24.12.12

N 11-12 (43-44) (2012)



ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Հաշված օրեր հետո պատմություն կդառնա նաև 2012-ը։ Մի տարի էլ կգումարվի մեզնից յուրաքանչյուրի և մեր պետության կենսագրությանը։ Մեզնից ոմանք երևի թե ավելի շատ շահել են, քան կորցրել այդ տարում։ Շատերը գուցե թե ավելի շատ կորցրել են։ Երրորդներն էլ  շահածի ու կորցրածի նժարների վերուվարումներից փորձում են պարզել, թե դրանցից այնուամենայնիվ որն է ավելի ծանր...

Երևի թե շատ ավելի դժվար է երկրի, պետության շահածի ու կորցրածի ծանրության չափը որոշելը։ Դժվար՝ այն առումով, որ այդտեղ հազիվ թե միասնական կարծիք լինի։ Յուրաքանչյուրը հարցին մոտենալու է իր անձնական, սուբյեկտիվ տեսանկյունից... Սակայն, ամեն դեպքում, 2012-ը մեր պատմությունն է, մեր անցյալը՝ ուրախ թե տխուր, կամ՝ ուրախ և տխուր։ Եվ մենք պարզապես արժանապատվորեն պետք է հրաժեշտ տանք նրան՝ անկախ մեզնից յուրաքանչյուրի հանդեպ նրա բարեհաճությունից. «Մնաս բարով 2012 թիվ»... Ու ասենք հույսով ու լավատեսորեն. «Բարի գալուստ, 2013 թիվ։ Շնորհավոր Նոր տարի»...




ՄԻ՛ ՈՏՆԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օրերս իմ բջջային հեռախոսով այսպիսի հաղորդագրություն ստացա. «Հարգելի բաժանորդ, Ստեփ. քաղաքապետարանը առաջարկում է Ձեզ վճարել գույքի, հողի հարկը և կումունալ վճարները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»։ Հետո պարզեցի, որ նման sms-ներ են ստացել նաև իմ բարեկամներն ու ընկերները։ Հետաքրքիրն այն է, որ ես «գույքի, հողի հարկ և կումունալ վճարներ» կատարելու անհրաժեշտություն չունեմ (Ստեփանակերտում անձնական հողամաս չունեմ, ինչպես նաև իմ անունով կոմունալ որևէ ծառայության հետ կնքված պայմանագիր չկա)։

Նույն տարակուսանքն են հայտնել նաև իմ ընկեր-բարեկամները։ Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքապետարանն իր գործը դյուրացնելու համար դիմել է ՂՏ-ի ստեփանակերտաբնակ բոլոր բաժանորդներին՝ իրար խառնելով թացն ու չորը։ Հարց՝ որքանո՞վ է այս քայլը բարոյական և օրինական։ Արդեն ասացի, որ ես և ինձ նման շատերը նման վճարումներ կատարելու իրավական հիմք չունենք։ Բայց հաստատ կան հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պարտաճանաչ կատարել են այդ վճարումները։ Որքանո՞վ է օրինական այդ մարդկանց այսպիսի տխմար հաղորդագրությամբ անհանգստացնելը (կասեի՝ անտեղի վիրավորելը)։ Այս տխմարության նախադեպն աչքի առաջ ունենալով, ՂՏ-ի բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է սեղմել քաղաքապետարանի ողջ անձնակազմի բնակարանի մուտքի զանգի կոճակը ու հարցնել. «Դրամապանակս գողացել են։ Կարո՞ղ է դուք եք թռցրել...» կամ նման մի բան։

Նույն կերպ «Ղարաբաղ Տելեկոմը» պարբերաբար այս տիպի sms-ներ է ուղարկում իր բաժանորդներին. «Մինչև հունվարի 13-ը կատարեք գնում ՂՏ մասնագիտացված խանութներից և շահեք Netbook+3Mb/s internet /Smartphone+Voske/artsate համար»... Եվ բազմիցս sms-ներ ստանալով, մտածելով, որ մեր բարեկամներից կամ ընկերներից շատ կարևոր հաղորդագրություն է եկել, գործից կտրվելով, բջջայինը բացում ու կարդում ենք նմանօրինակ անհեթեթություններ...

Մի անգամ զանգեցի ՂՏ-ի օպերատորի համարով և խնդրեցի իրենց մոտ նշել, որ այլևս նման աղտեղություններ չուղարկեն ինձ, որովհետև ես ոչ ոսկե կամ արծաթե և ոչ էլ ադամանդե կամ սուտակե համարի  կարիք չունեմ, նման հիմարություններով չեմ հետաքրքրվում... Օպերատորը փորձեց ինձ բացատրել, որ դա հնարավոր չէ, ես ՂՏ-ի բաժանորդն եմ, նման գրություններ ուղարկում են իրենց բոլոր բաժանորդներին... Հասկանալի է, որ դա օպերատորի մակարդակով լուծելի խնդիր չէ։ Պարզապես ՂՏ-ի բազազարտեմյան «էստի համեցեք»-ի ավանդույթներով աշխատող ղեկավարները պետք է հասկանան, որ ՂՏ-ի բաժանորդ լինելը դեռևս չի նշանակում լինել ՂՏ-ի սեփականությունը, որի հետ կարելի է վարվել ուզածի պես։

Ըստ երևույթին, այսօրինակ խեղկատակությունների հիմնական մեղավորը երևի թե մեր ժողովուրդն է, որ հանգիստ հանդուրժում է նման անօրինությունները։ Ցավոք, բազմիցս համոզվել եմ, որ օրինապաշտ իմ հայրենակիցները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար՝ առանց որևէ խտրականության...

Խոստանում եմ առաջիկա համարում իմ հայրենակիցներին ներկայացնել այդ «Հռչակագիրը»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԻ ԲԼՐԻՆ ՆՇԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ամերիկյան Կոնգրեսում հայկական խմբի համանախագահ դեմոկրատ Ֆրենք Փալոունը և հանրապետական Էդ Ռոյսը ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին Կապիտոլիումի բլրին միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 21-րդ տարեդարձին։

Երեկոյի հյուրերի շարքում են եղել ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը, Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգթոնում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ։

ԱՄՆ Կոնգրեսնի Ներկայացուցիչների պալատում Քալիֆորնիայի նահանգը ներկայացնող անդամ Ջեքի Շփեյերը «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է ԼՂՀ անկախության 21-րդ տարեռդարձին նվիրված խորհրդանշական միջոցառումը Կապիտոլիումի բլրի։

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ընդգծել է իր Վաշինգթոն այցի կարևորությունը։
Իրենց ելույթներում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ադամ Շիֆը, Դևիդ Չիչիլինեն, Էլիոթ Էյնջելը, Ջեքի Շփեյերը խոսել են ԼՂ ժողովրդի ազատությունը և անկախությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Այդ դիրքորոշումը բարձրաձայնել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը։

Քալիֆորնիայի նահանգը ներկայացնող Ադամ Շիֆն անհանգստություն է հայտնել, որ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ազատ արձակվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով։
Կոնգրեսականը այդ որոշումն «արդարադատության սխալ կիրառման վառ օրինակ» է համարել։

«Պետք է խոստովանել, որ այն զինվորական օգնությունը, որն ԱՄՆ-ն տրամադրում է Ադրբեջանին, կարելի է ասել, իզուր է անցել»,- հայտարարել է Ադամ Շիֆը։




ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԱԶԴՈՒՄ Է ԳԼԽՈՒՂԵՂԻ ՎՐԱ

Ամերիկացի ֆիզիկոսները նոր մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես է բջջային հեռախոսն ազդում մարդու նյարդային համակարգի վրա։ Բջջային հեռախոսները համեմատաբար թույլ միկրոալիքային ճառագայթի աղբյուր են։
Շատերն անհանգստացած են, որ բջջայինների մշտական օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա։

Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի և Alcatel-Lucent կորպորացիայի Բելայի լաբորատորիայի մասնագետների մշակած մեթոդը թույլ է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատել բջջային ազդեցությունը, նշվում է «Proceedings of the Natio-nal Academy of Sciences» պարբերականում հրապարակված հոդվածում։
Տոմոգրաֆի սեանսի ժամանակ մարդու ուղեղի կամ այլ օրագանների հյուսվածներում ռադիոալիքների ազդեցության ներքո ջրածնի և այլ ատոմների միջուները սկսում են «տատանվել»՝ճառագայթելով կամ կլանելով ռադիոլաիքների որոշակի հաճախականություններ։

Հետևելով այդ ալիքներին, գիտնականները կարող են պարզել, թե ինչպես է միկրոալիքային ճառագայթումն ազդում բջիջների աշխատանքի վրա։ Չնայած բոլոր առավելություններին, տվյալ մեթոդը հնարավոր չէ օգտագործել բջջային հեռախոսի «աշխատանքին» հետևելու համար, քանի որ այն չի կարող գործել հզոր մագնիսականության դաշտի ներսում։

Մասնագետները լուծել են այդ խնդիրը՝ ստեղծելով հատուկ անտենա բջջայինի համար, որը կարող է գործել տոմոգրաֆի ներսում։ Գիտափորձի ժամանակ նրանք ապշել են՝ նկատելով, թե ինչպես է փոխվել ուղեղի ջերմաստիճանը բջջայինի գործելու ժամանակ։
Պարզվել է, ուղեղի ճառագայթվող հատվածի ջերմաստիճանը 4-5 աստիճանով ավելի բարձր է, քան մնացած մասում։
News.am




ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԼՐԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԸ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին լրացավ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 115-ամյակը։ Մեծ հայորդին ծնվել է 1897 թ. դեկտեմբերի 2-ին՝ հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում (Ռուսական կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ նահանգում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում։

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվել է Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։

Երկրորդ աշխարհամարտի մասնակից, հայազգի հերոսը՝ մարշալ Բաղրամյանը, Հայկական բանակի կազմում մասնակցել է նաև 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

Ստեփանակերտում Հովհաննես Բաղրամյանի արձանը գտնվում է համանուն փողոցի սկզբնահատվածում, փողոցի աջ մասում։ Ցավալին այն է, որ սովորական, անշուք քարով պատրաստված նրա արձանի բացում չկայացավ անգամ Հերոսի 100-ամյակին։ Իսկ առավել ցավալին այն է, որ սույն թվականի դեկտեմբերի 2-ին ոչ բանակի և ոչ էլ իշխանությունների կողմից ոչ մի հատիկ ծաղիկ չդրվեց Մեծ հայորդու արձանի պատվանդանին։ Ցավալի է, շատ է ցավալի։

Յ. ՂԱԶԱՐՅԱՆ
կենսաթոշակառու




ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏ. «ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ» ՕՐԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՕՐՆ Է

Նման տեսություններ առաջ են քաշում այն անձինք, ովքեր ոչինչ չեն հասկանում աստղագիտությունից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աստղաֆիզիկոս, Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանը՝ մեկնաբանելով աշխարհի վերջի մասին հնարավոր բոլոր վարկածներն ու տեսությունները և, մասնավորապես, Սերգեյ Ապինի տեսությունը էլեկտրականության վերջի մասին, որը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ երկրի առանցքը տեղաշարժվի։

Ըստ Ապինի տեսության, 2012 թ. նոյեմբերի 11-13 -ը Երկիրը, Լուսինն ու Արեգակը հայտնվել են մի առանցքի վրա, որը նա անվանում է գալակտիկական ճառագայթ, և դա հանգեցնելու է երկրային առանցքի տեղաշարժին։ Արեգ Միքայելյանի խոսքով, Երկիրը, Լուսինն ու Արեգակը մեկ առանցքի վրա հայտնվում են բավականին հաճախ՝ ամեն անգամ, երբ տեղի է ունենում Լուսնի կամ Արեգակի խավարում, այսինքն՝ տարեկան մեկ-երկու անգամ, սակայն դա երկրի առանցքի տեղաշարժի չի հանգեցնում։ «Երկրի առանցքի տեղաշարժ անհնար է, նման բան չի կարող լինել»,- հավաստիացրեց աստղագետը։ Նա հավաստիացրեց, որ առաջիկայում աստղագիտական որևէ անոմալ երևույթ չի սպասվում, որը կարող է սպառնալ Երկրի գոյությանը։ «Դեկտեմբերի 21-ը երկրային արևադարձի օրն է, այսինքն տարվա մեջ ամենակարճ օրը, և դա միակ աստղագիտական բացատրությունն է այդ օրվա հետ կապված։ Այդ օրն ավարտվում է արեգակնային ցիկլը, և միանգամայն հնարավոր է, որ Մայաների արեգակնային օրացույցը պետք է ավարտվի հենց այդ օրը»,- նկատեց Ա. Միքայելյանը՝ ավելացնելով, որ Մայաների օրացույցը նույնպես մարդիկ են կազմել և ինչ-որ ժամկետի վրա այն պետք է ավարտվի։ «Եթե հետազոտենք, օրինակ, ացտեկների կամ ինկերի օրացույցները, այնտեղ ևս հնարավոր կլինի ինչ-որ ժամկետներ գտնել»,- կատակով նկատեց աստղագետը։

«Այլ խնդիր է, որ Արեգակի ակտիվությունը, որը 11-ամյա ցիկլ ունի, հիմա ավելանում է, և հաջորդ տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին, կհասնի պիկին։ Այս տարի Արեգակը բավականին ակտիվ էր, մի քանի բռնկում է տեղի ուենեցել։ Նման բռնկումները լուրջ ազդեցություն են ունենում այն առումով, որ կարող են ազդել Երկրի մագնիսական դաշտի վրա, ինչը կարող է անգամ էլեկտրակայանների անջատման բերել, ինչպես նաև ազդել մարդկանց առողջական վիճակի վրա և այլն։ Նման պրոցեսներ հնարավոր են, սակայն դրանք չեն կարող հանգեցնել Երկրի կործանման»,- նշեց աստղագետը։





 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքում են ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը։ Այս անգամ խոսքն իբր զինվորի կողմից շփման գիծը հատելու փարձի մասին էր։
«Դա ակնհայտ ապատեղեկատվություն է, հերթական զառանցանքը»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում «հայ զինվորը փորձել է անցնել ադրբեջանական կողմ»։ Ընդ որում, լրատվամիջոցները վկայակոչում էին ինչ-որ ականատեսների։ Պաշտոնական աղբյուրներից որևէ հաղորդագրություն չէին ներկայացնում՝ նախկինի նման ղեկավարվելով «անթել հեռախոսի սկզբունքով»։



Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դևիդ Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային գործոն լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաև ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումներում։ Նա համարում է, որ խաղաղ սցենարի առաջընթացի համար Արևմուտքը, և մասնավորապես, ԱՄՆ-ն, կարող են վճռական դեր խաղալ՝ «կարգավորման գործընթացում բարձր մակարդակի միջամտության» պայմանով։
Վաշինգթոնում, Jamestown Foundation-ում, դեկտեմբերի 17-ին կազմակերպված միջազգային կոնֆերանսում քննարկումների հիմնական թեմաները եղել են Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը, Ռուսաստանի դերը տարածաշրջանային ուժերի դասավորությունում, Ղարաբաղում խաղաղ նախաձեռնությունների հեռանկարները և Եվրամիության հարավային գազային միջանցքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մոսկվան պետք է ընդունի ստատուս քվոյի պահմանման հեռանկարը։ Ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտներից է, որտեղ «վերբեռնման քաղաքականությունը» կարող է արդյունավետ օգտագործվել Օբամայի վարչակազմի կողմից»,- ասել է Դևիդ Մերկելը։
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան պաշտպանել է Մերկելի եզրակացությունը՝ բարձր մակարդակի միջամտության անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ տարածաշրջանում արագ լուծում պահանջող խնդիրների լուծման հարցում մասնակցությունը պարտադիր չէ, որ իրականացնի դեմոկրատական վարչակազմը, «դա կարող են անել նաև հանրապետական գործիչները»։
«Ադրբեջանի վիճակը շատ նման է շատ այլ «փոքր» երկրների վիճակին, որոնք հաճախ կործանվում են «հսկաների բախման հետևանքով»,- ասել է Բրայզան և ընդգծել, որ այս տարածաշրջանում ԱՄՆ լիդերության համար մեծ տարածք գոյություն ունի, ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ՝ հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի խնդրի, լուծման հարցերում։



«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն դեռևս Վրաստանի տարածքում ցանցի տարածման հարցի շուրջ բանակցություններ չի վարում վրացի գործընկերների հետ։ Այդ մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին։ Ըստ նրա՝ ընկերությունը դեռևս վրացի գործընկերների հետ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ բանակցություններ չի վարել, որը Սև ծովի հատակով ձգվելու է Վրաստան և Հայաստան։ Հայաստանի դրական փորձը կարող է ազդել այլ երկրներում զարգացման վրա։ «Հայաստանը մեր առաջին արտասահմանյան փորձն է»,- հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ ընկերությունը դեռևս չի նախատեսում զարգանալ, սակայն չի էլ բացառում։ Նշենք, որ «Ռոստելեկոմը»՝ EPEG (Europe Persia Express Gateway) ծրագրի շրջանակում Ռուսաստանից Ադրբեջանով մինչև Իրանի սահման օպտիկամանրաթելային կապուղու շինարարություն է սկսել։
Նշենք նաև, որ Հայաստանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է GNC Alfa ՓԲԸ-ն, որտեղ «Ռոստելեկոմն» ունի 75%- 1 բաժնեմաս։ Ընկերությունների ցանցը համալրված է չորս միջազգային ելքերով, որոնցից երեքը՝ Վրաստանի սահմանին, մեկը՝ Իրանի։ «Ռոստելեկոմը» Իրանի ինտերնետ-թրաֆիքի գլխավոր մատակարարներից է, որի մի մասն անցնում է Հայաստանում GNC Alfa-ի միջոցով։



Ռուսաստանի համար Գաբալայի ՌԼԿ-ն նշանակում էր երկրում վերջին ժամանակներս ավելի շատ Արևմուտքի հետ համագործակցության ձգտող ներկայություն, հատկապես՝ Իրանի դեմ ագրեսիվ քաղաքականության հարցում, գրում է pravda.ru-ն՝ վերլուծելով Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումից հրաժարվելը։ Ադրբեջանը տնտեսապես էլ է ցանկանում ինքնուրույն խաղացող դառնալ, օրինակ, «Հարավային հոսքին» զուգահեռ գազատար է կառուցում դեպի Եվրոպա, նշում է կայքը։
Ադրբեջանի համար կայանը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական հաղթաթուղթն էր։ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում ունի, և այդ մասին է վկայում 2010-ի օգոստոսին Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի իշխանությունների միջև ստորագրված արձանագրությունը, որը վերաբերում էր 1995 թ.-ից Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանին։ Փաստաթղթում հաստատվում էր, որ Ռուսաստանը ոչ միայն պաշտպանում է Իրանի և Թուրքիայի հետ սահմանը, այն նաև ապահովում է ամբողջ երկրի անվտանգությունը։ Դա նշանակում է, որ ռազմական հակամարտության պարագայում Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի։
Այդ պատճառով 2011 թ. Ռուսաստանի C-300-ները ծածկեցին Ղարաբաղի երկինքը։ Ըստ էության, դադարեցնելով Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումը, Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններն այլևս Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների մանրադրամը չեն, և Ռուսաստանը պատրաստ է կատարել ՀԱՊԿ-ի (որում Ադրբեջանն ընդգրկված չէ) շրջանակում ստանձնած պարտականությունները։

Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների խորապես պրագմատիկ դառնալու մասին են վկայում նաև այլ փաստեր, օրինակ՝ սեպտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ստեղծումը, որում ընդգրկված են ադրբեջանցի խոշոր գործարարներ (Արաս Աղալարով, Վագիթ Ալեգփերով, Թելման Իսմայիլով և ուրիշներ)։ Միության անդամների ընդհանուր ունեցվածքը 40-48 մլրդ դոլար է, ինչը Ադրբեջանի ՀՆԱ-ից քիչ է պակաս։ Բաքուն այդ քայլը գնահատել էր իբրև մեկ տարի անց կայանալիք ընտրություններին ադրբեջանական Իվանիշվիլիի նախապատրաստում։
Բացի այդ, գործնականում դադարեցված է ռազմական ցանկացած համագործակցություն։ Ադրբեջանը զենքը գնում է Բաքվի հիմնական դաշնակից դարձած Իսրայելից։ Միայն մեկ բան է անփոփոխ մնացել՝ ադրբեջանցի ներգաղթյալների թիվը Ռուսաստանում։ 2011 թ. Ռուսաստան է տեղափոխվել Ադրբեջանի 22306 քաղաքացի։ Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը 1989 թ. ի վեր 336 հազարից աճել է մինչև 2,5 միլիոն մարդու։
Սա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ է, կարելի է հմտորեն կիրառել։ Ռուսաստանի աշխատանքային շուկան արժեք ունի և այն պետք է վաճառել, ոչ թե անհատույց տալ, հատկապես այն երկրներին, որոնք վաղուց ընտրությունն ի վնաս ՌԴ-ի հետ համագործակցության են կատարել։
News.am



Կոնգրեսական Ադամ Շիֆն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի մինչև 1991 թվականը գործած, այնուհետև ռազմական գործողությունների ընթացքում վնասված օդանավակայանի աշխատանքի վերսկսումը։ Նա այդ մասին նշել է Կապիտոլիումի բլրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը նվիրված միջոցառման ընթացքում՝ «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում։
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդու հիմնարար՝ ազատ տեղաշարժման իրավունքով ապահովելն է։
«Ամերիկայի ձայնի» թղթակցի հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է աջակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակին, կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել է. «Կարծում եմ, Ամերիկայի պաշտոնատար անձինք պետք է Ստեփանակերտի օդանավակայանի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան, և ես օդանավակայանի բացմանը խոչընդոտող ոչ մի օրինական պատճառ չեմ տեսնում»։




«ՋՈՒՐ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ՋՐԱՂԱՑԻՆ»...

Ջրի մասին, ջրի պրոբլեմի մասին շատ է գրվել, այդ թվում՝ «Նոր էջ» թերթում։ Այդուհանդերձ, կրկին ուզում եմ անդրադառնալ այդ խնդրին։
Արցախում, հատկապես Ստեփանակերտում առավելապես օգտագործում են գետի ջուրը։ Այդ թվում՝ խմելու համար։ Ստեփանակերտում և տարբեր բնակավայրերում տեղադրված են ջրաչափեր, և մարդիկ օգտագործած ջրի համար վճարում են դրանցում գրանցված ցուցմունքներին համապատասխան։ Այսինքն՝ լեռնային մեր երկիրը լեցուն գետերի ջուրն օգտագործում ենք ջրաչափով... Բնականաբար, մարդիկ ձգտում են հնարավորինս քիչ ջուր օգտագործել, որպեսզի քիչ գումար քամուն տան...

Քանի որ լեռնային երկրամասում գոյացող ջրերն ի վերջո հոսում են ցածրադիր, դաշտային վայրեր, ուզենք թե չուզենք, մեր գետերի ջրերը հոսում, հայտնվում են Ադրբեջանում։ Արցախի գրեթե բոլոր այդ ջրերը՝ աղբյուրները, գետերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, մտնում են հակառակորդի, թշնամու տարածք։ Ստացվում է, որ մենք խնայում ենք մեր լեռներում ծնված-գոյացած ջրերը, որպեսզի դրանք առատորեն հոսեն Ադրբեջան, նրանք էլ առատորեն ոռոգեն իրենց հողերը...

Այսօր կարծես թե որոշ չափով ֆիլտրված-մաքրված ջուր ենք ստանում։ Սակայն տարիներ շարունակ քաղաքացիները հիմնականում ստանում էին անմշակ՝ գրեթե չֆիլտրված-չմաքրված ջուր։ Իսկ անձրևներից հետո առավելապես մի ինչ-որ պղտոր հեղուկ էին օգտագործում (այդ թվում՝ խմելու համար), որը նույնիսկ հեռավոր նմանություն չունի խմելու ջրի հետ։ Ու այդ ջրի համար կանոնավոր մեծ գումար էին վճարում, այսօրվա նրա վաստակած եկամտի համեմատ իրոք շատ մեծ գումար...

Այսօր էլ նույնն է, ինչպես արդեն նշեցինք, այն տարբերությամբ, որ նախկին ցեխաջրի փոխարեն համեմատաբար մաքուր ջուր ենք ստանում։
Սակայն, խնդիրն այն չէ, թե քաղաքացու ստացած ջուրը մաքո՞ւր է, թե՞ պղտոր։ Խնդիրն այն է, որ ջուրը մեր լեռնային երկրամասի մեծագույն հարստություններից մեկն է, կարելի է ասել՝ ազգային հարստությունը, որը պատկանում է բոլորին՝ շարքային քաղաքացի լինի թե նախարար։

Ժողովրդական հին խոսք կա՝ «Ջրի գին»։ Ասում են՝ այսինչ բանը ջրի գին ունի, ջրի գնով այսպիսի մի թանկ բան եմ գնել... Այսինքն՝ մեզանում դարեր ի վեր ջուրը երբեք, այսպես ասած, թանկ հաճույք չի եղել։

Մյուս կողմից, այսօր շարքային արցախցիները բացարձակապես չեն օգտվում սեփական ազգային հարստություններից։ Ամեն ինչի համար կրկնակի, բազմակի թանկ են վճարում։ Որքան գիտեմ, օրինակ, գազ և նման այլ հարստություն ունեցող երկրներում վերոհիշյալի սակագինը շատ չնչին է։ Միջինասիական հանրապետություններից մեկում՝ Թուրքմենիայում, գազի համար քաղաքացիները չեն վճարում։ Փոխարենը՝ այն թանկ վաճառում են հարևան և այլ երկրների։ Նիյազովն այսպիսի մի միտք է հայտել այդ կապակցությամբ. «Այն ամենը, ինչ Աստված ձրի մեզ է տվել, այն պիտի ձրի հասնի ժողովրդին...»։

Մեզանում կարծիք է հնչել, որ կարող ենք ջուր արտահանել, ջուր վաճառել Չինաստանին։ Այսինքն՝ ջուրն այն հարստությունն է, որի պակասն Արցախում չի զգացվում։ Ավելի ճիշտ՝ չպիտի զգացվի։

Այսօր երկիր պահելու ամենակարևոր և ցավոտ հարցը փոխկապակցված է գյուղը պահելու հետ։ Աստիճանաբար քայքայվող, քանդվող, դատարկվող գյուղը ի վերջո հանգեցնելու է մեր երկրի ամայացմանը, կործանմանը։

Թե որքան վնաս է հասցնում մեր գյուղերին 12-ամյա կրթական համակարգը իր «ավագ դպրոցով» (երբ այսպես կոչված, հիմնական դպրոց ավարտածները պիտի մեկնեն շրջկենտրոն կամ այլուր՝ ավագ դպրոցում ուսանելու), դա այլ թեմա է ու քննարկման ենթակա։

Մյուս և կարևորագույն խնդիրը գյուղացու համար ջրի խնդիրն է։ Եթե գյուղացին հնարավորություն չունի իր մշակած հողը ոռոգելու, եթե նրա բակում ջրաչափեր են տնկում՝ օգտագործած յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց գումար կորզելու համար, ապա դրանով գյուղացուն ստիպում ենք մտածել հայրենի գյուղը լքելու, մայրաքաղաքում շատերի պես առևտրի կետեր հիմնելու կամ պարզապես օտար ափեր մեկնելու մասին։

Արցախցի շինականը դարեր ի վեր օգտագործել է հայրենի ջուրը՝ աղբյուրներ է կառուցել գյուղի շրջակայքում, մի քանի կամ տասնյակ կիլոմետրեր հաղթահարելով՝ ջուր է անցկացրել հարազատ գյուղ։ Ու այսօր նրա կառուցած ջրագծերի, ջրախողովակների վրա ջրաչափեր են դնում, պահանջում կանոնավոր վճարել իրենց պատկանող «ազգային հարստության» համար... Իսկ այդ ջուրն, իրոք, խառնվելով մեր լեռնաշխարհի այլ աղբյուրների, առուների, գետերի, ի վերջո հոսում է հակառակորդի, թշնամու տարածք՝ ոռոգելու նրանց դաշտերն ու այգիները։

Ասում են, իբր ջուրը սպառողին հասցնելու համար խողովակաշարեր են անցկացնում, ջրմուղ պոմպեր աշխատեցնում, որոնց համար պետք է վճարել։ Չեմ ուզում ավելորդ հաշվարկով ապացուցել, որ դրանք չնչին ծախսեր են՝ ջրի համար քաղաքացիների վճարումների համեմատ։

Կարելի է համաձայնել, որ օգտագործած ջրի համար քաղաքացին պետք է ինչ-որ բան վճարի։ Բայց ոչ երբեք այնպես և այն ձևով, ինչպես հիմա՝ տասնապատիկ թանկ... Իսկ գյուղացուն պետք է ոչ միայն ազատել նման անհեթեթ վճարումներից, այլև պետական այնպիսի ծրագրեր մշակել ու քաղաքականություն իրականացնել, որպեսզի չդատարկվեն, չկործանվեն հայրենի գյուղերը, որոնց կործանումը նշանակում է հայրենի երկրի՝ Արցախի վերջ։

Կարծում եմ, գոնե ջրի հարցում կարելի է ինչ-որ զիջումների գնալ՝ հօգուտ սեփական քաղաքացիների։ Այսօր շուրջ 12 հազար քառ կմ. տարածք ունեցող և ընդամենը 140 հազար բնակիչ ու... արտագաղթ ունեցող երկրում պետք է որ մի քիչ խորը մտածեն բազմաթիվ պրոբլեմների մեջ կքած և պատերազմի գոտում ապրող մարդկանց մասին։

Վ. ԱԴԱՄՅԱՆ




ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ «ՇԱՆ ԳԼՈՒԽԸ»

Շատ լուրջ առաքելությամբ վերջերս Երևանից երկու երիտասարդ էին եկել Արցախ՝ մարդկանց սովորեցնելու ճիշտ սնվելու արվեստը։ Ծանոթներիցս մեկի պատմելով, նրանք արևմտյան ինչ-որ կազմակերպության գրանտներով են ծավալել ազգափրկիչ իրենց գործունեությունը։ Նրանք արդեն ճիշտ սնվելու ակումբներ են ստեղծել Հայաստանում ու հիմա նույնը ցանկանում են անել նաև Արցախում։

Ըստ երևույթին, մեր ազգային ողբերգությունների ու ձախորդությունների հիմնական պատճառը սխալ սնվելն է։ Խորովածից ու լուլաքաբաբից առաջ կարագ ու մեղրով «չոռնի իկրա» ուտելու հայ ժողովրդի վատ սովորույթը պարզապես քանդել է մեր տունը, պատճառ դարձել ժողովրդի աղքատացմանը, աշխատատեղերի կորստին, արտագաղթին ու բազում այլ չարիքների։ Մինչդեռ եթե մեր այս երկու առաքյալները ժամանակին նման գործունեություն ծավալեին ՀՀ-ում ու Արցախում, մարդկանց հասկացնեին, որ, ասենք, տոլմայի  ու խաշլամայի հետ կարմիր խավիար, ժենգյալով հաց կամ պիցցա ուտելը հակացուցված է, և փոխարենը պետք է համտեսել միայն հավի ազդրամսով բորշչ, հայկական արտադրության ֆինլանդական երշիկ կամ վրացական խինկալի, այլևս աղքատ խավ չէր լինի, օրենքները խախտվելուց զատ կունենային նաև այլ գործառույթներ և վաղուց կառուցած կլինեինք ժողովրդավարական երկիր... Ահա, թե որտեղ է թաղված «շան գլուխը»։

Դե եկ ու մեր այս երկու առաքյալներին բացատրիր, որ այսօր բազմաթիվ ընտանիքներում հարյուրավոր պրոբլեմներից բացի կա նաև մի այլ կարևոր խնդիր՝ հացի խնդիրը։ Մարդիկ տառապում են ոչ թե սխալ սնվելուց, այլ թերսնվելուց...
Չէ, իրոք եզակի ազգ ենք։ Մերն ուրիշ է։ Եթե մի հրաշքով Քրիստոսը ծնվեր մեր օրերում՝ Հայաստանում, ապա երևի թե 12-ի փոխարեն կունենար առնվազն 112 առաքյալ ու առնվազն նույնքան տեղակալ...

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ




«ՍԵԿՏՈՐ ԳԱԶԱ»

Վերածննդի հրապարակը Ստեփանակերտում քաղաքի միակ հարթ տարածքն է։ Ասում են՝ հենց դա է պատճառը, որ մարդիկ այդտեղ են գալիս՝ զբոսնելու։ Բայց այնպես, ստեփանակերտցիներից հաճախ կարելի է լսել՝ իջնենք քաղաք, կամ բարձրանանք քաղաք։ Լեռնային է Ղարաբաղը։

Որերորդ տարին է Վերածննդի հրապարակի հարևանությամբ կառուցվում է Valex Grand հյուրանոցային համալիրը։ Քաղաքի ամենամեծ այգու հաշվին, ի դեպ։ Ստեփանակերտցիներին քաջ հայտնի «Պարկում»։ Կարծես թե ավարտին է հասցվում շինարարությունը, բայց մի տհաճ անակնկալ է նկատվում արդեն։ Բանն այն է, որ հյուրանոցն իր մեջ ունի ինչ-որ փակ լողավազան, որ ջեռուցվում է գուցե գազով։ Կամ ո՞վ գիտե, գուցե ամբողջ համալիրն է նման եղանակով ջեռուցվում։ Մի բան պարզ է, որ շրջակա տարածքը գազահոտ է։ Ես ամեն օր դա զգում եմ հրապարակով անցնելիս։ Եվ ոչ միայն ես։

Ստացվում է, որ մենք էլ մեր «Սեկտոր գազա»-ն ունենք։ Ստացվում է նաև, որ ամբողջ ձմեռ քաղաքացիները, հրապարակով անցնելիս, պիտի զգան հյուրանոցի գազի «բուրմունքը»... Իսկ հյուրանոցային համալիրի մյուս թևում N1 դպրոցն է։ Եվ ամեն օր երեխաները գազահոտ են շնչում...

ՌՈՒԲԵՆ ՎԵՐԴՅԱՆ
Ստեփանակերտ




ԳԻՍԱՍՏՂԸ

ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ, 
«Ազատագրական բանակի» հրամանատար 
Լեոնիդ Ազգալդյանի hիշատակին

Մեծություններ կան, որոնց նախքան առնչվելը ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք ունեմ դրա իրավունքը։ Պատասխանը կախված է նույն այդ մեծությունների մեծությունից. նրանց հզորությունից, վեհությունից, բարձրությունից, խորությունից։ Մեծություններին սխալ մոտենալու դեպքում հավանական է՝ փշրվես։ Նրանց սահմանած բարձունքը դժվար է հաղթահարել. պետք է զգուշանալ հավանական գահավիժումից։ Նրանց խորքերը շատ ավելի անհատակ են, և հնարավոր է՝ ելքի ճանապարհ չգտնես։ Ինչպե՞ս վարվել։

Այստեղ, հավանաբար, ելակետ պետք է ընդունել նպատակի վեհությունը, որը քեզ անվարան մղում է առաջ, դարձնում ոչ միայն պարտավորված, այլև գայթակղում մաքրագործվելու, ուժեղանալու և հաղորդակցման սրբազան ծիսակատարությանը մասնակցելու բերկրանքով։

Մեծությունների մեծագույնը հերոսն է։ Ազգայի՜ն հերոսը։
Ժողովուրդն իր հերոսի իսկական գնահատականը տալիս է նրա կենդանության օրոք։ Ժողովրդի գնահատականն ամենաբարձրն է, արժեքավորը։ Անսակարկելի։ Իսկ պետությո՞ւնը... Լեոնիդ Ազգալդյան ազգային հերոսի կոչումը դեռ պաշտոնապես չի՛ հասել իրեն…

Ազգային հերոսները շատ նման հատկանիշներ ունեն։ Մեկի գնահատականը, սակայն, երբեք մյուսի հաշվին չի լինում։ Նրանք, օրինակ, Հայրենիքի համար ամենածանր, օրհասական պահերին առաջին հերթին սկսում են մաքրել... գաղափարական ավերակները՝ մերժելով ու բացառելով բարոյական և քաղաքական որևէ անհեթեթություն (աբսուրդ)։ Նրանք դառնում են շատ իրատես ու գործնական, խստապահանջ։ Առանց սենտիմենտալությունների։

Այստեղից սկսվում է հերոսի՝ հերոսականության տանող ուղին։ Գաղափարական այդ անհատները միշտ և ամենուր առաջին գծում են։ Միշտ առաջինն են և միշտ՝ անհաղթ։ Ժան-Ժակ Ռուսոն ասում էր. «Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց»։ Այդ սիրո արդյունքում ազգային հերոսները հայրենիքի զոհասեղանին են դնում ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Արցախյան ազատամարտի մեր առաջի՛ն հերոսները… Մտավորակա՛ն հերոսները… Գաղափարակա՛ն….
Որպես տեսակ՝ նրանք դավանում են անանց գաղափարներ։ Որպես տեսակ՝ նրանք մեզ համար չափանիշ են և դաստիարակ։ Որպես տեսակ՝ նրանք իրենցով նաև Հայրենիք են խորհրդանշում և Հայրենիքը զարդարում... իրենցով։


ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ
(1942-1992)

Իր անձնական, անհատական նկարագրի անզուգականությամբ, առաքինությամբ, դաստիարակությամբ, փառահեղ ու շենշող արտաքինով, մտավոր ունակությունների հարստությամբ և, առհասարակ, իր առինքնող ու եզակի հմայքով Լեոնիդ Ազգալդյանն իսկական ազնվական հերոս էր։ Գաղափարախո՛ս։ Անհատի այս տեսակը իր ապրածով պարտավորեցնում է, մահով՝ խենթացնում…

Աշխատել է Երևանի հաշվիչ կենտրոններում, նաև պետպլանի հաշվիչ կենտրոնում։ Իսկ երբ սկսվեց 1988-ի ազգային վերազարթոնքը, ԵՊՀ «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական կենտրոնի տնօրենն էր...

Նորօրյա ազատամարտի սկզբին պարզվեց, որ նաև ոչ պակաս բարձր մակարդակի զինվորական գործիչ է՝ օժտված պետական մտածողությամբ ու քաղաքական հեռատեսությամբ։ Դեռ պատերազմի սկզբին համոզված էր, որ հաղթանակը մերն է լինելու և արդեն իսկ մտորում էր, ռազմական գործողությունների ավարտից հետո, արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ուղիների մասին։

- Պատերազմը վաղը կավարտվի, իսկ մենք շրջափակման մեջ ենք լինելու դեռ երկար,- ասում էր։- Այսօրվանից պետք է մտածել, թե ինչպես ենք ապրելու։ Այսօր մենք հաղթում ենք, բայց վաղը կարող է կրկին ինքնապաշտպանության խնդիր ծագել և խրամատներ փորելու հարց առաջանալ, պաշտպանական ամրություններ կառուցելու խնդիրներ ունենանք, տեխնիկա անհրաժեշտ լինի։ Հայաստանում պետք է զարգացնել հատկապե՛ս ռազմական արդյունաբերությունը…

*  *  *
Հայոց հողը, երկիրը անբացատրելի զգացմունքներ և խորհուրդներ էին առաջացնում քո մեջ։ Մե՛զ համար գուցե անբացատրելի։ Այս հողի վրա դու քայլում էիր հպարտ ու հաստատակամ՝ որպես քո երազած Մեծ Հայքի քաղաքացի, տեր։ Եվ սերդ սովորական չէր մեր հողի նկատմամբ։ Պահանջում ու պարտադրում էիր մաքուր պահել նրա յուրաքանչյուր թիզն ու անկյունը՝ հարազատ տան պես։

Սովորական սեր չէ, որ տածում էին զինվորներդ՝ գաղափարական զինակիցներդ, քո՝ գաղափարախոս հրամանատարիդ նկատմամբ՝ հեզությամբ ու սրբությամբ ընդունելով քո սահմանած օրինակելի կարգ ու կանոնը, բանակային վարք ու բարքը։ Եթե սկզբնական շրջանում «Ազատագրական բանակի» զինվորներին դու էիր հավաքագրում, հետագայում նրանք սկսեցին որոնել, գտնել քեզ։ Քո խստապահանջությունն օրենքի ուժ ուներ բոլորի համար։ Իսկ նրանց մեջ քիչ չէին գիտության թեկնածուները, արվեստագետները, կրթության ոլորտի մարդիկ, առհասարակ՝ մտավորականները...

Այն ժամանակ նրանք արդեն պատմում էին քո՝ 50-ամյա հերոսիդ առասպելը՝ սկսած Վարդենիսի ինքնապաշտպանությունից մինչև Շահումյան ու Մարտակերտ։ Արհամարհելով ամեն մի վտանգ՝ վարդենիսցիները սարերում անխռով ու աներկյուղ արածացնում էին իրենց անասունները, իսկ փախստականները՝ հանգիստ ու ապահով տնավորվում. Վարդենիսը Լեոնի՛դն է պաշտպանում...

...Սրբազան հպարտությամբ պատմում են, որ քո ղեկավարած ինքնապաշտպանության օրոք հակառակորդի ոչ մի տանկ չկարողացավ հատել Մարտակերտի սահմանը։ Իսկ սա ԼՂ-ի շուրջ 40 տոկոսն էր…

- Նա կատարյալ էր թե՛ առօրյայում, թե՛ կռվի դաշտում, թե՛ մարտական գործողությունները ղեկավարելիս,- ասում է կորստիդ ցավը հաղթահարել չկարողացող ընկերդ՝ ԵՊՀ դոցենտ, մաթեմատիկոս Նորիկ Գալստյանը։- Կատարյալ մարդ էր, կատարյալ զինվոր, կատարյալ հրամանատար։ Գիտնակա՛ն հրամանատար։ Առաջնո՛րդ։ Խոսքով չես ասի։ Մեծ մարդ էր, մեծ մտածող, մե՛ծ զորապետ։ Չեմ չափազանցնում։ Նրա մեծությունը կարելի է բացատրել Հայրենիքին ծառայելու նվիրվածությամբ։ Ամեն ոք չի կարող այդպես ծառայել։ Ի ծնե այդպիսի պետական գործիչ-մտավորական քիչ ենք ունեցել։ Թող ինձ ներեն մեր մյուս հերոսները։ Խոնարհվում եմ նրանց վաստակի և նահատակների հիշատակի առաջ, անպայմանորեն արժանիորեն գնահատում ողջերին, բայց, որպես առաջին մեծության աստղ, Լեոնիդ Ազգալդյանի տեղը, իր մարտական տրամադրվածությամբ, ոգով ու պատրաստվածությամբ, Գարեգին Նժդեհի կողքին եմ տեսնում՝ նույն պատվանդանին…

Այն, որ Լեոնիդ Ազգալդյանը լավ գիտեր իր արժեքը, նրան բոլոր ճանաչողներն են վկայում՝ վերհիշելով նրա խոսքը… «Ղեկավար բոլորն էլ կարող են լինել։ Սևագործներն են քիչ...»։

...Մի խումբ բարձրաստիճան, պրոֆեսիոնալ զինվորականների հետ հավասարապես լծվել էր բանակի հիմքերը դնելու գործին, իսկ մինչ այդ՝ 1990 թվականից «Ազատագրական բանակի» կազմավորմանը զուգընթաց, համախոհների հետ ստեղծեց ուսումնամարզչական բազա։ Նա համոզված էր, որ «Ազատագրական բանակի» կորիզը պետք է բաղկացած լինի գաղափարական մտավորականներից, իսկ վերջիններիս մասնագիտական կրթություն է պետք։ Սկսելով բանակի շինարարության գործը սուվորովյան սկզբունքով՝ «զորավարժությունների ժամանակ՝ շատ քրտինք, մարտի դաշտում՝ քիչ արյուն», «պրակտիկան» անցկացրին կռվի դաշտում՝ մարզանքները շարունակելով հրադադարից հրադադար։

*  *  *
Անցած ուղուդ մասին մտորելիս հաճախ եմ զարմանում, թե ինչո՞ւ ի սկզբանե ռազմական գործը չէիր ընտրել որպես մասնագիտություն։ Հարցիս պատասխանը վերջերս կարդացի քրոջդ ամուսնուն գրած նամակ-տրակտատում. «Կարողացիր թիկունքով կանգնել անցյալին, դեմքով շրջվել դեպի ճակատագիրը»։ Քո՛ խոսքերն են։ Դու կարողացել էիր։ Եվ այն էլ՝ ինչպե՜ս….

Անունդ հիշելիս կամ լսելիս ժպտում եմ՝ հազար տարվա ծանոթ-բարեկամի պես։ Ափսո՜ս, չհասցրի քեզ հետ ծանոթանալ։ Իսկ քեզ ճանաչելը փառք ու պատիվ է ամեն հայի համար։ Քո գործունեության վայրը հայոց վտանգված սահմաններն ու թեժ կռիվներն էին։ Անընդհատ մարտադաշտ էիր մղվում։ Համոզված էիր, որ թիկունքն այս կամ այն կերպ իր հոգսը հոգալու է, բանակին հաց ու հագուստ է հասցնելու։ Իսկ կռվել բոլորը չեն կարող։ Գիտեիր նաև ում առաջին գիծ տանել քեզ հետ։

Զարմանալի է Հայրենիքի «անատոմիան». սրտի զարկերն առաջին հերթին վերքի շրջանում ես զգում։ Հայերիս համար այդտեղով է անցնում Ավետյաց երկրի ճանապարհը։ Արցախ թե Վարդենիս, Վան թե Մուշ, Բիթլիս թե Սասուն, Տարոն թե Գողթն… Ո՛չ մի տարբերություն։ «Սա Հայաստան է և վե՛րջ»։ Սա՛ է քո ավետարանը։ Մեր հին ու նոր առասպելներն էիր հիշեցնում և ասես հայոց ազատագրական պայքարի մեծերի աստղաբույլի մերօրյա ներկայացուցիչն էիր...

Դեռ այն ժամանակ մտածում էի, որ եթե Հայկի կամ Սասունցի Դավթի մասին կինոնկար նկարեն, դերակատարումները քե՛զ համար պիտի նախատեսեն։ Իսկ ինչպե՜ս կկերպավորեիր Արա Գեղեցիկին ու Տիգրան Մեծին… Ազնվական, արքայական տեսքդ շատ է համապատասխանում արորդու քո տեսակին։ Դու բարձրացար Արցախյան վերազարթոնքի ալիքի վրա ու հավերժացար ժամանակից շուտ։ Չհասցրինք արժանիորեն պանծացնել քեզ, չնայած զինակիցներդ արդեն սրբացրել էին։ Դավադիր 1992 թվականի ամռանը «ձյուն մաղեց մեր բաց գլխին»... Քիչ է ասել դաժան ու անգութ «հունձք» կատարեց թշնամին։ Զոհվեցիք մեկդ մյուսի հետևից՝ Մարտակերտի հրամանատարներ Վլադիմիր Բալայանը, Վլադիմիր Կարապետյանը, Վագիֆ Գալստյանը, Մանուկ Սահակյանը (Մանչ), Դու։ Սեպտեմբերին՝ Վալերի Ղամբարյանը… Ի՜նչ անողոք նախճիր, ի՜նչ լկտի ու վրեժխնդիր ընտրություն…

- Ում ձեռքին է Շուշին, Արցախը նրանն է,- կրկնում էիր իբրև աքսիոմ, իբրև անվերապահ ճշմարտություն։

Դու ճի՛շտ էիր։ Դու այդ հրճվանքը չվայելելու իրավունքը չունեիր։ Դու զոհվելու իրավո՛ւնք չունեիր։ Դու անմահության այնպիսի օրինակներ էիր տվել մարտի դաշտում, որ մահվանդ բոթը «դավաճանության» պես հնչեց։ Չէինք հավատում՝ ամեն մեկս փորձելով յուրովի ճշտել գույժի իսկությունը՝ դա ապատեղեկատվության վերագրելու անբեկանելի ցանկությամբ։ Ավա՜ղ…

Մեզանից յուրաքանչյուրը քո կորուստը միայն ու միայն իրենը համարեց։ Մինչդեռ դա շատ ավելի ծանր էր մեր գաղափարաբանության ճակատում՝ նորանկախ պետության և նորաստեղծ հանրապետության ազգային բանակի համար։ Ցավը համազգային էր, անպարագիծ, անամոքելի, վերքը՝ չսպիացող, բառերը՝ անզոր ու անճարակ։ Չկար և չէր կարող լինել մխիթարության դարմանող բալասանը…

Դու, որ պատասխանատվության եզակի բարձր զգացում ունեիր և ամեն ինչի համար քեզ պատասխանատու էիր զգում, ինչո՞ւ այդպիսի անփարատելի ցավ պատճառեցիր քո ժողովրդին, որին սիրում էիր պաշտելու աստիճանի… Դու հեռացար՝ հարստացնելով, սակայն, հայոց փառքի պանթեոնը։

Հեռացար, բայց միշտ մեզ հետ ես լինելու՝ քո հավերժական ներկայությամբ և ուղեցույց հայացքով հսկելու ես մեր շարունակական երթը՝ գնահատելով անցյալը, իմաստավորելով ապագան։ Քեզնից ճառագող ոգեղեն լույսով լուսավորելու ես մեր ազատագրական պայքարի հետագա ուղին։

Եվ քանի դեռ անցնելիք ճանապարհ ունենք, քեզ, միայն քեզ հատուկ սթափ ու զգոն հայացքով հետևելու ես մեր երթին՝ հնարավոր վրիպումները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար՝ թույլ չտալով կրկնել անցյալի սխալները և արժանապատվորեն առաջնորդվել մեր հզոր նախնիների՝ մեզ համար սահմանած ուղիով, որովհետև մենք հայ ենք, իսկ «սա Հայաստան է և վե՛րջ…»։

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ




ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԵԿԸ ԵՐԿՈՒ ՉԱՆԵԼ

Խոսքի մեկը երկու չի անում։ Ձեռքի ափը դարձնում է խուփ, հերմետիկ փակում բերանը, որպեսզի խոսքի մեկը երկու չդառնա։ Ասված է՝ ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ այն է պղծում մարդուն։

Վարանելով ասենք.
- Ինչ որ գրված է Գրքում՝ յոթը կնիքով կնքված ճշմարտություններ են։
Խուրդա անելու հարկ չկա։

 Բայց դա թողնենք մի կողմ և դառնանք խոսքի մեկը երկու չանելու օգտակարությանը, ավելի ստույգ՝ օգտավետությանը։
- Կարելի է խուսափել գլխացավի (նաև միգրենի) բարդացումներից.
- Նվազում է այրոցների հավանականությունը.
- Սթրեսները, ամեն կարգի նոպաները հասնում են նվազագույնի,
- Երեխաներին արված կոշտ նկատողությունները առիթ չեն դառնում կնոջդ հետ ընդհարվելու։ (Միայն թե մի մահանա լինի)։

Գլխավորը, այնուամենայնիվ, դա չէ։ Երբ մարդ կարողանում է խոսքի մեկը երկու չանել, շրջապատին վստահություն է ներշնչում։ Նկատվող հատկանի՜շ։ Իսկ նկատողները կարող են ճակատագրական դեր խաղալ։
Ասենք, օրակարգում կադրային հարց է դրված։ Նրան հիշում են։ Նախագահողը առաջկտրուկ է անում.
- Ես առաջարկում եմ ընկեր .... թեկնածությունը։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ պարոն...

Տարիներ առաջ ասում էին՝ ընկեր, հիմա էլ ասում են՝ պարոն, իսկ մարդկային որակների գնահատականները կայուն պահպանվում են։ Օրինակ, խոսքի մեկը երկու չանելու արժեքային գնահատականը հիմնականում պահպանվում է։

Թեկնածուի բարեմասնությունները թվարկողները անսպասելի շատանում են։ Ելույթ ունեցողները զուգում-զարդարում են թեկնածուի արժանիքները, իրականն ու ցանկալին հարմար տեղադրում կողք-կողքի՝ մի շերտ մեկից, մի շերտ մյուսից, ինչպես որ ձուկն իր ջրի մեջ եփելու ժամանակ, մի շերտ պոմիդոր են դնում կանաչիով-սամիթով-բանով, մի շերտ էլ ձուկ՝ այդպես շարունակ, մինչև մթերքը սպառվի։

Ոչ ոք չի նշում, որ թեկնածուն խոսքի մեկը երկու չի անում, որովհետև բարձրաձայնելու ենթակա չի։
Վերջապես գալիս է քվեարկության ժամանակը։
Նախագահողը հայտարարում է.
- Ովքեր կողմ են՝ ձեռք բարձրացնեն։

Ձեռքերի (բարձրացված) պուրակ է գոյանում։
- Ձեռքերը իջեցնել։
Ձեռքերը իջեցվում են կրկեսային վարժվածությամբ։
- Դե՞մ։ Դեմ չկա։ Ձեռնպա՞հ։ Ձեռնպահ էլ չկա։
Ստացվում է նախատեսվածի պես՝ անցնում է միաձայն։

Կադրը ընտրվում է։ Սկսվում է «մեկը երկու չանել»-ի անթափոն արտադրությունը։
Առաջինը փորձարկվում է «առյուծի բաժինը»։
Եթե հայտնի առակում բաց տեքստով ներկայացվում են հերոսներն ու նրանց գործողությունները, ապա այս պարագայում մասանորի անելը խստիվ արգելվում է։ Գաղափարը մնում է ուժի մեջ և իրականացվում է ամբողջ ծավալով, մեկը երկու չանելով։

Որսը բաժանվում է մշակված սկզբունքով՝ նատուրայով, կա՛մ դրամական փոխարժեքով՝ դոլարով, եվրոյով, պակասը՝ ռուսական ռուբլիով՝ օրվա կուրսի համպատասխան։
Փորձարկումը անցնում է։
Ճիշտ ընտրություն է կատարվել։

Շուտով իջեցվում է նոր առաջադրանք՝ ինչպես կիրարկել «Աստծոնը Աստծուն, կեսարինը կեսարին» սկզբունքը արդի պայմաններում։ Առաջադրանքը ուղեկցվում է համապատասխան հրահանգով՝ բանաձևի առաջին մասին ձեռք չտալ որպես անքակտելի.
որովհետև՝ անքննելի է Աստծո բանը.
ապա՝ քո տեր Աստծուն չպետք է փորձես։
ինչպես նաև՝ մի տար մեզ փորձության։

Կադրը, այնուամենայնիվ, նկատել է տալիս՝ ինչպե՞ս հասկանալ «Ձայն բազմաց, ձայն Աստծոն», երբ մանավանդ ժողովրդավարության խորացման գործընթացներում «բազմացը» մի շարք հաջող փորձաշրջաններ է անցել, զօրօրինակ՝ բոլոր մակարդակներով ընտրությունների ժամանակ՝ թափանցիկության դժվարությունները հաջողությամբ հաղթահարվել են, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների ցերբերական հայացքի տակ չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Համենայնդեպս պրոտոկոլներում դրական են գնահատվել։

Եվ այսպես, բանաձևի առաջին մասը թողնում են անփոփոխ, մինչև երկրորդ մասը մանրամասն զննման ենթարկվի։
Հարցադրումը աներկբա է և միանշանակ՝ ի՞նչ է նշանակում կեսարինը՝ կեսարին ներկա պայմաններում։

Գոյություն ունեն տարբեր վարկածներ.
ա) կեսարի ընչաքաղցությունը,
բ) մարսելու հնարավորությունը,
գ) ինչքան օրենքը թույլ է տալիս,
դ) արդյոք ուժը կորցրա՞ծ է համարվում նախկին ձևակերպումը՝ քաջաց սահման՝ զենն յուրյանց։

Կադրը առաջարկում է նոր ձևակերպում բառային ժամանակակից արտահագուստով։ Կեսարը փոխարինել լայն շրջանառության մեջ գտնվող այնպիսի բառերով ու բառակապակցություններով, որոնք մատչելի են ներկա սերնդին և ավելի է համապատասխանում ժամանակակից հասարակական (քաղաքական, տնտեսական և այլն) հարաբերություններին։

Բոլորը միաձայն համաձայնում են։
Նախարարը համարել ելակետային։
Այնտեղից կարելի է բարձրանալ այնքան, մինչև որ բարձրացողի համար թթվածնային անբավարարվածություն չառաջանա։

Մյուս կողմից, նիշը իջնել մինչև նախարարին հավասարեցված (եկամտի մասով) գլխավոր տնօրենները և տնօրենները։
Շատվոր չի՞ ստացվում՝ կողքից հնչում է սպասված հարցը։ Կեսարի հավակնորդները իրար աչքի են նայում՝ գուցե իրոք թվակազմը որոշակի նվազեցվի։

Մինչև «հա» ու «չեն» կորոշեն, Կադրը իրեն առաջ է մղում.
- Կեսարների ժամանակների համեմատությամբ ներկա էտապում արտադրության ծավալները մեծացել են առաջադրված թեկնածուներին համապատասխան, սպառման ՞ չի լինի...

Ներկաները թեթևացած շունչ են քաշում՝ կարծես բոլորի ուսերից ջրաղացքարեր ընկան։ Նրանք շնորհակալ հայացքով փաղաքշում են իրենց առաջ քաշած Կադրին։
Պաթոսի ազդեցության տակ ոչ ոք չի նկատում էջատակին պետիտով շարված լրացումը, որի համաձայն ցուցակում հնարավոր է ընդգրկել նաև Կադրին։
- Բա՜...

Ժողովրդավարության խորացման մերօրյա պայմաններում անհրաժեշտ է հաղթահարել մեկ այլ խոչուխութ՝ ձեռք բերել ընտրող զանգվածի քվեն։ Դրա համար պետք է կազմակերպել հանրաքվե։ Անշուշտ, plebcist անցկացնելը միջոցներ է պահանջում։ Բայց ինչպե՞ս, եթե ոչ թանկացման փորձացված միջոցով։ Հարցականը նորից է ծառանում՝ ի՞նչը թանկացնել։ Վառելիքին հնարավոր չէ ձեռք տալ, այդ մասով գները շատ են բարձրացվել. պարենամթերքներինը՝ նույնպես։ Գուցե՞ ազնիվ մետաղների և թանկագին քարերի գինը փոքր-ինչ բարձրացվի։ Մեծ ու փոքր շատ լավ գիտեն, որ անխուսափելի է դառնալու դոմինոյի էֆեկտը։ Բոլորն էլ իրենց անհասկացող են ձևանում։ Քվեարկության է դրվում.
- Թեր-կողմ։
Առաջարկն անցնում է՜...
- Տաշի՜-տուշի՜...




ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ ՁԵԶ ՀԵՏ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ

Վերջերս ինտերնետում հաճախ է աչքովս ընկել սիրված և տաղանդավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի հայտնած այս միհքը. «Աղոթում եմ, որ հայ-ադրբեջանական պատերազմը չվերսկսվի...»։ Մեծ կինոդերասանն այնուհետև ավելացրել է. «Տոնի էր վերածվում նաև Զեյնաբ Խանլարովայի ելույթները Երևանում... Մենք այդ ժամանակների կարիքն ունենք։ Որոշ ուժեր գժտեցրել են մեզ...»։

Գուցե թե շատերին դուր է եկել այդ նյութը, բայց ես անկեղծորեն ուզում եմ, որ Ջիգարխանյանն այս բառերն ասած չլիներ...

Ես հարգում ու սիրում եմ Արմեն Ջիգարխանյանին։ Հիանալի դերասան է ու արվեստագետ։ Բայց խոսքն այդ մասին չէ։ Եթե բանը հասել է աղոթելով պատերազմի վտանգը ի չիք դարձնելուն, ապա ավելի ճիշտ կլինի աղոթել, որ Հայոց, հատկապես երևանյան «քաղաքական էլիտան» անձնական գրպան-սնդուկներից զատ թեկուզ մի 10 տոկոս մտածի նաև իր երկրի ու ժողովրդի մասին։ Աղոթել, որ Հայաստանը Ազատ, Անկախ ու ժողովրդավարական Հզոր երկիր դառնա, որպեսզի հնարավորինս չեզոքացվի պատերազմի վտանգը։ Ուրիշ ելք չկա։

Երկրորդ. սա նվաստացուցիչ հայտարարություն է։ Ես չեմ կարծում, թե աշխարհում կարող է գտնվել մի թուրք-ազերի, որ նստի ու նամազ անի հայ-ադրբեջանական պատերազմ չվերսկսելուն միտված։ Խաղաղության մասին հայերիս հավաստումներով, ձոներգերով ու աղաչանքներով չէ, որ պիտի չեզոքացնենք պատերազմի վտանգը։

Երրորդ. չէի ցանկանա Զեյնաբ Խանլարովայի պես այլանդակությունները կրկին հայտնվեն Հայաստանում, հայոց հողում և ավելի այլանդակեն ռաբիսի ու թուրք-արաբական մուղամների ճահճում այսօր խեղդվող մեր ժողովրդի ճաշակը, նրա մեջ վերջնականապես ոչնչացնեն սերը առ իսկական Արվեստ (հատկապես՝ երաժշտություն)...

ԳԱԳԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ




ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՔԻ ՆՈՐ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐԻՑ...

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որևէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է...»,- այս փայլուն գաղափարի հեղինակը Ամենայն Հայոց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է։

Իրոք, վաղուց ժամանակն է ծննդատներին կից ուսումնական հաստատություններ բացել։ ՀՀ ԿԳ նախարարի մտքի պարբերական փայլատակումներն ու անզուգական կիրթ պահվածքը վկայում են, որ նա դպրոց հաճախել է 3-4 տարեկանից...

Ի դեպ, ժամանակն է նաև 12-ամյա կրթական համակարգից անցում կատարել 15-ամյա համակարգի։ Որքան վաղ դպրոց հաճախեն և որքան շատ ժամանակ հատկացնեն ուսումնական հաստատություններում, մեր ապագա քաղաքացիները շատ ավելի խելացի ու կիրթ կլինեն...

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ




ԿՐԿԻՆ ԳԱՆՁԱՍԱՐԻ ՇՐՋԱՊԱՐՍՊԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան» նամակ է հղել ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին՝ մտահոգություն հայտնելով Գանձասարի վանքային համալիրի սալիկապատման կապակցությամբ։

«Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011 թ. մասնագիտական և հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին։ Այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում և մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին։ Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ և մասնագիտորեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը՝ 2012 թ. աշխատանքները ֆինանսավորող բարերարը հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների և հոգևոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները (առանց որի չէր կարող լինել) շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման-պճնման աշխատանքները։ Քանի որ երևույթը և գործող անձինք նույնն են, ինչ 2011 թ.։

...Քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից (մեզ համար ՀՀ և Արցախի իշխանությունները համարժեք են) հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու, այլև կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը, ընդ որում՝ այս անգամ Ի ՀԱՇԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ և ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ հուշարձանի, (ցավալիորեն հավանաբար որևէ կերպ աջակցություն ստանալով նաև հոգևոր առաջնորդարանից)։

Ասոցիացիան իր մասնագիտական և քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ և Արցախի նախագահներին՝ խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու, հետևաբար նաև բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության համար և ավելլորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական Հայկական և միջազգային շրջանակներում, հետևաբար զրկելով նաև հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից»։- մասնավորապես ասվում է նամակում։




ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՈՒՇՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

Հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում սպորտային եռուզեռ էր. ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ՀՍԳՄ ստեղծման 36 ամյակի առթիվ ուշուի ցուցադրական միջոցառում էր կազմակերպել։
Միջոցառման կապակցությամբ Արցախ էր ժամանել սփյուռքահայ բարերար, Հայ սև գոտիների միության հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանը։

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԿԱ սպորտի կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Դոնարա Գաբրիելյանը, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մեր մարզասեր հանրությունը։

Միջոցառումը սկսվեց ուշուի ֆեդերացիայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմով, որում ներկայացված են ուշուն Արցախում արմատավորվելու պահից սկսած ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների, դժվարությունների և նվաճումների մասին պատմող նյութեր։
Իր հիմնադրման պահից սկսած ուշուի ֆեդերացիան նպատակ ունի հայ մարզիկների մեջ սերմանել մշտավառ ու մաքուր սեր և նվիրվածություն հայրենիքի հանդեպ, դաստիարակել հայոց աշխարհի իսկական պաշտպաններ։

Մեծ է սփյուռքահայ մարզիչներ Հարութ Բերբերյանի և Հարութ Ադամյանի վաստակն Արցախի զավակներին ուշու ուսուցանելու, հոգով ու մարմնով առողջ, կոփված, հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում։ Սակայն, չնայած Արցախի հանդեպ ունեցած սիրո և սաների հետ անսահման կապվածության, այնուամենայնիվ, սփյուռքահայ մարզիչներն մշտապես չեն կարող մնալ Արցախում, նրանք մեկնեցին՝ սկսնակ երիտասարդ մարզիչների ուսերին թողնելով ուշուի ավանդույթների ու հնարքների մեջ կատարելագործվելու և ավանդը հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատու աշխատանքը։

Կազմակերպված միջոցառումը ապացուցեց, որ ուշու մարտարվեստի զարգացումն Արցախում ոչ միայն չի նահանջել, այլև ավելի ու ավելի է վերելք ապրել՝ շնորհիվ մարզիկների ու մարզիչների համառ ջանքերի, ուշուի հանդեպ տածած սիրո և նվիրվածության։

Ֆեդերացիայի սաները հմտորեն ցուցադրեցին ինչպես ուշուի արտաքին ոճի՝ «սանդայի» հնարքներ, որոնք օգտագործվում են միջազգային մրցաշարերում, այնպես էլ տարրեր ուշուի ներքին՝ «թայ-չի» և «ցիգուն» ոճերից, որոնց օգնությամբ մարդը հասնում է հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության՝ օգտագործելով ճիշտ շնչառություն։

Կատարվեցին սրի պարեր և ներկայացվեցին տարրեր ուշուի «թայ-նույ» ոճից։ Խորն է ու բազմազան ուշուի աշխարհը, մինչդեռ Արցախի ուշուիստներին միավորում է մեկ ընդհանուր նպատակ՝ պայքար և ապագայի անընկճելի հավատ։ Հնարավոր է՝ սա է ընկած ֆեդերացիայի հաղթանակների հիմքում։

Ցուցադրական համարներից հետո ելույթ ունեցավ ուշուի Վարպետը՝ Կարո Քեբաբջյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց սպորտի կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանին՝ ֆեդերացիայի գործունեության զարգացմանը նպաստելու համար, ինչպես նաև սև գոտիներ շնորհեց ֆեդերացիայի բազմավաստակ մարզիկ և մարզիչ, 2010 թ. ուշուի Եվրոպայի չեմպիոն, 2011 թ. ուշուի աշխարհի փոխչեմպիոն, սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանին, ֆեդերացիայի մարզիչ և ղեկավար Սայաթ Բաղդասարյանին, մարզիչ Գևորգ Հայրապետյանին։

Արցախն այսօր հպարտանում է ֆեդերացիայի սաներ՝ 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Պետրոսյանով, բազմիցս միջազգային և Հայաստանի մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած Վարդգես Մանասյանով, Մարատ Պետրոսյանով, Գրիգորի Հարությունյանով և ֆեդերացիայի մյուս տաղանդաշատ սաներով, ովքեր շարունակում են առաջնորդվել «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի» նշանաբանով, որոնց համար կարևոր են ինչպես անձնական, այնպես էլ ազգային հաղթանակները, որոնց հաղթանակներով բարձր է պահվում Արցախի պատիվը։

ՍՈՆՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա




ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԱԲԿԱՆՔՆԵՐՈՒՄ

Այն պահին, երբ ռուսական 11-րդ բանակի զորամասերը մխրճվում էին Անդրկովկաս և առաջին խորհրդայնացման քայլերը կատարում Ադրբեջանում, Ղարաբաղի ռազմաքաղաքական վիճակը աստիճանաբար սրվում էր ու անհուսալի դառնում։ Այն ծանր էր նրանով, որ Ղարաբաղի հայությունը շվարել էր իր քաղաքական կողմնորոշման մեջ և չգիտեր ում կողմ թեքվեր. Հայաստանի դաշնակցական պետությա՞ն, թե՞ Ադրբեջանում նոր հաստատված բոլշևիկների պետության, որի կառավարությունը աստառը շուռ տված մուսավաթներից էր բաղկացած։ Գուցե ավելի էր բարդանում նրանով, որ Ղարաբաղում էր տեղավորված Գարեգին Նժդեհը և Դրոյի շուրջ 8 հազար սվիններից բաղկացած զորքը, իսկ մյուս կողմից էլ մուսավաթների ներկայացուցիչ նահանգապետ հորջորջված անգլիացիների մուսավաթ դրածո Խոսրով բեկ Սուլթանովի բանակը, որը հայկական բանակի դեմ ոչինչ ձեռնարկել չկարողացավ և իր ասկյարներով կղզիացած էր Շուշիում։

1920 թ. ապրիլի 13-ին Ղարաբաղի նորակազմ բազմակուսակցական ժամանակավոր կառավարությունն իր գումարած նիստում որոշեց Ղարաբաղը վերամիավորել Մայր Հայաստանին, որը բխում է արցախցիների արդարացի պահանջից։ 1920 թ. ապրիլի 25-ին նման որոշում ընդունեց նաև Վարանդայի Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։ Համանման որոշումներ ընդունեցին նաև Ղարաբաղի հայկական գյուղերի համայնքների ժողովները։ Բայց 1920 թ. ապրիլի 28-ի Ադրբեջանի խորհրդայնացումը հանկարծակիի բերեց Արցախ-Ղարաբաղի ազգաբնակչությանը։ Ղարաբաղում ևս սկսվեց խորհրդային կարգերի ստեղծման գործընթացը։ Մի կողմից Ադրբեջանի նոր կառավարության, մյուս կողմից ՌՍՖՍՀ-ի՝ Հայաստանին (դաշնակների կառավարությանը) ներկայացված վերջնագրերը պահանջում էին դուրս բերել զորքերը Ղարաբաղից և Զանգեզուրից։

Դիվանագիտության խաբկանքները սկսվեցին հենց այդտեղից, երբ բոլշևիկները խաբեությամբ Դրոյին հայտնում են, թե մայիսի 2-ին Հայաստանում հայտարարված է խորհրդային իշխանություն։ Կապի բացակայության պայմաններում Դրոն չէր կարող ստուգել դրա ճշտությունը, իսկ մինչ այդ Կարմիր բանակի զորամասերը ներխուժեցին Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Դիզակ և Վարանդա...

1920 թ. մայիսի 22-ին տեղի ունեցավ Ղարաբաղի ժամանակավոր կառավարության վերջին նիստը, որը քննարկեց «Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և խորհրդային Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի» հարցը։ Այդ նիստում էսեռ Արշավիր Քամալյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակում դրությունը «թերևս կարողանան փրկել տեղական բոլշևիկները՝ իշխանությունը իրենց ձեռքը վերցնելով և Ղարաբաղը հայտարարելով խորհրդային», իսկ Աստվածատուր Ավետիսյանն ասաց. «քանի որ այլևայլ պատճառներ կապել են մեզ Հայաստանի հետ, մենք կարող ենք նրա հետ լինել։ Այդ մասին պետք է հայտնել խորհրդային Ռուսաստանին»։ Նիստը որոշեց ընդունել խորհրդային կարգերի հաստատումը Ղարաբաղում որպես Ղարաբաղի բնակչությանը փրկելու միջոց, բայց չմտնել Ադրբեջանի կազմի մեջ։ Ժողովը միաժամանակ որոշեց այդ հարցերին վերստին պատասխան տալու համար մայիսի 26-ին հրավիրել Ղարաբաղի հայության հաջորդ՝ 10-րդ համագումարը։ Բայց մինչև կհրավիրվեր այդ համագումարը, նախատեսված օրը Թաղավարդում արդեն բոլշևիկյան զորքերի ճնշման տակ Խաչենի շրջանի որոշ գյուղերում մայիսի 21-ին հաստատվել էին խորհրդային կարգեր։

Մայիսի 25-ին բոլշևիկ, ծննդով շուշեցի Սահակ Տեր-Գաբրիելյանի պահանջով Դրոն հեռացավ Ղարաբաղից՝ հանելով իր զորքերը Ղարաբաղի բոլոր տարածքներից։

Ղարաբաղից հայկական զորքերի հեռանալը Գ. Նժդեհը բնութագրել է ճակատագրական։ Նա գրել է. «Ղարաբաղն առանց կռվի թշնամուն թողնելը անշուշտ պետք է ունենար իր բարոյալքիչ ազդեցությունը Զանգեզուրի վրա։ Կամ թշնամին չափազանց ուժեղ է, որ երևանյան զորքերը խուսափել են չափվել նրա հետ, կամ ինչ-ինչ քաղաքական նպատակներով չպետք է կռվել և չեն կռվել մերոնք»։ «Եվ արցախահայության այն հույսը, թե խորհրդային կարգերի հաստատումն կօգնի Մայր Հայաստանի հետ Արցախի միացմանը, շուտով հօդս ցնդեց և պարզ դարձավ, որ 11-րդ Կարմիր բանակի զորամասերը Արցախը օկուպացրել են հօգուտ Ադրբեջանի» (Հրանտ Սբրահամյան, «Մարտնչող Արցախ», Երևան, 2003 թ.)։

Հենց այդ ի նկատի առնելով, Սիմոն Փիրումյանն ու Արամայիս Երզնկյանը Լենինին հղած նամակում գրել են. «Ուլտիմատումների և բռնի մեթոդներով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու քաղաքականությունը մինչև այժմ եղել է Թուրքիայի, Անտանտի և Մուսավաթի քաղաքականությունը» (ՀՀ ՀՔԿՓ և ՊԱՖ. 1022, դ.157, թ.12)։

Համանման խնդիր բարձրացրել են նաև 1920-21թթ. ՌԿ(բ)Կ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ Ռուբեն Քաթանյանը և հայկական գործերի կոմիսարիատի աշխատակից Գուրգեն Հայկունին՝ Լենինին գրած նամակում։ Նրանք առաջարկում են Ղարաբաղն ու Զանգեզուրը հայտարարել խորհրդային հանրապետություն և դաշնային հիմունքներով մտցնել ՌՍՖՍՀ կազմի մեջ։

Մայիսի 31-ին Գ. Չիչերինին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Լևոն Շանթին և կովկասյան ռազմաճակատի խորհրդի նախագահ Սերգո Օրջոնոկիձեին ՀՀ արտաքին գործերի նախագահ Համո Օհանջանյանի ուղարկած հեռագրում պահանջվում է 11-րդ բանակի զորամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և այնտեղ անցկացնել հանրաքվե։

Բայց, ինչպես այդ օրերի առթիվ «Ժողովուրդ» թերթն է գրել՝ «Համաշխարհային հեղափոխության ջահակիրները միացած են մահմեդական թուրքական երկրների արյունռուշտ փաշաների, խաների հետ, իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքների ջատագովներ հռչակած (բոլշևիկները) բռնի ուժով ցանկանում են հօծ մեծամասնություն ունեցող ԼՂ-ն հպատակեցնել Ադրբեջանին, դրանով իհարկե, բոլշևիկա-թաթարական դաշնակիցները չպիտի բավականանան, այլ կաշխատեն իրագործել իրենց վաղեմի ծրագիրը՝ Հայաստանի վրայով միանալ Անատոլիայի թուրք «կարմիր» ազգայնականներին, պայքարելու համար դաշնակիցների դեմ...» («Ժողովուրդ», 1920 թ. 2 հունիսի)։

Հայաստանի քաղաքական և պետական գործիչները հասկանում էին, որ Հայաստանի արևելյան տարածքները բռնագրավելու վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում մուսավաթական Ադրբեջանի քաղաքականությունից։ Միայն եթե մուսավաթականները օգնության աղբյուրը Անգլիան և Անտանտի մյուս երկրներն էին, ապա խորհրդային Ադրբեջանինը դիվանագիտության մեջ դեռևս անփորձ խորհրդային Ռուսաստանն է և խորամանկ ցեղակից ու ցեղակրոն Թուրքիան, որը ձգտում էր Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան գծով միանալ Կովկասի իր կրոնակիցներին, որպեսզի կենսագործեր պանթուրքական իր ծրագիրը։

Հետևաբար Ադրբեջանի սանձարձակ քայլերի դեմը առնելու համար Հայաստանի կառավարությունը և ՀՀ դաշնակցության ղեկավար մարմինները ստիպված էին դիմել բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարությանը։

(վերջը հաջորդ համարում)

ՄԻՔԱՅԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
գ. Քարահունջ




ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունում ավելի քան մեկ տարի է, ինչ գործում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը։ Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարևոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, մատուցման և արմատավորման գործում։

Օրենքի գործողության ոլորտներն են.
1) բանահյուսություն (լեզուն, բարբառները, խոսվածքները, բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները,
2) ժողովրդական երաժշտարվեստ (ժողովրդական երգարվեստն իր տեսակներով, ժողովրդական նվագարանային երաժշտությունն  իր տեսակներով,
3) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով,
4) ժողովրդական թատերախաղերը իրենց տեսակներով,
5) ժողովրդական  տոներ,
6) մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ,
7) հասարակական,  ազգակցական,  ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ,
8) ազգային հավատալիքներ  ու սովորույթներ,
9) ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով,
10) տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն),
11) բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ,
12) ազգային խոհանոց,
13) ազգային խաղեր.
14) ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ (ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները, ազգային տարազը, ժողովրդական ճարտարապետությունը, բնակարանը և կահկարասին)։

Իհարկե, հնարավոր չէ մի փոքր հոդվածի միջոցով անդրադառնալ օրենքի գործունեության բոլոր ոլորտներին։ Ուստի, ընտրենք միայն ազգային ավանդույթները և սովորույթները։
Հայտնի է, որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը։ Որևէ ազգի, նրա մշակույթի մասին խոսելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել ազգային սովորությունները և ավանդույթները, որոնք անպայման անդրադարձվում են ժողովրդական ստեղծագործություններում։

Ավանդույթների միջոցով է հասարակական հարաբերություններում ծնվում ազգային գաղափարախոսությունը և բարքերը։ Դրանք նոր սերնդի մեջ այն հատկությունների վերարտադրության գործընթացներն են, որոնք հղկվել են պատմության ընթացքում, տվյալ ժողովրդի կողմից, ըստ ավանդական մշակույթի պահանջների։ Ավանդույթներն ուսուցողական և դաստիարակչական դեր ունեն, և դրանց վերջնական նպատակը հաջորդ սերունդներին այն հունով տանելն է, որով զարգացել է տվյալ ժողովրդի ավագ սերունդը։

Ի տարբերություն ավանդույթների, սովորույթը որոշակի իրավիճակում միշտ որոշակի պահանջ է ներկայացնում մարդու հոգևոր հատկությունների նկատմամբ։ Սովորույթը մանրամասն ազդարարում է  ինչր կարելի է և ինչր չի կարելի անել, թեև. չի մանրամասնում, թե ինչպես պետք է անել։ Սովորույթը սերունդների վարքի ուղղորդումն է կոնկրետ իրավիճակում՝ գործողությունների մանրամասն կանոնակարգումով։

Սովորույթները և ավանդույթները հիմնականում ունեն երկու գործառույթ՝ ա) հասարակական հարաբերությունների կայունացման միջոց են, բ) իրականացնում են հարաբերությունների վերարտադրությունը նոր սերնդի կյանքում։
Չնայած իրենց տարբերություններին, սովորույթները և ավանդույթները կատարում են ընդհանուր՝ հասարակական հարաբերությունների կայունացման և վերարտադրության դեր։ Երկուսն էլ ներկայացնում են «սոցիալական ժառանգության» սերունդների հաղորդականության մեխանիզմներ։ Նրանք իրենց այդ գործառույթն իրականացնում են տարբեր ճանապարհներով և միջոցներով։

Այսքան երկար նախաբանից հետո ներկայացնենք ամուսնության, հարսանյաց ավանդույթները և սովորույթները Արցախ աշխարհի Վարանդա գավառում, որն ավելի քան մեր դար առաջ, հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը տպագվել է «Ազգագրական հանդեսում»։


Օրօրոցի նշանադրություն

Անցյալում շատ հաճախ, իսկ այժմ շատ սակավ է պատահում օրօրոցի նշանադրություն, որ տեղական բարբառով «օրօրոցախազ»  է կոչվում։  Միմյանց համակրող գերդաստաններ և կամ մի ընտանիք ցանկանալով միմյանց և կամ մի «հալալ-ծիծ կերած» օջախի հետ շուտ բարեկամանալ, ուխտում են միմյանց տալ իրենց սպասելիք որդիրները, եթե նրանք տարբեր սեռի լինին և կամ, եթե մինը արդեն արու զավակ ունի, խոստանում է նշանադրել նրան մյուսի սպասած աղջկա հետ։ Շատ անգամ պաատահում է, որ այս ցանկությունը ծագում է ծնողների մեջ, երբ տղան արդեն մի քանի տարեկան, իսկ աղջիկը մի քանի օրական է լինում։ Այս ժամանակ տղայի հայրը խազում է աղջկա օրօրոցը և կամ եռագույն մի թել կապում օրօրոցի լծից և այդպիսով նշանադրում այդ երկու փոքրիկներին։

Երբեմն էլ պատահում է, որ փոքրիկ տղաները համակրանք են ցույց տալիս դեպի փոքրիկ աղջիկները և սրանց հայրերը խոստանում են պսակել նրանց, երբ մեծանան։
Այս խոստումից հետո այդ փոքրիկները նշանված են համարվում և տղան պարտադրվում է իր մրգից միշտ բաժին հանել իր փոքրիկ նշանածին։
Անցյալում շատ էր պատահում, որ փոքրիկ մշանածները հրաժարվում են իրենց ծնողների խոստումը  կատարելուց։ Եվ մինչև անգամ եթե ծնողներից մեկը ցանկանար հետ կանգնել իր խոստումից, մյուսը կարողացածին չափ կստիպեր և կնախատեր նրան։

Երբ այդ փոքրիկ նշանած աղջիկը մեռնում էր, հաճախ պատահում էր, որ տղան նրա քրոջ հետ էր ամուսնանում, իսկ եթե տղան էր մեռնում, սրա եղբայրն էր ամուսնանում աղջկա հետ։
Շատ անգամ պատահել է, որ հիվանդության, ընտանիքի դժբախտություն և այլ պատճառներով՝ այսպիսի նշանադրությունները լուծվել են։ Շատ անգամ էլ նշանվածները միմյանց անհամապատասխան լինելով՝ փոխադարձաբար թշվառացրել են միմյանց։


Շալակի նշանադրություն

Երբ երիտասարդը սիրահարված է և ուզում է խնդրել աղջկա ձեռքը, բայց ամաչում է, լուռ ու մունջ և գաղտագողի  «շալակ» է տանում։ Վերցնում է մի քթոց թարմ պտուղներ, խաղող, տանձ, խնձոր, վարունգ և կամ մի կապոց չոր միրգ և գիշերը տանում նշանածի դռանը կամ դրսում քնած տղամարդու գլխի վերևը դնում։  Մի քանի անգամ այս կրկնելուց հետ՝ աղջկա ազգականներից մեկի միջոցով հայտնում է, թե շալակ տանողը ինքն է։ Եթե աղջկա ծնողները համաձայնում են իրենց աղջիկը տալու, շալակի քթոցի մեջ դնում են մի «խոնչա»  և մի եփած ձու, մի քանի ձու, մի քանի գթալ և մի զույգ գուլպա և ուղարկում տղային, ով աշխատում էր հանդում։ Այս լուռ ծիսակատարությունից հետո աղջիկն ու տղան նշանված են համարվում։


Բարգեահ կամ Ծաղկազարդին նշանադրություն

Ծաղկազարդին եկեղեցում, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտիկ ազգական կին Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի խաչաձև մոմ, որի վրա երբեմն մի արծաթե մատանի է անցակցրած լինում, տանում և լռելյայն տալիս է իր ուզած աղջկա ձեռքը, և կամ նրան մոտեցնելով ծառին, ձգում է գլխին մի կարմիր չարղաթ։ Այնուհետև այդ աղջիկը նշանված է համարվում։


Օջախի պսակ

Գրեթե ամեն մի գյուղում կա մի կամ երկու օջախ, որ սրբատեղի է համարվում. Եկեղեցի չեղած գյուղում պսակի խորհուրդը թոնրի և կամ այսպիսի օջախների վրա է կատարվում։ Այսպես մինչև 1882 թ. Խերխան գյուղում պսակը Փարամազենց  օջախի վրա է կատարվել, որովհետև գյուղում եկեղեցի չի եղել։ Սխտորաշենում պսակը Սահակ քեոխանց (տանուտեր) և Շվերդունց օջախների վրա էին կատարում։ Բացի դրանից, միշտ և բոլոր գյուղերում նորապսակները եկեղեցուց  դուրս գալուց հետո անպատճատ բոլոր հանդիսականների  ընկերակցությամբ և դհոլ-զուռնի առաջնորդությամբ գնում են այդ օջախները համբուրում և ապա գնում իրենց տուն։

Կիրակի և տոն օրերն էլ շատ կանայք գնում ուխտ են անում այդ օջախների վրա։ Սրանք սովորական հողաշեն օջախներից ոչնչով չեն տարբերվում. տնեցիները այն սովորական ձևով գործածում են, մոտը մի մոմակալ և մի խնկաման են դնում, որ ուխտավորները կարողանան իրենց բերած մոմը վառել և խունկը ծխել։
Սովորաբար նման  օջախները պատկանում էին գյուղի հիմնադիրներին, և կամ գյուղի մեջ մեծ  ազդեցություն ունեցող մարդկանց։


Թոնրի պսակ

Շատ տարիներ առաջ գործադրվում էր թոնրի պսակը. Սա գլխավորապես  տեղի էր ունենում. 1. Երբ գյուղում եկեղեցի չէր լինում, 2. Երբ եկեղեցում ննջեցյալ է լինում, 3. Երբ ամուսնացողները այրիներ էին, 4. Երբ չհասություն կար, 5. Երբ հարսնացուն բարոյական կյանք չէր ունեցել։
Ժողովուրդը սուրբ էր համարում թոնիրը։ Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչում են քահանային, որ օրհնում է թոնիրը և մի քանի տեղ մյուռոն քսում։

Թոնրի պսակին թոնրի վրա շուրջանակի մոմեր են վառում։ Հարս ու փեսան գալիս երեք անգամ պտտվում են թոնրի շուրջը և կանգնում նրա արևմտյան կողմը, երեսները դեպի արևելք դարձած։ Ապա չոքում և երեք անգամ համբուրում են թոնիրը։ Այնուհետև քահանան կատարում է պսակադրությունը և նորապսակները կրկին համբուրելով թոնիրը, վերադառնում են։ Շատ անգամ մինչև թոնրատնից դուրս գալը հետ հետ գնալով՝ որպեսզի մեջքերը չդարձնեն դեպի թոնիրը, մեղք համարելով այդ։


Առևանգմամբ ամուսնություն

Պատահում է, երբ մի երիտասարդի մերժում են տալ իր սիրած աղջկան, որի պատճառը սովորաբար երիտասարդի ստորին գերդաստանից, կամ աղքատ լինելն է լինում։ Վերջինս հավաքելով իր մի քանի մտերիմ ընկերների՝ փախցնում է աղջկան։ Շատ անգամ առնելով  աղջկա համաձայնությունը և ժամադիր լինելով նրա հետ, երիտասարդը ձիու գավակն էր առնում աղջկան, որը իր հետ առած է լինում իր բոլոր զարդերը, և փախչում։

Եթե աղջկա ծնողները շուտ են իմանում այս, իսկույն մի քանի ձիավորներ հետևում են նրանց և եթե հասնում են, տեղի է ունենում կատաղի կռիվ, որի ընթացքում երբեմն  մարդիկ էլ են սպանվում։ Եթե չեն կարողանում  աղջիկը հետ խլել, տղան տանում է նրան մի ուրիշ գյուղ՝ իր բարեկամի տուն։ Անմիջապես աղջկա հայրը հայտնում է աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք աղջկան կանչում հարցաքննում են։ Եթե աղջիկը խոստովանում է, որ իր ազատ կամքով է փախել երիտասարդի հետ, նրանց թույլ են տալիս պսակելու, իսկ եթե ոչ, բաժանում են նրանց, աղջկան վերադարձնում հորը, իսկ տղային պատժում պետական օրենքներով։

Երբեմն պատահում է, որ երիտասարդը փախցնում է աղջկան, առանց նրա համաձայնությունը առնելու. Այսպիսի դեպքերում հազիվ է պատահում, որ աղջիկը չզիջեր երիտասարդի և նրա բարեկամների աղաչանքներին՝ հայտնելու թե իր կամքովն է փախել։ Փախցրած և վերադարձված աղջիկը հասարակության մեջ հարգանք չվայելելով՝  թշվառ աղջիկները նույնիսկ ակամայից համաձայնում են ամուսնանալու փախցնողի հետ։


Աղջիկ ուզել

Հարսնացուի ընտրության խնդրում երիտասարդը շատ փոքր ձայն ուներ։ Դա առավելապես պատկանում էր մորը և հորը։ Շատ հազիվ էր պատահում, որ մի երիտասարդ ամուսնանա իր ծնողների չուզած աղջկա հետ, մինչդեռ աղջիկները ավելի հաճախ փախչում են սիրելիների հետ, եթե իրենց ծնողները հակառակ են լինում իրենց միությանը։ Սրա պատճառն այն է, որ երիտասարդները առանձին, ինքնուրույն կյանք չունենալով և տնտեսապես կախված լինելով հորից, չեն վստահանում նրա կամքին հակառակ գնալու։ Աղջիկը  առնել փախցնելուց հետո, նրանք հազիվ կարողանում են մի ամիս անցկացնել  այս կամ այն բարեկամի տանը, այնուհետև կամա ակամա ստիպված են վերադառնալ իրենց տուն, որովհետև սեփական հող, դրամագլուխ չունին և բանվորական կյանքն էլ, մանավանդ ձմեռը, գոյություն չուներ Վարանդայում։

Այսպես, ուրեմն, երբ ծնողները ընտրում են մի աղջիկ, առավելապես նրա ընտանիքի և մանավանդ մոր բարոյական հատկությունները նկատի առնելով, մի կնոջ ուղարկում են աղջկա մոր մոտ խնամախոսության։ Այս կինը գովելով երիտասարդի ընտանքիը, օջախը, և երիտասարդի աշխատասիրությունն ու կտրիճությունը, «կատարյալ ու քաջ տղա է»,- առաջարկում է տալ իր աղջկան նրան։
Աղջկա մայրը ժամանակ է խնդրում ամուսնու և մանավանդ իր եղբոր հետ խորհրդակցելու, միանգամայն խոստանալով աշխատել հաջողացնելու։
Մի քանի օրից աղջկա մայրը հայտնում է իր համաձայնությունը և կամ մերժում։

Համաձայնած դեպքում ամուսնացող երիտասարդը իր եղբոր կնոջ հետ, առնելով մի հասարակ մատանի, գնում է աղջկա տունը։ Փոքր ինչ խոսակցություններից հետո աղջիկը, իր երեսը քողով ծածկած, թեյ է բերում։ Երիտասարդի հետ եկած կինը աշխատում է բանալ աղջկա երեսը և տեսնել նրա գեղեցկությունը, ապա համբուրում է ճակատը և բերած մատանին դնում մատը։ Այս ծեսը տեղական բարբառով «բեհ (առհավատչյա) տանել» է կոչվում։ Հետո ընթրիք են տալիս ու մի զույգ գուլպա նվիրում փոսացուին ու կնոջը, որոնք որոշելով նշանադրության օրը՝ վերադառնում են տուն։
Նշանադրությունը գլխավորապես տեղի է ունենում մեծ պասին, իսկ հարսանիքը Նավասարդից մինչև մեծ պաս և առավելապես  Բարեկենդանին։

Հարսանիքի պատրաստությունը սկսվում է չորեքշաբթի՝  տղայի, իսկ հինգշաբթի՝ աղջկա տանը։ Հարսանիքը իսկապես տևում է յոթ օր, չորեքշաբթի օրից մինչև երեքշաբթի, միայն բուն հարսանիքը կատարվում է երեք օրվա ընթացքում, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Այս իրերն անելու գլխավոր պատճառն այն է, որ նախ ուրբաթ օրը պասի կերակուրներ մատուցանելով, ավելի քիչ կծախսեն և երկրորդ՝ կանչը կընկնի կիրակի օրը, երբ գյուղացիները բոլորովին ազատ  լինելով՝ ավելի մեծ թվով կհավաքվին։

Իհարկե,  21-րդ դարում հնարավոր չէ վերը նշված սովորույթները ամբողջությամբ կիրառելը, բայց ընդհանուր ոգին, ամուսնության նկատմամբ լրջությունը, և վերջապես՝ հայկականությունը, խիստ ընդօրինակելի է։  

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՆԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԽԱՂ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Մեր շարքային հանրակրթական դպրոցներում սկսած երկրորդ դասարանից, մայրենիի գրաճանաչությունը չամրապնդած, էլ չեմ ասում հայերեն լեզվամտածողություն դեռ չձևավորված, երեխաներն սկսում են միաժամանակ սերտել երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ մեկ այլ։ Դժվարությամբ եմ հասկանում, ինչու այսքան շուտ և շատ և բոլորովին չեմ հասկանում՝ ինչու միաժամանակ։

Փորձում եմ տրամաբանություն գտնել, մտածում եմ, ռուսերենը՝ լավ, ուզենք թե չուզենք մեր մշտնջենական հարևանն է, երկրագնդի ցամաքի վեցերորդ մասն է զբաղեցնում, տրադիցիաներ կան, ինքներս էլ վատ-լավ տիրապետում ենք այդ լեզվին, երեխաների հետ տանը զբաղվող կա և հետո՝ ազգս համատարած արիստոկրատացման ուղին է բռնել, մեծ մասը տներում սկսել են ազնվացեղ շներ պահել, իսկ նրանց հետ հաղորդակցվելու միակ լեզուն մեզանում, էն գլխից ռուսերենն է ընդունված, թող լինի։

Անգլերենն, ինքներդ գիտեք, տարբեր ժողովուրդների կողմից անուղղակիորեն ընտրված լեզվական հաղորդակցման միջոց է, համակարգչային-ինֆորմացիոն-ցանցային տարածքներում գրեթե ամեն բան այդ լեզվով է, ստիպված ենք, թող լինի։ Լավ, բա երրորդ օտար լեզվի, ոչ ֆակուլտատիվ, ըստ ցանկության, այլ պարտադիր ուսուցման անհրաժեշտությունն ինչպե՞ս հիմնավորես, չէ՞ որ դա իրականացվում է կամ մեկ այլ առարկայի, կամ երեխաների առանց այն էլ խիստ ծանրաբեռնվածության աստիճանի էլ ավելի բարձրացման հաշվին։

Լավ, մտածում եմ, ինչո՞ւ ոչ չինարեն, գոնե աշխարհի բնակչության վեցերորդ մասն այդ լեզվով է խոսում, կամ ասենք իսպաներեն, վերջապես ֆրանսերենից քանակապես ավելի շատ խոսող կա աշխարհում։ Հետաքրքրվում եմ, թե ինչ բան է, արդյո՞ք միայն մեկ առանձին վերցրած «օրինակելի» դպրոցում է այդպես։ Ոչ, ասում են, ամեն տեղ է, դա քաղաքական որոշում է։ Պարզվում է, Հայաստանն արդեն ֆրանկոֆոն համայնքի լիիրավ անդամ է դարձել, և այդ ֆրանկոֆոնները՝ Ֆրանսիա պետության Աֆրիկյան մայրցամաքի բոլոր նախկին գաղութները, իրենց համագումարում, որոշում են ընդունել, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով և միայն Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն՝ տարածաշրջանային, եթե չասենք համաշխարհային՝ օ-հո-հո խաղաղության, մեծ քաղաքականության հարց է։

Մտածում եմ, ախր այդպես չի՛ կարելի, մի ամբողջ սերնդի ճակատագրի հետ խաղ ենք անում և, չգիտես ինչի համար, ախր այդ նույն ֆրանկոֆոնների տերերը, եթե որոշեն այստեղ պատերազմ սարքել, մեր ֆրանկոֆոնության կամ այդ թղթի կտորի վրա չեն էլ թքելու։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական մակարդակով գավառականության դրսևորման և պրիմիտիվիզմի ևս մի վառ օրինակ։ Սակայն վերադառնանք մեր երեխաներին։

Երեխան մեկ օտար լեզու հեշտությամբ կարող է սովորել, միաժամանակ երկուսը՝ կարծում եմ ավելի դժվար, բայց ենթադրում եմ, որ հնարավոր է, սակայն երեքը միաժամանակ, այն էլ ուսուցողական խաղային, հատուկ տեխնոլոգիաների և համապատասխան մասնագետների ու նպատակային ուսումնական ձեռնարկների՝ ընդ որում երեք լեզուն միասին սովորելու համար հատուկ մշակված ձեռնարկների, բացակայության պարագայում, այսպես, թեթևամտորեն՝ «արա դե լավ կլինի, էլի» մտածողությամբ, կամ կամային՝ «չես սովորի-չես ստանա» «տեխնոլոգիայի» կիրառմամբ, կհանգեցնի նրան, որ միջին երեխան դրանցից ոչ մեկին էլ չի տիրապետի։ Ավելին՝ նա օտար լեզուների, ուսուցիչների, դպրոցի և, վերջապես, ուսման հետ կապված ամեն ինչի նկատմամբ կլցվի հակակրանքով, ֆիզիկապես հաճախելով դպրոց, դրա նպատակայնությունը, հետևաբար՝ նաև կապվածությունը դպրոցի հետ կկորցնի, դպրոցական կոչվելով այլևս դպրոցական չի լինի և իր համար դրսերում այլ հետաքրքրություններ գտնելով, հասարակությանը պիտանիության իր աստիճանը կկորցնի, իսկ դպրոցն էլ իր գլխավոր՝ լիարժեք ապագա սերունդ դաստիարակելու, կրթելու և կերտելու դերը կատարած չի լինի։

Երեխաների համար մի՛ անհանգստացեք, ասում են ինձ և բացատրում. պարզվել է, որ նրանց ուղեղը սպունգի է նման, ինչ մատուցես՝ ներծծում է ու ներծծում, բան չկա, այ ճապոնիայում՝ այսպես ու այնպես է, իսկ Իտալիայի այսինչ քաղաքից եկած այնինչը պնդում է, որ... և այլն, և այլն։ Դատարկախոսություն ու դիլետանտություն, ուրիշ ոչինչ։ Լավ, ասում եմ, բերեք գոնե աղբ չլցնենք այդ «սպունգի» մեջ, օգտակար բան լցնենք, ավելի ճիշտ՝ չի՞ լինի արդյոք, մեկ կամ գոնե երկու օտար լեզու սովորեցնենք, բայց ավելի հիմնավոր անենք դա, և երրորդ լեզվի դասավանդմանն ուղղված ժամերը հատկացնենք մայրենիին, մաթեմատիկային կամ հանգիստ տանք երեխաներին վերջապես, քանզի ես հստակ գիտեմ (խոսքն արդեն միայն օտար լեզուներին չի վերաբերվում այլ ամբողջ կրթությանը), որ եթե մատուցվող ինֆորմացիայի ծավալը շատ ավելին է, քան այդ խեղճ սպունգ-ուղեղի ինֆորմացիա կլանելու, առավել ևս մշակելու կարողությունը, ապա նա դադարում է գործելուց, «անջատվում» է, նրա էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է, նա՝ ինչպես շատ կերակուր լափած մարդու ստամոքսը, որձկում և դուրս է շպրտում ամբողջը և այդ «սպունգի» տերը վերջիվերջո վերածվում է ինֆորմացիոն ապուշի։

Գիտեք, արդեն ջղագրգիռ բացատրում են ինձ, եթե ամբողջ դպրոցից, անգամ մի քանի երեխա կարողանան ազատ հաղորդակցվել երեք օտար լեզուներով, մենք մեր խնդիրը կատարած կհամարենք։
Ահա և հասանք։
Հանրակրթությունը այդպես է անվանվում, քանզի նրա գլխավոր նպատակը մատաղ սերնդի եթե ոչ ամբողջ, ապա գոնե նրա գերակշիռ զանգվածի հավասարարժեք կրթության ու դաստիարակության ապահովումն է, համակարգը այդ և միայն այդ խնդրը պիտի դրած լինի իր առջև։

Օտար լեզուների ուսուցման հետ կապված այս մտորումներն, իմ կարծիքով, հանրակրթության ոլորտում առկա բազում պրոբլեմների, թերացումների ու խորքային սխալների, մեթոդական բացթողումների ու համատարած «փնթիության», վերջապես՝ համակարգային մտածողության իսպառ բացակայության մասին են ահազանգում։

Մեր ողջ կրթական համակարգն այսօր կարծես գործում է հետևյալ տրամաբանությամբ. «Մեր խնդիրը որքան հնարավոր է շատ տալն է, իսկ ով ինչքան կկարողանա վերցնել, դա արդեն մեր գործը չէ»։ Այսինքն՝ այդ խեղճ երեխաները կյուրացնե՞ն արդյոք մատուցվածը, թե՞ իրենց ողջ հետդասաժամային օրը վատնելով միայն դասերի պատրաստման վրա, մի կերպ ծայրը ծայրին հասցրած կվազեն դպրոց և դրանից հետո ուսման նկատմամբ ինչպիսի՞ հոգեբանության, ի՞նչ վերաբերմունքի տեր կդառնան՝ ինչն իրենց ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում, կսիրե՞ն, թե՞ անթաքույց կսկսեն ատել ուսումն էլ, այն իրենց պարտադրելով մատուցող ուսուցիչներին էլ, դա ոչ ոքի կարծես չի հետաքրքրում։ Իսկ սրանք կարևորագույն խնդիրներ են, հազարապատիկ ավելի կարևոր, քան մեր հանրակրթությամբ զբաղվող մասնագետների, մեր գիտակից հանրության ուշադրությունը զբաղեցնող դպրոցներում իբր առկա կաշառակերության, դրամաշորթության խնդիրները, որոնց առկայությունն առավելապես հենց վերոհիշյալ, մեղմ ասած, կրթամեթոդական թերացումների հետևանք է։

Մեզանում այսօր լեցուն են տարաբնույթ մասնագետներ, հոգեբաններ, ովքեր «նվիրվել» են մատաղ սերնդի բացառապես սեռական դաստիարակության, յուվենալ իրավապաշտպանության, թրաֆիկինգի, դեռահասների ներկայությամբ կատարվող սեռական բռնությունների կանխման և էլի մի շարան նման, հիմնականում սեռականի հետ կապված և մեզանում, փառք Աստծո, առավելապես դեռ չառկա, խնդիրների լուծմանը։ Ես հասկանում եմ, դրանց համար են միայն գրանտներ հատկացնում ու լավ էլ վճարում և, հավատացեք, հարգելիներս, չտեսնելու ենք տալիս, լավ, ասում ենք, հացի խնդիր է, մարդիկ են, կարողանում են համոզել, որ այդ հարցերը մեզանում չափազանց ակտուալ են, թող ստանան, սակայն դրա հետ միասին, ա՛յ հոգեբաններ, մեզ համար առաջնային կարևորություն ունեցող, դեռահասների կրթության հետ առնչվող հոգեբանական խնդիրներով էլ զբաղվեք, թեկուզ «ձեռի հետ», խնդրում ենք։

Բազում հարցեր կան։ Մեծ չէ՞, արդյոք, մեր երեխաների ծանրաբեռնվածությունը, և եթե մեծ է, հոգեբանական, Աստված հեռու տանի, հոգեկան շեղումներ չե՞ն առաջանա արդյոք դրանից, հակակրանք կամ՝ ավելի վատ, զզվանք չի՞ առաջանա արդյոք ուսման հանդեպ, կամ եղած ուսուցման մեթոդներով և համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ դասարանների բացակայության պայմաններում, եղած մասնագետներով՝ վերջապես։ Երեք օտար լեզու միաժամանակ հնարավոր է սովորեցնել երեխաներին, և եթե ոչ, ապա ի՞նչ խորքային հետևանքներ դա կունենա նրանց վրա, չե՞ն հիասթափվի արդյոք ողջ ուսման պրոցեսից, թերարժեքության բարդույթներով չե՞ն սկսի արդյոք տառապել դեռ մանուկ հասակից, չե՞ն սկսի մտածել, որ իրենք ոչնչի ընդունակ և պիտանի չեն այս կյանքում և այլն, և այլն։

Կամ դասագրքերում տեղ գտած նյութերի բովանդակային ուղղվածությունն ու դրանց շարադրաոճը հոգեբանական ի՞նչ վիճակներ կառաջացնեն երեխաների մոտ՝ սե՞ր, թե՞ անտարբերություն ու հակակրանք կսերմանեն ուսման նկատմամբ, նյութականի հանդեպ հոգևոր արժեքների գերակայություն կներշնչե՞ն, թե՞ հակառակը, կպարտադրեն և, վերջապես, եթե այն, ինչ արվում է ճիշտ ու ճշմարիտ է, արդյունքում մենք ի՞նչ ենք ստանալու, հոգևոր, մտավոր և մարմնավոր ի՞նչ կարողություններով օժտված մարդ ենք ունենալու և, ամենակարևորը՝ այդ կարողություններից ո՞րն է գերակայելու, որն է ուղղորդելու մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Մի՞թե սա չէ ամենագլխավորը։

ԱՐՏԱՇԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ
Երևան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ 
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչների նախաձեռնությամբ հարցում է անցկացվել, որին մասնակցել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ։ 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին այսպիսի պատասխան են տվել.
2671 մարդ կամ հարցման մասնակիցների 74.8 տոկոսը գտնում է, որ «12-ամյա կրթությունը երեխաներից իզուր կխլի երկու տարի»։
470 մարդու կամ 13.2 տոկոսի կարծիքով՝ «12-ամյա կրթությունը կբարձրացնի կրթության որակը»։
Հարցման 430 մասնակցի կամ 12 տոկոսի կարծիքով՝ «ոչինչ չի փոխի»։




ԴԵՌԱՀԱՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԶՈՒԿՈՏ ԴԵՄՔԸ

Արդյոք կա՞ ճանապարհային որևէ ոստիկան, որն անկեղծորեն ցանկանա բարելավել երթևեկությունը, oգնի վարորդներին, ամեն ինչ անի, որ խախտումներ չլինեն, վթարներ չլինեն, որ ձեռքերը չշփի վթար տեսնելիս (փող «աշխատելու» առիթ է), որ հարգանքով վերաբերվի բոլոր վարորդներին՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, որ ամբարտավան չլինի թույլի հանդեպ, և պոչը քաշած՝ ուժեղի դիմաց։ Չկա՜, կասեն բոլորը, բացի ոստիկաններից։

Արդյոք կա՞ որևէ իրավապաշտպան, որը հրճվանք չապրի կարգազանցների, հանցագործների առատությունից։ Չկա՜ այդպիսին։

Արդյոք կա՞ որևէ պաշտոնյա, որը սրդողած չսպասի կաշառքի և ուզենա, որ կաշառատուներ չլինեն։ Չկա՜, կարձագանքվի բոլորի սրտերում։

Արդյոք կա՞ որևէ իշխանավոր, որը մտածի ու գործի պետության շահերից ելնելով, ոչ թե իր զոքանչի, որ իրեն շրջապատի խելացի մարդկանցով և ոչ թե խելոք, որ իրեն զրկի հանուն ընդհանուրի շահի։
Չկա՜, կասի ընդհանուրը։

Արդյոք կա՞ ազգային որևէ գործիչ, որ ազգային լինի և ոչ թե միջազգային, որ ազգի հետևում թաքնվելով ազգին թիկունքից չխփի։ Չկա՜, կասի ազգի թիկունքը։

Արդյոք կա՞ որևէ մեկը, որ, իշխանավոր լինելով, չկանգնի բուրգի գագաթին ու գրպանները և սիրտը լայն չբացի ներքևից վերև հոսող Մամոնայի մեզի դեմ։ Չկա՜, կասի Մամոնայի մեզը ձեզ։

Արդյոք կա՞ որևէ մեկը, որ հավատա, որ եթե այսքան տեսակ մարդիկ այսպես են ուզում, ապա Աստված ինչպե՞ս այնպես անի, որ հասկանանք, որ ինչ մտածում ենք, այն էլ ստանում ենք, ինչ ստանում ենք, այն էլ ցանում ենք, ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք։


Մադագասկարի վարչապետի խորհրդականի տեղակալ Անտանա Նանայի նամակը Բուրկինա Ֆասոյի իր գործընկերոջը թարգմանաբար ներկայացրեց՝
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«9-րդ հրաշալիք», N 484, 2009 թ.




ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քաղաքական պամֆլետ

Ինչո՞վ եք զատվում նույն ութսունութից,
Ինսունչորսից ինչո՞վ եք զատվում.
Երբ ազգը նույնիսկ զրկված էր լույսից -
Ատոմակայան ունեցող երկրում։
Եվ ի՞նչ է փոխվել այս քառորդ դարում,
(Իսկ թե փոխվել է, լոկ դեպի վատը).
Արտերկիր՝ հոսքը դեռ չի դադարում -
Երկիրը համակ արցունքի պատ է...
Այս քառորդ դարի ղեկանիվը ծուռ,
Մի թայֆաբազից անցնում է մյուսին.
ԱԺ-ն դարձել է դիվանբաշու դուռ -
Որտեղ չի զատվում պոռնիկը կույսից։
Եղած-չեղածը սեփականելով,
Քար չթողեցիք, որ մնար քարին.
Սրբությունները ոտնահարելով,
Բռնաբարեցիք ազնիվն ու բարին։
Բա՛վ է, պարոնա՛յք, արյունը ջուր չէ,
Ուր ոսկե ձկան ցանցեր եք հյուսել.
Մա՛րդ դարձեք մի քիչ, քանի դեռ ուշ չէ -
Դանակը վաղուց ոսկրին է հասել։
Ձայնին անսացեք բանականության,
Տմարդ մի դարձեք ու վայրի խոզեր
Աթոռակռվում ձեր քաղաքական՝
Հարգի դարձրած կճղակ ու պոզեր -
Որ մեծ-մեծ բրդում ազգի շահերից,
Հայոց աշխարհը դրել եք գրավ.
Թե՞ չհոգնեցիք ճղճիմ դավերից -
Դարձած աթոռի ու շահի ծարավ...
Որ այդպես ելած շալակը ազգի,
Այն դարձրել եք ճարպակախ դմակ.
«Լավ տղերքի» պես նույն լևոնների՝
Ձեռքներդ առած մի-մի սուր դանակ։
Ու կտրտելով պատառ առ պատառ,
Մարսում եք, ինչ կա և նույնիսկ... չկան.
Ճարպոտ բերանով անամոթաբար,
Ընտրություններ եք խաղում հերթական...
Ներսում եղածը կարծես թե քիչ էր,
Դուրսպրծուկներ կան նաև արտերկրում.
Որտեղից նույնպես լսվում են ճիչեր.
«Առանց մեզ ո՞նց եք երկիրը լափում»...
Ինչ-որ մի Արմեն, կամ՝ Վանի՛կ, Պողո՛ս...
Սրանք էլ իրենց բաժինն են տենչում.
Գուցեև դառնան մի-մի Պիղատոս -
Ովքեր հայի մեջ հային են խաչում...
Ի՞նչ օրի հասանք...
Այս ո՞ւր ենք գնում...
Հայը դարձել է հային թշնամի.
Կուշտը քաղցածին շատ մանր է բրդում,
Երբ բանն է հասնում աթոռաժամի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եղած-չեղածը արդեն վաճառել,
Բաժնետերեր եք դուք ամենայնի.
Չարորակ խոցը ամենուր աճել -
Այսօր դարձել է վերք Հայաստանի...

ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ և ՌԴ լրագրողների միության անդամ




ГЮСТАВ   НАДО
(1820-1893)
                                     
МОЕМУ ВНУКУ 

Мой внук, когда тебе придется прочитать
О нашем времени забавном,                                
В иные мелочи ты можешь не вникать,
Но думай лишь о самом главном.

О том, что нам растлили души
Пустопорожние врали,
Они нам лесть вливали в уши
И к черной пропасти влекли;
О том, что все живые страсти
Им были попросту смешны,
Их опьяняла жажда власти
За счет ограбленной страны.

О том, что, меж собой условясь,
С улыбкой наглой на устах.
Они насиловали совесть
И культивировали страх;
Что в мире подкупа и гнили.
Средь этих гнусных прощелыг,
Мы не свидетелями были,
А попустителями их.

О том, что все имели долю.
Все, как один, в одной семье -
И император на престоле,
И депутаты на скамье;
И если к злодеяньям этим
Привыкнем мы в конце концов,
То отвечать придется детям
За поведенье их отцов!

Мой внук, когда тебе придется изучать
То, что считалось нашим срамом,
В иные мелочи ты можешь не вникать,
Но думай лишь об этом самом!

 Пер. с франц. Арго




ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏԸ

Տարօրինակն այն էր, ասում էր նա, թե ամեն օր՝ կեսգիշերին ինչպես էին նրանք ողբում։ Ես չէի հասկանում, թե ինչու էին հատկապես այդ ժամին ողբում։ Մենք նավահանգստում էինք, իսկ բոլորը՝ քարափին, և կեսգիշերին սկսում էին ողբը։ Որպեսզի հանդարտեցնեինք, նրանց վրա էինք ուղղում լուսարձակները։ Եվ միշտ շահում էինք։ Շարժում էինք լուսարձակը, երկու կամ երեք անգամ սահեցնում նրանց վրայով, և ձայները կտրվում էին։

Մի անգամ, երբ քարափում գլխավոր սպա ես էի նշանակված, ջղայնությունից մոլեգնած մի թուրք մոտեցավ ինձ և ասաց, որ մեր նավաստիներից մեկը շարունակ հայհոյանքներ է դուրս տալիս իր հասցեին։ Նրան հանգստացրի՝ ասելով, թե երիտասարդը ետ կուղարկվի նավ և խստագույնս կպատժվի։ Հետո խնդրեցի ցույց տալ նրան։ Եվ նա մատնանշեց մի ջահելի, որ հրետաձիգներից ամենախոնարհն էր։

Անընդհատ այլանդակաբար հայհոյել է, շարունակեց նա՝ թարգմանչի օգնությամբ խոսելով ինձ հետ։ Չէի էլ կարող պատկերացնել, թե հրետաձիգը որտեղից պիտի այնքան թուրքերեն իմանար, որ հայհոյել կարողանար։ Կանչեցի նրան ու ասացի, որ այլևս որևէ թուրք սպայի հետ խոսքի չբռնվի։

- Նրանցից ոչ մեկի հետ երբեք չեմ խոսել, սըր։
- Լիովին համոզված եմ,- ասացի,- բայց լավ կլինի, որ նավ բարձրանաս և այսօր այլևս ափ չիջնես։
Հետո թուրքին ասացի, որ երիտասարդը կուղարկվի նավ և կպատժվի խստագույնս, գուցե և՝ դաժանաբար։ Նա ծայրահեղ բերկրանքի մեջ էր, և մենք արդեն բարեկամներ էինք։

Ամենասարսափելին, ասում էր նա, մեռած երեխաներ ունեցող կանայք են։ Անհնար է նրանց համոզել, որ տան մեռած երեխաներին։ Այդպես վեց օր պահում էին անշունչ երեխաներին ու չէին տալիս։ Ոչինչ չէինք կարող անել։ Ստիպված պիտ խլեինք։ Իսկ ամենաահավորը այն պառավ կինն էր։ Երբ այդ մասին պատմեցի մի բժշկի, չհավատաց, ասաց, որ հորինում եմ։ Քարափն էինք մաքրում, մեռածներից պիտի ազատվեինք, իսկ այդ պառավն ինչ-որ պատգարակի վրա էր պառկած։ Դիմեցին ինձ. «Պարոն, չէի՞ք կամենա տեսնել նրան»։ Եվ հենց հայացքս նրան ուղղեցի, այդ պահին շունչը փչեց, մեռավ ու անմիջապես պրկվեց։ Ոտքերն առաջ եկան, մարմինը ուռեց և տեղում այդպես քարացավ։ Կարծես թե գիշերվանից էր մեռած եղել։ Հիմա այլևս մեռած էր և վերջնականապես պիրկ։ Երբ երիտասարդ բժշկին պատմեցի այդ մասին, ասաց՝ անհնար է։

Նրանք բոլորն այնտեղ էին՝ քարափում, և տեսարանը ոչ երկրաշարժի, ոչ էլ որևէ այլ բանի նման չէր, տարբեր էր, որովհետև նրանք երբեք չէին հասկանա թուրքին։ Չգիտեին, թե ամեն վայրկյան ինչ կարող էր անել ծեր թուրքը։ Հիշո՞ւմ ես, երբ մեզ արգելեցին քարափը մաքրել։

Այդ առավոտ նավահանգստում սարսափը պատել էր ինձ։ Նա հսկայական հրետանային ուժեր ուներ և մեզ օդ թռցնելը ոչինչ չարժեր նրա համար։ Մենք պատրաստվում էինք գրոհի, որոշել էինք քարափի ողջ երկայնքով առաջ շարժվել, խարիսխ գցել ու հետո գնդակոծել քաղաքի թուրքական մասը։ Նրանք կարող են մեզ հօդս ցնդեցնել, բայց մենք էլ կարող էինք քաղաքը գրողի ծոցն ուղարկել։ Երբ սկսեցինք առաջ շարժվել, ընդամենը մի քանի դատարկ փամփուշտ ուղարկեցին մեզ վրա։

Նավահանգիստ եկավ Քեմալն ու փոխեց թուրք պարետին։ Չափն անցել էր կամ էլ նման մի բան։ Շատ բան էր վերցրել իր վրա։ Սատանան գիտե, թե ինչ կարող էր պատահել։
Չեմ կարողանամ մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները տեսիլներ էին հայտնվում։ Ծննդաբերող կանայք այդքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներ ունեցողները։ Նրանց հետ ավելի հեշտ էր։ Զարմանալի էր, որ քչերն էին մեռնում։ Նրանց ուղղակի մի բանով ծածկում էին և այդպես թողնում։ Սովորաբար քաշվում էին բանտի ամենամութ անկյունն ու այնտեղ երեխա բերում։ Միայն թե նավահանգստից հեռու լինեին, մնացած ամեն ինչ տանելի էր։

Բայց հույներն էլ ոչինչ։ Քաղաքը լքում էին և քանի որ չէին կարող հետները վերցնել անասուններին, ուղղակի ջարդում էին նրանց առջևի ոտքերն ու քշում ծանծաղ ջրերը։ Եվ ջարդված ոտքերով անասունները մղկտում էին՝ ջանալով դուրս պրծնել ծանծաղուտից։ Այո՛, լավ տեսարան էր։ Ազնիվ խոսք՝ լավ տեսարան։





ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Տասը հազար քառակուսի վերստ Հայաստան...

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-43-ում 

Որպիսի՛ հրճվանքով բարձրացա ես «Վեչե» շոգենավի տախտակամածը։ Տանն եմ։ Պատրաստ էի գրկել ռուս նավազներից ամեն մեկին իբրև հարազատ եղբոր։ Իսկ մեր նավապե՞տը։ Հաղթանդամ մի մարդ, արևառ դեմքով, որ պարծենում էր, թե երեսուն տարվա ընթացքում հազիվ վեց ամիս կլինի ցամաքի վրա քնած։ Ճաշեցինք նավի շքեղ սեղանատանը, մութին շարժվեցինք։ Քնեցի, ինչպես ասում են, մորթվածի նման։ Բաթում պիտի հասնեինք գիշերով։ Բայց առավոտ է, իսկ մեր նավը դեռ գնում է։ Հարցնում ենք պատճառը։ Պատասխանում են, թե գիշերը անկարելի է եղել ռադիոյի միջոցով խոսել Բաթումի հետ, ուստի նավապետը հասկացել է, որ թուրքերն, ուրեմն, մտել են Բաթում, և մենք այժմ գնում ենք Փոթի… Սա միանգամայն ճիշտ էր։ Երբ հասանք Փոթի, ծովափը լիքն էր փախստականներով։ Բաթումը վերցվել էր գրեթե առանց կռվի։ Փոքրաթիվ վրացական զորքը դիմադրություն չէր ցույց տվել և մեծ մասամբ գերի էր ընկել։

Ռիոնի ջերմոտ ափերում արդեն շատ տաք էր։ Եվ հազարավոր փախստականներ՝ մի գիշերվա մեջ թշվառացածներ, թափթփված էին արևի տակ… Պատերազմ… Զզվելի անուն, մարդկության անեծք… Ո՞վ է եղել այն առաջինը, որ դարձել է այս ահռելի պաշտամունքի քուրմը…
Նորից արտակարգ գնացքով էինք գնում։ Վրաստանի օրհնյալ երկինքն է մեզ վրա՝ այն, որ երեսուն տարուց ի վեր հայրենի հարազատություն է դարձել ինձ համար։

Սամտրեդի կայարանում ենք։ Ժողովրդական մեծ հավաքումներ կան։ Դատում, խոսում են մեծ անցքի՝ Բաթումի գրավման մասին։ Այս աղետը վաղուց հասունացած էր, ամեն մեկն էր զգում դրա անխուսափելիությունը։ Մի առաջնակարգ բերդ չէր կարելի մի բուռն մարդկանցով պաշտպանել։ Բայց արի ու տես, որ վրացի գյուղացիները չիբուխին զոռ են անում և նրա ծխի հետ նորանոր հայտնություններ հանում իրենց փորից։ «Բաթումը,- ասում են,- չէր ընկնի, Չխենկելին է այն տվել թուրքերն՝ մեծ կաշառք ստանալով»...

Մյուս օրը, վաղ առավոտյան Թիֆլիսի կայարանում էինք։ Նորությունների մի մեծ փունջ էր մեզ սպասում լրագրերի էջերից։ Սեյմը պատերազմ էր հայտարարել Թուրքիային և մի կոչով դիմել Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչությանը։ Մահմեդական ֆրակցիան հայտարարել էր, թե մուսուլման ազգաբնակչությունը, կրոնակցական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարած պատերազմին մասնակցելուց։ Ծերեթելին դիմել էր ֆրակցիային և շպրտել նրա դեմքին «դավաճաններ» անունը։

Պատերազմի ամբողջ ծանրությունը մնում էր հայերի և վրացիների վրա։ Բայց ես չէի հավատում, թե նրանք կարող կլինեն միասնական լինել նույնիսկ ակնհայտնի վտանգի առաջ։ Տրապիզոնում տեսածս ուրիշ մտածողություն չէր թողնում իմ մեջ։ Ինչ կարող են լինել մարդիկ, երբ նրանց մեջ փոխադարձ և անկեղծ համակրանք չկա, երբ նրանք իրար ատում են և իրար կործանումն են ուզում՝ նացիոնալիստական ողորմելի բարեհաջողությունների համար։ Թշնամին տուն մտած ժամանակ էլ նրանք իրար են նայում, թե ինչպես խաբեն, ինչպես մեկի դժբախտությունը մյուսն իր համար երջանկություն դարձնի։ Այդպես էլ եղավ։

Վերադարձից հետո մենք իսկույն հրավիրվեցինք Ազգային Խորհրդի նիստին և զեկուցումներ տվինք Տրապիզոնի խաղաղարար կոնֆերանսի մասին։ Պետք էր որոշել, թե ինչ պիտի լինի հայ ժողովրդի վերաբերմունքը դեպի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Դաշնակցականները անկարելի համարեցին այդ խոշոր հարցը լուծել Թիֆլիսում, իրենց շատ ընկերները գտնվում են Երևանում և Ալեքսանդրապոլում. պետք էր հարցնել նաև հայ զինվորական պետերի կարծիքը։ Ուստի Ազգային Խորհուրդն իր ամբողջ կազմով և մենք գնացինք Ալեքսանդրապոլ՝ այնտեղ խորհրդակցություններ կազմակերպելու համար։ Առաջին անգամն էր հեղափոխությունից հետո, որ ես գնում էի Հայաստան։ Ավելորդ է ասել, որ ամեն տեղ տերն ու տնօրենը Դաշնակցությունն էր։ Եվ անկարգություն, անգլխություն էր ամեն տեղ. թալան՝ առանց քաշվելու, օրը ցերեկով։ Զորաժողով էր հայտարարված, Անգլիայի ներկայացուցիչն Էնզելիում խոստացել էր հայերին անհաշիվ վարկ, միայն թե նրանք կազմակերպեին զինվորական ուժ՝ ռուս զորքերին փոխարինելու համար։

Դաշնակցականները պայման էին դրել, որ Անգլիան պաշտոնապես հայտարարի Թուրքահայաստանի անկախությունը, և այդ էլ արել էր Լլոյդ Ջորջն իր ճառի մեջ։ Պետք էր, ուրեմն, եռանդով զորք հավաքել և կազմակերպել։ Ղարաքիլիսայի կայարանում ինձ մի մեծ խումբ շրջապատեց և խնդրում էր հաղորդել, թե ինչ վերջնական համոզում եմ բերել ես Տրապիզոնից։ Ես կողքիս կանգնած հայ զինվորի հրացանի վրա դրի ձեռքս և ասացի. «Միակ փրկությունը մեզ մնում է այս»։ Այստեղ է և Հովհաննես Թումանյանը, որին Ազգային Խորհուրդն ուղարկել է Լոռու զինվորությունը հավաքելու և զինվորական վարչությանը հանձնելու համար։ Նա դառնապես գանգատվում էր, որ գործը տեր չունի, որ զինվորականները գալիս են, հավաքվում, օրերով սպասում՝ առանց բնակարանի, քաղցած, և չկա մեկը, որ ընդունի նրանց ու տեղավորի, ուստի և ճարահատյալ նորից ցրվում են։ Շունն, ինչպես ասում են, տիրոջը չէր ճանաչում։ Բայց դաշնակցական տղաները հենց այդ միջոցին աջ ու ձախ տարածում էին «սրբել-մաքրելու» գործը։ Կատարվում էին այնպիսի տգեղություններ, որ Հովհաննես Թումանյանը ստիպված էր «Հորիզոնի» մեջ բարձր ձայնով բողոքել այդ գազանությունների դեմ…

Ո՞ւր էր գնում այսպիսի քաոսային դրության մեջ տարուբերվող երկիրը։ Դեպի հաղթությո՞ւն։ Ո՛չ, երբեք։ Ալեքսանդրապոլն անկարգության ամենաբարձր աստիճանն էր ցույց տալիս։ Գնացինք այնտեղ մեծ խմբով. խորհրդակցություններ էինք կատարում, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ կա. ամենքն անձնատուր եղած էին իրենց առևտրին, փախչում էին զինվորագրությունից, այնպես որ Դաշնակցությունը մի քանիսին տեռորի ենթարկեց՝ մյուսներին վախեցնելու համար։ Բայց իրենք՝ դաշնակցականները, մի՞թե առևտուր չէին անում հրացաններով, այն էլ այնպիսի պայմաններով, որոնք կատարյալ խայտառակություն էին, մի՞թե չէին կողոպտում պետական մեծամեծ պահեստները։ Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում Լևոն Սարգսյանը հրատարակում էր անկախ սոցիալիստների օրգան «Մարդկայնությունը», որ ծայրեծայր լիքն էր մերկացումներով։ Կարդացի մի քանի համար և սարսափեցի...

Ալեքսանդրապոլի խորհրդակցական ժողովները երկու թե երեք օր տևեցին, Ահարոնյանի նախագահությամբ։ Ներկա էին հոծ քանակությամբ դաշնակցականներ, որոնք զանազան պաշտոններ էին վարում զորքի մեջ։ Այդ խորհրդակցությունների միակ արժեքավոր կողմն այն էր, որ աննախապաշարված դիտողի առջև դրին այն ողորմելի դրությունը, որի մեջ գտնվում էր հայկական բանակը։ Ռուս գեներալները, որոնք դեռ մնացել էին գլխավոր հրամանատարության մեջ, աշխատում էին այնպիսի դրության մեջ ներկայացնել գործը, որ հուսահատություն ու լքում չառաջանա։ Բայց և այնպես, պարզ էր ամեն ինչ։ Գնդերը մաշված ու հյուծված էին, ամեն մեկի մեջ հազիվ 200-300 հոգի մնացած լինեին, դրանք էլ գրեթե բոբիկ էին ու քաղցած, ամիսներ ի վեր գտնվում էին դիրքերում անփոփոխ։

Պատերազմական գործողություններն արդեն Կարսի մոտերքն էին մղվում, Սարիղամիշն արդեն թողնված էր։ Բայց և այնպես, այդ փոքրաթիվ, գզգզված բանակի մեջ դեռ մնացել էր զինվորական ոգի, իրենց քաջությամբ և դիմացկունությամբ աչքի էին ընկնում լեռնցիները, մանավանդ ղարաբաղցիները, որոնց ռազմական բարեմասնությունները վեր հանեց ժողովի առաջ գլխավոր հրամանատար գեներալ Լեբեդինսկին։ Ամենամեծ դժբախտությունն այն էր, որ կռվող հայ զինվորը բոլորովին նեցուկ չուներ ազգաբնակչության մեջ։ Մի հարգելի հայ սպա դրությունը պատկերում էր այսպես։ Մինչ թուրք ասկյարը պատերազմ էր գնում աջից ու ձախից ունենալով մի-մի զինված քուրդ կամ թուրք, հայ զինվորը՝ դաշտում կռվելիս տեսնում էր, որ իր թիկունքում գտնվող հայ գյուղացիները՝ մինչև ատամները զինված, փախչում են՝ տանելով իրենց հետ իրենց ընտանիքները, ալյուրի պարկերը։ Սա, ճիշտ որ, մի մեծ աղետ էր՝ Շիրակի ժողովրդի այս վատարի փխրունությունը, որ երկու անգամ կորստի մատնեց իր բնակված և ռազմագիտական ահագին նշանակություն ունեցող երկիրը։

Հայկական ռազմաճակատի դրությունը սաստիկ վատթարացնում էր նաև հայերի միակ իբր դաշնակից վրացի մենշևիկների և նացիոնալիստների միացած ազգամոլությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանության գլխավոր դիրքերն իրենց ձեռքում էին, սրանք աշխատում էին Կարսից և այլ բերդերից դուրս քաշել ռազմամթերք, փամփուշտներ և այլ իրեր ու այդպիսով հարստացնել իրենց պահեստները։ Հայաստանի ճակատի հրամանատար էին նշանակել մի ինչ-որ գեներալ Օդիշելիձեի, որ ուխտյալ հայատյացներից էր և ինչ-որ կասկածելի հարաբերություններ ուներ Վեհիբ-փաշայի հետ։ Մեզ պատմեցին, որ հայ զորքերի հրամանատար գեներալ Նազարբեկովը, որպեսզի կարողանա փրկել Կարսում գտնված փամփուշտների վերջին պաշարը, հարկադրված է եղել դուրս գալ զինվորական կարգապահության կանոններից և ուղղակի մերժել բարձր իշխանության հրամանով փամփուշտները Թիֆլիս ուղարկելը։

Ի՞նչ կարելի էր անել այս պայմանների մեջ։ Հովհաննես Քաջազնունին մի մանրամասն և հանգամանորեն կազմված զեկուցում կարդաց, որի մեջ հաստատում էր, թե պատերազմ մղել Թուրքիայի դեմ մենք չենք կարող, ուստի պիտի ընդունենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և հաշտություն կնքենք։ Այստեղ է ահա, որ նորից հրապարակ է իջնում դաշնակցական լոպպազությունը։ Ամեն կողմից անբավականություն, հակաճառություն՝ մենք ուժ ունենք, մենք կդիմադրենք և այլն, և այլն։ Միշա Արզումանյանը, որ չգիտեմ Կարսի նահանգապետն էր թե ինչն էր, ասաց մոտավորապես հետևյալը. «Կարսը հեռու չէ այստեղից, եկեք հենց այս գիշեր ամբողջ ժողովով գնացք նստենք ու գնանք Կարս, վաղը առավոտյան տեսնենք նրա ամրությունները, նրա զինվածության չափը։ Եթե այդ բոլորը տեսնելուց հետո դուք կասեք, թե կարելի է այդպիսի մի բերդ թշնամուն տալ առանց պատերազմի, այն ժամանակ հարցը միանգամայն լուծված կլինի»։ Այս խոսքերը վճռական նշանակություն ունեցան։ Ժողովը Կարս չգնաց. ո՞վ չգիտեր, որ այդ մի հռչակավոր և առաջնակարգ բերդ էր. վճռեցին շարունակել պատերազմը։ Բայց միաժամանակ, երբ առաջարկություն եղավ, որ Ազգային Խորհրդի անդամները գնան գյուղերը և պրոպագանդա անեն՝ ազգաբնակչությանը ոգևորելու համար, ոչ ոք չգնաց։ Մենք վերադարձանք Թիֆլիս, և իմ դերը ինձ համար միանգամայն խորթ դիվանագիտական աշխատանքի մեջ միանգամայն վերջացավ։

Բայց երկար չեղան մեր սպասելիքները։ Թուրքական արշավանքը հայկական և վրացական ճակատների վրա շարունակվում էր անարգել հաջողությամբ։ Բաթումի կողմից թուրքերը խուժել էին Գուրիա և արշավում էին Սև ծովի ափով դեպի հյուսիս։ Անդրկովկասյան Սեյմի ռազմատենչ տրամադրությունը կարծեմ մի շաբաթ էլ չտևեց։ Նա հասկացավ, որ պատերազմը թղթով ու խոսքով չեն մղում, և սկսեց արագ ու ամբողջական նահանջ։ Նորից վերսկսել հաշտության բանակցությունները – ուրիշ ճար չկա։ Եվ ահա մի մեծ հաղթանակ Չխենկելիի համար. Տրապիզոնի մի ամսվա ողորմելի գործունեությունը նրան դարձրել է թե՛ աչքի ընկնող դիվանագետ և թե՛ մանավանդ Վեհիբ-փաշայի և առհասարակ թուրքերի բարեկամ։ Ուստի նրան է հանձնվում կառավարությունը։ Գեգեչկորին հրաժարական է տալիս. կազմվում է նոր կառավարություն՝ Չխենկելիի նախագահությամբ։ Եվ նա իսկույն բանակցություններ է սկսում թուրք հրամանատարության հետ՝ Տրապիզոնի իր գործակալների միջոցով։

Վեհիբ-փաշայի հաղթական երթը կանգնեցնելու համար նա (այսպես տեսանք նրան և Տրապիզոնում) սկսեց նրան ընծաներ մատուցել հայերի հաշվին, ամենից առաջ իհարկե Կարսը... Ըստ սովորականի, մի քանի աննշան մինիստրական պորտֆելներ Չխենկելին տվել էր դաշնակցականներին։ Եվ ահա, մինչև նրանց կառավարության մեջ մտցնելը, մինչև նրանց գոնե մի անգամ ժողովի կանչելը, ինքն իրենից, առանց հայ ընկերակիցների գիտության, նա հրաման է արձակում Կարսը անհապաղ հանձնել թուրքերին։ Դաշնակցական նոր մինիստրները հենց որ իմանում են այդ, հրաժարական են տալիս։ Բայց մի երկու օրից հետո էլի հետ են վերցնում այդ հրաժարականները և մտնում Չխենկելիի թևերի տակ։ Իշխանությունից զրկվել չուզեցին ո՛չ մի հանգամանքում, նույնիսկ երբ հայ ժողովրդի գլխին պայթում էր մի սարսափելի աղետ…

Այդպիսի աղետ էր Կարսի և նրա շրջանի հանկարծակի հանձնումը։ Այս մասին շատ է գրվել լրագրերում, և այդ կարգադրությունը որակվել է իբրև դավաճանություն։ Ասում էին, որ եթե չլիներ Չխենկելիի այդ հրամանը, Կարսը կարող էր պաշտպանվել երկար։ Ես չեմ հավատում այդ բանին, որովհետև Կարսի պաշտպանության համար հարկավոր էին տասնյակ հազարներով զինվորներ, որ մենք չունեինք։ Բայց որ բերդը, եղած միջոցներով, կարող էր պահվել թշնամու դեմ առնվազն երկու շաբաթ, այդ մասին չէին պակասում հեղինակավոր մասնագետների վկայությունները։ Իսկ այդ ժամանակը միանգամայն բավական էր Կարսի մեջ մթերված անհուն պաշարների գեթ մի մասը դուրս տանելու, բայց մանավանդ ազգաբնակչությանն իր անելիքը հասկանալու և որոշելու միջոց տված լինելու համար։ Բայց բերդի հանձնումը կատարվեց խուճապային կարգով. Չխենկելին տենդային շտապողականության մեջ էր արևմտյան Վրաստանի վտանգված վայրերը ժամ առաջ փրկելու և Վեհիբ-փաշայի նոր համակրանքները գրավելու համար։ Կարսի շրջանի ամբողջ հայությունը հանկարծակիի եկած սկսեց փախչել՝ կորցնելով իր ունեցածը։ Ծայր տվեց ավերիչ գաղթականությունը։ Բայց այդ ի՜նչ փույթ չխենկելիներին և նրանց բարձակից դաշնակցական փոքրիկ մինիստրներին…

Կարսի գնով զինադադար կնքվեց, պատերազմական գործողությունները դադար առան, և նոր խաղարարար բանակցություններ սկսվեցին Բաթումում։ Դրա համար խաղացվեց մի նոր քաղաքական կոմեդիա՝ Սեյմը հայտարարեց Անդրկովկասը անկախ հանրապետություն։ Մուսավաթական թուրքերը, թեև չէին մասնակցել Սեյմի հայտարարած 8-10 օրվա պատերազմին, բայց փառավորապես բազմեցին կոնֆերանսի գլխին, որպեսզի տեսնեն, թե դեռ էլ ի՛նչ խաղեր պիտի խաղա հաղթական Թուրքիան իր առջև փռված թշվառ երկու երկրների գլխին։ Վրացիները կարծում էին, թե թուրքերի վերաբերմունքը դեպի իրենց, հայերի համեմատությամբ, լավ կլինի. բայց չարաչար սխալվում էին։ Հազիվհազ կործանումից ազատված Թուրքիան պատառներից ձեռք վերցնողը չէր։ Բաթումում նա հայտարարեց, թե այժմ պայմաններն այն չեն, ինչ էին Տրապիզոնում. և խաղարարար կոնֆերանսի նախագահ Խալիլ-բեյն այնպիսի դաժան և անողոք ոճով էր պահանջներ անում, որ վրացիներին և հայերին մնում էր «լաց և կրճտումն ատամաց»։

Դեռ Կարսի կորուստը չէր մոռացվել, երբ մի օր, մայիսի կեսին, լուր տարածվեց Թիֆլիսում, թե թուրքերը ռմբակոծում են Ալեքսանդրապոլը։ Խուճապ, իրարանցում, փախուստ, կործանում։ Այդ օրվանից էր, որ սկսվում էր կովկասահայերի պագնապը։ Զարմանում էին, թե ինչպես է տեղի ունեցել այդ տակնուվրայությունն այդքան հանկարծորեն։ Ինձ Միքայել Պապաջանյանը, որ այն միջոցին Բաթումում է եղել իբրև խաղաղարար պատվիրակության անդամ, պատմեց, թե թուրք հրամանատարությունը, կամենալով իր ձեռքը գցել Ալեքսանդրապոլը (և սա՝ գերմանական շտաբի պահանջողությամբ), վերջնագիր էր ուղարկել Չխենկելիին, որ անդրկովկասյան պատվիրակության նախագահի պաշտոնով Բաթումում էր գտնվում, պահանջելով, որ չորս օրվա ընթացքում Ալեքսանդրապոլը հանձնվի թուրքերին։ Այդ վերջնագիրը փոխանակ հեռագրով հաղորդելու Թիֆլիս, ուղարկվում է թղթատարի ձեռքով և ժամանում է ուշ՝ այն միջոցին, երբ թուրքերը, ժամանակն անցած համարելով, պատերազմական գործողություններ էին սկսել Ալեքսանդրապոլի դեմ։

Եվ այսպես մենշևիկ Չխենկելին մի անգամ էլ աղետում էր հայոց կյանքը. և այս անգամ ավելի ահռելի չափերով, քան առաջին անգամ։ Ալեքսանդրապոլի պահեստներն էլ՝ այդ անհուն հարստությունները, ընկնում են թշնամու ձեռքը։ ժողովուրդը խելակորույս փախչում է դեպի Ղարաքիլիսա, լցնում է նրա ձորն իր անասուններով, սայլերով։

Փախչում է հայկական զորքը։ Գեներալ Նազարբեկովը՝ նրանց հրամանատարը, նահանջելով դեպի Դիլիջան, հուսահատական հեռագրեր էր ուղարկում Ազգային Խորհրդին, գանգատվում էր, թե իր մոտ մնացել են միայն երեք հարյուր հոգի, և իրեն մնում է գերի ընկնել թուրքերի ձեռքը։ Թվում էր, թե ամեն ինչ կործանվում էր. թուրքերը, հենակետ դարձնելով Ալեքսանդրապոլը, ձեռնարկել էին Հայաստանի և Վրաստանի նվաճման։ Մի կողմով նրանք գնում էին Երևանի վրա, մյուս կողմից բռնել էին Թիֆլիսի ուղղությունը։ Սակայն կրիտիկական րոպեին ժողովրդական երկու գրոհ հասկացնում էին չափ ու սահման կորցրած օսմանցիներին, թե նրանք այնքան էլ ամենակարող չեն այս փոքրիկ ազգությունների մեջ։

Մի գրոհն սկսվում է Երևանից և նրա շրջակա գյուղերից տարերային հոսանքով դեպի Սարդարապատ, ուր թուրք զորքերը ջարդվում են և ետ քշվում։ Մյուս գրոհը Դիլիջանից է սկսվում։ Ալեքսանդրապոլից նահանջած մի քանի թնդանոթաձիգ հայ սպաներ փորձում են դիմել ղազախեցի քաջարի գյուղացիներին, որոնք տաքանալով խրախուսանքներից՝ լավայի պես դիմում են դեպի Ղարաքիլիսա, նույնիսկ առանց զենքի, ճանապարհին իրենց հետ քշելով տանելով պատահած գյուղերը։ Իսկ հրացաններ և փամփուշտներ նրանք գտնում էին Կարսի և Ալեքսանդրապոլի փախստականների սայլերում. սրանք, ինչպես ասացի վերևում, լցրել էին Փամբակի ձորը։ Սպաների ղեկավարության տակ կազմվելով ու կազմակերպվելով իբրև զորք՝ այդ բազմությունը մի ճակատամարտ է տալիս օսմանյան բանակին, որ տևում է երեք օր։ Հաղթել, տարաբախտաբար, նա չի կարողանում, բայց ցույց է տալիս հերոսական դիմադրություն (որի ապացույցն էր նրա տված զոհերի մեծ քականությունը), այնպես որ Վեհիբ-փաշան Բաթումում, շատ գովասանքով խոսելով այդ դիմադրության մասին, ասել էր, թե հայերը կարող են ապագա բուլղարներ դառնալ։

Բայց այս հերոսամարտը չկարողացավ ո՛չ Ղարաքիլիսան ազատել կոտորածից ու թալանից, ո՛չ երկաթուղու գիծը հայերի ձեռքում պահել։ Թուրք զորամասերը հալածելով ու ոչնչացնելով հայ զորքի մնացորդներին՝ գրավեցին բոլոր կայարանները, դուրս եկան մինչև Շուլավեր։ Թիֆլիսը վտանգի մեջ էր, քաղաքագլուխը մի կոչով հրավիրեց ազգաբնակչությանը՝ զենք վերցնել քաղաքը պաշտպանելու համար։ Սակայն փորձանքն անցավ հրաշքի նմանություն ունեցող մի հանգամանքի բերումով։ Վրացիները Բաթումում համաձայնություն են կայացնում գերմանական լիազորի հետ և գերմանական զորքը գալիս է պաշտպանելու Վրաստանը ամենից առաջ հենց իր դաշնակից թուրքերից։ Այս կատարում էին գերմանացիները ոչ իհարկե վրացիների սիրուն աչքերի համար։ Մի գաղութացման նախադուռն էր սա. Վրաստանը կտար Գերմանիային իր մարգանեցը, անտառային հարստությունները, ինչպես նաև հենարան կդառնար Բաքվի նավթին մոտենալու և կանգնելու այս ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Հնդկաստան…

Բայց բանն այս չէր, այլ այն, որ գերմանական զորքը միայն Վրաստանի պաշտպանությունն էր ճանաչում, իսկ նրանից դուրս՝ ոչինչ։ Կովկասահայերի համար 1918-ի ամառը նույնքան սարսափելի էր, որքան 1915-ի ամառը թուրքահայերի համար։ Դա բնաջնջման մի ամառ էր, և հայերը շատ ու շատ անգամ դիմեցին գերմանացիներին, խնդրեցին նրանց պաշտպանությունը, բայց միանգամայն իզուր։ Ինձ Ահարոնյանը մի այսպիսի պատմություն արավ։ Գերմանական գեներալն իր սպաներից մեկին ուղարկում է նրա, իբրև Ազգային Խորհրդի նախագահի, մոտ և հայտնում է, թե Բորչալուի թուրքերը շրջապատել են Շուլավեր երկաթուղային կայարանը և հենց որ մի գնացք է գալիս, որի մեջ հայեր են լինում, իսկույն նրանց հանում են և մորթում։ Գեներալը խնդրում է հայոց Ազգային Խորհրդից միջոցներ ձեռք առնել, որ այսպիսի բաներ այլևս չլինեն այդ կայարանում, որովհետև նրանք վատ են ազդում այնտեղ կանգնած գերմանական զինվորների վրա։

Առաջին անգամ էինք մենք տեսնում եվրոպական ամենաքաղաքակիրթ մի ազգի զենքն ու զորությունը մեզ մոտ և իմանում էինք, թե մինչև ո՛ր աստիճան նա կարող է լինել զզվելի… Մի ուրիշ օրինակ։ Բոլնիսի մի խեղճ ու կրակ հայ գյուղ չեմ հիշում, թե ի՜նչ մեծ հանցանք էր գործել մենշևիկների կառավարության դեմ։ Իսկույն թռչում է գերմանական սավառնակը, ռումբեր է նետում ու թափում գյուղի գլխին, տներ քանդում, մարդիկ սպանում։ Այս չափին էր հասնում վիլհելմյան քաղաքակրթությունը, ի՞նչ արած։ Հայը և Հայաստանը դրված էին Վիլհելմի դաշնակից սուլթանի տրամադրության տակ, իսկ Վրաստանի վրա ծածանվում էր գերմանական դրոշակն իբրև ապացույց, որ նա պաշտպանված է իր օրինական սահմանների մեջ։

Բաթումի բանակցությունների մեջ թուրքաց կառավարությունը նոր քաղաքական կազմ առաջ քաշեց Անդրկովկասի համար, այն է՝ առանձին անկախ հանրապետությունների սիստեմ։ Այս առաջարկից երկու ձեռքով կպավ Վրաստանը։ Մայիսի 26-ին մեծախոս, բայց ապիկար և անարդյուն Սեյմն ինքն իրեն լուծված հայտարարեց, և նույն օրը վրաց Ազգային Խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախությունը։ Հայերն ակամա համակերպվեցին այս անհրաժեշտությանը. նրանք գիտեին, որ անկախությունն իրենց օգուտ չպիտի բերի։ Բայց Ծերեթելին վեհ հպարտությամբ ասում էր նրանց. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։

Չեմ մոռանում ես այդ մայիսի 26-ը։ Կիրակի օր էր, պայծառ ու տաք։ Հայաստանի կողմից փախածներն ահագին խմբերով անցնում էին Գոլովինսկի պրոսպեկտով դեպի Վլադիկավկազի ճանապարհը՝ Ռուսաստան գնալու համար։ Ամբոխը ոտքով էր, շատ քչերն էին կարողացել ֆուրգոններ վարձել։ Շտապում էին փախչել նախևառաջ բոլոր թուրքահայերը՝ շատ լավ իմանալով, որ եթե գան թուրքերը՝ իրենցից մեկն էլ չպիտի ազատվի մահից։ Բայց առհասարակ խուճապ էր, որ ազդում էր ամենքի վրա։ Թիֆլիսից էլ շատ ու շատ հայեր, մինչև գերմանացիների գալը, փախել էին դեպի Վլադիկավկազ՝ ծախելով իրենց վերջին ստացվածքը։ Փողոցների մայթերի վրա դարսված էին ամեն տեսակ տնային իրեր, ամանեղեն կարասիներ. այդ բոլորը ծախում էին ոչինչ գնով, որպեսզի փախչելու համար փող ձեռք բերեն։ Աշխարհն իրարով էր անցել. մի ամբողջ ժողովուրդ, անգլուխ ու անպաշտպան մնացած, անում էր՝ ինքն էլ չիմանալով ինչ։ Այդ փախուստը նկարագրել է հանգուցյալ Վրթանես Փափազյանը, որ իբրև թուրքահայ՝ ինքն էլ փախստականների մեջ էր։ Ճանապարհի սարսափներից ամենազարհուրելին ինգուշների հարձակումներն էին, որոնք միայն թալանելու նպատակ չունեին, այլև՝ կոտորելու, ոչնչացնելու։

Մայիսի 26-ին ժողով կար կոնսերվատորիայի դահլիճում, և ես այնտեղ էի գնում, երբ ընկա փախստականների մեծ հոսանքի մեջ։ Տպավորությունը զարհուրելի էր։ Պատմության հարյուրավոր մռայլ էջերից կանգնում էին առջևս այս դժբախտ ժողովրդի քաշած այսպիսի փախուստները, իրարանցումները, բնաջնջումները։ Եվ միայն մի շերտ, հարյուրամյա մի շրջան էր երևում՝ ռուսական տիրապետության շրջանը, երբ գոնե ռուսահայերն ազատվել էին այդ հավիտենական անեծքից։

Կոնսերվատորիայի ժողովը կուսակցական ժողով չէր, հավաքվել էր մեծ բազմություն բոլոր խավերից։ Պիտի խորհրդակցեին, թե հայերն ինչ պիտի անեին Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո։ Ես խոսք խնդրեցի և կարճ նկարագրելով այն, ինչ որ այդ րոպեին կատարվում էր դրսում՝ մեծ փողոցի մեջ, ասացի, որ այդ աղետի պատճառն այն է, որ մենք մոռացել ենք մեր պատմական ճակատագիրը։ Այսօր մենք փախչում ենք Ռուսաստան։ Բայց ինչո՞ւ, մի՞թե այստեղ Ռուսաստան չէր, ինչո՞ւ բաժանվեցինք, ինչո՞ւ ուրիշների կուսակցական հաշիվներին ենթարկվեցինք։ Փոքր ենք, տկար և հենց այդ պատճառով խաղալիք ենք դարձել թուրք փաշաների ձեռքին։ Ինչո՞ւ չենք հայտարարում, որ մենք մի մասն ենք կազմում այն պետության, որ կնքել է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Թող այդ պետությունն էլ ինքը գործադրի իր ստորագրած պարտավորությունը, և մենք կարող ենք ապահով լինել, որ թուրքերը կվերցնեն միայն Բաթումը, Կարսը և չեն համարձակվի իրենց թաթը դնել նաև Ալեքսանդրապոլի, Երևանի, Թիֆլիսի վրա։ Մենք ինքներս թուլացրել ու փոքրացրել ենք մեզ, գցել ենք մեզ թշնամու բերանը և զարմանում ենք, որ մեզ տրորում են։ Դու՛րս եկեք, նայեցե՛ք այդ փախչող մարդկանց, դրանք մեր ժողովուրդն են, ժողովուրդ, որ ոչնչանում է անվերջ փախուստների ճանապարհներին…

Ինձ պատասխանեցին, թե բանը բանից անցել է, և հայերը մենակ ոչինչ չեն կարող անել, և նրանց մնում է հետևել մյուսների օրինակին։ Եվ այդպես էլ եղավ։ Երկու օրից հետո նոր երկու հանրապետություններ էլ հայտարարվեցին. հայոց Ազգային Խորհրդի կողմից՝ Հայաստան, թուրքերի Ազգային Խորհրդի կողմից՝ Ադրբեջան։ Հայաստանի կառավարությունը կազմվեց դաշնակցականներից՝ Քաջազնունու նախագահությամբ։ Ալեքսանդրապոլի գրավումը և նրան հետևած աղետները Դաշնակցությունն ամենայն իրավամբ իր կործանումն էր համարել և ընկել էր անհնարին խուճապի մեջ։ Արդեն վաղուց նկատված էր, որ երբ այդ կուսակցությունը մատնվում է խուճապի, նա դառնում է մի անկազմակերպ ամբոխ, գլուխը կորցրած մի հոտ։ Վերցրե՛ք 1918 թ. «Հորիզոնի» մայիսյան համարների առաջնորդողները. ի՜նչ լաց, ի՜նչ կուրծք ծեծել… Կորչում ենք։ Մեռնում ենք, պատրաստ ենք ճանաչել մեր սխալը, համաձայնել թուրքերի հետ…

...Բայց հենց որ մի քիչ հանդարտվեց փոթորիկը, հենց որ հայ ժողովրդի գլուխը բարձրանալու հնար եղավ նորից, Դաշնակցությունը մոռացավ ամեն ինչ և էլի դարձավ հոխորտալից, մեծախոս, սանձարձակ։ Այսպես էր նա. իհարկե տանը միայն։ Իսկ դրսում՝ հլու և հպատակ թուրք փաշաներին՝ նրանց կամակատար փոքրավորներ։

Բաթումում թուրքաց կառավարությունը հաճությամբ ճանաչեց երեք նորակազմ հանրապետությունները՝ իբրև անկախ պետություններ, և իսկույն կնքեց Վրաստանի և Հայաստանի հետ առանձին և անջատ դաշնագրեր, որոնցով անդամահատում էր երկուսին էլ, և երկուսն էլ չէին համարձակվում ծպուտ անգամ հանել։ Վրաստանից խլվեցին Ախալցխայի և Ախալքալաքի գավառները, և Վրաստանը պարտավորվեց ամեն հարկավոր դեպքում դնել իր երկաթուղիները թուրքաց զորահրամանատարության տրամադրության տակ՝ զորքերը այս ու այն կողմ փոխադրելու համար։ Ի՜նչ անկախություն հենց առաջին իսկ քայլից։

Բայց այս դեռ փառք էր՝ համեմատած Հայաստանի թշվառության հետ։ Հայաստանն այլանդակվում էր ամենախայտառակ ձևով, դառնում ոչ թե պետություն, այլ խաղք ու ծիծաղ, եթե չլիներ արտասուք ու հառաչանք… Նրանից խլվում էին Ալեքսանդրապոլը և ամբողջ երկաթուղին՝ մինչև Ջուղա։ Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը՝ մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սևանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման։ Պետական սահմանն անցնում էր Երևանի տակով. հայերի ձեռքին մնում էր միայն վեց վերստ երկարությամբ երկաթուղի։ Էնվեր-փաշան գտել էր, որ միայն այսպիսի չափ ունեցող Հայաստանը կարող է երկյուղ չներշնչել Թուրքիային։ Իսկությունն այն էր, որ Թուրքահայաստանը ոչնչացնելուց հետո երիտթուրքերը ոչնչացնում էին նաև Ռուսահայաստանը։ Այս ծաղրական հանրապետությունն էլ, իհարկե, ժամանակավոր խաղ էր։ Կ.Պոլսում թուրքերը հրատարակել էին Անդրկովկասի քարտեզը, որի վրա այլևս Հայաստան չէր մնում։

Թուրքերի ամենամեծ հոգսն էր այժմ Ադրբեջան կազմակերպելը։ Էնվերի եղբայրը՝ Նուրի-փաշան, Պարսկաստանի վրայով գնաց Գանձակ, սկսեց այնտեղ տեղական թուրքերից զորքեր կազմել և միևնույն ժամանակ ավելի մեծ ուժերով վերանորոգել կռիվը Բաքվի դեմ, որ հեղափոխական պրոլետարիատի ձեռքին էր, բայց պիտի դառնար Ադրբեջանի մայրաքաղաք։ Այնտեղ հեղափոխական դրոշակի տակ կռվող զորքի մեծագույն մասը բաղկացած էր հայ զինվորներից, որոնք դեռ տարվա սկզբին, վերադառնալով արևմտյան ճակատից, պիտի գնային իրենց տները, բայց արգելվեցին Բաքվի մեջ, որովհետև երկաթուղու գիծը տեղական թուրքերի ձեռքին էր գտնվում, որոնք չուզեցին ճանապարհ տալ հայ զինվորներին՝ վախենալով, թե նրանք կգնան և կստվարացնեն հայերի բանակը։ Բաթումի դաշնագրի մի հատուկ հոդված պարտավորեցնում էր հայոց կառավարությանը, որ նա ամեն ջանք գործ դնի այդ հայկական զորամասերը Բաքվից հանելու համար։ Սակայն դա անկարելի եղավ։ Բաքվում ընկավ խորհրդային իշխանությունը, Ստեփան Շահումյանը և իր 25 ընկերներն ընկան անգլիացիների ձեռքն ու սպանվեցին. վճռական դեր հանձն առավ Բաքվի դաշնակցական կոմիտեն, որ բացարձակորեն պատերազմ հայտարարեց Թուրքիային։

Եվ որովհետև Դաշնակցությունը Դաշնակցություն չէր լինի, եթե չհիշեր, որ Եվրոպային պետք է պաշտել և փրկիչ դարձնել. ուստի Էնզելիի անգլիական բանակի մի մասը, դաշնակցականների հրավերով, եկավ Բաքու քաղաքը պաշտպանելու համար, որ արդեն պաշարված էր օսմանյան զորքերով։ Նույն Դաշնակցությունը կռվում էր օսմանցիների դեմ նաև երկաթուղու գծի վրա, Շամախու, Նուխու, Գյոկչայի և Արեշի գավառներում՝ հաստատելով իր թնդանոթները հայ գյուղերում, որոնք բավականաչափ դժվարացնում էին Նուրի-փաշայի բանակի առաջխաղացումը։ Նուրի-փաշան տեսնում էր իր թիկունքում նաև հայկական Ղարաբաղը, որ ձգտում էր կապվել Բաքվի հեղափոխականների հետ, ուստի և ուղղված հայերին մի կոչ հրապարակեց, որով նրանցից պահանջում էր հնազանդություն՝ հակառակ դեպքում սպառնալով Ղարաբաղի մեջ կրկնել Ադանայի կոտորածները։

Որպեսզի գեթ համառոտակի հիշատակած լինեմ բոլոր այն գլխավոր շարժումները, որոնք ծնեցրին Անդրկովկասի հայության համար 1918-ի ամառվա թշվառությունները, պիտի հիշեմ և Անդրանիկին։ Նա հեռացել էր Դաշնակցությունից, դարձել Կովկասում ապաստանած թուրքահայության պարագլխի նման մի բան, նրանցից կազմակերպել մի բանակ և աշխատում էր դաշնակցականներից անկախ ու անջատ գործել։ Ալեքսանդրապոլի նահանջի ժամանակ նա բաժանվեց հայ բանակից, անցավ Դսեղ գյուղը և Ղարաքիլիսայի ճակատամարտի միջոցին մատը մատին չխփեց գրեթե ամեն կողմից շրջապատված հայ կռվողներին օգնելու համար։ Երբ թուրքերն առաջացան երկաթուղու ուղղությամբ, Անդրանիկն իր զորքերը տարավ Դիլիջան և այստեղից բռնեց մի ուղղություն, որ պետք էր համարել արկածախնդրություն, այն է՝ դեպի Պարսկաստան, անգլիական զորքերին միանալու համար։ Սակայն Սալմաստում նա ջարդվեց թուրքերից և, նորից վերադառնալով Արաքսի ձախ ափը, կանգ առավ Նախիջևանում, ուր, կարծեմ, տեղի ունեցավ տեղական թուրքերի կոտորած։ Սակայն չկարողանալով պահվել այդ կողմում, որովհետև օսմանցիներն արշավանք սկսեցին նրա դեմ, նա գնաց Արաքսի ափով որպես թե դեպի Բաքու՝ անգլիացիներին միանալու համար, բայց շուռ եկավ և մտավ Զանգեզուր, ուր շատ լավ ընդունելություն գտավ ամեն կողմից կտրված հայ ազգաբնակչության կողմից։ Այստեղ Անդրանիկն իսկապես խոշոր գործ կատարեց՝ կազմակերպելով այդ երկիրն ինքնապաշտպանության համար, բայցև՝ գործադրելով «սրբել-մաքրելու» սիստեմը լայն չափերով։ Այս պատճառով է, որ Զանգեզուրն էլ Բաքվի նման փուշ դարձավ օսմանյան կառավարության աչքում. դարձյալ Հայաստանի կառավարությունից էր նա պահանջում ոչնչացնել Անդրանիկի զորախումբը։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ էլ, ինչպես և Բաքվի գործում, խոստովանեց իր կատարյալ անկարողությունը։ Թուրքերն իհարկե չհավատացին այդ պատճառաբանությանը, և նրանց մեջ ավելի ու ավելի հասունացավ հայերի համառ թշնամությունը Հայաստանի ջնջման միջոցով վերացնելու միտքը։

Եվ ահա 1918-ի ամռանը մենք տեսնում ենք այսպիսի պատկեր. ամեն տեղ, ուր մտնում են օսմանցիները, հայերի ու տեղական թուրքերի մեջ, դաշնակցական «մաքրել-սրբելու» հետևանքով, սաստիկ թշնամություն է տիրում։ Օսմանյան բանակում են տեղական ավերված, թալանված ու սրի քաշված գյուղերի բնակիչները, որոնք լցված են սոսկալի վրեժխնդրությամբ հայերի դեմ։ Եթե Ղարաքիլիսան երեք օրվա ընթացքում մատնվեց օսմանյան զորքի վայրագություններին, գլխավոր պատճառը փոքրիկ թուրքական Վարդանլուն էր՝ այնքան գազանորեն «մաքրված-սրբված» դաշնակցականների ձեռքով։

Բայց ավելի վատ էր դրությունը Ախալքալաքի գավառում։ Դաշնակցական «մաքրում-սրբումը» այստեղ կատարվել էր ավելի լայն չափերով, և տեղական մահմեդական ազգաբնակչությունը տեսել էր հայերի կողմից շատ ու շատ ուխտադրժություն, անգթություն, դավաճանություն հին հարևանական հարաբերություններին։

(շարունակելի)




Վերջին էջ

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԿԱՐԹԱԿՈՒՐԹԵՆԱՅԻ ԱՐՔԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ

Ես՝ Ադիբադ Գադիբու արքաս, Գրինվիչի ժամանակով 2701 թվի 5-րդ ամսում ժառանգեցի գահը եդեմական Կարթակուրթենա երկրի։ Ասեմ, որ ինձնից առաջ գահակալ իմ նախորդը շատ չար ու դաժան մարդ էր, և նրա տիրակալության ժամանակ ժողովուրդը սաստիկ վատ էր ապրում ու միաժամանակ թունդ վախեցած էր։ Իմ հրամանով այդ բռնակալն անմիջապես կախաղան հանվեց, որպեսզի իմ տիրապետության տակ ապրող մրջյուններն անգամ հասկանան, որ միապետությունը հիմնովին արմատախիլ է արված...

Ասեմ նաև, որ Կարթակուրթենա մեր երկիրը բնակեցված է անհուսալի հպատակներով, որոնց չի կարելի վստահել։ Եվ ես առաջին իսկ օրվանից որոշեցի երկրումս տիրող ամենափոքր անցուդարձերին տեղյակ լինել ու անձամբ նշանակել բոլոր պաշտոնյաներին՝ մեծաց թե փոքրաց։

Աջ նազիրին նշանակեցի ձախ վեզիրի տեղը, ձախ վեզիրի պաշտոնը տվեցի աջ նազիրին։ Ներքինապետին նշանակեցի սենեկապետի տեղը, սենեկապետին, համապատասխան վիրահատությունից հետո, կարգեցի ներքինապետ։ Ժողովուրդը ոգևորվեց և բոլոր շենքերի ճակատներից կախեց «Կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսը։

Իմ հաջորդ հրամանագրով վավերացրի երկրիս բոլոր տնօրեններին ու փոխտնօրեններին, նախարար-սենեկապետներին ու սեղանապետներին, ջորեպաններին ու դռնապաններին իմ կողմից նշանակելու իրավունքը...

Հետո ես մտածեցի. իսկ ինչո՞ւ ինչ-որ մի դուրսպրծուկ խնդրի ազնվազարմ մի օրիորդի ձեռք կամ ինչո՞ւ ծույլ ու անբան, մեծբերան մի կին ամուսնանա իմ  գլխավոր խորհրդականի կամ ավագ կառապանի հետ։ Եվ մի ուրիշ հրամանագրով ես իմ ձեռքը վերցրի պետությանս մեջ ապրող բոլոր ժողովրդիս ամուսնացնելու սուրբ գործը։ Արդեն ես էի որոշում, թե ով ում հետ պսակվի։ Հարգարժան իմ պալատականներիցս լույս աշխարհ եկած արական և իգական սեռի փոքրիկների համար անձամբ հաշիվներ էի բացում Մեծ գանձարանում, իսկ ժողովուրդ կոչվող մնացած տհաճ մասսաների զավակների համար նախապես պատվիրում էի գործ բացել դահճարանում...

...Հետո Երկիրս սկսեց ծաղկել ու բարգավաճել։ Այդ առթիվ պատվիրեցի քառասունութ մետրանոց իմ բրոնզաձույլ արձանը կանգնեցնել արքայանիստիս գլխավերևում։ Ամեն օր ես սև իկրա, խորոված-լուլաքյաբաբ, դիչ ու վիտչինա, սերվելադ ու մարմելադ էի ուտում, վրան քաղցրահամ հյութեր անուշ անում և համոզվում, որ երկիրս լավ է ապրում...

Սակայն, այդ երախտամոռ ժողովուրդը, պարզվում է, սկսեց դժգոհել իմ երկրից։ Նազիր-վեզիրներս հայտնեցին, որ այդ ժողովուրդ կոչվածի մի մասը թողնում-հեռանում է երկրից, իսկ մյուսները, որ չեն կարողանում հեռանալ, ոչ միայն ծուլանում են մարդավարի ապրել, այլև սկսել են կոտորվել...

«Դե, եթե չեք ուզում արժանապատիվ ապրել, ուրեմն արժանի եք կոտորվելու»,- հեռուստատեսությամբ հայտարարեցի ես, բայց երկրում իմ արքայական այլևս լսող չէր մնացել...

Այդ մասին իմացա երկու շաբաթ հետո միայն, երբ ճաշս կես ժամ ուշացրին՝ ասելով, որ թագավորությունումս այլևս ուտելու բան չի մնացել։ Բայց, այնուամենայնիվ, մի ամիս շարունակ նախաճաշս ժամանակին բերում էին, և երբ մի օր մսապուրիս մեջ մազ գտա, զայրացած հրամայեցի կանչել ավագ վարսավիրին ու շեֆ-խոհարարին՝ պարզելու, թե այդ ի՞նչ մազ է ամանիս մեջ։

Աջ վեզիրս հարգանքով խոնարհվեց ու ասաց, որ ավագ վարսավիրը, աստված հոգին լուսավորի, ութ օր առաջ է լուլաքյաբաբ դարձել, իսկ շեֆ-խոհարարից սարքված խաշլաման իմ առջևն է...
Հետո մի երկու օր էլ անցավ։ Հետո մի ամբողջ օր ինձ ոչինչ չտվեցին։ Լիալուսնի այդ գիշեր առաջին անգամ, երբ պատրաստվում էի սոված քնել, հանկարծ...

Այստեղ Ադիբադ Գադիբուի
ձեռագիրն ընդհատվում է։
Պատմաբանները հակված են կարծելու, որ սոված պալատականները խուժել են արքայից-արքայի ննջարան և կերել
իրենց տիրակալին։

Կարթակուրթերենից 
թարգմանեց Վ. ՕՎՅԱՆԸ
2001 թ.




ԶՎԱՐՃԱՍՐԱՀ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՈՒՄՈՐ

Շախմատիստը՝ հակառակորդին.
- Ձիդ վերցրի, սիրելիս։
- Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։

* * *
- Կոլեգա, շա՛խ։
Հակառակորդն ուշադրություն չի դարձնում, այլ մի ուրիշ քայլ է անում։
- Ախր շախ է։
- Էհ, հետո՞...
- Թագավորդ կվերցնեմ։
- Վերցրու, այն ինձ պետք չէ, որովհետև այդ անպետքի պարտականությունները թագուհին է կատարում։

* * *
Չկարողանալով ձին արդյունավետ խաղացնել, երիտասարդ շախմատիստը վրդովված բացականչեց.
- Այս ձին ուղղակի անպետքի մեկն է։
- Ոչ թե ձին, այլ ձիավորը - ուղղեց հակառակորդը։

* * *
Հակառակորդները փորձում են շախմատ խաղալ, բայց փոխադարձաբար թույլ լինելով, ասում են.
- Ավելի լավ է շախմատի խաղաքարերով շաշկի խաղանք։
Մոտեցավ ճանապարհորդն ու ասաց.
- Իմ կարծիքով, ավելի լավ կլինի շաշկու խաղաքարերով շախմատ խաղաք։

* * *
Շախմատիստն ընկերների մոտ պատմում է, թե իր բռնցքամարտիկ եղբայրն ինչպես է հաղթել մրցակցին.
- Սկզբում երկուսն էլ ցատկոտում էին խաղատախտակի վրա, հետո հակառակորդը սկսեց իր անիմաստ շախերով անհանգստացնել եղբորս, բայց երբայրս ամրապնդեց իր պաշտպանությունն ու հրաշալի կոմբինացիայով մատ արեց հակառակորդին։



ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Դասախոսը՝ ուսանողին.
- Ո՞վ է գրել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։
Հասկանալով, որ իրեն ձեռ են առնում, ուսանողը խորամանկում է.
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գրել է Հովհաննես Թումանյանը...

* * *
Գյումրեցին հոխորտում է հոր մոտ.
- Տասը տարի սովորել եմ միջնակարգում, հինգ տարի՝ ինստիտուտում, չորս տարի՝ համալսարանում, երկու տարի՝ ասպիրանտուրայում...
- Ծո, հըբը ե՞րբ պիտի մարդ դառնաս,- զարմացած հարցնում է հայրը։

* * *
Դասախոսն իր միամյա որդուն դնում է արկղի մեջ, որպեսզի փոքրիկը չարություններ չանի։ Քիչ հետո, երբ փոքրիկը մի քիչ ուրախ բլբլացնում էր, նրա չորսամյա եղբարյն ուրախ բացականչեց.
- Հայրի՛կ, նայի՛ր, Արմենը դասախոսում է ամբիոնից...

* * *
- Եթե մի տասը տարով երիտասարդ լինեիր, ես կհամաձայնեի քո կինը լինել,- ասաց աղջիկն իրենից քսան տարով մեծ տղամարդուն։
- Հիմարիկ, եթե տասը տարով երիտասարդ լինեի, քո ձեռքը չէի խնդրի,- պատասխանեց տղամարդը։

Գրի առավ Վ. ՕՎՅԱՆԸ





ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ ԳՐՈՂՆ ԻՐԵՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏ

2012 թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր, չին գրող Մո Յանը չի համարում, թե ինքը գրականության վարպետ է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այս մասին նա լրագրողներին հայտնել է Ստոկհոլմից վերադառնալուց հետո, որտեղ նա ստացել է իր մրցանակը և մասնակցել մեկ շաբաթ տևած հանդիսություններին։ «Եթե անգամ ինչ-որ մեկն ինձ անվանում է գրականության վարպետ, ապա, ըստ իս, դա անում է հեգնանքով։ Ինձ այդ տիտղոսը չի սազում,- ասել է գրողը և շարունակել։- Շատ գրողների համար Նոբելյան մրցանակ ստանալը դարձել է «մահվան համբույրե, քանի որ նրանք դրանից հետո դադարել են ստեղծագործել։ Հուսով եմ, որ ես կարող եմ խուսափել նման իրավիճակից»։

Հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակրի անունը, Չինաստանի գրախանութներից պարզապես անհետացան Մո Յանի գրքերը։
Տեղական ԶԼՄ-ները գրում էին, որ Մո Յանը չինացի երկրորդ գրողն է, որն այս տարի չափազանց մեծ հոնորարներ է ստացել (3,45 միլիոն դոլար)։
57 տարեկան գրողը հրապարակել է 11 վեպ, 20 վիպակ և ավելի քան 80 պատմվածք («Կարմիր գաոլյան», որի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվել, «Գինու երկիր», «Գորտը» և այլն)։





Համարի ասույթը

Մերօրյա կրթական համակարգի մեծագույն հիմարությունը՝ 12-ամյա կրթություն, մեծագույն անհեթեթությունը՝ գիտելիքների թեստային ստուգում...


Ամսվա կատակը

Մայաներն Այն աշխարհից շտապ նամակ են ուղարկել.
«2012 թ. դեկտեմբերի 21-ի աշխարհի վերջը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ավելորդ տեղը խուճապի մի՛ մատնվեք։ Կատակ էր, էլի, արեցինք...»։