18.9.13

Սեպտեմբեր 2013


ՈՒ ԴԱՐՁՅԱԼ ՇԱՀԱՐԿՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ

Եվրոպայի հետ մի քանի տարվա սիրախաղերից հետո Հայաստանի իշխանությունները սեպտեմբերի 3-ին ընտրեցին Մաքսային միությունը։ Մի օրում կամ մի քանի ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանի ընդունած այս որոշումն անսպասելի էր նաև իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար։ Բայց, ինչպես սպասելի է մեր քաղաքական գործիչներից, նրանք հապշտապ վերափոխեցին իրենց, այսպես կոչված, քաղաքական հայացքներն ու սկսեցին հայտարարել, որ դա մտածված ու ճիշտ քայլ է։

«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի՝ Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է»,- Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մարդ որ մինչ այդ, 2012 թ. ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մաքսային միությունը մեզ համար անիմաստ է»։ Իսկ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության մասին, հայտնել էր, թե  «չկա որևէ նախադեպ, որ պետությունը, չունենալով ընդհանուր սահման, լինի Մաքսային միության անդամ... Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես, ուրեմն, դու կանգնում ես վտանգի առաջ: Մենք այնքան ենք լիբերալացրել մեր օրենսդրությունը, որ հենց դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու չես որոշում...»։
Նաև հավելել էր. «Մաքսային միությանը մաս կազմելու դեպքում դրա մեջ Ղարաբաղն է՞լ է մտնում: Առանց Ղարաբաղի մենք պատրաստ չենք դրան»...

Այսինքն, մինչ ՀՀ նախագահի Մոսկվա մեկնելն արդեն կար հստակ դիրքորոշում՝ Մաքսային միությանը՝ ո՛չ։

Թվում էր, թե Ս. Սարգսյանի կողմից Մաքսային միությանը «այո» ասելուց հետո առնվազն մի քանի բարձր պաշտոնյա հրաժարական են տալու։ Սակայն դա չեղավ։ Ինչպես ասում են՝ ինքնասպանության փորձեր էլ չգրանցվեցին, որովհետև նման քայլի դիմելու համար մարդ պետք է ինքնասիրություն ու արժանապատվություն ունենա։ Քանի որ ՀՀ քաղաքական բուրգում այդպիսի «մանր-մունր» բաներ իսպառ գոյություն չունեն, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ԱԳ փոխնախարարը և բոլոր նրանք, ովքեր արդեն Եվրոպայի «տոմսերը» գրպաններում էին, 180 աստիճանով հետդարձ կատարեցին, քանզի «աթոռը» շատ ավելի գերակա ու սուրբ արժեք է իրենց համար...
Կարծիքներ էլ սփռվեցին իշխող քաղաքական ճամբարից, որ Եվրամիության հետ «սիրախաղերը» շարունակվելու են։

Սակայն մի այլ խնդիր էլ կա այս ամենում՝ բազմաչարչար Արցախի հարցը։ «Սահմանի ո՞ր կողմում պիտի մնա Արցախը»։ Եվ ամենաբարձր մակարդկով հայտարարություններ հնչեցին, որ Մաքսային միությունն է հենց Ղարաբաղի անվտանգության երաշխիքը։ Հենց Արցախի պամար և Արցախի պատճառով են ընտրել Մաքսային միությունը, այլ ճանապարհ չկա։ Եվ հայկական պաշտոնյաներից ոչ մի խոսք չհնչեց առ այն, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայի (Պուտինի) ճնշումների ու սպառնալիքի տակ։ Անկասկած այդպիսի ճնշում ու սպառնալիք եղել է, անկասկած վախն է ստիպել հանկարծ մի քանի ժամում 180 աստիճանով հակառակ որոշում կայացնել։ Բայց այդտեղ բացարձակապես Ղարաբաղի, Արցախի անվտանգության խնդիր չկար (դեռ հարց է, թե այդ քայլը որքանով է նպաստավոր վերջինիս համար)։ Այդտեղ կար միայն մի խնդիր, մի վախ, որ չեզոքացրել ու մի կողմ է նետել մյուս բոլոր վախերը՝ սեփական աթոռը, իշխանությունը կորցնելու վախը։ Ուղղակի Արցախի անունը շահարկելը վաղուց ավանդույթ է դարձել ՀՀ քաղաքական դաշտում։ Մաքսային միության հետ կապված այս տրագիկոմեդիան բացառություն չեղավ, ցավոք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻՆ



«Հայաստան» Համահայկական հիմնադրամի Կանադայի (Տորոնտոյի) մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը, որի անունը լավ հայտնի ու սիրված է Արցախում, ու արդեն 21 տարի է, որ ԼՂՀ-ում չկա որևէ շրջան, որտեղ հիմնադրամը նրա աջակցությամբ ու օժանդակությամբ ջրամատակարարման, դպրոցաշինության, հիվանդանոց կառուցելու աշխատանք չիրականացնի: Այն վաղուց բարեգործականից վերածվել է կոնկրետ գործ անող մի կազմակերպության: Մկրտիչ Մկրտչյանը գտնում է, որ «Սփյուռքի միակ պարտականությունը Հայաստանի և Արցախի մեջքին կանգնելն է, սակայն միայն Սփյուռքով չի լինի: Երեք կողմերը պետք է միասին աշխատեն»:


Այս օրերին ևս կանադայաբնակ մեր բարեկամը պարապ չէ։ Շրջագայություններ է կատարում Հարավամերիկյան ու Հյուսիսամերիկյան մայրցամաքում, հատկապես Արգենտինայում ու Բրազիլիայում և Արցախյան դասախոսություներով կազմակերպում միջոցառումներ։

Նման հանդիպում-միջոցառումներ են կազմակերպվել Սան Պաուլոյում, Բուենոս Այրեսում, ապա՝ Վանկուվերում։ Նման հանդիպումներ են նախատեսված նաև Մոնրեալում ու Նյու Յորքում։

















Մկրտիչ Մկրտչյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.
http://www.aysor.am/am/news/2013/08/27/mgrdich-mgrdichian/



«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ունի պաշտոնաթերթ

Ս.թ. սեպտեմբերի 24-ին կայացավ «Ազգային վերածնունդ» կուսակցության (կուսակցությունը ստեղծվել է 2013 թ. հունվարին, պաշտոնապես գրանցվել՝ մայիսի 16-ին) «Վերածնունդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը, որին ներկա էին Արցախի մի քանի կուսակցությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ։

«Ազգային վերածնունդի»  նախագահ Հայկ Խանումյանի հայտնեց, որ կուսակցական թերթի լույսընծայումը կապված է նրա հետ, որ հասարակության մի ստվար մաս դեռեւս շարունակում է լրատվությանը ծանոթանալ տպագիր թերթի միջոցով, թեեւ կուսակցությունն ունի իր կայքէջն ու ֆեյսբուքյան էջը։ «Վերածնունդ» ամսաթերթը, որը տպագրվում է 1000 օրինակով եւ հանրությանը բաժանվում անվճար, հետագայում երկշաբաթաթերթ կլինի, վստահեցնում է կուսակցության ղեկավարը։

Իր շնորհավորական խոսքում շնորհանդեսի ժամանակ «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը հույս հայտնեց, որ «առաջ պոռալով հետ գնալու իրավիճակը կարող են փոխել երիտասարդները, ովքեր պետք է բարձրացնեն այսօրվա խնդիրները»։

«Քաղաքական պաշտոնաթերթի առկայությունը կարեւոր է,- նշել է «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը,- մեր կուսակցությունը կհամագործակցի «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ»։

Շնորհանդեսին ներկա լրագրողները նույնպես շնորհավորեցին պաշտոնաթերթի լույս ընծայման կապակցությամբ եւ հույս հայտնեցին, որ այն իր տեղը կունենա արցախյան լրատվադաշտում եւ կնպաստի դաշտի զարգացմանը։

*  *  *
Շնորհանդեսից հետո, հաջորդ օրը «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի հանրային հեռուստատեսության վերաբերյալ, որտեղ մասնավորապես հայտնում է, որ «Հանրային հեռուստատեսությունը, պատշաճ իրազեկված լինելով 24.02.2013թ. կայացած կուսակցության հիմնադիր համագումարի, 23.09.2013 թ. կայացած կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսի մասին, չի լուսաբանել այս իրադարձությունները, ինչպես նաեւ չի հաղորդել կուսակցության գրանցման մասին լուրը...
Արցախի հանրային հեռուստատեսությունը խախտել է բազմակարծություն ապահովելու իր գործառույթը՝ անտեսել ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանումը»:
Հայտարարության մեջ ասվում է, որ «հեռուստատեսության ղեկավարությունը որդեգրել է ինքնագրաքննության արատավոր պրակտիկա», ապա հավելվում՝ «Կուսակցությունը դատապարտում է Արցախի հանրային հեռուստատեսության նման վարքագիծը, հիշեցնում, որ հեռուստատեսությունը ֆինանսավորվում է հանրության կողմից և պարտավոր է իր եթերում ապահովել բազմակարծություն և ղեկավարվել ժողովրդավարության և անկողմնակալության սկզբունքներով»:



Ռուսաստանն Ադրբեջանին նոր խմբաքանակ զենք կմատակարարի 

Կուրգանմաշզավոդ գործարանն Ադրբեջանի համար սկսել է Վենա ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է arm-expo.ru կայքը:
Վենա համակարգն առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին, սակայն այն ժամանակ պատվիրատու չի գտնվել:
Ադրբեջանը 2C31 ԻՀՀ-ի առաջին պատվիրատուն է: Այն կմատակարարվի 18 օրինակով:
Վենա համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանակային եւ ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրակային միջոցների եւ ղեկավարման կենտրոնների խոցման համար, որոնք տեղակայված են մինչեւ 13 կմ հեռավորության վրա: Այն կարող է ինքնուրույն հետախուզական գործողություններ իրականացնել թե ցերեկը, թե գիշերը, փակ դիրքերից դիպուկ կրակ բացել առանց կրակային դիրքի նախնական պատրաստության:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88303



Մոսկվան լուծում է Արցախի հարցը

Մոլդովայի իշխանությունը հետ է վերցնում Քիշնեւի օդանավակայանը ռուսական կառավարչից: Դա Մոլդովայի պատասխանն է Ռուսաստանին, որը արգելափակել է մոլդովական գինիների մուտքը ռուսական շուկա: Դա էլ Ռուսաստանի մահակն էր ընդդեմ Մոլդովայի Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի:

Ասոցացվող 6 երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, դիմադրեցին ռուսական ճնշումներին: Համենայն դեպս դիմադրում են մինչ այժմ: Բելառուսի եւ Ադրբեջանի պարագան բոլորովին այլ գործոնների եւ հանգամանքների շրջանակում է: Փաստացի միայն Հայաստանը տեղի տվեց ռուսական ճնշմանը:

Այդ երկրներից Հայաստանը տարբերվում է նրանով, որ ունի անվտանգության կամ Արցախի խնդիր: Մոլդովան դա չունի՝ Մերձդնեստրը Արցախի իրավիճակի հետ համեմատելի չէ: Նույնը նաեւ Ուկրաինայի եւ Ղրիմի պարագայում: Վրաստանի դեպքում էլ Աբխազիայի եւ Օսիայի խնդիրները տարբեր են:

Շատերն ասում են, թե Ռուսաստանին ընդդիմանալու Վրաստանի գինը այդ երկու տարածքներն էին: Նաեւ զգուշացնում, որ Ռուսաստանին ընդդիմանալու դեպքում էլ Հայաստանը կկորցնի Արցախը, ինչպես Վրաստանը կորցրել է Աբխազիան ու Օսիան:
Բայց Վրաստանն Աբխազիան ու Օսիան կորցրել է ավելի վաղ, քան Սահակաշվիլին սկսեց երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու աշխույժ քաղաքականություն: Աբխազիան ու Օսիան Վրաստանինը երբեք չեն էլ եղել, այն բանից հետո, երբ Թբիլիսին ռազմական պարտություն կրեց այդ ռեգիոններում:
Հետեւաբար, Վրաստանն ավելի շատ բեռից է ազատվել, քան ինչ որ բան կորցրել է Ռուսաստանի հետ հակադրության հետեւանքով:

Արցախի դեպքում, Հայաստանը տարել է ռազմական հաղթանակ, եւ Արցախը մերն է: Հետեւաբար, Արցախի դեպքում իհարկե միանգամայն տեղին է կորստի վտանգի մասին խոսելը՝ մենք կկորցնենք մերը, ոչ թե կազատվենք վաղուց արդեն բեռի վերածված խնդրից:
Հետեւաբար թվում է, որ Ռուսաստանին զիջելը արդարացված է՝ փրկվել կամ պահվել է Արցախը:
Բայց, դա երեւի թե ավելի շատ մոլորություն է, քան իրավիճակի պրագմատիկ պատկերացում: Կամ էլ մոլորություն է այն, որ Արցախը մերն է եւ մենք ենք հաղթող երկիրն այդ հարցում:

Բանն այն է, որ եթե Արցախի պաշտպանությունը կախված է Ռուսաստանի սպառնալիքներին ու շանտաժներին տեղի տալուց, ապա դա բացարձակապես պաշտպանություն չէ: Դա նշանակում է, որ Արցախը վաղուց է հանձնվել Ռուսաստանին, պարզապես Մոսկվան դեռեւս մեծահոգաբար թույլ է տալիս Հայաստանին լինել իր տեղապահն այդ հարցում: Տեղապահ այնքան ժամանակ, մինչեւ որ Մոսկվան կգտնի Արցախում իր ռազմական ներկայությունը հաստատելու հարմար պահ եւ հնարավորություն:

Օրինակ, 2008 թվականին, երբ Մոսկվան հասել էր գրեթե Թբիլիսի, Կրեմլը համարեց, որ Արցախի հարցում էլ «բլից-կրիգի» հարմար պահն է: Մեդվեդեւն ակտիվացրեց Ռուսաստանի ջանքը կարգավորման գործընթացում: Ռուսաստանը լավ հասկացավ, որ Վրաստանի հանդեպ տարած հաղթանակը ոչինչ է, իրականում նահանջ, քան առաջխաղացում կովկասյան ազդեցության գործընթացում: Իրավիճակը կարող էր շտկել միայն Արցախի հարցը, եթե Ռուսաստանին հաջողվեր այդ հարցում հասնել ստատուս-քվոյի փոփոխության՝ բնականաբար իր հրամանատարության ներքո:

Չհաջողվեց: Բայց Մոսկվան հույսը չի կորցրել: Չհաջողվեց նաեւ այն պատճառով, որ Արեւմուտքն էր բավական մեծ ազդեցություն ձեռք բերել Հայաստանի իշխանության վրա եւ կարողացավ իշխանությանը հետ պահել ակնհայտ խայտառակ եւ պարտվողական համաձայնություններից եւ ի վերջո բարեհաջող չեզոքացնել Ռուսաստանի գլխավորությամբ եռյակի ձեւաչափը:

Դրանից հետո, Մոսկվայի համար պարզ դարձավ, որ Արցախի հարցին անդրադառնալու համար հարկավոր է նախ Հայաստանում թուլացնել Արեւմուտքի աճած ազդեցությունը, ապամոնտաժել Հայաստանի իշխանության եւ Արեւմուտքի հարաբերությունը, որպեսզի Արցախի հարցում նախաձեռնություններում խանգարող հանգամանքները քիչ լինեն:

Այսինքն, Մաքսային միության մասին հայտնի շրջադարձից հետո, Ռուսաստանը դեռ անդրադառնալու է Արցախի խնդրին, ընդ որում առավել անկաշկանդ: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ից հետո Արցախի հարցում ակտիվություն նկատվեց ԱՄՆ իշխանության մոտ, Բարակ Օբաման հատուկ ուղերձ հղեց Ադրբեջանի նախագահին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, որը առաջին այցը կատարեց տարածաշրջան:

Այդ տեսանկյունից, ըստ երեւույթին մոլորություն են նաեւ պնդումները, թե Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում չէր բանեցնի, եթե Հայաստանը չգնար Եվրամիության հետ Ասոցացման: Միգուցե այդ դեպքում իսկապես չլիներ Մաքսային միությանն անդամակցելու ուղղակի պահանջ, բայց Հայաստանի հանդեպ մամլիչի քաղաքականությունը Ռուսաստանի պարագայում ունի ոչ թե 3,5 տարվա պատմություն՝ ինչքան որ Ասոցացման գործընթացի պատմությունն է, այլ շատ ավելի երկար տարիների:

Եթե հասարակությունը նոր է արձանագրում այդ ճնշումը, դա դեռ չի նշանակում, որ այն չի եղել 2000-ականների ամբողջ առաջին տասնամյակի ընթացքում: Չէ որ Հայաստանի ռազմավարական հզորությունները պարտքի կամ իշխանության դիմաց Ռուսաստանին են փոխանցվել հենց այդ տարիներին: Հենց այդ տարիներից է Ռուսաստանը սկսել ռազմավարական հարաբերություն կառուցել Ադրբեջանի հետ:

Ասոցիացիան այստեղ կապ չունի, Ռուսաստանը ոչ թե պատժիչ գործողություններ է իրականացրել, այլ հետեւողականորեն առաջ է մղել իր շահը կամ շահի իր պատկերացումը՝ այն պատկերացումը, որ իշխանության է եկել Ռուսաստանում այդ տարիներին: Հայաստանի հարցը Մոսկվան վաղուց է լուծել, այժմ լուծում է Արցախի հարցը: Այլ հարց է, որ Հայաստանից այդ ամենը նկատել են շատ քչերը, թեեւ հիմա էլ շատերը չէ, որ նկատում են:
Մաքսային միության բլեֆը Ռուսաստանին պետք էր Արցախի հարցն իր համար լուծելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/88158



Ստիպված ենք ապրել՝ հրթիռներից դողացող խաղաղությամբ

Զինվորականները չեն ստում՝ «Սմերչ»-ներն, իրոք, ռազմական հավասարակշռությունը չեն փոխում, իսկ քաղաքացիական պաշտպանությո՞ւնը...

Օրերս Արցախի անկախության 22-ամյակի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հեռուստատեսությամբ մեկ անգամ եւս անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռուսական նոր զինատեսակների ձեռքբերման փաստին ու այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հայկական կողմը ձեռք է բերել չինական արդիական զինատեսակներ:

«Այն զենքերը, որ նրանք ձեռք են բերել, որեւէ մեկը մեզ համար մտավախություն չէ, քանի որ մենք համապատասխան դիմակայման միջոցներ ունենք»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը չինական հրթիռներ ձեռք է բերել նաեւ տասնամյակ առաջ. «Չինական նոր հրթիռների ձեռքբերմամբ մենք ոչ թե պատասխանում ենք սպառազինությունների մրցավազքին, մենք այդ ճանապարհով չենք գնալու, մենք ունենալու ենք այնպիսի զինատեսակներ ու այն քանակի, որը հնարավորություն է տալիս մեր երկրի պաշտպանությունն իրականացնել պատշաճ մակարդակով»,- նշեց Մովսես Հակոբյանը, թեեւ այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել, որ Հայաստանը Չինաստանից AR1A համակարգեր է ձեռք բերել:

Նախ՝ հայ հասարակության մեջ առավել մեծ խուճապ առաջացրեց Ադրբեջանի կողմից ձեռք բերված «Սմերչ» համակարգերի անունը: Դիտելով ռուսական գովազդային տեսահոլովակները՝ Հայաստանում սկսեցին խուճապային տրամադրություններ, թե «Սմերչ»-ները մասսայական ոչնչացման զենքեր են, որ դրանք ոչնչացնում են 67 հեկտարի վրա ամեն ինչ, որ դրանք իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույն համակարգերն են եւ այլն:

Եվ բնականաբար, հարց էր առաջանում, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկի հայկական կողմը՝ այդ «սարսափելի» «Սմերչ»-ների դեմն առնելու համար: Նշենք, որ «Սմերչ»-ները համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են՝ ՀԿՌՀ-ներ, եւ երբ այսօր ամբողջ աշխարհում ասում են, թե Ռուսաստանն առաջինն է այս համակարգերը ստեղծել, որ ռուսականը համար առաջինն է եւ այլն, այնքան էլ այդպես չէ: Ճիշտ է՝ «Կատյուշա»-ն առաջինը ԽՍՀՄ-ում են ստեղծել՝ Ռուսաստանում, բայց «Կատյուշա»-ն, որպես այդպիսին, հեռու էր ՀԿՌՀ-ի դասական պատկերացումներից:

...Ռուսական ՀԿՌՀ-ները ոչ միայն լավագույնն ու նորագույնը չեն, այլեւ գոնե բրազիլական ու չինական ՀԿՌՀ-ները իրենց մարտավարական-տեխնիկական տվյալներով ավելի լուրջ տպավորություն են թողնում ու կարող են մեզ հետաքրքրել՝ «Սմերչ»-ներին հակադրելու առումով: Բրազիլական տարբերակները թանկ են: Ինչ վերաբերում է չինական տարատեսակներին, ապա տեսնում ենք, որ ճիշտ է՝ ռուսական տարբերակներից են պատճենվել, բայց ավելի են արդիականացվել: Քանի որ Հայաստանում խոսակցություններն էլ սկսեցին շրջանառվել հենց չինական ՀԿՌՀ-ների, մասնավորապես՝ AR1A տեսակի համակարգերի ձեռքբերման մասին, նաեւ դրանք ավելի էժան են, դիտարկենք չինական տարբերակները:

«Չինական համակարգերն իրենց ռուսական նախահորը գերազանցում են իրենց հեռահարությամբ, լիցքավորման արագությամբ եւ, ըստ չինացիների, նաեւ ճշգրտությամբ»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Բացի տակտիկա-տեխնիկական հնարավորությունների տարբերությունից, չինական ՀԿՌՀ-ներ ձեռք բերելու հնարավորությունը քննարկելով՝ ժողովրդի շրջանում «Սմերչ»-ների առաջացրած անհանգստությունը փոքրիշատե կփարատվի: Բայց առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ զենքերի մասին ենք խոսում, որտեղ են դրանք կիրառվում, ինչ խնդիրներ կարող են առաջացնել:

Այսպիսով՝ «Սմերչ» ՀԿՌՀ-ները համարվում են հարձակողական նշանակության զենքեր: Իրականում, ինչպես նշեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը, դրանք հայկական դիրքերի դեմ կիրառելն անարդյունավետ է:

«Նշվող թերություններից առաջինն այն է, որ դրանք չեն հասցնում մեծ ծավալի վնասներ: Նույն շինությունների մասով, ի տարբերություն «Գիացինտի», ի տարբերություն «ՄՍՏԱ-Ս»-ի, որոնցից Ադրբեջանը նույնպես ձեռք է բերել, նրանց մեկ արկը շինության պատը կարող է քանդել, սակայն «Սմերչի» արկը երբեք չի քանդի: Եթե շինության պատի հաստությունը 0,5 մետր լինի, այդ արկերը նույնիսկ չեն էլ ծակի, իսկ «ՄՍՏԱ-Ս»-ը կծակի: Այդ առումով մենք ավելի շատ վախենալու բան ունենք հակառակորդի ինքնագնաց հրետանային համակարգերից, որոնք հիմնականում կիրառվելու են դիրքերի դեմ, քան «Սմերչից», որի մասին մենք անընդհատ խոսում ենք՝ մոռանալով մեր հիմնական խնդիրները»,- ներկայացրեց Հրաչյա Պետրոսյանցը:

Մյուս պատճառը, որ այս համակարգերն արդյունավետ չեն մեր դիրքերի դեմ կիրառելու համար այն է, որ մեքենաների ճոճը մեծ է, եւ այդ համակարգերը լեռնային տեղանքով տեղաշարժվելիս հրթիռների տանող գլխիկները շարքից դուրս են գալիս եւ պայթում հենց կրակելու պահին... Քանի որ ռուսները լեռնային տեղանքի խնդիր չունեն, այդ համակարգերը ստեղծել են հարթավայրային պայմանների համար: Երկրորդ թերությունը շեղման բարձր աստիճանն է՝ 0.21օ, որը, հատկապես լեռնային պայմաններում, ուր օդի հարաբերական խոնավությունը, մթնոլորտային ճնշումը եւ այլն ավելի կարող են մեծացնել:

Երրորդ՝ եթե անգամ «Սմերչ»-երը կարող են 67 հա մակերեսով տարածք խոցել, ապա դա հնարավոր չէ լեռնային վայրերում, ուր տեղանքը կտրտված է, եւ լեռները, բլուրներն ու ձորերը թույլ չեն տալիս, որ պայթյունի ալիքը ծավալվի: Այսինքն՝ նույնիսկ ռուսներն իրենք են գտնում, որ ՀԿՌՀ-ները լեռնային պայմանների համար արդյունավետ չեն: Դա նաեւ մեզ համար է խնդիր, որովհետեւ մենք էլ, ի վերջո, «Սմերչ» ունենք:

Այս առումով ամենաձեռնտու տարբերակը չինական նորագույն AR1A համակարգերն են: Դրանք ձեռնտու են նախեւառաջ գնով: Երկրորդ՝ չինականներն ավելի հեռահար են, օգտագործումն ավելի հեշտ է, սպասարկման ծախսերն ավելի քիչ են եւ մեծագույն առավելություններից մեկը՝ լիցքավորման արագությունն անհամեմատ ավելի մեծ է: Որովհետեւ, ի տարբերություն «Սմերչ»-ների, որի յուրաքանչյուր հրթիռն առանձին է տեղադրվում ուղղորդիչի մեջ, չինական տարբերակները վերալիցքավորվում են կոնտեյների միջոցով՝ միանգամից 5-ական հրթիռներով: Դրանով հանդերձ՝ չինական ՀԿՌՀ-ների համար վերալիցքավորման ժամանակը 15-20 րոպե է, իսկ ռուսականներն ավելի դժվար են վերալիցքավորվում:

«Այսինքն՝ եթե դրված է երկընտրանք՝ ձեռք բերել «Սմերչ» կամ չինական AR1A, ապա այդ դեպքում ձեռնտուն չինական տարբերակն է, առավել եւս՝ գնային առումով»,- համոզված է Հրաչյա Պետրոսյանցը:

Այժմ դիտարկենք հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ների ստեղծած ոչ ռազմական վտանգները.
««Սմերչի» մեկ համազարկը ոչնչացնում է 67 հեկտար տարածք: Դա, ըստ էության, օգտագործվում է զորքերի մեծ կուտակումների դեմ, բայց եթե այդպիսի բան չկա, ապա կարող է օգտագործվել մեծ քաղաքների դեմ: Եթե կողմերը սկսում են «Սմերչ» ձեռք բերել, ապա հասկանալի է, որ դա բանակի դեմ կիրառելն անիմաստ է; Որովհետեւ ո՛չ մենք եւ ո՛չ էլ Ադրբեջանը փոքր տարածքի վրա չենք կենտրոնացնելու այնքան զորք, նախ՝ չունենք էլ այդ զորքը, որ մյուս կողմը համազարկներով ոչնչացնի: Մեր բանակները թելի բարակությամբ ձգված են սահմանի երկարությամբ»,- վերլուծեց Արա Պապյանը:

Այս առումով՝ մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ պետք է անել հակառակորդի ունեցած սպառազինությունների դեմ՝ առանց դրանք թերագնահատելու: Որովհետեւ մենք ապրում ենք մի երկրում, որի մայրաքաղաքը, զուտ տեսականորեն, Նախիջեւանի տարածքից կարող է ռմբակոծվել նույն «Սմերչ»ն-երով:

Դիվանագիտական ու քաղաքական գործունեության փորձ ունեցող Արա Պապյանը, «Սմերչ»-ների բերած ոչ ռազմական հետեւանքներն է դիտարկում, եւ ըստ այդմ՝ «Սմերչ»-ներն առաջացնում են քաղաքական երկու գերկարեւոր հարցեր. առաջին՝ եթե մենք հստակորեն զգում ենք վտանգի առկայությունը, օրինակ՝ տեղեկատվություն ենք ստանում, թե «Սմերչ»-ները մոտենում են Հայաստանի կամ Արցախի սահմաններին, այնպիսի տեղ, որտեղից կարող է հարվածել Ստեփանակերտին կամ Երեւանին, այդ դեպքում ո՞վ պետք է առաջինը հարված հասցնելու հրաման տա եւ իր վրա վերցնի հրաման տալու պատասխանատվությունը:

«Քանի որ միայն գերագույն գլխավոր հրամանատարը կարող է այդ հրամանը տալ, այսինքն՝ կանխարգելիչ հարվածով ոչնչացնել հակառակորդի հարվածի հնարավորությունը, ուրեմն՝ եթե չկա, մենք պետք է սահմանենք կարգ, որով օրինակ, գնդի հրամանատարի մակարդակով, ըստ որոշակի պայմանների առկայության, որոշակի ինքնուրույն գործողությունների պատրաստ լինենք»,- շեշտեց Արա Պապյանը:

Այստեղից ծնվում է երկրորդ կարեւորագույն հարցը՝ «Սմերչ»-ների ստեղծած ամենամեծ վտանգը որոշումներ կայացնելու ժամանակի կրճատումն է: Այսինքն՝ «Սմերչ»-ը բերեց նրան, որ եթե մենք ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի ունեինք, որը չեզոքացնում էր հակառակորդի հրետանու հնարավորությունները, ապա Սմերչը չեզոքացրեց այդ անվտանգության գոտին: Այսինքն՝ նախկինում կար սովորական հրետանի, որը մինչեւ մոտ 35 կիլոմետր հարվածելու հնարավորություն ուներ, ու մեր անվտանգության գոտին թույլ էր տալիս, որ հրետանու հարվածները տեղ չհասնեին, իսկ հիմա կա «Սմերչ»-ը, որը փոխեց այդ չափանիշները եւ, ամենագլխավորը, որոշումը կայացնելու շատ կարճ ժամանակ տվեց:

Հարց է առաջանում՝ հայկական կողմը պետք է սպասի այնքան, մինչեւ հակառակորդի «Սմերչ»-ները կրակ արձակեն ու նո՞ր պատասխանելու հրաման տա, թե՞ պետք է սահմանված լինեն որոշակի չափանիշներ՝ հակառակորդի որ գործողության, ակնհայտ վտանգի սպառնալիքի դեպքում կարող ենք առաջինը կանխարգելիչ հարված հասցնել: Այդպիսով, օրինակ, կարելի է հայտարարել մի ինչ-որ իքս հեռավորություն, որից պակաս տարածությամբ եթե Ադրբեջանի «Սմերչ»-ները մոտենան հայկական պետությունների սահմաններին, մենք պետք է առանց հետաձգելու հարվածենք…

«Մեզ համար Սմերչի հարուցած գերխնդիրներից մեկն էլ սա է՝ լավ խրամատավորված զորքի դեմ դա այնքան էլ տպավորիչ չի լինի, որքան բաց թիրախների՝ խաղաղ ազգաբնակչության վրա: Որովհետեւ, Աստված չանի, մեկ համազարկ լինի Երեւանի ուղղությամբ, որը կարեւոր չէ՝ ուժեղ լինի, շատ ավելի վնաս կլինի խուճապից՝ մեքենաներով իրար վրաերթի կենթարկեն եւ այլն, քան զուտ զենքի հարվածից: Եթե մենք նայում ենք, ըստ էության, Երեւանից դուրս գնացող միայն մեկ ապահով ճանապարհ ունենք՝ Սեւանի ճանապարհն է: Այդ ճանապարհն էլ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, երբ հոսքը մեծ է, դառնում է դժվար երթեւեկելի, էլ ուր մնաց, Աստված մի արասցե, ռազմական հարվածի դեպքում…»,- ներկայացրեց Արա Պապյանը:

Մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ քաղաքացիական պաշտպանության, ճգնաժամային կառավարման հարցերում: Որովհետեւ եթե չասենք նկուղների 100 տոկոսը, ապա գոնե մեծ մասը սեփականաշնորհված են, իսկ ԽՍՀՄ-ի ժամանակ այդ նկուղները գազապաստարաններ էին կոչվում:

«Մենք խոսում ենք միայն զենքի տեսակետից, բայց քաղաքացիական պաշտպանության ու քաղաքական որոշումներ կայացնելու խնդիրներն ավելի կարեւոր են: Որովհետեւ մենք կարող է ստիպված լինենք կանգնել կանխարգելիչ պատերազմի առջեւ: Օրինակ՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ից հետո առաջարկեցին գունային լուծումներ: Այսինքն՝ մշակվեցին համակարգեր, որ պետությունն այլեւս չի ասում, թե ինչ անես, այլ միայն հայտարարում է, օրինակ՝ նարնջագույն, կարմիր, կապույտ եւ այլն: Մնացած ամեն ինչը պայմանավորված է դրանով: Այսինքն՝ ամեն մեկը գիտի, թե երբ պետությունն այսինչ գույնը հայտարարեց, իր գործողությունները որոնք են լինելու»,- ասաց Արա Պապյանը:

Իսկ Հայաստանում ո՞վ գիտի, թե, Աստված չանի, նման դեպքերում ով ինչ պետք է անի ու ինչով զբաղվի…

Գևորգ ԱՎՉՅԱՆ
http://www.yerkir.am/am/news/55202.htm



Հովիկ Աբրահամյանի չարագուշակ խոստովանությունը Ղարաբաղի մասին 

«Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ հույսեր ունի՝ նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրվելո՞ւ է Ասոցացման համաձայնագիրը, նա պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: «Կա երկրորդ կողմ, որը լինելու է Հայաստանում վաղը, հանդիպելու են երկրի իշխանությունների հետ, և այդ քննարկումների արդյունքում որոշում կկայացվի: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ՝ շարունակելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները»,- ընդգծեց Աբրահամյանը:

Հարցին, թե ե՞րբ են եվրոպացի գործընկերներին տեղեկացրել, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցին հստակ պատասխան է տվել արտգործնախարարը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հիմա էլ են խոսում ԵՄ հետ համագործակցության մասին, շարունակում են բանակցել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր գործոնն ազդեց, որպեսզի Հայաստանը Մաքսային միությանը միանալու հապշտապ որոշում կայացնի: Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, որ ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, նախագահը հայտնել է իր համաձայնությունը, մտադրությունը, դրանից բխում են տարբեր գործընթացներ, որոնց ուղղությամբ ապագայում երկու երկրների կառավարություններն ու համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատանք տանեն: «Երբ որ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց նա:

Հայաստանի վրա շա՞տ ճնշումներ են գործադրվել, հատկապես, որ այդ մասին Ֆյուլեն խոսեց, հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա մեր իշխանությունների վրա: Եվ որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը»: Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին երբեք ոչինչ չի ասում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր երկրի իշխանություններն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը: Աբրահամյանը նաև նշեց, որ հերյուրանք է համարում այն խոսակցությունները, թե Արցախի հարցում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրվել:

Հարցին, թե Մաքսային միությանը միանալուց ի՞նչ է շահում ԼՂՀ-ն, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»:

Հստակեցնող հարցին՝ մաքսակետե՞ր են դրվելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ որ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, այն ժամանակ մենք կքննարկենք և կհասկանանք: Դա պետք է բխի Հայաստանի շահից, մենք պետք է ունենանք մեր շահը՝ տնտեսության մասով, բոլոր առումներով, քաղաքական առումներով: Մենք դեռ չգիտենք, թե այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք»:

Սակայն միաժամանակ նա ասաց, որ ինքը կոնկրետ կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն, «որովհետև հիմքում դրված է պետության շահը»: Իսկ եթե Հայաստանը դրանից շահ չունենա, կարող է չստորագրել համաձայնագիրը, մենք ոչ ոքի գերին չենք, փաստաթուղթը դեռ չկա: Իսկ ինչի՞ն են համաձայնություն տվել, եթե փաստաթուղթը չկա, հարցին նա պատասխանեց՝ անդամակցելուն: «Այսօր մեր ռազմավարական գործընկերը, մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ է, մեր շուկան Ռուսաստանն է»:

Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ չի կարծում, թե ԵՄ պաշտոնյաները զարմացած են Հայաստանի այս որոշումից: «Հիմա էլ ենք ուզում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եթե ինքն ասում է, որ չի ուզում, դա իր գործն է»: Այն դիտարկմանը, որ Եմ պաշտոնյաները շեշտում են՝ Ասոցացման համաձայնագիրն իմաստ չունի առանց Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ քննարկելու են:

«Իրենք ասում են՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված կա խնդիր Մաքսային միության հետ, կան հակասություններ, դրա համար մենք կքննարկենք, կտեսնենք՝ միգուցե հակասությունները կվերացվեն, միգուցե կլինեն այնպիսի հակասություններ, որ իրոք համատեղելի չի լինի: Կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա»:
Նա նաև ընդգծեց, որ Մաքսային միության համաձայնագրի ստորագրումն այդքան շուտ չի լինի, ամիսներ կտևի, միգուցե 2014 թվականին լինի:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/88171



Ռուսաստանը չի կատարելու իր խոստումները

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում ներել դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը։ ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»։ Այդ վարկը Հայաստանը ստացավ երկարատև ու դժվարին բանակցություններից հետո։ Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով։ Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը։

Թերթի տեղեկություններով, առավելագույնը, որին համաձայն է ռուսական կողմն այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն՝ դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը։
Համեմատության համար նշենք, որ միայն վերջին տարիներին Ռուսաստանը ներել է Լիբիային 4.5 մլրդ դոլարի պարտք, Աֆղանստանին՝ 11.6 միլիարդ դոլարի պարտք, Իրաքին՝ 12 մլրդ դոլարի պարտք, գրում է թերթը։
Ի դեպ, նման բան կատարվեց նաեւ Ռուսաստանի ավելի վաղ տրված 100 միլիոն դոլար վարկի հետ, երբ դրա դիմաց Հայաստանի նախորդ իշխանությունը Ռուսաստանին հանձնեց մի շարք ակտիվներ:

Ռուսաստանը կարծես թե մտադիր չէ կատարել նաեւ Մաքսային միություն մտնելու դիմաց տրված խոստումները: Մասնավորապես, հայկական երկաթուղում մոտ 500 միլիոն դոլար ներդնելու մասին: Պարզվում է, որ Ռուսական երկաթուղում (որը կառավարում է հայկական երկաթուղին) սպասվում է ներդրումային ծրագրերի, ինչպես նաեւ աշխատակազմի կրճատումներ:
Բացի այդ, կարծես թե փոփոխություն չի լինելու նաեւ գազի սակագնի հարցում, համենայնդեպս հայ սպառողները գազը ստանալու են արդեն թանկացված գնով:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88199



Ղարաբաղը ոչ անկախացվող է, ոչ էլ զիջվող, այն հայկական պետության մաս է

Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված:
Սովետական Միությանը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Հետագայում, անձամբ ինձ համար, Ղարաբաղի «ինքնորոշմամբ անկախանալու» իրավունքի խնդիրը որպես միջազգային քաղաքական արգումենտ կորցրեց իր ուժը: Մտածում էի, որ եթե նույնիսկ կոնֆեդերատիվ միության ներսում այս հարցադրմամբ հարցը տեղից չշարժվեց, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է միջազգային հանրության աչքում մեր արգումենտները ավելի արժեքավոր դառնան ու որպես լուծման հիմք ծառայեն:
Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներn ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:
Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության է տանելու մոտ ապագայում:

Ղարաբաղյան քաղաքական հիմնահարցում հայկական կողմի դիքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից: Հետո հրաժարվեցինք նույնիսկ մեր իսկ առաջարկած մոդելով Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուց: Հիմա էլ պատրաստ ենք այն լիովին վերադարձնելու Ադրբեջանին, մենակ թե սերգոջանը իբր կուշտ լինի: Եթե այսպես շարունակվի, արդյունքում Հայաստանն էլ կդառնա թուրքաբնակ վիլայեթ, չնայած սերգոջանը վաղուց է կուշտ:

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածը: Իհարկե գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին օրինակ Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես օրենք, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վերկտորների ու տրամաբանությունների:
Այս առումով դիտարկելով Ղարաբաղյան խնդիրը, տեսնում ենք, որ բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն արյունալի անցյալով տարածքային վեճ է երկու խիստ թշնամական հարևան ազգերի միջև:

Եթե մենք հույսներս դրել ենք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր ԼՏՊ-ի տեսական, արհեստական, թույլ, անիրական, «անկախ» Ղարաբաղի սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան- ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար. ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը տետանուսի մեջ էր գցել միջնորդներին:

Փաստորեն մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի տգետ քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ սուպերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի:
Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպես կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել:

Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն անբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի ու ժողովրդի հետ, որը զլանում է մատը-մատին խփել և ուղեղ բանեցնել՝ իր հարցերը լուծելու համար:
Քոչարյանը զուտ բնազդային կողմնորոշիչներով հասկացել էր մեր դիրքի թուլությունները, բայց քանի որ զբաղված էր միայն անձնական հարստացման հարցերով, ժամանակ, գիտելիք և օգնողներ չունեցավ հարցերը քաղաքականապես մշակելու և որպես հայկական մոտեցում ներկայացնելու: Նա ընդամենը թուլացրեց Ղարաբաղի դերը որպես առանձին կողմի, ներառավ այն Հայաստանի դիրքորոշումներում, բայց իր նպատակը ոչ թե հարցի վերջնական լուծումն էր, այլ ժամանակ շահելը:

Ներկա նախագահն էլ խիստ տառապելով լեգիտիմության պակասով, խաղի մեջ մտավ առանց որևէ մշակված ծրագրի: Ավելին, Ղարաբաղյան պարտվողականությանն ավելացրեց հայկական Գենոցիդի քննարկելի լինելու հնարավորությունը ևս: Մտնելով ֆուտբոլային դաշտերը, նա չոր պարտություններով դուրս եկավ խաղերից ու հայկական բոլոր հիմնահարցերը մի փաթեթով շպրտեց միջազգային քաղաքականության աղբարկղը:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ, տեսնելով մեր այս խորը ապաշնորհությունը, տգիտությունն ու անճարակությունը, խստացրին իրենց դիրքերն ու արդեն նախապատրաստել են այնպիսի քաղաքական ելակետեր, ուր պատերազմի հրահրումը թե Ղարաբաղի և թե Հայաստանի հանդեպ, զուտ հարմար պահի հաշվարկի հարց է:

Ցավալին այն է, որ նույնիսկ այս պահին, թե իշխանությունը, թե ընդիմությունը և թե ողջ հայությունը գալիք պարտությունների դեմն առնելու ալտերնատիվ առաջարկներ չունեն: Ընդիմությունը հիպնոսված է ԼՏՊ-ի զիջողական տեսակետներով, իշխանությունը մտահոգված է միայն իր լեգիտիմության հարցերով: Մարդիկ էլ- իրենց ամենօրյա ապրուստի հոգսով: Իսկը Կռիլովյան հայտնի առակի նմանակով:

Բայց այնուհադերձ, եկեք տեսնենք, թե հիմա, 20 տարի անց, արդյոք կան դրական, օբյեկտիվ արգումնետներ մեր օգտին և փորձենք դրանք դնել ղարաբաղյան ու հանդեպ Թուրքիան մեր քաղաքականության հիմքում:

1. Մենք ունենք գոնոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ Թուրքերի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Միջնորդներն իհարկե հայկական Գենոցիդի վրա թքած ունեն, բայց հաշտություն կնքելու նոր առաջարկներ անելիս, նրանք ուզած թե չուզած, պետք է հաշվի առնեն իրենց առաջարկների հետագա՝ գոնե ժամանակավոր կենսունակության խնդիրը:
Այս առումով մենք ունենք հիմնավոր արգումենտներ ու պահանջներ, որոնք իրականում ուժեղ են ու դժվար մերժելի: Այսինքն, եթե առաջարկը չի ծառայում թշնամության թուլացմանը, և հակառակը՝ սրում է այն, ապա այն անընդունելի է ի սկզբանե:

Այս առումով կա Մեծ Եղեռնի փաստը, կա Նախիջևանում հայերի ի սպառ վերացման փաստը, կա 1918 թվի Ադրբեջանում հայերի գենոցիդի փաստը: Կա հայերի, ողջ Ադրբեջանից բռնի տեղահանման փաստը: Կա 1988-1994 թվերի հրահրած կոտորածների ու պարտադրված պատերազմի փաստը: Կա Բուդապեշտում հայ սպայի սպանության փաստը: Վերջապես առկա է ներկայիս ադրբեջանական ու արդեն թափ առնող թուրքական անհերքելի հայատյաց հռետորիկան:

Սրանք փաստեր են, որոնք իսկապես կարևոր են միջնորդների համար: Եվ հենց սրանց մասին հայկական կողմը պետք է մշտապես բարձրաձայներ և ոչ հայանպաստ բանաձևերը մերժեր, որպես նոր գենոցիդի ու ավերածությունների տանող անիրական լուծումներ:
Բայց դա ոչ միայն չի արվել, այլ հակառակը, միչև այժմ նույնիսկ չի էլ դիտվում որպես հեռանկարային դիվանագիտական արգումենտացիա և հուսալի քաղաքական լծակ: Ձայներս կտրել, սուգը կապել ենք ու սպասում ենք թե մեր հեզիկությունը վերջ-շուտ կգնահատվի, ու մի օր Ադրբեջանը մեծահոգաբար մեզանից ձեռ կքաշի:

2. Սովետական Միության փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցը արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք է:
Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Պատերազմը տարվել է միասնական հայկական ուժերով ու ռեսուրսներով, և այժմ էլ զինադադարը անցնում է ըստ մարտական արդյունքների գծի՝ որոշ տեղերում գրավված են ադրբեջանական հողեր, որոշ տեղերում՝ հայկական:

3. Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ իրականում պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն է:

4. Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք էր:
Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից. Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական ու տգետ մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

5.  Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակընհայտ անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված չի:

6. Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց, որովհետև հոգեբանորեն շատ դժվար է ուրիշի քաղաքական ու ռազմական պոտենցիալները, կամքը, գիտելիքն ու բարյացկամությունը շահագործող անբան տգետին հավերժ սատար կանգնելը:
Դժվար է խեղճ ու հաշմանդամ ձևացող, իր քաղաքական ապագայի վրա խաչ քաշած, բայց ներսում իրար հոշոտող զանգվածին հարգելն ու տեր կանգնելը:

7. Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով: 8 -Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե ղարաբաղյան հարցը պետք է լիներ, այլ ձեռք բերված հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա չի հասկացվել, գիտակցվել ու չի արվել:

Իսկ ի՞նչ կունենանք, եթե այսօր, գոնե ուշացած, բաց և ոչ պարտվողական մոտեցումներն ու հարցադրումները ձևակերպենք որպես հայկական նոր դիրքորոշում:
Կարող է լինել 3 արձագանք:

Ա. Ադրբեջանը ամբողջովին մերժում է մեր նոր դիրքորոշումը, չի ընդունում իրերի նման դրվածքը ու անցնում է ռազմական հակահարձակման:

Բ. Ադրբեջանը հաշվի է առնում մեր դիրքի փոփոխությունները ու որոշ զիջումներով համաձայնվում է վերջնական պայմանագրի կնքմանը:

Գ. Ելնելով տարվող ակտիվ, իրենց համար խիստ շահեկան քաղաքական գործընթացների դրական արդյունքներից, Ադրբեջանը և Թուրքիան անտեսում են մեր նոր դիրքորոշումները, շարունակում են իրենց քաղաքական մանևրները, մինչև Հայաստանի լիարժեք քաղաքական, հասարակական կապիտուլյացիան:

Իմ կարծիքով մեր կողմից այսքան ապաշնորհություն դրսևորելուց հետո, 2-րդ տարբերակի հավանականությունը բացարձակ զերո է:
Որոշակի շանս ունի 1 տարբերակը, բայց 3-րդն այս պահին ամենահավանականն է թվում ու հենց դա էլ իրագործվում է:
Իմ համոզմամբ լռելով, պրոցեսների ետևից քարշ եկող ռեակտիվ անճարակությամբ, ու քաղաքական տգիտությամբ, հենց մենք ենք ոգևորել Ադրբեջանին և թուրքերին նման անզիջողականության:

Համադրելով եղած փաստերն ու տենդենցները, ես տեսնում եմ, որ հայկական կողմը փաստորեն օրակարգից հանել է պայքարելու, արժանավայել դիմադրելու հարցը և հույսը դրել է լրիվ հանձնվելու՝ կապիտուլիացիայի, «այնթափցիության» վրա:
Չգիտեմ, թե ինչ անուն պետք է դրվի այս կեցվածքին, բայց գիտեմ, որ ոնց էլ դա կոչենք, առաջին հեթին այն ծայրահեղ ստորացուցիչ է ու ի վերջո՝ կործանարար պետության ու ազգային պետականության համար:

9. Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ առաջարկներ և լուծումներ պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:
Կան անհերքելի փաստացի ապացույցներ որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400000 հայ անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:

Այսինքն Ղարաբաղից զատ, առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ընդհանուր թվի առումով: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260000-ով ավել հայ փաստականների հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնա քննարկման հիմնական առարկա:
Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյոք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Մի գուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը: Հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված փաստարկը:

Բայց իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ ուրիշների «խորհուրդներից: Ադրբեջանը իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով հասել է բանակցային մեր առանց այն էլ ի սկզբանե ծայրահեղ թույլ դիրքերի փլուզմանը:
Իսկ մենք էլ չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

10. Իրականում վիճակը հիմա էլ այդպես ծանր չէ: Կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:
Ըստ փախստականների հարաբերական թվերի, ստացվում է, որ Շահումյանից, Գետաշենից, պաշտոնապես հայկական տարածքներից ու ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին որպես փախհատուցում հասնում է մոտ Քելբաջարին ու Լաչինին հավասար տարածք:
Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն քննարկման առանձին նյութ է և պետք է բավարարվի միայն խաղաղության վերջնական պայմանագրի և տեսականորեն հնարավոր, 5 շրջանների վերադարձի հետ համակցված:

11. Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի նաև Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա 17000 փաստացի զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար:

12. Քննարկման առարկա պետք է դառնա նաև Հայաստանի շրջափակման հարցը, որպես շարունակվող տնտեսական ավերածությունների ու արտագաղթի պատճառ է և շարունակվող պատերազմ՝ Հայաստանի դեմ:
Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիր կոչվածը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ մի թղթի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունը և պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

13. Ասվածից նաև բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը:
Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական պատերազմը:
Չնայած մեզ համար ակընհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 17 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում:
Լավագույն դեպքում մենք կցորդ ենք՝ Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Վրաստանի ու հիմա էլ՝ արդեն «բարեկամ» դարձող Թուրքիայի:

Ո՞րն է պատճառը: Իհարկե, հետսովետական տնտեսական փլուզումից հետո, մասնագետների ջարդից ու արտաքսումից հետո, թալանի ու կոռուպցիայի ներկայիս կռապաշտ պայմաններում, նորմալ մասնագիտական խորաթափանց մտածելակերպը հալածելի է ու մերժելի մեզանում: Ժանտախտ համակած երկրին հատուկ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Բայց այժմ արդեն նաև մեծ ազգային աղետի շեմին ենք, վերջապես սթափվել է պետք, իրերի դրվածքը հասկանալ, ու վերակենդանանալու փորձ անել:
Փորձենք գոնե տեսականորեն, գոնե թղթի վրա, Հայաստանի քաղաքական գոյության ինչ որ մոդել մշակել ու այն օգտագործել մեր ներքին ու արտաքին քաղաքական գործառույթներում:

14. Ակնհայտ է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Մի կողմից փորձում է եվրոմիություն մտնել, մյուս կողմից իր ռեգիոնալ դերն ու ազդեցությունը մեծացնել: Հաջորդը դա անթաքույց պանթուրքիզմն է: Ներկայումս Ադրբեջանի հետ նրա ախպերական» ալյանսը հենց այդ հեռահար քաղականության բաղադրիչն է, իսկ Հայաստանի հանդեպ դրսևորած անհամաչափ ագրեսիան՝ հետագա գործելաոճի նախանշանը:

15. Մենք պետք է վերջապես ազգովի հաշիվ տանք մեզ, որ իրականում ինքնաբավ պետական տարածք ենք ձեռք բերել: Տարածքը դա ցանկացած կայուն, վերարտադրվող պետականության հիմքն է: Եթե այն փոքր է, անռեսուրս ու շրջապատված թշնամիներով, ապա դա դեռ չի նշանակում, որ բացարձակ անպետք է ու պետք է մնա բառադիանոց, կրիմինալի ու բեսպրեդելի արգելոց:

16. Մենք չկարողացանք նորմալ իշխանություն ու ընդիմություն կերտել : Եվ դրա հիմնական պատճառը ես համարում եմ մեր քաղաքական մանկամտությունն ու ԼՏՊ-ի բազմամյա «այնթափցիական» քարոզը:
 Այս հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի, քան թե ընդիմության լիդերի հարցի քննարկումն է: ԼՏՊ-ն ձևավորել է հայկական քաղաքական մտածողություն և կոնկրետ դիրքորոշումներ, որոնք իմ կարծիքով կործանարար են եղել մեր պետականության համար և իներցիայի ուժով շարունակում են այդպիսին մնալ:

«Սերգոջանը» չէ այդ մարդու քաղաքական մտածելակերպի «գոհարը», այլ աննկատ մնացած, բայց արդեն վաղուց մեր ենթագիտակցականը թափանցած այն թեզը, թե Հայաստանի գոյությունը ոչ իրենով, և ոչ էլ որևէ այլ մի ղեկավարով է պայմանավորված: Ինքը բառացի ասել էր, որ այսօր ինքն է, վաղը մի ուրիշը կլինի: Ղեկավարները կգան ու կգնան, բայց Հայաստանը կանգուն կմնա, անկախ ղեկավարից:
Այս միտքը նա հայտնել էր դեռ 1993-94 թվերին: Մինչև հիմա էլ մեր մտքով չի անցնում, որ հենց այս թեզը կործանարար եղավ Հայաստանի համար:

Նույնիսկ այսօր էլ, այս հանգստացնող, հիպնոսացնող թեզն է առաջնորդում մեզ: Մենք մտածում ենք, որ այսօր չեղավ՝ վաղը կստացվի, վաղը չեղավ՝ մյուս օրը կլինի: Այս մեկը թալանեց, այլանդակեց, ավիրեց՝ դա կարևոր չէ: Մյուսը նույնն արեց՝ ոչինչ: Չէ որ Հայաստանը հավերժ է, անհաղորդ դեմքերին, ժամանակին, թալանին ու ավերածություններին: Վերջ-շուտ լավ կլինի, առանց մատը-մատին խփելու հարցերը ինքնըստինքյան կլուծվեն:

Հենց այս մտածելակերպն էր, որ կամաց-կամաց դատարկեց Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք այն կանգուն համարելը: Այս թեզն է պատճառը, որ մինչև հիմա էլ, մեր բռնած որևէ գործ մինչև վերջ չի հասնում, որևէ հարց սկզբունքային գնահատական չի ստանում, որևէ պետական ու ազգային հանցագործ չի պատժվում:
Ցավալի է, բայց փաստ, որ մենք նույնիսկ անընդունակ եղանք այս կործանարար դոգման ըստ արժանվույն հասկանալու, գնահատելու և վերջապես հրապարակավ մերժելու:

17. Ստացվում է, որ հենց իր՝ ԼՏՊ-ի հիմնադրած ախոռը ոչ միայն դեմքերի, այլ նաև սխալ, կործանարար տեսությունների ու դոգմաների ախոռ է: Եվ որ խնդիրը ոչ թե այն մաքրելն է, այլ ամբողջովին քանդել-վերացնել- խորտակելը, մեր մտածելակերպից արտամղելը:
Թե Ղարաբաղյան, թե թուրքերի հադեպ եղած, և թե ներքին հարցերում մենք պետք է անցնենք բացահայտ ճշմարիտ, իրական դիրքերի և մեր դիրքորոշումները ներկայացնենք դիվանագիտորեն ճիշտ շեշտադրված, բայց առանց կեղծ ու վախկոտ, հետին մտքերի:

18. Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա 1989 թվականի Ղարաբաղի ԳԽ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքին:

19. Համաձայնության հիման վրա հռչակագիր պետք է ստորագրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև միացյալ պետություն կազմելու մասին: Հռչակագրում պետք շեշտվի, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

20. Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

21. Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

22. Առանձին փաստաթղթով, Հայաստանը նախապես պետք է հայտարարի նաև ներքին հումանիտար արտակարգ դրություն մտցնելու մասին, թուրքերի շարունակվող գենոցիդային քաղաքականությունից իր ազգային գոյությունը պաշտպանելու նպատակով:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատ ընթերցողների դեմքին: Հասկանալի է, որ ավելի քան երկու տասնամյակի մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Հետևաբար բնական է, որ այս մոտեցումները կյանքի կոչելու հավանականությունը շատ փոքր կլինի: Դրանք խիստ մերժելի և անընդունելի կլինեն ԼՏՊ-ի և նրան կուրորեն հարողների համար, արտգործնախարարության հին, պարտվողական դրվածքները յուրացրած չինովնիկների համար: Մերժողները մի գուցե մարդկանց 90 տոկոսից էլ ավել լինեն, որովհետև դրանց շարքերում կլինեն նաև նրանք, ովքեր մտածում են, թե Ղարաբաղն էլ, Ղարաբաղցիներին էլ ետ տանք, միայն պրծնենք ներհայաստանյան այս մղձավանջային իրականությունից:

Ցավոք սրտի, այսօր մեզանից շատ մեծ զիջումներ կորզելու գայլային ախարժակ է կուտակված թուրքերի քաղաքական մտահորիզոններում - և հեշտ լուծումներ արդեն իսկապես չկան:
Ինչևէ, շարունակելով ասելիքս, նշեմ, որ այս մոտեցումները կյանքի կոչելու համար առաջին քայլով պետք է մեր ներսում իրար հետ լեզու գտնելու պայմաններ ստեղծվեն: Այսինքն՝

23. Ներքին արտակարգ հումանիտար դրություն հայտարարելու համար զուգահեռաբար պետք է թուլացվի ներքաղաքական լարվածությունը:
Մի կողմից պետք է կալանավորվեն մարտի մեկի բոլոր մեղավորները, ներառյալ նաև Քոչարյանը, ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, ոստիկանությունը և բանակը պետք է հեռացվեն քաղաքական ասպարեզից: Բայց զուգահեռաբար պետք է Հայաստանից արտաքսվի նաև ԼՏՊ-ն:

Հին հույների օստրակիզմը այս դեպքում խիստ տեղին կլինի: Քչերը գիտեն, որ օստրակիզմի են ենթարկվելիս եղել միայն քաղաքական մեծ ազդեցություն ունեցող այն գործիչները, որոնց շարունակվող քարոզները անհամատեղելի են եղել երկրի պետական շահերին:
Ներկայիս հայկական թե ներքին և թե արտաքին քաղաքական կյանքի համարյա բոլոր ստանդարտները դրվել են ԼՏՊ-ի կողմից: Այդ մարդը սխալ դուրս եկավ թե ներքին և թե արտաքին հարցերում: Չի կարելի շարունակել նրա կործանարար ուղենիշերի քարոզը:

Ժողովուրդը թե ներսում և թե դրսում պետք է հասկանա, որ կանգնած ենք պետականություն կորցնելու ու ֆիզիկական մեծ կորուստների նախաշեմին և պահանջվում են կտրուկ քայլեր:
Ներկայումս ասպարեզում բավարար բազմակարծություն ու տեսակետներ կան մեր անելիքների շուրջը: Շատ բան մակերեսին է, ընդունելի թե իշխանություններին և թե հասարակությանը: Բայց ոստիկանական անիմաստ ծայրահեղությունների, մի քանի անպիտանների պնդաճակատության, ագահության, տգիտության, ինչպես նաև ԼՏՊ-ի արհեստամտության պատճառով, ազգովի դարձել ենք մտածելու, գործելու և համագործակցելու անընդունակ:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը ունակ է դեռ ներելու և պաշտպանվելու արտաքին վտանգից: Բայց անկարող է որևէ քայլ նախաձեռնելու, քանի որ ներքին կապանքներն ու վախն են պատել մեզ:
Սա բացահայտ անտրամաբանական իրավիճակ է: Անհնար է, որը ներսում ստրկացված, անարգված ժողովուրդը միավորվի ու հաղթի արտաքին թշնամուն: Այժմ մեր առաջին խնդիրը դա ներքին հասարակական, աշխարհայացքային ընդհանուր համաձայնության գալու հարցն է:
Ներկա պահին մեր կորուստների դեմն առնելու հնարավություն ունեցող միակ մարդը դա պետական լծակներին տիրապետող երկրի նախագահն է: Ինքը վերջապես պետք է վեր կանգնի իր լեգիտիմության վերականգման սին հույսերից ու գործով զբաղվի- աշխարհին հրամցնի, պարտադրի մեր՝հայկական կողմի ճշմարտությունը:

24. Ասվածից հետևում է, որ վաղը, գործը վերջնականապես տապալելուց հետո, միակ պատասխանատուն ու մեղավորը ներկայիս նախագահ Սարգսյանը պետք է համարվի: Եվ այս պնդման հիմնավորումն էլ ավետարանի վրա հնչեցրած իր նախագահական երդումն է, որի և ոչ մի կետը չի կատարել:
Հայաստանն այժմ մեկ մարդու ցուցամատով շարժվող երկիր է, և անիմաստ է մեր ներքին ուժային դաշտերում այլ գործոններ ու բարդություններ փնտրելը: Եթե գործող նախագահը ունակ չէ հասկանալու նախագահական պաշտոնի ոչ միայն փառասիրական, այլ նաև պատասխանատվության կողմերը, քաջություն չունի իր դիրքով պարտադրված անհրաժեշտ ներքին ու արտաքին քայլերն անելու, ապա պետք է անհապաղ հրաժարական տա:

25. Պետք է փաստվի նաև, որ պարտվողական, զիջողական, այնթափցու մտածելակերպը, դա 95 տարի առաջվա թուրք ենիչերուց կյանք մուրացող և թուրքի խորամանկությամբ իր քսակը կամաց-կամաց դատարկող ապագա զոհի մտածելակերպն է: Պայքարելու, դիմադրելու փոխարեն մասնատվելով, փախչելով, եկեղեցում խմբով այրվող, նահատակվող զոհի մտածելակերպն է:
Այն թշվառի մտածելակեպն է, որը ունակ չէ ընկալելու կյանքի իրավունքը հաղթելով ու ստիպելով նվաճելու փիլիսոփայությունը:

26. Եվ այսօր էլ, ի հեճուկս առողջ տրամաբանության ու նախորդ արյունալի փորձի, երեկվա նահատակվող, փրկություն մուրացող անհատ հային փախարինելու է եկել արդեն պետական, ազգային, հասարակական մակարդակով, թուրքից գոյության իրավունք մուրացող մի քանի միլիոնի հասնող հայությունը՝ ի դեմս Հայաստան պետության:
Սրան ի՞նչ ասենք, ի՞նչ որակում տանք: Ի՞նչ չլսված, նոր, անհայտ պաթոլոգիա է սա:
Ինչ որ է, շարունակեմ կոնկրետ ասելիքս:

27. Պետական և ազգային վերակողմնորոշման հարցում իրենց անելիքն ունեն նաև փողատեր դարձած ու ակամա քաղաքականություն մտած օլիգարխ կոչված մեր անգրագետ ու հոռի տղերքը: Սրանք էլ պարտավոր են իրենց հաշիվ տալու, կեսաբանականից գոնե մի քայլ դեպի մարդկայինը բարձրանալու, համակերպվելու հասարակական օրենքներին և կարգ ու կանոնին:

28. Իրենց հեռատես համարող շատ ու շատ հայտնի դեմքեր, հաճախ կրկնում են այն թեզը, թե իբր եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար ու համոզված լիներ իր հաղթանակի մեջ, ապա վաղուց պատերազմի գնացած կլիներ:
Սա մեր քաղաքական տկարամտության հերթական ցայտուն ապացույցն է: Քաղաքականության մեջ գոնե տարրական գիտելիքների տիրապետող պետությունը գիտի, որ տգիտություն է բացահայտ պատերազմի դուրս գալ արագորեն դատարկվող երկրի ու ինքնահոշոտվող ազգի դեմ: Շատ ավելի ռացիոնալ է հոգեբանական պատերազմը՝ մինչև ինքնահոշոտման պրոցեսն ավարտվի ու տարածքը նվաճվի առանց դիմադրության, բնակիչների ու միջազգային գլխացավանքների:
Վերջացնելով ասելիքս, կարծում եմ, որ՝

29. Ժամանակն է, որ Հայաստանում դիվանագիտությունը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզներն էլ դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:

30. Ժամանակն է, որ իշխանության վերին դիրքերին հասած մարդիկ իրենց դիրքին հարիր փոքր ինչ փիլիսոփայական խորություն մտցնեն իրենց աշխարհայացքի, պարտականությունների ու գործելաոճի տրամաբանության մեջ և հասկանան, որ քանդելու համեմատ շատ ավելի մեծ է արարման բերկրանքը, հոշոտելու համեմատ շատ ավելի հոգեզմայլ է օգնության վեհությունը, անիծվելու համեմատ առավել հարգալից է օրհնվելու և դրանով փառավորվելու հեռանկարը:

31. Եվ առհասարակ, ժամանակն է բոլորիս հասկանալու, որ ներկայիս ներհայկական ոհմակային վերաբերմունքը մեկս - մեկու հանդեպ անիմաստ վայրենություն է, որևէ կերպ չարդարացված և արդյունքի չբերող դաժանություն:

Շատերը կհարցնեն, իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, և գենոցիդի մի նոր գեհենի մեջ բոլորիս էլ ոչնչացնի:
Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում:

Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլենմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը:
Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:
Հաղթանակը ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով և որ կարևորն է, նաև հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող հաշվարկել կամ գուշակել որևէ տեսական հարցի կամ սցենարի ճշգրիտ պատասխանը: Հենց այդ պատճառով էլ, ես հարցերը քննարկել եմ արդեն գրանցված արդյունքների հիման վրա: Եղած փաստերն ու արդեն գծագրված հետագա տենդենցները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի կապիտուլյացիա: Ես չգիտեմ, թե ինչով է տարբերվելու դա իրական ֆիզիկական պատերազմում պարտվելուց:

Ներկայումս մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը /կրկնվեմ -խուսափելը, այլ ոչ թե զիջելը/: Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական ասպետները, ժողովուրդը: Կգնանք այնթափցու խորհուրդներով, կստանանք մի արդյունք, կգնանք որպես ոչխարի հոտ, մի քիչ այլ ելք կունենանք: Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ լրիվ այլ արդյունքի կհասնենք: Բայց անկախ վաղվա օրվա դրական, կամ բացասկան արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Հայերի ոչնչացման գաղտնի ծրագիր. Արտագաղթ կամ «Չհայտարարված մահվան խրոնիկա»

Քսաներրորդ դարասկզբին` 1910-ին, արդեն մեծ տերությունների գաղտնի ծառայություններին հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի.(Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակը Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարին. սըր Դ.Լոութըրիից սըր Չ.Հարդինգին, Ստամբուլ, 29 մայիսի, 1910թ.:

Այս նամակ – փաստաթուղթը առաջին անգան լույս է տեսել Լոնդոնում հրապարակվող « Jounal of Middle Eastern Studies» թիվ 1-ում` 1971թ. Հեղինակը` արաբ պատմաբան Էլի Կեդուրիե:
Այն որպես փաստաթուղթ տպագրել է Յու. Վորոբեւսկին իր «Ճանապարհ դեպի Ակրոպոլիս. Օձի քայլը» գրքում, 1999թ. Մոսկվայում, որտեղից էլ կրճատումներով արտատպվել է «Գոլոս Արմենիի» օրաթերթում 2001թ.04.թիվ 19 համարում:

Ավելի ուշ` 1919թ. Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ընթացքում ամերիկյան` «Աութլուք ընդ ինդիփենդընթ» (Outlook and independeent) ամսագրի թղթակից Լինկոլն Ստեֆանսը, ով նույնպես պատահական դեմք չէր. նա եղել է Տրոցկու մերձավորներից մեկը, հանդիպում եւ հարցազրույց է վարում Լոուրենս Արաբացու` (Lourens of Arabia) հետ, որը ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի «Intelligence Service» գաղտնի ծառայության գործակալ եւ հետախույզ էր:
Այդ հարցազրույցը առաջին անգամ տպագրվել է` նույն «Outlook and independeent» ամսագրի 1931-թ. հոկտեմբերի 14-ի համարում:

Արեւմտյան քաղաքական գործիչներից Լոուրենս Արաբցին առաջինն էր, որ անկեղծ խոստովանեց հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը:
Այսպես, հայկական հարցի հիմնական լուծումը նա տեսնում էր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու մեջ:

Ստորեւ ներկայացվող մեջբերումը մի հատված է այդ հարցազրույցից:
«Ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է մասնատվի.
Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է հայերի վրա լինի: Մեկ ուրիշ դաշնակից, ոչ բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը: Երկխոսությունը շարունակվում է…
- Բայց,- առաջարկեցի ես:
- Ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որը պետք Է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով` բնական հարստություններ, – համբերությամբ բացատրեցի նրան, – ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի, որ պետք է մշակի եւ զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:
… -Ես կոչ եմ անում, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «հայերը Հայաստանի համար»:

Եվ քանի որ հայերը, ըստ Լոուրենսի, «ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն է աշխարհում`քաղաքակրթության տեսակետից», եւ հենց նրանք կխանգարեն իրենց հասնելու բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` եւ ոչ միայն` ապագայում ստեղծել Մեծ Միջին Արեւելք… ուստի նրանց պետք է բնաջնջել…
(Ուշադրություն դարձրեք այս ձեւակերպմանը` «հայերը Հայաստանի համար»: Կարծում ենք վերջին քսան տարում ի կատար է ածվում հենց այս ծրագիրը…) :
Ունենալով աշխարհաքաղաքական մեծ, հեռահար նպատակներ, Արեւմուտքին խանգարում էր հայերի եւ Հայաստանի գոյությունը:

Նախապես 1879թ. Անգլիայի լորդերի պալատի նախագահ Դիզրաելիի որոշմամբ աշխարհագրական քարտեզներից ջնջելով Հայաստան անունը, տարածքը անվանվեց Անատոլիա, որը հունարեն բառ է եւ նշանակում է արեւելք, ավելին` արեւելյան Անատոլիա, բառացի նշանակում է արեւելյան արեւելք, որն անհեթեթություն է…:
Այդ անտեսանելի, ես կասեի յոթ գլխանի Հիդրան իր նախագծի գործնական կիրառությանն անցավ 1915 թվականից, իհարկե, նախապես մի քանի անգամ փորձելով հայերի զանգվածային ջարդեր կազնակերպել (1894-96թթ.,1909թ.):

Փորձը կար եւ հաջողությունը երաշխավորված էր.
1915թ. իր բուն հայրենիքում ցեղասպանելու ճանապարհով հայերից «մաքրելով» պատմական Հայաստանը` որոշ «թյուրիմացաբար» փրկվածներ հայտնվեցին նորընծա Սովետական Հայաստանում, որտեղ նույնպես հասան Հիդրայի շոշոփուկները:
Մի անտեսանելի ձեռք ամենայն հետեւողականությամբ շարունակեց նրանց տեղահանությունը եւ մաս-մաս ոչնչացումն այժմ արդեն ստալինյան ռեժիմի ձեռքով:
Ահա մի փաստաթուղթ, որը տպագրվել է 1924թ. «Արձագանք Փարիզի» պարբերականում:
Այս հրահանգը ստացվել է բոլշեւիկյան կենտրոնական կոմիտեից, որը այսպես ձեւակերպել եւ ի կատարման է հանձնարարել ոչ անհայտ Արտաշես Կարինյանը:

Հրավիրում ենք այստեղ ընթերցողների ուշադրությունը.
«Երկրի մեջ եղած 300 հազար գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Հայաստանը կարող է խնդրել մյուս հանրապետություններից հող…
Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում Դոնի շրջանում եւ Կուբանում:
300 հազար հայ գաղթականների բնակեցումը Խորհրդային միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ է, քան թե սոված ու քայքայված Հայաստանում:

Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանին ծանր բեռից, որ խեղդում է նրան: Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար:
Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որը մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ:

Եզրակացություններ
Ա. Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
Բ. Այդ ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
Գ. Այդ ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ:
Սրանից ելնելով պետք է վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ:
1924թ. նոյեմբերի 26 Ա.Կարինյան»:

Արդեն 100 տարի է, որ այս գորըծնթացը շարունակվում է եւ որի գերագույն նպատակն է.
-Թույլ չտալ հայերին ինքնագիտակցության գալ, սերունդների միջեւ կապը խզել, ամեն գնով ջնջել պատմական հիշողությունը, հնարավորինս ոչնչացնել տեղում, իսկ եթե ոչ, տեղահան անել, կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ տեղում դանդաղ վերանան, կամ կամավոր արտագաղթեն:
Ինչպես տեսնում եք` օրվա հայրենի իշխանությունները նույնպես լծված են այս գաղափարին, ըստ այդմ, ակնկալելով սեփական շահը…

Օգտվելով ստեղծված քաղաքական եւ սոցիալական ծանր կացությունից` հայերի գենոֆոնդի նպատակային ոչնչացումը, տարբեր պատրվակներով, (նացիոնալիզմ, ազգի դավաճան, ժողովրդի թշնամի եւ այլն) շարունակվեց նաեւ 1926-1937թթ:
Շուտով սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը եւս մի հնարավորություն տվեց. հանրապետությունում եղած 1մլն 200.000 հայերից պատերազմ զորակոչվեց 250.000–ը:
Խորհրդային մյուս հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ Սփյուռքից պատերազմին մասնակցեց եւս քառորդ մլն. հայ:

Այսպիսով, երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 0,5-մլն-ից ավելի հայ, որից մոտ կեսը զոհվեց մարտի դաշտում:
(Ի դեպ, Հայաստանը երկրորդ համաշխարհային պատերազմում այնքան զոհ է տվել, ինչքան 40 մլն բնակչություն ունեցող եւ հակահիտլերյան կոալիցիայի մեծ եռյակի անդամ Անգլիան):
Բնաջնջման նոր փուլն սկսվեց 1946-1949թթ., որի հիմնական զոհերը դարձան հայրենադարձները. ավելին` 1949 թվականին աքսորվում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում գտնվող հայերը, այլեւ Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Արեւմտյան Ուկրաինայի, Լեհաստանի, նախկին Տրանսիլվանիայի, հատկապես էթնիկ հայ մտավորականությունը:
Արդյունքում, հարյուր հազարավոր հայեր հետապնդումից խուսափելու համար, հրաժարվեցին իրենց ազգությունից:
Այսօր նրանց մի մասը ոչնչացված է, իսկ մյուսը`ձուլված:

Հայերի համակարգված բնաջնջումը կարծես թե կանգ առավ 1955-1988թթ.-ներին, այսինքն մինչեւ արեւմտյան ծագում ունեցող գորբաչեւյան «Գողգոթա» ծրագրի գործադրումը:
Նշյալ ծրագրի վերաբերյալ նայել այստեղ:
1988թ. Սպիտակի երկրաշարժը, որի մասին այսօր արդեն անթաքույց գրում են, որ այն սովետական նոր` լիտոսֆերային զենքի առաջին փորձարկումն էր, որի աշխարհագրական վայրն ամենեւին պատահական չէր ընտրված (տես` http://WWW.AIF.Ru /No 9, 2011, հեղինակ Սավելի Կաշնիցկի):

Ըստ պաշտոնական տվյալների այն խլեց 25.000 մարդու կյանք, իսկ, իրականում` կրկնակի …
Եվս կես միլիոն բնակչություն գաղթեցվեց – տարաբնակեցվեց:
Երկրաշարժին հաջորդած «հեղափոխությունն» ու արցախյան պատերազմն ակամայից նույնպես հանգեցրին նույն նպատակի իրագործմանը` քայքայել երկիրի տնտեսությունը, ունեզրկել բնակչությանը, ստեղծել կյանքի անտանելի պայմաններ եւ դրանով իսկ նպաստել երկրի հայաթափմանը:

Պատահական չէ նաեւ այն, որ 450.000 ադրբեջանահայությունից Հայաստան եկավ ընդամենը 1/5-ը, իսկ նրանց ճնշող մեծանասնությունն անաղմուկ, անտեսանելի եւ արագ տեղափոխվեցին ԱՄՆ, Ռուսաստան, եւ այլուր` միայն թե ոչ Հայաստան, (պատկերացրեք եթե նրանք մեր իշխանությունների ջանքերով բնակեցվեին ազատագրված տարածքներում, այսօր բոլորովին այլ կերպ կլիներ քաղաքական-դեմոգրաֆիական իրադրությունն արցախյան հակամարտության գոտում:

Երբ հրապարակ եկավ Լ.Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով, նրանց օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրն էր Հայաստանը հնարավորինս արագ հայաթափելը, հարկ կա՞ արդյոք հիշեցնելու նրանց գործադրած մեթոդները` էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդ, սով, ունեզրկում, երկրի ամբողջ տնտեսության եւ ֆինանսական համակարգի վայրասլաց անկում …
Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը:

Ինչպես տեսնում եք, այսօր այդ մասին է խոսում Լ.Տեր Պետրոսյանը եւ նրա կողմից «անընդունելի» վարչապետ Տ.Սարգսյանը, որի ներկայիս քաղաքականությունը եւս ուղղորդված է նույն նպատակին` վարկերի եւ հարկերի տակ խեղդել երկրի զարգացումը, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անտանելի կդարձնեն մարդկանց կյանքը, նպաստել արտագաղթին, դրանով իսկ ստեղծել պայմաններ Հայաստանի` որպես պետության վերջնական սնանկացման եւ լուծարման համար:

Հայտնի բան է, որ երիտասարդությունը երկրի ապագան է:
Արդյո՞ք պատահական է, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում գործում են 5 արտասահմանյան համալսարաններ` ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական, գերմանական, եվրոպական, եւ մի քանի ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները սպասարկելու են համապատասխան երկրների շահերը:

Չմոռանանք նաեւ դրսից պարտադրվող օտարալեզու դպրոցների բացումը:
Ի դեպ, փոխելով ազգի լեզվամտածողությունը, փոխվում է նաեւ հոգեբանությունը, մարդը կառավարվում է այն լեզվով, եւ ծառայում է այն լեզվին, որով մտածում է:
Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին:

Սա եւս ասիմիլյացիայի հզոր զենքերից մեկն է, որը հայերի դեմ կիրառվել է Հայաստանում պարսկահռոմեական եւ պարսկաբյուզանդական մրցակցության ժամանակներից ի վեր:
Ասիմիլացիոն այդ քաղաքականությունն ավելի նրբացված մեթոդներով կիրառվում է նաեւ այսօր: Օրինակ` Լեհաստանում, Ռումինիայում, Տրանսիլվանիայում, Վրաստանում, Ռուսաստանում իսկ այսօր արդեն Ամերիկայում, որտեղ մոտ 2 մլն հայերից հայերեն են խոսում եւ իրենց հայ են համարում միայն 10 տոկոսը:
Ավելին` հեռուստատեսությամբ այսօր անթաքույց գովազդվում է անվճար կրթությունը Եվրոպայում:

Հետաքրքիր չէ՞ արդյոք իմանալ, ովքե՞ր են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք շահագրգռված են արտասահման տանել հայ երիտասարդներին վճարելով նրանց բոլոր ծախսերը:
Միգուցե՞ դրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից. արդյո՞ք սա մի յուրատեսակ թրաֆիքինգ չէ:
Նույնը թերեւս անում է Ռուսաստանի դեսպանատունը, հրավիրելով հայ երիտասարդներին Ռուսաստանի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու...

Հարց`
Ինչո՞ւ Ռուսաստանը նմանօրինակ «ակցիա» չի իրականացնում, օրինակ, իր ազգակից Բելոռուսիայում, կամ դաշնակից Ադրբեջանում, կամ վերջապես աղքատության շեմից ներքեւ գտնվող իր 18 միլիոնի հասնող սեփական քաղաքացիների նկատմամբ:
Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունները` ԱԱԾ-ն:

1996թ.Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մի կոնֆերանս, որտեղ ներկա էին Անգլիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Թուրքիայի պատվիրակությունները եւ ուր խոսվում էր Հայաստանի ապագայի մասին, որպես ծառայություններ մատուցող, կամ ըստ մեր վարչապետի` ծառայություններ արտահանող երկիր, հիմա` նաեւ մարդկային ներուժ:
1993թ. թուրքական թերթերից մեկը գրեց, որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերական հզորությամբ մնա եւ զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել», որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ:

Իսկ ին՞չ անել…
Ցավոք, մենք մեր մաշկի վրա զգացինք, թե ինչպես եւ ում միջոցով կարելի է ոչնչացնել մի ծաղկուն պետություն…
Ես կարծում եմ, որ մենք շատ մեղավոր ենք, որ այսօր արդեն նախկին պետական հանցագործներին, պատժելու, դատական պատասխանատվության կանչելու փոխարեն, թույլ ենք տվել վերակենդանանալ, ավելին` շարունակել իրենց ավերիչ, ապակողմնորոշիչ եւ այլասերող գործունեությունը, հանդես գալ երկրի եւ ժողովրդի «փրկչի դերում»:
Այսօր որտեղի՞ց են ուղղորդվում այդ գործընթացները:

Ըստ իս, ի շարս նաեւ այլ աղբյուրների` 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից, որն այսօր ներկայացվում է որպես եվրասիական գաղափարախոսություն, Եվրասիա հիմնադրամ, Եվրասիա համալսարան, որը միգուցե ենթադրում է թուրք-ռուսական դաշի՞նք ի հաշիվ Հայաստանի եւ նրա շահերի:
Ռուս-հրեական բոլշեւիկյան ղեկավարությունից ետ չմնաց նաեւ «հայասեր» եւ «դեմոկրատ» Ֆրանսիան, որը Անկարայի 1921թ. հոկտեմբերի ֆրանս-թուրքական համաձայնագրով կատարեց հակահայ աղաղակող քայլ` Հայկական Կիլիկիան վերադարձրեց այժմ արդեն քեմալական Թուրքիային`մեկ անգամ եւս ջարդել տալով անապատներից վերադարձած արեւմտահայության բեկորներին:

1993թ. «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակից սկսեցին աշխատել չնչին գներով ավտոբուսներ, որոնք հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը վերմակ-ներքնակով տեղափոխում էին Հյուսիսային Կովկաս` Դոնի Ռոստով, Վլադիկավկազ, Պյատիգորսկ եւ այլուր:
Այդ գործընթացը կանգ չի առել առ այսօր:

Օգտվելով մեր կառավարության ընձեռած հնարավորությունից` մեր դաշնակից երկրի դեսպանատունը որոշել է ավելի ակտիվ եւ օպերատիվ «օգնել» իր անուղղակի դաշնակիցներին` Թուրքիային ու Ադրբեջանին եւ հայաթափելով Հայաստանը դարձնել այն տարանցիկ միջանցք:
Ինչպես ասում է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Օրլովը.
«Թուրքիան կանխավայելում է Հայաստանին կոտրելու հաճույքը, այն դարձնելու ոտքի տակի գորգ` որը տանում է դեպի ցանկալի Ադրբեջան, Անդրկովկաս, եւ այնուհետեւ բաղձալի Վոլգա:
Իսկ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային,– գրում է հեղինակը:
– Նկատի ունենալով Մոսկվայի օբյեկտիվ շահերը – ոչ մի դեպքում…
Սակայն մենք սովորել ենք, որ վերջին 25 տարիներին Կրեմլը ընտրի վատթարագույն տարբերակը:

Որպեսզի հաճոյանա արեւմտյան մամուլին, Կրեմլի անունից ստորագրում են հնարավոր ամեն բան:
Դա սկսվեց Գորբաչեւից, որի սխալները ջանասիրաբար կրկնում էր նաեւ Մեդվեդեւը: Ստորագրեցին «ոչ միջուկային սպառազինությունների» կրճատման պայմանագիրը, ստորագրեցին «միջուկային գործարքը», ժամկետից շուտ Սահակաշվիլիին հանձնեցին ռուսական ռազմաբազաները:
Կստորագրեն նաեւ Հայաստանի հանձնումը:» (Գոլոս Արմենիի, 3 մարտի,2011թ.):
Եվ այս քաղաքականությունը տարվում է այսօր այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում արձանագրվում է բնակչության աննախադեպ աճ.
Թուրքիան, իր 78 մլն բնակչությամբ (միայն 2010թ. Թուրքիայում 1մլն մարդ է ծնվել),
Իրանը` իր 73 մլն բնակչությամբ, դարձյալ, մոտ 1մլն ծնունդով եւ վերջապես`
Ադրբեջանը իր 10 մլն բնակչությամբ:
Վրաստանի մասին կարող ենք լռել…քանի որ այնտեղ վրացիներ «ծնվում» են հայերին ազգափոխություն պարտադրելով:

Վերջին տվյալներով 200.000 հայ արդեն վաղուց «վրացի է» (Գոլոս Արմենիի, 9 հունիսի 2011թ):
Այսօր, երբ խոսքը գնում է աշխարհի բնակչության մասին, որը արդեն 7 մլրդ-ի է հասնում, եւ որ այն պետք է նվազեցնել ամեն գնով, (ոսկե միլիարդի դիվային գաղափարը)` մեր դիտարկումներով` արդեն 150 տարի է, որ կրճատվում են հատկապես հայերը, որոնք չնայած իրենց թվով աշխարհում քիչ թիվ են կազմում. եւ սակայն մեծ տերություններին նույնիսկ այդ թիվը շատ – շատ է թվում:

Ինքստինքյան հասկանալի է, որ բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերով, իսկ ու՞մ շահերով են առաջնորդվում մեր պետության պատասխանատու այրերը…
Ո՞վ է կրելու երկիրը հայաթափելու եւ դրա կործանարար հետեւանքների պատասխանատվությունը. պետությունը՞, ժողովուրդը՞, ո՞վ…
Իսկ շարքային քաղաքացիները` դավին անտեղյակ, ցավին անտարբեր…

Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ
Բան.գիտ.թեկնածու, դոցենտ



Համարժեք պատասխան. Իլհամ Ալիևը նախընտրում է Սերժ Սարգսյանին

Որքան երկար Սերժ Սարգսյանը մնա Հայաստանի իշխանության ղեկին, այնքան արագ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարկադրված տեղահանվածների ընտանիքների համար կառուցված թաղամասին ծանոթանալու ժամանակ: Ավելի վաղ Ալիևի թեկնածության օգտին էր խոսել նրա հայաստանցի գործընկերը:

Ադրբեջանի առաջնորդը, մասնավորապես, Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ իր վստահությունը բացատրել է նրանով, որ «Հայաստանն արդեն խոստովանել է, որ չի կարող իր անվտանգությունն ապահովել սեփական ուժերով, ու վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են»: Հավանաբար, նա նկատի է ունեցել պաշտոնական Երևանի` Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամագրվելու մտադրությունը:

Բացի այդ, Իլհամ Ալիևը հայտարարել է ժողովրդագրական գործոնի ու հակամարտող երկրների միջև ուժերի հավասարակշռության համատեքստում շրջափակման մասին. «Ադրբեջանի բնակչությունը կազմում է ավելի քան 9 միլիոն 400 հազար մարդ: Իսկ ահա Հայաստանում բնակչության թիվը երկու միլիոնից էլ պակաս է (պաշտոնական տվյալներով` 3,2 միլիոն – խմբ.): Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնան ներկայիս ղեկավարությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը: Քանի որ այդ մարդն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում: Համաձայն նրանց սեփական պաշտոնական վիճակագրության` ամեն տարի 80 հազար հայ լքում է երկիրը: Եթե այդպես գնա, ապա 5-6 տարի հետո Հայաստանում մնալու է մեկ միլիոնից էլ պակաս մարդ: Այժմ շփման գծում մեր դիրքերը պաշտպանվում են, բայց այնտեղ կանգնած են զինվորներ, շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա: Կան դատարկ տեղեր: Միևնույն ժամանակ, մենք Հայաստանին որոշակի մեկուսացման մեջ ենք պահում: Դա ամբողջական մեկուսացում չէ, քանի որ նրանք բաց սահմաններ ունեն մյուս հարևանների հետ, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը լուրջ տնտեսական հարված է նրանց համար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների մասին խոսելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

http://www.epress.am/2013/09/11/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%AC%D5%B0%D5%A1%D5%B4-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87%D5%A8-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A8%D5%B6%D5%BF.html



Հորեղբայրս

Այս պատմությունը գիտեին միայն ծնողներս, երբ դպրոցից տուն վերադառնալուց հետո հուզված պատմեցի իրենց: Երբեք ոչ մեկին չէի պատմել ու երբեք չէի մոռացել:

Նոր էի հաճախում Ստեփանակերտի հինգերորդ ութամյա դպրոցի առաջին դասարանը: Նոր ու անմոռանալի տպավորություններ էին, մի երեխայի համար, որը մեծացել էր քաղաքից ոչ հեռու մի փոքրիկ գյուղում: Նոր ընկերներ, նոր դեմքեր, նոր ու բարձր շենքեր: Դա մի նոր աշխարհ էր ինձ համար, անծանոթ, հետաքրքիր ու հմայիչ:

Այդ օրը, դասերից հետո, մենակ պիտի հաճախեի վարսավիրանոց: Թաշկինակիս ծերին հանգույցով փաթաթված էր հիսուն կոպեկանոցը, որպեսզի չկորցնեմ ու որով պիտի վարձատրեի վարսավիրին: Մոտակա վարսավիրանոցը մեր դպրոցից քիչ բարձր էր, «Ղարաբաղ» հյուրանոցի առաջին հարկում ու տան հետադարձի ճամփին:

Ոչ հաստատուն քայլերով բարձրացա աստիճաններով դեպի վարսավիրանոց: Բացեցի դուռը և նույնքան էլ ընկճված մտա ու ասացի, որ ուզում եմ մազերս իրենց մոտ խուզել: Առաջին անգամն էի քաղաքի վարսավիրանոցում: Ներկաների հայացքները խորթ ու ոչ բարեժպիտ էին: Մեջների տարեցը՝ ոտից գլուխ չափեց ինձ, քմքաժպիտ տվեց ու կարգադրեց իր աշակերտին գործի անցնել:

Քիչ հետո արդեն զգում էի, որ իրենց «փորձարկու ճագարն» եմ: Աշակերտը, որը մի տասնվեց-տասնյոթ տարեկան պատանի էր, շատ լկտի ու արհամարհանքով էր հետս վերաբերվում: Մեկ ուժով գլուխս աջ էր թեքում, մեկ ձախ, մեկ վեր, մեկ վար: Դրանով չբավարվեց, կոշտ ու կոպիտ նկատողություններից հետո սկսեց խփել գլխիս, գոռգոռալ ու գռեհիկ արտահայտություններ անել: Առաջին անգամն էի այդպիսի վերաբերմունքի արժանանում: Ինձ համար ավելի վիրավորական էր, որ տարեցները չէին խառնվում և անուշադրության էին մատնել լկտի պատանու վերաբերմունքը իմ հանդեպ: Ատամներս սեղմած, զսպեցի այդ կոպտություններն ու վիրավորանքները, վարձավճարը տվեցի ու դուրս եկա: Հոգուս նեղությանն ու հուզմունքին չափ չկար:

Աստիճաններից իջնելուց մի ինչ-որ հարազատ շենք աչքովս ընկավ: Հիշեցի՝ հորեղբայրս է այդտեղ աշխատում: Փողոցի դիմացի շենքը «Խորհրդային Ղարաղաղ» թերթի խմբագրության երկհարկանի շենքն էր, բաց շագանակագույն պատերով: Բարձրացա երկրորդ հարկ և ուղիղ մտա հորեղբորս աշխատասենյակը: Սեղանի հետևում նստած էր հորեղբայրս՝ բարձրահասակ ու բարետես: Գլուխը բարձրացրեց ու, ինձ տեսնելով, մի պահ ուրախ ժպտաց և ժպիտը սառեց դեմքին: Իսկույն զգաց իմ վիճակը:

- Արի, ներս մտիր, ջանս: Էդ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդպես հուզված,- չհասցրեց դեռ խոսքը ավարտել հորեղբայրս, արցունքներս վարար սկսեցին գլորվել իմ այտերից ու սկսեցի հեկեկալ: Արդեն անուժ էի ինձ զսպելու:

Հորեղբորս հաջողվեց ինձ հանգստացնել, թեյ լցրեց ինձ ու սկսեց ուշադիր լսել, թե ինչ է պատահել հետս: Մի կերպ պատմեցի և զգում էի, թե ոնց է զայրանում հորեղբայրը: Դեռ երբեք հորեղբորս այդպես զայրացած վիճակում չէի տեսել: Բռնեց թևս ու կարճ ասաց. «Դե, արի՛»:

Մտանք վարսավիրանոց:
- Ո՞ր մեկն էր,- հարցրեց հորեղբայրս:
- Սա էր,- մատով ցույց տվեցի դեպքի «հերոսին»:

Ու կրակ թափվեց սրանց գլխին, կարկուտ թափվեց: Կապտել էին ու քարացել, մի բան չէին խոսում, չէին հակաճառում: Երբեք չէի հավատա, որ համեստ ու զուսպ, բարի ու մարդասեր հորեղբայրս, ինքը՝ Վազգեն Օվյանը, որին ճանաչում ու սիրում էին բոլորը, այդպես ստորացներ ինչ-որ մարդկանց: Բայց դա ստորացում չէր, արդար դատաստան էր այդ պահին ինձ համար:

Իր խոսքերից շատ բան չէի հասկանում, խոսում էր խիստ զայրույթով ու մաքուր գրականով, միայն մի քանի հաճախ օգտագործող բառեր կարողացա հիշել՝ ապուշ, լկտի, տխմար...

Վարսավիրանոցից դուրս եկանք, ձեռը ուսիս էր ու այդ ձեռքից մի անսովոր ջերմություն ու լույս էր բխում, տաքացնելով և լուսավորելով իմ հոգու ամենից մութ ու սառն խորքերը: Հարազատ արյան ջերմությունն էր...

Երբեք ինձ այդքան հպարտ, երջանիկ ու պաշտպանված չէի զգացել. թիկունքիս հորեղբայրս էր...

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Չելյաբինսկ



ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագիրը հրատարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հերթական ցուցակը, որը պատմական երկու ռեկորդ սահմանեց՝ մասնակիցների ընդհանուր թիվը հասել է մինչև 1210 մարդու, իսկ իրենց ընդհանուր կարողությունը կազմում է $4,5 տրիլլիոն: Այդ գումարը գերազանցում է Գերմանիայի ՀՆԱ-ն: Ամենամեծ աճը ապահովել են БРИК- ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)- այդտեղից են ռեյտինգի 214 սկսնակներից 108-ը: Ավելի քան հարյուր սեփական միլիարդատեր ունեն ԱՄՆ-ը (413), Չինաստանը (115) և Ռուսաստանը (101):

Ցուցակում առաջին երեք ամիսները, անցած տարվա համեմատությամբ, նույնն են մնացել. մեկսիկացի Կարլոս Սլիմ Էլուն պահպանել է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց «Forbes» ամսագրի ցուցակում և նույնիսկ նկատելի ամրացրել է իր դիրքերը՝ իր կարողությունն ավելացնելով $20,5 մլրդ-ով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ն 2 անգամ գերազանցող գումար: Ներկայումս Կարլոս Սլիմ Էլուի կարողությունը գնահատվում է $74 մլրդ: Արդյունքում՝ հեռահաղորդակցության մագնատին հաջողվեց հեռու ետևում թողնել գլխավոր մրցակիցներին՝ Բիլ Գեյտսին և Ուորեն Բաֆֆետին:

Այսպիսով՝ երկրորդ տեղում հայտնվեց տվյալ ցուցակի բազմամյա առաջնորդ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյտսը $56 մլրդ կարողությամբ: Ռեյտինգի առաջին հորիզոնականն իրեն վերադարձնելու հնարավորություն Բիլլ Գեյտսին չի տալիս իր լայնածավալ բարեգործությունը. կնոջ՝ Մելինդայի հետ նա արդեն իր պատվին կոչված հիմնադրամ է ուղարկել մոտ $30 մլրդ: Իրեն է հետևում «Berkshire Hathaway» ներդրումային ընկերության խարիզմատիկ սեփականատերը և աշխարհի ամենահաջող ներդրող Ուորեն Բաֆֆետան, ում կարողությունը Forbes-ը գնահատել է $50 մլրդ:

Գրեթե բոլոր զարգացող շուկաներն աճ են ցույց տվել, բայց հատկապես արագ է հարստանում Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանը: Այստեղ ապրում է 332 միլիարդատեր, 98-ով շատ, քան անցած տարի: Միացյալ նահանգները դեռևս մրցակցությունից դուրս են, սակայն աստիճանաբար հանձնում են դիրքերը: Այս տարի սկսնակ են ընդամենը 6% ամերիկացի միլիարդատերեր՝ 47% Չինաստանի կամ 30% Ռուսաստանի դիմաց:

Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացին՝ Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տեր Վլադիմիր Լիսինն է, ով աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը (անցած տարի նա չորրորդ տասնյակում էր):

Անցած տարվա արդյունքներով այս օրվա դրությամբ ամենահաջողակ ընկերությունը «Facebook»-ն է, ներկայումս 50 մլրդ գնահատվող, որն առաջ է բերել ամբողջ վեց միլիարդատեր: Իր հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ տարում ավելացել է 238% և հասել է $13,5 մլրդ-ի: Սոցիալական ցանց կատարած ներդրումները և ռուս գործարար Յուրի Միլներին ապահովեցին տեղ ցուցակում:

Աշխարհում ամենահարուստ հայը շարունակում է մնալ Կիրկ Կիրկորյանը: 93-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է $3,5 մլրդ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ գտան ևս 4 հայի անուններ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը: Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները, «Ресо Гарантия» ապահովագրական ընկերության համատերերը, զբաղեցնում են 833-րդ տեղը աշխարհում և 65-րդ տեղը Ռուսաստանում: Նույն 1,5մլրդ կարողությամբ և ցուցակում նույն դիրքերում հայտնվեց «Росгосстрах»-ի ղեկավար և հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը: Աշխարհում 879-րդ տեղը և Ռուսաստանում 72-րդը զբաղեցնում է «Տաշիր» խմբավորման հիմնադիր Սամվել Կարապետյանը:

Միլիարդատերերի ցուցակում բացակայում է «Тройка Диалог» խմբակցության ղեկավար Ռուբեն Վարդանյանի անունը:

Բայց բոլորս լավ գիտենք, որ ամենաիսկական հարստությունը մարդկանց սրտերում է: Այսօր, ինչպես և ամեն օր, իսկական հարուստ մարդկանց օրն է: Շնորհավորում եմ, բարի մարդիկ: ) (Հ.Ա.)

Թարգմանությունը՝ Հասմիկ Այվազյանի



ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Մարդու տարատեսակներից ամենաատելին վախկոտն է։ Ուզում է լինի դռնապան, ինժեներ, միջին թե բարձր տրամաչափի պաշտոնյա։ Վախկոտից կարելի է սպասել ցանկացած ստորություն...




ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Որտեղի՞ց է սկսվում հայրենքը... Ոմանց համար՝ սեփական գրպանից։ Ավարտվում է նույնպես այնտեղ՝ սեփական գրպանում։

29.8.13

Օգոստոս 2013




ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ.
ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ...

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Այս լեռները եղել են վեմ ու ամրոց,
Ամեն մի ժայռ թշնամու դեմ մի բանակ,
Ծառս են եղել նժույգները սանձակոծ,
Հառաչել է հողը նրանց ոտքի տակ։

Այստեղ ահա՝ Քառասուն կույս սարի մոտ
Հետքն է մնում քաջակորով առյուծի,
Այս լեռներով, կիրճերով այս քարքարոտ,
Արշավել է Դավիթ Բեկի այրուձին։

Ու շաչել են թրերը կեռ, լայնաշեղբ,
Շառաչել են այս լեռները անառիկ,
Ինչպես հողմի բերանն ընկած մի տաշեղ՝
Նենգ Կաջարը գլորվել է այս ժայռից։

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1962 թ.


ԻՆՉ ԱՍԵԼ Է՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ լսելով՝ «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերը, ինչ-որ անբացատրելի տհաճություն եմ զգում, զարմանում, զայրանում ու մի ավելորդ անգամ համոզվում, որ իրոք մարդկային տգիտությունը սահմաններ չի ճանաչում:

Վերջին տարիներին հատկապես Հայաստանում (ՀՀ-ում) բնակվող իմ ընկերների մոտ նկատում եմ նույն զարմանք-զայրույթը՝ կապված «Արցախ» տեղանվամբ նմանատիպ բառագոյացությունների հանդիպելու հետ:

Արցախը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկն է եղել, ավելի կոնկրետ՝ տասերորդ նահանգը: Այն տեղանուն է, ինչպես, ասենք՝ Սյունիքը, Ծոփքը, Վասպուրականը, Աղձնիքը, Փայտակարանը, Գուգարքը, Ուտիքը և այլն: Մեծ Հայքը, Հայաստանը, Հայկական բարձրավանդակը պատմականորեն հայերի բնօրրանն է: Բնականաբար հայերի բնօրրանն են նաև «Հայաստան» ընդգրկուն-հավաքական տեղանվան մեջ մտնող մյուս բոլոր մեծ ու փոքր տեղանունները:

«Հայաստան» ասելիս, չեմ կարծում, թե երբևե կարող է մեկի մտքով անցնել պատկերացնել, ասենք՝ հնդիկ, անգլիացի, ճապոնացի, արաբ, հրեա, կորեացի, մոնղոլ կամ ալբանացի: «Հայաստան» երկրի անվանումը լսելիս յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է հայերի երկիր, այսինքն՝ երկիր, որտեղ գերազանցապես հայեր են ապրում ու դա նրանց երկրի անվանումն է: Չնայած շատ հնարավոր է, որ այնտեղ բնակվելիս լինեն նաև ռուսներ, պարսիկներ, քրդեր, անգլիացիներ և այլն, բայց՝ որպես ազգային փոքրամասնություն:

Իմ գործընկեր, երևանաբնակ լրագրող Ռուզան Մինասյանի ֆեյսբուքյան էջում նկատեցի Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց համալսարանի» պատին փակցված մի ցուցապաստառի լուսանկար և իմ գործընկերոջ զարմացախառն հարցը՝ «Արցախահայկակա՞ն... համալսարանի հարգելի ղեկավարություն, խնդրում եմ հանել այս ցուցապաստառը Ձեր շենքից: Ի՞նչ է նշանակում արցախահայկական»...

Կրկնում եմ, հատկապես ՀՀ-ում բնակվող իմ ընկերների, ծանոթների և անծանոթների մոտ հաճախ եմ նման զարմանք-զայրույթ-դժգոհություն նկատում «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» ու նմանատիպ բառակազմությունների կապակցությամբ: Երբևէ լսած կա՞ք՝ հայաստանահայեր, հայաստանահայություն, կամ, ասենք, տեղի կանանց ու աղջիկներին անվանեն հայաստանուհի: Մի պահ պատկերացրեք նույն ձևով բառակազմություններ հնարեն Հայոց մյուս մարզերի և շրջանների մեր հայրենակիցները՝ շիրակահայություն, սյունիքահայեր, զանգեզուրուհի, վասպուրականահայեր, վայքահայություն, լոռուհի, գուգարքահայեր և այլն:

Հարգելիներս, երբ ասում եք՝ «արցախահայեր», «արցախահայություն», նշանակում է Արցախում հայերից բացի, որպես բնիկներ, ապրում են նաև այլ ազգություններ՝ արցախառուսներ, արցախաադրբեջանցիներ, արցախաչինացիներ կամ արցախաբուշմեններ...

Բոլորս մի քիչ ավել կամ մի քիչ պակաս սիրում ենք մեր բնօրրանը, մեր ծննդավայրը, մեր հայրենի եզերքը, բայց այդ սերը չպիտի թույլ տա «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևակայել մեզ ու նման զվարճալի-անհեթեթ ձևերով արտահայտել մեր սերն առ հայրենի Արցախ: Երբ կարելի է պարզապես ասել՝ արցախցի, արցախցիներ, և ամենաապուշն անգամ կհասկանա, որ խոսքը հայերի մասին է, տվյալ դեպքում՝ Արցախում ապրող հայերի:

Ի դեպ, այդ անհեթեթ բառակազմություններով ու բառաձևերով արդյո՞ք մեզ չենք առանձնացնում աշխարհի մյուս բոլոր հայերից: Հասկանում եմ, որ շատերն ուղղակի չհասկանալով են օգտագործում դրանք՝ չգիտակցելով այդ բառակազմությունների ողջ անհեթեթությունը (չեմ բացառում, որ նույնիսկ շատ հնարավոր է տարիներ առաջ ինքնաբերաբար 1-2 անգամ ես էլ օգտագործած լինեմ «արցախահայություն»-ը. հստակ չգիտեմ՝ հնարավոր է երբեք չեմ օգտագործել, ուղղակի չեմ բացառում):

Պարզապես ինչ-որ մի շատ «խելոք» մի անգամ նման բառեր է հնարել, նրան հետևել են ևս մի քանի «խելոքներ» և... անհեթեթության ձնագունդը գլորվելով՝ սկսել է աջ ու ձախ տարածվել՝ իր մեջ առնելով շատ-շատերին... Նույնիսկ պետական-պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր են ստեղծվել՝ այդ, մեղմ ասած, անիմաստ բառակազմություններով:

Վաղուց ժամանակն է ձերբազատվենք արհեստածին այդ անհեթեթությունից, եթե չենք ուզում մեզ առանձնացնել աշխարհասփյուռ մեր բոլոր ազգակիցներից ու դառնալ ոչ արցախաբնակ մեր հազարավոր, միլիոնավոր հայրենակիցների ծիծաղի առարկան:

Վ. ՕՎՅԱՆ


ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ԼՂՀ ԳԽ նստաշրջանն էր՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամթատրոնի շենքում: Այդ տարիներին մշտապես ներկա էի լինում ԳԽ նիստերին: Դահլիճում պատգամավորներն էին և մոտ տասնյակ այլք: Արցախում իշխանության գլուխ ՀՅԴ-ն էր:
Սիրում եմ միշտ նստել վերջին շարքում. այնտեղից ամեն ինչ լավ տեսանելի է լինում: Տվյալ դեպքում՝ նստած էի դահլիճի կենտրոնում մի տեղ: Իմ մոտակայքում բոլոր նստատեղերն ազատ էին: Մյուսները բեմին մոտ շարքերում էին:

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ևս հրավիրված էր: Լարված իրավիճակ էր: ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի փոխադարձ անհանդուրժողականությունն ակնհայտ էր: Ամբիոնին մոտեցավ Կոմանդոսն ու սկսեց բորբոքված խոսել: Կարճ ելույթը դաշնակցության դեմ էր: Վերջիններս ինչ-որ շվարել էին: Գիտեի, որ Կոմանդոսի հետ հարաբերությունները վատ չէին: Այդ ելույթն անսպասելի էր նրանց համար:

Խոսքն ավարտելուց հետո Արկադի Տեր-Թադևոսյանը շարքերի միջով եկավ ու նստեց ինձնից մի նստատեղ աջ թե ձախ... Բորբոքված էր: Նայում էր բեմի ուղղությամբ ու ինքն իրեն խոսում: Ես էլ էի նայում նույն ուղղությամբ. չէի ուզում ցույց տալ, որ լսում եմ: Նա ինձ բացարձակապես չգիտեր, պարզապես մեկը պետք էր, որ «կիսվեր» հետը... Բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես այս էր ասում՝ ի՞նչ են անում սրանք, ինչո՞ւ են ինձ խառնում իրենց քաղաքական խաղերին, ես զինվորական եմ, ինչո՞ւ չեն թողնում իմ գործով զբաղվեմ, թշնամուն թողած իրար մեջ են թշնամիներ որոնում...

Հասկացա, որ ստիպել են ելույթ ունենալ դաշնակցության դեմ, ու ինքը դժգոհ է նաև իրենից, որ խառնվել է նրանց քաղաքական ինտրիգներին...

Թշնամին նստած էր մեր դռանը: Ծանր ու դաժան ժամանակներ էին: Ու դա նաև մե՛ր մեղքով...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԿՈՄԱՆԴՈՍԸ ԴՆՈՒՄ Է ՎԵՐՋԱԿԵՏ. «ՓԱԿ ԹԵՄԱՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ»

Առաջին լրատվական-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը :

 - Պարոն Տեր-Թադևոսյան, օրերս ԳԱԼԱ-ին տված Ձեր հարցազրույցը բուռն քննարկումներ առաջացրեց մամուլում: Հարցազրույցում Դուք, խոսելով գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին, ասել էիք, որ «Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց…»:

 - Ի սկզբանե ես մտադրություն չեմ ունեցել ինչ-որ կարծիք արտահայտելու: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ զանգահարեց ԳԱԼԱ-ի լրագրողը և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին հարցեր տվեց: Մինչ այդ «Հրազդանմաշ» արտադրական միավորման նախկին գլխավոր ինժեներ, ռադիոլոկացիայի գծով տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՀՕՊ-ի արդիականացման գլխավոր կոնստրուկտոր Հակոբ Հարությունյանը նույն լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և ասել, թե ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել Հայաստանից: Նորատ Տեր-Գրիգորյանցը շատ բան է արել Հայաստանի զինված ուժերի համար, իսկ գնալու պատճառն այն է, որ ընդհանուր լեզու չի գտել իշխանությունների հետ: Ես պաշտպանել եմ այս տեսակետը: Բոլոր այն գեներալ-լեյտենանտները, որքեր եկան բանակ, հաջողություն չունեցան: Հիմա մենք ունենք գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյան, ինքն էլ չկա: Երիտասարդ, էներգիայով, խելացի զինվորական էր: Նրան Վազգենն էր նշանակել, բայց ազատեցին, հիմա ինչ՝ ասեմ, որ Վաղարշակ Հարությունյանին է՞լ է Վազգենը ազատել: Ոչ, համակարգն է այսպիսին, նրանք, ովքեր կարող են լիդերներ լինել, համակարգը չի սիրում: Համակարգին պետք են այն մարդիկ, ովքեր կգովեն իրենց ղեկավարներին:

 - Ձեր հարցազրույցին հաջորդեց «Առավոտ» օրաթերթում Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի օրոք ոչ մի բարձրաստիճան զինվորական չի հեռացել երկրից, իսկ Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել է այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը մի կարճ ժամանակ պաշտպանության նախարար չէր: Իրականում այդպե՞ս է եղել:

 - Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Վազգեն Սարգսյանը կապ չի ունեցել ազատման հետ, բայց շատ լավ գիտի, որ առանց Վազգենի ոչ մի հարց չէր լուծվում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, այդ տարիներին մեր պետությունը երեք մարդ էին ուղղորդում՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո արդեն իրենց շուրջը համախոհներ էին հավաքել: Կան փաստեր, ես չեմ ուզում շատ բան բացել հիմա, ավելի շատ ուզում եմ լսել, թե ինչ են ուզում, ինչ են ասում: Ես էլ եմ եղել Վազգեն Սարգսյանի կողքին, աշխատել եմ նրա հետ, ես գիտեմ նրա արածները մեր պետության համար և դրանք չեմ ժխտում, բայց նրա բոլոր հրամանները կատարել են նրանք, ովքեր իրեն էին ծափահարում, որոնցից մեկը նույն Անդրանիկ Քոչարյանն էր: Հարցն այն է, որ մենք սխալներ ենք արել և հիմա պետք է դրանք շտկենք: Նրանք, ովքեր ինքնուրույն էին, տեղ չունեին:

 - Ձեր մարտական ընկերներից Սասուն Միքայելյանն էլ Ձեզ հարց է ուղղել, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք այս հարցերը չեք բարձրաձայնել: Նա ասել է նաև՝ ինչո՞ւ չեք ասում՝ մարտի դաշտում երբևէ տեսե՞լ եք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին:

 - Ես Վազգեն Սարգսյանի մասին չեմ ցանկացել խոսել և ինչ-որ բան ասել, սակայն թեման բացվեց, և ես պատասխանեցի հարցերին: Սասունն իմ մարտական ընկերն է, բայց սխալ բաներ է ասում: Նրանք սխալվում են՝ ես զինվորական եմ, ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ, որ գեղեցիկ բառերով խոսեմ: Ես կարող եմ միայն ճիշտն ասել, իսկ ճիշտը ոչ մեկին դուր չի գալիս, դրա համար էլ չէի ասում: Ես ընդամենը ուզում եմ նայել, թե ինչ են ասում և անում այդ քննադատողները: Ոչ ոք ոչ ոքի չի ուզում հասկանալ, ոչ ոք չի ուզում ճշմարտությունն իմանալ, այդպես էլ պատմություն են գրում: Հովհաննես Այվազյանը հանրագիտարան է գրում, մի գիրք էլ արդեն տպագրել է, որտեղ Շուշիի գործողությունը գեներալ-գնդապետ Դալիբալթայանին է վերագրում, որտեղի՞ց նա դարձավ գործողությունը ղեկավարող, նա անգամ Շուշիի ազատագրման ծրագրի մասին գաղափար չուներ: Ինչո՞ւ եկավ և հաստատվեց, որովհետև Վազգենն էր բերել, Դալիբալթայանը նրան շատ էր գովաբանել: Ասում են, թե ես Վազգենի դեմ եմ և անպայման վատ բան եմ ուզում ասել։ Ո՛չ։ Նա քաղաքական գործիչ էր, շատ բան է արել պետության համար, բայց մենք մինչև հիմա քաղում ենք նրա արած սխալների պտուղները:

 Սասուն Միքայելյանը ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին: Երբ Շուշիի ազատագրման ամյակներից մեկի ժամանակ գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար Դալիբալթայանի կենացն էին խմում, միայն Վազգեն Մանուկյանն էր, որ մոտեցավ ինձ, ասաց. «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:

 Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին: Ես չեմ տեսել Քոչարյանին զենքով, բայց իմ մարտական ընկեր Ֆելիքս Գզողյանն է տեսել, որովհետև Քոչարյանը պաշտպանության կոմիտեից էր: Շուշիի ազատագրման ժամանակ ամբողջ կոմիտեն է մասնակցել գործողությանը: Իսկ Վազգենը գալիս, ասում էր՝ ինչի՞ց ինչքան է պետք, գնում, հայթայթում, բերում էր: Այսինքն ամեն մեկն իր գործն էր անում և պարտադիր չէ, որ զենքը ձեռքին լիներ:

 Սասուն Միքայելյանը ինչո՞ւ ոչ մի անգամ հարց չի բարձրացնում, թե ինչու ինձ Արցախում պաշտոնից ազատեցին և այստեղ բերեցին: Չէ՞ որ մարտական ընկեր է և ամեն ինչ շատ լավ գիտի:

 - Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ևս անդրադարձել էր Ձեր ասածներին և հայտարարել, որ «այն մարդիկ, ովքեր գիտեն Վազգեն Սարգսյանին վերացնողներին, պիտի իրենց պարտքը համարեին հոկտեմբերի 27-ի թե՛ դատավարության ժամանակ, թե՛ անջատված գործի մասով այդ տեսակետն ասելու...»: Դուք որևէ մանրամանսություն գիտե՞ք, որը կուզենայիք բացահայտել:

 - Ես չեմ մասնակցել հետաքննությանը, բայց ծանոթացել եմ նյութերին: ՀՀ ռազմական հետախուզության հիմնադիր Իվան Ղուկասովը գիրք է գրել, որտեղ ասում է՝ նման կարևորության անձնավորության շուրջը պետք է թիկնապահներ լինեին, ովքեր կիմանային՝ ինչ է կատարվում նրա շուրջը և ինչ է կատարվելու: Պատահական ոչինչ չի լինում: Պատահական մարդիկ չմտան ու սպանեցին Վազգեն Սարգսյանին: Հատուկ ծառայություններ կան, նա թիկնապահներ ուներ, հետախուզություն կա։ Ինչպիսին որ Վազգեն Սարգսյանն էր, իր շուրջը մարդիկ ուներ, որ պահպանում էին իր անվտանգությունը:Այդ գրքում մի հատված կա, որտեղ ասվում է՝ ներկաները կարող էին ինչ-որ բան անել ահաբեկիչների դեմ, մանավանդ, որ նրանք մի քանի անգամ շատ էին: Պարզապես Վազգենը ուզում էր առաջնորդ դառնար և դարձավ: Այս է պատճառը, որ նրան վերացրին:

 Ես հարգանքով եմ վերաբերվում և՛ դրական, և՛ բացասական կարծիքներին։Նա դա ասել է որպես եղբայր, և հարգանքով եմ վերաբերվում: Նորից եմ ասում՝ այս պոռթկումը պատահաբար է ստացվել, և ես չէի սպասում, որ նման արձագանք կլինի: Այդ պոռթկումը լավատեսական է, որովհետև այս փակ թեման վերջապես բացվում է: Եթե մենք ամեն ինչ Վազգենին վերագրենք, չբացենք սխալները (իսկ մենք լռելու իրավունք չունենք), մեզ լավ ապագա չի սպասվում: Խոսելը դեռ չի նշանակում նրա դեմ ինչ-որ բան ունենալ:

 - Կարծիք կա, որ այս ամենը Դուք անում եք ուղղորդված՝ իշխանությունների դրդմամբ: Կա՞ արդյոք նման բան:

 - Ես իրականությունն եմ ուզում, ուղղակի հայը իշխանություն չսիրող ազգ է: Դեռևս Նարեկացին «Մատյան ողբերգության» պոեմի հիսունմեկերորդ գլխում գրում է, որ արքաները ծառայում են նրա համար, որ ոչ թե բուժեն մարդկանց, այլ սպանեն: Այսինքն, վաղ ժամանակներից ժողովուրդը չի սիրել և չի սիրում իշխանությանը: Սակայն դա մեզ պետք է: Բանակը, իշխանությունը և հասարակությունը պետք է միասին լինեն՝ պետություն լինելու համար: Ես նրանց երեքի կողմից եմ, ես իշխանությունից, ընդդիմությունից և բանակից եմ: Իմ խնդիրը քաղաքականության ձեռքին խաղալը չէ:


ԿՈՄԱՆԴՈՍԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, հետաքրքիր «պատերազմ է հրահրել» հայկական մամուլում: Հետաքրքիր թե ժամանակի, թե տարբեր անհատների դերի տեսանկյունից: «Պատերազմի» մեջ են ներքաշվել թե «ռուսական գեներալները», թե երկրապահները: Այն մեծ արձագանք է ստացել:

Ժամանակի առումով, այս «բանավեճը» համընկել է Հայաստանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ քննարկումներին: Բացի այդ, պատերազմից անցել է մեկ սերունդ ժամանակ, եւ նոր սերնդի մոտ բնական հետաքրքրություն է առաջացել այն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ:
Բանն այն է, որ անցել է մոտ երկու տասնամյակ, սակայն ինչպես մեր պատմության շատ այլ իրադարձությունների պարագայում, այս դեպքում էլ բաց են մնացել բազմաթիվ հարցեր: Բացի դրանից, քանի որ Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունը ձեւավորվել է «ղարաբաղյան հիմքով», հանրությունը ներկայում փորձում է վերաիմաստավորել այդ ժամանակաշրջանի էությունը եւ դերակատարներին:

Ղարաբաղյան պատերազմը «շանս» էր բոլորի համար, տարբեր տեսակետներից: Հայաստանի ու Ղարաբաղի համար դա ազատագրման շանս էր, որի համար առաջին գիծ գնացին նվիրյալները: Շատերի համար դա շանս էր իշխանության անցնելու համար: Շատերի համար էլ դա շանս էր՝ դուրս գալու «հատակից» ու ինչ որ բանի հասնելու այս կյանքում: Պատերազմի շուրջ «համախմբվեցին» բոլորը:

Պատերազմի «երեք գծերում» տեղի էին ունենում հատկանշական իրադարձություններ: Նվիրյալները կերտում էին Հայաստանի ու Ղարաբաղի ազատությունը մարտի դաշտում: Թիկունքում իշխանության համար խուլ պայքարն էր եւ պատերազմի հանգամանքի օգտագործումը «նախնական կապիտալի կուտակման» եւ քաղաքական ու այլ բնույթի հավակնությունների հաստատման համար: Ինչպես Վանո Սիրադեղյանն էր ասում՝ «ով մի մեշոկ ալյուր էր ուղարկում Ղարաբաղ՝ դառնում էր ազգի հերոս»: Այս երկուսի գծերի միջեւ էլ կար մի երրորդ, շատ նուրբ տեղ, որտեղ, ինչպես Շմայսն էր ասել, «ազգի համար ո... էին տալիս»:

Նվիրյալները, որոնք դեռ ողջ են, սովորաբար պատերազմի մասին չեն խոսում: Փոխարենը, ամենաշատ խոսում ու իրենց «իրավունքն» են պնդում նրանք, ովքեր եղել են այդ «միջին տեղում»: Այդ տեղը գտնվում էր առաջին գծի եւ թիկունքի միջեւ, երկուսից էլ շատ մոտ: Այստեղ առաջացավ այն «խավը», որը հետագայում Հայաստանում հասավ քաղաքական ու տնտեսական զգալի դիրքերի: Այս «խավը» ստացավ կոչումներն ու պարգեւները, տնտեսական ու քաղաքական քվոտաներ, դարձավ «նոր բիզնեսի»՝ օլիգարխիայի «տանիքը», կեղծեց ընտրությունները եւ այլն, ծառայություններ մատուցելով գործող իշխանություններին: Նրանք իրենցով արեցին առաջին գծի փառքն ու թիկունք գնացող ավարը:

Պատերազմի ժամանակ կար երկու իրականություն՝ բուն իրականությունն ու առասպելաբանությունը: Իրականությունը կերտում էին նվիրյալները, առասպելները՝ մյուսները, որոնց համար պատերազմը եղել է շանս՝ իշխանության հասնելու, կամ պարզապես «մարդամեջ» դուրս գալու համար:

Հնարավոր է, բոլոր պատերազմներն էլ ունեցել են նման բնույթ ու ընթացք: Փաստն այն է, որ Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունն ու երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներն ուզուրպացվել են «պատերազմի իրավունքով»: Այս տեսակետից, Կոմանդոսի հրահրած «պատերազմը» կարող է փոխել այդ «իրավունքի» շուրջ ստեղծված իրողություններն ու մթնոլորտը, քանդել առասպելաբանությունը: Եթե նա խոսի բոլորի ու ամեն ինչի մասին, առանց խտրականության, դա կլինի նրա իսկական պատերազմը:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ



ՉՃԱՆԱՉԵՑԻՔ ԱՐՑԱԽՑՈՒՆ, ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԱԴԱՎՆԵՐ

Ուշադիր կարդա, պրն. Չմտավորական. եթե ուղեղիդ խորությունն էլ հավասար է նրա բարձրությանը, ուրեմն դիմիր Կարմիր Գրքի պատասխանատուներին՝ որպես բացառիկ, քառակուսի գլխով տխմար տեսակ, այնտեղ գրանցվելու համար...

Երեւի ժամանակն է վաղուց, որ ձեր ասած «ղարաբաղցոց», վերջապես տարբերեք Արցախցուց...

Երբեւէ չեմ մտածել բարձրաձայնել ու մանավանդ կիսվել իմ ապրումներով, այն էլ՝ բոլորի աչքի առաջ... Բայց էլ մի անգամ ու վերջնական պիտի ասեմ...

1994 -ի ապրիլ 27-ին ծանր վիրավոր, ինձ Հադրութից տեղափոխեցին Ստեփանակերտ: Հրամանատարությունը կորցրել էր հետքս, որովհետեւ ժամանակները խառն էին ու, բացի այդ, հրամանատարության մեջ էլ արդեն լուրջ կորուստներ կային...
Ես գրեթե անգիտակից ու մահամերձ վիճակում, 12 օր պառկեցի Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ինչ որ պիտի ասեմ՝ ասում եմ առանց մեղադրելու ինչ-որ մեկին:
Վիրավոր զինվորներ, բնականաբար շատ կային՝ տարբեր շրջաններից(հասկանում եք՝ ինչ եմ ասում), բայց 12 օրվա մեջ, մի հոգի ձեւի համար չբացեց դուռս, ձեւի համար՝ մի բաժակ ջուր չբերեցին ինձ տարբեր շրջաններից ժամանած զինվորների հարազատները, որ եկել էին իրենց զինվորներին տեղափոխելու Երեւան...

Ես մենակ էի, ու միայն մի Արցախցի հրամանատար, որ ինձ հետ պառկած էր՝ վիրավոր, իր անձից ավել մղկտում էր ինձ համար՝ 12 օր շարունակ, ընտանիքն էլ իր հետ հավասար...

Ես գրեթե ոչինչ չեմ հիշում այդ օրերից, բայց տարիներ հետո, երբ ես հետ գնացի Արցախ ու գտա նրանց, աննկարագրելի էր մեր հանդիպումը... Լալիս էին ընտանիքով, ասես իրենց զոհված եղբայրն էր հարություն առել...
Ու պատմեցին ինձ, թե ինչպես իրենցից ու ինձանից թաքուն, հիվանդասենյակի հավաքարարը, որ իմ տարիքի իր տղային էր կորցրել պատերազմում, մայիսի 8-ին, ժամանած ուղղաթիռի օդաչուին խաբել էր, իբր ես նրա հարազատ տղան եմ, ու ինձ տեղափոխեցին Երեւան... Փաստացի՝ արցախցի այդ կնոջն էլ պարտական եմ կյանքիս համար, թեկուզ՝ նա արդեն չկար, երբ ես իմացա այս մասին...

Ավելին չեմ ասի, պարզապես, ինձ թույլ տվեցի մանրանալ, որ մեկընդմիշտ ջախջախեք ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ մեջ, ազգային խտրականության կործանարար խաղը: Մի հետավորական ինձ քիչ առաջ ասում էր, որ ղարաբաղցիք..... չշարունակեմ...

Դուշման Վարդանն ասում էր՝ «Ոչ հնչակ եմ, ոչ դաշնակ, ոչ՝ կոմունիստ... ես իմ ազգի զինվորն եմ...»:

Չճանաչեցիք արցախցուն, պարոնայք ազգադավներ... Չճանաչեցիք...
Արցախցուն անուն դնողը, պարապ է անում մեր զոհերի անկաշառ եւ իրապես ազգանվեր ու հերոսական գործը...

Ես քառակուսի մետրս փոխել եմ, հուսով եմ՝ ժամանակավոր, բայց արյունս նույնն է, ինչ քսան տարի առաջ...
Հայաստանն իմ տունն է, ու ես Արցախի ամեն քառակուսի սանտիմետրի համար՝ ուրախանալու եւ տխրելու եմ սեփական տանս պես...

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ





ԽՍՀՄ  հերոս  Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհվեցին  «Թամանյան դիվիզիայի» նախկին մարտիկներին

Ս.թ. օգոստոսի 16-ին ՀՀ Պատերազմի և Զինված Ուժերի Վետերանների Միավորումը և  Հայրենական Մեծ Պատերազմի կոմիտեն, ի դեմս նախագահ  Պետրոս Պետրոսյանի և Վետերանների միավորման, նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի ու Հայրենական Պատերազմի  հուշարձանների վերականգնողների ֆոնդի նախագահ Էդուարդ Գազարիկյանի, ԽՍՀՄ հերոս  Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհեց  «Թամանյան դիվիզիայի» հերոս վետերաններին:


Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Սիմոն Եսայանը ներկայացնելով միջոցառման ու հավաքույթի բուն նպատակն ավելացրեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝ մեծարելու մեր վետերաններին:

Ելույթներով հանդես եկան Սիմոն Եսայանը, 89-րդ դիվիզիայի վետերանների կոմիտեի նախագահ  Սուրեն Հովհանիսյանն, ով խոսեց Թամանյան դիվիզիայի անցած ուղու ու կարևորության,ինչպես նաև լեգենդար հերոս Հունան Ավետիսյանի սխրանքի մասին, Իվան Ղուկասովն՝ Իվան Իսակովի հուշարձանի Տուապսե քաղաքում տեղադրման վերաբերյալ,իսկ հետո Հունան Ավետիսյան ֆոնդի ղեկավար Էդուարդ Գազարիկյանը ներկայացրեց կազմակերպության բուն նպատակն ու գործունեությունը: Վերջում ամփոփիչ ու շնորհավորական խոսքով հանդես եկավ պատմաբան Արմեն Կարապետյանը: Նա նշեց, որ ոչինչ չի մոռացվել ու ոչ ոք չի մոռացվել, որ նրանց անունները ևս կգրվեն ու կհիշվեն մեր ու գալիք սերունդների կողմից:

Վերջում գեղեցիկ կատարումներով հանդես եկան մի խումբ երիտասարդ կատարողներ, ովքեր կատարեցին պատերազմի տարիների երգեր՝ ստեղծելով 1941-45 թթ. մթնոլորտը:
Եվ իրոք՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել:
Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ


ՀԱՅԵՐԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ


Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։ 

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922 թվականի։ 1941–1942 թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։

Հայ քաջորդիները պատերազմի ամբողջ ընթացքում մարտնչում էին ամենուրեք, ամենատարբեր ռազմաճակատներում։ Միայն Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 30 հազարի,որոնցից 10 հազարը զոհվեցին։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովորոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ 

Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Հիրավի, փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները (Սրանք հավասարեցված են հերոսներին), հայտնի ու անհայտ հազարավոր ուրիշներ։

Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) Սովետական Միության ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ավիացիայի մարշալ էր։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին (Ագանյան)։ Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։

Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս ծնունդով 10 հայեր՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման հետագայում արժանանալով հետմահու։ Գնդապետ, ԽԱՀՄ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության (1943 թ., Թեհրան), Իրանում գերմանական գործակալությունը բացահայտելու և այլ առաջադրանքների կատարման համար։

Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում)։

Մի քանի խոսքով ներկայացնենք Թամանյան դիվիզիայի անցած ուղին:
89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլինԱռանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը: 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ



ԱՅԴ ԵՐԲՎԱՆԻ՞Ց Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈԳԻՆ «ՑԱՎՈՒՄ« ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ 

Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրումը թույլ չտալու հարցում իրենց պատռելու մեջ ռուսական քարոզիչները ձեռնամուխ են եղել վերջին «փաստարկին»՝ ասոցիատիվ անդամությունը ԵՄ-ին կհանգեցնի «դավաճանության» եւ Ղարաբաղը «հանձնելուն»:

Ռուսաստանում տվյալ մեդիա-նախագծի ղեկավարները REX տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավար, Հայաստանում լավ հայտնի եւ Հայաստանի պետական պարգեւին արժանացած Մոդեստ Կոլերովն ու նույն ծառայության փոխղեկավար Վիգեն Հակոբյանն են:

Ռուսական քարոզչությունն օգտագործում է ադրբեջանական շքամուտքերից հավաքած Ռուսաստանի ու Արեւմուտքի հնարավոր բոլոր փորձագետներին, հիմնավորելու համար Արեւմուտքի հետ Հայաստանի համագործակցության մահացու լինելը:
Ներկայում հայ քիչ թե շատ ուսյալ բնակիչների ուղեղում ներդրվում է այն միտքը, թե Եվրամիությունը թույլ չի տա, որ մեկ ցենտ անգամ սողոսկի Ղարաբաղ: Լիակատար հիմարություն, հորինված ու ռուսական մատից ծծած փաստարկ, ոչ մի բանի ու ոչ մեկի մասին:

Ի՞նչ օգնություն է հատկացրել Ռուսաստանը Ղարաբաղին, բացի ռազմավարից, երբ Ադրբեջանին հատկացված ռուսական զենքը հայտնվում էր հայերի ձեռքին, ադրբեջանական բանակի ապաշնորհության հետեւանքով:

Ընդ որում, վերջերս Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն Ադրբեջանն առաջ էր քաշում համանման պահանջներ: Այսինքն, ռուսներն ու ադրբեջանցիները միավորել են ջանքերը, որպեսզի Հայաստանին զրկեն Արեւմուտքից օգնություն ստանալու հնարավորությունից:

Ռուսական քարոզչությունն ակտիվորեն օգտագործում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ադրբեջանական անգաժմենտը ներկայացնող փորձագետների հրապարակումներն ու ելույթները: Ամենածիծաղելին այս բացահայտ պրովոկատորների պնդումներն են, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, մոռանալով, որ այդ պահանջը կարելի է ներկայացնել նաեւ Ռուսաստանին: Այ քեզ «ղարաբաղյան լոբբի Մոսկվայում»:

Ի դեպ, տեղի է ունենում նաեւ տականքների ինստիտուցիոնալ միավորում, օրինակ, Մոսկվայում ստեղծվել է Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպություն՝ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ, ոմն հայ մեծահարուստ Վարդգես Արծրունու փողերով: Այս ինստիտուցիայի միակ նպատակը Ռուսաստանի շահերին Հայաստանի ենթարկեցումն է: Հայաստանում նման գործունեությամբ է զբաղված Նորավանք հիմնադրամը, որը որոշ տեղեկություններով համակարգում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հավաքվել է Հայաստանը Ռուսաստանին ենթարկեցնելու կողմնակիցների բավական լայն խառնամբոխ՝ Գագիկ Հարությունյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Անդրանիկ Թեւանյան, Արամ Սաֆարյան, Սերգեյ Մինասյան, Աշոտ Ենգոյան, Արտակ Հակոբյան, Արտաշես Գեղամյան, Էմիլ Բաբայան, Սեւակ Սարուխանյան, Անուշ Լեւոնյան... Ցանկը շարունակվելու է: Այսպիսով, ռուս փորձագետները միավորվել են ոչ միայն իրենց հայ նմանների հետ, այլեւ օգտվում են Ադրբեջանի աջակցությունից:

Ժամանակ առ ժամանակ, ռուսներից ինչ որ մեկն ասում է, թե այդ իրադարձությունները Ռուսաստանին չեն հուզում: Հուզում են, այն էլ ինչպես: Ինչ որ բան ինչ որ տեղ այրվում է, եւ ռուսական հոգին «ցավում է» Ղարաբաղի համար:

Հայաստանի հանդեպ տվյալ անպարկեշտ վերաբերմունքը հնարավոր է դարձել հայ քաղաքական գործիչների եւ այն մարդկանց անբարո պահվածքի հետեւանքով, ովքեր իբր արտահայտում են հայ ժողովրդի խիղճն ու կարծիքը, իսկ իրականում վաղուց բիզնես են անում (փոքր ձեռնարկատիրություն) հայ ժողովրդի հանդեպ նվաստացման, շանտաժի եւ սադրանքների վրա: Արդյոք այս ամենն այդպես էլ կմնա անպատիժ:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
lragir.am




ՊՈՒՏԻՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԲԱՔՎԻՆ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ ԿԶԻՆԻ

Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում...
Երեկ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի առնչությամբ հերթական տեղեկությունը:

Եւ այսպես, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երեկ ընդունել է ռուսական պատվիրակությանը, որը գլխավորել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովը: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր:

Փաստորեն, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջերս մեկ միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքը դեռ նոր իրագործած, Մոսկվան արդեն անցնում է Ադրբեջանի՝ «տակտիկական հրթիռային սպառազինության» արդյունաբերությանը զարկ տալուն:

Հայաստանի «ռազմավարական դաշնակցից» այլ բան չէր էլ կարելի սպասել, նա այլ կերպ չէր էլ կարող վարվել... Մոսկվայի «բիզնեսը» երեւում է դեռ երկար է ծաղկելու «ռազմավարական դաշնակից» Հայաստանի հաշվին։ Ինչ արած՝ Կրեմլի ախորժակը, կարծես, վատ չէ:

Ինչպես ասում են՝ Աստված այսպիսի «դարավոր բարեկամից» հեռու պահի Հայաստանը: Եթե Հայաստանի այսօրվա «դարավոր բարեկամը» այսպիսի Ռուսաստանն է, ապա Հայաստանին վստահաբար ուրիշ թշնամիներ պետք էլ չեն:

Բայց այս ամենում հետաքրքրականն այլ հարց է։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող հայկական կողմի հակառակորդին Ռուսաստանը մինչեւ ատամները, եթե զինում է, ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ սա մեղմ ասած՝ ստորություն է «բարեկամ» Հայաստանի նկատմամբ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են առաջիկայում խոսելու Հայաստանում Ռուսաստանի քաղաքականությունն այսօր ավելի ուժգին եւ գթասրտորեն պաշտպանող քաղաքական գործիչներն ու փորձագետները... Հիմա՞ էլ պետք է ասեն՝ «Թող վաճառի Ռուսաստանն իր հրթիռները Ադրբեջանին, մենք էլ դրանք կխլենք Ադրբեջանից...»։ Հիմա՞ էլ պետք է ասեն՝ «Հետո ի՞նչ, մեզ էլ է Ռուսաստանը զենք վաճառում...»: Կամ՝ էլի պետք է ասե՞ն՝ «Եթե Ռուսաստանը չվաճառի զենք Ադրբեջանին, միեւնույն է այլ երկիր կվաճառի...»:

Մի բան այլեւս անհերքելի է. հայ-ռուսական «դարավոր բարեկամություն» ու «ռազմավարական դաշնակից» արտահայտությունները որեւէ առնչություն չունեն այսօրվա իրողությունների հետ, դրանք անհամատեղելի արտահայտություններ են այսօրվա Պուտինյան Ռուսաստանի պարագայում:

ԷԴԻՏԱ ԴԱՎԹՅԱՆ



ՄԵՌՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ 

Տրանսպորտի չկայացած թանկացումը, Եվրոպա-Եվրասիա կեղծ այլընտրանքը եւ այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը: Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար՝ գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ: Բայց Աբգարը չեկավ, եւ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լեւոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաեւին կամ Քարիմովին:

Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ: Եթե Աբգարը գար եւ սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի: Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնեւյան կառույց է՝ ֆորմալ միջոցառումներով եւ հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը: Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր: Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը: Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում եւ այլ նպատակներով եւ բարեփոխման ենթակա չեն: Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽՍՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն եւ հերոսական բնույթը» (1934): «Գրողների միությունը մասնակցում է հանուն կոմունիզմի կառուցման, սոցիալական առաջընթացի, խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության պայքարին» (1971):

Այսպիսով, ըստ էության, գոյություն ուներ գրականության (երաժշտության, նկարչության) նախարարություն, որը կոչված էր ծառայել որոշակի նպատակների: Մի կողմ թողնենք՝ այդ նպատակները իրակա՞ն էին, թե՞ պատրանքային, եւ ինչպես էին արվեստագետները փորձում խորամանկորեն շրջանցել դրանք: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն հիմա ստեղծագործական միությունները՝ որ դրանց առաջին դեմքերն իրենց շրջապատի հետ մեկտեղ ապահո՞վ ապրեն, որ գրողները տարին մի քանի օր գնան Ծաղկաձոր՝ հանգստանալո՞ւ, որ մի քանի թոշակառու նպա՞ստ ստանան: Դրանք մանր նպատակներ են, եւ հանուն դրանց գրողների միություն պետք չէ պահել: Գրքե՞ր հրատարակել: Բայց ո՞վ է տալիս դրանց փողը՝ պետությո՞ւնը, հովանավորնե՞րը: Թող լինի հեղինակավոր փորձագետների խումբ, որը նույն պետությանը կամ նույն հովանավորներին կասի՝ այս գիրքն արժե տպել, իսկ այս մեկը՝ ոչ: Դրա համար էլ ստեղծագործական միության անհրաժեշտությունը չկա: Իսկ ընդհանրապես գրականությունը, արվեստը անհատական գործ է: Գրողը գլուխը կախ գրում է, չգրողը դատողություններ է անում «գրականության դերի եւ նշանակության» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 




ՄԵՐ ՁԵՎՆ ՈՒ ՄԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սիզիփոսի առասպելականն ու բրոունյանը եկել, հատվել են մեր տարածքներում որպես բնափիլիսոփայական անքակտելի դիալեկտիկա:
Զարգացող աշխարհը փոփոխվող ձևի և բովանդակության սահմանագծին է ապրում: Հանրությունները, որոնք միայն ձևի կամ միայն բովանդակության դաշտում են, պահպանողական են և զուրկ իմունիտետից՝ ներքին պարզունակացման, դաժանության ու այլասերման հանդեպ:

Մենք, հայերս, ձևի դաշտում ենք ամեն օր ու ամեն ժամ, և ապրում ենք ձևի համար, ձևի մեջ և ձևականով: ԵՎ հենց ձևի գերակայությունն է, որ բերել է կործանարար հանրային, ու դրանից ածանցված պետական բազմանիստ թուլությունների:
Ձևն ու բովանդակությունը դիալեկտիկական կապի մեջ են: Դրանք երկուսն էլ կարող են սկզբնավորել միմյանց:

Ձևից սկզբնավորված բովանդակությունը որպես կանոն, զուրկ է լինում էությունից և իրենից ներկայացնում է տիրող ձևական ավանդույթների սպասարկման պրոցես:
Մենք սովորում, կրթվում, աշխատում, մաքառում ու ապրում ենք ոչ որպեսզի բարձր նպատակների ու արդյունքների հասնենք, այլ ապահովենք մեր ավանդույթային ձևերը՝ կնունք, ծնունդ, հարսանիք, թաղումի ծիսականը և շրջապատում, մյուսների համեմատ որոշակի նյութական գերակա դիրքը:

Սովետական հին անընդունելի ձևերին եկան լրացնելու վարք ու կարգի մեր ստեղծած նոր ձևերը՝ ամենաթողությունը, մակերեսայնությունը, անպատկառ, լկտի ու տգետ զոռբայությունը:

Մենք 91-ից ենք իմիտացիաների՝ տնազների մեջ: Մենք դրսից ներմուծեցինք միայն ձևեր, առանց համապատասխան բովանդակումների:

Պետություն՝ առանց պետականության, նախագահ՝ առանց նախագահության գիտակցության ու պատասխանատվության, իշխանություն, նախարարություններ ու պաշտոններ՝ առանց ֆունկցիոնալության, մտավորականություն՝ առանց մտավորականի, դատարան՝ առանց չափանիշերին համապատասխանող դատավորի ու օրենքների, կուսակցություներ՝ առանց կուսակցական միջավայրի, հայրենասեր՝ առանց ներկա հայրենիքի խնդիրների պատկերացման, քաղաքացի՝ առանց քաղաքացիականության:
Արդյունքում չունենք  ոչ նորմալ պետություն, ոչ իրական հայրենիք, ոչ սկզբունք, ոչ էլ հույս ու սպասելիք՝ նույնիսկ ինքներս մեզանից:

Ձևերի ձևը դա "պատշաճ", բարեկիրթ լեզուն է, որը «լրջություն» է տալիս անլուրջին ու մնացած տիրապետող ձևերին: Նույնիսկ ամենասրիկա ու հանցագործ տկարամիտը, որը  տառաճանաչ էլ չէ, առաջինը, որ դիմացինին նախազգուշացնում է՝ «կարգին խոսիր»-ն է:
Այս պարզ հնարքով այդ տգետը սահմանափակում է դիմացինի արտահայտվելու, իր իրական կարծիքը հայտնելու իրավունքը և հարմարեցնում խաղն իրեն:

Պետական իշխանականի վերին օղակների հասած անհատներն արդեն չեն էլ խոսում: Նրանց լեզուն օգնականների գրած- տված թղթի կտորն է, որը չի էլ կարդացվում, այլ ուղղակի գրավոր մատուցվում է հանրությանը, որպես վերին խոսք- ուղերձ: Արդեն գրավոր կեղծիքներից ենք ռեալ իրականություն ստեղծել և ծածկել մեզ դրանցով:

Ընտրություներ՝ միայն թղթի վրա, հաշվետվություններ-միայն թղթի վրա, արդյունքեր՝ միայն թղթի վրա, մարդահամար՝ թղթի վրա, դատարան՝ միայն թղթի վրա, տնտեսություն, քաղականություն ու ներհանրային հարաբերություններ՝ միայն թղթի վրա:
Եւ իրապես պատշաճ լեզվի կրողներն էլ մեկուսացած են այս գողական իրականությունից, ներառյալ նաև ընդդիմության դաշտում՝ տեղը զիջելով  համառներին, ու գործը վազվզոցի հետ շփոթածներին:

Նայեցի Մաշտոցի պուրակի երիտասարդական ակտիվի և Հանրային խորհրդի համատեղ քննարկումը:

Նախապես հայտնի էր չէ՞, որ հաջորդ օրը կայանալու է նման  քննարկում: Որ ամեն ոք, ով ասելիք ուներ, կարող էր գալ ու մասնակցել, իր ծանրակշիռ, հիմնավորված, փաստարկված խոսքն ասել: Բացառությամբ Վահան Քերոբյանի պոզիտիվ ելույթի, ոչ մեկի մտքով չէր անցել, որ  պետք է նախապես պատրաստվել, առաջարկներ անել, հիմնավորել, թե ինչը, ոնց ու ինչ ձևերով:

Ոչ մեկը չքննարկեց նորմալ քաղաքների տրանսպորտային մոդելներն ու հանրային խորհրդին չառաջարկեց, թե սա է ներկա աշխարհի տրանսպորտը, պատրա՞ստ եք Երևանի համար սրա նման մի ծրագրի համար կռիվ տալու:

Եթե այո, ապա խոսենք համագործակցության ֆորմատների մասին, եթե ոչ, ապա մենք այսպես ու այսպես, իսկ դուք՝ ոնց կուզեք: Ոչ մեկը չանդրադարձավ երևանյան տրանսպորտային ներքին էությանը, մանրամասներին, տերերին ու դրանց տանիքներին ու չառաջարկեց մեխանիզմներ՝ նաև հանրային խորհրդն օգտագործելու, կոնկրետ այդ տերերից ու դրվածքներից դուրս գալու համար:

Չընդհանրացվեց ու չասվեց,  որ հարգելի հանրային խորհուրդ, ինչու այ էսքան տարրական բաները մինչև հիմա չեք նկատել, քննարկել, վեր հանել ու հանրությանը մատուցել: Բայց փոխարենը տեսանք ծով-մուննաթ, մակերեսային խառնահավաք, որը ցուցադրեց ներկա քաղաքացիական ու մասնագիտական պոտենցիալների անընդունելի որակը:
Երևակվեց հիմնական տիրող ձևը՝ անբովանդակ բողոքն ու անկարողությունը հարցերը խորությամբ տեսնելու, ձևակերպելու ու մեկնաբանելու: Ժողովի ավարտն էլ ավելի անվայել էր ու վանող:

Ակտիվիստը որոշեց, որ բռնակալ է ու իրավունք ունի արգելելու մյուսներին մասնավոր խոսակցություններ վարելու:

Իհարկե, եթե երկրում կեղծիքը որպես ձև ու բովանդակություն պատել է ամեն ինչ, ներառյալ լուսավորն ու մութը, ճիշտն ու սխալը, բարին ու չարը, խոսքի իրավունքն էլ օլիգարխիկ տականքինն է մի կողմից, և մոտ ապագայում էլ երևի ընդդիմադիր կարճատեսինը կլինի՝ մյուս կողմից:

Ամեն պետություն գոյության իր ուրույն ֆորմուլան ունի: Մերն էլ երևի շարունակական բառադիություն է:

Հայաստանը դուրս է 21-դ դարի տրամաբանություններից, դրա համար էլ մեզ ոչ ժամանակակից ձև է պետք, ոչ էլ բովանդակություն: Բավարար են մի քանի օլիգարխն ու դրանց դեմ ջրով ողողված գազոնին նստած մի քանի ջահելը: Դիմացինին քո իրական կարծիքն ասելը ներկա արևմտյան աշխարհի ձեռքբերումներից է:

Մենք սովոր ենք այլ արժեքայինի՝ թե «ուղիղ խոսքը միայն էշին են ասում»: Եւ հենց դրա արդյունքում մեզանում ուղիղ, ծանրակշիռ, փաստարկված, խնամքով կերտված խոսքն իր տեղը զիջել է ներկա մուղամին, քծնանքին, ստորաքարշությանը, ախպերական թոթովանքին  ու հայոց համազգային ամենակուլ կեղծիքին:
Տարիքավորներիս մոտ մեծամիտ տկարամտությունն է, ջահելների մոտ էլ՝ մեծամիտ տգիտությունը:

Մենք՝ հայերս, ներկայում չունենք սեփական սխալները վեր հանելու մեխանիզմներ ու անհատներ, այդ գործն առաջ տանելու: Նույնիսկ մարդիկ, որոնք անարգվեցին, չհամարձակվեցին ձայն հանելու, հակառակն ապացուցելու կամ արդարանալու:
Ես չգիտեմ ներկա մթնոլորտից ձերբազատվելու այլ ձև, քան առավելության հասած այլ ազգերի ու հանրությունների օրինակներին հետևելը: Եւ դա անելու առաջին նախապայմանը ինքնապահանջկոտությունն է՝ սկսած լեզվից, ասելիքի որակից ու վերջացրած պատշաճ ձևն ու պատվաբեր բովանդակությունը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
lragir.am





ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԵՎ «ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱ՛Ն»

Նույնիսկ երեխաներին հայտնի հասարակ մի ճշմարտություն կա. երբ պետք է կառուցել նոր տուն, հիմնահատակ չեն քանդում հինն ու ապրում փողոցում, մինչ կառուցումը։ Բայց արի ու տես, որ դա չի գործել մեր պետության անկախացման առաջին իսկ օրից ու չի գործում այսօր։
Անկախությունից անմիջապես հետո, երբ խզվեցին տնտեսական ու քաղաքական կապերը նախկին պետության երկրների հետ ու դրան գումարվեցին արդեն եղած երկրաշարժի, այնուհետև պատերազմի հետևանքները, երկիրը բոլոր առումներով հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, այդ ժամանակ ամիսներ շարունակ կառավարությունը գերխնդիր էր դարձրել քաղաքների, փողոցների, գյուղերի ու ավանների անվանումների փոխումը, արձանների հեռացումը, բուհերի ու դպրոցների անուններից Խորհրդային Միության հայտնիների անունները հանելը, կինոթատրոններն ու հրապարակները անվանափոխելը։ Ճիշտ այսպես. «Նավը խորտակվում է, իսկ անձնակազմը, նստած, նրա ներքին ձևավորման վրա է աշխատում»։ Խորհրդարանը, բան ու գործ թողած, ամիսներով «նստած էր անունների վրա»։

Շառլ Ազնավուրը իր վերջերս տված հայտնի հարցազրույցում, անդրադառնալով ցեղասպանություն բառին, ասել է. «Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են»։ Ձևական կողմը գերխնդիր դարձրած մեր ղեկավարությունն, ավաղ, սկզբից ի վեր միայն զբաղված է քանդելով հինն ու նորը չկառուցելով։ Քանդում է, քանի որ դա կոմունիստական սխալ բարքերի մնացուկ է, չի կառուցում, քանի որ ունի լուրջ «արդարացում». երկիրն աղքատ վիճակում է, բյուջեում գումարներ չկան։ Ցավոք, մեր դարերով եկած քաղաքակրթությունն ու շինարար ազգ լինելը լոզունգ դարձրած մեր երկրի մանուկն անգամ մեծանում է այդ գիտակցությամբ. պարծենալ ծագումով, քարկոծել և քանդել հինն ու ոչինչ չկառուցել։

Այսօր հերթը հասել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Չէ, ինչո՞ւ այսօր, նրա գլխին սուրը կախվեց անկախացման հենց առաջին տարիներից սկսած արդեն, երբ մի հրամանով ակադեմիկոս դարձան բոլոր թղթակից անդամներն, ու հետո էլ կազմը կրկնապատկվեց։ Գուցե չգիտակցվե՞ց, թե դեպի ուր է տանում այդ քաղաքականությունը։ Ո՛չ, շա՜տ լավ գիտակցվեց... դա ափերից հանեց պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին։ Նա սկզբում անզիջում պայքարեց՝ ասելով՝ դուք գիտակցված փչացնում եք ակադեմիան, այնուհետև դիմում գրեց՝ հրաժարվելով պրեզիդենտությունից ու ակադեմիկոսի կոչումից։
Արժանավորների կողքին բարձր կոչումներով հայտնվեց միջակությունն ու դարձավ հետագայի համար հարմար փաստարկ՝ մատնացույց անելու «ակադեմիական ոչինչ չանող ծերակույտին» ու հնարավորություն ստանալ քանդելու կառույցն ու տիրանալու գիտահետազոտական ինստիտուտներին կամ ավելի ճիշտ՝ ինստիտուտների համալիր շինություններին ու հողերին։

Ինչպես որ դարեր շարունակ  եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերն են եղել ամենալավ դիրքում ու ամենագեղեցիկ վայրում, խորհրդային աթեիստական իշխանությունն այս անգամ կրթության տաճարների ճարտարապետական տեսքին ու վայրին էր մեծ կարևորություն տվել։ Ավաղ, այդ քաղաքականությունն էլ պատճառ է դարձել, որ այսօրվա օլիգարխները դրանց դիտեն՝ որպես հարմար «օբյեկտացուների» ու ջանք ու փող չխնայեն՝ տիրանալու։ Այստեղ արժե հիշել, որ «Հեղափոխությունը հորինում են երազողները, կատարում են ֆանատիկոսները, իսկ պտուղները վայելում են սրիկաները»։

Ընդունելով հանդերձ Խորհրդային պետության հանցագործ կողմերը, իրավունք չունենք չխոստովանելու, որ նա՝ Հայրենականից հետո ոտքի կանգնելու ճանապարհը գիտությանը զարկ տալու մեջ տեսավ։ Գաղտնիք չէ, թե ինչ անխնա ձերբակալությունների ու կոտորածի ենթարկվեց ինտելիգենցիան խորհրդային կարգերի հաղթանակից հետո։ Դրա ավելի ահավոր փուլը հայտնի 1937 թիվն էր։ Երկրորդ համաշխարհայինի նախօրեին համատարած ձերբակալման, աքսորի ու մահապատժի էր ենթարկվում երկրի գաղափարական սերուցքը։
Կա մի հայտնի պատմություն. Պ.Լ. Կապիցան, օգտվելով իր՝ քաղաքացիական անկախ կարգավիճակից, նամակ գրեց Ստալինին, ասելով, որ պետք է ազատ արձակել Լանդաուին և այլ հայտնի գիտնականների։ Այդ չլսված համարձակությունը պատճառ եղավ, որ նրան հրավիրեն Կրեմլ։ Զրույցի ժամանակ, երբ Մոլոտովը բազմիմաստ հարց տրեց նրան՝ Դուք գիտե՞ք, թե այստեղից ուր կարող եք գնալ։ Նա հանդուգն պատասխանեց՝ իհարկե գիտեմ՝ տուն, հարցին, թե ինչո՞ւ է այդպես համոզված, նա պատասխանեց՝ շուտով երկիրը կմտնի պատերազմի մեջ, ու ձեզ պետք կգան Լանդաուն, մյուս գիտնականները, ե՛ս։ Դուք դա չեք կարող չգիտակցել։

Իհարկե, նրանք գիտակցում էին ու ավելի խորը գիտակցեցին պատերազմի հենց առաջին թափից, երբ կորցրին համարյա ամբողջ ռազմական ռեզերվը։ Իհարկե, Ստալինն ու Բերիան բարությունից չէր, որ անմիջապես բանտերից ու աքսորավայրերից ազատեցին բոլոր Լանդաուի ու Կորոլյովի նման մարդկանց և նույնիսկ շտապ հրամաններով հետ բերվեցին նրանք անգամ, ովքեր գնդակահարության էին դատապարտված։

Գիտնականները ոչ միայն անցան ստեղծագործ աշխատանքի, այլև նրանց համար ստեղծվեցին ամենալավ պայմանները։ Գիտության դոկտորի աշխատավարձը սահմանվեց ավելի բարձր, քան ստանում էր նախարարը։ Դե իհարկե բարությունն ու գիտնականի հանդեպ ունեցած հարգանքը չէր պատճառը, այլ գիտակցությունը, թե ուր է հասցրել գիտության անտեսումը։ Հաղթանակի և հետպատերազմական երկիրը ոտքի հանելու գրավականներից էր դա ու համաշխարհային գերտերություն դառնալու կարևորագույն գրավականը։
Եվ հենց Ստալինգրադյան դաժան ճակատամարտի տարում, Կուրսկի ահեղ ճակատամարտին նախապատրաստվելու շրջանում բացվեց Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1943 թ. Նոյեմբերի 10–ին։ Պրեզիդենտ դարձավ հիմնադիրներից մեկը՝ Հովսեփ Օրբելին։ Արագ ստեղծվեց կազմ, որտեղ տեղ գտան առաջին ակադեմիկոսներ Հ. Օրբելին, Վ. Համբարձումյանը, որքան էլ զարմանալի լինի՝ Ավ. Իսահակյանը, Ա. Տերտերյանը և այլոք։ Պատերազմող երկիրը սևեռվեց գիտությունն ու կրթությունը զարգացնելու վրա. բացվեցին բազմաթիվ բուհեր, նոր ֆակուլտետներ, դպրոցներ, որոնցում՝ պարտադիր ուսուցում։ Անձամբ Լավրենտի Բերիայի «ատրճանակի հսկողությամբ» անթերի սկսեց աշխատել կրթության համակարգը, գրվեցին դասագրքեր, բուհերում ու դպրոցներում դասավանդել սկսեցին ամենալավ մասնագետները։

44–ին առաջ քաշվեց հայտնի «Ռուսական ատոմային ծրագիրը» և ստեղծվեց խորհուրդ, որի մեջ էր Աբրահամ Ալիխանովը, ով բացեց Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանն Արագածում ու եղբոր՝ Արտեմ Ալիխանյանի հետ ստեղծեց վերջերս հիմնադրամի վերածված Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երեսուն տարում մեր՝ գիտության ոլորտում աշխարհում վերջին տեղերում գտնվեղ երկիրը դարձավ այդ ոլորտի առաջիններից մեկը։
Մի քանի տարին մեկ բացվում էին նոր ինստիտուտներ։ 70–ականներին մենք ունեինք ԽՍՀՄ–ում գերհզոր և ամբողջ աշխարհում ճանաչված ակադեմիական համակարգ։ Դա հայաստանյան գիտության ոսկե շրջանն էր։ Համբարձումյանը, չթաքցնելով հպարտությունը, հաճախ էր տարբեր առիթներով ասում, որ գիտական արդյունքով Հայաստանը Խորհրդային Միությունում գտնվում է 3–րդ տեղում, բայց բնակչության թվով տասնյակ անգամներ է զիջում 1–ին ու 2–րդ տեղերն զբաղեցնող Ռուսաստանին ու Ուկրաինային, իսկ մեկ գիտնականին ընկնող արտադրանքով գրավում է առաջի՛ն տեղը։ Դա տեղի ունեցավ պետության քաղաքականության արդյունքում։ Աշխարհը տեսավ, որ կա քարտեզի վրա համարյա չերևացող մի փոքրիկ երկիր, որ ունի գիտական հզոր պոտենցիալ։ Բավական է՝ ստեղծել պայմաններ և այն կփայլի ու կարարի և՛ հիմնարար, և՛ կիրառական գիտությունների բնագավառում։

Աշխարհը տեսավ, բայց ավաղ, ոչ մի կերպ չի տեսնում մեր ղեկավարությունը, որը գիտության դոկտորին այսօր տալիս է վարորդից ցածր աշխատավարձ, չի տեսնում, որ՝ ինչ տեմպով հզորացել էր գիտությունը 30 տարում, այսօր նույն տեմպով հետ է գնում. այն ժամանակ ամեն հինգ տարին մեկ բացվում էր նոր ինստիտուտ ու ծաղկում, այսօր ամեն հինգ տարին մեկ քանդվում ու փակվում է ինստիտուտ ու մտնում օլիգարխիա կոչվող գազանի երախը։ Այսօր ԳԱԱ-ն միակ կառույցն է, որի համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտները՝ չունենալով ո՛չ նորմալ ֆինանսավորում, ո՛չ ժամանակակից սարքավորումներ, տալիս են մեծ արդյունք։ Մեր ազգը հպարտանալու մի լուրջ պատճառ ունի, նա գիտությա՛ն ազգ է։ Իսկ մեր նախագահը, երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, հնչեցրեց չտեսնված ու չլսված մի միտք՝ կարծում եք լա՞վ կլինի, որ բոլորը գիտնական դառնան։ (Իմա` չե՛նք թողնելու)։

–Ինտելեկտուալ մեծ պոտենցիալը առիթ է հպարտանալու և ոչ թե անհանգստանալու, հարգելի՛ պարոն նախագահ: Բոլորը գիտնական չեն կարող դառնալ, իսկ նրանց, ովքեր կարող են, իհարկե պետք է թողնեք, ավելին՝ պետք է ստեղծեք բոլոր պայմանները, որպեսզի զարգանա գիտությունը, հետևաբար՝ երկիրը:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ



ՆՐԱՆՔ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՉԵՆ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԻԴԱՅԻՆԵՐ

ՀԱՀԳԲ-ն(ԱՍԱԼԱ) տեղծվել է 1975-ին՝ նպատակ ունենալով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին՝ ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում՝ նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կազմակերպությունների անզորության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։

 1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։

1980-ական թթ. սկզբներին իսրայելական բանակի՝ Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ-ն կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։
1991-ին ՀԱՀԳԲ-ն հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ 1991-ից միայն հայերեն՝ «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը1982թ. օգոստոսի 7-ին ժամը 3-ին մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը:
Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

Լևոն Էքմեկչյանը կախաղան հանվեց թուրքիայում...
Այդ օրը նշվում է որպես ՀԱՀԳԲ նահատակների օր:
Այդ օրվանից սկսած ամեն տարի «Ուխտ Արարատի» հասարակական կազմակերպությունը Եռաբլուր պանթեոնում, նահատակների հուշակոթողի մոտ ոգեկոչման միջոցառում է կազմակերպում՝ ի հիշատակ նահատակ տղաների ու հայորդիների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Վան գործողության» հրամանատար, «ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ» կազմակերպության խորհրդի անդամ Վազգեն Սիսլյանը: Նա հակիրճ բոլորին ներկայացրեց հավաքույթի բուն նպատակը՝ հույս հայտնելով, որ դեռևս պայքարը շարունակվում է, ու շարունակվելու է այնքան, մինչև Հայաստանը վերջնականապես չազատագրվի թուրք յաթաղանից:

Հայրենասիրության ու ԱՍԱԼԱ-ի անցած ուղու մասին խոսեց բանակի կարկառուն ներկայացուցիչներից Ալեք Ենիգոմշյանը:
Վերջում բոլոր ներկաները շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի շիրիմը, որտեղ պատմաբան Գևորգ Յազըճյանը խոսեց նրա սխրանքների ու քաջագործությունների մասին:
Այսպիսով՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, հավերժ փառք մեր նահատակ տղաներին:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ




ՆՎԻՐՅԱԼԸ. ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ…

Հայաստանում երբ ասվում է՝ մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին՝ որպես հավասար մեծություն, դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։ Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝  իսկակա՛ն գիտնական. մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է աստղերին ու իր բնավորությամբ ու ապրելակերպով եղել ո՛չ երկրային։ Ցավալիորեն, Բյուրականի կոլեկտիվն այսօր աչքի չի ընկնում իր համախմբվածությամբ ու փոխադարձ հարգանքի դրսևորումներով, բայց կան անուններ, որոնք անվիճելի հեղինակություն են բոլորի՛ համար։ Ահա, նրանց մեջ՝ Մարգարյան–աստղագետը։ Տասնհինգ տարի շարունակ Հյուսիսային երկինքը մանրակրկիտ նկարահանած ու հետազոտած մարդու համար խորթ են եղել երկրային ճղճիմությունները, փառամոլությունը, չարախոսություններն ու չկամությունը։ Նա իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող են մեծագույն արժանիքները հակադարձ համեմատական լինել ծայրահեղ համեստությանը։ Աստղագետների խորին համոզմամբ՝ նվիրյա՛լ, այն քչերից, որոնց կարելի է բնութագրել հենց այս բառով։

Ավաղ, հայրենի երկրում քչերին է ծանոթ Մարգարյանի անունը։ Իսկ նա, ով անգամ լսել է, արդյո՞ք տեղյակ է նրա գործունեությունից։ Ի վերջո, ի՞նչն է նրա անունը դրել գիտության համաշխարհային մեծությունների կողքին։ Սկսենք նրանից, որ Մարգարյանի աշխատանքները այսօր էլ հանդիսանում են շատ գիտական հայտնագործությունների հիմքը։ Ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանն անկեղծորեն ասել է՝ ես այն չէի լինի, ինչ եմ այսօր, ես՝ ճանաչված լինելուս համար մասամբ պարտական եմ Բենիամին Մարգարյանին։

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ, Բենիամին Մարգարյանը կատարեց աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, այսինքն՝ նա մաս–մաս նկարահանեց ամբողջ երկինքը։ Դա տևեց տասնհինք տարի։ Արդյունքում, հնարավոր եղավ նկատել մեծ թվով թույլ գալակտիկաներ, ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե նկատել, այլ եզրակացնել, որ երկնագույն շերտերը գալակտիկաներ են։ Դրա համար այն պետք էր ուսումնասիրել ավելի հզոր աստղադիտակով։ Եվ ահա այստեղ էր, որ Համբարձումյանն այդ նպատակով ԱՄՆ ուղարկեց Բյուրականից ներկայացուցիչ, որն էլ Վիդմանի հետ կատարեց հանձնարարությունը՝ հաստատելով Մարգարյանի ենթադրությունը։ Համբարձումյանն իր հուշերում գրում է. «Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»։

Իհարկե, իդեալական արդյունք ստանալու համար երկիրը գիտնականի աշխատելու համար պիտի ստեղծի գոնե բավարար պայմաններ։ Այսօր մեր գիտնականի համար չկան այդ պայմանները։ Ճիշտ է՝ արտասահմանյան ուղևորությունները հեշտացել են, բայց ֆինանսավորման խնդրով, բան ու գործ թողած, գիտնականն ինքը պիտի զբաղվի։ Հիմա «ուղեղների արտահոսք» արտահայտությունը միջանցիկ քամու պես անցնում է մեր ղեկավարների կողքով՝ չգործելով ոչ մի ազդեցություն նրանց վրա, հիմա գիտնական ու գիտությունը պետության կողմից մատնված են խորը անտարբերության։ Սովետների երկրում ճշգրիտ հակառակ ծայրահեղությունն էր, այնտեղ գործում էր վախը, որ իր գիտնականը կարող էր լքել երկիրն ու իր գիտական միտքը ծառայեցնել օտար երկրին։ Կարծիքներ կան, որ Մարգարյանի հետազոտությունները կարող էին ավելի խորը և համակողմանի լինել, եթե նա արտասահմանյան գործուղումների կամ արտասահմանյան որևէ առաջատար գիտական կենտրոնում աշխատելու հնարավորություն ունենար: Գուցե իրոք մենք ունենայինք ավելին, քան ունենք այսօր, բայց եղածն էլ մեծ է՝ ճանաչելու, գնահատելու, հպարտանալու Մարգարյան–աստղագետով։

Վերջին տարիներին Մարգարյանի աշխատանքների ուղղությամբ կատարված կարևորագույն գործերից է նրա շրջահայությունը թվայնացնելը, և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է։ Դա Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: «Այդ աշխատանքն ինձնից պահանջեց երեք տարուց ավել՝ 2002–2005թթ.։ Ես գոհ եմ, որ կատարեցի այդ գործը, ու այն հնարավորություն ստացավ ընդգրկվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում։ Բացի այդ, ինձ համար հաճելի էր այն գիտակցությունը, որ ես մասնակցություն եմ ունենում մի գործի, որը կատարել էր մեծ աստղագետը»,– ասում է Արեգ Միքայելյանը։ Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մարգարյանի շրջահայությունը թվով 2–րդ էր Հայաստանից, որ գրանցվեց «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը գործում է` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով:

Իսահակյանն ասում է. «Ժամանակն իր վախճանին կհասնի, և Արևը մի բուռ մոխիր կդառնա...», արդյո՞ք տեղի կունենա վարպետի՝ բանաստեղծական այս «կանխատեսումը», կդժվարանան ասել նույնիսկ աստղագետները, բայց դեռևս տիեզերքում մեր մոլորակը խաղաղորեն իր հերթական պտույտն է գործում, ու նրանում էլի կան հրաշքներ. Բյուրականում էլի աստղազարդ գիշերներին սարերի վրա են «թափվում» ընկնող աստղերը, մարդիկ էլի փորձում են երազանք պահել՝ հավատով, որ այդ ակնթարթում պահածը կկատարվի։ Եղևնիներն էլի շշնջում են ու աստղերի հետ ժպտում մարդկանց միամիտ մտքերի վրա։ Աստղերն էլի շարունակում են պտտվել գալակտիկաների կենտրոնների շուրջ՝ աստղագետներին «ստիպելով» աստղադիտակներն ուղղել դեպի իրենց։ Մարգարյանն աստղ է։ Վիդմանը հայտնի գիտնական է դարձել, Խաչիկյանը՝ ակադեմիկոս, Վիդմանի հետ կապերը շարունակվում են:

Աշնան օրերին եղևնիներից թափվում են կոները՝ Բյուրականի ծառուղիների ու նախամուտքի քայքայված սալահատակներին։ Բյուրականն իր ներքին կահավորումով ու դարն ապրած սարքավորումներով հիշեցնում է տուն–թանգարան, որտեղ ոչինչ չի փոխվում՝ չխախտելու համար հիշողությունը։ Այո՛, այնտեղ, ինչպես թանգարանում, պահվում է երբեմնի փառքի հիշողությունը, հիշողություն, որ պտտվում է անցած, բայց հավերժ ապրող  անունների շուրջը։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ



ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐ ՀԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը։ 
Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին՝ ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու համալսարանում սովորելը համատեղելով՝ տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել։ 

Ինչ խոսք, արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից շատերն են գիտության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենում, բայց քչերն են, որ համագործակցության եզրեր են փնտրում ու գտնում հայաստանյան գիտնականների հետ՝ հազար ու մի ձևով օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկությամբ։ Տարիներ առաջ Ֆրանսիայի Մեցի համալսարանի Մոլեկուլային բախումների ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը նախաձեռնեց գիտական համագործակցություն ՀՀ ԳԱԱ Ճարատարգիտական կենտրոնի (ներկայում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի կազմում) տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ։ Համագործակցությունն արդյունավետ էր, մի շարք համատեղ գիտական դրամաշնորհներ ստացվեցին և հաջողությամբ իրականացվեցին, կատարվեցին զգալի թվով համատեղ աշխատանքներ, որոնք տպագրվեցին ֆիզիկայի ոլորտի առաջատար միջազգային ամսագրերում։

2005 թվականին պրոֆեսոր Ջուլհակյանն առաջին անգամ այցելեց Հայաստան՝ մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի «Լազերային ֆիզիկա» գիտաժողովի աշխատանքներին։  Այցի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ՝ պրոֆեսոր Ժոսլան Հանսսենի հետ միասին մի շարք հանդիպումներ ունեցավ հայաստանյան կոլեգաների ու պետական պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ ու ակտիվ քննարկումներ եղան Ակադեմիայի նախագահի ու նախագահության անդամների, Կրթության և Գիտության նախարարի ու փուխնախարների հետ, ԵՊՀ-ի ռեկտորի հետ, Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանության՝ գիտատեխնիկական համագործակցության գծով կցորդի հետ։ Արդյունքում ձեռք բերվեցին տարատեսակ պայմանավորվածություններ ու կնքվեցին մի քանի համաձայնագրեր։ Դրանցից թերևս կարելի է առանձնացնել համատեղ ղեկավարությամբ ասպիրանտների պատրաստման մեխանիզմով երիտասարդ գիտական կադրերի պատրաստման եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԿԳՆ-ի ու Մեցի համալսարանի միջև։ Համագործակցույթան այս ձևը հետագայում թափ առավ, ընդլայնվեց և սկսեց լայնորեն կիրառվել։ Այսօր այս եղանակով արդեն բազմաթիվ բարձրակարգ կադրեր են պատրաստվել և ներկա դրությամբ կան նոր ասպիրանտներ։

Պետրոս Ջուլհակյանի երկրորդ այցելությունը Հայաստան տեղի ունեցավ այս հոկտեմբերին։ Կրկին՝ մասնակցություն «Լազերային ֆիզիկա» ամենամյա գիտաժողովի աշխատանքներին և հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ևս մեկ ասպիրանտի՝ Հրայր Ազիզբեկյանի թեկնածուական ատանախոսության պաշպանություն։ Բացի այդ, պրոֆեսոր Ջուլհակյանը պետական մանկավարժական համալսարանում հանդես եկավ սեմինարով: Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանի բնորոշմամբ՝ «Պետրոս Ջուլհակյանի ներկայացրած թեման նորույթ է մեզ համար. Հայաստանում այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն տարվում, սակայն վստահեցնում եմ, որ նրա ուսումնասիրությունները հետագայում կունենան գիտական լայն կիրառություն պլազմային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆրանսիայի Լորանի համալսարանների միջև նախատեսված է կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականեցվեն դասախոսների, ուսանողների, ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև՝ համատեղ գիտական աշխատանքներ: Պետրոս Ջուլհակյանը ընդունել է «Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի» առաջարկը՝ մեկ ամիս դասախոսություններով հանդես գալ Մանկավարժական համալսարանում:

Բացի բուն գիտական արդյունքների ներկայացումը, սեմինարն առիթ հանդիսացավ համադրելու գիտության ու կրթության կազմակերպման մոտեցումները Հայաստանում և Ֆրանսիայում։ Նա ներկայացրեց Լորանի համալսարանում մանկավարժների պատրաստման համակարգը, ինչն, ի դեպ, խիստ տարբերվում է հայկականից, ապա անդրադարձավ գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության առանձնահատկություններին, գիտական աշխատանքների կազմակերպման և գիտության ֆինանսավորման ձեռքբերման ընթացքին։ Տարբերություններն այստեղ հսկայական են։

Հայաստանում գիտության հանդեպ իշխանությունների, մեղմ ասած, ոչ այնքան սրտացավ վերաբերմունքն ու որպես դրա ապացույց՝ ֆինանսավորման անհավանական չնչինության չափը զարմացրել ու դառնացրել էր պրոֆեսորին։ Ուշագրավ է այն, որ նա, լինելով չափազանց զուսպ՝ նման թեմաների շուրջ տեսակետ բարձրաձայնելու մեջ, այնուամենայնիվ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում թողել է հետևյալ խոսուն մեկնաբանությունը՝ 
«Թերեւս շատեր անպատշաճ եւ յաւակնոտ նկատեն իմ այս մասնակցութիւնը իբր սփիւռքահայ բնագիտութեան գիտաշխատող եւ դասախօս, այս օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող շարժումին, որ ահազանգ կը հնչեցնէ Հայաստանի պետական կեցուացքին դէմ, որ երկրորդական հարց կը նկատէ գիտութիւններու պահպանումն ու զարգացումը, եւ կոյր է Հայաստանի գիտութէան սպառնացող վտանքին հանդէպ:

Անշուշտ, իմ գիտական մասնագիտութեան սահմաններէն դուրս են երկրի մը գիտական ծրագիրը եւ գիտական քաղաքականութեան հարցը: Ես մակերեսային չափով ծանօթ եմ Հայաստանի իրավիճակին, սակայն ինչ որ կը լսեմ եւ կը տեսնեմ իմ յարաբերութիւններու ընթացքին Հայաստանի գիտաշխատողներուն հետ, զիս կը մղեն արտայայտուելու այս էջերուն վրան: Ես կը կարծեմ, որ իմ պարտականութիւնն է չլռել եւ իմ աղի հատիկը աւելցնել այս շարժումին:

Ինչպէ՞ս կարելի է լռել
-տեսնելով իմ հայաստանցի գիտական գործակիցներու հերոսական (այո հերոսական) ջանքերը ողջ պահելու համար Հայաստանի գիտական մակարդակը:

Ինչպէ՞ս կարելի է լռել
- տեսնելով, որ ոչ մէկ կարելիութիւն կը տրուի երիտասարդ post-doc-ներուն վերադարձին:

Ինչպէ՞ս կարելի է լռել
- երբ գիտաշխատողները կը վերածուին անգործներու:

Ամէն աշխատանք արժանի է վարձատրանքի: Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի գիտաշխատողները չունենան պատշաճ եկամուտ, որ իրենց զերծ պահէ նիւթական մտահոգութիւններէն, որպէսզի կարենան նուիրուիլ ամբողջովին իրենց աշխատանքին:
Ես պիտի չթուեմ բոլոր դժուարութիւնները եւ Հայաստանի հարցերը այս առնչութեամբ: Այդ մասին կը գրեն ինձմէ աւելի տեղեակ աշխատակիցներ, որոնք կ’առաջարկեն նաեւ լուծումներ: Ես կը հաւատամ, որ միջոցները կան Հայաստանի մէջ դժուարութիւնները յաղթահարելու: Կը պակսի քաղաքական կամեցողութիւնը:    Պէտք է ուրեմն սթափեցնել պատասխանատուներուն կամեցողութիւնը»:

Արդյո՞ք երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուներն ունեն կամեցողություն՝ լսելու հարգարժան պրոֆեսորի և հայկական գիտական հանրության ձայնը, ունե՞ն ունակություն՝ կատարելու համապատասխան հետևություններ, և արդյո՞ք ունեն ցանկություն՝ երկիրն ինտելեկտուալ աղետի չհասցնելու,  այլ գործելու, շտկելու վիճակն ու ապահովելու երկրի զարգացումը՝ հենվելով գիտության արդյունքների վրա, զարգացնելով երկրի ինտելեկտուալ պոտենցիալն, ու գիտատար ու գիտելիքահենք տնտեսություն ստեղծելով։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան



ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է։ Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով։ Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը։ Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ։

Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը։ Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել։ 

Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ։ Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել։ Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է։ Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից։ Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...

Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.

- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...

Եվ սկսվե՜ց։ Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.

- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը։

- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ։- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը։ Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...

- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք։

- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է։ Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը։- Մահը նրա համար փրկություն էր։ Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց։

- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել... 

«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը։ «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել։ Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն։

- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը։ 
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր։ Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...

Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը։ Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է։ Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց։ Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.

- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել։ Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի։ Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը։ Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...

Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց. 

«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել, 
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին, 
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես, 
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան։ 

Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել։ Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար։ Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»։

* * *
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա։ Որտե՞ղ է այն։ Ձեր մեջ։ Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու և փոխանցվելու է նոր սերունդների։

Բյուրոկրատիան անմա՞հ է։ Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
2009 թ.


ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում։



ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր: Մեծերի մասին հուշեր են գրում նաև նրանք, ովքեր վերջիններիս կոշիկի քուղն անգամ չեն տեսել...