17.6.11

N 5 (18) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՌԱ՜Ջ, ԴԵՊԻ ՀԵՏ...

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետևություն անել, թե ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը: Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնական դիրքի և փողի գերակայությունը, Հայրենիք և Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի և կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված, բիզնեսմեն-գործարարի...

Մխիթարվելու ոչինչ չկա նաև հոգևոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ և համընդհանուր արժեզրկում: Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը փոքրաթիվ այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում):
Վերջերս ՀՀ իշխանությունները մի նոր անակնկալ մատուցեցին ժողովրդին. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ: Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել Հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը: Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն չի բացառվում, որ իշխանություններն այդ դժգոհությունները ևս անտեսեն ու ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»...

Մայիսի կեսերին Ստեփանակերտում կայացավ կլոր սեղան՝ «Արցախյան կարգավորում՝ իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով, որին մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ ու իրավագետներ, այդ թվում՝ Երևանից: Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, որ մեզ մոտ տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ ճանաչված քաղաքագետ-փորձագետ-գործիչները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան և այլք) փորձում են պատասխանել «ի՞նչ անել» հարցին, արժեքավոր տեսակետներ են հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, իսկ ահա նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով, որի վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձևն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» դուրս բերելու մասին...

Սա է, ահա, ամենամտահոգիչը: Ու նաև այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը գետնաքարշ է:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՆ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Մայիսի 23-ին Արցախում կայացան ԼՂՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի հրապարակած տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 66 հազար 770 քաղաքացի կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների (98519 քաղաքացի) 67.8 %-ը:

Խորհրդարանի 33 մանդատների համար ընտրություններն անցկացվել են համամասնական և մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցությունների թեկնածուները պայքարել են 17 պատգամավորական տեղի համար, մեծամասնական ընտրակարգով՝ 16 տեղի համար:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը (29252 ձայն կամ 46.4 %):
6 տոկոսանոց արգելքը հաղթահարել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (18017 ձայն կամ 28.6 %) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (12728 ձայն կամ 20.2 %): Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցություններից Արցախի կոմկուսը (ստացել է 3054 ձայն կամ 4.8 %) չի հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Մեծամասնական ընտրակարգով հաղթել են «Ազատ հայրենիք» կուսակցության 6 անդամներ՝ Արամ Գրիգորյանը, Արսեն Միքայելյանը, Իվան Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը, Արպատ Ավանեսյանը և Ռուդիկ Հյուսնունցը:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրվել են 3 հոգի՝ Աշոտ Ղուլյանը, Անդրանիկ Սարգսյանը և Զոյա Լազարյանը:
ՀՅԴ-ից մեծամասնականով ընտրվել են Արմեն Սարգսյանը և Կամո Մարտիրոսյանը:
Մեծամասնականով ընտրված 5 հոգի՝ Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Ղազարյանը, Գարիկ Գրիգորյանը, Գագիկ Օհանյանը և Վլադիմիր Կասյանը անկուսակցական են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Նասիբյանը հայտնել է, որ Մարտակերտի ընտրատարածքում, որտեղ նախնական տվյալներով 217 ձայնի տարբերությամբ հաղթել է Ռուդիկ Հյուսնունցը («Ազատ հայրենիք»), Արթուր Խաչատրյանի («ՀՅԴ») դիմումի հիման վրա կատարվելու է վերահաշվարկ:
Հանձնաժողովի նախագահի վկայությամբ ընտրախախտումները եղել են աննշան քանակի:
«Նախընտրական քարոզչությունը հատկապես կուսակցությունների կողմից իրականացվել է քաղաքակիրթ, հանգիստ մթնոլորտում,- նշել է ԿԸՀ-ի նախագահը:- Այս անգամ որոշ դժվարություններ կային ընտրացուցակների կազմման գործում, քանի որ առաջին անգամ էր ծրագիր մտցվել, և ոստիկանությունը ահագին աշխատանք տարել է, բայց էլի վերջնական ճշգրտված ցուցակները, հատկապես Ստեփանակերտում, լրիվ չէին»:

Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին հետևել են մոտ 120 դիտորդներ՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Արգենտինայից և մի շարք այլ երկրներից:



ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ընդունվել է Արցախի վերաբերյալ բացահայտորեն ադրբեջանամետ թիվ 2216 բանաձևը («Բանաձև Հարավային Կովկասում ԵՄ ի ռազմավարության անհրաժեշտության մասին»), որը շատ կոնկրետ ձևակերպումներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչութամբ:

Եվրախորհրդարանը «ուժով հաստատված ու միջազգային օրենքներին չհամապատասխանող» է որակում հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոն և կոչ անում զերծ մնալ այն պահպանելուն ուղղված գործողություններից: Բացի դրանից, բանաձևով պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը» դուրս բերել «ադրբեջանական օկուպացված» տարածքներից: Ընդ որում, այս պահանջը ներկայացվում է որպես պնդում, որպեսզի «հայկական ուժերն արագ լքեն Լեռնային ղարաբաղին հարակից բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»:

Բանաձևը որոշակի ձևակերպումներ է պարունակվում նաև ԼՂ կարգավիճակի մասին. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»:
Հարց է առաջանում, թե ինչպես այն հնարավոր եղավ անցկացնել հայկական դիվանագիտության քթի տակով, այն դեպքում, երբ նման բովանդակությամբ բանաձևի տապալումը սկզբունքորեն լուրջ դժվարություն չէր առաջացնում: Զեկուցողը բանաձևի նախագիծը ներկայացրել է սույն տարվա հունվարի 11-ին, արտաքին հանձնաժողովը փոփոխված տարբերակը հաստատել է ապրիլի 23-ին, իսկ լիագումար նիստը, ինչպես հայտնի է, այն պաշտոնապես ընդունել է մայիսի 20-ին: Մոտ երեք ու կես ամիսների ընթացքում ազերի ու թուրք դիվանագետները փաստորեն կատարել են իրենց ի նպաստ հիանալի աշխատանք և հասել իրենց նպատակին:

Իսկ թե այդ ընթացքում ինչով են զբաղված եղել հայկական դիվանագիտությունն ու հենց Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում տեղակայված եվրոպահայ լոբբին, պարզ չէ:
Հայաստանը Եվրամիությունում ունի դեսպանություն և դեսպան, արտգործնախարարությունում գույություն ունի ԵՄ-ի հարաբերությունների բաժին, ԱԺ-ում գոյություն ունեն արտաքին հարաբերությունների հանձնաժողով և Եվրաինտեգրման հանձաժողով, ինչպես նաև առանձինն գոյություն ունի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համատեղ հանձնաժողով և վերջապես Բրյուսելում են գտնվում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն ու հայկական լոբբիստական այլ կազմակերպությունների գրասենյակները: Եվ ահավասիկ այս բոլորի գործունևության փառահեղ արդյունքը:

Իրողությունն այն է, որ թիվ 2216 բանաձևի զեկուցող Եվգենի Կիրիլովի արտաքին հարցերի հանձնաժողովին ներկայացրված նախնական նախագիծը չի պարունակել Հայաստանի ու Արցախի համար այն ամենաբացասական դրույթները, որոնք տեղ են գտել նույն հանձնաժողովի և ապա լիագումար նիստի հաստատած տարբերակում:

Եվրահանձնաժողովի ընդունած այս բանաձևը չափազանց մտահոգիչ է, որովհետև խոսքը վերաբերում է մի այնպիսի կառույցի, որը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ի սկզբանե բավականին չեզոք ու ըմբռնողական դիրքորոշում էր որդեգրել: Իրականում խնդիրը չի սահմանափակվում հայկական դիվանագիտության անփառունակ իրավիճակով: Այն երկրում տիրող բարքերի ու համակարգի արգասիքն է:

(Ըստ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների)



ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԼՂՀ-ԻՑ ԶԻՋՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ

ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի հաղորդագրությունը


Մայիսի 12-ին Ստեփանակերտում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան՝ «Արցախյան կարգավորում՝ իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ: Հիմնական զեկույցներով հանդես են եկել իրավագետ Անդրեաս Ղուկասյանը (Երևան) և Ազգային և ռազմավարական հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

Միջոցառումը, որը վարում էր խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, նվիրված էր հրադադարի կնքման 16-ամյակին: Հիշյալ տարեդարձի առթիվ կլոր սեղանի մասնակիցներին ողջույնի գրավոր խոսք է հղել Ռուսաստանի դիվանագետների միության առաջին տեղակալ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-1996 թթ. եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցում:

Զեկուցող փորձագետներն առանձնակի անդրադարձել և լսարանի ուշադրություն են հրավիրել միջազգային հանրության պատասխանատվության հանգամանքին՝ Արցախյան հակամարտության 20-ամյա խորացման, վերջինիս գործած հիմնարար սկզբունքային սխալների և, մասնավորապես, հետխորհրդային տարածքում նոր պետությունների ճանաչման հարցում ի հայտ բերած խտրական և հակաիրավական մոտեցումների կիրառման առնչությամբ: Ներկայացվել են այժմյա իրավիճակից դուրս գալու նպաստավոր ռազմավարական ուղիները, որոնք թե՛ միջազգային հանրությանը և թե՛ ՀՀ և ԼՂՀ իշխանություններին հնարավորություն են ընձեռում ըստ էության բարեփոխել և իրապաշտության ու միջազգային իրավունքի դաշտ փոխադրել Արցախյան կարգավորման ցայսօր որևէ էական արդյունք չարձանագրած գործընթացը:

Զեկուցող փորձագետները հատուկ նշել են, որ անհրաժեշտ է իսպառ հրաժարվել վաղուց ի վեր սեփական սնանկությունը փաստած մի շարք կարծրատիպերից, որոնք ըստ էության նենգափոխում և խոչընդոտում են կարգավորման իրապաշտական և իրավական ուղիների որոնմանը: Մասնավորապես ասվել է, որ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և այլ եվրոպական կառույցների արցախահայության իրավունքները բազմիցս կոպտորեն խախտած միջազգային հանրությունը որևէ իրավունք չունի ԼՂՀ-ից պահանջելու կամ ակնկալելու ոչնչով չհիմնավորված զիջումներ՝ թե՛ տարածքային և թե՛ անկախ կարգավիճակի ճանաչման հարցերում:

ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդը ողջունել է նաև Ստեփանակերտի մամլո ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի Ադրբեջանի, ՀՀ և ԼՂՀ լրագրողներին հղած կոչը՝ մայիսի 12-ից տեղեկատվական դաշտում զինադադար հաստատելու վերաբերյալ:



ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՂՆԵՐ

Հարցված ադրբեջանցիների 0.8 տոկոսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին: «Թող ապրեն այնպես, ինչպես ուզում են»,- նշել են նրանք: Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, սոցհարցումն անցկացվել է PULS կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիների շրջանում: Հարցվածների 70.4 տոկոսը ԼՂՀ ինքնորոշման հարցում ոչ մի փոխզիջում չի ընդունում: 8.9 տոկոսը որպես փոխզիջում՝ Ղարաբաղը տեսնում են իբրև մշակութային ինքնավարություն՝ տեղական ինքնակառավարման հնարավորությամբ: Հարցվածների միայն 9.5 տոկոսն է ընտրել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ հանրաքվեի անցկացման ճանապարհով կարգավիճակի հաստատման տարբերակը: Հարցվածների 42.5 տոկոսը նշել է, որ «ոչ այն է պատերազմ, ոչ այն է խաղաղություն» իրավիճակը կշարունակվի, իսկ 40.7 տոկոսը հավատում է խաղաղ կարգավորմանը:

Ռազմական գործողությունների վերսկսմանը «հավատում է» հարցավածների 15.7 տոկոսը, այսինքն՝ խաղաղ կարգավորման կողմնորոշումը գրեթե երեք անգամ գերազանցում է պատերազմի սպասումներին:
ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված սոցհարցումը ցույց էր տվել, որ ղարաբաղցիների 84.4 տոկոսը ԼՂ հարցում չի ուզում գնալ ոչ մի փոխզիջման: Ադրբեջանցիների վերադարձին դեմ էր արտահայտվել հարցվածների 93 տոկոսը:



ԱՅԴ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՑ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հայ-ռուսական փոխհարաբերությունների պատմությունը մեծամասամբ հայկական էլիտայի կողմից Ռուսաստանի գործողությունների հանդեպ տածած չափազանց մեծ վստահության պատմություն է, որի արդյունքում մշտապես ունեցել ենք համատարած հիասթափություն, չիրականացված երազանքներ եւ տարածքների կորուստ:
Սակայն Ռուսաստանի գործողությունների ամենազարհուրելի եւ տխուր «նվերը» Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունն է:

Հայոց ցեղասպանության հարցում ես ավելի հակված եմ տեսնել Ռուսաստանի, քան՝ Թուրքիայի մեղքը: Եվ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդի եւ համայն մարդկության առաջ‘ հայերի նկատմամբ կատարված չարիքի համար, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան: Այդ իսկ պատճառով, հայ ժողովրդի բոլոր դժբախտություններում մեղավոր այդ երկու երկրների ղեկավարների մերձեցումից ես ոչ մի լավ բան չեմ կանխատեսում,- «Ժամանակ» թերթին մայիսի 16-ին տված հարցազրույցում հայտարարել է Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑ Է


Վերջապես վրա է հասել այն պահը, երբ ոչ թե առանձին անհատներ, այլև կառավարողական համակարգում էլ եկել են այն համոզման, որ հայկական գյուղը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ և որ գյուղատնտեսության կառավարումը ենթակա է արմատական վերափոխումների: Հենց այս իմաստն է կազմում երևանյան «Նովոյե վրեմյա» թերթի ս.թ. մարտի 18-ի համարում տպագրված «Վրա է հասել ագրարային քաղաքականության վերանայման ժամանակը» վերնագրով հարցազրույցը պետական և քաղաքական նշանավոր գործիչ, Հայաստանի հասարակական խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի հետ:

Բոլորին է հայտնի, որ տնտեսավարման գործում, մանավանդ երբ այն վերաբերվում է գյուղատնտեսությանը, շահավետ է խոշորացված և ոչ թե նրա մասնատված, մանր-մունր արված ձևը: Հայաստանում և Արցախում 17-18 տարի առաջ տեղի է ունեցել հակառակը՝ գերապատվությունը տրվել է մասնատմանը: «Լաթային (лоскутное) հողօգտագործում» - այսպես է բնութագրում ստեղծված իրավիճակը Վ. Մովսիսյանը և շարունակում. «1 մլն 280 հազար հողակտորը տիեզերական թիվ է և արգելակում է տեխնիկայի, տեխնոլոգիաների արմատավորմանը, կնշանակե նաև աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռեֆորմը մեզ դեն է նետել մինչև ֆեոդալական դարաշրջանը»:
Մեր տնտեսության կարևորագույն ճյուղը հայտնվել անելանելի վիճակում, այնքան վատթար, որ ինչպես վկայում է Վ. Մովսիսյանը, «Երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էլ մտահոգված է ագրարային ոլորտում տիրող գործերի վիճակով»: Եվ իրոք որ անհանգստանալու բոլոր հիմքերը կան: «Մասնավոր հողօգտագործումը մեզ չի բերել այն բարիքները, որոնց սպասում էինք,- ընթերցում ենք հարցազրույցում,- մենք առայժմ չունենք վաճառողի շուկա, կա միայն գնողի շուկա: Չնչին քանակությամբ գնում են գյուղացուց և կեղեքում քաղաքաբնակներին: Սակավ հողատեր երկրում շրջանառությունից դուրս է մնացել տասնյակ հազար հեկտար հող (240 հազար հա՝ ըստ թերթի ծանոթագրության): Արտադրում ենք քիչ, բայց ստացածն էլ չենք կարողանում իրացնել»:

Ավելի մտահոգիչ են այն տվյալները, որ պարունակվում են հողի, այսպես կոչված, սեփականաշնորհման, հետխորհրդային գյուղի «ֆեոդալականացման» մասին հոդվածում, որը տպագրվել է նույն թերթի ապրիլի 28-ի համարում: Փաստերն աղաղակող են: Հանրային ունեցվածքի զանգվածային թալան, լավագույն հողերի հափշտակում հարուստ քաղաքաբնակների կողմից, բատրակության վերահաստատում շատ տեղերում, մինչև իսկ մեծ չափերի հողատարածքների ոռոգման ջուր մատակարարող գետերի սեփականաշնորհում՝ այսպիսի մռայլ գույներով է ներկայացված հայաստանյան այսօրվա գյուղն այդ հոդվածում:

Մենք վերոհիշյալ բոլոր տվյալները Հայաստանից մեջբերեցինք ոչ նրա համար, որ ԼՂՀ-ում գյուղատնտեսության վիճակը բարվոք է: Պարզապես Արցախից մեր ձեռքի տակ նմանատիպ տվյալներ չկան, քանի որ ԼՂՀ վիճակագրությունն այդ մասին ոչինչ չի ներկայացնում հանրությանը:
Ներկայումս ԼՂՀ իշխանությունները, անձամբ երկրի նախագահ Բ. Սահակյանն ուշադրության կենտրոնում են պահում արցախյան գյուղն ու նրա հոգսերը: Մեծ թափ է ստացել շինարարությունը, ավելացվում են ոռոգման ենթակա տարածքները, գազիֆիկացվում են գյուղական բնակավայրերը, հատկացվում են արտոնյալ վարկեր և այլն:

Սակայն, մեր կարծիքով, այս ամենը կարող է գյուղատնտեսական արտադրության վերելքի գրավական լինել, եթե զուգակցվի հողօգտագործման արդյունավետ գների արմատավորման հետ: Ահա թե ինչու մենք համամիտ ենք Վ. Մովսիսյանի այն մտքի հետ, որ «Եվ գյուղի, և գյուղատնտեսության զարգացումը պետք է ընթանա միասնական քաղաքական հունով: Պետք է, վերջապես, հասկանալ, որ առանց զարգացած գյուղի չի կարող լինել և զարգացած գյուղատնտեսություն և՝ ընդհակառակը»:

Հենց այս հաշվառումով է, որ ըստ Վ. Մովսիսյանի վկայության, այժմ կազմվում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման մինչև 2020 թ. ներառյալ ընդգրկող ծրագիր, որի հիմքում ընկած է անցումը կոոպերացմանը: Սակայն մի բան անհայտ է մնում. թե կոոպերացման ինչպիսի ձևեր են նախատեսվում այդ ծրագրով: Հարցազրույցից կռահել կարելի է միայն, որ գերապատվությունը տրվում է կոոպերացման սպառողական, տեխնիկական սպասարկման ձևերին:

Ցավոք ոչինչ չի ասվում ծրագիրը համաժողովրդական քննարկման դնելու, հանրության և հատկապես գյուղատնտեսության բնագավառի մասնագետների ու հենց իր՝ հողի մշակի կարծիքը իմանալու մասին: Այստեղից էլ ծնվում է տագնապը. արդյո՞ք այդ միջոցառումը չի կրի վերնախավային բնույթ և մինչև իսկ հարկադրաբար չի պարտադրվի հողի մշակին, ինչպես դա տեղի ունեցավ հողի սեփականաշնորհման ժամանակ:

Այսպիսի դատողության հանգելու հիմք կա: Վ. Մովսիսյանը նպատակահարմար է գտնում միավորվել ոչ թե սեփականությամբ, այլ ըստ նպատակների և խնդիրների՝ ձեռք չտալով հողի մասնավոր սեփականության ներկայումս ընդունված կարգին: Սա էլ, ըստ նրա, իրավունք է տալիս հողը հանձնել վարձակալման, մինչև իսկ՝ վաճառել: Այս դեպքում էլ ինչո՞ւ դժգոհել, որ գյուղում բատրակությունը լայն թափ է ստացել: Չէ՞ որ դա հենց հողի վարձակալման և վաճառքի տխուր հետևանքներից մեկն է, սոցիալական լարվածության աճի հիմքը:

Մենք կուզենայինք ասել ավելին: Հողը, ընդերքը մասնավորեցնելը, առուծախի առարկա դարձնելը հակաժողովրդական արարք է: Թե՛ մեկը և թե՛ մյուսը մարդկային արարման արդյունք չեն, մարդուն տրված են ի վերուստ և իրենց օգտավետությամբ պետք է ծառայեն տվյալ երկրի հանրությանը և ոչ թե առանձին «լովկաչների» գերհարստացմանը: Էլ չենք ասում, որ պետական կայուն ոլորտ ունենալը պետությանը հնարավորություն է տալիս ունենալ նաև տնտեսության, հանրային կյանքի մյուս ոլորտների վրա իր ազդեցությունը պահպանելու հզոր միջոց: Վերջապես, եթե հենց իրենք՝ կոոպերատիվի անդամները, ցանկանում են, որ իրենց մշակությանը հանձնված հողը լինի պետական՝ արգելակել պե՞տք է:

Գո՞ւցե դրանք խորհրդային իշխանության տարիներին չեն արդարացրել իրենց: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, որ հողի սեփականաշնորհման ջատագովներից ու իրականացնողներից մեկն էր, այսօր իր քաղաքական և հասարակական գործունեությանը նվիրված եռահատոր ուսումնասիրության մեջ գտնում է, որ «տասնամյակներ գոյացած և կայացած կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների վերացումը հանցագործություն էր»: Կամ, արդյո՞ք, սխալ են վարվում Ռուսաստանում, Բելառուսում, ԱՊՀ այլ երկրներում, որ առայսօր պահպանում են տնտեսավարման այդ ձևերը և դրանք վերացնելու մտադրություն բոլորովին չունեն:

Հեռու չգնանք, պակա՞ս հաջողությամբ էր գործում մեր՝ արցախյան գյուղատնտեսությունը խորհրդային տարիներին: Ամփոփ ասած՝ անցյալ դարի 80-ական թվականներին մենք տարեկան 3-4 անգամ ավելի շատ միս, կաթ, ձու, բուրդ և այլ մթերքներ էինք արտադրում, քան ներկայումս: Միայն Մարտակերտի խորհտնտեսությունն երկու անգամ ավելի շատ խաղող էր ստանում, քան այսօր՝ ողջ ԼՂՀ-ն: Ընդհանուր առմամբ, խաղողի արտադրությամբ մենք արդեն հասել էինք Հայաստանին՝ տարեկան հավաքում էինք 180-200 հազար տոննա (ներքին կարիքների համար թողվածի և շուկայում վաճառածի հետ միասին) և ստանում այնքան եկամուտ, որքան այսօր ԼՂՀ պետբյուջեն է: Հացահատիկ ստանում էինք 80-100 հազար տոննա, այսինքն՝ այնքան, որքան այժմ ազատագրված տարածքների հետ միասին:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ տնտեսավարման այս եղանակը, լինելով արտադրության խոշորացման բարձր ձև, ունի անփոխարինելի և այն առավելությունը, որ հնարավորություն է տալիս ստեղծել միջտնտեսային խոշոր համալիրներ, որոնք ի վիճակի են միջոցների անհամեմատ քիչ ծախսերով ստանալու ավելի շատ և էժան արտադրանք: Չենք էլ կասկածում, որ ներկայումս, երբ արցախյան գյուղը խիստ շերտավորված է, հեշտ չի լինի, այն էլ՝ կարճ ժամկետում, անցնելու կոոպերացիայի այսպիսի ձևի: Ամենից առաջ դժվար կլինի լուծելու միավորման անդամների վարձատրության հարցը:

Սակայն ելք գտնել կարելի է: Մինչև ընդհանուր սեփականությանն անցնելը հեշտ կլինի միավորման ամեն մի անդամի վարձատրել ոչ միայն ըստ նրա աշխատանքային վաստակի, այլև ներդրած միջոցների և, տնտեսավարման այդ ձևերը անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով, հասցնել կատարելագործման:
Համամիտ ենք Վ. Մովսիսյանի այն մտքին, որ կոոպերացիային անցնելով ոչ միայն կլուծենք մթերային անվտանգության հարցը, այլև կկանխենք մեր գյուղական վայրերից վտանգավոր չափերի հասած արտահոսքը: «Ո՞վ է պաշտպանելու մեր սահմանները,- ասում է նա և մեջբերում հետևյալ օրինակը.- Այսօր Բերդի շրջանում ընդամենն ապրում է 24-26 հազար, նախկինում՝ 54 հազար մարդ: 70-80-ական թվականներին բնակչության թվաքանակը կրճատվել է 36 հազարով: Մինչդեռ Ադրբեջանի՝ նրան սահմանակից շրջաններում ապրում է 680 հազար մարդ: Մտահոգվելու կարիք կա, ճիշտ չէ՞»:

Պետք է համարձակություն ունենալ ասելու, որ Արցախում այս տեսակետից իրավիճակն ավելի վատթար է, քանի որ մեզ պարտադրված պատերազմն ու հողի սեփականաշնորհման գործընթացն առավել կործանարար հետևանքներ են ունեցել: Միայն անցյալ տարի դատարկված գյուղերի թվաքանակը երկուսով (Քյաթուկ, Դահրազ) էլ ավելացավ: Կարելի է թվարկել շատ գյուղեր, որոնց բնակչությունը վերջին 15-16 տարում պակասել է մեկ երրորդով:

Կար ժամանակ, որ գյուղական խոշոր վայրերում մենք ունեինք 20 ժամանակակից արդյունաբերական արտադրամաս՝ յուրաքանչյուրը 120-130 աշխատատեղով: Նախկինին մենք վերադառնալ չենք կարող, քանի որ այժմ դրսից հումք ստանալու հնարավորություն չունենք: Ներկայիս մեր իրավիճակն այլ բան է հուշում՝ ստեղծել գյուղատնտեսական մթերքների վերամշակման լայն ցանց: Այս բնագավառում Հայաստանը բավական առաջընթաց է արձանագրել, չնայած կատարվածը հեռու է բավարար լինելուց:

Բա մենք ի՞նչ ասենք, երբ ընդամենն ունենք նման տիպի ոչ մեծ կարողությամբ մի ձեռնարկություն («Արցախֆրուտ»): Եթե մենք առանձնահատուկ խնամք տանենք մեր եղած այգիների նկատմամբ, գցենք նորերը, կարող ենք արտադրել մակնիշային գինիներ ու կոնյակ, օղի, դոշաբ, հյութեր: Կար ժամանակ, որ մեր «Խնդողնի» գինին մինչև իսկ Եվրոպա էր առաքվում: Ոչ մի տեղ կանաչեղենն ու անտառային պտուղներն այն համը չունեն, ինչպիսին ունի մերը: Լրացուցիչ ռեզերվ՝ էկոլոգիապես մաքուր արտադրատեսակներ թողարկելու համար: Եթե մենք կարողանանք հասնել այս ամենին, հասկանալի է, կունենանք ոչ միայն բազմամարդ, այլև բարեկեցիկ կյանքով ապրող գյուղեր: Մինչդեռ միայն վերջին 14-15 տարում թթայգիների տարածքը Արցախում պակասել է կիսով չափ:

Կոոպերացման անցնելն իր նշանակությամբ, անցման բարդություններով հավասարազոր է կոլեկտիվացմանը: Այն նախատեսվող օգուտը կբերի զուտ այն դեպքում, եթե ունենանք մանրազնին և գիտականորեն մշակված ծրագիր և այն խելացիորեն իրականացնելու կամք: Կպահանջվեն բավական կապիտալ միջոցներ, որոնք կարելի է ձեռք բերել, եթե վերացվեն ժամանակի պահանջով չթելադրված ծախսերը, եթե աշխատենք խնայողաբար: Համոզված ենք՝ թե՛ մեզնում, թե՛ դրսում էլ կգտնվեն կապիտալ միջոցներ, որոնք կարելի է ներգրավել և ծառայեցնել մեր գյուղատնտեսության զարգացմանը:

Մենք բոլորովին էլ այն կարծիքին չենք, թե մեր առաջարկները ճշմարտության վերջին խոսքն են: Կարծում ենք, որ դրան կարելի է հասնել միայն համընդհանուր շահագրգիռ քննարկման միջոցով: Հուսանք, որ այդպես էլ կլինի:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Անասնաբուծական գիտությունների թեկնածու
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
լրագրող



ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս 2001 թվականին բաց նամակ եմ գրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որտեղ նշել եմ, որ երիտասարդների մի զգալի մասը աշխատանք չգտնելով, հեռանում է հայրենիքից, մի մասն էլ աշխատանք չունենալու պատճառով չի մտածում ընտանիք կազմելու մասին... Նախագահին առաջարկել եմ թոշակառուներին փոխարինել չաշխատող երիտասարդներով, ամուսնացող երիտասարդներին միանվագ նյութական օգնություն ցույց տալ, հանձնաժողով ստեղծել՝ հայրենիքից հեռացած արցախցիների տուն բերելը կազմակերպելու համար....

Տարիներ են անցել և եթե 2001-ին մեզ մոտ եղել է 707 ամուսնություն, ԼՂՀ նոր նախագահի նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ արդեն 2008 թվականին գրանցվել է 3057 ամուսնություն: Քչացել են ամուսնալուծությունները. 1997 թ. գրանցվել է 147, 2009-ին՝ 106 ամուսնալուծություն: Կարգավորվել է ծնելիությունը. 1999 թ. ծնվել է 1645 երեխա, 2009 թ.՝ 2821:
Մեզ մոտ ուրախացնող շատ փոփոխություններ են կատարվել և հիմա էլ կատարվում են: Մեր կառավարությունը մշակել է ԼՂՀ պետական ժողովրդագրական հայեցակարգ, որը տալիս է Արցախի ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, նշում այն ուղիներն ու եղանակները, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովելու համար՝ ծնելիության, առողջության, կյանքի տևողության, կրթության, միգրացիայի և այլ բնագավառներում:

Բայց դա չի նշանակում, թե մենք ուրիշ այլ առաջարկություններ չունենք մեր կառավարությանը ներկայացնելու, բնակչության կյանքի պայմաններն էլ ավելի լավացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Սկսենք մեր ամենօրյա օգտագործվող ջրից: Բոլորը գիտեն, որ ջուրը կյանք է, ջուրն առողջություն է, ջուրը բուժում է, լավ ջրից և լավ սննդից առողջ օրգանիզմ է կառուցվում:

Մինչդեռ Ստեփանակերտում բնակչությունը ապահովված չէ խմելու ջրով, ուղղակի յոլա ենք գնում:
Ամառվա տաք ամիսներին մեր ջրերը տաք են լինում, հնարավոր չի լինում խմել, շոգ ամիսներին էլ ջրի պակաս է լինում, ցամաքում են գետերը, աղբյուրները: Գարնանը մեր ջրերն այնքան պղտոր են լինում, որ պիտանի չեն լինում օգտագործելու համար: Ջրազտիչ կայաններում լեռներից եկող ջրերն անհնարին է լրիվ մաքրելը: Նորից եմ ասում` մենք խմելու ջուր չունենք, դա է պատճառը, որ մեզ մոտ շատ են սրտանոթային հիվանդները, ստամոքսաղիքային հիվանդությունները, նյութափոխանակության խախտումները, կոկորդի հիվանդությունները և այլն:

Ստեփանակերտցիների մեծ մասը ամառվա տապին թեյ է խմում, մի մասն էլ ծարավը հագեցնելու համար այցելում է մերձակա անտառների աղբյուրները, մի մասն էլ՝ խանութ է գնում՝ շշալցված հյութ, աղբյուրի ջուր, հանքային ջուր գնելու համար: Ամառը Ստեփանակերտում, հեշտ գործ չէ ծարավ հագեցնելը: Ինձ շատ են մտահոգում հանքային ջրերի բարձր գները, որի պատճառով արցախցիները շատ քիչ հանքային ջուր են օգտագործում:

Տեսեք, ջուրը հողի երես է դուրս գալիս պատրաստ վիճակում, մարդիկ լցնում են շշերը, ածխաթթու գազ ավելացնում և հասցնում վաճառողներին, և այսքան հեշտ ստացված ապրանքը ավելի թանկ է մեզ մոտ, քան կաթը, որն արտադրելը կապված է շատ դժվար աշխատանքների հետ: Փառք աստծո, մեր երկիրը հանքային ջրերով ամենահարուստ երկրներից մեկն է, մեր հանքային ջրերն ուղարկվում է արտասահման: Հարց է ծագում. ինչո՞ւ դրանք մեզ մոտ այնքան էժան չեն, որ մարդիկ այնքան օգտագործեն, որքան անհրաժեշտ է:

Ո՞վ չգիտե, որ լյարդի, լեղապարկի, երիկամների, միզափամփուշտի և այլ օրգանների հիվանդությունների ամենաարդյունավետ բուժումն հանքային ջրերով է կատարվում: Ճիշտ չեմ համարում, երբ մեր հայրենիքում արտադրած ապրանքը թանկության պատճառով անհրաժեշտ քանակությամբ չի հասնում բնակչությանը:

Կան պետություններ, որոնք իրենց երկրում արտադրածը իրենց ժողովրդին ավելի էժան են տալիս, քան օտարներին: Ինչո՞ւ մենք էլ չհետևենք նրանց օրինակին, մի՞թե պատերազմում հաղթած ժողովուրդն արժանի չէ դրան: Մեզ մոտ հանքային ջրերն օգտագործելու մասին այս հոդվածը գրելիս չեմ կարող չնշել, որ մենք շատ հաճախ կեղծած հանքային ջուր ենք օգտագործում, շշերը լցնում են սովորական աղբյուրների և գետերի ջրեր և նույն թանկ գնով վաճառում բնակչությանը:

Այժմ կերակրի աղի մասին: Բոլորս գիտենք, որ Հայաստանը կերակրի աղի հարուստ պաշարներ ունի, նրա արտադրած աղը խորհրդային տարիներին գնում էին շատ էժան գներով՝ մեկ կիլոգրամը 7 կոպեկ, իսկ հիմա՝ մեկ կիլոգրամի դիմաց վճարում ենք 170 դրամ:
Մտածում ու այդպես էլ չեմ կարողանում իմ հարցին պատասխանել. ինչո՞ւ մեր հայրենիքի անսպառ ջուրն ու աղն էժան չեն վաճառում մեզ մոտ...

Մի այլ օրինակ. հիշում եմ, մեզ մոտ մարդիկ շատ էժան գներով հողամաս էին վերցնում, տուն կառուցում: Հողամասերն այնքան մատչելի գներ ունեին, որ բոլորն էլ կարողանում էին հողամաս վերցնել: Այսօր հազար մ2 հողամասն արժե 5 միլիոն դրամ և միայն որոշ մարդիկ կարող են հողամաս վերցնել ու տուն կառուցել: Իսկ մեր օրերում տուն կառուցելն էլ հեշտ չէ. շինանյութը թանկ է, հերիք չէ, շատ հաճախ նույնիսկ դժվար է լինում ձեռք բերել...

Սիրելի ընթերցող, ես մսի, յուղի, բրձնի և այլ սննդամթերքների թանկ լինելու մասին չեմ խոսում, դրանք դժվար են ստեղծվում, մի մասն էլ մենք չենք արտադրում, իսկ այն, ինչ մենք շատ ունենք, բայց թանկ ու անմատչելի են դրանց գները, ես այդ երևույթը ճիշտ չեմ համարում: Մեզ մոտ արտադրած ապրանքը հերոս ժողովրդին էժան գներով վաճառելն ունի և՛ քաղաքական, և՛ սոցիալական նշանակություն:

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան



ԹՈՒՂԹ ԱՌ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կամ ի՞նչ կարժենա մեկ կրակոցը Թանզանիայի անտառներում


Հավանաբար հարցադրումը տարօրինակ է թվում, գուցե և այդպես է… Մեր ժամանակներում, մեր ազգային կյանքում շատ բաներ ու երևույթներ կան, որոնք տարօրինակ ու անկապ են թվում, բայց և այնպես խոր ու արմատական կապ ունեն մեր ժողովրդի առօրյա կյանքի, լավի ու վատի հետ: Օրինակ, Ղարաբաղի Քարինտակ գյուղի դպրոցական աշակերտի ծակ կոշիկները ուղիղ կապ ունեն Թանզանիայի անտառներում կրակած փամփուշտի հետ: Էլ ավելի աբսուրդ կարող է թվալ, եթե հարցնենք ինչքա՞ն ծախս կպահանջի Սևանա լճի մեկ սափոր ջուրը Աթլանտյան օվկիանոսի ջրի հետ խառնելու համար: (Այս հարցին ճշգրիտ կպատասխանի Զորի Բալայանը):

Հարգելի Զորի Բալայան, նախ ցանկանում եմ շնորհավորել Ձեր ծննդյան 75 ամյակը և ցանկանալ այն ամենը, ինչ ցանկացել է Ձեզ Հայաստանի նախագահը: Ավելի լավ գովասանքի խոսքեր չեմ կարող ասել, միայն ավելացնեմ՝ Ձեզ արևշատություն...

Հարգելի Բալայան, եթե մոտիկից Ձեզ ծանոթ չլինեի ու տեղյակ չլինեի Ձեր ամենօրյա ներկայությանն ու անդադրում աշխատանքներին Արցախյան շարժման ու ազատագրման ընթացքում, կարող էի մի շարք երևույթներ այլ կերպ մեկնաբանել… Հենց սկզբից ասեմ, որ անարդար եմ գտնում չգնահատել մարդկանց արածը և քննադատել նրանց, իրենց չարածների համար: Իսկ քննադատողը պետք է այնքան վաստակ ունենա, որ խոսելու իրավունքը շահած լինի:

Լեռներից հոգնած՝ «Կիլիկիա» ու «Արմենիա» նավերով ծովեր ու օվկիանոսներ եք կտրում: Դուք հարմար առիթ եք գտել Ձեր նախասիրած զբաղմունքին (հոբբին) գիտական բնույթ տալով համարձակ ծովային ճամփորդություններ կատարել, որն, անշուշտ, գովասանքի արժանի է: Սակայն այստեղ մի այլ իրողություն կա: Դուք, ազգային երանգ տալով ձեր նավարկությանը, Եռագույն առագաստով ու մեսրոպյան 36 տառերով աշխարհի հայաշատ նավահանգիստներն եք այցելում՝ ազգը, հայրենիքն ու սփյուռքը համախմբելու վերամբարձ կոչերով:

Մեկ անգամից ասեմ, եթե այդպիսի մոգական կարողություն ունեք, բարի եղեք այն օգտագործել Հայաստանում երկպառկտությունները, հասարակական հակասություններն ու քաղաքական տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ: Դուք ինչո՞ւ եք կարծում, որ մենք՝ սփյուռքում ապրող հայերս, ընդունակ չենք գիտակցելու և չենք հասկանում, որ միասնությունը լավ բան է, և դուք չէ, որ պետք է նավերով գաք մեր անելիքները մեզ բացատրելու: Հարգելի Բալայան, Ձեր այս կեցվացքը, մեղմ ասած, վիրավորական է յուրաքանչյուր սփյուռքահայի համար:

Սփյուռքահայերիս բան սովորեցնելու փոխարեն, ազգի համար ավելի օգտակար կլինի, եթե կենտրոնանաք Հայաստանի ու Արցախի հայության կյանքի վրա: Դուք ինչպե՞ս եք կարողանում համակերպվել Հայաստանի ու Արցախի բնակչության ներկա սոցիալ վիճակի հետ: Աշխատանք ունենալը յուրաքանչյուր քաղաքացու ամենաառաջին իրավունքն է: Աշխատանք չկա, իսկ աշխատանք ունեցողների աշխատանքային իրավունքները չեն պաշտպանվում: Դաժան կեղեքման ու շահագործման հասարակարգ է տիրում Հայաստանում. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկն էլ իսկի մաքի չունի»: Այս վիճակը անընդունելի է, իսկ դուք՝ մտավորականներդ, մեղսակից լռություն եք պահպանում:

«Հայ-թուրքական հարաբերություն» կոչվող գործում լուրջ խորհրդատուի դերում հանդես գալու փոխարեն, Հայաստանի շուրջ 300 մտավորականների գլուխ անցնելով, «ակնածանքովե նամակ եք գրում («Երկիր», 09.12.08) Թուրքիայի Հանրապետության փանթուրքիստ նախագահ Աբդուլա Գյուլին: Սակայն, ի տարբերություն Հայաստանի պալատական մտավորականների, նույն այդ ժամանակ պատնեշի վրա կանգնած բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը գրեց իր «Մի անհարմար ցեղասպանություն» պոեմը (հայերենով, իսպաներենով ու անգլերենով)՝ դատապարտելով հայոց դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկության դեմ, և որտեղ անարգանքի սյունին է գամում թե՛ Թուրքիայի Հանրապետության, թե՛ մեծ պետությունների պատեհապաշտ գործիչներին՝ միևնույն ժամանակ պախարակում Հայաստանի իշխնություններին՝ իրենց ցուցաբերած անկարողությունների, անհետևողականության ու սփյուռքի նկատմամբ ցուցաբերած իրենց ոչ հարգալից վերաբերմունքի համար:
Հայաստանի իշխանությունները, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու մտավորականների լուռ համաձայնությամբ, իրենց «Հայ-թուրքական արձանագրություններով» այնպիսի ավերածություններ կատարեցին մեր ազգային կյանքում, որոնք տասը «Կիլիկիա» ու «Արմենիա» նավերի այցելություններով էլ վերականգնել հնարավոր չէ:

Այս նավարկությունների ծախսերն էական չեն, այստեղ առավել գործի բարոյակա՛ն կողմն է կարևոր: Բանից անտեղյակ մարդիկ կարող են մտածել. տես ինչպիսի բարեկեցիկ երկիր ունենք, որ կարող է այսպիսի շռայլություն թույլ տալ իրեն: Այս նույն խաբկանքն է, երբ դարերի ընթացքում Հայաստանի թագավորներն ու իշխանավորները հոյակապ վանքեր էին կառուցում կողք կողքի՝ փաստելու համար, թե երկիրն ու ժողովուրդը բարգավաճ վիճակում են…

Հավանաբար բաց օվկիանոսում լուրջ փոթորիկներ եք հաղթահարել… Այս գործն էլ անկասկած քաջություն է պահանջում: Օվկիանոսում նավարկելու քաջություն չեմ ունեցել, սակայն Ստեփանակերտից Երևան Ձեզ հետ ուղղաթիռով թռչելու սարսափը դեռ ինձ մոտ չի մարել: 1993 թ. ամռանն էր: Ղարաբաղյան պատերազմի թեժ տարին: Շվեդիայից, Ամերիկայից բերած Արցախին անհրաժեշտ միջոցները, յոթ բեռնատար մեքենաներով՝ Սարգիս Հացպանյանի, Իրանից եկած իմ հարազատների և երկու գերմանացի թղթակիցների հետ Ղարաբաղ հասցրինք: Գիշերը Զառինբաղում քնեցինք հատակին՝ փորի վրա: Հաջորդ օրը հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և մշակույթի նախարար տիկ. Նելլի Ոսկանյանին: Միասին գնացինք Շուշիի շրջանի Քարինտակի գյուղի դպրոցը:

Իմ նախորդ այցելության ժամանակ դպրոցի վերանորոգման համար գումար էինք հատկացրել Շվեդիայի որոշ հայ միությունների կողմից, և նաև թոշակ՝ կարիքավոր երեխաներին: Դպրոցը վերանորգվել էր, բայց և այնպես անելիքներ շատ կային: Մի քանի երեխաներ արտասանեցին… Աչքներս թաց դուրս եկանք դպրոցից: Մեծ ցավով իմացա, որ իմ մի քանի ծանոթներ զոհվել էին: Հերոսի մահով ընկել էր նաև գյուղապետ Առուշանյանը:

Երևան վերադարձի միակ միջոցը այն ուղղաթիռն էր, որով վիրավորներ էիք տեղափոխում: Ուղղաթիռի հատակին հարմարեցված ներքնակների վրա պառկած, վիրակապերով փաթաթված ծանր վիրավորները տնքում էին: Իսկ դուք, ապագա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իմ հարազատներն ու ես նստած էինք մեխերով իրար ամրացրած տախտակյա աթոռի վրա: Ուղղաթիռը այնպիսի ցնցումներ էր անում, որ թվում էր՝ ուր որ է կործանվելու է: Բոլորս լուռ էինք: Դուք դիմեցիք ինձ՝ ասելով. «Լսեցի, որ Քարինտակի գյուղի դպրոցը վերանորոգել եք, լավ կլիներ Շոշ գյուղի դպրոցի վերանորոգման համար էլ միջոցներ հատկացնեիք»: Ձեզ խոստացա, որ անպայման կլինի… Նայում էի տնքացող վիրավորներին ու մտածում. «Տեսնես այս ուղղաթիռը տեղ կհասնի՞, այս վիրավորները կապրե՞ն...»:

Չգիտեմ, հայրենիքի համար մարտնչած ու ծանր վիրավորված ֆիդայիններից ո՞ր մեկն ապրեց, ո՞ր մեկը՝ մահացավ, բայց մենք ապրեցինք: Դուք ծովեր ու օվկիանոսներ նավարկեցիք, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի նախագահ եղավ, իսկ հեռանալուց առաջ թողեց արյունոտ մարտի մեկը, ու հիմա էլ Թանզանիայում հազվագյուտ կենդանիների ու առյուծի որս է անում... Չհարցնելով, թե այդ թանկ որսի ծախսերը որտեղի՞ց է ապահովում պարոն Քոչարյանը՝ ցանկանում եմ հավատալ, որ նամուսով Ղարաբաղցին սատկած կենդանու մեջքին չէր նստի:

Հարգելի Բալայան, Դուք անշուշտ հիշում եք Հեյդար Ալիևի հորդորանքները Ղարաբաղի ազերի բնակչությանը, որ մշտապես ասում էր՝ բազմացեք, բազմացեք: Խելացի ու դիվանագետ մարդն ուներ Նախիջևանի օրինակը և գիտակցում էր, որ Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծելու է բնակչության գերազանցությունը: Իսկ դուք՝ Ղարաբաղցի առաջնորդներդ, փոխարեն լուրջ հայրենադարձություն, Արցախադարձություն կազմակերպեիք դեպի Ղարաբաղ, բնակեցնեիք ազատագրված տարածքները, պայմաններ ստեղծեիք բնակչության արագ աճի համար, զբաղված եք նավարկությամբ ու որսորդությամբ: Տեսնես Թանզանիայի անտառներում առյուծ որսալու համար արձակված փամփուշտների ծախսով քանի՞ դպրոց կարելի էր վերանորոգել Արցախում…

Ես ինձ իրավունք եմ տալիս դժգոհելու ձեր չարածների համար, գործեր, որ միայն դուք և Ձեր նմանները կարող էիք անել ու պարտավոր էիք անելու:

Դոկտոր ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
ԼՂՀ-ի «Երախտագիտության» մեդալի շքանշանակիր,
Սթոքհոլմի թագավորական տեխնոլոգիական
ինստիտուտի դասախոս,
Շվեդիա, Սթոքհոլմ, 15 մայիս 2010թ.



ԵՐԵՎԱՆԻ ՕԴԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ

«Քաղաքը տեսնելիս առաջին բանը, որ աչքովդ է ընկնում, բոլոր այս վերամբարձ կռունկները, շենքերը, հսկայական բնակարաններն են, բայց դրանք մինչև վերջ կառուցված չեն, և Երևան գալու ճանապարհին էլ դու տեսնում ես, որ այս ամենը նման չէ Հոլանդիային, որովհետև Հոլանդիայում կան մայրուղիներ, որոնք շատ լավ են կառուցված, և դրանց շուրջը ամեն տեսակի ֆերմաներ կան. բոլոր վայրերում էլ ինչ-որ բան կա, իսկ այստեղ դու պարզապես ոչինչ չես տեսնում: Առաջին հայացքից դա շատ տարօրինակ է: Քաղաքից դուրս ևս շատ տարածքներ կան, որտեղ ոչ ոք չկա»,- ասաց հոլանդացի ուսանող Յոխընը:
Ապրիլին նա երկու շաբաթ է անցկացրել Երևանում իր ընկերներ Սիցկա Բրուքհաուզընի, Յելսկա Սթղաուկի, Քլարինդա Յոնգխիրիըսի և Դերկ դե Վոսի հետ: Նրանք Հոլանդիայի Christian College Ede-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ են:

Յելսկայի խոսքերով՝ ինքը չէր սպասում, որ Երևանն այսպիսին կլինի: «Երբ մտածում ես Կենտրոնական Ասիայի մասին, թվում է, թե ավելի շատ կլինեն նեղ փողոցներ, բազմաթիվ քայլող մարդիկ, ոչ այնքան շատ մեքենաներ, ոչ մեծ խանութներ: Երբ մտա քաղաք, այն շատ մեծ էր և փոքր-ինչ եվրոպական՝ իր բոլոր այս տեռասներով, որտեղ հանգիստ մթնոլորտ է, և բարձր շենքերով: Այս 2 շաբաթվա ընթացքում ինձ հատկապես դուր է եկել, որ տեռասներում ամենուրեք մարդիկ կային. այսքան շատ մարդիկ այդպիսի փոքր վայրում: Մարդիկ շատ ընկերական են. այնպիսին չեն, ինչպես Հոլանդիայում»,- ասաց նա:
«Այստեղի փողոցներում արև-մտյան շատ մեքենաներ կան, բազմաթիվ թանկ խանութներ, շատ բարեր, ռեստորաններ, ակումբներ: Բայց եթե 2 կմ այն կողմ քշես, կտեսնես ավելի աղքատ շենքեր, իսկապես փոքր խանութներ ու փոքր բնակարաններ, և կարծում եմ, որ մեծ տարբերություն կա քաղաքի ներքին մասի և դրանից դուրս եղած հատվածի միջև...»,- ասաց Դերկը:

Նրանց վրա ամենից վատ տպավորություն է թողել Երևանի աղտոտված օդը: «Երբ Հոլանդիայում գարունը գալիս է, դու ուղղղակի կարող ես շնչել դրա հոտը, և շատ գեղեցիկ է: Իսկ այստեղ կարծես շնչում ես Երևանի մեքենաների արտանետած ամբողջ գազը: Այստեղ գարնան հոտը չես շնչում»,- ասացին Դերկն ու Յոխընը:
Օտարերկրացի ուսանողներին շատ է զարմացրել, որ Երևանում այդքան շատ թանկարժեք ու մեծ ավտոմեքենաներ կան, քանի որ իրենց երկրում թանկարժեք մեքենաներն այդքան շատ չեն, իսկ մարդիկ նախընտրում են փող ծախսել հարմարավետ, մեծ տուն գնելու և «միջին» մեքենա քշելու վրա, ոչ թե հակառակը:

«Բոլոր տղաները, «իսկական» տղամարդիկ մեծ մեքենաներ են քշում: Գիտեք, այս ամենը շոուի համար է: Նրանք համերներ ու ջիփեր են քշում, բայց քաղաքում այդպիսի մեծ մեքենաների կարիք չունեն: Մեկ կամ երկու թանկարժեք մեքենայի մասին չէ խոսքը: Կարծում եմ՝ հենց այս պահին Երևանով առնվազն 100-200 իսկապես թանկարժեք մեքենա է երթևեկում: Հոլանդիայում մենք ունենք համերներ, բայց դա արդեն անցած էտապ է: Հոլանդիայում դու կարող ես հաշվել բոլոր մեքենաները, «Ահա ևս մեկ Ջիփ», «Ահա ևս մեկ 200 հազ. եվրո արժողությամբ մեքենա»: Հոլանդիայում եթե որևէ մեկը նման մեքենա վարի, նրան կասեն. «Ինչպիսի՜ ցուցամոլություն: Արա այնպես, ինչպես մյուսները»,- ասացին հոլանդացի ուսանողները:

Նրանք Երևանում տեսել են 4 տղայի, ովքեր, մեքենայի մեջ նստած, բարձր երաժշտություն էին միացրել, և ասացին, որ նրանք իրենց այնպես էին պահում, կարծես Հայաստանի թագավորները լինեին: Այդպիսի տղաներ շատ կան:
Քլարինդայի խոսքերով՝ իր ապրած քաղաքում հեծանվով ավելի արագ կարելի է հանրախանութ գնալ, քան ավտոմեքենայով, և շատ հոլանդացիներ հեծանիվ են քշում: «Երբեմն գնացքում նախարարին եմ տեսնում»,- ասաց Յելսկան:

Անդրադառնալով այն հարցին, թե իրենց հոդվածներում ԼՂ-ն ներկայացնելու են որպես անկա՞խ պետություն, թե՞ Հայաստանի մի մասը, Դերկը պատասխանեց, որ ԼՂ-ի մասին մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան: Ուստի օտարերկրացի ուսանողները չեն կարողացել հասկանալ հակամարտության էությունը՝ անգամ լինելով Երևանում: «Կարծում եմ՝ այն սկզբնապես եղել է Հայաստանի մասը և պատկանել է Հայաստանին, բայց որքանով հիմա եմ տեսնում, այն ցանկանում է անկախ լինել»,- ասաց Դերկը:
Հոլանդացի ուսանողներին ասել են, որ Արցախում ապրող հայերը նախ և առաջ ուզում են անկախ լինել և ոչ թե Հայաստանի մի մասը: Այսպիսով, Դերկի խոսքերով, իրենք փորձում են հնարավորինս շատ մարդկանց հետ խոսել, «որպեսզի իմանան թեմայի վերաբերյալ հիմնական տեսակետները»...
hetq.am



Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հանրապետությունում հնարավորություն է ստեղծվում հիմնել օտարալեզու դպրոցներ: Կառավարությունն այն արդեն ուղարկել է Ազգային ժողով, մինչդեռ դրա շուրջ հանրային բուռն քննարկումները չեն դադարում: Մտավախություն կա, որ ՀՀ-ում այն օրենքի ուժ ստանալու դեպքում վիրուսի նման թափանցելու է նաև Արցախ:

«ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ՄԵԶ ՆՈՐԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԸ»

Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ


Հայրենակիցներ,
Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման քայլից: Միևնույն ժամանակ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու, օտարալեզու դպրոցների բացման դեպքում, դրանք բոյկոտի ենթարկել:
Կառավարության փաստարկը, թե նման քայլը կբարելավի մեր կրթության որակը և այն ավելի ճկուն կդարձնի, ոչ միայն անհիմն է, այլև մեզ՝ հայերիս համար խորապես վիրավորական, քանզի այն ենթադրում է, որ Հայաստանում կրթության ցածր որակի մեղավորը ոչ թե համակարգն է, այլ դասավանդման լեզուն՝ հայերենը:

Հայաստանի տարածքում հայերենից բացի այլ լեզուներով դպրոցների բացումը հայ կրթությունը կդարձնի ոչ թե ավելի ճկուն ու մրցունակ, այլ՝ ընդհակառակը, ավելի սահմանափակ ու գավառական: Այն կվերածնի խորհրդային շրջանում առկա այն գավառական ու հայի համար վիրավորական մտայնությունը, թե հայերենը պակաս հեղինակավոր, պակաս գիտական լեզու է, քան, ասենք՝ ռուսերենը: Հայերենը դարձյալ կսկսի դիտվել որպես տեղական գաղութային լեզու, ի հակադրություն «քաղաքակիրթ» ռուսերենի կամ որևէ այլ լեզվի:

Այս որոշման ընդունումը հայերենն ինքնաբերաբար կդարձնի երկրորդական լեզու՝ ենթադրելով, որ օտարալեզու դպրոցներ ավարտած մարդիկ ավելի լավ կրթություն ունեն: Սա, ի թիվս այլ բացասական երևույթների, իր հետ կբերի այն, որ աշխատանքի շուկայում հայերենով կրթություն ստացած անձինք կլինեն պակաս մրցունակ, քան օտարալեզու դպրոց ավարտածները:

Մենք՝ հայ մտավորականներս, պնդում ենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ լավ կրթություն՝ իր մայրենի լեզվով, լինել կիրթ ու լայնախոհ մարդ ու իր ոլորտում լավ մասնագետ: Հայոց լեզուն աշխարհի հնագույն ու հարստագույն լեզուներից է և չի զիջում իր արտահայտչամիջոցներով որևէ այլ լեզվի: Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է խորացնել օտար լեզուների ուսուցումը և առհասարակ, բարձրացնել կրթության որակը և ոչ թե ուսուցումը դարձնել օտարալեզու:
Հայրենակիցներ, թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի մշակութային գաղութը:

(Նամակը ստորագրել են ՀՀ հինգ տասնյակ հայտնի մտավորականներ՝
գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ)




ՀԱՅԵՐԵՆԸ ՄԱՏԱՂԱՑՈՒ ՉԷ

Գնացեք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լավագույններն են թաղված: Գուցե նրանցից շատերը մեզանից քիչ գիտեին, գուցե նրանց ռուսերենը կաղում էր, անգլերեն էլ չգիտեին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո միայն խոսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրեք պատահական հարյուր անուն և ապա ստուգեք, թե քանիսը հայկական կրթություն ունեին, քանիսը՝ օտար: Թվերը չեն խաբում:

Ամաչում եմ, որ նման տարրական բաներ պիտի գրեմ: Կարդացեք Լյուդվիգ Վիտգենշտեյնի լեզվի փիլիսոփայությանը նվիրված աշխատությունները, և ամեն ինչ պարզ կլինի: Մի՞թե առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայերեն հաց և ռուսերեն ւսպո բառերը նույն նշանակությունն ունեն, սակայն էապես տարբեր ընդգրկումներ: Մի՞թե պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը և Թումանյանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները, որ իբր միայն օտար լեզվով է կարելի բարձրորակ կրթություն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթությունը հիմնավորելու համար: Եթե գիտելիքը վտարված է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչո՞ւ պիտի ընդհանրապես սովորի: Ճիշտ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովեք գիտելիքի արդար մրցակցություն աշխատանքի շուկայում, և ամեն հայ առնվազն երեք օտար լեզու կիմանա:

Պետք չէ կրթական համակարգի թերությունները և նրա ղեկավարի ապիկարությունը կոծկել Հայկական աշխարհում (սույն արտահայտության հեղինակային իրավունքը վարչապետինն է) հայերենին տնվորի կարգավիճակ տալով: Իհարկե օտար և խուճուճ բառերով միշտ էլ ավելի դյուրին է սեփական տգիտությունը շղարշել: Ես հայկական կրթություն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզվից մեկ այլ օտար լեզու թարգմանություններ անելով: Դա իմ կյանքի այդ հատվածի պահանջն էր:

Հայաստանն առաջին հերթին հայերենն է: Առանց հայերենի չկա Հայաստան: Պետք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապես պետք է բոլոր դպրոցներում բարելավել օտար լեզուների դասավանդումը: Հասկանում եմ, որ դա անելն ավելի դժվար է, քան հայերենը մատաղացու դարձնելը:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
ՀՀ քաղաքացի*
13 մայիսի 2010 թ.
----------------------------------
* Հեղինակը նշանավոր քաղաքագետ է,
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը




ԻՍԿ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՕԴՈՒՄ

Այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր և վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն...

Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ ՀՀ-ում սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում և իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին...

Լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն՝ առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում...

Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել ևս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին: Ժամանակին ազգայնականները առաջարկում էին ստեղծել Լեզվի նախարարություն, իսկ հետո՝ Հայապահպանության նախարարություն, որը բոլոր հայկական ազգային խնդիրները կբարձրացներ համապետական և համազգային մակարդակի և այդ որակներով էլ կլուծեր դրանք:
Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատևումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի և թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին:

Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է հոգևոր-մշակութային քաղաքականությամբ: Այդ քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները, և առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը...

Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաև նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի ԼԵԶՎԻ մահը ԱԶԳԻ մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենը այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդականի կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվություն» կոչվող մի այլ չարիքի, այս պայմաններում այն կարող է դառնալ «բազմալեզվություն», իսկ հայերենին կմնա միայն բարևելու և կենցաղում մի կերպ գոյատևելու հեռանկար...

Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաև՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ ուղղակի փորձ է արվում անփոխարինելի դարձնել անգլերենը...

Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդեսերունդ և պաշտպանվել նույնիսկ ջարդի ու գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած հայը պատրաստի թեկնածու է օտար մտածողության թափանցման, այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ և անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում... Մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որևէ զենք, զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացումով:

Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե՝ հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլոր ոլորտներում...

Հայի սուրբ պարտականությունն է նախևառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, և մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգևոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ներքին և արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:

ԱՐԱՄ ԱՎԵՏՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Մեր պարագայում, կարծում ենք, նպատակահարմար կլինի ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի փոխարեն ստեղծել ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային արժեքների պահպանման վարչություն՝ «Լեզվի պետական տեսչության» և «Ազգային փոքրամասնությունների ու կրոնի» բաժիններով: Այլապես, ստացվում է, որ մեր երկրում ազգային մեծամասնության լեզուն՝ հայոց լեզուն, որ օրենքով համարվում է պետական լեզու, շարունակում է մնալ որբի կարգավիճակում...

------------------------------------------------
Հոդվածը տպագրվում է կրճատումներով



Անդրադարձ

ԿՈՇԿԻ ՖԱԲՐԻԿԱՅԻՑ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ


«Նոր էջ» թերթի ապրիլյան համարում տպագրված «Հանուն կարգ ու կանոնի» վերնագրով հոդվածում հեղինակ Եղիշե Սարգսյանը ոչ միայն թերթի ընթերցողների ուշադրությունն է հրավիրում հոդվածում տպագրված հարցերի վրա, այլև որոշ հարցերում նաև ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի:
Ըստ հեղինակի՝ «Պարզվում է, որ արհմիությունների հանրապետական խորհուրդն անտեղյակ է այս ամենից...»: Խոսքը Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում գործատուի պարտադրմամբ աշխատողներին աշխատանքից «սեփական կամքով» ազատման մասին դիմումներ գրելու մասին է, որն, ինչ խոսք, եթե դա իսկապես այդպես է, անօրեն է:

Նախ ասեմ, որ բարձրացված հարցի շուրջ հոդվածագրի հետ երկու անգամ զրույց եմ ունեցել և բացատրել խորհրդային և ներկայիս արհմիությունների կառուցվածքի ու գործունեության տարբերությունները՝ ըստ գործող օրեքների և կանոնադրության: Հիշեցնեմ, որ նախկինում միայն մարզարխորհուրդն է ունեցել կանոնադրություն և նրա ստորաբաժանումներն առաջնորդվել են դրանով: Ոչ մի արհեստակցական կազմակերպություն, մարզարհխորհրդից բացի, իրավաբանական անձ չէր հանդիսանում և գործում էր վերադաս-ստորադաս աշխատանքային սկզբուքը:

2003 թ. երբ ուժի մեջ մտավ «Արհեստակցական միությունների մասին» ԼՂՀ օրենքը , սկսվեցին ստեղծվել միություններ ու արհեստակցական կազմակերպություններ, որոնք գրանցված են պետռեգիստրում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կանոնադրությունը և սեփական աշխատանքային պլան, ունի իր խորհուրդը, նախագահությունը, արհկոմը, վերստուգիչ հանձնաժողովը և տարեկան մեկ անգամ ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում:

Բոլոր միությունները մտնում են ֆեդերացիայի կազմի մեջ, իսկ արհեստակցական կազմակերպությունները՝ համապատասխան ճյուղային կամ քաղշրջանային միությունների: Նշված կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցությունը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ ըստ «Արհեստակցական միությունների մասին» ԼՂՀ օրենքի և ֆեդերացիայի կանոնադրության: Այսինքն՝ ֆեդերացիան պաշտպանում է իր կազմի մեջ մտնող միությունների շահերը տարբեր ատյաններում, ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր սեկտորում, առաջարկություններ ներկայացնում կառավարություն և Ազգային ժողով՝ անհրաժեշտության դեպքում գործող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Միայն 2009 թ. արհմիություններում մուտքագրվել է 850 դիմում, որոնց մեծ մասը վերաբերվում է աշխատանքային օրենսդրության խախտումներին, 100 հիմնարկ-ձեռնարկություններում ստուգվել են աշխատանքային պայմանագրերի առկայությունը, նրանցում օրենքի պահանջներով կատարվող գրառումները, 3000 արհանդամի ցուցաբերվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքում վերականգնվել են գործատուի կողմից անօրեն ազատված և արհմիություններին դիմած 15 արհանդամներ:

Ինչ մնում է կոշկի ֆաբրիկայի արհկազմակերպությանը, այն միայն 2005 թվականին է դիմել՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրերի սխալ կազմման հարցով, որից հետո ֆեդերացիան գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի մեկ օրինակ, ուսումնասիրել այն և հայտնաբերել, որ նրա 15 կետերից 6-ը չեն համապատասխանում «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներին: Իսկ դրանցից ամենակարևորն այն է, որ գործատուն աշխատողների աշխատավարձերից անօրեն 9 տոկոս պահումներ էր կատարում, ստեղծում արձակուրդային ֆոնդ, որպեսզի աշխատողներին արձակուրդ տրամադրելու դեպքում վճարումներ իրականացնի: Բոլոր վեց անօրեն կազմված կետերը ֆեդերացիայի և պետական համապատասխան կառույցի միջամտությամբ համապատասխանեցվել են գործող օրենքին: Նշեմ, որ հինգ տարի առաջ բարձրացված այս հարցից հետո ֆեդերացիան կոշկի ֆաբրիկայի արհեստակցական կազմակերպությունից ոչ մի դիմում-բողոք չի ստացել:

Նշեմ նաև, որ մեր զրույցի ժամանակ Ե. Սարգսյանը խոսել է կոշկի ֆաբրիկայում և առևտրի օբյեկտներում գործատուների կողմից աշխատողների իրավունքների ոտնահարման մասին: Նա առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որի մեջ ինքն էլ լինի, որպեսզի ստուգումներ իրականացվեն հիշյալ օբյեկտներում:
Ես նրան բացատրել եմ, որ ըստ արհմիությունների մասին ԼՂՀ օրենքի, մենք իրավունք չունենք ստուգումներ իրականացնել, որովհետև կան վերահսկողություն իրականացնելու մասին իրավական ակտեր, ըստ որոնց վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարմինները: Ցավոք, այդ ցանկում արհմիությունները չկան: Չմոռանանք նաև, որ ըստ դիմում-բողոքների մասին ԼՂՀ օրենքի, դիմում-բողոքները ենթակա են քննարկման միայն այն դեպքում, երբ առկա է ինչպես դիմում-բողոքը, այնպես էլ՝ բողոքատուի ստորագրությունը և հասցեն:

Կրկնում եմ, ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան ոչ մի դիմում-բողոք չի ստացել կոշկի ֆաբրիկայի արհեստակցական կազմակերպությունից:

ԱՐԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԼՂՀ արհմիությունների
ֆեդերացիայի նախագահ



Մարզական

ԱՆՄՈՌԱՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԹԻՄԻ ԱՎԱԳՆ ԱՐԴԵՆ 60 ՏԱՐԵԿԱՆ է


Կարծես երեկ էր՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտը պարբերաբար թնդում էր մեր ֆուտբոլասերների ուրախության ձայներից, և հազիվ թե գտնվեր արցախցի մարզասեր, որ անուն առ անուն չիմանար սիրելի «Ղարաբաղ» թիմի կազմը, թիմ, որ այնքա՜ն բերկրալի տարիներ է պարգևել մեզ:
Ֆուտբոլասերներն այսօր էլ անկասկած հիշում են մեր թիմի բարձրահասակ կիսապաշտպանին՝ 6-րդ համար Բենիամին Բաբայանին, որին բոլորը հարազատի իրավունքով Բենո էին ասում: Մտավորականի, արիստոկրատի պահվածք ուներ, երբ տիրում էր գնդակին, անմիջապես սպասում էիր, որ նրա գեղեցիկ ու նպատակասլաց փոխանցումից վտանգավոր մի նոր գրոհ կսկսվի: Իսկ հաճախ էլ հենց ինքն էր հուժկու և գեղեցիկ հարվածով գրավում մրցակցի դարպասը:

Ֆուտբոլասեր պատանիները մեր թիմում իրենց կուռքերն ունեին և երազում էին նմանվել նրանց: Արցախյան ֆուտբոլի վարպետների թիմում այդ տարիներին շատ էին կուռքերը: Նրանցից մեկն էլ թիմի ավագ Բենիամին Բաբայանն էր:
Բենոյի մասին դեռևս 1977 թվականին ահա թե ինչ է ասել արցախյան ֆուտբոլի մեծ երախտավոր, արցախյան թիմին Ադրբեջանի չեմպիոն դարձրած Ռազմիկ Պետրոսյանը. «Բենիամին Բաբայանը մեծ հեղինակություն է վայելում թիմում: Շատ աշխատասեր է: Թիմում գլխով ամենագեղեցիկ խաղացողն է: Ունի դարպասին գեղեցիկ հարվածելու հատկություն, մեկ անգամ չէ, որ գրավել է հակառակորդի դարպասը: Դժվար պահերին միշտ օգնության է գալիս խաղընկերներին»...

Հավատդ չի գալիս, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագն արդեն 60 տարեկան է: Չենք հավատում, որովհետև այդ տարիների մեջ մեր պատանեկության ու երիտասարդության անմոռաց տարիներն էլ կան, ֆուտբոլը մեզ համար ամեն ինչ էր, հայրենի «Ղարաբաղ» թիմը՝ ուրախություն ու հպարտություն... Ու այսօր չենք հավատում, որ մեր կյանքի այդ տարիները ևս պատմության գիրկն են անցել:
Բենիամին Բաբայանը ծնվել է 1950 թ. մայիսի 8-ին: 1969-ից խաղում էր վարպետների թիմում: Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո 1973-75 թթ. արդեն խաղում էր լեգենդար «Արարատ»-ի փոխարինողների կազմում: Մարզասերները քաջ գիտեն, որ այդ տարիներին Հայաստանի նշանավոր այդ թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր:

Այնուհետև Բենոն զորակոչվեց բանակ, ծառայությունն ավարտելուց հետո վերադարձավ հայրենի Արցախ և մեր ֆուտբոլասերների համար անմոռաց 1977 թվականին «Ղարաբաղ» թիմի կազմում դարձավ Ադրբեջանի չեմպիոն, իսկ թիմն իրավունք ստացավ մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությանը: Այդ տարիներին նրա խաղընկերներն էին Երևանից հրավիրված «Արարատ-73»-ի չեմպիոններ Հովհաննես Զանազանյանն ու Սուրեն Մարտիրոսյանը:
1984-89 թթ. Բենիամին Բաբայանը ղեկավարել է ֆուտբոլի դպրոցը, իսկ 1989-91 թթ. եղել է «Ղարաբաղ»-«Արցախ» թիմի ավագ մարզիչը: Այնուհետև աշխատանքի է անցել ԱրՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում (այժմ ամբիոնի դոցենտ է):

1995-2003 թթ. ԲՄԱ-«Ղարաբաղ» թիմում մարզիչ է աշխատել: 1998 թ. վետերանների թիմի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն, երկու անգամ գրավել են 2-րդ տեղը:

Այսօր մեր երիտասարդները հեռուստատեսությամբ նայում են վարպետ թիմերի խաղերը և մտքներով չի անցնում, որ ժամանակին մեր «Ղարաբաղը» ինչպես հավասարը հավասարի հետ խաղում էր նշանավոր դարձած այդ թիմերից մի քանիսի հետ: Մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կառլեն Սիմոնյանը, պատմում է, որ մի պատանի իրեն հարցրել է, թե ճի՞շտ է, արդյոք, որ իրենք ժամանակին խաղացել են Ռուսաստանի չեմպիոն ու գավաթակիր Կազանի «Ռուբինի» հետ: «Ասացի՝ այո, նույն առաջնությունում մենք եղել ենք այդ թիմի մրցակիցներից: Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, ես և շատ ուրիշներ ժամանակին խաղացել ենք այդ թիմի հետ,- ասաց Կառլենն ու տխուր ավելացրեց,- իսկ նա երևի մտածեց, որ պարզապես գլուխգովություն եմ անում: Եվ նա այդպես մտածելու իրավունք ունի, որովհետև մեր մրցակիցներից շատերը շարունակել են զարգանալ ու Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղերին են մասնակցում, իսկ մենք այսօր ֆուտբոլ չունենք, ամեն ինչ զրոյից պիտի սկսենք...»:

Բարեբախտաբար, այսօր կան Ռազմիկ Պետրոսյանի, Բենիամին Բաբայանի, Կառլեն Սիմոնյանի և մյուսների սաները, և հուսանք, որ մի օր նրանք հայրենի ֆուտբոլը կրկին կհասցնեն այն բարձունքին, որին արժանի ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Հայ-թուրքական ընդհարումները դեռ
հարկավոր էին ռուս կառավարությանը


(Սկիզբը նախորդ համարներում)

«Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»: Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ: Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր...
Նախևառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը և ժպիտներ շնորհեց հայերին: Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու և հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու՝ ավելի լա՞վ չէր թեթև, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան՝ իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ: Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ: Հայերն իրենց զգացին հովանավորված և ոչ թե առաջվա պես պետության և բախտի խորթ զավակներ: Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի և մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը: Բայց սա ավելի ևս լավ: Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը: Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին՝ մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար: Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը՝ կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ՝ արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրև հին ու փորձված աղվես:

Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով և անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին: Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու քաղաքականությունը... Ամեն տեղ և ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլևս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը: Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը: Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց՝ հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջևանում և նրա շրջակա գյուղերում: Իսկ մի քանի օր հետո էլ՝ երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երևանում: Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային և խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը: Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրև կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը: Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրև հեղափոխության և, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի: Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի՝ Գոլիցինի քաղաքականությունը: Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է և տեղն անհայտ, և որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում և ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի և ֆիզիկական գոյության պաշտպանությունը:

Փոխարքան իհարկե շատ լավ գիտեր, որ ներկայացուցիչների հայտարարությունն իրենց անկարողության մասին՝ բոլորովին անհիմն էր, քանի որ Դաշնակցությունը գործում էր միանգամայն բաց ու ակներև, և նրան տեսնում էին ամեն տեղ՝ և՛ հրամայելիս և՛ կարգադրելիս: Իբրև պատասխան այդ ժխտողական պատասխանի, որով հայ բուրժուական ինտելիգենցիան հրաժարվեց աջակցություն ցույց տալ ցարական կառավարությանը, կոմս Վորոնցով-Դաշկովը մի քանի օրից հետո ավելի ևս սիրալիր կերպով ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը նրան գրավոր զեկուցում տվեց մահմեդական ազգաբնակչության կարիքների և պահանջների մասին, որի երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր հայ-թուրքական կռիվներին և իր մեջ պարունակում էր խիստ հարձակումներ հայերի և, մասնավորապես, հայ ինտելիգենցիայի դեմ: Այդտեղ բոլորովին ժխտվում էր, թե մահմեդականները որևէ տեղ նախահարձակ են եղել հայերի վրա և ամենայն լրջությամբ և հաստատուն շեշտերով հայտարարվում էր, թե մահմեդականները միայն պաշտպանել են իրենց, թե ամբողջ մեղքն ընկնում է հայ կոմիտեների վրա, որոնք գործադրում են ոչ միայն կատարելագործված զենքեր, այլև պայթուցիկ ռումբեր, և շարունակ տեռորներ են կատարում...

Դաշնակցականները, ճիշտ է, տեռորներ կատարում էին, բայց բացառապես պետական պաշտոնյաների վրա: Այսպես, նրանց ռումբից փողոցի մեջ ոչնչացել էր Բաքվի նահանգապետ Նակաշիձեն, որը փետրվարյան կոտորածի ժամանակ այնքա՜ն աղաղակող օրինակներով ցույց էր տվել, թե ինքը թուրքերի կողմն է, նրանց կազմակերպողը հայերի դեմ: Բեկերն իրենց պաշտպանության տակ առնելով ռուսական ոստիկանությանը՝ դրանով իսկ փակում էին ցարական բյուրոկրատիայի աչքերը՝ Ստամբուլից իրենց ստացած համաիսլամական ներշնչումներն իրագործելու համար: Ուրիշ կերպ անկարելի է բացատրել նրանց կատաղի թշնամությունը Դաշնակցության դեմ, որովհետև մինչև հայ-թուրքական կռիվները Դաշնակցության տեռորն ուղղված էր բացառապես ռուսական չինովնիկության դեմ և ոչ մի վնաս չէր տվել թուրքերին:

Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել...
Այս հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը: Հայերին ասում էր, թե նրանք սկսողներ չեն. թուրքերին ասում էր, թե նրանք չեն սկսողները, իսկ Նիկոլայ ցարին գրում էր, թե սկսողները տեղ-տեղ թուրքերն են եղել, տեղ-տեղ՝ հայերը:

Ըստ երևույթին, այսքանը բավական պիտի լիներ Վորոնցով-Դաշկովին լավապես ճանաչելու և նրա նենգավոր քաղաքականությունից պաշտպանվելու համար: Բայց հայ բուրժուական իրականությունը ե՞րբ է կարողացել քաղաքական հեռատեսություն, շրջահայեցություն և նրբամտություն ցույց տալ: Հենց այս աղետավոր օրերից էր սկսվում այն անպայման վստահությունը դեպի Վորոնցով-Դաշկովի «հայասիրությունը», որ տարիների ընթացքում ուռչելով դարձավ մի ամբողջ պաշտամունք, և այդ պաշտամունքն էլ հայ ժողովրդին անհուն աղետների խորխորատը գլորեց:

Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետևանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը: Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, և հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ: Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը: Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի և Թիֆլիսի նահանգներն էլ, և մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային: Ֆիդայությունը դարձավ իդեալ: Թուրքահայ գաղթականները՝ անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչև պռունկները լցված վրեժխնդրության զգացումով՝ դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում և այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը:

Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը: Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները՝ զենք գնելու և ամենքին զինելու ու զինվորագրելու համար: Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել և այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլևս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ: Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու և ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում... Լևոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը և դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով...

Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում և մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում: Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր: Թեև նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ: Այդ, որպես թե ամենահայ մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ: Հայտնի էր, որ Գոլիցինը ծրա-գրել էր քանդել Շուշիի հայկական մասը և հայերին գաղթեցնել Սիբիր՝ այնտեղ բնակեցնելու համար: Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը: Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը: Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի՝ գեներալ Կիրեևին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից՝ ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում: Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց:

Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ և թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ: Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի և առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ և թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ և քաջ բնավորությամբ: Սա շատ ճիշտ էր, և մենք՝ հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող և ազդեցիկ հայրենակից բեկերից՝ գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք: Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երևանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում ևս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ և հանդարտ էր:

1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն: Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները: Բացի դրանից՝ թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ.-ից ի վեր: Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած՝ իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, և հրապարակավ շեշտվում էր մի նոր երևույթ՝ եղբայրացում ռուս զորքերի և հայերի միջև: Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում: Բայց մի երեք ժամ հազիվ անցած, կոտորածը սկսվեց և Շուշիում: Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լևոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում և արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի կողմից, վազում է իրենց տուն և հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում՝ ինքնասպանություն գործել: Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում և հրացանային կրակով ետ մղում թուրքերին: Բայց հայկական թաղի մի խոշոր մասը՝ կենտրոնականը՝ ավելի քան 400-500 տներ, այրվում են: Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների և կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց՝ հայերի քաղաքային և գյուղական տականքների ձեռքով: Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ: Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ և միամիտ վարմունքին: Բայց ի՞նչ անես. անճարությունը և կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային:

Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած՝ նույն ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով: Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող և Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պատվիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին և նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց՝ եկեղեցական կալվածքների և դպրոցների վերադարձման առիթով:
Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին: Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը և ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային՝ չոքել հայ ժողովրդի առջև: Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր: Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի և մանավանդ ռուս ժողովրդի առջև չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման: Եվ հետո, մեծ դեր էր կատարել այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր:

Խելառ հայակերը մի հիմար թեթևամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները՝ նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ: Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին: Ես ինքս կարդացել եմ «Новое Время»-ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգևորականությունն ունի 30 մլն ռուբլի՝ ոսկով: Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին և տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլև իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները և դպրոցները պահպանելու համար...

Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ: Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով և տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին: Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված և իշխանություն էր կազմում: Ֆիդայիները Զանգեզուրի և այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում և Թուրքահայաստանում: Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով... Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր...

(Շարունակելի)



Վերջին էջ

ԽԼՈՒՐԴԻ ՆՈՏԱՆ


Երևի թե հասկացաք, որ խոսքը կոմպոզիտոր Խլուրդի մասին է, բայց այստեղ «նոտան» ոչ թե երաժշտական նոտաների, այլ Խլուրդի բողոքի նոտայի մասին է: Սակայն ավելի լավ է ամեն ինչ պատմեմ հերթով:

«Նոր էջ»-ի նախորդ համարում տպագրելով «Խլուրդը կոմպոզիտոր» գրվածքը, ես ամենևին չէի սպասում, որ այն սպասվածից բազմիցս մեծ արձագանք պիտի գտնի: Օրեր շարունակ հեռախոսազանգեր էի ստանում, և հեռախոսագծի հակառակ ծայրից ծանոթ ու անծանոթ մարդիկ գյուտ արածի պես ինձ հաղորդում էին, որ իրենք իսկույն հասկացել են, թե խոսքն ում մասին է: Փողոցում ինձ կանգնեցնում էին միանգամայն ծանոթ թե անծանոթ և հայտնում, որ «Խլուրդի մասին լավ եմ գրել», «Այդ սրիկա Խլուրդին այդպես էլ պետք է» կամ «Այդ Խլուրդը մեր արվեստը կերավ» և այլն:

Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում, թե Խլուրդն ինչպես է մեր արվեստը ուտում: Արվեստը հո կարկանդակ ու ժենգյալով հաց չէ, ճապոնական թանկարժեք դիկտաֆոն կամ վետերանների միության փող չէ, որ զույգ ձեռքով բռնի ու հավեսով խժռի...

Իսկ նրանցից մեկն էլ, ընդհակառակը, ինձ փորձում էր համոզել, որ Խլուրդի մասին չպիտի գրեի: «Հիմա նա բոլորիս ջգրու սկսել է աջ ու ձախ սցենարներ ու պիեսներ գրել ոչ միայն կինոնկարների, ներկայացումների, այլև գովազդային հոլովակների համար»,- ասաց զրուցակիցս:
Հետաքրքիրն այն է, որ բոլոր զրուցակիցներս, չգիտեմ ինչու, հարյուր տոկոսով համոզված են, որ կոմպոզիտոր Խլուրդը հենց այն Խլուրդն է, ում իրենք ճանաչում են: Բայց ամենազավեշտականը դեռ հետո պիտի լիներ...

Մի օր հնչեց դռան զանգը: Դուռը բացեցի և շեմքին տեսա ասես այն աշխարհից հայտնված գզգզված ու ճմրթված անատամ մի ծերուկի, որի անդրշիրիմյան կերպարը լրացնում էր գջլոտ ու անլվա հանդերձանքը: Կարծես աղբանոցից հագուստ հիշեցնող ինչ-որ բաներ են վերցրել և բարձրահարկ մի շենքի պատուհանից նետել նրա վրա: Նրանից այնպիսի հոտ էր «ճառագայթում», ասես մի քանի տարի շարունակ կոյուղի մաքրելիս է եղել: Ուզում էր ձեռքով բարևել ինձ, բայց ես հասկանալով, որ դրանից հետո մի ամբողջ օր ժավելով պիտի լվամ ձեռքերս, քանզի ընդհանրապես ամեն տեսակի ու որակի կեղտից ալերգիա ունեմ, ասացի, որ դրա անհրաժեշտությունը չկա:

- Ես Խլուրդի մոտից եմ եկել,- ասաց ծերուկը:
- Արդեն կռահեցի դա,- պատասխանեցի, մտքում ավելացնելով՝ տնաշենի բիձա, քո այդ տեսքով ու գարշահոտով ուրիշ որտեղի՞ց պիտի գաս՝ եթե ոչ Խլուրդի մոտից: Պարզ է, որ քեզպիսիք երկնքից չեն իջնում կամ Փարիզից չեն ժամանում:
- Պարոն Խլուրդը խիստ վիրավորվել է, որ իրեն և իր հանճարեղ «Սիմֆոնիան» ձեռ եք առել,- անատամ բերանը շարժեց ծերուկը:- Բացի դրանից, պարոն Խլուրդը հայտնել է, որ այդ առթիվ սիմֆոնիկ նվագախմբի ողջ կոլեկտիվը նույնպես շատ խիստ վրդովվել է...

- Սիմֆոնիկ նվագախմբի կոլեկտիվն այստեղ ի՞նչ գործ ունի,- ծիծաղս հազիվ զսպեցի:- Խլուրդն ու սիմֆոնիկ նվագախումբն այդ երբվանի՞ց են հոմանիշներ դարձել... Ի դեպ, լսել եմ, որ «մաեստրո» Խլուրդին այժմ էլ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն: Ձեր այդ «արվեստագետը» գո՞ւցե վաղն էլ փորձելու է համոզել, թե ողջ կինեմատոգրաֆիան, բալետի կամ դրամթատրոնի կոլեկտիվներն են կանգնած իր թիկունքում...

Խլուրդի անձնական ներկայացուցիչ քրջոտ այս ծերուկի ներկայությունն ինձ զվարճացնում էր, և ես լուրջ տոնով ասացի.
- Օրերս «Եվրոնյուսն» ու «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել են, որ Հռոմի պապը լսելով Խլուրդի սիմֆոնիան, զարմացած բացականչել է. «Մինչև հիմա որտե՞ղ է եղել այդ մեծ արվեստագետը, որ չենք տեսել: Մեր այս փոքրիկ հողագունդն այդ ինչպե՞ս է կարողանում իր վրա կրել այնպիսի մի մեծություն, ինչպիսին Խլուրդն է...»:
- Տեսնո՞ւմ եք, նույնիսկ Հռոմի պապն է գնահատում մաեստրոյի արվեստը,- զվարթացավ ծերուկը,- իսկ դուք գրել եք, թե նրա երրորդ ներկայացման ժամանակ դահլիճում ընդամենը 2 ուսանող էին նստած... Ես հաշվել եմ, Խլուրդի բարեկամների հետ միասին ուղիղ 12 հոգի են եղել...

Ծերուկն ավելի ու ավելի էր ինձ զվարճացնում, բայց քանի որ նրանից փչող գարշահոտն արդեն մի քանի մետր շառավղով տարածվել և պաշարել էր ինձ, շտապեցի կարճել այս ներկայացումը.
- Անկասկած Խլուրդը տաղանդավոր անհատականություն է... բայց եթե քեզ օճառ է պետք, մեր լվացարանից մի հատ բերեմ...
- Չէ, շնորհակալություն, ինձ մոտ կա,- ասաց ծերուկն ու, որպես ապացույց, քրջոտ գրպանից հանեց ու ցույց տվեց 50-60-ական թվականների խորհրդային լվացքի օճառի հսկա մի ցուցանմուշ:- Ատամներս էլ եմ սրանով լվանում,- դատարկ լնդերը ցուցադրելով, ժպտաց նա:- Պարոն Խլուրդին ուրիշ ի՞նչ հաղորդեմ ձեր կողմից:

Ուզում էի ասել՝ «Փառասիրությամբ հիվանդ ու խանգարված այդ հոպոպին հաղորդիր, որ վաղուց ժամանակն է վերջ տա Արվեստի տաճարում իր լարախաղացությանն ու մտածի ճամպրուկները կապելու մասին», բայց ծերուկի տրամադրությունը չփչացնելու համար ասացի միայն.
- Քո այդ հրաշալի օճառով իրեն էլ կլողացնես-մաքրես՝ թե՛ դրսից, թե՛ հատկապես ներսից: Առանձնապես թող մի լավ լվա ծնոտից կախած ցախավելն ու հասկանա, որ այն դեռևս բավարար ապացույց չէ գրող ու արվեստագետ կոչվելու համար: Այլապես «բոմժերն» ու այծազգիները վաղուց կգլխավորեին մշակույթի գործիչների ցուցակը:

Դուռը փակեցի, անմիջապես նետվեցի պատշգամբ և բոլոր պատուհանները բացեցի: Կեցցե՛ մաքուր օդը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ԱՆԱՌԱԿ ԿԱՆԱՅՔ ԵՎ
ԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ


Ադրբեջանի ժողովրդական պոետ, Միլի մեջլիսի պատգամավոր Վագիֆ Սամեդօղլուն, իր հիշողությունների հիման վրա նոր գիրք է գրում, որտեղ ներառված են լինելու նաև նրա կյանքի «մութ» էջերը: Այս մասին տեղեկացնում է vesti. az լրատվական կայքը:
«Այո, ես հիշում եմ իմ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և չեմ էլ փորձում ինչ որ բան քողարկել: Ես էլ հո ռուս գեներալ չեմ, որը կրկնում է, թե երբեք չի նահանջել»,- vesti. az-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վ. Սամեդօղլուն:

«Իմ հիշողությունների մեջ ամեն ինչ լինելու է, ես գրելու են նաև այն անբարոյականների մասին, որոնց ես ճանաչել եմ, գողականների, որոնց ես հանդիպել եմ «Իչերիշեխերի» մերձակայքում, այն մասին, թե ինչպես իմ հայրը (Ադրբեջանի առաջին ազգային պոետ Սամեդ Վուրգուն) հարբած տուն եկավ և ինձ տվեցին նրա ատրճանակը: Ես իմ ընթերցողներին խոստանում եմ, որ ես ոչինչ չեմ քողարկելու»,- ասել է նա:

Պոետի խոսքերով, իր հիշողություններում բավականին շատ անկեղծ պահեր են հանդիպում:
«Ես հիշում եմ, որ դեպք է եղել, երբ անբարոյականը պոկել է ոստիկանի ուսադիրները և նրան ամենահին մասնագիտության ներկայացուցիչ է անվանել (անբարոյական): Ես նույնիսկ նրանց անուններն եմ հիշում»,- անկեղծորեն նշել է խորհրդարանականը:



ԻՆՉՊԻՍԻ՞ ԱԿՆՈՑՆԵՐ ԿՐԵԼ

Գարուն, ամառ, պայծառ արև… Հաճելի է, սակայն մի մոռացեք, որ արևի Ճառագայթներից կկոցում եք աչքերը, որից տուժում է ոչ միայն տեսողությունը, այլև աչքերի շուրջը կնճիռներ են հայտնվում:
Այնպես որ, կանայք, եթե ուզում եք պաշտպանվել արևից, միաժամանակ լինելով նորաձև, հետևեք արևային ակնոցների նորաձևության 2010-ի միտումներին:

Գլխավոր միտումը՝ որքան խոշոր լինի ակնոցը, այնքան լավ: Այս տարի նվազել են ակնոցի վրայի զարդարանքները՝ տեղը զիջելով պարզությանը, իսկ շեշտը դրված է ակնոցի շրջանակի վրա:
Դասական սև գույնը, ինչպես միշտ, նորաձև է: Գործնական շփման դեպքում նորաձև են համարվում մուգ մոխրագույն, շագանակագույն կամ մուգ կարմիր շրջանակներով ակնոցները: Նորաձև են շագանակագույնի բոլոր երանգները, սպիտակը: Բաց երանգով մազեր ունեցողներին այս տարի խորհուրդ է տրվում կրել կարմիր, կաթնագույն կամ թափանցիկ շրջանակով ակնոց: Անչափ նորաձև են ապակու և շրջանակի կոնտրաստային երանգները:

Սակայն որքան էլ նորաձևությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելու դեպքում ավելի կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը: Ուրեմն, մի քանի խորհուրդ՝ ճիշտ ակնոց ընտրելու համար:
- Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է՝ արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն, ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:

- Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:
- Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:

- Օվալաձև դեմքին շատ են սազում լայն, վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:
- Ակնոց գնելիս պետք է մտածել՝ արդյոք այն հարմա՞ր է նստում քթին. ավելի ճիշտ է ընտրել շարժուն հենակով շրջանակ, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:
- Պետք է պարզել՝ արդյոք կռանալիս ակնոցը վայր չի՞ ընկնում:
ankakh.com



Համարի ասույթը

Կան մարդիկ, որոնց թվում է, թե Երկրագունդը պտտվում է միայն իրենց համար:


Ամսվա ասույթը

Ծնոտից ցախավել կախելը դեռևս բավարար ապացույց չէ գրող ու արվեստագետ կոչվելու համար: Այլապես բոլոր այծազգիներն առաջինը կհավակնեն արվեստի գործիչի կոչմանը:

Комментариев нет:

Отправить комментарий