18.6.11

N 6 (19) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՊԵՐՃԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր նախորդ համարում գրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ, ու դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում։ Ինչպես կանխազգացել էինք, իշխանությունները հերթական անգամ արհամարհեցին հանրության կարծիքը և ՀՀ ԱԺ-ում վավերացրին հակասահմանադրական, հակապետական այդ օրինագիծը։ Դեռ շաբաթներ առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ցույց էին կազմակերպել ՀՀ ԱԺ-ի առջև և ամոթանք էին տալիս ազգային խորհրդարանի երեսփոխանի մանդատավորներին, իշխող կուսակցության պատգամավորներից մեկը երեք մատներով անպարկեշտ գործողություն է արել ցուցարարների ուղղությամբ։ Անկասկած, կարող էր նաև լեզու ցույց տալ, փողոցային հայհոյանքների տարափ հեղել հավաքվածների հասցեին կամ քացով խփել մեկ-երկուսին, բայց այդպիսի հրահանգ դեռ չէր ստացել իր կուսակցական բոսերից...

Իսկ ստացած հրահանգը նա և իր պատգամավոր եղբայրները փայլուն կատարեցին. համերաշխ քվեարկեցին Հայոց պետականության հիմքերը խարխլելուն միտված օրինագծի օգտին։ Միամտություն կլինի այլ բան սպասել. պատգամավոր է թե նախարար, օլիգարխը մնում է օլիգարխ, և նրա աստվածը Փողն է։ Մնացյալ ամեն ինչի վրա նա թքած ունի։

ԼՂՀ նախկին նախագահի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Արեգ Ղուկասյանը, որ «կողմ» էր քվեարկել օտարալեզու դպրոցների մասին օրինագծին, երևանյան լրագրողի հարցին, թե՝ մասնակցե՞լ է պատերազմին, խուսափողական պատասխան է տվել. «Եղել եմ պատերազմի ժամանակ և՛ Ղարաբաղում, և՛ էստեղ»։ Երբ լրագրողը կրկնել է իր հարցը. «Կռվին մասնակցե՞լ եք», պատասխանել է. «Օֆիցիալ ես բանակում չեմ ծառայել, բայց բանակի հետ կապված շատ բաներ եմ արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»...

Արցախյան շարժումից հետո իշխանության և մեծ հարստության տիրացած գործիչների գերակշիռ մասը նույնպես պատերազմին չի մասնակցել, «բայց բանակի հետ կապված շատ բաներ է արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»։ Ինչպիսի՜ համեստություն...

Արցախի Մարտակերտի շրջանում հունիսի 18-ի ողբերգական միջադեպն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ստեփանակերտ՝ քաղաքական ամենաբազմազան շահարկումների թեմա է դարձել։ Հայաստանյան որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ սրտանց և անկեղծորեն ցանկանում էին, որ ՀՀ ղեկավարի Արցախ ժամանելու պատճառը «տարածքների վերադարձի» թեման լիներ, որպեսզի դա կարողանան օգտագործել իշխանափոխության համար, ոմանք Արցախում զոհված զինվորների վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ ծայրեծայր զետեղել են ադրբեջանական լրատվամիջոցներով սփռած լուրերը՝ ազերական բանակի նոր զորավարժության մասին, որին մասնակցել է «4 հազար զինվոր, 100 տանկ, մարտական ինքնաթիռներ...»։

Եվ նմանատիպ «ինֆորմացիայով» լուսավորված քաղաքական ինչ-որ «կուրտիզանուհի» բացականչում է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ դուք օտարալեզու դպրոցների դեմ եք պայքարում... Կարծես կոճակ սեղմող ՀՀ պատգամավորը վայր է դնելու իր մանդատն ու ջիպի ղեկին նստած որդու հետ շտապ մեկնի առաջին գիծ...

Երբ ջուրը պղտորվում է, ձկնորսները շատանում են, բայց մեզանում յուրաքանչյուրը ձգտում է բռնել հենց այն ձուկը, որն իր քիմքին ավելի հաճելի է։ Անկախ նրանից, թե այդ ջրում կա՞, արդյոք, որոնածը։ Սա է հայոց քաղաքական դաշտը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի 100-ամյակի կապակցությամբ 1997 թվականին նրա անունով ՀՀ-ում հիմնվել է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները...

* * *
Մեծանուն հայորդի, մեր մեծ հայրենակից մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրի խայտառակ վիճակի մասին մեր թերթը բարձրաձայնել է նաև մի տարի առաջ։ Մեծ զորավարի 100-ամյակին անգամ հարկ չհամարեցին ավարտել աշխատանքներն ու հուշակոթողի հանդիսավոր բացման արարողություն կատարել։
Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարի է՝ երկիրը «հնարավորություն չունի» իրական ՀԵՐՈՍԻ արձանի զույգ կողմերում անճոռնի ցցված մետաղաձողերը փոխարինելու քարե կամարով։

Եթե այսօր հրաշքով կենդանանար Մեծ զորավարն ու ժամաներ Ստեփանակերտ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի շուքով կդիմավորեին նրան... Բայց, ցավոք, նա կենդանի չէ և հայրենի երկրում սեփական բիզնես չունի...

* * *
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ կլոր պուրակում, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը, և որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների հանգստի սիրած վայրն էր, այսօր ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։
«Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր հայտնում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլևս հարմար մի տեղ չկա, որ նստենք, հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ի՞նչ է, քաղաքը լցված բարերում պիտի՞գնանք վայելենք մեր հանգիստը։ Սա մեր քաղաքն է, մեզնից յուրաքանչյուրինն է, և ոչ մեկը չպիտի առանց քաղաքացիների կարծիքը հարցնելու, այսպես վարվեր սիրված պուրակի հետ։ Փողի ավելցուկ ունեն, թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն...»։

Հետաքրքիրն այն է, որ արձանի վրայի հայատառ «Շահումյան» գրությունն էլ են քերել-մաքրել։ Անհասկանալի է, թե այն ում գեղագիտական ճաշակը չէր բավարարում։
Երբեմնի կանաչապատ ու համեստ մեր մայրաքաղաքը օրեցօր լցվում է քարերով, աջ ու ձախ հեղեղվում քարե սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը։ Երևի մի օր հերթը կհասնի նաև տանիքներին ու շենքերի պատուհաններին...

«ՆԷ»



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌՎԵՑ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌԱՋ

Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնք նախատեսում են օտարալեզու դպրոցների բացում: Օտարալեզու դպրոցներ բացելու մասին որոշումն ընդունվեց Անկախության հռչակագիր ընդունած դահլիճում։ «Կողմ» են քվեարկել 71 պատգամավորներ, «դեմ»՝ 12-ը: 3-ը ձեռնպահ են քվեարկել: Հիմնականում դեմ են քվեարկել «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները:
Քվեարկությանը զուգահեռ փողոցում բողոքի գործողություն էր ընթանում: Հավաքվածները ամոթ էին բղավում 71 դավաճաններին, սուլում, աղմուկ հանում, երբ փողոցում հայտնվում էին կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ օրինագծերը հանում են 90-ականների սկզբին մտցված արգելքը, որով Հայաստանում արգելվում էր բացել օտար լեզվով դասավանդմամբ դպրոցներ: Այսպիսով՝ Հայաստանում բացվելու են 11 օտարալեզու դպրոցներ: Դրանցից երկուսը կլինեն մասնավոր՝ Դիլիջանում և Ջերմուկում, 9-ը՝ միջպետական համաձայնագրերի հիման վրա: Ակնկալվում է, որ դրանց մեծամասնությունը կլինեն ռուսերեն լեզվով: Հայաստանը միակն էր ԱՊՀ-ում, որտեղ, ըստ երևույթին գիտակցելով մեր ազգի օտարամոլությունը, օրենսդրորեն արգելվում էր օտարալեզու դպրոցների գոյությունը:

Նոր դպրոցներում հայոց լեզուն և գրականությունը, նաև հայ ժողովրդի պատմությունը դասավանդվելու են նույն ծավալով, ինչ ազգային դպրոցներում: Սակայն սա փրկություն չէ, քանի որ խորհրդային տարիներին ևս ռուսական դպրոցներում դասավանդվում էր հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն, բայց... ձևականորեն, միայն թղթի վրա, իսկ իրականում այդ առարկաների դասավանդման մակարդակը խայտառակ վիճակում էր, առարկաները ներքին կարգով համարվում էին երկրորդական և արհամարվում։ Իսկ ռուսալեզու դպրոցների սովորողների 99,9 տոկոսը ազգությամբ հայեր էին։
news.am



ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԶԱՐԹՆԵԼ»

Միջազգային հանրությունը պետք է վերջապես գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի սուբյեկտ, և ոչ թե օբյեկտ,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը։ «Ես հասկանում եմ և համաձայն եմ Ղարաբաղի ժողովրդի հետ, որ նրանք այլևս չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, քանի որ Ադրբեջանի իշխանության օրոք Ղարաբաղում բնակվող հայերը շատ բաների միջով են անցել»,- ասել է նա, ավելացնելով, որ Ղարաբաղն այս տարիների ընթացքում մեծ բացթողում է ունեցել։

Նրա համոզմամբ, աշխարհը տեղյակ չէ, թե ինչ է եղել ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում։ «Ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց Խոջալուի շուրջ, չնայած Մարաղայում տեղի ունեցածն ավելի վատ էր։ Մարաղայում կատարվածը ոճիր էր մարդկության դեմ»,- նշել է Քոքսը՝ հիշելով, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ինքը եղել է Մարաղայում և տեսել է գլխատված ու վառված հայերի։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պետք է պատմի, թե ինչպես էր Ադրբեջանը կասետային ռումբ կիրառում Ղարաբաղի դեմ։ «Կոչ եմ անում հայկական կողմին զարթնել, պատմել աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ձեզ հետ 90-ականների սկզբներին։ Քարոզեք ձեր ճշմարտությունը. միջազգային հանրությունն այսօր հավատում է Ադրբեջանին»,- շեշետել է նա։



«Ես չեմ հավատում, որ Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի իրավասության ներքո: Դա հնարավոր է միայն Ղարաբաղի ու Հայաստանի պարտության դեպքում, պատերազմ, որ ես ոչ ոքի խորհուրդ չէի տա սկսել,- ասել է ՌԴ պետդումայում ԱՊՀ հարցերով առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, նշելով, որ Ղարաբաղն այս վիճակով ապրում է արդեն 16 տարի, որի ընթացքում մի ողջ սերունդ է մեծացել:- Եթե մենք անընդհատ հայտարարենք, որ չենք ճանաչում Ղարաբաղն ու այնտեղ անցկացվող ընտրությունները, ապա խնդրի կարգավորումը չի մոտենա»:

«Կարծում եմ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի համար (ու ոչ միայն) ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղում լիներ բռնապետական ռեժիմ: Այդ ժամանակ նրանք առավոտից երեկո կպատմեին այն մասին, թե ինչպիսի ժողովրդավարություն կա Ադրբեջանում, և ինչպիսի տոտոլիտարիզմ ու դիկտատուրա Լեռնային Ղարաբաղում: Հիմա նրանք այդ հնարավորությունից զրկված են: Ուզում եմ նկատել, որ Ղարաբաղում իշխանությունը հորից որդուն չի ժառանգվում, ինչպես մի քանի այլ երկրներում, որոնք հավակնում են Ղարաբաղին...»:
Panorama.am


Հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Եթե մենք կարող ենք հակահայկական բնույթի հայ-թուրքական արձանագրությունները ներառել ու պահել Ազգային ժողովի օրակարգում, ապա անհասկանալի է, թե ինչու ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չենք ներառում: Դա անելը ոչ միայն պատվաբեր ու պետականաշահ է, այլև՝ քաղաքականապես նպատակահարմար»,- ասել է Սաֆարյանը:

Քվեարկության արդյունքում 2 կողմ («Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը և ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանը), 5 դեմ (ՀՀԿ-ից՝ Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը և Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ-ից՝ Էռնեստ Սողոմոնյանը, անկախ պատգամավոր Լևոն Խաչատրյանը) և 1 ձեռնպահ (ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը) ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտրվեց:
«Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը օտարալեզու դպրոցներ բացելու մասին որոշում ընդունելով պետք է ինքնալուծարվեր, քանի որ այսպիսով նախարարությունը խոստովանում է, որ չի կարողանում բավարար իրազեկ կրթություն ապահովել և ստիպված գնում է մասնավոր շերտի համար մասնավոր դպրոցներ ստեղծելու ճանապարհով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա նաև նշեց, որ օտարալեզու դպրոցների ներդրմամբ խորը անջրպետ է առաջանալու հայալեզու կրթությամբ այսպես կոչված հպատակների և օտարալեզու կրթությամբ ոչ հպատակների միջև, և այս երկու խավերի միջև հաղորդակցման, շփման խնդիրներ է առաջանալու։ Նա նշեց, որ կողմ է օտարալեզու դպրոցների ներդրմանը, սակայն մինչ այդ հարկավոր է բարձրացնել հայկական դպրոցների մակարդակը և հանրային դպրոցներին կից ստեղծել օտար լեզուների ուսուցման կենտրոններ։


«Ինչպե՞ս կարելի է ռուսական դպրոցներ բացել. առանց էդ էլ մենք ռուսաքծնանքով ենք զբաղված, զզվեցինք դրանից»,- մամուլի ասուլիսի ասել է Ռուբեն Հախվերդյանը՝ խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու թեմայի շուրջ։ Նրա խոսքով, եթե մենք կորցնում ենք հայերենը (իսկ նրա խորին համոզմամբ մենք այն կորցնում ենք), ապա կորցնում ենք նաև «մեր մաշկը, մեր պաշտպանական շերտը»:
Հախվերդյանի խորին համոզմամբ, մեր լեզուն է մեր հայրենիքը, ոչ թե «սարերն ու լանդշաֆտները»: «Արդեն ամեն ինչ ծախված է, մնում է լեզուն։ Եթե դա էլ կորցնենք, լեզուն էլ որ ծախենք, ռուսները լավ կհագնեն մեզ, ու ամեն ինչ դրանով էլ կվերջանա։ Առանց էդ էլ մենք նրանց գավառն ենք, առանց էդ էլ նրանց բազաներն այստեղ խրված են, առանց էդ էլ, երբ ուզեն, գազը կանջատեն ու կմիացնեն»,- նկատեց երգիչը՝ ավելացնելով, որ հայ ազգի համար իր լեզուն կորցնելը կործանանարար հետևանքներ կարող է ունենալ։

Նշելով, որ հայկական երգարվեստը երկու դժբախտություն ունի, Ռուբեն Հախվերդյանը որպես այդպիսիք դիտարկեց հայ երգում գերիշխող թուրքական ելևեջներն ու Երգի պետական թատրոնը։ «Թուրքերն, իրոք, իրավունք ունեն բողոքելու, որովհետև մեկը մյուսի հետևից հայ երգիչները վերցնում են նրանց երգերը, կպցնում հայերեն բառեր ու երգում... Երկրորդ դժբախտությունը Երգի պետական թատրոնն է, որի անունը ես դրել եմ «Ես այնպես կուզենայի ամերիկացի լինել», որովհետև այնտեղի մարդիկ ուզում են կրկնօրինակել Սթիվի Ուանդերի սոուլ ոճը, բայց իրականում մըկըկում են...»։
2010 թ. 5 ամսվա տվյալներով գնաճը Հայաստանում կազմել է 5,3 տոկոս, որի հիմնական բեռն ընկել է պարենային ապրանքների վրա: Հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտենց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ գնաճի առումով տարին բավականին լարված է: «Տխուր է, որ հիմնականում աճում են այն ապրանքների գները, որոնք Հայաստանում են արտադրվում»,- ասաց նա՝ նշելով, որ օրինակ կաղամբի գինը բարձրացել է 30 տոկոսով, բանջարեղենինը՝ 11-12 տոկոսով և այլն:

Բ. Ասատրյանի ասելով՝ միջազգային շուկայում պարենային ապրանքների գները անկում են գրանցում, իսկ մեզ մոտ դրանք շարունակում են աճել: Նա բերեց Չիկագոյի բորսայում գրանցված գները՝ տեղեկացնելով, որ եռամսյակի կտրվածքով հացահատիկի գինն իջել է 15 տոկոսով, բրնձինը՝ 7,5 տոկոսով, շաքարավազինը՝ 5 տոկոսով, իսկ Հայաստանում այդ ապրանքների գները շարունակում են հետևողականորեն աճել: «Սա մոնոպոլացված տնտեսություն ունենալու պարզ դրսևորում է: Բենզինը, 2009 թ. մայիսի համեմատ, 2010-ի մայիսին աճել է 31-34 տոկոսով: Այսպես է լինելու, քանի դեռ գործում է նման իշխանություն և նման տնտեսական համակարգ»,- ընդգծել է նա։


Հայաստանի ՀՆԱ 54,7 տոկոսը կենտրոնացած է 10 հարուստների ձեռքում։ ՀՀ ազգային ժողովի քառօրյայում հունիսի 8-ին ելույթ ունենալիս հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Նա նշել է, որ փաստացի Հայաստանում տնտեսության հիմնական ոլորտները բաժանված է մի քանի կլանների միջև, որոնք իրենց ունեցվածքը դիզել են՝ հարստահարելով ժողովրդին։ «Այսօր Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ մոնոպոլացված է, այն դեպքում, երբ երկրում ամբողջությամբ գործազրկություն և ընչազրկություն է տիրում»,- ասել է Դալլաքյանը։

Պատգամավորի հաշվարկներով՝ Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղը պետք է լինի 90 հազար դրամ, սակայն հանրապետությունում միջին աշխատավարձը չի անցնում 100 հազար դրամը։ «Եթե Աստվածաշունչը մեր օրերում գրեին, ու ծանոթ լինեին Հայաստանում տիրող վիճակին, ապա 10 պատվիրանների շարքում, բացի «մի՛ գողացիր»-ից, կնշեին նաև «հագեցի՛ր» պատվիրանը»,- նկատել է պատգամավորը։


ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան ավելի վաղ, քան խորհրդարանականը, հայտարարել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա՝ «Այսօրվա ընտրական օրենսդրությունը թքած ունի ազգային արժեքների վրա։ Մենք չենք կարողանում խուսափել քաղաքական և սոցիալական աղետներից: Իշխանությունն այսօր հիմարների ձեռքին է, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ ընտրությունները քաղաքացիական պատերազմի հանգեցնեն»։ Ըստ նրա՝ երկրի նախագահի և ԱԺ նախագահի պաշտոններում հայտնվելու համար պետք է հանձնել հատուկ թեստեր՝ ինտելեկտուալ մակարդակը ստուգելու համար:


«Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի սպառնալիքները դատարկ են, և եթե նա պատերազմ սկսի՝ կպարտվի: Տարիներ շարունակ կրկնող սպառնալիքներից հետո Ադրբեջանը հիմա փորձում է ցույց տալ, որ իբր այդ սպառնալիքները դատարկ չեն, բայց այդ երկիրը վտանգավոր լինելուց ավելի շատ ապուշ է, որովհետև պատերազմ սկսելը ինքնասպանություն կլինի իր համար»,- NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը,- առանձնացնելով ևս մեկ նկատառում. «Ինձ զարմացրեց, որ Ադրբեջանը նման սադրանքի գնալու համար ընտրեց հենց ներկա ժամանակը: Նկատի ունեմ այն, որ դա կազմակերպվեց Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցից առաջ: Սովորաբար եթե մեկը հյուրերի է սպասում, գեղեցիկ հագնվում է, սափրվում է և տունը կարգի է բերում, այնինչ Ալիևը, պատկերավոր ասած, հանեց հագուստները, նետեց հատակին ու միզեց նրանց վրա»:
news.am


Huliq.com պարբերականը, վկայակոչելով ՌԴ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունը, հիշեցնում է, որ հունիսի 18-ի միջադեպից ընդամենը մի քանի ժամ առաջ եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել էին իրենց պատրաստակամությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու ուղղությամբ:
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը խարխլում է բանակցությունների հիմքը և շարժվում այլ ուղղությամբ, Huliq.com-ը տեսակետ է հայտնում, որ հիմնախնդրի արագ հանգուցալուծումը Կոսովոյին հետևելն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: «Ադրբեջանը շահագրգռված չէ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և հանդես է գալիս որպես ագրեսոր: Երբ Ադրբեջանը ճանաչի երկրի անկախությունը, այն ժամանակ Հայաստանը կարող է վերադարձնել Ղարաբաղի շրջակա տարածքները»,- տեսակետ է առաջ քաշում Huliq.com-ը:
Panorama.am


Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հունիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրի առջև բողոքի ցույց է անցկացրել։ Մեկնաբանելով հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիան, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը նկատեց, որ հայերը շատ ինքնավստահ են։ «Ոչ ոք ոչ մի հարց չի կարող լուծել, եթե ազգը քնած է։ Եթե մենք զգոն լինենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեզ։ Եթե մենք ուժեղ լինենք, պատերազմ չի լինի։ Երբ մենք թուլանում ենք, թշնամուն թվում է, որ ինքը կարող է հարձակվել և հաղթել»,- հայտարարել է նա։ Նրա կարծիքով, իրավիճակից ելքը Արցախի և Հայաստանի միացումն է։ Վետերանները նաև նշեցին, որ եթե Երևան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը չընդունի իրենց, ապա այդ դեպքում իրենք որոշակի քայլերի կդիմեն, որոնց մասին կհայտարարեն հավելյալ։


ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ ԼՂՀ տարածք ներխուժելու փորձի հետ, որտեղ մասնավորապես ասված է, որ ԵԿՄ-ն նվիրված է արյամբ ազատագրված տարածքների պաշտպանության գործին, միշտ կանգնած է լինելու հայ ժողովրդին, հայկական պետականությանը հուզող խնդիրների հայանպաստ կարգավորման դիրքերում:
ԵԿՄ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել ադրբեջանական հերթական սադրանքը։ «Մի՛ ստիպեք, որ մենք հարկադրված լինենք ինքներս պատժել ոճրագործին: Դա չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, բայց այլընտրանք չունենալու պարագայում ՀՀ և Արցախի անկախությունն ու ազատությունը նվաճած երկրապահն ունակ է պահպանել ու պաշտպանել հայկական պետությունները, հայկական պետությունների քաղաքացիներին: Արցախի ժողովուրդն իր զավակների կյանքի և արյան գնով ու միջազգային հանրության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի սկզբունքով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում վաստակել է իր անկախությունը, Սահմանադրությամբ ամրագրել է իր սահմանները, որոնք այլևս քննարկման առարկա չեն կարող լինել»,- ասված է հայտարարության մեջ:


«Հունիսի 18-ի միջադեպը Ղարաբաղում ընդունել են սառնասրտորեն, բայց լուրջ մեղադրանքներով ԼՂՀ զինվորական գերատեսչության հասցեին՝ պահակակետերը մարդկային գործոնով և զինատեսակներով բավարար չապահովելու, ինչպես նաև պահակակետերում թույլ կարգապահության համար,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ողբերգական միջադեպը ոչ միայն խուճապ չի առաջացրել բնակչության շրջանում, այլև հակառակորդին համարժեք պատասխան տալու տրամադրություններ է արթնացրել։
Ըստ նրա, այդ միջադեպից հետո Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ բանակցությունները և իրավական գործընթաց սկսի ԼՂՀ անկախությունը ճանաչելու ուղղությամբ, միաժամանակ՝ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում փոխօգնության համաձայնագիր ստորագրելով Արցախի հետ։ «Հայաստանը պետք է նաև պահանջի գումարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախի ժողովրդի անվտանգության դեմ Ադրբեջանի ագրեսիան ու բռնի գործողությունները քննարկելու համար»,- հայտնել է նա։




ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԸՆԴՈՒՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱՅՆ ԿԱ


«Նոր էջ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ


1. Սանկտ Պետերբուրգում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող անվերջ հանդիպումները, Ձեր կարծիքով, արդյո՞ք շոշափելի ինչ-որ բան տալիս են ղարաբաղյան հակամարտության լուծմանը։ Նկատի ունեմ այն, որ Ադրբեջանը փաստորեն ուզում է ստանալ ամեն ինչ, որին հայկական կողմը հազիվ թե երբևէ համաձայնի։
- Եթե դատենք ըստ այդմ, ապա բանակցություններ վարելու հարկ չէր լինի, բայց ամեն մի նոր հանդիպում հնարավորություն է, որպեսզի կողմերը փորձեն գտնել շփման եզրեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա դժվար է: Գլխավորն այս դեպքում բանակցությունները շարունակելու շուրջ հերթական համաձայնությունն է, որ ձեռք է բերվել Սանկտ- Պետերբուրգում:

2. Որքան գիտենք, հակառակ Ալիևի ակնկալիքների, Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Մեդվեդևը ճնշումներ չգործադրեց հայկական կողմի վրա։ Մոսկվան արդյո՞ք ցանկանում է պահպանել ստատուս-քվոն՝ հակառակ այն բանին, որ Մեդվեդևը Թուրքիայում խոստացել էր «Համոզել Հայաստանին»...
- Հայտնի չէ, թե Մեդվեդեւը Թուրքիայի առաջնորդների հետ ինչ հարթությունում է անդրադարձել ԼՂ հարցին եւ ինչ է ասել: Փոխարենը շատ ակնհայտ է, որ միջնորդները չեն կարող կողմերի վրա ճնշում գործադրել: Այդ մասին ասվել է բազմիցս: Եւ Ադրբեջանը գնալով ավելի է կորցնում սեփական վարկը, եթե շարունակում է հուսալ, որ Մոսկվան, Վաշինգտոնը կամ Փարիզը կարող են իր փոխարեն գտնել լուծում: Երեւի ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը քաղաքական կամք դրսեւորի եւ ընդունի իրականությունն այնպես, ինչպես որ այն կա:

3. Ռուս-թուրքական հարաբերությունների վերջերս նկատվող ջերմացումը կարո՞ղ է արդյոք բացասաբար անդրադառնալ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Արցախի ճակատագրի վրա։
- Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին, թերեւս, վաղ է խոսել: Ինչ-որ քայլեր, իհարկե, Անկարան ձեռնարկել է, բայց ՌԴ վարչապետ Պուտինի այցը ցույց տվեց, որ կողմերի ընկալումներում ավելի շատ տարբերություններ, քան ընդհանրություններ կան:

4. Որքանո՞վ են իրական հակամարտության գոտում զորքեր տեղակայելու մասին զրույցները։ Վերջերս շատ է խոսվում հակամարտության գոտում ռուս «խաղաղարարներ» տեղակայվելու մասին, որին Անկարան արձագանքել է, թե այդ դեպքում ինքն էլ զորք է մտցնելու Նախիջևան։
- Թվում է, որ այստեղ գործ ունենք տեղեկատվական կազմակերպված «գրոհի» հետ: Նման գաղափարներ շրջանառվել են թուրքական եւ ադրբեջանական մամուլում: Ենթատեքստը պարզ է՝ հայկական հանրությանը ներշնչել, որ, ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ ներկայում Հարավային Կովկասի խնդիրները լուծում են Թուրքիան եւ Ռուսաստանը: Չի բացառվում, որ դրանով փորձ է արվում խաթարել հայ- ռուսական ռազմավարական դաշինքը: Այս իմաստով, սակայն, թուրք-ադրբեջանական համատեղ ձեռնարկումները ձախողվում են, ինչի վկայություն է Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպումը:

5. Թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը որքանո՞վ է վտանգավոր կամ շահավետ մեզ համար...
- Ինձ այնպես է թվում, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում նկատվող լարվածությունը չի հասնի ճակատագրական սահմանի: Հնարավոր է, որ հրեական միջավայրում տեղի ունենա առաջնահերթությունների վերագնահատում: Ասվածը, մասնավորապես, վերաբերում է Իսրայելի հանրային շրջանակներում Ցեղասպանության թեմայի հնարավոր արծարծումներին: Բայց, իհարկե, դա կունենա Թուրքիայի հավակնությունները հավասարակշռելու իմաստ: Առայժմ դժվար է ակնկալել, որ Իսրայելը վերանայի Հայաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը կամ փոխի վերաբերմունքը ԼՂ հարցի նկատմամբ:



ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ԼՂՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ


Հարցազրույց ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտան-
գության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին
փոխարտգործնախարար ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ


- Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի Ստամբուլում արած հայտարարությունը, ըստ որի ԼՂ խնդրում կողմերի վրա ճնշում չպետք է գործադրել: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն բոլորին, այդ թվում Թուրքիային հասկացնում է, որ ինքը ստատուս քվոյի կողմնակից է և արդյո՞ք սա նշանակում է, որ ստատուս քվոն դեռ երկար կպահպանվի:

- Ռուսաստանի վարչապետի այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան մնում է իր նախկին դիրքորոշմանը, և Թուրքիայի հետ նրա տնտեսական համագործակցության ակտիվացումը չի ազդել Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա: Անկարան և Բաքուն փորձում են ամեն կերպ հասնել նրան, որ ստատուս քվոն փոխվի ի օգուտ իրենց: Ռուսաստանում հասկանում են, որ ստատուս քվոյի չհավասարակշռված և միակողմանի խախտումը կարող ստեղծել էլ ավելի լարված և անգամ պայթունավտանգ իրավիճակ ողջ տարածաշրջանում: Եթե հնարավորություն չկա ընդհանուր մթնոլորտը բարելավելու համար, ներկա վիճակի պահպանումը պետք է ընդունելի լինի բոլոր հակամարտող կողմերի, ինչպես նաև բոլոր միջնորդների համար:

- Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չընդունի նորացված սկզբունքները, Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից: Այս հայտարարությունն ինչի՞ն է միտված:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություններով փորձում է ուժեղացնել միջազգային ճնշումը Հայաստանի նկատմամբ, որպեսզի վերջիններս համաձայնեն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար վտանգավոր Մադրիդյան սկզբունքների հետ: Մյուս կողմից՝ Բաքուն շարունակում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, սպառնալով նոր ռազմական ագրեսիա սկսել ԼՂ հանրապետության դեմ և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

- Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարո՞ղ է ինչ-որ ձևով վնասել ԼՂ խնդրի կարգավորմանը:

- Եթե ելնենք ձեր նշած երկրների հետ մեր փոխհարաբերությունների պատմության դասերից, նման սցենար չի կարելի բացառել, թեև վերջերս Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հայտարարությունը որոշ չափով հուսադրող է: Ցանկացած դեպքում, հայկական երկու պետությունները պետք է ուշադիր հետևեն ռուս-թուրքական մերձեցմանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկեն:

- Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը ադրբեջանական մամուլում հայտարարել է, որ ավելի հավանական է, որ ԼՂ հակամարտության գոտում ռուսական և թուրքական զորքեր տեղակայվեն, քան արևմտյան ուժեր: Որքանո՞վ եք դա իրական համարում և ինչպե՞ս եք գնահատում, որ ռուսներն արդեն անթաքույց խոսում են դրա մասին:

- Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում ղարաբաղյան հակամարտության գոտում կարող է տեղի ունենալ միմիայն ԼՂՀ ճանաչումից հետո, որովհետև որևէ օտարերկրյա զորքի տեղակայում Ղարաբաղում՝ նշանակում է մեր ինքնիշխանության սահմանափակում: Քանի որ ԼՂՀ միջազգային ճանաչումը դեռ չկա, մենք չենք կարող մեր ինքնիշխանության մի մասը զիջել: Սա հաշվի առնելով, կարծում եմ, որ նման հարց չպետք է ընդհանրապես քննարկվի: Բանն այն է, որ այդ ուժերը եթե պետք է մտնեն տարածաշրջան, դրանք որևէ միջազգային կազմակերպության դրոշի ներքո են մտնելու: Իսկ եթե մենք ճանաչված չենք և ներկայացված չենք այդ միջազգային կազմակերպությունում, հետևաբար լծակ չունենք ազդելու այդ միջազգային ուժերի վրա, ուստի անիմաստ է որևէ խոսակցություն այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է նրան, որ ռուսական կողմից թուրքական զորքերի տեղակայման մասին տեսակետներ են հնչում, ապա նման բաներ նախկինում էլ են եղել: Ամենակարևորն այն է, որ մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում և այդ դեպքում, բնական է, որ որևէ ուժ չի կարող մտնել տարածաշրջան: Ուզում եմ նաև հիշեցնել 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի մասին, որի ընդունած փաստաթղթում նշվում է, որ հակամարտության գոտի բազմազգ խաղաղապահ ուժեր կարող են մտնել միայն խնդրի լուծման քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո: Մենք գիտենք, որ նման համաձայնագիր դեռևս չկա և մոտ ապագայում դժվար թե նման բան ստորագրվի: Այսինքն՝ այդ ամենն, իմ կարծիքով, ընդամենը խոսակցություններ են և որևէ լուրջ հիմք չունեն: Այդ խոսակցությունները մտահոգիչ կլինեին, եթե այդ մասին ասեր, օրինակ, Ռուսաստանի ԱԳ նախարարը կամ նախագահը, սակայն տեսակետ հայտնողը մի փորձագետ է, որն իրավունք ունի տարբեր սցենարներ քննարկել:

- Դուք ԼՂ միջազգային ճանաչմանն ուղղված գործունեություն ծավալելու կոչով էիք հանդես եկել, այնինչ ՀՀ ԱԺ-ն մերժեց այդ հարցի քննարկումն անգամ: Ումի՞ց է Ղարաբաղը ճանաչում ակնկալում, եթե դա չի անում Հայաստանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցում ՀՀ իշխանությունների բացատրություններին:

- Պետք է նկատեմ, որ ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նշված նախաձեռնությունն, ընդհանուր ամամբ, աջակցություն է գտել Հայաստանում գործող կուսակցությունների, փորձագետների և ԼՂՀ քաղաքացիական հասարակության ղեկավարների մոտ: Իմ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է լինել երկու փուլով. սկզբում Հայաստանը, Ղարաբաղը և հայկական Սփյուռքի կազմակերպությունները պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանք տանեն արտասահմանյան երկրների հետ, այնուհետև Հայաստանը պետք է «դե յուրե» ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ճանապարհ բացի այլ երկրների կողմից ճանաչումների համար: Ակնհայտ է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը արդյունավետ գործիք կդառնա Հարավային Կովկասում տարածաշրջնային անվտանգության և կայունության ապահովման համար, որով տարբեր պատճառներով շահագրգռված են ազդեցիկ համաշխարհային կենտրոնները: Խնդիրն այն է, որ այդ ուղղությամբ մենք շատ քիչ բան ենք արել, թեև աշխարհի հայությունը բավական պոտենցիալ և հարուստ փորձ ունի ազգային շահեր ներկայացնող խնդիրները միջազգային ատյաններում և տարբեր երկրներում լոբբինգ անելու գործում:

Առանձին գործիչների կողմից բերվող փաստարկներն այն մասին, թե Հայաստանը չի կարող զբաղվել այդ հարցով, որովհետև նա բանակցություններ է վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չի դիմանում ոչ մի քննադատության: Եթե Ադրբեջանը մասնակցելով այդ նույն բանակցություններին, պատրաստվում է պատերազմի, ինչո՞ւ մենք չենք կարող աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ: Առավել ևս, որ ինչպես ցույց է տալիս վերջին միջազգային փորձը, նման ճանաչումը ունակ է կանխարգելել նոր ագրեսիան:
«Ժամանակ», Երևան

----------------------------------------
Տպագրվում է որոշ կրճատումներով



ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունն առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է՝ այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետևաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննենք Արցախի ճակատում Ալիևի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը:

Յուրաքանչյուր պատերազմ լուրջ և անկանխատեսելի հետևանքներ է պարունակում ցանկացած իշխանության համար: Իլհամ Ալիևը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Ալիևն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ, որ ոչ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա, շատ ավելի մեծ է:

Փորձենք նաև հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչևիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) և տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջև է, այլև ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը: Ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին:

Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատևում է զուտ նավթի և գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում և պարբերաբար հոխորտում է Արցախի և Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները և նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկտներ են, հետևաբար՝ միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետևաբար բուն եկամուտի, 90%-ի ոչնչացմանը:

Բացի այդ, Ալիևը ոչ միայն սեփական ժողովրդի, այլև արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջև է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում և որոնցից շատերը դեռևս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը: Բաքվի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը և նույն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստության իրավական սեփականատերը, պահում է հետին աղքատության մեջ: Մոլագար հայատյացությունը Ալիևին պետք է գողացած իշխանությունը պահելու և գողոնը պահպանելու համար:

Քանի որ Ալիևը գող է, որովհետև իշխանության գողն էլ գող է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետևաբար, պատերազմը խիստ անհավանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաև ինքնաբերաբար: Սակայն որպես մտածված քաղաքականություն, կարծում եմ, որ Ալիևը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ Ալիևի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի և խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու հնարավորությունը: Այսինքն, Բաքվի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պետք է դիտարկել Ալիևների հարստությունը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկյունից:

Երբ պատերազմն Իլհամ Ալիևի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որևէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որևէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիևն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՛չ հաղթանակով և ո՛չ էլ պարտությամբ: Արևելքում չեն ներում պարտված էմիրներին, միևնույն ժամանակ՝ Արևելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս Վիվենդի»
կենտրոնի ղեկավար
21 հունիսի, 2010թ.



ԱՊԱԳԱՆ ՄԵԶ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԱԶԳՈՎԻՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ

Կոպիտ է հնչում, գուցեև անմիտ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Եվրախորհրդարանը հակահայ օրինագիծ է ընդունում, պարտադրելով հայկական զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իհարկե, չհստակեցնելով՝ Ղարաբաղ պետությո՞ւնն էլ է այդ հաշվի մեջ, թե՞ոչ։
Եվրախորհրդարանից հետ չմնաց ՄԱԿ-ը։ Դե, իսլամ եղբայրների մասին խոսելն ավելորդ է։ Հետևաբար, ասածս միտքն այնքան էլ կոպիտ չէ, եթե հաշվի առնենք այն մեծ ու փոքր պետությունները, որոնք Ղարաբաղում կայացած հիրավի ժողովրդավարական ընտրություններին արձագանքեցին, ասելով, թե ընտրություններն օրինական չեն։ Հատկապես հյուսիսի մեր դարավոր «բարեկամ» երկրի պաշտոնյան՝ Նեստերենկոն, թե Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տողերի արանքում ասեմ, որ բարեկամ բառն իզուր չեմ վերցրել չակերտների մեջ, որովհետև այդ բարեկամը երբեք մեր լավը չի ցանկացել և չի էլ ցանկանա, որքան էլ մենք ազնվորեն շարունակենք սիրել նրան։ Դա ռուսի էությունն է, րոպեական շահն ամեն ինչից գերադասող ռուսը։

Ինչպե՞ս վարվեց նա դարերով իրեն նվիրված սլավոն սերբերի հետ։ Աշխարհը սերբերին քառատեց ռուսի պատճառով։ Այսօր ԱՄՆ-ն կուտ է տվել Ռուսաստանին, և նա իսկույն երես թեքեց Իրանից։ Ի՞նչ գնահատական տալ ռուս-թուրքական մերձեցմանը։ Կարծես 1921-ից հետո թուրքը բազմիցս ցույց չի տվել իր ով լինելը։ Հարմար պահին ռուսն ու թուրքը ե՞րբ չեն մտել կոնկուբինատի մեջ։
Ռուսաստանը խոսում է տարածքային ամբողջականությունից, բայց իր շահի համար օրը ցերեկով ցուցաբերեց «մարդասիրություն» և հանուն իր շահի կուլ տվեց Օսիան ու Աբխազիան։ Թող աշխարհը հոխորտա, բղավի, վրացական գնացքն այդ մասով խորտակվել է։ Եթե վաղը Ղարաբաղը հայտնի Գյուլիստանի պայմանագրի վավերական լինելու մասին, ապա կտեսնեք, թե որքան արագ կգործեն ռուսական ուժերը։

Ասել կուզեմ, որ աշխարհում միշտ իշխել և իշխում է շահը։ Մնացած բոլորը՝ մարդասիրություն, քրիստոնեական գթասրտություն, խիղճ և էլի նման ածականները քաղաքական շահի ոլորտում դատարկ բաներ են։ Ուստի, որպես պետության, ո՞րն է մեր շահն այս աշխարհում։ Ընդունենք ծայրահեղ տարբերակով. աշխարհն ուզում է, որ մենք ոչնչանանք որպես պետություն (չեմ ասում՝ որպես ազգ, որովհետև հասկանալի պատճառներով այդ մի տարբերակը չի գործի), որովհետև մեր թշնամիները հարուստ են և հզոր, զորու են վճարելու աշխարհի տերերին։
Տեղին է հավելել, գուցե աբսուրդ է, որովհետև, եթե գոյություն ունի շահ, ապա հնարավոր չէ, որ բոլորը ցանկանան մեր, որպես պետության, ոչնչացումը։ Սակայն ընդունենք ծայրահեղ տարբերակը՝ նպատակը մեր լիակատար ոչնչացումն է։

Թող մի պահ հնչի որպես անհեթեթություն, սակայն ի՞նչ է, մենք պետք է ոչխարի պես մայելով կանգնենք և նայենք, թե ինչպես են մեզ ոչնչացնո՞ւմ։ Պատմությունը մեզ դաս չի՞եղել։ Ֆրանսիան թուղթ ու թանաք չի խնայել հայ ժողովրդի ազատության համար, իսկ հայ ժողովուրդը նրան իր արյունն է տվել։ Հայտնի կոմունիստ, ֆրանսիացի լավագույն մտածող Ժակ Դյուկլոյի խոսքերը մի՞թե մեզ համար դաս չեն։ Մի՞թե պետք է շարունակենք հավատալ եվրոպացուն, այն եվրոպացուն, որին ժամանակին խնամքով կաշառում էր Կարմիր սուլթանը, իսկ այսօր բուլղարացին է կուրացել նավթադոլարից։ Թող չհնչի վերամբարձ և հակամարդկային։ Ի՞նչ է, մենք իրավունք չունե՞նք ինքնապաշտպանվելու...

Ալ-Քաիդան պետություն չէ, բայց կռվում է շատ հաջող։ Հասկանալի պատճառներով մենք ճակատ չենք կազմելու թշնամու դեմ, բայց պետք է հասկացնել, որ ցանկացած հակահայ դրսևորում անպատիժ չենք թողնի։ Աշխարհը չգիտի՞ով է թուրքը, ազերին։ Գիտի, բայց... Եթե աշխարհը չի ուզում ճանաչել, թե ովքեր են թուրքերը, ինչո՞ւ մենք պիտի մտածենք, թե մեր բանը բուրդ է։ Ո՛չ։
Իսրայելն այսօր մենակ է, բայց իր պատմությունից դաս է քաղել, և հավատացած եմ, որ աշխարհը նրան չի կարող պատժել, իսկ ծայրահեղ դեպքում՝ Իսրայելին պատժելն աշխարհի վրա թանկ կնստի։
Վերջապես այսօր ովքե՞ր են քրիստոնեական Եվրոպայի տերերը։ Եվրոպացի տղամարդիկ իրենց և իրենց կանանց համար Ասիա-Աֆրիկայից տղամարդիկ են ներմուծում։

Ուրեմն ո՞րն է ելքը։ Ելքը մեկն է՝ ազգային միասնությունը։ Այդ միասնությունը տվյալ պարագայում վերամբարձ խոսք չէ, այլ կոնկրետ գործողությունների ծրագիր։
1. Այսօր ազգի գերխնդիրն է ազատագրված տարածքների բնակեցումը, հանուն ինչի էլ պիտի ժամանակավորապես մոռացվի, հետին պլան մղվի ամեն ինչ։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանում, առավել ևս Երևանում, մասնավոր, թե պետական շինարարության բոլոր միջոցներն ուղղել վերոնշյալ նպատակին։ Վրացիք ընդամենը 2,5 միլիոն են, բայց չգիտես որտեղից են ճարվում և բնակեցվում Մառնեուլում, Ախալքալաքում և ոչ վրացաբնակ այլ վայրերում։ Ո՞րն է իմաստը, որ այսօր երկու հարյուր միլիոն դոլարի հյուրանոց պետք է կառուցվի Երևանում։ Մենք հարուստ չենք, բայց միլիոնանոց շենքեր ենք քանդում Երևանում։ Ինչո՞ւ։ Հօգուտ ո՞ւմ գրպանի։ Ազգային ողջ ռեսուրսը պետք է ուղղված լինի մեր պաշտպանության հզորացմանը, իսկ հզորացումը տարածքների բնակեցումն ու հայ կնոջ արգանդի փառաբանումն է։ Այսօր իսլամ կինն է Եվրոպան նվաճում։

2. Սփյուռքի նախարարության «Վերադարձ դեպի տուն»-ը պետք է դառնա կոնկրետ գործունեություն։ Իրաքից քանի՞հայ եկավ Հայաստան, և ինչպիսի՞պետական հոգածություն կա նրանց նկատմամբ։ Ինչո՞ւ չկազմակերպվեց բոլոր իրաքահայերի ներգաղթը։ «Գուցե չէին ուզում» պատճառաբանությունը համոզիչ չէ։
Ղարաբաղ։ Անցել է քսան տարի, բայց Ղարաբաղն այդպես էլ չինտեգրվեց հայոց կյանքին, մենք չդարձանք մեկ ազգ, մեկ էություն, մեկ նպատակ։ Իսկ որոշ քաղաքական գործիչներ էլ, օգտվելով ինչ-որ ղարաբաղցի պաշտոնյաների քաղաքական անհեռատեսությունից, ինչ-որ տեղ նաև նրանց ընչաքաղցությունից, կյանքի շարունակվող վատացումից, հմտորեն է՛լ ավելի են խորացնում ժողովրդի մեջ ատելությունն առ ղարաբաղցին։ Կարծես Եռաբլուրում հանգչող այն մի քանի հազար տղաները հանուն Ղարաբաղի չեն տվել իրենց երիտասարդ կյանքը, կարծես երեկ չէր, երբ օրնիբուն ազգը հանուն Ղարաբաղի կենաց ու մահու պայքար էր մղում, կարծես հանուն Ղարաբաղի չի ժողովուրդը կրել այդքան զրկանքներ։ Հիշենք Սպիտակի փլատակների տակից ուշքի եկած մարդու առաջին հարցը. «Ղարաբաղի հարցը ի՞նչ է եղել»։
Այդ ամենը սո՞ւտ է։ Ի՞նչ իմանաս, գուցե մեր նորագույն պատմության թալանչիների համար Ղարաբաղը միջոց էր նպատակին հասնելու համար։

Դեռևս 1992-ին, երբ Պոլ Հոբլը գծում էր Մեղրիով անցնող քարտեզը, ասել և կրկնում եմ՝ Ղարաբաղի հարցի լուծումը կախված է հայ ժողովրդից։ Աշխարհում չի գտնվի մի զինվոր, որը հանուն ադրբեջանցու պետք է մեռնի Ղարաբաղում։ Մոջահեդները մեզ օրինակ։ Թուրք-ռուսական սիրավեպը ժամանակավոր է։ Հենց ամերիկացին շոյեց թուրքին, թուրքը կմոռանա այսօրվա իր սիրուհուն։ Ցավոք, մենք բաց ենք թողել ժամանակը։ Ապագան մեզ հրամայում է գործել ազգովին և նպատակասլաց։
Մեր ֆիզիկական գոյության համար մեզ կենսական տարածքներ են պետք։ Սա ֆաշիզմ չէ, սա հայ ժողովրդի անվտանգ գոյության հրամայականն է։
Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Երևան



ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ԵՐԿՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է

Ո՞նց կարելի է բանակցասեղանի շուրջ նստել մի ղեկավարի հետ, ով անընդհատ ժխտում է ճշմարտությունը, շարունակ դիմում սադրանքների, ժխտում իր կատարած եղեռնագործություններն ու հոխորտում, փորձում վախեցնել պատերազմով։ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում 1.5 միլոն հայերի ցեղասպանության ենթարկելու փաստը Ժամանակին միջազգայնորեն չդատապարտելն ավելի է ոգևորել թուրք-ազերի ոճրագործներին, և նրանք նույնը կրկնել են մոտ 70 տարի հետո՝ այս անգամ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում։
«Գրավյալ տարածքներ» վերադարձնելու մասին այսօր խոսում է նաև այն երկիրը, ով բնիկ ժողովրդին բնաջնջելով, տիրացել է նրա պատմական երկրին ու հայրենիքին՝ Հայկական բարձրավանդակին, Արևմտյան Հայաստանին։ Իր ավագ եղբոր՝ Թուրքիայի փորձն Արցախում կրկնելու Ադրբեջանի ջանքերն ավարտվել են պարտությամբ. իր իսկ սանձազերծած պատերազմում թշնամին ոչ միայն հետ է շպրտվել, այլև կորցրել է մինչ այդ զավթած հայկական հողերի մի մասը։ Այսօր այդ հողերը տալ թշնամուն, նշանակում է Արցախը կրկին վերադարձնել մահվան օղակի մեջ՝ դրանով վտանգելով նաև Հայաստանի լինելության հարցը, որովհետև, ոգևորված իր այդ հաղթանակով, թշնամին ձեռնամուխ է լինելու դարերով փայփայած իր երազանքին՝ Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը կյանքի կոչելուն։

Այսօր չպիտի մոռանանք հայոց ազգային-ազատագրական պայքարի հերոս Գարեգին Նժդեհ խոսքերը. «Հայաստանը ինչ ցուցանակ էլ որ կրելու լինի, չի կարող գոյություն ունենալ առանց Ղարաբաղի ու Զանգեզուրի»։ Հայաստանը լավ է հասկանում, թե Արցախի կորուստն ինչ ողբերգությունների դուռ կբացի Արարատյան երկրին։
Անցյալ դարի կեսերին երբ ավարտվեց գաղութատիրության ժամանակաշրջանը, աշխահի հզոր տիրությունները հաշտվեցին այդ իրողության հետ։ Փլուզվեց նաև խորհրդային համակարգը, որը ստեղծվել էր ռուսական գաղութատիրական կայսրության սահմաններում։ Իսկ այսօր Ադրբեջան անվանյալ մի երկիր փորձում է հետ բերել գաղաթատիրական համակարգը՝ արյունոտ իր թաթը դնելով Արցախի վրա, որն ազգային-ազատագրական պայքարով, միջազգային օրենքների սահմաններում, դուրս է եկել Ադրբեջանի 70-ամյա գաղութատիրության լծից։

Դեռևս 1992 թ. մայիսի 8-ին Մինսկի համաժողովի նախագահ պարոն Ռաֆայելին ԵԱՀԽ-ի համաժողովում նշել է, որ առանց ղարաբաղցիների մասնակցության, հարցն արդարացի և կոնստրուկտիվ լուծում ստանալ չի կարող։ Հարցը հետևյալն էր. շեշտը հիմնականում դրվում է մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրավունքները՝ որպես անկախ պետությա՞ն, թե՞Ղարաբաղի բնակչության հարցը՝ որպես ազգային փոքրամասնության։ Եթե ազգային փոքրամասնություն է, ապա պետք է պահպանել նրա իրավունքները։ Այսինքն՝ ի վերջո սա ազգի՞իրավունք է, թե՞մարդու։
Մարդկային ազատությունը վեր է սահմանների անխախտելիությունից։ Եթե աշխարհը ժամանակին ճանաչեր հարավսլավական երկրների՝ Սլովենիայի, Խորվաթիայի և մյուսների անկախությունը, այդ հողում հազարավոր մարդկանց արյուն չէր հեղվի։ Նույնը վերաբերում է նաև Արցախին, որի շահերի անտեսումն ու լռությունը ազերիներին դրդեց զենքի ուժով «լուծելու» խնդիրը։

Աշխարհի բազմաթիվ երկրներ ու ժողովրդներ, այդ թվում՝ աֆրիկյան երկրներ, ազատագրվել են գաղութային լծից և այսօր անկախ պետականություն ունեն։ Սակայն, այսպես կոչված, միջազգային հանրությունը կարծես չի ուզում նկատել, որ նույնը կատարվել է Ղարաբաղում, և արդեն 20 տարի է Արցախն ինքնիշխան երկիր է՝ թեկուզ չճանաչված։ Հատկապես մեր չճանաչված լինելու համար մեղքի իր մեծ բաժինն ունի հայ դիվանագիտությունը, որովհետև ոչ կոմպիտենտ մարդիկ, «նախշուն բաջի»-ներն ու նմաններն են ղեկավարում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Մենք վերջապես պետք է գիտակցենք, թե որքան վտանգավոր է անցյալի և ներկայի մեր սխալների վրա աչք փակելը, որովհետև զոհասեղանին դրված է մեր ողջ ժողովրդի ու երկրի ճակատագիրը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ կլոր պուրակում, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը, և որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների հանգստի սիրած վայրն էր, այսօր ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։
«Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր հայտնում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլևս հարմար մի տեղ չկա, որ նստենք, հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ի՞նչ է, քաղաքը լցված բարերում պիտի՞գնանք վայելենք մեր հանգիստը։ Սա մեր քաղաքն է, մեզնից յուրաքանչյուրինն է, և ոչ մեկը չպիտի առանց քաղաքացիների կարծիքը հարցնելու, այսպես վարվեր սիրված պուրակի հետ։ Փողի ավելցուկ ունեն, թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն...»։

Հետաքրքիրն այն է, որ արձանի վրայի հայատառ «Շահումյան» գրությունն էլ են քերել-մաքրել։ Անհասկանալի է, թե այն ում գեղագիտական ճաշակը չէր բավարարում։
Երբեմնի կանաչապատ ու համեստ մեր մայրաքաղաքը օրեցօր լցվում է քարերով, աջ ու ձախ հեղեղվում քարե սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը։ Երևի մի օր հերթը կհասնի նաև տանիքներին ու շենքերի պատուհաններին...

«ՆԷ»



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ո՛Չ» ԵՆ ԱՍԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՌՆՈՑՈՎ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության հրապարակում այլևս չեն հնչի հարսանեկան ազդանշաններ, Երևանի Հանրապետության հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեքենաներին այսուհետ արգելվելու է ազդանշաններ արձակել: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարվի լրատվամիջոցներով: Նրա խոսքով, ոստիկանությունը հետևողական կլինի այդ հարցում:

Այս խնդիրը կառավարության նիստում բարձրացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ իրենք քաղաքացիներից բողոքներ են ստացել հարսանեկան մեքենաների արձակած աղմուկի վերաբերյալ: Նա նկատել է, որ հրապարակի մերձակայքում կան նախարարություններ, թանգարաններ, հյուրանոցներ, հետևաբար՝ քաղաքացիները պետք է հրաժարվեն այդ սովորույթից:
Իսկ մեզ մոտ իշխանությունների համար դեռևս երևի թե հաճելի ու ախորժալուր է մինչևիսկ կառավարական շենքերի մոտերքում տևական հնչող ցուցամոլ որոշ հարսանքավոր ավտոշարասյան զզվելի ոռնոցը, այլապես իրենք էլ կհետևեին ՀՀ ղեկավարների օրինակին։

Բարեբախտաբար, մեզ մոտ շատերն այլևս ավտոմեքենաների ազդականչերով չեն գնում զոհվածների հիշատակ հարգելու։ «Մաղի երեսին» մնացել են միայն իրենց ոչնչությամբ հիացած, տգիտությամբ երջանիկ և անսպասելի հարստացած քաղքենիները, որոնց թվում է, թե ողջ աշխարհը բերանը բաց, հիացած իրենց է նայում։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



ԵՐԲ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՈՅԱԼՔՎԵԼ ԵՐԿՐԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին։ Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտե. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը ոտնատակ անում կամ երեկվա սրբություններին ամբոխային կուրությամբ այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքն հավերժացնողը։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի հանդուրժում ստրուկի շղթաները։
Գարեգին Նժդեհ


Դժվեր է գրիչ վերցնել մեր օրերում, երբ իշխում են նորին մեծություն սուտն ու ցինիզմը, երբ շատերի համար կեղծիքը կենսակերպ է դարձել և մտավորականության մի զգալի մասն առաջնորդվում է «որտեղ հաց՝ այնտեղ ծռիր վիզդ, վաճառիր խիղճդ և փոխիր դիմակդ» սկզբունքով։ Ծանր է տեսնել արժանին մուրացիկի վիճակում, իսկ անարժան ոչնչությունը՝ վայելքներից հղփացած,- իր ապրած ժամանակաշրջանը բնութագրել է Շեքսպիրը։ Հարյուրամյակներ են անցել՝ ոչինչ չի փոխվել։

Երկիրն իր մտավորականի հոգսը պիտի քաշի, որպեսզի վերջինս չբարոյալքվի՝ խայտառակելով այդ բարձր կոչումը։ Կենսոլորտն այնքան է ապականված, որ թվում է անիմաստ է բարոյականության և մյուս արժեքների մասին խոսելը։ Բայց միաժամանակ՝ «դավաճան է նա, ով լռում է դեռ»։
Մենք նրա համար չանկախացանք, որ աղքատանանք։
Չհաղթեցինք, որ պարտվենք։
Արյամբ ազատություն նվաճեցինք ոչ թե կործանվելու, այլ բարգավաճելու համար։

Անմտություն է ինքնախաբեության ապավինելը։ Քանի գունավոր ակնոց էլ փոխենք, փորձելով լավատես լինել, չենք կարող աչք փակել անթույլատրելի չափերի հասած սոցիալական բևեռացման, բարոյազուրկ մտավորականի ազգակործան կենսակերպի, բարձրագույն կրթօջախը շուկայի հետ շփոթող դասախոսի, դիպլոմներ վաճառող մասնավոր բուհերի, արվեստը արհեստի վերածած, գրականություն թխող գրչակների, ժողովրդի անունից ու հոգսերից շարունակ ճառող ապազգային տարրերի և հազարումի այլ այլանդակությունների հանդեպ։

Աններելի է զգուշավորությունը, կրկնակի աններելի մորթապաշտությունը, երբ խոսքը վերաբերում է երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին։ Կրթական դաշտն այսօր կամ երեկ չի ապականվել, դեռևս խորհրդային ժամանակներում նախապես կազմում էին ցուցակները և գրպանվում «մուտքի» գումարները։ Մինչև ընդունելության քննություններն արդեն հայտնի էին, թե ովքեր պետք է ընդունվեն։ Այս առևտուրը շարունակվում է նաև այսօր։ Փառք Աստծո, որ այս տարվա ընդունելության քննություններում բացառվելու է մարդկային գործոնը։ Հուսանք, որ անգրագետը բուհ չի խցկի և խեղճ գյուղացին առևտրական դասախոսի թակարդը չի ընկնի՝ վերջին կովը մորթելով՝ միայն թե երեխան դիպլոմ ունենա։

«Բուհում է կերտվում երկրի ապագան» հայտնի ճշմարտությունը այսօր առավել, քան երբեք, կարևոր է մեր երկրի համար։ Իրոք՝ կադրերն են որոշում երկրի առաջընթացը։ Մարտնչող տգիտությունը խցկվում է ամենուր, պատեհապաշտ միջակությունը տիրանում պաշտոնական աթոռներին։
Առողջ բնազդը պահանջում է միաբանվել՝ ընդդեմ արտաքին թշնամու։ Բայց ինչպե՞ս կարող են նույն շահերն ունենալ և համախոհներ դառնալ գայլն ու գառը, ազգի տիտղոսավոր, հղփացած տականքն ու անապահով արժանավորը։

Մենք աշխարհից արդարություն ենք պահանջում, բայց ինքներս ներքին կյանքում առաջնորդվում անարդարություններով։ Այսօր մենք աշխարհի ուշադրության կենտրոնում ենք՝ լուծման սպասվող մեր խնդրով, և մեր հանցավոր սխալների համար չեն ների մեզ։
Այսօր լռությունն այլևս ոսկի չէ։

ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԱՐՎԵՍՏԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԹԵԿՈՒԶ ԱՅՆ ԼԻՆԻ ԹԱՏՐՈՆԸ

Մոտ 3 տարի առաջ Ստեփանակերտի պետդրամթատրոնի բեմ բարձրացավ Կոմիտաս Դանիելյանի անդրանիկ «Մենք մեր սարերն ենք» պիեսը։ Արցախի մայր թատրոնի պատմության մեջ երևի թե առաջին անգամ պիես է բեմ բարձրացել առանց թատրոնի գեղխորհրդում քննարկվելու-ընդունվելու։ Ես, որ որպես գեղխորհրդի անդամ հրավիրված էի ներկայացման փակ դիտմանը, իմ տարակուսանքը հայտնեցի, որին հեղինակը մոտավորապես պատասխանեց, թե պիեսն ուղարկել է հայաստանյան մի քանի թատերագետների և դրական արձագանք ստացել...

Փակ դիտումից հետո գեղխորհրդի նիստում հնչած իմ խոսքում ասացի, որ ճանաչված ռեժիսոր Նարեկ Դուրյանը և գրեթե բոլոր դերակատարներն իրենց ուժերի գերլարումով կատարել են իրենց գործը, բայց, ցավոք, այստեղ ներկայացում չկա։ Նույնիսկ տեր Աստված հազիվ թե փրկեր ներկայացումը, որովհետև բեմադրության համար առաջին հերթին պիտի ձեռքի տակ պիես լինի։ Իսկ պիես չկա, փոխարենը հեղինակի ինչ-որ պատմվածքներից հավաքած-սարքած վինեգրետ է, որ անգամ հեռավոր առնչություն չունի թե՛ ռեալ իրականության, թե՛ հատկապես արվեստի հետ...

Պիեսում ղարաբաղյան բանակը ներկայացնում են երեք հոգի, որոնցից մեկը հրամանատար է, երկուսը՝ զինվոր։ Երկու զինվորներից մեկը ներկայացման ողջ ընթացքում հայ ժողովրդի պատմությունից դասագրքային քարոզներ է կարդում չգիտես՝ մյուս զինվորի՞, հանդիսատեսի՞համար, թե՞հեղինակի ռազմահայրենասիրական ոգին ամենքիս ցուցանելու համար։ Բայց սա «մեդալի» մի կողմն է միայն։ Մյուսում թշնամու կողմից գրավված հայկական գյուղում թաքնված հղի կինն է՝ ութ թե տասը տարեկան որդու հետ։ Եվ մինչ հայկական զորամասի հրամանատարությունը գերյալներին փրկելու ծրագրեր է մշակում, փոքրիկն իր հղի մորը հակառակորդի քթի տակով և առանց մեր զինվորների աջակցության, բերում, հասցնում է զինվորական բուժմաս, որտեղ լույս աշխարհ է գալիս նորածինը։

Հարց է ծագում. փոքրիկն այդ ինչպե՞ս է կարողանում ծննդաբերության շեմին գտնվող, հազիվ ոտքի վրա կանգնող մորը երկու թշնամի զորամասերի դիրքերի մոտով աննկատ բերել, տեղ հասցնել։ Մյուս կողմից՝ էլ ո՞ւմ են պետք պիեսի, այսպես կոչված, «բանակային» տեսարանները, հայ ժողովրդի պատմությունից հերոսական դասերը, երբ այդ նույն բանակը ոչ միայն ներդրում չունի գերյալներին ազատելու գործում, այլև այնքան թույլ է, որ նույնիսկ չի նկատում, թե վերջիններս ինչպես են իր վերահսկած տարածքով հասնում զորամաս...

Պիեսի, այսպես կոչված, զինվորական տեսարանների վերաբերյալ հնչած քննադատությանը հեղինակը ջղայնացած պատասխանել է, թե ինքը կռվել է և պետք չէ բան սովորեցնել իրեն։ Բայց մոռացավ ներկաներին հիշեցնել, թե որ թվականին, ամսի քանիսին և որտեղ է կռվել...

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում կար Ստեղծագործությունների տուն, որտեղ ժողբանահյուսության նմուշներ էին հավաքում, երբեմն էլ համեմատաբար «թեթև» պիեսներ վերցնում՝ գյուղական ակումբներում բեմադրելու համար։ Խիստ կասկածում եմ, որ Կ. Դանիելյանի այս պիեսն արժանանար այդ պատվին։ Բայց մարդը որոշել է ոչ միայն պիեսներ գրել, այլև՝ ամեն գնով բեմադրել, քանի դեռ թատրոնի տնօրեն է։ Պիտի խոստովանել, որ հեղինակի դրամատիկական տաղանդը հատկապես փայլատակում է հոբելյանական տարեթվերի առիթով։ Եթե անդրանիկ պիսը նվիրված էր Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին, ապա այս անգամ պիես բեմ հանելու առիթը Հայոց ցեղասպանության 95-ամյակն էր։ Եվ լույս աշխարհ եկավ ու բեմ ելավ «Տո, լաճ տնավեր»-ը։ Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է պիեսներ գրել այնպիսի հոբելյանների առթիվ, որ հեշտ լինի ընդդիմախոսների բերանը փակելը. ի՞նչ է, մեր սուրբ պայքարին կամ մեր մեծ ողբերգության տարելիցին նվիրված ստեղծագործություն չպիտի՞բեմադրենք... Կամ՝ մեր ազգային պայքարին ու համազգային ողբերգությանը նվիրված գործե՞րն ես քննադատում...

Չեմ կարծում, թե որևէ մեկը դեմ լիներ, որ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Դուրյանը կամ Հայաստանից հրավիրված ռեժիսորը բեմադրեին հայ կամ արտասահմանյան դրամատուրգիայի որևէ արժեքավոր գործ՝ ի ցույց դնելով իրենց ողջ կարողություններն ու տաղանդը... Ասենք՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ը, Աղասի Այվազյանի լավագույն պիեսներից որևէ մեկը կամ ժամանակակից մի երկ՝ արտասահմանյան անվանի դրամատուրգներից։

Դարձյալ չեմ խոսելու դերասանների խաղի մասին, հրավիրված ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանի անուրանալի չարչարանքների մասին (որքան ինձ հայտնի է, նրա մեկնելուց հետո հեղինակն անմիջապես ուղղել է վերջինիս «սխալները»՝ վերականգնելով փորձառու ռեժիսորի կողմից կրճատված հատվածներն ու խմբագրել որոշ տեսարաններ)։ Ռեժիսոր, որ պիես բեմադրելու դասական ավանդույթների հարուստ փորձով և վարպետությամբ ասես մի հրաշքով կյանք էր տվել պարապությունից հոգնած, ձանձրացած կոլեկտիվին։ Ասում են՝ երիտասարդ դերասաններն ամեն օր անհամբեր սպասում էին փորձերին, որտեղ ամեն օր մի բան էին սովորում դասական բեմարվեստի նվիրյալ ռեժիսորից...

Համառոտ ես խոսելու եմ միայն պիեսի մասին։ Մեր թատրոնի հնագույն երկրպագուները երևի հիշում են հայ բեմի վարպետ Բենիկ Օվչյանի Թումանյանը՝ «Մեծ լոռեցին» պիեսում։ Ներկայացման յուրաքանչյուր դերակատար ուներ իր «դուբլյորը», որպեսզի եթե հանկարծ ինչ-որ պատճառով ինքը չկարողանա մասնակցել ներկայացմանը, իր տեղը գրավի փոխարինողը։ Օվչյանը վատառողջ էր կամ հիվանդ, ուրեմն՝ ներկայացումը հետաձգվում է։ Նա փոխարինող չուներ, որովհետև հազիվ թե մեկ ուրիշը կարողանար կերպավորել մի մարդու, որին ասես անձամբ ճանաչում ենք ամենավաղ մանկությունից, և որի փառահեղ կերպարը մեր մեջ ամրացել է նրա իսկ անմահ ստեղծագործություններից։ Օվչյանը մեզ ներկայացրեց մեր իսկ ճանաչած, մեր մեջ նստած Թումանյանին։

Վարպետ դերասանի համար երևի թե դժվար չէ գրական կերպար կերտելը։ Երիցս դժվար է իրական, հանրահայտ, տաղանդավոր անհատի կերպարը մարմնավորելը։ Հատկապես եթե այդ անհատը Թումանյանն է, Տերյանը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը կամ Սիամանթոն... Մարդիկ, որոնց կերպարներն իրենց իսկ ստեղծագործություններից արդեն ամուր նստած են մեր մեջ։ Դա է ահա ամենադժվարը՝ արվեստասեր հանրությանն անխաթար ու իրական ցույց տաս Տաղանդավոր այն անհատին, որին ժողովուրդը գիտե և ճանաչում է...

Եվ Կոմիտաս Դանիելյանը որոշեց միանգամից մեզ ներկայացնել Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին ու Կոմիտասին։ Մարզաշխարհում յուրաքանչյուրը գիտե իր ուժերի և կարողությունների ամենավերին սահմանը։ Շատ հազվադեպ են լինում դեպքեր, երբ ծանրորդը պատվիրում է իր քաշը բազմիցս գերազանցող ծանրաձող։ Թե արդյունքում ինչ է լինում՝ դժվար չէ կռահել... Ի դեպ, պիեսի փակ դիտումից հետո գեղխորհրդի անդամներից մեկն ասել է. «Կողմ եմ քվեարկում, բայց առաջարկում եմ այս ներկայացումը Ղարաբաղից դուրս ուրիշ տեղ չտանել...»։

Կ. Դանիելյանի պիեսում չկա կերպար, չկա անհատականություն։ Լսելով Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի զրույցը, թվում է, թե պիեսի հեղինակը թուրքերի, ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, առաջին համաշխարհայինի տարիների Ռուսաստանի, Գերմանիայի մասին դասագրքային իր պատկերացումները երեք մասի է բաժանել և մաս առ մաս դրել արևմտահայ պոեզիայի երեք անկրկնելի վարպետների բերանում։

Սևակը հարցնում է Սիամանթոյին. «Ատոմ, հիմա չե՞ս զղջում, որ Ժնևից վերադարձար Պոլիս»։ Հետո Կ. Դանիելյանը մոռանալով, որ այդ հարցաշարը սկսել է Սևակը, այժմ էլ Վարուժանի շուրթերից է շարունակում. «Կամ դու, Ռուբեն, Լոզանում երջանիկ ապրում էիր...»։ Սիամանթոյի բերանում դրած տեքստից ցանկացած հատված (եթե ոչ ամբողջ տեքստը) կարելի է դնել Վարուժանի կամ Սևակի բերանում, Վարուժանինն էլ՝ Սիամանթոյի կամ Սևակի... Եվ ոչինչ չի փոխվելու, որովհետև պիեսում նրանք տարբեր անհատներ ու մեծ մտածողներ չեն, այլ հեղինակի սարքած «բաց դասի» մասնակիցներ, որտեղ ամեն մեկն արդեն գիտե, թե տարիներ հետո խորհրդային դասագրքերում իրենցից յուրաքանչյուրին որքան տեղ է հատկացվելու։ «Դուք էլ հրաշալի գիտեք, որ դուք եք մեր բանաստեղծության պառնասի ներկայացուցիչները»,- երկու բանաստեղծներին ասում է Ռուբեն Սևակը, որին վերջիններս պարզ է, որ պիտի ընդդիմանան. «Սխալվում ես, Ռուբեն... Հապա քո հանճարեղ «Հայաստանը», քո «Կիլիկյան երգերը»...

Թուրք ոստիկանը հայ աքսորյալներին ասում է. «Էֆենդիներ, ես զինվորներ չունեմ, հույսս դնում եմ ձեր ազնվության վրա», ապա ջերմ խոսքուզրույցից հետո, չգիտես ինչու, լկտիաբար նետում. «Շնորհակալ եղեք, գյավուրներ...»։ Ինչո՞ւ հանկարծ կոպտեց նրանց, որոնց ազնվությանն էր ուզում ապավինել։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Թուրք փաշայի աղջկա՝ Լաթիֆայի սերն առ իրեն բուժած Սևակը նույնքան համոզիչ է, որքան այն, որ թուրք աղջկա «սեղանի գիրքը» Գրիգոր Զոհրապի «Նովելներ»-ն է։ Մնում է աղջիկը խոստովանի, որ սիրած երաժշտությունն էլ Կոմիտասի «Անտունին» կամ «Հով արեք, սարեր ջան»-ն է... Եվ սիրո դրամայի վերջին «համոզիչ» ակորդը՝ հազարավոր հայերի արյամբ ձեռքերը թաթախած հորն աղջիկը համոզում է իրեն ամուսնացնել Սևակի հետ...

Որ հեղինակը ծանոթ չէ իր ներկայացրած ժամանակաշրջանին ու միջավայրին, երևում է ամեն քայլափոխում։ Ինչպես նախորդ պիեսում, այստեղ ևս չկան կերպարներ, կան միայն մարդիկ, որ նախադասություններ են արտասանում, հաճախ նաև բանաստեղծություներ անգիր ասում՝ ինչպես գրական ցերեկույթում կամ գրական-գեղարվեստական կոմպոզիցիայի ժամանակ։

Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է անակնկալներ մատուցել։ Թատրոնի ու դրամատուրգիայի հետ երբեք առնչություն չունեցող մարդը նշանակվելով թատրոնի տնօրենի պաշտոնում, իր կյանքի յոթերորդ տասնամյակի շեմին հանկարծ սկսել է պիեսներ երկնել ու բեմ հանել... Ավելի հետաքրքիր անակնկալը. որպես հետգրություն իր երկի վերջում հավելել է. «Պիեսում օգտագործվել են առանձին հատվածներ Հրանտ Հրահանի «Խոսում են անմահները» վեպից»։ Կհասկանայի հեղինակին, եթե նա վերցներ ու պիեսի կամ սցենարի վերածեր Հրահանի վեպը։ Դա միանգամայն ընդունված է գրական աշխարհում։ Բայց որ մեկը վերցնի ու մի այլ գեղարվեստական երկից առանձին հատվածներ օգտագործի իր գրական երկում, չեմ կարծում, թե գրականության պատմության մեջ նման երկրորդ դեպք լինի... Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, անգամ պատմավեպը, տվյալ հեղինակի ստեղծագործական երևակայության արգասիք է և հաճախ շատ չնչին աղերսներ ունի իրական անցքերի ու իրադարձությունների հետ։ Դասագրքերից ու գեղարվեստական զանազան երկերից ծաղկաքաղ անելով արվեստ ու գրականություն չեն ստեղծում։

Ս. թ. ապրիլից առայսօր պիեսը մայրաքաղաքում ներկայացվել է ընդամենը 3 անգամ։ Վերջին անգամ մայիսի 4-ին՝ կիսադատարկ դահլիճով։
Սպասենք Դանիելյանի հաջորդ ներկայացման ծնունդին՝ որևէ այլ հոբելյանի առիթով։ Հետո ի՞նչ, որ Արցախի մայր թատրոնը շարունակում է մնալ ցեխի մեջ։ Արվեստը զոհեր է պահանջում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Հատված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպից

Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով.

- Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է։ Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտորեի։ Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է։ Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց, միևնույն ժամանակ, սիրում եմ։ Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ։ Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ։ Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան։ Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չի մնացել։

Մեր ագգը մի այսպիսի անբարոյական կին է. նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել։ Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից։ Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը։ Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմայեցու գիրկն ընկնելով։ Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքով շոշափեց նրա երեսը։

Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնղոլը դարերով պառկեց նրա հետ։ Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ... Այսուամենայնիվ, ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել։ Սիրում եմ այդ կմախքը։ Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում, հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր։ Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ։ Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով... բայց սիրում եմ...

- Սիրելուց բխած այդ զզվանքը, այգ դառն ատելությունը, շատ բնական է,- ասաց սրբազանը՝ կտրելով իշխանի խոսքը։ - Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ... Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերպով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ։ Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել։ Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց...



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք
պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար


(Սկիզբը նախորդ համարներում)

Այսօր էլ իմ աչքի առջև է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված՝ հոկտեմբերի 18-ի օրը՝ երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո: Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երևում էին կարմիր ժապավեններ:

...Մարդիկ այլևս չեն վախենում: Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը: Ո՛չ, նա դեռ կա: Նայի՛ր, դրագունների գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում: Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում և նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող և ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է: Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ: Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից՝ այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ...
Խիտ առ խիտ իրար շփվող խառնվածքների մեջ հանդիպեցի իմ մանկության ընկեր Հովնան Դավթյանին, որ Դաշնակցության գլխավորներից մեկն էր և Ժնևից եկել էր Կովկաս՝ այստեղ կուսակցական աշխատանքներ կատարելու համար:

– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն:
Նա շատ լավ հասկացավ ինձ: Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլևս չի մնում, ուրեմն և Դաշնակցությունն այստեղ այլևս անելիք չունի: Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի:
– Դեռ Թուրքահայաստանը մնում է,- պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով:
Նա, ուրեմն, ընդունում էր, թե Դաշնակցությունը վերջացրել է ռուսահայերի մեջ իր «ազգային» գործը: Բայց նա սխալվում էր, իր ընկերների հետ դեռ չէր տեսնվել: Դաշնակցությունը, ինչ խոսք, Թուրքահայաստանը չէր թողնում, բայց բոլորովին միտք չուներ թողնելու նաև Ռուսաստանը: Եվ այստեղ, գոյության մի նոր իրավունք ստեղծելու համար նա մի գիշերվա մեջ դառնում է… սոցիալիստական կուսակցություն: Կախարդական գավազանի մի հարվածով ամբողջ այդ բազմատարր զանգվածը՝ բուրժուական ինտելիգենցիա, մանրավաճառներ, խմբապետներ, հայդուկ-ֆիդայիներ, խուժանավարներ և այլն և այլն, միասին թափվում էին Մարքսի ավազանի մեջ: Եվ հայ իրականությունը տեր էր դառնում մի տարօրինակ սոցիալիստական կազմակերպության, որի նմանը դուք իզուր կորոնեք սոցիալիզմի պատմության մեջ...

Ինչևիցե: Բանը կատարվել, պրծել էր: «Կովկասյան նախագիծ» անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ: Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում: Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական: Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը: Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»՝ դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձևականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ:

Հոկտեմբերի 18-ին և հետևյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր: Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ և ալեզարդ Ղազարոս Աղայանը: Հոկտեմբերի 20-ին դուրս եկան դաշնակցականները՝ ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց՝ իբրև խոշոր կազմակերպություն: Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի: Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից: Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին և փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ: Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ: Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, և այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները:

Գոլովինսկի պրոսպեկտի վրա չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը: Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջև, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար: Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին՝ հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը և տապալել ցարիզմը: Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ: Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադևոս Խաշմանյան անունով մեկը՝ մականվանված Դև: Բարձրանալով մի պատշգամբ՝ նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել… Չխնայվեցին նաև կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ...

«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր»,- այսպես էինք գնահատում մենք՝ մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս: Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում: Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը: Ռուս պատրիոտների ցույցն էր: Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները... Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ: Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում:

Բայց ոչ: Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաև Կովկասում: Եվ ամենից առաջ հայի արյունով: Միևնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաև Բաքվում: Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր և որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն՝ «ազատություն» կանչելով: Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը: Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին: Իսկույն կազմ և պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սև հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ և նույնիսկ զինվորներ: Նրանք հայրենասիրական երթ էին կազմել՝ տանելով իրենց ցարի նկարը:

Եվ որովհետև ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» և «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը՝ գրեթե բացառապես հայերը: Հինգ օր տևեց արնակեր վայրենության այդ խրախճանքը: Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ: Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում: Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին: Փետրվարին էլ այսպես էր: Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր: Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞որ և՛ լիբերալ է, և՛ մասնավորապես «հայասեր»…
Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար:

Խաշմանյանի և նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված՝ նա ասաց. «Տեսնենք՝ ինչպես պիտի հայերն ինձ կախեն»: Եվ մյուս օրը ևեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց: Այդ օրը ցարի գահակալության օրն էր՝ հոկտեմբերի 21-ը... Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետևակազորը՝ կանոնավոր և անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները: Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին՝ իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին՝ իրենց զենքերով և բոլոր հանդերձանքներով: Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երևում այսպիսի հանդեսներին, ձի նստած՝ գնաց զորքերին ողջունելու: Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է: Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. և եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, և դա կոմս Վորոնցով-Դաշկովն է:

Օրն այսպես անցավ: Մյուս օրը, եթե չեմ սխալվում, կիրակի էր: Մանր խմբերով հավաքված մարդիկ՝ հայ և վրացի, խոսում էին անհանգիստ, վիճում էին գրգռված: Տիրում էր մի անաղմուկ, բայց խիստ հուզում: Օդն էլեկտրականացած էր, ամեն մի չնչին կայծ կարող էր ահալի պայթյուն առաջացնել: Իմ աչքի առջև էր, որ կատարվեց հետևյալ դեպքը: Առաջին գիմնազիայից դուրս եկան մի խումբ աշակերտներ, որոնք «Մարսելյեզ» երգելով գնում էին դեպի պալատը: Նրանց առջևը կտրեց մի սպա՝ պահանջելով ընդհատել երգը և ետ դառնալ: Հրամանը սաստկացնելու համար բռնեց իր սրից՝ կիսով չափ դուրս քաշելով պատյանից: Գիմնազիստները՝ ստորին դասարանների փոքրիկներ, վախից դես ու դեն փախան: Բայց զբոսնող հասարակությունը հարձակվեց սպայի վրա, շրջապատեց նրան երեք կողմից և այսպես քշեց-տարավ՝ սեղմելով «Փառքի տաճարի» պատերին: Սպան տեսնելով, որ իր համար ինքնադատաստան է պատրաստվում, հուսահատությունից մի անօրինակ ճարպկություն ցույց տվեց՝ ցատկելով բարձր երկաթե վանդակապատի վրայով այն այգին, որ կոչվում է Փոքր կամ Վերին Ալեքսանդրյան այգի: Այնուհետև նրա համար փախչելը հեշտ էր: Իր կյանքը նա ազատեց: Բայց խեղճ գիմնազիստներից քանի՞սն ազատվեցին կոտորածից, որ գալիս էր սկսվելու մի քանի ժամ հետո…

Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց: Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետևում՝ Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով: Ուշադրություն չդարձրի: Արդեն լսել էի, որ այսօր սևհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչև փոխարքայի պալատը:
Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ: Նրանց մեջ էր և պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից և «ՀցրրՍՏպ րսՏՉՏ»-ի թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում՝ գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար: Նստած խոսում էինք, մեկ էլ՝ փողոցում և տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ: Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար և աղմուկ հանում:
Միայն Հանդի՝ Մանջուրիայի դաշտերում և լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է...
Բոլորիս վրա ձյուն մաղվեց: Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել՝ մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար: Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները և դարձանք մի պաշարված մարտկոց: Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում: Ի՛նչ էր կատարվում այնտեղ՝ չգիտեինք...

Հրացանաձգությունը և նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին: Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան... Բայց մինչև մթի ճանկն ընկնելը՝ դրսից մի բանբեր եկավ: Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան» խոխլուշկա, որ կորել էր երկու ժամից ի վեր: Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերևից՝ Գոլովինսկի պրոսպեկտից: Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է:

Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով՝ իր մայրենի լեզվի շեշտերով և բառերով ողողված: Եվ ի՜նչ էինք իմանում: Մենք կարծում էինք, թե այնտեղ՝ դրսում կռիվ է տեղի ունեցել: Բայց այնտեղ կռիվ չի եղել: Այնտեղ եղել է սպանդանոց: Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա և ընկներ բարիկադների վրա: Ո՛չ:
Այդպիսի բան չի եղել: Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ և գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին: Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել՝ «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի՝ «Սահման քաջաց՝ զէնն իւրեանց»: Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին: Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված՝ գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը՝ հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի», այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով:

Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով՝ 150-ից ավելի: Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես: Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ և շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին: Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը: Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն՝ «բուրդյուչնի կլուբ»), ոմանք թե՝ գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի և Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը): Ինչևիցե: Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին: Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»՝ Հայոց կլուբ, և ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի:
Աչքդ բարին տեսնի: Կանաչ սեղաններ և նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում:

Մի քանիսը դես ու դեն են փախել և սպանվել կազակների ձեռքով: Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք և երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել և հետո բաց են թողել: Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին: Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր և ինչո՞ւ այդպես եղավ: Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով՝ նրանք հարցնում էին.
– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։

(Շարունակելի)



Վերջին էջ

ՍՏՐԱԴԻԱ


Հատվածներ սերբ նշանավոր գրող ՌԱԴՈՅԵ ԴՈՄԱՆՈՎԻՉԻ համանուն վեպից

Մի քանի քայլ չարած՝ ամեն կողմից մարդիկ սկսեցին հավաքվել շուրջս, կարծես ես մի հրաշք լինեի։ Ծեր ու ջահել, տղամարդ ու կին իրար բոթելով, ճնշելով, ոտների ծայրերին բարձրանալով՝ առաջ էին նետվում, որպեսզի ավելի լավ տեսնեին ինձ։ Բազմությունն այնքան աճեց, որ բռնեց ամբողջ փողոցը, և երթևեկությունը կանգ առավ։

Մարդիկ ապշած ինձ էին նայում։ Ինձ էլ զարմանալի թվաց այդ անծանոթ ժողովուրդը։ Ում որ նայես, բոլորն էլ զարդարված են շքանշաններով և ժապավեններով։ Շատ քչերը, այն էլ ամենաաղքատները, կրում են մեկական, երկուական, մյուսներն այնքան են կախել, որ հագուստը չի երևում։ Մի քանիսի պարգևները չեն տեղավորվել կրծքներին, և նրանք փոքրիկ սայլակներ են քարշ տալիս՝ լցված զանազան ծառայությունների համար ստացած շքանշաններով, ժապավեններով, աստղերով և այլ տարբերանշաններով... Ինձ սկսեցին ձանձրացնել միևնույն տարակուսելի հարցերը։

- Ո՞րտեղացի ես։ Մի՞թե դու ոչ մի շքանշան չունես։
...Մինչ այդ՝ ես հասցրի մի քանիսին հարց ու փորձ անել, թե ինչ ծառայությունների համար են նրանք պարգևատրվել։
Մեկն ասաց, որ նախարարը նրան պարգևատրել է անձնազոհության և հայրենիքի հանդեպ բացառիկ ծառայությունների համար, մի ամբողջ տարի նա գործ է ունեցել պետական մի խոշոր գումարի հետ, իսկ ստուգումից հետո դրամարկղում հայտնաբերվել է ընդամենը երկու հազարի պակասորդ։
- Տեղին են պարգևատրել,- խոսում էին շուրջս,- չէ՞որ նա կարող էր վատնել բոլորը, բայց ազնվությունն ու հայրենասիրությունը նրան թույլ չեն տվել կատարել այդ։

Մեկ ուրիշը պարգևատրվել էր այն բանի համար, որ մի ամսվա ընթացքում, երբ նա ինչ-որ պետական բազաների պահակն էր, դրանցից ոչ մեկը չայրվեց։
Մի խոհարարուհի պարգևատրվել էր այն բանի համար, որ հինգ տարի ծառայելով մի հարուստ տան մեջ, ընդամենը մի քանի ոսկե և արծաթե իրեր էր գողացել։
Մի ինչ-որ քաղաքացի շքանշան էր ստացել, որովհետև հասել էր խոր ծերության և չէր մեռել։
Մեկն էլ պարգևատրվել էր ընդամենը կես տարում հարստանալու համար...

...Ոստիկաններն ինձ բոթեցին կառքի մեջ, որի կողքերից քշում էին ժողովրդին։ Կառքը կանգ առավ մի երկարուկ, գետնահար, կարծես լքված շինության առջև։ Պարոն շեֆը՝ կրկնածալ, սափրած կզակով, ճերմակող բեղերով, գիրուկ մի մարդ, ինձ տեսնելով՝ զարմանքից քիչ մնաց նվաղեր։
- Տե՛ր իմ, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- սթափվելով զարմանքից՝ ասաց նա և, ձեռքերը պարզելով, սկսեց տնտղել ինձ ամեն կողմից։- Իսկ ո՞ւր են քո պարգևները... Վաթսուն տարեկան ես ու ոչ մի շքանշան չունե՞ս։ է՜, որտե՞ղ ես դու ապրել, լուսնի վրա, ի՞նչ է։

- Երդվում եմ աշխարհում ամեն ինչով, ես ոչ մի շքանշան չունեմ,- դողդողալով ասացի ես։
Զարմանքից շեֆը շշմեց։ Ուշքի գալով՝ նա կարգադրեց ստորադրյալին՝ մի տասնյակ շքանշան բերել։
Հարևան սենյակից անմիջապես բերեցին մեդալների մի կույտ և ամեն տեսակ շքանշանների, աստղերի ու ժապավենների մի սար։ Շեֆի հրամանով հապճեպորեն ընտրեցին երկու-երեք աստղ, ժապավեն, երեք-չորս շքանշան վզիցս կախեցին, մի քանիսը կպցրին վերարկուիս և, ի լրումն այդ ամենի՝ մի քսան հատ մեդալ ու կրծքանշան էլ գրպաններս լցրին։

- Ահա այսպե՜ս, ախպերս,- բացականչեց շեֆը։- Այսպե՜ս, այժմ դու մի քիչ նման ես նորմալ մարդու, թե չէ՝ ոնց որ հրաշք, հայտնվեցիր, վրդովեցիր ամբողջ քաղաքը...
Հաջորդ օրը ես այցելեցի ոստիկանության նախարարին։ Սկզբում ես զրույցի բռնվեցի մի փայլուն երիտասարդի հետ, որն ինչպես ինքը հայտնեց, ուզում էր տեղավորվել ոստիկանական ծառայության մեջ։
- Դուք, ինչպես երևում է, կրթված մարդ եք, և հավանորեն իսկույն կընդունվեք պետական ծառայության։
Երիտասարդը վեր թռավ և վախեցած շուրջը նայեց՝ համոզվելու համար, թե ոչ ոք ուշադրություն չդարձրե՞ց իմ խոսքերին...

- Այս գերատեսչությունում չեն հանդուրժում կրթված մարդկանց։ Ես իրավունքի դոկտոր եմ, բայց ջանասիրաբար թաքցնում եմ այդ, թե չէ, Աստված չանի, եթե այդ մասին իմանա նախարարը, ես աշխատանք չեմ ստանա։ Իմ մի բարեկամը, նույնպես կրթված մի մարդ, ստիպված եղավ տեղեկանք ներկայացնել, որ երբեք ոչինչ չի սովորել, և դրանից հետո միայն նա լավ պաշտոն ստացավ...



ՄԱՇԿԸ ՈՉ ԹԵ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ, ԱՅԼ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա: Որպեսզի հասկանանք, թե գեղեցիկ ու առողջ տեսք ունենալու համար ինչ վիտամիններ են անհրաժեշտ մեր օրգանիզմին, կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը թվարկում է մի քանի ախտանշաններ:

Մաշկի վրա կորյակային ցանը, կարմիր բծերը B և A վիտամինների խմբերի պակասի հետևանք են, մաշկի հաճախակի բորբոքումները վկայում են B2, B3, B6 վիտամինների անբավարարության մասին, թեփն առաջանում է B վիտամինների խմբի և սելենի (քիմիական տարր) պակասից, շուտ թափվող, թույլ, կոտրատվող մազերն ու եղունգները B վիտամինների խմբի և C վիտամինի անբավարարության հետևանք են, իսկ չոր, ճաքճքած, թեփոտ մաշկը կարող է A վիտամինի պակասից լինել:

Վիտամինների պակասն առաջին հերթին պետք է լրացնել ճիշտ սննդակարգով և ապա՝ մաշկը սնուցել կոսմետիկ կամ բնական դիմակներով, քանի որ շատ հաճախ մաշկի ու մազերի խնդիրներն առաջանում են ներքին օրգանների խաթարված աշխատանքից: Մաշկի առողջ և գեղեցիկ տեսքն ապահովող վիտամիններն են.

Վիտամին C - Ամենակարևոր վիտամիններից է, որի անբավարարությունն առաջին հերթին ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա: Այն շատ կարևոր է նաև ճիշտ նյութափոխանակության համար: Ըստ մասնագետների՝ C վիտամինի պակասն օրգանիզմում կարող է պիգմենտացիա առաջացնել: Այս վիտամինը նաև բարձրացնում է աշխատունակությունը, թարմացնում ողջ օրգանիզմը: Կարևոր է իմանալ, որ C վիտամինն արագ օքսիդանում է, ուստի այն մրգերն ու բանջարեղենը, որոնք պարունակում են այն, պետք է հնարավորինս թարմ վիճակում օգտագործել: Ըստ կոսմետոլոգի՝ կանանց անհրաժեշտ է օրական այս վիտամինից ընդունել առնվազն 55-85 մգ: Շատ գիտնականներ էլ կարծում են, որ դրա օրական քանակն օրգանիզմում պետք է կազմի 200-500 մգ:

C վիտամինի քանակը մրգերում և բանջարեղենում (100գ չափաբաժնում) կազմում է. չորացրած մասուր-1200 մգ, թարմ մասուր-400 մգ, կարմիր պղպեղ-250 մգ, կարտոֆիլ-200 մգ, կանաչ պղպեղ-150 մգ, մաղադանոս-150 մգ, սամիթ-100 մգ, ծաղկակաղամբ-70 մգ, նարինջ-60 մգ, կաղամբ-50 մգ, լոլիկ-35 մգ, կարմիր հաղարջ-25 մգ, բալ-15 մգ, խնձոր-13 մգ, սոխ-10 մգ, բազուկ-10 մգ, սալոր-10 մգ, վարունգ-10 մգ, սխտոր-10 մգ, ծիրան-10 մգ, գազար-10 մգ:
Վիտամին A - Պարունակում է կենդանական ծագումով սնունդը. ձկան յուղ, կարագ, պանիր, կաթնաշոռ, ձվի դեղնուց, լյարդ, երիկամ: Բույսերի մեջ A պրովիտամինն է՝ կարոտինը, որն օրգանիզմում վերափոխվում է նույն վիտամին A-ի: Կարոտին պարունակող բույսերն են գազարը, սոխը, դդումը, սեխը, մասուրը, ծիրանը, կարմիր պղպեղը և այլն:

Դիետա պահողները պետք է իմանան, որ ճարպերից, կենդանական յուղից հրաժարվելու դեպքում մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում նրբությունը, ծածկվում եղջերաթաղանթով, մազերը կորցնում են փայլը, թուլանում են: Չոր մաշկի և մազերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել երկու ճաշի գդալ ձկան յուղ կամ 100 գ լյարդ, 300 գ գազար և 100 գ ծիրանաչիր:

Վիտամին B - Մաշկի թարմությունն ապահովող ամենաանհրաժեշտ վիտամիններից է: Շատ կարևոր է ճիշտ նյութափոխանակության համար, որն էլ մաշկի երիտասարդ և առողջ տեսքի գրավականն է: Առավել արդյունավետ է, եթե այս վիտամինն ընդունում ես օրական 60-100 մգ: B վիտամինի աղբյուր են արևածաղկի սերմը, բուսական յուղը՝ հատկապես եգիպտացորենինը, ցորենի ածիկի յուղը, նուշը և այլն:
B խմբի վիտամիններ

Վիտամին B 1 - Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, աղեստամոքսային տրակտը, որոնք անմիջականորեն ազդում են մաշկի ու մազերի վրա: Եթե մազերը ժամանակից շուտ թափվում են, մաշկը ծերանում է կամ նյարդերը գերլարված են, ապա ձեր սննդի մեջ մտցրեք անհրաժեշտ քանակությամբ B 1 վիտամին: B 1վիտամին պարունակում են կաթը, աշորայի հացը, ոլոռը, լոբին, հնդկացորենը, լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը:

Վիտամին B 2 - Առանց այս վիտամինի խոսք լինել չի կարող գեղեցիկ ու առողջ մաշկի մասին։ Այն տեսողության համար շատ կարևոր վիտամին է: Եթե, օրինակ, մթնշաղին կամ վառ լույսի տակ սկսում եք վատ տեսնել, կկոցում եք աչքերը, ինչն էլ դրանց շուրջ կնճիռներ է առաջացնում»:
Եթե աչքերը սկսել են վատ տեսնել, բերանի անկյուններում առաջացել են փոքրիկ ճեղքեր, դեմքին հայտնվել է կորյակային ցան, նշանակում է՝ ձեր օրգանիզմում B վիտամինի պակաս կա: Այս վիտամինի պահանջն օրգանիզմում օրական կազմում է 2-3 մգ: B վիտամինով հարուստ է կաթնամթերքը՝ հատկապես կեֆիրը, ինչպես նաև հավի, տավարի միսը, ձուկը, ոլոռը, կանաչ սոխը, սամիթը:
Վիտամին B 3 - Այս վիտամինի անբավարարության դեպքում մազերը շուտ են ճերմակում: Այն գտնվում է բոլոր բուսական և կենդանական հյուսվածքներում: B 3 վիտամին պարունակում են տավարի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը և այլն:

Վիտամին B 9 - Այս վիտամինով հարուստ են սպանախը, ձմերուկը, խնձորը, կաղամբը, գազարը, տավարի լյարդը, կաթը, կաթնաշոռը և այլն: Այս վիտամինի բավարար քանակն անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի բոլոր օրգանների նորմալ գործունեության, այնպես էլ մաշկի համար: B 9 վիտամինի անբավարարությունն, առաջին հերթին, ազդում է մազերի աճի վրա:

«Անկախ», Երևան



«Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցը քննադատության թիրախում

Ադրբեջանական իշխանությունների անկշտությունը՝ «գնել» ամեն ինչ՝ հնարավոր թե անհնար, «սառը ցնցուղի պես» իր դրսևորումը ստացավ «Եվրատեսիլի» մրցույթում,- տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական ողջ դեղին մամուլը գրում էր, որ Ադրբեջանի մասնակիցը՝ Սաֆուրան է հաղթանակ տանելու, վերջինս 5-րդ տեղը գրավեց և դա այն դեպքում, երբ նրա նախագծին պետբյուջեից 10 միլիոն դոլար էր հատկացվել: Ընդ որում՝ Նորվեգիան ողջ մրցույթի կազմակերպման համար 17 միլոն դոլար էր հատկացրել:

«Ենի մուսավաթ» թերթն էլ գրել է, որ այդքան գումար ծախսելուց հետո ընդամենը 5-րդ տեղը զբաղեցրած 17-ամյա երգչուհու՝ ազգային ընտրության բոլոր փուլերում հաղթանակելու գործում մեծ ջանքեր է թափել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, ով երգչուհու հոր՝ արտաքին գործերի նախարարության բաժիններից մեկի ղեկավարի ընկերն է: Սաֆուրայի ընտրությունից հետո նախարար Ա. Ռահիմովը լայնածավալ քարոզչություն է սկսել Ադրբեջանում եւ իշխանություններին համոզել, որ լավ կազմակերպչական աշխատանք տանելու դեպքում Սաֆուրան կհաղթանակի եւ հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի Բաքվում, ինչի համար փող պետք է չխնայել:

Այն օրերին, երբ Ադրբեջանի մեծ թվով շրջաններում աղետի հետևանքով մարդիկ օրվա հացի հետ կապված խնդիրներ ունեն, երկիրը ինչ որ մրցույթի համար 10 միլոն դոլար գումար է հատկացնում:
Panorama.am



Ամսվա ասույթը

Մեզանում ոմանք այնպիսի ագահությամբ են ուտում և փող դիզում, ասես ծնված օրվանից հացադուլի մեջ են եղել:


Համարի ասույթը

Վատ մարդը, սրիկան կարող է լավ գիտնական (ֆիզիկոս, մաթեմատիկոս և այլն) լինել, բայց երբեք չի կարող լավ արվեստագետ լինել:

Комментариев нет:

Отправить комментарий

Отправить комментарий