7.11.14

Ռուսաստանի առաջին «նվերը» հայ ժողովրդին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մաս 1. Հայաստանի խորհրդայնացման նախապատմության որոշ առանձնահատկություններ
Հայտնի է, որ Հայաստանում դասակարգային պայքարի արտահայտված իրավիճակ չկար: Հայաստանի բանվոր դասակարգն աշխատում էր գլխավորապես Բաքվի նավթահանքերում և եթե նույնիսկ հեղափոխական տրամադրությունների կրող էր՝ ապա գլխավորապես Բաքվում և մասամբ՝ Թիֆլիսում: Ռուսական հեղափոխությունների ընթացքի հայկական փորձը Ռուսաստանի կազմում գտնվող Կովկասի հայ բնակչությանն ամենևին դրական չեր տրամադրում հեղափոխությունների նկատմամբ: Մասնավորապես 1905 թ. ռուսաստանյան հեղափոխական իրավիճակը Այսրկովկասում արձագանքվել էր ցարիզմի վարչական ներկայացուցիչների կողմից հայ-մահմեդական կոտորածների կազմակերպամբ: Ռուսական առաջին հեղափոխության փորձը հայերի մեծ մասի մոտ առաջացնում էր կոտորածների տագնապի զգացողություն:

Ռուսական երկրորդ հեղափոխությանը նախորդել էր Թուրքիայում իրականացված հայոց Ցեղասպանությունը, որից փրկված հայերի մի ստվար զանգված պատսպարվելու հույսով դեգերում էր հարավային Ռուսաստանում՝ ողջ Կովկասի տարածքում, մասնավորապես, բնականաբար, Արևելյան Հայաստանի տարծքում: Այդ փախստականության զգալի մասը, ճիշտ է, փրկվել և տեղափոխվել էր Առաջին համաշխարհային պատերազմին նաև թուրքական ճակատում մասնակցած ռուսական զորքերի օգնությամբ, սակայն նրանց մեջ իշխում էին այն տրամադրությունները, որ թուրքերի կողմից իրականացված հայոց Ցեղասպանությունը մասամբ ծրագրավորվել է հայերի կողմից արտահայտված ռուսամետ տրամադրությունների պատճառով:
- Առաջին համաշխարհային պատերազմը խիստ ճակատագրական դեր խաղաց նաև հարավային Կովկասի թե ազգամիջյան, թե դասակարգային հակամարտությունների վերաձևաորումների հարցում: Թուրքիայում իրականացված հայկական ցեղասպանությունը մոբիլիզացրեց Ռուսական տարածքում ապրող հայերին և նրանց կամավորական զորամիավորումները համալրեցին Ռուսաստանի կովկասյան ճակատի զորքերը: Կովկասահայերի, այդ թվում Արևելյան Հայաստանի համար գերխնդիրը ոչնչացող թուրքահայերի ճակատագիրն էր, իսկ դասկարագային պայքարի հարցերը դարձել էին երկրորդական: Դրան զուգահեռ սրվել էին հայերի ու կովկասյան թուրքերի հարաբերությունները: Կովկասյան թուրքերը օսմանյան Թուրքիան ընկալում էր որպես ազատարարի, և բնականաբար թշնաբար էր տրամադրվում հայ կամավորների մասնակցությանը Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի գործողություններին:

- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Ռուսաստանում 1917թ. տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխություն, որից հետո բոլշևիկյան Ռուսաստանը հայտարարեց, որ միակողանիորեն դուրս է գալիս պատերազմից և ճակատներից ետ է կանչում ռուսական զորքերը: Այս պայմաններում ընդամենը մեկ ամիս առաջ իշխանությունը վերցրած բոլշևիկները հապճեպ ընդունում են «Դեկրետ Թուրքահայաստանի մասին», որը գուցե միջազգային հանրությանը պիտի ցույց տար ազգային հարցի լենինյան սկզբունքները (անջատման և ինքնորոշման իրավունք ծայրամասերի բոլոր ժողովուրդներին), սակայն գործնականում ըստ էության անօգուտ, նույնիսկ վնասակար էր Թուրքիայում ջարդերից փրկված հայ բնակչության համար: Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1917 թվականի դեկտեմբերի 29 (1918 թվականի հունվարի 11)-ին ընդունված սույն Դեկրետը Խորհրդային պատմագրության մեջ  սովորաբար անվանում են «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք»: Այն ստորագրել են Վ. ՈՒլյանովը (Լենին) ու Ի.Ջուղաշվիլին (Ստալին), և հրապարակվել է «Պրավդա» թերթի 1917 թվականիի դեկտեմբերի 31-ի համարում, հաստատվել է 1918թ. հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում, որից հետո հրատարակվել է «Բանվորի կռիվը» թերթի 1918 թվականի հունվարի 25-ի համարում։ Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, ինչպես և պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» և վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

«Թուրքահայաստանի» աշխարհագրական սահմանները պետք է որոշեին հայ ժողովրղի՝ դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչները, խառը ն վիճելի (մուսուլմանական և այլն) օկրուգների դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչների համաձայնությամբ: Որպես այս ծրագրի երաշխիք, որևէ տրամաբանության հակառակ, որոշվում է ռուսական զորքերի դուրսբերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հասկանալի է, որ այս պատրանքային, որևէ դիվանագիտական, ռազմական, ֆինանսական մեխանիզմով չամրապնդված օրենքը հայ ժողովրդի համար որևէ հարց չպիտի լուծեր, փոխարենը «Թուրքահայաստանում» դեռևս թաքնվող և Կովկասում հայտնված փախստական հայերի դեմ էր տրամադրում ողջ մահմեդական զանգվածին:

Հարկավոր է հիշել այս խիստ դեկլարատիվ Դեկրետը՝ ճիշտ երկու տարի անց սրան տրամագծորեն հակառակ որոշման կապակցությամբ, որին կանդրադառնանք ստորև:
- Սույն անիմաստ, եթե ոչ վնասական օրենքն ընդունելուց երկու ամիս անց, 1918թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով (մի կողմից՝ Խորհրդային Ռուսաստանը, մյուս կողմից՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան) Ռուսաստանը Թուրքիային է զիջում ոչ միայն «Թուրքահայաստանը», այլև  «Ռուսահայստանի» զգալի մասը: Հայկական հարցին վերաբերում էր Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածը:

Այս հոդվածով Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում պատերազմի ժամանակ գրավված «Թուրքահայաստանը»՝ Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Կարսի մարզը` 30 հզ. կմ. քառ. տարածք, որ մինչև պատերազմն արդեն իսկ Ռուսաստանի մաս էր: Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները (էլ ու՞ր մնաց ժողովրդական միլիցիան) և հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները, ինչը տվյալ դեպքում նշանակում էր թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսած թուրքական կանոնավոր բանակի դեմ զինված դիմադրության կազմակերպումը: Սա արևմտահայերի ցեղասպանական աղետից հետո նույն ցեղասպանության շարունակությունը Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխելու լայն բացվող դուռ էր: Այդ դռնով իսկապես թուրքական կանոնավոր բանակը շուտով հեշտությամբ անցավ Կովկաս, որտեղ արդեն իսկ սրված էին տեղի հայերի և կովկասյան թուրքերի հարաբերությունները:
Ստորև կտեսնենք, որ Խորհրդային շրջանի քաղաքական բռնությունների շրջանում Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ստանձնած հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները վերացնելու բոլշևիկյան պարտավորությունը հետագայում խիստ վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի կյանքում, այդ թվում՝ քաղաքական բռնությունների համատեքստում:
Պայմանագրից անմիջապես հետո թուրքական կանոնավոր բանակը հանգիստ, առանց ջանքերի, մեկը մյուսի հետևից զբաղեցնում էր ռուսական զորքերի թողած բնակավայրերը և մեթոդիկ հետևողականությամբ ոչնչացնում այդ տարածքներում բոլորովին անպաշտպան մնացած հայ բնակչությունը: Սա բոլշևիկյան Ռուսաստանի առաջին «նվերն էր» հայ ժողովրդին:
Բուն բոլշևիկյան հեղափոխությունը և նույն Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը լրացուցիչ պայմաններ ստեղծեց նաև կովկասյան ազգամիջյան հակամարտությունների սրման համար: Օսմանյան թուրքերի մուտքը Կովկաս զգալի հույսեր էր ծնել կովկասյան թուրքերի մեջ, և, սպասելով օսմանյան թուրքական կանոնավոր բանակի առաջխաղացմանը Կովկասում՝ կովկասյան թուրքերի լիդերները 1917թ. վերջերից սկսել էին բորբոքել մահմեդական բնակչության հակահայկական տրամադրությունները:

Հակահայկական տրամադրությունները Կովկասում  և դրանց բոլշևիկյան «ընկալումները»
Բոլոր պատմաբաններին հայտնի են 1917թ. նոյեմբերից ճակատից վերադարձող զինվորներ տեղափոխող գնացքակազմերի վրա կովկասյան թուրքերի հարձակումները, զինվորների կոտորածները և զենքի յուրացումը: Այդ զենքը սկզբում, հատկապես 1918թ.-ից սկսած, օգտագործվում էր հայ և ռուս խաղաղ բնակչության դեմ տարերային թվացող կոտորածներում: 1918թ. մայիսին թուրքական բանակի մի թևն արդեն գրավել էր Ալեքսանդրապոլը (խորհրդային շրջանում՝ Լենինական, ներկայիս՝ Գյումրի), և հայտնվել Արարտյան դաշտավայրում, իսկ մյուս թևը հունիսի սկզբում Նուրի փաշայի (Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ հայտնի Էնվերի խորթ եղբայրը) գլխավորությամբ Ելիզավետպոլում էր  (խորհրդային շրջանում՝ Կիրովաբադ, ներկայիս՝ Գյանջա), որի Նուխի և Արեշի հայ բնակչության ջարդերով շարժվում էին դեպի Բաքու, որտեղ իշխանությունը կենտրոնացած էր բոլշևիկյան կոմունայի ձեռքին:

1918թ. սկզբում Բաքվում հաստատված բոլշևիկյան կոմունան մարտ ամսին բախում ունեցավ Ադրբեջանում ազգային պետություն ստեղծելու ծրագրեր ունեցող մուսավաթական կուսակցության ռազմական կազմավորման հետ: «Ժողովուրդների ինքնորոշման» բոլշևիկյան սկզբունքը արագորեն տեղի տվեց նավթաշատ Բաքուն կորցնելու հեռանկարի առաջ: Բախումը վերաճեց ռազմական ընդհարման: Բոլշևիկյան փոքրաթիվ զորամիավորումների հետ համագործակցում էր նաև Կովկասյան ճակատից ետ կանչված հայ կամավորների խումբը, ովքեր  մուսավաթականների կողմից երկաթուղին վերահսկելու պատճառով «պատանդ»  էին մնացել Բաքվում և չէին կարողանում հայրենիք վերադառնալ:  Բոլշևիկները ժամանակավոր հաղթանակ տարան, սակայն այս մաքուր քաղաքացիական կռիվը ազգային երանգավորում ստացավ և լրացուցիչ խթան հանդիսացավ ազգամիջյան փոխադարձ կոտորածների համար ողջ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում: Բաքվի հեղափոխական կոմիտեի բազմազգ կազմը՝ հայերը, վրացիները, թաթարները, ռուսները (Շահումյան, Ջափարիձե, Կորգանով, Սուխարցեվ, Սահակյան, Նարիմանով) այս փաստացի ազգամիջյան կռիվներն անվանում էին դասակարգային պայքար, «խորհրդային իշխանության դեմ ըմբոստացած հակահեղափոխական բեկերի ու խաների դեմ քաղաքացիական կռիվ» («Бакинский рабочий», 23.4.1918), մինչդեռ կովկասյան թուրքերը օսմանյան թուրքական բանակի առաջխաղացմանը դիմավորում էին դասակարգային պայքարի հետ առնչություն չունեցող խաղաղ հայ բնակչության կոտորածներով:

- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի փաստացի պարտությունից և հայկական զգալի տարածքներ Թուրքիային զիջելուց հետո էր, որ 1918թ. մայիսին Այսրկովկասում ինքնահռչակվեցին երեք հանրապետություններ՝ Վրացական (մայիսի 26), Ադրբեջանական (մայիսի 27) և Հայկական (մայիսի 28), որոնք համապատասխանաբար ղեկավարվում էին երեք ժողովուրդների հիմնական կուսակցությունների կողմից՝ մենշևիկյան, մուսավաթական և դաշնակցական: Երեք հանրապետությունների իշխանությունների ձևավորման համար ծանր պայմաններ էին: Մասնավորապես Հայաստանում հայ կամավորները և աշխարհազորը ծանր կռիվների մեջ էին Բրեստի հաշտության պայմանագրից հետո Ռուսական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակի դեմ, որին հաջողվեց կասեցնել միայն մայիսի վերջին Երևանից ոչ հեռու գտնվող Սարդարապատի ճակատամարտով:
Այլ էր իրավիճակը Ադրբեջանի տարածքով շարժվող թուրքական բանակի համար:
Այստեղ նրանց դիմավորել էին խանդավառությամբ և օսմանյան ու կովկասյան թուրքերի միացյալ բանակը շարժվում էր դեպի Բաքու՝ իր ճանապարհին ոչնչացնելով հայկական բնակավայրերի բնակչությունը:

Հուլիսին Բաքվի բոլոր կուսակցություններն ու ազգային խորհուրդների ներկայացուցիչները՝ «Բաքվի խորհուրդը» քննարկում է ստեղծված իրավիճակը: Մոտեցող թուրքական համատեղ բանակից բոլորն էին վախենում, բացի, թվում է, բոլշևիկներից, ովքեր վճռաբար հայտարարում էին դիմադրության հաջողության մասին: Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ հայ կոմունարներից մեկը՝ Գրիգոր Նիկոլայի Կորգանովը (Կորգանիշվիլի, Կորգանյան) Բաքվի Խորհրդի հուլիսի  25-ի նիստին հայտարարում էր, որ Կոմունայի «ձեռքի տակ գտնվող մարդկային ռեսուրսները բավարար են «թուրքերի առաջն առնելու», որ մենք տեխնիկապես ավելի լավ վիճակում ենք» և որ իրենք լիովին կարող են թուրքական միացյալ զորքին դիմագրավել: Իրականում Ս.Շահումյանը վաղուց էր դիմել Լենինի օգնությանը, և պատասխան էր ստացել, որ Ստալինի միջոցով զորя, մթերք և դրամ է ուղարկվում:  Սակայն Ս.Շահումայնը վստահ էր, որ «Ստալինը ինձ երբեք չի օգնի: Ընդհակառակն, նա ամեն ինչ կանի ինձ, և ինձ հետ միասին Բաքվի կոմունան կործանելու համար: Պատճառն այն է, որ ես վստահ գիտեմ, որ նա պրովոկատոր է: 1908թ. ես ժանդարմներից թաքնվել էի մի բնակարանում, որի տեղը միայն Ստալինը գիտեր, ուրիշ ոչ մեկը: Եվ ժանդարմները եկան ու ինձ ձերբակալեցին»: Այս մասին նա պատմել է մտերիմներին՝ իր որդիների և իր քարտուղարուհի Օ.Շատունովսկայայի ներկայությամբ («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская». Составители: Джана Кутьина, Андрей Бройдо, Антон Кутьин. Берлин, La Jolla, 2001 թ., էջ 388,- http://www.sakharov-center.ru/asfcd/auth/?t=page&num=1698): Ստալինի միջոցով ուղարկված օգնության տեղ չհասնելու մասին հիշում է նաև Ա.Միկոյանը: Բոլոր դեպքերում Բաքվի կոմունայի բոլշևիկները գիտեին, որ թուրքերին դիմադրելու ուժ չունեն: Բաքվի խորհրդի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես էսեռներն ու մենշևիկները («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», ջ 42,-) գտնում էին, որ պետք է օգնության հրավիրել Պարսկաստանի Էնզելի նավահանգստային քաղաքում գտնվող անգլիական զորամիավորումը: «Երբ մեր մոտ մի կողմից անգլիական զորքերն են, մյուս կողմից՝ գերմանացիներն ու թուրքերը, մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը՝ անգլիացիներին: Մենք գիտենք, որ թուրքերին այստեղ թողնելու դեպքում համատարած կոտորած է լինելու» (Стенограмма Чрезвычайного заседания Бакинского Совета Рабочих, Красноармейских, Матросских и Крестьянских Депутатов совместно с районными Советами, судовыми комитетами и Военно-Революционным Комитетом Кавказской Красной Армии от 25-26 июля 1918 г.,- С. Г. Шаумян. Статьи и речи 1917—1918 гг. Баку, Красный Восток, 1929, էջ 287):

Բոլշևիկներն առարկում են: Շահումյան Ստ.,- «Անգլիացիներին հրավիրելը մենք դավաճանություն ենք համարում հեղափոխական Ռուսաստանի նկատմամբ»(էջ  286); Նուրիջանյան Ա.,- «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» (էջ  271): Հեղափոխական Ռուսաստանի շահերով մտահոգ Բաքվի բոլշևիկ կոմունարներին, այդ թվում՝ հայ բոլշևիկներին չէր մտահոգում Բաքվի բնակչության առնվազն քառորդ մասը կազմող հայերի խիստ կանխատեսելի ճակատագիրը: Բաքվի խորհուրդն, այնուամենայնիվ, որոշում է հրավիրել անգլիացիներին («կողմ» – 259, «դեմ» – 236): Բաքվի բոլշևիկներից Ա.Միկոյանը իր հուշերում (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4),  գրում է, որ Ստ.Շահումյանը հայտարարել է, թե՝ «Մենք պայքարը պետք է շարունակենք», և թուրքերի դեմ կռվող զորքեր է պահանջել Բաքվի Հայկական ազգային խորհրդից: Նույն Հայկական ազգային խորհրդին թուրքերի դեմ Ժողովրդական կոմիսարների զորքերի հրամանատար Ավետիսովը տեղեկացրել էր, որ թուրքերը մի քանի ժամից Բաքուն կգրավեն, և խորհուրդ է տվել նրանց սպիտակ դրոշ բարձրացնել: Վերջիններս պատրաստվում էին հենց այդպես էլ անել՝ հույս ունենալով, որ բանակցությունները թուրքական բանակի կոտորածներից կփրկեն Բաքվի խաղաղ հայ բնակչությանը: Ա.Միկոյանն անձամբ է սպառնում կրակել Ավետիսովի վրա՝ «սպիտակ դրոշի» գաղափարի համար: Թվում է՝ բոլշևիկները շատ վճռական էին տրամադրված: Այնուամենայնիվ հուլիսի 31-ին Բաքվի ժողկոմը հայտարարում է իր լիզորությունները վայր դնելու մասին, և ձևավորվում է Բաքվի նոր իշխանություն՝ «Ցենտրկասպիի դիկտատուրան», որը կազմված էր, ըստ Ա.Միկոյանի, էսեռներից, դաշնակցականներից և մենշևիկներից:
Հենց նույն գիշեր բոլշևիկյան Հեղկոմը, փաստորեն բոլորից գաղտնի, փախչում է Աստրախան: Նրանց հետ են վերադարձնում, և Ս.Շահումյանը պատմում է Ա.Միկոյանին, թե ինչու՞ որոշեցին փախչել. «Շտաբի ջոկատի հրամանատար <Գ.>Պետրովը մեզ տեղեկացրերց, որ ջոկատը շատ կորուստներ է կրել և ռազմաճակատում մենք տանուլ ենք տվել: Այդ պայմաններում, երբ թուրքական զորքերն ամեն րոպե կարող են Բաքու մտնել, մենք անհնար համարեցինք քաղաքացիական պատերազմը: Ուստի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց իր լիազորությունները վայր դնել և Սովետական Ռուսաստանի ռազմական ջոկատներն ու պետական ունեցվածքը նավերով տեղափոխել Աստրախան»: Սովորական լեզվի թարգմանած սա նշանակում է, որ իրենք իրենց իշխանություն հռչակած, այսինքն՝ իրենց իշխանության հպատակ բնակչության կյանքի համար պատասխանատվություն ստանձած  Բաքվի կոմիսարները փախել էին այդ բնակչության կյանքի նկատմամբ առաջին իսկ սպառնալիքի ժամանակ՝ իրենց հետ տանելով նաև այդ բնակչության պաշտպանության համար չափազանց կարևոր ռազմամթերքն ու ռազմական ջոկատները: Նրանց գործը միայն «հակահեղափոխականների» դեմ պայքարելն էր: Բոլշևիկները ոչինչ, բացարձակապես ոչինչ չձեռնարկեցին նաև իրենց համար այդքան ատելի, ափ հանված անգլիական զորամիավորումների դեմ, որոնց թիվն, ինչպես Ա.Միկոյանն է ասում, ընդամենը մոտ  հազար մարդ էր: «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» հայտարարությունների հեղինակները կրկին որոշում են փախչել՝ անհայտ թողնելով Բաքվի հետագա ճակատագիրը և անօգնական՝ առնվազն այդ քաղաքի խաղաղ հայ բնակչությանը, որոնց գլխին կախված էր ոչնչացման սպառնալիքը: 1918թ. օգոստոսի 14-ին նրանք իրենց ողջ ռազմական ունեցվածքը բարձում են 17 ջերմանավեր և ծով դուրս գալիս: Բաքվի «հակահեղափոխական իշխանությանը» կրկին հաջողվոմ է նրանց ետ բերել, և այս անգամ արդեն կոմունարներին, Ս.Շահումյանի գլխավորությամբ  35 մարդու ձերբակալել (А.Микоян, Так было, գլուխ 4): Նրանց դեմ մեղադրանք է հարուցվում «…ժողովրդի փողերը ծախսելու վերաբերյալ հաշվետվություն չհանձնած՝ փախուստի փորձի, ռազմական ունեցվածքը դուրս տանելու և դավաճանության»համար:

Ելիզավետպոլի նահանգում իրենց ճանապարհին ահռելի թվով հայ բնակչություն ոչնչացրած թուրքերի՝ Բաքվի մատույցներում հայտնված միացյալ բանակի անունից օգոստոսի 22-ին գերմանացի սպաների միջոցով Բաքվի հայերին վերացնելու սպառնալիքով («հայկական կյանքն ու հայկական ունեցվածքը պետք է ոչնչացվի և կ՛ոչնչացվի»!) քաղաքը հանձնելու վերջնագիր է ներկայացվում… Բաքվի հայ բնակչությանը(«Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918–1920 թթ.», Փաստաղթերի և նյութերի ժողովածու, կազմել են Ս.Միրզոյան, Ա.Ղազիյան, Երեւան, 2003, էջ 82–83): Առկախ թողնելով այն հարցը, թե ինչու՞ էր այս վերջնագիրը հայերին ուղղված, եթե Բաքվի երեկվա իշխանությունները Բաքվի Կոմունան էր, ընթացիկը՝ «Բաքվի խորհուրդը», «Ցենտրկասպիի դիկտատուրան» և անգլիացիները, վավերացնենք միայն, որ այս սպառնալիքը տարածվում էր նաև հայ բոլշևիկների վրա:

Սեպտեմբերի 14-ին, թուրքական միացյալ բանակի Բաքու մտնելու օրը, իշխանության հավակնություններ ունեցող բոլոր ուժերը՝ բոլշևիկ, մենշևիկ, էսեռ, դաշնակցական, անգլիացիներ…՝ բոլորը ելքեր էին փնտրում փախչելու:  Բոլշևիկներից ազատության մեջ մնացած Ա.Միկոյանին հանձնարարվում է բանտից փրկել ձերբակալված բոլշևիկներին՝ «ազատել կամ էվակուացնել, որպեսզի նրանց չթողնենք թուրքերի հոշոտմանը» (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4): Միկոյանին դա հաջողվում է անել «Ցենտկասպիի դիկտատուրայի» անդամ էսեռ Վելունցի օգնությամբ: Թուրքերի հոշոտման մասին այսպիսի համոզմունք ունեցող Միկոյանը մեկ տարի անց դեռ շատ պիտի կուրծք ծեծի թուրքական բարեկամության մասին և համոզի բոլշևիկներին, թե ի՞նչ երջանկություն է լինելու Ղարաբաղի և Զանգեզուրի հայերի համար Ադրբեջանի կազմում մնալը:
Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի անձնական քարտուղարուհի Օ.Շատունովսկայան մի փոքր այլ կերպ է հիշում այս պատմությունը. «Միկոյանը գնաց Բաքվի խորհրդի նախագահություն: Թուրքերից բոլորն էին վախենում, և նրանք նույնպես էվակուացվել էին (կարդա՝ փախել էին-Հ.Խ.), մնացել էր միայն նախագահության անդամ Սաքո Սահակյանը: Ահա այս Սաքո Սահակյանին Անաստասն սկսեց համոզել, որ դուք էլ, մենք էլ սոցիալիստներ ենք: Մեր ճանապարհները բաժանվել են: Մենք տարբեր կերպ ենք նայում հեղափոխության ճանապարհներին, բայց մի՞թե դուք թույլ կտաք, որ մեր ժողովրդական կոմիսարներն ընկնեն թուրքերի ձեռքը, որ թուրքերը նրանց պատառ-պատառ անեն: Չէ՞ որ դա որպես սոցիալ-հեղափոխականների արգահատելի կնիք հավերժ կմնա պատմության էջերում:  Սաքո Սահակյանը համոզվեց… և հրաման ստորագրեց բանտապետին՝ ազատել բոլոր բոլշևիկյան կոմիսարներին: <Միկոյանը> բանտ գնաց և ազատեց կոմիսարներին: Իսկ նավահանգստում այնպի՜սի ռմբակոծություն էր… բոլորը ջանում էին փախչել, հատկապես հայերը: …«Թուրքմեն» ջերմանավում դաշնակ Թաթևոս Ամիրովի ջոկատն էր տեղավորվում, իսկ մեր խմբում նրա եղբայր Արսեն Ամիրովն էր, «Բակինսկի ռաբոչի» թերթի խմբագիրը: Նստում են այդ նավը: Մերոնք բոլորը, այդ թվում Միկոյանը: Իսկ մենք՝ երիտասարդներս, քսան հոգի, մնում ենք»,- պատմում է Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի  անձնական քարտուղարուհին («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 43-44):

Այսպիսով, իշխանությունը ոչ մի գնով մուսավաթականներին չզիջելու աղմկոտ հայտարարություններից  և մի շարք պատժիչ գործողություններից հետո Բաքվի կոմունարները  նույնիսկ չեն դիմադրում մուսավաթականներին միացած թուրքական բանակին, այլ պարզապես փախչում են՝ թուրքական հայատյացությունը հարստացնելով նաև իրենց գործողությունների նկատմամբ վրիժառության երանգը: Եվ Բաքվում իսկապես սկսվում է հայերի սարսափելի սպանդ: Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներն այդ գործում հարուստ փորձ ունեցող թուրքական բանակը ղեկավարող Նուրի փաշան և նորաստեղծ Ադրբեջանական հանրապետության ներքին գործերի նախարար, մարտ ամսին իր ընկեր Ստ.Շահումյանի տանը իր ընտանիքով ապահով ապրող  Բեյբութ Ջեվանշիրն էին: Շահումյանի քարտուղարուհի Օ. Շատունովսկայան հիշում է. «Մարտին (1918թ.) մուսավաթականների ապստամբության ժամանակ  մեր ջոկատը գնդակոծում էր Ջեվանշիրի ապրած տունը: Այդ տան տանիքից մերոնց դեմ կրակում էին թնդանոթից: Ջեվանշիրը կարողացավ Շահումյանին լուր ուղարկել և օգնություն խնդրեց: Շահումյանը Սուրեն Աղամիրովին և իր որդի Սուրենին հանձնարարեց գնալ և Ջեվանշիրին կնոջ հետ բերել իր տուն: Նրանց բարեհաջող բերեցին Շահումյանի բնակարան: Ես նույնպես այնտեղ էի: Նրանք այնտեղ ապրեցին երկու շաբաթ» («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 64):  Ջեվանշիրի հայատյացությունը հանրահայտ էր, նրա մտերիմներից մեկը նոյեմբերին պետք է ասի.  «…մեր կառավարությունը զբաղված է միայն երկու գործով՝ հայերի ոչնչացումով և ադրբեջանական բանակի կազմավորմամբ» («Кавказское слово», 20.12.1918):

Բաքվի հայկական ջարդերի մասին շատ է գրվել: «Պաշտոնապես» այն թույլատրված էր իբրև թե երեք օր, բայց, անշուշտ, տևեց բավական երկար, մեծ հաշվով կարելի է ասել, որ այն շարունակվում էր ողջ աշուն, եթե ոչ ԱԴՐ-ի ողջ ընթացքում:
Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը ընդամենը բողոքի մի խեղջ նոտա է հղում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, բողոքելով Բրեստ Լիտովսկի պայմանագիրը խախտելու, Խորհրդային Ռուսաստանին խաբելու, նրան պատկանող կարևորգաւոյն քաղաքներից մեկը գրավելու և «անպաշտպան բնակչության ջարդերի ու թալանի » դեմ (Документы внешней потитики СССР. Т.1. с.338-371, 381, 401, 411, 423):

Բաքվում հայերին դեռ կոտորում էին, իսկ ահա Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում 1918 թ. հոկտեմբերին երիտթուրքերի կառավարությունը հրաժարական է տալիս, պարագլուխները՝ Էնվերը, Թալյաթը, Ջեմալը, այլոք փախչում են իրենց հանցակից Գերմանիա և հոկտեմբերի 30-ին թուրքական նոր կառավարության հետ Անտանտի երկրները կնքում են թուրքերի համար ծանր Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որը, ի թիվս այլոց, պահանջում էր Կովկասից ետ կանչել օսմանյան բանակի զորամիավորումները: 1919թ. հունվարի 30-ին հայտարարվում է Օսմանյան կայսրության վախճանը, իսկ  փետրվարի 5-ից մինչև  1920թ. հունվարի 13-ը ընթանում է երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը «Սահմանադրությունը խախտելու, Թուրքիան համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների համար» Ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտում գլխավոր գաղափարախոսներին:

Թուրքիայի բոլշևիկացման խոստումները, Խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը և «իմպերիալիստական Հայաստանի» բոլշևիկայն  հայացակարգը
Եվ ահա այդ իրավիճակում կտրուկ փոխվում են թուրքերի և Ռուսաստանի բոլշևիկների փոխահարաբերությունները: Երիտթուրքերի՝ գնդակահարության դատապարտված առաջնորդները, հենց նրանք, ովքեր նոր խորհրդայնացած Ռուսաստանին պարտադրել էին Ռուսաստանի համար խայտառակ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, գրավել Բաքուն, հայտնվում են Մոսկվայում՝ բանակցելու  կազմալուծված, քայքայված Թուրքիայի՝ Անտանտի զորամիավորումներից ազատ տարածքում երիտթուրքերի ժառանգորդ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորված զուգահեռ իշխանությանը բոլշևիկյան Ռուսաստանի օգնությունը կազմակերպելու, որի դիմաց Քեմալը խոստանում է բոլշևիկացնել Թուրքիան և միանալ «բոլոր ճնշվածներին օգնելու» բալշևիկյան գաղափարախոսությանը: Դժվար է պատկերացնել, Մոսկվայում իսկապե՞ս հավատում էին այն առասպելին, թե սոցիալիստական Ռուսաստանի օգնության դեպքում Մուստաֆա Քեմալը պատրաստ է Թուրքիան դարձնել սոցիալիստական: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Թուրքիայում հայկական (նաև ասորական, հունական, եզդիական) կոտորածների կազմակերպիչներին Մոսկվան ընդունում է գրկաբաց և սկսվում է սոցիալիզմը Թուրքիա հասցնելու մի չտեսնված բոլշևիկյան ոգևորություն: Թուրքերը մի «բայց» էին տեսնում՝ հայերը: Բոլշևիկյան Մոսկվան փաստացի պատրաստակամություն է հայտնում այդ «բայցը» վերացնելու և ակնհայտորեն հենց այդ նպատակով Կովկասյան երկրամասի բոլշևիկյան կուսակցության բյուրոյի և կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ հայազգի Ա.Միկոյանը 1919թ. դեկտեմբերին Լենինի համար նախապատրաստում է մի զեկույց այն մասին, թե ստեղծված պայմաններում ինչպիսին պետք է լինի Արևմտյան Հայաստանի և ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատագրի վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը: Այն, անշուշտ, պիտի բավարեր Մուստաֆա Քեմալի սպասելիքները: Հիրավի, ըստ այդ նախագծի, Ա.Միկոյանն առաջարկում է հաշվի առնել այն փաստը, որ կոտորածների հետևանքով Թուրքահայատանում բառի ուղղակի իմաստով հայ չի մնացել, թուրքահայ փախստականներից  Այսրկովկասում առկա է մոտ 300.000 մարդ, իսկ բուն Թուրքահայաստանում ապրում են համարյա միայն մահմեդականներ: Միայն իմպերիալիստների կամակատար հայ շովինիստներն են դեռևս կրում «Մեծ Հայքը» վերստեղծելու պատրանքային գաղափարը, որի նպատակը Թուրքիան կողոպտելն ու իմպերիալիստներին զոհաբերելն է, և որը նույնիսկ վերականգնվելու դեպքում դժբախտություն կբերի Թուրքահայաստանի ներկայիս մահմեդական  բնակչությանը: Եթե բոլշևիկների կուսակցությունը նույնիսկ պաշտպանի հայ շովինիստների այս ագրեսիվ ծրագրերը, նա իր դեմ կտրամադրի արևելքի մահմեդական բազմամիլիոն հատվածը, որն առանց այն էլ հուզված է երկու տարի առաջ բոլշևիկների ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետից: Բոլշևիկներն այժմ պետք է ընդունեն, որ հայկական ազատագրական շարժումը վերափոխվել է իմպերիալիստական-նվաճողականի,  որ «Թուրքահայաստանի» և առհասարակ «Միացյալ անկախ Հայաստանի» գաղափարը վտանգավոր, ռեակցիոն և հանցագործ գաղափար է, որի դեմ բոլշևիկյան կուսակցությունը պետք է պայքարի, որ հայկական հարցն առհասարակ արդեն վերացել է, քանի որ այդ տարածքներում վերացել է… հայ ժողովուրդը, իսկ հայ փախստականներին ապագայում, երբ հայերը կնվաճեն թուրքերի վստահությունը, կարելի է վերադարձնել իրենց հայրենիք և կլուծեն թուրք բոլշևիկների մեջ (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1202, Лл.8-9об, Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, сс. 37-38, http://www.genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#670; ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24:): Ավելի ուշ կտեսնենք, թե որքան վճռորոշ դեր է խաղացել

«Միացյալ անկախ Հայաստանի» «վնասակար գաղափարի», «շովինիստ հայ իմպերիալիստների», «իմպերիալիստների կամակատար հայ շովինիստների» մասին

Միկոյանի այս ձևակերպումները ԽՍՀՄ քաղաքական բռնությունների հայաստանյան իրողություններում: Իսկ առայժ նշենք, որ հայերի կոտորածներն իրականացնողների համար ավելի լավ գաղափարական և գործնական լուծում հնարավոր չէր գտնել: Սակայն Մուստաֆա Քեմալի պահանջը միայն թուրքահայերին չէր վերբերում: Քեմալը խոստանում է, որ ոչ միայն Թուրքիան, այլև նորաստեղծ Ադրբեջանի մուսավաթական հանրապետությունը շուտով կխորհրդայնան, բայց նրան հստակ խոստումներ էին պետք, որ «կովկասահայության ապագան» չպիտի խանգարի կովկասյան և օսմանյան թուրքերի միավորմանը: Խոսքը գնում էր մասնավորապես Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի, մասին: Նախիջևանն ու Զանգեզուրը մասնավոր կարևորություն ունեին, քանի որ դա էր Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհը և ընդհանուր սահմանը:

Ա.Միկոյանը Մոսկվայի համար սկսում է նախապատրաստել «Խորհրդային Ադրբեջանի» սահմանների՝ Մուստաֆա Քեմալի քիմքին հարմար տարբերակի հիմքերը, իսկ այդ ընթացքում մուսավաթական Ադրբեջանում շարունակվում էին հայերի կոտորածները: Առհասարակ 1920թ. Ադրբեջանի հայերի համար սկսվում է չափազանց ծանր իրավիճակ: Բոլոր կողմերից տեղեկություններ են ստացվում տեղական վարչակազմերի անհավատալի բռնությունների, միլիցիայի ծաղր ու ծանակի, բանդիտների հարձակումների, կողոպուտների ու կոտորածների մասին, իսկ «բողոքել չի կարելի», քանի որ բողոքողներին մահացու վտանգ է սպառնում: Կենդանի մնացած հայ բնակչությունը խուճապահար փորձում է փախուստի ելքեր որոնել, բայց բոլոր ճանապարհները նրանց առաջ փակ էին(ՀՀ ԱԱ, Ֆ. 223, Ց. 1, Գ. 103, Թ. 12 հետ.: Թ. 110; «Հայերի կոտորածները Բաքվի և Ալեքսանդրապոլի նահանգներում,  1918–1920 թթ.», էջ 440; 444):  Եվ մինչ «կարմրող թուրքերն» ու «կարմիր կոմունիստները» բանակցում էին Թուրքիա սոցիալիզմ ներմուծելու դիմաց թուրքական պահանջների շուրջ, մարտ ամսին Ղարաբաղում տեղի է ունենում Շուշիի հայերի սարսափելի կոտորածը: Ապրիլի 14-ին Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Անդրկովկասի կոնֆերանսի հայկական պատգամավորներին տեղեկացնում է, որ Ելիզավետպոլի հայկական Կարաչինար, Պարիս, Մանասբեկ, Վերին և ներքին Աղջաղալա, Էրքեջ, Աբլախ, Կարադաղլու, Սուլուկ, մասամբ՝ Չայքենդ գյուղերի ամբողջ բնակչությունը ոչնչացված է, կրկին կոտորածներ են եղել Նուխու և Արեշի հայկական գյուղերում, իսկ Ղարաբաղում թուրքական բանակի արևելյան ճակատի հրամանատար Խալիլ Փաշայի և գեներալ Սելիմովի գլխավորությամբ ամբողջովին կոտորել են Շուշիի ու հարակից գյուղական բնակավայրերի հայ բնակչությունն ու շարժվում են դեպի Զանգեզուր՝ «իրենց ճանապարհին ամեն ինչ այրելով»( ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ.563, Թ. 69հետ., հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян…, հատոր  2, մաս 1, էջ 48-49):

Ադրբեջանահայության սարսափները հասել էին բոլոր անտրամաբանական սահմաններին, երբ վերջապես Լենինն ու Մուստաֆա Քեմալը ըստ երևույթին համաձայնության են գալիս «զիջումների» շուրջ: 1920թ. ապրիլի 26-ին, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի բացման երրորդ օրը, Մուստաֆա Քեմալը նոր ձևավորված կառավարության անունից նամակով դիմում է Խորհրդային կառավարությանը՝ դիվանագիտական հարաբերություններ սկսելու և Թուրքիային օգնելու խնդրանքով: Այդ նամակում ասված է. «Առաջին. մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ: Երկրորդ. եթե սովետական ուժերը ռազմական գործողություններ են ենթադրում Վրաստանի դեմ, կամ դիվանագիտական ճանապարհով, իր ազդեցության միջոցով կստիպեն Վրաստանին մտնել միության մեջ և նախաձեռնել Կովկասից անգլիացիների վտարումը,  Թուրքական կառավարությունը հանձն է առնում ռազմական գործողություններ սկսել իմպերիալիստական Հայաստանի դեմ և պարտավորվում է Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Այնուհետև նամակում հայտնի խնդրանքն է Լենինին՝ օգնելու Թուրքիային ոսկով, զենքով, պարենով(АВПР, Ф.04, Оп.39, П.262, Д.52987, Л.1, Копия; Ф.132, Оп.4, П.104, Д.40, Л.13, Копия. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян… հատոր  2, մաս 1, էջ 50-51): Ուշագրավ է, որ Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան կայքում հպարտորեն հղում է արված Մուստաֆա Քեմալի այս նամակին, բայց զսպվածորեն հիշատակված են միայն առաջին տողերը՝  «Մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ» (http://www.turkey.mid.ru/20-30gg.html): Բնականաբար, Վրաստանի ու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրավորվող հատվածը ցուցադրելը շրջահայեցորեն  շրջանցված է:

Նույն օրը, ապրիլի 26-ին բոլշևիկների ԿԿ-ում ելույթ են ունենում Կոնստանդինապոլսից ժամանած թուրք կոմունիստերը՝ բացատրելով Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականության սկզբունքները: Այդ բացատրության հռետորաբանությունն ամբողջովին քաղված է Ա.Միկոյանի տեսլականից. ««Մեծ Հայքի» մասին երազող հայ ազգությունը Եվրոպայում ընթացքող Խաղաղության կոնֆերանսին ուղարկել է պատվիրակություն՝ պահանջելով թուրքական վեց վիլայեթները (Էրզրում, Վան, Տրապիզոն, Դիարբեքիր, Խարբերդ և Սվազի մի մասը) և նախկին Ռուսաստանի չորս մարզերը (Երեվան, Կարս, Նախիջևան, Բաթում ու Արդահան): Չնայած այժմ թուրքական վիլայեթներում հայերը կազմում են բնակչության 10-15%, Խաղաղության կոնֆերանսը որոշել է ընդառաջել նրանց…, մտադրված լինելով Հայաստանն օգտագործել Խորհրդային Ռուսաստանից տարածվող բոլշևիզմի և Թուրքիայում ծնվող բոլշևիզմի դեմ... Հայաստնին դաժան պարտություն է սպասվում, քանի որ այն երեք կողմից շրջապատված է Խորհրդային Ռուսաստանով, Ադրբեջանով և ըմբոստացած ու ոտքից գլուխ զինված Անատոլիայով… » (РГАСПИ, Ф.2, О.2, Д. 280, Лл.280-281об, Подлинник, հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян... հատոր 2, մաս 1, էջ 51.-52):

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

Комментариев нет:

Отправить комментарий