19.6.11

N 4 (29) (2011)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «ՏԱՇԱԾ ՔԱՐԵՐՆ» ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ

Վերջին 10-15 տարում կադրային քաղաքականությունն Արցախում գրեթե չի փոխվել։ «Կադր» հասկացությունը մեզանում լիովին ձերբազատվել է իր նախնական իմաստից և նոր ձև ու բովանդակություն ստացել։ «Կադր» ասելով այլևս չի հասկացվում այս կամ այն ոլորտի բանիմաց մասնագետ, իր գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով պատրաստ մարդ։

Վերջին տասնամյակում «կադր» ասելով հասկանում են որևէ չինովնիկի ծանոթ-բարեկամը, ազգականը, ընկերը, սիրուհին... Նոր ժամանակներում կադրը պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած համեստագույն կարողություններով սովորական մի անձնավորություն է, որն այսօր կարող է աշխատել, ասենք, գյուղատնտեսության ոլորտում, հաջորդ օրը բարձր պաշտոն ստանալ շինարարության կամ առողջապահության, մյուս օրը մշակույթի կամ արդյունաբերության ոլորտներում, իսկ գեղեցիկ մի օր էլ հայտնվել այլ գերատեսչությունում։ Նրա կրթությունը, ընդունակությունները բացարձակապես նշանակություն չունեն։ Նա «ունիվերսալ» է, որտեղ տնկում են, բուսնում է...

Եվ, ընդհակառակը, իրական կադրերը երբեք այնպիսի խեղճ ու ողբալի վիճակի մեջ չեն եղել, ինչպես վերջին 10-15 տարում։ Հանրահայտ ճշմարտությունն առ այն, թե՝ «տաշած քարը գետնին չի մնա», այլևս գրոշի արժեք չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ դրանք կարելի է չնկատել կամ, պարզապես, կոխկրտելով անցնել։

Մեկ անգամ չէ, որ գրվել է այն մասին, թե շատ ու շատ փորձառու մասնագետներ, իրենց գործի անկրկնելի վարպետներ թողել ու լքել են Արցախը։ Մեր լավագույն արվեստագետներից մեկը, վերջին երկտասնամյակի մեր ամենատաղանդավոր երգիչներից մեկը՝ Տիգրան Մկրտչյանը, երկու տարի առաջ տեղափոխվել է Երևան, դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Միաժամանակ ղեկավարում է իր իսկ ստեղծած «Վերնատուն» փոփ-ֆոլկ համույթը։

Անցյալ տարվա վերջերին Արցախը լքել է նաև մշակույթի ոլորտի մի այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի Բադալյանը։ Մասնագետ, որի նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ մեկնել են նաև պարարվեստի մեր երիտասարդ կադրերից երկուսը։ Բադալյանն այնտեղ նյութապես ապահովված է, բնակվելու հարմար պայմաններ ունի։ Վերջերս կապվեցի նրա հետ, ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գործերս լավ են, բայց... մի տեսակ չեմ կարողանում հարմարվել...»։ Հայրենիքից, հայրենի եզերքից կտրված հայի դա՜ռն ճակատագիր։ Օտար ափերում հասկանում ու գնահատում են արվեստը, գիտեն արվեստագետի արժեքը, բայց օտար երկիրը հայրենիք չէ...

Վերջին 10-15 տարում որքա՜ն նման կադրեր են հեռացել Արցախից։ Մեկնել են ամենատարբեր պատճառներով՝ անգործ էին մնացել, նրանց աշխատանքը չեն գնահատել, հնարավորություն չեն տվել դրսևորելու իրենց տաղանդը... Պատճառները շատ են և տարբեր, բայց Արցախը լքելու ամենահիմնական պատճառն այն է, որ նրանք փոփոխության որևէ նշույլ, որևէ հույս այլևս չեն տեսել սեփական հայրենիքում, որտեղ որևէ հիմարի եթե հանում են պաշտոնից, ապա մի այլ փափուկ պաշտոնում են տեղավորում, և երկրորդ՝ նրա տեղը նշանակում են ավելի հիմարին։ Սա է, ահա, վերջին 10-15 տարվա մեր կադրային քաղաքականությունը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՄԱՍԻՆ

Մայիսի 9-ի՝ եռատոնի, ավելի կոնկրետ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ի՞նչ են մտածում Արցախում, մարդիկ այսօր ինչպե՞ս են արժևորում այդ օրը։ Տարբեր մասնագիտության և տարբեր տարիքի արցախցիներից փորձեցինք թեկուզև մոտավոր պատկերացում կազմել մայիսի 9-ի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։

Արկադի Կարապետյան (Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ) - Մայիսի 9-ը ինձ համար շատ մեծ տոն է, ավելի մեծ տոն, քան, ասենք, Նոր տարին։ Այդ օրը, անկախ ամեն ինչից, ես ուրախ եմ։ Այդ օրն իմ տրամադրության վրա չեն ազդում մեր այդ հաղթանակից հետո կատարված սխալներն ու թերացումները, որովհետև աշխարհում ոչինչ հեշտ չի տրվում։ Ուղղակի այդ օրը մեր խոշոր հաղթանակների սկիզբն է։ Ես նկատի ունեմ նաև մեր գալիք հաղթանակները։ Մինչ մայիսի 9-ը մենք այլ հաղթանակներ ևս ունեինք, բայց այդ օրը բոլոր մեր հաղթանակների և տոների լուսապսակն է։

Դավիթ Բաբայան (քաղաքագետ, Արցախի նախագահի տեղեկատվության վարչության ղեկավար) - Մայիսի 9-ը, ըստ իս, մեր ամենանվիրական, ամենակարևոր տոներից մեկն է։ Եռատոն է, որը բացառիկ նշանակություն ունի մեզ համար։ Այն երևույթ է, որով պահպանվում է ժամանակի և սերունդների կապը, միասնականությունը։ Երկրորդ աշխարհամարտում մայիսի 9-ը դարձավ մարդկության փրկության գրավականը, որին ներդրում ունեցան նաև մեր պապերը։ Այն նաև Շուշիի ազատագրության օրն է, որով, կարելի է ասել, փրկվեց հայությունը, հայ ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ։ Միաժամանակ դա մեր երկրի պաշտպանության և ազատ ապրելու հիմնական գրավականի՝ արցախյան բանակի օրն է։ Մայիսի 9-ը ոչ միայն քաղաքական, պատմական, մշակութային տոն է, այլև հոգևոր, որը համերաշխության ու միասնության մեծ խորհուրդ ունի։

Դավիթ Գրիգորյան (նախկին ազատամարտիկ) - Իհարկե, դա մեր ամենամեծ տոնն է։ Ո՞վ կարող էր հավատալ, որ մենք փոքր կորուստների գնով կարողանալու ենք ազատագրել անառիկ ամրոցի պես բարձունքում տեղավորված այդ քաղաքը, մեր Շուշին, որտեղից թուրքերը ամեն օր հրետակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը, և այդ քաղաքը դարձրել էին մեր աչքի փուշը... Կոմանդոսի ցավը տանեմ, այդպիսի հրամանատար եթե այսօր էլ ունենանք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։

Արմեն Հարությունյան (բանվոր) - 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակի օրվա մասին ես գիտեմ իմ պապերի և ծնողների պատմածներից։ Նրանց համար իսկապես դա տոն էր։ Ուրեմն նաև ինձ համար է տոն։ Բայց 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման, մեր այդ մեծ հաղթանակի անմիջական ականատես-մասնակիցն եմ ես։ Ճիշտ է, Շուշիի ազատագրմանն անձամբ չեմ մասնակցել, բայց այսօր էլ հիշում եմ երջանիկ այդ օրը, մեր մեծ հաղթանակի այդ անմոռանալի օրը... Մի բան ասեմ՝ եռատոն ենք ասում, բայց շարունակ մոռանում եմ, թե երրորդը որն է...

Կարինե Ավետիսյան (տնային տնտեսուհի) - Մայիսի 9-ը միշտ էլ մեզանում հաղթանակի օր է համարվել, իսկ Շուշիի ազատագրումից հետո կրկնակի մեծացել է այդ օրվա արժեքը... Հիմա ժամանակները փոխվել են, պատերազմից հետո նոր հերոսներ են երևան եկել, ովքեր այն ժամանակ նկուղներում էին կամ Ղարաբաղից դուրս, բայց, ինչ էլ լինի, այդ օրը մեզ համար իսկական տոն է։ Ինձ համար տոն է, որովհետև այդ հաղթանակների ձեռքբերման համար պապս իր կյանքն է տվել 1944-ին, իսկ ամուսինս ու երկու զավակներս մասնակցել են արցախյան պատերազմին։

Սերգեյ Սիմոնյան (թոշակառու) - Մայիսի 9... Հա՜, էդ օրը ես երկու անգամ ամենամեծ երջանկությունն եմ ապրել։ 1945 թվականի մայիսի 9-ին ընդամենը 11 տարեկան եմ եղել, բայց հիմա էլ լավ հիշում եմ, թե ուրախությունից ինչպես էին լալիս մայրս, ավագ քույրերս ու տատս... Ողջ գյուղն էր ուրախությունից լաց լինում և ծիծաղում... Դե, Շուշիի ազատագրությունը ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Թոռներս կռվում էին մեր բանակում, իրենք էլ ներդրում ունեն մեր երկիրը թուրքերից մաքրելու ազատագրական կռվում... Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե լավ ենք ապրում, բայց այդ օրը մոռանում ենք մեր մնացած վշտերը, պրոբլեմները, որովհետև դա մեծ հաղթանակի օր է։

Գայանե Աբրահամյան (ուսանողուհի) - Դա առաջին հերթին իմ հայրիկի օրն է։ Նա մասնակցել է ազերիների դեմ ազատագրական պատերազմին։ Ծնողներիս պատմածներից գիտեմ, թե ինչպիսի երջանկություն էր տիրում Արցախում, երբ ազատագրվեց Շուշին։ Հայրենական պատերազմի մասին միայն գրքերից և մեր պապիկների ու տատիկների պատմածներից գիտենք, բայց եթե չլիներ Հայրենականի հաղթական մայիսը, ապա չէր լինի նաև Շուշիի հաղթանակը։

Արամ Սարգսյան (Արցախյան ազատամարտի մասնակից) - Այդ օրն իմ ամենասիրելի տոնն է։ Այսօր կոնֆետների պես աջ ու ձախ բաժանվող մեդալներից հետո մի տեսակ խունացրել, էժանացրել են այդ օրվա խորհուրդը, հատկապես երբ բազմաթիվ անարժաններ նույնիսկ հերոսի կոչում են հաջողացրել... Բայց ամեն դեպքում մայիսի 9-ը մնում է մայիսի 9-ը... Մեծ հայրենականի հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրության բերկրանքը երբեք հնարավոր չէ մոռանալ։ Մյուս կողմից, ինձ համար լրիվ անհասկանալի է Արցախի բանակի ստեղծումն այդ օրվա հետ կապելը, երբ իրականում մեր բանակը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերին։

«ՆԷ»



ՎԵՐՋԱՊԵՍ «ՀԻՇԵՑԻՆ» ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

Վերջերս վերակառուցման, շինարարական մտքի թռիչքի փայլուն օրինակ են ցույց տվել Ստեփանակերտի շինարարները։ Արցախի մայրաքաղաքի մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ղարաբաղցի մեծ զորավարի արձանի և նրա մերձակայքի խայտառակ վիճակի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք մեր թերթում։

Մեծ հայորդու՝ ԽՍՀՄ հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակին անգամ ավանդական «արձանի բացում» չեն կատարել։ Տարիներ առաջ էլ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կիսատ են թողել... Իսկ թաղամասի բնակիչների կարծիքով՝ նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել...

Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարուց ավելի է իրական ՀԵՐՈՍԻ ղարաբաղյան ամենաէժանագին քարից պատրաստված արձանն անուշադրության է մատնված...

Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին, իսկ մարշալ Բաղրամյանը դեռ սպասում է, որ երջանիկ մի օր իրեն էլ վերջապես կհիշեն...

Եվ հիշեցին։ Մի քանի շաբաթ առաջ շինարարներ հայտնվեցին մեծանուն հայորդու հուշակոթողի մոտ և եռանդով սկսեցին քանդել գետնին շարված քարե մաշված սալիկները։ Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել առ այն, որ քննադատությունը, ժողովրդի դժգոհությունը տեղ է հասել։ Անգամ սկսեցին քննարկել, թե ինչպիսին է լինելու մեծ զորավարի հիշատակին կառուցված ապագա հուշահամալիրը։

Վերջապես ողջ սալահատակը քանդեցին... Սակայն պարզվեց, որ շինարարները նույն այդ քարերի հողաթաթախ հակառակ երեսը մեկ առ մեկ խնամքով քերում-մաքրում են և հիմա էլ թարս շարում գետնին... «Մենք ի՞նչ անենք, մեզ այսպես են կարգադրել,- մարդկանց զարմանքին ի պատասխան ասացին շինարարները։- ասել են՝ առայժմ նույն այդ քարերը թարս շարեք, եկող տարի նորը կկառուցենք...»։

Որպեսզի ավելորդ գլխացավանք չլինի, շինարարները քանդել են ապագա կամարի համար նախատեսված բետոնե զույգ կառույցները, որպեսզի տեղը ծաղիկներ տնկեն...

Անկասկած այս ամենի համար գումարներ են դուրս գրել, կատարած աշխատանքի համար բանվորներին աշխատավարձ են տալու... Գուցե թե փաստաթղթերում քարե նոր սալիկների համար գումար են հատկացրել, կարող է՝ չեն հատկացրել։ Փաստն այն է, սակայն, որ այսօր մեծանուն զորավարի հիշատակն ահա այսպես են հարգում։



Սուրհանդակ

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքում է Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է. «Անկեղծ ասած, կարծում եմ՝ շատ ուժեղ դիրքում է, ավելի լավ, քան նախկինում։ Մինսկի խմբի և իմ կարծիքը կարծես իրականանում է, ԼՂ-ն այլևս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին։ Միայն փորձում են այս բանակցային գործընթացում այնպես անել, որ Ադրբեջանը մի բան շահելու առիթ գտնի, բայց ԼՂ-ում նպատակներ չունենա։ Ադրբեջանը ռազմավարական այլ կարևորություն ունի Արևմուտքի համար։ Անցյալ տասնամյակում այն միայն գազի ու նավթի աղբյուր էր։ Այժմ ԱՄՆ-ի՝ դեպի Աֆղանստան կատարած ռազմական փոխադրումների 72 տոկոսն անցնում է Ադրբեջանով. սա է նոր ռազմավարական հրամայականը, ինչպես նաև Իրանի հարցը»:
«Ժամանակ»



19 տարի առաջ, այս օրերին, հայկական զորքերը ազատագրեցին Շուշին: Այսօր, սակայն, դեռևս ամրագրված չէ այդ հաղթանակը՝ ձեռք բերված բազմաթիվ հայորդիների կյանքի գնով: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ այն օրերին տղամարդիկ «հերթ էին կանգնած Շուշին ազատագրելու համար». «Ամբողջ ժողովուրդն էր համախմբված մեկ ազգային ծրագրի շուրջը: Ես համոզված եմ, որ մեր հաջողության գրավականը հենց դա էր,- ընդգծեց Սեֆիլյանը:- Հայության ներուժի օգտագործմամբ պետք է ստեղծենք պետություն՝ ազգային պետություն: Այժմյան մեր պետությունն ընդամենը պետության իմիտացիա է, որտեղ բնակչության 80 տոկոսից ավելին օրվա հացի խնդիր է լուծում: Նման պայմաններում Շուշիի ազատագրման տոնը հիշեցնում է խրախճանք ժանտախտի մեջ»։
Շուշիի ազատագրմանը մասնակից Սեֆիլյանն այսօր մտահոգություն է հայտնում, որ ազատագրված տարածքները չեն բնակեցվում, որ այսօրվա Շուշին հիշեցնում է «քաղաք-ուրվական», որ «դատարկվում է ամբողջ երկիրը՝ Ախուրյանից մինչև Մեղրի»: Սակայն 19 տարի առաջ այս օրերին ազատագրվեց Շուշին, ինչն անշուշտ տոն է, անկախ՝ «ժանտախտի» գոյությունից:
«Ազգ»



Երկրապահի և Արցախի ճակատագիրը միահուսված են և երբեք թույլ չենք տա այն դարձնել քննարկման առարկա, կասկածի տակ առնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը և անկախ պետության արդեն 20-ամյա իրողությունը: Այս մասին ասված է «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ Երկրապահի օրվա (մայիսի 8) առթիվ տարածած շնորհավորական ուղերձում:
Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Երկրապահը եղել է, կա ու կմնա Արցախի ժողովրդի կողքին: Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը, սակայն մեր ձեռքբերումները, մեր ժողովրդի քաջարի զավակների բազկի նվաճումները հաճախ կուլ են գնացել դիվանագիտական խաղերին: Պատմությունից դաս քաղած երկրապահը, վճռական է և թույլ չի տա, որ պատմությունը կրկնվի»:
NEWS.am



Շատերը հեռուստացույցով տարբեր ալիքներով եղանակի տեսություն դիտելիս նկատած կլինեն՝ եթերի ընթացքում ցուցադրվող քարտեզները փոխվել են: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սկսել են եղանակի տեսության ժամանակ եթեր հեռարձակել ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը: Մինչ այդ ցուցադրվում էր Սովետական Միության ժամանակ Ադրբեջանի կազմում գտնվող, այժմ գոյություն չունեցող ԼՂԻՄ-ի քարտեզը, որը չի ներառում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազատագրած տարածքները:

«Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունն սկսել է գործել 2008 թվականից: Մի խումբ բլոգերներ և ուսանող-ակտիվիստներ որոշեցին պայքարելով հասնել նրան, որ հեռուստատեսությամբ ցուցադրվեն ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ,- պատմում է նախաձեռնության համահեղինակ Տիգրան Քոչարյանը (www.pigh.tv):- Սկզբնական շրջանում կազմակերպեցինք մի ակցիա. նախաձեռնության անդամներով այցելեցինք եթերով սխալ քարտեզներ ցույց տվող հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ և իրենց նվիրեցինք ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը: Սակայն սխալ քարտեզները շարունակվում էին եթեր հեռարձակվել՝ հասարակության մեջ ստեղծելով իրականության խեղաթյուրված պատկեր: Սայլը տեղից շարժվեց այն ժամանակ, երբ ԱԼՄ հեռուստաընկերությունը սկսեց եղանակի տեսության ժամանակ ցույց տալ ճիշտ քարտեզը: Քարտեզների տարածման հարցում մեզ շատ աջակցեց նաև meteo-tv.am-ը՝ կայքում տեղադրելուվ ճիշտ քարտեզը»,- պատմում է բլոգերը:
«Ազգ»



Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 12-ից կցուցադրվի արցախյան պատերազմի և խաղաղության մասին պատմող «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես Ադրբեջանի իշխանական և հասարակական թևերում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը BBC հեռուստաընկերությանն ուղղված նամակում նշել է. «Այս Ֆիլմի ցուցադրումը վտանգում է տարածաշրջանի կայունությանը»: Բենելյուքսի ադրբեջանցիների կոնգրեսն էլ պահանջել է, որ Ամստերդամի փառատոնը հանի այդ ֆիլմն իր ծրագրից:
Նշենք, որ այս ֆիլմը ոչ միայն մասնակցել է Ամստերդամի փառատոնում, այլ նաև արժանացել բազմաթիվ կինոփառատոնների բարձրագույն մրցանակների: PBS-ն մինչ օրս ցուցադրում է այն: BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների:
NEWS.am



Արցախյան պատերազմի ավարտից հետո մարշալներ ու գեներալներ դարձան մարդիկ, ովքեր թաքնվում էին խրամատներում: Այսպիսի հայտարարություն է արել արցախյան հերոսամարտի մասնակից, Մարտակերտի ու Ֆիզուլիի գրավման սակրավորների ջոկատայիններից Մուշեղ Սավոյանը:
«Իմ անուշադրության, հոգնածության պատճառով, կանգնեցի չականազերծված վայրում՝ ականից 10 սմ-ի վրա ու... զրկվեցի ոտքերիցս։ Հիմա երկուսն էլ պրոթեզից է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մուշեղ Սավոյանը: Հիմա սակայն, ըստ Մուշեղի, թանկարժեք «Ջիպեր», շքանշաններ կրողներին ինքը չի ճանաչում: «5000 հոգի էինք, որ գնացինք, շատերը չվերադարձան, հիմա ցուցակներով 25 հազար, 30 հազար են ազատամարտի մասնակիցները ու բոլորը թոշակ են ստանում: Խոտն ու մոլախոտը խառնվեց, դրա համար էլ մեզ էլ արտոնություններից զրկեցին»,- ասել է նա ու պարզաբանել, որ խոսքը այն արտոնությունների մասին է, որ ունեին Արցախյան հերոսամարտի մասնակիցները 90-ականներին: Նրանք վճարում էին կոմունալ ծախսերը 50 տոկոսով, հիմա այդ արտոնությունից զրկված են:
NEWS.am



ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ, ՆՐԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ

Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, ևս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել։ Վստահ ենք, որ մեր շատ հայրենակիցներ համակարծիք կլինեն այդ տարբերակին։

Հակադարձել ասելով՝ ամենևին նկատի չունենք պետական կառույցների կամ քաղաքական ուժերի հայտարարությամբ հանդես գալը կամ միջազգային հանրությունից, Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջելը, որ համապատասխան գնահատական տան կոնկրետ ադրբեջանական իշխանությունների անմիջական հրամանով իրականացվող նախահարձակ և ստոր գործողություններին։ Դրանք քայլեր են, որ ինքնըստինքյան պետք է կատարվեն։

Հակադարձել ասելով՝ մենք բնականաբար նկատի ունենք ադրբեջանական զինուժի դեմ կոնկրետ «հատուցման ակտ» կամ «պատժիչ գործողություն» իրականացնելը։ Այնպիսի գործողություն, որով թշնամին մարդուժի առնվազն տասնապատիկ կորուստ կունենա, որքան շատ, այնքան՝ լավ։
Հայտնի բան է. երբ թշնամին չի հանձնվում, մեր պարագայում՝ չի հանդարտվում, նրան ուղղակի ոչնչացնում են։ Ի լրումն դրա, մեր պատմությունն ու հենց Արցախի ազատամարտը, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության ընթացքը ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը հասկանում է միայն ուժի «լեզուն»։

Սա զգացմունքների արտահայտման կամ զգացմունքային ընկալման խնդիր չէ։ Հակառակը, այս հարցում հնարավորինս պետք է զսպել զգացմունքները և պատասխան պատժիչ գործողությունների դիմել, ինչպես ասվում է՝ հակառակորդին պարտադրելով հետագա խաղաղ վարքագիծ։ Ընդհանրապես սա ոչ այնքան հրապարակավ խոսելու, որքան գործելու և կատարված փաստի առաջ կանգնեցնելու խնդիր է։

Ինչպե՞ս է վարվում, օրինակ, Իսրայելը։ Սպանվե՞լ է մեկ հրեա զինվոր կամ թեկուզ քաղաքացիական անձ, պատասխան հարվածը երբեք չի ուշանում։ Մենք էլ պետք է նույն կերպ վարվենք։ Իսկ եթե զանազան միջնորդները, եահկ-մեահկները շա՛տ են ուզում վերականգնել անդորրը, ապա թող գնան ալիևներին համոզեն։

Անշուշտ առաջին անգամ չէ, որ ռազմաճակատի գծում (հենց ռազմաճակատի գծում, այլ ոչ թե՝ «շփման», ինչպես հաճախ ասվում է) հայ զինվորականներ են զոհվում՝ թշնամու նախահարձակ՝ դիվերսիոն գործողությունների կամ դիպուկահարների կրակոցների հետևանքով։ Բայց այլևս բավական է։ Եվ հենց նախորդ դեպքերում, ինչ-որ տեղ նաև բանակցային գործընթացը չվտանգելու, զինադադարի հարաբերական ու առանց այն էլ փխրուն վիճակին հավելյալ լարվածություն չհաղորդելու գիտակցումից և մոտեցումից բխող մեր զուսպ կեցվածքն է նաև, որ նորանոր զոհերի պատճառ է դառնում։

Տեսեք. Մինսկի խմբի համանախագահները, միջնորդները հակամարտության կողմերին դիմեցին դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու հորդորով։ Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական ղեկավարությունը պաշտոնապես իր համաձայնությունն ու նման քայլ կատարելու պատրաստակամությունը հայտնեց։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկ-հորդորը։

Ավելին՝ վերջերս դիպուկահարների պատրաստման կենտրոն բացվեց Ադրբեջանում, անմիջականորեն Ալիևի մասնակցությամբ ու հակահայ, ֆաշիստական հայտարարությունների հերթական ժայթքումով հանդերձ։
Հարց. նույն այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, միջնորդները քանի՞ անգամ են դատապարտել Ադրբեջանի, այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները։ Պատասխանն ակնհայտ է. ո՛չ մի անգամ։ Ո՛չ մի։

Հարգված և մեծ հեղինակություն վայելող գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Panorama.am կայքի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունը ահաբեկչություն է, և եթե նրանք մտածում են, որ հայերն իրենց գործողություններից երկնչելու են, չարաչար սխալվում են... Հայկական կողմը կազմ ու պատրաստ է դիմակայելու ցանկացած ագրեսիայի, մեր զորքերի մարտունակությունը, ի տարբերություն մեծ-մեծ խոսող մեր հարևանի, բարձր մակարդակի վրա է, մեր դիրքերի ռազմավարական դիրքն առավել բարենպաստ է, և մենք ցանկացած դեպքում կճզմենք ցանկացած հակառակորդի, որը փորձ կկատարի ապօրինաբար հատել մեր սահմանը: Մեզ համար ցավալի են մարդկային զոհերը, սակայն ավելի լավ կլինի, որ մեզ չդրդեն ոչնչացնել ողջ շփման գծում տեղակայված այդ դիպուկահարներին»:

Գեներալ-գնդապետի հեղինակության ու վաստակի առջև խոնարհվելով՝ այնուհանդերձ նկատենք, որ վերջին ելուզակություններով «մեզ արդեն դրդել են»՝ ոչնչացնելու դիպուկահարներին և ոչ միայն դրանց։ Իհարկե արհեստավարժ զինվորականների որոշելու հարցն է՝ ի՛նչ, ինչպես, որտեղ և ե՛րբ անել։ Բայց, կարծում ենք, «ե՛րբ»-ը վաղուց է հասունացել։

Ի վերջո, մենք պետք է ընդունենք ակնհայտ իրողությունները. առնվազն Արևելքից և Արևմուտքից շրջապատված ենք մեզ և մեր պետությունը ոչնչացնելու նպատակ և ծրագիր ունեցող «հարևաններով»՝ Ադրբեջան, Թուրքիա։ Դրանցից առնվազն Ադրբեջանում պետականորեն հայատյացություն է քարոզվում բոլոր մակարդակներով։ Այնպես որ այնտեղ արդեն հասակ է առել մի սերունդ, որը մեծացել է այդ թույնով ներարկված, դաստիարակված ադրբեջանական «պատմության» հորինվածքներով։
Մենք այլ ելք, քան զենքի ուժով մեր ապրելու իրավունքը պաշտպանելն է, չունենք։ «Այլ ելք»-ը Հայաստանը կորցնելն է։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»



ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ՝ ԵՐԵՎԱՆԸ ԾԱՂԿԵՑՆԵՆՔ

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997-ին, քանի որ հնարավորություն կար լուծելու այն՝ որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Այն հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, թե դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել և ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին...», և այլն:

Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում հիմնականում այսպես են մեկնաբանում նրա խոսքերը. «Լևոնն էլի հին երգն է երգում»։ Հետաքրքիրն այն է, որ Արցախում դեռ հիշում են Լ. Տեր-Պետրոսյանի հապշտապ այցը Ղարաբաղ, երբ վերջինս եկել էր տեղի ղեկավարության հետ համաձայնեցնելու Հայաստանի և Արցախի միջև գտնվող Քելբաջար-Քարվաճառի շրջանի հանձնումը։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի ղեկավարի ակնարկած «որոշ տարածքների հանձնումը» նշանակում էր բոլոր շրջանների վերադարձը հակառակորդին, որի դիմաց պարտված կողմի հետ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ակնարկում, պիտի «կնքվեր հաշտություն, ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Պարզ է, որ այսպիսի պայմանների Ադրբեջանը երկու ձեռքով համաձայն պիտի լիներ, և այսօր էլ ոչ ոք չի կասկածում, որ ՀՀ առաջին նախագահի խոսքերով ասած՝ «հակամարտության կարգավորումն առավել մոտ» պիտի լիներ։ Նույն այդ 1996-97 թվականներին Ստեփանակերտում Տեր-Պետրոսյանի այս «ծրագիրն» այսպես էին վերնագրել՝ «Արցախը տանք՝ Երևանը ծաղկի...»։ Բարեբախտաբար, ոչ միայն Արցախում, այլև ինչպես ՀԱԿ-ի ղեկավարն է խոստովանում՝ «իր շրջապատը, իր թիմի որոշ անդամներ չգնացին այդ ծրագրին...»:

Արցախի Գերագույն խորհրդի առաջին երկու գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բոլոր գլխացավանքները հենց Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներից են գալիս, և հենց նա է սկիզբ դրել պարտվողական քաղաքականությանը Արցախի հարցում։

«Այսօր կրկին խոսել ազատագրված հողերը հանձնելու մասին, նշանակում է քամհարանքով վերաբերվել արցախցիների համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը, քանզի այդ հողերն ամրագրված են այդ սահմանդրությամբ,- ասում է Աշոտ Սարգսյանը։- Իմիջիայլոց, իմ տեղեկություններով այդ տարիներին համարյա թե պաշտպանական գիծ չէր կառուցվում, որովհետև ՀՀ ղեկավարը լիովին պատրաստ էր այդ հողերը հանձնել հակառակորդին։ Հողեր, որ իրականում հայկական պատմական տարածքներ են։ Ինձ հայտնի է, որ այդ տարիներին Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի պատվերով պատրաստվում էր պաշտպանական գծի որոշ հատվածներ պարսպապատելու նախագիծը, որը սակայն չիրականացավ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով»։

Արցախցի գործչի ասելով՝ այսօր այդ հատվածներն արդեն անհնար է պարսպապատել, որովհետև դրանք հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ են, և նույն այդ տեղամասերում առայսօր հայ զինվորներ են սպանվում։
ՀԱԿ-ի ղեկավարն հարցազրույցի վերջում հայտնել է, թե Հայաստանում իշխանության խնդիրը լուծելուց հետո «և՛ Ադրբեջանի հետ հարցերը, և՛ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջև, դա կլինի բացառապես մեր մեղքը»։ Միանգամայն հասկանալի է, որ Ղարաբաղյան խնդիրը վերոհիշյալ ձևով լուծելուց հետո իրոք մեր հակառակորդների հետ հարցերը կլուծվեն։ Բայց մի որոշ ժամանակով։ Մինչև Ադրբեջանը վերջնականապես ամրագրի Ղարաբաղը, «իրեն հավաքի» և այս անգամ դնի Մեղրիի և ողջ Զանգեզուրի խնդիրը...

Մյուս կողմից, չեմ կարծում, թե Արցախում կամ Հայաստանում որևէ լրջմիտ գործիչ կարող է գտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ՀՀ մյուս ղեկավարների օրոք որակական տեղաշարժ է գրանցվել։ Հայկական դիվանագիտությունն անշեղորեն շարունակում է պարտվողական նույն քաղաքականությունը։ Պարզապես հայ ժողովրդի պատմության դասերը դեռ չմոռացած հատվածը բացարձակապես չի ցանկանում, որ Երևանի գործարար որոշ շրջանակներ իրենց անձնական բարեկեցության հարցերը լուծեն Արցախի կործանման հաշվին։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՊՐԻԼԻ 24

ՀԱՅՈՑ ՎՇՏԻ ԱՊՐԻԼԸ


1915 թվական... Տարեթիվ, որն այսօր անհնար է արտասանել առանց ցավի։ Արևմտահայությունը թուրք բարբարոսների ձեռքով սրի մատնվեց։ Մեկ ու կես միլիոն հայ բնաջնջվեց սեփական բնօրրանում, իսկ մահից հրաշքով փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ։
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերը հարգում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Չորս տարի հետո հայոց ցեղասպանության 100 տարին է, բայց առայսօր աշխարհը վերջնականապես դեռ չի ճանաչել մարդկության պատմության ընթացքում գործված առաջին մեծ ոճիը՝ Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական իշխանությունները շարունակ ժխտում են իրենց նախորդների կողմից իրականացված ոճրագործությունը, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում, որպեսզի խանգարեն աշխարհի այլ երկրների՝ ճանաչելու ցեղասպանությունը։

«Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի մասնակից թուրք պատգամավոր Օսման Օսցելիկը ընդունում է հայերի ցեղասպանությունը և գտնում, որ հայկական հարցը ներողությունով փակվող հարց չէ: Ազգ է ոչնչացվել, ո՞վ պետք է դրա պատասխանը տա: Իսկ նրա շատ հայրենակիցներ հայտարարում են, թե մեղավորը հայերն են, և այդ ամենն իրենք են հորինել:

Այսօր ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ: Այն 1965 թ. պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը: Թուքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են Ռուսաստանը, Կանադան, Արգենտինան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, այլ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգ: Սակայն բազմաթիվ միջազգային կառույցներ ու պետություններ արդարության աչքերին նայում են միայն իրենց երկրի շահերի դիրքերից, չցանկանալով, «նեղացնել» իրենց բարեկամ Թուրքիային։

ԱՄՆ հայկական համայնքը նախագահ Բարաք Օբամայից պահանջում էր կատարել սեփական խոստումն ու արտասանել «ցեղասպանություն» բառը, սակայն, այս անգամ էլ նա դրժեց խոստումը։ Այնուամենայնիվ, հուսանք, որ շուրջ մեկդարյա պատմություն ունեցող ոճրագործությունը ի վերջո աշխարհը կճանաչի։ Եթե այս երկրային կյանքում նավթը շատ բան է որոշում, ապա Աստծո առաջ բոլորս համահավասար ենք:

ԵՎԳԵՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի



ՑԱՎԸ ՀՈԳԻ Է ԿԵՂԵՔՈՒՄ

Ամեն մարդ պիտի ուսումնասիրի իր երկրի պատմությունը: Դրանով նա սկսում է իրեն իր երկրի հերոսական անցյալի տերը համարել, համոզվել, որ իր հայրենիքն անզուգական է, անկրկնելի: Որքան մարդ շատ է իմանում հայրենիքի մասին, այնքան մեծ սեր է զգում նրա նկատմամբ։
«Հայրենիքը կարող է լինել փոքր, ժողովուրդը՝ աղքատ, կենցաղն ու ապրելակերպը՝ խեղճ, բայց այն շատ քաղցր է: Հարցրու հայրենասեր հային, թե կարո՞ղ է արդյոք աշխարհում որևէ սար ավելի գեղեցիկ լինել, քան Երևանի առջև ամեն օր հառնող Արարատը, կարո՞ղ են աշխարհում որևէ լճի ջրերն այնքան պարզ, վճիտ ու քաղցրահամ լինել, որքան Սևանի ջրերը...»։ Հայրենիքը միայն հողն ու քարը չէ, նաև այդ հողին ու քարին շաղախված դարերն ու մշակույթն են՝ գիրը, երգը, կոթողը... Բայց, ցավոք, դեռևս հնարավոր չէ մեր աշխարհասփյուռ ժողովրդին հավաքել նույն երկնքի տակ, պահել այն մթնոլորտի մեջ, որ լիցքավորվում է Արարատից, դարերից ու մագաղաթներից, Էջմիածնի, Գանձասարի վանքերից, Ծիծեռնակաբերդի հավերժ կրակից, հնից, նորից, ողջ նորամանուկ Հայաստանից, մեր երազներից, մեր հավատից...

1915 թվական... Տեղահանվածների անծայր քարավանը ծածկել էր տեսադաշտը... Բոկոտն ցնցոտիածածկ, սովալլուկ ու ցավատանջ մանուկների խեղդված հեծկլտոց, ուժասպառ ծերերի ախոթքի մրմունջ, ցամաքած ստինքներով երեխամայրերի նվաղուն հառաչ... Այրվող եկեղեցիներ ու ծխացող շեներ... Քարերով ջախջախված հանճարեղ գլուխներ, վհատումի, սոսկման մեջ գետը նետվող կույսեր, խաբված ու զինաթափ արված հայդուկներ: Ու զոհե՜ր, զոհե՜ր, զոհե՜ր՝ քարակոծ, ջրախեղդ, խոշտանգված, պղծված...
Բարբարոսի ձեռքով զոհվեց մեկևկես միլիոն հայ, սակայն դրանով նրանց չհաջողվեց փակել հայոց հարցը, չկտրեցին հայոց տոհմածառի դարավոր բունը... Զոհերի մորթված երազները բարձրացան երկինք՝ այնտեղ նո՜ր կյանք առնելու՝ ողջ տիեզերական բարձունքից հիշողության ու վրեժի տեսքով իշխելու:

Դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամը, հայ նահատակների երազներն իջնելու են երկնքից: Դեր Զորի անապատների անթաղ դիերի կմախքաշեղջերի վրա կանգեցվելու է աշխարհի ամենաբարձր հուշարձանը...
Օտարության մեջ, երբ հանդիպում են երկու հայ, նրանք մեկ է, երեքով են, նրանց արանքում աննկատ տեղավորվում է Հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի

--------------------------------------------------------

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը պատշաճ հարգած կլինենք, եթե հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցենք, հայն իրեն իր երկրի տերը զգա և այլևս չարտագաղթի սեփական հայրենիքից... Թույլերին խղճում են միայն, իսկ անհուսալի թույլերին՝ նաև արհամարհում։ Երբ համընդհանուր հարգանքի արժանանանք, այնժամ առանց մեր խնդրանքի ու առանց մեր լոբբինգի աշխարհը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը...



ՄԵՐ 21-ՐԴ ԴԱՐԸ

Մեր թվարկության 21-րդ դարը։ Տեսնես պատմիչներն ի՞նչ են գրելու նրա մասին, ի՞նչ լեգենդներ են հյուսվելու նրա հերոսների և չարագործների մասին։ Տեխնիկական առաջընթացի վազքուղու վրա ամեն օր նոր գիտական հայտնագործություններ են արձանագրվում, սակայն անփոփոխ է մնում միայն մարդկային բնությունը։ Մեկմեկու նկատմամբ հանդուրժողականության և աստվածաշնչյան մերձավորին ուղղված սիրո բացարձակ բացակայություն է ամենուր, ու կարծես դատարկ են մեր հոգիները, ավելի ճիշտ՝ լցված թեփով, ինչպես տիկ հանած կենդանու կաշին։

Կքած առօրյա հոգսի տակ՝ հաճախ չենք նկատում հարազատ մարդկանց վիշտը, փողոցով քայլում ենք՝ չնայելով մեկմեկու՝ կարծես խռով ենք իրարից, աշխարհից։ Կարծես ապրում ենք անկախ մեր կամքից, ավելի ճիշտ՝ գոյություն ենք քարշ տալիս՝ սպասելով մեր այնքան անսպասելի ու անխուսափելի վախճանին։ Մարդկային հանճարեղ միտքը երևի երբեք էլ չկարողանա վերծանել գոյության առեղծվածը, գտնել դրա բանալին։

Փոքրիկ իշխանի պես մեր ողջ կյանքի ընթացքում կփնտրենք մեր մոլորակը, որտեղ չեն լինի բնական ու տեխնածին աղետներ, պատերազմ ու անհանդուրժողություն և դրանք ծնող արմատները՝ չարությունն ու անտարբերությունը, և այդպես էլ չենք գտնի, որովհետև չկա առայժմ այդ մոլորակը և չի էլ լինի, քանի դեռ մենք ինքներս այն չենք ստեղծի մեզ համար։ Կապրենք՝ դժգոհելով մեր կյանքից, երբեք չբավարարվելով մեր ձեռք բերածով, կմեռնենք՝ դժգոհելով ուրիշներից, որ խանգարեցին մեզ ապրել։

Մեզ երբեք չի բավի սեփական երջանկությունը, որի գոյությունը չենք նկատի, որքան էլ այն լինի մեր կողքին, կնախանձենք ուրիշի ունեցածին, իսկ վերջում կփիլիսոփայենք, որ երջանկություն ընդհանրապես գոյություն չունի։ Կյանքի անհամար խութերը հարթելու փոխարեն կավելացնենք դրանք՝ մեր և ուրիշների համար, կպարծենանք, եթե հաջողվի դրանցից որևէ մեկը հաղթահարել ու ամենավերջում նորից դժգոհ կմնանք։ Մենք վաղուց արդեն չենք ուրախանում այն փոքրիկ, բայց էական ձեռքբերումներով, որոնցից հյուսվում է մարդկային երջանկությունը, և որոնք գուցե մեզ ամեն օր ուղեկցում են ընտանիքում ու աշխատանքի մեջ։ Պարզապես ետ ենք վարժվել լավը տեսնելուց և գնահատելուց, ձգտում ենք հաճախ անկարելիին, ու, բնականաբար, չենք հասնում։ Սովորական մարդկային երջանկությունն արդեն անհարիր է մեր գոյության հետ, ու ցանկացած անակնկալ դժբախտություն և անհաջողություն կարող է ծնկի բերել մեզ, մեր կյանքը նետել խելակորույս ու հաճախ անհաղթահարելի շրջապտույտի մեջ։

Մենք հաշտվել ենք արդեն այն իրողության հետ, որ կյանքում կորուստներն ավելի շատ են լինելու ձեռքբերումներից, իսկ երջանկությունը հեքիաթային հավքի նման տեսիլք է թվալու մեզ։ Հոգնել ենք ինքներս մեզնից, աշխարհից, և մեզ ոչինչ, տառացիորեն, ոչինչ չի կարող մխիթարել։ Գոյության առեղծվածն անլուծելի մի աքսիոմա է մեզ համար, ֆիզիկամաթեմատիկական բարդագույն մի խնդիր, գլուխկոտրուկ, որի վրա դեռ երկար ու անարդյունք տարիներ ենք կորցնելու։ Մեր կյանքն այն կորուսյալ աշխարհն է, որտեղ երբեք իրար չեն հանդիպի երկու սիրող սրտեր, չեն իրագործվի հերոսների նվիրական գաղափարները, հանճարների գլուխներում ծնվող մտքերը, որտեղ անկեղծությունը հիմարություն է համարվում, իսկ ազնվությունը՝ գոյություն չունեցող բնավորության գիծ։ Մենք կարող ենք հեշտությամբ համակերպվել մեր պարտության մտքի հետ, պարզապես բնածին, կենդանական հպարտությո՛ւնը թույլ չի տալիս։ Ի՞նչ կա ավելի հեշտ թշնամու, հակառակորդի առաջ ծնկի գալուց, մանավանդ որ, մենք այդպիսին ենք համարում բոլոր մեզ շրջապատողներին։ Մեր մեջ կորել է խենթությունը, այն պարզագույն խենթությունը, որ հարիր է ոչ միայն հանճարներին, այլև հասարակ մահկանացուներիս։ Մոռացել ենք, որ այդ խենթությունն է մարդկության զարգացման շարժիչ ուժը, ու դոփում ենք տեղում, ինչպես վարգի պատրաստ, բայց ցցից կապված երիվարներ...

...Շտապում է ժամանակը, և մենք անընդհատ ուշանում ենք և այդ խելացնոր արագության մեջ դառնում ժամանակի գնացքից հավիտյան ետ մնացած ուղևորներ, որոնց հոգիներում ափսոսանքն է ծվարում չծնված կամ ծնված, բայց կիսատ, անցած կամ ուշացած խոսքերի, երազների, սերերի համար։ Ժամանակը երբեք չի ներում մեզ մեր ուշացումը։ Հոսում է ժամանակն ու վերջում պարզվում է, որ ամբողջ կյանքում ձգտել ենք հասնել ամեն ինչի և չենք հասցրել ոչինչ։ Ու եթե անկեղծանանք, պիտի ժխտենք այն կարծիքը, որ չենք նկատում, թե ինչպես է թռչում ժամանակը, ուղղակի չենք ուզում նկատել նրա խելագար, գլխապտույտ ընթացքը, բայց տարվա մեջ մեկ օր, էլի առանց մեր ցանկության, պարզապես օրվա թելադրանքով, անխուսափելիորեն և ակամա հանդիպում ենք մեր անցյալին և նկատում, որ մեծացել ենք։ Դրա համար էլ տխրում ենք մեր ծննդյան օրը, որոնք, հաջորդելով իրար, անջրպետ են ստեղծում մեր և մանկության միջև, այն ծննդյան օրը, երբ շրջապատված ենք լինում ընկերներով և հարազատներով, բայց անասելի մենակ ենք զգում, և մեր իրական ընկերակիցը դառնում է ժամանակը, մեր անցած օրերը պատնեշող ժամանակը...

ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է

Կար ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը զարգացած ագրարային երկրամաս էր: Նրա աշխատասեր ժողովրդի վաստակը հորդահոս գետի պես հասնում էր մինչև Բաքու։ Միաժամանակ Արցախը լիովին ապահովում էր սեփական բնակչությանը: Բայց դա անցյալում էր, խորհդային իշխանության տարիներին:
Ադրբեջանն այսօր զրկվել է այդ «համեղ պատառից», և հենց դրա համար է նա ցանկանում իր աքցանի մեջ պինդ պահել Լեռնային Ղարաբաղը: Մի խոսքով, Ադրբեջանը Ղարաբաղին դարձրել էր իր գաղութը, ոնց ուզում՝ այնպես էլ շահագործում էր:

Շատ ցավալի է, որ 20-ամյա ինքնիշխան ԼՂՀ-ն, որ ժամանակին պահում էր ոչ միայն իրեն, այսօր չի կարողանում գոնե գյուղատնտեսական պարենով ապահովել իր փոքրաթիվ բնակչությանը։ Պարենը երկրի բիզնեսմենները հայթայթում են Հայաստանից և այլ երկրներից: Հենց դրա համար էլ ամեն օր գների մրցավազք է կատարվում, որը դառել է սովորական երևույթ: Ուրիշ երկրների բարերարներն են մեզ մոտ ներդրումներ կատարում, բարեգործական գործունեություն ծավալում: Իսկ տեղական օլիգարխներն ու հարուստները, աննշան բացառությամբ, թքած ունեն բարեգործության վրա:
Մի՞թե դա չէ պատճառը, որ այսօր մեզ մոտ հասարակությունը շերտավորված է գերհարուստների և ծայրահեղ աղքատների: Անկասկած այդ մասին գիտեն նաև իշխանությունները, սակայն ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվում: Այսօր մեր ոչ մի իշխանավոր չի կարող գոնե մի ամիս յոլա գնալ տեղական թոշակառուի չնչին նպաստով: Այսօր փողի իշխանություն է: Փողը ապրանք է, իշխանություն, պաշտոն, պատիվ ու հեղինակություն, որով կարելի է փոխել մարդկային բոլոր առաքինությունները: Այսօր հողմացրիվ են արված նախկին արժեքներն ու սրբությունները, մնացել է միայն փողի պաշտամունքը: Մարդու անձնական արժանապատվությունը վերածվել է փոխանակային արժեքի: Իսկ ի՞նչ անի շարքային թոշակառուն, գործազուրկը, որ փող չունի...

Եվ տարեցտարի ավելանում է արտագաղթը, մեր լավագույն կադրերը աշխատանք չունենալու պատճառով թողնում են հայրենիքը, հեռանում: Մի խոսքով, այսօր մի խումբ բախտավոր ոչնչություններ, ովքեր թալանով և այլ կեղտոտ միջոցներով հարստության տեր են դարձել, վերևից են նայում հասարակ մարդկանց, հաճախ էլ տնօրինելով նրանց ճակատագիրը:

Այս ամենը կարծես քիչ է ժողովրդի համար, մյուս կողմից էլ ազերիների տհաս առաջնորդ Ալիև երկրորդն է վայրահաչում մեզ վրա: Պարբերաբար հայ զինվորներ են զոհվում ազերի դիպուկահարների կրակոցներից: Թշնամին ամեն ինչ անում է պատերազմական կրակը բորբոք պահելու համար: Եվ այսօր երևանյան ղեկավարները ազերի այս բորենիների հետ փորձում են կանխորոշել խեղճ Արցախի ապագան, միջազգային այսպես կոչված միջնորդներն էլ, որպես կանոն, անընդհատ հավասարության նշան են դնում ազերիների և հայերի, դահճի և զոհի միջև...

Իսկ այս համատարած ճահճում իր խեղճ գոյությունն է պահում հասարակ արցախցին, որը եթե վաղը, աստված մի արասցե, պատերազմ լինի, դարձյալ իր կյանքի և արյան գնով պաշտպանելու է բազմաչարչար այս հողի, իր հայրենիքի ազատությունն ու պատիվը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ
կենսաթոշակառու



ԱՆՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ «ԱՅՑԵՔԱՐՏՆ» Է

Բավ է պոկենք հայ կնիքից անունն հայոց
Մարդս զանգ Է, աշխարհն՝ ականջ,
Լավ անունը՝ զանգի ղողանջ,
Բայց զանգն առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու...
Զանգահարը գործն Է մարդու,
Գործ, որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի։
Հովհ. Շիրազ


Անուն՝ այն ինչ ուղեկցում է մարդուն իր ծնված օրվանից մինչև մահ: Չկա այնպիսի մի բառ, որ ավելի հաճախ լսենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Անվան հետ փոքրիկ մարդուկը գալիս է այս աշխարհ ու մահկանացուն կնքելուց հետո մնում է միայն անունն ու գործը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկանը անվանակոչելիս պետք է զգուշորեն մոտենալ այդ խնդրին: Պարզվում է, որ եթե անվան արտասանության մեջ կա նուրբ երանգներ, ապա երեխան անպայման որպես էակ ձևավորվում է նուրբ ու քնքուշ, և՝ հակառակը...

Անունը մեր երկրորդ «ես»-ն է, մեր էության բացահայտողը, դա է պատճառը, որ անկախ ռասսայից, ազգությունից, բնակավայրից մարդ պետք է կրի այդ ազգությունը ներկայացնող անուն, որն իր այցեքարտը պիտի դառնա ողջ կյանքում: Վերջերս լինելով Ռուսաստանում, հայտնվեցի մի խումբ ռուսների շրջապատում և ներկայացա՝ Արմինե։ Մի ռուս հարցրեց. «Դու, ի՞նչ է, հա՞յ ես»:

Այստեղ ես հասկացա, թե որքան երջանիկ եմ ես, որ կրում եմ հայկական այդ անունը, որ նշանակում է՝ հայուհի: Եվ ճիշտ է ժամանակին նկատել հայ մեծ գրող Շիրազը. «Քանզի ամեն ազգի անուն իր տարազն է, իր մայր լեզուն... Ինչո՞ւ հագնես ձևն ամենի, երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի...»:

Մեր երեխաներին տրվող անունների մասին շատ են գրել և դեռ շատ են գրելու։ Հայ երեխան պիտի կրի հայեցի անուն՝ սա է հիմնական խնդիրը։ Անգլիացին կամ ռուսն իրենց զավակին Արամ կամ Արմինե չեն կնքում։ Ի՞նչ կապ ունեն Շեքսպիրի Համլետը, Օֆելիան, ռուսական Սլավան, Իվանը, Տոլիկը, Կոլյա-Նիկոլայը, Արկադյան, Լոլիտան, Լյուբան, օտար արտուրիկները, սերժիկները, վալյաներն ու նադյաները հայ ժողովրդի հետ։

Հայկական ամեն անուն մի բառ է ճոխ. Անի՝ թվում է պարզ ու հասարակ, ընդամենը 3 տառ, բայց մեծ խորհուրդ ունի և նշանամություն, հայ ժողովրդի մի մեծ պատմություն... Կամ էլ, Աղավնի՝ խաղաղության խորհրդանիշ, Աստղիկ՝ անուն, ինքն էլ հույսի կանթեղ: Եվ կամ Հայկ՝ մի ողջ Հայաստան, նահապետ... Տաթև՝ Աստված տա թև... Հյուսեք ձեր ապագա երեխայի թևերը սկսելով նրա անվան ճիշտ ընտրությունից:

Եվ վերջապես, չմոռանանք, որ ընտրելով մեր երեխաների անուները, մենք կերտում ենք մի նոր ճակատագիր: Ամենահաճելի բառն առանց բացառության, բոլոր մարդկանց համար‘ պարզվում է, սեփական անունն է, քանզի բարձրաձայն արտասանելով նրա անունը, մենք ուշադրության ենք արժանացնում նրա անձը և դրանով իսկ բավարարում իրեն անհատականություն զգալու նրա պահանջմունքը: Իսկ ցանկացած պահանջմունքի բավարարում մարդու մոտ դրական հույզեր է առաջացնում, նշանակում է՝ մարդու անունն արտասանելով, մենք շահում ենք նրա համակրանքը:
Շատերն իրենց երեխաներին ցանկանում են թողնել լավ աշխարհ, իսկ դուք աշխարհին թողեք լավ ու հայեցի անուններով երեխաներ...

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲՈՐԲՈՍՆԵԼ

Աջափնյակ թաղամասում կառուցված տասը առաձնատները 2009 թ. տրամադրվեցին փախստականների ընտանիքներին, իսկ 2010 թ. նույն փողոցում ապաստան գտան ևս ութ ընտանիք: Մարդիկ՝ սև օրեր տեսած, 19-21 տարի սպասելուց հետո վերջապես ստացան նոր կառուցված ընդարձակ բակով առանձնատներ: Առանձնատների հեռու լինելու պատճառով շատերը հրաժարվեցին տեղափոխվել այնտեղ՝ հատկապես ԱրՊՀ համալսարանի հանրակացարանում բնակվող որոշ փախստականներ (տես «Դեմո», N 859: Այնուամենայնիվ, այն ստացողները շատ ուրախ էին, քանզի ում համար չէ ուրախալի իրողություն այսքան երկար սպասելուց հետո սեփական առանձնատուն ունենալը:

Այս ամենը հիանալի է, իհարկե, բայց շատ չանցած՝ ցրտերը սկսելուն պես, այդ տները սկսեցին փտել ու բորբոսնել: Իսկ փտման պատճառները, ինչպես ինձ ծանոթ շինարարներից մեկն է ասում, տարբեր են լինում, սակայն հավանական է, որ օդափոխանակման խախտումն է գլխավորը, իսկ մետաղապլաստե հերմետիկ պատուհանները հնարավոր է, որ փտման պրոցեսը արագացնում են:

Ոչ բոլոր տներն են միևնույն կերպով վնասվել. կան տներ, որոնց պատերը խոնավությունից միայն բորբոսնել են, իսկ կան տներ, որոնց հատակը՝ գումարած դրան, սկսել է փտել: Տներում, որտեղ հատակը փտում է, կենվորները ստիպված են լինում տան կահույքը անընդհատ տեղաշարժել, որովհետև կահույքը մի տեղում երկար մնալուց հետո մխրճվում է արդեն լիովին փտած հատակի մեջ: Մարդիկ վախվխելով են քայլում տանը, քանի որ հատակը ծանրությունից կարող է ամեն պահի ջարդվել, իսկ անծանոթ հյուրին նախօրոք զգուշացնում են՝ «խիստ վտանգավոր գոտիներով» չքայլել:

Որ այդ տները «վտանգավոր» են, անծանոթ հյուրը զգում է առաջին իսկ հայացքից, կներեք, առաջին իսկ շունչ քաշելով. սուր մգլահոտը անմիջապես զգացնել է տալիս, որ այս տներում ինչ-որ բան այն չէ: Ճիշտ կլինի նաև «վտանգավոր» բառը գործածել առանց չակերտների, որովհետև խոնավությունն ու բորբոսն իրոք վտանգավոր են առողջության համար: Հայտնի է, որ խոնավությունը կարող է առաջացնել ցնցուղատապ (բրոնխիտ), թոքերի բորբոքում, երիկամների բորբոքում և այլ հիվանդություններ: Իսկ բորբոսը վտանգավոր է հատկապես երեխաների ու թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար:

Տներից մեկում բնակվող երիտասարդ մայրերից մեկը վստահ է, որ իր հինգ տարեկան աղջնակի հաճախակի հիվանդանալու պատճառը խոնավությունն է և այժմ նա ստիպված ցավեցնող ցեֆոզիլին է սրսկում: Նույն երիտասարդ մայրը իմ ներկայությամբ զանգեց քաղշիննախարարության ընդհանուր բաժին՝ բողոքելով, որ նամակի պատասխանը ուշացնում են: Հեռախոսազրույցը բավականին նյարդային ու երկար էր: Բանն այն է, որ հարևանի տան հատակը երբ փտելուց սկսեց ջարդվել, նա զանգեց շինարարության նախարարություն և, նրա խոսքով (հարևանի), շինարարությունը իրականացնող ֆիրմայի ինժեներներից մեկը ստուգելուց հետո հատակի համար համապատասխան փայտ հատկացրեց:

Հարևանուհու օրինակին հետևելով նա զանգեց նախարարություն, սակայն նրան բացատրեցին, որ պետք է բողոքը գրավոր ներկայացնել: Բողոքը ներկայացվեց նոր տարվա շեմին և մինչև օրս անպատասխան է, շիննախարարության ընդհանուր բաժնից բացատրեցին, որ իրենք նամակը ուղղարկել են բնակարանային հանձնաժողովի բաժին: Հույս պահենք, որ նամակագիրը գոհացուցիչ պատասխան կստանա, սակայն զարմանալին այն է, որ իմ այցելած տներից միայն երկուսն է համապատասխան մարմիններին բողոք ներկայացրել, իսկ մնացածը վստահ են, որ իրեց բողոքները ոչ մի բան չեն փոխի:

Կարծում էի, թե ավելի վաղ կառուցված 10 առանձնատների վիճակն է միայն այդպես, սակայն մնացած ութ տների վիճակն էլ էր նույնը՝ դեռ մի բան էլ «ավել»: Ութ առանձնատան բնակիչներից մեկը կարծում է, որ վերևի տասը առանձնատներն ավելի խղճով են կառուցվել, քան իրենցը: Վերջինս ցույց տվեց տան ննջարանը, որտեղ միայն իրեր են պահում և ավելացրեց. «Այստեղ վախում ենք ջիգարով քայլել»: Չեմ ուզում չարախոսի տպավորություն թողնել և մեկ անգամ ևս ավելացնեմ, որ ոչ բոլոր տների տախտակն է ոտքերի տակ ջարդվում, բայց բոլոր իմ տեսած տները խոնավությունից բորբոսնում են, իսկ այդ մարդիկ հավաստիացնում են, որ բոլոր տասնութ տներում իրավիճակը նույնն է՝ տեղ-տեղ մի քիչ լավ, տեղ-տեղ՝ ավելի վատ:

Նման հետևանքի պատճառները կարող են տարբեր լինել, ուստի սխալ կլիներ վստահորեն կոնկրետացնել դրանցից մեկը, քանի որ դրա համար մասնագետի «ամենատես աչքի» կարիք է զգացվում: Կրկնվում եմ՝ պատճառները կարող են բազում լինել. բացառված չէ, որ խոնավության պատճառներից մեկը օդափոխանակման գործընթացի խախտումը կարող է լինել:

Ինչևիցե, խնդրում եմ, իսկ Մեհրաբյան փողոցի բնակիչների անունից պահանջում եմ համապատասխան մարմիններին տվյալ խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Նման պայմաններում անհաճո ու առողջության համար վնաս է ապրել, և ինչքան շուտ թերությունները վերացվեն, այնքան լավ:

Լսել եմ՝ ինչ-որ մեկը վարչապետին՝ նրա բլոգում, գրել է, որ նշված թաղամասում տները խոնավությունից փտում են: Արա Հարությունյանը պատասխանլ է. «Քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ ուսումնասիրել այդ հարցը և մասնագետներ ուղարկել նշված աշխատանքները ստուգելու համար»: Մասնագետները եկել են, սակայն այդ թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ մասնգետները փտման պատճառը բացատրում են նրանով, որ սենյակների ջերմությունը պիտի նույնը լինի: Նույն թաղամասի կենվորներից մեկը գտնում է, որ փտման պատճառը դա չէ, քանի որ նրանք տանը ունեն ջեռուցման կաթսա, և բոլոր սենյակները հավասարապես ջեռուցվում են: Նշված տների կառուցումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, ըստ խոսակցությունների, պատկանում է բարձր պաշտոնյաներից մեկին։

«Այնպես է ստացվում, որ մի հատ էլ մենք ենք մեղավոր»,- հավելեց Աջափնյակում բնակվող կանանցից մեկը:
...Վերջերս վերոհիշյալ թաղամասի բնակիչներին խոստացել են շինանյութով ապահովել։

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ



«ԱՐՏԱԴՐԱՆՔ». ԻՍԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱՐԾԵՍ ՉԿԱ

Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 4500 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Ստացվում է, որ ամեն տարի տարբեր ոլորտների համար բուհը թողարկում է մոտ 1000 նորաթուխ մասնագետ: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց: Դժվար է կոնկրետ ասել, բայց ինչ կապված է աշխատատեղեր գտնելու հետ, ապա բազում դժվարությունների կհանդիպեն նրանք, եթե չունենան մի քանի «առավելություններ», որոնցից մեկը «կռուտոյ» պապա կամ քեռի ունենալն է, որոնք կարող են առանց դժվարությունների տեղավորել ցանկացած տեղ: Մեծ արատ է նման հարազատապաշտությունն ու բարեկամապաշտությունը, երբ ասում են՝ ինչո՞ւ ոչ որդիս, ինչո՞ւ նա, իսկ իմը՝ ոչ:

Հաջորդ առվելությունը, լավ մասնագետ լինելն է, քանի որ այսօր ստեղծվում են մասնավոր ձեռնարկություններ, որտեղ «կռուտոյ» պապայի կամ քեռու զանգը կարող են արհամարհվել: Ծանոթս մինչ «Ինսթիգեյթ» թրենինգ կենտրոնում ընդունվելը, կարծում էր, թե այստեղ էլ կընդունվեն «քեռավոր» կամ «պապավոր» երեխաները, բայց ամեն ինչ որոշվեց հարցազրույցով. գիտես՝ կընդունվես, չգիտես՝ ոչ...

Համալսարանն ավարտած շրջանավարտներն հիմնականում աշխատանք չեն գտնում, քանի որ՝ 1) շատ թույլ պատրաստված մասնագետներ են, 2) տվյալ մասնագիտության համար խիստ սահմանափակ քանակով աշխատատեղեր կան, 3) ընդհանրապես սահմանափակ քանակով աշխատատեղեր կան:

Այսօր երիտասարդության համար հիմնական աշխատատեղեր են հանդիսանում ՆԳՆ-ն ու բանակը: Չլսված բան է, սովորել «Կիռարական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնում, բայց արդեն երրորդ կուրսից անցնել ծառայության ՆԳՆ-ում: Իսկ մեր «Լրագրության» բաժնից միայն 5-6 տարվա ընթացքում մի քանի հոգու է հաջողվել աշխատանք գտնել ըստ մասնագիտության:

Ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանին հարցրի. «Ինչո՞ւ հինգ տարվա ընթացքում «Լրագրության» բաժնից մի քանի հոգու է հաջողվել աշխատել ըստ մասնագիտության: Կրթության մակարդա՞կն է ցածր, թե՞ աշխատատեղեր չկան»: Պատասխանը հետևյալն էր. «Այսօր միայն Արցախի հանրային հեռուստատեսությունում սովորող 140 աշխատող կա, կարծում եմ այստեղ խնդիրներ չպիտի լինեն»: Նախարարի պատասխանը ինձ համար անհասկանալի էր, քանի որ 140 աշխատողների մեջ մտնում են վարորդներ, հավաքարարներ և շատ ուրիշ մասնագիտություններ, որոնք լրագրության հետ ոչ մի առնչություն չունեն:

Ճիշտ են արել, որ «Լրագրության» մագիստրատուրան փակել են, քանի որ եթե ամեն կուրսում միջինը սովորում է 25 ուսանող և հինգ տարվա ընթացքում 125 մասնագետ են պատրաստում, որոնցից մի քանիսն են աշխատանք գտնում, ապա անիմաստ է այն վերաբացել:
Նաև դժվարություն է առաջացնում այն իրողությունը, որ աշխատանքի ընդունելու համար աշխատանքային փորձն են հաշվի առնում: Արդեն Ստեփանակերտում անեկդոտի պես պատմում են. «Պահանջվում է 18 տարեկան աշխատող՝ 5 տարվա պարտադիր աշխատանքային ստաժով»: Հարգելիներ, եթե նոր եմ բուհն ավարտել, ինձ որտեղի՞ց աշխատանքային փորձ:

Ինչպես վերևում նշեցի, մեզ մոտ երիտասարդներն աշխատատեղեր հիմնականում գտնում են ՆԳՆ-ում ու բանակում: Հարկային ծառայությունում, քաղաքապետարանում և նման այլ վայրերում կարելի է գտնել այնպիսիներին, որոնք մեծ դժվարությամբ կարող են իրենց անուն-ազգագունը գրել, ովքեր այնտեղ հայտնվել են «կռուտոյ» պապաների ու քեռիների միջոցով, բայց չեմ ժխտում, որ ուրիշ «արժանիքների» շնորհիվ էլ կարելի ընդունվել. օրինակ՝ թեթև վարքի տեր աղջիկ լինել ու կարողանալ հաճոյանալ պետին:

Միջնորդության շնորհիվ (կամ պատճառով) աշխատատեղեր կարելի է գտնել վարչական տարբեր հիմնարկներում, որտեղ, այսպես թե այնպես, անձակազմն իր քանակով, երևի թե, կարող է Ֆրանսիա ղեկավարել, այո՝ հենց քանակով, բայց որակի առումով դժվար թե Ֆրանսիային նման մասնագետներ պետք լինեն: Կան այնպիսի անհեթեթ հաստիքատեղեր, որոնք նորմալ մարդուն կարող են խելագարության հասցնել:

Լավ սովորող շատ ուսանողներ, որոնք պիտի որակյալ մասնագետ դառնան, ստիպված հեռանում են Արցախից: Բնավ չեմ արդարացնում նրանց, բայց կան մի քանի «բայցեր»: Հին չինացի փիլիսոփա Մո-Ցզին ասել է. «Եթե ազնիվ ու իմաստուններն են կառավարում տխմար ու ստորներին, ապա կարգուկանոն է տիրում: Իսկ եթե տխմար ու ստորներն են կառավարում ազնիվ ու իմաստուններին, ապա խառնուկություն կլինի»: Խառնակությունն իրոք հենց նման իրավիճակն է ծնում:

Մեր երկրում գրեթե չկա նորմալ մտավորականություն ու էլիտա: Մտավորականը բնավ էլ նա չի, ով զբաղված է մտավոր աշխատանքով ու կոստյում է հագնում, այսօր «Եհովայի վկաներն» էլ են կոստյում հագնում: Մտավորականը նա չէ, ով շատ կարդացել է, այլ նա, ով շատ խորհում է: Կներեք, բայց երբ մտավորականը դադարում է խորհել, վեր է ածվում անասունի։ Այսօր, ցավոք մենք շատ ունենք նման անասուններ՝ խորհրդային տարիներից խորհրդային գերհնացած գաղափարներով թրծված հլու և հնազանդ խամաճիկներ...

Անշուշտ, խոսքը բոլոր մտավորականներին չի վերաբերում: Ինչ մնում է «էլիտային», ապա այստեղ, այս հասկացությունը կարելի է տարբեր ձևով մեկնաբանել, բայց ավելի պարզ ու կարճ ասած՝ էլիտան դա հասարակության նախաձեռնող շերտն է, Նժդեհի Ցեղամարդի մի տեսակ: Ըստ Նժդեհի, ժողովուրդը հայության չկողմնորոշված տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան Ցեղի: Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի հանդուրժում ստրուկի շղթաները...

Նման մարդիկ հարկավոր են մեզ այս պահին: Բայց հարց է ծագում. ինչո՞ւ նման մարդիկ ամենադժվար օրերին այստեղ էին, իսկ հիմա թողնում, հեռանում են հայրենիքից: Պատճառներից մեկը խավարամիտ «կղերականությունն» է, իսկ մնացած պատճառները դուք փնտրեք:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ԻՆՉ ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՄ ՄԱՍԻՆ, ԵԹԵ...

Մահը օրգանիզմի կենսագործունեության դադարումն է, սակայն այն մարդկանց համար իր մեջ միշտ կրում էր առեղծվածային ու միստիկ դրոշմվածք: Լինելով անբացատրելի, անկանխատեսելի երևույթ, այն դուրս էր գալիս մարդկային ընկալման սահմաններից և համարվում որպես պատիժ: Բոլոր հիմնական կրոններն ունեն իրենց բացատրությունը, թե ինչ է կատարվում մեռնելուց հետո:
Մարդու մարմնին հրաժեշտ տալը չէր կարող անցնել առանց ծիսակատարությունների ու արարողությունների. յուրաքանչյուր կրոն, ժողովուրդ ունի այդ արարողությունները կատարելու իր կարգը: Տատս դաղստանահայ էր, հիշում եմ, նա պատմում էր, որ տեղացի հայերի հուղարկավորության համար պատրաստած ճաշերը բաժանում էին աղքատներին: Սրա մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց անհասկանալի է, երբ թաղման սեղանին համեղ կերակրատեսակներով փորը պնդացնելուց հետո սկսում են ծխել: Անհասկանալի է նաև այն, երբ քառասունքի սեղանին աղցաններ ու թխվածքներ են դնում, որն ավելի շատ հիշեցնում է ամանորյա սեղան:

Եթե մենք քրիստոնյա ենք, ինչը մեզ պարտադրում է հավատալ հանդերձյալ կյանքին, ապա ինչո՞ւ ենք մոլեռանդորեն ուշադրություն դարձնում շիրմաքարի բարձրորակությանը, սեղանի ճոխությանը... Մի՞թե սրանով մենք հանգուցյալի համար ճանապարհ կհարթենք դեպի դրախտ: Իրականում մենք վատ քրիստոնյա ենք. նույնիսկ թաղմանը քահանա կանչելը կարծես թե նման է երաժիշտ կանչելուն՝ դե թող գա, էլի, ո՞ւմ է խանգարում:

Խորհրդային տարիներից ժառանգված աթեիզմը կարծես թե վեր է ածվել մի նոր ուղղության՝ մեռելապաշտության: Շատ կլինեք լսած նման զրույցներ. «Հինչ լյավ խոխեք ըն, ամեն ինչ լյավ, տեղը տեղին, պերին հորը հետի լյավ ակուրատնի քար քցեցին»: Այսինքն՝ մեզանում մահացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքնը ավելի շատ է գնահատվում ու կարևորվում, քան կենդանի մարդու նկատմամբ, քանի որ չեն ասում՝ այս մարդն ամբողջ կյանքում աղքատության մեջ էր ապրում ու հիմա տեսեք-տեսեք ռուսաստաններից եկած որդիները սև մարմարե շիրմաքար են դնում հոր հիշատակին:
Հայի համար միշտ էլ կարևոր է եղել հանուրի կարծիքը. մեր բոլոր ավանդույթներն էլ հիմնված են հասարակական կարծիքի հիման վրա: «Ի՞նչ կասեն մարդիկ» սկզբունքը հաճախ կուրացնում է մեզ, և մենք մտածում ենք՝ ի՞նչ կասեն մարդիկ մեր մասին, երբ թաղման սեղանին թխած կարտոֆիլը պակաս լինի: Կարծես այդպես էլ պիտի լինի՝ թխած կարտոֆիլ՝ թաղման սեղանին: Կարծես մարդիկ չեն եկել վշտակցելու, այլ եկել են թխած կարտոֆիլ ուտելու և զվարճանալու համար:

Այստեղ հոգեհանգստի խորհուրդը ինքնստիքյան չքանում է, և մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում ու, սգո սեղանի առջև նստած, սկսում են խոսել առօրեական խնդիրներից: Ամենահամոզված մատերիալիստը կասի. «Դե լավ է, էլի, կերուխում անելով մարդուն հրաժեշտ տալը»: Սակայն չպետք է մոռանալ, որ այսպիսի հանդիսությունը մեծ գումարներ է պահանջում: Ստացվում է այն, որ մարդ բացի ծանր վիշտ ապրելուց, պիտի սեղանի հոգս քաշի, որպեսզի բամբասկոտ ու տգետ մարդիկ չասեն՝ բա սա սեղա՞ն էր, բա սրանք նամուս ունե՞ն...

Բայց կամաց-կամաց մարդիկ հասկանում են, որ հավուրի պատշաճը անցնում են և իրենց իսկ ձեռքով վաղուց կրակն են ընկել, այդ իսկ պատճառով ոմանք հարցնում են, թե չի՞ կարող արդյոք պետությունն այս հարցում միջամտություն ունենալ, այսինքն՝ մարդկանց արգելել ճոխ թաղումներ անել: Իսկ դա նման է ստրկամտության, որովհետև ստրուկը խոհեմ քայլ անում է միայն այն ժամանակ, երբ նրան ստիպում են դա. այստեղ ստրուկը ժողովուրդն է, իսկ պարոնը՝ պետությունը. ժողովուրդը ինքնուրույն չի կարող գործել, քանի որ ունի ստրկային մտածողություն:

Բնության մեջ բյուր հազարներից մեկն է ունեում ինքնուրույն քայլեր ձեռնարկելու կարողություն՝ թքելով հանրային կարծիքի վրա: Նման անհատի կարիքն ունենք, բայց, ավաЇղ, ինչպես նշեցի վերևում, հայը սիրում է հարևանի, կողքինի կարծիքը հաշվի առնել, անգամ եթե դրանք մաքուր ապուշություն են: Օրինակ, դժվար չէ հասկանալ, որ հարսանեկան հանդեսի ժամանակ անդուր ազդակ արձակելը՝ այն էլ Եկեղեցի ու Եղբայրական գերեզմանոց գնալիս, տգեղ է, ես նույնիսկ կասեի՝ սրբապիղծ արարք է, բայց անում են, քանի որ մի քանի «ազգային ջոջեր» մարդկանց համար որպես իդեալ են ծառայում, իսկ իդեալի արաքրն ինքնստիքյան հեղինակավոր ու օրինակելի է:
Հոդվածս ավարտեմ Օգոստոս Երանելիի խոսքով. «Թաղման մասին հոգատարությունը, շիրիմի կառուցումը, հուղարկավորության ճոխությունը ավելի շուտ սփոփանք են ծառայում կենդանիներին, քան օգնություն հանգուցյալին»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Արհեստական վիժեցումներն ունեն միայն մեկ ճշմարիտ բնորոշում. սպանություն, մանկասպանություն, մարդասպանություն... Մինչդեռ ոչ ոք իրավասու չէ հրաշք մանկիկներին զրկելու ի վերուստ իրենց շնորհված կյանքի իրավունքից, որովհետև ոչ ոք չի արարել նրանց, բայց միայն մեկը՝ Աստված, որը մեզ պատվիրում է. «Մի՛ սպանիր»… Նրանք ունեն ապրելու իրավունք…

Էմբրիոլոգիայի՝ սաղմնաբանության տեսանկյունից մարդու կյանքը սկսվում է արական և իգական բջջակորիզների միաձուլման պահից: Ըստ որում, սաղմը մոր արգանդում ինչ-որ հավելված չէ, և հղիության ցանկացած ժամանակահատվածում կատարված աբորտը համարվում է կենսաբանական էակի կյանքի գիտակցված ընդհատում: Բացի դրանից, սկսած բեղմնավորման պահից, սաղմը իրենից հոգևոր արարած է ներկայացնում. չէ՞ որ մարմինն առանց հոգու մեռած է, իսկ այդ բջիջը ոչ միայն մեռած չէ, այլև շարունակում է իր կենսագործունեությունը և աճում է:

Հայտնի է, որ հղիության տասնութերորդ օրում բաբախում է երեխայի սիրտը, վեցերորդ շաբթում գործում են նրա լյարդը, երիկամները, թոքերը: Ութերորդ շաբթից երեխան արդեն ցավ է զգում, գլխուղեղը ազդակներ է ընդունում, տասներկուերորդ շաբթում շրջում է գլուխը, ծալում ոտքերը, մատները տանում բերանը, հորանջում է, արձագանքում է մոր զգայական վիճակներին և արտաքին ազդակներին, ունի հույզեր...

Իսկ աբորտի ընթացքում տեղի են ունենում կանանց հոգեկան աշխարհի փոփոխություներ, որոնք արտահայտվում են դեպրեսիայով, ագրեսիայով, նյարդային պոռթկումներով, ճնշվածությամբ: Այս բոլորի հետևանքով կարող են նաև քայքայվել ընտանիքները: Պարզ է դառնում, որ աբորտը ոչ միայն չի լուծում որևէ անձնական կամ հասարակական խնդիր, այլև լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում հանրությանը: Հաջորդող հղիությունների ընթացքում կարող են ծնվել անոմալիաներով, նյարդային, հենաշարժական զարգացման խանգարումներով երեխաներ:

Արհեստական վիժեցումները, ավելի ճիշտ՝ երեխաների օրինականացված սպանությունները, այսօր դժբախտաբար սովորական երևույթ են դարձել: Մինչդեռ այդ երևույթն իրականացնողների կողքին բազմաթիվ են այն ընտանիքները, ովքեր ամբողջ կյանքում փափագում են ունենալ նման պարգև, սակայն այդպես էլ չեն ունենում... Բայց արի ու տես, որ նրանք, ովքեր նման պատվի են արժանանում, ինքնակամ հրաժարվում են դրանից՝ աղբի հավասարեցնելով անմեղ մանուկների հազարավոր կյանքեր...

Ես չեմ հավատում, որ պատճառը սոցիալական վիճակի սղությունն է, և ո՛չ էլ բնակարանային պայմաների անհարմարությունը,- ինչպես շատերն են հաճախ սիրում արդարանալ: Ո՛չ, մարդկային կյանքին գիտակցաբար վերջ դնելն ավելի է, քան ինչ-որ պատճառաբանություն, ինչ-որ սովորական արդարացում կամ բացատրություն: Սա ավելի ճիշտ նման է դիվային ոգու ներգործության, սատանայի գործելաոճի, որ մշտապես ծարավ է արյան և կյանքի… Այլապես ուրիշ ի՞նչ անուն կարող է ունենալ դեռ նոր-նոր ծլարձակող բողբոջի ոչնչացումը, եթե ոչ սպանությո՛ւն, մանկասպանությո՛ւն, մարդասպանությո՛ւն…

Մի՞թե կարելի է նորաբողբոջ ծիլն արմատախիլ անել հենց միայն այն պատճառով, որ նա ծլել է առանց նախնական պլանավորման։ «Եթե տղա լինի՝ պահելու եմ, եթե չէ՝ չէ»: Կարծես խոսքը մի ինչ-որ առարկայի և ոչ թե անգին կյանքի մասին է, մի կյանքի, ում չի հետաքրքրում ոչ ծնողների անապահով վիճակը, ոչ նրանց պլաններում իր չընդգրկված ու անցանկալի լինելը, ոչ «սխալ» սեռային պատկանելիությունը… Նա միայն ուզում է ապրել, ուզում է այլևս դադարել ուրիշի մեղքերի համար «քավության նոխազ» լինելուց... Նա միայն ուզում է ապրել… Մի՞թե նա չունի դրա իրավունքը...

ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՁԱԽԼԻԿՈՒԹՅՈՒՆ

Թե Հայաստանում ու Արցախում քանի ձախլիկ մարդ կա, հայտնի չէ: Մեր երկրի ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալներ չունի: Այդպիսի վիճակագրության չեն տիրապետում նաև առողջապահության նախարարությունում: Հրապարակված են, սակայն, համաշխարհային տվյալները: Ըստ այդմ, երկրագնդի բնակչության 12 տոկոսը ձախլիկ է, ու այդ թիվը շարունակում է աճել: Բայց հաշվի առնելով, որ նշված թվի ձևավորման գործում հայաստանցիների մասին տեղեկությունները դեր չեն խաղացել, ուստի ստացվում է, որ 12 տոկոսը բավական մոտավոր է: Այսօր հայկական դպրոցներում ձախլիկ երեխաները չեն հայտնվում ուսուցիչների ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտություն չի համարվում երեխային սովորեցնել անպայման աջով գրել:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է. «Դպրոցում դրան կարևորություն չի տրվում և չի դիտվում որպես երեխայի կարիք: Մոռացված խնդիր է դա: Երեխան ազատ է՝ գրել որ ձեռքով ցանկանա: Լինում են դեպքեր, երբ ձախլիկ երեխան ինքն է աստճանաբար անցնում աջով գրելուն: Կամ երկու ձեռքն էլ սկսում է օգտագործել հավասարապես: Հնարավոր է, իհարկե, որ, ասենք, որոշ դասվարներ նրբորեն ուղղորդեն երեխային՝ աջով գրելու, և նա շատ հեշտությամբ անցնի դրան, եթե ձախլիկությունը լավ արտահայտված չէ»:

Նույնը, սակայն, միանշանակ չի կարելի է ասել հայկական ընտանիքների մասին, որտեղ այսօր էլ կարելի է հանդիպել ծնողների, որոնք իրենց երեխաների հոգին հանում են՝ նրանց աջով գրել պարտադրելով: Մասնագետները, սակայն, պարզել են, որ ձախլիկների մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը, աջլիկների մոտ՝ ձախը: Ու եթե ձախլիկներին ստիպում են աջով գրել, նրանց միտքը սկսում է դժվար զարգանալ: Ուղեղն, այսպես ասած, կակազում է: Իսկ ահա նախկինում ձախլիկությունը սատանայի ազդեցությամբ էր պայմանավորվում ու ամբողջ զինանոցը գործի էր դրվում՝ դրա դեմ պայքարելու համար: Հին ժամանակներում համոզված էին, որ մարդու աջ ուսի վրա հրեշտակն է «ապրում», իսկ ձախի վրա՝ սատանան: Թե ինչու է մարդկությունն այսպես ձախլիկների ու աջլիկների երկփեղկվել, գիտությանը վերջնականապես հայտնի չէ: Կարծիք կա, որ ինչպես ձախլիկությունը, այնպես էլ աջլիկությունը ժառանգական են: Իսկ իրենց ձախլիկությամբ առավել աչքի են ընկնում տղամարդիկ: Նրանց թիվը ձախլիկ կանանցից 10 տոկոսով ավելի է:

Ձախլիկներն ավելի շատ են տառապում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են շիզոֆրենիան, հարբեցողությունը և այլն: Մի շարք բնագավառներում էլ նրանք լավ իմաստով են գերազանցում աջլիկներին: Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ձախլիկները առավել լավ են իրենց դրսևորում հիմնականում այնպիսի գործերում, որոնք արագ ռեակացիա կամ մեծ քանակությամբ տեղեկատվության օգտագործում են պահանջում:

Գիտնականները նաև պարզել են, որ աջլիկ տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան ձախլիկները: Այս երևույթը գիտնականների համար դեռևս անմեկնելի է: Բացատրություն չունի և այն, որ ձախլիկ կանայք այս օրինաչափությանը չեն ենթարկվում. նրանց վաստակածն ավելին չէ, քան աջլիկ կանանցը:

Ձախլիկներն, ասում են, ավելի խելացի են ու նրանց մտածողությունն առավել գեղարվեստական է: Ձախլիկ են եղել Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Չարլի Չապլինը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բանոպարտը, Մոցարտը, Մարկ Տվենը... Ձախլիկ են Մադոննան, Փոլ Մաքարթնին, Ջորջ Բուշ կրտսերն ու Բիլ Քլինթոնը: Ձախլիկները շատ են ոչ միայն արվեստի ոլորտում, պետական ու քաղաքական գործիչների մեջ, այլ նաև մարզիկների մեջ: Ձախլիկ են Պելեն, հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Փորձեցինք վերջինից իմանալ՝ արդյո՞ք նրան էլ են փոքր տարիքում չարչարել ու ստիպել աջլիկ դառնալ կամ թե ձախլիկությունն ինչ անհարմարություններ է ստեղծել իր համար: Վիկ Դարչինյանը, սակայն, Ավստրալիայում էր, և նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:

1992 թ. սկսած աշխարհում նշվում է ձախլիկների օրը, որի նպատակներից է գրավել միջազգային հանրության ուշադրությանը ձախլիկների խնդիրների վրա և հատկապես արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին։ Օրինակ, այն մասին, որ աջլիկ մեծամասնության համար արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի պատճառով ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի: Ըստ ուսումնասիրությունների, արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ:

ԱՆԱՀԻՏ ՄՈՍԻՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

«Հայաստանը՝ ծովից ծով», գումարած Կիլիկիան


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար: Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ: Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երևում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց: Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ՝ հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում: 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը՝ իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր: Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ՝ կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի: Ժամանակակից պատերազմներում, ինչպես հայտնի է, 50-100 հազար կազմ ունեցող զորաբաժիններն էլ մեծ բան չեն համարվում: Բայց հայ կամավորական բանակը, որ 1914-ի հոկտեմբերից մինչև 1915-ի մարտը 2500 հոգուց ավելի չէր, ազգային սնապարծության և հոխորտանքների առարկա դարձավ: Իբրև թե ահագին բան էինք արել այդքան մարդ հավաքելով, իբրև թե ռուսական բանակը, որ Կովկասյան ճակատում հավաքել էր մոտ 800 հազար զինվոր, շատ է պարտական մեզ՝ մեր 3-5 հազարի համար, և իբրև թե Թուրքիայի համար էլ մեր այդ ուժը խոշոր վտանգ է: Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլև չունեցածով:

Դաշնակցական «Հորիզոնն» ամեն կիրակի օր հրատարակում էր պատկերազարդ հավելվածներ, ուր տպվում էին կամավորների խմբանկարները: Սովորաբար դրանք ներկայացնում էին 50, 100 և ավելի մարդկանց, ոտքից մինչև գլուխ զինված, հրացանները դեպի նույն կողմն ուղղած: Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը: Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար և խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ և տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» և այլն՝ ըստ կարգին: Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ և նրանց գնողների մեջ էին և օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին: Այդքանով էլ չբավականանալով՝ դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչև իսկ փոքրահասակ մանուկներ՝ զինվորի զգեստ հագած և հրացանով ու դաշույնով զինված: Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ:

Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը: Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը և նրա ոտքերի տակ ընկած՝ օսմանյան դրոշակը: Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արևելյան Անդրկովկասի թրքության մեջ և Գանձակում: Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար: Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով: Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում: Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է 40 հազարի… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…

Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից: Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա: Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին: Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետև նրան հատկացված էր գործողության լայն շրջան: Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները և ապստամբություն բարձրացնեին: Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը՝ կամավորական շարժումը դադարեցնելու մասին, և Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա: Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, և կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը՝ ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան: Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս: Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ: Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին: Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում: Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել: Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում: Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի և Սարայի հայությանը, որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը: Սա առաջին կոտորածն էր՝ նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների…

Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը և հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց: Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, և համենայնդեպս շատ շատերն էին ազատվում: Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչև իսկ հազար դիակներով. ինչքան կար՝ սրի էր քաշվում, և պրծավ-գնաց… Իսկ մենք, բնական և անխուսափելի համարելով այդ, զբաղված էինք մեր կամավորների քաջագործություններով, գովում, բարձրացնում էինք Քեռիին, Համազասպին, Դրոյին… Հերոսներ շատ ունեինք և ինչո՞ւ չդառնայինք հերոսապաշտներ…

Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթևամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ: Երևույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ: Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում և կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու և քննելու իրենց ազգային հարցերը: Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի ևս խոր խրամատներ էր փորում հայերի և մյուս կողմից՝ վրացիների և թուրքերի միջև: Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական և համաթուրքական պրոպագանդայի կողմից. և այս՝ բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից: Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն:

Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում և կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ» անվան տակ: Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում՝ նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ: Թուրքիան՝ համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արևելքում՝ Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, և սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա և ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի ևս խորացնել և լայնացնել սեպը...

Այսպես էին թուրքերը: Իսկ վրացինե՞րը: Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի և թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական և հարձակողական դաշնակցություն՝ ուղ-ղված հայերի դեմ: Այդ entente cordiale-ն տարիների ընթացքում ամրապնդվել էր, և թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ: Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները՝ կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա: Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երևույթ էր՝ մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին:

Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական... Հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար և այն պատճառով, որ, ինչպես վերևում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել և դաշնակցել էին Թուրքիայի հետ: Մնում էր մի տարր միայն՝ ռուս տարրը, որ, ըստ երևույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը: Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք: Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սևհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր՝ այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին և որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր...

Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած՝ սկսեցինք քննել և դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել և ի՞նչ պահանջներ ունենք անելու: Լրագրական ընդարձակ և աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը: Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն...

Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները... Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը և նրա նախագահությամբ... Այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն և պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին: Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները՝ իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը: Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք և բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները: Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը: Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով...

Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք՝ Հովհաննես Թումանյանը և ես: Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը՝ նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետև գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին: Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել: Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել և իբրև այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլև մեզ՝ Կովկասում ապրողներիս համար: Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ և չի էլ վիրավորված: Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել: Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության և, որ ավելի կարևոր է, ռուս զորքի համար: Ես հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով: Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը: Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ: Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, և ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել և պիտի պաշտպանեն: Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից: Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ՝ նկատվելով իբրև թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք:

Վերջին խոսքը նախագահինն էր, և նա հաղթականորեն միացավ իր խմբագիրներին, որոնք ամեն օր հրճվանքով պտույտներ էին անում իր ավտոմոբիլի մեջ բազմած: Եվ մյուս օրը սկսվեց վեճն ու պահանջը: Եվ ո՞վ կարող է հաշվել, թե որքան վնասներ հասցրին այդ լրագրական արշավանքներն այն խեղճ ժողովրդին, որ Թուրքահայաստանում մատնված էր իր սև ճակատագրի ամբողջ դժնդակությանը: Մի կտոր ապահովության էր նա կարոտ, ա՛յդ էր նրա ամբողջ ցանկությունը, իսկ այստեղ նրան անվանում էին ավտոնոմիստ, ատում էին դրա համար, արհամարհում էին նրա ամենատարրական ցանկություններն անգամ: Զորքի մեջ բացարձակ պրոպագանդա էր մղվում հայերի դեմ, և այս բանի մեջ առանձնապես աչքի էին ընկնում վրաց ազնվականության ներկայացուցիչ սպաները, սկսած բարձրաստիճաններից... Զինվորներին ասում էին. «Ձեզ տանում են կռվելու ո՛չ թե Ռուսաստանի շահերի համար, այլ հայկական ավտոնոմիայի համար»...

Նույն դաշնակցական տրամադրությունը թագավորում էր և Ազգային բյուրոյի մեջ: Փոխարքան առաջարկել էր, որ հայերը կազմեն իրենց ցանկացած բարենորոգումների ծրագիրը և Թուրքահայաստանի քարտեզը: Այս առիթով կազմվեց մի մասնաժողով, որի անդամներից մեկն էի ես: Խոսում էին, գործում էին Թուրքահայաստանի մասին, բայց նրան չէին ճանաչում, նրա կարիքների մասին հասկացողություն չունեին և, ուրեմն, ինչպե՞ս կարող էին մի լուրջ բան մշակել: Գործն այդպիսով, վերջիվերջո, մնաց ինձ և Մեսրոպ եպիսկոպոսի վրա: Ես կազմեցի մի ծրագիր այն եղանակով, ինչպես կազմում էին Կ.Պոլսի եվրոպական դեսպանները, այսինքն՝ հիմք վերցնելով Թուրքիայում գոյություն ունեցող օրենքները, արտահայտված թե՛ ընդհանուր պետական կազմակերպության և թե՛ առանձին ինքնավարությունների վերաբերյալ կանոնադրությունների մեջ: Միասին՝ ես և Մեսրոպ եպիսկոպոսը խմբագրեցինք այդ նոր կազմական կանոնադրությունը, համաձայն այն հրահանգների, որ տվել էր Ազգային բյուրոն՝ իբրև հիմնական ցանկություններ:

Այսպիսով Թուրքահայաստանը մնում էր Օսմանյան կայսրության մի մասը կազմող ինքնավար նահանգ, բայց մի ընդհանուր նահանգապետով, որ պիտի լիներ ռուսաց բարձր պաշտոնյաներից մեկը: Հայաստանի մի անբաժան մաս ճանաչվում էր Կիլիկիան: Այստեղ մեր «ազգայինճիները» լսել անգամ չէին ուզում որևէ զիջման մասին: Միլյուկովը խորհուրդ էր տվել ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետև այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք և կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, և այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ: Բայց դաշնակցականները սաստիկ հակառակեցին այդ առաջարկությանը հենց միայն այն պատճառով, որ այն բխում էր մի ռուսից՝ Միլյուկովից: «Հայաստանն,- ասում էին,- չի կարող ապրել առանց ծովային ելքի»:

Այստեղ էր ահա՝ «Հայաստանը ծովից ծով»: Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ: Մենք վերցրինք՝ այդպես էլ գրեցինք: Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա: Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել: Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական և պատմական անհաղթելի արգելքները: Ոչինչ չուզեցին լսել: Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել և մի հայ, որ Հայաստանը երևակայի առանց Կիլիկիայի»...

(շարունակելի)



Վերջին էջ

ՉԻՆՈՎՆԻԿԸ


Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները:

Վերջապես օրվա հացը վաստակված է, և նա դուրս է գալիս կառավարական շենքից: Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են: Նրանք աղքատ են կամ հարուստ: Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ: Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ: Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաև իշխանություններ կան: Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են: Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին և դա չեն թաքցնում, այլև ուրախ կլինեին օր առաջ ազատվել նրանցից:

Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով և այլն։

Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, և այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով:

- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները:

- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իրոք աննման տղերք են: Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են…

Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին:

- Չեմ հասկանում, մինչև ե՞րբ ենք այսպես անտեր ապրելու: Սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով:

- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը:

Երրորդը վաստակավոր լրագրողի կոչումով մի տիկին է, որին տարիներ առաջ խմբագրությունում գիշերը բռնեցրել էին իրենից ջահել կոլեգայի գրկում։

- Էս ի՞նչ մարդիկ են ապրում այս երկրում՝ բամբասասեր, քիթներն ուրիշների անձնականի մեջ խոթող։ Միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր,- իրար որպիսություն հարցնելուց հետո ասաց Պաշտոնյան, որովհետև գիտե, որ վերջինս սիրում է շողոքորթել իշխանություններին։

- Որքա՜ն ճիշտ եք նկատել,- ոգևորվեց տիկին լրագրողուհին։- Ձեր այդ ազնիվ կեցվածքի համար ես շատ եմ հարգում ձեզ...

Պաշտոնյան այդ խոսքերից շոյված առաջ շարժվեց ու քիչ անց կողքին զգաց չորրորդ ծանոթի շնչառությունը... Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց, վիզը մի կողմի վրա ծռած, ամեն ինչից դժգոհ, խեղճուկրակ տեսքով այս ողորմելին։ Բայց սա պետությունից մեդալ է ստացել, որովհետև ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է մոգոնում իր բոսերի մատնանշած անձանց մասին, հաչում բոլոր նրանց վրա, որոնց վրա «քսի» է տալիս իր անմիջական տերը։ Պաշտոնյան թթված տեսքով սեղմեց սատանայի տարած այս լակեյի ձեռքը:

- Տեսքդ այսօր լավ է երևում,- մի բան ասելու համար հայտնեց Պաշտոնյան։

- Ինչո՞ւ ես այդպես ասում,- վիրավորվեց Լակեյը և ավելի ողորմելի տեսք ընդունեց։

- Ճիշտ որ։ Իսկապես երեսիդ գույն չկա,- իրեն ուղղեց Պաշտոնյան։

Այս բառերը լսելով Լակեյը պայծառացավ։ Նա սիրում է, որ իրեն խղճում են։ Սա այն տիպերից է, որին ամեն անգամ տեսնելիս ուզում ես ցավակցել։

- Սրանցից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասաց Լակեյը։- Իրենց համար սուպերմարկետներ են սարքում, միլիոններ վաստակում, մեծ-մեծ շքանշաններ ստանում, բայց աչքները մեր փոքրիկ խանութի, մեր մի կտոր հացի վրա է...

- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց Պաշտոնյան և հապշտապ հրաժեշտ տվեց Լակեյին, որովհետև, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ մի այլ պաշտոնյա երևաց: Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, և երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար: Բայց, դժբախտաբար, մի քանի րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ: Միայն վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։

- Քիչ առաջ այդ «Մաուգլիի» Շակալի հետ էիր զրուցո՞ւմ,- իրար ձեռք սեղմելուց հետո դժգոհ հարցրեց այս պաշտոնյան։

- Հա, ինչպես միշտ, դժգոհ է կյանքից, բոլորից,- պատասխանեց մեր Պաշտոնյան, ապա զրույցի թեման փոխեց.- Բայց ափսո՞ս չէ մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են։

- Բախտներս բերել է: Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգևորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք:

- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։

- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ամեն դուրսպրծուկ գլխներիս ղեկավար են կարգել: Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։

- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- Պաշտոնյան հուզված հանեց թաշկինակը:- Որ էսպես շարունակվի...

- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ ու Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...

Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց: Չափն արդեն անցան:

- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են:

- Իհարկե՛, իշխանությունները լավ են: Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։

- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից: Իշխանությունների ցավը տանեմ...

- Այո, մեր ղեկավարներն են երկիրը պահում,- ասաց մյուս պաշտոնյան։- Առանց նրանց մենք կորած ենք...

- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի, եթե ինչ-որ ընդդիմություն իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։

Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս: Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետև արևն արդեն մայրամուտ է թեքվում: Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է: Բայց ո՛չ, նա ամենևին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով: Նա տուն է շտապում, որովհետև օրն արդեն մթնում է: Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ: Նա երջանիկ չէ, նա նաև դժբախտ չէ: Նա հայ չինովնիկ է: Նոր ժամանակների հայ չինովնիկ։ Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները և, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաև վերջիններիս։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՈՐՈՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ - Նստելով պաշտոնական աթոռի, աշխատեք ուտելու համար ինչ-որ բան թողնել նաև նրանց համար, ովքեր ձեզնից հետո պիտի նստեն այդ աթոռին։

ՍԵՐԻԱԼԱՍԵՐՆԵՐԻՆ - Հարգելիներ, ախր մարդուն մի անգամ է կյանքը տրվում։ Փոխանակ հարյուրավոր ժամեր վատնեք ինչ-որ էժանագին ու տխմար ֆիլմերի ողորմելի հերոսների ընտանեկան դատարկ վեճերի, միջակ դերասանների ներկայացրած խղճուկ կերպարների անգո կյանքի վրա, ձեր սեփական խնդիրները լուծեք և վայելեք ձեր անձնական երջանկությունը։

ՈՐՈՇ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ - Արդյո՞ք համոզված եք, որ չեք սխալվել մասնագիտություն ընտրելու հարցում։

ԲԱԶՄԱԹԻՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ - Երբեմն տեր կանգնեք ոտնահարված ձեր իրավունքներին։ Դրանով դուք կբարձրանաք նաև ձեր աչքում։

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ - Թույլ և անհուսալի ապուշ թվացող աշակերտներին մի՛ կոպտեք և մի՛ վիրավորեք։ Տարիներ հետո նրանցից ոմանք կարող են բարձր պաշտոն ստանալ կամ խոշոր բիզնեսմեն դառնալ, իսկ դուք ամաչելու եք, որ դպրոցում նրանց «տխմար» կամ «դանդալոշ» եք անվանել։

ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Եթե արցախցի տատիկը տեղական հեռուստահաղորդումների ժամանակ էկրանին ձեզ տեսնելով ասում է՝ «Կաշառակեր գլուխդ թաղեմ», ապա նշանակում է, որ այդ խոսքերի համար նա հիմնավոր պատճառներ ունի, և պիտի գոհանաք, որ ձեզ ամբողջությամբ չի թաղում, այլ միայն գլուխը։

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՐՈՇ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ - Կանգառներում երկար մի՛ ցցվեք, քանզի մարդիկ ավտոբուս են նստում ոչ միայն տեղ հասնելու համար, այլև՝ շուտ տեղ հասնելու համար։ Օրինակ վերցրեք երևանցի ձեր կոլեգաներից։

ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Աշխատանքի ժամերին երբ ձանձրանում ու հոգնում եք պարապությունից, մնացյալ ժամանակն օգտագործեք «Մայրենի լեզուն» սովորելու համար։ Գրագիտությունը, համենայն դեպս, ձեզ չի վնասելու։

ԱՐՑԱԽԻ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ - Այսօր «Եհովայի վկաներն» եք դարձել, վաղը շրջելու եք որպես Բուդդայի հրեշտակներ, մի օր էլ գուցե որոշեք ձեզ ներկայացնել որպես Մուհամեդի ուրվականներ... Մինչեռ ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը պիտի հասկանալ, որ մարդու գլուխը հնոտիների պահեստ չէ և ոչ էլ միջանցիկ քամիների ասպարեզ...

ՊԱՏՎԵՐՈՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ - Մի վերջին անգամ մտածեք՝ արժե՞ արդյոք հանուն ձեր առաջ նետած մի կտոր ոսկորի այդպես մոլեռանդորեն կոկորդ պատռել մարդկանց վրա։ Խնայեք ձեր էներգիան, որպեսզի վաղը ձեր ուժը հերիքի նոր տիրոջ պատվերով քարկոծելու ոտքերը տնկած ձեր նախկին «խնամակալին»։



Համարի ասույթը

Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Եթե նա ուզում է, որ դեղինը կարմիր լինի, նրա համար իրոք դեղինը դառնում է կարմիր։ Բայց, ընդհանրապես, դեղինը մնում է դեղին, կարմիրը՝ կարմիր։


Ամսվա ասույթը

Ասիացու եվրոպացի դառնալու մարմաջը նույնն է թե՝ սարյակը փորձի սոխակ դառնալ, կամ սոխակը՝ սարյակ: Յուրաքանչյուրն այն է, ինչ կա, և յուրաքանչյուրն եզակի ու գեղեցիկ է իր տեսակի մեջ: Ոչ Թուրքիան ու Հայաստանն են Եվրոպա դառնալու, ոչ էլ, ցանկության դեպքում, Շվեյցարիան կամ Շվեդիան կարող են Ասիա դառնալ։

Комментариев нет:

Отправить комментарий