարելի է ներկայացնել նաեւ Ռուսաստանին: Այ քեզ «ղարաբաղյան լոբբի Մոսկվայում»:

Ի դեպ, տեղի է ունենում նաեւ տականքների ինստիտուցիոնալ միավորում, օրինակ, Մոսկվայում ստեղծվել է Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպություն՝ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ, ոմն հայ մեծահարուստ Վարդգես Արծրունու փողերով: Այս ինստիտուցիայի միակ նպատակը Ռուսաստանի շահերին Հայաստանի ենթարկեցումն է: Հայաստանում նման գործունեությամբ է զբաղված Նորավանք հիմնադրամը, որը որոշ տեղեկություններով համակարգում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հավաքվել է Հայաստանը Ռուսաստանին ենթարկեցնելու կողմնակիցների բավական լայն խառնամբոխ՝ Գագիկ Հարությունյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Անդրանիկ Թեւանյան, Արամ Սաֆարյան, Սերգեյ Մինասյան, Աշոտ Ենգոյան, Արտակ Հակոբյան, Արտաշես Գեղամյան, Էմիլ Բաբայան, Սեւակ Սարուխանյան, Անուշ Լեւոնյան... Ցանկը շարունակվելու է: Այսպիսով, ռուս փորձագետները միավորվել են ոչ միայն իրենց հայ նմանների հետ, այլեւ օգտվում են Ադրբեջանի աջակցությունից:

Ժամանակ առ ժամանակ, ռուսներից ինչ որ մեկն ասում է, թե այդ իրադարձությունները Ռուսաստանին չեն հուզում: Հուզում են, այն էլ ինչպես: Ինչ որ բան ինչ որ տեղ այրվում է, եւ ռուսական հոգին «ցավում է» Ղարաբաղի համար:

Հայաստանի հանդեպ տվյալ անպարկեշտ վերաբերմունքը հնարավոր է դարձել հայ քաղաքական գործիչների եւ այն մարդկանց անբարո պահվածքի հետեւանքով, ովքեր իբր արտահայտում են հայ ժողովրդի խիղճն ու կարծիքը, իսկ իրականում վաղուց բիզնես են անում (փոքր ձեռնարկատիրություն) հայ ժողովրդի հանդեպ նվաստացման, շանտաժի եւ սադրանքների վրա: Արդյոք այս ամենն այդպես էլ կմնա անպատիժ:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
lragir.am




ՊՈՒՏԻՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԲԱՔՎԻՆ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ ԿԶԻՆԻ

Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում...
Երեկ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի առնչությամբ հերթական տեղեկությունը:

Եւ այսպես, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երեկ ընդունել է ռուսական պատվիրակությանը, որը գլխավորել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովը: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր:

Փաստորեն, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջերս մեկ միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքը դեռ նոր իրագործած, Մոսկվան արդեն անցնում է Ադրբեջանի՝ «տակտիկական հրթիռային սպառազինության» արդյունաբերությանը զարկ տալուն:

Հայաստանի «ռազմավարական դաշնակցից» այլ բան չէր էլ կարելի սպասել, նա այլ կերպ չէր էլ կարող վարվել... Մոսկվայի «բիզնեսը» երեւում է դեռ երկար է ծաղկելու «ռազմավարական դաշնակից» Հայաստանի հաշվին։ Ինչ արած՝ Կրեմլի ախորժակը, կարծես, վատ չէ:

Ինչպես ասում են՝ Աստված այսպիսի «դարավոր բարեկամից» հեռու պահի Հայաստանը: Եթե Հայաստանի այսօրվա «դարավոր բարեկամը» այսպիսի Ռուսաստանն է, ապա Հայաստանին վստահաբար ուրիշ թշնամիներ պետք էլ չեն:

Բայց այս ամենում հետաքրքրականն այլ հարց է։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող հայկական կողմի հակառակորդին Ռուսաստանը մինչեւ ատամները, եթե զինում է, ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ սա մեղմ ասած՝ ստորություն է «բարեկամ» Հայաստանի նկատմամբ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են առաջիկայում խոսելու Հայաստանում Ռուսաստանի քաղաքականությունն այսօր ավելի ուժգին եւ գթասրտորեն պաշտպանող քաղաքական գործիչներն ու փորձագետները... Հիմա՞ էլ պետք է ասեն՝ «Թող վաճառի Ռուսաստանն իր հրթիռները Ադրբեջանին, մենք էլ դրանք կխլենք Ադրբեջանից...»։ Հիմա՞ էլ պետք է ասեն՝ «Հետո ի՞նչ, մեզ էլ է Ռուսաստանը զենք վաճառում...»: Կամ՝ էլի պետք է ասե՞ն՝ «Եթե Ռուսաստանը չվաճառի զենք Ադրբեջանին, միեւնույն է այլ երկիր կվաճառի...»:

Մի բան այլեւս անհերքելի է. հայ-ռուսական «դարավոր բարեկամություն» ու «ռազմավարական դաշնակից» արտահայտությունները որեւէ առնչություն չունեն այսօրվա իրողությունների հետ, դրանք անհամատեղելի արտահայտություններ են այսօրվա Պուտինյան Ռուսաստանի պարագայում:

ԷԴԻՏԱ ԴԱՎԹՅԱՆ



ՄԵՌՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ 

Տրանսպորտի չկայացած թանկացումը, Եվրոպա-Եվրասիա կեղծ այլընտրանքը եւ այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը: Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար՝ գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ: Բայց Աբգարը չեկավ, եւ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լեւոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաեւին կամ Քարիմովին:

Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ: Եթե Աբգարը գար եւ սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի: Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնեւյան կառույց է՝ ֆորմալ միջոցառումներով եւ հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը: Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր: Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը: Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում եւ այլ նպատակներով եւ բարեփոխման ենթակա չեն: Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽՍՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն եւ հերոսական բնույթը» (1934): «Գրողների միությունը մասնակցում է հանուն կոմունիզմի կառուցման, սոցիալական առաջընթացի, խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության պայքարին» (1971):

Այսպիսով, ըստ էության, գոյություն ուներ գրականության (երաժշտության, նկարչության) նախարարություն, որը կոչված էր ծառայել որոշակի նպատակների: Մի կողմ թողնենք՝ այդ նպատակները իրակա՞ն էին, թե՞ պատրանքային, եւ ինչպես էին արվեստագետները փորձում խորամանկորեն շրջանցել դրանք: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն հիմա ստեղծագործական միությունները՝ որ դրանց առաջին դեմքերն իրենց շրջապատի հետ մեկտեղ ապահո՞վ ապրեն, որ գրողները տարին մի քանի օր գնան Ծաղկաձոր՝ հանգստանալո՞ւ, որ մի քանի թոշակառու նպա՞ստ ստանան: Դրանք մանր նպատակներ են, եւ հանուն դրանց գրողների միություն պետք չէ պահել: Գրքե՞ր հրատարակել: Բայց ո՞վ է տալիս դրանց փողը՝ պետությո՞ւնը, հովանավորնե՞րը: Թող լինի հեղինակավոր փորձագետների խումբ, որը նույն պետությանը կամ նույն հովանավորներին կասի՝ այս գիրքն արժե տպել, իսկ այս մեկը՝ ոչ: Դրա համար էլ ստեղծագործական միության անհրաժեշտությունը չկա: Իսկ ընդհանրապես գրականությունը, արվեստը անհատական գործ է: Գրողը գլուխը կախ գրում է, չգրողը դատողություններ է անում «գրականության դերի եւ նշանակության» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 




ՄԵՐ ՁԵՎՆ ՈՒ ՄԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սիզիփոսի առասպելականն ու բրոունյանը եկել, հատվել են մեր տարածքներում որպես բնափիլիսոփայական անքակտելի դիալեկտիկա:
Զարգացող աշխարհը փոփոխվող ձևի և բովանդակության սահմանագծին է ապրում: Հանրությունները, որոնք միայն ձևի կամ միայն բովանդակության դաշտում են, պահպանողական են և զուրկ իմունիտետից՝ ներքին պարզունակացման, դաժանության ու այլասերման հանդեպ:

Մենք, հայերս, ձևի դաշտում ենք ամեն օր ու ամեն ժամ, և ապրում ենք ձևի համար, ձևի մեջ և ձևականով: ԵՎ հենց ձևի գերակայությունն է, որ բերել է կործանարար հանրային, ու դրանից ածանցված պետական բազմանիստ թուլությունների:
Ձևն ու բովանդակությունը դիալեկտիկական կապի մեջ են: Դրանք երկուսն էլ կարող են սկզբնավորել միմյանց:

Ձևից սկզբնավորված բովանդակությունը որպես կանոն, զուրկ է լինում էությունից և իրենից ներկայացնում է տիրող ձևական ավանդույթների սպասարկման պրոցես:
Մենք սովորում, կրթվում, աշխատում, մաքառում ու ապրում ենք ոչ որպեսզի բարձր նպատակների ու արդյունքների հասնենք, այլ ապահովենք մեր ավանդույթային ձևերը՝ կնունք, ծնունդ, հարսանիք, թաղումի ծիսականը և շրջապատում, մյուսների համեմատ որոշակի նյութական գերակա դիրքը:

Սովետական հին անընդունելի ձևերին եկան լրացնելու վարք ու կարգի մեր ստեղծած նոր ձևերը՝ ամենաթողությունը, մակերեսայնությունը, անպատկառ, լկտի ու տգետ զոռբայությունը:

Մենք 91-ից ենք իմիտացիաների՝ տնազների մեջ: Մենք դրսից ներմուծեցինք միայն ձևեր, առանց համապատասխան բովանդակումների:

Պետություն՝ առանց պետականության, նախագահ՝ առանց նախագահության գիտակցության ու պատասխանատվության, իշխանություն, նախարարություններ ու պաշտոններ՝ առանց ֆունկցիոնալության, մտավորականություն՝ առանց մտավորականի, դատարան՝ առանց չափանիշերին համապատասխանող դատավորի ու օրենքների, կուսակցություներ՝ առանց կուսակցական միջավայրի, հայրենասեր՝ առանց ներկա հայրենիքի խնդիրների պատկերացման, քաղաքացի՝ առանց քաղաքացիականության:
Արդյունքում չունենք  ոչ նորմալ պետություն, ոչ իրական հայրենիք, ոչ սկզբունք, ոչ էլ հույս ու սպասելիք՝ նույնիսկ ինքներս մեզանից:

Ձևերի ձևը դա "պատշաճ", բարեկիրթ լեզուն է, որը «լրջություն» է տալիս անլուրջին ու մնացած տիրապետող ձևերին: Նույնիսկ ամենասրիկա ու հանցագործ տկարամիտը, որը  տառաճանաչ էլ չէ, առաջինը, որ դիմացինին նախազգուշացնում է՝ «կարգին խոսիր»-ն է:
Այս պարզ հնարքով այդ տգետը սահմանափակում է դիմացինի արտահայտվելու, իր իրական կարծիքը հայտնելու իրավունքը և հարմարեցնում խաղն իրեն:

Պետական իշխանականի վերին օղակների հասած անհատներն արդեն չեն էլ խոսում: Նրանց լեզուն օգնականների գրած- տված թղթի կտորն է, որը չի էլ կարդացվում, այլ ուղղակի գրավոր մատուցվում է հանրությանը, որպես վերին խոսք- ուղերձ: Արդեն գրավոր կեղծիքներից ենք ռեալ իրականություն ստեղծել և ծածկել մեզ դրանցով:

Ընտրություներ՝ միայն թղթի վրա, հաշվետվություններ-միայն թղթի վրա, արդյունքեր՝ միայն թղթի վրա, մարդահամար՝ թղթի վրա, դատարան՝ միայն թղթի վրա, տնտեսություն, քաղականություն ու ներհանրային հարաբերություններ՝ միայն թղթի վրա:
Եւ իրապես պատշաճ լեզվի կրողներն էլ մեկուսացած են այս գողական իրականությունից, ներառյալ նաև ընդդիմության դաշտում՝ տեղը զիջելով  համառներին, ու գործը վազվզոցի հետ շփոթածներին:

Նայեցի Մաշտոցի պուրակի երիտասարդական ակտիվի և Հանրային խորհրդի համատեղ քննարկումը:

Նախապես հայտնի էր չէ՞, որ հաջորդ օրը կայանալու է նման  քննարկում: Որ ամեն ոք, ով ասելիք ուներ, կարող էր գալ ու մասնակցել, իր ծանրակշիռ, հիմնավորված, փաստարկված խոսքն ասել: Բացառությամբ Վահան Քերոբյանի պոզիտիվ ելույթի, ոչ մեկի մտքով չէր անցել, որ  պետք է նախապես պատրաստվել, առաջարկներ անել, հիմնավորել, թե ինչը, ոնց ու ինչ ձևերով:

Ոչ մեկը չքննարկեց նորմալ քաղաքների տրանսպորտային մոդելներն ու հանրային խորհրդին չառաջարկեց, թե սա է ներկա աշխարհի տրանսպորտը, պատրա՞ստ եք Երևանի համար սրա նման մի ծրագրի համար կռիվ տալու:

Եթե այո, ապա խոսենք համագործակցության ֆորմատների մասին, եթե ոչ, ապա մենք այսպես ու այսպես, իսկ դուք՝ ոնց կուզեք: Ոչ մեկը չանդրադարձավ երևանյան տրանսպորտային ներքին էությանը, մանրամասներին, տերերին ու դրանց տանիքներին ու չառաջարկեց մեխանիզմներ՝ նաև հանրային խորհրդն օգտագործելու, կոնկրետ այդ տերերից ու դրվածքներից դուրս գալու համար:

Չընդհանրացվեց ու չասվեց,  որ հարգելի հանրային խորհուրդ, ինչու այ էսքան տարրական բաները մինչև հիմա չեք նկատել, քննարկել, վեր հանել ու հանրությանը մատուցել: Բայց փոխարենը տեսանք ծով-մուննաթ, մակերեսային խառնահավաք, որը ցուցադրեց ներկա քաղաքացիական ու մասնագիտական պոտենցիալների անընդունելի որակը:
Երևակվեց հիմնական տիրող ձևը՝ անբովանդակ բողոքն ու անկարողությունը հարցերը խորությամբ տեսնելու, ձևակերպելու ու մեկնաբանելու: Ժողովի ավարտն էլ ավելի անվայել էր ու վանող:

Ակտիվիստը որոշեց, որ բռնակալ է ու իրավունք ունի արգելելու մյուսներին մասնավոր խոսակցություններ վարելու:

Իհարկե, եթե երկրում կեղծիքը որպես ձև ու բովանդակություն պատել է ամեն ինչ, ներառյալ լուսավորն ու մութը, ճիշտն ու սխալը, բարին ու չարը, խոսքի իրավունքն էլ օլիգարխիկ տականքինն է մի կողմից, և մոտ ապագայում էլ երևի ընդդիմադիր կարճատեսինը կլինի՝ մյուս կողմից:

Ամեն պետություն գոյության իր ուրույն ֆորմուլան ունի: Մերն էլ երևի շարունակական բառադիություն է:

Հայաստանը դուրս է 21-դ դարի տրամաբանություններից, դրա համար էլ մեզ ոչ ժամանակակից ձև է պետք, ոչ էլ բովանդակություն: Բավարար են մի քանի օլիգարխն ու դրանց դեմ ջրով ողողված գազոնին նստած մի քանի ջահելը: Դիմացինին քո իրական կարծիքն ասելը ներկա արևմտյան աշխարհի ձեռքբերումներից է:

Մենք սովոր ենք այլ արժեքայինի՝ թե «ուղիղ խոսքը միայն էշին են ասում»: Եւ հենց դրա արդյունքում մեզանում ուղիղ, ծանրակշիռ, փաստարկված, խնամքով կերտված խոսքն իր տեղը զիջել է ներկա մուղամին, քծնանքին, ստորաքարշությանը, ախպերական թոթովանքին  ու հայոց համազգային ամենակուլ կեղծիքին:
Տարիքավորներիս մոտ մեծամիտ տկարամտությունն է, ջահելների մոտ էլ՝ մեծամիտ տգիտությունը:

Մենք՝ հայերս, ներկայում չունենք սեփական սխալները վեր հանելու մեխանիզմներ ու անհատներ, այդ գործն առաջ տանելու: Նույնիսկ մարդիկ, որոնք անարգվեցին, չհամարձակվեցին ձայն հանելու, հակառակն ապացուցելու կամ արդարանալու:
Ես չգիտեմ ներկա մթնոլորտից ձերբազատվելու այլ ձև, քան առավելության հասած այլ ազգերի ու հանրությունների օրինակներին հետևելը: Եւ դա անելու առաջին նախապայմանը ինքնապահանջկոտությունն է՝ սկսած լեզվից, ասելիքի որակից ու վերջացրած պատշաճ ձևն ու պատվաբեր բովանդակությունը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
lragir.am





ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԵՎ «ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱ՛Ն»

Նույնիսկ երեխաներին հայտնի հասարակ մի ճշմարտություն կա. երբ պետք է կառուցել նոր տուն, հիմնահատակ չեն քանդում հինն ու ապրում փողոցում, մինչ կառուցումը։ Բայց արի ու տես, որ դա չի գործել մեր պետության անկախացման առաջին իսկ օրից ու չի գործում այսօր։
Անկախությունից անմիջապես հետո, երբ խզվեցին տնտեսական ու քաղաքական կապերը նախկին պետության երկրների հետ ու դրան գումարվեցին արդեն եղած երկրաշարժի, այնուհետև պատերազմի հետևանքները, երկիրը բոլոր առումներով հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, այդ ժամանակ ամիսներ շարունակ կառավարությունը գերխնդիր էր դարձրել քաղաքների, փողոցների, գյուղերի ու ավանների անվանումների փոխումը, արձանների հեռացումը, բուհերի ու դպրոցների անուններից Խորհրդային Միության հայտնիների անունները հանելը, կինոթատրոններն ու հրապարակները անվանափոխելը։ Ճիշտ այսպես. «Նավը խորտակվում է, իսկ անձնակազմը, նստած, նրա ներքին ձևավորման վրա է աշխատում»։ Խորհրդարանը, բան ու գործ թողած, ամիսներով «նստած էր անունների վրա»։

Շառլ Ազնավուրը իր վերջերս տված հայտնի հարցազրույցում, անդրադառնալով ցեղասպանություն բառին, ասել է. «Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են»։ Ձևական կողմը գերխնդիր դարձրած մեր ղեկավարությունն, ավաղ, սկզբից ի վեր միայն զբաղված է քանդելով հինն ու նորը չկառուցելով։ Քանդում է, քանի որ դա կոմունիստական սխալ բարքերի մնացուկ է, չի կառուցում, քանի որ ունի լուրջ «արդարացում». երկիրն աղքատ վիճակում է, բյուջեում գումարներ չկան։ Ցավոք, մեր դարերով եկած քաղաքակրթությունն ու շինարար ազգ լինելը լոզունգ դարձրած մեր երկրի մանուկն անգամ մեծանում է այդ գիտակցությամբ. պարծենալ ծագումով, քարկոծել և քանդել հինն ու ոչինչ չկառուցել։

Այսօր հերթը հասել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Չէ, ինչո՞ւ այսօր, նրա գլխին սուրը կախվեց անկախացման հենց առաջին տարիներից սկսած արդեն, երբ մի հրամանով ակադեմիկոս դարձան բոլոր թղթակից անդամներն, ու հետո էլ կազմը կրկնապատկվեց։ Գուցե չգիտակցվե՞ց, թե դեպի ուր է տանում այդ քաղաքականությունը։ Ո՛չ, շա՜տ լավ գիտակցվեց... դա ափերից հանեց պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին։ Նա սկզբում անզիջում պայքարեց՝ ասելով՝ դուք գիտակցված փչացնում եք ակադեմիան, այնուհետև դիմում գրեց՝ հրաժարվելով պրեզիդենտությունից ու ակադեմիկոսի կոչումից։
Արժանավորների կողքին բարձր կոչումներով հայտնվեց միջակությունն ու դարձավ հետագայի համար հարմար փաստարկ՝ մատնացույց անելու «ակադեմիական ոչինչ չանող ծերակույտին» ու հնարավորություն ստանալ քանդելու կառույցն ու տիրանալու գիտահետազոտական ինստիտուտներին կամ ավելի ճիշտ՝ ինստիտուտների համալիր շինություններին ու հողերին։

Ինչպես որ դարեր շարունակ  եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերն են եղել ամենալավ դիրքում ու ամենագեղեցիկ վայրում, խորհրդային աթեիստական իշխանությունն այս անգամ կրթության տաճարների ճարտարապետական տեսքին ու վայրին էր մեծ կարևորություն տվել։ Ավաղ, այդ քաղաքականությունն էլ պատճառ է դարձել, որ այսօրվա օլիգարխները դրանց դիտեն՝ որպես հարմար «օբյեկտացուների» ու ջանք ու փող չխնայեն՝ տիրանալու։ Այստեղ արժե հիշել, որ «Հեղափոխությունը հորինում են երազողները, կատարում են ֆանատիկոսները, իսկ պտուղները վայելում են սրիկաները»։

Ընդունելով հանդերձ Խորհրդային պետության հանցագործ կողմերը, իրավունք չունենք չխոստովանելու, որ նա՝ Հայրենականից հետո ոտքի կանգնելու ճանապարհը գիտությանը զարկ տալու մեջ տեսավ։ Գաղտնիք չէ, թե ինչ անխնա ձերբակալությունների ու կոտորածի ենթարկվեց ինտելիգենցիան խորհրդային կարգերի հաղթանակից հետո։ Դրա ավելի ահավոր փուլը հայտնի 1937 թիվն էր։ Երկրորդ համաշխարհայինի նախօրեին համատարած ձերբակալման, աքսորի ու մահապատժի էր ենթարկվում երկրի գաղափարական սերուցքը։
Կա մի հայտնի պատմություն. Պ.Լ. Կապիցան, օգտվելով իր՝ քաղաքացիական անկախ կարգավիճակից, նամակ գրեց Ստալինին, ասելով, որ պետք է ազատ արձակել Լանդաուին և այլ հայտնի գիտնականների։ Այդ չլսված համարձակությունը պատճառ եղավ, որ նրան հրավիրեն Կրեմլ։ Զրույցի ժամանակ, երբ Մոլոտովը բազմիմաստ հարց տրեց նրան՝ Դուք գիտե՞ք, թե այստեղից ուր կարող եք գնալ։ Նա հանդուգն պատասխանեց՝ իհարկե գիտեմ՝ տուն, հարցին, թե ինչո՞ւ է այդպես համոզված, նա պատասխանեց՝ շուտով երկիրը կմտնի պատերազմի մեջ, ու ձեզ պետք կգան Լանդաուն, մյուս գիտնականները, ե՛ս։ Դուք դա չեք կարող չգիտակցել։

Իհարկե, նրանք գիտակցում էին ու ավելի խորը գիտակցեցին պատերազմի հենց առաջին թափից, երբ կորցրին համարյա ամբողջ ռազմական ռեզերվը։ Իհարկե, Ստալինն ու Բերիան բարությունից չէր, որ անմիջապես բանտերից ու աքսորավայրերից ազատեցին բոլոր Լանդաուի ու Կորոլյովի նման մարդկանց և նույնիսկ շտապ հրամաններով հետ բերվեցին նրանք անգամ, ովքեր գնդակահարության էին դատապարտված։

Գիտնականները ոչ միայն անցան ստեղծագործ աշխատանքի, այլև նրանց համար ստեղծվեցին ամենալավ պայմանները։ Գիտության դոկտորի աշխատավարձը սահմանվեց ավելի բարձր, քան ստանում էր նախարարը։ Դե իհարկե բարությունն ու գիտնականի հանդեպ ունեցած հարգանքը չէր պատճառը, այլ գիտակցությունը, թե ուր է հասցրել գիտության անտեսումը։ Հաղթանակի և հետպատերազմական երկիրը ոտքի հանելու գրավականներից էր դա ու համաշխարհային գերտերություն դառնալու կարևորագույն գրավականը։
Եվ հենց Ստալինգրադյան դաժան ճակատամարտի տարում, Կուրսկի ահեղ ճակատամարտին նախապատրաստվելու շրջանում բացվեց Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1943 թ. Նոյեմբերի 10–ին։ Պրեզիդենտ դարձավ հիմնադիրներից մեկը՝ Հովսեփ Օրբելին։ Արագ ստեղծվեց կազմ, որտեղ տեղ գտան առաջին ակադեմիկոսներ Հ. Օրբելին, Վ. Համբարձումյանը, որքան էլ զարմանալի լինի՝ Ավ. Իսահակյանը, Ա. Տերտերյանը և այլոք։ Պատերազմող երկիրը սևեռվեց գիտությունն ու կրթությունը զարգացնելու վրա. բացվեցին բազմաթիվ բուհեր, նոր ֆակուլտետներ, դպրոցներ, որոնցում՝ պարտադիր ուսուցում։ Անձամբ Լավրենտի Բերիայի «ատրճանակի հսկողությամբ» անթերի սկսեց աշխատել կրթության համակարգը, գրվեցին դասագրքեր, բուհերում ու դպրոցներում դասավանդել սկսեցին ամենալավ մասնագետները։

44–ին առաջ քաշվեց հայտնի «Ռուսական ատոմային ծրագիրը» և ստեղծվեց խորհուրդ, որի մեջ էր Աբրահամ Ալիխանովը, ով բացեց Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանն Արագածում ու եղբոր՝ Արտեմ Ալիխանյանի հետ ստեղծեց վերջերս հիմնադրամի վերածված Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երեսուն տարում մեր՝ գիտության ոլորտում աշխարհում վերջին տեղերում գտնվեղ երկիրը դարձավ այդ ոլորտի առաջիններից մեկը։
Մի քանի տարին մեկ բացվում էին նոր ինստիտուտներ։ 70–ականներին մենք ունեինք ԽՍՀՄ–ում գերհզոր և ամբողջ աշխարհում ճանաչված ակադեմիական համակարգ։ Դա հայաստանյան գիտության ոսկե շրջանն էր։ Համբարձումյանը, չթաքցնելով հպարտությունը, հաճախ էր տարբեր առիթներով ասում, որ գիտական արդյունքով Հայաստանը Խորհրդային Միությունում գտնվում է 3–րդ տեղում, բայց բնակչության թվով տասնյակ անգամներ է զիջում 1–ին ու 2–րդ տեղերն զբաղեցնող Ռուսաստանին ու Ուկրաինային, իսկ մեկ գիտնականին ընկնող արտադրանքով գրավում է առաջի՛ն տեղը։ Դա տեղի ունեցավ պետության քաղաքականության արդյունքում։ Աշխարհը տեսավ, որ կա քարտեզի վրա համարյա չերևացող մի փոքրիկ երկիր, որ ունի գիտական հզոր պոտենցիալ։ Բավական է՝ ստեղծել պայմաններ և այն կփայլի ու կարարի և՛ հիմնարար, և՛ կիրառական գիտությունների բնագավառում։

Աշխարհը տեսավ, բայց ավաղ, ոչ մի կերպ չի տեսնում մեր ղեկավարությունը, որը գիտության դոկտորին այսօր տալիս է վարորդից ցածր աշխատավարձ, չի տեսնում, որ՝ ինչ տեմպով հզորացել էր գիտությունը 30 տարում, այսօր նույն տեմպով հետ է գնում. այն ժամանակ ամեն հինգ տարին մեկ բացվում էր նոր ինստիտուտ ու ծաղկում, այսօր ամեն հինգ տարին մեկ քանդվում ու փակվում է ինստիտուտ ու մտնում օլիգարխիա կոչվող գազանի երախը։ Այսօր ԳԱԱ-ն միակ կառույցն է, որի համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտները՝ չունենալով ո՛չ նորմալ ֆինանսավորում, ո՛չ ժամանակակից սարքավորումներ, տալիս են մեծ արդյունք։ Մեր ազգը հպարտանալու մի լուրջ պատճառ ունի, նա գիտությա՛ն ազգ է։ Իսկ մեր նախագահը, երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, հնչեցրեց չտեսնված ու չլսված մի միտք՝ կարծում եք լա՞վ կլինի, որ բոլորը գիտնական դառնան։ (Իմա` չե՛նք թողնելու)։

–Ինտելեկտուալ մեծ պոտենցիալը առիթ է հպարտանալու և ոչ թե անհանգստանալու, հարգելի՛ պարոն նախագահ: Բոլորը գիտնական չեն կարող դառնալ, իսկ նրանց, ովքեր կարող են, իհարկե պետք է թողնեք, ավելին՝ պետք է ստեղծեք բոլոր պայմանները, որպեսզի զարգանա գիտությունը, հետևաբար՝ երկիրը:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ



ՆՐԱՆՔ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՉԵՆ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԻԴԱՅԻՆԵՐ

ՀԱՀԳԲ-ն(ԱՍԱԼԱ) տեղծվել է 1975-ին՝ նպատակ ունենալով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին՝ ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում՝ նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կազմակերպությունների անզորության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։

 1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։

1980-ական թթ. սկզբներին իսրայելական բանակի՝ Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ-ն կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։
1991-ին ՀԱՀԳԲ-ն հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ 1991-ից միայն հայերեն՝ «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը1982թ. օգոստոսի 7-ին ժամը 3-ին մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը:
Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

Լևոն Էքմեկչյանը կախաղան հանվեց թուրքիայում...
Այդ օրը նշվում է որպես ՀԱՀԳԲ նահատակների օր:
Այդ օրվանից սկսած ամեն տարի «Ուխտ Արարատի» հասարակական կազմակերպությունը Եռաբլուր պանթեոնում, նահատակների հուշակոթողի մոտ ոգեկոչման միջոցառում է կազմակերպում՝ ի հիշատակ նահատակ տղաների ու հայորդիների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Վան գործողության» հրամանատար, «ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ» կազմակերպության խորհրդի անդամ Վազգեն Սիսլյանը: Նա հակիրճ բոլորին ներկայացրեց հավաքույթի բուն նպատակը՝ հույս հայտնելով, որ դեռևս պայքարը շարունակվում է, ու շարունակվելու է այնքան, մինչև Հայաստանը վերջնականապես չազատագրվի թուրք յաթաղանից:

Հայրենասիրության ու ԱՍԱԼԱ-ի անցած ուղու մասին խոսեց բանակի կարկառուն ներկայացուցիչներից Ալեք Ենիգոմշյանը:
Վերջում բոլոր ներկաները շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի շիրիմը, որտեղ պատմաբան Գևորգ Յազըճյանը խոսեց նրա սխրանքների ու քաջագործությունների մասին:
Այսպիսով՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, հավերժ փառք մեր նահատակ տղաներին:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ




ՆՎԻՐՅԱԼԸ. ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ…

Հայաստանում երբ ասվում է՝ մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին՝ որպես հավասար մեծություն, դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։ Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝  իսկակա՛ն գիտնական. մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է աստղերին ու իր բնավորությամբ ու ապրելակերպով եղել ո՛չ երկրային։ Ցավալիորեն, Բյուրականի կոլեկտիվն այսօր աչքի չի ընկնում իր համախմբվածությամբ ու փոխադարձ հարգանքի դրսևորումներով, բայց կան անուններ, որոնք անվիճելի հեղինակություն են բոլորի՛ համար։ Ահա, նրանց մեջ՝ Մարգարյան–աստղագետը։ Տասնհինգ տարի շարունակ Հյուսիսային երկինքը մանրակրկիտ նկարահանած ու հետազոտած մարդու համար խորթ են եղել երկրային ճղճիմությունները, փառամոլությունը, չարախոսություններն ու չկամությունը։ Նա իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող են մեծագույն արժանիքները հակադարձ համեմատական լինել ծայրահեղ համեստությանը։ Աստղագետների խորին համոզմամբ՝ նվիրյա՛լ, այն քչերից, որոնց կարելի է բնութագրել հենց այս բառով։

Ավաղ, հայրենի երկրում քչերին է ծանոթ Մարգարյանի անունը։ Իսկ նա, ով անգամ լսել է, արդյո՞ք տեղյակ է նրա գործունեությունից։ Ի վերջո, ի՞նչն է նրա անունը դրել գիտության համաշխարհային մեծությունների կողքին։ Սկսենք նրանից, որ Մարգարյանի աշխատանքները այսօր էլ հանդիսանում են շատ գիտական հայտնագործությունների հիմքը։ Ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանն անկեղծորեն ասել է՝ ես այն չէի լինի, ինչ եմ այսօր, ես՝ ճանաչված լինելուս համար մասամբ պարտական եմ Բենիամին Մարգարյանին։

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ, Բենիամին Մարգարյանը կատարեց աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, այսինքն՝ նա մաս–մաս նկարահանեց ամբողջ երկինքը։ Դա տևեց տասնհինք տարի։ Արդյունքում, հնարավոր եղավ նկատել մեծ թվով թույլ գալակտիկաներ, ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե նկատել, այլ եզրակացնել, որ երկնագույն շերտերը գալակտիկաներ են։ Դրա համար այն պետք էր ուսումնասիրել ավելի հզոր աստղադիտակով։ Եվ ահա այստեղ էր, որ Համբարձումյանն այդ նպատակով ԱՄՆ ուղարկեց Բյուրականից ներկայացուցիչ, որն էլ Վիդմանի հետ կատարեց հանձնարարությունը՝ հաստատելով Մարգարյանի ենթադրությունը։ Համբարձումյանն իր հուշերում գրում է. «Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»։

Իհարկե, իդեալական արդյունք ստանալու համար երկիրը գիտնականի աշխատելու համար պիտի ստեղծի գոնե բավարար պայմաններ։ Այսօր մեր գիտնականի համար չկան այդ պայմանները։ Ճիշտ է՝ արտասահմանյան ուղևորությունները հեշտացել են, բայց ֆինանսավորման խնդրով, բան ու գործ թողած, գիտնականն ինքը պիտի զբաղվի։ Հիմա «ուղեղների արտահոսք» արտահայտությունը միջանցիկ քամու պես անցնում է մեր ղեկավարների կողքով՝ չգործելով ոչ մի ազդեցություն նրանց վրա, հիմա գիտնական ու գիտությունը պետության կողմից մատնված են խորը անտարբերության։ Սովետների երկրում ճշգրիտ հակառակ ծայրահեղությունն էր, այնտեղ գործում էր վախը, որ իր գիտնականը կարող էր լքել երկիրն ու իր գիտական միտքը ծառայեցնել օտար երկրին։ Կարծիքներ կան, որ Մարգարյանի հետազոտությունները կարող էին ավելի խորը և համակողմանի լինել, եթե նա արտասահմանյան գործուղումների կամ արտասահմանյան որևէ առաջատար գիտական կենտրոնում աշխատելու հնարավորություն ունենար: Գուցե իրոք մենք ունենայինք ավելին, քան ունենք այսօր, բայց եղածն էլ մեծ է՝ ճանաչելու, գնահատելու, հպարտանալու Մարգարյան–աստղագետով։

Վերջին տարիներին Մարգարյանի աշխատանքների ուղղությամբ կատարված կարևորագույն գործերից է նրա շրջահայությունը թվայնացնելը, և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է։ Դա Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: «Այդ աշխատանքն ինձնից պահանջեց երեք տարուց ավել՝ 2002–2005թթ.։ Ես գոհ եմ, որ կատարեցի այդ գործը, ու այն հնարավորություն ստացավ ընդգրկվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում։ Բացի այդ, ինձ համար հաճելի էր այն գիտակցությունը, որ ես մասնակցություն եմ ունենում մի գործի, որը կատարել էր մեծ աստղագետը»,– ասում է Արեգ Միքայելյանը։ Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մարգարյանի շրջահայությունը թվով 2–րդ էր Հայաստանից, որ գրանցվեց «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը գործում է` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով:

Իսահակյանն ասում է. «Ժամանակն իր վախճանին կհասնի, և Արևը մի բուռ մոխիր կդառնա...», արդյո՞ք տեղի կունենա վարպետի՝ բանաստեղծական այս «կանխատեսումը», կդժվարանան ասել նույնիսկ աստղագետները, բայց դեռևս տիեզերքում մեր մոլորակը խաղաղորեն իր հերթական պտույտն է գործում, ու նրանում էլի կան հրաշքներ. Բյուրականում էլի աստղազարդ գիշերներին սարերի վրա են «թափվում» ընկնող աստղերը, մարդիկ էլի փորձում են երազանք պահել՝ հավատով, որ այդ ակնթարթում պահածը կկատարվի։ Եղևնիներն էլի շշնջում են ու աստղերի հետ ժպտում մարդկանց միամիտ մտքերի վրա։ Աստղերն էլի շարունակում են պտտվել գալակտիկաների կենտրոնների շուրջ՝ աստղագետներին «ստիպելով» աստղադիտակներն ուղղել դեպի իրենց։ Մարգարյանն աստղ է։ Վիդմանը հայտնի գիտնական է դարձել, Խաչիկյանը՝ ակադեմիկոս, Վիդմանի հետ կապերը շարունակվում են:

Աշնան օրերին եղևնիներից թափվում են կոները՝ Բյուրականի ծառուղիների ու նախամուտքի քայքայված սալահատակներին։ Բյուրականն իր ներքին կահավորումով ու դարն ապրած սարքավորումներով հիշեցնում է տուն–թանգարան, որտեղ ոչինչ չի փոխվում՝ չխախտելու համար հիշողությունը։ Այո՛, այնտեղ, ինչպես թանգարանում, պահվում է երբեմնի փառքի հիշողությունը, հիշողություն, որ պտտվում է անցած, բայց հավերժ ապրող  անունների շուրջը։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ



ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐ ՀԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը։ 
Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին՝ ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու համալսարանում սովորելը համատեղելով՝ տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել։ 

Ինչ խոսք, արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից շատերն են գիտության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենում, բայց քչերն են, որ համագործակցության եզրեր են փնտրում ու գտնում հայաստանյան գիտնականների հետ՝ հազար ու մի ձևով օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկությամբ։ Տարիներ առաջ Ֆրանսիայի Մեցի համալսարանի Մոլեկուլային բախումների ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը նախաձեռնեց գիտական համագործակցություն ՀՀ ԳԱԱ Ճարատարգիտական կենտրոնի (ներկայում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի կազմում) տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ։ Համագործակցությունն արդյունավետ էր, մի շարք համատեղ գիտական դրամաշնորհներ ստացվեցին և հաջողությամբ իրականացվեցին, կատարվեցին զգալի թվով համատեղ աշխատանքներ, որոնք տպագրվեցին ֆիզիկայի ոլորտի առաջատար միջազգային ամսագրերում։

2005 թվականին պրոֆեսոր Ջուլհակյանն առաջին անգամ այցելեց Հայաստան՝ մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի «Լազերային ֆիզիկա» գիտաժողովի աշխատանքներին։  Այցի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ՝ պրոֆեսոր Ժոսլան Հանսսենի հետ միասին մի շարք հանդիպումներ ունեցավ հայաստանյան կոլեգաների ու պետական պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ ու ակտիվ քննարկումներ եղան Ակադեմիայի նախագահի ու նախագահության անդամների, Կրթության և Գիտության նախարարի ու փուխնախարների հետ, ԵՊՀ-ի ռեկտորի հետ, Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանության՝ գիտատեխնիկական համագործակցության գծով կցորդի հետ։ Արդյունքում ձեռք բերվեցին տարատեսակ պայմանավորվածություններ ու կնքվեցին մի քանի համաձայնագրեր։ Դրանցից թերևս կարելի է առանձնացնել համատեղ ղեկավարությամբ ասպիրանտների պատրաստման մեխանիզմով երիտասարդ գիտական կադրերի պատրաստման եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԿԳՆ-ի ու Մեցի համալսարանի միջև։ Համագործակցույթան այս ձևը հետագայում թափ առավ, ընդլայնվեց և սկսեց լայնորեն կիրառվել։ Այսօր այս եղանակով արդեն բազմաթիվ բարձրակարգ կադրեր են պատրաստվել և ներկա դրությամբ կան նոր ասպիրանտներ։

Պետրոս Ջուլհակյանի երկրորդ այցելությունը Հայաստան տեղի ունեցավ այս հոկտեմբերին։ Կրկին՝ մասնակցություն «Լազերային ֆիզիկա» ամենամյա գիտաժողովի աշխատանքներին և հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ևս մեկ ասպիրանտի՝ Հրայր Ազիզբեկյանի թեկնածուական ատանախոսության պաշպանություն։ Բացի այդ, պրոֆեսոր Ջուլհակյանը պետական մանկավարժական համալսարանում հանդես եկավ սեմինարով: Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանի բնորոշմամբ՝ «Պետրոս Ջուլհակյանի ներկայացրած թեման նորույթ է մեզ համար. Հայաստանում այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն տարվում, սակայն վստահեցնում եմ, որ նրա ուսումնասիրությունները հետագայում կունենան գիտական լայն կիրառություն պլազմային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆրանսիայի Լորանի համալսարանների միջև նախատեսված է կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականեցվեն դասախոսների, ուսանողների, ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև՝ համատեղ գիտական աշխատանքներ: Պետրոս Ջուլհակյանը ընդունել է «Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի» առաջարկը՝ մեկ ամիս դասախոսություններով հանդես գալ Մանկավարժական համալսարանում:

Բացի բուն գիտական արդյունքների ներկայացումը, սեմինարն առիթ հանդիսացավ համադրելու գիտության ու կրթության կազմակերպման մոտեցումները Հայաստանում և Ֆրանսիայում։ Նա ներկայացրեց Լորանի համալսարանում մանկավարժների պատրաստման համակարգը, ինչն, ի դեպ, խիստ տարբերվում է հայկականից, ապա անդրադարձավ գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության առանձնահատկություններին, գիտական աշխատանքների կազմակերպման և գիտության ֆինանսավորման ձեռքբերման ընթացքին։ Տարբերություններն այստեղ հսկայական են։

Հայաստանում գիտության հանդեպ իշխանությունների, մեղմ ասած, ոչ այնքան սրտացավ վերաբերմունքն ու որպես դրա ապացույց՝ ֆինանսավորման անհավանական չնչինության չափը զարմացրել ու դառնացրել էր պրոֆեսորին։ Ուշագրավ է այն, որ նա, լինելով չափազանց զուսպ՝ նման թեմաների շուրջ տեսակետ բարձրաձայնելու մեջ, այնուամենայնիվ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում թողել է հետևյալ խոսուն մեկնաբանությունը՝ 
«Թերեւս շատեր անպատշաճ եւ յաւակնոտ նկատեն իմ այս մասնակցութիւնը իբր սփիւռքահայ բնագիտութեան գիտաշխատող եւ դասախօս, այս օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող շարժումին, որ ահազանգ կը հնչեցնէ Հայաստանի պետական կեցուացքին դէմ, որ երկրորդական հարց կը նկատէ գիտութիւններու պահպանումն ու զարգացումը, եւ կոյր է Հայաստանի գիտութէան սպառնացող վտանքին հանդէպ:

Անշուշտ, իմ գիտական մասնագիտութեան սահմաններէն դուրս են երկրի մը գիտական ծրագիրը եւ գիտական քաղաքականութեան հարցը: Ես մակերեսային չափով ծանօթ եմ Հայաստանի իրավիճակին, սակայն ինչ որ կը լսեմ եւ կը տեսնեմ իմ յարաբերութիւններու ընթացքին Հայաստանի գիտաշխատողներուն հետ, զիս կը մղեն արտայայտուելու այս էջերուն վրան: Ես կը կարծեմ, որ իմ պարտականութիւնն է չլռել եւ իմ աղի հատիկը աւելցնել այս շարժումին:

Ինչպէ՞ս կարելի է լռել
-տեսնելով իմ հայաստանցի գիտական գործակիցներու հերոսական (այո հերոսական) ջանքերը ողջ պահելու համար Հայաստանի գիտական մակարդակը:

Ինչպէ՞ս կարելի է լռել
- տեսնելով, որ ոչ մէկ կարելիութիւն կը տրուի երիտասարդ post-doc-ներուն վերադարձին:

Ինչպէ՞ս կարելի է լռել
- երբ գիտաշխատողները կը վերածուին անգործներու:

Ամէն աշխատանք արժանի է վարձատրանքի: Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի գիտաշխատողները չունենան պատշաճ եկամուտ, որ իրենց զերծ պահէ նիւթական մտահոգութիւններէն, որպէսզի կարենան նուիրուիլ ամբողջովին իրենց աշխատանքին:
Ես պիտի չթուեմ բոլոր դժուարութիւնները եւ Հայաստանի հարցերը այս առնչութեամբ: Այդ մասին կը գրեն ինձմէ աւելի տեղեակ աշխատակիցներ, որոնք կ’առաջարկեն նաեւ լուծումներ: Ես կը հաւատամ, որ միջոցները կան Հայաստանի մէջ դժուարութիւնները յաղթահարելու: Կը պակսի քաղաքական կամեցողութիւնը:    Պէտք է ուրեմն սթափեցնել պատասխանատուներուն կամեցողութիւնը»:

Արդյո՞ք երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուներն ունեն կամեցողություն՝ լսելու հարգարժան պրոֆեսորի և հայկական գիտական հանրության ձայնը, ունե՞ն ունակություն՝ կատարելու համապատասխան հետևություններ, և արդյո՞ք ունեն ցանկություն՝ երկիրն ինտելեկտուալ աղետի չհասցնելու,  այլ գործելու, շտկելու վիճակն ու ապահովելու երկրի զարգացումը՝ հենվելով գիտության արդյունքների վրա, զարգացնելով երկրի ինտելեկտուալ պոտենցիալն, ու գիտատար ու գիտելիքահենք տնտեսություն ստեղծելով։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան



ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է։ Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով։ Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը։ Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ։

Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը։ Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել։ 

Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ։ Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել։ Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է։ Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից։ Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...

Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.

- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...

Եվ սկսվե՜ց։ Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.

- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը։

- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ։- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը։ Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...

- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք։

- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է։ Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը։- Մահը նրա համար փրկություն էր։ Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց։

- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել... 

«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը։ «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել։ Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն։

- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը։ 
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր։ Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...

Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը։ Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է։ Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց։ Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.

- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել։ Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի։ Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը։ Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...

Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց. 

«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել, 
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին, 
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես, 
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան։ 

Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել։ Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար։ Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»։

* * *
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա։ Որտե՞ղ է այն։ Ձեր մեջ։ Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու և փոխանցվելու է նոր սերունդների։

Բյուրոկրատիան անմա՞հ է։ Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
2009 թ.


ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում։



ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր: Մեծերի մասին հուշեր են գրում նաև նրանք, ովքեր վերջիններիս կոշիկի քուղն անգամ չեն տեսել...

Комментариев нет:

Отправить комментарий