8.8.20

Հայկական հովվերգություն


Հովիվը, ներողություն, չոբանը ոչխարների հոտն առաջն արած, հանդ է քշում և ասում.
- Իմ լավ ոչխարներ, գիտեք, չէ՞, թե ես ինչպես եմ ձեզ բոլորիդ սիրում...
- Հա՜, հա՜,- ուրախ մայում է հոտը։

Չոբանն իր ծանր մահակն իջեցնում է հոտից մի փոքր շեղվել փորձող ոչխարի դմակին, ապա նրա մի տասնյակ բախտակցի մեջքն է դաղում և ասում.
- Գիտեք, չէ՞, որ քուն թե արթուն միշտ ձեր մասին եմ մտածում, սիրելի ոչխարներ։
- Մմաա՜, մմաա՜,- կրկին համերաշխ ձայնակցում են ոչխարներն ու, դմակները խաղացնելով, շարժվում առաջ։

Տոթը խեղդում է, մի քանի տասնյակ հանդուգն ոչխար անջատվում են հոտից և փորձում պատսպարվել մոտակա հսկա կաղնու տակ։ Չոբանը զայրացած բղավում է ոչխարների կողքով ծույլ-ծույլ շարժվող իր գամփռ շների վրա.
- Անպետք անիծյալնե՛ր, ձեզ ինչի՞ համար եմ կերակրում ու պահում, որ ամեն անգամ ինքս պիտի հուշեմ ձեր անելիքը։

Շներն անմիջապես կատաղի նետվեցին հոտից հեռացած ոչխարների վրա և մեկի վզից, մյուսի դմակից, երրորդի ազդրից կծած, քարշ տալով բերեցին ու խառնեցին հոտին...

Ողջ օրը նույն պատկերն էր և նույն քաղցր զրույցը՝ չոբանի ու իր սիրելի ոչխարների հետ.
- Սիրելի ոչխարներ, ձեզ ախր ո՜նց եմ պաշտում, ես ձեզնից մեկն եմ, դուք էլ՝ ինձնից մեկը...

Ոչխարները շարունակ համերաշխ մայում են և կամաց-կամաց շարժվում դեպի գյուղ։ Արևն արդեն իջնում է մոտակա սարի ետև։

Երբ գյուղ են հասնում, չոբանն իր ծանր մահակն իջեցնում է գառներից մեկի գլխին և փռում գետնին.
- Ձեր ցավը տանեմ, ոչխարներ ջան,- ասում է չոբանն ու կանչում զինվորական կտորից կարված իր լողազգեստը լվացաթոկից վերցնող կնոջը.- աղջի՛, Ուստիանա՛, եկ օգնիր, էս անուղեղ հայվանին քարշ տանք բակ։ Սիրտս գառան խաշլամա է ուզում... Վաղն էլ էն պոզերը ցցածին կպառկեցնեմ, արդեն չորս օր է խորոված ու լուլաքաբաբ չեմ կերել...
Երկու օր հետո չոբանն իր հոտն առաջն արած, այս անգամ այլ ուղղությամբ է նրանց քշում։ Նրանց քշում է դեպի շրջկենտրոն, դեպի սպանդանոց։

Ոչխարներն անվրդով ու հանգիստ առաջ են շարժվում՝ վերջին անգամ խաղացնելով իրենց դմակները։ Նրանք մտածում են... Դե, ոչխարներն ի՞նչ պիտի մտածեն։ Սիրելի տերը՝ Չոբանն իրենց փոխարեն մտածում է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

1.8.20

Զենքի պաշտամունք


Մեզանում կա կուռքի պաշտամունք, պաշտամունք առ աստված, փողի, նյութականի պաշտամունք և այլն։ Բայց ահա, հակառակորդներով ու թշնամիներով շրջապատված մեր երկրում չկա Զենքի պաշտամունք։ Ավելին՝ մեզանում զենքը մի տեսակ արհամարհված է, վտանգավոր, ավելորդ մի բան է համարվում։ Սովորական մի որսորդական հրացան ձեռքբերելու համար քաղաքացուց այնքան տեղեկանքներ ու բյուրոկրատական թղթիկներ են պահանջում, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ խեղճը փոշմանում է հրացան ձեռքբերելու համար, իսկ մյուսներն էլ, դա իմանալով, ձգտում են հեռու մնալ այդ գլխացավանքից։

Տարբեր առիթներով գրել եմ, որ Արցախյան շարժման տարիներին գրած իմ առաջին հոդվածներից մեկը վերնագրված էր՝ «Հայի աստվածը Զենքն է», և այն տպագրվել էր արցախյան ու երևանյան մամուլում։ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ միայն մեր ոգու, քաջության, անկոտրում կամքի, այլև զենքի հանդեպ այդ ժամանակաշրջանում ստեղծված հարգալից, կասեի՝ պատկառալից վերաբերմունքի պատճառով։ Ովքեր կարողանում էին՝ հրացան, ավտոմատ, ինքնաշեն նռնակներ էին պատրաստում, մյուսները որտեղից հնարավոր է՝ զենքեր էին գնում, ձեռքբերում...

Պատերազմից հետո իշխանությունների ջանքերով զենքի հանդեպ վերաբերմունքը սկսեց փոխվել։ Սկիզբ առավ՝ ունեցած զենքերը, զինամթերքը հանձնելու օպերացիան։ Անշուշտ ոչ այն պատճառով, որ իշխանությունները մտահոգված էին ողբերգական պատահարների բազմապատկումից։ Նրանք իրենք էին դրանից վախենում, բայց մյուս ձեռքով ատրճանակներ էին նվիրում իրենց շրջապատին՝ օլիգարխներին ու զանազան տականքներին։

Հիշո՞ւմ եք ինչպես էր վերնագրված մեծ հրեշի՝ ԼՏՊ-ի «նշանավոր» հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Եվ շուրջ երեք տասնամյակ է հայոց իշխանական ոհմակը սեփական երկրում այն սերմերն է ցանում, ըստ որի՝ եթե խաղաղություն ես ցանկանում, դրանով փակում ես պատերազմի ճանապարհը։ Հիշեք նաև Սերժիկի 2011 թ. ելույթը ԵԱԽԽՎ ամբիոնից՝ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա՝ «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»։

Անգամ թքած ունեին Նժդեհի հանրահայտ պատգամի վրա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Բայց չէ՛, ի՞նչ պատերազմ, ի՞նչ զենք, մենք խաղաղասեր, մարդասեր ժողովուրդ ենք, ոչ մեկի հողին ու հացին աչք չենք դրել, մենք նախընտրում ենք 500-600 հոգով մի քանի ենիչերիի առաջն արած՝ մորթվել, քան այդ 500-600 հոգուց թեկուզ 20-30 հոգով հարձակվել ու սատկացնել մի քանի մարդասպանին։ 1915-ին հիմնականում այդ տխուր, ցավալի, ողբերգական և ամոթալի պատկերն էր։

Զենքի պաշտամունքը մեզ անհրաժեշտ է ոչ միայն արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլև ներքին տականքին սանձելու համար, որպեսզի պարբերաբար չհոշոտեն քեզ ու քո երկիրը։ Որովհետև Զենքը ոչ միայն կրակում է, այլև դիմացի զենքին ստիպում է չկրակել։ Այսինքն՝ Զենքը ոչ միայն կրակելու հատկություն ունի, այլև հակառակորդին, դիմացինին ստիպում, պարտադրում է քեզ չհոշոտել, քեզ չսպանել։ Զենքը հակառակորդին ստիպում է հարգել քեզ ու ապրելու քո իրավունքը։
Այն նաև լավագույն միջոցն է ստրկամտության դեմ։ Զենք բռնողը, զենքի տերն իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում, դիմացինից այլևս չի վախենում, հույսը չի դնում ուրիշների վրա, փրկիչների չի սպասում...

Բայց դե՝ ո՞ւմ ես ասում։ Ասելիք շատ կա, բայց արդեն նույնը պարբերաբար կրկնելու ցանկություն չկա...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նիկոլը և բոմժը


Նիկոլը որոշում է արևելյան շահերի, թագավորների, շահաբասների օրինակով ինքն էլ կերպարանափոխ լինել, շրջել ժողովրդի մեջ և տեսնել յուր հպարտ հպատակներն ինչ են մտածում իր մասին։ Գլխին Սերգեյ Դանիելյանի ոճով գզգզված մազախուրձ է դնում, իսկ դիմահարդարները գրիմ են անում, ավելի ճոխ մորուք կպցնում։

Ուզում է անվտանգության և ապահովության համար հետը վերցնել իր 40 թիկնապահներին, Աննան բարկանում է.
- Ագահություն մի՛ արա, գոնե մի 10 թիկնապահ ինձ համար թող, սուպերմարկետներ պիտի գնամ, հագուստներ պիտի գնեմ։

- Աննա ջան, բայց մի շաբաթ առաջ չե՞ս մի դյուժին հագուստներ գնել։
- Մի շաբաթ առաջը էդ ե՞րբ էր, է՜... Բոլոր հագուստներս արդեն մեկական անգամ հագել եմ։ Մարդիկ ի՞նչ կմտածեն, ամոթ չի՞ նույն զգեստը երկրորդ անգամ հագնեմ։

- Լավ, համոզեցիր,- Նիկոլը զիջում է։- Սա վերցրու, սեյֆի բանալին է, մոտդ կպահես մինչև իմ վերադարձը։ Վարչապետական թագս դրել եմ էնտեղ։ Հանկարծ թույլ չտաս Աշոտը կամ երեխաներից որևէ մեկը վերցնի...

Նիկոլը շորերը փոխում է, աղքատի, բոմժի շորեր հագնում, ապահովության համար դիմակը դնում, զգեստափոխել տալիս նաև իր թիկնապահներին, որոնք մի 15-20 մետրից պիտի հետևին իրեն, և գաղտնի մուտքով դուրս գալիս։

Քայլում է փողոցով, նայում դիմակներով քաղաքացիներին ու ներքուստ բավականություն ու հպարտություն զգում՝ հպատակնե՜րս են...

Փողոցն անցնելիս, նկատում է գավազանով մի ծեր տատիկի՝ առանց դիմակի։
- Մայրիկ ջան, եկ օգնեմ, փողոցն անցնես,- ասում է Նիկոլը և փորձում թևանցուկ անել ծեր կնոջը։

Վերջինս հրաժարվում է նրա ծառայությունից.
- Այ մարդ, շառդ քաշիր, վիրուս-միրուս կունենաս, ինձ էլ կվարակես։ Ես ինքս կանցնեմ փողոցը։

- Մայրիկ ջան, բա ինչո՞ւ դիմակ չես կրում։ Չե՞ս վախենում ոստիկանները տուգանեն,- կողքից քայլելով, հարցնում է Նիկոլը։
- Թող մոտենան՝ տեսնեմ։ Էս գավազանս գլխներին գջարդեմ։

- Բայց պարետի որոշում կա, որ պարտադիր է բոլորի համար։
- Հողեմ պարետիդ գլուխը։ Էդ արդուկած խլեզը պիտի՞ ինձ սովորեցնի ոնց մեռնեմ,- հպարտ պատասխանում է տատիկը։

- Բայց գոնե վարչապետին հարգեիր։
- Էդ խաբեբային հարգե՞մ... Դե, կորիր կողքիցս, քեզ էլ, քո էդ վարչապետին էլ։ Թե չէ,- տատիկը ցույց է տալիս ձեռքի գավազանը։

Նիկոլն անմիջապես արագացնում է քայլելը՝ ետ-ետ նայելով. հանկած այդ պառավը հետևից չխփի ձեռի մահակով։ Բայց զգեստափոխված թիկնապահներն արդեն իր թիկունքում էին, և Նիկոլը քայլում ու մտածում է՝ օրս լավ չսկսեց։

Զբոսայգում նստարաններին նստած, հանգստացող մարդիկ կային՝ ջահելներ, թոշակառուներ։ Նիկոլը որոշում է սկզբում մոտենալ երիտասարդ մի զույգի, որոնք առանց դիմակ էին։

- Բարև ձեզ, Հայաստանի հպարտ սիրահարներ,- ասում է Նիկոլը։- Կարելի՞ է ձեզ մոտ նստել։
- Քեզ պես քջլոտ «բարևդ» վերցրու և գնա էստեղից, անքաղաքավարի տխմար, որտե՞ղ ես տեսել սիրող զույգի կողքներին երրորդը ցցվի,- պատասխանում է երիտասարդը։

- Բայց ինչո՞ւ առանց դիմակի եք։
- Այ մարդ, քեզ հայերեն ասացին՝ գնա էստեղից,- այս անգամ պատասխանում է աղջիկը։- Կարո՞ղ է ծպտված ոստիկան կամ գաղտնի ագենտ ես։

Նիկոլը մի քանի քայլ ետ է գնում ու ասում.
- Բայց պարետի որոշում կա։ Նաև պետք է հարգենք մեր ազգընտիր վարչապետին ու նրա...

Նա չի հասցնում ավարտել խոսքը։ Երիտասարդը զայրացած վեր է կենում տեղից, բայց Նիկոլն արդեն հաջողացրել էր հայտնվել «անվտանգ գոտում», իսկ թիկնապահներն արդեն նրան ծածկել էին երիտասարդի տեսադաշտից։

Զգեստափոխված մեր «Շահ-Աբասը» երկու ձախորդ փորձից հետո որոշում է մոտենալ զբոսայգում ազատ նստարանի մոտ գետնին՝ սալաքարին նստած, մոտավորապես իր տարիքի, աղքատ հագնված մի տղամարդու։

- Բարև ձեզ, հպարտ բարեկամ,- նրան ողջունում է Նիկոլը։
- Բարև,- բավականին ուշացումով և չուզելով պատասխանում է տղամարդը։- Էդ ո՞նց իմացար, որ հպարտ եմ, հետո էլ՝ ինձ համար դու ի՞նչ բարեկամ։

- Դե, ազատ նստարանը թողած, քեզ համար հպարտ նստել ես սալաքարի վրա։
- Սալաքարի վրա նստելը եթե հպարտություն է, ինչո՞ւ դու էլ չես սալաքարի վրա նստում, պադավատով, թիկնապահներով ես թրևում։

Նիկոլը գույնը գցում է։
- Էդ ո՞նց ճանաչեցիր ինձ,- հարցնում է զարմացած, մի քիչ վախեցած, բայց չորս կողմում և հատկապես թիկունքում զգալով թիկնապահների շնչառությունը, մի քիչ սրտապնդվում է։

- Գլխիդ գզգզած պարիկ ես դրել, ադեկվատ Արթուրի մորուքը կպցրել, փալասներդ փոխել, կարծում ես անճանաչելի՞ ես դարձել... Քո էդ մարդկանց ասա մի քիչ հեռանան, քեզ չեմ ուտելու։

Նիկոլը ձեռքով նշան է անում, թիկնապահները ետ են քաշվում։
- Հա, բա ո՞նց ճանաչեցիր ինձ,- կրկին հարցնում է Նիկոլը։
- Ականջ սղոցող ժանգոտ ձայնիցդ... Գոնե մի քանի հում ձու խմեիր, վրեն կոկորդդ ձեթ քսեիր...

Նիկոլն առանց հրաժեշտի և անտրամադիր արագացնում է քայլերը։ Հիշում է, որ օրը ձախորդ է սկսվել դեռ գիշերից առաջ, երբ պատուհանից նայել է աստղերին ու ասել. «Աննա ջան, բայց ի՜նչ քարավան կտրելու գիշեր է։ Բա չգնա՞մ քարավան կտրեմ, մարգարիտ ու ոսկիները բերեմ առաջդ թափեմ»։ Աննան հարցրել է. «Էդ մենա՞կ ես ուզում գնալ, թե՞ թիկնապահներով»։ Պատասխանել է. «Իհարկե՛, թիկնապահներով։ Քաջ տղամարդը թիկնապահներով պիտի շրջի, որ իր ուժը ցույց տա»։ Աննան անկողնում շուռ է եկել, թիկունքն իրեն արել ու արհամարհանքով նետել. «Էդ մեկը գոնե չասեիր...»։

Մտքերի մեջ խորասուզված Նիկոլը քայլում էր և հանկարծ նկատեց, որ դիմացից լողլող մեկը շորորալով գալիս է, և կարծես բոմժ է։
Երբ հավասարվեցին իրար, այնպես էին նայում, կարծես կորած եղբայրներ լինեն, որ վերագտել են միմյանց։

- Բարև ձեզ, հպարտ քաղաքացի,- ասաց Նիկոլը։
- Հարգանքներս Հայաստանի հպարտ զավակին,- երջանիկ պատասխանեց լողլողը։
Նիկոլն աշխուժացավ, բայց նաև փորձեց զգուշանալ՝ ո՞վ գիտե, արդյո՞ք վիրուսակիր չէ այս քնձռոտը։

- Հո դե՞մ չես եթե սոցիալական հեռավորություն պահպանենք,- ասաց,- բայց տեսնում եմ, որ հարգում ես պարետի որոշումն ու երկրի ազգընտիր վարչապետին՝ դիմակով ես։
- Իհարկե, հարգում եմ մեր ընտրյալներին։ Վարչապետի ցավը տանեմ,- պատասխանեց զրուցակիցը,- ամեն օր աղոթում եմ նրանց համար, ինչպես նաև Հայոց ազգային ժողովի հպարտ մեծամասնության համար... Դուք էլ եք հարգում նրանց, չէ՞... Ազգային ժողովի նախագահն էլ լավ, ազգընտիր մարդ է, չէ՞։

- Հա, ախպեր, ո՞նց կարող եմ չհարգել ու չսիրել նրանց,- Նիկոլն իրենից անկախ ուզում էր ասել՝ էդ նախագահը՝ Արոն, աջ ձեռքս է, ձախ ոտքս է, իմ խոսափողն է,- բայց ժամանակին լեզուն կծեց ու ասաց.- Եթե թավշյա հեղափոխությունը չլիներ, հանցագործ ռեժիմը մեզ բոլորիս կուտեր։ Եկան ու մեզ փրկեցին...

Մյուսն ուզում էր ասել՝ հիմա մենք ենք իրենց ուտում, բայց ինքն էլ ժամանակին լեզուն կծեց և ասաց.
- Ախպեր ջան, էդ մարդկանց կարծես Աստված է ուղարկել մեզ համար...

Նրանք ջերմ զրուցելով և ուրախանալով, որ վերջապես ի դեմս բոմժի տեսքով զրուցակցի, հպարտ քաղաքացի են գտել, երջանիկ հրաժեշտ տվեցին՝ այդպես էլ չճանաչելով իրար։ Նիկոլի զրուցակիցը Արարատ Միրզոյանն էր, որ Նիկոլից անկախ, ինքն էլ էր կերպարանափոխվել ու զգեստափոխվել, որպեսզի տեսնի, թե քաղաքացիներն ինչ են մտածում իր մասին։ Իսկ մինչ այդ նրա մյուս հանդիպումներն էլ էին ձախողվել։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նիկոլը և կորոնավիրուսը


Թիկնապահների ուղեկցությամբ Նիկոլը մտնում է նախապես դատարկված սրճարան մի բաժակ սուրճ խմելու և հանկարծ լսում է մի ձայն.
- Պրիվետ, Նիկո։

«Պրիվետ, Նիկո»-ն լսելով, անմիջապես այլ «պրիվետ» է հիշում ու սարսափած մտածում՝ Քոչարյանը մոտերքում է՝ իր մարդկանցով... Շուրջն է նայում՝ անծանոթ մարդ չկա, միայն իր 40 թիկնապահներն են։ Մատուցած սուրճը մոտեցնում է շուրթերին՝ կրկին նույն ձայնը.
- Պրիվետ, Նիկո։

Գույնը գցած, դիմում է թիկնապահներին.
- Բրոնեժիլետս բերեք։
- Բրոնեժիլետը երեկվանից ձեր հագին է, շեֆ,- թեթև կռանալով, ականջին կամաց շշնջում է մոտ կանգնած թիկնապահը,- անգամ մոռացել էիք քնելիս հանել...

Նիկոլն անհանգիստ խմում է իր բաժակ սուրճը, առանց վճարելու դուրս գալիս և՝ նորից նույն ձայնը.
- Պրիվետ, Նիկո։

Կատաղած նայում է թիկնապահներին՝«Էս ո՞նց են թույլ տվել կողմնակի մարդ հայտնվի մոտերքում։ Պահակախումբս, թիկնապահների թիվը պետք է կրկնապատկել»։ Բայց թիկնապահները հանգիստ ուղեկցում են իրեն, իսկ մոտերքում անծանոթ շնչավոր չի երևում։
Նստում է մեքենան ու անմիջապես ինքը շտապ փակում դուռը։ Երբ մեքենան շարժվում է, հանգիստ շունչ է քաշում, բայց մի քանի վայրկյան հետո կրկին լսում է նույն ձայնը.
- Պրիվետ, Նիկո։

- Էդ ո՞վ է, ո՞վ ես դու,- սարսափած հարցնում է Նիկոլը։
- Կորոնավիրուսը։
Նիկոլը գույնը գցում է.
- Ո՞նց թե։ Որտե՞ղ ես դու։
- Քո մորուքի մեջ,- հնչում է պատասխանը։
- Ի՞նչ ես ուզում ինձանից, ինչո՞ւ ես եկել։
- Եկել եմ, տեսնեմ ինչպես ես պինցետով ինձ բռնում և տնական արաղի մեջ խեղդում։

Նիկոլը շտապ զանգում է Արսեն Թորոսյանին.
- Վռազ եկ ինձ մոտ։

Հենց հասնում է աշխատավայր, անմիջապես հայտնվում է Արսեն Թորոսյանը։
- Բա՞ն է պատահել, շեֆ,- հարցնում է։
- Արտակարգ իրավիճակ է, մորուքիս մեջ կորոնավիրուս կա, ինչպե՞ս բռնենք։

- Դժվար գործ է,- պատասխանում է Թորոսյանը,- պետք է մորուքդ սափրես, շեֆ։
Նիկոլը վեր է թռչում նստած տեղից ու զայրացած գոչում.
- Արա՛, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։ Էդ ո՞նց թե՝ մորուքս սափրեմ։ Որ մորուքս խուզեմ ու ինձ հարցնեն, թե ինչո՞ւ չեմ նախկին խոստումներս կատարում, ինչպե՞ս պաշտպանվեմ էդ հարցից ու ասեմ՝ իրավիճակ է փոխվել... Իսկ գուցե Տոնոյանին կանչենք։

- Տոնոյանը գա ի՞նչ անի կորոնավիրուսին,- տարակուսանքով հարցնում է Արսեն Թորոսյանը։
- Մինաիսկածելով չի՞ կարող մորուքիս կորոնավիրուսը գտնել։

- Դա անհնար բան է, շեֆ, կորոնավիրուսը շատ փոքր, փոշեհատիկից փոքր մանրէ է, մինաիսկածելը չի օգնի։

Այդ պահին ինչ-որ տեղից լսվում է Արթուր Վանեցյանի բարձր քրքիջը.
- Հա՜, հա՜ հա՜... Նիկոլ, այսինքն՝ պարոն Փաշինյան, ոչ մի կորոնավիրուս չկա, վերնաշապիկիդ գրպանում գտնվող գրիչի վրա «ժուչոկի» պես մի բան կա, հանիր ու դեն նետիր...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

14.7.20

Արքա Աղվեսը շարունակում էր խրախճանքը, իսկ Անտառակի վրա սև ամպեր էին կուտակվում


Վիշապ օձի գահակալությունից հետո Անտառակի թագավորի գահի համար պայքարը շարունակ թեժանում էր, տարբեր կենդանիներ էին հայտնվում գահին, բայց Վիշապ օձի հիմնադրած սրիկայապետությունը դրանից չէր փոխում էությունը։ Շարքային կենդանիները շարունակում էին վատ ապրել, իշխող «էլիտան» անշեղորեն հարստանում էր, շարքայինները՝ անշեղորեն աղքատանում, իսկ կենդանիների մի մասը ստիպված լքում էր Անտառակը, արտագաղթում այլ անտառներ։

Կենդանիների համբերության բաժակը լցվել էր հատկապես այն բանից հետո, երբ Դոդոշը որոշեց երրորդ ժամկետով մնալ իշխանության ղեկին։ Դրանից հիանալի օգտվեց Վիշապ օձի ամենաաչքաբաց սանիկ խորամանկ Աղվեսը, որ հիանալի տիրապետում էր իր ուսուցչի ճարտասանական արվեստին, խորամանկությանը, նենգությանն ու բոլորի աչքին թոզ փչելու արհեստին։ Նա մի ուսապարկ դրեց մեջքին, վրան գրեց՝ «Խոստումների պարկ» և սկսեց չափչփել, շրջել փողոցներն ու մյուս բոլոր կենդանիներին համոզել, որ պայքարի ելնեն Դոդոշի դեմ ու այդ անիրավից ազատեն երկիրը։ Հընթացս Աղվեսը խոստումներ էր հանում իր ուսապարկից և շաղ տալիս աջ ու ձախ…

Կենդանիներն Անտառակում Աղվեսի գլխավորությամբ ոտքի ելան, Դոդոշին հեռացրեցին գահից ու տեղը նստեցրին Աղվեսին։ Սա այդ պրոցեսի անունը դրեց «Քայլի հեղափոխություն», իր կոշիկը հռչակեց այդ հեղափոխության խորհրդանիշ, պահ տվեց Ազգային թանգարանին, իսկ ինքը հագավ նախկին արքա Դոդոշի կոշիկները, նրա կոստյումը, կապեց նրա փողկապը և գործի անցավ։

Նոր գահակալ Աղվեսը գիտության նախարար կարգեց մեծագլուխ Կրիային, առողջապահության ոլորտը տվեց Կոբրա օձին, սեքսոլոգ Սիրամարգին նշանակեց սոցապ նախարար, Այծին՝ ազգային ժողովարանի ղեկավար, նոր ոստիկանապետ ու այլ ղեկավարներ նշանակեց իր շրջապատից, խոստումների ուսապարկը հանեց, 180 աստիճանով շրջեց ու նորից հագավ և բոլոր կենդանիները զարմանքով նկատեցին, որ այս անգամ նրա վրա գրված է՝ «Ստերի պարկ»։

Կենդանիների ապշանքը տեսնելով, Աղվեսը բազմանշանակ ժպտաց։ «Սիրելի հպարտ հայրենակիցներ, ես բոլորիդ սիրում ու պաշտում եմ, գահին նստած օրվանից ոչ մի րոպե աչք չեմ փակում, միայն ձեր մասին եմ մտածում,- ասաց Աղվեսն ու շարունակեց։- Հանուն ձեր երջանիկ ապագայի, «Քայլի հեղափոխությունը» նախկին հնացած արժեքները փոխարինելու է նոր արժեքներով, և այսուհետ մեր նշանաբանն է լինելու՝ «Ոչ մի արժեք»։ Մենք դեն ենք նետելու նաև իր դարն ապրած հին բարոյականությունն ու փոխարենը բարձրագույն բարոյականություն ենք հռչակելու Անբարոյականությունը։ Կորչի նաև ճշմարտությունը, այդ դառն ու ծանր գլխացավանքը, կեցցե՛ն սուտն ու կեղծիքը։ Ես ամեն օր ձեր աղքատ գլուխները լցնելու եմ գեղեցիկ ստերով և դրանք այնպես են ծլարձակելու ձեր հպարտ գլուխներում, ինչպես հատիկը՝ գոմաղբի մեջ…»։

Կենդանիները բերանները բաց լսում էին իրենց նոր կուռքին և ծափահարում՝ ոգևորված նոր կյանքի լուսաճաճանչ երազներով։
Աղվեսի երազանքն իրականացել էր։ Նա արդեն գահի վրա էր, նա արդեն արքա էր դարձել, բայց հակառակ նրա մեծ ախորժակին, Անտառակում ուտելու և թալանի համար գրեթե բան չէր մնացել։ Նախկինները հիմնավորապես թալանել էին ամեն ինչ, սեփականաշնորհել ամեն ծառ ու թուփ։ Բայց դա ամենևին չընկճեց Աղվեսին, նա ձերբակալել էր տալիս հարուստ ու օլիգարխին, գրպանները թափ տալիս և ազատ արձակում։ Միաժամանակ տիկին Աղվեսուհին պոչի սանրվածքը փոխել, հիմնադրամներ էր բացել, որին ամեն ամիս մուծումներ էին անում «հին գայլերը»։

Հետո հերթը հասավ շարքային կենդանիներին։ Սկսեցին հիմնավորապես մաքրազարդել նաև նրանց գրպանները՝ դրա համար հորինելով հարկերի նորանոր տեսակներ՝ օդահարկ, շնչահարկ, քայլելահարկ, քնահարկ, արթնանալահարկ, ջուրխմելահարկ, մազսանրելահարկ և այլն։ Աղվեսն ու նրա շրջապատը օրեցօր, ժամ առ ժամ հարստանում էին, իսկ Անտառակի շարքային բնակիչները, մյուս բոլոր կենդանիներն օրեցօր, ժամ առ ժամ աղքատանում։ Ժողովարանի նախագահ Այծն արդեն հղփացել ու իրեն փոխարքայի պես էր պահում, նրա կողակցի հետևից մի խումբ ոչխար էր գնում՝ պոչը բռնած, որ հանկարծ այն չդիպյի գետնին։ Առողջապահության նախարար Կոբրա օձը կենդանիներին ոչնչացնելու և իբր կենդանիներին բուժելու նպատակով նոր մահաբեր դեղերի բիզնեսով էր զբաղվում։ Գիտության նախարար մեծագլուխ Կրիան Անտառակի պատմության առարկան դեն էր նետել ուսումնական ծրագրերից և փոխարենը մատղաշ կենդանիներին իրար հետ կենակցելու դասեր էին տալիս ու բացատրում, որ ուղտը կարող է ամուսնանալ ջայլամի, մողեսը՝ քարայծի, խլուրդը՝ նապաստակի հետ և այլն։

Աղվեսը քանդել էր տալիս այն ամենը, ինչ իր նախորդների օրոք դեռ կանգուն էր մնացել։ Նա օրը մի քանի անգամ ճառ էր ասում իր հպատակների համար և բացատրում, որ իրեն չենթարկվող հակա-ներին ծեփել է տալու ծառին կամ նմաններից կոտլետ է սարքել տալու։ Տիկին Աղվեսուհին ամեն ժամ հագուստ էր փոխում և իրեն Տիեզերքի թագուհի երևակայում…

Մի օր էլ լուր տարածվեց, որ հարևան Գիշատիչ անտառը հարձակվել է Անտառակի վրա։ Անտառակի քաջ մարտիկները կասեցրել էին թշնամուն, հակառակորդին ետ էին շպրտում սահմաններից, իսկ Աղվեսն ասես գետնի տակ էր անցել։ Հայտնի չէր, թե ինչ ծակ էր մտել և նրանից ձեն-ձուն չկար…

Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր արդեն, թշնամին ծեծված ետ էր շպրտվել, Աղվեսը կրկին հայտնվեց, ճառով դիմեց իր հպատակներին և հայտարարեց, որ ինչպես այս անգամ, ինքը երբեք թույլ չի տա որևէ ոտնձգություն իր երկրի վրա, և կեցցե՛ն Անտառակի քաջ մարտիկները։

Հավաքված կենդանիներն ուրախ բացականչեցին՝ «Կեցցե՛ մեր քաջ և իմաստուն Աղվեսը, աղվես ունենք, աշխարհը չունի, երկար կյանք նրան՝ մեր լուսապայծառ արքային և նրա լուսաթագ կողակցին»…

Այդ ընթացքում Անտառակի բնակիչների մի մասն աստիճանաբար լքում էր հայրենի անտառը, ոմանք էլ մտմտում են, թե ինչպես ճանապարհածախսի միջոցներ գտնեն։ Աղվեսն իր կողմնակիցների հետ շարունակում էր քեֆ ու խրախճանքը, իսկ Անտառակի վրա նորանոր սև ամպեր էին կուտակվում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

18.6.20

Երգահան գեներալը


Բարձր դասարանում էի սովորում։ Մի օր հայրս աշխատավայրից՝ Արցախի մարզային ռադիոխմբագրությունից, որտեղ երկար տարիներ գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբագիր էր աշխատում, զանգեց տուն և ասաց.
- Գեներալ տեսած կա՞ս։ Ո՛չ հեռուստացույցով, այլ իսկական։

Այն տարիներին Ստեփանակերտում ո՞վ էր իսկական գեներալ տեսել, և բնականաբար պատասխանեցի.
- Չէ, չեմ տեսել։

- Դե շտապ եկ ինձ մոտ, խմբագրություն։ Եկ կենդանի գեներալի հետ ծանոթացնեմ, Մոսկվայից է եկել։

Մի քանի րոպե հետո հայրիկիս աշխատավայրում էի (այն տարիներին մեր տունը ռադիոխմբագրությունից 100 մետրի վրա էր գտնվում)։ Հորս աշխատասենյակի դուռը բացեցի և ներս մտա։ Համազգեստով հաճելի մի տղամարդ էր նստած։ Ինձ թվաց, որ հորս տարիքին կլիեր, բայց հետո իմացա, որ 4-5 տարով մեծ է հայրիկիցս։ Հայրս ծանոթացրեց.
- Միլիցիայի գեներալ Ալեքսեյ Հեքիմյան։ Կոմպոզիտոր է նաև, երգեր է գրում։
Գեներալը ծիծաղեց ու սեղմեց ձեռքս։ Իսկ հայրս իրեն հատուկ կեսլուրջ-կեսկատակ շարունակեց.
- Ընկեր Հեքիմյանը խոստացել է նաև հայերեն երգեր գրել։ Այդպես է, չէ՞, Ալեքսեյ Գուրգենովիչ։

Հեքիմյանը ժպտաց և գլխով հաստատեց։ Այդ օրերին ես կարծում էի, թե հայրս ինձ ծանոթացրել է մոսկվացի հայ գեներալի հետ։ Միայն տարիներ հետո երբ հայրս ստացավ Ալեքսեյ Հեքիմյանի ուղարկած ձայնասկավառակը՝ հայերեն հրաշալի երգերով՝ Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Վարդուհի Խաչատրյանի, Նար Հովհաննիսյանի կատարմամբ, հասկացա, որ իմ տեսած գեներալը հիանալի կոմպոզիտոր է։

Դրանից մոտ մի տարի հետո հայրս Հեքիմյանից նոր նվեր ստացավ՝ «Սիրելի ուսուցիչ» երգի նոտաների ֆոնի վրա կոմպոզիտորի դիմանկարը՝ նրա մակագրությամբ.
«Հարգելի ընկեր Հովյան,
Շնորհավորում եմ ձեր նոր տարին։
Ալեքսեյ Հեքիմյան»։
(նա կարծում էր, թե Օվյանը Հովյանի ռուսերեն թարգմանությունն է)...

1981-ի սեպտեմբերին Հեքիմյանը կրկին Արցախում էր։ Այս անգամ ես նրան չտեսա, քույրերս հանդիպեցին և լուսանկարվեցին հետը։ Հայրս ասաց, որ Հեքիմյանը պատահական լսելով իր երկու բանաստեղծությունների հիման վրա գրված Գեղունի Չթչյանի ռոմանսները, բացականչել է. «Վազգեն Գարեգինովիչ, հարգելիս, իսկ ես կարծում էի, թե միայն արձակագիր ես։ Ինչո՞ւ ես ինձնից թաքցրել, որ հրաշալի բանաստեղծություններ ունես»։ Եվ առաջարկել է անպայման ուղարկել բանաստեղծություններից՝ տեքստերի հիման վրա երգեր գրելու համար։ Հայրս ընտրել է իր ձեռքով մեքենագրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ և ուղարկել կոմպոզիտորին։

Դրանից մի քանի ամիս հետո՝ 1982-ի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության օրը լսեցինք, որ սիրված կոմպոզիտորը Մոսկվայում վախճանվել է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

12.6.20

Անցյալ դարձած գեղեցիկ մի աշխարհ


Հովհաննես Կարապետյանին հիշում եմ 1969 թվականից։ Հովհաննես Շիրազի մանկության ընկերներից է, ծնված նույն թվականին և նույնպես Հովհաննես (Օնիկ) Կարապետյան։ Երկար տարիներ եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ժողովրդական արտիստ։ 1969 թվականին հայրիկիս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որ բեմադրել էր Հովհ. Կարապետյանը, Թումանյանի 100-ամյակին նվիրված ներկայացումների մրցույթում Երևանում երկրորդ մրցանակ էր շահել։ Հիշում եմ, որ ներկայացման մասնակիցները հպարտությամբ պատմում էին, որ Երևանում իրենց ասում էին՝ «Դուք առաջինն եք... Բայց դե քաղաքականություն, դիվանագիտություն-բան կա, ցավոք...»։

Այդ թվականին Հովհաննես Լևոնովիչը 55 տարեկան է եղել, հայրս՝ 37 տարեկան, ես՝ 9 տարեկան, որ տասնյակ անգամ կուլիսների հետևից, ավելի ճիշտ՝ բեմի կողքի աջ անկյունից թաքուն դիտում էի ներկայացումը, որովհետև այդ տարիներին 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը խստիվ արգելվում էր...

Հովհ. Կարապետյանը հոգով, սրտով, ողջ էությամբ գյումրեցի-լենինականցի էր՝ հումորով լի, հպարտ, տաղանդավոր ու շատերի համար նաև մի քիչ տարօրինակ։ Ասում են՝ շատ դժվար է դերասանների հետ, դերասանների միջավայրում աշխատելը։ Եվ նա մի քանի անգամ խռովել, զայրացել, թողել է մեր թատրոնն ու մեկնել Երևան։ Հետո ամեն անգամ հարգված դերասաններից կազմված հատուկ մի պատվիրակություն էին ուղարկում նրա ետևից՝ Երևան, որ խնդրեն, համոզեն և ետ բերեն Ստեփանակերտ։

Երբ առաջին անգամ հետ վերադարձավ, հայրիկիս հետ գնացի հյուրանոց՝ նրան տեսնելու։ Ազատ նորմալ համար չլինելու պատճառաբանությամբ նրան անշուք, խոնավ ու գարշահոտությամբ ներծծված մի սենյակ էին հատկացրել։ Հայրս զայրացավ ու ասաց, որ թույլ չի տալու նրան ապրել նման անպետք վանդակում։ Եվ Հովհաննես Լևոնովիչը մոտ երկու ամիս Մայր թատրոնի հարևանությամբ, Կնունյանց փողոցում գտնվող մեր նախկին բնակարանն ընդամենը երկու սենյակից էր բաղկացած, Իսկ առաստաղն այնքան ցածր էր, որ ես դեռ յոթերորդ դասարանից րատկում և ձեռքով դիպչում էի առաստաղին, բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին...

Հետո Հովհաննես Կարապետյանին բնակարան տվեցին մեր թաղամասում, և հայրս ու նա դարձյալ պարբերաբար հանդիպում էին և շատ հաճախ ես էլ էի լինում նրանց հետ։ Զրուցում էին թատրոնի, արվեստի, գրականության մասին, նաև նարդի էին խաղում, որը յուրօրինակ մի ներկայացում էր։ Կարապետյանը առավել շատ պարտվում էր ու դժգոհում. «Չէ, բախտդ բերում է երկար խաղով։ Արի էս անգամ կարճ խաղանք»։ Դարձյալ պարտվում էր ու զայրացած սկսում հայհոյել զառերին՝ «Ծախված զառեր, խուլիգան զառեր, անդաստիարակ, տմարդի, անպետք զառեր...»։ Դրանով չբավարարվելով, նա սկսում էր զառերին անվանել չսիրած մարդկանց անուններով, ասենք՝ Առաքել Սարուխանյան զառեր, Մուկուչյան զառեր, թուրք զառեր...

Այնուհետև, ընկերներով սեղանի շուրջ կատակներ անելիս, հայրս մի քիչ գունազարդած պատմում էր այդ ամենը, Հովհաննես Կարապետյանը բարեհոգի ժպտում էր ու իբր ջղայնացած ասում. «Մի սրան նայեք, էս ո՞նց է կարողանում էսպես գեղեցիկ հնարել...»։

Հովհաննես Լևոնովիչը նույնիսկ ցանկացավ ինձ դերասան դարձնել։ Թարգմանված մի ինչ-որ պիեսում 10-12 տարեկան երեխայի դեր պիտի խաղայի։ Հաճույքով դերիս տեքստը արտագրեցի ու սկսեցի անգիր անել։ Բայց հասկանալով, որ այդ ողջ տեքստը պիտի արտաբերեմ հարյուրավոր մարդկանց, բազմաթիվ հանդիսատեսի աչքի առաջ ցցված, ես, որ այդ տարիներին շատ ամաչկոտ էի, ի խոր հիասթափություն Հովհաննես Կարապետյանի, հրաժարվեցի դերասան դառնալու մտքից։

Ճիշտ է, դերասան դառնալու մտքից հրաժարվեցի, բայց թատրոնը սիրելուց չկարողացա հրաժարվել։ Երբ արդեն 16 տարիս լրացավ, ներկա էի լինում նաև փորձերին։ Ինձ համար յուրօրինակ հրաշք մի աշխարհ էր թատրոնը։ Ճանաչված, սիրված դերասաններ կային՝ Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Բենիկ Օվչյան... Դերասաններ կային, որ տարիներ առաջ մեծն Վահրամ Փափազյանի խաղընկերն են եղել... Նրանց ամեն անգամ տեսնելիս, մտածում էի, որ մտավորականներն ահա այսպես են լինում՝ աներևակայելի բարեկիրթ, հպարտ ու խելացի։

Փորձերի ժամանակ Հովհաննես Լևոնովիչը նստում էր դահլիճում, փոքրիկ մի սեղանիկ առաջ և այդտեղից ղեկավարում ողջ պարահանդեսը։ Եվ այդ ընթացքում նա այնքան էր տեղից ցատկում, բեմ բարձրանում, դերասաններին բացատրում, թե որտեղ և ինչպես պիտի կանգնել, ինչպես պիտի արտասանել նախօրոք սովորած, նաև բազմիցս կրկնած տեքստը, որ ես զարմանում էի, թե ոչ ջահել ու զգալիորեն ծանրամարմին այդ մարդը ոնց է կարողանում բազմաթիվ անգամ բարձրանալ բեմ ու իջնել և ոնց է կարողանում բոլորի հետ կրկնել նրան տեքստն ու խաղալ, մարմնավորել նրանց դերը…

Հիշում եմ, թե մի անգամ սիրային տեսարանի փորձի ժամանակ ինչպես էր Հովհաննես Կարապետյանը վրդովել. «Ծո, ա՛յ տղա, էդ ինչպե՞ս ես խաղում, կյանք չկա կերպարիդ մեջ, սեր չկա  մեջդ... Էդպես, որ տատիկիս սեր բացատրեիր, քեզ պատուհանից դուրս կշպրտեր...»։

Իր արժեքն ու տաղանդը քաջ գիտակցողի պես նա հաճախ էր դժգոհում, որ իրեն չեն գնահատում։ Նման պահերին ասում էր. «Ինձ պես տաղանդավոր, պատկառելի մարդուն սրանք էս ո՞ւմ տեղն են դրել...»։  Նա չէր ծխում, բայց կինը՝ տիկին Ռոզան հայրիկիս հավասար ծխում էր։ «Դե, տանը մի ծխող պիտի լինի, Ռոզիկս ծխում է, ես էլ ծխեմ՝ բա հացի փողը որտեղի՞ց պիտի գտնենք»,- կատակով ասում էր Կարապետյանը։

Հայրիկիս սիրում էր ինչպես կրտես եղբոր կամ ավագ զավակի։ Երբ զայրացած ու անտրամադիր էր լինում, ասում էր. «Տաղանդավոր մարդ ես, էստեղ կորչելու ես, արի թքենք, գնանք Երևան։ Ինձ այնտեղ տուն ունեմ, քեզ էլ իսկույն տուն կտան...»։ Հայրիկիս երևանաբնակ ընկերներն էլ էին առաջարկում տեղափոխվել Երևան։ Ասում էին՝ «Էդտեղ ի՞նչ ես կորցրել, եկ Երևան՝ ավելի շատ կտպագրվես, ավելի հայտնի կդառնաս...»։ Իսկ հայրս միշտ ձեռքը թափ էր տալիս՝ «Չէ, չեմ կարող։ Բա մեր էս չքնաղ երկիրն ո՞ւմ թողնենք, Մուհամեդի թոռների՞ն...»։

Շա՜տ-շատ տարիներ են անցել։ Վաղուց չկան նրանք՝ հայրիկս, Հովհաննես Լևոնովիչը, սիրված դերասանները, սիրելի մարդիկ։ Նրանց հետ կարծես գեղեցիկ մի աշխարհ է հեռացել, դարձել անցյալ ու պատմություն։ Գեղեցիկ ու հրաշք մի աշխարհ, որտեղ «Մեր մանկության տանգոն» ու «Հին օրերի երգը» կար, Ֆրունզիկ-Մհեր Մկրտչյան կար, Սոս Սարգսյան ու Կարպ Խաչվանքյան կար, որոնք այդ գեղեցիկ աշխարհում մի մեծ աշխարհ էին...

Նայելով այս նկարներին, կրկին մտածում եմ՝ երանի մի հրաշք լիներ, գոնե մի օրով, թեկուզ մի ժամով վերակենդանանար այդ հրաշք աշխարհը, որտեղ նույնպես ապաշնորհներ ու սրիկաներ կային, բայց նրանք կարծես այնքան էլ շատ չէին, մարդիկ ավելի շատ էին Մարդ... Եվ շատ մեծ հավատ կար գեղեցիկ այդ աշխարհում, որ մնացել էր քառասուն սարի հետևում՝ ինչպես երազ ու անդառնալի քաղցր հուշ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նկարներում՝ Հովհաննես Կարապետյան։ Երկրորդ լուսանկարում տեսարան «Մեծ լոռեցին» ներկայացումից (Թումանյան՝ Բենիկ Օվչյան, Խորհրդավոր ծերունի՝ Հովհ. Կարապետյան), Աջից վերևի լուսանկարում՝ հայրիկս, դերասաններ Բ. Օվչյանը և Ժ. Մովսիսյանը, 1969 թ.։ Ներքևի լուսանկարում՝ Բ. Օվչյան, Հ. Կարապետյան, երրորդին չեմ կարողանում հիշել, նրանից աջ՝ հայրս։