19.6.11

N 7 (20) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումից և, բնականաբար, հանդիպումից հետո Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ։ Շատ հաճախ ինչ-որ բան փորձում են լսել կամ պարզել նաև ինձնից։ Իմ պատասխաններից ակնհայտորեն մնում են տարակուսած, որովհետև ամեն անգամ փորձում եմ բացատրել, որ Արցախում ընդհանրապես ոչինչ չեն մտածում տվյալ հանդիպման մասին, այնպես, ինչպես երկու, երեք կամ հինգ տարի առաջ ոչինչ չէին մտածում արդեն պատմության գիրկն անցած նախորդ բոլոր հանդիպումների մասին։

Դրա պատճառները շատ են և տարբեր. Արցախի ժողովուրդը, անգամ պաշտոնյաները, շատ քիչ են տեղեկացված։ Լավագույն դեպքում գիտեն այն, ինչ մատուցում են հայկական իշխանական ԶԼՄ-ները։ Բայց սա ընդամենը երրորդական պատճառ է։ Այդ հանդիպումները պարզապես չեն հետաքրքրում արցախցիներին։ Դա լավ է, թե վատ՝ միանգամյան այլ հարց է, և դրա պատճառները նույնպես շատ են։ Օրինակ, ինձ և իմ ընկերներին «Ղարաբաղյան խնդրի կարգավորման» անվան տակ տարվող հանդիպումները չեն հետաքրքրում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք ոչ մի առնչություն չունեն խնդրի իրական կարգավորման հետ։

Ինքնասիրության խնդիր էլ կա. անձամբ ես և հարյուրավոր իմ ընկերներն ու բարեկամները ՀՀ-ում ոչ մեկին չենք լիազորել որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Մեր երկիրը ևս ՀՀ այս կամ այն ղեկավարին չի լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում անգամ այդ պարոնները չեն կարող ստորագրել փաստաթուղթ, որ անընդունելի լինի Արցախի համար։ Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք հայրենասեր են և հասկանում են, որ դա կլինի Արցախի վերջի սկիզբը։ Ամենևին ո՛չ։ Այլ այն պարզ պատճառով, որ լավ հասկանում են, թե դա կլինի իրենց՝ ստորագրողների վերջը։

Անշուշտ, ցանկալի է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցող այդ պարոնները դիլետանտ չլինեին, որքա՜ն լավ կլիներ, որ հայ դիվանագիտությունը երկչոտ ու գետնաքարշ չլիներ, բարձրագույն պաշտոնյաները նախ մտածեին երկրի, ապա հետո միայն իրենց աթոռի ու գրպանի մասին։ Մյուս կողմից՝ կցանկանայի, որ Արցախի քաղաքական վերնախավը երբեմն հանդես գար հաղթող երկրին վայել կոշտ հայտարարություններով... Բայց, ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Կոսովոյի անկախության կապակցությամբ Հաագայի միջազգային դատարանի ընդունած որոշումից հետո, հուլիսի 23-ին Ստեփանակերտում հանրահավաք էր սպասվում։ Այդ մասին արդեն հայտարարել էին հայաստանյան ԶԼՄ-ները, և 34 լրագրողներ ուղևորվել էին Արցախ՝ լուսաբանելու հանրահավաքը, որն, ամենայն հավանականությամբ, պիտի աշխարհին ցույց տար, որ մենք ամենևին քնած չենք, հաստատակամ և ամուր ենք կանգնած՝ մեր անկախությունն ու ազատությունը պաշտպանելու թշնամու ցանկացած ոտնձգությունից... ՀՀ հեռուստալրագրողների ջանքերով այդ կադրերը կցուցադրվեին աշխարհի տարբեր հեռուստաալիքներով, բայց... Բայց, հանրահավաքի փոխարեն ԼՂՀ քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարությամբ...

Կարծում եմ՝ շա՜տ դժվար, անչա՜փ դժվար է լինելու մեր անցնելիք ուղին։ Նստել, սպասում ենք, որ մեր անկախությունը ճանաչեն, որ ինչ-որ պարոններ մեր «հարցը լուծեն»... Թումանյանը մի հեքիաթ ունի, կոչվում է «Անխելք մարդը»... Ի դեպ, պատերազմում տարած հաղթանակից հետո, հետագա տարիների մեր պահվածքում, ցավոք, հարգանքի արժանի ոչինչ չեմ տեսնում...



ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԼՂՀ» ԱՍԵԼՈՎ՝
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ


«ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջող գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղի բացակայությունը խաղաղ կարգավորման բանակցություններին և Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայությունը,- հուլիսի 23-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու հավելել.- Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան կողմի անտեսումը չի կարող հավերժ շարունակվել: Մյուս կողմից՝ ԼՂՀ-ն խաղացող է տարածաշրջանում, ինչը շատ բան է նշանակում»:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ դա իրականությունից հեռու հարց է. «Մենք դեռ չենք համաձայնեցրել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, Բակո Սահակյանն ասել է. «Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը շահարկման թեմա է դարձել, սակայն մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի: Մենք չենք պահանջում, որպեսզի այդ հարցը դառնա առաջնային, քանի որ Հայաստանը պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջև: Մենք դժգոհություն չենք հայտնում այդ հարցում և վստահ ենք, որ վաղ, թե ուշ՝ այդ պահը կգա, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն»:

Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում ԼՂ խնդրի «փոխզիջումային լուծումը»,- հայտնել է նա և ընդգծել, որ այն բանից հետո, երբ ԼՂՀ-ն կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը «փոխզիջումային լուծման» վերաբերյալ:
Լրագրողներից մեկ այն հարցին, թե որն է համարում ԼՂՀ սահմաններ՝ ներկա փաստացի՞, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, Բակո Սահակյանը պատասխանել է, որ «ԼՂՀ» ասելով՝ նկատի ունի հանրապետության ներկա փաստացի սահմանները: «Մենք չենք դիտարկում ԼՂՀ վերջնական կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում»,- հայտարարել է Բ. Սահակյանը:

* * *
ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, աշխուժություն է առաջ բերել Արցախի քնած քաղաքական կյանքում: ԼՂՀ քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ընդունել, մամուլի ասուլիս հրավիրել։ Հայտարարություն է տարածել նաև ԼՂՀ ԱԳՆ-ն, վերոհիշյալ որոշումը ողջունել և իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետներն ու փորձագետները (տես նաև 2-րդ էջը)։



ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԿՌՎԱՆ Է


Հուլիսի 23-ին ԼՂՀ քաղաքական ուժերը հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակել են իրենց համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»։

Հայտարարության հեղինակ ԼՂՀ ԱԺ երեք քաղաքական ուժերը հայտնում են, որ վերահաստատում են առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը և գտնում, որ «միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության»։

Այնուհետև Վահրամ Աթանեսյանը (ԱԺԿ), Արմեն Սարգսյանը (ՀՅԴ) և Արթուր Թովմասյանը («Ազատ հայրենիք») պատասխանել են լրագրողների հարցերին։
Վահրամ Աթանեսյանը նշել է, որ Հաագայի միջազգային դատարանն այդ որոշմամբ արձանագրել է նոր աշխարհակարգի գոյությունը։ Ի պատասխան այն հարցի, թե ինչու Արցախը ևս չի դիմում Հաագայի դատարան, նա հայտնեց, որ իրենք կասկածի տակ չեն դնում Արցախի անկախության օրինականությունը։ «Այդ հարցով Հաագայի դատարան կարող է դիմել Ադրբեջանը»,- ավելացրել է նա, հավելելով, որ վերոհիշյալ որոշմամբ, փաստորեն, անկախություն հռչակած երկրները ճանաչվում են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և Արցախն ավելի հիմնավոր պատճառաբանությամբ կարող է պնդել բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության մասին։ «Սա դիվանագիտական և իրավական լուրջ կռվան է»,- ասաց Վ. Աթանեսյանը։

Ըստ Արմեն Սարգսյանի, Հաագայի միջազգային դատարանի որոշումն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի, և ինքը «շատ ոգևորվելու» իմաստ չի տեսնում։ Նա միաժամանակ նշել է, որ բանակցային լիիրավ կողմ պիտի լինի միայն Ղարաբաղը, իսկ Հայաստանը բանակցություններին պիտի մասնակցի որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ «Մենք պետք է ամենօրյա լուրջ աշխատանք տանենք՝ ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչելու ուղղությամբ»,- հավելել է նա։
Արթուր Թովմասյանը հայտնեց, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը մեզ տրված երկրորդ հարմար պահն է, որպեսզի Հայաստանը սկսի ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացը։ «Առաջին պահը, որ արդեն բաց ենք թողել, եղել է 1994 թվականին, մինչև Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը»,- հայտնել է նա։



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը:
Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաև համընդհանուր նախադեպային նշանակություն և իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով:

Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին և դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:

Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու և կառուցելու, ինչպես նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում:



ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՎԱՂՈՒՑ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՐ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած Հաագայի միջազգային դատարանի որոշումն իրավական պարտադրող ուժ չունի, այլ միայն խորհրդատվական բնույթ ունի, բայցևայնպես այն բարոյական և իրավական տեսանկյունից մի փաստաթուղթ է, որ վիճարկման ենթակա չէ,- ասում է Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ։- Ես շնորհավորում եմ անկախ Կոսովոյի ժողովրդին՝ իրենց երկրի միջազգային ճանաչմանը միտված աննկուն պայքարում հերթական հաղթանակը տոնելու համար, և համոզված եմ, որ յոթ սարի հետևում չէ այն օրը, երբ հենվելով նույն այդ որոշման վրա, միջազգային հանրությունը կճանաչի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Աշխարհն առաջին անգամ ոչ միայն նույն հարթության վրա դրեց «տարածքային ամբողջականության անխախտելիության» և «ազգերի ինքնորոշման» սկզբունքները, այլև, տվյալ դեպքում, նախապատվությունը տվեց երկրորդին։ Մեր պետությունը, մեր կառավարությունը վաղուց ճանաչած պիտի լիներ Կոսովոյի անկախությունը։ Եթե կառավարությունն այսօր էլ չի ուզում ուղղել իր սխալը, ապա պիտի պատասխանատվություն կրի, որ ովհետև փաստորեն արհամարհում է Արցախի ժողովրդի 1991 թ. համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախ պետականության հռչակումը, այդ թվում՝ այլ ժողովուրդների անկախ ապրելու և սեփական պետությունը կերտելու իրավունքը։

Փոխանակ ուղիներ փնտրելու, ջանքեր գործադրելու, ինչպես Կոսովոյի իշխանություններն են անում, որպեսզի աշխարհը ճանաչի սեփական երկրի անկախությունը, Ղարաբաղի իշխանությունները սպասում են, թե ինչ է ասում Ռուսաստանը, որպեսզի հլու-հնազանդ կատարեն այդ երկրի պատվերը»։



ԱՐԱ ՊԱՊՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՃՈՒՐԴԻ ՉԻ ԴՐՎՈՒՄ

Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը», միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին:

Բնական է, որ անկախության հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպես կոչված, «կենտրանական իշխանության» թույլտվության: Ուրիշ բան, որ «կենտրոնական իշխանությունը» կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը:

Գնահատելի է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերոհիշյալ որոշումը միջազգային իրավունքի ժողովրդավարացման ուղղությամբ զարգացման տեսանկյունից: Որոշումը ցույց տվեց, որ XXI դարի մտածողությանն անհարիր է ժողովուրդների բաժանումն արտոնյալների և մերժյալների:
Հիշյալ որոշումը գնահատելի է նաև Արցախի հակամարտության ժողովրդավարական լուծման տեսանկյունից: Այսինքն, ինչպես ժողովրդավարական հասարակության մեջ որևէ մեկն իրավունք չունի անհատի փոխարեն որոշումներ կայացնելու, այնպես էլ ներկա միջազգային հարաբերություններում որևէ մեկն իրավունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպված հանրության փոխարեն:
XXI դարում միջազգային իրավունքը չի կարող աճուրդի դրվել: Միջազգային իրավունքը նավթի աշտարակ չէ:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար




ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ԱԶԴԱՆՇԱՆ Է


Կոսովոյի անկախության հռչակման օրինականության առնչությամբ ՄԱԿ դատարանի որոշումն Արցախի Հանրապետությանն իրավունք է տալիս նույնպես դիմել Հաագայի դատարան՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահանջով: Ինչպես Pan-ARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ղարաբաղում սպասում էին նման որոշման: «Դատարանի վճիռը նախադեպ է միջազգային պրակտիկայում: Առաջին անգամ միջազգային դատական ատյան ազգերի ինքնորոշման իրավունքը բարձր է դասել տարածքային ամբողջականության սկզբունքից: Դա Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է»,- նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, հայ դիվանագիտությունն իր հետագա գործողություններում պետք է օգտագործի այս դրական իմպուլսը և հայկական կողմի իրավունքները պաշտպանի առավել ամուր դիրքերից:

Վ. Աթանեսյանն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը, միաժամանակ պայքարելով ադրբեջանական ագրեսիայի դեմ, կարողացավ անկախություն հռչակել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: «Մենք ոչնչով պակաս չենք Կոսովոյից և անկախությունը հռչակել ենք նույնպիսի պայմաններում: Դա մեզ իրավունք է տալիս միջազգային դատական ատյաններ դիմել Արցախի անկախությունը հռչակելու պահանջով»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը:




ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. ԵՍ ՀՈ ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ ՉԵ՞Մ

«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այն միտքն է հայտնել, որ ռազմական առումով մենք պետք է ավելի հզոր լինենք: «Եթե մենք ցանկանում ենք խաղաղ ձևով խնդիրը լուծենք, պետք է լինենք լուրջ պատրաստված: Տհաճ դեպքը, որ կատարվեց Չայլու գյուղում, ես կհամարեի, որ մեր կողմից թուլություն էր: Պետք է ամեն օր սպասել, որ Ադրբեջանը ոտնձգություն անելու է, և թույլ չտալ, որ դա կատարվի: Կատարվելու դեպքում էլ նորմալ հակահարված տալ, որ աշխարհն էլ իմանա, որ հարվածի պատասխանը Ադրբեջանը ստացավ՝ ավելի կոպիտ ու կոշտ: Սա ավելի շուտ կբերի խաղաղության, քան այն, ինչ որ մենք ենք անում,- ասել է նա։- Մենք պետք է իմանանք, որ տարածաշրջանում, լինի դա Ռուսաստան, ԱՄՆ թե Եվրոպա, միշտ բալանսավորված, երկու կողմերին ուղղված հայտարարություններ են լինելու, ոչ ավելի: Չեն պաշտպանելու մեկին, մեկին փնովեն: 92-ից մինչև էսօր չի եղել որևիցե նման դեպք: Դրա համար մենք պետք է հզոր բանակ ունենանք ոչ թե խոսքով, այլ գործով»:

Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ՀՀ առաջին նախագահի հետ ունեցած հակասության և 98-ին Ղարաբաղի հետ կապված 8 հազար քառ կմ փաստաթղթի վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան Սամվել Բաբայանն ասաց. «Առաջին հերթին՝ բազմիցս է նշվել, որ 8 հազար քառ կմ-ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, դա ներկայացվել է Անվտանգության խորհրդի նիստին, որ ղարաբաղյան կողմի փոխզիջումը տվյալ փուլում պետք է լինի ոչ ավելի, քան 8 հազար քառ կմ-ն է: Դրանից ավելի չի կարող ղարաբաղյան կողմը փոխզիջման գնալ: Դա մեր անվտանգության խնդիրն է և մի շարք այլ հարցերի հետ շաղկապված»:

Ի պատասխան այն հարցի, որ «խնդրի չլուծված լինելու պատճառով մենք սահմանին բազմաթիվ զոհեր ենք ունենում, տնտեսական կորուստներ ենք ունենում և բազմահազարանոց արտագաղթ», Սամվել Բաբայանն ասաց. «Եթե մենք համարում ենք, որ մեր տնտեսության չզարգացման պատճառը Ղարաբաղն է, այն հայ ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովուրդն էլ կարող է հանրաքվեի դնել, որոշեն, մի օրում էլ հանձնեն Ադրբեջանին ու վերջ՝ լավ ապրելու համար: Ի՞նչ դժվար է: Բայց պատճառը Ղարաբաղը չի, պատճառը ինքներս մեր մեջ փնտրենք»:

Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավարը հայտնեց նաև, որ Ղարաբաղի հարցի վերջնական լուծման դեպքում ինքն իր տեսակետը կարտահայտի, և եթե «ինչ-որ մի խավ» Ղարաբաղում կամ Հայաստանում կընդունի այդ տեսակետը, ինքը կփորձի այդ տեսակետը պաշտպանել: «Բայց եթե հասարակությունն անտարբեր է՝ Ղարաբաղում կլուծվի հարց, չի լուծվի, կտան հողերը, թե չէ, թե՛ ղարաբաղցիների, թե՛ հայաստանցիների կողմից, ես հո սպիտակ ագռավ չե՞մ,- հավելեց նա:- Հետո ի՞նչ, որ ծառայություն եմ մատուցել... Հասարակությունը չի ուզում պայքարել ոչ անարդարության դեմ, ոչ իր շահի և ոչ որևէ մի այլ բանի համար»:



Posta. Հայ-թուրքական հարաբերություններում
անակնկալ զարգացումներ են սպասվում


Թուրքական հայտնի Posta թերթի վերլուծաբան Հաքան Չելիքը իր հրապարակման մեջ մասնավորապես գրել է. «Իսրայելի հետ լարված հարաբերությունների մեջ հայտնված, և ԱՄՆ-ի հետ էլ ոչ նախանձելի օրեր անցկացնող Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերություններում մի շարք քայլեր կատարել... Առաջնային նպատակն է՝ Ղարաբաղի խնդրի պատճառով փակուղի մտած բաց երկխոսության գործընթացի վերսկսումը։ Անկարան անհանգստացած է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբիի և Իսրայելի հետ առաջացած խնդիրների հետևանքով ԱՄՆ Կոնգրեսում Հայկական բանաձևը նոր ուժ հավաքի։ Հրեական կազմակերպությունները բացահայտ հայտարարեցին, թե այսուհետ Հայաստանի հետ տեղի ունեցող զարգացումներում Թուրքիայի կողքին չեն լինելու։ ԱՄՆ-ը անընդունելի է համարում, որ Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում տեղ չգտած Ղարաբաղի խնդիրը նախապայման է ներկայացվում։

Չնայած Թուրքիայի խիստ արձագանքին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Հայաստանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը բնութագրվեց որպես ԱՄՆ-ում հիշյալ խնդրի շուրջ մոտեցման հարցում «մեծ փոթորիկի» նախանշան։ Թուրքիան այս պահին քննարկում է, թե ինչպիսի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում...»։




ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ «ԹԱՍԻԲԻ» ՀԱՐՑ Է, ՄԵԶ ՀԱՄԱՐ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՆԴԻՐ

«Նոր էջ»-ի հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ,
ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ


- Վերջերս ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլև համանախագահող երկրների նախագահներն են հայտարարություններ անում Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնց հիմքում ընկած են «մադրիդյան սկզբունքները»՝ ազատագրված տարածքները հանձնելու պահանջով։ Արցախն, արդյո՞ք, պատրաստվում է այդ տարածքները զիջել հակառակորդին։

- Երբ ազգային-ազատագրական շարժման տարիներին հրապարակավ պահանջում էինք Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այն ժամանակվա Ադրբեջանի առաջնորդը՝ Վեզիրովը, հայկական միամտության վրա զարմացած, ասել է. «Հողը արյունով են վերցնում»: Մենք արյունով վերցրել ենք միայն մեր հողերի մի չնչին մասը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն իրենց խորհդարանում ասել է. «Ղարաբաղը մեր մյուս տարածքների հետ համեմատած քարքարոտ, անջրդի և հողագործության համար ոչ պիտանի տարածքներ են, բայց ազատագրումը՝ արժանապատվության հարց է (ասել է թե՝ «թասիբի» հարց է): Իսկ մեզ՝ հայերիս համար մեր տարածքները, այդ թվում՝ ազատագրված հողերը, կազմում են մեր հայրենիքը:

Ցավալի է, որ մի շարք պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քաղաքագետներ դեռ շարունակում են Քաշաթաղի շրջանը դիտել որպես «միջանցք», այն էլ՝ Լաչինի միջանցք: Պարզապես, նման մարդկանց խորհուրդ կտայի մտաբերել իրենց ծննդավայրը կամ անվանադիր նախնիների բնօրրանը և պատկերացնել, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ այդ բնակավայրը կոչում են ոչ թե գյուղ, ավան կամ քաղաք, այլ՝ միջանցք...

- Հայ քաղաքագետների մեջ կարծիք կա ձևավորված, թե կան շրջաններ, որ երբեք չենք կարող զիջել հակառակորդին։ Կարծես որոշ շրջաններ արդեն համաձայն ենք հանձնել, բացի վերոհիշյալից։ Որքանո՞վ եք ընդունելի համարում նման տեսակետը։

- Ես էլ եմ նման տեսակետներ լսել և ապշել։ Իսկ ինչ մնում է Քարվաճառի շրջանի վերաբերյալ մեր դիվանագետների և քաղաքագետների արտահայտված այն տեսակետներին, թե իբր շրջանը չի կարելի հանձնել թշնամուն, քանի որ այնտեղ կան մեծ քանակությամբ ջրային պաշարներ, ուղղակի կարելի է ապշել: Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանը ամբողջովին անապատ լիներ, ապա առանց մի խոսքի կարելի է հանձնել թշնամո՞ւն։ Ստացվում է, որ այդ կամ մի այլ շրջան մենք չպիտի հանձնենք, ոչ թե նրա համար, որ դրանք ազատագրված հայկական հողեր են, դրան հավելած՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեն և այլն, այլև՝ որովհետև այնտեղ ջրային պաշարներ կամ օգտակար հանածոներ կան։ Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանն ամբողջովին անապատ լիներ, ապա առանց մի խոսքի, կարելի է հանձնե՞լ թշնամուն...

- ՀՀ որոշ քաղաքական գործիչները հաճախ այն միտքն են հայտնում, որ ազատագրված տարածքներից մեկ կամ, առավելագույնը հինգ շրջան, կարելի է փոխզիջման կարգով հանձնել թշնամուն: Ինչպե՞ս եք ընդունում դա։ Օրինակ, օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտնել է. «Ես, օրինակ, մեծ հաճույքով կվերադարձնեի մի գյուղ՝ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը, սակայն մի պայմանով, որ այդտեղ վերադառնան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ընտանիքները»։

- Ընդհանրապես ազատագրված հողերը հանձնելու մասին հայկական կողմից առավել շատ խոսում են նրանք, ովքեր Արցախում չեն ապրում, այդ հողերի ազատագրման հետ անգամ հեռավոր առնչություն չունեն և չեն պատկերացնում, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկը «մեծ հաճույքով վերադարձնելու» օրինակը՝ թեկուզ հայ և ադրբեջանցի ընտանիքների վերադարձի պայմանով, ցույց է տալիս հայ դիվանագիտության իրականությունից կտրված լինելը։ Եթե կան մարդիկ, որ առայսօր դասեր չեն քաղել մեր ժողովրդի պատմությունից և լավ չգիտեն մեր հակառակորդի բնույթը, թող կրկին կարդան Թումանյանի «Չարի վերջը»։ Աղվեսը (մեր դեպքում՝ թուրքը) երբեք չի կշտանում, երկրորդը, երրորդն է պահանջում։ Այսօր երբ մեր քաղաքագետները միամտորեն քննարկում են, թե ինչ «փոխզիջեն», հակառակորդը պահանջում է բոլորը...

Պատկերացնենք մի մարդու առաջարկում են իր 7 զավակներից մեկին, երկուսին կամ հինգին հանձնի թշնամուն, որպեսզի մյուսները և ազգակիցներն ապրեն լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, նա կզոհաբերի զավակներից գոնե մեկին, անկախ նրանից թե այդ երեխան ամենախելոքն ու խիզա՞խն է, թե՞ հիվանդն ու տկարը: Որպես բազմազավակ հայր, համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի...

Ինչ վերաբերում է «փախստականների վերադարձի» վերաբերյալ, այսպես կոչված, սկզբունքին, դա անիրական խնդիր է, էլ չեմ ասում, որ այն իրականացնելն ավելի պայթունավտանգ հետևանքներ կունենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քանի՞ ֆրանսիացու ընտանիք է հետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը և, հակառակը, քանի՞ գերմանական ընտանիք է Ֆրանսիա վերադարձել։ Պատմության մեջ նման փաստ չկա։

- Բայց հայկական կողմից ու Արցախի անունից այսօր շարունակում են բանակցությունները, իսկ բանակցասեղանին դրված փաստաթղթերում առաջին հարցը վերաբերում է տարածքները հանձնելուն...

- ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: Այսինքն, ավելի պարզ ասած՝ ազատագրված տարածքները մեր հայրենի հողերն են և մեր ամբողջական Հայրենիքի անբաժան մասը։ Համոզված եմ, որ Սահմանադրության պահանջի խախտումը, ում կողմից էլ այն կատարվի, խստագույնս պատժվելու է օրենքով, և ոչ միայն...



ՂԱՐԱԲԱՂԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

ՀՀՇ 16-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն միտքը, որ «առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը», Հայաստանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել։ Այդ կապակցությամբ իսկ ի՞նչ են մտածում իրենք՝ արցախցիները։

Քանի որ Արցախում այնքան էլ տեղեկացված չեն, կամ շատ քիչ են տեղեկացված, թե ինչ է կատարվում ՀՀ քաղաքական դաշտում, մեր բլից-հարցման ժամանակ հաճախ ստիպված ենք եղել նրանց բացատրել, թե ՀՀ առաջին նախագահը երբ, որտեղ և բառացիորեն ինչ է ասել, հետո միայն լսել արցախցիների կարծիք-մեկնաբանությունը։

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ (48 տարեկան, մասնագիտությամբ ինժեներ) - Երբ պատերազմում հաղթել ենք թշնամուն, կարծում էի, թե մինչև 1-2 տարին ամեն ինչ կվերջանա. կյանքի ու մահվան հետ կապված ամենածանր գործն արված է, մնում է պաշտոնապես ձևակերպել դա։ Մտքովս չի անցել, որ պատերազմից 15 տարի հետո էլ անընդհատ լսելու ենք՝ «ղարաբաղյան խնդիր», «ղարաբաղյան հակամարտություն», «ղարաբաղյան կարգավորում»... Հիմա միայն մի բան եմ ուզում՝ հանգիստ թողնեն մեզ...

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ (նախկին ազատամարտիկ) - Ղարաբաղյան հակամարտություն չկա, կա միայն հայ-թուրքական դարավոր թշնամանք, կա այս երկու ազգերի անհամատեղելիություն։ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված-պրծած է մեզ համար։ Որպեսզի մյուս ամենակարևոր հարցը՝ հայ ժողովրդի անվտանգության հարցն էլ լուծվի, պիտի ունենանք ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն... Ուժեղ տնտեսություն ունենալու համար Ղարաբաղ «նե պրիչոմ...»։ Մեր շուկան հիմա էլ, առանց հայ-թուրքական սահմանի բացման, լցված է թուրքական ապրանքներով։

ԿԱՐԻՆԵ (51 տարեկան, տնային տնտեսուհի) - Մեր էս Ղարաբաղը սաղին խանգարում է։ էն ժամանակ, 1988 թվականին կատակով ասում էինք՝ թող մեզ քաղաքական ապաստան տան, գնանք Ավստրալիա։ Երանի՜ գնացած լինեինք։ Չեմ հասկանում, ես եմ մեղավո՞ր, որ Հայաստանը տնտեսություն չունի, որ արտադրած շոկոլադը, վերմիշելը բանի պետք չեն...

ԼՂՀ պաշտոնյա (չցանկացավ անունը հրապարակվի) - Իմ կարծիքով՝ շատ վատ բան է կատարվում. բոլորը շահարկում են Արցախի խնդրի չկարգավորված լինելը։ Ըստ ազերիների՝ իրենց երկրում ժողովրդավարական համակարգը չի կայանում, երկրում բռնություններ են, որովհետև... Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Նրանք իրենց բոլոր դժբախտություններն ու ձախողումները բացատրում են «Ղարաբաղի խնդրով»։ Դա, ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց որ որոշ հայ քաղաքական գործիչներ, հատկապես ընդդիմադիր գործիչներ, նույնպես սկսել են շահարկել Արցախի խնդիրը, դա շատ մտահոգիչ է...

Ա.Գ. (պաշտոնյա, շարունակելով առաջինին) - Ես նկատել եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանը և այլ ընդդիմադիրներ, նկատի ունենալով, որ դիվանագիտական և քարոզչական դաշտում մենք պարտվում ենք հակառակորդին, որ այսօր այն, ինչ կա բանակցասեղանին, լրիվ մեր դեմ է, դիտմամբ բզբզում են, շտապեցնում են գործող իշխանություններին, որպեսզի վերջիններս օր առաջ խայտառակ մի բան ստորագրեն (ազատագրված որոշ տարածքների հանձնում, հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծում և այլն), որպեսզի ժողովրդի համընդհանուր դժգոհությունն օգտագործեն՝ իշխանափոխություն իրականացնելու համար... Այսինքն՝ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող ինչ-որ բան փորձում են զոհել, որ «մաքուր ձեռներով» իշխանության գան և ասեն՝ մենք ոչինչ չենք կարող փոխել, այս իշխանությունները Ղարաբաղն արդեն տվել-պրծել են...

Ն. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (22 տարեկան, ուսանողուհի) - Իմ կարծիքով՝ պատճառներ որոնելն ամենահեշտն է։ Եթե Ղարաբաղի խնդիրը լուծված լիներ, հայ-թուրքական հարաբերությունները՝ բարելավված, այդ նույն մարդիկ հիմա էլ ասելու էին, թե Հայաստանի տնտեսության զարգացմանը Ջավախքի չլուծված խնդիրն ու հայ-վրացական չկարգավորված հարաբերություններն են խանգարում։

ԳԱԳԻԿ (34 տարեկան, գործազուրկ) - Էդ ասածից միայն մի բանի մասին խոսեմ։ «Ժողովրդագրական վիճակի բարելավումը»... կարծեմ, հայ ազգաբնակչության թվաքանակն ավելացնելը նկատի ունի, չէ՞։ Այսինքն՝ Ղարաբաղն է խանգարո՞ւմ, որ հայ ժողովրդի թիվն իր հայրենիքում ավելանա։ Թող աշխատատեղ ստեղծեն՝ ես և ինձ նմաններն աշխատենք, մեր ընտանիքները պահենք։ Շատերը թողնում, գնում են Ռուսաստան՝ աշխատանք գտնելու... Մեր տարածքի չափ հող ենք ազատագրել, մի բուռ ազգ ենք, բայց գործ չկա, որ անենք։ Որ վաղն այդ հողերը տանք, երևանցին, գորիսեցին կամ արցախցիներս ավելի լա՞վ ենք ապրելու։

ՍԵՐԳԵՅ (62 տարեկան) - Կարճ ասած՝ էլի Ղարաբաղը բոլորին խանգարում է... Վաբշե, ձեր էդ Ղարաբաղի հերն էլ անիծա՛ծ... Թող ծախեն, պրծնեն։ Թուրքը, ռուսը, ամերիկացին, երևանցին, սաղ ուզում են մեզ ծախեն-պրծնեն։ Այդ հարցում բոլորը «կողմ» են, միայն մենք ենք «դեմ»... Իսկ գո՞ւցե մենք էլ ենք կողմ, որ մեզ ծախեն, որ էս աշխարհից չքվենք-պրծնենք...
«Հրապարակ», Երևան




ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. ԲԱՔՎԻ ՓՈՐՁԵՐԸ՝ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է...

Հատված NEWS.am-ին տված հարցազրույցից

Ադրբեջանի՝ կորցրած տարածքներն աստիճանաբար վերադարձնելու ցանկությունն ակնհայտ է։ Դա դուր կգար Բաքվին։ Մանավանդ, որ պատերազմը սկսվեց Ադրբեջանի նախաձեռնությամբ, և պատերազմի առաջին փուլում ղարաբաղյան տարածքներն օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, իսկ այդ շրջանների հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտումների։ Այսինքն, պատժի փոխարեն Ադրբեջանը ցանկանում է կորցրած շրջանների տեսքով բոնուս ստանալ...

Իմ կարծիքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չպետք է քննարկեն տարածքների հարցը։ Ղարաբաղցի պաշտոնատար անձանց մասնակցությամբ հետագա բանակցությունների ժամանակ խոսքը կարող է գնալ միայն միջպետական սահմանների ճշգրտման մասին։ Բացի այդ, Բաքվի իշխանությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ հասնել ԼՂՀ-ից միակողմանի զիջումների, վտանգավոր փորձ է։

Հակամարտության կարգավորման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը մի կողմից պետք է հասնի ուժի չկիրառման մասին եռակողմ համաձայնության ստորագրմանը, մյուս կողմից՝ Ստեփանակերտն ու Երևանը, օգտագործելով Սփյուռքի ներուժը, պետք է ակտիվորեն աշխատեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։
Այսպիսով, ռազմական ճանապարհի բացառումը և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կարգավիճակների հավասարեցումը պայմաններ կստեղծեն տարածաշրջանային երկարատև կայունության համար։




ԱՐՑԱԽԻ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՄ՝ ԵՎ ԿՐԿԻՆ «ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»


Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կլոր սեղան էին կազմակերպել, որի ժամանակ ընդունվել է երկու տասնյակից ավելի այդ կազմակերպությունների հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ին ընդունած համատեղ հայտարարության կապակցությամբ։
Արցախի ՀԿ-ների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հիշյալ հայտարարությունը փաստորեն հաստատում է այն դրույթները, որոնք ընկած են «մադրիդյան սկզբունքների» հիմքում, և դրանք, ինչպես մինչ այդ բազմիցս հայտարարել ենք, չեն կարող կյանքի կոչվել»։

Հայտարարության հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այդ երկրների կողմից միանման հակամարտություններում կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ, դա անվանելով ոչ միայն անարդար, այլև անբարոյական։ Արցախի ՀԿ-ների ներկայացուցիչները գտնում են, որ կարգավորմանը միտված վերոհիշյալ սկզբունքները չեն կարող իրագործվել նաև այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյացության քաղաքականությունը ԼՂՀ բնակչության մեջ ոչ մի կասկած չի թողնում այդ երկրի ղեկավարության հանցավոր նկրտումների վերաբերյալ։

«Մենք չենք վստահում ոչ մի խաղաղարար բանակի, որովհետև բավականին փորձ ենք ձեռք բերել ոչ միայն սեփական նորագույն պատմությունից, այլև վերջին տարիներին տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձություններից»,- ասված է նամակում, որը ստորագրել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի մի շարք անդամներ ու ՀԿ-ների ղեկավարներ։
«Նոր էջ» թերթի խմբագրի այն հարցին, թե ինչու այդ կամ նման հայտարարությամբ առաջին հերթին չեն դիմում հենց հայ իշխանություններին, ՀՀ նախագահին, որոնց վարած «փայլուն դիվանագիտության» արդյունք են «մադրիդյան սկզբունքներն» ու երեք գերտերությունների նախագահների նախորդ և վերջին այս հայտարարությունները, Ժաննա Կրիկորովան պատասխանեց, թե՝ թող մեր իշխանությունները զբաղվեն երկրի տնտեսական և այլ խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական...

Մտքերի փոխանակման ժամանակ կլոր սեղանին մասնակցողներից մեկն էլ այն տեսակետը հայտնեց, թե՝ «ավելի լավ է, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. դա մեզ մանևրելու հնարավորություն է տալիս։ Եթե Հայաստանը ստիպված լինի մեզ համար անընդունելի փաստաթուղթ ստորագրել, մենք կմերժենք, իսկ ՀՀ նախագահն արդարանալու տեղ կունենա՝ տեսնո՞ւմ եք, Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունում դա...»։

Միջոցառման կազմակերպիչները վրդոված էին, որ աշխարհը հայկական կողմին օկուպանտ է համարում, որ երեք նախագահների հայտարարության մեջ ներառված բոլոր կետերը մեր դեմ են... Իսկ որ հենց հայ դիվանագետը, ՀՀ նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանն է հայ իրականության մեջ առաջինը գործածել «օկուպացված տարածքներ» կապակցությունը, որ դեռևս տարիներ առաջ է Սերժ Սարգսյանը հայտարարել, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության համար հիմք են ծառայել Հայաստանի ղեկավարության կողմից հավանության արժանացած նույն այդ «մադրիդյան սկզբունքները», դա այնքան էլ չէր մտահոգում միջոցառման կազմակերպիչներին։

Մեր բազմադարյա պատմության ընթացքում սեփական դժբախտությունների ու ողբերգությունների համար մենք շարունակ մեղավորներ ենք փնտրել մեր սահմաններից այնկողմ, մինչդեռ գրեթե միշտ իրական մեղավորները եղել են հենց Հայաստանի ներսում, մեր մեջ։ Այդ «ավանդույթը» շարունակվում է նաև այսօր, երբ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի տարած հաղթանակը հայ երկչոտ ու ապաշնորհ դիվանագիտությունն անշեղորեն տանում է պարտության ուղիով, և վերջին 20 տարում հայ իշխանավորները եթե մի բան արել ու անում են, դա այն է միայն, որ անսասան պահեն սեփական աթոռն ու բազմապատկեն ձեռքբերած նյութականը...

Եվ այսպես, հերթական նամակը հղվեց «ռուսաց թագավորին»։ Հուսանք, որ գերտերությունների ղեկավարները համապատասխան դասեր կքաղեն այդ հայտարարությունից, և նրանց երրորդ կամ չորրորդ համատեղ հայտարարությունները կլինեն բազմաչարչար հայ ժողովրդի օգտին...
«ՆԷ»



ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ

Հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաև սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: Այնուհետև կառավարության նիստերի դահլիճում հրավիրվել է ԼՂՀ վարչապետի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը։

Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է հանդիսացել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան՝ ընդդեմ «ՂՏ»-ի կողմից սահմանված բարձր գների և սպասարկման ցածր մակարդակի, որ սկվսել է Facebook սոցիալական կայքում «Stop թալանին» անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Այնտեղ զետեղվել էր նաև ծաղրանկար, որտեղ ՀՀ և Արցախի քարտեզի մեջտեղում կանգնած էր Եիրիկյանը՝ Հայաստանում «Viva cell»-ի բաժանորդների համար հրեշտակի, իսկ Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների համար՝ սատանայի տեսքով։ Կայքում բազմաթիվ արձագանքներ են տպագրվել թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Դրան Ստեփանակերտում հետևել է «Տելեկոմի» աշխատակիցների բողոք-ցույցը՝ ի պաշտպանություն Ռալֆ Եիրիկյանի:

«Ղարաբաղ Տելեկոմի» անվան շուրջ սկսված այս աղմուկը անհանգստացրել է նաև Արցախի իշխանություններին։ Արդյունքում՝ իշխանությունները հանդիպել են «Տելեկոմի» գործադիր տնօրենին, այնուհետև կայացել է վերոհիշյալ մամլո ասուլիսը։
10 տարվա ընթացքում ընկերության կողմից Արցախում կատարված աշխատանքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Եիրիկյանին, նշելով, որ իր 2002 թ. իր գործունեությունից մինչ այսօր «Ղարաբաղ Տելեկոմը» կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը համար պայմանագրով նախատեսված 15 մլնի փոխարեն ներդրել է 38 մլն դոլար։ Նա նշել է, որ այդ ամենով հանդերձ, «Ժամանակակից չափանիշներին հասնելու համար անելիքներ դեռ շատ կան», որի վկայությունը ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետ կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների վերաբերյալ վերջերս հանրության կողմից հնչեցված դժգոհություններն են։

Ռ. Եիրիկյանն, ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը, նշեց, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ: Նա նշեց նաև, որ սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա, սակայն առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն:
Եիրիկյանի հավաստմամբ՝ առաջիկա 4 ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն. մինչև տարեվերջ լուծվելու է ինտերնետային կապի որակի և սակագնի հարցը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:

Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, Եիրիկյանն ասաց, որ ինքը «ՂՏ»-ի բաժնետեր չէ, այլ ընդամենը պաշտոնյա է, որ հասարակական հիմունքներով կատարում է 830 աշխատող ունեցող ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները։
Ասուլիսի ընթացքում խոսք եղավ նաև այն մասին, որ պատերազմ տեսած արցախցին, հատկապես առողջական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուները, որ բջջային հեռախոս իրենց մոտ պահում են միայն նրա համար, որ փողոցում իրենց վատ զգալիս կարողանան կապվել տնեցիների հետ, և ողջ ամսվա ընթացքում նրանց րոպեավճարը կազմում է ընդամենը 70-100 դրամ, ստիպված են լինում լրացուցիչ մուծել նաև 1200 դրամ, այսպես ասած, բաժանորդավճար, այն դեպքում, երբ բաժանորդաքարտ վերցնելիս արդեն մուծել են 8 հազար դրամ։

Ասուլիսում պարզվեց, որ 140 հազար բնակչություն ունեցող Արցախում «Տելեկոմն» ունի բջջային ծառայությունից օգտվող 60 հազար բաժանորդ, որից 50 հազարն օգտվում է հետվճարային, մնացյալը՝ կանխավճարային համակարգից։ Ասել է թե՝ 50 հազար բաժանորդ յուրաքանչյուր ամիս րոպեավճարից բացի, որպես բաժանորդավճար, հենց այնպես «ՂՏ»-ի գրպանն է մտցնում 60 մլն դրամ (1 տարվա կտրվածքով՝ 720 մլն դրամ)։
Ակնհայտորեն երևում էր, որ Եիրիկյանի համար անսպասելի էր «Տելեկոմի» դեմ սկսված դժգոհությունների այս ալիքը։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա խոստացավ հաճախակի հանդիպել նրանց հետ և պարզաբանել հանրությանը հուզող խնդիրները։

Անշուշտ, «Ղարաբաղ Տելեկոմը» ստիպված է դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել՝ կապված նաև Արցախի հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելու հետ։ Սակայն պատերազմ տեսած, սակավակարող արցախցին, խղճուկ կենսաթոշակով ապրող արցախցին այսօր այլևս չի ցանկանում այդ ամենի համար վճարել իր «հացի փողից»։ Վերոհիշյալ հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը վկայում են, որ դա հասկացել են թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ «ՂՏ»-ի գլխավոր տնօրենը։

Վ. ՕՎՅԱՆ

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղում գործում է 2002 թվականից և պատկանում է ազգությամբ արաբ, լիբանանաբնակ Պիեր Ֆաթուշին: Վերջինս էլ, 2002 թվականին կնքելով Ղարաբաղի իշխանությունների հետ գաղտնի պայմանագիր, սկսեց իր գործունեությունը կապի ոլորտում: Պայմանագիրը երբեք չի հրապարակվել, ինչն էլ հաճախ է քննադատության արժանանում ղարաբաղցիների կողմից... Եթե Հայաստանում հնարավոր է 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետային կապ ստանալ ամսական 8 հազար դրամով (շուրջ 20 դոլար), Ղարաբաղում այն արժե 350 հազար դրամ, այն էլ՝ առանց որակի երաշխավորման»:
«Ազատություն»



ԱՐՑԱԽ. ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ

Յուրաքանչյուր հասարակարգ ունի իր բարոյահոգեբանական դիմագիծը: Սոցիալիստական հասարակարգում գործում էին «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» և նման սկզբունքներ, դպրոցական ծրագրերում մեծ տեղ էին հատկացվում հայրենիքի սիրո, մարդասիրական, բարոյական արժեքների թեմաներին, քարոզում էին և դաստիարակում ընկերասիրություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, հարգանք մեծի և փոքրի նկատմամբ, հարգանք գիտելիքի նկատմամբ և այլն։

Պետությունը տներ, շենքեր էր կառուցում ու ձրի բաժանում մարդկանց, և այս գործողությունը մարդկանց մեջ վստահություն ու սեր էր սերմանում պետության և ապագայի նկատմամբ: Պետական աջակցություն էին ցույց տալիս բազմազավակ ընտանիքներին, առաջին հերթին ապահովում էին բնակարանով, և ընկեր, բարեկամ, հարևան, ով ինչով կարող էր՝ օգնում էին նրանց։

Բայց, ինչպես դասական քաղաքագետներն են պնդում, մի հասարակարգի հիմքում ձևավորվում են մյուս հասարակարգի սաղմերը: Եվ, ահա, տեղի ունեցավ սոցիալիստական համակարգի փոխարինումը մի նոր հասարական համակարգով։ Ձևավորվեց նոր պետական ապարատ… Եվ այս ամենը կատարվեց մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում դարավոր թշնամու դեմ։




ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ազատագրական պայքարը պսակվել է հաղթանակով՝ շնորհիվ նախորդ պետականության գաղափարասոցիալական հիմքի և հայ ժողովրդի միասնության։ 1988-ին թվում էր, թե ամբողջ հայությունը շնչում է մեկ օդ, ունի միայն մի գերնպատակ՝ ազերիներից ազատագրել հայոց հողերը։ Հասարակության մեջ «հարուստ» և «աղքատ» տարբերակումներ չկային, մարդիկ իրար նույն աչքով էին նայում, ինչպես հավասարը՝ հավասարին։ Սակայն պատերազմի ընթացքում, երբ գաղափարի մարտիկներն ամենավտանգավոր գծում հայրենի հողն էին ազատագրում ու պաշտպանում, ոմանք ավելի տաքուկ անկյուններում զբաղված էին իրենց նյութական բարեկեցության հարցերով։ Պատերազմի ժամանակ և հետո «թալանի» շնորհիվ հասարակության մի մասը նյութապես ապահովեց իրեն:

Վերջիններս սեփականատեր են դառել ոչ թե հայրենասիրական գաղափարներով զինված, այլ միայն թալանի բնազդով, և նրանց միտքը շարունակ պտտվում է ձեռքբերելու, կորզելու, հարստանալու շուրջ։ Նրանց կյանքի նպատակը դարձել է թալանելը, անկախ նրանից, դա 100 դրա՞մ է, հազա՞ր, 10 հազա՞ր, թե՞ միլիոն...
Պետականագոյացման ընթացքում շատ պաշտոնյաներ պետությունից կարողացան շորթել «ազնիվ» գումարներ և հարստանալ։ Պետական ապարատը նրանք ծառայեցնում են միայն մի նպատակի՝ սեփական, անձնական հարստությունը կրկնապատկելու, եռապատկելու համար: Ունևորների մեջ քիչ տոկոս են կազմում այն ձեռներեցները, ովքեր ազնիվ ճանապարհով կամ բախտի բերումով են ունևոր դարձել։

Հասարակության մի ստվար մասն էլ կազմում են օրվա հացի համար վաստակողները՝ ուսուցիչներ, ծառայողներ, արհեստավորներ, պայմանագրային զինծառայողներ և այլն: Հասարակության մեջ մեծ տոկոսն են կազմում նաև կենսաթոշակառուները, հաշմանդամները։ Վերջիններս շատացել են, և՛ պատերազմի հետևանքով, և՛ սոցիալական անբավարար վիճակից (անգամ բուժման ու դեղորայքի փող չունեն)...
Հասարակության մեջ մեծ ազդեցություն ունեն զոհված ազատամարտիկների ընտանիքները, որոնք զգոն են պահում հասարակությանը՝ որ եղել է պատերազմ և այդ պատերազմի դաժան հետևանքները, անբուժելի վերքերը դեռ մնում են...

Ազգի գոյապահպանությունը պայմանավորված է կազմված ընտանիքներով և երեխաների ծննդով։ Աքսելերացիայի հետևանքով երիտասարդներն այսօր ցանկանում են ընտանիք կազմել նույնիսկ տասնյոթ տարեկանում կամ բանակից հետո. ֆիզիոլոգիապես այդպես է օրգանիզմը պահանջում, բայց նյութապես և հոգեբանորեն շատ քչերն են պատրաստ ընտանիք կազմել և ապահովել ընտանիքը՝ որպես հասարակության միջուկ:
Ճանաչում եմ երիտասարդների, ովքեր հնարավորություն չունեն ամուսնանալու՝ հարսանեկան ծեսի համար միջոցներ չունեն, անգամ տուն չունեն, չունեն այնպիսի աշխատանք, որ հնարավորություն ընձեռի հոգալու ընտանիքի նվազագույն ծախսերը: Այս առումով, իրոք, անգնահատելի գործ է կատարել Լևոն Հայրապետյանն՝ իր ընկերներով, ովքեր նեցուկ եղան արցախյան 700 ընտանիքների, և արդեն այդ նորաստեղծ ընտանիքներում երեխաներ են ծնվել...



ԴՊՐՈՑ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր փոխվել են աշակերտների հետաքրքրությունները։ Եթե երեսուն տարի առաջ աշակերտներն իրենց ազատ ժամանակին գիրք էին կարդում և հեռուստացույցով բարոյական ծրագրեր նայում, այժմ համակարգիչներով զանազան բարդ աշխատանքներ են կատարում, իրար SMS-հաղորդագրություններ գրում և հիմնականում իրենց օրվա ժամերն անցկացնում են նստած կամ պառկած: Այսինքն՝ աճող, զարգացող օրգանիզմը քիչ է շարժվում, որը նպաստում է ճարպակալմանը՝ դրանից բխող հետևանքներով։
Սակայն այսօր մտահոգիչն այն է, որ աշակերտն այլևս չի գնահատում ուսուցչին և նրա տված գիտելիքը. «Գիտելիք ես տվել, լավ ես արել, դրա համար դու վարձատրվել ես»,- լսել եմ աշակերտի ծնողից: Դասարանում առաջանում են խմբավորումներ՝ ունևորների և չունևորների, գիտելիք տենչացողների և գնահատական կորզողների:

Դպրոցական ծրագրերը պետք է նպաստեն, ձևավորեն անհատներ, որոնք ունեն առողջ մարմին, առողջ միտք և առողջ հոգի: Դպրոցից հետո անհատի կյանքի հաջորդ փորձությունը աղջիկների համար՝ լավ մայր լինելն է, իսկ տղաների համար՝ հայրենիքին ծառայելը:
Պատերազմում հաղթելու համար պետք է ունենալ ուժեղ, ժամանակակից զենք և ուժեղ, գաղափարապես զինված, հայրենասիրական ոգով տոգորված զինվոր: Զորքին զենքով ապահովում է պետությունը, իսկ գաղափարը զինվորին տալիս են դպրոցն ու հասարակությունը: Անձը հավասարակշռված է ձևավորվում, երբ դպրոցի կրթական ծրագրերը, հասարակության շարժման օրենքներն իրար համահունչ են, ունեն մեկ նպատակ և ուղղություն: Եթե մեծ ազգերի համար այս օրինաչափությունից շեղումներն այնքան էլ ճակատագրական չեն, ապա մեր ազգի համար այդ շեղման վնասները կարող են շոշափելի լինել։ Վատ օրինակը, վարքագիծը ավելի հեշտ է յուրացնել, առանց ջանք խնայելու, քան լավն ընդօրինակելը:

Ծնված օրից մինչև բանակային ծառայություն՝ ընտանիքում, մսուր-մանկապարտեզում, դպրոցում թե արհեստավորական հաստատությունում և, վերջապես, բանակային ծառայության մեջ ի հայտ են գալիս բնավորության և գաղափարական այն գծերը, որ անհատը ստացել է նախորդ տարիներին: Ահա թե ինչու ընտանիք-դպրոց-հասարակություն-բանակ շղթան պետք է ունենա նույն գաղափարադաստիարակչական ուղղվածությունը։



ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Եթե նախորդ հասարակարգում պետբյուջեի եկամուտը կայուն էր, կային պետական գործարաններ, ֆաբրիկաներ, կոլտնտեսություններ, որոնց եկամուտները, տնտեսական ավելցուկը անմիջապես մտնում էր պետբյուջե, և եթե եկամտի տոկոսային հարաբերությունը ցածր էր լինում, ապա միութենական բյուջեից համալրվում էր, ապա այսօր ձևավորվող պետական համակարգում պետության սեփականությունը անհայտ է, և ազգային եկամուտը հիմնականում գոյանում է հարկատուներից գանձված հարկերից, սփյուռքահայ մեծահարուստների նվիրատվություններից ու հանգանակություններից գոյացած միջոցներից: Արդյունքում՝ պետբյուջեն կախված է առանձին անհատների «ազգային» խղճից և պետական հարկերի գանձումից (ստեղծվել են ազգանպաստ գործերի հիմնադրամներ, որոնք ևս կատարում են ազգապահպան գործունեություն՝ ճանապարհաշինություն, նոր դպրոցների, հիվանդանոցների, բնակարանների կառուցում և այլն)։

Բնակարանաշինությունը բնակչության ցավոտ խնդիրն է։ Վերջին տարիներին նկատվում է Արցախի գյուղական բնակչության մեծ ներհոս՝ ջահելությունը բնակություն է հաստատում Ստեփանակերտում: Ինձ ծանոթ միայն մի փողոցում այսօր ապրում են տասնհինգ տնավորներ, ովքեր հիմնականում գյուղերից են կամ պայմանագրային զինծառայողներ: Երիտասարդների ծնողները բերք են քամում քաղաքի աղքատիկ հողից՝ թողած իրենց բարեկեցիկ տները, երիտասարդ ընտանիքներն ապրում են ցածրահարկ կամ նույնիսկ կիսանկուղային պայմաններում: Այսօր պետության համար հրատապ խնդիր է՝ կանգնեցնել գյուղերի քայքայումը և պայմաններ ստեղծել երիտասարդ ընտանիքների պահպանման համար՝ գյուղական միջավայրում: Գյուղի ջահելներն այսօր այլևս չեն ցանկանում հողի մշակման հետ կապված բազում խնդիրների բեռան տակ մնալ, այլ ձգտում են «բարեկեցիկ» քաղաքային կյանքի:

Պետությունը պետք է նպաստի, որ գյուղում բնակվելն ու աշխատելը ոչ թե ծանր պարտք լինի, այլև գյուղացին իր աշխատանքից հաճույք ստանա և ունենա կայուն եկամուտ: Պետք է օգնել գյուղացիներին՝ գյուղատնտեսների և անասնաբույծների խորհրդով, որ պահած կենդանին այնպես խնամի, որից կայուն եկամուտ ստանա, կամ տվյալ հողամասում այնպիսի կուլտուրաներ ցանի, որ տարերային աղետներից ու եղանակից քիչ կախված լինի: Մի խոսքով՝ գյուղացին պետք է ունենա աշխատանք և եկամուտ, որ գոյությունը պահի։ Միջգյուղական ճանապարհները պետք է վերանորոգվեն, որպեսզի գյուղացին կարողանա եկամտափոխանակությունը կատարի:

Արցախում, ըստ իս, ավելի նպատակահարմար կլինի զարգացնել անասնապահությունը (ոչխարաբուծություն, խոշոր եղջերավոր անասուններ)։ Շահավետ կլինի նաև զարգացնել մեղվաբուծությունը: Նշված ոլորտներում պետությունը պետք է հարկային մեղմ քաղաքականություն վարի, պայմաններ ստեղծի, որ գյուղացին իր մթերքների ավելցուկն իրացնի տեղում, կոմպլեքս մթերաիրացման կենտրոններ ստեղծի, որպեսզի գյուղաբնակը, հատկապես երիտասարդները, տասնյակ ավելորդ խնդիրներ չունենան և ստիպված չլինեն բռնել քաղաք տանող ճանապարհը։

Եթե խորհրդային կարգերի ժամանակ եկու շենքը բավարար էր պետաշխատողների համար, ապա այսօր կառավարական հիմնարկների, նախարարությունների համար տասնյակ շենքեր կան, երբ նրանք բոլորը, այսպես ասած, ղեկավարում են ընդամենը 140 հազար բնակչություն։ Կան պետպատվերով ավարտած խելոք մասնագետներ, ովքեր տանը նստած են, քանի որ նրանք «իրենց մարդը» չեն...
Ահա այս սոցիալ-քաղաքական վիճակում է գտնվում մեր ժողովուրդը, որի գլխին ամեն րոպե կախված է պատերազմի վերսկսման վտանգը…

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Ստեփանակերտ



ՈՌՆՈՑՈՎ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ, «ՊԱՐՈՆԱՅՔ»...

Հարգելի խմբագրություն։ Ձեր թերթի նախորդ համարներում կարդալով ավտմեքենաների ազդականչերով Հուշահամալիր մեկնող հարսանքավորների մասին, ուրախությամբ ուզում եմ, նշել, որ զգալիորեն պակասել է դրանց թիվը։ Ես ինքս մի քանի անգամ լսել եմ, թե ինչպես են տղայի կամ աղջկա ծնողներն իրենց հյուրերին պատվիրում քաղաքի փողոցներով մեկնելիս ազդականչեր չտալ։ «Ամոթ է, նորմալ մարդիկ այդ ձևով չեն գնում զոհվածի, նահատակի հիշատակ հարգելու»,- այս խոսքերով է նրանց դիմել նաև իմ հարևան Լևոնը։

Մի քանի անգամ էլ լսել եմ, որ հարսանիքը ղեկավարող սեղանապետերը (թամադա) հյուրերին նույնպես խորհուրդ են տվել մեր ազգին պատիվ չբերող, վայրենի այդ սովորույթից զերծ մնալ։ Ամուսնացող ջահելներից շատերը նույնպես դեմ են ավտոմեքենաների ոռնաձայն շարասյունով Հուշահամալիր մեկնելուն...
Բայց, ցավոք, մեզանում դեռ կան, ղարաբաղցու ասած՝ «պտկան ծաղկած» տխմարներ, ովքեր փողատեր են դարձել, շքեղ ավտոմեքենաներ գնել, և հարսանիքների ներկայանում են ոչ այնքան նորապսակների հանդեպ հարգանքից դրդված, այլ իրենց մեքենաների ոռնոցով անցորդների, հատկապես աղջիկների ուշադրությունը գրավելու՝ «տեսեք ինչպիսի՜ տղա եմ, տեսեք ի՜նչ մեքենա ունեմ...»։

Իսկ նորմալ աղջիկները, նորմալ մարդիկ սովորաբար դրանց նմաններին կամ ուշադրություն չեն դարձնում, կամ արհամարհանքով նետում են նրանց հետևից. «Լավ մեքենա ունես, բայց ի՞նչ օգուտ, որ ոչխար ես...», կամ՝ «Մեքենայիդ զռռոցով կգնաս պապիդ հիշատակը հարգես...»։
Ճիշտն ասած, հարսանքավոր մեքենաների ազդանշան տալուց կամ չտալուց կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի ընտանիքի կամ միջավայրի ծնունդ են հարսն ու փեսան։ Հասկանալի է, որ միայն քաղքենի միջավայրում ծնված-մեծացածներն են այսօր իրենց հարսանիքները «զարդարում» ավտոմեքենաների ոռնոցով...

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
մանկավարժ



ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՁԵՎ Է

Հարցազրույց արցախցի նկարիչ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ

- Ի՞նչ է նկարչությունը Ձեր պատկերացմամբ:

- Ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, նկարչությունը ևս մի նպատակ է հետապնդում՝ մարդու մեջ դաստիարակել էսթետիկա՝ աշխարհընկալում, գեղեցիկը նկատելու, տեսնելու կարողություն: Ամեն մի արվեստի ճյուղ էլ ունի իր առանձնահատկությունները, բայց ինց թվում է, թե դրանք բոլորը միաձուլված են իրար մեջ, կարծես մեկը մյուսի շարունակությունն են կազմում, ինչպես երաժշտությունը, նոտան, խոսքը, այնպես ել գույնը, ծավալը, բոլորն իրար հետ շաղկապված են, ուղղակի տարբեր են լեզուները, գաղափարի արտահայտման լեզուները:

- Ի՞նչ զգացումներ եք ունենում նկարելու ընթացքում:

- Ես, ընդհանրապես, կողմնակից եմ զգայական նկարչությանը: Եթե զգացմունքիդ ես տուրք տալիս, երբ ի վերուստ քեզ թելադրում են, թե ինչ պետք է նկարես, և՛ թեման, և՛ բովանդակւթյունը, և՛ գույնը, և՛ ծավալը, ամեն ինչ մեխանիկորեն իրար հետ շաղկապված, ամբողջական ձևի մեջ ի հայտ են գալիս որպես քո մտքի ծնունդը, քո մտքի արգասիքը:

- Ի՞նչ է Ձեզ տալիս նկարչությունը:

- Նկարիչը, արվեստագետը, եթե իր ընտրած մասնագիտությունը չի դարձնում որպես ապրելաձև, այն եթե չի վերածվում պահանջի, ապա պտուղը, ստեղծած պատկերը չի կարող լիարժեք լինել, պետք է ապրել դրանով, ահա դա է տալիս ինձ նկարչությունը:

- Ի՞նչ դեր ունի նկարչությունը Արվեստի ոլորտում:

- Արվեստի որևէ տեսակ մյուսի հանդեպ չունի առավելություն։ Այդ տեսակ մտածողությունը ես սխալ եմ համարում։ Կարող եմ երբեմն ստեղծագործել, երգել, դա հոգևոր պահանջ է, իսկ իմ նախընտրությունը նկարչությունն է։ Ես կարող եմ ստեղծագործությամբ արտահայտել իմ զգացմունքները, որ զգում եմ նկարելու ընթացքում, դրանք իրար լրացնող հանգամանքներ են:

- Մեր երիտասարդությունն, արդյո՞ք, ընկալում է գեղանկարչություն-արվեստն այնպես, ինչպես դուք՝ արվեստագետներդ կցանկանայիք...

- Մենք, ընդհանրապես, դաստիարակված հասարակություն չունենք։ Խոսքը միայն երիտասարդության մասին չէ, ավագ սերունդը նույնպես դաստիարակված չէ: Եթե եվրոպական երկրներում առաջինից տասներկուերորդ դասարաններում կերպարվեստ են անցնում, եթե բժշկականում կամ իրավաբանականում արվեստի պատմության քննություն են տալիս, ապա այնտեղ արվեստի անհրաժեշտություն, պահանջ կա հասարակության մեջ: Իսկ մեզ մոտ դա բացակայում է: Բացի ունեցածը պահպանելուց, պետք է կարողանալ այն շարունակական դարձնել, ստեղծել նորը...

- Այդ առումով ինչո՞վ կարող են օգնել ԶԼՄ-ները։

- Ինձ համար տխուր է նայել հեռուստացույց ու պայքարի ուժ չտեսնել, մեր ԶԼՄ-ներում չկա ձգտում մեր հասարակության մեջ գտնել թերություններ, որոնք պետք է վերացնել: Սովորաբար ժողովուրդն ակնկալիքով է հեռուստացույց դիտում, որպեսզի տեսնի, թե կա՞ն այնտեղ իր հոգսերը, խոսվո՞ւմ է այնտեղ իրեն մտահոգող պրոբլեմների մասին: Լիարժեք պետություն ստեղծելու համար պետք կարողանալ նկատել մեր մեջ եղած թերությունները:

- Ի՞նչ կուզենայիք փոխել արվեստի բնագավառում, ի՞նչ թերություններ կան, որոնք ստվեր են գցում արվեստի վրա:

- Ի՞նչ է թերությունը. նեղ ազգայինի մեջ պարփակվելով՝ մենք հաջողությունների չենք կարող հասնել: Արտասահմանում ցուցահանդես կազմակերպելով միայն հայկական համայքի համար, իրար գովելով ու մեր խոհանոցի մեջ մեզ լավ զգալով, մենք չենք կարող ներկայանալ աշխարհին: Աշխարհում գոյություն ունի ընդհանուր մշակութային գաղափար և այդ ընդհանուր մտածելակերպի լեզվով պետք է ներկայացնել ազգայինը, իսկ մենք արվեստը վեր ենք ածել էթևոգրաֆիայի: Եթե ասում ենք, որ Պիկասոյին ընդունում է ողջ աշխարհը, ապա կա ընդհանուր մի բան, որ բոլորն են ընդունում: Դա այն որակն է, որն ընդունված է աշխարհում: Յուրաքանչյուր դար էլ ունի իր մտածելակերպը, և մեր հայկական մտածելակերպն էլ պետք է ներդաշնակ լինի, որպեսզի օտարն էլ հասկանա մեզ: Ես կուզենայի մեծ ուշադրություն դարձվի մշակույթին, որովհետև ժողովրդի դիմագիծն է որոշվում դրանով:

- Ինչպե՞ս եք տեսնում ապագան արվեստի ասպարեզում:

- Տխուր, շատ տխուր, որովհետև, եթե այսպես գնա, մենք որևէ հաջողության չենք հասնի: Ամեն մարդ պետք է իր գործին ծառայի, իսկ մեզ մոտ դա այդպես չէ, մշակույթի բնագավառը բարձիթողի է, ով կարողանում է, աշխատում է: Ես չեմ տեսնում, որ մշակույթի նախարարությունը, պետությունը հակված է մշակույթը ներկայացնել դրսում՝ իր իսկ կայացման համար։ Բայց այդ ուղղությամբ պետք է պայքարենք բոլորս:

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ լրագրության 2-րդ ուրս



ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ

Ասկերանի «Քաղաքապետարան» ցուցանակն ու անելումուտ շենքն ինձ դրդեցին ներս մաևել: Առաջին հարկը քանդված էր, հավանաբար՝ նորոգման նպատակով, բայց երկրորդ հարկից ձայներ լսվեցին: Ակամա բարձրացա: Միջանցքում մանկական ձեռքի շնորհիվ պայծառություն կար, առինքնող: Պատերը շնչում էին մանուկների հոգու տեսիլքը, երևակայությունը և ձեռքի կարողությունը ասելիքի վերածված գույներով:

Նկարները հրապուրում էին պարզորոշ նպատակով, սիրո դրսևորմամբ, մտքի տեսանելիությամբ: Մոտեցավ մի կին.
- Ո՞ւմ եք ուզում:
- Հենց այնպես, նկարներն եմ դիտում: Հետաքրքիր է: Քաղաքապետարան... ու երեխաներ:
- Քաղաքապետարանը տեղափոխվել է: Գնանք ներս: Այնտեղ ավելի հետաքրքիր գործեր կան, ասաց երիտասարդ բարետես մի կին, որը երկու երեխաների մայր էր, բայց ասես աղջնակ լիներ: Նա ինձ առաջնորդեց տնօրենի սենյակը, որտեղ ոչ միայն նկարչական գործեր կային, այլև՝ գոբելենի, ուլունքագործության, մաքրամեի, ասեղնագործության, շյուղագործության, կարուձևի, փափուկ խաղալիքների, խեցեգործության, ծաղկաբուծության ինքնատիպ նմուշներ, որոնք տեսարժան թանգարանի էին վերածել աշխատասենյակը:

Պատին փակցված էին նաև պարի, ասմունքի և տարբեր միջոցառումների խմբակային լուսապատկերներ՝ մրցույթներից, փառատոներից:
Եվ այս ամենը իր կենդանությամբ ու բովանդակությամբ մոռանալ տվեց առաջին հարկի լքյալ վիճակը: Առավել ևս, թեկուզ ժամանակավորապես այստեղ տեղավորված, այս հյուրընկալ օջախի ներկայացուցիչները տիրոջ սրտացավությամբ էին հետևում իրենց գողտրիկ ապաստարանի բարետեսությանն ու նորոգ լինելուն, որպեզի այն ներդաշնակի իր անվանը՝ Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:

Ներս հրավիրողը տնօրենն էր՝ Մանե Հայրյանը: Նա այստեղ սկսնակ լրագրող խմբակն է վարել և այլևս չի կարող հեռանալ, քանի որ ամեն մի երեխայի մեջ երբ խմբավարը նախասիրության առկայծում է տեսնում, ապա փորձում է բոց դարձնել։ Մանեին թվում է, թե նոր աստղ են հայտնաբերել հայոց հոգու երկնակամարում, և կենտրոնում ընդգրկված 380 աշակերտներից մի քանիսն անպայման տաղանդավոր են, մյուսները՝ շնորհալիներ: Շնորհքն արդեն գտածո է, այն էլ՝ այդ բույլը համալրող դպրոցների սաներից կազմված (Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Խանցքի, Ավետարանոցի, Շոշի, Լեռնավանի, Ակնաղբյուրի):

Ամենամսյա միջոցառումներն էլ ավելի են զարգացնում երեխայի րնդունակությունը՝ պարտավորեցնելով նրան աշխատասիրություն, իր ներքին աշխարհի ճանաչում ու հայտնագործում, ազգային հպարտության արժեվորում, դրա երանգ ու աճ:
Մանեն մայրական գորովանքով հայտնում է, որ հենց այսօր Մելինեն մեկնել է Երևան ասմունքի մրցույթի, իսկ խեցեգործության վարպետ Արմեն Ղազարյանի աշակերտներից Ավետիքը որոշել է սովորել կիրառարկան արվեստի ակադեմիայում: Մանեն իրենց աշխատանքը գնահատված է համարում՝ վկայակոչելով պատվոգրերը, գրառումների մատյանը, լուսանկարների տրցակը:

Տարաբնույթ ցուցահանդեսները և մրցույթները վեր են հանում մատղաշ հայի բազմաշնորհությունը, որը պետք է խնամվի և զարգացվի: Սա է Մանե Հայրյանի հոգսը: Թերևս այս կենտրոնը պատահաբար հայտնաբերելուս դիպվածին անդրադառնալու հարկ չլիներ, եթե ուշադրությունս չգրավեր Ասկերանի հինավուրց բերդաքաղաքի մուտքի մոտ երեխաների հոծ կուտակում:
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ երեխաներ խմբով ստեղծագործում էին՝ հայրենի հողին դաջելով իրենց երազանքը, կարողությունը և ներկայի ու ապագայի տեր լինելու վստահությունը: Նրանց շուրջը ստվարանում էր հետաքրքրասերների բազմությունր՝ հասկանալու նոր սերնդի հոգու կանչը, որ է՝ արդարություն Արցախում և Արցախի հարցում, ազատություն, անխախտելի խաղաղություն, շենշող արև:

Նրանք ներքուստ լիահույս էին, որ «Ասկերանում և պատմական ու նորօրյա Արցախում կշողա պայծառ արևը՝ տնօրինելով կյանքի բոլոր բնագավառներում, իսկ այս մանուկները կկարողանան ստեղծել Աստծու արքայությունը ա՛յս հողի վրա, ինչպիսին իրենք են. հեքիաթային աշխարհը, հայի աշխարհը, հավերժող բարու աշխարհը»...

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն,
քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը


(Սկիզբը նախորդ համարներում)

...Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա և գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը: Այսպես էր Հայոց կլուբը: Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին» մատ անգամ չդիպցրին: Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր՝ ցարական համ ու հոտով: Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա՝ երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում: Այստեղ էլ խուժել էին կազակները և, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին: Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին: Բայց ի՞նչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ և նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին: Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին…

Թանձր խավար իջավ քաղաքի վրա: Ոչ մի տեղ չպսպղաց ոչ մի ճրագ: Ոչ մի պատուհան չբացվեց: Ազգաբնակչությունը կուչ էր եկել մթի ծալքերի մեջ և ժամերի դանդաղ ընթացքն էր հաշվում մինչև… մինչև որ ի՞նչ լիներ... Մենք էլ, այո՛, վայելեցինք Նիկոլայի հոկտեմբերյան մանիֆեստի ազատությունները. իզուր չէին նրան «առատաշնորհ» անվանում նրա լակեյները: Եվ, իրավ, սա դեռ բոլորը չէր, այս միայն «սկիզբն էր երկանց»:

Վորոնցով-Դաշկովը չէր բավականացել հոկտեմբերի 22-ի «հաղթությամբ»: Նա կարծել էր, թե իրեն կհաջողվի բռնել դաշնակցական հիդրայի հազար գլուխներից գեթ մեկը, բայց չէր կարողացել նույնիսկ պոչի ծայրից բռնել: Եվ սա այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը, վաղօրոք ինչ-որ հոտ առնելով, այդ օրն իրեն և իր 7000 զինվորներին փառահեղ մենության մեջ էր պարուրել՝ թույլ տալով, որ հայ ժողովուրդն ինչպես իմանում է՝ իր մեջքով պատասխան տա իրար գոտիներից բռնած 7000 զինվորի համար: Չէ՞ որ մի քանի ամիս առաջ նահատակված Քրիստափոր Միքայելյանը գրել և ապացուցել էր. «Միևնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»:

Եվ ահա մի նոր տագնապ Թիֆլիսի հայության համար: Հոկտեմբերի 24-ի առավոտից մի աներևակայելի հուզմունք հազարավոր մարդկանց դուրս շպրտեց փողոց: Հուզմունքը տարածվում էր ավելի ու ավելի, և հայտնի չէր, թե ովքեր են տարածողները:

– Գալիս են,- ասում էին իրար:
– Ովքե՞ր:
– Բորչալվի թուրքերը, անթիվ, անհամար:
– Ո՞վ գիտե, ո՞վ իմացավ:
– Հրեն, մոտ են քաղաքին, շատերն են տեսել:

Եվ տագնապը մեծանում էր, կեսօրին իրարանցումն [արդեն] ալիքներ էր տալիս. կացությունը դառնում էր անհանդուրժելի: Եվ ահա քարեքար ընկած ամբոխի մեջ լուր է տարածվում, թե առաջնորդարանում հավաքվել են մեծերը: Խորհրդակցում էին, թե ինչ անեն ժողովրդի փրկության համար: Ժողովուրդը հավաքվում էր առաջնորդարանի մոտ՝ սպասելով, թե ինչ պիտի անեն մեծերը: Պատվիրակություն կազմվեց մոտ 30 հոգուց՝ եպիսկոպոսներ, վարդապետներ և ազգային ջոջեր: Գնացին ներկայանալու Վորոնցով-Դաշկովին: Ամբոխը շարունակում էր կուտակված մնալ առաջնորդարանի շուրջը՝ սպասելով պատվիրակության վերադարձին:

Իրիկնապահին շփոթմունքն արդեն խուճապի կերպարանք ընդունեց... Մի ընդհանուր հոտային բնազդով Թիֆլիսի արևելյան մասն իր դրությունը վտանգված էր զգում և հավատացած էր, որ վտանգից անպատճառ կազատվի, եթե տեղափոխվի արևմտյան մաս: Ով ծանոթ-ազգական ուներ այդ անվտանգ մասում, շտապում էր ժամ առաջ գնալ այնտեղ, տեղավորվել գոնե մի գիշեր, մինչև որ լույսը կբացվեր և կիմացվեր, թե ինչ է լինելու:
Եպիսկոպոսների և ջոջերի պատվիրակությունը պալատում իրեն տալիս է խորամանկության՝ իբր թե եկել է հավատարիմ հպատակական հրճվանք հայտնելու այն մեծ շնորհների համար, որոնք արված են հոկտեմբերի 17-ի մանիֆեստով: Բայց ցարի փոխանորդը այնքան էլ միամիտ չէր, որ չհասկանար եկած «ներկայացուցիչների» իսկական փորացավը:
Պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ փոխարքայի օգնականն այդ միջոցին կանգնած էր պատշգամբում և նայում էր, թե ինչպես էին խուճապի բռնված հայերը կառքերով փախչում դեպի Վերայի կողմը՝ տանելով իրենց հետ անկողիններ, տնային իրեր, նույնիսկ օրորոցներ: Դուք երևակայո՞ւմ եք այնպիսի մի իշխանություն, այն էլ բարձր, ամբողջ երկրի տեր, որ նայում, զվարճանում է, թե ինչպես է իր պրովոկացիայից շշմած ժողովուրդն այս ու այն կողմ խփում իրեն:

Փոխարքան, որ չափազանց լավ էր տեղյակ, թե ինչ է կատարվում իր շուրջը, խորամանկների հետ է՛լ ավելի խորամանկ լինելու դիրք է ընդունում և ուրախություն է հայտնում պատվիրակությանը տեսնելու առիթով և ավելացնում, թե հայ ժողովրդի արտահայտած հպատակական հրճվանքն ինքն անմիջապես կհաղորդի թագավորին: Զրույց է սկսվում: Պատվիրակներից յուրաքանչյուրը խոսում է այն, ինչ վաղօրոք հանձնարարված էր իրեն: Մեկն ասում է, թե այս քանի օրերի դեպքերի պատճառով պատվիրակությունը չկարողացավ ավելի վաղ կատարել իր պարտականությունը, այսինքն՝ ներկայանալ կոմսին: Մի ուրիշը պատմում է, թե հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստան և ռուսաց ցարերի հավատարիմ հպատակներն են եղել: Բոլորին լսում է ցարական հին աղվեսը, բոլորի հետ էլ համաձայն է, ուրախ է, որ այդպես է և ոչ թե ուրիշ կերպ:

Միայն վերջում, իբրև թե իմիջիայլոց, Թիֆլիսի առաջնորդը խոսք է բաց անում ժողովրդի այդ օրվա հուզված դրության մասին: Վորոնցով-Դաշկովը հանգստացնում է, թե ոչինչ չի լինի, և իր օգնականին պատվիրում է հեռախոսով հրամայել ամեն կողմ, որ զորքեր ուղարկվեն ճանապարհները բռնելու և թուրքերին ետ քշելու համար: Իսկ պատվիրակներին խնդրում է չմոռանալ, որ այնուամենայնիվ հայ հասարակության մեջ գտնվում են տարրեր, որոնք արհեստ են դարձրել խռովությունները: Այդ և ուրիշ ակնարկությունները վերաբերվում էին Դաշնակցությանը:
Օգնականը ներս մտնելով՝ հայտնում է, թե բոլոր կարգադրություններն արված են: Եվ այդժամ ցարական փոխանորդը հրաժեշտ է տալիս պատվիրակությանը՝ ներշնչելով նրան այն զգացումը, թե ինքը մեծ բարերարություն արեց Թիֆլիսի հայ ժողովրդին:

Առաջնորդարանի մոտ, մթի մեջ սպասող բազմությունը սկսեց ցրվել: Դրությունը միայն համեմատաբար լավացավ: Ամենքը չհավատացին ցարական չինովնիկների խոստումներին, որոնք այնքան խաբեբայական էին դարձել, մանավանդ հայ-թուրքական կռիվների ընթացքում: Ես էլ, տեսնելով կնոջս և երեխաներիս անհանգստությունը, ուղարկեցի նրանց Վերա՝ մի ծանոթի մոտ, իսկ ինքս մնացի տանը՝ պառավ զոքանչիս մոտ: Մեր տունը պատկանում էր մի թրքուհու: Երեկոյան նա գնաց թուրքերի թաղը՝ խոստանալով մեզ այնտեղից հաղորդել, թե որքանով են ճիշտ տարածված լուրերը: Այդ տեղեկությանը հարկավոր եղավ սպասել երեք ժամ: Ես նստած էի հարևանիս մոտ, որը թուրքահայ էր՝ Տրապիզոնի կոտորածի ժամանակ իր բոլոր ունեցածն ու իր որդուն կորցրած, այն օրից ի վեր փախստական դարձած: Իր տխրամած պատմությունների ընթացքում հարևանս շատ փաստեր էր բերում, թե ինչպես դժբախտ ժողովուրդը շարունակ հանգստացնող, բայց իրապես զարհուրելիորեն դավաճան խոստումներ էր ստանում սուլթանական պաշտոնյաներից:

Իսկ ցարականնե՞րը: Միևնույն ծառի պտուղները չէի՞ն: Եկավ մեր տանտիրուհու ծառան: Նրա բերած թղթի մեջ մեզ հաղորդվում էր, թե ոչ մի վտանգ չկա, և ոչ ոք չի էլ մտածել հարձակում գործել հայերի վրա: Եվ սա միանգամայն ճիշտ դուրս եկավ:
Թիֆլիսն ազատված էր հայ-թուրքական խայտառակ արյունահեղությունից: Բայց… միայն այս անգամ և ոչ ընդմիշտ: Հոկտեմբերի 24-ի օրը շատ բացահայտ կերպով ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ են հայ-թուրքական կռիվները կովկասյան բյուրոկրատիային՝ հեղափոխական հրաբուխ դարձած Ռուսաստանում րոպեի պահանջած դիրքերն ստեղծելու համար: Հազիվ մի ամիս անցած՝ նորից հարկավոր եղավ [կովկասյան բյուրոկրատիային] այդ արյունոտ մղձավանջը օրերի իրականություն դարձնել:

Այլևս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան: Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես: Եվ դա՝ հակառակ նրանց կամքի: Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները: Մեկը կար արդեն՝ փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը՝ երկաթուղայինը՝ երկրորդ անգամ: Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արևմտյան Վրաստանը: Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաև Թիֆլիսում: Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, և այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից: Այսպես էլ համոզված էին ամենքը, և երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու: Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար՝ աճելով օրն օրի վրա: Սևհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, և իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները: Օդը հետզհետե էլեկտրականացավ:

Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ: Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու բարեհաճությամբ և ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին:
Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը: Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը: Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն: Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց և ամեն տեղ փորձված էին իբրև եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ: Ոստիկանական սևհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց և այս անգամ: Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը:

Ում համար ինչ էլ լիներ այս նոր ժողովրդական դժբախտությունը՝ Դաշնակցության համար դա մինչև այդ չեղած մի դիպված էր՝ ավելի ուժեղանալու, ավելի բարձր դիրք գրավելու համար: Ահագին ոստիկանություն, տասնյակ հազարներով հաշվվող զորք ունեցող կովկասյան մայրաքաղաքի մեջ մենամարտի դաշտ էր բացվում այն հին, ծուռումուռ ու նեղլիկ փողոցներում, որոնք պարփակվում էին Շեյթան-բազարից, բաղնիսների թուրքական թաղերից՝ Խարփուխից մինչև Հավլաբար: Թուրքերը գրավեցին իրենց դիրքերը, հայկական դիրքերի մեջ նրանց հանդիման կանգնեցին դաշնակցական զինվորները: Մասնակցում էին և հնչակյանները, բայց նրանց թիվը շատ չէր, և դրության տերը լիովին դաշնակցականներն էին: Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը, որ գտնվում էր փոխարքայի պալատի մոտ: Սոլոլակի հայ բուրժուազիան, զգալով իր գլխին կախված թուրքական վտանգը, լավ իմանալով, մանավանդ, որ եթե հայկական դիրքերը լքվեն, թուրքերն ամենից առաջ իրենց հաստատությունները պիտի թալանեն, գգվում էին դաշնակցական կռվողներին՝ ամեն օր ուղարկելով նրանց մեծ առատությամբ հաց, միս, գինի, ծխախոտ և այլ նյութեր: Դաշնակցական շտաբը հրամաններ և կարգադրություններ էր արձակում, որոնց անպայման ենթարկվում էր ամբողջ հայ ազգաբնակչությունը: Փոխարքայական պալատը երկրորդական դիրք էր ստանում:

Առաջին անգամն էր, որ ես դժբախտություն էի ունենում գտնվելու հայ-թուրքական կռիվների դաշտում: Զարհուրելի էր այն հոգեբանությունը, որ ստեղծվեց փոխադարձ հրացանաձգության առաջին իսկ վայրկյանից: «Արյան ծարավից փոթորկված գազանային կրքեր»՝ սա՛ է ընդհանուր վերնագիրն այդ հոգեբանության, և նրա մեջ կարող են զետեղվել ամեն տեսակ հրեշավոր մանրամասնություններ: Ճիշտ է, ամեն մի պատերազմական դաշտ է այդպիսին լինում, և շատ լավ է մեր ժողովուրդը նկատել, որ «կռվի մեջ չամիչ չեն բաժանում», բայց այլ է պրոֆեսիոնալ սպանողների, պատերազմի համար հատուկ խնամքով մարզվող թնդանոթային մսի գազանացումը և այլ է, երբ այդ դրության մեջ ընկնողը խաղաղ քաղաքացին է, աշխատանքի և քրտինքի մարդը: Ի՜նչ զարհուրանքով ես իմացա, որ կռիվների հենց առաջին օրը հայերը մորթել էին 5 թե 10 խեղճ ու անմեղ պարսիկ բանվորի: Նույն օրն էր, թե մյուս օրը ես վերադառնում էի տուն: Մեր տան երկրորդ հարկում ապրում էր մի հույն ընտանիք, որ ոչ հույների հետ խոսում էր թուրքերեն: Այդ ընտանիքի պառավ տատը պատշգամբում մեկի հետ թուրքերեն էր խոսում: Երկու երիտասարդներ էին անցնում այդ միջոցին, ինչպես երևում էր՝ կռվողներից: Նրանք զայրացած կանգ առան, վեր նայեցին: «Այստեղ թուրքեր են ապրում»,- ասացին: Ես զգացի, թե ինչ պիտի լիներ այնուհետև և մոտենալով, ասացի նրանց. «Այն պառավը թուրք չէ, հույն է»: Երիտասարդները նայեցին ինձ տարակուսանքով: Լավ է, որ ինձ ճանաչեցին: «Դուք ասում եք, պրն Լեո, հավատում ենք Ձեզ, թեև մի քիչ դժվարությամբ: Թող ձեր գլխին ղուրբան լինի»: Ու նրանք գնացին՝ երկար մաուզերները կողքերից կախած: Դժվարությամբ բարձրացա սանդուղքներով: Սիրտս խեղդում էր զարհուրանքի զգացումը: Այս ի՜նչ օրեր են, այս ի՜նչ ժամանակներ: Եվ մա՞րդ ենք մենք: Եվ այդ դառնության մեջ, որով համակվել էր ողջ էությունս, փոքրիկ ճրագի պես առկայծում էր այն գիտակցումը, որ եթե ոչ մի ամբողջ ընտանիքի, գոնե մի առույգ ու հաղթանդամ պառավի կյանք եմ ազատել:

Եվ ահա այսպիսի հոգեբանության մեջ, երբ ամենքն ուզում էին սպանել և ամենքը վախենում էին սպանվելուց, միանգամայն բնական էր դառնում այն մեծ դիրքը, այն փառքը, որ ստանում էր դաշնակցական շտաբը: Դա գործողի, վճռական ոգու փառքն էր: Վորոնցով-Դաշկովն իր գեղեցիկ մայրաքաղաքում էլ չկարողացավ բյուրոկրատիկ գլուխկորցրածությունից ավելի մի բան ցույց տալ: Իր ձեռքն առնել դրությունը նա չուզեց, և նրա բազմաթիվ գեներալներն ու զորքերն անգործության էին մատնված, չեզոք հանդիսատեսներ էին՝ նստած իրենց զորանոցներում: Իսկ այնտեղ՝ դիրքերում, անընդհատ հրացանաձգություն էր, կյանքի և մահվան կռիվ: Եվ, ուրեմն, էլի Դաշնակցությունն էր հայ ազգի փրկիչը: Նրան էլ, ուրեմն, ամեն փառք ու պատիվ: 10-20 զինվոր ունեցող մի խմբապետ՝ հայի համար Վորոնցով-Դաշկովի յուրաքանչյուր գեներալից լավ էր: Այսպես էր դրությունն արտաքուստ: Կառավարական ծրագիրը մի անգամ ևս, փոխանակ հաջողվելու, բոլորովին հակառակ հետևանքներ էր տալիս: Ուզում էին ոչնչացնել Դաշնակցությանը, ընդհակառակը՝ ավելի ևս բարձրացրին, ուժ ու հեղինակություն շատ ու շատ տվին նրան:

Ես գործածեցի «գլուխկորցրածություն» բառը: Ավելացնեմ, որ այդ աղվեսային գլուխկորցրածություն էր: Վորոնցով-Դաշկովի կառավարությունն իհարկե այն մտքով չէր հայ-թուրքական արյունահեղություն մտցրել Թիֆլիսի փողոցներում, որպեսզի իր զորքերի եռանդուն շարժումներով այն իսկույն ևեթ դադարեցներ: Սկզբից ևեթ բանն այնպես էր դրվել, որ մարդկանց կոտորել տան, գյուղեր ու քաղաքներ այրեն ու ոչնչացնեն և այս բանից օգուտներ քաղեն: Այսպես պիտի լիներ և Թիֆլիսում:

(Շարունակելի)



Վերջին էջ

Շնորհալի լրագրող ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ հարազատները, ընկերներն ու բարեկամները հուլիսի 17-ին երրորդ անգամ նրա ծննդյան օրը նշեցին առանց Նվարդի։ Երեք տարի է՝ սիրված լրագրողը մեզ հետ չէ։ Մեզ հետ են մնացել նրա պայծառ անունն ու ստեղծագործությունները, որ կարծես այսօր են գրվել։
Ներկայացնում ենք Վ. Գևորգյանի բանաստեղծությունը՝ նվիրված Նվարդին և Նվարդի ստեղծագործություններից մեկը, որ տպագրվել է նրա մահից հետո լույս տեսած «Ամանորի նվերներ» գրքում։


ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

Զրույց արինք մի առավոտ
Հաղթանակի օրվա մասին,
Քո հայացքում վառ, լուսավոր
Տեսա պայծառ մտքի լուսին...

Քո լույս-միտքը խորաթափանց
Մտնում էր, տես, դեպքերի մեջ,
Ձգտում ճշտել ամեն ընթացք՝
Թեժ մարտերի խորքերը մեր։

Երևում է՝ շատ ազնիվ ես
Եվ գործի մեջ արդարացի։
Սիրուն աղջիկ, ի՞նչ ասեմ քեզ,
Իմ աչքի մեջ դու բարձրացար...

Այդպես քայլիր, այդպես մնա
Գործով, տեսքով շատ գեղեցիկ,
Այդ նամուսով առաջ գնա,
Սիրուն աղջիկ արևածին։

Զրույցը քո այնքա՜ն բարի
Ես կհիշեմ ամեն մի օր։
Կուզեմ խաղաղ լինի տարին...
Եվ դու լինես միշտ բախտավոր։

Զրույց արինք մի առավոտ
Հաղթանակի օրվա մասին,
Քո հայացքում վառ, լուսավոր
Տեսա պայծառ մտքի լուսին...

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Աշխատանքի և պատերազմի
վետերան, 05.05.2005 թ.



ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Սիրելի ընթերցող, երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե շուկայական հարաբերություններն ինչքան ճոխ ու շռայլ դարձրին մեր կյանքը... Ուր որ նայում ես, խանութներ են՝ ամենատարբեր ձևերի, չափերի ու երանգների։ Տունդ հյո՞ւր է եկել կեսգիշերին, խուճապի մատնվելու կարիք չկա, մտի՛ր ուզածդ խանութն ու գնիր անհրաժեշտ ապրանքները։

Իսկ ինչի՞ էր նման մեր կյանքը խորհրդային տարիներին. ամեն մի թաղամասում կենտրոնացված էր ընդամենը մեկ մթերային խանութ, ուր մտնելն ու դուրս գալը մեկ էր լինում։ Էդ վաճառողուհիներն էլ այնքա՜ն կոշտ ու կոպիտ էին խոսում հետդ, որ երբեմն, երբ գնած ապրանքը չէր գոհացնում քեզ, և խնդրում էիր փոխել, այնպե՜ս ծույլ-ծույլ վեր էին կենում տեղից ու փնթփնթում, անիծում իրենց բախտը. հատկապես այն օրը, երբ առաջին անգամ կանգնեցին վաճառասեղանի հետևում։ Այդքանը դեռ ոչինչ, փողի մանրն էլ չէին վերադարձնում։

Հիմա, փա՜ռք Աստծո, ամեն շենք տասնյակից ավել մթերային խանութ ունի, որոնց հյուրընկալ դռները գիշեր ու զօր բաց են գնորդների առջև։ Մտնում ես խանութ ու նրա առատությունից մի պահ շվարում՝ մոռանալով, թե ինչու ես հայտնվել այստեղ։ Եվ մեկ էլ հանկարծ իսկույն դիմացդ հայտնվում է գեղեցիկ, ժպտադեմ երիտասարդ վաճառողուհին և ապրանքների ընտրության հարցում մի այնպիսի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, որ եթե ապրանքը քեզ դուր էլ չգա, նրա խաթեր համար ստիպված ես գնել։

Եվ այնպես էլ գեղեցիկ է ժպտում, որ բոլորովին չես ուզում թողնել խանութը, այլ մտադրվում ես այսուհետ ավելի հաճախ այցելել նրան։ Բայց որքա՜ն խորն է լինում հուսահատությունդ, երբ հանկարծ մտնում ես կողքի խանութը, ու բանից պարզվում է, որ դրա վաճառողուհին ավելի սիրուն է և ավելի պատրաստակամ։

Մի կարևոր բան ևս. էդ վաճառողուհիների ազնվությունից քեֆդ գալիս է. էդ էր պակաս, որ նրանք փողի մանրը չվերադարձնեն։ Դե՝ նրանք ավելի շուտ կհրաժարվեն իրենց անունից, քան փոքրոգություն կանեն։ Եվ մեկ-մեկ էլ, երբ փորձում ես չնկատել մանրը, այնպես են վիրավորվում, որ...

Չէ՜, հիմա շատ լավ ժամանակներ են։ Խորհրդային տարիներին, օրինակ, մեր մայրաքաղաքում մի քանի գրախանութ կար և, ասում են նույնիսկ, որ այնտեղ հաճախ էին հերթեր գոյանում։ Այ, հիմա ուրիշ է. մեր ժողովրդին այլևս գրքերը չեն հետաքրքրում ու, «բնականաբար», փակվել են գրախանութները։

Ասացեք, խնդրեմ, արցախցու ինչի՞ն է պետք գեղարվեստական կամ գիտական գրականությունը, երբ ընթերցանության փոխարեն ի զորու է դիտել մեքսիկաբրազիլական դյուրամարս ու սրտաշարժ հեռուստասերիալներ։ Հետո էլ, այդ գրողներն ու բանաստեղծները ձևի հետևից ընկնելով՝ այնպես բարդ ու դժվարամատչելի բառեր են գործածում, որ դյուրությամբ չես ըմբռնում գրածը, և երբեք էլ չես համարձակվում գիրքը կեսից ընթերցել։ Բայց այ, այդ հեռուստասերիալները որ մասից ուզում ես համտեսիր՝ իսկույն ընկալում ես...

Միայն մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ են հիմա բոլորը գրիչ վերցրել ձեռները, երբ ժողովուրդն այլևս գիրք չի ընթերցում և, ի վերջո, գրախանութ էլ չկա։ Դժվար թե մեր օրերում հանդիպես մի ուսանողի, որն ուզենա Չարենցի, Իսահակյանի կամ Տերյանի հատընտիրը ձեռք բերել։ Իսկ ի՞նչ է, կարծում եք ուսանողները գրքեր չե՞ն գնում։ Է՛հ, ուսանողի օրն էլ սևանա... Խեղճերը դասերից հետո մի երկու կոպեկ են աշխատում, այն էլ դասախոսների ամենատես աչքից չի վրիպում. իրենց նոր լույս ընծայած գրքերը նրանց վրա են սաղացնում՝ պատճառաբանելով, որ մասնագիտական է։

Ուսանողն էլ գլխից ձեռ չի քաշել, որ իր «սեփական» դասախոսի գիրքը չգնի։ Է՛հ, ով ինչ ուզում է՝ թող ասի, հիմա երանելի ժամանակներ են։ Ինչի՞ էր նման մեր մայրաքաղաքը խորհրդային տարիներին. անշուք և անճաշակ շենքեր, նույնատիպ խանութներ, անբարեկարգ ճանապարհներ, հնաոճ ու հնամաշ ավտոմեքենաներ... Իսկ հիմա մեր քաղաքում այնպիսի շքեղ ու նորաոճ դղյակներ են կառուցվում, որ հաստատ արտասահմանյան հարուստ ձեռներեցների նախանձը կշարժեն։

Մի ամիս առաջ ծանոթս լուսանկարվեց մի շատ պերճաշուք խանութի առջև և այն ուղարկեց Ռուսաստան՝ իր սիրածին։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան տխուր պատմության մեջ ընկավ։ Սիրածը խռովեց նրանից՝ ասելով, թե ինչու է առանց իր թույլտվության Գերմանիա մեկնել։

Դե, ծանոթս էլ հեռախոսազանգերով հավաստել է, որ ոչ թե Գերմանիայում, այլ Ստեփանակերտում է լուսանկարվել։ Ի՞նչ օգուտ դրանից, լսողն ո՞վ էր։ Սիրածն այդպես էլ չհավատաց, ասում էր՝ Ղարաբաղն աղքատ երկիր է, այդքան փող որտեղի՞ց, որ իր ժողովրդին աղքատությունից փրկելու փոխարեն շքեղ դղյակներ ու խանութներ կառուցի...

Հա, ի դեպ, այդ ընտիր, ամենավերջին մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներն էլ են Արցախը հարուստ երկիր դարձնում։ Եթե խորհրդային ժամանակներում հարուստները գերադասում էին ձեռք բերել միայն մեկը և ամենաընտիրը (խոսքս ոչ միայն ավտոմեքենայի մասին է, այլև՝ սիրուհու, բնակարանի, սեփական կնոջ և նմանատիպ այլ բաների), ապա այսօր ընտրությունը մեծ է, հնարավորությունը՝ շատ, ցանկություն էլ՝ կա ու կա։

Ասում են՝ խորհրդային տարիներին մարդ արարածին հատուկ էր երազելու ունակությունը։ Հիմա ո՞վ է երազում որ... Մի այնպիսի բան էլ չի մնացել, որ մարդ կամենա ձեռք բերել ու չհաջողվի...
Առաջներում մուրացկանները, եթե, իհարկե, կային, անլեգալ պայմաններում էին «աշխատում», հիմա մեծ համարձակություն են ստացել և օրը ցերեկով մեր դռներն են ծեծում, թե՝ հաց կամ փող։ Աստված չանի, մեկ էլ տեսար՝ մի գեղեցիկ օր ներխուժեցին մեր տները թե՝ կամ հաց, կամ՝ կյանքդ։

Մինչև մեր ժողովրդի վերածնունդը արցախցիները հասարակական վայրերում ռուսերեն լեզվով էին խոսում, իսկ շուկայում էլ՝ ճարահատ ադրբեջաներենով։ Հիմա ինչ հայերենը դարձել է պետական լեզու, մեր երիտասարդությունը սկսել է անգլերեն բլբլացնել...
Հետո էլ՝ նկատել եմ, մեկ-մեկ մարդիկ տրտնջում են, որ մեր հայ երգիչ-երգչուհիները անգլերենով են երգում։ Այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում. նախ՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան էլ մարդ ես» կարգախոսը բոլորի համար է, հետո էլ՝ այդ անգլիացիներն ու ամերիկացիները թող նախանձից պայթեն ու համոզվեն, որ անգլերենը միայն իրենց լեզուն չէ և թե կարող են՝ թող իրենք էլ հայերեն երգեն...

Դե, այսքանից հետո ո՞նց ասես, թե վատ ժամանակներ ենք ապրում...

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ



«ՄԱԶԸ՝ ԵՐԿԱՐ, ԽԵԼՔԸ՝ ԿԱՐՃ»

Այս արտահայտությունն այլևս արդիական չէ։ «Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր երկրում ինտելեկտուալ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Սա նշանակում է, որ շուտով այստեղ դեմոգրաֆիական խնդիրներ են առաջանալու, որովհետև խելացի աղջիկը «դեբիլ» տղայի հետ երբեք չի ամուսնանա: Մենք շարունակ ունենում ենք շատ խելացի աղջիկներ ու շատ դեբիլ տղաներ, կա ամուսնանալու խնդիր, խելացի աղջիկն ընտրության հնարավորություն չունի»,- այսպիսի մտահոգություն հայտնեց Հայաստանում PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը:

Թե ինչու է վիճակագրությունն այդքան տխուր ստացվել, ըստ մեր զրուցակցի, պատճառն այն է, որ մեր աղջիկներն ինքնակրթման վրա աշխատում են, անընդհատ տարբեր հետաքրքրություններ են գտնում, խմբակների հաճախում, զարգանում, իսկ տղաներն աշխատասեր չեն ու չեն ուզում սովորել. «Ամենասարսափելին այն է, որ ապագայում այդ տղաների բանակից մենք ունենալու ենք ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր, որովհետև մենք դեռ չենք լուծել գենդերային հավասարության խնդիրը: Երկրի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե տղամարդիկ իրենց դիրքերը զիջեին կանանց, կանայք ավելի լավ կղեկավարեն»:

«Մազը՝ երկար, խելքը՝ կարճ». Հայկ Կիրակոսյանը համոզված է, որ կնոջ հասցեին ասված այս խոսքերն այլևս արդիական չեն: Հայ կանանց հաջողվել է միաժամանակ երկար մազ ունենալ ու շատ խելք: Տղամարդկանց պասիվ, ալարկոտ դերը նրանց իմիջն ու հեղինակությունը գցում է...

«Այսօր մեզանից փորձում են ազգովի երգիչ դարձնել: Միացրեք ցանկացած հեռուստաալիք և կտեսնեք, թե որ հեռուստահաղորդումներն են գերակշռում, մեզանից պարբերաբար փորձում են ստանալ երգիչ-երգչուհիներ ու երաժիշտներ: Հրեան իր երեխաներից բիզնեսմեններ ու բանկիրներ է ստանում. երգիչնե՞րն են աշխարհի տերերը, թե՞ բանկիրներն ու գործարարները: Ինչ-որ մարդիկ ֆինանսավորում են, որ հայերը դառնան անվտանգ մասնագետներ՝ հենց երգիչ-երգչուհիներ, մերոնք էլ անգիտակցաբար դրան են գնում: Հարյուրամյակներ հետո հայերից էլի երգիչներ են դուրս գալու: Ես էլ կունենամ ձայնային տվյալներ, եթե մի քիչ աշխատեն ինձ վրա: Բայց դա չի նշանակում, որ ես ծնվել եմ երգիչ դառնալու համար...

Մեր կրթական համակարգն այսօր երեխային վերցնում է՝ «աշխատող» թխած դուրս է բերում... Մերոնք ղեկավար չեն տալիս, լիդեր չեն կերտում: Ես արդեն մտահոգություներ ունեմ իմ երեխայի հետ կապված, որովհետև ներկայիս կրթական համակարգն ինձ ընդհանրապես չի գոհացնում»...
«Առավոտ»



Համարի ասույթը

Կան ղեկավարներ, որոնց մեջ ամենատարածված հիվանդությունը գլխուղեղի... իմպոտենցիան է:


Ամսվա ասույթը

Երբեք մի՛ վիրավորեք մի ողջ ժողովրդի: Նրանց մեջ նաև մարդիկ կան:

Комментариев нет:

Отправить комментарий