21.5.15

«Սուրս չթողեց, որ գրող դառնամ, գրիչս չթողեց, որ զինվոր դառնամ…»


Մայիսի 20-ին լրանում է հայ քաջաբազուկ հերոսի` Արամ Երկանյանի ծննդյան 115-ամյակը

 Նա ապրեց ընդամենը 34 տարի: Ամբողջ կյանքը նվիրում էր իր ազգին ու հայրենիքին: Դառը ճակատագրի հարկադրանքով ապրեց հարազատներից հեռու՝ Արգենտինայի Կորդովա քաղաքում նրան տանջեց ու տարավ հյուծախտը` նյութական ծանր վիճակում թողնելով կնոջը` Իզաբելլա Բարաքյանին և միակ զավակին` Մարիին: Մահվանից տասնամյակներ հետո իր եղբոր դստեր` Թերեզա Վաղարշակի Երկանյանի խնդրանքը` Արամ Երկանյանի անունով Երևանում փողոց անվանակոչել, մնացել է անարձագանք: Ի դեպ նման առաջարկով շատերն են դիմել:

Արամ Երկանյանի 100-ամյակին նվիրված հանդիսությանը, որի կազմակերպիչներն էին Երկանյանները, առաջին անգամ ներկայացվել են Վարդան Գալուստյանի ﴾«Կարին»  հայրենակցական միության հիմնադիր-ատենապետ﴿ և Ռոմիկ Հովնանյանի` հայ վրիժառուի գործունեության վերաբերյալ պատմական տվյալներ:

Երեկոյի ավարտին հանդես է եկել «Տաղարան»  հնագույն երաժշտության համույթը` Արամ Երկանյանի արյունակից, դիրիժոր- կոմպոզիտոր Սեդրակ  Երկանյանի ղեկավարությամբ:

Արամ Երկանյանի 110-ամյակին նվիրված հանդիսության կազմակերպիչները եղել են ՀՅԴ Գերագույն մարմինը, ՀՅԴ Երևանի Շենգավիթ համայնքի «Արամ Երկանյան»  Կոմիտեն և իհարկե, Երկանյանները: Այդ օրը մեկտեղվել էին գիտության և արվեստի բնագավառների կարկառուն ներկայացուցիչներ, Երկանյան ազգատոհմի` միմյանց գտած անդամները: Երեկոն ավարտվել է «Տաղարան»  հնագույն երաժշտության համույթի ելույթով:

Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականի մայիսի 20-ին, Կարինում, եղել է Սանասարյան վարժարանի շրջանավարտ: 1915-ին ականատես է եղել թուրք մարդասպանների գազանություններին: Նույն թվին`Կարինի տեղահանության ժամանակ, հրաշքով փրկված Արամը ապաստան է գտնում Կովկասում և կորցնում ընտանիքի հետ կապը: 1916թ. արդեն կամավոր ջոկատներում՝ ռուսական բանակի կազմում մասնակցել է Կարինի ազատագրմանը: Ռուսական բանակի հետ քաշվելուց հետո էլ շարունակել է իր ծառայությունը կամավորական ջոկատներում: 1918-ից դաշնակցական կուսակցության անդամ էր, կատարել է հատուկ հանձնարարություններ: Արամին նկատում է հայ վրիժառու խմբի կազմակերպիչը` արևմտահայ նշանավոր մտավորական Շահան Նաթալին: Արամը ձեռնամուխ է լինում «Նեմեսիսի» ծրագրի իրագործմանը: Թուրք ոճրագործներին պատժելու որոշումն ընդունվել էր ՀՅ Դաշնակցության 9-րդ համագումարում: 1920-ին Արամը չեզոքացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թուրքական ավազակախմբերը: Ի դեպ նրա հարազատները գաղթել էին Էրզրումից և ապրում էին հենց Ղարաքիլիսայում, բայց այդ մասին նա չգիտեր:

«Նեմեսիս»  գործուղության  շրջանակներում Արամ Երկանյանի գնդակից ընկան մուսավաթական Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովը`1919թ. հոկտեմբերին, Նասիբ Բեկ Յուսիֆբեյլին` 1920թ. մայիսի 30-ին, Բաքվում, Ֆաթալի Խան Խոյսկին`1920թ. հունիսի 19-ին, Թիֆլիսում, Հասան Բեկ Աղաևը` 1921թ. հուլիսի 19-ին Թիֆլիսում, իսկ 1922թ. ապրիլի 22-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ նրանք սպանեցին Բեհաեթդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին: Արամ Երկանյանը և Սողոմոն Թեհլերյանը վերջ տվեցին նաև հայ դավաճաններ Վահե Քիսայի և Արթին Քեհյանի կյանքին, այդ երկուսն էին կազմել 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների ցուցակը:

Այնուհետև՝ 1922-27թթ. Արամն ապրել է Ռումինիայում, 1927-ին մեկնել է Արգենտինա, մինչև 1931թ. ապրել Բուենոս Այրեսում: Մասնակցել է Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի տարածմանը, եկեղեցիների և դպրոցների բացմանը, դասավանդել է հայ տներում: 1931-ին ամուսնացել է Իզաբելլա Բարաքյանի հետ, 1932-ին ծնվել է նրանց միակ զավակը` Մարին: Բուենոս Այրեսում 1931-ին հիմնադրել է Արգենտինայում առայսօր տպագրվող «Արմենիա» թերթը: Հեղինակն է նաև «Այսպես սպաննեցինք» և «Արյան ձայներ»  հուշագրությունների:

Հյուծախտով հիվանդ Արամ Երկանյանը տեղափոխվել է Կորդովա, մահացել է 1934-ի օգոստոսի 2-ին: Թաղված է այդ քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու բակում, ուր տեղադրված է կիսանդրին: Արգենտինահայերի այս սրբատեղի են այցելում ԱՍԱԼԱ-ի տղաները:

Արամ Երկանյանն իրագործեց վրիժառու դառնալու իր երդումը, որը տվել էր 11 տարեկանում, երբ թերթել էր Ադանայի հայկական ջարդերի մասին պատմող` Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը:

Նրա հերոսական կյանքի և դաժան վախճանի մասին հարազատներն իմացան միայն Արամի մահվանից տասնամյակներ անց: Իսկ նրա եղբայրը` Վահե Երկանյանը, մահվանից օրեր առաջ ձեռքն առնելով «Այսպես սպաննեցինք» գիրքը՝ ամբողջ գիշեր կարդաց և առավոտյան մահացավ կաթվածից` «Ա՜խ Արամ» ասելով: Գրկին փոքրիկ թոռնիկն էր՝ Արամը: Վահե Երկանյանը, ում պատահաբար գտան արտասահմանից Հայաստան եկած հայ հոգևորականները և հանձնեցին Արամի հուշագրությունները , հաճախ էր հայտնվել համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում` եղբոր մասին որևէ բան իմանալու դաժան հարցաքննությամբ: Ի դեպ,պապի գրկում նստած Արամ անունով այդ փոքրիկ տղան այսօր իր արժանի տեղն է զբաղեցնում առողջապահության ոլորտում: Արամ Երկանյանի եղբոր` Վահեի մահվանից հետո , դուստրերը ևս մեկ անգամ նախաձեռնեցին հարազատներին փնտրել-գտնելու նվիրական դարձած գործը: Ի վերջո գտան արյունակից-Երկանյաններին: Հայտնի է, որ Սուսաննա Երկանյանն աշխատում էր նույն հիմնարկում, Արտյոմ Երկանյանի հետ` առանց այդ մասին իմանալու: Հայտնի դեպքերից հետո նրանք գտան միմյանց: Այսպես հաստատվեց կապը նաև Արամ Երկանյանի`արտասահմանում ապրող դստեր` Մարիի հետ, ում հարսանյաց հանդեսն իր ներկայությամբ պատվել է Արամ Խաչատրյանը: Մարի Երկանյանի և Սարգիս Գավուքյանի ամուսնությունից ծնվել են Փոմփին և Արամը, որն ավաղ՝ 12 տարեկանում ավտովթարից մահացել է: Իսկ Փոմփին, որ արդեն թոռնիկներ ունի, հոգատարությամբ է շրջապատել առողջական խնդիրներ ունեցող մայրիկին` Մարիին: Փոմփիի և Հայաստանում ապրող ազգականների հետ ջերմագույն շփումից և նամակագրությունից ենք տեղեկանում, որ Արամ Երկանյանի հանրահայտ «Մանլիխեռ» մաուզերը չի պահպանվել:

Վերջերս Կորդովայում կազմակերպված միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով՝ Փոմփին նշել է. « Հերոսները չեն կերտվում, այլ ծնվում են: Առանց քաջի ամոթը արճիճի ծանրությամբ պիտի նստեր հայ հոգիների վրա ու անարգանքի մուրը պիտի քսվեր վերապրող ցեղիս ճակատին»: Եվ շարունակելով խոսքը` եզրափակել է.  «Հարգանք քո բազուկին, սիրելի՛ մեծ հայրս`կյանքիս փարոսը, որ քո հերթին փոխվրեժի լուսավոր նոր էջ ավելացրեցիր մեր նորագույն պատմության վրա, Ազգիդ ու գաղափարիդ հավատարիմ մնացիր, դու չմեռար՝ անմահ ապրեցիր:

Մարիամ Միրզոյան

Комментариев нет:

Отправить комментарий