22.4.13

Ապրիլ 2013

2013 թ.ապրիլ ամսից գործելու է միայն «Նոր էջ»-ի էլեկտրոնային տարբերակը։ Ի տարբերություն տպագիր թերթի, այստեղ պարբերաբար նոր նյութեր են զետեղվելու։ Առաջիկա ամիսներից «Նոր էջ»-ի կայքն ու բլոգն ավելի կանոնոնավոր են գործելու։


«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՑ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅԱՍՏԱ՞Ն...


Երեկ Արա Նախշքարյանի «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ն էի դիտում։ Ամեն անգամ անբացատրելի խորը ցավ ես զգում քո Մեծ ու իրական կորուսյալ երկրի մասին լսելիս։ Հազարամյակներ շարունակ այդ երկրում ապրող, այդտեղ քաղաքակրթություն ստեղծած բնիկների՝ քո նախնիների բնօրրանը, հայրենիքը պատկանում է օտարին, քո ժողովրդին կործանողին, ֆիզիկապես ոչնչացնողին։ Քո նախնիների, պապերի կառուցած տներում օտարներ են ապրում, նրանց կառուցած կոթողներն անտերության են մատնված, քանդում են կամ, լավագույն դեպքում, օգտագործում որպես հարդանոց ու ախոռ, որպես մզկիթ...

Այդ երկիրն այլևս կորսված է, այլևս քոնը չի լինելու։ Քոնը միայն քարտեզն է մնացել այդ երկրից՝ Մեծ Հայք անվամբ։ Սա է դառն իրողությունը։ Վանը, Մուշը, Սասունը ետ բերելու մասին խոսքերը պարապ զառանցանք է, ցավոք։ Այն ետ վերադարձնելու համար մենք պետք է Մեծ հայրենիքից մի կերպ փրկված, ՀՀ կոչվող այս տարածքում Իսրայելի պես պետություն կառուցեինք։ Միակ ելքը դա էր։ Դրա հնարավորությունը մենք ունեինք, բայց ոչինչ չենք արել։ Բոլոր գնացքները բաց ենք թողել։ Փոխարենն ավելի վատթարագույնն ենք անում՝ հակառակ ուղղությամբ ենք շարժվում...

Կորուստները ողբալու, կորուստների համար լալու ժամանակ չկա այլևս։ Այսօր պիտի մտածենք Մեծ երկրից մի կերպ փրկված բեկորը (ՀՀ և Արցախ) պահելու մասին։ Հիմա թուրքը, ազերին մեր ամենաառաջին թշնամին չէ։ Հիմա նա մնացել է սահմանի մյուս կողմում։ Հիմա մի նոր թշնամի կա, քեզնից սերվածը, քո կողքին մեծացած տականքը՝ ներքին թուրքը։ Եղածը փրկելու համար պետք է սրանցից ազատվել։ Նա թուրքից ոչ պակաս նենգ ու ստոր է, ոչ պակաս ագահ ու գարշելի։ Սրանց դեմ պետք է պայքարել ու հաղթել։ Փախուստը, հեռանալը փոքրոգություն է, սեփական արժանապատվության կոխկրտում, պապերիդ, նախնիներիդ կողմից քեզ կտակածի հանդեպ դավաճանություն։ Այլապես...

Այլապես վաղը աշխարհի տարբեր ծերերից մենք ողբալու ենք ոչ միայն Զեյթունի, Մուշի, Վանի, Կարսի համար, այլ նաև Երևանի, Սևանի, Սյունիքի, Արցախի, մի ողջ երկրի՝ Հայոց երկրի կորուստը։ Իսկ մեր խղճին ծանրացած է լինելու մի շատ մեծ ու անբացատրելի դաժան ցավ՝ սեփական Մեղքի ցավը։ Մենք նման ենք լինելու այն անառակ որդուն, որը մսխել է իրեն կտակված ամեն ինչ և, ի տարբերություն բիբլիական հերոսի, հետդարձի տեղ չունի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` ապրիլի 19-ին ստորագրած որոշմամբ Վազգեն Միքայելյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ է նշանակվել Կոմիտաս Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Ա. Հարությունյանի  մյուս որոշմամբ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:


Ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
«Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության ընդլայնման համար կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները:


Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ֆելիքս Գաբրիելյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


ԼՂՀ կառավարության` ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ Հակոբ Սայամյանը ազատվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Վիտալի Դանիելյանը:



ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի Քաշաթաղի շրջանում առաջնահերթ խնդիրը բնակարանային պայմանների բարելավումն է: Այդ մասին ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը սկսվել է 1994թ., այն ժամանակ ամեն ինչ հեշտէր: «Այսօր նոր վերաբնակիչները ավելի մեծ պահանջներ են առաջադրում, մենք պատրաստ ենք, օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները, որ բավարարենք նրանց պահանջմունքները»,- ասել է Մխիթարյանը` հավելելով, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են. «Պարզապես, մեր առավելությունները բնակլիմայական պայմաններն են»:

Արտուշ Մխիթարյանը նաեւ տեղեկացրել է, որ Քաշաթաղի շրջանի վերաբնակիչներին վարկեր են տրամադրվում, նրանք հնարավորության դեպքում ապահովվում են բնակարաններով, նաեւ շինանյութով, որ դրանք կարգի բերվեն:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, սիրիահայերի 30 ընտանիքներ արդեն վերաբնակվել են շրջանում: «Նրանց ժամանակավոր կացարաններ են տրամադրվում, ներկայումս Բերձորում երեք բնակարան է կառուցվում, ուր առաջիկա օրերին կտեղափոխվեն սիրիահայերը, մի քանի ամսից Կովսականում պատարստ կլինի բնակելի տուն` 12 բնակարաններով, եւս 9 բնակարաններով մեկ այլ տուն այլ գյուղում»,- նշել է նա:



ԹՈՂ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՎԵՐՑՆԻ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԻ ԲԱՔՈՒ

Մեր վրա փորձեր դնելու փոխարեն թող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական ազգանուն վերցնի եւ տեղափոխվի Բաքու: Այդ մասին ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Արամ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված Ադրբեջան պետությունը չունի ոչ իրավական, ոչ այլ հիմք. «Կենտրոնի փորձագետները պատրաստել են փաստաթղթերի փաթեթ եւ մտադիր են քննարկումներ անցկացնել ռուսաստանյան կազմակերպությունների հետ, որ Ռուսաստանը, որպես խորհրդային Միության իրավահաջորդ, վերջապես որոշի այդ հարցը: ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, թե «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը եւ ադրբեջանական յոթ այլ տարածքներ»: Մենք բոլորս գիտենք, որ դա իրականում այդպես չէ:

Ավելի վատ էր Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որում բառացի ասվում էր, թե հայերն իրավունք չունեն ապրելու այդ տարածքներում: Իսկ որտե՞ղ պետք է ապրեն հայերը, որոնք Խորհրդային Ադրբեջանում 1988-90թթ. Ենթարկվել են ցեղասպանության: Նրանք իրենք են առաջարկել Մադրիդյան սկզբունքներն ու փախստականների վերադարձի հարցը: Թող ոչ ԱՄՆ-ը, ոչ այլ պետություն մեզ վրա փորձեր չդնեն: Թող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական ազգանուն վերցնի եւ տեղափոխվի Բաքու, իսկ մենք նայենք, թե որքան երկար նա կապրի այնտեղ: Մենք մեր առջեւ Բաքվում ապրելու խնդիր չենք դնում»:

Մանուչարյանը նաեւ նշել է, թե ազատազգրված տարածքների վերաբնակեցումը արգելվում է  արտաքին աշխարհի կողմից, իսկ Հայաստանում տիրող իրավիճակն արդյունք է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության:
NEWS.am



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ԳԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Առավոտյան շրջանից բարեկամուհիս զանգեց ու ասաց, որ երկու ժամ հետո Ստեփանակերտում, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում ասմունքի հանրապետական մրցույթ է՝ դպրոցականների միջև։ «Աղջիկս էլ է մասնակցելու։ Եթե ժամանակ ունենաս, կգաս, մենք արդեն ճանապարհին ենք»։
Այդ ժամերին համեմատաբար ազատ էի և որոշեցի ներկա գտնվել միջոցառմանը։ Թատրոնի երկրորդ հարկում գտնվող փոքր դահլիճը լեփ-լեցուն էր։ Բեմի առջևի մասում երեխաներն էին նստած՝ խմբերով, շրջան առ շրջան՝ Մարտունուց, Հադրութից, Ասկերանից, Մարտակերտից, Շուշիից, հեռավոր Շահումյանից ու մայրաքաղաք Ստեփանակերտից։ Այսինքն՝ երեխաները տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրեր են հաղթահարել, իրենց ուսուցիչների ու հարազատների հետ եկել մասնակցելու հանրապետական մրցույթի։
Բեմ հրավիրեցին առաջին ասմունքողին, ապա երկրորդին, երրորդին, չորրորդին... Առաջին անգամ էի նման բանի ականատես լինում։ Բեմը, որտեղից ելույթ էին ունենում աշակերտները, լրիվ մթության մեջ էր, դահլիճը՝ լուսավորված։ Նույնիսկ ամենահետամնաց երկրներում սովորաբար հակառակն է լինում՝ լուսավորում են բեմը, իսկ դահլիճը թույլ լուսավորված է լինում կամ՝ լրիվ խավարում։ Սկզբում կարծում էի, թե սա ժամանակավոր թյուրիմացություն է և շուտով կուղղեն սխալը։ Բայց այդպես չեղավ։ Երևի կազմակերպիչները ժամանակ չեն ունեցել 200 վատանոց 1-2 լամպ կախելու բեմի վերնամասից, կամ գուցե տեղյակ չեն եղել, որ սովորաբար բեմը լուսավորված է լինում։
Մի հետաքրքիր անհեթեթություն ևս։ Երիտասարդ հաղորդավարը, որ ավելի շատ շոու վարողի, քան դպրոցական մրցույթ ղեկավարողի տպավորություն էր թողնում, պատանի ասմունքողների համար «ռեգլամենտ» սահմանեց՝ 2 րոպե, որպեսզի հասցնեն լսել բոլոր մասնակիցներին։ Եվ ի՞նչ՝ խնայված ժամանակը 4-5 անգամ տրամադրեցին ինչ-որ համույթի և այլ (նույնիսկ ցանկություն չունեցա ճշտելու, թե ովքեր են) կատարողների, որոնց ներկայացրած «ֆոնոգրամայով» կատարումները ռաբիսից ցածր մակարդակի էին։ Մեկն էլ երգեց ռուսերեն ինչ-որ «Վրեմյա» երգ։ Չմոռացան նաև Լուի Արմստրոնգի «Let my people go» երգը։ Հա, ամենակարևորը՝ մրցույթը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին։
Վերջում շատ «պրոֆեսիոնալ» ժյուրին ամփոփեց արդյունքները։ Բայց ավելի լավ է այդ մասին լռեմ։ Որպես եզրափակիչ խոսք, ասեմ, որ գեղեցիկ ու հաջողված արտասանություններ քիչ չէին, բայց վերջիններիս գրեթե չտեսա մրցանակակիրների մեջ։ Աստիճաններով իջնելիս լսեցի հիասթափված մի ուսուցչուհու խոսքը. «Այսքան ճանապարհ ենք կտրել, խեղճ երեխաների հետ եկել այս ներկայացումը դիտելո՞ւ։ Երեխաներիս այլևս չեմ բերի այստեղ...»։

Ա. ԱԴԱՄՅԱՆ
karabakh-open



ԳՐԱԿԱՆ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՂՈՍԿԵԼ ԵՆ «ՎԻՔԻՊԵԴԻԱ»...

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում, արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող` մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին`ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:
Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով ուղղակի լիաթոք ծիծաղում եմ:

Ո՞վ է ճանաչում կամ ո՞վ է լսել Վարդան Հակոբյան «պոետի» անունը: Պարզվում է՝ այս մարդը, որ լավագույն դեպքում կարող էր լինել քելեխների ու հարսանիքների թամադա, փորձ է արել իր անունը անմահացնել wikipedia (Վիքիպեդիա) հանրահայտ հանրագիտարանում։

Սույն «պոետը» կողոպտել է Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի էջը (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ) եւ դրա վրա կառուցել իր էջը:
Ուշադրություն. ստացվել է, որ «պոետ» Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին եւ վախճանվել …1915-ին:

Ահավասիկ.

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ գործածումների համար տես՝ Հակոբյան
Վարդան Հակոբյան (բանաստեղծ)

ԱԱՀ՝ Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան
Ծննդյան օր՝ մայիսի 21, 1948 (64 տարեկան)
Ծննդավայր՝ Արփագյադուկ, ԽՍՀՄ

Վախճանի օր՝ 1915 թ.
Վախճանի վայր՝ Մուշից ոչ հեռու

Ազգություն՝ Հայ
Կրոն՝ Հայ Առաքելական եկեղեցի

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (ծնված 21.5.1948, գյուղ Արփագյադուկ (ԼՂՀ Հադրութի շրջանում)), բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969)։ 1969-83-ին աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-83-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-91-ին՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991-ին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 ևն ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։



ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ 

Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում։

Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք։ Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից։

- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը։
- Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն։
- Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված։- Հաջորդը...

Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ։
- Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես։
- Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված։
- Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես։ Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...

- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին։ Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը։
- Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց։- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու։ Բայց դա կարևոր չէ։ Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու։

Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր։
- Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված։
- Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս։ Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում...
- Հիանալի է։ Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար։

Հաջորդ այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր։ Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան.
- Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս։
- Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով։ Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը։ Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ։

Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին։
- Հա՜, դերասանուհի ես։
- Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել։ Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ...
- Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես։ Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին։

Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց.
- Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու...
Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն։ Աստված վախեցած նայեց նրան.
- Դո՞ւ էլ ես պոետ։
- Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց։
- Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար։ Այսօրվանից պատգամավոր ես...

Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր։
- Որդյակ իմ, դու ի՞նչ փեշակ ունես։
- Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում...
- Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում։ Հաջորդը...

Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր։
- Որդյակ, դու ո՞վ ես։
- Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ։
- Ինչի՞ մասին ես գրում։
Այցելուն քծնանքով ծալծլվեց.
- Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում։ Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ...
- Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց։

Այցելուն աշխուժացավ.
- Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են։
- Ասա, թող նրանք էլ մտնեն...
- Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ։
- Ախմախ, ասա, թող ներս գան։

Ներս մտան երկու հոգի։ Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց.
- Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս։ Ցավակցում եմ։
- Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են։- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար։

Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան.
- Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է։ Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՄՍՎԱ ԱՌԱԿԸ

Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմացավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...