16.6.11

N 1 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԽՈՍՔ ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂ

Ընթերցող բարեկամ, քո ձեռքին «Նոր էջի» անդրանիկ համարն է: Նախքան այն բացելը, անշուշտ, տարածված սովորության համաձայն, փորձելու ես ինչ-որ ձևով պարզել՝ իշխանամե՞տ է այն, թե՞ ընդդիմադիր: Միանգամից անկեղծորեն խոստովանենք, որ հաստատ իշխանամետ չէ: Թերևս ընդդիմադիր էլ չէ՝ եթե անգամ այդպիսի ցանկություն ունենա, քանզի մեզանում փաստորեն չկա ընդդիմություն և չկան ընդդիմադիր քաղաքական ուժեր: Ըստ երևույթին՝ մեզանում առնվազն վերջին տասնամյակում երբեք էլ ընդդիմություն չի եղել: Եթե եղած լիներ, ապա դրա հետքերն այսօր էլ կերևային, այն պարզ պատճառով, որ բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում:

«10-րդ նահանգն» ու «Դեմոն»՝ իրենց լրագրողական կազմով, փաստորեն միակ ընդդիմադիր խոսափողերն էին այս երկրում, որոնց շուրջ այդպես էլ չձևավորվեց ընդդիմություն՝ այդ բառի ամենաիսկական ու լայն իմաստով: Եվ դա ամենամեծ խնդիրն ու ցավն է, որ պիտի հուզի բոլորին՝ հասարակությանը, ժողովրդին, իշխանություններին, եթե վերջիններիս մտահոգության առարկան միայն սեփական դրամապանակը լցոնելը չէ, այլ Արցախ, Հայրենիք կոչված այս երկրի այսօրն ու ապագան...

«Դեմո» թերթի փակվելու փաստը տխրեցրել, մտահոգել է շատերին, ոմանք երևի թե մեծագույն ուրախություն են ապրել դրանից: Այդ վերջինները ոչ այնքան այդ թերթի հակառակորդներն են, որքան, մեծ հաշվով, մեր երկրի և մեր ժողովրդի թշնամիները: «Նոր էջը» հաստատ և երբեք նրանց թերթը չի լինելու:

Ուրեմն՝ ո՞վ ենք մենք, եթե իշխանամետ չենք, ընդդիմադիր չենք, քանզի վերջինիս համար պիտի լինի ընդդիմություն: Հեքիաթներում մի երրորդ ճանապարհ էլ է լինում, որ տանում է, կոմունիստների խոսքերով՝ լուսավոր ապագա: Բայց միայն հեքիաթներում: Քաղաքագետները գտնում են, որ կարելի է լինել նաև մի երրորդ ուժ: Իսկ մենք ոչ միայն փոքր ենք ՈՒԺ լինելու համար, այլև՝ նման ցանկություն չունենք: Մենք լրագրողներ ենք, գրողներ, արվեստագետներ, նաև քաղաքագետներ ու հասարակական գործիչներ: Եվ այս պահին մեր ձեռքից եթե մի բան գալիս է, դա այլախոհ լինելն է, ցանկացած հարցում սեփական կարծիք ու տեսակետ ունենալը: Միաժամանակ՝ մեր թերթի դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր իրենց համարում են այս երկրի տերը և անկեղծորեն ցավում են այսօրվա մեր բոլոր սխալների ու թերացումների համար:

Մենք կհանդիպենք յուրաքանչյուր ամիս, հուսով, որ մի օր կկարողանանք ավելի հաճախացնել հանդիպումների պարբերականությունը, լույստեսնել երկշաբաթաթերթի կարգավիճակով:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝
ՎԱՂԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՈՂՋ ԲՆՕՐՐԱՆԸ


Ղարաբաղն այսօր դարձրել են որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում: Եվ մեղքի ամենամեծ բաժինը հայ դիվանագետ-քաղաքագետներինն է, քանզի վարսավիրություն անելու առաջին օրինակը հենց նրանք են տվել: Հայկական կողմի նախաձեռնությամբ է ղարաբաղյան կողմը դուրս մնացել բանակցային գործընթացից, դառնալով ընդամենը տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նրա համաձայնությամբ է բանակցասեղանին հայտնվել ազատագրված տարածքները հանձնելու հարցը:

Մեկևկես տասնամյակ է անցել հրադադարից, հակամարտությունը ռազմի դաշտից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ, բայց այսօր հազիվ թե գտնվի բարձրաստիճան մի այր կամ քաղաքական գործիչ, որ հստակ պատասխանի, թե մենք ինչ ենք ուզում և որն է հակամարտության լուծման մեզ համար ընդունելի տարբերակը:

Վերացական դատողություններ կանեն՝ անվտանգության միջազգային երաշխիքներ (այսինքն՝ թղթե հավաստումներ), ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև և, իհարկե, ԼՂ կարգավիճակի հստակեցում: Դրա, այսինքն՝ մեր ավելի անորոշ գոյության համար դեռ պետք են «փոխզիջումներ», որ նշանակում է՝ մեր ունեցածի մի մասի վերադարձ հակառակորդին: Իսկ թե ինչ է «փոխզիջելու» Ադրբեջանը, դրա մասին ոչ մի խոսք: Հետաքրքիրն այն է, որ փոխզիջումների մասին հիմնականում խոսում է հայկական կողմը, և ինքն էլ առաջարկում զիջման ենթակա իր «ապրանքը»՝ ՀՈՂԸ:

Առայժմ խոսենք միայն ազատագրված տարածքների մասին: Շատ թե քիչ հայ ժողովրդի պատմություն իմացող յուրաքանչյուրը գիտե, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են: Մեր քաղաքագետների մի մասն այդ տարածքներին անվանում է «անվտանգության գոտի»: Այսինքն՝ այդ հողերը մեզ պետք են, որպեսզի հակառակորդն այն չօգտագործի որպես պլացդարմ՝ Արցախի վրա նոր հարձակում ձեռնարկելու և ռազմական ճանապարհով հարցը վերջնականապես իր օգտին լուծելու համար:

Մեր քաղաքագետների մյուս մասի համար դրանք ընդամենը սակարկման միջոցներ են: Այսինքն՝ տարածքները տանք Ադրբեջանին, որպեսզի վերջինս Ղարաբաղին «կարգավիճակ տա»: Ասել է թե՝ սովորական հավաստաթուղթ՝ ինչ-որ ազերիի ստորագրությամբ:

Վերջերս, համեմատաբար, ազգանպաստ դիրքորոշում ունեցող գործիչները սկսել են նոր առաջարկներ ներկայացնել. այդ տարածքները հենց այնպես չտալ, այլ միայն փոխանակման կարգով տալ Ադրբեջանին: Այսպես՝ Աղդամի շրջանը տանք՝ փոխարենը ետ ստանանք Շահումյանի շրջանը: Դա նույնն է թե՝ ռազմավարական երիցս կարևոր նշանակություն ունեցող հայկական մի տարածքը փոխանակենք սակավ ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այլ տարածքով:

Մարդ չգիտե՝ խնդա՞, թե՞ լա հայ դիվանագիտական մտքի առկայծումներից: Ասես գլուխները կորցրել են այդ «անտեր» տարածքների խնդրից: Այդ հողերն այնպես են մնացել հայ քաղաքագետների բկին, որ դրանից կրակն ընկած, մեր բարձրաստիճան այրերը արտասահմանյան զանազան պաշտոնյաների տանում, ցույց են այդ հողերն ու հպարտորեն հայտարարում, որ դրանք չեն վերաբնակեցնում: Մինչդեռ դրա համար, իրենց անգործունեության համար պիտի ամաչեին: Սակայն ամենաամոթալին ու անհեթեթը դա չէ, այլ այն, որ մի խումբ ազատամարտիկներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ փորձում են Հայաստանի շրջաններում բացատրական-քարոզչական ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների, սակայն իշխանությունները, հայրենի ոստիկանությունը արգելում են այդ ամենը: Այսինքն՝ արգելափակում են հայրենասիրական ձգտումները: Այսինքն՝ ո՛չ հայրենասիրությանը: Խորենացին կարծես այսօրվա համար է ասել՝ ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...

Հայկական կողմի անգործությունից ու ձեռնբացությունից ոգևորված, միջնորդ պարոնները, խոսքները մեկ արած, մյուս կողմից են կռավում ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Մի հարցնող լինի. պարոնայք «միջնորդներ», կարո՞ղ եք մատնացույց անել Երկիր մոլորակի մի այլ երկիր, որ իր դեմ պատերազմ սանձազերծած հակառակորդին հաղթելուց հետո իր տարածքների մի մասը վերադարձնի նրան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտում հաղթելով հակառակորդին, ինչո՞ւ սեփականել է իր հետ ցամաքային ոչ մի կապ չունեցող Կալինինգրադ-Քյոնիգսբերգը: 17 մլն քառ. կմ տարածք ունեցող նույն Ռուսաստանը, որի մեջ կարող է տեղավորվել 3 ԱՄՆ և 46 Ճապոնիա, ինչո՞ւ ոչ մի գնով չի ուզում տերերին՝ ճապոնացիներին հանձնել Կուրիլյան մի քանի փոքրիկ կղզիները, որոնք իր համար նույն նշանակություն ունեն, որքան ջրով լի դույլի մեջ նետած մի քանի կաթիլը, մինչդեռ դրանք փոքրիկ Ճապոնիայի համար կենսական մեծ նշանակություն ունեն:

Կամ նույն երկրորդ աշխարհամարտից հետո քանի ֆրանսիացի է պատերազմից հետո անմիջապես ետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը: Մինչդեռ այսօր օրակարգային է համարվում ոչ միայն «չարաբաստիկ» հողերի վերադարձը, այլև ազերի փախստականների ետ վերադարձը, երբ հայ փախստականների մասին ոչ մի խոսք չի գնում: Ասես վերջիններս իսկի չեն եղել կամ մի տասերորդ կարգի մարդիկ են...

Ղարաբաղի խնդիրը սոսկ արցախցիների խնդիրը չէ: Այն համազգային խնդիր է: Այսօր ազատագրված տարածքները տալով՝ վաղը կորցնելու ենք Արցախը (թեկուզ ամենաազդեցիկ երկրների ստորագրությամբ միջազգային հավաստիքներ լինեն): Արցախի կորստով յաթաղանը շողշողալու է առաջին հերթին Մեղրիի և Սյունիքի գլխին... Թե՞ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «ծովից ծով Հայաստանի» քարտեզը մեր գլխավերևից կախած, Երևանը դարձնենք քաղաք-պետություն:

Երևանյան սրճարաններում ղարաբաղյան խնդրի մասին դատողություններ անող որոշ դիվանագետներ հիշեցնում են Ակսել Բակունցի հանրահայտ պատմվածքի ծաղկի մեջ քնած բզեզին, որին «աշխարհը հոտավետ բուրաստան է թվում»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ-88

Շուտով կլրանա Արցախյան ազգային-ազատագրական շարժման 21-ամյակը, որը Հայոց պատմության մեջ մնացել է որպես ազգային-հոգևոր զարթոնքի և փառավոր հաղթանակի մի զորավոր էջ: Այն իր նշանակությամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը և ստացել աշխարհաքաղաքական իմաստ՝ իր դրական և բացասական հետևանքներով հանդերձ: Շարժման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզիչ հաղթանակ, հայ ժողովուրդը վերահաստատել է հայկական կենսատարածքում՝ Հայկական բարձրավանդակում իր ապրելու իրավունքը: Հաղթանակի շնորհիվ Հայաստանը (ներառյալ Արցախը) հնարավորություն է ստացել աշխարհին արժանապատվորեն ներկայացնելու իր պահանջատիրությունը ոչ միայն ազատագրված Արցախի նկատմամբ, այլև չլուծված Հայկական հարցի վերաբերյալ:

Ցավոք, հայկական դիվանագիտությունը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի զորու չեղավ միջազգային հանրությանը ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական և իրավական պահանջները: Ռազմի դաշտում տարած փառավոր հաղթանակը, հետագա պարտվողական քաղաքականության պատճառով («Հայաստանը հաղթել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը» - ՀՀ Բանակի գերագույն գլխավոր հրամանատար) հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել և պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Հաջորդ իշխանությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայկական հարցից առանձնացրեցին Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը, դարձնելով այն արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը և հասան զգալի հաջողությունների: Բայց, այսպես կոչված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները մտան փակուղի, ԼՂՀ-ն էլ դադարեց բանակցությունների լիարավ կողմ լինելուց:

Մեր կարծիքով՝ ղարաբաղյան հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում է, գոյություն չունի: Այն գերտերությունների կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ է, որի նպատակն է՝ տարածաշրջանում պահպանել ազդեցությունը: Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել է և, իրավական տեսանկյունից, կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի և Նախիջևանի նկատմամբ: Նախիջևանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն և ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դեմ, տեղահանել Հյուսիսային Արցախի հայ բնակչությանը, գրավել Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասեր, բայց և կրել խայտառակ պարտություն:

Ազգային¬ազատագրական պայքարի շնորհիվ արցախցիները, ազատագրելով Հայրենիքի մի զգալի մասը, կառուցում են ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Թե դա ինչքանով է արդարացված կամ ճշմարիտ քայլ, թողնենք ժամանակի փորձությանը: Բայց մի բանում հայը հաստատ համոզվել է. ազգային, տարածքային հարցերը համազգային ու ռազմավարական նշանակություն ունեն, հետևաբար, դրանք լուծվում են ոչ թե գրասենյակներում, վեհաժողովներում, միջազգային իրավունքի մասնագետների կամ դիվանագետների հիմնավորված թեզիսներով, այլ, նախ՝ ծրագրավորված ու նպատակաուղղված պայքարի միջոցով (հարկ եղած դեպքում՝ մարտի դաշտում), ապա ազատագրված հայրենիքը շենացնելու նպատակով հոգևոր-մշակութային, քաղաքական, տնտեսական ասպարեզներում կատարած աշխատանքներով: Հույս պահել, որ միջազգային իրավունքի շնորհիվ գերտերությունները կլուծեն «ղարաբաղյան հիմնախնդիրը»՝ ինքնախաբեություն է:

«Ազգերի ազատ ինքնորոշումը», «տարածքային ամբողջականության սկզբունքը» և նմանատիպ այլ սկզբունքներ, պարզապես, բարի ցանկություններ են, եթե չասենք՝ կեղծիքներ, հորինված փոքր և փոքրաթիվ ազգերին դիվանագիտորեն խաբելու, հպատակեցնելու կամ կախվածության մեջ պահելու համար: Եթե միջազգային իրավունքը երկու երես չունենար, ապա վաղուց Փենջաբը, Ասամը, Քաշմիրը անջատված կլինեին Հնդկաստանից, Տիբեթը՝ Չինաստանից, Բասկիան՝ Իսպանիայից և Ֆրանսիայից, Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանից, քրդական բնակավայրերը՝ Թուրքիայից, Իրանից ու Իրաքից, Կուրիլյան կղզիները՝ Ռուսաստանից և այլն:

Քսանմեկամյա բարձունքից նայելով և ծանոթ լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, կարծում եմ՝ Շարժումը կարոտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման և ճիշտ գնահատականի:

Փիլիսոփայությունից հայտնի է, որ ազգային-ազատագրական հեղափոխությունը ծնունդ է առնում ազգային-ազատագրական շարժումից և ուղղված է.

- օտարերկրյա տիրապետության վերացման,

- ազգային անկախության նվաճման,

- ազգային-գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման,

- ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման,

- ազգային պետության ստեղծման,

- այլ պետության հետ միավորման կամ համադաշնության ստեղծման:

Վերը շարադրվածից դժվար չէ եզրակացնել, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը վերածվել է հեղափոխության և, արդյունքում, ստեղծվել է անկախ պետություն: Իսկ ինչո՞ւ չի վերամիավորվել Հայաստանին, մի՞թե մեր նպատակը անկախ պետության ստեղծումն է եղել: Նման հարցերին ի պատասխան, նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում միակ և ճշմարիտ քայլը դա է եղել: Որպեսզի հարցի պատասխանը թերի չմնա, ավելացնում են նաև, որ «անկախ պետությունը» միջոց է նպատակին՝ Միացմանը հասնելու համար: Նախ՝ եթե իրոք անկախ պետության ստեղծումը անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչո՞ւ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետությունը կամ պետությունները ԼՂՀ անկախությունը մինչև հիմա չեն ճանաչել:

Բացի դրանից՝ անկախ պետություն ստեղծելու և միջազգայնորեն ճանաչվելու գործնթացը ավելի բարդ է, քան ճանաչված պետության կազմի մեջ մտնելը, մանավանդ որ առկա են թե՛ իրավական, թե՛ պատմական բոլոր հիմքերը: Գոյություն ունի շրջանառվող մի այլ տեսակետ, ըստ որի ԼՂՀ անկախության հռչակումը փոխզիջում է: Այդ տեսակետի կողմնակիցների հիմնավորումը շատ թույլ է և խոցելի: Նախ՝ հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը և դրա փախարեն ի՞նչ է զիջել: Բացի դրանից՝ Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն, թե Արցախը բաժանվելուց հետո (իրավաբանորեն՝ վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 1-ին) անկախ պետություն է ստեղծո՞ւմ, թե՞ միանում է այլ պետության:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը կրել է տարերային բնույթ: Շարժումը ծնվել և ծավալվել է մեր՝ հայերիս մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով լիովին չի համապատասխանել հայության գաղափարական, քաղաքական և կազմակերպական հասունացմանը: Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը վերածվել է հեղափոխության, համահունչ չէր իր էությանը, մասնավորապես՝ բացակայել է հեղափոխության առաջատար և կազմակերպող ուժը՝ ավանգարդը, համայն հայությունը ըստ կարևորության աստիճանի՝ իրազեկված և այնքան էլ պատրաստված չէր համազգային նպատակասլաց պայքարի: Նշվածների օգտին կարող են վկայել նաև այն փաստերը, որ «Ղարաբաղ», «Միացում», «Կռունկ» կոմիտեները ստեղծվել են Շարժման ամենաեռուն տարիներին:

Մի կարևոր հանգամանք ևս. հայկական դիվանագիտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը, դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց իրականում այդ սկզբունքները ոչ միայն չեն հակասում, այլ լրացնում են մեկը մյուսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հայերս ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թե օտարի տարածքում ինքնորոշվելու, այլ՝ վերացնելու օտարի գաղութային լուծը, շահագործումը, վերականգնելու պատմական արդարությունը և վերամիավորվելու Մայր Հայաստանին:

Ավելի պատկերավոր ասած. երկարությունը չափելու համար փոխանակ օգտագործելու մետրը, օգտագործում ենք մեր ձեռքի տակ եղած կամ օտարների կողմից մեզ տրված կիլոգրամը: Փոքր ինչ ծանոթանալով ՄԱԿ-ի անդամ պետությունների վերջին 50 տարիների պատմությանը, դժվար չէ համոզվել, որ դրանց մեծամասնությունը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ են թոթափել օտարների լուծը և ձեռք բերել անկախություն: Մի՞թե Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի հարյուրից ավելի պետություններ չեն պայքարել օտարների դեմ, ազատագրել իրենց հայրենիքը և շարունակել զարգանալ այն ուղղություններով, որ նախագծել էին: Հարց է ծագում. «Ինչո՞ւ Արցախը չէր կարող հետևել նրանց օրինակին»:

Մի տարօրինակ հանգամանք ևս կապված Կոսովոյի անկախության հետ: Մինչև Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունումը հայկական դիվանագիտության մեջ շրջանառվում էր այն տեսակետը, որ Կոսովոն կարող է նախադեպ դառնալ սառեցված հակամարտությունների լուծման համար: Իհարկե, «քաղաքական խաղի» տեսանկյունից կարելի է հասկանալ մեր դիվանագետներին ու քաղաքական գործիչնրին՝ ինչո՞ւ չօգտագործել ընձեռած ցանկացած հնարավորություն: Բայց Կոսովոյի անկախության հռչակումից հետո բոլորին պարզ դառավ, որ հերթական անգամ կիրառվել են կրկնակի ստանդարտներ, որ Կոսովոն նախադեպ լինել չի կարող, ավելի ճիշտ՝ կարող է, եթե «վերևից» այդպես ցանկանան:

Մեր պարագայում, հաստատ, չեն ցանկանա (մեր ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանն է երկմտում, ինչ մնաց օտարները...): Ուրիշ ոչ կարևոր իրավական որոգայթ էլ գոյություն ունի. եթե Կոսովոն ընդունում ենք որպես նախադեպ, արդյո՞ք, դա չի նշանակում, որ հաստատում ենք այն դրույթը, որ ԼՂՀ-ն Կոսովոյի նման օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, օտար պետության մեջ, օտար տարածքում է անկախանում: Կյանքը ցույց տվեց, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից, էլի նախադեպ չհանդիսացավ Արցախի համար: Մերն ուրիշ է, չէ՞:

Անաչառ գնահատելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքը, թերությունները և ներկա իրավիճակը, պետք է գոհունակությամբ ու հպարտությամբ նշենք, որ եղած արդյունքներն էլ ազգային գոյապահպանության, հայկական պետականության կայացման, ազգային արժանապատվության վերականգնման տեսանկյուններից անգնահատելի են:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դիտարկենք նաև այլ տեսանկյունից: Շարժման համառոտ ժամանակագրությունը հետևյալն է.

1988 թ. փետրվարի 13-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ, պահանջելով Արցախի միացումը Մայր Հայաստանին:

1988 թ. փետրվարի 20-ին տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, որն որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

1989 թ. հունվարի 20-ից ԼՂԻՄ-ում մտցվել է Հատուկ կառավարման կոմիտե Ա. Վոլսկու գլխավորությամբ: Դադարեցվել են մարզի կուսակցական և պետական մարմինների լիազորությունները:

1989 թ.օգոստոսի 16-ին տեղի է ունեցել համագումար՝ ընտրվել է Ազգային խորհուրդ:

1989 թ. դեկտեմբերի 1-ին կայացել է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը: Որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին:

1990 թ. հունվարի 15-ին Արցախում մտցվել է «Արտակարգ դրություն»:

1991թ. հունվարին սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացված «Օղակ» ռազմագործողությունը:

1991թ. մարտի 17-ին Ստեփանակերտի կոշկի գործարանում տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նիստը: Կազմակերպիչների նպատակն էր՝ դիմել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդին, որպեսզի ԼՂԻՄ-ին տրվի ինքնավար հանրապետություն կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում:

1991թ. հունիսի 12-ին Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը

1991թ. հուլիսի 20-ին ԼՂԻՄ շրջանների որոշ ղեկավարներ և մարզի պաշտոնատար այլ անձինք Պոլյանիչկոյի ուղեկցությամբ ուղղաթիռով մեկնել են Բաքու, հանդիպել Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովին:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) ընդունել է պետական անկախության մասին հռչակագիր:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որն ընդունել է. «Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին»:

1991թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանը ընդունել է պետական անկախության մասին սահմանադրական ակտը:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է հանրաքվե պետական անկախության վերաբերյալ:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման համառոտ այս ժամանակագրությունից պարզ երևում է, որ հայկական կողմի յուրաքանչյուր քայլ եղել է պարտադրված (կամ լավագուն դեպքում՝ կախված հակառակ կողմի քայլերից), այլ ոչ թե նպատակաուղղված՝ ռազմավարական ծրագրի իրականացման քայլեր են եղել: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պիտի հայկական կողմը հրաժարվի 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստի որոշման ընձեռող փայլուն հնարավորությունից և ստեղծի երկրորդ հայկական անկախ պետությունը: Այդ քայլով փաստորեն Արցախը անջատվել է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից:

Չխորանալով փիլիսոփայության խորխորատներում, փաստենք, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն՝ վերամիավորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել: Դեռ ավելին՝ ԼՂՀ-ն ընդունելով Սահմանադրություն, որտեղ բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության և մեր ամբողջական հայրենիքի մասին, էլ ավելի է հեռացել Շարժման բուն նպատակից: Արդյունքն եղել է այն, որ օր-օրի խորացել են արհեստականորեն ստեղծված տարաձայնությունները և հակասությունները: Զավեշտն այն է, որ Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլում, երբ ազգի մի փոքրիկ հատվածը պետականորեն նշում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը, Երևանում՝ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմահազարանոց միտինգներից մեկում, որպես Հայաստանի համար թշմական կամ ոչ բարյացակամ ազգ նշվել է նաև «ղարաբաղցի» ազգը:

Ազգն՝ ըստ բնակության վայրի տարանջատող և ընդունող մեր հայրենակիցներին զգաստացնելու համար նշենք, որ անմտություն է ազգի մեծ հատվածը փոքրին հակադրելը, մանավանդ, որ մեծ հատվածի մեջ երեք անգամ ավելի շատ արցախահայեր են բնակվում քան բուն Արցախում: Միտինգներում բազմաթիվ անգամ հնչեցվել է նաև այն տեսակետը, որ ազգի մի հատվածը կարելի է զոհաբերել հանուն ընդհանուրի բարօրության: Այսինքն՝ Արցախից ցանկացած գնով «ազատվելով», ազգի մյուս հատվածի՝ ՀՀ բնակչության համար կբացվեն նոր հեռանկարներ և ազգը կբարգավաճի:

Դա նույնն է թե՝ չորս զավակատերին առաջարկեն, որ զավակներից մեկին զոհաբերի կամ հանձնի իր ոխերմ թշմանուն, որպեսզի մյուսներն ապրեն լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, մարդը կզոհաբերի իր զավակներից մեկին, անկախ նրանից թե այդ երեխան ամենաաչքաբացն, ամենախելոքն ու խիզա՞խն է, թե՞ հիվանդն է ու տկարը: Որպես բազմազավակ հայր, համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի...

Հետաքրքիր է իմանալ, եթե իրավիճակը պարտադրի Ջավախքում ազգային-ազատագրական պայքար սկսել, արդո՞ք այն կկրի համահայկական բնույթ (ինչպես եղել է Արցախում), թե ՀՀ-ում բնակվող ազգի մի հատվածը, «կյանքի փորձից ելնելով», նրանց էլ կհամարի «ջավախեցի» ազգ ու չի միջամտի «օտարի ազգային խնդիրներին»: Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում Նախիջևանը համարյա մոռացության են մատնել. մի՞թե այդքան կարճ է մեր պատմական հիշողությունը...

Դժվար չէ նկատել, որ երկու պետությունների միջև ծագող հակասությունների հիմնական պատճառը եղել և մնում է ազգի բաժանումը երկու հատվածի: Կարող են հակաճառել, թե դա զուտ քաղաքականությունից դրդված իրավիճակ է, ինչպես ընդունված է նշել՝ օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետություն ենք: Տա Աստված, այդպես լիներ: Աստվածաշնչում մեր պարագայի համար է գրված. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում»: Շատ խիստ է գրված, բայց ճշմարտությունը պարտավոր ենք ընդունել: Ուստի, կարծում եմ, ժամանակն է, որ նորովի՝ ազգային-հոգևոր լույսի ներքո գնահատենք երկու հայկական պետությունների ներկան և վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործնթացը Մայր Հայաստանին:

Միացման առաջին քայլը կարող է լինել ՀՀ և ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը և չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ԽՈՀԻ ԵՎ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԸ

«Դու կարող ես գրել «Տասնչորսերորդ սիմֆոնիան», «Գերնիկան», «Աննա Կարենինան», արհեստական լյարդ կամ ջրածնային ռումբ ստեղծել: Դու կարող ես լինել հանճար կամ մարգարե: Մեծ հերետիկոս և աշխատանքի հերոս: Դա նշանակություն չունի: Մարդկային ջանքերի պտուղները անփոփոխորեն դառնում են շուկայական առևտրի ապրանք»:

Այս տողերի հեղինակը Սերգեյ Դովլաթովն է: Նրա «Անտեսանելի թերթը» պատումի հերոսի մտորումներից է մեջբերումը:
Ի՞նչ գիտենք Սերգեյ Դովլաթովի մասին:
Քիչ կամ համարյա՝ ոչ մի բան:

Նա կես-հրեա, կես-հայ էր: Ծնվել է թիֆլիսահայ մորից, ով էլ նրան տվել է Դովլաթով ազգանունը: Ապրում էր Լենինգրադում: Որպես այլախոհ վտարանդվել է Միացյալ Նահանգներ: Կամ՝ արտաքսել են: Մինչ այդ ծառայել է խորհրդային բանակում: Ծայր հյուսիսի «ուղղիչ-աշխատանքային ճամբարներում» ներքին զորքերի շարքային է եղել: Ֆինանսական առումով գրեթե մերկ՝ հայտնվել է Նոր աշխարհում և ամերիկյան Բաբելոնում, որ Նյու-Յորք է կոչվում, ինչ-որ անուն, համենայնդեպս, իր համար ստեղծել է: Մահացել է սրտի տագնապից՝ շտապօգնության մեքենայում: Մահվան պատճառը, ասում են, մի նորաբնակ պուերտոռիկացի սանիտարի անփութությունն էր՝ ինչ-որ փողրակ այնպես չի միացրել, և արհեստական շնչառության սարքը չի աշխատել, հիվանդի թթվածնից զրկված սիրտը կանգ է առել:
Դովլաթովը, ահա, գրում է. «Դեկտեմբերին «Նյույորքեր» ամսագիրը պատմվածք տպագրեց: Եւ ինձ մոտ 4 հազար դոլար վճարեցին»:

Ոչ մի արտառոց բան. մարդը ամերիկյան ամսագրում պատմվածք է տպագրել, նրան վճարել են հոնորար, բայց ինչո՞ւ է Դովլաթովը պատումը վերնագրել՝ «Անաշխատ փող»:
Տերմինը զուտ խորհրդային է՝ «անաշխատ եկամուտ»: Փող, որ չի վաստակվել, միջավայրը, սակայն, ամերիկյան է: Խորհրդային գրողին նույնպես հոնորար էին վճարում: Գուցե՝ ինչքան Դովլաթովին՝ Նահանգներում, գուցե՝ մի փոքր ավել կամ պակաս: Որևէ խորհրդային գրող հոնորարը «անաշխատ փող» չէր համարի: Ընդհակառակը, խորհրդային գրողը հոնորարի համար նույնիսկ կկռվեր խմբագրի, հրատարակչության հետ: Խորհրդային բանաստեղծներին վճարում էին չափածո յուրաքանչյուր տողի համար, դրանից է, որ ոմանք շատ կարճ տողերով էին չափածոյում: Ակսել Բակունցը «Եղբայրության ընկուզենիներ» գիրքը շարադրել է Գևորգ Աբովի բանաստեղծությունների ժողովածուի ազատ էջերին, որովհետև Աբովը գրում էր բառ-տողերով, Բակունցը ափսոսացել է մաքուր թուղթը: Եւ, իհարկե, այդ կերպ իր գնահատականն է տվել Աբովի «բանաստեղծական տաղանդին»:

Իսկ ինչո՞ւ Նահանգներում տպագրվող Դովլաթովը հոնորարը «անաշխատ փող» է կոչել:
Որովհետև նա ապրել է Նահանգներում, ուր ամեն մի ցենտը փող է, չորս հազար դոլարը՝ գումար, որ գոյանում է ցենտ առ ցենտ: Իսկ խորհրդային երկրում ռուբլին ընդամենը ռուբլի էր՝ մի շիշ պորտվեյն կամ չորս գավաթ գարեջուր:
Տարբերությունը ահռելի է:

Խորհրդային երկրում որևէ գրող չէր տպագրվի և հոնորար չէր ստանա, եթե նրա գիրքը պետությունից պատվիրված չլիներ: Ազատ շուկայի աշխարհում պետությունը գիրք չի պատվիրում: Միացյալ Նահանգների կառավարությունը պատասխանատվություն չի կրել և չի կրում գրողի, նկարչի, դերասանի կարիերայի հաջողության կամ անհաջողության համար:
Նահանգներում Դովլաթովը պատվեր չուներ: Նրա միակ հույսը և ապավենը գրողի իր տաղանդն էր, որ պիտի կերակրեր իրեն, ընտանիքին, մորը: Տաղանդ նա ուներ, և ամերիկյան գրական շուկան նրա պատմվածքը գնահատում էր չորս հազար դոլար:

«Մարդկային ջանքերի պտուղները անփոփոխորեն դառնում են շուկայական առևտրի ապրանք»,-իր մասին է ասված: Եւ՝ շուկայական, ոչ գաղափարականացված աշխարհի բոլոր արվեստագետների:
Դովլաթովը կարող էր ասել. «Մեր անտաղանդության համար ընկ. Անդրոպովը մեղք չունի»: Անդրոպովը՝ խորհրդային ՊԱԿ-ի նախագահը, ում մեղադրում էին վտարանդի մտավորականները: Ապրել Նահանգներում և, այդուհանդերձ, չծանակել սեփական հայրենիքը՝ սրա համար մեծ բարոյականություն է պետք: Դովլաթովը բարոյական հեղինակ է. նրա ոչ մի պատում խորհրդային երկիրը չի նսեմացնում, չի ստորացնում այդ երկրի մարդուն:

Նա պարզապես պատմում է իր կյանքը:
Ուրիշ՝ ոչինչ:
Դովլաթովը, երևի, հնարած պատում չունի: Իհարկե, դա գեղարվեստականացրած կենսապատում է, և՝ բարձր գրականություն:
Տաղանդի հարց է՝ ով ինչպես է ներկայացնում իր կյանքը: Բայց, միևնույն է, բոլոր գրողները պատմել և պատմում ու պատմելու են իրենց մասին: Գրականության սկիզբը «ես»-ական է:
Դովլաթովը խոհի գրող է: Ոչ թե՝ պատկերի, այլ՝ մտքի: Զրնգուն պատկերներ նա գրեթե չունի, որովհետև Դովլաթովը մտածում և պատմում է:

Դրա համար էլ խորհրդային երկրում նա այլախոհ էր. խորհրդային գրողը չէր կարող միայն պատմել: Նա պարտադրված էր գաղափարաբանել: Այսինքն՝ կյանքից «կյանք» ստեղծել: Թշվառությունից՝ «սոցիալիստական դրախտ»: Խարդախությունից՝ «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքս»: Անարդարությունից՝ «սոցիալիստական արդարադատություն»: Եւ այսպես՝ շարունակ:
Դովլաթովը պատմում է: Որևէ ճշմարտություն ինքը չի ստեղծում և կայնքի դառնությանը չի հակադրում: Դովլաթովը չունի «դրական» և «բացասական» հերոսներ: Նրա գործում «կոնֆլիկտ» և «հանգուցալուծում» չկա: Ինչո՞ւ:

Քանի որ կյանքը չունի դրական և բացասական բևեռներ: Կյանքը կյանք է: Եւ ապրվում է Աստծո ողորմածությամբ:
Որովհետև կյանքում չի լինում այնպես, որ կոնֆլիկտը հասունանա և հանգուցալուծվի. յուրաքանչյուր հանգուցալուծում նոր կոնֆլիկտ է ստեղծում: Ամեն օր: Այդպես՝ քանի դեռ մարդկությունը կա՝ դրախտի երազանքը մնում է երազանք, ջանքը՝ ջանք: Եւ ոչ ոք ոչ դրա սկիզբը գիտի, ոչ էլ՝ վերջը:
Հին, դասական գրականությունը դնում էր կյանքը վերափոխելու խնդիր և առաջարկում էր հանգուցալուծումներ: Շեքսպիրի ողբերգությունները՝ օրինակ: Կամ՝ Տոլստոյի մորալիստական վեպերը: Բայց դեռևս Տոլստոյն է, որ կանխագուշակել է. «Կգա մի ժամանակ, և գրողները կամաչեն գրել ինչ-որ հնարածին Իվան Իվանիչի մասին»:

Մռայլ խոսք է, որ կարելի է հասկանալ, թե Տոլստոյը գուժել է գեղեցիկ գրականության վախճանը: Բայց այդպես չէ. Տոլստոյը գիտեր, որ մորալիստական, քարոզչաբանական գրականությունը չի կարող աշխարհը վերափոխել, ուստի առաջադրում էր խոսքի գրականության խնդիրը:
Մարկեսի վեպերում որևէ բառ չկա իր երկրի կամ Հարավային Ամերիկայի իր միջավայրի դեմ: Բայց Մարկեսը ստեղծել է իր երկրի և Հարավային Ամերիկայի միջավայրը՝ առհասարակ: Պինոչետը Մարկեսի հերոսներից է: Որպես նախատիպ: Կամ՝ Մարկեսի հերոսներից մեկը իրական կյանքում Պինոչետն էր, ում ասում են «բռանպետ» և աստվածացնում:

Իր ժամանակից դժգոհ՝ Հրանտ Մաթևոսյանը մի հարցազրույցում դիկտատուրայի խնդիր էր դնում: Եւ այստեղ որևէ պարադոքսալ իրավիճակ չկա. եթե համատարած անտերություն է, ապա գերադասելին դիկտատուրան է, որ կարող է սահմանել չափանիշների, արժեքների հիերարխիա: Առանց այդ հիերարխիայի չի կարող լինել հասարակական համակեցություն:
Կայուն, ավանդույթի դեմոկրատիայի միջավայրը ինքնին հիերարխիկ է: Կյանքը յուրաքանչյուրին նշում է իր «խորշը»: Այլ դեպքերում հիերարխիայի բացակայությունը ծնում է անարխիա, երբ բոլորին թվում է, թե իրավահավասարությունը ոչ թե հռչակված, այլ՝ ձեռքբերովի նորմ է: Եւ խախտվում է հասարակական կյանքի ռիթմը: Իսկ դա իր հետ բերում է հեղափոխական ավանտյուրիզմ:
Դիկտատուրան բռնապետություն չէ:

Դիկտատուրան համակեցության պարտադրանք է՝ ըստ սահմանված հիերախիկ արժեքների: Եւ դրանով էլ դիկտատուրան կարողանում է ոչ հիերարխիկ արժեքների հասարակությունը տանել կազմակերպման ճանապարհով:
Կայուն արժեքների գրականությունը նույնպես դիկտատ է: Բարոյական դիկտատ, քանի որ այդ գրականությունը, խորապես լինելով այլախոհական, մարդուն մղում է ոչ թե հեղափոխական անարխիայի, այլ՝ բարոյական ինքնակազմակերպվածության:
Դովլաթովը մղում է ինքնակազմակերպվածության:
Նա կարողանում է ի մի բերել կյանքի փեշերը:

Դարձյալ՝ Հրանտ Մաթոսյանից. հիշում է, որ գրողների ինչ-որ միջազգային հավաքի ներկա էին Դովլաթովը և Բրոդսկին: Երկուսն էլ՝ այլախոհ, վտարանդի: Բայց նրանք տագնապում էին, որ Խորհրդային Միությունը գնում է կործանման: Ոչ թե համակարգի համար էին տագնապում, այլ՝ մարդու: Խորհրդային մարդու, ում, իրոք, բաժին ընկան երկրի փլուզման բոլոր տառապանքները:
Մեծ գրականությունը, մեծ գրողը միշտ այլախոհ է, քանի որ ապրում է ոչ այնքան ներկա, որքան՝ գալիք օրվա տագնապներով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից

ՊԱՄՖԼԵՏ, ՈՐ «ՓՈԹՈՐԻԿ» Է ԱՌԱՋ ԲԵՐԵԼ
ԼՂՀ ԳՄ «ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ»


Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում ԼՂՀ ԳՄ-ի մամուլում տպագրված ստոր ու շինծու փաստարկներով սարքված զրպարտագրերից: Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Դաշուշեն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել Վ. Օվյանի հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Բեգլարյանը եղբորս մոտ երդվել է բոլոր սրբություններով (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում այդպես էլ ոչ մի աջակցություն չի գտել, ընդհակառակը՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի տպագրությունից հետո 70-ից ավելի մտավորականներ նույնպես իրենց ստորագրությունն են դրել այդ հոդվածի տակ:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե որն է այդ արշավի նպատակը, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:

Արցախի գրական հասարակական կազմակերպության ղեկավարը վերջերս զրպարտչական աննախադեպ արշավ է ձեռնարկել Վազգեն Օվյանի անվան ու գրական ժառանգության դեմ: Բայց Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով: Նախ՝ Վարդան Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Հակոբյան Վարդանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին (նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է): Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»…), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Վագիֆի մասին պոեմ էր երկնում...

Այդ օրերին Թևանի մերօրյա «դատապաշտպան» Վարդան Սարգիսիչի, իր իսկ բառերով ասած, ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ միտքը Բորիս Սարգիսիչից (որից, ի դեպ կորզել է ԳՄ բաժանմունքի ղեկավարի պաշտոնը), հայրենի և թուրք իշխանիկներից կեղեքվող իր հայրենակիցների հոգսերն ու ցավերը թողած, Ղարաբաղից «թռել», հասել էր կոմկուսին հրաժեշտ տված հեռավոր Չիլի և կիսում էր տիկին Ալիենդեի վիշտը: Դեռ ավելին՝ Հակոբյանը չտեսնելուն էր տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ Վ. Հակոբյանը կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Վ. Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը…

Արշավանքի մի այլ պատճառ. նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հ.-ին, որ նա Վ. Օվյանի հայրենասիրական գործերում անգամ չեղած ազգադավ շտրիխներ է տեսնում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ Վ. Հ.-ն Ղարաբաղի մասին իրոք երգ չունի («Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին») եւ չի էլ ունենալու:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ




ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ՊԻՏԻ ԼԻՆԵԼ

Վերջին մի քանի ամսում կարդալով «Պըլը Պուղի» անունով «պատի թերթը», այնպիսի տպավորություն ստացա, որ Ղարաբաղում ինչքան վիզը ծուռ, ծառից ցած ընկած, ուղեղի խրոնիկական հիվանդությամբ տառապող և ֆիզիկական ու հոգեկան խանգարվածներ կան, որ մի քիչ տառաճանաչ են, հավաքվել են մի «բեսետկայի» տակ, կանդազին գրել «Պըլը Պուղի» (ճիշտ կլիներ՝ «Ալի Բաբա») կամ գրողների միության պոլիտբյուրո և սկսել իրենց բոստանի փտած, նեխած աղբը նետել այնպիսի մարդկանց վրա, որոնց շալվարի կոճակը չարժեն:

Ես Արցախի մեծ գրողներից մեկի՝ Վազգեն Օվյանի ժամանակակիցն եմ, մոտիկից ճանաչել եմ նրան, հաճախ դարձել եմ նրա «Մախաթի» հերոսը կամ թիրախը: Ես, որ ավելի մեծ պատճառ ունեմ Օվյանից վիրավորվելու կամ նեղանալու, միշտ հարգել եմ նրա տաղանդը, վերևներին քննադատելու համարձակությունն ու տղամարդությունը և հանդիպելիս միշտ կատակել, հարգանքով զրուցել եմ հետը: Այդ «Ալի Բաբայի» շնաճանճերը, ինկուբատորից դուրս եկած այդ ճտերը եկել, քննադատում են Մարդկանց, մեծերի վաստակը: Իրենց անունները փոխել, քաջերի անուններ են կպցրել ճակատներին, կարծում են թե արդեն տղամարդ են դարձել, գրողն էլ հետևից կպցրած:

Զզվանքով կարդալով այդ կլյաուզնիկներին, ես, որ մասնագիտությամբ ինժեներ եմ, մի 10 անգամ ավելի շատ եմ կարդացել, քան այդ դավիթ-ռոբերտները միասին, սկսել եմ մտածել, որ մի 20 անգամ դրանցից լավ կգրեմ: Հիմա էլ դրանց կարող եմ պատասխանել երգիծական բանաստեղծություններով: Բայց ինձ գրող չեմ անվանում: Չեմ հասկանում, ձեզ ո՞վ է ստիպել անպայման գրիչ բռնեք: Մի ուրիշ բան բռնեիք... Բահ, մուրճ կամ կոմբայնի ղեկ բռնեիք, տաքսի քշեիք, պահակ աշխատեիք, ձեզ հարմար և ժողովրդին օգտակար մի գործ անեիք: Ձեզ սազական հարյուրավոր փեշակներ կան: Պա՜հ, գրող են դարձել, գրողների վրա են մլավում:

Դավիթ Միքայելյան ես կոչվում, թե ինչ, օղորմի կողքիդ կանգնած մեռելներին, դու մի անգամ հայելում նայե՞լ ես քեզ, բոյիդ, բուսաթիդ: Մի անգամ հարցրե՞լ ես, թե քանի մարդ է հայիլ-մայիլ եղել շարադրություններովդ: Շարադրություն ասացի, հիշեցի: Այդ Ռոբերտ Եսայանին իմ կողմից հայտնեք, թող գա իր գրական մակուլատուրան տանի: Բերել, թափել է մեզ մոտ, խնդրել 1000-2000 դրամով տամ մեր աշխատողներին: Ասեք՝ վերցնող չկա: Ձրի էլ չեն ուզում, ասում են, թե այդ գրքերի թղթերը հարմար չեն, «տուալետնի բումագան» ավելի էժան է և հարմար: Ասեք Սավադովիչն ասում է եկ գրքերդ տար, դրանց դիմաց 100-ական դրամ կտամ, միայն սենյակը ազատես:

Կամ Հիտլերի բեղերով այս կոմիկը: Անունը Համլե՞տ է, Իշխա՞ն, թե Ոբն կամ նման բան (նկատի ունի Համլետ Մարտիրոսյանին - խմբ): Հեռուստացույցից զվարճացնում է երեխաներին, իր գրքերով պոռնոգրաֆիա տարածում, փչացնում սերնդին: Այդ գիրքդ տար, թող կինդ, հարազատներդ կարդան և հիանան: Փոխանակ սրա նմանին մեկուսացնեն մարդկանցից, թույլ են տալիս լսարան մտնի: Սրանց նայեք, շուշեցի հնագետ Հրաչիկ Հարությունյանին են իբր ձեռ առնում: Նա ազգի համար, երկրի համար օգտակար, կարևոր գործ է անում, հնություններ է պեղում, դո՛ւք ի՞նչ եք անում, թուղթ կեղտոտողնե՛ր: Ձեզ բոլորիդ ինձ մոտ բանվոր էլ չեմ վերցնի, որովհետև լավ մասնագետ լինելու համար առաջին հերթին մարդ պիտի լինել: Ալի Բաբանե՛ր:

Վերջում Վազգեն Օվյանի լեզվով (Համո Սահյանի պարոդիայով) մաղթում եմ ձեզ.

Ի՞նչ կուզենայի... Ես կուզենայի,
Որ այս աշխարհում ամեն մի գրող
Դառնար խղճաչափն իր ապրած դարի,
Սուրբ ներշնչանքով գրված ամեն տող
Գոհար հռչակվեր համամարդկային...

ՍԵՐԳԵՅ ՍԱՎԱԴԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ճարտարագետ



ԵՐԲ ԻՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Կարող էի անուշադրության թողնել «Պըլը-Պուղի» թերթում Ռոբերտ Եսայանի «Դիլետանտը պատմագետի դերում» վերնագրով հոդվածը, որովհետև այնտեղ իմ «Մարտադաշտ՝ բացված պատերազմից հետո» հոդվածի հիմնավորումները ժխտող տող անգամ չկա: Հատկապես, որ նոր չեմ ճանաչում Ռ. Եսայանին, մարդու, որը միշտ «հայտնվում է» կշեռքի ծանր նժարին՝ պատրաստ հլու-հնազանդ ենթարկվելու ուրիշների կամքին: Գիտեմ նաև, որ ԳՄ ղեկավարությունից հրահանգ է ստացել՝ «ջախջախել» ինձ:

Սակայն, փոխանակ նա փորձեր ժխտել իմ փաստարկները, մանրացել և իր նյութը լցրել է իմ անձն ու արժանապատվությունը վիրավորող ու ստահոդ տողերով: Այստեղ են ասել՝ երբ փաստարկները վերջանում են (կամ՝ չկան), սկսում են հայհոյել ու վիրավորել ընդդիմախոսին:

Սակայն ես չեմ ուզում իջնել Ռոբերտ Եսայանի մակարդակին և պատասխանել իր հանգով: Պարզապես համառոտ անդրադառնամ Թևանի վերաբերյալ մի ձևակերպմանը, չնայաց, կասկածում եմ, որ Ռ. Եսայանը երբևէ պատմական մի գիրք թեկուզ թերթած լինի: Խոսքը, առաջին հերթին, Թևան Ստեփանյանի անձի և գործունեության մասին է: Կարելի՞ է նրան դասել մեր ազգային հերոսների և երևելիների շարքը: Իմ հոդվածում նշել և հիմա էլ մնում եմ այն կարծիքին, որ Արցախում Թևանին ո՛չ ազգային հերոս են համարում, ո՛չ էլ երևելի են համարում: Ո՞ւմ դեմ էր կռվում Թևանն իր փոքրաթիվ ջոկատով: Պարզ է՝ բոլշևիկների և 11-րդ Կարմիր բանակի: Իրագործելի՞ խնդիր էր դրել իր առջև ցարական բանակի նախկին ենթասպան: Ամենևին ո՛չ: Մեր ազգային շա՞հն էր հուշում՝ փոքրիկ ջոկատով դուրս գալ սրարշավ Անդրկովկաս հասած բանակի դեմ: Դարձյալ ո՛չ:

Եվրոպայի կողմից արդեն ոչ մեկ անգամ մերժված ու խաբված Հայաստանը ո՞ւմ օգնությանը ապավիներ՝ Արևմտյան Հայաստանը բնաջնջած և Երևանի մատույցներ հասած Թուրքիայի՞: Գուցե Թևանի ջոկատի՞: Մի՞թե հայ ժողովուրդը փրկության այլ ելք ուներ: Կա՞, արդյոք, մի փաստաթուղթ այն մասին, որ Թևանն, իրոք, Անդրանիկի, Նժդեհի պես հմուտ մարտավար է եղել կամ այնպիսի մի հերոսական արարք է կատարել, որ առայսօր ժողովուրդը չի կարողանում մոռանալ այն: Եթե հակառակը չասենք: Չեմ ուզում պատմական աղբյուրներից մեջբերումներ անել հակառակն ապացուցող նրա արարքներից՝ իր հայրենակիցների հանդեպ անմարդկային դաժանության ու հաշվեհարդարների մասին պատմող տեղեկություններով: Գո՞ւցե ԼՂՀ ԳՄ-ում իրոք կան Թևանի հերոսության վերաբերյալ հանրությանն առայժմ անծանոթ փաստաթղթեր: Ո՞ւմ համար են պահում, ինչո՞ւ չեն հրապարակում դրանք:

Այժմ իմ «անգրագիտության» մասին: Ի՞նչ ասեմ, նորություն չէ, որ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց արատներն ուրիշներին վերագրելով՝ իրենք ազատվում են այդ արատներից (ժողովրդական հայտնի իմաստություն կա՝ գողին բռնիր, թե չէ ինքն է քեզ բռնելու):

Ռ. Եսայանի ազգային արմատներից կտրված, տարիների փոշեկույտերով ծածկված բանաստեղծությունները հանգիստ նիրհում են հանրապետության գրադարաններում ու տարբեր հիմնարկներում: Ի դեպ, նա մեկ անգամ չէ խոստովանել՝ «Գրում ենք՝ ընթերցող չկա»:

Ճիշտ որ: Այո՛, քեզ ընթերցող չկա, դու ընթերցող չունես, Ռ. Եսայան: Ձեր ԳՄ նախագահությամբ հավաքվել, խելք-խելքի եք տվել, մտավորականների նամակ հորինել, վերջում էլ ձեր թանկագին ստորագրություններն էլ դրել տակը: Կարծես գրագիտության դասն արդեն սերտել-վերջացրել եք, հիմա էլ ուրիշներին եք մեղադրում անգրագիտության մեջ: Գրել եք. «Ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»:

Հարգելիներ, «նախարարի չափ աշխատավարձը» ո՞րն է: Մի՞թե ԳՄ-ում նախարարի չափով են փողը «կշռում»: «Նախարար» հասկացությունը փողի չափման միավոր չէ: Երևի ցանկացել եք ասել՝ «նախարարական աշխատավարձ», «նախարարի աշխատավարձի չափ» և այլն: Սա՞ է ձեր գրագիտությունը:

Ի դեպ, Ռ. Եսայանն այնքան է կորցրել չափի զգացումը, որ «Եղինջ» թերթն անվանել է «թաշկինաթերթ»: Հայերենում «թաշկին» բառ չկա: Ինչպես չկան «նապաստ», «հրովարտ», «կաչաղ», «վերմ» բառեր, դրանց փոխարեն կան՝ նապաստակ, հրովարտակ, կաչաղակ, վերմակ բառերը: Երևի Ռոբերտը ցանկացել է ասել՝ «թաշկինակաթերթ» կամ «թաշկինակի չափ թերթ»: Եվ զարմանալին այն է, որ գրագիտության այս «ուսուցիչը» իր մեղադրանքը ներկայացրել է նույն չափսի՝ «Պըլը-Պուղու» էջերից: Նման դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «Սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:

Եվ այս «պարոնը» ուրիշներին մեղադրում է անգրագիտության մեջ: Եվ, վերջապես, գուցե Ռ. Եսայանը թարմացնի մեր հիշողությունը, տեղեկացնելով, թե քանի անգամ է իր ուժերը փորձել՝ բուհ ընդունվելու համար և որերորդ «պապըտկան է» հաջողությամբ պսակվել, այն էլ՝ հեռակա բաժնում:

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ
«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից


Հպարտ ու վեհ կանգնած կաղնիների տապալումից սկսվում է նրա շուրջ տարածված գաճաճ թփերի ու մացառուտների «ոսկեդարը», միաժամանակ՝ ողջ անտառի միջնադարը:

Վատ մարդը կարող է լավ գիտնական լինել, բայց երբեք չի կարող լավ արվեստագետ լինել:

Տգետների հետ վիճելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև նրանք ոչինչ չեն կարողանում դուրս բերել քո խելացի և կշռադատված փաստարկների դեմ: Դժվար է, որովհետև, միևնույն է, դու ոչինչ չես կարողանում նրանց ապացուցել:

Կատուները վագրի թիկունքում երբ մլավում են վագրի վրա, ճիշտ է, իրենց վագր են զգում, բայց երբեք չեն կարող վագր դառնալ:
Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են: Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...

Երբեմն ապշում եմ, տեսնելով, թե մեր այս փոքր ազգում որքան մեծ սրիկաներ կան, և որքա՜ն շատ են նրանք:

Մի շան. Քիչ հաչիր, որ քար չշպրտեն քեզ վրա:

Ձեռքերդ լվա հետո միայն խոսիր այլոց կոշիկների փոշու մասին:

Կարելի է ապրել գյուղում և լինել լավ քաղաքացի՝ այդ բառի բոլոր իմաստներով, միաժամանակ՝ քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր մինչ մահ մնում են գեղջուկ:

Անհամեստ, փառասեր ու ագահ մարդը երբեք չի կարող լավ բանաստեղծ լինել: Իսկ իշխանություններից ստացած բարձր պարգևներն ու շքեղ կոչումներն այնքան են դրությունը փրկում, որքան եթե զուգարանաթուղթը դնես ոսկեզօծ տոպրակի մեջ:

Կան գրողներ, որոնց մահից հետո էլ շարունակում են լույս տեսնել նրանց անտիպ ստեղծագործությունները: Կան նաև գրչակներ, ովքեր յուրաքանչյուր անգամ զուգարանից դուրս գալիս, վազում են հրատարակչություն:

Լեոնիդ Բրեժնևի մահով, ցավոք, չի ավարտվել պաշտոնական աթոռից հանդերձյալ կյանք ուղևորվելու վատ սովորույթը: Միշտ չէ, որ թամբի վրա մեռնելը գեղեցիկ է...

Թուղթ մրողի մի այլ տիպ կա, որ հաստափոր գրքեր ու հատորներ տպագրելով, կարծում է, թե ինքն արդեն դասական է, չհասկանալով, որ մինչև դասական դառնալը պետք է նախ գրող դառնալ:

Որոշ գրողներ իրենք էլ համոզված լիելով, որ մահից հետո հազիվ որևէ մեկը հիշի իրենց, ձգտում են մահկանացուն կնքելուց առաջ, գոնե կենդանության օրոք վայելել իրենց «անմահությունը», և գրադարակները համառորեն շարունակում են լցնել շքեղակազմ խոտանով, որոնք այդպես էլ ոչ ոք չի կարդում:

Կան շքեղակազմ հաստափոր գրքեր, որ կարելի է օգտագործել որպես շինանյութ՝ աղյուսի փոխարեն դնելով պատի մեջ: Դրանք ցեխով շաղախելու կարիք չկա, քանզի դրանց մեջը լի է ցեխով:
Մեզանում կան գրողներ, ովքեր կարողանում են փող արածել:
Մեծ գլուխ ունենալը դեռևս բավարար հիմք չի տալիս մեծ մարդ կոչվելու համար:

Խանութի գրադարակների վրա մնացած շքեղակազմ գրքեր կան, որ իսկույն կսպառվեին, եթե տպագրված լինեին մաքուր էջերով:
Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում:

Գրականության համար ամենամեծ չարիքն այն է, երբ նախագահությունում հայտնվում են կոմերսանտն ու վաշխառուն:

Այլասերված ու փչացած գրող-արվեստագետը ոչ պակաս վտանգավոր է, քան գողերը, մարդասպաններն ու այլ կարգի հանցագործները, որովհետև նա ապականում, կործանում է ոչ թե մեկ կամ տասնյակ մարդկանց, այլ հազարավորների հոգիները:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից

ԵՍԱՅԱՆ ՌՈԲԵՐՏԻՆ՝
50-ԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ


Մագաղաթադեմ պոետն այս դեղնագույն
Բառեր է նկարում սմքած և անարյուն,
Փսխում է բառեր, շինում տող ու տաղեր,
Թղթեր աղտոտում, սարքում դեղնած «խաղեր»:

Գրում է, հա, գրում, սարդն այս վաչկատուն,
Թղթերն իր խտտած՝ վազում խմբագրատուն,
Գրում ու մրում է գրչակն այս դեղին,
Երկնածը վռազ տպում՝ տեղի ու անտեղի:

Տոն է, խնդություն, թե սուգ ազգային՝
Դեղնած մի ստիխ ունի պոետն այս թաղային:
Գողական կանտորի անդամն է ու հրետանին
Դեղին գրչակն այս նենգ ու ութոտանի:

Անտեր չէ սակայն պոետն այս բալագան,
Խելքից խեղճ տեր ունի՝ գող ու ինտրիգան,
Անունով է Սրա քնում կամ «դուրս գնում»,
Առավոտից իրիկուն՝ Սրա գովքն անում:

Կա, ահա, այսպիսի պոետ մի դեղներես,
Որդի պես գետնաքարշ և թունդ աներես:
Գրում ու մրում է գրչակն այս ենթակա,
Գրածից ոչ ինքն է գլուխ հանում,
Ոչ ընթերցողը՝ եթե կա:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԵՆՑ



Համարի ասույթը

Փաստերը ցույց են տալիս, որ մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որևէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը:


Ամսվա ասույթը

Գարշելին այն չէ, որ մեզանում կարելի է գրող ու գրականագետ գնել, այլ այն, որ դրանք կարելի է գնել մատչելի գներով:

Комментариев нет:

Отправить комментарий