27.8.14

Օգոստոս 2014



Այլևս իրավունք չունենք խաբվելու միամիտ-անմիտ երազներով 

Ղարաբաղա-ադրբեջանական, կամ ինչպես մեզանում հաճախ ասում են՝ Արցախյան պատերազմի ժամանակ կնոջս եղբայրը՝ Սամվելը Բերդաձորի (Շուշիի շրջան) կամավորներից է եղել։ Այդ տարիներին ազերիները խորհրդային ռուս զինվորների օժանդակությամբ խուժել են Բերդաձորի ենթաշրջան, զավթել բնակիչների ունեցվածքը, տերերին դարձրել փախստական…

Սակայն այդ մասին չէ խոսքը։ Ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել էր Սամվելը։ Մեր տղաների դիակները հողին հանձնելու ժամանակ նկատել են, որ մեկի ձեռքը թեթև շարժվեց։ Առանձնացրել են վերջինիս ու պարզել, որ կարծես թե դեռ կենդանի է։ Գլուխն արյան մեջ էր, ինքն էլ մի քանի տեղից վիրավոր։ Այդ տղան Սամվելն էր… Երևանում մի կերպ փրկել են երիտասարդի մազից կախված կյանքը։ Գանգոսկրի ճակատային հատվածը փշրված էր։ Ծանր վիրահատությունից հետո ստիպված են եղել ոսկորը փոխարինել պլաստմասայով… Փշրված էին նաև արմունկի ոսկորները… Իսկ բեկորների մի մասն առայսօր մնացել է մարմնում՝ վտանգավոր է, հնարավոր չէր հանել… Առաջին կարգի հաշմանդամի նպաստ էր ստանում։

Տարիներ հետո Արցախյան պատերազմի հաշմանդամ տղաներից շատերի հաշմանդամության կարգն իջեցրին, որովհետև հաշմանդամության նպաստ էին ստանում մի շարք եղջերավորների զավակներ, ովքեր երբեք բանակում չեն եղել և խոշորացույցով կամ մանրադիտակով անգամ հնարավոր չէր նրանց մարմնի վրա հիվանդ մի տեղ հայտնաբերել. բայց դե դրանց «պահել» էր պետք։ Իջեցրին նաև Սամվելի հաշմանդամության կարգը…

Սակայն այդ մասին չէ խոսքը։ Երեկ զանգեցի Բերդաձոր՝ բարեկամներիս որպիսությունն իմանալու։ Ասացին՝ օրեր առաջ Սամվելն ընկերների հետ կամավոր մեկնել է Մարտակերտի շրջան՝ դիրքեր։ Տանն ասել է, որ գնում է աշխատավարձը թե թոշակը ստանալու, և մի քանի ժամից հետո զանգել ու ասել, որ չանհանգստանան՝ արդեն Մարտակերտի շրջանում է…

Բերդաձորցի տղաներն արդեն վերադարձել են հայրենի գյուղ։ Սամվելի ասելով՝ ամեն ինչ նորմալ է…

Բայց այլ բան եմ ուզում ասել. այսօր բարձրաստիճան հայ պաշտոնյաներից քանիսի՞ զավակն է ծառայում Հայոց բանակում և գտնվում դիրքերում։ Նաև՝ նրանց զավակներից գոնե մեկը կամավոր մեկնե՞լ է դիրքեր՝ ոգևորելու, հավատ ներշնչելու հայ-ադրբեջանական սահմանն ու երկրի խաղաղությունը պաշտպանող 18-19 տարեկան ջահելներին…

Մի վերջին հարց էլ։ Ավելի ճիշտ՝ բոլորիս հուզող մի հարցի մասին ևս։ Արդեն քանի՜ տարի է մեզանում քննարկում են՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Եվ այդ հարցին զուգահեռ երբեմն այսօրինակ զավեշտական կարծիքներ են հնչում՝ չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղասեր ազգ ենք…

Հարգելիներս, բավական է գուշակություններով, ենթադրություններով, միամիտ-տխմար վերլուծություններով ժամանակ վատնեք՝ խաբելով ինքներդ ձեզ և մյուսներին, ձեռի հետ էլ զվարճացնելով նախադպրոցականի ձեր «երկաթե» տրամաբանությամբ։ Պատերազմ լինել-չլինելը ձեզնից չէ կախված, բայց մի որոշ չափով կախված է նաև ձեզնից, ձեր երկրից։

Պատերազմ սկսում է այն դեպքում, երբ դրանում շահագրգիռ կողմը, պատերազմով խնդիր լուծել ձգտող կողմը զգում, հասկանում, համոզված է լինում, որ ինքն ավելի ուժեղ է։ Ադրբեջանը միայն մեր «ռազմավարական դաշնակցից» 5 միլիարդ դոլարի գերհզոր զենք է գնել ու դեռ շարունակում է գնել։ Կարծեմ Չեխովն է ասել. «Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»։

Եթե մենք ուժեղ ու հզոր լինենք, ապա պատերազմ սկսվելու հավանականությունը շատ փոքր է դառնում և, ընդհակառակը, եթե ուղտի ականջում քնած շարունակելու ենք ինքներս մեզ հեքիաթներ պատմել «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» մասին, ապա ցանկացած րոպե կարող է պատերազմ սկսվել՝ անշուշտ ոչ դիվերսիոն-հետախուզական ավանտյուրաների մակարդակի։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ՝ մենք ուժե՞ղ ենք, մեր երկիրը հզո՞ր է։ Այդ հարցի պատասխանը կլինի նաև ձեզ հուզող հարցի պատասխանը։

Չէր խանգարի, եթե միաժամանակ հիշեք նաև արևելյան հայտնի ասացվածքը՝ Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակի և Ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակի մասին… Իր պատմական Հայրենիքի 300 հազար քառ. կմ-ից ավելի տարածքի հազիվ 10 տոկոսին տեր դարձած, մեկ դար առաջ միանգամից մեկուկես միլիոն զոհ տված և Երկիր կորցրած, աշխարհով մեկ ցիրուցան եղած, 20 տարի առաջ թշնամուն ծնկի բերած, բայց իր հաղթանակը ներսում և դրսում մսխած երկրի ժողովուրդն այլևս իրավունք չունի խաբվելու միամիտ-անմիտ երազներով։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ 



Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երթուղային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դառնալու է 100 դրամ

Սույն թվականի հոկտեմբերի 1-ից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երթուղային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դառնալու է 100 դրամ։ Ու դա մի քաղաքում, որտեղ կանգառների միջև եղած միջին հեռավորությունը մոտավորապես 100 մետր է...

Ըստ երևույթին, ուղեվարձը թանկացնելու որոշումը վերջին եռօրյա պատերազմում արցախցիների, հատկապես հարյուրավոր ու հազարավոր կամավորների, շարքային մարդկանց ցուցաբերած նվիրվածությանն ի պատասխան՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից լավագույն երախտագիտական զեղումն է։ Հարկատուների միջոցներով գոյացած բյուջեի հաշվին ձեռք բերված ծառայողական մեքենաներով, տոննաներով վառելիք քամուն տալով ֆռֆռացող «խեղճ» տղերքը որտեղի՞ց իմանան, թե այդ «ընդամենը» 30 դրամը որքա՜ն անհրաժեռտ է շարքային ստեփանակերտցուն։

3 դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքը միայն երեխաների համար ամիսը առնվազն 15-16 հազար դրամ պիտի թողնի քաղաքային տրանսպորտում։ Ու դա ապրանքագներն ու զանազան ծառայությունների սպասարկման վարձերը պարբերաբար բարձրացվող երկրում։ Եվ դա պատերազմի գոտում գտնվող երկրում։

Ու ամենաողբերգազավեշտականը. դեռ ոչ մի քաղաքական ուժ և ոչ մի հասարակական կազմակերպություն ծպտուն չի հանել։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ հրահանգ չեն ստացել...



Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը:

Կալիֆոռնիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը: Մինչ այդ ճանաչել են Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգները:

*  *  *
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է ԼՂՀ անկախությունը եւ Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Կալիֆոռնիան արդեն ԱՄՆ հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը:

Շատերն այս կապակցությամբ կասեն, որ նահանգային մակարդակով ճանաչումը իրավական լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Խոշոր հաշվով, գուցեեւ այդպես է, սակայն անհնար է բացառել այս ակտի քաղաքական նշանակությունը: Ո՞րն է այն:

ԼՂՀ անկախությունը ձեռք է բերվել երկարատեւ ու համառ պայքարի, հաղթական պատերազմի արդյունքում եւ լիովին համարժեք է եղել համաշխարհային զարգացումների տրամաբանությանը: Այն իր արժեքով ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային նշանակություն: Ընդ որում, այս արժեքը աշխարհն ավելի լավ է հասկացել, քան հայությունը, որը խոշոր հաշվով այդպես էլ չի հավատացել իր հաղթանակին:

Ավելին, հայերը վախեցել են իրենց հաղթանակից եւ փորձել ազատվել դրանից: Հայաստանում քաղաքական իմաստության գագաթնակետը դարձել է «փոխզիջումը» եւ միջազգային իրավունքի շուրջ դեմագոգիան: Հաղթանակը մսխվել է ամենայն դաժանությամբ, վերածվելով ներքին ռազբորկաների, «իշխանության ու քվոտաների իրավունքի» միջոցի:

Այս ամենի արդյունքում, հաղթանակը դրվել է կայսրության տրամադրության տակ, որի դեմ պատերազմում էր ձեռք բերվել ԼՂՀ անկախությունը: Կայսրություն, որը երբեք չի ներելու այդ հաղթանակը, քանի որ այն ձեռք էր բերվել առանց իր օգնության, ավելին՝ իր դեմ: Չի ներելու, քանի որ այդ հաղթանակը ջարդել էր նրա գլխավոր առասպելը՝ «հայերի փրկիչը»:

Ինչպես միշտ, հաղթում է առասպելը, սակայն հայերի պարագայում կրկին պարտադրվեց օտարի առասպելը: Հայկական իրականությունն ուզուրպացրած «իստեբլիշմենտը»՝ քաղաքական բախտախնդիրները, հանցագործներն ու կուսակցական փերեզակներն այլ բանի ընդունակ չէին, քան պատսպարվել օտար առասպելի մեջ՝ սեփական դիրքերը պահպանելու համար:

Ղարաբաղի հաղթանակը համարժեք էր համաշխարհային զարգացումների տրամաբանությանը, եւ առայժմ չի կորցրել իր այդ արժեքը: Զուր չէ, որ միջազգային շահագրգիռ կողմերը խոստովանում են, որ Ղարաբաղի խնդիրն առանձնահատուկ է եւ նման չէ այլ հակամարտությունների: Եւ դա բացարձակ ճշմարտություն է, քանի որ Ղարաբաղի պայքարը քաղաքակրթական գլոբալ գործընթացի մաս է:

Ներկայում ԼՂՀ-ն, որքան էլ տարօրինակ հնչի, Հարավային Կովկասի միակ անկախ պետությունն է, եւ չնայած հայկական երկու պետությունների ղեկավարության անհամարժեքությանը, այս հանգամանքը լուրջ նշանակություն ունի ապագա զարգացումներում: Բանն այն է, որ Ղարաբաղի հարցը կարող է «լուծվել» միայն տարածաշրջանի ապագա տրանսֆորմացիաների ու վերաձեւումների համատեքստում, որում Ղարաբաղն ունենալու է վճռորոշ գործառույթ:

Այս առումով, ԼՂՀ միջազգային չճանաչվածությունն ինքնին իր մեջ որոշակի քաղաքական պոտենցիալ է պարունակում, քանի որ կան գործընթացներ, որոնք «ճանաչվածները» չեն կարող իրականացնել, նկատի առնելով նրանց միջազգային զանազան պարտավորվածությունները եւ կաշկանդվածությունը:

Սակայն, այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ է «մասնակի ճանաչում», այն էլ համաշխարհային առաջատար գերտերության կողմից: Եվ այդ խնդիրը լուծում են նահանգների համապատասխան բանաձեւերը, որոնք այդ տեսակետից ավելի մեծ քաղաքական ու աշխարհքաղաքական արժեք ունեն, քան ճանաչված պետությունների ճանաչումները:

Այսպիսով, Նահանգները նախանշում է ապագա գործընթացների տրամաբանությունը:
Նահանգների այս ճանաչումներն իսկական պատիժ են հայկական «իստեբլիշմենտի» համար, որը հույս ուներ հանձնել երկրի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը եւ հանգիստ վայելել կյանքը օտարի հովանու ներքո: Հանգիստ կյանք չի լինելու, եւ խաղադրույքը չափազանց մեծ է՝ կամ հայերը համարժեք կլինեն նոր զարգացումներին, կամ հրաժեշտ կտան պատմությանը որպես քաղաքական ազգ: Սա է պատմության ու քաղաքականության դաժան, բայց ճշմարիտ տրամաբանությունը:



«ՆԷ»-Ի ԿՈՂՄԻՑ։ ՀՀ այսպես կոչված ԱԳ փափկաթշիկ ղեկավարը ողջունելով ԱՄՆ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ, հավելել է. «Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»։

Երևի նման տխմարություն կարող է հեղինակել միայն հարկատուների գումարները լափող, պորտաբույծ նման գերատեսչությունը։ Նալբանդյան կոչվող այս արարածն իր տհաս վերնախավով հերթական անգամ խայտառակում է մի ողջ երկրի ու ժողովրդի։ Մի՞թե Ադրբեջանը պիտի խոչընդոտի «ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը», որպեսզի «նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր» երևան գան՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանը։
Այդ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը «չխոչընդոտի», ուրեմն Արցախի ճանաչման գործընթացը պիտի կանգնեցնե՞լ, դադարեցնե՞լ...

Իսկ ահա, «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ Նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը։

Ըստ մեր աղբյուրների՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիեւը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» ունենալով, եւ այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ»։



Ռուսաստանը հիմա էլ փորձում է թուրքական զո՞րք մտցնել Ղարաբաղ

Ռուսաստանյան ԶԼՄ-ներում շարունակվում են Ղարաբաղի թեմայով հրապարակումները, որոնք ուղղված են կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափի դեմ: Նշվում է, թե խմբի արեւմտյան համանախագահները չեն ցանկանում խնդրի խաղաղ կարգավորումը, այդ պատճառով էլ այն արդյունավետ չէ:

Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ արդեն տեւական ժամանակ փորձում է վերացնել Մինսկի խմբի ձեւաչափը, որի վերաբերյալ այս երկրների պաշտոնական շրջանակները բազմաթիվ հայտարարություններ են արել:

Ո՞րն է Մինսկի խմբի իմաստը: Խոշոր հաշվով՝ հրադադարի եւ ստատուս քվոյի պահպանումը, որը ձեւավորվել է Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմի արդյունքներով:
Ռուսաստանը ձգտում է «խաղաղարար» զորք մտցնել Ղարաբաղ, որի մասին Մոսկվան բազմիցս արտահայտվել է: Սակայն այս ծրագիրը տապալվել է հայկական կողմի դիրքորոշման եւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների ջանքերով: Ընդ որում, հայկական կողմը հստակ հայտարարել է որեւէ երրորդ երկրի խաղաղարարների դեմ:

Ղարաբաղը միակ հակամարտ տարածքն է աշխարհում, որտեղ համեմատական խաղաղությունը պահպանվում է ոչ թե երրորդ երկրների, այլ հակամարտ կողմերի միջոցով: Եվ դա աշխարհքաղաքական կարեւոր նշանակություն ու դեր է հաղորդում հայկական երկու պետություններին:

Ղարաբաղում որեւէ երկրի խաղաղարար զորքի ներկայությունը նշանակում է Ղարաբաղի բաժանումը եւ անկախ կարգավիճակի վերացումը, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Ռուսաստանի համար Ղարաբաղը զորք մտցնելն ու Ղարաբաղը կիսելը կարեւոր քաղաքական նշանակություն ունի Հարավային Կովկասում իր դիրքերը հաստատելու համար:

Ռուսաստանը հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբներին Ադրբեջանի միջոցով պատերազմական իրավիճակ ստեղծեց Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին, որի նպատակը հայկական կողմին խաղաղարարներ պարտադրելն էր: Սակայն հայկական բանակի հստակ գործողությունների արդյունքում այս ծրագիրը տապալվեց:
Պետք է կարծել, սակայն, որ այս ուղղությամբ փորձերը չեն դադարելու, եւ Ռուսաստանը կարիք է ունենալու «դաշնակիցների»:

Ներկայում ռուսական մամուլում քննարկվում է Ղարաբաղում եռակողմ՝ ռուս-թուրք-իրանական ռազմական ուժեր մտցնելու հարցը: Ըստ ամենայնի, միայնակ չկարողանալով իրականացնել սեփական ծրագրերը, Մոսկվան փորձում է «շահագրգռել» նաեւ Թուրքիային ու Իրանին, առաջարկելով «կիսել» Հարավային Կովկասը:

Իրանը արդեն հայտարարել է, որ դեմ է Ղարաբաղում որեւէ երրորդ երկրի ռազմական ուժերի ներկայությանը: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ իրավիճակը բավական երկիմաստ է: Ինչպես նշում են փորձագետները, օգոստոսյան իրադարձություններին Թուրքիային թույլ չտրվեց որեւէ ուղղակի ու անուղղակի մասնակցություն, ինչը բնականաբար չէր կարող բավարարել Անկարային:

Մյուս կողմից, միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը կարիք ունի Թուրքիայի աջակցության, հարավային ուղղությամբ «ճեղքում» իրականացնելու համար:
Նման համատեղ փորձ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն ունեն՝ 1920 թվականի իրադարձությունները Հայաստանում:

Ռուսաստանը Թուրքիայի հետ արդեն պայմանագիր է կնքել գյուղմթերքի մատակարարման վերաբերյալ, եվրոպական ներմուծման արգելքի դիմաց: Արդյոք դա խաղաղարարների «գինն» է, թե ընդամենը «վստահության քայլ»՝ նոր պայմանավորվածությունների ճանապարհին:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ



Իսկ սահմանում ավելի հանգիստ է, քան…

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում (շփման գիծ չեմ ասում, բացառությամբ Շահումյանի շրջանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների առանձին հատվածների, ուր մեր տարածքների մի որոշ մաս մնացել է թշնամու վերահսկողության տակ, ռազմաճակատային գծի մյուս հատվածները սահման են, ազատագրված հողերն էլ ամրագրված են Արցախի սահմանադրությամբ), աննախադեպ լարվածությանը զուգահեռ, ժողովրդի որոշ հատվածներում, հատկապես առաջին օրերին, խուճապային տրամադրություններ նկատվեցին։ Զարմանալին այն է, որ եթե Արցախի մայրաքաղաքում նման տրամադրություններ նկատվեցին որոշ տարեց կանանց շրջանում միայն, ապա երևանյան ֆեյսբուքյան օգտատերերից խուճապային գրառումներ նկատեցի հատկապես արական սեռի մոտ։ Նույնիսկ երևանյան իմ ծանոթներից մեկը զանգեց ու տագնապած սկսեց այնպիսի հարցեր տալ, որ, մեղմ ասած, մնացել էի տարակուսած։

Հիշում եմ, 1992-ի ամռան ծանր օրերին, երբ ներքաղաքական անբարո խաղերի, թե սցենարի արդյունքում թշնամին զավթել էր Շահումյանն ու Գետաշենը, երբ ընկել էր նաև Մարտակերտ շրջկենտրոնը, և Ստեփանակերտի փողոցները լի էին հազարավոր անտուն, անօթևան փախստականներով ու փախստականների քարավանի մի ստվար մասն էլ արդեն Լաչինով մեկնում էր Հայաստան, իրոք խուճապ կար։ Սարսափելի խուճապ էր։ Արցախի մայրաքաղաքի հրապարակում նույնիսկ տղամարդիկ, տնավեր դարձած տղամարդիկ այնպիսի բաներ էին պատմում, որ լսողների, հատկապես կանանց աչքերում սարսափ էի նկատում, անհուսություն ու անզորություն։ Երբեմն միջամտում էի ու ականատես-պատմողներին նրբանկատորեն բացատրում, որ կանանց ու աղջիկների ներկայությամբ պետք չէ բոլոր սարսափները բարձրաձայն հիշել…

Բայց սա վաղուց է եղել, ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Վերջին սահմանային իրադարձությունների, վերջին լարվածությունների ժամանակ Ստեփանակերտի փողոցներում կյանքը շարունակվում էր նույն հունով, ինչպես ամիսներ, տարիներ առաջ։

Մարդիկ միանգամայն հանգիստ իրենց գործին էին։ Անշուշտ, մտահոգություն կար, բայց տագնապ ու խուճապի թեկուզ նշույլ ես երբեք չտեսա։ Փոխարենը՝ լուրջ-լուրջ վերլուծում էին վերջին անցքերն ու իրադարձություններն ու դրանք կապում տարածաշրջանային կամ գլոբալ խնդիրների հետ, անգամ ենթադրություններ անում լարվածության շիկացման անդրկուլիսյան կազմակերպիչների մասին։

Այդ օրերին ֆեյսբուքյան իմ ընկերներից այցելել էին Արցախ ու անկեղծորեն զարմացած էին, թե ինչու իրենց չեն թույլատրում մեկնել Ակնի (Աղդամի) մոտ գտնվող Տիգրանակերտը տեսնելու։ Երբ բացատրում էի, որ դա պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանում որոշակի լարվածությամբ, իսկ Տիգրանակերտը սահմանամերձ հատվածում է, նրանք զարմանում էին, որովհետև արցախցիների դեմքից ամենևին չէր երևում, որ սահմանում մարտական, պատերազմական վիճակ է։

Վերջին օրերին լարվածությունը դեռևս մնում էր։ Ադրբեջանական կողմից շարունակում են գնդակոծությունները, անգամ դիվերսիոն նոր փորձեր են կատարվում ու կասեցվում։ Բայց, ընդհանուր առմամբ, համեմատաբար ավելի «հանգիստ» վիճակ է, քան նախորդ շաբաթ։ Պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններով, վերջին օրերին լարվածություն ու խուճապ կա հենց ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերում։ Այդ մասին ակնարկել է նաև ՀՀ ՊՆ նախարարը. «Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում խուճապ է, մարդկային արտահոսք է նկատվում, այդ գյուղերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը»։

Արցախի պաշտպանության բանակի կործանիչներն օգոստոսի 6-ին, ժամը 11.40-ից սկսած՝ թռիչքներ են իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ինքնաթիռների ձայնը բարձր լսվում էր նաև մի քանի կիլոմետրի վրա գտնվող ադրբեջանական գյուղերում, ու դա ևս, հավաստի տեղեկությունների համաձայն, այդ գյուղերում վախի և խուճապի տրամադրություն էր ստեղծել…

Արցախի ՊՆ լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, «օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց»:

Իմ ընկերներից ու ծանոթներից շատերը, որ լարվածության առաջին օրերին կամավոր մեկնել էին դիրքեր, արդեն վերադարձել են։ Բնականաբար՝ հոգնած էին։ Մի բան միայն կարողացա պոկել նրանց շուրթերից՝ ամեն ինչ նորմալ է…

Վերջերս, երբ զրուցեցի բարձրաստիճան իմ ծանոթի հետ, նա ասաց, որ ամենասարսափելին այն չէ, ինչ կատարվել կամ կատարվում է սահմանում։ Ավելի վատը քաղաքական կուլիսների հետևում է. Հայաստանը հանգիստ պատրաստվում է մտնել «մաքսային ճահիճ», որն ամենևին չի բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Ռուսաստանի կիսատ մնացած ծրագիրն Արցախում

Տարածված տեսակետ կա, որ Արցախի հակամարտությունն օգնում է Ռուսաստանին պահել իր ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա, եւ այդ իսկ պատճառով այդ հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդպիսով Մոսկվան պահպանում է տարածաշրջանի փակ բնույթը եւ իր ազդեցությունն այդ իրավիճակում:

Ներկայում, երբ օգոստոսյան լարումից հետո թե տարածաշրջանը, թե Արցախի հարցը մասնավորապես թեւակոխում են նոր իրողությունների փուլ, Ռուսաստանի ազդեցության բանաձեւի վերաբերյալ քննարկումները դառնում են Հայաստանում հանրային օրակարգի եւ կարծիքի ձեւավորման տեսակետից բավական կարեւոր:

Քաղաքագետներից մեկը հայտարարել է, թե Ռուսաստանին Արցախում պետք չէ խաղաղություն եւ պետք չէ պատերազմ: Այդ ձեւակերպումը բավական հմտորեն շեղում է հարցը, թե իսկ ինչ է պետք Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանին պետք է Արցախում ռազմական ներկայություն, որի միջոցը խաղաղապահ զորքն է: ՌԴ այդ մտադրությունը ռուս փորձագետները ներկայացնում են բավական բաց տեքստով: Պատերազմը կամ խաղաղությունը Ռուսաստանին պետք լինել չեն կարող, քանի որ դրանք ընդամենը միջոց են պետքի՝ խաղաղարարների, այսինքն ռազմական ներկայության հարցը լուծելու համար:

Ինչու՞ է Ռուսաստանն ուզում Արցախում ունենալ ռազմական ներկայություն: Որովհետեւ հակամարտությունը ներկայիս տեսքով չի լուծում իր տարածաշրջանային ազդեցության խնդիրը: Այսինքն, ինչ որ առումով հնացած կամ ժամանակավրեպ է կարծել, որ Արցախի հակամարտության չկարգավորվածությունը Ռուսաստանի ազդեցության բանալին է:

Նախ, պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում կարգավորում ասելով: Հանրության մի զգալի մասը հասկանում է միանվագ մի գործողություն, որը կարձանագրի միարժեք մի փաստ, ինչն էլ կընդունեն կողմերն ու կկայանա կարգավորումը: Իրականում կողմերը կընդունեն կամ կմերժեն մեկ փաստ՝ պատերազմի արդյունքը: Հետեւաբար, կարգավորում կարող է լինել միայն պատերազմի արդյունքի ամրագրմանն ուղղված աշխատանքը:

Այսինքն, Հայաստանի խնդիրն է ամրագրել պատերազմի արդյունքը: Իսկ դա հարատեւ, անընդհատ գործընթաց է, այսինքն պետականության կեսագործունեություն: Հայոց պետականությունը, հայկական երկու պետությունները «դատապարտված» են գործել այդ գերակայությամբ կամ առաջնահերթությամբ: Որ պահին պատերազմի արդյունքի ամրագրումը դադարի հայկական պետականությունների համար գերակայություն լինելուց, այդ պահից պետականության գոյատեւումը հայտնվելու է անկման ռեժիմում:

Պատահական չէ, որ Հայաստանը անկախության երկու տասնամյակի ընթացքում հենց այդ ռեժիմում էլ հայտնվել է: Որովհետեւ անկախ Հայաստանը կառավարած բոլոր էլիտաները պետական քաղաքականությունը կառուցել եւ հասարակական կարծիքը տրամադրել են «փոխզիջման» հայեցակարգի վրա, ինչը տարածաշրջանային իրողությունների, պատմական նախադեպերի բազում հանգամանքերն ու օրինակները նկատի ունենալով ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմի մեզ համար հաղթական արդյունքը վերանայելու պատրաստակամություն:

Այդտեղից էլ սկսում է պետականության անկման ռեժիմը, որում հայտնվել է Հայաստանն արդեն երկու տասնամյակ:

Այդպիսով, Հայաստանի ապագայի, պետական կենսունակության, զարգացման եւ անվտանգության տեսակետից կարգավորումն այլ բան չի կարող նշանակել, քան հաղթական պատերազմի արդյունքի ամրագրմանն ուղղված պետական քաղաքականությունը, այդ ամենի վրա կառուցված հասարակական համակեցության համակարգով:

Արդյոք տեղավորվում է այդ իրավիճակը Ռուսաստանի հետաքրքրության կամ շահի շրջանակում: Ոչ: Որովհետեւ այդ ռեժիմը բացառում է խաղաղարարների անհրաժեշտությունը: Ավելին, դա գրեթե միակ տարբերակն է, որ բացառում է խաղաղարարների անհրաժեշտությունը: Իսկ Ռուսաստանի համար Արցախում ռազմական ներկայությունը կարեւոր է, քանի որ նա հստակ պատկերացնում է, որ գտնվում է տնտեսա-քաղաքական եւ քաղաքակրթական մրցակցության պայմաններում տոտալ տանուլ տվողի վիճակում, եւ այդ գործընթացում վաղ թե ուշ տանուլ է տալու նաեւ Հայաստանի վրա կայսերական գերիշխանությունը:

Մոսկվայի ազդեցության բանալին Արցախի հակամարտությունը չէ վաղուց՝ պատերազմում Հայաստանի ու Արցախի հաղթանակից հետո: Մոսկվան չէր ծրագրում հաղթանակով ավարտ: Պատերազմը պետք է ավարտվեր խաղաղապահներով, եւ այդ իմաստով է, որ հակամարտությունը Ռուսաստանի համար մնացել է անավարտ: Ու քանի որ ՌԴ-ն աշխարհքաղաքական դինամիկայի մեջ հետեւողականորեն կորցնում է Հայաստանի, հետեւաբար նաեւ տարածաշրջանի վրա իր ազդեցությունը, Արցախը արդեն դառնում է ՌԴ ազդեցության համար վերջին բաստիոնը՝ բայց ոչ թե չկարգավորվածության, այլ խաղաղապահների տեղակայման հանգուցալուծմամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



«Ադրբեջանի համար իր զոհերի թիվը դեռ զգալի չէ» 

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը դրանով է բացատրում ադրբեջանական շարունակվող ակտիվությունը սահմաններում

Ի հեճուկս այլ պաշտոնյաների՝ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանին այդքան էլ չի ոգեւորում այն փաստը, որ սահմանային վերջին լարված իրավիճակների եւ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհերի թիվը եռապատիկ, անգամ քառապատիկ է՝ հայկական կողմի կրած մարդկային կորուստների համեմատ:

«Դեռ ոչ ոք չի հաշվել, թե ո՞վ եւ ինչքա՞ն զոհ է տվել, բայց որ դեռեւս շարունակում են դիվերսիոն գործողություններ իրականացնել, նշանակում է՝ իրենց համար զոհերի թիվն այդքան էլ զգալի չէ: Իրենք իրենց պարտված չեն զգում, այլապես կրկին գործողությունների չէին դիմի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այս ամենն, իր կարծիքով, նշանակում է մի բան. «Իրենք ինչ-որ խնդիրներ են դրել ու հասնում են ցանկալի արդյունքի, դրա համար էլ շարունակում են իրենց գործողությունները: Եթե դուք մի քանի գործողություն անեք՝ ձախողվի, էլ չեք անի, չէ՞: Նշանակում է՝ իրենք որ անում են, իրենց ձեռք է տալիս»: Ընդհանրապես՝ մեր զրուցակիցը ճիշտ է համարում նման իրավիճակներում խնդիրները բազմակողմանի դիտարկելը, այլ ոչ միայն այն տեսանկյունից, ինչը մեզ համար ցանկալի է:

«Առավոտի» հարցին՝ իր դիտարկումներից կարելի՞ է ենթադրություններ անել, որ հայկական կողմերը համարժեք չեն արձագանքում Ադրբեջանի գործողություններին, մեր զրուցակիցն ասաց. «Եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ մեր պատասխաններից հետո Ադրբեջանը նորից շարունակում է իր գործողությունները, ուրեմն համարժեք չեն: Կամ էլ՝ համարժեք են, այն իմաստով, որ իրենք ինչ-որ բան անում են, անպայման պատասխան են ստանում»:

Լա՞վ են պաշտպանված, արդյոք, այսօր հայկական սահմանները՝ մեր հարցին Արկադի Կարապետյանը չցանկացավ պատասխանել՝ բավարար տեղեկատվություն չունի: Հեռուստաեթերից հնչող տեղեկություններից էլ հնարավոր չի համարում ամբողջական տեղեկատվություն ստանալը: Ամեն դեպքում՝ կարծում է, որ մտահոգությունների տեղիք կա:

«Առավոտի» հարցին՝ եւ ի՞նչ է լինելու այս ամենի վերջը, պատերազմական ակտիվ գործողությունների հավանականություն կա՞, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե՝ տեսնում եմ: Չեմ կարող ասել՝ ե՞րբ, մեկ ամսից, մեկ տարուց, բայց որ պատերազմ կլինի, դա վաղուց է զգացվում»: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Արկադի Կարապետյանը քաղաքական եւ ռազմական պատասխանատու այրերին հորդորում է առավել ուշադիր հետեւել գործընթացներին, քանի որ «պայթյունը» կարող է շատ արագ եւ անկանխատեսելի լինել եւ ոչ միայն ղարաբաղյան ճակատում:

Ընդհանրապես, նրա կարծիքով, հայերը էականորեն կտուժեն փաստացի ընթացող երրորդ համաշխարհայինից: Նա լուրջ չի վերաբերվում այն տեսակետներին, որ Ալիեւի կլանին ձեռնտու չեն ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները, որոնց արդյունքում նա կկորցնի իշխանությունը: Բայց, իր համոզմամբ, պատերազմական գործողությունների հավանականությունն առավելապես պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ալիեւն «իրեն հզոր» է զգում, այլ նրանով, թե իր «վերադաս» գերտերությունների ղեկավարներն ինչ հրահանգներ կարձակեն: Թե ո՞ր գերտերությունը եւ ե՞րբ հրահանգներ կտա Ադրբեջանի նախագահին՝ մեր զրուցակիցը չի կարող կանխատեսել: Բայց ասում է, որ դա միայն իր զգացողությունները չեն, ինքը որոշակի փաստերի հիման վրա է նման եզրակացության հանգել. «Եթե այսօր մենք շատ անհոգ լինենք, զոհերի թիվն անհամեմատ շատ է լինելու»:

Միաժամանակ, Արկադի Կարապետյանը մի բան հաստատ գիտի. «Երբ մենք լրիվ թուլանանք, այն ժամանակ էլ կասեն՝ ի՞նչ անել: Թե ե՞րբ «պլանկան» իրենց ուզածի չափ կիջնի՝ չգիտեմ: Ինչեւէ, դա էլ չի փրկելու իրենց: Ես նաեւ գիտեմ, որ անկախ ամեն ինչից՝ մենք հաղթելու ենք»:

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը ցավով է արձանագրում, որ առայժմ Ադրբեջանին հաջողվում է միջազգային հանրության եւ աշխարհի առջեւ տպավորություն ստեղծել, թե հայերին ճնշում են, հայերին թելադրում են եւ երբ ու ինչ ցանկանան՝ կփաթաթեն մեր վզին: «Մեր պրոպագանդան շատ վատն է, նման է սովետի պրոպագանդային՝ Երկրորդ հայրենականի ժամանակ: Ճիշտ է, այդ պատերազմում սովետական կողմը հաղթեց, բայց գերմանացիները մինչեւ Մոսկվա հասան: Գուցեեւ հիմա ամեն ինչ ավելի լավ է, քան ես գիտեմ, բայց դա չի նշանակում, որ հանգիստ պետք է քնենք: Հիմա մենք դրա իրավունքը չունենք: Այսօր մենք՝ հայերս, տարբեր ոլորտներում կոնկրետ գործերով զբաղվելու փոխարեն՝ ավելի շատ ուղեղի մարզանքներ ենք անում: Ընկել ենք ինչ-որ էքսպերտների ասած ինչ-որ բաների ետեւից: Հոգնել ենք արդեն էդ խորհուրդներից: Գործողություն է պետք ու շատ կոնկրետ: Մեր հասարակության մեջ գաղափարախոսություն չկա, իսկ առանց դրա ոչինչ էլ չի լինելու: Փողի հետեւից ընկած… ասենք թե շատ փող ունեցանք՝ հետո՞: Ի՞նչ ենք անելու»,- վրդովվեց մեր զրուցակիցը:

Սոչիում օգոստոսի 8-9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կայանալիք նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումից առանձնակի ակնկալիքներ, մեր զրուցակիցը չունի: Միշտ է վերապահումով վերաբերվել ՌԴ-ի՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր լինելու մասին հայտարարություններին՝ մանավանդ այդ երկրի կողմից վերջին շրջանում Ադրբեջանին ինտենսիվ զինելու ֆոնին: Ավելին՝ նա նաեւ պատմությունից է դասեր քաղել. «Այն, ինչը ես Ռուսաստանից տեսել եմ արցախյան շարժման ժամանակ, էլ չեմ ասում մեր հարուստ պատմությունը… ես իրենցից երբեք լավ բան չեմ տեսել: Գրիբոյեդովին ներկայացնում են որպես հայ ազգի փրկիչ, բայց էդ մարդը քանի՞ հազար մարդ Արաքսում խորտակեց: Հայ ժողովուրդը չէր ուզում Պարսկաստանից գալ եւ Ռուսաստանի հպատակ լինել, որովհետեւ այստեղ լավ չէր հայերի համար: Թեկուզ հիմա նայեք՝ աշխարհում որեւէ այլ պետության մեջ հայերն իրենց անհամեմատ ավելի լավ են զգում, քան ՌԴ-ում կամ ՌԴ-ին հպատակ Հայաստանում: Ռուսներն են Հայաստանում իշխում, որովհետեւ եթե ես ուզում եմ երկրից դուրս գնալ՝ իմ անձնագիրը ռուսներն են ստուգում: Այդ փաստն արդեն շատ խոսուն է»:

Արկադի Կարապետյանը նաեւ «առանձնակի օգուտ» չէր ակնկալում, եթե երկու նախագահների հանդիպումը կարողանար կազմակերպել Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը. «Նման հանդիպումներից ոչ մի ակնկալիք չունեմ»: ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը ժամանակին «աշխարհազորի»՝ ազգովին բանակում լինելու կողմնակիցն էր, տարբեր առիթներով առաջարկներ ներկայացվեցին, որոնք, սակայն, անտեսվեցին պատկան մարմինների կողմից: Այժմ էլ նա մնացել է իր համոզմանը. «Դա շատ հեշտ ու հանգիստ հնարավոր է անել Հայաստանում եւ Ղարաբաղում»: Նա կարծում է, որ գոնե այս իրավիճակում պատկան մարմինները լուրջ կվերաբերվեն այդ առաջարկին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 



Ադրբեջանը պատերազմի հայտ է ներկայացրել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Մինսկի խմբի համանախագահներից երկուսին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում կոչ է անում դրսեւորել սկզբունքայնություն եւ մտահոգություն է հայտնում նրանց կողմնապահության համար:

Հայտարարության առիթն օգոստոսյան իրադարձությունների ու հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հստակ դիրքորոշումներն են, որոնցում Ադրբեջանը մատնացույց է արվում որպես մեղավոր կողմ, ինչպես նաեւ ընդգծվում է հայ գերու գազանաբար սպանության հանգամանքը:

Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահվածքը համարում է «անթույլատրելի ու անբացատրելի» եւ կոչ է անում սկզբունքայնություն դրսեւորել ղարաբաղյան կարգավորման եւ մասնավորապես ՄԱԿ-ի 4 բանաձեւերն իրականացնելու հարցում:

Իսկապես, օգոստոսի սկզբի իրադարձություններից հետո «անբացատրելի» բան կատարվեց: Նախկինում նման լարումների կապակցությամբ միջազգային շահագրգիռ կողմերը տարածում էին հայտարարություններ, որոնք «կողմնապահ» չէին, եւ հավասարության նշան էր դրվում կողմերի միջեւ: Այս անգամ սակայն Մինսկի խմբի արեւմտյան անդամների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արձագանքը հստակ էր եւ մատնանշում էր մեղավոր կողմին:

Սա կապված էր այն բանի հետ, որ առկա էր Ռուսաստանի գործոնը, որն Ադրբեջանին մղելով դիվերսիաների, փորձում էր այդպիսով հող նախապատրաստել Ղարաբաղ զորք մտցնելու համար, հանդես գալով որպես Հարավային Կովկասի «փրկիչ ու միակ նայողը», ինչպես նշում էին ռուս փորձագետները: Սակայն հայկական բանակի հստակ գործողությունները տապալեցին այս ծրագիրը, որին հետեւեց երեք նախագահների Սոչիի անեկդոտային հանդիպումը, որն արդեն ոչինչ չէր նշանակում:

Հայկական բանակի այս գործողությունն, իր հերթին, նպաստեց արեւմտյան համանախագահների հստակ դիրքորոշմանը: Այսինքն, հայկական բանակը համարժեք գտնվեց իրավիճակի տրամաբանությանը, ինչն իր հերթին ունեցավ համարժեք միջազգային արձագանք:

Իր հերթին, Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ չի արձագանքել եւ դիրքորոշում չի հայտնել, բացի ընդհանուր բնույթի ձեւակերպումներից: Եւ դա բնական է: Ռուսաստանը չէր կարող մեղադրել Ադրբեջանին, քանի որ, նախ, Բաքուն իր դաշնակիցն է, եւ երկրորդ՝ հայկական կողմը տապալել էր իր ծրագրերը: Բացի այդ, կպատռվեր նրա «փրկչական» դիմակը:

Ռուսաստանը եւ Ադրբեջանը միավորել են իրենց ջանքերը Մինսկի խումբը լուծարելու հարցում: Մինսկի խումբը ներկայիս «ստատուս-քվոյի» ձեւաչափն է, որը ձեւավորվել է պատերազմի արդյունքներով: Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը նշանակում է վերանայել պատերազմի արդյունքները, այսինքն՝ նոր պատերազմ: Դա ձեռնտու է Ադրբեջանին, որն այդպիսով հույս ունի Ռուսաստանի օգնությամբ «վերադարձնել» Ղարաբաղի տարածքները, եւ Ռուսաստանին, որն այդպիսով հույս ունի զորք մտցնել Ղարաբաղ:

Ավելորդ չէ նշել, որ պատերազմի արդյունքների վերանայումը, այսինքն ստատուս-քվոյի փոփոխությունը ձեռնտու չէ հայկական կողմին:

Ընդունված է կարծել, որ ստատուս-քվոն ցանկանում են փոխել արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք բազմիցս հայտարարել են այդ մասին: Այդ մասին հայտարարել է նաեւ Ռուսաստանը: Սակայն, եթե առաջին երկուսը մինչ այժմ բավարարվել են միայն հայտարարություններով, Ռուսաստանը նաեւ կոնկրետ քայլեր է փորձում ձեռնարկել այդ ուղղությամբ:

Բնականաբար, յուրաքանչյուրը ցանկանում է իր շահերի տեսանկյունից «փոխել» ստատուս-քվոն: Այս հանգամանքը հայկական կողմին մանեւրի լայն հնարավորություն է տալիս, որը սակայն առայժմ չի օգտագործվում կամ օգտագործվում է շատ քիչ:

Հայկական կողմը պետք է հիմքում ունենա հենց ստատուս-քվոն՝ պատերազմի արդյունքները, որն ընդունված պրակտիկա է միջազգային քաղաքականության մեջ: Այսինքն, ստատուս-քվոն պետք է լինի բանակցության բազան, որն անձեռնմխելի է: Նման դիրքորոշումը գրեթե անխոցելի կդարձնի հայկական կողմի դիրքերը բանակցային ու այլ գործընթացներում եւ կստանա միջազգային լայն աջակցություն: Դրա օրինակն արդեն կա:

Ղարաբաղի հարցը չի «լուծվելու» Մինսկի խմբի շրջանակներում, այլ՝ առավել խոշոր աշխարհքաղաքական տրանսֆորմացիաների արդյունքում: Հայկական կողմի նման դիրքորոշումը հնարավորություն կտա համարժեք լինել այդ տրանսֆորմացիաներին ու ստանձնել կարեւոր դերակատարություն, ինչն անվտանգության լավագույն ու իրական երաշխիք է:

Իսկ մինչ այդ, Ադրբեջանն ու Ռուսաստանը, եւ հատկապես Ռուսաստանն իրենց քայլերով նպաստում են, որպեսզի հայկական կողմը ձերբազատվի ավելորդ կապանքներից ու «պարտավորություններից» եւ լիովին գիտակցի այս հանգամանքը:



Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստովանեց, թե ով է սպանել Կարեն Պետրոսյանին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությանը: «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին», ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանն անմիջապես իր գոհունակությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ հայտարարության կապակցությամբ:
Կարեն Պետրոսյանի սպանությանը մինչ այդ անդրադարձել էր Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, ով դատապարտել էր Ադրբեջանին: Մինչ այդ էլ, դատապարտող հայտարարություն էր արել Մինսկի խմբի մյուս համանախագահը՝ ԱՄՆ-ն: Պետք է նշել, որ սա առաջին դեպքն էր, երբ Մինսկի խմբի այս անդամները հավասարության նշան չէին դրել հակամարտ կողմերի միջեւ:

Այս պայմաններում Ռուսաստանն արդեն չէր կարող լռել: Բանն այն է, որ եթե լռեր՝ կտուժեր հայ-ռուսական «բարեկամությունը»: Մյուս կողմից, նրա ռազմավարական դաշնակիցը՝ Ադրբեջանը, ով հայտնվել էր նեղ վիճակում, երես կթեքեր Մոսկվայից եւ օրինակ զենք չէր գնի: Եւ ընդհանրապես, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը չէր արող լռել:

Եվ ահա, ՌԴ ԱԳՆ-ն տարածեց այս հայտարարությունը, որում հավասարության նշան է դրվում եւ ըստ էության արդարացնում Ադրբեջանի մարդասպանությունը, պատճառաբանելով «Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը»:
Բանն այն է, որ Կարեն Պետրոսյանի ցուցադրական սպանությունը կապ չունի «Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելու» հետ, ինչպես ձգտում են ներկայացնել Ադրբեջանն ու Ռուսաստանը: Դա մարդասպանություն է, եւ դա հստակ արձանագրել է միջազգային հանրությունը: Կարեն Պետրոսյանը պատերազմական գործողությունների զոհ չէ: Մոսկվան ու Բաքուն ձգտում են այդ մարդասպանությունը «տեղավորել» պատերազմական իրավիճակի մեջ, որպեսզի արդարացնեն ոճրագործությունը:

Հավասարության նշան դնելով ոճրագործությանը՝ նշանակում է մղել նոր ոճրագործության, երաշխավորելով անպատժելիությունը: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը հենց դա է նշանակում:
Մոսկվան ու Բաքուն շատ են ցանկանում «կարգավորել» Ղարաբաղի խնդիրը, որի էությունն ու մեխանիզմը հետեւյալն է՝ Ադրբեջանը Ռուսաստանի հրահրմամբ լարվածություն է ստեղծում սահմաններին, որից հետո Ռուսաստանը զորք է մտցնում Ղարաբաղ, այն վերադարձնելով Ադրբեջանի կազմ: Այդ պատճառով էլ, պետք է դիմել ցանկացած ոճրագործության՝ հայերին կոտրելու եւ Մոսկվային խնդրանքով դիմելու համար:

Հայերը սակայն չկոտրվեցին ու հզոր հարված հասցրին այս ծրագրերին, բացառելով «խաղաղարարների» մուտքը Ղարաբաղ: Բացի այդ, հայկական կողմը հստակ դիրքորոշում է արտահայտել Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնելու խնդրի վերաբերյալ, թույլ չտալով, որ Մոսկվան ու Բաքուն պատերազմի վրա «դուրս գրեն» այս ոճրագործությունը:

Իսկ ընդհանրապես, «Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելու» հետեւանքով զոհերի, ինչպես նաեւ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է: Սա Ռուսաստանի դարավոր քաղաքականության արդյունքն է, որի իմաստը եղել է Ադրբեջան պետության ստեղծումը հայերի ու հայկական տարածքների հաշվին:

Ներկայում էլ Ռուսաստանը ստանձնել է Ադրբեջանի հովանավորությունը բոլոր հնարավոր միջոցներով ու բոլոր ասպարեզներում, ընդհուպ մարդասպանությանը հավասարության նշան դնելը:
Ռուսաստանն այսպիսով իրավունք չունի լինել Մինսկի խմբի համանախագահ եւ մասնակցել միջնորդական առաքելությանը:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ



Արցախից կտրվեց ամենակարեւորը

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, բացատրելով օգոստոսին Ադրբեջանի սադրանքի նպատակը, ասում էր, թե Բաքուն այդպիսով ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմն ավարտված չէ եւ հակամարտությունը չկարգավորելու դեպքում կարող է բռնկվել ցանկացած պահի:

Իսկ ի՞նչ է ուզում միջազգային հանրությանը ցույց տալ Երեւանը: Ա՞յլ բան: Նույն Ծաղկաձորում, Սերժ Սարգսյանը խոսելով արտագաղթի մասին, ասում է, թե մարդիկ հեռանում են ոչ թե անարդարության կամ օրինության պակասի, այլ Արցախի հարցի չկարգավորվածության պատճառով, այսինքն՝ վախենում են:

Ու էլ ոչինչ չի ասում, կարծես արդարացնելով Արցախի պատճառով գնալը: Ասվածն ասված է, ու երբ չկա շարունակություն, ստացվում է, որ Երեւանն էլ միջազգային հանրությանն ու նաեւ սեփական հասարակությանը ցույց է տալիս այն, ինչ Բաքուն է ուզում: Փաստացի, Հայաստանում «Բաքվի ուզածը» ցույց է տրվում հրադադարից անմիջապես հետո, կարգավորման գործընթացի հենց մեկնարկից:

Դա այն մտայնությունն է, որ ներարկվել կամ ներշնչվել է հանրությանը, որ Հայաստանի զարգացման ու անվտանգության համար անհրաժեշտ է փոխզիջման գնալ ու կարգավորել խնդիրը ադրբեջանական տարածքները վերադարձնելով: Հայաստանը նույնիսկ արտգործնախարար ունեցավ, որն այդ տարածքները օկուպացված համարեց եւ թե ներողություն չխնդրեց, թե հրաժարական չտվեց, Հայաստանը նույնիսկ պաշտպանության նախարար ունեցավ, որը նախագահ դառնալու համար հայտարարեց, թե դեռ պատերազմի ժամանակ է ասել, որ այդ տարածքները ազատագրվում են ոչ թե պահելու, այլ բանակցության ընթացքում վերադարձնելու համար: Այդ պաշտպանության նախարարը թե ներողություն չխնդրեց, թե հրաժարական չտվեց՝ նա դարձավ նախագահ:

Հայաստանի քաղաքական «վերնախավը» հրադադարի հաստատումից ի վեր տարբեր հռետորաբանությամբ փորձել է համոզել, ներշնչել հանրությանը, որ քանի դեռ Արցախի հարցը չի կարգավորվել փոխզիջման հիման վրա, Հայաստանը չի կարող զարգանալ, չի կարող անվտանգ զգալ իրեն, Հայաստանում չի կարող ժողովրդավարություն լինել, չի կարող իրավական պետություն լինել եւ այլն:

Տարբեր հռետորաբանությամբ համոզել են հանրությանը, որ իր բոլոր խնդիրների գլխավոր պատճառը Արցախն է: Ու ձեւավորել են հանրային համատարած մի գիտակցություն, որ Արցախի խնդրից ազատվելով, կազատվենք բոլոր խնդիրներից ու կդառնանք գերժամանակակից, գերօրինական ու գերարդիական մի պետություն:

Հայաստանում չի եղել քիչ թե շատ նշանակալի քաղաքական մի ուժ, որը հասարակությանը կներկայացներ իրավիճակի այլ մեկնություն, որը հասարակությանը կփորձեր առանց ռազմա-հայրենասիրական պաթոսի, սթափ եւ պրագմատիկ բացատրել, որ չի կարող որեւէ ժողովուրդ եւ միջազգային իրավունքի որեւէ սուբյեկտ անվտանգ եւ հաջող զարգանալ, եթե այդ զարգացումը հիմնելու է իր թանկ ռեսուրսների գնով ձեռք բերած հաղթանակի, ընդ որում համաշխարհային մասշտաբով լեգիտիմ հաղթանակի մի կարեւոր մասը հանձնելու վրա:

Իսկ Հայաստանի ու Արցախի հաղթանակը եղել է լեգիտիմ, որովհետեւ այն տեղավորվել է համաշխարհային առաջատար քաղաքակրթության զարգացման միտումներին համահունչ, ունեցել է դրան ներդաշնակ արժեհամակարգային հենք:

Խնդիրները առաջացել են ոչ թե Արցախի խնդրի չկարգավորվածությունից, այլ այն պահից, երբ այդ հաղթանակի տակից Հայաստանի «վերնախավերը» սկսել են քանդել այդ քաղաքակրթական եւ արժեհամակարգային հենքը, երբ կտրել են ներդաշնակությունը համաշխարհային առաջատար քաղաքակրթական միտումների հետ, երբ ընդհատվել է համահունչ քայլքը, երբ Հայաստանում խաղաղությունը հանձնվել է մի քանի ռազմաֆեոդալի, երբ իշխանությունը սկսել է ընտրություն կեղծել թաղային խուժանի ու խաժամուժի օգնությամբ՝ ընտրության տնտեսական արդյունքը կիսելով դրա հետ, երբ հաջորդ իշխանությունն այդ խաժամուժի կարգավիճակն էլ ավելի է բարձրացրել՝ կիսելով դրա հետ ընտրության նաեւ քաղաքական արդյունքը:

Դրանից են առաջացել խնդիրները թե Հայաստանի, թե Արցախի համար, որովհետեւ երբ հաղթանակը զրկվում է քաղաքակրթական հենքից, այն կորցնում է իր համաշխարհային, միջազգային լեգիտիմությունը: Իսկ դրանից էլ սկսում են խնդիրները այն կրողների համար, ու հաղթանակը ռեսուրսից դառնում է բեռ:

Իսկ այդ ժամանակ արդեն, կհանձնվի մի մասը, թե ամբողջը, միեւնույն է՝ որեւէ խնդիր չի լուծվի: Ավելին, պարզապես կահագնանան մարտահրավերները, որովհետեւ ոչ միայն քաղաքակրթական հենքից կտրված հաղթանակն է զրկվում միջազգային լեգիտիմությունից, այլ նաեւ հաղթողը:

Այսինքն, միայն հաղթանակը դեն նետելն արդեն չի օգնում: Դա ընդամենը դառնում է խարան, նշան, թե ումից է հնարավոր անխնա պատասխան պահանջել տարբեր այլ խնդիրների համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Ինքնահանգստացնող կեղծ տեսություն է, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է
քաղաքագիտության դոկտոր
Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)

- Դոնեցկի երկնքում Boeing 777-ի կործանումը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծել:

- Նոր իրավիճակն այն է, որ տեղի է ունեցել անսպասելին: Նախագահ Պուտինը հայտնվել է ծանրագույն վիճակում: Տեղի է ունեցել աղետ, որը որևէ կողմի, բացի պաշտոնական Կիևից, դիվիդենդներ չբերեց: Դա ահռելի ճնշում է ենթադրում Մոսկվայի վրա, որ պատրաստ չէր այսպիսի շրջադարձի:

- Ստեղծված իրավիճակը կարող է խաղարկվել Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի օգտին:

- Անկարելի է միջազգային առումով Ռուսաստանին պատկերացնել այս աղետից շահող կողմի դերում: Միանշանակ Արևմուտքի դիրքերը Արևելյան Ուկրաինայի հարցում առավել ամրապնդվեցին, իսկ Ռուսաստանը հայտնվեց մեկ այլ՝ այս անգամ PR աղետի գրկում:

- Ռուս փորձագետներից Լուկյանովը ասում է, որ Պուտինը ավելի սարսափելի վիճակում երբևէ չի եղել: Ինչ-որ առումով ստացվում է, որ սա Պուտինին մեկուսացնելու լավ հնարավորություն է: Ըստ էության՝ հայտնվում են ահաբեկիչներ, ովքեր զինվում են Պուտինի կողմից, և որոնց գործողություններն այլևս վերահսկողությունից դուրս են եկել, և Պուտինը չի կարողանում զսպել ահաբեկիչներին: Դիմումներ կան, Կոնգրեսում էլ տրամադրություններ կան Դոնեցկի, Լուգանսկի անջատողականներին ներառելու ահաբեկչական խմբավորումների ցանկում: Այս տեսակետից հետաքրքիր է՝ ի՞նչ կլինեն ռուսական պրոյեկտների հետ, որ այսօր լուրջ դեֆոլտի առաջ են կանգնած: Հնարավոր է այդ պրոյեկտները ուշանա՞ն, թե՞ ընդհակառակը՝ Ռուսաստանը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այն երկրների վրա, որոնք առավելապես ռուսական են համարվում:

- Փորձեմ պատասխանել հերթով. նախ՝ Պուտինի վիճակի հետ կապված գնահատականին դժվար է չհամաձայնել: Ճնշումն ահռելի է և լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության վրա: Ինչ վերաբերում է Կոնգրեսում հնչող հայտարարություններին, ապա այդ ցուցակում, թե ոչ՝ զինված ռուսամետ խմբավորումների բոլոր հայտնի անդամներն արդեն այլ ցուցակներում են անկասկած: Հետևաբար, նման հայտարարությունները նախևառաջ քաղաքական միտվածություն ունեն: Ինչ վերաբերում է ահաբեկիչների հանգամանքին, ապա այստեղ խոսել դասական առումով ահաբեկիչների մասին՝ թերևս տեղին չէ: Ապստամբները չեն կատարում այլ գործողություններ Ուկրաինայի այլ մասերում, կանխամտածված չեն ոչնչացնում խաղաղ բնակչությանը և բառացի իմաստով ահաբեկչական գործողություններ չեն իրականացնում: Նրանք դասական իմաստով ապստամբներ են: Ապստամբությունը հենց այդպիսին է լինում: Եվ պատահական չէ, որ հենց ԱՄՆ լրատվամիջոցները կամ իշխանության ներկայացուցիչներն են հրաժարվում նրանց պարագայում «ահաբեկիչ» եզրույթն օգտագործել:

Ինչ վերաբերում է բուն ավիաաղետին՝ ապա կարծում եմ՝ այստեղ երեք մեղավոր կողմ կա. նրանք, որ առանց լուրջ մասնագետների կամ լուրջ ուսուցանման ապստամբների շահագործմանն են հանձնում ԲՈՒԿ-ի պես լուրջ զինատեսակ, որ ի զորու է անգամ քաղաքացիական օդանավեր կործանելու: Երկրորդ մեղավորը հենց նույն ապստամբներն են, որ սիրողական մակարդակով համազարկեր են կատարում չճշտված թիրախների ուղղությամբ: Եվ երրորդ՝ ամենամեղավոր կողմը «Մալայզիական ավիաուղիներն» ինքն է, որ քաղաքացիական միջմայրցամաքային չվերթն ուղղորդում է մի օդային տարածք, որտեղ արդեն խփվել են ռազմական օդանավեր: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի դեպքից հետո նույն ավիաընկերությունն այժմ իր օդանավերն ուղղում է դեպի Սիրիայի օդային տարածք:

Այժմ՝ Ռուսաստանի՝ իր արբանյակ պետությունների վրա կենտրոնանալու հնարավորության հարցի մասին: Ռուսաստանը չի կարող անվերջ կենտրոնանալ և ճնշել իր արբանյակ երկրներին: Դրանց ռեսուրսները սահմանափակ են, իսկ դերակատարումը միջազգային հարթակներում՝ առավել սահմանափակ: Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության ոլորտում շուտով ականատես կլինենք կտրուկ քայլերի, որոնք Ռուսաստանը կնախաձեռնի՝ իրավիճակը հօգուտ իրեն փոխելու համար: Թե ինչպիսի քայլեր կլինեն դրանք՝ առավել առճակատայի՞ն, թե՞ առավել մեղմացնող՝ դժվար է կանխատեսել:

- Արդյոք չկա՞ վտանգ, որ Ռուսաստանին անկյուն «քշելով»՝ իրականում Արևմուտքը շատ ավելի վատ վիճակում է դնելու այն երկրներին, որոնք ռուսական ազդեցության տակ են, և ավելի դաժան է գործելու այն երկներում, որտեղ իր ձեռքերը կապող չկա:

- Հնարավոր է, առավել, քան հնարավոր: Այդպիսի նախադեպեր կան: Իսրայելի օրինակը դրանցից լավագույնն է: Տարածաշրջանի այն երկրները, որոնք խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ՝ մշտապես սպառնում են նախևառաջ Իսրայելին:

- Իզգոյացող, մեկուսացող, ահաբեկչություն հովանավորող Ռուսաստանի հետ Հայաստանի ապագան որտե՞ղ է: Թե՞ Հայաստանը պետք է այս պահին դադար առնի և մտածի իր ռազմավարական գործընկերներին դիվերսիֆիկացնելու մասին, այն մասին, որ միայն Ռուսաստանը իբրև ռազմավարական գործընկեր Հայաստանին բավարար չէ:

- «Իզգոյ» բառը չեմ սիրում, առավել ևս, երբ հայկականացվում է: «Մեկուսացվող» հասկացության հետ չեմ կարող չհամաձայնել, իսկ «ահաբեկչություն հովանավորող» կապակցությունն այստեղ ոչ ճիշտ եմ համարում: Ինչ վերաբերում է Հայաստանի դադար առնելուն, ապա վատ չէր լինի, բայց ահա դիվերսիֆիկացվելու մասով մի փոքր դժվարանում եմ պատկերացնել: Ռուսաստանից և Իրանից բացի՝ Հայաստանի մյուս բոլոր հարևանները չեն կարող ռազմավարական ոչ միայն հնարավոր գործընկերներ, այլև ռազմավարական բարեկամներ համարվել: Միաժամանակ Իրանի ռազմավարական շահերը թեև բազում հարցերով համընկնում են Հայաստանի ռազմավարական շահերի հետ, սակայն ոչ այնքան, որ թույլ տան այդ երկրին տնտեսականից անդին այլ ձևաչափով այս պահին դաշնակցել:

- Ի՞նչ կարծիք ունեք Իրանի դեսպանի հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը կարող է լինել տրանզիտ երկիր արևմտյան երկրների համար: Հայաստանին Ռուսաստանը թույլ կտա՞ դառնալ տարանցիկ երկիր, թե՞ ոչ:

- Հրաշալի գաղափար է: Դա Հայաստանին տնտեսական մեկուսացումից դուրս կբերի և կդարձնի ինչ-որ առումով ինքնուրույն խաղացող: Կարծում եմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դրան անգամ ԱՄՆ-ը չի հակառակվի: Մյուս կողմից՝ բնական է, որ Ռուսաստանին դա ձեռնտու չէ: Նկատի ունենալով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ և կառավարման լծակները չթուլացնելու մղումը՝ դժվար է գնահատել, թե որքան ինքնուրույնություն կկարողանա կիրառել պաշտոնական Երևանը:

- Ի՞նչ կարծիք ունեք վերջերս Սերժ Սարգսյանի՝ Բուենոս Այրեսում այն հայտարարության մասին, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգ է ռազմական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ: Այս հայտարարությունն ինչի՞ հետևանք էր: Արդյոք սրանով նոր գործընթացի սկիզբ չի՞ դրվում՝ Ռուսաստանին հասկացնելու, որ չափն անցել է արդեն:

- Այդ հայտարարությունը լրագրողի հարցի հետևանք էր: Մի հարց, որ Հայաստանի նախագահին բարդ վիճակում էր դրել: Կարծում եմ՝ «մտահոգվելը» մի փոքր մեղմ բառ է: Չեմ կարծում, թե մեր ժողովուրդը մտահոգված է: Խնդիրն առավել բարդ է և առավել սուր: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է ոչ միայն կամ ավելի շուտ ոչ թե «մտահոգվեր», այլ «խորապես հիասթափվեր»՝ գոնե հայտարարության մակարդակով, «համարեր անընդունելի» և կամ «մտահոգվելիս» «խորապես մտահոգվեր», այնպես, որ այդ մտահոգությունը մտահոգեր նաև մտահոգողին: Եվ մտահոգության լավագույն աշխարհագրական կոորդինատն, իմ կարծիքով, ոչ թե Բուենոս Այրեսն է, այլ ավելի մոտ՝ Երևանը կամ հենց Մոսկվան, որտեղ արձագանքն ավելի լայն կլիներ, իսկ բողոքի ձայնը՝ առավել զորեղ: Բայց, թերևս, Բուենոս Այրեսով էլ կարելի է բավարարվել:

Իրականում միջազգային պրակտիկայում ինձ հայտնի չէ մեկ այլ օրինակ, երբ ռազմավարական դաշնակիցն ու դարավոր բարեկամը զենք վաճառի իր դաշնակցի ոխերիմ թշնամուն: ԱՄՆ-ը երբեք և որևէ զինատեսակ Իսրայելի թշնամիներին չի վաճառում, իսկ պոտենցիալ հակառակորդներին՝ ինչպես, ասենք, Սաուդյան Արաբիային, վաճառում է նախապայմաններով, որոնք լուրջ արգելքներ են դնում դրանց կիրառման կամ երրորդ կողմի փոխանցման վրա:

Ռուսաստանը, որ իրոք Հայաստանի լավագույն բարեկամներից է տարածաշրջանում, իր այդ քայլով առնվազն տարօրինակ և անթույլատրելի ճոպանի վրայով է քայլում, որ հետագայում կարող է խախտել հենց իր իսկ սեփական հաշվարկները և վնասել հենց իր սեփական շահերին: Ակնհայտորեն դա արվում է Ադրբեջանին ռուսական ուղեծրին գոնե մոտ պահելու համար, իսկ բիզնես-շահերով բացատրելը պարզունակներին է ուղղված: Սակայն պակաս պարզունակ չէ նաև այն մոտեցումը, թե դա իրականում Ադրբեջանին սեփական ուղեծրում կպահի կամ հավելյալ լծակ է Ռուսաստանի ձեռքին: Պետք է ծանոթ լինել պատմությանը և պանթուրքիզմի գաղափարախոսությանը և տարբեր տարածաշրջաններն ու երկրները չչափել միևնույն չափանիշով:

- Դիվերսիան, մյուս գործողությունները արդյոք չե՞ն վկայում այն մասին, որ համբերության բաժակը լցվում է, և որքանո՞վ են հիմնավոր կամ պարզունակ այն դիտարկումները, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի, քանի որ նավթամուղ ու գազամուղ ունի, կվախենա պայթեցնելուց:

- Նախ՝ սկսենք դիվերսիայից: Այդ եզրույթը ես չեմ ընդունում: Դիվերսիան նեղ գործողություն է ենթադրում և առավել նեղ կիրառություն ունի միջազգային բառապաշարում: Դիվերսիան անգլերեն «սաբոտաժն» է: Հիմա որոշեք՝ սաբոտա՞ժ է արդյոք այն, ինչ կատարել են ադրբեջանցիները: Սաբոտաժը՝ դիվերսիան, ադրբեջանցիներից ներողություն խնդրող Գեորգի Վանյանն է իրականացնում, մինչդեռ կասեցված ադրբեջանցիները դասական առումով ահաբեկիչներ են:

Երեկ ԼՂ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով հայտնում էր, որ ձերբակալվածներին չի համարում Ժնևյան երկու կոնվենցիաների սուբյեկտ: Դա ճիշտ քայլ էր, քանի որ ահաբեկիչները չեն տեղավորվում այդ կոնվենցիաների սահմանումների շրջանակում: Այս երկու անձինք պետության կողմից հովանավորվող և առաքված ահաբեկիչներ են, որոնք կատարել են ահաբեկչական գործողություններ և սպանություն: Ահաբեկչություն տերմինը, որ անգամ ԼՂ իշխանությունները չեն կռահել գործածել, պետք է դնել շրջանառության մեջ:

Հիմա ամենակարևոր խնդրի՝ պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Այն, որ իր նավթամուղների կամ հորատանցքերի պատճառով Ադրբեջանը պատերազմ չի սկսի, ինքնահանգստացնող, ինքնասփոփող կեղծ տեսություն է: Դա նման է հաշիշի, որով թմրեցնում են իրենք իրենց՝ կարծելով, թե խուճապի մատնվելն առավել վատ է, քան ճշմարտությունն ընդունելն ու հոգեբանորեն պատրաստվելը: Ինչպես հայտնի է, հաշիշը կործանարար է հենց ընդունողի համար: Երբ իրաքյան առաջին պատերազմի ժամանակ նահանջող սադամյան զորքերը հրի մատնեցին Քուվեյթի հորատանցքերը, Բաղդադի տիրակալը հույս ուներ կաթվածահար անել այդ փոքրիկ էմիրության տնտեսությունը: Հրդեհները տևեցին մի քանի օր, առանձին դեպքերում՝ մի քանի ամիս, բայց արագ մարեցին, և տնտեսությունը սկսեց զարգանալ նախկինից էլ առավել ակտիվ տեմպերով: Մեկ այլ օրինակ. այսօր Սիրիայի նավթարդյունաբերության 95%-ը իսլամական խալիֆաթի իշխանության ներքո է: Հարվածը սիրիական տնտեսությանն ահռելի է, բայց բանակն ու նախագահը շարունակում են ապրել, պայքարել և ձգտել դեպի հաղթանակ:

Մի խոսքով՝ Ադրբեջանին զսպող հանգամանքը նրա նավթագազային սեկտորը չէ, այլ ժամանակն է: Երբ այդ երկիրը վստահ լինի պահի լիակատար հարմարության և սեփական զորքերի պատրաստվածության մեջ, պատերազմը կլինի անխուսափելի: Մի ամբողջ սերունդ, թերևս անգամ երկու սերունդ է մեծացել Ադրբեջանում՝ դաստիարակվելով հակահայկական բացառիկ ատելությամբ: Պետական քարոզչամեքենան գեբելսյան օրինակով ֆանատիկոս մանկուրտ քաղաքացիների ահռելի մի բանակ է ստեղծել, որն ինքն արյուն է տենչում, և որի ինքնության գաղափարը խարսխված է հայատյացության և Ղարաբաղը «վերադարձնելու» վրա: Այդպիսի մեքենան ինչ-որ պահի դառնում է ինքնավար և իր ձեռքն է վերցնում մեքենավարի լծակները: Պատերազմն, այո, ցավոք՝ անխուսափելի է: Մեր խնդիրն է ռազմական նոր լուծումներ գտնել, հնարավոր այլ դաշնակիցներ գտնել տարածաշրջանից դուրս՝ այլ գոտիներում, պատրաստել երիտասարդությանը և անպայմանորեն կանխել արտագաղթը: Բայց նախևառաջ անհրաժեշտ է վերականգնել հայաստանցիների ոգին: Առանց դրա մեր միակ մխիթարությունը կարող է լինել մի քանի ռմբակոծված և այրվող նավթահոր, իսկ սեփական երկրում՝ հրդեհ, որ չափազանց դժվար կլինի մարելը:




Պատերազմ

Ակնհայտ է, որ  դարեր ի վեր մեզ հետապնդում է անզեն, կոտորածային ու  «անսպասելի»  պարտադրված պատերազմը:
Ղարաբաղյանն էլ սկսվեց բացարձակ նույն սցենարով- Սումգայիթ, Բաքու, ու ողջ Ադրբեջանով մեկ՝  հայկական կոտորածներով: Մշտապես կրկնվում է նույնը, և մենք «չենք խրատվում»:

Ինչումն է բանը, որն է կրկնվող այս արյան դեմն առնել  չկարողանալու գաղտնի՞քը: Միգուցե մենք սկզբունքորեն չենք հասկանում պատերազմ ասածը, նրա տրամաբանությունն ու օրինաչափություննե՞րը:
 Հիմա էլ՝ ազգովի քննարկումների մեջ ենք՝ թե կսկսվի պատերազմը, թե ոչ՞: Այսինքն պատերազմը մեզ ներկայանում է որպես մեզանից անկախ մի պատուհաս, որը  գալիս չոքում է մեր դռանը, և մեզանից կախված չէ, թե այն կմտնի մեր տուն, թե ոչ:

Տարօրինակ, անբացատրելի, անըմբռնելի, համառ մտավոր անընդունակություն է սա:
Ադրբեջանը կար, տեղում էր, մեր հարևանն էր արդեն մեկ դար և նա անսպասելի,  մեկ օրում չհայտնվեց օդից: Հասկանալի է, որ հազարամյակ առաջ,  երբ վայրագ թուրքերը Ալթայից  սկսած առաջացան՝ սրի քաշելով իրենց ճանապարհին հայտնվածներին,  դա անսպասելի էր, ռազմական նոր  տակտիկա ու ստրատեգիա էր և դրան պատրաստ չլինելը հնարավոր էր ու բացատրելի:
Բայց հարյուրավոր  տարիներ  դրանց կողքին լինելով, գենոցիդվելով, ղարաբաղյան պատերազմ հաղթելով ու նորից նույն խնդրի առջև, նույն ձևակերպմամբ ու նույն մոտեցումներով  կանգնելն արդեն  լուրջ չէ:

Սպասվելիք պատերազմը  կամավորով ու հայրենասիրականով չի լինելու,  ֆիդայական կռիվ չի լինելու, ինչպես 20 տարի առաջ էր: Միլիարդավոր  դոլարների զենքի կիրառմամբ է լինելու, հզոր միջազգային սադրանքներով, միջամտությամբ ու դիվանագիտական խաբկանքներով է լինելու:

Իսկ այն, ինչ առկա է ներկա համահայկական  մոտեցումներում ու  իշխանականի դրսևորումներում, մեղմ ասած «սիրուն չի»:
Մեզ անհրաժեշտ է ազգովի՝ շարքայինով ու օլիգարխով, հանցագործով ու իշխանավորով ներառյալ, հաշվի նստել մի քանի սկզբունքային, հիմնարար դրվածքների հետ, որոնք անտեսված են մեզանում:

1-Պատերազմը ոչ թե ազգերի, այլ պետությունների միջև կոնֆլիկտային հարաբերությունների հանգուցալուծման մեխանիզմ է: Ազգերը սուբյեկտներ չեն, պետություններն են սուբյեկտներ- այսինքն որոշում կայացնող՝ պատերազմելու, թե խուսափելու, արարելու- թե վատնելու, զարգանալու -թե ավիրվելու:

Իսկ մեր պատկերացումներով պատերազմը ոչ թե պետական  այլ ազգային պատասխանատվության խնդիր է՝ լուծելի հայրենասիրականով, ֆիդայիններով, իրար բզկտելով, դոշ ծեծելով ու հրմշտոցով,  թե ով է հայրենասերը, ով ոչ: Ով պետք է զոհվի, ով կենդանի մնա, ով թալանի, մարդ հոշոտի ու իշխանավոր դառնա: Նման «պատերազմներ»  ծովահեններն ու  հանցագործ բանդաներն են վարում իրենց զոհերի հանդեպ, բայց ոչ պետությունները:

Պատերազմի էության ու  դերի մասին մեր այս ճակատագրական պարզունակության, իսկ իրականում բթամտության  ցայտուն արդյունքն էլ այսօրվա հայկական պետականությունն է՝ դատարկվող երկրով, իր հաստափոր ու անհավանական իշխանավորներով ու դաժան ներքինով:
2- Պետական խնդիր լինելով հանդերձ, կոնկրետ պատերազմի սանձազերծումը
միջպատերազմյան խաղաղ ժամանակահատվածում  ազգային, ներհանրային խոցելի վարքի հետևանքն  է:

Պետականություն ունեցող այն ազգերը, որոնք միջպատերազմյան ժամանակահատվածը մսխում են իրար հարստահարելու, թալանելու, նսեմացնելու վրա, նախապատրաստում են թե հաջորդ պատերազմը, և թե պարտությունը նրանում:

Ոչ մի պետություն չի համարձակվի հարձակվել հարևանի վրա, եթե համոզված չէ, որ կհաղթի:  Հարձակվում են նախապես հայտնի թույլի վրա, գտնելով, հնարելով, ստեղծելով պատրվակը: ԵՎ այս մոտեցման մեջ որևէ փոփոխություն չի եղել նախամարդուց սկսած:
Պատերազմը ռեգիոնալ ու միջազգային կյանքի անբաժան մասն է: Նվաճողական պատերազմի գնալու ցանկությունը  պետք է առկա լինի ցանկացած  պետության  գործիքադարանում: Որովհետև պատերազմը պետությունների  սուբյեկտային հարաբերման հիմնական գործիքն է և  հնարավոր չէ այն անտեսել:

Կյանքում նախահարձակ չեղած ազգի պետություն ունենալը մղձավանջ է, որովհետև մշտապես պաշտպանվելով հնարավոր չէ դիմանալ հարևանների  նկրտումներին ու պահպանել պետականությունը:

Հաղթելով ղարաբաղյան պատերազմում, մենք չկարողացանք ձևակերպել մեր պետական ու ազգային խնդիրները  համաձայն պատերազմի արդյունքների և այսօր ճաշակում ենք այդ վախկոտության ու տգիտության  արդյունքները:

Իսկ հրադադարից հետո էլ մենք մսխել են միջպատերազմյան անդորը՝  երկիրը թալանելու և մարդաթափ անելու վրա: : ԵՎ հիմա էլ փորձում  ենք խուսափել պատերազմից՝ դիմացինի պատրվակների դեմ օդում սուր ճոճելով,  հույսը դնելով մերթ դրսի, մերթ  Աստծո ու ինչպես պարզվեց, նաև հին ու նոր հայրենասերների ու ֆիդայինների վրա:

Պատերազմից խուսափած ու խաղաղության քարոզով գոյատևող պետություն աշխարհի երեսին գոյություն չունի: Հետևաբար ներկա պահի մեր խնդիրը սպասվող  պատերազմում հաղթելն է, այլ ոչ թե նրանից խուսափելը:

3- Պատերազմը միջպատերազմյան ժամանակահատվածում կուտակվող միջպետական նոր  բալանսի հետևանք է: Մեկի թուլանալու, և մյուսի ուժեղանալու հետևանք է: Մեկի՝ ներսում հանրային անարդարության  և մյուսում՝ համախմբան ու օպտիմիզմի կուտակման հետևանք  է: Սաֆարովակերպերին հերոսացնելն էլ,  թեկուզ վայրենի, բայց  ոչ մերժելի մեթոդ է համախմբման և նոր պատերազմի նախապատրաստվելու համար:

ԵՎ պազիֆիզմ, կամ խաղաղության քարոզներ ու պահանջներ ներկայացնելն էլ դիմացինին գայթակղելու և պատերազմ սկզբնավորելու համարժեք լծակներ են:
Խաղաղությունն ուժով է պարտադրվում: Խաղաղությունն անհնար է մուրալ, քանի որ պատերազմը մարդ կոչվածի վարքի նորմա է՝ անկախ որևէ փիլիսոփայականից կամ մարդկայինից:

Իսկ խաղաղություն ունենալու համար պետք է ամեն օր, ամեն ժամ ու ամեն քայլափոխի անխնա պատերազմես քո իշխանության դեմ: Պատերազմես, որպեսզի այն  աշխատի քո համար ու ընդհանուրի բարօրության համար, պետության բարգավաճման համար: Կերտի ու  արարի,  այլ ոչ թե թալանի: Ավելացնի  երկրի պոտենցիալները՝ ռազմականն ու տնտեսականը, դրական հոգեբանականն ու բարոյականը: Արդարություն  հաստատի ու  արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովի բոլորի համար:

Պատերազմը կուտակել ու նախապատրաստել ենք մենք ինքներս՝ հանդուրժելով հանցագործներին- որպես իշխանություն, նրանց մանկլավիկներին- որպես մեր բարեկամներ, կաշառքն ու անարդարությանը, որպես մի կերպ գոյություն  քարշ տալու  մեխամիզմներ, անօրենությունն ու անսկզբունքայնությունը- որպես «բաշարող մարդու» դրական որակներ, հանդուրժողականությունն ու «սահմանադրական» հեզությունը- որպես իբր քաղաքակրթական արժեքներ:

Արժեքային այս ողջ աղբը վաղուց պետք է մերժված լիներ մեզանաում, բայց հակառակը- այն փթթում է օր օրի:
Պատերազմը ցանկացած պետության գլխին կախված և վտանգ է և հնարավորություն: Եվ խնդիրը ամեն պահի  նրան պատրաստ լինելն է՝ թե որպես նախահարձակ նվաճող և թե որպես պաշտպանվող:

Ոչ թե միջազգային ինչ որ հնարովի ստանդարտներին համապատասխան  «ժողովրդավար» երկիրն է պատերազմից խուսափողը,  այլ ռազմականորեն ու տնտեսապես հզորը, ներքնապես արդարը, օրինականը, կերտող-արարողը, մարդուն արժևորողն ու գնահատողը: Նման երկրին ոչ մեկն ուղղակի չի համարձակվի «ծուռ նայել»:

4-Կլինի պատերազմ, թե չի լինի, դա գուշակության խնդիր չէ, այլ գործնական:  Այս պահին պետք է սթափվել՝ տիրապետելու համար պատերազմի  հարցը՝ որպես պետական ու ազգային, որպես ոչ սիրողական, այլ մասնագիտական ու կամայինի դրսևորման խնդիր:

Պետք է պաշտպանության մեջ ներգրավվեն բոլոր կարողները՝ սկսած գիտնակններից, մինչև նախկին գիտակ ռազմագետները: Պետք է զենք տրվի զենք կրելու ունակ բոլոր ցանկացողներին: Զինված ժողովրդով երկրի դեմ հարձակվել կարող են միայն խելագարները:

Ինչպես նաև ռազմականից պետք է դուրս շպրտվեն փողի ցոլքով այլանդակված բոլոր հանցագործները- անկախ նրանց քսակի ու թիկնապահական-ելուզակային բանակի   մեծությունից:

Մեր՝ ժողովրդի, հասարակ մարդկանց  պատերազմը սպասվելիք միջպետական պատերազմը չէ, այլ ներկա, միջպատերազմական անդորրի մեջ ընթացող ներքին պատերազմն է,  որը մենք խայտառակ տանուլ ենք տվել և պահն է հենց այդ պատերազմը հաղթելու:

Թշնամու դեմ սպասվելիք  պատերազմն ածանցյալ է, և այն անպայման հաղթական կլինի, եթե մենք նախապես հաղթենք ներքին պատերազմը՝ մեր տականքի ու մեր սրիկայի դեմ:

1992 –ին, երբ ղարաբաղյան ճակատներում անհույս վիճակ էր, դրությունը փրկեց համաժողովրդական հուժկու բողոքի ալիքն իշխանության դեմ, որը ստիպված եղավ հեռացնել պարտվող նախարարին և երկրի պաշտպանությունը հանձնել ընդդիմությանը:
Մեկ տարի անց, երբ ռամզաճակատային գործերը կարգի էին գցված և բանակը հաղթական էր դարձել, մենք նորից զիջեցինք ներքին պատերազմում և մեր կյանքի ու ճակատագրի տերը դարձավ ներկա տականքը:

Այսօր նորից, որերորդ անգամ նույն սխալը կրկնելու նախօրեին ենք:
Պատերազմը հաստատ կլինի, եթե ինքներս չպատերազմենք մեզ պարտադրված ներքին ճակատներում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Պատմում են առաջնագծից վերադարձած կամավորականները


Առաջնագիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերանների խմբերի առաջին հերթափոխն երեկ վերադարձել է դիրքերից։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերթափոխից վերադարձած կամավորականները վստահեցնում են, որ դիրքերում մարտական ոգին բարձր է։

Ի դեպ, մեր այցի ընթացքում առաջնագիծ մեկնելու համար անընդհատ նոր դիմողներ էին գալիս Արցախի ազատամարտիկների միություն։ Իսկ դիրքերից վերադարձած կամավորականների մեծամասնությունը կրկին առաջնագիծ մեկնելու ցանկություն է հայտնել։

Ալվարո Շեկյան, 63 տարեկան, Արցախյան ազատամարտի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ։ Մենք մեր փորձն ենք փոխանակել զինվորներին, սակայն կարող եմ վստահեցնել, որ մեր զինվորների մարտական պատրաստականությունն ու ոգին շատ բարձր են։ Մինչ այժմ չգիտեի, որ 18-20 տարեկան այդպիսի խիզախ ու հերոս զինվոր տղաներ ունենք։ Առյուծի ձագեր են՝ ես կասեի։ Մեր ներկայությունը դիրքերում ավելի է ոգևորել ու գոտեպնդել տղաներին։ Ասեմ նաև, որ մեր տղաներն անվախ են։ Չնայած գիտակցում ենք, որ նրանք՝ ադրբեջանցիները, հնարավոր է՝ մեզնից մի հինգ անգամ ավելի լավ են զինված, սակայն համոզված եմ, որ նրանց մարտական ոգին բարձր չէ, ինչը բնորոշ է իրենց հայրենի հողը պաշտպանող մեր զինվորներին ու ազատամարտիկներին։ Մենք արդեն ապացուցել ենք, որ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքը վաստակել ենք։ Ինձ համար թանկ արժեք է ազատությունը. ես մեր երկրի անկախության մեջ եմ տեսնում այն, և այսուհետ ևս պատրաստ եմ անել ամեն ինչ հանուն այդ անփոխարինելի արժեքի։ Ես չեմ հասկանում այն տագնապային տրամադրությունները, որոնք երբեմն էլ անհիմն տեղեկատվության արդյունք են, մինչդեռ իրականությունն այլ է։ Թող բոլորն էլ հանգիստ լինեն, որովհետև ճշմարտությունն այն է, որ մեր սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է։

Վարդան Սարգսյան, 38 տարեկան, Արցախյան ազատամարտի վետերան։ Արդեն երկրորդ անգամ եմ պատրաստվում մեկնել առաջնագիծ։ Մեր ներկայությունը շատ է ոգևորում զինվորներին, այդ նպատակով էլ ցանկանում եմ նորից մեկնել։ Դիրքերում համատարած առաջ գնալու տրամադրություն է տիրում։ «Ձեզ հետ պատրաստ ենք գնալ մինչև վերջ»,- հաճախ ասում են զինվորները։ Եվ մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ նրանք ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները։ Լավ պատրաստված ու զգոն են մեր զինվորները. նրանք պատրաստ են դիմակայելու ցանկացած դիվերսիոն գործողության: Կարծում եմ՝ ազերիները ևս սկսել են հասկանալ դա, դրա համար էլ վերջերս դիվերսիաներ չեն եղել։

Արթուր Միրզոյան, 56 տարեկան, Արցախյան ազատամարտի վետերան։ Կարող եմ հավաստել, որ մեր զինվորների մարտական ոգին բարձր է։ 18-20 տարեկան անվախ, պինդ տղաներ են։ Այո, մեր թշնամին գուցեև լավ է զինված, սակայն գոյամարտի տարիներին մեր տարած հաղթանակով ապացուցվեց, որ հաղթելու գրավականը նախ և առաջ ոգին է, ինչը և առկա է մեր զինվորների մոտ։ Երբ ծանոթներս ինձ հարցնում են սահմանում տիրող իրավիճակի մասին, կատակում եմ՝ ասելով, որ թուրքերն արդեն Բաքվի մոտ են դիրքավորվել։ Նորից եմ գնալու դիրքեր։ Եթե ազերի մուսավաթիստներն իրենց խելոք չպահեն, էլի հողեր ենք վերցնելու ու, գիտե՞ք, մի անզուսպ ախորժակ ունեմ՝ Բաքվի հայտնի ռեստորաններից մեկում թառափի խորոված համտեսելու։ Թող խելոք մնան, որովհետև Արցախը մերն է, իսկ այն ինչ իրենցը չէ ՝ չեն կարողանալու զենքով վերցնել։ Մեր ժողովրդին էլ կոչ եմ անում միասնական լինել, քանի որ մեր համախմբվածությունը, հաղթանակի գրավական լինելուց բացի, առավել հզոր զենք է քան ազերիների միլիարդավոր դոլարներ արժեցող զինատեսակները։ Իսկ ամենակարևորը՝ խորհուրդ կտայի չվստահել շուկաներից դուրս եկող անհիմն տեղեկություններին, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։
«Արցախպրես»



Նրանց մասին չեն պատմում. նրանց մասին լռում են

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ «բանակցություններն» արդյունք տվեցին: Թույլտվություն ստացա զրուցել հետախույզների խմբի հետ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի սրացումից հետո նրանց կանխարգելիչ մի գործողության հետևանքով հակառակորդը տվել է 7 զոհ և 5 վիրավոր: Հետախույզներին հանդիպեցի սահմանի տարբեր հատվածներում՝զորամասում եւ առաջնագծում:

Նրանցից երկուսը պատրաստվում են դիրքեր գնալ: Խոսակցությունը չի ստացվում, չեմ կարողանում նրանց «խոսացնել», պատ է: Տղերքը չեն խոսում ու վերջ, ոչինչ չեն ուզում պատմել: Գործողությունների մասին էլ հարցերին պատասխանում են՝ առաջադրանք են ստացել ու կատարել: Հետո հարցնում եմ նրանց կարծիքը տարբեր երկրների բանակների մասին, հարցնում եմ ամենալավ հետախույզների մասին: Տղերքը սկսում են կցկտուր  ինչ-որ բաներ խոսել, բայց մեկ ժամվա զրույցի ընթացքում իմ ջանքերը՝ խոսակցությունը թեքել իրենց կողմը, գրեթե չի ստացվում:

Հերոսներ, որոնց մասին հրամայված է չգրել

Նրանք սովոր չեն պատմելու իրենց մասին: Նույնիսկ ընտանիքներում չգիտեն, թե իրենք ինչով են զբաղվում բանակում: Նրանց  անունները չեն հնչում երբեք, նրանց պարգեւատրելու մասին չեն բարձրաձայնում, ուրվականների նման են՝ եւ կան, եւ չկան: Չնայած ժամանակ առ ժամանակ նշում էի, որ մեր զրույցը չի հրապարակվելու, միեւնույն է, կարելի է ասել, զրույց  չստացվեց:  Հետո ինչ-որ պահի ասացին, որ պետք է գնան դիրքեր ու գնացին:
Հետախույզների հետ կանխարգելիչ գործողության մասնակցել է նաեւ Վահե Պետրոսյանը: Սիսիանի Անգեղակոթ գյուղից է: Ծառայության մեջ է 20 ամիս: Նա խմբում միակ  շարքային էր:  Նրան ընտրել են տղերքը, եւ նա իրեն պահել է ինչպես պետքն է: Երբ հարցնում եմ՝ զինվորին ինչու եք վերցրել հետներդ, նրանցից մեկը պատասխանում է. «Դե մենք միշտ չենք մնալու, թող սովորեն»: Ինչպե՞ս է իրեն պահել գործողության ընթացքում՝ «շատ լավ», ասում է խմբի ղեկավարն ու այսքանով ավարտվում է Վահեի մասին խոսակցությունը:

Դիրքերի մոտ հանդիպում ենք հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին:  Հայոց բանակի լավագույն սպաներից է: Անընդհատ շարժման մեջ է, միշտ դիրքերում է: Ամեն ինչ անձամբ է ստուգում: Սպաներից մեկը, երբ նրա մասին խոսում էինք, այսպես բնութագրեց. «Բժիշկները պետք է պարզեն, թե ինչ նյութից է սարքված մեր հրամանատարը: Նա չի քնում, չի ուտում, անընդհատ շարժման մեջ է, առավոտները վազում է, բայց միշտ էներգիա ունի»:

Երկու հետախույզի էլ հանդիպում եմ սահմանի մեկ այլ հատվածում: 

Կարենը (անունները պայմանական են- հեղ.) 16 տարեկանից բանակում է: Զորամասի թիկունքի գծով տեղակալը ծանոթացրեց Կարենի հետ եւ ասաց, որ հարցազրույց պիտի տա: Կարենն անմիջապես հակադարձեց.

-Ես չորրորդ դասարանի կրթություն ունեմ, ի՞նչ հարցազրույց պիտի տամ:

-Կրթությունը կապ չունի,-ասում եմ:

-Ո՞նց կապ չունի, եթե կրթություն ունենայի, հիմա գեներալ կլինեի,-պատասխանում է Կարենը:

-Ո՞րն է ադրբեջանական բանակի թույլ կողմը:

-Իրենց թույլ կողմը՞. որ ադրբեջանցի են: Իրոք, ի վիճակի չեն ուժեղ բանակ ունենալ: Որքան ուզում ես զենք ունեցիր, եթե այդ զենքը չես կարողանում օգտագործել, ի՞նչ պիտի անես դրանք: Գիտես, մարդ սպանելը հաճելի բան չի, թեկուզ թուրք լինի, բայց մենք ստիպված ենք դա անում:

Հետո լռություն է: Ես դադար եմ տալիս՝ կարծելով, թե կշարունակի, բայց  չի շարունակում:

Մտածում եմ, երբ նրանք ասում են վնասազերծեցինք  հերթապահին,  նշանակում  է հակառակորդի զինվոր են սպանել: Բայց մենք չենք պատկերացնում, վնասազերծել բառի իմաստի մեջ չենք էլ խորանում, չենք պատկերացնում, որ նրանք եթե դա արել են առանց կրակոցի, ուրեմն դանակով են սպանել կամ ձեռքերով են խեղդամահ արել:

Ադրբեջանցիները գիշերը դիրքերը լքում են 

«Մտել ենք նրանց դիրքերը՝ դատարկ են, զարմացել ենք: Ցերեկը այնտեղ զինվորներ էին, այնտեղից կրակել էին մեր դիրքերի ուղղությամբ, իսկ հիմա դատարկ են: Նրանց մեկ դիրքում 3+3 +1 մարդ կա, այսինքն՝ վեց գումարած ավագը: Ու նրանցից ոչ մեկը դիրքում չէ: Մենք գնացինք  հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով  բլինդաժը: Խրամատի մյուս թեւն էլ դատարկ էր: Հետո մոտեցանք բլինդաժին, պարզվում է, երկու թեւերից եկել բլինդաժի մոտ են հավաքվել, վախից իրարից չեն հեռանում»,- պատմում է  Կարենը:

Հարցնում եմ՝ եղե՞լ են դեպքեր, որ խմբի անդամներից մեկն իր առաջադրանքը չի կատարել: Կարենը պատմեց մի այդպիսի դեպք. «Առաջադրանքում ամեն մեկն իր անելիքն ունի՝ հստակ, հաշվարկված մինչեւ վերջ, այսինքն՝ նման գործողությունների ժամանակ դու պետք է հաշվարկես բոլոր այն հնարավոր տարբերակները, որ կարող են առաջանալ: Ասենք՝ վնասազերծելուց մի բան էն չի լինում: Կրակոց է հնչում, գործողության ողջ ընթացքը միանգամից փոխվում է, յուրաքանչյուր ոք գիտի՝ ինչ պետք է անի: Կամ, ասենք, նահանջի ճանապարհը փակ է,  այդ դեպքում գիտենք որտեղ, որ ժամին պիտի հանդիպենք թշնամու թիկունքում: Մի խոսքով ամեն ինչ մանրամասն հաշվարկված է, տասնյակ հերթապահ տարբերակներով: Ցանկացած միջոցառում կատարվում է պլանավորմամբ: Բայց երբեք հարյուր տոկոսով չի լինում: Լինում է, որ վայրկյանների ընթացքում որոշում ես կայացնում: Մի անգամ տղաներից մեկը գործողության վայրից ավելի հեռու պետք է մեզ սպասեր: Ինքը պիտի աջակցեր անհրաժեշտության դեպքում, եթե չկար այդ անհրաժեշտությունն ինքն ուղղակի տեղում պիտի մնար:  Հետո տեսանք՝ ինքն էլ է միացել գործողություններին, չնայած պլանավորած էր այլ բան»:

«Հետո պատժեցի՞ք»,-հարցնում եմ:

«Ոչ, ինչ պատժենք: Ինքն ասեց՝ ոնց որ հասնեմ աղբյուրին ջուր չխմեմ, ոնց կլինի»:

Հետո մեզ միացավ ականազերծողներից մեկը: Նրանց խումբը գործողությունից առաջ ականազերծել է հետախույզների ճանապարհը: Յուրան կատակասեր սպա է: Դեռ հարց չէի տվել, միանգամից ասում է. «Ամուսանացած չեմ, որոշել էի ամուսնանալ, վիճակը խառնվեց: Տեսնենք կստացվի ամուսնանալս»:

Շփման գծի վերջին դեպքերից հետո ադբեջանցիները սահմանամերձ յոթ գյուղերից հանել են բնակչությանը, նրանք անվտանգության համար հոսանքազրկել էին իրենց գյուղերը: Հետախույզներից մեկը ադրբեջանցիների ակտիվացումը կապում է նրանց պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:

«Նա ուզում է ինչ-որ բան փոխի: Հիմա իրենց գյուղերի պաշտպանությունն է ուժեղացնում, հողաթմբեր են կառուցում գյուղերի դիմացը:  Մենք չենք պատասխանել երկար ժամանակ իրենց, իրենք էլ մտածել են, որ էդպես պիտի շարունակվի, իրենք անեն, մենք ընդամենը պաշտպանվենք: Իրենք անընդհատ դիվերսանտներ են ուղարկում, ինչ-որ հաջողություններ ունեցել են: Բայց դե մենք չէինք պատասխանում:  Ճիշտն ասած, մենք էլ ենք իրենց զենքով ուրախանում: Մեզ ինքանթիռ պետք չի ձեռք բերել, իրենք թող ինչքան ուզում են ունենան, մենք էդ ինքնաթիռները խփելու ենք, էդ ունենք մենք», -ասում է Սամվելը:

Հարցնում եմ ադրբեջանցիների զինատեսակների առավելության մասին: «Թուրքական զենքեր շատ ունեն, Իսրայելի արտադրության զենքեր ունեն իրենց դիվերսանտները, որ եկել են: Մենք ունենք այն, ինչ մեր հնարավորություններն են թույլ տալիս, մենք նավթ չունենք էդքան զենքի վրա փող դնելու համար: Մեր զենքերը մի քիչ էժան են, բայց բավարարում է մեզ մեր խնդիրները լուծելու համար,- ասում է Կարենը,- մեր վերջին գործողության ընթացքում նոր սարքերով ենք գնացել, մթի մեջ աշխատելու սարքեր են, մեզ շատ օգնել են դրանք: Դրանցից լավերն էլ կան, իհարկե: Բայց ունենք էն, ինչը որ ունենք, դրանով էլ աշխատում ենք»:

«Ադրբեջանցիները երբեք իրենց պատմության ընթացքում ոչ մի պատերազմ չեն կրել, չի պատերազմել այդ ազգը: Թուրքերը էստեղ կռվել են, այլ ցեղեր կռվել են, բայց ադրբեջանցիները ոչ մի մարտի չեն մասնակցել իրենց պատմության ընթացքում: Բայց մի յուրահատկություն ունի այդ ազգը՝ մեջքից հարվածելու»,-հակառակորդի ունակություններն է գնահատում հետախույզը:

-Խումբը զոհ չի՞ տվել գործողությունների ընթացքում,-հարցնում եմ ես:

-Ոչ:

-Իսկ դա նշանակում է, որ շատ պրոֆեսիոնա՞լ եք:

-Ոչ, դա նշանակում է՝ լավ պլանավորում:

-Պարգեւատրվե՞լ եք վերջին գործողության համար:

-Ինչո՞ւ, պարգեւատրման համար ենք անում մեր գործը:

-Դե հարցնում եմ, պարզապես ուզում էի իմանալ:

-Պարգեւատրումը պետության անվտանգությունն է, մեր տղաներից մեկը չորս երեխա ունի: Նա ինչ է, պարգեւատրման մասին պիտի մտածի՞:

Սխալ հարց եմ տալիս, խոսակցությունը ընդհատվում է մի որոշ ժամանակ:  Հետո խոսում ենք նավթամուղի մասին, այնտեղ հասնելու հնարավորությունների մասին, որն հեռու է 250 կմ:

-Կարող ենք, եթե նման առաջադրանք լինի: Այդ մասին խոսում են, լսել եմ տարբեր մարդկանցից, որ Ղարաբաղի բանակը կարող է այնտեղ վնասներ հասցնի:  Բայց դա էնքան էֆեկտիվ չի, մի քանի օրում կվերականգնեն: Ավելի լավ է մի դասակ ոչնչացնել, քան նավթամուղը պայթեցնել:

-Վերջին օրերի կանխարգելիչ գործողություններից հետո ի՞նչ է փոխվել նրանց մոտ:

-Վախն է շատացել, վախը: Անընդհատ կրակում են, հենց էնպես, անընդհատ  լուսավորում են իրենց տարածքները: Էնքան են վախեցել, որ զրահատեխնիկան բերել են դիրքերի մոտ: Առաջնագծի մոտ, որպեսզի իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնեն: Բայց դա օգուտ չի:

«Նախարարն ասել է, որ եթե մեր զինվորին խփեն, մենք տասը կխփենք եւ կոչնչացնենք այդ դիրքը, որտեղից եղել է մահացու կրակոցը: Սա հո էնպես ասված խոսքեր չե՞ն: Զգուշացրել ենք, հիմա իրականացնում ենք»,- ասում է հետախույզ Կարենը:

Վստահելի մարդ լինելն ընդգծելու համար հաճախ օգտագործում են՝ «ես նրա հետ հետախուզության կգնամ» արտահայտությունը, որը, թերևս, պատերազմական վիճակով պայմանավորված, արդիական է դարձել: Ի՞նչ է ռազմաճակատային հետախուզությունը, ի՞նչ է արժենում նրանց՝ հակառակորդի թիկունք անցնելու ամեն մի գործողությունը, քանի՞ կյանք է խլել այս կամ այն գործողությունը:  Մենք ոչինչ չենք իմանում, մեզ ոչինչ չեն ասում: Իհարկե, հետախույզները վերադառնալուց հետո գրում են իրենց հաշվետվությունները, բայց դրանք խիստ գաղտնի են: Տասնամյակներ հետո միայն կգրվեն գրքեր այսօրվա հայ հետախույզների ու նրանց իրականացրած գործողությունների կարևորության մասին:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ



«Ոչխարների» մորթապաշտությունն ու «գառների» մորթը

Մեր ազգի դժբախտությունների հարցում արտաքին աշխարհի դավադիր գործողությունները բացառող և մեղքն արտաքին աշխարհի վրա չբարդող հայի մոտ երբևէ առաջ է գալիս այն հարցը, թե ինչու է իր ազգը, որը կարծես թե համաշխարհային պատմության մեջ նշանակալից ավանդ ունի ներդրած, և որը հայտնի է իր ռազմական, առևտրային, գիտական ու ստեղծագործական ակտիվությամբ, այդքան պասիվ եղել քաղաքական գիտելիքը յուրացնելու, պետություն կառուցելու և պետական քաղաքականություն վարելու գործում: Ինչպե՞ս վերաբերվել պետական շինարարության գործում մեր անզորության առաջնային ցուցիչին՝ հարյուրամյակների ընթացքում հայոց պետականության բացակայությանը, ու, հատկապես, դրա արդյունքում մեզ պատուհասած ողբերգությանը՝ ցեղասպանության ենթարկվելու փաստին:

Անշուշտ, կարելի է արձանագրել, որ Մեծ եղեռնը տեղի է ունեցել, քանի որ հայ քաղաքական միտքը չի կարողացել գտնել ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու քաղաքական ճանապարհները, ապա նաև ժողովրդին տրամադրել զինված պայքարի: Սակայն նման բացատրությունից հետո հարցը չի սպառվում և կարիք ունի առավել խորը հարցադրումների: Ինքնին խնդիր կա հասկանալու, թե ինչու նախապես չեն գտնվել չարագույժ իրավիճակից դուրս գալու քաղաքական ելքերը, և ապա նաև համատարած ապստամբության միջոցով ինչո՞ւ չի իրականացվել հայ բնակչության պաշտպանությունը: Պատճառը ո՞րն է եղել՝ մտածողությո՞ւնը, հոգեբանությո՞ւնը, թուլակամությո՞ւնը, կազմակերպական ձիրքի բացակայությո՞ւնը, թե՞ այլ բան: Չէ որ արդեն օրհասական պահին առանձին հերոսամարտերը գալիս են ապացուցելու հենց զինված պայքարի արդյունավետությունն ու ժողովրդին փրկելու իրական մեխանիզմի գոյությունը, որը սակայն չի գործարկվել համատարած ձևով և ժողովրդի բոլոր շերտերին ներգրավելով:

Նախ պետք է նկատել, որ պայքարի առանձին օջախների սփռվածությունը Թուրքիայի տարածքում եղած հայության կոմպակտ բնակության տարբեր վայրերում (Մուսա լեռ, Շապին Գարահիսար, Սասուն, Ուրֆա եւ այլն) ցույց է տալիս, որ խնդիրն ինչ-որ մի սահմանափակ տարածքում պայքարի տրամաբանությունը չընկալող քաղաքական մտքի ամլության մեջ չէ: «Զինված լինելով» ողջ Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման արդեն տարիների փորձառությամբ, վառ պահելով ոչ վաղ անցյալի (1894թ., 1904թ.) Սասունի ինքնապաշտպանական մարտերի արձագանքները, աչքի առաջ ունենալով Ցեղասպանության օրերին մյուս վայրերից եկող հայության տարագրվող քարավաններին՝ զինված ապստամբության դիմելու միտքը, անշուշտ, պետք է որ ծագեր Հայաստանի կենտրոնական գավառների մեր հայրենակիցներից շատերի մոտ: Սակայն դրան դիմելու անվճռականությունն ու կազմակերպվելու անճարությունը կարող էին որոշիչ դեր խաղալ այդ քայլին չգնալու ճանապարհին:

Եթե խնդիրն այլ գործոնների թվում նաև անվճռականությանն է վերաբերում, ապա գործ ունենք առաջին հերթին հայի տվյալ ժամանակաշրջանի հոգեբանական կառուցվածքի ու ինչ-որ առումով նաև մտածողության նրբությունների հետ: Հենց սա պետք է փորձել վեր հանել: Սակայն, փաստական նյութի սղությունը, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած սերնդի գրավոր հուշերում մարդկային վարքի հեզամտությունը, անգործությունն ու անզորությունը բացահայտող հոգեբանական խորքային նկարագրությունների բացակայությունը այսօր բավական մեծ դժվարություններ են ստեղծում ցեղասպանվող ժողովրդի չդիմադրելու պատճառները վերհանելու համար:

Այստեղ հարկ է մի նկատառում անել: Ինքնապաշտպանության դիմելու գործում մեղադրանքի խոսքերն իհարկե չեն կարող վերաբերել սոցիալական խոցելի խմբերին՝ երեխաներին, ծերերին, հաշմանդամներին կամ թե սոցիալական մեծ ու փոքր խմբերում որոշումների կայացման գործում «ձայնազուրկ» տղամարդկանց ու կանանց: Այստեղ խոսքն Առաջին աշխարհամարտի պատճառով ու պատրվակով զորակոչված տղամարդկանց, իսկ ապա նաև բնակության վայրերում մեկուսացված ու կոտորված չափահաս ու կարող բնակչության (հատկապես՝ արական բնակչության) անզորության ֆենոմենի մասին է:

Հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում մարդու բնույթին հատուկ է այն բնական առաջնորդներին հետևելու ցանկությունը, ովքեր կհամոզեն հանրությանը իրենց՝ ժողովրդի անվտանգությունն ու կեցությունն ապահովելու կարողությունը: Այդ իսկ պատճառով, նախ պետք է արձանագրել, որ քաղաքականությամբ զբաղվող կուսակցական գործիչներից ու Օսմանյան կայսրության պաշտոնեության մեջ եղած հայ ներկայացուցիչներից բացի, մեր քաղաքական գործիչների տվյալ ժամանակաշրջանի կոհորտան են կազմել նաև հանրային կառավարման որոշակի լծակների տիրապետող ռեսերը, քյոխվաները, հոգևոր առաջնորդները, համայնքներում նյութական կարողություններ ունեցող հանրային հեղինակություն վայելող էֆենդիները և այլն: Իսկ նրանց գիտելիքի և մտավոր կարողությունների ամբողջ դիապազոնն էլ կազմել է տվյալ ժամանակաշրջանի մեր քաղաքական մտքի ողջ ներուժը: Այսպիսով, մեր ազգի «առաջնորդների» շրջանակը ինքին հասցեականություն է ունեցել:

Եվ ուստի, ինչպես Մուսա լեռում կամ Ուրֆայում, որպեսզի թույլ չտրվի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը, ինչո՞ւ նաև նրանց մոտ չի հաղթահարվել պայքարելու անվճռականությունն ու չի իրացվել կազմակերպվելու պահանջմունքը: Ի՞նչ են մտածել տվյալ ժամանակի քաղաքական գործիչները, համայնքների մեր քյոխվաները, հանրային դեմքերը և ինչու չեն կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը: Չէ որ ժողովուրդը պարտավոր էր լսել այդ մարդկանց իմաստալից խոսքը և նրանց նպատակամետ գործի հետևորդը դառնալ: Հարկ է հասկանալ հենց այդ մարդկանց հոգեբանությունը, ովքեր բնականորեն կոչված են եղել ժողովրդին առաջնորդել նման իրավիճակներում, քանզի սուբյեկտային վարքը և ազգի առջև ներքին պատասխանատվությունը հենց նրանց է պատկանել:

Հարյուրամյա հեռավորությունից տվյալ ժամանակաշրջանի հանրային գործիչների հոգեբանությունը վերհանող ու պարզաբանող գործիքակազմը, ինչպես ասվեց, շատ սահմանափակ է: Սակայն այսօր, մի գործիք, այնուամենայնիվ, քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր մեզ կարող է ցուցանել: Խոսքը մեր ազգի քաղաքական մշակույթի ու, հատկապես, պետական, վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում տեղ գտած քաղաքական ավանդույթի մասին է: Ինչպե՞ս է ներկայիս հանրային հեղինակություն ձեռք բերած գործիչը պատկերացնում իր առջեւ ծառացած խնդիրների լուծումը քաղաքական դաշտում, վարչական մարմինների հետ եղած փոխհարաբերություններում, արտաքին սուբյեկտների հետ շփումներում: Եթե կա զորության որոշակի ներուժ, ապա այդ գործիքը կարող է կեղծ պատկեր մեզ ցուցանել անցյալի անզորությունը մեկնաբանելիս: Սակայն, եթե մենք գործ ունենք նույն անզորության մեջ տապակվող քաղաքական գործիչ կամ համայնքում ու թաղում հեղինակություն վայելող նորօրյա էֆենդու հետ, ապա կարելի է խոսել իսկապես քաղաքական մշակույթի մի արատավոր շղթայի մասին, որը թույլ չի տվել (տալիս) ոչ պետություն կառուցել, և ոչ էլ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորել:

Այսօր 1915 թ. ցեղասպանվող ժողովրդի անզորության ֆենոմենը պարզաբանող ճշմարտությունները բոլորովին էլ ընկած չեն մարտիրոսվողների՝ մեզ ոչ լիարժեք տեսանելի հոգեբանական դիմանկարներում: Չէ որ այսօր մեր շուրջը բազում են ակամա «մարտիրոսվողները»: Ցավոք, բազում են նաև նրանց դեպի սպանդանոց ուղղորդող կուսակցական գործիչներն ու փոքր ու մեծ, ահել ու ջահել «էֆենդիները»: Ու առավել ցայտուն դա երևում է հենց ներկայիս հանրային-քաղաքական դաշտ ասվածում: Հարց տանք մեզ՝ ովքեր են ներկայիս քաղաքական գործիչները կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերող հանրային դեմքերը, և ինչ հոգեբանական բնութագրեր ունեն նրանք: Այս հարցերի պատասխանները մեզ կտանեն մի դար ետ ու կտեսնենք յաթաղանի տակ կոտորվող ժողովրդի անզորության առհավատչյան:

Եվ ուրեմն, ո՞րն է մերօրյա «քաղաքական դեմքերի» հավաքական հոգեբանական դիմանկարը: Առաջին հերթին աչք է զարնում քաղաքական գործիչների տգիտությունն ու «ամբիցիոզ դատարկությունը»: Այնպիսի վարքը, որտեղ որոշակի հեղինակություն ունեցող հանրային գործչին թվում է, որ ինքն ամենակարող է, ամենախելացին, ամենախորամանկը, որ իր գիտելիքը բավարար է անգամ մոլորակը կառավարելու համար, իր իշխանատենչությունը միտված է ժողովրդի բարեկեցությանը, իր նյութական ակնկալիքները չափավոր են, իսկ լավատեսությունն էլ՝ առողջ հիմքերի վրա:

Նման ամբիցիոզ անհատի մոտ, սակայն, անտրամաբանական հակասություն կա տարբեր խնդիրների լուծման նրա գործելաոճում: Այսօր թե՛ քաղաքական գործիչը, և թե՛ վարչական մարմնի հետ հարաբերվող անհատը իր «արսենալում» միայն մի անառողջ մեխանիզմ ունի լիարժեք յուրացրած: Այն է՝ բողոքել, «մուննաթ գալ», փնովել այնքան ժամանակ, մինչև իր հետ կբանակցեն ու կպայմանավորվեն և թույլ կտան օգտվել «կերակրատաշտից»: Հենց այստեղ է, որ ընկած է ցեղասպանվող ժողովրդի անզորության ֆենոմենը: Հայի ամբիցիաներն ու ինքնագնահատականը, բայց միևնույն ժամանակ պայմանավորվելու հակումն ու դրան հասնելու լավատեսությունը մեր ազգի ինքնաոչնչացման հիմքում են ընկած: Այդուհետ թշնամու գայլային ախորժակն արդեն երկրորդական նշանակություն ունի:

1915թ. բնակչության մորթվելու փաստը ցույց է տալիս ներազգային կյանքում քաղաքական մտքի, կամքի ու վարքի  խաթարվածությունը: Որպես մի ամբողջություն հայ ազգը մորթվող գառների օրն է ընկել: Համատարած սպանդանոցի ճանապարհին չընդվզելու համար պատասխանատու որոշակի շրջանակի մոտ կարող էր ընկած լինել միայն այն «ինդիվիդուալ» հավատամքը՝ լավատեսության առկայությունը, որ կոտորածները իրեն ու իր ընտանիքին չեն վերաբերի: Իսկ եթե անգամ առնչվեն, ապա հավատամքն առ այն, որ հնարավոր է պայմանավորվել թուրք ասկյարի կամ քուրդ բաշիբոզուկի հետ: Այլ կերպ ասած, «առաջնորդների» մորթապաշտությունն էլ հենց դուռ է բացել ողջ ազգի մորթելու համար:

Այսօր հանրային գործչի՝ իշխող վարչախմբի պարագլուխներին կամ բիզնես իրականացնող անհատի՝ հարկային մարմնի պաշտոնյային բողոքելու, իսկ ապա նաև՝ պայմանավորվելու պրակտիկան ոչնչով չի տարբերվում հարյուր տարի առաջ թուրք ելուզակի հետ հարաբերվող մեր հայրենակիցների վարքից: Տգիտությունն ու մորթապաշտությունը որպես խոչընդոտ ընկած է մեր պետականության կառուցման ճանապարհին: Ազգը խնդիր ունի բոլորովին այլ որակի մարդկային անհատի վերազարթոնքին ու հարաբերվելու մշակույթին: Պետական շինարարությունը սկսվում է անհատից, դեպի շրջապատը նրա վերաբերմունքից, սեփական տեղը հանրության մեջ ճշտելուց: Այդուհետ պետական շինարարության ուղին ուրվագծվում է գիտելիքի ու կամքի հիման վրա՝ կազմակերպվելու և խնդիրների լուծման տարաբնույթ ձևեր գտնելու միջոցով:

Սույն հոդվածի շատ փաստարկներ խնդիր ունեն լրացուցիչ հիմնավորման ու ապացույցների: Կարծում եմ ստորև ներկայացվող հատվածը, որտեղ ընկած է Ադանայի կոտորածում մեր «գործիչների» մեղավորության հարցում Անդրանիկի գնահատականը, որոշ չափով կլրացնի այդ բացը.

«Ատանայի ջարդեն մոտ 50 օր առաջ կեղծ անցագրով մը Պոլիս հանդիպեցա Ակնունի, Վարդգես, Զարդարյան եւ դաշնակցության շեֆերեն դեռ ուրիշներ ամբողջ հինգ ժամ ուզեցին զիս համոզել, թե ժեոն թուրքերը այլևս թույլ չեն տար ոչ մեկ կոտորած: Ես հակառակ կպնդեի և կըսեի.

- Չեմ հավատար, այս գազանները մեզ դարձյալ կկոտորեն, ըրածնին դարձյալ կեղծիք է, դուք կխաբվիք և կխաբեք մեր ժողովուրդը: Ինքնապաշտպանության գաղափարը երբեք մի լքանեք և պատրաստեցեք ժողովուրդն ալ այդ ուղղությամբ: Տիգրանակերտեն սկսելով մինչև Պարսից սահմանագլուխը 160 հազար զինված քուրդ կա:

Ժեոն թուրքերը զինաթափ չեն ըներ զանոնք եւ կպահեն մեզ հարմար առիթով կոտորել տալու համար:

Մալումյան այն ատեն դարձավ ու ինձ ըսավ.

- Ի՞նչ հոռետես մարդ ես դուն, երբեք չտեսա, որ քիչ մըն ալ լավատես ըլլայիր:

Նույն պահուն Վարդգես ինձ կառաջարկեր, որ ծանոթանամ Ալի փաշայի հետ, որ այն միջոցին ոստիկանության տնօրեն էր Կ. Պոլսո մեջ:

Հարցուցի, փնտրեցի և հասկացա, թե այս այն Ալի փաշան է, որ Սասունի Տալվորիկի «Զբոսանք» թաղի բնակչությանը կոտորել տվավ եկեղեցիին մեջ և հետո այրել տվավ զայն: Ալի փաշան ինձ դեմ կռված էր երեք անգամ: Հիմա կուզեին, որ իմ ձեռքս դնեմ անոր արյունոտ ձեռքերուն մեջ և ըսեմ.

«Երեկ կռիվ կընեինք, այսօր ընկեր ըլլանք»:

Իմ սովորական զայրույթովս պատասխանեցի այս բոլորին և ըսի.

- Խերը տեսանք. բայց գոնե ժողովուրդը մի խաբեք:

Եվ «մնաք բարով» ըսելով, մեկնեցա Եգիպտոս:

45 օր չէր ընցած, երբ իմացա, թե Թալեաթ և իր նմաննները կոտորել կուտան Ատանայի հայությանը:

Այն ատեն բուռն ոճով նամակ մը գրեցի Ակնունիին, ըսելով, թե ո՞վ իրավունք ուներ, ես իմ հոռետեսությամբ, թե ինքը՝ լավատեսությամբ. «Լավ գիտցեք, որ, ավելացրի, երբ առիթը գտնեն ընկեր թալեաթներ ձեզ ալ կոտորել պիտի տան»:

Այս տողերը գրելու ատեն երբեք միտքես չէի կրնար անցնել թե՝ դաշնակցությունը նույն միջոցին Սելանիկի մեջ համաձայնություն մը կնքեր իթթիհատի հետ…»:

ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆ, 
քաղաքական վերլուծաբան



Պտույտ անցումային հասարակությունների շուրջ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բոլոր անցումային հասարակություններն իրենց զարգացման բեկումնային պահերին միշտ բախվել են ճշմարիտ արժեքների ընտրության և դրանց արդյունավետ կառավարման խնդրին` խնդիր, որի լուծման պարզ բանաձևերի և «դիսկրետ ալգորիթմերի» բացակայությունն, ինչ խոսք, թե պարարտ հող է ստեղծել նշյալ հասարակությունների ներսում ավերիչ, էնտրոպիկ ուժերի արթնացման և անխափան գործունեության համար, թե զգալի վնաս պատճառել ներհասարակական ամուր դաշինքի, հաստատուն կոնսենսուսի, կայուն և առողջ փոխհարաբերություների ձևավորման գործին և թե լրջագույն խոչընդոտներ և արգելքներ հարուցել նոոսֆերային որոշակի մակարդակի անցնելու և կենսոլորտային կառույցի համեմատաբար բարձր հարկեր փոխադրվելու վերոնշյալ  հասարակությունների զարգացման էվոլյուցիոն հարընթացների առաջ:

Անցումային հասարակության առողջ և գիտակից տարրերի  բնական ձգտումը` բարեփոխելու սեփական հասարակությունը, հետևողականորեն, նպատակառացիոնալ կերպով և դրականորեն արարելու հասարակական կեցության բարձրագույն օրենքներն ու կենսական նշանակության հիմունքները, ինչպես միշտ, այսօր էլ դեմ է առնում պատային մի վիճակի, երբ մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու, մարդկայնության զգացողության անտրոպոգեն որակները սկսում են նահանջել հասարակության մի զգալի հատվածին բնորոշ սպառողական հոգեբանության, նյութական հարստացման անհագուրդ տենչի ու վայրագ ինքնահաստատման բնազդային մղումների անհաղթահարելիության առաջ:

Աչքի առաջ ունենալով անցումային  հասարակություններին բնորոշ իրողությունները, ցավով  ու ափսոսանքով  պիտի արձանագրենք , որ մեխանիցիստական գործոնների և սպառողական որակների  գերակայման միտումը այդ հասարակության արժեքային տիրույթում  իր որոշակի բացասական դրոշմն ու ներգործությունն է ունեցել և այսօր էլ ունի  թե հասարակության բարոյական կյանքի, թե անհատական և հասարակական արժեքների փոոխազդեցության վրա` բարոյական ռիգորիզմի և ֆորմալիզմի հախուռն և հեծելազորային գրոհով նախ բաժանելով և հեռացնելով այդ արժեքները միմյանցից և, ապա, հաստատելով «բևեռային գիշերվա սառցե լռություն», ապատիայի, խորին անտարբերության և անզգայության վիճակ մարդկային ներաշխարհում` ներաշխարհ, ուր թվացյալ անդորրության արտաքին կեղևն ի զորու չէ պարտակելու հոգու անվրդովության և ատարաքսիայի կատարյալ բացակայությունը, ձանձրույթի, ունայնության և դատարկության անբռնազբոս հաղթարշավը, անհատականության կորուստը, էքզիստենցիալ վակուումի աճը, նիհիլիստական և պեսիմիստական տրամադրությունների վերելքը, անձի նախաճգնաժամային ու ճգնաժամային սինդրոմի սուր, ցավագին դրսևորումները:

Դեստրուկտիվ այս երևույթներն անգամ առողջ գիտակցություն ունեցող մարդու համար ըստ էության այնպիսի դժխեմ մթնոլորտ են ստեղծում, որոնք աշխարհից փախչելու, այն տեսականորեն և գործնականորեն ժխտելու վտանգավոր նախադրյալներ են ստեղծում և ավելի խոցելի դարձնում նրան բազմաթիվ դժվարությունների, փորձությունների և վտանգների առաջ: Իսկ ում հայտնի չէ, որ այդ երևույթներն ու պատուհասները` ձանձրույթը, ապատիան, ունայնության զգացողությունը, նիհիլիստական տրամադրություններն անցումային հասարակություններում որպես կանոն ստեղծում և դրանցով անապահով հասարակական մեծամասնությանը վարակում են հենց սոցիալական այն բարգավաճ կաստաները, որոնց ենթագիտակցության «տղմահոտ ավազանում» շեշտված և պահանջված են գոյատևման և սպառողական արժեքները, առաջնային` մեխանիցիստական-արժեքային գործառնական դաշտը և բարձր` նյութական արժեքների վարկը:

Սրանց նմանների անգամ արտաքին կերպարներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք սադոմազոխիզմի բարձրագույն փուլին հասած մարդկանց մի տեսակի, զուտ հղփացած տարրերից բաղկացած մի հատուկ կեցության (entity) հետ, որն ունի ամեն ինչ` նյութական և տնտեսական զգալի կարողություններ, բարձր կենսամակարդակ, բայց ամենակարևորը` բյուր «ցավեր կիսող մի աչք էլ չունի», այսինքն չունի հոգևորության և բարոյական կյանքի այն մակարդակը` sitlichket-ը, ինչպես կասեր գերմանացի փիլիսոփա Հեգելը, չունի մտավոր-իմացական և պրակտիկ-բարոյական կարողությունների փոխգործակցության այն արդյունավետ բանաձևը, որը թույլ տար նրան դասվելու մարդկային կերպ ու նմանություն ունեցող արարածների շարքը:

Կյանքն ու դառը իրականությունը մեկ անգամ չէ, որ բացահայտել և ցույց են տվել, որ հոգևոր ինքնադրսևորման և ինքնարտահայտման կարողություններ և ունակություններ  հասարակության սպառողական հատվածները երբևէ չեն  ունեցել և չէին էլ  կարող ունենալ, քանզի պատմությունից մեզ հայտնի բոլոր սպառող կաստաները  իրենց  հավաքական կերպարի մեջ հանդես են եկել և այսօր էլ հանդես են գալիս  որպես մի անասնաֆերմա, որտեղ «մարդը,- նշում է անգլիացի նշանավոր գրող Ջորջ Օրուելը,- միակ արարածն է, որ սպառում է առանց արտադրելու...Այստեղ բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները. և երբ դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից մարդուն, անկարող էին մեկին մյուսից տարբերել»:

Խոզից փոքր-ինչ տարբերվող, կամ գրեթե չտարբերվող սպառողների «երամակը», ինչպես հայտնի է, միայն  նյութական գարշահոտություն է տարածում շուրջբոլորը, իսկ նրանց անասնական խռխռոցը միշտ էլ խլացրել և խլացնում է «ձայներն այն եզակի հոգիների, որոնք հոգևոր կյանքի, իմացության և առաջընթացի թեկուզև աղոտ պահանջն ունեն: Հոգևոր գիշերը հետզհետե ավելի ու ավելի խորն է իջնում: Այդ վախեցած հոգիների շրջապատը ավելի է գորշանում, և դրանք կրողները` տանջահար, կասկածներից ու վախից ուժասպառ, աստիճանական մայրամուտին հաճախ գերադասում են բռնի անկումը դեպի սևը» (Ա. Քամյու):

Այո, ինչ  խոսք, միայն եզակի հոգիները,  ամերիկյան էքզիստենցիալիստ գրող Ջեյկ Քերուակի արտահայտությամբ` «միայնակ աքսորականները և կոտրվածները» կարող են գերադասել բռնի անկումը դեպի սևը կյանքի սնանկության, ունայնության կախարդական շրջագծում փորձելով  խույս տալով կյանքի իմաստը կորցնելու մտքից կամ էլ  ռոմանտիկական հարուստ երևակայությամբ ջանալով  կյանքի մի նոր և սուբյեկտիվ իմաստ ստեղծել՝ էական մի հանգամանք, որը նրանց լիովին առանձնացնում է նյութական «դաշտերում արածող» մարդու զուտ սպառող, անասնական տեսակից` տեսակ,  որի մոտ ոչ միայն ապրումակցումի, կարեկցանքի սիրո, այլ անմիջական ապրումի (erlebnis), զգայականության, հիշողության և անգամ վերբալ-ակուստիկ կոդավորման կորուստն ու բացակայությունը ավելի է շեշտադրում և ընդգծում վերջիններիս ընդհանրությունը և օրգանական համատեղելիությունը կենդանական աշխարհի ցածրակարգ ողնաշարավորների հետ:

Հայտնի աքսիոմա է` մարդը թե հիշողություն, զգայականություն, իմաստնություն, իմացություն, սիրելու և ատելու ունակություն ունի, մարդ կոչվելու իրավունք էլ ունի, ապա թե ոչ` ինչը պիտի տարբերի նրան հետերոտրոֆ կենդանիներից, թերևս միայն այն, որ չորեքթաթ չէ և սեփական գլխին էլ պոզեր չեն աճում: Բայց միթե այդքանը բավական է: Ինչպես կասեր հայ մեծանուն  գրող Հրանտ Մաթևոսյանը` «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրված է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես` հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն»:

Դե եկ ու այսքանից հետո հավատ մի ընծայիր արմատական բիհևիորիստների կողմից առաջադրված, տեսականորեն հիմնավորված գիտափորձարարական հետազոտություններով հաստատված այն թեզ ու գաղափարին, ըստ որի չկա որևէ տարբերություն մարդականց որոշակի տեսակի և կենդանիների, մասնավորապես` թափառամկների միջև, և որ այդ վարքագիծը խորապես օպերենտային է, այսինքն լինելով արտաքին միջավայրի ազդեցությամբ ծագող ռեֆլեքսների մի բարդ ամբողջություն, հիմնականում կողմնորոշված է «զորանալու» ուղղությամբ և կապված է բազմաթիվ կենսաբանական պահանջմուքների, այդ թվում` «պարգև» ստանալու և պատիժներից խուսափելու բնազդային ցանկությունների ու մղումների հետ:

Վերափոխվելու, մարդկային տեսք ու կերպարանք ձեռք բերելու, բարոյահոգեբանական փրկարար ցնցումների եթարկվելու ունակությունն, ինչ  խոսք, խորթ և օտար է «թափառամնկների» հասարակական խավին կամ խմբին` խումբ, որտեղ ցանկալի և անհրաժեշտ ազդակների ձեռքբերման խելացի և այլընտրանք չունեցող միակ ուղին, ինչպես նշում է ամերիկյան բիհևիորիզմի հայր Բ. Սկինները իր «Ազատությունից և արժանապատվությունից ավելին» մեծ աղմուկ հանած աշխատության մեջ, եղել և մնում է նրանց վարքագծի արտաքին կառավարումը պայմանական նյարդային հակազդում ստեղծելու միջոցով: Սրանց նմաններին տրված չէ անցնելու  փրկության այն ծանր ու դժվարին, փորձություններով ու տառապանքներով լի ճամփան, որ եղել և մնում է բախտաբաժինը եզակի այն հոգիների և գիտակից տարրերի, որոնք թեև  թվով շատ փոքր են, բայց տառապանքով, վշտով, սիրով, հոգու բովանդակ կարողություններով ամենամեծն են` ամենամեծը, քանզի ծաղրանքի, ատելության, բազմաթիվ թունոտ հայացքների ու ֆշշոցների ուղեկցությամբ շարունակում են առաջ հրել սոցիալական դարվինիզմի ու սպառողականության ամայի և քարքարոտ ավազուտներում թաղված իրենց արժեքների սայլը և որոշակի որակներ հաղորդել կյանքի իմաստի իրենց որոնումներին` նշանավորելով այն մտավոր-իմացական և հոգևոր գործունեության ամենատարբեր տեսակներով ու եղանակներով, ինչպես օրինակ` սուբլիմացիայով, միստիկական պայծառացման վիճակներով, կամ կամ էլ ասենք` սեփական «ոչ ճշմարիտ» և «ոչ իսկական» գոյությունը հաղթահարելու և իսկական գոյությանը վերադառնալու էքզիստենցիալ ապրումներով:

Սակայն դառն իրականությունը ցուցանում է, որ ոչ էքզիստենցիալիզմը, ոչ սուբլիմման և վերացարկման տարբեր ձևերը, ինչպես օրինակ` գիտական գործունեությունը, ոչ «բավարարման փոխարինիչները», մասնավորապես` արվեստներով հաճույք զգալը, ոչ էլ իմացկան-հոգևոր գործունեության մնացյալ եղանակները, իրենց դրական որոշակի դերակատարությամբ հանդերձ  առանձին վերցրած չեն կարող վերացնել սպառողական-անասնական կյանքի անտանելի բեռը և մոտեցնել մարդկության բաղձալի երջանկության ժամը, եթե միայն  գտնված չեն օբյեկտիվ աշխարհաճանաչողության «երկնագիր տախտակները» և աշխարհի բարեփոխման հույսով ապրողները միավորված չեն նրա շուրջը:

Այս ամենը միանգամայն ակտուալ և հրատապ է դարձնում ոգու մասին գիտությունների, մարդկային հոգեգիտակցական ոլորտը շոշափող փիլիսոփայական և կրոնաբարոյական ուսմուքների` էքզիստենցիալիզմի, կյանքի փիլիսոփայության, արմատական գոյաբանության, ֆենոմենոլոգիայի, հոգեվերլուծության, բուդդայականության, իսլամի, քրիստոնեության տեսական և փորձնական լավագույն բաղադրատարրերից, օպտիմալ պարամետրերից բաղկացած կոմպեմենտար և ինտեգրալային նոր համակարգի մոդելավորման և սիներգետիկական նոր մոդելի ստեղծման խնդիրը` խնդիր, որի արդյունավետ լուծումը  պահանջում է ինչպես իրականության տարբեր ոլորտներում մարդու կոչման, տեղի, դերի և նշանակության վերաիմաստավորում աստվածային անհամաչափության դիրքերից, այնպես էլ բանական և գիտակից մարդու` որպես ինքնարար, ինքնակազմակերպվող և ինքնակատարելագործվող էաբանական համակարգի ճանաչողություն:

Սա նախ և առաջ ենթադրում է անհատականության զարգացման տարբեր մակարդակներում բարոյական, իմացական, զգայական-հուզական շարքերի փոխհարաբերակցության ճշգրտում, համակարգի զարգացման  էվոլյուցիայի մեջ բիֆուրկացիոն կետերի արձանագրում, անհատական նոր բնութագրիչների և բնավորության դիանոէթիկական գծերի ձևավորման քննասույզ դիտարկում  և, ի վերջո, նոոսֆերայի բարձրագույն մակարդակին համապատասխանող համակարգային նոր իմպերատիվների օբյեկտիվ պահանջմունքի ձևավորում:

Խորապես համոզված եմ, որ սիներգետիական սկզբունքները կարող են լայն և արդյունավետ կիրառություն գտնել մարդկային և հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ուրվագծելով, օրինակ` ներհասարակական խաթարված հավասարակշռության և համերաշխության վերականգնումի, սոցիալական լարվածությունների, տագնապների և ճգնաժամերի հաղթահարման կոնկրետ և իրատեսական ուղիները, և բազմաթիվ օրինակներով հիմնավորելով, որ ցանկացած ճգնաժամ ունի լուծում, ցանկացած ուղի չի հանդիսանում վերջավոր, ցանկացած նպատակ` վերջնական ու բացարձակ, իսկ քաոսն էլ, ըստ էության կառուցողական է, որն իր մեջ կրում է զարգացման նոր գծեր ու նպատակներ:

Սիներգետիկան ոչինչ չի պարտադրում, բայց առաջարկում է անլուծելի թվացող խնդիրների օպտիմալ լուծման բացառիկ հնարավորություններ:

ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ



Այս անգա՞մ ինչ է պատրաստել Ռուսաստանը Հայաստանի համար. Փաստեր

Օգոստոսի 9-10-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Այդ կապակցությամբ անիմաստ չէ հիշել, որ ուղիղ 95 տարի առաջ, 1919 թ. օգոստոսի 10-ին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված էին Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրել «Ժամանակավոր զինադադարի պայմանագիր», որով փաստացի հրաժարվում էին Ղարաբաղից, Զանգեզուրից և Նախիջևանից: Սա Մուստաֆա Քեմալի՝ Թուրքիայում  փաստացի «զուգահեռ իշխանության» պահանջն էր:

1920 թվականի օգոստոսի 10-ին, ինչպես հայտնի է, կնքվել է Սևրի հայտնի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն», և Հայաստանն ու Թուրքիան համաձայվում են ընդունել ԱՄՆ պրեզիդեն Վուդրո Վիլսոնի որոշումը Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմանների, ինչպես նաև Բաթումով Սև ծով դուրս գալու Հայաստանի հնարավորության շուրջ:

Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև սահմանները թողնված էին երեք հանրապետությունների բանակցություններին՝ անհրաժեշտության դեպքում Սևրի խաղաղության պայմանագիրը կնքող Անտանտի երկրների միջնորդությամբ: Թուրքիայից պայմանավորվող կողմը սուլթանական կառավարությունն էր:

Օգոստոսյան նույնօրյա այս երկու իրարամերժ պայմանագրերին նախորդել էին իրադարձություններ, որոնք պատերազմում պարտված Թուրքիայի համար նոր հորիզոնների էին բացել:

Դեռ տարի չէր անցել Բաքվի հայերի 1918թ. ջարդից, որը առիթ էր հանդիսացել 1918թ. սեպտեմբերի 20-ի ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հերթական բողոքի նոտան հղելու  Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, որով դժգոհում էր, որ Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը բազմակի խախտումների դեմ իրենց կողմից հղված բողոքներից (Документы внешней потитики СССР, հատոր I, Մոսկվա, 1957, էջ 338-371, 381, 401, 411, 423)  որևէ հետևություն չարած թուրքական իշխանությունները շարունակում են կանոնավոր բանակի միջոցով կոտորածներ իրականացնել Կովկասում (Документы внешней политики СССР, հատոր I , Մոսկվա, 1957, էջ. 491-492):

ՌԽՖՍՀ այս հերթական բողոքի նոտան, իհարկե, որևէ բան փոխել չէր կարող, եթե հաջորդ ամսին՝ 1918թ. հոկտեմբերին Անտանտի երկրներին պարտված երիտթուրքերի կառավարությունը հրաժարական չտար, պարագլուխները՝ Էնվերը, Թալյաթը, Ջեմալը…  չփախչեին Գերմանիա և հոկտեմբերի 30-ին նոր կառավարության հետ Անտանտի երկրները չկնքեին թուրքերի համար ծանր Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որը, ի թիվս այլոց, պահանջում էր Կովկասից հետ կանչել օսմանյան բանակի զորամիավորումները:

Եվ մինչ 1919 թ. հունվարի 30-ին հայտարարվում է Օսմանյան կայսրության վախճանը, իսկ  փետրվարի 5-ից մինչև 1920թ. հունվարի 13-ը ընթանում էր երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը «Սահմանադրությունը խախտելու, Թուրքիան համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների համար», որի համար Ռազմական տրիբունալը մահապատժի էր դատապարտում գլխավոր գաղափարախոսներին, Ռուսաստան-Մուստաֆա Քեմալ հարաբերությունները բոլորովին այլ ճակատագիր էին պատրաստում Կովկասի և Թուրքիայի համար:

Ցեղասպանության նման համամարդկային ծանր հանցագործության հեղինակ երտթուրքերի՝ պատժից փախած առաջնորդները, ինչպես հայտնի է, հայտնվում են Մոսկվայում՝ բանակցելու  կազմալուծված, քայքայված Թուրքիայում ձևավորված նոր իշխանությանը՝ Մուստաֆա Քեմալին բոլշևիկյան իշխանության օգնությունը կազմակերպելու: Էնվերի, Թալիաթի, Ջեմալի հետ բանակցողը Կարլ Ռադեկն էր:

Հնարավոր է, որ բոլշևիկների մեջ էլ շատ չէին մարդիկ, ովքեր կհամաձայնեին այս մակարդակի արյունոտ ստորների հետ բանակցություններ վարել, բայց ոչ անսկզբունքային Ռադեկը. «Նա իրենից ներկայացնում էր անբարոյականության, ցինիզմի և գաղափարների, գրքերի, երաժշտության, մարդկանց գնահատման աներևակայելի խառնուրդ: Ճիշտ այնպես, ինչպես կան գույները չտարբերող մարդիկ, Ռադեկը չէր ընկալում բարոյական արժեքները: Քաղաքականության մեջ նա իր տեսակետները փոխում էր շատ արագ, ինքն իրեն վերագրելով ամենահակասական լոզունգներ: Նրա արագ մտքի, սուր հումորի, բազմակողմանի ընթերցանության հետ միասին Ռադեկի այս որակներն էին, հավանաբար, ժուռնալիստիկայում նրա հաջողության գաղտնիքը: Նրա հարմարվողականությունը նրան շատ օգտակար էր դարձնում Լենինի համար, ով միաժամանակ երբեք լուրջ չէր ընդունում նրան… Նա երբեք չէր շփոթվում այլոց վերաբերմունքից… Ես տեսել եմ, թե ինչպես էր նա ջանում շփվել իր հետ նույն սեղանին նստելուց հրաժարվող, նրա ձեռքը սեղմելուց խուսափող և նույնիսկ որևէ փաստաթղթի վրա նրա ստորագրության կողմքին  իրենց ստորագրությունը դնելուց հրաժարվող մարդկանց հետ: Նա ուրախ էր հենց միայն այդ մարդկանց իր անվերջանալի անեկդոտներով զվարճացնելու հնարավորության համար: Չնայած ինքն էլ հրեա էր, նրա անեկդոտները համարյա բացառապես հրեաներին նվաստացնող անեկդոտներ էին»  (Балабанова А. И. Моя жизнь - борьба. Мемуары русской социалистки 1897-1938, Москва: ЗАО Центрополиграф, 2007,  Էջ 258-259):

Քսաներորդ դարի քսանականների այս Ժիրինովսկին էր, ով Լենինի հանձնարարությամբ բանակցում էր թուրք դահիճների հետ, ովքեր Մուստաֆա Քեմալի անունից խոստանում էին Թուրքիան վերականգնելու և Թուրքիա-Ադրբեջան անխափան հարաբերություններում «հայկական պատնեշը» վերացնելու գործում բոլշևկյան Ռուսաստանի օգնության դիմաց «սոցիալիզմը ներմուծել Թուրքիա»՝ սկսելով կովկասյան թուրքերից՝ Ադրբեջանից: Քեմալի հանցագործ բանագնացների հետ բանակցությունների սեղանի շուրջ միայն Ռադեկն էր ըստ երևույթին համաձայնել նստել:

Մուստաֆա Քեմալի կողմից Թուրքիայում սոցիալիզմը ներդնելու «գնի» մեջ մտնող կարևոր հարցերից մեկը հայերի և Հայաստանի հարցն էր: Այդ կապակցությամբ երիտասարդ հայ բոլևշիկ Ա.Միկոյանը 1919 թ. դեկտեմբերի սկզբներին Լենինի համար շարադրել է Ցեղասպանության ընթացքում ջարդված թուրքահայերի և Թուրքահայաստանի հետագա ճակատագրի շուրջ «կոմունիստական կուսակցության» վերաբերմունքի ծրագիրը, որով Ցեղասպանության հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանում պետականություն վերականգնելու հայ ժողովրդի ցանկություններն անվանում է «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական» և նույնիսկ «շովինիստական» այն հիմնավորմամբ, որ երեք-չորս տարի առաջ այնտեղ հայ ժողովրդի կոտորվելու հետևանքով կենդանի հայեր չեն մնացել, այնտեղ միայն մուսուլմաններ են ապրում, և հայերի վերադարձն այնտեղ սպառնալիք կստեղծի մուսուլմանների համար: «Եվ առհասարակ,- պնդում է Միկոյանը,- միասնական ու անկախ Հայաստանի գաղափարը վնասակար, հանցավոր ու ռեակցիոն քիմերա է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը» (ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24; http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#655):

Իրականում Միկոյանի այս գրությունը արտահայտում էր 1919թ. թուրքական պահանջը: Անտանտի երկրներին պարտված Թուրքիան եղբայրության, սոցիալիզմի,  «բոլոր ճնշվածների ազատագրման» խոստումներ էր շռայլում բոլշևիկյան Ռուսաստանին, խոստանում էր համատեղ պայքար «համաշխարհային իմպերիալիզմի» դեմ, բայց պահանջում էր հարգել իր առկա իմպերիան և մասնավորապես իր համար վերացնել հայկական հարցը: Բոլշևիկյան Ռուսաստանը, որի խղճին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ծանրացած  էր հայկական ցեղասպանության մեղսակցությունը, այնքան հրապուրված էր «թուրքական սոցիալիզմի և թուրքական բարեկամության» հեռանկարով, որ «հայկական հարց» կոչվածը չէր կարող այդ ճանապարհին կանգնել:

Մինչ հայ բոլշևիկ Միկոյանը շարունակում էր թուրքական պահանջների կովկասյան գնի շուրջ Մոսկվայի համար նախապատրաստել «Խորհրդային Ադրբեջանի» սահմանների՝ Մուստաֆա Քեմալի քիմքին հարմար տարբերակի հիմքերը, մուսավաթական Ադրբեջանում շարունակվում էին հայերի կոտորածները, հատկապես կենտրանանալով Ղարաբաղի և Զանգեզուրի հատվածներում: Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի և Զանգեզուրի նահանգապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովը և հատկապես նրա եղբայրը ամեն ինչ անում էին՝ հայերի վիճակը անհուսալի դարձնելու համար: Օրինակ, Ղարաբաղի՝ Շուշիից ոչ հեռու գտնվող Կայբալիքենդ հայկական գյուղի 1919 թ. հուլիսի սկզբի անիմաստ թվացող կոտորածը, որտեղ, ըստ անգլիական զինվորական միսիայի տվյալների, 700 բնակչից կենդանի էին մնացել միայն 11 տղամարդ, 87 կին ու երեխա: Կայբալիքենդի կոտորածից հետո Սուլթանովը բլոկադայի ենթարկեց Շուշիի հայկական թաղամասը, իսկ Ադրբեջանի պառլամենտական հանձնաժողովի՝ Կայբալիքենդի դեպքերն «ուսումնասիրող» նախագահ Կ. Կարաբեկովը 1919 թ. հուլիսին 7 –ին զեկուցեց, որ «1919թ. հուլիսի սկզբին Շուշիի մերձակա մուսուլմանական գյուղերի բնակիչները, անհանգստացած Շուշիի հայկական թաղամասի կողմից լսված  կրակոցներից, շտապել են Շուշի: Ճանապարհն անցնում էր Կայբալիքենդ գյուղի մոտով, այստեղ տեղի է ունեցել հրացանաձգություն, արդյունքում զոհվել են մի քանի հայեր և գեներալ-նահանգապետի ջանքերով ու ադրբեջանական զորամիավորումների շնորհիվ միջադեպն ավարտվել է»:

Խնդիրն այսպես ներկայացնելուց հետո Կ.Կարաբեկովն այնուհետև մանրամասն «բացատրում է» Էիրվանի ու Ելիզավետպոլի նահանգների և մասնավորապես Կայբալիքենդ գյուղի հայերի կոտորածների պատճառը. Դա Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի  հայերի դավադիր աշխարհաքաղաքական ծրագիրն է:

Սա մի օրինակ է, թե ինչպես էր նախապատրաստվում Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքներն Ադրբեջանին հանձնելու քեմալական պահանջի կատարումը. ա/Կովկասյան թուրքերը «ապստամբ հայերին» կոտորում են մի գյուղում, պառլամենտը պաշտոնապես վավերացնում է «մի քանի հայերի» մահը, բ/ «ապստամբ հայերից պաշտպանվելու համար» Շուշիի հայերի նկատմամբ վերհասկողությունն ուժեղացվում է, գ/ հրապարակային քննարկվում են հայերի դավադիր աշխարհաքաղաքական ծրագրերը և նրանց «մեղքը» հայերի կոտորածներում:

Այս սարսափելի կոտորածներն այլևս Խորհրդային Ռուսաստանի բողոքը չեն հարուցում: Որքան նման է այսօրը երեկվան՝ Ադրբեջանը լայնածավալ գրոհ է սկսում Հայաստանի դեմ և միջազգային հանրությունից պահանջում է սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ: Իսկ Ռուսաստանը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել:

Բայց վերադառնանք «երեկվան». 1919 թ. օգոստոսի 12-ին, Շուշիից անգլիական զորամիավորումների դուրս գալուց հետո,  Սուլթանովը դադարեցնում է Շուշա-Եվլախ երկաթգծի աշխատանքը, փակում Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները, և Ղարաբաղի հայկական իշխանություններից վերջնագրով պահանջում 48 ժամվա ընթացքում ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:

Թակարդում հայտնված հայերը օգոստոսի 22-ին համաձայնագիր են ստորագրում, ըստ որի  Լեռնային Ղարաբաղը իրեն համարում է «ժամանակավորապես Աբրբեջանի Հանրապետության կազմում» (մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական որոշումը), հայերը պահպանում են ինքնակառավարումը՝ ի դեմս Ղարաբաղի հայկական ազգային խորհրդի, հայերի զինաթափման գործընթացը դադարեցվում է, իսկ Ադրբեջանը մինչև հարցի վերջնական լուծումը Ղարաբաղում զորք չի պահում: Սակայն 1920թ. հենց սկզբից Սուլթանովն ավելացնում է ադրբեջանական զորամիավորումները և տեղական մահմեդական բնակչության զինումը:

1920 թ. Ադրբեջանի հայերի համար սկսվում է չափազանց ծանր իրավիճակ:  Բոլոր կողմերից տեղեկություններ են ստացվում տեղական վարչակազմերի անհավատալի բռնությունների, միլիցիայի ծաղր ու ծանակի, բանդիտների հարձակումների, կողոպուտների ու կոտորածների մասին, իսկ «բողոքել չի կարելիե, քանի որ բողոքողներին մահացու վտանգ է սպառնում»: Կենդանի մնացած հայ բնակչությունը խուճապահար փորձում է փախուստի ելքեր որոնել, բայց բոլոր ճանապարհները նրանց առաջ փակ էին: Եվ մինչ «կարմրող թուրքերն» ու «կարմիր կոմունիստները»բանակցում էին Թուրքիա սոցիալիզմ ներմուծելու թուրքական պահանջների շուրջ, մուսավաթական Ադրբեջանում հայերի կոտորածները շարունակվում էին, իսկ մարտ ամսին Ղարաբաղում տեղի է ունենում Շուշիի հայերի սարսափելի կոտորածը:

Ադրբեջանահայության սարսափները հասել էին բոլոր անտրամաբանական սահմաններին, երբ վերջապես Լենինն ու Մուստաֆա Քեմալը ըստ երևույթին համաձայնության են գալիս «զիջումների» շուրջ: 1920թ. ապրիլի 26-ին, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի բացումից երեք օր հետո, Մուստաֆա Քեմալն օգնության խնդրանքով և դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու առաջարկով պաշտոնապես դիմում է Խորհրդային կառավարությանը, պարտավորվելով «…իմպերիալիստական պետությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով ռուսական բոլշևիկների հետ միավորել մեր ողջ ռազմական գործողությունները»:

Այդ նամակից ճիշտ երկու օր հետո,  ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ, հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը «Խորհրդային ռուսաստանից» օգնության խնդրանքն էր: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով և և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի),  այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում: Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել  իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ  և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба» N 96, ապրիլի 30,- «Погромы армян в Бакинской и Елизаветпольской губерниях в 1918–1920 гг., Ереван, 2003, էջ 469-470):

Այդ համաձայնությունների կայացումից հետո 1920թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրության մտնում է Բաքու: Կովկասյան թուրքերն այլևս դեմ չէին պաշտոնական Մոսկվայի փաստացի իշխանությանը, քանի որ համաձայնությունը կայացել էր օսմանյան թուրքերի՝ ի դեմս Մուստաֆա Քեմալի, հետ, և կառուցվել էր կովկասյան թուրքերի պահանջների հաշվառումով՝ Հայաստանի դեմ: Ադրբեջանը հայտարարվում է խորհրդային
:
Այնուհետև դեպքերն սկսում են զարգանալ գլխապտույտ արագությամբ: Մոսկվան հայկական հարցում փաստացի ստանձնում է Մուստաֆա Քեմալի կամքի կամակատարի դերը, որը հանգում էր կովկասյան և օսմանյան թուրքերի տարածքային պահանջների պաշտպանությանը: Հաջորդ օրը, ապրիլի 29-ին Ադրբեջանի հեղկոմը հեռագիր է ուղարկում Հայաստանի կառավարությանը. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը ի դեմս Հողափոխական Կոմիտեի պահանջում է. առաջին) ձեր զորքերից ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը, երկրորդ) վերջ տալ ազգամիջյան կոտորածներին, այլապես ԱԽՍՀ Հեղկոմը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության հետ:  Ուլտիմատումի վեջնաժամկետը երեք օր է»:

Թուրք-ռուսական անդրկուլիսային այս քննարումները և դրանից բխող հետևանքներն, անշուշտ, հայերի համար անակնկալ չէին: Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական առաքելության  հայտարարության մեջ այդ կապակցությամբ ասվում է. «Ադրբեջանական բանակը միացել է խորհրդային բանակին: Թաքուն առևտուրն ավարտվել է, գործարքը կայացել է»: Այդ գործարքի գինը արյունն է:

Ազգայնական Ադրբեջանի հետ խորհրդային իշխանության համաձայնությունը գնվել է հայ ժողովրդի արյամբ. Խորհրդային և ադրբեջանական միացյալ բանակը, ինչպես անօրինակ ցինիզմով  հայտարարել է Բաքվի իշխանավոր «կոմունիստ» Սուլթանովը, գրոհում է Հայաստանի, հայերի դեմ: Արևելքում խորհրդային քաղաքականությանը որոշիչը բոլշևիկների և պանիսլամիստների ուժերի միությունն է, Կովկասում՝ բոլշևիկների և թուրքական: Այդ մասին մենք վաղուց էինք խոսում: Բոլշևիկները ջանասիրաբար դա  ժխտում էին… «Կոմունիստական» իշխանության առաջին քայլերից մեկը հայերի դեմ ռազմական կոմպանիան շարունակելն է: Համիդ Սուլթանովի հայտարարության համաձայն,  «կարմիր» ադրբեջանա-խորհրդային զորքերը «հայերի դեմ» գրոհն սկսում են Եվլախից: Նույն Սուլթանովի հայտարարությամբ այդ հակահայկական կոմպանիայի նպատակը ադրբեջանա-խորհրդային զորքերի միավորումն է Անատոլիական զորքերի հետ…» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ.276, ց.1, գ. 3. թ. 183-184,- Погромы армян…, էջ 470-471): Այսպիսով, ոչ մեկի համար գաղտնիք չէր Ադրբեջանում բոլշևիկների հաստատման գինը՝ քեմալական թուրքիայի զորքերի հետ միավորմամբ:

Հիրավի, Կովկասի հայ բնակչության համար Ադրբեջանի խորհրդայնանալը վիճակ չէր փոխել: Օրինակ, մայիսի քսանմեկին հիմա էլ բոլշևիկների ներկայացուցիչն է զեկուցում մարզերում իրավիճակի մասին՝ ներկայացնելով հայերի նկատմամբ ճնշումները, սպանությունները, կրոնափոխության հարկադրանքը, բազմահազար որբերի թշվառ վիճակը: Ճիշտ է, հիմա մեղավորները դասակարգային են՝ «բեկերը», «կուլակները»  և այլն, բայց չգիտես ինչու զոհը «էթնիկական է»՝ հայերը (Погромы армян…, էջ 472-473):

Մինչ զարգանում էին ռազմական գործողությունները, խորհրդայնացված Բաքվում «կոմունիստներն» սկսել էին դաշնակցականների և դաշնակցականների անվան տակ՝ հայերի ձերբակալությունները: Այդ գործում նրանք նոր դաշնակից ունեին՝ հայ բոլշևիկները: 1920 թ. հուլիսի 17-ին Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը զեկույց է ուղարկում Հայաստանի Արտաքին գործերի նախարարին. «Հայերի ձերբակալությունները մասսայական բնույթ առան: Զարմանալի բարեխիղճ կերպով շղթայազերծ ստրուկների նման այդ գործում եռանդ են թափում հայ կոմունիստները: Այսպես կոչված «Դաշնակցականների գործը» նրանց է հանձնված. դրանք են ձերբակալում ըստ իրանց հայեցողության, դրանցից է կազմված քննիչ հանձնախումբը Արտավազդ Հովհաննիսյանի նախագահությամբ:


Ձերբակալվածներին հարց ու փորձ են անում, թե ովքեր են դաշնակցականները, որտեղ են պահված նրանց զենքերը, ինչ կապ ունեն դաշնակցության հետ և այլն: Քչերն են արձակվում, մեծամասնությունը տնքում է բանտերում անտանելի պայմանների մեջ: Դաշնակցական անվան տակ բանտարկված են հազարավոր բոլորովին անմեղ և անմասն հայեր…» (ՀՀ ՊԱ. ֆ. 278, ց. 1, գ.32, թ. 40-41, պատճեն: Ձեռագիր,- Армянские погромы, с.475-476):

«…Ձերբակալվածներից ոմանք շարունակում են տառապել Բագվի բանտերում, իսկ մյուսներն էլ, մեր ստացած ամենավստահելի տեղեկությունների հիման վրա, գնդակահարված են: Այդպիսիններից առայժմ տալիս են պարզ կերպով Պողոս Չուբարի, Գրիշա Պետրոսյանի, Աբգար Պապյանի, Մովսես Գրիգորյանի և Ջաղեթյանի անունները: … Բագվի իշխանությունները կատարյալ իրավունք են տվել հայ մեծամասնականներին կազմակերպել Հայկական Կարմիր գնդեր և ուղարկել Հայկական սահմանները: Հայկական կարմիր զինվորներն ուղարկվում են դեպի Ղազախ և Շամշադին, որտեղից և սկսելու են իրենց հետագա գործողությունները: Դրանք կազմելու են Կարմիր բանակի առաջավոր մասերը, որոնց թիկունքին կանգնած է Կարմիր բանակը: Առայժմ հավաքում են կամավոր զինվորներ, որոնց խոստանում են ամեն օր հաց տալ. նրանք ստանալու են ռոճիկ ու շոր, իսկ ընտանիքները ապահովվելու են Խորհրդային Ռուսաստանի հաշվին: Այդպիսի կոչեր արդեն արված են Գանձակում, Ղարաբաղի ու Շամշադինի հայկական գյուղերում: Զենքի տակ մտնող հայ կամավորը միանգամայն համոզված է, որ իրեն ուղարկելու են մուսաֆաթիստների և բեկերի դեմ կռվելու, որոնք հանգիստ չեն և պատրաստվում են դարձյալ կոտորածներ: Ֆրոնտ գնացող հայ զինվորը երբ տեսնում է, որ ինքը խաբված է ու ուզում է ետ դառնալ իր խաղաղ աշխատանքին չեն թողնում՝ առաջարկելով, որ դու մոբիլիզացիայի ես ենթարկված և պարտական ես ծառայել» (РР д², э. 200, у. 1, •. 581, ГГ. 119 Ясз.-120: м³н,с³ун³Н е³пЧ,Э: Ш,щ,Э³•Зс: Погромы армян, с.477-479):

1920թ. հուլիսին, երբ «կարմիր բանակի» անվան տակ ադրբեջանական զորամիավորումները մտել էին Զանգեզուր, հուլիսի 10-ին Միկոյանը հերթական հեռագիրն է ուղարկում Մոսկվա, զգուշացնելով, որ «Ադրբեջանը նախկին սահմաններում (??-Հ.Խ.) պահպանելու անկարողությունը մուսուլմանական զանգվածը կհամարի դավաճանություն, հայամետություն կամ Խորհրդային իշխանության թուլություն: Թե՛ այս, թե՛ այն կարող են դառնալ Խորհրդային իշխանության դեմ լարված ապստամբության պատճառ: Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակցականների մուտքը կընդհատի հեղափոխության զարգացումը Թուրքիայում, կզրկի նրանց մեր օգնությունից և նրանց համար կստեղծի սպառնալի թիկունք¦ (ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության արխիվ, գ.56822, թ.36), իսկ 1920 թ. հուլիսի 29-ին ևս մի հեռագիր է ուղարկում՝ այս անգամ Օրջոնիկիձեին. «…Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г. Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Մինչ հայ բոլշևիկները մտահոգվում էին «Թուրքիայում հեղափոխության զարգացման ընդհատման» հեռանկարով, Ադրբեջանի թուրք բոլշևիկները արագորեն կազմակերպում էին  տարածքային հարցերի լուծումը. «Ադրբեջանի ներկա քաղաքականության գլխավոր ուշադրությունն ուղղված է դեպի ռուս-հայկական բանակցությունները: Ամենահեռավոր և թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը և Ղարաբաղը կարողանա անցնել Հայաստանին, ոտքի է հանել ամբողջ Ռևկոմը և թրքական ակտիվ շրջանները, նաև հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան հատուկ պատվիրակություններով, դիվանագետներով և այլն: Այդ հավանականությունն էր, որ շտապեցրեց Զանգեզուրի գրավումը: Այստեղ զուգադիպում են մի քանի նկատառումներ, ամենից առաջ համաթրքական ծրագիրն է Տաճկաստանի հետ միանալու համար: Նախիջևանի, Շարուրի և Սուրմալուի վրայով մի կորիդոր ստեղծել դեպի Տաճկաստան. այս ծրագիրը, որ մուսավաթական իշխանության վերջին օրերին կարծես թե բոլորովին լքված էր, այսօր հարություն է առել հսկայական ծավալով և շատ մեծ թափով: Անշուշտ, Մոսկվայում և սոցիալիստական շրջաններում այդ ծրագրի իրագործումը պատճառաբանվում է անհրաժեշտությամբ ամբողջությամբ միանալու «Կարմիր» Անատոլիայի հետ: Այստեղ օժանդակում է նաև Ռուսաստանի և Տաճկաստանի դաշնը, իսկ գործողությունների համար բարոյական նեցուկ է հանդիսանում հայ կոմունիստների մի բավական ուժեղ հոսանք, որը տնտեսական նկատառումներով անհրաժեշտ է համարում Ղարաբաղի և Զանգեզուրի միացումը Ադnբեջանին: Ահավասիկ բոլոր այս հանգամանքները զուգորդված առաջ բերին Զանգեզուրի գրավումը: Իսկ Մոսկվայում իրենց տեսակետը պաշտպանելու նպատակով ուղարկել են մի հատուկ պատվիրակություն, որի մեջ մտնում են գլխավորաμար աջ կոմունիստ ուժեր Մամեդ Հասան Հաջինսկու նախագահությամբ: Այդ պատվիրակությունը հրահանգ ունի Մոսկվայում պահանջել իրենց տերիտորիալ ծրագրի իրագործումը՝ այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանի մուսուլմանության համակրանքը գրավելու միակ միջոցն է այն, որ Ադրբեջանին կցվեն ոչ միայն Ղարաբաղը և Զանգեզուրը, այլև Նախիջևանը, Շարուրը և Սուրմանլուն: Այդ տեսակի քարտեզներ ներկայում զարդարում են ռևկոմի նախագահի և քարտուղարի սենյակների պատերը: Նույն այդ նպատակով էլ  ուսեյնովը անսպասելի կերպով մեկնեց Մոսկվա»,- գրում է Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը (РР д², э. 200« у. 1, •. 4, ГГ. 2¬3: ´Э³•Зс: Т,й³•Зс,-Погромы армян, с. 479-480):

Այս բոլոր գործողությունները գլխապտույտ արագությամբ զարգանում էին Սևրի պայմանագրին ընդառաջ, որն ինչպես վերը ասվեց, ստորագրվեց 1920 թ. օգոստոսի 10-ին, բայց նույն օրը կնքվեց նաև Հայաստանի Հանրապետության հետ ժամակավոր զինադադարի պայմանագիրը՝ Ղարաբաղից, Զանգեզուրից և Նախիջևանից հրաժարումով: Մուստաֆա Քեմալի և կոմունիստ Ռադեկի բանակցությունները խիստ արդյունավետ էին օսմանյան և կովկասյան թուրքերի համար: Դրանից երկու շաբաթ անց, օգոստոսի 24-ին, ինչպես հայտնի է, Քեմալի հետ կնքվեց «Բարեկամության նախնական համաձայնագիրը», որով Ռուսաստանը պարտավորվեց Քեմալին տրամադրել մեծ ծավալի ռազմամթերք և ֆինանսական միջոցներ՝ «բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով»:

Ինչպես և պետք էր ենթադրել՝ Մուստաֆա Քեմալի առաջին գործը եղավ «բոլոր ճնշվածներին ազատագրել» Ցեղասպանությունից փրկված հայերին վերացնելու ծրագրով: 1920 թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար նշանակված Քյազիմ Կարաբեքիրը, ռուսական զենքով զինված, հարձակվում է Հայաստանի վրա: Այդ հարձակման նպատակի մասին երկար վերլուծությունների կարիք չկա, այն ինքնին հասկանալի է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի՝ 1920 թ. նոյեմբերի 8-ին Ք. Կարաբեքիրին ուղղված գաղտնի գրությունից, որտեղ մասնավորապես հրահանգվում էր. «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6;  «Հայաստանի Հանրապետություն», 16.03.1991): Անշուշտ իմպերիալիստների ու ճնշվածների մասին խոսք չկա:

Գործն արված էր, հայ աշխատավոր ժողովրդի ճակատագրով «մտահոգ» բոլշևիկյան իշխանությունները թե Երևանում, թե Մոսկվայում խուլ էին, չէին տեսնում, չէին լսում կոտորվող հայերի տառապաների մասին: Փոխարենը նրանք շարունակում էին բացարձակի հասցնել հայ ժողովրդի ինքնապաշտպանության հնարավորությունների կազմալուծումը: 1921թ. հունվարի 24-ին հրամայում են դեռևս կենդանի մնացած բոլոր սպաներին հավաքվել հայկական նախկին պառլամենտի շենքում «վերագրանցման համար»… ձերբալում են նրանց և ուղարկում Ռյազանի համակենտրոնացման ճամբար»: Ճիշտ այն ժամանակ, երբ թուրքերը բառի բուն իմաստով կոտորում էին Շիրակի և Լոռվա բնակչությունը և հարյուրավոր անթաղ դիակները կուտակում ճանապարհների վրա (Мартиросян Г. Еще об одной белой странице черного предательства. –«Литературная Армения», 1994, № 7-9, էջ 99):

Ավելի ուշ Մուստաֆա Քեմալը պիտի գրի, որ այդ պատերազմի նպատակը «հայկական բանակն ու հայկական պետությունը» ոչնչացնելն էր (Мустафа Кемаль, Путь новой Турции, т. 3, М., 1932, էջ 102): Ապրիլից մինչև սեպտեմբեր մոռացվել էր «բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակը», եթե երբևէ այդ նպատակը եղել էր: Հայաստանը ծանր պարտություն կրեց: Բայց դեռ առջևում էր հայերի ստորացման գաղափարական հիմնավորումը:

1921թ. մարտի 4-ին, ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրից օրեր առաջ, «Жизнь национальностей» հանդեսում հրատարակվում է մի ծավալուն հոդված, որով հիմնավորվում է, որ սոցիալիզմի գաղափարների տարածման համար մեծ զոհողություն է անհրաժեշտ, և այդ զոհողությունը ընկած է հայ ժողովրդի ու Հայաստանի ուսերին: Պետք է ըմբռնումով մոտենալ այն բանին, որ Անկարայի կառավարությունը չի կարող և չի ուզում հրաժարվել իր նացիոնալիզմից, բայց խորհրդային երկրները պետք է հաղթահարեն իրենց նացիոնալիզմը, իրենց տարածքներն ու նույնիսկ իրենց համախոհների առանձին խմբեր զոհաբերեն հեղափոխության զարգացման շահերին:

Ընդ որում «խորհրդային երկրներից» խոսքը գնում է բացառապես Հայաստանի և հայերի մասին: Ադրբեջանը, օրինակ, հայաբնակ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը պահանջելիս «նացիոնալիստ չէ», իսկ Հայաստանը «հավատալով պրոլետարական հեղափոխության անխուսափելիությանը, պետք է անվարան զիջումների գնա այլ, այդ թվում նացիոնալիստական տերություններին», քանի որ Թուրքիան,  իր խոստումներին հակառակ, չի գնում սոցիալիզմի առանց նախնական տարածքային զիջումների, և այդ զիջումները Հայաստանի հաշվին են, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը Թուրքիայի հետ վիճելի տարածքներ չունեն:

Կրկնվում են տարի ու կես առաջ Միկոյանի առաջադրած փաստարկները՝ հայերը պետք է մոռացության տան ցեղասպանության հանցագործությունը, հիշեն, որ իրենք իմպերիալիստական զավթողական ակտ են կատարել պատմականորեն իրենց պատկանող Կարսն ու Արդահանը ետ գրավելիս, քանի որ թուրքերին մինչ այդ հաջողվել էր կոտորել այդ տարածքների հայերին և հիմա արդեն այնտեղի բնակչության մեծ մասը մահմեդականներ են: Հայերը պետք է գիտակցեն համաշխարհային սոցիալիզմի հանդեպ իրենց առաքելությունը, որը ոչ այլ ինչ է, քան…թուրք հանցագործներին հանցագործ չհամարելը և նրանց հանդեպ  բարյացակամությունն ու զիջողամտությունը, հուսալով, որ առաջիկայում ստեղծվելու է «Վրացական, Հայկական և Անատոլիական թուրքական ֆեդերացիա, որի շուրջը կմիավորվեն արևելքի այլ երկրները» (Ամբողջական տեքստը տես Хомазури Г.П., Социальные потрясения в судьбах народов (на примере Армении), М., 1997, 215-218):  Այսպիսով, սկզբից ևեթ նախանշվում է Հայաստանի տեղն ու դերը. Այդ տեղը՝ դեպի արևելք սոցիալիզմի արտահանման տարածքն է, դերը՝ «հայկական նացիոնալիզմը», որ տվյալ դեպքում նույնն է՝ իր շահերն ու իր տարածքները, զիջելն է Թուրքիային, ցեղասպանության հանցագործությունը մոռանալը, իր հայրենիքը մոռանալը և Թուրքիայի հանդեպ ջերմ բարյացկամությունը՝ «հանուն հեղափոխության զարգացման»:

Արդյունքում փաստացի ռուս-թուրքական համատեղ ջանքերով ինքնիշխան Հայաստանի դաշնակցական կառավարությունը տապալելուց հետո խոնարհ հարս դարձած հայ բոլշևիկների օգնությամբ 1921 թ. կնքվեցին ռուս-թուրքական Մոսկվայի (մարտի 16), ապա՝ Թուրքիայի և Ռուսաստանի ու Անդրկովկասի երեք երկրների «եղբայրության և բարեկամության»՝ Կարսի (հոկտեմբերի 21) Հայաստանի համար կողոպտչական պայմանգրերը, որոնցով Թուրքիային հանձնվեց պարտված Հայաստանի հանրապետության տարածքների կեսը, Ադրբեջանին՝ Նախիջևանը, և Խորհրդային Հայաստանին պարտավորեցրեց հրաժարվեց Սևրի պայմանագրից, «եղբայր ու բարեկամ» ընդունել Հայաստանին թշնամի մնացող քեմալական Թուրքիային: Այս պայմանագրերին հայ հանրության խուլ անհամաձայնությունը հետագայում զգալի դեր է խաղացել ԽՍՀՄ ընդհանուր քաղաքական բռնաճնշումների հայաստանյան իրողությունների ժամանակ՝ հայ մտավորականությանը «ազգայնական», «իմպերիալիստական», «հակասովետական» մեղադրանքներ ներկայացնելիս, գուցե նաև 1949 թ. հայ ժողովրդի դեպորտացիան իրականացնելիս:

Չնայած Մուստաֆա Քեմալի, իսկ նրա մահից հետո Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից այդ պայմանագիրն արհամարհելու բազմաթիվ ապացույցներին, մինչև այսօր ՌԴ-ն, շարունակելով  Խորհրդային Ռուսաստանի ավանդույթները, գովերգում է Թուրքիայի հետ ձեռք բերված այն բարեկամությունը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը բազմաթիվ անգամներ նյութական օգնություն է ցուցաբերել այդպես էլ չխորհրդայնացած, մաքուր «բուրժուական, իմպերիալիստական» Թուրքիային, մի երկրի, որը հռչակվելուց անմիջապես հետո որդեգրեց թանձր ազգայնականության, Թուրքիայի բոլոր ճնշվածներին և սոցիալիստներին հետապնդելու ու ցեղասպանության շարունակման ներքին քաղաքականությունը՝ մշտապես ազդելով նաև ազգակից Ադրբեջանի վրա (Ստալինի մահից և Բերիայի գնդակահարությունից հետո Ադրբեջանի կենտկոմի քարտուղար Բաղիրովի՝ ԽՍՀՄ դատախազ Ռուդենկոյի հարցաքննությունը  ի հայտ բերեց, որ օսմանյան թուրք էմիսարները մեծ հաջողությամբ զարգանում էին Ադրբեջանական ԽՍՍՀ կառավարման համակարգում,- Политбюро и дело Берия. Сборник документов, М., 2012, էջ 587-592): Մասնավորապես Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 80-ամյակի առթիվ Թուրքիայում ռուսական դեսպանության կայքէջում տեղադրված շնորհավորական ուղերձը լի է Թուրքիայի հանդեպ ռուսական անդավաճան բարեկամության հավաստիացումներով (տես http://www.turkey.mid.ru/20-30gg.html):

Ի՞նչ նոր առաջարկություն է պատրաստում Ռուսաստանը այսօրվա Հայաստանի Հանրապետությանը: Գուցե Հայաստանը պետք է զոհաբերել Եվրասիականության առաջատար Ղազախստանի կողմից թուրքական զանգվածը միավորելու հայտի՞ն: Հանուն սլավոնա-թուրքական եվրասիականության լուսավոր ապագայի: Ովքե՞ր են Հայաստանի և հայերի սլավոնա-թուրքական եվրասիականության բոլշևիկները:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, 
Ազգագրագետ



Սառը պատերազմ՝ Վրաստանում, թեժ խաղաղություն՝ Ղարաբաղում, կամ ռուսի փորացավը գլխացավ է

Այս տարվա սեպտեմբերի 4-5-ը Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում (Newport, Wales) տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական, բայց կարևոր գագաթնաժողովը, որին մասնակցելու են 60-ից ավել երկրների ղեկավարներ ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի տարբերություն նախորդ՝ 2012թ. Չիկագոյի գագաթնաժողովի, Նյուպորտի այս գագաթնաժողովը լինելու է ամփոփիչ՝ նաև ՆԱՏՕ-ի հետագա ռազմավարության առումով, որը, ամենայն հավանականությամբ, ազդելու է նաև անդրկովկասյան հետագա զարգացումների վրա:

Արևելյան Ուկրաինայի տարածքում ցած խփված «Մալազիական Ավիաուղիների» ինքնաթիռը ցնցեց ողջ Արևմուտքը և խառնեց բոլոր խաղաթղթերը: Մարդիկ ուրիշ աչքերով սկսեցին նայել Ռուսաստանին. մեկ օրում այն հեռակա-անորոշ վտանգից դարձավ իրակա՛ն-շոշափելի վտանգ: Բնական է, որ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն և Արևմուտքը շատ ավելի պիտի կոշտացնեին իրենց կեցվածքը Ռուսաստանի հանդեպ, ու Արևմուտքի տնտեսական շահը (թեկուզ որոշ ժամանակով) պիտի երկրորդվեր իր անվտանգության շահին: Ֆրանսիային ու հատկապես Գերմանիային ուղղված ԱՄՆ-ի խիստ հորդորներից հետո սկսվեց Ռուսաստանը փլուզելու առաջին փուլը:

Բացի Ուկրաինայից ու Վրաստանից՝ արևմտյան ամբողջ սահմանով Ռուսաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին (Բելառուսի մասին՝ քիչ հետո): Միջինասիական նախկին խորհրդային հանրապետությունները, ի վերջո, անցնելու են Չինաստանի ազդեցության գոտի, իսկ Սիբիրի չինականացման գործընթացն արդեն սկսված է:

Հատկապես Ուկրաինան (ու նաև՝ Վրաստանը)  կորցնելու դեպքում Ռուսաստանը կդառնա արդեն ասիական երկիր, որից հետո «ռուսական գարունը» և/կամ երկրի հետագա քայքայումը անխուսափելի  կդառնա (նաև՝ պատժամիջոցների հետևանքով): Տնտեսական համակարգի տեսանկյունից՝ պուտինյան Ռուսաստանը Սաուդյան Արաբիա է՝ գումարած ատոմային ռումբ: Իսկ ծայրահեղ պահպանողական ռուս ուղղափառ եկեղեցին (սուննի) իսլամի պես հնազանդությու՛ն է քարոզում: Այսինքն՝ ռուսական ամբողջ պետությունը և հասարակությունը նորից մի բուրգ է. բավական է հիմքից 1-2 քար հանել, և այն կփլվի:

Հենց սրա՛ պատճառով է, որ երբ հատկապես 2012թ. (3-րդ անգամ պրեզիդենտ դառնալուց հետո) Մոսկվայում/Ռուսաստանում հակապուտինյան մեծ ցույցեր եղան, դա բավականին վախեցրեց նրան (ու իր շուրջը խռնված կլանին): Միլոշևիչի ուրվականը պիտի որ Կրեմլի պատերի տակ թափառելիս լիներ/լինի: Պուտինը հասկացավ, որ պիտի փոխի իր (16 տարվա) ԿԳԲ-ական/օլիգարխային իմիջը…, ու նա դարձավ «ռուսական քաղաքակրթության» «պաշտպան»՝ ընդդեմ արևմտյան «անբարոյական» բարքերի: Ու նորից «քավության նոխազներ» դարձրին սեռական փոքրամասնություններին: Բայց ռուսը, որպես պրիմիտիվ ազգ, հավատաց Պուտինին՝ շուրջօրյա կրեմլյան ու ծայրահեղ պահպանողական ռուս ուղղափառ եկեղեցու քաղաքական պրոպագանդայի ներքո, որտեղ անկախ ու ընդդիմադիր ձայն համարյա չկա: Ռուսաստանի պես երկրում բնակչության «80%-ը» քո կողմում ունենալը սոսկ պրոպագանդա է. Հյուսիսային Կորեայում էլ բնակչության «100%-ն» է իր «սիրելի առաջնորդի» կողքին:

Ռուսաստանի ու հատկապես Պուտինի ապագան ուրվագծվելու/որոշվելու է ՆԱՏՕ-ի վերոհիշյալ սեպտեմբերյան գագաթնաժողովում, որը որոշելու է նաև Ռուսաստանից կախված հետխորհրդային արբանյակ  երկրների/վերնախավերի ապագան:

Մի բան պարզ է. Ուկրաինայի ու Վրաստանի հարցում զիջումներ այլևս չեն լինելու: «Մալազիական Ավիաուղիների» ինքնաթիռի դեպքից հետո գերմանական միջնորդական ջանքերը (Ուկրաինայի ֆեդերալացման ուղղությամբ) մշուշվեցին, ու Գերմանիան էլ (ստիպված) միացավ պատժամիջոցներին:

Ղրիմի de facto անեքսացիան Ռուսաստանին ո՛չ մի շոշափելի քաղաքական ու ստրատեգիական առավելություն չտվեց: Սև ծովում ոչինչ չփոխվեց, իսկ Ուկրաինան առանց Ղրիմի էլ սևծովյան երկիր է:

Արևելյան Ուկրաինայում պրոռուսական անջատողականների պայքարի օրերը հաշվված են. սա արդեն բոլորը գիտեն: Այսինքն՝ Պուտինը պարտվում է, որը շատ թանկ կարող է նստել վերջինիս վրա (իմիջի ու, ի վերջո, աթոռի կորուստ): Դրա համար նա պիտի անցնի հակաքայլերի: Պուտինն այսօր միայն մեկ արդյունավետ միջոց ունի. ռուսական զորք մտցնել արևելյան Ուկրաինա, որը de facto  և de jure կնշանակի ռուս-ուկրաինական պատերազմ: Կասկածից վեր է, որ նման դեպքում Արևմուտքը ոչ միայն ուժեղացնելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլեւ զենք է տալու Ուկրաինային: Իսկ սա նշանակում է երկարատև պատերազմ: Պուտինի խոսքերին ոչ ոք Արևմուտքում այլևս չի հավատում. հատկապես Ղրիմի անեքսացիայից հետո, երբ Պուտինը սկզբում հերքեց ռուսական զորքերի առկայությունը թերակղզում, հետո ընդունեց դա, երբ փաստերն արդեն անհերքելի դարձան:

Բելառուսի ապագան էլ կախված է ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտից: Դիկտատոր Լուկաշենկոն շատ լավ է հասկանում, որ այս պահին չափից ավելի պրոռուսական լինելը անհեռատես  քաղաքականություն է (հատկապես իր աթոռի համար): Եվ, ընդհանրապես, որ՞ մի ուժային կենտրոնն է ցանկանում անկախ Բելառուս:

Ռուսաստանի համար Ուկրաինայից ոչ պակաս կարևոր է Վրաստանը: Վրաստանը բաց նյարդ է ռուսի համար: 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը de facto կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, բայց դրանով չկորցրեց իր ստրատեգիական նշանակությունը: Ավելին՝  2008թ. Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվեց, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, որից հետո ՆԱՏՕ-ն ու Վրաստանը կայուն ու հետևողական կերպով աշխատում են այս ուղղությամբ: Ուկրաինայի դեպքերն արագացնելու են այս գործընթացը: Այս տարվա սեպտեմբերի 4-5-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ամենայն հավանականությամբ, Վրաստանին առաջարկվելու է նոր կարգավիճակ, որից հետո Վրաստանը (բավականին մոտ ապագայում) դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ երկիր: ՆԱՏՕ-ի անդամ Վրաստան նշանակում է Ռուսաստանի անդրկովկասյան 300-ամյա ազդեցության վերջի սկիզբ: Ռուսաստանին այլևս չի հաջողվելու այս գործընթացը խափանել, բայց Պուտինը, անկասկած, փորձում/փորձելու է:

Փորձելու են հրահրել նաև վրաց-հայկական կոնֆլիկտներ. շեշտելու են Ջավախքի հայերի «անկախանալու անհրաժեշտության» ու վրացիների կողմից հայկական եկեղեցիները «հափշտակելու» մասին ու նման այլ քարոզչություն: Նախ՝ Ջավախքը Վրաստանի կազմում Հայաստանի համար շատ ավելի ստրատեգիական է, երկրորդ՝ Արևմտյան Հայաստանում հազարավո՜ր հայ եկեղեցիներ փոշիացան: Արդյո՞ք 3-4 կանգուն եկեղեցու համար արժե փչացնել հայ-վրացական ստրատեգիական հարաբերությունները: Արդյո՞ք «ազգը եկեղեցին է»: Ուստի, Հայաստանը և հայերը չափազա՛նց զգույշ պիտի լինեն, որպեսզի չդառնան ռուս-վրացական սառը պատերազմի սադրանքների առարկա:

«Եվրասիական տնտեսական միությունը» ՔԱՂԱՔԱԿԱՆ պրոյեկտ է, որի հիմնական նպատակը հատկապես Ուկրաինայի ու Վրաստանի՝ դեպի Արևմուտք/ՆԱՏՕ ճանապարհը կտրելն է(ր):

Երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում շեշտակի նվազելու են: ՆԱՏՕ-ի անդամ Վրաստանի դեմ Ռուսաստանը միայն մեկ հակաքայլ ունի. ռուսական զորք/բազա Ադրբեջանում՝ որպես հակակշիռ: Բայց արևմտյան խոշոր նավթային կապիտալից կախված Ադրբեջանն այդպիսի քայլի չի կարող գնալ, քանի որ դա կլինի Ալիևի կլանի վերջը: Վկան՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օրինակը: Այսինքն՝ Ռուսաստանին մնում է միայն մեկ տարբերակ. Ղարաբաղում զորք տեղադրելը: Հենց սրա՛ համար է ձգձգվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը: Միակ հիմնական խոչընդոտը սա է, առանց կասկածի:

ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև նավթի գներն իջեցրին: Նույնը պլանավորել են Ռուսաստանի հանդեպ: Որպեսզի սա տեղի չունենա, Ռուսաստանին ձեռնտու է կոնֆլիկտներ հրահրելը նավթա-գազամուղների շուրջ, որպեսզի միջազգային շուկայում նավթի գինը չիջնի: Ադրբեջանին ռուսական հարձակողական զենք մատակարարելն ու Հայաստան-Արցախի դեմ դիվերսիաներ կազմակերպելը Ռուսաստանի շահերից է բխում և պլանավորվում է Մոսկվայում: Ադրբեջանը գործիք է, խայծը/ խոստումը՝ ազատագրված տարածքները:

Նավթի ու նավթի գնի հետ է կապված նաև Իրաքում «Քրդստան» պետության ստեղծման գործընթացի սկիզբը: «Իսլամական պետություն» (ISIS) ծայրահեղ սուննի տեռորիստական խմբի ու քրդական զինված («փեշմերգա») ստորաբաժանումների պայքարն էլ խորքում նավթի համար է: ԱՄՆ-ն տարածաշրջանում նոր դաշնակից ունի՝ քրդերը: Նավթային շրջանները (ԱՄՆ-ի օգնությամբ) գրավելուց հետո քրդերն անկախանալու են: ԱՄՆ-ն ոչ միայն ճանաչելու է նորանկախ Քրդստանը, այլ դրանից հետո անցնելու է Թուրքիայի (աստիճանական) քայքայմանը/տրոհմանը, որովհետև Թուրքիան ու Ռուսաստանը (դժվար պահերին) միշտ օգնել և օգնելու են միմյանց: Ռուսն ու թուրքը, իրականում, նույն մտածելակերպի ու գործելաձևի ազգեր են. ռուսը, օրինակ, ավելի շատ հայ է սպանել, քան թուրքը:

Արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ սկսել են գործել. հսկա «Ռոսնեֆթը» այս պահին դիմել է ռուսական կառավարությանը՝ 31 մլրդ եվրո ներարկման խնդրանքով, քանի որ միջազգային ֆինանսական շուկաներում փող այլևս չի կարողանում ստանալ: Ոչ միայն «Ռոսնեֆթի» բաժնետոմսերի գինն է 10%-ով իջել, այլև առաջարկվում է այս 31 մլրդ-ը տրամադրել ռուսական թոշակային ֆոնդերից: Բայց սա դեռ միայն սկիզբն է:

Ալիևը միայնակ որոշումներ չի կարող կայացնել, որովհետև գտնվում է արևմտյան նավթային (ու գազային) կապիտալի ազդեցության ներքո: Իսկ Արևմուտքին պետք չէ պատերազմ Արցախի շուրջ, քանի որ դրանից միայն Ռուսաստանը կշահի: Հենց սրա համար է, որ արևմտյան (հատկապես ամերիկյան) մամուլը բավականին կոշտ քննադատեց Ալիևին՝ ՀՀ-ԼՂՀ-ի դեմ վերջին դիվերսիոն գործողությունների համար:

Ալիևն արդարանում է, որ «Ռուսաստանի օգնությամբ/միջնորդությամբ ցանկանում է վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը», քանի որ «Մինսկի խմբին դա չի հաջողվում»: Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնել է ռուսական զորք Արցախ մտցնելուն ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ռուսական կոնկրետ խոստումների դիմաց: Հենց սրա՛ համար են ՀՀ-ին փորձում խցկել ԵՏՄ՝ de jure առանց Արցախի, որպեսզի հետո Ռուսաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես պնդեն, որ Արցախ ռուսական զորք մտցնելը de jure ոչ թե Ռուսաստան-Հայաստանի, այլ Ռուսաստան-Ադրբեջանի գործն է: Հենց սա է ռուս-ադրբեջանա-թուրքական պլանն ու Մինսկի խմբի պառակտմանն ուղղված այս եռյակի ջանքերի նպատակը:

Եթե ռուսական զորք մտցվի Ղարաբաղ՝ առանց  ԼՂՀ-ի կարգավիճակի ՎԵՐՋՆԱԿԱՆ վճռման, ապա դա միանշանակ կնշանակի Արցախի ռուսականացում, որից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանը (ու Թուրքիան) շատ արագ «լուծելու» են Արցախի հարցը: Բացարձակ անկարևոր է, թե ինչպես կկոչվի ռուսական զորքը. «խաղաղապահներ», «տամոժնիկներ», «անզեն դիտորդներ», թե «X»: Ոչ ոք չի կարող ասել/ հսկել, թե Արցախ ոտք դնելուց 3 կամ 6  ամիս հետո ռուսներն ինչով զբաղված կլինեն:

Ադրբեջանին ձեռնտու է Արցախի ռուսականացումը, քանի որ՝ ա) դա հայկական Արցախից լավ է, բ) ռուսական զորքերի՝ Արցախում տեղակայմանը Ադրբեջանը համաձայնություն է տալու միայն ազատագրված տարածքների վերադարձի պայմանով:

Ռուս-թուրք-ադրբեջանական այս պլանի միակ լուրջ խոչընդոտը հայկական բանակի/զինվորի ներկայությունն է Արցախում:

Արգենտինական «La Nación» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի (հայ ժողովրդի անունից) հայտնած մտահոգությունը պարզապես հնարք էր նրա կողմից, որպեսզի՝ ա) Արևմուտքին ցույց տա, որ ինքը իբր լրիվությամբ պրոպուտինյան/պրոռուսական չէ, բ) հայոց բանակին (հատկապես միջին սպայակազմին) ցույց տա, որ ինքը իբր նույնպես մտահոգված է: Բայց սեպտեմբերի 3-ից հետո Արևմուտքն այլևս չի հավատում Սերժ Սարգսյանի խոսքերին: Հենց սրա համար է, որ Արևմուտքը (ԱՄՆ-ի գլխավորությամբ) ներկա իրավիճակում Հայաստանում հենվում է Պաշտպանության նախարարության/ բանակի վրա՝ Արցախում ռուսական «խաղաղապահներ» մտցնելու ծրագիրը խափանելու համար:

Այսինքն՝ Հայաստանում ստեղծվում է երկիշխանություն. մի կողմից բանակն (ու ժողովուրդը), իսկ մյուս կողմից ՝ պրոռուսական de facto նախագահը և օլիգարխային կլանը  (ՀՀ բացակա ԱԳՆ-ն ներառյալ): Սա փոքր ճեղքվածք չէ. այլապես (բանակում չծառայած) օլիգարխ-պաշտոնյաները իրար հետևից չէին վազի սահմանագծեր:

Արցախին ռուսական փորացավ ու գլխացավ բացարձակ պետք չէ: Ղարաբաղում թեժ խաղաղությունը շարունակվելու է, քանի դեռ ազատագրված տարածքները լիովին վերաբնակեցված չեն: Միայն սրանից հետո է ԱՄՆ-ն (և Արևմուտքը), ի վերջո, ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը: ԼՂՀ իշխանությունները վաղուց Արցախ հրավիրած պիտի լինեին Իրաքից ուժով տեղահանված ասորիներին (ու հիմա նաև եզդիներին): Գոնե փոքրաթիվ ու սիմվոլիկ կերպով սա անելը կբարձրացներ ԼՂՀ-ի միջազգային պետական իմիջը, և ոչ ոք չէր/չի կարող ԼՂՀ իշխանություններին քննադատել այս մարդասիրական արարքի համար:

Հայաստանում թեժ աշուն չի բացառվում: Բայց չկարծեք, թե սա «ընդդիմադիր» կուսակցությունների շնորհիվ է լինելու: Այսօր Հայաստանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՅՀԴ-ն և ոչ՛ էլ ՕԵԿ-ը իրականում ընդդիմադիր չեն:

Հայկական լեռնաշխարհով միշտ չէ, որ չար քամիներ են անցնում: Բարենպաստ քամիներից օգտվել է պետք. իսկ դա կախված է… քեզնից:

ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ
Ամստերդամ



Հրանուշ Խառատյան. «Սա երկրորդ ուժեղ փորձն է՝ Ղարաբաղյան խնդրում անշրջելի դարձնելու ռուսական միահեծան որոշումը»

«Մեդիալաբի» զրուցակիցն է ազգագրագետ, հասարակական գործիչ, 
Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը

- Տիկին Խառատյան, հարցազրույցն ուզում եմ սկսել, թեեւս ամենահրատապ թեմայով: Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպում է ակնկալվում: Ի՞նչ եք կարծում,  Պուտինն ի՞նչ կառաջարկի կողմերին: Արդյո՞ք այս հանդիպումը բեկում կմտցնի իրավիճակում:

- Այո, ես տագնապ ունեմ, որ այս հանդիպումը կարող է լինել բեկումնային:  Տագնապ ունեմ այն պատճառով, որ վերջին, կարելի է ասել մեկ տարվա ընթացքում այնքան ինտենսիվ եւ ըստ էության , ճնշումներով Հայաստանին պարտադրեցին որոշումներ ընդունել: Հայաստանի իշխանությունն  այնքան հաճախակի իրեն թույլ տվեց ճնշումների զոհ գնալ՝ Հայաստանի թե շահերի, թե եղած հնարավորությունների մեջ տարբերակների ընտրության: Խոսքը վերաբերվում է, բնականաբար, Մաքսային Միությանը եւ ապա եվրասիականությանը միանալուն եւ նույնիսկ «Հայռուսգազարդի» կամ տնտեսական բնույթի այլ խնդիրներին: Դրանք այնքան հաճախակիացան, որ մի տեսակ նույնիսկ նորմա դարձան:

Այսօր ոչ միայն Հայաստանի դառնացած փորձագետները, այլեւ շատ միջազգային փորձագետներ, այդ թվում նաեւ ռուսական , նույնիսկ չեն թաքցնում իրենց քամահրական եւ արդեն, ընդհանուր առմամբ, վերջնականապես ձեւավորված կարծիքը, որ Հայաստանը պիտի անի այն, ինչ պիտի անի թելադրաքով: Չգիտես` ինչու այս հանդիպումը ծնվեց, եթե կարծես թե  նախապատրատվում էր  եռանախագահների միջոցով եւ նրանց ծրագրով հանդիպում կամ գոնե խոսվում էր, թե  նախապատրաստվում է առաջարկների մեջ բազմազանություն մտցնելու եւ այլ լուծումներ  փնտրելու տարբերակներ:

Այսօր մենք հրապարակի վրա չգիտենք, թե խոսակցությունն ինչ մասին է լինելու: Սահմանին  Ադրբեջանի ակտիվացումը ինձ շատ հիշեցնում է 1919-20 թթ. այն իրադարձությունները, որոնք  ակտիվ սկսեցին զարգանալ հատկապես 20 թ. ամռանը, որը Լենին-Աթաթուրք  համաձայնագրի շրջանակներում էր, որով ապրիլին համաձայնեցրին Ադրբեջանի խորհրդայնացումը, իսկ մայիս-հունիս-հուլիս ամիսներին արդեն ուղղակի շատ բացահայտ, իբրեւ հայ բոլշեւիկների ծրագրով Կարմիր բանակի գրոհներ,  Հայաստանում նորացվեցին ռազմական գործողությունները, ինչի արդյունքում Թուրքիան շանս ստացավ նորից Հայաստան մտնելու: Այն Թուրքիան, որը պարտված էր, որը Մուդրոսի համաձայնագիր էր ստորագրել, Սեւրի պայմանագրով պատառ-պատառ էր եղել, ռուսական զենքով, փողով ու համաձայնությամբ գրոհ սկսեց Հայաստանում: Դրա հետեւանքները  գիտենք:

Սա ընդհանուր՝ ռուս-թուրքական մեծ ծրագրի շրջանակում էր: Ես ինչու եմ ասում ծրագրի, որովհետեւ կան նաեւ դրանց  տեսական զարգացումներն ու հիմնավորումները: Չխոսեմ Միկոյանի կողմից պատրաստված զեկույցի մասին, թե ինչպես է պատկերացնում կոմունիսների վերաբերմունքը Թուրքահայաստանին եւ Ցեղասպանությունից փրկված հայերին, խոսեմ այն մասին, որ ի դեմս Սկաչկոյի, ռուս իդեոլոգները ժամանակին նախապատրաստեցին եւ հրապարակեցին , որ հայերը, որոնց անվերապահ նացիոնալիստ անունն էր տրվում, պետք է հրաժարվեն նացիոնալիզմից: Իսկ հայկական նացիոնալիզմն  այդ ժամանակ եղած Հայաստանի տարածքը պահպանելն էր: Հայերը պետք է հրաժարվեին իրենց նացիոնալիզմից, որովհետեւ թուրքական նացիոնալիզմն այդպես է պահանջում, մենք պետք է զոհաբերեինք, այն ապագայի համար, երբ բոլորս կլինենք երջանիկ խորհրդային երկրներ եւ այս բոլոր հարցերը՝ սահման, պետություն, չեն լինի:

Այսօր ես ուղղակի զուգահեռ այս տրամաբանությունն եմ տեսնում եւ նույնիսկ հիմա մի հոդված եմ գրում, թե ինչպես տարօրինակ կերպով անգամ գործող անձինք են իրար կրկնում: Այսօր ռուսական քաղաքականության խեղկատակի համարում ունեցող Ժիրինովսկու հրապարակ գալը շատ հիշեցնում է երիտթուրքերի հետ բանակցություններում Լենինի կողմից նշանակված Ռադեկին, որը ռուսական բոլշեւիկյան քաղաքականության մեջ այն ժամանակվա Ժիրինովսկին էր:

- Տիկին Խառատյան, Դուք շատ տեղին նկատեցիք՝ 1920 թվականին Թուրքիան ռուսական զենքով Հայաստան մտավ , այժմ նույն ռուսական զենքով Ադրբեջանն է կրակում: 

- Այո, կրակում է ոչ միայն  Ղարաբաղի, այլեւ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ:Ես ուզում եմ նորից հիշեցնել, եթե Ղարաբաղը, Փառք Աստծո, ունի պաշտպանական գոտի, հիմա Հայաստանն է թիրախը՝ եւ Նախիջեւանը եւ Հյուսիսային հատվածը:

- Եթե խնդիրը դիտարկենք Ձեր նշած զուգահեռների տրամաբանությամբ, այն ժամանակ խորհրդայնացումն էր, այժմ՝ եվրասիականացումը: Արդյո՞ք, այսօր Ռուսաստանը ջանքեր չի խնայում այդ միություն մտցնել Ադրբեջանին՝ ամեն գնով փորձելով սիրաշահել: Արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը չպետք է դիտարկել նաեւ այդ լույսի ներքո:

- Այո, ասելիքիս իմաստ սկզբունքորեն հենց այն էր, որ նոր կայացող Խորհրդային պետությունը մեծ ջանքեր էր գործադրում թե գաղափարական, թե դրացիական հարաբերությունների հաստատման, ինչից ինքը զուրկ էր այն ժամանակ, ինչպես այսօրվա, Ռուսաստանն է, որն ամեն ջանք գործադրեց արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունները մաքսիմալ բարդացնելու համար  եւ  այսօր հայտնվել է մեկուսացման մեջ:  Ռուսաստանն այսօր շատ կարիք ունի ոչ միայն դաշնակից երկրների, այլեւ համագործակիցների: Կարծում եմ, որ մեծագույն զիջումները, որը արդեն փորձը  ցույց է տվել,օրինակ Արեւելքից թուրքական կողմի հետ է լինում, այսօր փորձարկվում է` ճիշտ եւ ճիշտ դրա զուգահեռ, մնացած ամեն ինչից բացի,  Ադրբեջանի ՝ չասեմ եթե նույնիսկ միանալու, ապա գոնե համակրանքը ստանալու համար:

Եվ եթե Ռուսաստանին հաջողվի այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իբրեւ խաղաղարար, զորք տեղակայել, դա ուղղված է լինելու նաեւ Վրաստանի դեմ, որովհետեւ մեծ հաշվով, Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է Կովկասը ԵՄ-ից կտրելը եւ իհարկե, սրանք ամբողջ Կովկասին վերաբերող պրոցեսներ են, այնպես, ինչպես ամբողջ Կովկասին վերաբերող պրոցեցներ էին Լենին-Աթաթուրք հարաբերությունները:

Իհարկե, ոչ ոք հիմա չի համավատում, ես էլ չեմ հավատում, թե ՆԱՏՕ-ն մատը մատին կխփի, եթե Վաստանի հետ Ռուսաստանը ունենա նոր ռազմական զարգացում, առավել եւս, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Բոլորին հայտնի խնդիրները չքննարկենք: Մյուս կողմից, ես այսօր կարդացի, որ Ռուսաստանը Իրանի հետ նոր էներգետիկ պայմանագիր ունի, ինչը սպասելի էր: Ռուսաստանը փորձում է Արեւելքում իր հնարավորությունները զարգացնել:

Մի կողմից ասեմ հասկանալի չէ, բայց եւ հասկանալի է, որ Հայաստանն էլ երես է շրջել այն երկրներից, որոնք Հայաստանի համար կարեւորագույն հեռանկարային խնդիրներում դերակատարություն ունեին, օրինակ Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը եւ ցեղասպանությունից բխող քայլերը, երկրներից, որոնք Ադրբեջանին զենք չեն վաճառում, նույնիսկ պաշտպանական, որոնք Ադրբեջանին ֆինանսական օգնություն չեն տրամադրում, մենք այդ երկրներից երես ենք շրջել, միայն, որովհետեւ ռուսական այսպիսի ծանր Ճնշման տակ ենք:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է իրերի դասավորվածությունն այդպես:

- Ինձ ամեն ինչ հասկանալի է, անհասկանալին մեկն է՝ որտեղ եւ ինչու մենք կորցրեցինք  այն կամքը, երբ առաջին անվերապահ կապիտուլյատիվ համաձայնությունը թելադրանքին տրվեց: Ակնհայտ է, որ մի քիչ կոշտ պաշտպանությունը կձգձգեր այս գործընթացը եւ կարող էր անգամ փոխել բնույթը ու նույնիսկ՝ հեռանկարները, բայց ես չեմ տեսնում Հայաստանից այդ փորձը կամ կամքի դրսեւորումը:

Հենց այդ պատճառով հիմա շատ տագնապած եմ այս անակնկալ օգոստոսյան հանդիպման համար, որը նույնիսկ կարծես թե ոչ թե երեք երկրների նախագահների հանդիպում է, այլ  երկու նախագահների առանձին հանդիպումներ են Ռուսաստանի նախագահի հետ` անորոշ ֆորմատով, անորոշ  օրակարգով, անորոշ հարցադրումով: Շատ մեծ տագնապ ունեմ, որ այս հանդիպումը կարող է իսկապես ավարտվել ինչ-որ մի համաձայնությամբ՝ սեպտեմբերի երեքին արված հայտարարության նման մի հայտարարությամբ, որի իրացումը հետո կարող է շատ  ծանր եւ բռնի գործողությունների ընթացք ստանալ:

- Տիկին Խառատյան, ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական լարվածությունը մեծանում է, տարբեր մակարդակներում՝ վերլուծական-լրատվական կամ քաղաքական, խոսում են խաղաղարար զորքերի  տեղակայման անհրաժեշտության կամ հնարավորության մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր վերջին ասուլիսում անդրադաձավ հարցին՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա: Դուք նույնպես խոսեցիք այդ մասին:  Գյումրիում ունենալով ռուսական ռազմաբազան, ի՞նչ իրավիճակում կհայտնվենք, եթե հանկարծ Սոչիում խոսք գնա ղարաբաղա-ադրբեջանական  շփման գծում խաղաղարարների տեղակայման մասին՝ թե ռուսական, թե այսպես ասած՝ խառը:

- Գիտեք, դա բացարձակապես միայն հայկական հարց չէ, դա խնդիր է ամբողջ Կովկասի համար: Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքը կողմ է խաղաղապահ զորքերի տեղադրմանը: Կարծես թե երկու երկրներն էլ , այս  պահին լինելով թշնամական դիրքերում, առնձնապես խանդավառված չեն իրենց տարածքում երրորդ ուժի ռազմական առկայության հնարավորությունից: Սկզբունքորեն, խնդիրը , եթե ռազմական ճանապարհով պետք է լուծվի, երկու երկրներն էլ ավելի պատրաստ են իրենք իրենց ռազմական միջոցները օգտագործել:

Խաղաղապահը այստեղ, թվում է թե, պետք է  կանխի ռազմական գործողությունները, բայց հայտնի է նաեւ, որ ռազմական գործողությունները կանխում են դիվանագիտական ճանապարհով, իսկ դիվանագիտական  ճանապարհը միայն Ребята, давайте жить дружно կոչերը չեն: Դրանք եւ սանկցիաներն են եւ իրերն իրենց անունով կոչելը, եւ ճիշտ տեղեկատվությունը, եւ կերպարի ձեւավորումը: Այս ամենը չկա, կա ճիշտ հակառակը՝ կեղծ տեղեկություններ, պարիտետի պահպանմանը միտված անհեթեթ կոչեր, ոչինչ չնշանակող ձեւակերպումներ եւ այլն, ինչը նշանակում է, որ խնդիրը ամենեւին խաղաղության մեջ չէ եւ ինչը եւ, որ ռազմական որեւէ առկայության համար մրցակցությունը, տվյալ դեպքում, Ռուսաստանի շտապելն անմիջապես իր զորքը մտցնելու, բոլորովին խաղաղության նպատակ չի հետապնդելու:

Ցավով եմ սա ասում, բայց մենք ունենք թե վաղ խորհրդային , թե ուշ խորհրդային շրջանի, այսպես կոչված ռուսական ռազմական միջամտության տխուր փորձը եւ առաջիկայում էլ, դատելով դիվանագիտական տերմինաբանությունից ու ձեւակերպումներից, որեւէ այլ փորձ կանխատեսելի չէ, պիտի կրկնվի այն, ինչ նախորդում մենք ունեցել ենք: Ես  դրանից Հայաստանի համար տեսնում եմ ամենաաղետալի հետեւանքներ, ընդ որում, դա նույնիսկ միայն Ղարաբաղի կորստի հետեւանքը չէ, դա  մինչեւ անգամ Հայաստանի՝ բոլոր տեսակի արտաքին հարաբերությունների հնարավորությունից իսպառ կտրվելն է, ինչը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ կրկնում եմ, խնդիրը միայն Հայաստանը եւ Ադրբեջանը չէ, խնդիրը Կովկասն է, իսկ Կովկասում Հայաստանի խեղճությունը Ռուսաստանին շատ ձեռնտու է` թե Վրաստանի, թե Թուրքիայի հետ հարցը կարգավորելու իմաստով:

Արդեն ռուսական զինվորը Հայաստանում է, մնում է, որ այդ զինվորը տեղափոխվի: Զորքի միջամտությունը ցանկացած հարաբերությունում բոլորովին փոխում է  ուժերի հարաբերակցությունը եւ բանակցության տրաաբանությունը: Արդեն չկա տրամաբանություն, կա թելադրանք եւ կամքի կատարում, մնացածը՝ երրորդական են: Կարծում եմ, որ Ռուսաստանի այս շտապողականությունը՝ կանխելու փարիզյան կամ հանրավոր ամերիկյան նախաձեռնությունը, կազմակերպել որեւէ հանդիպում, երկրորդ ուժեղ փորձն է՝ Ղարաբաղյան խնդրում անշրջելի դարձնելու ռուսական միահեծան որոշումը: Մեծ հաշվով սա մշտապես մեզ ուղեկցող երեւույթ է, մենք չենք ունեցել մի պահ, որ այս վտանգը մեզ չի սպառնացել:

- Տիկին Խառատյան, իսկ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Թուրքիան ընթացող զարգացումներում:

- Կարսի պայմանագրի 90-ամյակի առիթով, երբ Մեդվեդեւը հանդիսավորությամբ պայմանագրի օրիգինալը հանձնում էր Թուրքիային, եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ռուսաստանը եւ Թուրքիան խորապես համաձայնեցրել են իրենց գործողությունները Կովկասում: Սա դրա ցուցադրություններից մեկն էր: Եվ հիմա էլ ակնհայտ է, որ նրանք  իրենց գործողություններում այդ համաձայնոթյունն ունեն: Ես վստահ եմ, որ Սոչիի հանդիպումը  նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Էմմա Քալաշյան



Ազգային գերխնդիրներով զբաղվող պետություն մենք չունե՛նք

Արթուր Արմին, հայագետ, հոդվածների և գրքերի հեղինակ, Լոս Անջելեսի «Spurk-Diaspora» հասարակական-մշակութային կազմակերպության նախագահ

- Պարոն Արմին, արդեն երկար տարիներ հայագիտության ոլորտում ակտիվ բանավեճեր են ընթանում, որոնք հաճախ դուրս են գալիս էթիկայի սահմաններից և գիտական բանավեճից վերածվում վիճաբանության: Ո՞րն է բանավեճի թեման և ո՞վքեր են բանավեճում ներգրավված կողմերը: 

– Պատմության ներկայացումը քաղաքականացված է եղել դեռևս հին ժամանակներից (Հին Հռոմ, Բյուզանդիա և այլն), և այն այսօր էլ մնում է քաղաքականացված: Հատկապես դրա ճիշտ ներկայացումը մատաղ սերնդի համար կարևոր է: Ըստ իս, սփյուրքում դրա ազդեցության կարևորությունը մեծ է: Գոյություն ունի ԱՄՆ հայագիտական ամբիոնների կողմից հայոց պատմության և մշակույթի ներկայացում, և կոռեկտ, գիտական խղճմտանքով ներկայացվածը, որն ըստ առաջինների` իբր ազգայանականության ու ծայրահեղականության արտահայտություն է: Իսկ ըստ վերջինների՝ առաջինները կեղծարարներ են: Ահա և ձեզ հակադրության պատճառը:

Բերեմ օրինակներ: Միտումնավոր անգրագիտություն է, որը քաղաքական պատվեր է, երբ Ջեյմս Ռասսելը ԲՈՒՀԱԿԱՆ դասագրքում գրում է, որ նախահայերը ոչնչացրեցին ուրարտական պետությունն ու կուլտուրան: Նման նույնիսկ ոչ գիտական վարկածի համար՝  գոյություն չունի որևէ գիտական փաստ: Ըստ Ռասսելի՝ Էրեբունին հիմնադրել է Արգիշտի երկրորդը: Ռասսելը չի տարբերակում հաթթերին ու հիթիթներին, չի տարբերում՝ ուրարտական գաղափարագիրն ու սեպագիրը և այլն, և այլն... Ի միջիայլոց այս ամենը փաստ է, իր իսկ գրքերի ու հոդվածների մեջ է հրատարակված:

«The Armenian People From Ancient To Modern Times» բուհական երկհատորյակում ամենատարրական առտառոց  անգրագիտություններն անցնում են հարյուրից: Օրինակ` Պիթր Քաուիի զավեշտալի  ճամարտակումները, թե իբր հայկական միջնադարյան պոեզիան թուրքական թաքսիմների և հունական հնգաոտքերի ազդեցությամբ կրկնություններ են: Կամ, նույն դասագրքի արաջին հրատարակության մեջ գրված է, թե իբր հայ առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1660 թվին, Հոլանդիայում, ինչ-որ էջմիածնական անանունի կողմից, այլ ոչ թե 1512 թվին, Վենետիկում, Հակոբ Մեղապարտի կողմից: Կամ, Բերկլիի համալսարանում ուրարտագիտության դոկորատուրան պաշտպանած, պրոֆեսոր Ալինա Այվազյանը Ըրվայնի համալսարանում իր դասախոսությունը վերնագրել էր՝ «Նոր պեղումներ Ուրարտուի մայրաքաղաք Էրեբունիից»: Կա' վիդոն՝ նրա խուճապահար լինելու փաստը, երբ դահլիճից նրան ձեռք են առնում:  Ասեմ ավելին, երբ Ռիչարդ Հովհաննսիյանը լսարանում հայտարաում է, որ հայերը պարսիկներից են առաջացել և քրիստոնեությունն ընդունելով է, որ ավելի են հեռացել, ապա հայ ուսանողի ողջ ներքին աշխարհը ընդվզում է ապրում: Եվ 2009 թվականին, ԱՄՆ-ում «Ամերիկահայ ուսանողությունն ընդեմ հայոց պատմության կեղծարարների» շարժման պատճառը հենց դա էր:
 
Փորձելով արդարանալ, ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնների ասոցացիայի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը բազմիցս է փորձել չքմեղանալ, թե իբր գիտնականն ազատ է իր կարծիքներում և ինչ ուզում է կարող է գրել: Գիտեք ի՞նչ. այդ քաղաքական պատվեր կատարող կեղծարարները թող գնան ու հոդված գրեն իրենց ամսագրերում կամ մենագրության ֆորմատով, բայց ոչ թե ամերիկահայ ուսանողի համար նախատեսված բուհական դասագրքերում: Բուհական դասագրքի համար գոյություն ունի մշակված համակարգ և մոտեցում՝ այս կամ այն հարցում համառոտ ներկայացնել գոյություն ունեցող բոլոր հիմնական ուղղությունները, այլ ոչ թե միայն մեկը՝ դյակոնովյան ինքն իրեն մերժած «քյալագյոզությունը» ու այն էլ կիսատ տարբերակով: Բոլշևիկ Դյակոնովի տեսության կիսատ տարբերակը բուհական դասագրքում «զարգացնելու» փոխարեն, թող նաև ներկայացնեին անգլո-ամերիկյան առաջավոր մեծահամբավ գիտնակաների տեսությունները /Joseph Greenberg, Colin Renfrew, Russell D. Gray, Quentin D., Atkinson, Merritt Ruhlen, David Marshall Lang և այլն /:

-Եթե ավելի առարկայական մոտենանք հարցին, ապա որքանով տեղյակ ենք, վեճի հիմնական առարկան հայերի բնիկ կամ եկվոր լինելու տեսակետներն են և վեճը հասնում է ուրարտական շրջանին: Ձեր նշած կողմերը տարբեր կերպ են մոտենում այդ խնդրին: Որոշների կարծիքով հայերը ուրատացիների անմիջական հետևորդներն են, իսկ ըստ նրանց  հակառակորդների հայերի նախնիները կործանել են Ուրարտուն և բնակվել այս տարածքներում: Եթե նման տեսակետների պատճառները ոչ թե զուտ գիտական են, այլ քաղաքական, ապա արդյո՞ք պետք է ենթադրել, որ վերջին տեսակետի կողմնակիցները կասկածի տակ են դնում այսօրվա հայերի այս տարածքների բնակվելու պատմական իրավունքները և դրա տակ ինչ-որ քաղաքական պատվեր գոյություն ունի: 

- Ձեր հարցի մեջ կան մի քանի հարցեր: Պատասխանեմ հաջորդաբար:
Նախ, սեպագրերից մեզ հասած տեքստերում կան մոտավորապես 350 բառ, այսպես կոչված «ուրարտերեն» լեզվից: Այդ բառապաշարի 70%-ը հայերեն են` բնիկ բառեր են, և ասեմ, որ ստուգաբանված հենց հայտնի լեզվաբանների կողմից (Ջահուկյան, Ղափանցյանց, Աճառյան, Վիլհեմ և այլն): Երկրորդ, որևէ լեզվի քերականությունը դարերի ընթացքում ենթարկվում է փոփոխության, բայց բառարմատները և դերանունները երբեք չեն փոխվում: Սա ոչ թե իմ մոտեցումն է, այլ ընդունված միջազգային, ակադեմիական գիտականորեն հաստատված օրինաչափություն:

«Ուրարտերենի» դերանուններն են՝ ասի, ատի, անի  և այլն, ինչպես արևմտահայերենի բարբառներում ՝ ասիկա, անիկա, ատիկա:  Ուղղակի հին հետազոտողները ուրարտերենի քերականությանը չէին անդրադարձել, նաև՝ տոկոս, քանակ, մաթեմատիկա չէին օգտագործել: Կարդացեք Սարգիս Այվազյանի «Ուրարտերեն քերականություն»  գիրքը, որը հրատարակված է հայերեն և անգլերեն լեզուներով: Մյուս հանգամանքը՝ «ուրարտական»  ժամանակների դամբարաններից հանված բարձրաստիճան մարդկանց ոսկորների ԴՆԹ-ն ցուցում է նրանց ոչ սեմիտ, այլ հնդևրոպացի լինելը: Հաջորդը կարևորագույն հանգամանքը՝ ուրարտական պանթեոնը տիպիկ հնդևրոպական հավատամքային պանթեոն է: Եվս երկու կարևոր նկատառում.

ա. ուրարտական սեպագրերը կարդացվել են ասորական հնչյունաբանությամբ, որը սխալ է,

բ. մեզանից երեք հազար տարի առաջվա, և այն էլ հնարավոր տարբերակով՝ Կորդունքի բառբառի հիմքով սեպագիրը, անշուշտ լեզվի տարբեր՝ ավելի վաղ վիճակ է: Այսքանը համառոտ, գիտական մասով:

Հիմա անցնենք բնիկության հետ կապված քաղաքական խնդիրներին:  Նոր բան ասած չեմ լինի, եթե կրկնեմ հայտնի իրողությունը, որ Թուրքիան «օդում ճանկելով» հայերի իբր ոչ բնիկության և Ուրարտուն իբրև ոչ հայկական լինելու տեսությունները, սկսեց քաղաքականացնել այն, փորձելով կասկածի տակ դնել այսօրվա հայերի այս տարածքների վրա բնակվելու պատմական իրավունքները: Թուրքական՝ «Հայերը ոչնչացրել են հնագույն ուրարտական քաղքակրթությունը և այս տարածքների բնիկները չեն» քարոզչության վրա տարեկան ծախսում է միլիոնավոր դոլարներ:

Ավելին, Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը 1950-ականներին, ինչպես նաև ՍՍՀՄ-ի ու Արևմուտքի սառը պատերազմի ժամանակների քարոզչական հակամարտության իրողությունը, նպաստեցին, որ այս հարցն ավելի քաղաքականացվի: ԱՄՆ-ի և արևմտյան համալսարանների հայագիտությունը հստակ դիրքորոշում վերցրեց, որը ևս քաղաքական էր: Դրա մասին բացահայտ գրում է Բրիտանացի հայտնի պատմաբան Քրիստոֆեր Ջ. Ուոքերը (Christopher J. Walker) իր “Armenia: The Survival of a Nation” գրքում: Փաստորեն, ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնները պետդեպարտամենտի դիրեկտիվներով է «զարգացնում» հայագիտությունը: Եվ ինչպես հաղորդում է Քրիստոֆեր Ուոքերը՝ այդ ոչ գիտական, և ոչ հայանպաստ քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:

Մեր երեխաներն այստեղ այդ կեղծարարների դասագրքերից ավելի են սկսում ազդվել ու օտարանալ իրենց արմատներից: Օրինակ, երբ հայ ուսանողը կարդում է Ռոնալդ Գ. Սյունու գրածը, թե իբր՝ Արցախը եղել է Աղվանքի տարածք ու երբեք պատմական Հայաստան պետության կազմում չի եղել,- նմանատիպ զեղծարարություններ, ապա ինչպե՞ս եք կարծում այս ամենը նրա վրա ինչպե՞ս կազդի: Եվ ամենազավեշտալին այն է, որ նույնը՝ նո'ւյն տերմիններով ու ձևակերպումներով բարբառել ու բարբառում է թուրքական քարոզչությունը: Նրանք՝ թուրքերը, «Հայկական Լերնաշխարհ» եզրի փոխարեն գիտական շրջանառության մեջ մտցրեցին Eastern Anatolia տերմինը, իսկ ԱՄՆ-ի հայագիտական ամբիոներից դուրս եկած գրքերը կրկնում են դա, նրանք կեղծում են հայոց պատմությունը, նո'ւյն ճեպապատճեն տեսնում ենք սյունիների, ռասսելների, քաուինների և այլոց գրքերում: Ավելացնեմ նաև, որ այս հայագետների մեծ մասը անգրագետ է. հայագիտության դոկտոր լինելով հանդերձ, նրանցից ոչ մեկը չի կարող արևմտահայերենով կամ արևելահայերենով մեկ էջանոց շարադրություն գրել, և ուսանողության հետ դասընթացները տարվում են անգլերենով: Վերջացնելով ասեմ, որ ոմանց համար այս դանդաղ գործող ռումբը կարող է թվալ անէական, քանի-որ այն թվացյալ անտեսանելի է՝ տանկ ու ռմբակոծիչ ինքնաթիռ չէ, սակայն իրականում այս հարցն ազգային անվտանգության խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը:  Իսկ իրական ազգային գերխնդիրներով զբաղվող պետություն մենք չունենք:

Եվ ևս մեկ նկատարում: Սովետական կայսրապետության ժամանակներում՝ այո՛ գիտությունը և արվեստը անկախ չէին, սակայն եթե որևէ մեկին թվում է, թե Արևմուտքում գիտությունը, արվեստը կամ սեփական մոտեցումն արտահայտելը ունի իրական քաղաքական ազատություն, ապա սխալվում է: Ուրեմն նա կամ չի ապրել այդ ազատության մեջ կամ խորքային շփումներ չի ունեցել և չգիտի համակարգը: Միայն մեկ օրինակ, ազգային Սի-Բի-Էս հեռուստատեսության պատվերով, լեգենդար բժիշկ-մահի՝ Ջաք Գևորգյանի մասին փաստավավերագրական մեր ֆիլմը (որի կառուցվածքային սցենարի հեղինակն եմ և համապրոդյուսերը) ունեցավ այնքան շատ քաղաքական կանխարգելումներ, որ միայն յոթ տարի հետո ցուցադրվեց, և սա այն դեպքում, երբ ֆիլմն ուներ այնպիսի հզոր սատարողներ, ինչպիսիք էին՝ Մայք Վալլասը, Բարբրա Ուոլթերսը, Լարրի Քինգը, Ջեֆրի Ֆայգերը և այլն: Ամերիկյան հեռուստատեսային «ալեհեր ասպետը» - լեգենդար լրագրող Մայք Վալլասը, Ջաք Գևորգյանի մասին միայն մեկ հոդվածի՝ իր կարծիքն արտահայտելու համար, քիչ էր մնում թռչեր իր պաշտոնից:

- Պատմագիտությունը և առհասարակ գիտությունը միշտ ունեցել է քաղաքական բաղադրիչ և քաղաքական նպատակներ՝  հատկապես հասարակական գիտությունները: Սակայն բնիկ կամ ոչ բնիկ լինելը կարծես թե ժամանակակից աշխարհում այնքան էլ որոշիչ չէ: Օրինակ`Կոսովոյում ալբանացիները բնիկ չեն և ընդամենը մի քանի տասնամյակ առաջ նրանք Կոսովոյում փոքրամասնություն են եղել, սակայն Արևմտյան երկրները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, կամ նույն քաղաքական անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այն դեպքում, երբ աբխազներն այդ տարածքում բնիկ ժողովուրդ են, իսկ Հարավային Օսիայում օսերը  համեմատաբար վերջերս են հայտնվել: Այսինքն, երբ քաղաքական կամ աշխարքաղաքական շահեր կան, բնիկ կամ ոչ բնիկ լինելը առանձնապես նշանակություն չունի: Ո՞րն է ԱՄՆ կամ որևէ այլ ուժի շահը հայերին 3-4000 տարվա կտրվածքում եկվոր հայտարարելը, առավել ևս, որ ցանկացած ժողովուրդ տարբեր էթնոսների միաձուլման արդյունք է: Օրինակ, վերջերս թուրքերի գեների ԴՆԹ–ի անալիզը ցույց է տվել, որ նրանց ընդամենը 3% ունի թյուրքական կամ մոնղոլական ծագում:

– Խնդիրը՝ միջազգային իրավական չէ: Մի մոռացեք, որ քաղաքական քարոզչությունը նույնպես միջազգային իրավունքի դաշտից չէ, այլ պատերազմական և ագրեսիայի դաշտից է: Այն կարող է փլուզել քո հավաքականությունը, ստեղծել հուսալքություն, բարոյալքել և այլն: Ավելացնեմ նաև, որ յուրաքանչյուր ազգային հավաքականության գոյատևման հիմքը՝ իր պատմամշակութային արժեքներն են, որը ստեղծում է ազգային հավաքականության բարոյահոգևոր ընդհանրական նկարագիրը: Բնությունը չի աշխատում համահարթեցման մեխանիզմով, այլ՝ տեսակների բազմազանությամբ ստեղծված սիմֆոնիա է, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր գույնն է բերում ընդհանրական համամարդկային համայնապատկերում: Յուրաքանչյուր ազգային հավաքականություն ունի իր ներքին հավաքական հավատամքն ու հիշողությունը՝ ինչպես անհատը: Լվացեք կամ վերացրեք մարդու հիշողությունը և նա կդառնա իր անձնականությունը կորցրած շլմորած ռոբոտ: Խարխլեք ազգի հավաքական հավատամքն ու հիշողությունը ու նա հավաքական միավորից կդառնա անգույն խսիր՝ քամու բերանին:

Եթե եվրոպական երիտասարդ ազգերն ունեն իրե՛նց հինգ հարյուր տարվա կամ հազար տարվա հավաքական զգայականը՝ պատմամշակութային հիշողությունը, որը նրանց գոյության առանցքն է, ապա հայերիս համար դա՝ մեր բնիկությունն է, մեր հազարամյակների պատմությունն ու մշակույթն է, հայ էթնոսի բնօրրան` Հայկական Լեռնաշխարհն է, Եղեռնն է, հայրենազրկումն է, Արցախյան պատմական արդարության հաղթանակն է... Ահա սա է հավաքական ՈԳԻՆ, նրա հավաքական հավատամքը: Եթե դուք սկսեք հայ անհատների մեջ փլուզել այդ հավատամքը, հոգին, ապա մարմինը դառնում է կենդանի դիակ, ուրեմն դուք հաղթել եք: Եվ սա էլ է պատերազմի ձև ու գործածվում է:

Անդրադառնամ ձեր հաջորդ հարցին: Ոչ՛, կան նաև հին ազգեր, որոնք տարբեր էթնոսների խառնումից չեն առաջացել: Եվ ամենակարևորը՝ բնության մեջ աշխատում է հակառակ էֆեկտը՝ էպիգենետիկ ընդհանրական հիշողությունը: Կարդացեք Ստենֆորդ համալսարանի էմիրատուս մեծագույն գիտնական Լուջի Քավալի Սֆորզայի /Luigi Luca Cavalli-Sforza/ The History and Geography of Human Genes աշխատությունը: Եվ ոչ միայն նրան: Նրա գլխավորությամբ հարյուրավոր լավագույն գենետիկ ինժիներների խմբերը վերջին 25-30 տարիների ընթացքում պարզեցին, որ կա փաստացի հստակ կապ՝ ազգության ընդհանրական գենի, լեզվի ու մշակույթի միջև (Cavalli-Sforza, L.L. 2000. Genes, Peoples, and Languages. North Point Press, New York. ISBN 0-86547-529-6 Cavalli Sforza, L. L, Il caso e la necessità – Ragioni e limiti della diversità genetica, 2007, Di Renzo Editore, Roma Stone, Linda; Lurquin, Paul F.; Cavalli-Sforza, L. Luca (2007). Genes, Culture, and Human Evolution: A Synthesis).

- Կան տարբեր կարծիքներ այն մասին, թե որքանով է այսօրվա  հայի ինքնության վրա ազդում «ուրարտական պատմական հիշողությունը», սակայն մոտեցեք ցանկացած միջին հայի և հարցրեք առնվազն այսօրվա Հայաստանի տարածքի վերջին հազար տարվա պատմությունից, կհամոզվեք, որ տեղեկացվածությունը գրեթե զրոյական մակարդակի է: Դասագրքերում  շատ կցկտուր տեղություններ են տրվում` առանց ժամանակագրական կապի,  իսկ Հայաստանի «քաղաքական պատմության»  մասին խոսք անգամ չի գնում: Ո՞րն է դրա պատճառը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր ոչ շատ հեռու անցյալից ամաչում  ենք և ցանկանում այն ջնջել սերունդների հիշողությունից, որովհետև հերոսական էջերն այնտեղ  քիչ են: Սակայն դրա հետ կարելի էր հաշտվել, եթե դրա հետևանքով եկող սերունդները չզրկվեին պատմության անհաջողություններից դասեր քաղելու հնարավորությունից: Երբեմն անհաջողություններն ավելի ուսանելի են լինում: 

- Իրական ազգային գերխնդիրներով զբաղվող պետություն մենք չունե'նք: Անտերություն է: Հայաստանի Հանրապետությունում այսօր մենք ունենք վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված քաղաքա-ֆինաննսա-օլիգարխիկ ռեժիմ` «թայֆա», որն այսօր ստեղծել է կեղծ  ազգայնականություն, և այդ կեղծը ընդհանրապես որևէ կապ չունի ո՛չ նժդեհականության հետ, ո՛չ էլ ազգային որևէ բանի հետ: Իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար կա միայն իրենց անձնական շահը՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» վարքագծի դե ֆակտո իրագործմամբ ու արդյունքով: Եվ երբ հեղհեղուկ իշխանություններն իրենց իսկ շահի համար այս կամ այն կայսրապետության կամակատարն են, ապա հայաստանյան գիտական մշակներից շատերն այսօրվա պետության դե ֆակտո չգոյության պատճառով կամ սնվում են Ռուսական ֆոնդերով կամ անդրօվկիանոսյան գրանտներով:

Այո՛, լիովին ճիշտ եք, սերունդների հիշողությունը էական է: Երբ չկա սերունդների հավաքական պատմամշակութային և բարոյահոգևոր արժեքների փոխանցում, երբ կտրվում է կապը ու սերնդափոխության ընթացքում չկա փոխանցման ու արդիականացման համակարգ, ապա ազգային հավաքականությունն ի վերջո կանգնում է լինել-չլինելու առջև: Այսօր մենք կորցնելու ենք մեր երկիրը շատ մոտ ապագայում, որովհետև հասել ենք դրա ռեալ հնարավորության սահամանգծին:



«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» արցախյան ՀԿ-ն մաքրում ու պահպանում է լքված եկեղեցիներ, կատարում ուխտագնացություններ, արշավներ

2013-ից Արցախում գործում է «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար, արցախցի Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շատ հարցեր մեր երկրում կարելի է լուծել, եթե մեր հասարակությանը համախմբենք մեկ ընդհանրական ազգային գաղափարի շուրջ: «Բազմադարյա պատմություն ունեցող, համաշխարհային քաղաքակրթության մեջ իր անուրանալի ավանդը բերած, բազում ձեռքբերումներ և անկումներ ունեցած մեր ժողովուրդը պետք է կարողանա պահպանել ու զարգացնել ազգայինն ու համամարդկայինը: Նախ անհրաժեշտ է, որ ինքներս կարողանանք կարևորել ու պահպանել մեր պատմությունն ու մշակույթը, որի համար պետք է միավորվել մեկ ընդհանրականի՝ ԱԶԳԱՅԻՆԻ շուրջ: Այդ առումով, հասարակական կազմակերպությունը լավագույն միջոցներից մեկն է` երիտասարդներին միավորելու և միասնական ու արդյունավետ գործելու համար»,-այսպես է պատասխանում իմ` «ինչպե՞ս ծնվեց ՀԿ ունենալու գաղափարը» հարցին ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:

«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կազմակերպության նպատակն է միավորել տարբեր երկրների հայրենասեր ու նվիրյալ գաղափարներով ՀԱՅ երիտասարդներին՝ անկախ քաղաքական, կրոնական կամ այլ հայացքներից, և միասնական գործել՝ ի շահ մեր պատմական հայրենիքի: Հենց դրա համար կազմակերպութունը ստացավ բոլորիս համար բաղձալի «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ անվանումը, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց շատ հայ երիտասարդների կողմից: Բացի մեր երիտասարդներին միավորելուց, կազմակերպության գլխավոր նպատակն է ազգային-հայրենասիրական դաստիարակությանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը, հայրենի բնության, պատմության ու մշակույթի ճանաչումը, արժևորումն ու պահպանումը, ինչպես նաև սոցալապես խոցելի խմբերին հնարավորինս օգնելն ու աջակցելը:

Իսկ հիմա ավելի կոնկրետ, ՀԿ-ի` այս տարիների ընթացքում ծավալած գործունեությունից:
«Միայն 2014 թ-ի ընթացքում կազմակերպությունը սեփական միջոցներով կամ ԼՂՀ կառավարության աջակցությամբ 11 միջոցառում է իրականացրել, որոնց մեծ մասը նպատակ է ունեցել ուխտագնացություն, այցելություն կազմակերպել այս կամ այն պատմաճարտարապետական հուշարձան, մաքրություն ու պահպանություն իրականացնել այնտեղ: Եղել են նաև միջոցառումներ նվիրված կանանց, երեխաների միջազգային օրերին, Սուրբ Զատիկին:

ՀԿ-ի ֆինանսական միջոցներն գոյանում են անդամավճարներից, կա նաև ԼՂՀ կառավարության և ԼՂՀ ՄԵՆ աջակցությունը: «Առաջիկայում ակնկալում ենք թե՛ պետական, թե՛ մասնավոր աջակցություն` հատկապես բարերարներից, քանի որ մեր գործունեությունն անկասկած կուրախացնի ցանկացած ՀԱՅի: Իսկ աջակցության կարիք մենք շատ ենք զգում, հատկապես` ֆինանսական»,-ասում է ՀԿ նախագահը:

Արթուր Գրիգորյանն ուրախությամբ փաստում է, որ մենք ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք առաջին հայացքից գուցե անտարբեր են երևում` ազգի ու հայրենիքի նկատմամբ, բայց դա միայն առաջին հայացքից: «Ի հավելումն ասածիս՝ մեջբերեմ թեկուզ վերջերս սահմանին սրված լարվածությունը, երբ մեր ժողովուրդը նորից միասնական ու ազգովի աջակցեց ու սատարեց հայ զինվորին, որից մեր նենգ թշնամին ուղղակի խուճապահար փախավ իր փարախը: Այսօրվա հայ երիտասարդները շատ լավն են, բայց նրանց հետ պետք է նուրբ, գրագետ ու նվիրական աշխատանք տարվի մշտապես: Բոլորը չէ, որ ակտիվ են, բայց դա բոլորիս բացն է, ինչը պետք է ազգովի կարգավորենք: Մեր կազմակերպության (և ոչ միայն) ակտիվ երիտասարդների հետ հանդես ենք եկել մի շարք բարեգործական ծրագրերով, մաքրել ու պահպանում ենք լքված կամ խոնարհված եկեղեցիներ, նվաճել ենք մի շարք բարձունքներ, ունեցել ենք շատ ուխտագնացություններ, արշավներ ու էքսկուրսիաներ, որոնց մասնակցել են ՀՀ, ԼՂՀ, Ջավախքի ու Սփյուռքի շատ երիտարդներ: Մեր անդամները հիմնականում Գյումրիից ու Արցախի տարբեր շրջաններից են: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր Ստեփանակերտում ու Գյումրիում: Առաջիկայում նախատեսվում է մանաճյուղեր հիմնել Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաև Երևանում, Ջավախքում»,-ասում է Արթուր Գրիգորյանը:

Սառա Գալստյան



Դիվանագիտական լռության գինը

1920 թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը: Սա հայոց նորագույն պատմության ամենից խայտառակ էջերից մեկն է: Ունենալով մի շարք ռազմական և դիրքային առավելություններ` «առանց կռվի» թշնամուն հանձնվեց մի անառիկ բերդաքաղաք: Թուրքերի կողմից առգրավված ռազմամթերքի քանակը ցնցող էր:

Թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրն իր հուշերում գրում էր. «Կարսի մեջ ահագին քանակությամբ զինամթերք գրավեցինք: Լավ գործածելի վիճակի մեջ 377, նորոգության կարոտ 339 թնդանոթ և միլիոններով ռումբ ու փամփուշտ»: Այս զինամթերքի մի մասն իրեն պահելով Ք. Կարաբեքիրը արևմտյան ռազմաճակատ` Մ. Քեմալին է ուղարկել 117 թնդանոթ, 12 հազար հրացան, 244 գնդացիր, 14 հազար սվին և սուր, 170 հազար հրետանու ռումբ, 32 միլիոն փամփուշտ, 110 հազար պայթուցիկ: Այս ամենը նկատի ունենալով, Ֆևզի փաշան Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր հրճվանքը հայտնելով Կարսի առումի առիթով, հոխորտում էր. «Հայերեն առնված զենքերով անկախության պատերազմը տասը տարի ալ կրնանք շարունակել»:

Կարսի անկումից մեկ ամիս անց դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Ինչո՞ւ ընկավ Կարսը: Ինչո՞ւ հայկական բանակը, ունենալով տպավորիչ առավելություններ, այդքան հեշտությամբ հանձնվեց: Պատճառներից ամենագլխավորը հայկական բանակի բարոյահոգեբանական և գաղափարական անմխիթար վիճակն էր: Բանակի բարձրաստիճան սպայական կազմում զգալի տոկոս էին կազմում ցարական բանակի ոչ հայազգի սպաները: Հայազգի սպաների զգալի մասը ևս օտար էր իր իսկ հայրենիքում: Նրանք իրենց չէին նույնականացնում հայ ազգի, պետականության և պատմամշակութային ժառանգության հետ: Նրանց հույսը ռուսական իշխանությունն էր:

Այս անկումային տրամադրությունները տարածված էին ամբողջ բանակում: Եզրակացություննե՞ր: Միլիոնավոր փամփուշտները չեն փոխարինում ոգու չնչինությունը: Թնդանոթները կլռեն, հրացանները չեն կրակի, քանի դեռ քնած է ազգային գիտակցությունը: Ահա այսպիսին էր հայոց բանակը Կարսի մատույցներում 1920 թվականին: Ունենալով մեծ առավելություն, կարելի է ջախջախիչ պարտվել:

Ժամանակները փոխվել են: Մենք այսօր ունենք հզոր բանակ. պատերազմում հաղթած բանակ: Ունենք որակյալ սպայական կազմ, հրամանատարություն, որն անցել է պատերազմի բովով և իրեն խորապես նույնականացնում է այդ պատերազմի արդյունքների հետ: Վերջին օրերի սահմանային լարվածությունը վկայեց, որ հայկական բանակն ամուր է կանգնած իր ոտքերին:

Բայց: Ինչպես Կարսը ցույց տվեց` մի դաշտում առավելությունը չի երաշխավորում ընդհանուր հաղթանակ: Այն, ինչ ձեռք ենք բերել պատերազմում, կարող ենք տանուլ տալ դիվանագիտական դաշտում: Հայկական բանակի առավելությունը չի կոմպենսացնում մեր անատամ դիվանագիտության թշվառությունը: Եվ այս մտահոգությունն առավել քան տեղին է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ` Պուտինի (ցարի) հովանու ներքո:

Մի ուշագրավ դեպք: 1919 թ. ամռանը ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն մի երգ: Խորհրդարանի փոխնախագահը և ուրիշներ շտապում են այնտեղ` ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում են ցարական Ռուսաստանի «Բոժե, ցարյա խրանի» հիմներգը` ՀՀ ղեկավարությունից առաջ իմանալով, որ իրենց կուռքը` այդ օրը Երևան հասնող գնդապետ Զինգևիչը, նշանակվել է Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչ ՀՀ-ում: Միթե խորհրդանշական չէ:

Այսօր, Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական «էլիտայի» մեծագույն մասը պուտինյան իշխանության ջատագովն է: Նրանց համար պետական շահն անցնում է ռուսական առանցքի միջով: Նրանք պատրաստ են մի քանի ժամվա մեջ փոխել հայկական արտաքին քաղաքականության ողջ ուղղությունը: Չկարողանալով, չունենալով բավականաչափ ոգու տոկունություն, քաղաքական կամք և խելք` նրանք պատրաստ են Հայաստանը հանձնել ռուսական ուժի քմահաճույքին:

Եվ այս պարագայում վտանգի տակ է դրվում ամեն բան, և իմաստազրկվում է նաև հայկական բանակի հզորությունը: Ունենալով հզոր բանակ, կարելի է պարտվել այս պատերազմում: Որովհետև այնպես, ինչպես ժամանակին հայկական բանակի հրամկազմն էր տարված ռուսական իշխանությամբ, այսօր Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է դրանով տարված, նրանք երգում էին ցարի երգը, մեր իշխանավորները երգում են Պուտինի գովքը: Այն ժամանակ լռեցին թնդանոթները, այժմ լռում է հայկական դիվանագիտությունը: Այդ թնդանոթների լռության գինը Հայաստանի Հանրապետության կործանումն էր:

Ո՞րն է լինելու մեր դիվանագիտական լռության գինը:
ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Պատմաբան
Lragir.am



Ազգի հերոսը Արցախում կռվել ու նահատակվել է որպես ԱՎՈ

Արցախի, Հայաստանի հերոս Ավոյի սպանվելուց հետո միայն մարդիկ իմացան, որ նրա անունը Մոնթե է։ Նույնիսկ մերձավոր շրջապատում շատ-շատերը չգիտեին, որ նա Մոնթե Մելքոնյան է։

Նա Ավո էր բոլորի համար։ Ավո էր և վե՛րջ։ Չեմ կարծում, թե նա մի առանձին հաճույք էր ստանում իր անձնագրային անունից (սա իմ կարծիքն է, հնարավոր է սխալվում եմ)... Ինքն էլ ամենուր ներկայանում էր որպես Ավո։

Ու այսօր երբ շատերն իրենց զավակներին կնքում են Մոնթե անվամբ, մեղմ ասած, մնում եմ տարակուսած...
Ազգի հերոսը Արցախում կռվել ու նահատակվել է որպես ԱՎՈ։ Բոլորի հիշողության մեջ նա մնացել է որպես ԱՎՈ։ Արցախյան լեռներում դեռ մնացել է նրա անվան արձագանքը՝ Ավո՜... 

Ի դեպ, Մարտունու պաշտպանական շրջանում, որտեղ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում գործել է հերոսը, վերջինիս մահից հետո ծնված արու զավակներին շատերը կնքեցին Ավո անվամբ, որովհետև միայն այդ անունով գիտեին լեգենդար հերոսին...

Այսօր որևէ բան հուշո՞ւմ է «Առաքել, Ստեփանոս Մխիթարյան» անունը։ Բայց այդ անձնավորությունը Արաբոն է։ Կամ ո՞վ գիտե, թե ով է Սարգիս (Սերգեյ) Հովհաննիսյանը։ Արամն է, Արամ Մանուկյանը...
Իսկ վերոհիշյալ դեպքում կարծես ամեն ինչ արվել ու արվում է, որպեսզի պատմությունից ու մարդկանց հիշողությունից ջնջվի ԱՎՈ անունը...



«Մարդ էր, Հորացիո»...

2007-ի ամռանն էր։ Կրտսեր քույրս՝ Նվարդը, ծանր, անբուժելի հիվանդ, պառկած էր Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Ամեն օր տեսակցության էի գնում քրոջս։ Մի անգամ ծանր մտքերիս մեջ, երթուղայինից իջա ու նկատեցի, որ կոշիկիս կրունկը պոկվել, մնացել էր մեքենայի մեջ։ Հարցուփորձ անելով, մոտերքում կոշիկի վերանորոգման կետ գտա, որ մոտավորապես փոքրիկ մի կրպակի չափ էր։ 

Կոշկակարը տեղում չէր, բայց մոտերքում գտնվող մարդիկ ասացին, որ շուտով կգա։

Մի քանի րոպեից եկավ։ Հասկանալով, որ իրեն եմ սպասում, ներողություն խնդրեց։ Ասաց, որ կողքի շենքում է ապրում, երեխային շտապ ինչ-որ բան էր պետք... Ապա շատ քաղաքավարի ինձ աթոռ առաջարկեց, իսկ ինքը վերցրեց անկրունկ կոշիկս ու գործի անցավ։ 

Ես նայում էի, թե նա ինչպիսի խնամքով ու վարպետորեն է աշխատում, ինչպես է մանրակրկիտ կտրում, հարմարեցնում նոր կրունկը, սոսնձում, ինչ-որ գործիքի վրա շտապ չորացնում այն... 
Նայում ու մտածում էի՝ ձեռքիս փողը կհերիքի՞ արդյոք։ Քրոջս համար դեղեր էլ պիտի գնեի։ Արդյոք 2 հազար դրամով կբավարարվի՞ վարպետը։ Տեսնում էի, թե ինչպիսի բարեխղճությամբ է աշխատում նա։

Մոտ 15 թե 20 րոպե հետո կոշիկս պատրաստ էր։
- Վարպետ, որքա՞ն պիտի վճարեմ,- հարցրի։
- 300 դրամ։
- Ի՞նչ,- ակամայից դուրս թռավ բերանիցս։

Վարպետին թվաց, թե դժգոհում եմ, որ շատ է պահանջում, բայց անմիջապես վրա բերեցի.
- Այդքան չարչարանքիդ համար ընդամենը 300 դրա՞մ...
Մի կերպ համոզեցի և 500 դրամ վճարեցի։

Առայսօր չեմ մոռացել նրան՝ այդ համեստ, բարեխիղճ ու ազնիվ Վարպետին։ Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Մարդ էր, Հորացիո»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



 ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Աշխարհը կարծես թե պատրաստվում է պատերազմի։ Պատճա՞ռը, առի՞թը...
Ահա՝ աշխարհի 7.2 մլրդ բնակչությունից մի քանի տականք կամ մի խումբ տականք այդպես են ուզում...


ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Բարոյական հաղթանակների թվով, որքան գիտեմ, աշխարհում առաջին տեղն ենք գրավում։ Եվս մի բարոյական հաղթանակ՝ ու Երևանը կդառնա քաղաք-պետություն։ Իսկ այդ քաղաք-պետության կենտրոնական ու տեսարժան վայրերում վեր կխոյանան մեր բարոյական հաղթանակը կռած հայոց քաղաքագետ-դիվանագետ-գործիչների արձանները... Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ վերջիններս միայն որպես արձան ծնված լինեին...