19.6.11

N 3 (28) (2011)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ

Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»։ Եթե նա այս նախադասությունը արտաբերած լինի Մոսկվայում՝ ռուսական որևէ պարբերականի խմբագրությունում, գուցե դա ընկալելի լիներ։ Ասենք, որպես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ուղղված պատասխան՝ արտաքին լսարանի համար։ Բայց ոչ, այդ խոսքերը նա հայտարարել է ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից, ասել է թե՝ հենց ներքին սպառման համար, հայկական քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձող, հակառակորդի հոխորտանքին հոխորտանքով պատասխանելու ոգով։

Երբ հակառակորդը պարբերաբար զենք է գնում, զենք է կուտակում և բղավում «օկուպացված տարածքները» պատերազմով ազատագրելու մասին, դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց երբ հայ քաղաքական գործիչը խոսում է Ադրբեջանի տարածքում նոր հայկական պետություն ստեղծելու մասին, այն պատգամավորներից մեկը, որ ընդամենը կոճակ սեղմելու և ԼՂՀ անկախությունը ճանաչելու քաջություն չունեցավ, դա արդեն, մեղմ ասած, անբարո է։ ՀՀ Ազգային ժողովում ճառ ասողները կարծես թե շատացել են, բայց, ինչպես հանրահայտ «Մկների ժողովում», զանգ կախող չկա ու չկա։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան այն դժգոհության, թե ազերիների կողմից հայ զինվորների սպանություններին հայկական կողմը պատասխանում է միայն հայտարարություններով, հայտնել է, թե «հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ»: Երևի պարոն խոսնակը նկատի ունի ազերիների այն կորուստները, որ արդյունք են նրանց բանակում կատարվող «ռազբորկաների», և որոնց մեղքը ադրբեջանական կողմը շարունակում է բարդել հայկական բանակի վրա։

Համաձայն եմ, որ հակառակորդի սպառնալիքներին պիտի պատասխանել սպառնալիքով։ Վերջին հաշվով, մի կողմից դա հակառակորդին ցույց կտա, թե թքած ունենք օրեցոր աճող իր ռազմական բյուջեի կամ զինուժի վրա, մյուս կողմից՝ կբարձրացնի հայ զինվորի, ժողովրդի ոգին։ Համենայն դեպս, դա ավելի լավ է, քան՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի ոգով արված հայտարարությունը։ Բայց խոսքը համարժեք սպառնալիքի մասին է, ոչ թե դատարկ հոխորտանքի, ոտքի տակ հող չունեցող սնապարծ հայտարարության։

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի արդյունքում մենք ազատագրել ենք ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի սահմանները՝ 4,4 հազար կմ2-ն, այլև երբեմնի հայկական այն տարածքները, որոնք ամրագրել ենք ԼՂՀ Սահմանադրության մեջ և որոնք եղածի հետ կազմում են շուրջ 13 հազար կմ2։ Եվ այս ողջ տարածքում ընդամենը 140-143 հազար բնակչություն է ապրում (տեղեկացնենք, որ Եվրոպայում գտնվող 13,8 հազար կմ2 տարածք ունեցող Չեռնոգորիան 2010 թ. տվյալներով ունի 724 հազար, իսկ ընդամենը 2,6 կմ2 տարածք ունեցող Լյուքսեմբուրգը՝ 460 հազար բնակիչ)։

Այսօր հազարավոր հա վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է ողորմելի, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։
Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Արցախում տպագրվող միակ անկախ պարբերականը՝ «Նոր էջ» հանրային թերթը, ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է այսուհետ նվազեցնել լույսընծայման պարբերականությունը։
«Նոր էջ»-ի խմբագրակազմը քննարկում է նաև թերթի տպագրությունը լիովին դադարեցնելու տարբերակը։ Վերջնական որոշման մասին կհայտնվի ընթերցողներին։



Մանկություն...

Երեխաները մեր ապագան են, մեր երկրի ապագան են... Այնքա՜ն շատ ենք սիրում կրկնել այս խոսքերը՝ թե՛ հեռուստախցիկի առջև կեցվածք ընդունելիս, թե՛ խնջույքի սեղանների շուրջ՝ կենացներ հիշելիս։ Բայց որքա՜ն քիչ ենք մտածում նրանց՝ մեր ապագայի մասին։ Շենքի բակերը լցնում ենք ավտոտնակներով՝ փոքրիկների համար խաղալու տեղ չթողնելով, ավերել ենք նախկին կրթական համակարգը, գիրք կարդալու, մտածել-դատել սովորելու փոխարեն նրանց վարժեցնում ենք ինչ-որ անմիտ թեստերի, 10-ամյա կրթությունը դարձրել ենք 12-ամյա, որպեսզի «մեր ապագան» ավելի շատ տանջվի փորձադաշտ կամ «աբսուրդի թատրոն» հիշեցնող կրթական նոր համակարգի ձեռին...

Իսկ ի՜նչ երկիր ենք կառուցում նրանց համար։ Անգամ մեծահասակներս չենք դիմանում ծայրը չերևացող բյուր պրոբլեմներին ու խնդիրներին, օրինական անօրինություններին... Դա՞ ենք ժառանգություն թողնում մեր երեխաներին։



ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը Բեյրութում ՀՀ դեսպանատանը տված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև ազատագրված տարածքների բնակեցման, Արցախի տնտեսության զարգացմանը միտված ծրագրերի մասին:
Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը հայտնել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են: «Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում և վարկային աջակցություն»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով՝ Արցախի համար կարևոր են հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը, որովհետև այդ տարածքներն ունեն ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն:

Ապա նա ավելացրել է, որ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաև ազատագրված մյուս շրջաններում:
ԼՂՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, վարչապետը վերջում հայտարարել է, որ Արցախի հարցի լուծումը կախված է Արցախի ժողովրդի և ամբողջ հայության կամքից. «Ինչ կարգի բանակցություններ էլ որ ընթանան, վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլև՝ ամբողջ հայությանը»,- շեշտել է նա։



ԱՐՑԱԽՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է,
ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


Արցախի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ին բնակչության թիվը կազմել է 143 574 մարդ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 2174-ով։
Նույն տեղեկատվության համաձայն, Արցախ եկողների թիվը շարունակում է գերազանցել մեկնողների թվին։ Այսպես՝ 2010 թ.-ին Ղարաբաղ է եկել 1011 մարդ, որից 934-ը՝ Հայաստանից, 43-ը՝ Ռուսաստանից, 34-ը՝ այլ երկրներից։ Արցախից նույն թվականին մեկնել է 446 մարդ։ Նրանցից Հայաստան է մեկնել 381, Ռուսաստան՝ 53, այլ երկրներ՝ 12 մարդ։ 2010 թ. մեխանիկական աճը կազմել է 565 մարդ (2009-ին՝ 511 մարդ)։
2010 թվականին գրանցվել է 1200 ամուսնություն կամ 26,7 տոկոսով ավելի, քան նախորդ տարում։ 23,6 տոկոսով ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը (131)։ Փաստորեն Արցախում 100 ամուսնությունից 11-ը ավարտվում է ամուսնալուծությամբ։ Ըստ վիճակագրության, ամուսնացողների միջին տարիքը 26 է։

2010 թվականին Արցախում ծնվել է 2694 երեխա (2009-ին՝ 2821 երեխա)։ Տեղի ազգային վիճծառայության պետ Մանուշ Մինասյանի ասելով՝ 1000 բնակչին ընկնող ծնունդների քանակով հետխորհրդային տարածքում Արցախը զիջում է միայն միջինասիական հանրապետություններին։ Այն ավելի բարձր է, քան Հայաստանում (12.7 տոկոսով) և Ադրբեջանում (18 տոկոսով)։ Արցախում անցյալ տարի մահացած է ծնվել 13 երեխա (2009-ին՝ 7), իսկ մինչև 1 տարեկանը մահացած երեխաների թիվը կազմել է 34 (2009-ին՝ 30 երեխա)։ Վիճծառայության տվյալներով՝ մայրերի մահվան դեպքեր չեն գրանցվել։ 2010 թվականին Արցախում ծնունդների թիվը երկու անգամ գերազանցում է մահացածների թվին (1341 մարդ)։

Իսկ Արցախում բնակչության թիվը չի աճում, վերջին 10 տարում այն շարունակ տատանվում է 140-143 հազարի միջակայքում։ Ի դեպ, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, Ղարաբաղյան հարցի կարգավորման կարևորագույն ազդակներից մեկը ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ է: «ՀՀ նախագահն ասաց, որ Քաշաթաղի վերաբնակեցումը միանգամից հնարավոր չէ: Հասկանալի է, բայց պետք է իրապես իրավիճակը փոխել և հասկանալի դարձնել այդ տարածքների անհրաժեշտությունը: Մենք ժամանակը ճիշտ չենք օգտագործում»,- վերջերս հայտնել է դաշնակցական գործիչը:



Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղում «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել միջազգային կոնֆերանս։ NEWS.am-ին այս մասին հայտնել է Անհետ կորածների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը։
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ կանանց վիճակը հակամարտությունների շրջանում, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի 1325 բանաձևի (կանանց հանդեպ սեքսուալ բռնությունների դեմ պայքար) կատարումը։ Ծրագիրը ղեկավարում է բելգիացի սենատոր Դոմենիկ Թիլմանսը։
Ծրագրի շրջանակներում մի քանի հանդիպումներ արդեն իսկ անցկացվել են։ Բաքվում կայացած հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը՝ Ռիմա Առաքելյանը, չէր կարողացել մասնակցել այն պատճառով, որ Ադրբեջանը շատ ուշ էր հաստատել անվտանգության երաշխիքները։

Նրա խոսքով, ներկայումս որոշվում է ԼՂՀ-ում անցկացվելիք կոնֆերանսին Ադրբեջանի ներկայացուցչի՝ «Ազերի-թյուրք» կանանց միավորման նախագահ Թանզիլ Ռուստամխանլիի մասնակցության հարցը։ Եթե ադրբեջանական իշխանությունները չխոչընդոտեն նրա այցին, հայկական կողմը պատրաստ է ապահովել ադրբեջանցի մասնակիցների անվտանգությունը։
Ադրբեջանական կողմը մեծ հույսեր էր կապում ղարաբաղյան հակամարտության գոտում իրականացված ԵԱՀԿ գնահատման առաքելության հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը։
«Բոլորին հայտնի է, որ առաքելությունն իրականացվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ այս զեկույցից հետո, մեղմ ասած, Ադրբեջանում ոգևորված չեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի արձագանքին, ապա, պատգամավորի խոսքով, համանախագահները հիմնականում օբյեկտիվ են եղել, սակայն զեկույցի բոլոր ձևակերպումները չէ, որ դուր են գալիս ղարաբաղյան կողմին։ «Դա մանավանդ վերաբերում է ստատուս-քվոյի պահպանումը թույլ չտալուն։ Դրանով ակնարկ է արվում, որ գոյություն ունեցող իրողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի քաղաքական կայունությանը։ Մենք այդպես չենք կարծում»,- ընդգծել է Վահրամ Աթանեսյանը։
Նրա խոսքով, արդիական է մոնիթորինգի անցկացման հարցը ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Շահումյանի շրջանում, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու որոշ հատվածներում։
Նշենք, որ 2010 թ. հոկտեմբերի 7-13-ն իրականացված ԵԱՀԿ գնահատման առաքելության վերաբերյալ զեկույցը Վիենայում ներկայացվել էր մարտի 24-ին։
NEWS.am



Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունն այդ երկրում համակել է նաև քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում, ինչքան էլ տարօրինակ լինի, քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն սպառնալիքին, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման:
«Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»,- ասել է նա:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, ըստ որի՝ Վիեննայում մարտի 23-24-ին Մինսկի խմբին են ներկայացրել իրենց զեկույցը՝ «Լեռնային Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքներում» իրականացված առաքելության վերաբերյալ. «Այդ տարածքներում առկա իրավիճակի դաժան իրականությունը վերահաստատել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է, և որ հակամարտության միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ավելի լավ և հաստատուն ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր նախկինում ապրել են այդ տարածքներում, և ովքեր այժմ ապրում են այնտեղ»:
Համանախագահներն «անընդունելի» են որակել ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, «այդ թվում՝ քաղաքացիական օդանավերի նկատմամբ»:
«Առավոտ»



ՔԱՇԱԹԱՂԸ ՆՈՐ-ՆՈՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ

Ինչպես Արցախի վերահսկողության տակ գտնվող, իսկ ԼՂՀ սահմանադրությամբ՝ ամրագրված տարածքները, Քաշաթաղի շրջանը (Լաչին) ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստված զեկույցում նույնպես համարվում է «ադրբեջանական օկուպացված տարածք»։ Համանախագահողների հավաստմամբ, չնայած ստույգ տեղեկություններ չկան, սակայն Լաչինում և Քելբաջարում բնակչությունը կազմում է մոտ 14 հազար մարդ։ Նրանք նշել են, որ այդ տարածքներում սկսած 2005 թվականից փաստորեն բնակչության աճ չի գրանցվել։ Նրանց վկայությամբ՝ վերաբնակներն առավելապես Ադրբեջանի տարբեր շրջաններից այդ տարածքներում բնակություն հաստատած էթնիկ հայեր են, ովքեր ապրում են ծանր պայմաններում...

Ցավոք, դա իրոք այդպես է։ Հրադադարից հետո մեկևկես տասնամյակում իշխանություններն այդպես էլ չկարողացան թե չցանկացան վերաբնակեցնել ազատագրված տարածքները։ Այսօր Արցախում կարծես թե միտում կա վերաբնակեցնելու այդ հողերը։ Խոսքը վերաբերում է հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններին։ Այդ մասին Արցախի վարչապետն ակնարկել է նաև վերջերս՝ Բեյրութում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

2010 թվականին Քաշաթաղի շրջանում բնակություն է հաստատել շուրջ 200 ընտանիք (ավելի քան 600 մարդ)։ 2011 թվականի առաջին ամիսներին, պաշտոնական տեղեկությունների համաձայն, այդ շրջանի տարբեր բնակավայրերում հաստատվել է ևս 50 ընտանիք։ Նույն տեղեկությունների համաձայն, սպասվում է, որ մինչև տարեվերջ այստեղ նոր վերաբնակեցված ընտանիքների թիվը կհասնի 300-ի։ Այստեղ բնակվել ցանկացողներին տրամադրում են վարկ, շինանյութեր, ինչպես նաև փոխհատուցվում են գույքի տեղափոխման հետ կապված ծախսերը։

Իշխանությունները նշում են, որ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի այստեղ զարգանա հողագործությունն ու անասնապահությունը։ 70 ընտանիք արդեն 1 մլն դրամի սահմաններում վարկ է ստացել, որ տրամադրել է լիբանանյան «Արցախ» հիմնադրամը։
Արցախի վարչապետ Ա. Հարությունյանի ասելով՝ տարբեր երկրների մեր շատ հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Քաշաթաղի շրջանի տնտեսական զարգացման ծրագրին։ «Մոտավորապես 3 մլն դոլարի խոստում են տվել,- ասում է նա։- Քաշաթաղի շրջանին կգումարվի նաև Շահումյանի շրջանը։ Շուրջ 1000 ընտանիք հնարավորություն կունենա օգտվելու նման վարկային ծրագրից»։

Առայժմ գյուղտեխնիկան դեռևս չի բավարարում շրջանի բնակչության պահանջները, ուստի նրանք ստիպված են լինում օգտվել ՀՀ Սյունիքի շրջանի և Վայոց ձորի տեխնիկական միջոցներից։ Արցախի պաշտոնական շրջանակների վկայությամբ, Քաշաթաղի շրջվարչակազմը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի շրջանն ապահովի մասնագետներով, այդ թվում՝ ուսուցիչներով ու բուժաշխատողներով։

Շրջվարչակազմի վկայությամբ, Քաշաթաղում այսօր ապրում է մոտ 9 հազար մարդ։ Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ասենք միայն, որ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր պաշտոնավարման առաջին օրերին խոստացել էր Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի։ Իսկ այսօր Ղարաբաղում, ներառյալ ազատագրված տարածքները, ընդամենը 143 հազար մարդ է ապրում։ Այս տարածքները եթե պատկանեին Ադրբեջանին, որին մենք հաղթել ենք, վերջին 10-15 տարում այս հողում 500 000-ից մինչև 1 մլն մարդ բնակեցրած կլիներ։ Իսկ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը ԵԱՀԿ միջնորդ պարոններին տարել ցույց էր տվել այդ տարածքներն ու հպարտորեն ասել, որ դրանք չեն բնակեցվում։



ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՀԱԲԵԿԻՉՆ Է

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը տեղի սակավաթիվ այն քաղաքական գործիչներից է, ովքեր հաճախ են մամուլի ասուլիսներ հրավիրում, Ղարաբաղյան խնդրի թեմայով հրապարակումներով հանդես գալիս արցախյան ու հայաստանյան մամուլում։

Մարտի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Վ. Աթանեսյանն այն միտքը հայտնեց, թե Ադրբեջանը շահգրգռված չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, որի պատճառով պարբերաբար լարում է իրավիճակը Արցախի հետ շփման գծում։ Ադրբեջանն այսօր Հարավային Կովկասի ահաբեկիչն է հանդիսանում,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո ևս Բաքուն գնաց հերթական ավանտյուրային՝ հայտարարելով, թե իբր հայ զինծառայողների կողմից սպանվել է 10-ամյա մի ադրբեջանցի։ «Դա սուտ է, և միջազգային հանրությունը պետք է հետաքննություն անցկացնի այս դեպքի առնչությամբ»,- ասաց Վ. Աթանեսյանը։

Ըստ արցախցի պատգամավորի, Ադրբեջանը ներկայումս չի գնա լայնածավալ մարտական գործողությունների, իսկ Ադրբեջանի «նյարդայնության» պատճառն այն է, որ վերջին ժամանակներս միջազգային հանրությունը մեծ նշանակություն է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքին։
Քաղաքական գործչի ասելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական Ստեփանակերտին ասելիք չունեն, միաժամանակ չեն ցանկանում լսել Ղարաբաղի դիրքորոշումը, որի պատճառով տարածաշրջանային յուրաքանչյուր այցի ժամանակ, վկայակոչելով անբարենպաստ եղանակը, հրաժարվում են գալ Արցախ։ Իսկ, ընդհանրապես, Վ. Աթանեսյանը գտնում է, որ վաղ թե ուշ Ստեփանակերտն անմիջականորեն կմասնակցի բանակցային գործընթացին, քանզի հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի որոշել նրա կարգավիճակը:

Ասուլիսում նա նաև այն միտքը հայտնեց, որ Լիտվայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, միայն բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա, քանզի երրորդ երկրների սուբյեկտիվ կարծիքը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Վահրամ Աթանեսյանն ընդգծել է, որ բացասաբար է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լիտվիական խորհրդարանում շրջանառվող բանաձևին, քանի որ այն «ծնվել» է այդ երկրի ղեկավարի Ադրբեջան կատարած այցից հետո: Աթանեսյանը հույս է հայտնել, որ տվյալ բանաձևը կամ ընդհանրապես չի ընդունվի Լիտվայում, կամ կընդունվի համապատասխան մշակումից հետո: Նա կոչ է արել Լիտվային, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, օբյեկտիվ լինել ղարաբաղյան հարցում:

Մեր թղթակից՝ Երևանից



* * *
ԼՂՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ֆինանսական օժանդակություն է ցույց տալիս նաև Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների և ոչ պետական պարբերականների։
Արցախում տպագրվող ոչ պետական պարբերականներից կառավարության որոշմամբ ֆինանսական օժանդակություն են ստացել՝
Գրողների միության «Եղիցի լույս» թերթը (1,5 մլն դրամ),
Գրողների միության «Պըլը-Պուղի» թերթը (1 մլն դրամ),
«Ոգի Նաիրի» գեղարվեստի կենտրոնի «Գեղարմ» հանդեսը (1 մլն դրամ),
«Նոր էջ» հանրային թերթը (800 հազար դրամ)։
Արցախի գրողների միությանը, որպես հասարակական կազմակերպության, տրվել է նաև 7 մլն դրամ։


ԱՆՏԱՌԻ ՃԱՇԱՐԱՆՈՒՄ

Սկյուռը մտավ անտառի ճաշարան ու կերակուր խնդրեց.
- Մեզ մոտ ուտելու բան չկա,- պատասխանեց նապաստակը։
- Իսկ ինչո՞ւ արջն ուտում է։
- Արջը մեր ճաշարանի վարիչն է։
- Իսկ գայլն ո՞վ է։
- Շեֆ խոհարարը։
- Կատո՞ւն։
- Խոհարարի օգնականն է։
- Իսկ դու ինչո՞ւ ես ուտում։
- Ես ճաշարանի պահակն եմ,- պոչը ոլորեց նապաստակը։- Մեզ մոտ այդպես է, սիրելիս, ով աշխատում է՝ նա էլ ուտում է։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
«Եվ Պըլը-Պուղին մի առակ
պատմեց» գրքից, 1993 թ.




Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՆՔ

Հարցազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական
գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ


- Արցախի վիճակագրական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն, այսօր հանրապետությունում ապրում է 143,5 հազար մարդ։ Արդյո՞ք այսպես ենք շենացնում մեր երկիրը։

- 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել և պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ և մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։ Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ Արցախը վերաբնակեցնելու կոչեր է անում, փորձում նախաձեռնել այդ գործը, բայց արդյունք չկա։
1992-93 թվականներին երբ մեկնում էինք Հայաստան, նկատում էինք, որ այնտեղ շատ ավելի վատթար է վիճակը, քան Ղարաբաղում։ Հիմա Հայաստանը շատ թե քիչ զարգացել է, բայց Ղարաբաղը մնացել է այն վիճակում, ինչպես եղել է։ Կոլեկտիվ տնտեսությունները ավերեցինք և գյուղատնտեսության վիճակն ավելի ողբալի դարձրինք։

- Ստեղծված վիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում։

- Այդ մասին ես շատ եմ խորհել։ Այդ առթիվ այսպիսի մի առաջարկություն ունեմ։ Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երևանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն և զարգացնեն։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, նրա եղբայրը, խանաբադցի Բարսեղը և մյուսները, որ Ղարաբաղի անունով հարստացել են, թող իրենց նյութական հարստության մի մասը ներդնեն հանուն Արցախի զարգացման։

Առաջարկում եմ մի խորհուրդ ստեղծել։ Ասենք, 3 հոգի ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանն է առաջարկում իր շրջապատից, իր ցանկալի մարդկանցից, 3 հոգի Հայոց ազգային կոնգրեսն է տալիս, 3-ը՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ՀՀ հանրային խորհուրդը և, վերջապես, 3 ազնիվ, նվիրված մարդ էլ արցախցիներս ենք ընտրում։ Այդ ոչ պետական կառույցը ծննդով ղարաբաղցի մեծահարուստներին առաջարկում է որպես պարտք իրենց կարողության մի որոշ մասը 20-25 տարով ներդնել Արցախի զարգացման համար։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։

- Իսկ նման ծրագիրն իրակա՞ն եք համարում։

- Իհարկե։ Ադրբեջանն այսօր ինչո՞ւ է այդքան հոխորտում, պատերազմով սպառնում մեզ։ Որովհետև վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում, միայն շինարարությամբ ենք զբաղվել։ Նրանք տարեցտարի մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, ժամանակակից զենք են գնել և հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով, քան նրանք։

Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ոչ թե հավասար, այլ ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր եղած այդ հավասարակշռությունը խախտվում է, բայց՝ ոչ հօգուտ մեզ։ Շարունակ ցեղասպանությունից ենք խոսում, գումարներ ծախսում, լոբինգ անում, որ աշխարհի այս կամ այն պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես դա չեմ ընդունում։ Ցեղասպանություն է եղել, և դա մեր մեղքն է։ Վաղն էլ է ցեղասպանություն լինելու, եթե մենք չսթափվենք, գործնական միջոցներ չձեռնարկենք այս խղճուկ վիճակից դուրս գալու համար։

- Պատերազմ կսկսվի՞, թե չի սկսվի՝ օտարազգի քաղաքագետները, մեր գործիչները, վերլուծաբանները շարունակ այս հարցի շուրջ են վիճաբանում։ Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին։

- Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն և աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաև հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք և զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Եթե հակառակորդը պատերազմ սկսի, ինքն էլ է մեծ կորուստներ կրելու, բայց սկզբնական շրջանում մեր բնակչության շուրջ 30 տոկոսը կորցնելու ենք։ Ճիշտ է, հետո հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով...

- Մեր թերթի նախորդ համարում և հայաստանյան մամուլում հոդված եմ տպագրել առ այն, որ Ստեփանակերտում ապաստարաններ չունենք։ Եթե վաղը ռմբակոծվի, հրետակոծվի քաղաքը, մարդիկ պատսպարվելու տեղ չեն ունենալու։

- Ճիշտ է։ Այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Հույսները դրել են նրա վրա, որ կարող է պատերազմ չլինի։ Դա, իհարկե, սխալ է... Ես գտնում եմ, որ այսօր այլ ելք չունենք։ Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները դատարկ բան են։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումն է, երկրի հզորացումն է։ Կրկնում եմ, Ղարաբաղի անունով հարստացած մարդիկ պարտավոր են տեր կանգնել այս երկրին։ Օրինակ, ասում են, թե Ռ. Քոչարյանը 4,5 մլրդի հասնող կարողություն ունի։ Թող կես միլիարդը մեզ տա, 20-30 տարի հետո իրեն կվերադարձնենք։ Նույնը նաև այստեղ, Հայաստանում, Ռուսաստանում և այլուր ապրող ղարաբաղցի մյուս մեծահարուստները։

Լևոն Հայրապետյանը Վանքում տեսեք ինչ մեծ գործեր է կատարում։ Թող մյուսները, ուրիշներն էլ նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Թող ունեցածի 10-20 տոկոսը ժամանակավոր ներդնեն, ոտքի կանգնեցնեն մեր երկիրը։

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե ձեր առաջարկած խորհուրդը ազնիվ է լինելու։

- Հայաստանում ամենաարդար, ամենաազնիվ ընտրությունները 1990 թվականին են եղել։ Այդ ընտրություններում հաղթած ազնիվ պատգամավորներից կարելի է ստեղծել իմ առաջարկած խորհուրդը։ Այն մարդկանցից, ովքեր եղել և մնացել են իրենց հավատամքին, ինչպես ապրում էին, այսօր էլ այդկերպ են ապրում։

Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է մի 5 տարով։ Ավելի կոնկրետ, փոքր կամ միջին բիզնես ունեցողներին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Պետությունը չպիտի միջամտի Խորհրդի, հանձնախմբի գործունեությանը։ Թող ինքը զարգացման ծրագիր մշակի և վերահսկի դրա իրականացումը։ Առաջներում, օրինակ, մի ազնիվ կոմունիստ էին ուղարկում որևէ տեղամաս, որևէ շրջան, և նա գնում ու աշխատում էր։ Այսօր հեղինակություն, փորձ ունեցող մարդկանց թող ուղարկեն որևէ շրջան։ Ասենք, թող ինձ մի երկու տարով ուղարկեն մի շրջան, գնամ օգնեմ վերականգնել տնտեսությունը։

- Իսկ ավելի մանրամասն։

- Մենք ունենք գյուղապետեր, որոնց պետք է առաջարկել սեփական համայնքում հաշվառում կատարել, պարզել, թե այս կամ այն գյուղացին որքան եկամուտ ունի և ինչի կարիք ունի։ Եթե նա հնարավորություն չունի, նրան պետք է մի կով, երկու ոչխար տանք՝ պայմանով, որ 1-2 տարի հետո եղածը կրկնապատկելու է։

Ասում ենք՝ մենք դեռ հողեր ունենք ազատագրելու, Արևմտյան Հայաստանից ենք խոսում... Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները, որ իրոք մեր պատմական հողերն են, պահենք, բնակեցնենք, մշակենք, շենացնենք, հետո միայն մնացյալի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձևով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունի։

- Իսկ եթե տվյալ մարդը տեխնիկա չունի, այն մշակելու հնարավորություն չունի՞...

- Իմ առաջարկած խորհուրդը, հիմնադրամը հենց նրա համար է, որ օգնի այդ մարդկանց... Ղարաբաղցին պիտի լավ ապրի։ Արժանի է դրան։ Նա վաստակել է այդ իրավունքը... Ավելի լավ հնարավորություն չենք ունենալու։ Մեր երկիրը պաշտպանել ենք, հողեր ենք ազատագրել, ուրեմն՝ պիտի ազգովի տեր կանգնենք։

- Բայց չէ՞ որ մենք շրջվարչակազմեր ունենք, մարդիկ են աշխատում, աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ նույնը նրանցից չենք պահանջում։

- Ֆինանսական բավարար միջոցներ չկան... Ես ծանոթ եմ իրավիճակին։ Ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում։ Հայաստան համահայկական հիմնադրամին այլևս չեմ հավատում ես։ Եվ ոչ միայն ես։ Դրա համար առաջարկում եմ իմ ասած ձևով հիշյալ Խորհուրդը ստեղծել և նրան լայն լիազորություններ տալ... Ամենակարևորը՝ որպեսզի ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, Խորհուրդը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ կատարած աշխատանքի, օգտագործած ֆինանսական միջոցների մասին։

- Բայց որքանո՞վ եք համոզված, թե դա ձեռնտու է իշխանություններին։

- Սա նրանց անձնական հայեցողությունից չպիտի կախված լինի։ Սա ազգային, համազգային խնդիր է։ Ոսկու, պղնձի և այլ հանքեր ունենք, պետությունը թող դրանցով զբաղվի, շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է։ Իսկ Խորհուրդը՝ իր տրամադրության տակ եղած հիմնադրամով հիմնականում պիտի աշխատի վերաբնակեցման, բնակչության թիվը բազմապատկելու ուղղությամբ։

- Ձեր կարծիքով, փողի, ֆինանսների պակա՞սն է միայն պատճառը, որ այսօր երկիրը ողբալի վիճակում է։

- Ես չեմ ուզում կառավարության աշխատանքի գնահատականը տալ։ Ես առաջարկում եմ ազգովի տեր կանգնել մեր երկրին։

- Ասում ենք՝ վերաբնակեցնենք երկիրը, բնակչության թիվը կրկնապատկենք և այլն։ Հասարակ մի օրինակ, լիբանանաբնակ Ժիրայր Սեֆիլյանը թողել իր բարեկեցիկ կյանքը, եկել կռվել է Արցախի ազատագրության համար։ Պատերազմից հետո տարիներ ի վեր ապրում է Երևանում։ Նույնը նախկին ֆրանսաբնակ Սարգիս Հացպանյանը, որ հետո ամուսնացել, ընտանիք է կազմել Երևանում, երեխաները դպրոց են հաճախում։ Ինչո՞ւ այդ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս։ Ընդհակառակը, բանտ են նստեցրել։ Ժիրայրին արդեն ազատ են արձակել, իսկ Սարգիսին դեռ շարունակում են պահել վանդակաճաղերի հետևում։ Այդպե՞ս ենք շենացնում, հզորացնում մեր երկիրը։

- Ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, լավ գիտեմ նրանց։ Նրանք լիովին արժանի են, որ քաղաքացիություն ստանան...

- Բայց ձեզ չի՞ թվում, որ իշխանություներին երկրի զարգացումը, երկրի ճակատագիրը, մեղմ ասած, շատ չի մտահոգում։

- Դրա համար էլ ես կոչ եմ անում նրանց, դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Իմ այս առաջարկությունը երկիրը փրկելու մի հնարավորություն է։ Եթե դա չօգտագործենք, հետո շատ ուշ է լինելու։ Ամեն ինչ վերջանալու է՝ և՛ երկիր, և՛ ազգ...

- Դուք էլ գիտեք, որ դժբախտաբար արտաքին թշնամուց բացի ունենք նաև ներքին թշնամի, որ ոչ պակաս նենգ ու վտանգավոր է։ Վերջին հաշվով, հայկական երկու պետություն ենք ստեծել, իշխանություններ ունենք, ի՞նչն է խանգարում, որ նրանք իրոք մտահոգվեն երկրի զարգացման, շենացման խնդրով։ Ասում եք՝ ազնիվ մարդկանցից նոր Խորհուրդ ստեղծենք, հիմնադրամ ստեղծենք։ Ձեզ չի՞ թվում, որ նույնը կրկնվելու է։ Երբ ՀՀ առաջին նախագահին ընտրեցին, որևէ մեկը կասկածո՞ւմ էր նրա ազնվությանը...

- Ինչ վերաբերում է ներքին թշնամուն, դրա համար պետք է այնպես անենք, որպեսզի ազնիվ, հայրենասեր մարդիկ մեզ ղեկավարեն։ Արցախյան շարժման առաջին շրջանում իրոք ազնիվ մարդիկ էին կանգնած շարժման գլուխ՝ Ա. Մանուչարով, Վ. Գրիգորյան և այլք։ Հետո Ադրբեջանը պատերազմ սկսեց, նոր մարդիկ եկան, որ միայն թալանով, հարստանալով էին զբաղվում... Այդ մարդիկ այսօր փողն ավելի շատ են սիրում, քան Հայրենիքը։ Դրա համար այնպիսի մարդիկ պիտի ղեկավարեն Հայաստանում ու Ղարաբաղում, որոնց համար փողը նշանակություն չունի, անձնական բարեկեցությունը չէ առաջնայինը։

- Ձեր առաջարկածն իրականացնելու ավելի հեշտ, ավելի կարճ ճանապարհ չկա՞։ Ավելի լավ չէ՞ նորմալ ղեկավարություն ընտրել, որպեսզի ձեր ասածն իրագործի։

- Դա հետագայի հարց է, մենք աստիճանաբար պիտի հասնենք դրան։

- Կրկին վերադառնանք ձեր առաջարկին։ Ուրեմն համոզված եք, որ նրանք, ավելի կոնկրետ ՀՀ ղեկավարությունը ընդունելու է այն։

- Նրանք այլ ելք չունեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա փորձ չարվի երկիրը փրկել, ժողովուրդը միշտ ըմբոստանալու է նրանց դեմ... Եվրոպան, Արևմուտքն ասում է, չէ՞՝ կարգին երկիր ստեղծեք, ժողովրդավարական պետություն կառուցեք... Ինձ թվում է, թե հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեր ղեկավարներն էլ են ցանկանում, որպեսզի դուրս գանք այս դժվարին կացությունից։ Ուրիշ ելք չունենք։

Այս անկայուն վիճակը միայն Ռուսաստանին է ձեռնտու։ Ադրբեջանին միակողմանի զենք է վաճառում, բայց թույլ չի տալիս հարձակվել։ Ասում է՝ Հայաստանն իմ ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն, նորից եմ ասում, աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չկարողանան, հնարավորություն չունենան մեր տարածաշրջանում վերահսկել իրադրությունը։ Դրա համար միակ ելքը մեր երկրի հզորացումն է։

Վ. ՕՎՅԱՆ



ԵՎՐՈՀԱՅ

2011թ. սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձը: Այն մեծ շուքով նշվելու է համայն Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) և հայաշատ այն բնակավայրերում, որտեղ գնահատում են հայության պետական անկախությունը: Անկախությունը՝ անկախություն, բայց այն չի խանգարում, որ Հայաստանն անդամակցի միջազգային մի շարք կազմակերպությունների, մասնավորոպես՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Այս ամենով հանդերձ Հայաստանը մեծ ցանկություն ունի անդամակցելու նաև Եվրոպական Միությանը: Սակայն դա այդքան էլ հեշտ չի «տրվելու», դրա համար պետք է կատարվեն մի շարք «զոհաբերություններ», մեղմ ասած՝ նախապայմանների տեսքով: Մեր հարևան պետությունը՝ Թուրքիան, արդեն մի քանի տարի է Եվրամիության դռներն է ծեծում, օգտագործելով քծնանքի ու շանտաժի առանձին և համակցված տեսակները, բայց՝ ապարդյուն:

Եվրամիություն մտնելու առաջին նախապայմանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելն է: Այն Հայաստանը «պատվով» է կատարել: Բայց, ամեն ինչ՝ հերթով: Եվրոպայի Խորհրդի ղեկավարությունը ՀՀ իշխանությունների առաջ դրել էր երեք պահանջ: Առաջինը՝ մահապատժի վերացում: Ի դեպ, ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող ԱՄՆ-ի (համենայնդեպս այդպես է ընդունված ) 38 նահանգում պահպանվում է մահապատիժը որպես առավելագույն պատժաչափ: Իսկ մահապատժի ձևերի կիրարկումն իրենից ներկայացում է հուլիվուդյան ֆիլմի պատրաստի սցենար՝ 22 նահանգներում կատարվում են մահացու ներարկումներ, 13 նահանգներում՝ նստեցնում են էլեկտրական աթոռին, 7 նահանգներում՝ կախում են, 5 նահանգներում՝ գնդակահարում են, մի քանի նահանգներում մեղադրյալն ինքն է ընտրում պատժաձևը: Վերջինս ամենամարդասիրական մահապատժի ձևն է աշխարհում: ԱՄՆ-ին թողնենք հանգիստ ու գրենք մեր մտահոգությունների մասին:

Կյանքի և մահվան վերաբերյալ յուրաքանչյուր ազգ ունի իր պատկերացումները, որոնք բխում են հավատից, ավանդույթներից և սովորույթներից: Յուրաքանչյուր երկիր միջազգային այս կամ այն կառույցի մեջ մտնելով, բնականաբար, ինչ¬որ բան շահում է և, իհարկե, նաև՝ կորցնում։ Կորուստը, որպես կանոն, լինում է ազգային շահի հաշվին: Դարեր շարունակ հայի մոտ ձևավորվել է թշնամու, դավաճանի, ուրացողի, արքայադավի, դավանափոխի, մարդասպանի, ցեղասպանի կերպարը։ Դրանք կոդավորվելով՝ գենետիկորեն հասել է մեզ՝ 21-րդ դարում ապրող հայերիս։ Եվ ահա, Եվրոպական Խորհրդի ղեկավարությունը մեր առջև խնդիր էր դրել՝ վերը նշված կերպարների նկատմամբ արմատապես փոխել վերաբերմունքը, որպեսզի մաս կազմենք «ժողովրդավարական ու առաջադեմ» Եվրոպայի։

Դժբախտաբար, մենք՝ հայերս, հաճախ մոռանում ենք, որ եվրոպական ազգ ենք համարվում՝ շնորհիվ մեր քրիստոնեական մշակույթի և հնդեվրոպական ծագման։ Իրականում՝ արևելքի ժողովուրդ ենք և աշխարհագրական առումով գտնվում ենք Ասիայում: Մոռանում ենք, որ 21-րդ դար ենք մտել շնորհիվ մեր ազգապահպանության կարևոր հիմնասյունների՝ Հայոց լեզվի, հավատի (ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու ) և ավանդապահության:

Հայ իրականության մեջ բազմիցս են անդրադարձել մահապատժի խնդրին (Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքեր, Շահամիրյանների «Որոգայթ փառաց», փիլիսոփայական, իմաստասիրական, իրավագիտական բազմաթիվ նյութեր) և միշտ էլ տրվել է միևնույն լուծումը՝ պահպանել մահապատիժը որպես առավելագույն պատժաչափ։

Մեր ասիական հարևան Իրանում գողության նկատմամբ կիրառվող պատժատեսակի՝ անդամահատումի պատճառով է, որ կատարվող հանցագործությունների մեջ գողությունը փոքր տոկոս է կազմում: Համոզված եմ, որ Իրանը երբեք չի հրաժարվի իր միջնադարյան պատժատեսակից, անգամ, եթե առաջարկեն դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անգամ: Ավելի շուտ Իրանը ՄԱԿ-ի անդամակցությունից կհրաժարվի, եթե երկընտրանքի խնդիր առաջանա:

Եվրոպական Խորհրդի երկրորդ պահանջը՝ սեռական փոքրամասնություններին արտոնություններ շնորհող օրենքի ընդունումն է: Իսկ ովքե՞ր են նրանք: Միանգամից նշենք, որ սեռական փոքրամանության հետևորդներն աղճատում են մարդու բնականոն, ընտանեկան և հանրային կյանքն ու սերնդատվական գործառույթը՝ միաժամանակ խեղելով մարդու արարչագործ բնույթը: Նրանք հաճախ դուրս են մնում հանրային կյանքից, իրենց համար ստեղծելով միկրոմիջավայր: Այդ մարդկային զանգվածը որևէ կապ չունի հայ ազգային արժեհամակարգի հետ... Իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն օրենսդրական փոփոխություններ է կատարել, այլ տարածաշրջանում առաջին պետությունն է, որ միացել է միջազգային համապատասխան կոնվենցիային:

Եվրոպական Խորհրդի երրորդ պահանջը՝ լայն ճանապարհի բացումն է կրոնական աղանդների և այլ խորթ կրոնական կազմակերպությունների համար:
Իսկ ովքե՞ր են աղանդավորները: Աղանդ բառը կազմված է «աղ» (նշանակում է հաճելի, գեղեցիկ, որոշ դեպքերում՝ կյանք, կենսականություն, ուժականություն) և «անդ» (այն կողմ, հեռու, դուրս) բառարմատներից և նշանակում է հաճելիից, գեղեցիկից, ուժականությունից, կենսականությունից, կյանքի բնական կերպից այն կողմ, դուրս, կարճ՝ տհաճ, անկենսունակ, ուժաթափ անող: «Աղանդը», հավատքային իմաստով, նշանակում է ազգի հոգեկան որակների, նրան բնականորեն տրված կենսաձևի արտահայտություն հավատքի ժխտում: Աղանդն այն կրողի, նրա կյանքի, կենսունակության, ուժական համակարգության համար հույժ վտանգավոր է: Այն ազգային հավատքի հակոտնյան լինելով՝ ազգի մեջ չի առաջանում, այլ նրա մեջ դրսից է մտցվում: Ու մտցվում է պարտադրանքով:

Աղանդավորականները և այլ խորթ կրոնական համայնքների ներկայացուցիչները աղճատում են մարդու հոգին, միտքը և խեղում մարդու բարոյահոգեբանական կերտվածքը: Սրանք հանրագիտարանային պարզ ճշմարտություններ են, որոնք նույնությամբ արտաբերելով նպատակ ունենք ցուցանելու, թե ինչ արժեր Եվրոպական Խորհուրդ մտնելը: Սա դեռ բոլորը չէ: Միջազգային «մարդասիրական» կառույցները տարբեր նպատակներով դրամաշնորհներ են տրամադրում տարաբնույթ հասարակական և այլ կազմակերպությունների, որոնք հատուկ, ծրագրավորված քանդում են հայոց արժեհամակարգը, հայոց բանակը, կրթամշակութային ոլորտը, լեզվամտածողությունը, բարոյական նկարագիրն ու այն ամենը, ինչը ազգային է:

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ դեմ ենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցութչանը: Ո՛չ, դեմ չենք: Դեմ ենք, որ Հայաստանն այս կամ այն կազմակերպությանը անդամակցելու համար կատարում է այնպիսի զոհոբերություններ, որոնք խաթարում են մեր ազգային դիմագիծը:
Հայաստանը թուլացնելու ձևերից մեկը ժողովրդի մեջ հայրենասիրության գիտակցության մեռցնելն է: Այն կատարվում է ազգային մշակույթը քայքայելով, դրամի և այլ միջոցներով իշխանավորների մեջ ընչաքաղցություն առաջացնելով, տնտեսության լճացմամբ, սոցիալական անարդարության խորոցմամբ ժողովրդին արտագաղթի մղելով, ազգաբնակչությանն իր ավանդական կրոնից հեռացնելով՝ աղանդների, անաստվածության, միասեռականության և անբարոյականության մղելու միջոցով:

Միջանկյալ նշենք, որ օտարալեզու դպրոցների բացումը թույլատրող օրինագիծի ընդունումը ՀՀ Ազգային Ժողովի կողմից, հիրավի, ամենախայտառակ երևույթը կարելի է համարել հայ խորհրդարանականների օրինաստեղծման ողջ պրակտիկայում: Այն կարծես թե «եկավ» լրացնելու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման ձախողմանը: Ի դեպ, խորհրդարանական պրակտիկայում դեռ չի եղել նման դեպք, երբ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 100 %-ով անցնի և ամիսներով մնա «օդում կախված», թե ինչ է՝ մի ինչ-որ «Վենետիկի հանձնաժողով» դիտողություններ է արել: Հետաքրքիր է իմանալ, երբ Վենետիկի հարազատ Իտալիայում օրենք են ընդունում, ուղարկո՞ւմ են «Մարալիկի հանձնաժողով»՝ փորձաքննության: Ի՞նչ իրավունք ունեն տարբեր երկրներում ստեղծված կազմակերպությունները, հանձնաժողովները, փորձագիտական խմբերը միջամտելու սուվերեն երկրի ներքին գործերին:

Տարիներ առաջ բարոնուհի Քերոլայն Քոքսը մի բաց նամակ էր ուղղել հայ ժողովրդին: Այդ նամակում նա մեծ սեր և հիացմունք է հայտնել հայ ժողովրդի հանդեպ և միևնույն ժամանակ զգուշացրել է. «Հիմա ձեզ սպառնում է խաղաղությունը և անկախությունը կորցնելու վտանգը: Եթե արագ չգործեք, կկորցնեք ոչ միայն Արցախի սուրբ հողը, այլ նաև Հայաստանը»:
Լինելով Անգլիայի լավագույն դուստրերից մեկը և հայ ժողովրդի բարեկամը, բարոնուհին բարոյական իրավունք ունի մեզ բարի խորհուրդներ տալու, ինչպես հայկական ասացվածքն է հուշում. «Ասողին լսող է պետք», բայց, վերջին հաշվով, կատարողը մենք ենք:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ԵՎ ԿՐԿԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին հայ զինվորներ են սպանվում։ Ասկերանի շրջանի կամ արևելյան պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտի 17-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորվել և զինվորական հոսպիտալում մահացել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1991 թ. ծնված Ահարոն Հայրապետյանը:
Այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում է նաև, «որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլև միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն»։

Բայց մի՞թե տասնյակ կամ բազմաթիվ հայ զինվորներ պիտի զոհվեն ազերիների գնդակից, որպեսզի հայոց բանակում հասկանան, որ Ադրբեջանը թքած ունի Աստանայի, Սոչիի, նախորդ կամ գալիք բոլոր պայմանավորվածությունների, հրադադարի պահպանման ռեժիմի և «հակամարտության խաղաղ կարգավորմանը» միտված մնացյալ ամեն ինչի վրա։

Հակառակորդը պարբերաբար հայ զինվորներ է սպանում՝ լինի դա դիպուկահարների կրակոցից թե դիվերսիոն խմբերի կողմից։ Իսկ մենք, մեր բանակը շարունակում է հերթապահ հայտարարություններ անել առ այն, որ հակառակորդը, խախտելով հրադադարը, 125, 286 կամ 1200 անգամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք շարունակ փորձում ենք, այսպես ասած, միջնորդներին կամ միջազգային հանրությանը համոզել, որ մենք պարտաճանաչ պահպանում ենք հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանը շարունակ խախտում է այն։ Այսպես կոչված միջազգային հանրությունն էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բերանով ընդհանուր հայտարարություններ է անում՝ հավասարության նշան դնելով մեղավորի ու անմեղի, զոհի ու դահճի միջև։

Երբ հակառակորդը միանգամից մի քանի հայ զինվոր է սպանում, ՊԲ հայտարարություններում երբեմն ակնարկում ու ազերիներին փորձում ենք ոճրագործությունից զերծ պահել «մեր կողմից համարժեք պատասխան ձեռնարկելու» սպառնալիքով։ Սակայն ազերիների գնդակից շարունակում են հայ զինվորների, հայ երիտասարդների մատաղ կյանքեր խլվել, իսկ մեր խոստացած «համարժեք պատասխանը» չկա ու չկա։ Եվ դա ավելի է ոգևորում հակառակորդին։ Մենք չենք պատժում նրանց, ԵԱՀԿ միջնորդ տղերքը «չեն նկատում», չեն դատապարտում նրանց։ Թշնամուն էլ դա է պետք... Անպատժելիությունն ավելի ազատ է արձակում եղեռնագործ ձեռքերը։

Արցախյան շարժման առաջին շրջանում գրեթե նույն վիճակն էր։ Ազերիները շարունակում էին ասպատակել հայկական գյուղերի վրա, Ստեփանակերտի ծայրում գտնվող Կրկժան թաղամասը շարունակ լարված էր պահում հայկական թաղամասերը, ազերիները օրը ցերեկով զինաթափում էին հայ միլիցիոներների, առևանգում նրանց, տանում խոշտանգում, իսկ մենք պարտաճանաչ նստել ու փորձում էինք Մոսկվային ապացուցել-համոզել, թե՝ տեսեք, մենք խաղաղասեր ու լավն ենք, իսկ ադրբեջանցիներն հանցագործ ու վատն են... Շատ հետո միայն հասկացանք, որ ուժին պիտի ուժով պատասխանել։ Եվ միայն դա հասկանալուց հետո մեզ հաջողվեց ազատագրել մեր հողերն ու հակառակորդին պարտադրել հրադադարի պայմանագիր ստորագրել մեզ հետ։
Իսկ այսօր դա մոռացել, կրկին փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մենք համեստ, խաղաղասեր, քաղաքակիրթ ու լավն ենք, իսկ ազերիները...

Մինչդեռ երեկվա պատերազմի դառը փորձը ցույց է տալիս, որ եթե թշնամին իսկապես համարժեք պատասխան ստանար, ապա երևի թե չշարունակեր իր «սև գործը»։ Եթե մի հայ զինվորից խլված կյանքի համար հակառակորդը ստիպված լինի երկու, երեք կամ չորս ասկյարի դիակ ուղարկել ծնողներին, հաստատ առաջին գծից հետ կքաշեր իր դիպուկահարներին։
Սիրում ենք շարունակ կրկնել՝ «Մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»։ Մերձավոր Արևելքում ամենամարտունակ բանակն ունեցող Իսրայելը նման դեպքերում այլ կերպ է վարվում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՔՍՏՐԵՄԻԶՄ

Քաղաքական էքստրեմիզմը բարդ սոցիալական երևույթ է: Ներկայումս պետությունների միջև հակասությունների կտրուկ ակտիվացման պայմաններում, խնդիրների քաղաքական, իրավական մեթոդներով լուծմանը հակառակ բախվում ենք որոշ պետությունների էքստրեմիզմի դրսևորմանը, որն անշուշտ իրական սպառնալիք է ստեղծում մարդկության համար: Քաղաքական էքստրեմիզմը առավել վտանգավոր է ազգամիջյան, կրոնական հարաբերություններում:
Անդրկովկասն այս խնդրում չի զիջում այլ տարածաշրջաներին: Եթե համեմատենք աշխարհի տարբեր երկրների հետ, (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն), ապա կնկատենք, որ էքստրեմիզմի դրսևորումներն այնքան էլ ցայտուն ձևով չեն դրսևորվում նշված պետություններում իշխող քաղաքական իշխանության մեջ: Ինչը մեր տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանում, արտահայտվում է արկածախնդրորեն՝ էքստրեմիզմ պետական մակարդակով:

Աստանայում ՀՀ նախագահի ելույթը, ինչ որ չափով զսպել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներին էքստրեմիստական հայտարարություններում: Սակայն վերջին ժամանակներս կրկին ակտիվացել են նմանատիպ հոխորտանքները, և այս ամենը՝ քաղաքակիրթ աշխարհի առջև:
Խուսափելով միջազգային իրավասուբյեկտ պետությունների նման երևույթների նկատմամբ միջազգային իրավունքով նախատեսված պարտավուրությունների կատարման շրջանակների մասին քննարկումներից, փաստենք միայն, որ ազգայնական էքստրեմիստական հայտարարություների արտոնումը թշնամանքի, զինված բախումների, պատերազմների և, վերջին հաշվով, ցեղասպանության իրագործման նպաստող պայմաններ է ստեղծում:

Անվիճելի է, որ ինչպես ամեն մի երևույթ, այնպես էլ քաղաքական էքստրեմիզմն ունի իր նպատակները, ընդ որում՝ քաղաքական էքստրեմիզմի միտումը ազգամիջյան հարաբերություններում, բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումը և վերջինիս նկատմամբ քաղաքական ու սոցիալական առավելության հաստատումն է: Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքի մերժումը իրավական մեթոդներով արդարացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այդ իրավունքը իրականացվում է անջատողական հասկացությամբ: Անջատողականությունը իրավաբանորեն անհիմն ու անօրինական պահանջ է և, կամ, այն չի կարող տեղավորվել ինքնորոշման իրավունքի այն ծավալում, եթե տվյալ ժողովուրդը կամ ազգը իր էթնիկական ծագումը, սոցիալական և մշակութային զարգացումը չի կայացել իր պատմական բնօրրանում: Վերջին տարիներին ինքնորոշման իրավունքով անկախացած պետությունների թվում կան այնպիսիք, որոնց հիմքում առկա չեն թվարկված հատկանիշները։

Չնայած նրան, որ միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ունի իմպերատիվ բնույթ, այնուամենայնիվ, դա իրավունքի տեսանկյունից չի նշանակում, թե այդպիսի հատկանիշների բացակայությունը պայման կարող է լինել ինքնորոշման իրավունքի իրագործման: Այդպիսի երկրներին, որոշ պետությունների կողմից անկախ պետություն ճանաչելը, ոչ թե միջազգային իրավունքով նախատեսված ինքնորոշման իրավունքի փաստում է, այլ արդյունք է շահերի համապատասխանատվության: Ինքնորոշման իրավունքի ակունքում ընկած այս հատկանիշների ամբողջական առկայությունն է միայն առաջացնում միջազգային իրավունքով նախատեսված ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը: Հակառակ դեպքում՝ այն հակասում է մյուս ազգի թվարկված հատկանիշների և սեփականության իրավունքներին: Այս հատկանիշների բացակայության հանգամանքներում է ինքնորոշման իրավունքն անդրադառնում տարածքային ամբողջականության իրավունքի վրա: Մյուս դեպքում այդ իրավունքի պահանջը հիմնավոր է, օրինական և արդարացված:

Դա է պատճառը, որ ներկայումս Ադրբեջանի իշխանությունը կազմակերպված մակարդակով, էքստրեմիստական հայտարարություներով զուգորդված, ջանք չի խնայում կեղծելու միջոցով հափշտակել օտարին պատկանող սեփականությունը, ավելին՝ սպառնում է այդ նպատակին հասնել ռազմական ճանապարհով:
Հատկանշական է, որ այդ սպառնալիքները ոչ թե մեղմում են հարաբերությունները, այլ ամրապնդում են հակադրությունը: Քաղաքական այս էքստրեմիզմը պայմանավորված է սոցիալական, ազգային, գաղափարախոսական, հոգեբանական գործոնով: Որպես ապացույց նշենք միայն պետական բոլոր մարմինների միջպետական հարաբերություններում դրսևորած ծայրահեղական բնույթի հայտարարությունները, ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների շարունակական հայտարարությունները, բռնի գործողություններ կատարողներին խրախուսելը:

Անվիճելի է, որ քաղաքական էքստրեմիզմի իրագործումը պետական մակարդակով բնորոշ է ավտորիտար պետություններին: Այս տեսակն ավելի զարգացած է ու կազմակերպված, քանի որ ղեկավարվում է պետական մարմինների հիերարխիկ կառուցվածքի կողմից: Ի տարբերություն մյուս տեսակների, այն իրենից ներկայացնում է բարձր հասարակական վտանգավորություն: Նախ՝ այն անդրադառնում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կենսական շահերին, ապա՝ միջազգային հանրության անվտանգությանը:

Վերջին ժամանակներս ԼՂՀ-ում աշխարհահռչակ արվեստագետների հայտնվելը, սպորտային միջոցառումների անցկացումը պատճառ են հանդիսացել դիվանագիտական ուղիներով ծայրահեղական դրսևորումների: Ակնհայտ է, որ պետության զարգացման գործընթացը ավելի դյուրին կլինի միայն այն դեպքում, երբ պետության կողմից կարգավորվում են առանձին մարդկանց, հասարակության և պետության միջև ներդաշնակ համադրությունը: Փոխարեն դրան, մենք վկա ենք հարևան երկրում այլակարծության հետապնդմանը, ինչպիսին, օրինակ, Խոջալուի դեպքում լրագրողի դատապարտումն է, քաղաքական կուսակցությունների հետապնդումը:

Դեռևս 1989թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան իր 44-րդ նստաշրջանում հայտարարել է, որ անդամները դատապարտում են բռնի և ապորինի միջոցներով քաղաքական նպատակներին հասնելը: Այդ ժամանակաշրջանում էր, որ խորհրդային իշխանության թողտվության պայմաններում Ադրբեջանի իշխանությունը ապօրինի կալանավորում, ազատությունից զրկում, կտտանքների էր ենթարկում մարդկանց՝ միայն նրա համար, որ հայ են: Ադրբեջանի այս արարքները ամենածանրագույն հանցանքն են, որն բնութագրական է գենոցիդի հանցակազմին:
Նախորդ դարրերում ոչ միայն հայերին, այլև հույներին, արաբներին, լեզգիներին, թալիշներին, ավարներին և շատ ու շատ ազգերի նկատմամբ ցեղասպանության իրագործման դրդապատճառները նվաճած ժողովրդի կենսաբանական գործոններն էին:

Էքստրեմիզմը, որպես կանոն, կապված է ազգայնականության հետ: Ինչքան էլ տարօրինակ թվա, այն ազգային թերարժեքության արդյունք է: Ազգայնամոլության ետևում թաքնված թվացող երևույթների ճիշտ գնհատման միջոցով բացահայտվում են վախկոտության դրսևորումները: Վերջինս բնորոշ է այն ժողովուրդներին, ովքեր չունեն հոգևոր ռեսուրսներ, ընդունելու այս կամ այն իրավացիությունն ու իրողությունը: Փաստ է, որ էքստրեմիզմին հաջորդում է բռնութունը, վանդալիզմը, ցեղասպանության ակտիվ գործողությունները, որին ականատես ենք եղել դեռ 1988-1994 թվականներին: Այսօր դրան զսպում է ուժերի հավասարակշռությունը: Հենց հակառակ կողմի ռազմական առավելության բացակայությունն է, որ մենք վկա ենք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծայրահեղական դասական դերասանություններին:

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մ. Մաշտոց համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի ավագ դասախոս



ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՆ

Եթե փորձենք հարևան Ադրբեջանի քաղաքական վարքագիծը բացատրել մեր տեսանկյունից, այնպիսի անհեթեթ պատկեր է ստացվում, որ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ: Օրումեջ առանց պատճառի արվող սպառնալից հայտարարություններ՝ պատերազմ, պատերազմ... Ինչ-որ արհեստական, անբացատրելի բան կա այս սպառնալիքների մեջ, չհիմնավորված ագրեսիա:
Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում խնդիրներ է ունեցել իր հարևանների՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Անընդհատ այս երկրներից որևէ մեկը փորձել է կամ զավթել երկրի տարածքը, կամ բնաջնջել ժողովրդին: Ինչո՞ւ ռազմաշունչ «խնդիրները» ծագել են հենց մուսուլմանական երկրների, այլ ոչ թե, ասենք, Վրաստանի հետ:

Թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանն իրենց կոկորդին կանգնած ոսկոր են համարում... Չկա Մուհամեդի հետքերով գնացող որևէ ժողովուրդ, որն աչքի է ընկնում խաղաղասիրական հակումներով: Ոչ իրական, ոչ էլ, գոնե, դիվանագիտական մակարդակով՝ առերևույթ: Աշխարհի տեռորիստների 90 տոկոսը մահմեդականներ են...

Ասում են՝ պատճառն այն է, որ այլ կրոնների և իսլամի միջև կան մի շարք տարբերություններ: Նախ՝ մահմեդականների աննախադեպ նվիրվածությունը կրոնին: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսս» լրատվական գործակալության անցկացրած սոցհարցման արդյունքների՝ Թուրքիայի բնակչության 85 տոկոսի համար կրոնը կյանքի շատ կարևոր մաս է: Եվ սա՝ դեռ Թուրքիայում, որը համարվում է աշխարհիկ-մահմեդական տերություն: Էլ ի՞նչ ասես մյուս իսլամական հանրապետությունների մասին: Արաբական ցանկացած պետության քաղաքացին իր պարտքն է համարում օրը մի քանի անգամ նամազ անել: Ոչ մի գործ չի կարող խանգարել պաշտամունքի այս ծեսին: Եվ ուրեմն՝ կրոնը մահմեդականների վարքը պայմանավորող կարևոր գործոն է: Ու իսլամական պետությունների վարած քաղաքականությունը, կատարած քայլերը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իսլամը:

Ղուրանը մահմեդական պետություններում պարտադիր ուսումնասիրում են դպրոցներում: Ղուրանի խոսքը գալիս է փոխարինելու մոր կաթին: Այն իրենից ներկայացնում է վարքի որոշակի կանոններ, որոնց պարտավոր են հետևել մահմեդականները: «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն մահվան մատնեց, որ իրենց մեղքերից փրկի մարդկանց»,- ասում է Աստվածաշունչը: «Ալլահը Մուհամեդին ուղարկեց, որպեսզի նա բերի ճիշտ կրոնը, և այդ կրոնը պետք է իշխի մյուս բոլոր կրոններին»: Աստվածաշնչյան հիմնական կատեգորիան սերն է, Ղուրանինը՝ իշխանությունը:

Իսլամը սահմանում է, որ բոլոր նրանք, ովքեր մահմեդական չեն, պետք է մեռնեն կամ հպատակվեն մահմեդականներին: Եթե նրանք համաձայնեն ապրել իսլամի կանոններով ու հարկ վճարել մահմեդականներին, կարող են ապրել վերջիններիս իշխանության ներքո, եթե ոչ՝ նրանք պետք է մեռնեն: Այսինքն՝ գլխավորն այն չէ, որ բոլոր ազգերը մուսուլման դառնան, այլ՝ որ նրանք հնազանդվեն մուսուլմաններին:

Երբ 634 թ. հաստատվեց իսլամական կայսրությունը, յոթ տարվա ընթացքում Ղուրանի կանոնները, Մուհամեդի պատվիրանները վերածվեցին օրենսդրական համակարգի... Օրենքը հստակ սահմանում է, որ քրիստոնյաներն ու հրեաներն իրավունք չունեն անկախ ապրելու: Նրանք պետք է ապրեն այն օրենքներով, որոնք իսլամը սահմանում է նրանց համար: Իսկ ի՞նչ, եթե հրեաներն ու քրիստոնյաները չեն ցանկանում ապրել իբրև մահմեդականների հպատակներ: Իսլամը պետք է կռվի նրանց դեմ։ Այդ պայքարը կոչվում է ջիհադ: «Ջիհադ»՝ նշանակում է պատերազմ այն ժողովուրդների դեմ, ովքեր չեն ցանկանում հպատակվել իսլամին...

Ղուրանն աշխարհն առանձնացնում է երկու մասի՝ մուսուլմանական և ոչ մուսուլմանական՝ «դար ալ իսլամ»՝ իսլամի տուն, և «դար ալ հարբ»՝ պատերազմի տուն, որը պետք է նվաճվի ժամանակների վախճանին: Ողջ աշխարհը մնալու է «պատերազմի տուն», մինչև այն կհպատակվի իսլամին: Փաստորեն, իսլամի նպատակը բոլոր կրոնները, այսինքն՝ բոլոր ազգերն իրեն հպատակեցնելն է:
Ռազմատենչ այս կրոնին ոմանք փորձել են ավելի մարդկային հատկություններ վերագրել: Այսպես՝ ոմանք պնդում են, որ Մուհամեդը պատվիրել է պատերազմում չսպանել կանանց ու երեխաներին: Բայց կան իսլամիստական դպրոցներ, ինչպես Հանլի դպրոցը, որ Ղուրանի բոլոր պատվիրաններն ընկալում են բառացի՝ պատերազմ: Տեռորիստների մեծ մասը պատկանում է այս դպրոցին:

Տարածքային հարցերն այս կրոնում նույնպես խիստ են դրված: Իսլամական տիրապետության տակ գտնվող որևէ տարածք չպետք է դուրս գա նրա տիրապետությունից: Եթե այն ժամանակավորապես անցել է այլ ժողովրդի տիրապետության տակ, ապա պետք է անպատճառ հետ նվաճվի: Այստեղից էլ ահա ադրբեջանական անհեթեթ պահանջները՝ տարածքներն իրենց վերադարձնելու վերաբերյալ: Ալիևի՝ պատերազմը վերսկսելու սպառնալիքների արմատները, փաստորեն, նույնպես թաղված են կրոնում... Իսլամը տարածելու նպատակով մղվող պատերազմում մահացած ցանկացած զինվոր մարտիրոս է, ինչպես էլ նա մահանա: «Անհավատների» սպանությունը պատվաբեր գործ է, որը հերոսացնում է մարդասպանին՝ նրան դարձնելով մուսուլմանական աշխարհի հերոս: Ատելությունն ու սպանությունը մուսուլմանական երկրներում խրախուսվում են պետական կրոնի մակարդակով...

Երբ լսում ենք, որ հայազգի երիտասարդներին սպանող ադրբեջանցիներին աստվածացնում են, չենք ընկալում, որ բանը միայն արյունարբու լինելու մեջ չէ:
Իսկ ինչո՞վ բացատրել այն, որ աստվածաշնչյան պատվիրաններն այնպես անտեսված են մեր երկրում, իսկ մահմեդականները կուրորեն հետևում են Ղուրանին: Հոգեբանական գործոնն է դեր խաղում: Աստվածաշունչը ձգտում է բարին սերմանել՝ մի շնացիր, մի նախանձիր, մի սպանիր: Ղուրանը պնդում է՝ կարող ես մի քանի կին ունենալ, սպանիր նրան, ով չի դավանում Ալլահին: Քանի որ մարդն իր բնույթով հակված է դեպի մեղքը, նրա համար ավելի հեշտ է կատարել Ղուրանի պատվիրանները, քան աստվածաշնչյանը...

Աստվածաշունչը խաղաղության Աստծո մասին է պատմում, իսկ իսլամում խաղաղությունը հնարավոր է համարվում միայն իսլամի վերջնական հաղթանակի դեպքում, երբ ողջ աշխարհը կխոնարհվի մահմեդականների առաջ: Ի՞նչն է ստիպում մահմեդականներին զինադադար կնքել: Զինադադարն իսլամում ստրատեգիական ընտրություն է, որը կատարվում է այն դեպքւոմ, երբ թշնամին շատ ուժեղ է: Դադարի համաձայնվում են միայն վերազինվելու և ժամանակ շահելու համար, ինչպես ժամանակին արել է Մուհամեդ առաքյալը:

Մահմեդականության հիմունքները պետք է որ զգոնության կոչ անեն մի երկրի, որը շրջապատված է մուսուլմանական պետություններով, նրանց ձեռքից ցեղասպանություն է տեսել, մղել հարկադրված պատերազմ ու որոնց հետ գտնվում է զինադադարի երերուն հարաբերության մեջ: Հնարավո՞ր է արդյոք ստիպել մահմեդականներին մոռանալ պատերազմը՝ իբրև հարաբերություններ պարզելու միջոց: Ինչպես տեսանք, միայն մի դեպքում են նրանք խուսափում արյուն թափելուց, երբ մրցակիցն իրենցից ուժեղ է: Ժամանակն է մտածել հզորանալու և հզոր աջակիցներ ձեռք բերելու մասին: Պաշտպանական նկատառումներով:

ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
hraparak.am
---------------------------------------------------
Տպագրվում է կրճատումներով




«ԵՂԻՐ ՀԵԶ, ԲԱՆՈՂ ԵԶ...»

Իր դրությամբ գոհ ստրուկը կրկնակի ստրուկ է,
քանի որ ոչ միայն նրա մարմինն է
ստրկության մեջ, այլև հոգին:
Է. Բերկ


«Անասուն. սպասավորների ու ստրուկների փիլիսոփայությունը». այսպիսի վերնագրով մի հոդված գտա ինտերնետում, որի բովանդակության պարզ շարադրանքը հնարավորություն է տալիս ռուսական իրականության մեջ տեղի ունեցող որոշ երևույթներ հասկանալ: Այս մոտեցումը նաև կօգնի բացատրել մեր հասարակությանը հարիր մտածելակերպը: Այսպես, Վիկտոր անունով բլոգերը ժամանակակից ստրուկին՝ շղթաներ չկրող, համեմատում է «Աֆոնյա» ֆիլմի համանուն հերոսի հետ. ֆիլմում, երբ Աֆոնյայի աշակերտը նետվում է ոռոգման ծորակը փակելու, Աֆոնյան նրան կանգնեցնում է. «Սա մեր տարածքը չէ»: Սա տիպիկ ստրկային մենթալիտետ է՝ իշխանական ունեցվածքը չարժե ափսոսալ:

Հիմա անցում կատարենք մեր օրեր և գտնենք մեր «աֆոնյաներին»: Տարեց մարդկանց բերանից շատ եմ լսել «հոքմյաթին պիտի խաբիս» արտահայտությունը, որով այսօր ևս առաջնորդվում են շատերը. պետությանը խաբում են, պետությունը թալանում են: Կարծում եմ՝ սրա բացատրություններից մեկն այն է, որ այսօր էլ «պետություն» հասկացությունն ընկալվում է որպես «պարոն», իսկ ավելի ճիշտ՝ նրա գլուխ կանգնածներին ընդունում ենք որպես «պարոն»: Բայց իրականում պետության գլուխ կանգնածներին չենք խաբում, այլ հենց պետությանը՝ ինքներս մեզ: Քանի մենք դեռ ապրում ենք պետությանը խաբելով, դժվար թե մոտակա ժամանակներս ունենանք պատշաճ պետական մտածողություն: Պետական մտածողության ամենառաջին սկզբունքն ընդհանուրի շահի գերակա և առաջնային լինելն է սեփականի հանդեպ:

Բլոգերն իր միտքը շարունակելով՝ բացատրում է, թե ինչու են մարդիկ աղտոտում փողոցներն ու ապականում բնությունը: Սա նույնպես կապում է ստրկամտության հետ, քանզի, ինչպես վերևում ասվեց, ստրուկին է բնորոշ չխնայել, չափսոսալ ուրիշի ունեցվածքը, որովհետև փողոցն ու անտառն, իր կարծիքով, իրեն չեն պատկանում: Շատ կլինեք լսած՝ «Սրա համար հատուկ նախատեսված մարդիկ կան»: Օրինակ, հազարավոր մարդիկ են վերուվար անում կենտրոնական փողոցով, բոլորն էլ տեսնում են բաց «լյուկն» ու մտածում. «Վա՜յ, ինչ-որ մեկը կարող է գիշերը հայտնվել լյուկի մեջ…», բայց միաժամանակ իրենց արդարացնում. «Դե, սրա համար հատուկ նախատեսված մարդիկ կան...»։ Մինչդեռ այնքան էլ դժվար չէ այն հրելով փակել: Նրանց ենթագիտակցության մեջ կամ մտածելակերպում «սրա համար նախատեսված մարդիկ» իր նման ստրուկներ են: Նույնպես տիպիկ ստրկային վերաբերմունք է՝ ստրուկը ստրուկի վրա թքած ունի: Ստրուկը ստրուկի վրա թքած ունի կամ էլ չարախնդություն է տածում իր նմանի նկատմամբ:

Սրա կենդանի օրինակը գտնելու համար պետք չէ հեռու գնալ, վերցրեք մեր ցանկացած պետական հիմնարկներից մեկի միջին օղակի չինովնիկին, և կտեսնեք, թե որքան փոխադարձ նախանձ կա հավասար դիրք գրավող մարդկանց միջև... Երբ պատրաստվում էի Աջափնյակում փախստականներին տրամադրված տների մասին հոդված գրել (իսկ ուզում էի շատ ավելի մանրամասնորեն գրել), միջին օղակի մի պաշտոնյա խորհուրդ տվեց. «Քո ի՞նչ գործն է, թող նրանք գնան նախագահին բողոքեն»:

Այս իրավիճակը ծանոթ կլինի շատերին. օրինակ, համոզված եմ, շատերի հետ է պատահել, երբ որևէ մի կտոր թղթի համար ժամերով ապարդյուն սպասել են քաղաքապետարանի որևէ բաժնի առաջ և գումարած դրան՝ վերջում ստացել գյադայական պատասխան: Նման վարվելակերպը բլոգերն անվանում է սպասավորի (լակեյի) պահվածք, քանի որ լակեյն երեկվա ստրուկն է, որն ի տարբերություն ստրուկի, կրում է կոճակներով ոսկեկար շքազգեստ ու կանգնում պարոնի դռան առաջ, որին ատում է, չնայած նրա համար աշխատում է չարքաշ անասունի պես: Միևնույն ժամանակ, նա երազում է լինել պարոն, այդ իսկ պատճառով արհամարհում է ստրուկներին, դրանով ասես իր գինը բարձրացնելով:

Հնում երբ գալիս էին պարոնի մոտ, հաճախ լակեյը, կանգնելով դռան առաջ, հպարտորեն ասում էր՝ պարոնը քնած է: Իրականում պարոնը քնած չէր լինում, նման վարվելակերպով լակեյը հոգու բավարարվածություն է զգում, մի պահ երանության մեջ կարծում է, թե պարոն է, կարծում է, թե իրեն հաջողվել է ներկայանալ մարդկանց որպես իր համար բաղձալի պարոն:
Երբ հնում ճորտը դառնում էր լակեյ, որոշակի իշխանություն էր ձեռք բերում և պատեհ դեպքում իր խղճուկ իշխանությունն օգտագործում էր ճորտի դեմ: Բացի դրանից, ճորտը ճիշտ գործել չի կարող, ճորտը ինքնուրույն գործել չի կարող, նրան ճիշտ ճանապարհ կարող է ցույց տալ միմիայն պարոնի հրամանը, որն ի կատար չածվելու դեպքում իրոք պատժի է արժանանալու: Պատիժն ու պատժի նկատմամբ անասնական վախն է ճորտին զգաստացնում:

Մի քանի ամիս առաջ «Կարմիր խաչի» գրասենյակի մոտ մեծ քանակությամբ աղբ էր կուտակված, բայց հենց որ կախեցին «Տուգանք՝ 40 000 դրամ» ցուցանակը, այդ հատվածը սկսեց փայլել ինչպես երբևիցե: Պատժողը միշտ ճորտի կողմից ավելի շատ է հարգվում, քան իսկական հարգալից վերաբերմունք ցույց տվողը: Նման երևույթները ցայտուն կերպով արտահայտված են բանակում, որտեղ առաջնորդվում են՝ «պատժողի խոսքը քաղցր է լինում» կարգախոսով: Ստրուկն ատում է պարոնին, բայց երազում է հայտնվել նրա տեղը: Լակեյը նույնպես ատում է պարոնին, նույնպես ուզում է հայտնվել նրա տեղը, բայց արհամարհում է ստրուկներին և սաստիկ վախենում է կրկին հայտնվել ստրուկի դերում:

Մեր հասարակության մեծ մասը բաղկացած է ստրուկներից ու լակեյներից: Ստրուկները բողոքում են իրենց վիճակից, բայց ստրուկ են, չէ՞, դրա համար էլ վախենում են այդ մասին արտահատվել: Մերօրյա լակեյը նյութապես ապահովված է, նրա գործը ստրուկների բերանը փակելն է ու պարոններին մեծարելը: Նրանց նմանները տեղ են զբաղեցնում տարբեր հիմնարկներում՝ քաղաքապետարանում, հարկային ծառայությունում, համալսարաններում, բուժհիմնարկներում, նախարարություններում և այլուր:

Այս մարդկանց թվին կարելի է դասել այսօրվա մեր «մտավորականությանը»՝ պահապան շներին: Վերջին տարիներին շատ արվեստագետներ բեմից ելույթ ունեցան, շատերի հոբելյանը շքեղ նշեցին, բայց միայն Ռուբեն Հախվերդյանի բերանից ըմբոստ ու ճշմարտությանը մոտ խոսք լսեցինք: «Եղիր հեզ, բանող եզ»,- ասվում է նրա երգերից մեկում... Ի դեպ, նման «մտավորականության» պես գործող մամուլը լրագրության մեջ հենց այդպես էլ կոչվում է՝ պահապան շների դեր կատարող մամուլ: Մեր մամուլն էլ է կատարում պահապան շների դեր, բայց ավելի «ազնվացեղ» շան դեր, քան, ասենք, «Հայլուրը»: Իսկ նրանք իրենց ներուժն օգտագործելով կարող են հանրության մեջ պատշաճ պետական մտածողություն ձևավորել, բայց, ըստ ամենայնի, դեռ վերևներից նման հրահանգ չեն ստացել: Տարբերությունը լակեյ պահապան շների ու սովորական պահապան շների միջև այն է, որ վերջիններս, անկախ ամեն ինչից, հավատարիմ են մնում տերերին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ԱՐՑԱԽՈՒՄ ՀՆԱ-Ն ՀԱԶԻՎ 2500 ԴՈԼԱՐ Է

Արցախի ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը մամուլի ասուլիսում պաշտոնական տվյալներ է ներկայացրել 2010 թ. սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, նախապես չմոռանալով նշել, որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող բացասաբար չանդրադառնալ նաև Արցախի տնտեսության վրա:
Սակայն Մինասյանի ասելով, այդուհանդերձ, 2010-ին նախորդ տարվա համեմատ, համախառն ներքին արդյունքի 5,5% հավելաճ է ապահովվել: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 823,2 հազ. դրամ կամ՝ հազիվ 2500 դոլար։ Հիշեցնենք, որ իր ՀՆԱ-ով աշխարհում 139-րդ տեղը գրավող Հայաստանում այն 5.800 դոլար է, այսինքն՝ երկու անգամ ավելի։ Ուղղակի զարմանալի է, թե գտնվելով նման ողորմելի վիճակում, արցախցիներն ինչպես են կարողանում գոյատևել։

ՀՆԱ-ի հավելաճի կեսն ապահովվել է շինարարության հաշվին, շինարարություն, որ բացառապես կապ չունի բնակչության բնակարանային պահանջները բավարարելու հետ։ Ստեփանակերտում կառուցված էլիտար շենքերի բնակարանների մեծ մասը թափուր են։ Չափազանց բարձր գներով բնակարանների այսօրվա տերերը կամ գյուղերը լքած մեծահարուստներ են, կամ ռուսաստաններում ապրող նախկին արցախցիներ, որոնց համար այն «ամառանոցի» պես մի բան է։
Արցախում 2010 թ. թողարկված 43 մլրդ դրամի, այսպես ասած, արդյունաբերական արտադրանքի կեսը փաստորեն կազմում են բնակչության վրա բարձր գներով վաճառված էլեկտրաէներգիան, գազը, ջուրը և այլն։

Ագրարային կոչվող Արցախի գյուղատնտեսության համախառն արտադրանքն ընդամենը կազմել է 32 մլրդ դրամ (2009 թ. համեմատ 11,3%-ով պակաս): Մանուշ Մինասյանը գտնում է, որ անհրաժեշտ է փոխել մարդկանց հոգեբանությունը, որոնք չեն ուզում ցույց տալ անասունների իրական թիվը՝ համոզված, որ հաշվառումը կատարվում է իրենց վնասելու նպատակով: «Միայն Աղդամի տարածքում 340 գլուխ չհաշվառված անասուն է բերվել իրավական դաշտ»,- ասաց նա:

Խե՜ղճ երկիր, որ հույսն այդ չհաշվառված մի քանի հարյուր անասունների վրա է դրել։ Եվ հետո, քաղաքացիներն ինչո՞ւ պիտի ցույց տան իրենց անասունների իրական գլխաքանակը, երբ այդ հաշվառումը կատարվում է, ասենք, ոչ թե այդ կենդանիների համար անհրաժեշտ վակցինաներ կատարելու կամ հօգուտ անասնատերերի ինչ-որ բան անելու, այլ միայն այդ գլխաքանակից հարկ գանձելու համար։
Վիճծառայության պետը նշել է, որ բնակչության դրամական եկամուտները աճել են 9,7%-ով: Հետո հավելել, որ բնակչության ծախսերը գրեթե 2 մլրդ-ով գերազանցում են եկամուտներին:

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչ կարգի վերլուծություններ են կատարվում աշխատանքի շուկայում՝ գործազրկության և զբաղվածության իրական պատկերը ստանալու համար, ինչո՞ւ վիճակագրական ծառայությունը չի հաշվարկում կյանքի սպասվող տևողությունը, ի՞նչ տվյալներ կան հաճախակի հանդիպող կամ նոր գրանցված հիվանդությունների վերաբերյալ և այլն, Մ. Մինասյանն ասաց, թե վստահ է, որ սոցապնախարարության ներկայացրած տվյալները մոտ 3400-ի հասնող գործազուրկների մասին, ցավոք, չեն արտացոլում գործազրկության իրական պատկերը: Բայց պաշտոնական վիճակագրությունը դա է:

Մինասյանի խոսքերով, կյանքի տևողությունն ըստ ՀՀ ցուցանիշների, մոտավորապես 73 տարի է (տղամարդկանցը՝ 70 տարի, կանանցը՝ 76): ՁԻԱՀ-ի դեպքեր չեն գրանցվել, իսկ մահացության պատճառների մեջ բարձր է արյան համակարգի հիվանդությունների տեսակարար կշիռը:
Այն մասին, թե լուրեր են շրջանառվում, որ 2010 թ. Արցախից 300 ընտանիք է հեռացել, վիճծառայության պետը նշեց, որ նման տվյալների ինքը չի տիրապետում: 2010 թ. Արցախ եկողների թիվը 1011 է, մեկնողներինը՝ 446 մարդ, իսկ ընդհանրապես, մեխանիկական տեղաշարժի իրական պատկերը երևում է մարդահամարի ժամանակ, որը կանցկացվի 2015 թվականին:
Ինչպես ասում են, ապրենք մինչեւ 2015 թիվ և տեսնենք այս անգամ ազատ ու անկախ Արցախում որքան մարդ է մնացել։

«Հրապարակ», Երևան



ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑ ՍՆՈՒՆԴ

Այսօր գրեթե բոլորն էլ հանդիպել են այնպիսի խնդրի, ինչպիսին է ժամկետն անց ապրանքը խանութում: Բոլորս էլ գիտենք, որ նման ապրանքները կարող են վատ հետևանքներ թողնել, օրինակ՝ թունավորում: Երևի ոչ միշտ է, որ սպառողը ապրանքը գնելիս նայում է ժամկետին:
Միայն մի հարց վաճառողին՝ «Թա՞րմ է»,- ու պատասխանը՝ «Այո», լիովին բավարարում է մեզ, քանի որ մենք կուրորեն վստահում ենք նրան:
Այս չափազանց վստահությունն անհանգստացնող է, և ես փորձեցի հարցումների միջոցով պարզել, թե արդյո՞ք եղել են դեպքեր, երբ գնել են ապրանք, տարել տուն և հետո արդեն այն օգտագործելու պահին նկատել, որ ժամկետն անցել է: Արդյո՞ք այն վերադարձրել են խանութ, և ի՞նչ պատասխան են ստացել:

Գերակշռող մասը ետ չի վերադարձրել ժամկետն անց ապրանքատեսակը, պատճառաբանելով, թե այդքան ժամանակ ու նյարդեր չունեն խանութի սպասարկող անձնակազմի հետ հարաբերություններ պարզելու: Իսկ հարցվողների մի փոքր մասը խոստովանել է, որ հնացած մթերատեսակն առանց որևէ դժվարության փոխել կամ վերադարձրել է և ստացել տվյալ ապրանքատեսակի համար վճարված գումարը:
Եվ ամենավերջում պետք է հավելեմ, որ մենք ինքներս պետք է հարգենք մեր սպառողական իրավունքներն ու թույլ չտանք, որ մեզ խաբեն:

ԵՎԳԵՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է…


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

...Արդեն եկել հավաքվել էին դաշնակցական բոլոր հռչակավորները: Երբ ես Թիֆլիս եկա, արդեն այնտեղ էր բազմահռչակ Անդրանիկը, որ հետո մի ժողովի մեջ, զինվորի պարզամտությամբ պատմում էր, թե ինքը Վառնայի մոտ իր փոքրիկ հողամասն էր մշակում, երբ առաջարկություն ստացավ Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեից՝ անմիջապես մեկնել Կովկաս և իրեն դնել Թիֆլիսի կոմիտեի տրամադրության տակ: Թիֆլիսում էին Քեռին և ուրիշները, շուտով եկավ և Համազասպը, որ Սիբիր էր աքսորված: Կ.Պոլսից եկավ նաև Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն-Գարո)՝ օսմանյան պառլամենտի անդամը: Այս մարդուն շատ լավ էինք ճանաչում Թիֆլիսում: Մի համեստ, շատ սիրելի և անուշ բնավորության տեր էր՝ չօժտված առանձին մեծ արժանավորություններով: Բախտը տվել էր նրան իբրև տեռորիստ հայտնի դառնալու մի հաջող դեպք. նա 1896-ին Բանկ-Օտոմանը գրաված հերոսներից էր: Եվ ահա մոտ 20 տարի այդ փառքի օրից անցնելուց հետո՝ Արմեն-Գարոն թողնում էր պառլամենտական խաղաղ նստարանը, նորից ընդգրկելու արյան արհեստը: Նա Թիֆլիս էր եկել կամավորական խմբերից մեկի գլուխն անցնելու համար:

Ավելի մեծ անտակտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել: Ոչ մի բան այնքան չկատաղեցրեց երիտթուրքերին, որքան այն հանգամանքը, որ թուրքական պառլամենտի անդամն անցնում է Թուրքիայի դարավոր ոխերիմ թշնամու կողմը՝ Թուրքիայի դեմ կռվելու համար: Հայերի պետական դավաճանության ապացույց է այն լուսանկարը, որ ներկայացնում է պառլամենտի այդ անդամին՝ իր զինվորների հետ: Եվ այդ փոքրիկ մարդն իր փոքրիկ փառասիրությամբ, ով գիտե, որքան ուժ է տվել այն ձեռքին, որ ստորագրում էր թշվառ թուրքահայության բնաջնջման վճիռը: Զարհուրելի է այս մասին մտածելն անգամ:

Ամեն ինչ վճռված, վերջացած էր: Մնում էր միայն Պետերբուրգի կառավարության պատասխանն այն նոր առաջարկների առթիվ, որոնք արված էին կաթողիկոսի գրության մեջ: Այս պատասխանին սպասում էին ինչպես երկնային մանանայի: Այս պետք է լիներ մի տեսակ զինակցության պայմանագիր, մի տեսակ պարտաթուղթ, մուրհակ, որ պիտի տար ռուսաց ցարի կառավարությունը հայ ժողովրդին: Եվ եկա՜վ այդ պատասխանը: Փոխարքա Վորոնցով-Դաշկովը 1914թ. սեպտեմբերի 2-ին գրեց Գևորգ կաթողիկոսին.
«Իմ քաղցր պարտականությունն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ Ձեր օգոստոսի 5-ի թիվ 1131 նամակը, որով Դուք միջնորդում էիք թուրքահայերի հովանավորության և պաշտպանության և նրանց վիճակի բարվոքման մասին, ես ներկայացրեցի նախարարների խորհրդի նախագահին: Այժմ ստատս-սեկրետար Գորեմիկինը տեղեկացնում է ինձ, որ ռուս կառավարությունը ոչ մի դեպքում ոչ մի զիջում չի անի Հայկական հարցի հողի վրա այն մտքով, որ ռեֆորմները Թուրքիայի հայկական նահանգներում մտցվելու են ռուսաց սկզբնական ծրագրով և Ռուսաստանի բացառիկ հսկողության տակ:

Նախարարների խորհրդի նախագահի վերոբերյալ հավաստիացման շնորհիվ բոլորովին համոզված լինելով հայերին հուզող խնդիրների նպաստավոր լուծման մեջ՝ ես պարտք եմ համարում, այնուամենայնիվ, նախազգուշացնել Ձեզ, որ թե՛ մեր կողմերի և թե՛ սահմանի մյուս կողմի հայերի գործողությունները ներկա րոպեում պետք է խստիվ համաձայնեցված լինեն իմ ցուցումների հետ, որովհետև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայումս տիրող լարված դրության պատճառով, ընդհանուր քաղաքական տեսակետից, ինչպես և նույնպես ընդունում են մեր դաշնակից պետությունները, շատ կարևոր է, որ Թուրքիայի դեմ պատերազմի առիթը տա ինքը՝ Թուրքիան, և ոչ թե որևէ գործողություն մեր կողմից, ուստի շատ անցանկալի կլինի, և նույնիսկ վտանգավոր, առաջ բերել որևէ ապստամբություն Թուրքիայի հայերի մեջ:

Միևնույն ժամանակ ես խոնարհաբար խնդրում եմ Ձերդ Սրբությանը, վերոհիշյալ նկատումներից դրդված, գործ դնել Ձեր բարձր հեղինակավոր ազդեցությունը Ձեր հոտի վրա այն մտքով, որպեսզի մեր հայերը սահմանի մյուս կողմի հայերի հետ պատրաստ լինեն ինչպես այժմ, Թուրքիայի անորոշ դրության միջոցին, այնպես էլ ապագայում, ի դեմս մեր պատերազմի նրա հետ, կատարել այն հանձնարարությունները, որ ես ըստ ժամանակի պահանջման կարևոր կհամարեմ և կառաջարկեմ նրանց ի կատարում»:

Սուտը, ինչպես ասում են, երկնեց և ծնեց… մի մուկ: Նորից կարդացեք կաթողիկոսական թուղթը: Ի՞նչ էր իբրև պատասխան ասում ռուս կառավարությունն այդ պարզորոշ առաջարկություններին. օրինակ՝ ընդունո՞ւմ էր Թուրքահայաստանի կատարյալ ավտոնոմ անջատումը սուլթանի իրավասությունից: Ո՛չ, չէր ընդունում այդ առաջարկներից և ոչ մեկը: Եվ ի՞նչ էր առաջարկում իր կողմից: Ոչ մի նոր բան, այլ միայն այն, ինչ առաջարկել էր Թուրքիային 1913-ին և կրճատվել էր Գերմանիայի և նրա դաշնակիցների միահամուռ դիմադրության շնորհիվ: Ռուս կառավարությունն իսկապես իր համար էր շահավետ դիրք ստեղծում՝ կոնտրոլի բացառիկ իրավունք: Եվ հայերը, այդ հաջողացնելու համար, պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով:

Ես զուր չեմ դիմում խիստ խոսքերի: Ռուսաց կառավարության խոստումն անորոշ էր, մշուշային, ինչպես էր 1878 թվականին: Եվ միայն մենք էինք, որ դրական, խրախուսիչ բովանդակություն էինք դնում վարչապետ Գորեմիկինի մանվածապատ, գրասենյակային տողերի մեջ, ինչպես մի ժամանակ դնում էինք 61-րդ հոդվածի մեջ: Եվ այսօր էլ մենք, մեր սեփական մեկնաբանություններով մեզ շպրտված հինգ-վեց տողերը զարդարելով, հայտարարում էինք մեզ լիովին բավարարված. ասում էինք, թե ռուս կառավարությունը գրավոր կերպով խոստացել է այն, ինչ մենք ենք ցանկացել, և ասում էինք՝ «Դե, հայ ժողովուրդ, մարդիկ բեր, փող բեր, որ մենք կամավորական խմբեր կազմենք»: Ինձ հաստատ աղբյուրներից հայտնի են շատ փաստեր, երբ Ազգային բյուրոյի կողմից ուղարկված ինտելիգենտ գործակալները փող շատ հավաքելու, կամավորական տրամադրություն ստեղծելու համար անպատկառորեն հավատացրել էին, թե Գորեմիկինն այդ թղթում հաստատ խոստացել է անգամ անկախ Հայաստան:

Բայց սա դեռ քարը գլուխը: Վորոնցով-Դաշկովի գրության նշանակությունն առաջին մասի մեջ չէ՝ անորոշ ու խուսափուն այն մի քանի զույգ բառերի մեջ: Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրորդ մասը, որից երևում է, որ կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, և այս պայմաններն ընդունել են հայերը: Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը և կասի, որ սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ՝ նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով և սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին: Այս պարզ է ամենքի համար, բայց պարզ չէր այդ ոճրագործ ժողովներում, որոնք տեղի էին ունենում ցարական գեներալների հետ միասին, և որոնք չէին բավարարվում կամավորական զորք տալով, այլև դնում էին ռուսահայերին էլ, թուրքահայերին էլ Վորոնցով-Դաշկովի տրամադրության տակ, որ ինչպես ուզի՝ խաղացնի, ինչպես ուզի՝ ապստամբեցնի…

Ահա՛ թե ուր էին մեզ հասցրել փրկիչները: Մինչև սպանդանոց, մինչև ոչխարային ողջակիզման Գողգոթա: Այլևս հեռու գնալու տեղ չէր մնում: Ի՞նչ կարող է ունենալ մի ժողովուրդ ավելի թանկ, քան իր կյանքը: Եվ երբ այդ մեծագույն բարիքը, այդ ամենաթանկ ստացվածքն էլ ինքնաբերաբար տրվում է ամբողջովին՝ առանց վերապահության, այլևս ո՞ւր գնալ, ի՞նչ անել…
...Ազգային բյուրոն բարեհաճել էր ինձ էլ, մի քանի ուրիշ մարդկանց հետ միասին, կոոպտացիայի իրավունքով իր նիստերին հրավիրելու... Բավական բազմամարդ էր բյուրոյի այն նիստը, որին առաջին անգամ ներկա էի և ես: Առաջնորդական առանձնասենյակը լեցուն էր: Հիշում եմ այդտեղ Հովհաննես Թումանյանին, մի երեք-չորս հատ ջոջ վաճառականների՝ Մկրտիչ Քալանթարյան, Խաչատուր Ափրիկյան, Սերովբե Կյուլբենկյան, Ավետիս Պողոսյան, մի շարք դաշնակցական շեֆերի՝ Հովսեփ Արղության, Արշակ Ջամալյան, Ավետիք Սահակյան: Բայց գլխավոր, կենտրոնական անձնավորությունը, որին ամենքը վերաբերվում էին մեծ հարգանքով, Անդրանիկն էր:

Իմ բախտից բյուրոյի այս նիստն այնքան էլ հետաքրքրական չէր: Քննվում էր կամավորներին հագցնելու հարցը, և Անդրանիկը հեղինակավոր ցուցումներ էր տալիս, թե ինչ տեսակ ոտնամաններ, վերարկուներ, գլխարկներ և այլն են պահանջվում: Ինձ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ մենք այսպիսի հապճեպով պատրաստություններ ենք տեսնում, մինչդեռ Թուրքիան իրեն պահում էր հանդարտ և մինչևիսկ, նայելով լրագրական տեղեկություններին, կարող էր պատահել, որ նա պատերազմի մեջ չմտներ: Եվ արդյո՞ք վաղաժամ չէին այս խոշոր ծախսերը: Եվ վերջապես, հայտնի՞ էին այն պայմանները, որոնցով մենք մտնում էինք այս ծանր բեռան տակ: Ինձ պատասխանեց Խաչատուր Ափրիկյանը.
- Է՜հ, պարոն Լեո, ի՜նչ միամիտն եք եղել… Ամեն ինչ արդեն վերջացել, պրծել է:

Ես, ճիշտ որ, միամիտ էի: Եվ այդպիսի միամիտ էլ մնացի բյուրոյի կազմի մեջ: Ընտրյալներից չէի: Կառավարության մարդիկ առաջին իսկ հանդիպումներից նկատել էին, որ հայերն առհասարակ շատ բերան պատռած մարդիկ են, գաղտնապահություն չգիտեն, ուստի դրել էին իրենց պայմանները: Ահա գաղտնապահությունը փրկելու համար բյուրոյի անդամներից կազմված էր մի առանձին գործադիր մարմին, որի մեջ մտնում էին նախևառաջ, իհարկե, այն չորս հոգին, ովքեր սկզբից էին բանակցություններ վարում կառավարության հետ՝ Մեսրոպ եպիսկոպոս, Սամսոն Հարությունյան, Ալեքսանդր Խատիսյան և բժ. Զավրիև. դրանց վրա ավելանում էին 6-7 հոգի բյուրոյի անդամներից: Այս գործադիր մարմինն էր, որ վարում էր, գաղտնի իհարկե, բոլոր պատասխանատու բանակցություններն ու գործերը: Կար և մի ուրիշ, շատ գաղտնի (ինձ նման անդամների համար միայն, իհարկե) մարմին՝ զինվորականը՝ ամբողջովին բաղկացած դաշնակցականներից, որոնց երեսը մենք նույնիսկ չէինք տեսնում, ուր մնաց անուններն իմանայինք: Եվ այսպիսով մենք կազմում էինք անգիտակ մասը, ամբոխը, եթե կարելի է այսպես ասել, և մեզ բարձրերից՝ գործադրից և զինվորականից, հաղորդվում էր միայն այն, ինչ կարելի էր համարվում...

Չնայած այս կաստայական կացությանը, երբեմն մեր առջև էլ պատռվում էր այն խորհրդավոր վարագույրը, որի ետևն անցնել մենք չէինք կարող: Պատռվում էր, ճիշտ է, պատահաբար, շատ նեղ ճեղք տալով և շատ կարճ ժամանակով, բայց և այնպես մենք բավական լույս էինք առնում մի քանի բաների վրա: Այսպես, մի երեկո Ալեքսանդր Խատիսյանը պատմեց գործադիր մարմնի անդամներից մի քանիսի խոսակցությունը գեներալ Մշլաևսկու հետ, որ փոխարքայի զինվորական օգնականն էր: Նա պատմել էր, թե ինչ ծրագիր է ինքը կազմել Էրզրումի վրա հարձակվելու համար և իր այս պատմությունը վերջացրել էր այսպիսի մի անտեղի, հեգնական և շնական հարցով. «Ասացեք, երբ դուք ձեր հանրապետությունն ունենաք Էրզրումում, ինձ ի՞նչ պաշտոն կտաք»…

Խատիսյանը սա պատմում էր իրբրև զվարճալիք, իբրև ջոջ մարդու հանաք, բայց երևույթն ամենևին այդ հանգամանքը չուներ: Այն սուր խայթոցներով հիշեցնում էր, թե ինչ ողբերգություն է ապրում հայ ժողովուրդը: Մենք զոհում էինք ամեն ինչ, մեր ֆիզիկական գոյությունն անգամ՝ ինչ-որ մշուշային բառերի, ինչ-որ մութ ակնարկների ի փոխարինություն. և մեզ դարձյալ քամահրում էին՝ «լայաղ» չէին անում գեթ հասարակ քաղաքավարությամբ, առանց ծամածռությունների ընդունել մեր զոհը… Մշլաևսկին մի հատիկ չէր, ինչպես կտեսնենք:

Առայժմ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել բյուրոյի մի նիստը, որ ինձ համար անմոռանալի է: Այդ նիստին, որ նույնպես տեղի ունեցավ առաջնորդարանում, ներկա էր Հովհաննես Քաջազնունին, դաշնակցական էմիգրանտ, որ եկել էր Վանից և բյուրոյին զեկուցելու համար իր հետ պաշտոնական հանձնարարություն էր բերել: Վանի դաշնակցական կենտրոնական կոմիտեն էր նրա միջոցով խոսողը: Քաջազնունին ասաց, որ թե՛ Վանի և թե՛ երկրի այլ դաշնակցական մարմինները դեմ են Կովկասում սկսված կամավորական շարժմանը, այն համարում են մի ձեռնարկում, որ չափազանց վտանգավոր է թուրքահայերի համար: Հիմնվելով, բացի դրանից, նաև Էրզրումի ընդհանուր ժողովի որոշման վրա, Վանի կոմիտեն պահանջում էր անմիջապես վերջ տալ այդ շարժմանը՝ թուրք կառավարության կասկածները զուր տեղից հայերի դեմ չգրգռելու համար: Երկրի ինքնապահպանման բնազդն էր խոսում… վերջին անգամ: Բայց մի անգամ էլ, դարձյալ վերջին անգամ, նրան բռնաբարում էր ռուսահայերի էգոիզմը: Սկսվեցին վիճաբանություններ: Այս մարդիկ, Կուրի ափին նստած, որտեղի՞ց էին վերցրել այն հեռավոր աշխարհի բախտը տնօրինելու իշխանությունը...

Փաստը փաստ է: Ազգային բյուրոն չափազանց խելոք էր, չափազանց լավատեղյակ՝ Մշլաևսկու նման աղբյուրներից, և գիտեր, որ կամավորական շարժումը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ թուրքահայ ժողովրդին նախևառաջ այն պատճառով, որ ռուսական բանակը արագ պիտի գրավի ամբողջ Թուրքահայաստանը: Պայքարը մի քանի ամսվա հարց է, և այսպիսի հավանականության մեջ անթույլատրելի կլինի լոկ երկյուղի թելադրությամբ լքել մի ձեռնարկում, որի հետ կապված են այնքան խոշոր ազգային շահեր:

Դաշնակցականների կողմից վանեցիներին պատասխանեց Արշակ Ջամալյանը՝ ասելով, թե Վանի ընկերները լավ չեն հասկացել Էրզրումի ընդհանուր ժողովի որոշումը: Ինքը մասնակցել է այդ ժողովին և լավ գիտի նրա իսկական տրամադրությունները: Իզուր Քաջազնունին, իբրև ականատես և ականջալուր, բացատրություններ էր տալիս երկրի դրության մասին, և թե որքան անտանելի վիճակ էր ստեղծել «սեֆերբերլիքը» հատկապես հայ ժողովրդի համար: Եվ արագ, գրեթե րոպեական էր վճիռը: Մերժվեց պահանջը. ինքը՝ Քաջազնունին, համակերպվեց այդ վճռին և այնուհետև դարձավ բյուրոյի դաշնակցական անդամներից և աշխատակիցներից մեկը:

Վե՞րջ տալ կամավորական շարժմանը: Իսկ ի՞նչ ասել Վորոնցով-Դաշկովին, Գորեմիկինին, ի՞նչ ասել հենց իրեն՝ Դաշնակցությանը, որ այնքան գեղեցիկ առիթ էր գտել իր կուսակցական եսամոլությունը ծավալելու համար: Վերադարձել և վերադառնում էին այնքան փախած և աքսորված ընկերներ, տեղ էր գրավված փոխարքայական պալատի մեջ, առատ դրամական միջոցներ կային ընկերներին զանազան պաշտոններում տեղավորելու համար: Կարելի՞ էր թողնել մի դիրք, որ ըստ ամենայնի հրամայողական էր:

Կամավորական շարժումըօր օրի վրա ընդունում էր աղմկաշատ, շռնդալից բովանդակություն: Շուտով Թուրքիան պատերազմի մեջ ընկավ, կովկասյան ճակատի վրա հրազենները ճարճատեցին, դաշնակցական խմբապետները ուղևորվեցին ռազմաճակատ, կամավորները սկսեցին գործել՝ Թիֆլիսի փողոցներում երևացին հայրենասիրական ցույցեր. հայերն ուզում էին գերազանցել ամենքին...
Կամավորները գալիս էին, գալիս հեռու տեղերից՝ Ամերիկայից, Եգիպտոսից, Բուլղարիայից: Կային և ռուսահայեր՝ աղմկարար տարրեր, մանավանդ ուսանողներից: Նրանք հայրենասիրական ցույցեր էին անում, ուր որ հարմարություն էին գտնում՝ Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում՝ փոխարքայի պալատի առաջ, և ամբողջ տարածության վրա՝ մինչև սահմանագլուխները, թեև տեղացիներից շատերը ճանապարհին կորցնում էին իրենց ամբողջ ավյունը և սուսիկ-փուսիկ սլլում էին իրենց տները:

Խոստովանում եմ՝ ես երբեք սիրտ չեմ արել գնալ տեսնել այդ հայրենասիրական ցույցերը՝ նվագածության, շողուն զենքերի, «Մեր հայրենիքի» միաբան հնչյունների խառնուրդով: Միշտ զգում էի, որ այդ բոլոր հրճվանքը արհեստականորեն մշակված և ուռցված է... Ես միայն մի հարց էի տալիս՝ ի՞նչ տպավորություն է թողնում այս բոլորը մեր հարևանների՝ վրացիների և թուրքերի վրա, որոնք պահում էին իրենց մեկուսի, զսպված, բայց, իհարկե, ոչ միանգամայն անտարբեր: Այս հարցը հեգնանք ու արհամարհանք կարող էր ազդել ռուսական սվինների վրա նստած մեր ազգասերներին: Բայց մի օր սվինները պիտի հեռանային Կովկասից, և այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած:

(շարունակելի)



Վերջին էջ

ԵԹԵՐՈՒՄ «ԱՐՑԱԽԿԱՊՆ» Է


«Նոր էջ»-ի նախորդ համարներում կարդալով հեռուստահաղորդումների անորակ հեռարձակման մասին, ես նույնպես ցանկանում եմ կարծիք հայտնել այդ կապակցությամբ։
Ինձ թվում է, որ այդ ամենը միտումնավոր է արվում։ «Արցախկապը» դիտմամբ անվճար ընդամենը 9 հեռուստաալիք է հեռարձակում, այն էլ՝ անորակ, որպեսզի շարքային հեռուստադիտողները ստիպված լինեն դառնալ նրա վճարովի բաժանորդը՝ տարեկան 30 հազար դրամ վճարելով նրան։ Նույնիսկ երեխաների համար Детский мир («Մանկական աշխարհ») հեռուստածրագիրը չեն հեռարձակում, որպեսզի բաժանորդներ «հավաքագրեն»։

Փոխանակ մեր երկիրը իրար կողք-կողքի կառուցված երկու շինություն «Ռոսիա» անվանի, որ քաղքենության նշան է, ավելի լավ է հետամուտ լինի, որ այս նորաթուխ «կապավորը» գոնե մարդավարի հեռարձակի ռուսական OPT և «Ռոսիա 1» հեռուստաալիքները։ Աշխարհը զարգանում է, մարդիկ առաջընթաց են ապրում, իսկ մենք ոչ միայն զրկվել ենք «Փեյսի» շնորհիվ հեռարձակվող երկու տասնյակից ավելի հեռուստաալիքներն անվճար դիտելու իրավունքից, այլև եղած ալիքներն էլ «Արցախկապը» անորակ է հեռարձակում։

Մի դիտողություն էլ։ Հեռուստահաղորդումները տեխնիկական պատճառով ընդհատվելու ժամանակ էկրանին հայտնվում է «Արցախկապի» ինչ-որ նշան՝ վրան գրված՝ ARCAXKAP։ Դպրոցականներն էլ գիտեն, որ «Արցախ» անվանումը անգլերեն գրվում է՝ ARTSAKH, այլ ոչ թե ARCAX (որ մոտավորապես այսպես է կարդացվում՝ Արքաքս)։
Ամոթ է, գոնե հարազատ երկրի անունը ճիշտ գրել սովորեք, հարգելի արցախկապցիներ։ Երկիր, որ ձեզ տարեկան 200 մլն է տալիս և թույլ տալիս զբաղվելու «բաժանորդների» բիզնեսով։

Նույն մեթոդով «Ղարաբաղ Տելեկոմը» հեռախոսագծային ինտերնետ-կապն անորակ է սպասարկում, որպեսզի բաժանորդները ստիպված լինեն օգտվել նրա ավելի թանկ ծառայություններից... Իսկ մեջտեղ միայն շարքային քաղաքացիներն են տուժում։ Նրանք, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու վերոհիշյալ կապավորների թանկ ծառայությունից։

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԻՍԿ ԾԻԾԱՂՆ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է

Տեղական հեռուստատեսությունը շատ է սիրում հաղորդումներ պատրաստել մեր «մեծերի» մասին: Ուղղակի հաճույք կարելի է ստանալ ամեն անգամ էկրանին տեսնելով արցախցի մեր «քանքարներին»: Ասում են՝ մի քիչ ծիծաղելը համարժեք է տասնհինգ րոպե վազելուն կամ մի բանկա թթվասեր ուտելուն: Իսկ մեր հեռուստատեսությունը ինչքա՜ն շատ թթվասեր է կերցնում ու ինչքա՜ն երկար վազեցնում: Նման հաղորդումներ նայելուց հետո առողջարար էնեգիայով լցված ես զգում և կյանքին սկսում ես նայել լավատեսորեն:

Մի՞թե լավ չէ, որ նման մարդկանց են ցուցադրում տեղական հեռուստատեսությամբ: Ասենք, եթե ճշմարտախոս մարդու ցույց տան, ապա ի՞նչ դուրս կգա դրանից: Կգա, թթված տեսքով կնստի տաղավարում ու կպատմի մեր տխուր իրականության մասին: Հետո՞: Հետո՝ ոչինչ, իր թթված տեսքով կթթվեցնի մեր տրամադրությունները: Դրանից ի՞նչ օգուտ: Ի՞նչ օգուտ նրանից, որ եթե հանկարծ ասի, թե այս ի՞նչ խաղեր են խաղում՝ շաբաթը մեկ անգամ հացի գինը տասը դրամով իջեցնում ու բարձրացնում են: Ո՞ւմ է պետք նման տխուր ներկայացումը: Ավելի լավ է տաղավար հրավիրեն մեր «մտավորականներին», թող խոսեն իրենց «անմահ» գործերի մասին, թող նրանց մասին պատմող մտերիմները նրանց հասցնեն երկինք, թող համեմատեն Թումանյանի, Խաչատրյանի ու Սարյանի հետ:

Չզարմանաք, նրանք այնպիսի մեդալներ ու շքանշաններ են ստանում, որին չեն արժանացել վերոնշյալ անհատները: Չզարմանաք, որ նման մարդիկ նույն այդ մտերիմների ձեռքից չեն բռնում ու ասում. «Ախր մենք Թումանյան, Խաչատրյան ու Սարյան չենք»: Չեն ասի, որովհետև նրանցից «աչքաբացները» կարողանում են իրենց կտավներն ու հատորները մարդկանց «գլխին կապել»: Հատորները կդնեն ուսանողի ձեռքում, կտավները՝ որևէ մի այլ ճանապարհով ծախելով կազատվեն. ի՞նչ վատ բիզնեսի տեսակ է:

Բացի դրանից, փառամոլությունն ու մեծամտությունն այնքան են կրծել նրանց հոգիները, որ նրանց թվում է, թե իրենք իրոք Թումանյան, Սարյան ու Խաչատրյան են, դեռ մի գլուխ էլ ավել: Դե ինչո՞ւ այլ կերպ լինի, երբ մեր հեռուստատեսությունը նրանց երկինք է բարձրացնում, հաշվի չառնելով, որ նման շշմեցուցիչ բարձրությանից խեղճերը կարող են մի օր ընկնել ու փշրվել: Մեր այդ «տաղանդավորներից» մեկը հավաստիացնում է, թե Շիրազը գրչակ է, ապա ավելացնում. «Մեր տան մատուռն է մայրս» տողերը կարող է գրել նաև ութերորդ դասարանի աշակերտը»: Ինչպե՞ս որակել այն բանաստեղծին, որը նախանձից լցված փնովում է իրենից բարձր կանգնածներին, երիտասարդ սերնդին հավաստիցնում, թե նրանք թուղթ մրոտողներ են, իսկ նրանց հոբելյանի ու մահախոսականի ժամանակ գլխապտույտ առաջացնող ածականներով ճառեր կարդում:

Ճիշտ է վարվում մեր հեռուստատեսությունը. ի՞նչ օգուտ կա մի խելառի հրավիրել, որը հանկարծ կարող է ասել, թե մեր երկիրը հայտնվել է հեռավոր 70-ական թվականներում, կամ ասել, թե մեր մի շարք պետական կառույցներում դեռ մոդայիկ է «ստուկաչությունը»: Ո՞ւմ է պետք այդպիսի խելագարը, որը կարող է բողոքել «Ղարաբաղ Տելեկոմի» թալանից կամ ասել, թե որն է պատճառը, որ Freedom Haus կազմակերպությունը 2010 թվականին, ի տարբերություն 2009-ի, մեզ դասել ոչ ազատ պետությունների շարքին, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է: Ասել, թե պետք է սերնդափոխություն կատարել ու վերջ տալ հին դինոզավրների դարաշրջանին:
Այս ամենն անկասկած խորապես կվշտացնի շարքային հեռուստադիտողին։ Իսկ վշատանալիս, ինչպես վկայում են բժիշկները, ձգվում են ոչ այն մկանները, որոնք պիտի ձգվեն: Լրիվ այլ բան է ծիծաղը, որ առատորեն մեզ է պարգևում Արցախի հանրային հեռուստատեսությունը:

Ինձ մի գիրք ունեմ, որ կոչվում է «Հայտնի արցախցիներ»։ Գուցե այդ գրքի հերոսների մասին պատմի մեր TV-ն, օրինակ՝ շատերին անհայտ Վաղարշակ Կարապետյանի մասին, որը 1945 թ. կազմակերպել է հետախույզների անցում Շպրե գետի վրայով, որոնք վնասազերծել են 65 ական ու ոչնչացրել 25 ֆաշիստ: Կարելի է օգտվել նաև Արշակ Վիրաբյանի յոթանասուն հայտնի արցախցիների կենսագրությունը նեկայացնող գրքից...
Բայց ոչ, այս ամենը հետաքրքիր է, սակայն ծիծաղելի չէ: Իսկ ինչպես ասվեց՝ ծիծաղը օգտակար է առողջության համար: Մեր հեռուստատեսությունը հոգում է մեր մասին: Պատմեք մեր «թումանյանների», «խաչատրյանների» ու «սարյանների» մասին և եղեք վստահ՝ մարդիկ չարախնդրորեն չեն տրմադրվի ձեր ու ձեր հերոսների նկատմամբ, այլ կծիծաղեն առողջ ծիծաղով, այն ծիծաղով, որը համարժեք է մեկ բանկա թթվասերի կամ տասնհինգ րոպե առողջարար վազքի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ «ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ»

Ասում են՝ երբ գիտնականները հնարել են «ստի դեդեկտորը» («Дедектор лжи»), այն հաջողությամբ գործարկել են աշխարհի տարբեր երկրներում։ Դրա արդյունավետությունը ստուգել են նաև Ռուսաստանում, ապա որոշել փորձարկել չճանաչված որևէ երկրում ևս։ Եվ ընտրությունը կանգ է առել Ղարաբաղի վրա։

Ճապոնացի, ամերիկացի և այլ երկրների նշանավոր գիտնականներն իրենց սարքավորումն առած, եկան Արցախ ու «դեդեկտորը» փորձարկեցին մի մի քանի ղարաբաղցիների վրա։ Այն ակնթարթորեն «բռնեցնում էր» սուտը։ Գիտնականները մնացին տարակուսած։ «Էս ի՞նչ ժողովուրդ եք, որ մի կարգին սուտասան չունեք,- ասացին,- դեռ ուզում եք, որ աշխարհը ճանաչի ձեր անկախությունը։ Ի՞նչ է, ձեզ մոտ խարդախ ու խաբեբա մեկը չկա՞, մեկը չկա՞, որ շարունակ ֆռռացնում է մարդկանց, իրավապահներին...»։

Պատվի հարց էր։ Ոտքի հանեցին նաև իրավապահ մարմիններին։ Վերջապես կարծես մեկին գտան։ Փորձարկման բերեցին ասկերանաբնակ նորագյուղցի Վալերի Պետրոսյանին։

Վերջինիս տարան նախատեսված սենյակ, նստեցրին հատուկ բազկաթոռի մեջ, և «դեդեկտորը» գործի գցեցին։ Դրսում հարյուրավոր արցախցիներ լուռ սպասում էին։ Անգամ իրավապահներն էին անհամբեր սպասում։ Երկրի հեղինակության ու ազգի պատվի խնդիրն էր որոշվում։

Անցավ մի ժամ, երկու, երեք ժամ անցավ։ Ներսից ուժեղ պայթյուն լսվեց, և քիչ հետո դռների մեջ գունատված հայտնվեց սարքավորման հեղինակը։
- Դեդեկտորը վառվել է,- ասաց նա։- Ձեր այս փորձարկվողին պիտի գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում։ Երեք ժամ խոսեցրել ենք, բայց բերանից ճշմարտանման բառ անգամ չի լսվել։ Մեր խեղճ սարքավորումը չի դիմացել, պայթել է։ Դուք արդեն բոլոր հնարավորություններն ունեք համալրելու ճանաչված երկրների ցուցակը...

* * *
Իրակա՞ն է այս պատմությունը, թե՞ անիրական։ Դա թող որոշի ընթերցողը։ Բայց մեր կողմից խոստանում ենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում ավելի մանրամասն պատմել մեր այս հերոսի արկածների մասին։



Համարի ասույթը

Մենք սիրում ենք, երբ խղճում ու ցավակցում են մեզ: Ուրախությունը մեզ չի սազում, մենք հաճույք ենք ստանում դուդուկի թախծոտ մեղեդուց: Մենք սիրում ենք Ողբը, և հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հետո ողբանք...


Ամսվա ասույթը

Կուշտ ու անհոգ մարդը հազվադեպ է արվեստի մեծարժեք գործ ստեղծում: Բայց դա ամնևին չի նշանակում, թե արվեստագետները պետք է շարունակ մաքառեն սովի ու հոգսերի մեջ, իսկ իշխանական ծիրանիով ծպտված սրիկաները՝ զօրուգիշեր արածեն ճոխ սեղանների վրա:

Комментариев нет:

Отправить комментарий