6.6.12

N 5 (38) (2012)


Այս լուսանկարներն արվել են սույն թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը և դրանից մի քանի ամիս առաջ։ Նրանք մեր մանուկներն են, մեր ներկան ու ապագան, մեր ամենամեծ հարստությունը։ Մենք պետք է ոչ թե միայն հունիսի 1-ին, այլև ամեն օր և ամեն ժամ գիտակցենք, որ բոլոր դղյակները, սուպերմարկետները, բանկերը, շքեղ զվարճատներն ու նյութական բոլոր միջոցները միասին ոչինչ են մեր երեխաների՝ մեր իրական ամենամեծ հարստության համեմատ։ Եվ նրանք՝ մեր մանուկները, մեր երեխաները մեր սիրո ու պաշտպանության կարիքն ունեն տարվա բոլոր 365 օրերին... 




ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...

Այս համարի վերջին էջում հետաքրքիր, այսօր մեզ համար նաև տարօրինակ մի լուսանկար կա։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։

Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։

Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։

Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրան բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...

Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։

Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։

Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։

Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...

Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...


ԱՄՆ-Ն ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի ավարտին տեղի ունեցավ վերջինիս և արտգործնախարար Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը:
Թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային առումով ասուլիսին երկու կողմերի հնչեցրած հայտարարություններն առավել քան նպատակային էին:

Երկու կողմերի ելույթներում ընդգծվեցին 20 ամյակը բոլորած երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և բարձր գնահատականը դրանց ներկա իրավիճակին: Երկկողմին զուգահեռ անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ կողմերի տեսակետներին՝ Հայաստանի համար առաջնային համարվող արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների եզրագծմամբ:
Այստեղ էին, ինչպես ասում են, «ամենայուղոտ մեսիջային պատառները»:

Նախևառաջ, իր բացման խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի համար երկու կարևոր ուղղություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, ԱՄՆ-ի և միջազգային հանրության լիակատար աջակցությունը Հայաստանի մոտեցումներին և այդ ուղղությամբ իրականացված գործողություններին: Սա հիշեցումն էր վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող հայտարարությունների մասին՝ արված թե՛ անհատական, թե՛ եռանախագահության համատեղ ձևաչափով: Հայտարարություններ, որոնք այս ընթացքում միանշանակ ամրապնդեցին Հայաստանի դիրքերը թե՛ ԼՂ բանակցային գործընթացում և թե՛ արդարացրին հայ-թուրքական գործընթացը կասեցնելու հայկական կողմի դիրքորոշումը:

Անդրադառնալով շփման գծում միջադեպերի խնդրին, ԱՄՆ պետքարտուղարն իր անհանգստությունն ու ափսոսանքը հայտնեց նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիայի առնչությամբ: Հենց այս միջադեպի կոնտեքստում էլ, պետքարտուղարը վերահաստատեց, որ ուժի կիրառմամբ Ղարաբաղյան հակամարտության լուծում չի՛ լինելու և այդ իսկ պատճառով ուժի կիրառում չպետք է լինի: Այդ հայտարարությունն արվեց այնպիսի սաստիկ տոնով և վճռականությամբ, որ Ադրբեջանում անմիջապես առաջ բերեց համընդհանուր էյֆորիա: Իսկ որ Ադրբեջանը չշահարկի թե մեսիջն ուղղված էր բոլոր կողմերին և ոչ թե հենց իրեն, ինչպես ասում են, հատուկ տհասների համար, պետքարտուղարը շեշտեց, որ ինքը վստահեցրել է նախագահ Սարգսյանին, որ այդ ասածը պնդելու է Բաքվում:

Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը կրկին նշեց, որ կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև սելեկտիվ՝ դրանցից որևէ մեկը վերադասելու կամ առանձին դիտարկելու մոտեցումներն անթույլատրելի են: Փաստորեն, պաշտոնական Վաշինգտոնը շեշտակի վերահաստատեց այն դրույթը, որ հնչեցրել էր դեռևս ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում՝ զրկելով Ադրբեջանին իր վերջին՝ «ինքնորոշում տարածքային ամբողջականության սահմաններում» խաբկանքից:

Երրորդ և չորրորդ մեսիջները, որ ոչ պակաս կարևոր են, վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ավելի ճիշտ, գործընթացին: Այստեղ պետք է վկայակոչել նախարար Նալբանդյանի կողմից իր խոսքում Հիլարի Քլինթոնի՝ գրեթե «թևավոր» դարձած արտահայտության մեջբերումը՝ շեշտադրումով, որ «գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում»:

ԱՄՆ պետքարտուղարն իր պատասխան խոսքում հաստատեց, որ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Այն, ինչ ասաց պետքարտուղարն այս խնդրի շուրջ ի պատասխան ամերիկացի լրագրողից հնչած հարցին, գրեթե վերջակետ դրեց թուրք-ադրբեջանական շահարկումներին: Իսկ տիկին Քլինթոնն ասաց, որ ինչպես և երկու տարի առաջ է ասել, գնդակը մնում է Թուրքիայի դաշտում: Ավելին, պետքարտուղարը շեշտեց, որ որևէ կապ չկա արձանագրությունների վավերացման և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջև: Դրանք առանձին պրոցեսներ են:

Այսպիսով, Հայաստանի բարեկամական գործընկերը՝ ԱՄՆ-ն, պետքարտուղարի բարձր մակարդակով ևս մեկ անգամ այնքան հստակ, կտրուկ և միանշանակ վերահաստատեց տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի մոտեցումներին իր երկրի աջակցությունը, որ սա, իրավամբ, կարելի է գնահատել որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի դիվանագիտական արսենալի վերազինում:

ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
NEWS.am




ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՎԵՐՍԻԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը և Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հունիսի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցի առաջին ժամերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված անամոթ գրոհը, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող, կան վիրավորներ: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Ադրբեջանական գրոհից ժամեր անց առանձին հայտարարություններով ԱՄՆ Կոնգրեսի անդամները կոչ են արել Հիլարի Քլինթոնին հստակ և ոչ երկիմաստ կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, անհանգստություն են հայտնել ԱՄՆ կողմից Ալիևի ռեժիմին զենք վաճառելու անավարտ գործարքի առնչությամբ, նաև կոչ են արել ուժեղացնել Կոնգրեսի 907-րդ ակտի սահմանափակումները, մասնավորապես, Ադրբեջանին ռազմական օգնության մասով: Նրանք նաև իրենց ցավակցություններն են հայտնել զոհված զինվորների հարազատներին:

«Ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության այս վերջին գործողությունը էլ ավելի կարևոր է դարձնում այն, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտի այդ գործողություններն իր Բաքու այցելության ժամանակ: Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները Ալիևի ռեժիմի ռազմաշունչ հռետորության ուղղակի հետևանքն են և դրանք պետք է դադարեցվեն: Մենք պետք է ամբողությամբ կիրառենք 907-րդ ակտը և արգելենք ցանկացած տիպի զենքի կամ երկակի օգտագործման համար նախատեսված ապրանքի տրամադրում Ադրբեջանին»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Շերմանը, ով երկար ժամանակ պայքարում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների համար, ընդգծել է. «Ես վճռականապես և անխոս դատապարտում եմ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի արդյունքում հայ երեք զինվորներ են զոհվել: Այդ հարձակման ժամանակը՝ Հիլարի Քլինթոնի այցի նույն օրը, ընդգծում է Բաքվի խոր արհամարհանքը հարևանների հանդեպ և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին հավատարմության բացակայությունը: Ես նախագահի վարչակազմին կոչ եմ անում ոչ միայն դատապարտել, այլև իրագործել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի լրացումը՝ առանց մերժման: Մենք չենք կարող Ադրբեջանին ոչ մի օգնություն ցուցաբերել, քանի դեռ Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը և խախտում է հարևանների հետ խաղաղությունը: Մենք պետք է արգելենք Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքը, առավել ևս, որ այն կարող է օգտագործվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Կոնգրեսական Բերմանը նշել է, որ լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի կողմից սահմանային անպատկառ, չհիմնավորված հարձակման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ, որի արդյունքում հայ երեք զինվորներ զոհվել են, հինգը՝ վիրավորվել: Այդ վրդովեցուցիչ արարքն ընդգծում է վերջերս Ադրբեջանի կառավարությանն առաջարկված ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքը կանխարգելելու ծայրահեղ կարևորությունը: Այն վաճառքը, որը ես վերջերս Պետքարտուղար Քլինթոնին խնդրեցի դադարեցնել: Բացի Հայաստանի դեմ այդ սպառազինության կիրառումից, այդ վաճառքը միանգամայն կեղծ ազդանշան կտա Ադրբեջանին, հատկապես այս սահմռկեցուցիչ միջադեպի լույսի ներքո»:

Կոնգրեսական Փալոունը ընդգծել է, որ «նմանատիպ ագրեսիան հիմք է Ադրբեջանի գործողությունները վարչակազմի անունից դատապարտելու համար: Ես հուսով եմ, որ Պետքարտուղար Քլինթոնը, որը տվյալ պահին Կովկասում է և չորեքշաբթի օրը Բաքվում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խստորեն կզգուշացնի, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նման բռնություն և Ադրբեջանին պատասխանատվության կկանչի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել՝ 6 զինծառայող (նրանցից մեկը սպա է):
Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների և հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, և տալով կորուստներ՝ հակառակորդը հետ է մղվել:




ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵՂՄ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

Հայ-ադրբեջանական սահմանում դիվերսիոն գործողությունները Ադրբեջանը վաղուց օգտագործում է որպես ռազմական դիվանագիտություն,- գտնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ 6 հայ զինվոր:

Դիտարկմանը, թե դիվերսիոն գործողությունների Ադրբեջանն ավելի հաճախ դիմում է միջազգային հանրության ներկայացուցիչների տարածաշրջանային այցերի նախօրեին կամ ընթացքում, Մանվել Սարգսյանը արձանագրեց. «Կարծում եմ՝ սա նույն դիվանագիտության շարունակությունն է, երբ Ադրբեջանը փորձում է կոնկրետ իրավիճակներ ստեղծել և հարցեր բարձրացնել միջազգային հանրության առջև: Փաստորեն շարունակելով իր դիվանագիտական գիծը միջազգային հանրության ձեռքերով իր օգտին լուծելու խնդիրը»:

Վերջինիս խոսքով, միջազգային հանրությունը շատ մեղմ է արձագանքում Ադրբեջանի նման պահվածքին, ավելին, միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ իրենք էլ նպաստում են դրան՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու լծակ ընկալելով: «Բազմաթիվ անգամներ եղել է դա, և իրենց հայտարարություններով նպաստում են»,- նշեց Սարգսյանը:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս իրեն պետք է պահի Հայաստանը, նա պատասխանեց. «Հայաստանը պետք է այնպիսի դիրք ընդունի, որ այդ գործողությունները ի վնաս Ադրբեջանի լինեն, այլ ոչ հօգուտ, բայց մինչև հիմա նման դիրքորոշում չի ցուցաբերվել: Այն մոտեցումը, որ Հայաստանը որդեգրել է՝ միայն պատժիչ գործողությունները, ինչ-որ տեղ նպաստում է նման քայլերին»:
NEWS.am




ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Քլինթոնին կոչ է անում դատապարտել Հայաստսանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նամակ է հղել, որով կոչ է անում խստորեն դատապարտել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիան, որը համընկավ պետքարտուղարի՝ Հարավային Կովկաս կատարած այցի հետ:
«Ադրբեջանական ագրեսիան, բացի նրանից, որ մարդկային ողբերգության պատճառ դարձավ, այն նաև ստոր հարձակում է տարածաշրջանում ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի՝ պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում:
Հայ դատի հանձնախումբը Օբամայի վարչակազմին կոչ է անում չսահմանափակվել «բռնություն կիրառելուց ձեռնպահ մնալու մասին անատամ հայտարարություններով, որոնք ուղղված են կողմերին ընդհանրապես», այլ դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսին:



Ադրբեջանցի գերին հաստատում է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք

Այս տարվա սկզբին գերի վերցված Մամեդբաղիր Թալիբօղլու Ախունդզադեն հաստատել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
Այդ մասին հայտնել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, 22-ամյա սերժանտ Ախունդզադեն ինքն է այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին՝ Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ: Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ: Նա բազմիցս պնդել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:



Ղարաբաղում մահացած գյումրեցի զինվորը եվրոպական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր

Հունիսի 1-ին, առավոտյան 8-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության մարտական դիրքերում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված գյումրեցի 19-ամյա Սարո Սամվելյանը 6 ամիս էր, ինչ անցել էր պարտադիր զինվորական ծառայության: Սարոյին դեպքից 10 օր առաջ էին տեսել, գյումրեցի զինվորը հարևանների պատմելով արձակուրդ էր եկել:
Նրանց խոսքով, Սարո Սամվելյանը հանգիստ, հավասարակշռված տղա էր, ընտանիքը ևս վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը: Սարոյին ճանաչողները խուսափում են կատարվածի մասին որևէ հստակ բան նշել, միայն պատմում են, որ տղան երազանքներ շատ ուներ: Տղան սովորել է Գյումրիի համար 2-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետ ընդունվել Երևանի Եվրոպական համալսարան ու երկրորդ կուրսից մեկնել ծառայության: Սարո Սամվելյանի հարազատները լրագրողներին վստահեցրել են, որ իրենք ամեն կերպ պարզելու են կատարվածը, երբ խաղաղ պայմաններում շարունակում են զինվորներ սպանվել:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը նշել է, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
NEWS.am




ԻՍԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՒՄ

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում
մենք անդառնալի մարդկային ու նյութական
կորուստներ ունեցանք։ Հնարավոր է
կորուստները երիցս ավելի քիչ լինեին,
եթե Արցախի նորաստեղծ պետությունը
թշնամու դեմ պայքարելուն զուգընթաց
ստիպված չլիներ պայքարել ՀՀ լեվոնտեր-
պետրոսյանական վարչախմբի՝ Արցախի
ժողովրդի կողմից ընտրված իշխանություն-
ների դեմ ուղղված ձեռնարկումները դիմա-
գրավելու համար, որի գլխավոր դիրիժորն ու
ղեկավարը հենց ինքը՝ ՀՀ նախագահն էր։
Դրա ապացույցներից մեկը ԼՂՀ ԳԽ
նախագահության նամակն է ՀՀ նախագահ
Լ. Տեր-Պետրոսյանին՝ գրված 1993 թ.
սկզբներին։ Այն արցախյան մամուլում
հրապարակվում է առաջին անգամ.

«Մեծարգո նախագահ, մեկ տարուց ավելի է, ինչ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով Դուք ընտրվեցիք ՀՀ առաջին նախագահ։ Իր պետականությունը կերտող արցախահայությունը, մեծ հույսեր տածելով Ձեր նախագահական գործունեության նկատմամբ, սպասում է, որ Հայաստանը կթոթափի տնտեսական ճգնաժամը, ժողովուրդը կձերբազատվի ընկերային քաոսից և սպառողական հոգեբանությունից, ազգը կրկին զարթոնք կապրի և կշարունակի Արցախի և Հայաստանի ազատագրման համար հինգ տարի առաջ սկսած, հիրավի, համաժողովրդական պայքարը։

Ցավոք, Հայաստանում նախագահական կառավարական ձև մտցնելուց հետո նկատելիորեն փոխվել է Հայաստան-Արցախ փոխհարաբերությունը։ Ժողովրդի կողմից ընտրված ԼՂՀ իշխանությունը վստահության չի արժանանում Ձեր կողմից, որի մասին դեռևս 1992 թ. հոկտեմբերին մենք ուղղակիորեն ասել ենք Երևանում ԼՂՀ ԳԽ-ի նախագահության հետ Ձեր ունեցած հանդիպման ժամանակ։

Դուք, պարոն նախագահ, օգտագործելով տնտեսական և ռազմական գործոնները, Արցախում իրականացնում եք մի քաղաքականություն, որի հետևանքով քայքայվում են ԼՂՀ իշխանության կառույցները, ինչը կհանգեցնի Արցախի կորստյանը։ Դիմելով Ձեզ, լիահույս ենք, որ Դուք կձեռնարկեք համապատասխան քայլեր՝ նման գործելակերպը դադարեցնելու ուղղությամբ։ Ներքաղաքական հակադրության շարունակումը կարող է լուրջ կերպով վատթարացնել առաջին հերթին ռազմական իրավիճակը, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր նպաստել են հակադրությանը ու միջոցներ չեն ձեռնարկել նման քայլերը կասեցնելու ուղղությամբ։

Պարոն նախագահ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով ՀՀ ժողովուրդը հայտնվել է կարիքի և թշվառության մեջ, դարձել հեշտ կառավարելի։ Նրան դժվար չէ հրամցնել այն անհեթեթությունը, իբր բոլոր չարիքի աղբյուրը Արցախի հիմնահարցն է, և բավական է թոթափել այդ «բեռը», և հայությունը կհայտնվի դրախտի մեջ։ Հարցը ո՞րն է։ Կարելի է զոհաբերել Ղարաբաղը, և հազարամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Արցախը հանուն մեծ նպատակի դիմել է ինքնազոհաբերման։ Սակայն կոնկրետ պարագայում դա կլինի միայն համազգային մեծ պարտությունների սկիզբը։ Չպետք է մոռանալ, որ ներկայումս, ուզում ենք դա, թե ոչ, Ղարաբաղը ստանձնել է հայության բարգավաճման կամ կործանման դերը։ Մեր ժողովուրդը, իրեն չկտրելով ազգից, ընտրել է ազատության և անկախության ուղին ու պատրաստ է հավատարիմ մնալ դրան։ Ուստի, մեր խորին համոզմամբ, Հայաստանն ու Արցախը պետք է ունենան և կենսագործեն համաձայնեցված տնտեսական, ռազմական և քաղաքական ռազմավարություն, որի անհրաժեշտության մասին մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ։

Ինչ խոսք, դյուրին չէ խուլ շրջափակման մեջ հայտնված Հայաստանի և Արցախի դրությունը։ Գտնվելով անհարմար տարածաշրջանում, մեզ ստիպում են համաձայնվել ստեղծված իրավիճակին, կրավորական կեցվածք ընդունել հաց, եռանդուժ, գազ ձեռք բերելու համար։ Այդ ամենը հրամայական են դարձնում փութացնել համազգային ոգու ստեղծագործման գործընթացը, կանոնավոր ազգային բանակի անհետաձգելի շինարարությունը։ Զգալով դրա բացակայությունը Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Հայաստանին պաշտոնապես ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ և զենքի ուժով լուծել Ղարաբաղի հիմնահարցը, իսկ վաղը հավանաբար, նաև Զանգեզուրի, Սևանի չհիմնավորված պահանջները։

Հարգելի նախագահ, ժամանակին ՀՀ ԳԽ-ի որոշմամբ պարտավորեցվեց գործադիր իշխանություններին ԼՂՀ-ի անունից և վերջինիս փոխարեն չստորագրել որևէ պետական պաշտոնական փաստաթուղթ։ Այդ որոշմամբ Հայաստանի իշխանությունները Արցախին ինչ-որ չափով քաղաքական երաշխիք են տվել, ինչը չի կարելի ասել ռազմականի մասին։ Սոչիի «զուտ» ռազմա-տեխնիկական պայմանագիրը, Ալմա-Աթայի հուշագիրը, ինչպես նաև առանց Արցախի մասնակցության ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները հակասում են ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի շահերին։ Փաստորեն, այդ որոշումների իրականացումը կլիներ Արցախի միակողմանի զինաթափում և հանձնում։

Հասկանում ենք, որ իր լավ օրից չէ, որ ՀՀ-ն ստորագրել է այդպիսի փաստաթղթեր։ Սակայն իրերին նայենք օբյեկտիվորեն և ասենք, որ Հայաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում։ Մեր խորին համոզմամբ, Հայաստանի հետ հաշիվ կնստեն, եթե նրանում տեսնեն ուժ։ Իսկ Հայաստանը դրան կարող է հասնել միայն Ղարաբաղի միջոցով և Ղարաբաղում։ Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղում մինչև 1993 թ. ամառը Ադրբեջանին հասցվի լուրջ պարտություն, որպեսզի Ղարաբաղի, իսկ վերջին հաշվով Հայաստանի ազատության համար պայքարի ոչ միայն ղարաբաղցին։ Այո, նա ունի հաստատակամություն, մարտական ոգի, պապենական հողերը ազատագրելու անկոտրում կամք, սակայն մի՞թե Ադրբեջանը, որը մեր դեմ է կռվում այլազգիների միջոցով, պետք է հուշի համազգային բռունցք ստեղծելու գաղափարը։

Ադրբեջանի լրատվությունը համայն աշխարհին ազդարարել է Հայաստանի «էքսպեդիցիոն կորպուսի» Արցախում գտնվելու մասին։ Դա Ադրբեջանի քարոզչության հաղթանակներից է, որ, ցավոք, շատ հեռու է իրականությունից։ Սակայն, կարծում ենք, որ Դուք պետք է օգտվեք «ընձեռված» հնարավորությունից, Արցախ ուղարկեք մի քանի հազար ազատամարտիկներ, որոնք կհամալրեն Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շարքերը։ Հակառակ դեպքում, եթե շարունակվի միայն Ղարաբաղ-Ադրբեջան առճակատումը, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ կսպառվեն մեր վերջին ուժերը և կկատարվի անխուսափելին։ Դրա համար արդեն պատասխան կտան շատերը և առաջին հերթին մենք Ձեզ հետ, պարոն նախագահ։

Այսօր հաջողությունը մեզ բոլորիս է անհրաժեշտ, նախ և առաջ ծանր դրության մեջ հայտնված ԼՂՀ-ին, և որ քիչ կարևոր չէ՝ Հայաստանի բնակչության բարոյական ոգու բարձրացման համար։ Ձեռք բերած հաջողությունները, անտարակույս, և միջազգային ասպարեզում կնպաստեն խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեզ համար ձեռնտու պայմաններով անցկացվելիք բանակցությունների գործընթացին։ Ավելորդ չենք համարում նշել, որ դա կունենա լուրջ հետևանքներ Ադրբեջանի ներքաղաքական դրության վրա՝ հօգուտ Ղարաբաղի և Հայաստանի։
Հապաղելով կտանք շատ զոհեր և մեզ համար կստեղծենք առավել բարդ հիմնահարցեր»*։

*Տարոն Հակոբյան. «ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ.)», Երևան, 2011 թ.




ՀՆԱ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)  2006 թ. եղել է 4631 դոլար, իսկ 2007-ին՝ 5261 դոլար։ 2006-ի համեմատ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն համադրելի գներով աճել է 16.5%-ով, իսկ 2007-ի համեմատ՝ ընդամենը 2.5%-ով։ Փաստորեն, Համաշխարհային բանկի տվյալներով, 5 տարվա ընթացքում համադրելի գներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2.5%-ով։

Սա խայտառակ ցուցանիշ է։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում 89-րդն էր: 2011-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 1167.9 հազար դրամ է, որը համարժեք է 3135 ԱՄՆ դոլարի (2252 եվրո), եւ ՀՀ-ն հայտնվել է 114-րդ տեղում։
Ինչո՞ւ մեջբերեցինք այս տվյալները։ Պարզապես համեմատելու այդ տվյալները մեր՝ Արցախում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հետ։ Ահավասիկ։

ԼՂՀ վիճակագրական ծառույության հաղորդագրության համաձայն, 2012 թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 27,4 մլրդ դրամ՝ 2011 թ. հունվար-մարտի 23,6 մլրդ դրամի դիմաց: 2012 թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 188.7 հազար դրամ (485.8 ԱՄՆ դոլար կամ 370.3 եվրո):
Այսինքն՝ ՀՀ-ում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 1167.9 հազար դրամ է (3135 ԱՄՆ դոլար կան 2252 եվրո), Արցախում՝ 188.7 հազար դրամ (485.8 ԱՄՆ դոլար կամ 370.3 եվրո)։
Մեկնաբանություններ չենք անում։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ





ԻՆՉՊԵՍ ԼՌԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանը օրինաչափություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպվող դիվերսիոն գործողությունները, որոնք պարբերաբար հայ զինվորների կյանքեր են խլում: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի պահվածքը ավելի սանձարձակ է դարձել: Կարելի է ստանդարտ հայտարարություններով մեղադրել Ադրբեջանին զինադատարի խախտման, ագրեսիվ վարքագծի և այլ բաների մեջ, սակայն նույնիսկ միջազգային ասպարեզում այսպիսի քննադատությունը սահմանին կանգնած հայ զինվորներին չի ապահովագրելու ադրբեջանական կրակոցներից: Բաքվին հնարավոր է լռեցնել ոչ թե զոհի կարգավիճակից բխող պահվածքով, այլ իրական գործողություններով՝ սահմանի վրա և հենց հայկական բանակի ներսում:

Հունիս ի 5-ին հաղորդագրություն տարածվեց, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում, կասեցրել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, որի հետևանքով թշնամական կողմը տվել է հինգ զոհ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն իր դիվերսիոն գործողությունները ծրագրում է սահմանի հենց այս հատվածում, որտեղ՝ տեղանքով պայմանավորված, հայկական դիրքերը այնքան էլ ամուր չեն: Տարօրինակ է, որ թշնամին կորուստներ է տվել ոչ թե հայկական զորքերի պատժիչ, այլ ըստ էության պաշտպանական գործողությունների հետևանքով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ հասարակությունը բանակի գերագույն գլխավոր հրամանատարից և զինվորականներից սպասում է հենց պատժիչ գործողություններ լկտիացած Ադրբեջանի նկատմամբ:

Ուշագրավ է նաև, որ մահացու ելքով պարբերաբար կրկնվող սահմանային միջադեպերից հետո որևէ բարձրաստիճան զինվորական չի լքում պաշտոնը կամ ենթարկվում պատասխանատվության այն դեպքում, երբ ադրբեջանցի դիվերսանտների ելումուտը հայկական տարածք տեղի է ունենում նույն տարածքում: Այսինքն՝ ակնհայտ է, որ տվյալ տարածքի հրամանատարությունը արդյունավետ չի կարողանում իրականացնել շփման գծի վերահսկողությունը:
civilnet.am




ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային կայսրության և սոցիալիստական համակարգի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում սկսվեց յուրօրինակ մի գործընթաց.  թացն ու չորը, պետքականն ու անպետքը մի պարկի մեջ լցրին, ապա սկսեցին աստիճանաբար ձերբազատվել չորից ու պետքականից՝ խնամքով պահելով ու «կատարելագործելով» անպետքը, անօգտակարը, վաղուց դարն ապրածը։
Այսօր մեզանում դեռ պահպանվում, զարգացնում են խորհրդային ժամանակներից եկող բյուրոկրատական կառավարման, ավելորդ թղթարարական ձևերը, բայց վերցրել ու մի հարվածով դեն են շպրտվել բազում այնպիսի բաներ, որ այսօր այքա՜ն անհրաժեշտ են մեզ։

Խորհրդային կրթահամակարգը, որ ժամանակին  զարգացած շատ երկրների նախանձն էր շարժում, ևս դեն շպրտվեց։ Փոխարենը մեր հողում պատվաստում ենք օտարից փոխառած կրթական համակարգ, որ ընդհանուր ոչինչ չունի ուսուցման-դաստիարակության մեր ավանդական պատկերացումների և փորձի հետ, և որից դժգոհ են թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները, թե՛ աշակերտները...
Այդ կապակցությամբ, խմբագրությունը որոշել է պարբերաբար տպագրել հայաստանյան և արցախյան կրթական համակարգի մասնագետների, ուսուցիչների, մեր ընթերցողների հոդվածներն ու նամակները...


ՈՒՍՈՒՑԻՉ. ՊԱՏՎԱԲԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի խոշոր շատ մտածողներ ուսուցչին համեմատել են մարդկությանը կյանք պարգևող արևի և մոր հետ: Դա ճիշտ է: Ուսուցիչն իր գիտելիքները, փորձը, հոգու ամբողջ ջերմությունը, առողջությունն ու  էներգիան անմնացորդ կերպով նվիրաբերում է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության դժվար, պատասխանատու գործին:
Ուսուցիչների համառ, հաստատակամ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ են աշակերտները ձեռք բերում հմտություններ, կարողություններ, կոփվում և նախապատրաստվում ապագա գործողություններին, կյանք մտնում:

Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, անառարկելի հեղինակություն: Ընդամենը երեկ՝ խորհրդային իշխանության օրոք ինչպե՞ս էր ապրում, ինչպիսի՞ պատիվ, վաստակ և հեղինակություն ուներ հայ ուսուցիչը: Լավ էր վաստակում, ապրում էր ոչ փայլուն, բայց բարեկեցիկ կյանքով, օգտվում արտոնություններից՝ գյուղական վայրերում ձրի ստանում էր վառելափայտ, էլեկտրաէներգիայի վարձը պետությունն իր վրա էր վերցրել...
Ուսուցիչները մշտապես գտնվում էին պետության ուշադրության կենտրոնում, որը խրախուսում էր նրանց դժվար, բայց պատվաբեր աշխատանքը:

Լավագույն ուսուցիչները պարգևատրվում էին մեդալներով, շքանշաններով, արժանանում դրամական պարգևների: Հանդիսավորությամբ նշվում էին վաստակաշատ մանկավարժների հոբելյանները: Ուսուցիչները հասարակության մեջ հեղինակություններ էին: Նրանց արտահայտած կարծիքի հետ հաշվի էին նստում անխտիր բոլորը: Ուրախության և տխրության սեղանների ղեկավարումը սովորաբար նրանց էր վստահվում:
Ինչո՞ւ այդքան շատ օրինակ բերեցի խորհրդային ժամանակներից։ Ցույց տալու համար, որ այդ տոտալիտար համակարգում անգամ մենք ունեցել ենք զարգացած ու ընդօրինակելի կրթական համակարգ։

Այսօր ինչպե՞ս է սնվում և հագնվում հայ ուսուցիչը, արդյո՞ք նա կարողանում է տարին մեկ ձրի հանգստանալ որևէ առողջարանում: Ունի՞ արտասահմանյան մակնիշի սեփական ավտոմեքենա, թանկարժեք բջջային հեռախոս ու համակարգիչ, ինչպես նրա աշակերտների մեծ մասը: Էլ չեմ խոսում թոշակի անցած ուսուցչի նվազագույն, չնչին նպաստի մասին, որը հազիվ է հերիքում կոմունալ ծառայությունների և հեռախոսի վարձը մուծելու համար:
Խորհրդային կարգերի օրոք միջին խավի լիիրավ անդամներից մեկը համարվող ուսուցիչն այսօր ոչ իր մեղքով լրացրել է միջինից ցածր եկամուտ ունեցողների բանակը, դարձել նրա անբաժան մասը:

 Ուսուցչի անբավարար ապրելակերպը, արտոնություններից չօգտվելը, ծանր ու դժվար աշխատանքը ըստ արժանվույն չգնահատելը հասարակության մեջ առաջ է բերել նրա խաղացած դերի նկատմամբ քամահրանք, հեղինակության կորուստ:
Հանուն ճշմարտության ասենք, որ ուսուցիչների հեղինակության անկման այլ պատճառներ էլ կան: Ռուսական կրթությամբ մեր լեզվին ոչ լրիվությամբ տիրապետած, նրա նրբություններին անհաղորդակից որոշ մարդիկ ոչ գեղեցիկ, չհղկված, խոցելի հայերենով մասնագիտական դասեր են անցկացնում հայկական դպրոցներում: Դիպլոմ ունեցող, բայց փորձ և հիմնավոր կրթություն, խոր գիտելիքներ չունեցող ցանկացած մարդ մեզ մոտ կարող է կարգվել ուսուցիչ կամ դասախոս՝ մոռանալով, որ աշխատանքը, մասնագիտությունը հոբի չէ, այլ կոչում:

Հայկական դպրոցներում ունենք ռուսական կրթությամբ տնօրեններ, որոնք անտեղյակ են հայկական նյութական և հոգևոր մշակույթի գանձերին, ինչպես հարկն է չեն յուրացրել մեր լեզուն...
Անկախ պետականության պայմաններում հասարակության մեջ  գլխավոր դերակատարությունը պետք է կատարի ուսուցիչը, որովհետև սերունդների ճակատագիրը գտնվում է նրա՛ ձեռքերում: Ուսուցչի կատարած գործը նման է ձուլողի աշխատանքին: Նրա միայն բարձրորակ «ձուլվածքն» է կարող տալ հիանալի արդյունք՝ առողջ, ուժեղ, զարգացած և արժանի հերթափոխ: Դրանից էլ կշահի ամբողջ հասարակությունը:

Մեր հասարակությունն էլ իր հերթին միշտ պետք է հարգի, սիրի, պահպանի, պաշտպանի, նաև երեխայի պես խնամի ուսուցչին, բոլոր գործերում, հարցերում նեցուկ, սատար կանգնի նրան:

Ռ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




«ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ

«Թափանցիկության» սկզբունքը, որ իբր գործում է մեր կյանքի շատ ոլորտներում, այժմ էլ թևակոխել է հանրակրթական դպրոց:
Աշակերտական օրագիրն ըստ էության բարոյապես մաշվել է. այսօր ծնողն իր երեխայի կիսամյակային գնահատականը չի կարող հաշվարկել օրագրում առկա գնահատականներով: Դրան փոխարինելու եկան «Էլեկտրոնային դպրոցները», որոնց ստեղծած կայքերում (dasaran.am, eschool.am) ուսուցիչներն անցկացնում են դասամատյաններում նշանակված գնահատականները, դասին ուսուցանված թեմաներն ու տնային հանձնարարությունները:

Աշակերտն ու նրա ծնողը հնարավորություն ունեն կայք մտնելու սեփական գաղտնաբառերով ու հաղորդակից լինելու դպրոցի աշխատանքներին, ճշտելու տնային հանձնարարությունները, իմանալու ուսումնական բոլոր առարկաներից ստացած գնահատականները: Կայքերը հնարավորություն են տալիս նաև ապահովել տնօրինության և դասարանի դասղեկի մշտական կապը ծնողի և աշակերտի հետ:
Հաղորդակցման այս ժամանակակից մեթոդը շատ գովելի է, հատկապես ծանրաբեռնված ծնողի տեսանկյունից: Սակայն կտրուկ դժվարացել է ուսուցչի աշխատանքը:

Օրական 5-6 դասաժամ պարապելուց, անվերջ բազմությամբ տետրեր ստուգելուց, օրվա պլան գրելուց հետո նա պարտավոր է արտագրել դասամատյանների գրանցումներն ու դրանք տեղադրել կայքում: Երևի այս ամենն այդքան ծանր ու ձանձրալի չթվար, եթե կայքի աշխատանքներն ավելի կազմակերպված լինեին: Ցերեկային ժամերին բացարձակապես անհնար է օգտվել կայքից՝ ծանրաբեռնվածության պատճառով:

Հետաքրքիր է՝ քանի ուսուցիչ է հանրապետությունում միաժամանակ օգտվում կայքի ծառայությունից: Եվ ինչ է ստացվում: Ուսուցիչը, որի աշխատանքը դպրոցում ավարտվում է ժամը 15 անց 30-ին, երեկոյան ժամերին, կամ հաճախ կեսգիշերից հետո, պարտավոր է կատարել իր գրանցումները, քանի որ այդ ժամերին համեմատաբար քիչ են օգտատերերը:
Վերջին տասնամյակում ուսուցչի աշխատավարձը չի բարձրացել, մինչդեռ այդ ժամանակահատվածում գներն աճել են երկրաչափական պրոգրեսիայով:

Այս ամենի հետ լռությամբ հաշտված, այլընտրանք չունեցող ուսուցիչը, որն աստիճանաբար համալրում է չքավոր դասակարգի շարքերը, հիմա էլ պիտի կատարի եռակի աշխատանք՝ դեռևս կատարելությունից շատ հեռու կայքերում: Ինչպե՞ս կարող է նման պայմաններում աշխատող մարդը լավագույնս կրթել ապագայի քաղաքացուն:

ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երևան




ԵՐԲ ՄԱՐԴՈՒՑ ԽԼՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՐԺԵՔԸ՝ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեռևս 3 տարի առաջ Հայաստանում միջնակարգ դպրոցները ճյուղավորվեցին 2 օղակի՝ հիմնական և ավագ դպրոցների: Ավագ դպրոցի ստեղծումը նպատակ ուներ սերտացնել դպրոց – ԲՈՒՀ կապը, շրջանավարտին առանց կրկնուսույցի օգնության նախապատրաստել մասնագիտության ընտրությանն ու ԲՈՒՀ ընդունվելուն: Իսկ 10-ամյա կրթությունը 12-ամյայով փոխարինելը ուսումնական ծրագրերը թեթևացնելու նպատակ էր հետապնդում:

Գաղափարն արտաքնապես բավական գեղեցիկ ու հետաքրքիր էր թվում, մանավանդ, որ խոստանում էին բարձրացնել դպրոցի և ուսուցչի հեղինակությունը: Սակայն դպրոցի գիտակներն արագ կանխագուշակեցին, որ ծրագիրն ապագա չունի, քանի որ ժառանգված է օտար գաղափարախոսությունից:
Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախ ավագ դպրոցներում խոստացված փոքր խտության փոխարեն դասարանի աշակերտների թիվը հասավ 30-35-ի, որը չի կարող ապահովել որակյալ կրթություն, հատկապես հոսքային դասարաններում:

Ապա հիմնական դպրոցից ավագ դպրոց մեկնած աշակերտների մի մասը դարձավ անկառավարելի՝ փորձելով ինքնահաստատվել նոր միջավայրում: Իսկ վարքի ցածր կանոններ ունեցող դասարաններում առավել ևս անհնար է ստեղծել որակյալ ուսումնական գործընթաց:

12-ամյա ուսուցման դասագրքերն առավել ևս խճճեցին իրավիճակը, քանի որ հեղինակները շատ հեռու էին կանգնած դպրոցից: Նրանք լուրջ վտանգեցին պարտաճանաչ աշակերտի առողջությունը, կարճ ժամանակում նրան հեռացրին կրթությունից: Իսկ չափահաս մարդկանցից որևէ մեկը փորձե՞լ է 7 անգամ 45 րոպե անշարժ նստել փայտե աթոռին: Եթե դա որևէ մեկը պատկերեցնի, ապա կհասկանա, թե ինչն է օտարացնում երեխային դպրոցից՝ դասաժամերի տևողութունը, ծանր ուսումնական գործընթացը, անհասկանալի դասագրքերը, գուցե նաև այլ պատճառներ, որոնց արդյունքում տարիների ընթացքում երեխայի համար կրթություն ստանալը դառնում է ծանր պարտականություն, խլում մանկության ու պատանեկության ուրախ զգացողությունները:

Շատերը դրա պակասը փնտրում են համակարգչային խաղերի ու հետաքրքիր ծանոթություների մեջ, որոնք աշակերտին աստիճանաբար հեռացնում են դպրոցից, գրքից, սովորելու ցանկությունից:
Կրթության գործի կարկառուն դեմքերը առանց երկար մտածելու որդեգրեցին «օտար խաղերը», որին պատրաստ չէր անգամ ավելի զարգացած Ռուսաստանը:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն սերնդին, որից նրանք խլել են ամենաթանկ արժեքը՝ ԺԱՄԱՆԱԿԸ…

ԻՍԿՈՒՀԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի փոխտնօրեն




ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ...

Artsakhtoday.com կայքում ապրիլի 16-ին  տպագրված «Բժշկական խեղկատակություն» վերնագրով հոդվածը (ավելի սեղմ տպագրվել է նաև «Նոր էջ»-ում՝ մայիսի 3-ին, «Անտարբերությո՞ւն, թե՞...» վերնագրով)բազմաթիվ արձագանքներ է ունեցել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից։ Այն հատկապես «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի»՝ հանրապետական ծննդատան բժիշկների զայրույթն է առաջացրել։ Հեղինակը՝ Ռուզաննա Ծատրյանը, անհիմն կերպով մեղադրում է ծննդատան բժշկուհիներից մեկին՝ Մարինե Գրիգորյանին, ով, ի դեպ, ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր հատկանիշների համար վայելում է գործընկերների և առողջապահության համակարգի աշխատողների սերն ու հարգանքը. համենայնդեպս, այդ տպավորությունը ստացանք՝ խնդրո առարկայի շուրջ զրուցելով նրա գործընկերների հետ։

Ապրիլի 9-ին՝ նրա հերթապահության ժամանակ, երբ տեղի է ունեցել հոդվածում ներկայացվող դեպքը, նա ամեն ինչ կատարել է միանգամայն արհեստավարժ կերպով։ Փաստորեն հոդվածագիրը ներկայացրել է ընկերուհու պատմածը՝ խեղաթյուրելով փաստերը։ Դրանում համոզվեցինք նաև ինքներս՝ զրուցելով ծննդատան բժիշկների և գլխավոր բժիշկ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի հետ, ով նախարարության հանձնարարականով ծանոթացել է դեպքի բոլոր մանրամասներին։

«Մեզ համար վիրավորական է ու ցավալի, որ մեր կողմից ցուցաբերված նման մակարդակով բուժօգնությունից հետո անհիմն մեղադրանքներ ու դժգոհություններ ենք լսում»,- զրույցն այսպես սկսեց ծննդատան գլխավոր բժիշկը։

Վ. Օսիպովի ներկայացմամբ՝ ահա թե ինչ է տեղի ունեցել իրականում։ 32 տարեկան կինը, ով հղիացել էր առաջին անգամ, դիմել է կանանց կոնսուլտացիային, ընդ որում՝ արդեն իսկ գանգատներով։ Տեղամասային բժիշկն ամենակարճ ժամանակամիջոցում կատարել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները (համապատասխան փաստաթղթերն առկա են) և հաշվի առնելով կնոջ տարիքը՝ նրան ուղեգրել է հղիների բարձր ռիսկի բաժանմունք։ Չնայած հղիության նման կարճ ժամկետի դեպքում (6 շաբաթական), ինչպես գլխավոր բժիշկն է հավաստիացնում, ստացիոնարում չեն պառկեցնում։ Բայց դա արվել է, քանի որ եղել են կասկածներ չզարգացող հղիության վերաբերյալ, և այն նպատակով, որպեսզի վերահսկվի պտղի ներարգանդային դինամիկ աճը։ Բաժանմունքում հիվանդը ստացել է լրիվ ծավալով համապատասխան բուժում՝ ապահովվելով ամեն ինչով, այդ թվում՝ դեղամիջոցներով…

Այնուամենայնիվ, ապրիլի 9-ի գիշերը կնոջ մոտ արյունահոսությունը մեծանում է։ Կանչում են հերթապահ բժշկին՝ Մարինե Գրիգորյանին։ Վերջինս ասում է, որ հիվանդը լրիվ ծավալով ստանում է անհրաժեշտ բուժում, և դրանից ավել ինքը ոչինչ նշանակել չի կարող։ Եթե սաղմը չպահպանվի, ուրեմն տեղի կունենա վիժում, տեղեկացնում է նա։ Եվ այդպես էլ եղել է։ Առանց որևէ բժշկական միջամտության՝ հիվանդը վիժել է... Այսինքն, Վ. Օսիպովի խոսքերով, Մ. Գրիգորյան բժշկուհին նրանց հայտնել է իրականությունը։

«Բժշկուհին միանգամայն պրոֆեսիոնալ, ճիշտ վերաբերմունք է դրսևորել։ Եթե նրա մոտ փոքր-ինչ պակասեր արհեստավարժությունը՝ նա կփորձեր միջամտել բնական ձևով ընթացող վիժմանը և դրանով իսկ կվնասեր հիվանդին, ու հետագայում երեխա չունենալու վտանգ կառաջանար։ Բայց, ամեն ինչ ընթացել է բնականոն հունով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Նրա իրազեկմամբ, գիշերը ուլտրաձայնային հետազոտման բժիշկ կանչելը, որի մասին գրված է Ռ. Ծատրյանի հոդվածում, նույնպես անիմաստ է եղել։ Պարզապես հիվանդի հարազատների կողմից բժշկուհու վրա գործադրված ճնշումների արդյունքում Մ. Գրիգորյանը ստիպված է եղել դա անել։

«Այդ հղիությունը ենթակա էր վիժման, որովհետև աճ չկար, սաղմը չէր զարգանում։ Եվ պատճառն էլ այն էր, որ կինը մինչ հղիանալը չի հետազոտվել։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է առանց հետազոտման հղիանալ նման տարիքում»,- ասաց Վ. Օսիպովը։
Հղիության պահպանումը բուժհիմնարկներում, ինչպես ասաց գլխավոր բժիշկը, սկսում են 8-10 շաբաթական և ավելի լինելու դեպքում։ Մինչ այդ, վիժման նշանների պարագայում բնությունն ինքն է ընտրություն կատարում՝ պահպանե՞լ, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած, իբր, բժշկուհու կողմից արված ոչ կոռեկտ, անվայել արտահայտություններին՝ դրանք ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը՝ ականատեսների հավաստմամբ, հիվանդի հարազատներն են վիրավորանքներ հասցրել Մ.Գրիգորյանին։

«Մեր բժիշկներից ոչ ոք նման բան չի անի, Մարինե Գրիգորյանը՝ առավել ևս։ Մարդ, որը բավականին բարեկիրթ է, համեստ ու սրտացավ։ Կարող ենք դիմել դատարանին, բայց չենք անում՝ դարձյալ Մ. Գրիգորյանի գթասրտության պատճառով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Կարծում ենք, հավասարակշիռ, ճշմարիտ և օբյեկտիվ խոսքը պետք է դառնա լրագրողի համար սկզբունք։ Լրագրողը պատասխանատու է իր յուրաքանչյուր բառի համար…

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Տպագրելով Ռուզաննա Ծատրյանի վերոնշյալ հոդվածն ու պատասխան հոդվածը, մենք ձեռնպահ ենք մնացել դրանք մեկնաբանելուց։ Ցավոք, հոդվածագիրները երկուստեք ներկայացրել են միայն մեկ կողմի կարծիքը։ Հետևելով լրագրության էթիկայի կանոններին, մենք ընդամենը երկու հոդվածներից հանել ենք անձնական վիրավորանքները։





ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՍՏՈ՞ՒՄ ԵՆՔ, ԹԵ՞ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ

«Նոր էջ»-ում այս վերնագրով արդեն մի հոդված ենք տպագրել։ Թեման շարունակում ենք։
Շարունակվում են ծնելիության ու բազմազավակության «խթանման միջոցառումները», իսկ մի շարք բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակը այն տպավորությունն է ստեղծում, որ դրանց մեկնարկը դեռ չի սկսել...

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Հարությունյանների ընտանիքն է, որը բնակվում է Շուշի քաղաքի Նելսոն Ստեփանյան 2ա բնակարանում (նախկին հասցեն՝ Ղազանչեցոց փողոցի թիվ 57/17 բնակարան): Ընտանիքն ունի 11 երեխա։ Երեխաներից մեկին ընտանիքը կորցրել է 2006 թ. (մահացել է թոքաբորբից):

Ընտանիքի հայրը՝ Վիկտոր Հարությունյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է ընդհամենը 35 հազար դրամ աշխատավարձ, իսկ երեխաներին տրամադրվող նպաստների ընդհանուր գումարը կազմում է 104 հազար դրամ, որից 15 հազարը շուտով կրճատվելու է՝ կապված կրտսեր երեխային հասանելիք «կաթի գումարի» տրամադրման ժամկետի լրացման հետ:

Հարությունյանների համար 3 սենյականոց բնակելի տուն կառուցվել է 2003-ին, սակայն կառուցման ընթացքում անհրաժեշտ չափանիշները չպահելու պատճառով բնակարանի պատերը ներսից սկսել են բորբոսնել, տան մշտապես խոնավ վիճակը երեխաների առողջության վրա թողնում է իր բացասական հետքերը: Պատերը ներսից սկսել են ճաքեր առաջացնել ու քանդվել: Բնակարանը կառուցվել է առանց սանհանգույցի, իսկ ի պատասխան տանտիկին Աիդա Հարությունյանի գրությանը՝ հասցեագրված ԼՂՀ նախագահին և ուղարկված ԼՂՀ սոցապահովության նախարարության քննարկմանը, այդ ժամանակ գործող նախարար Վ. Աթաջանյանը պատասխանել էր, որ չունի համապատասխան ֆինանսական միջոցներ տան գազաֆիկացման ու սանհանգույցի աշխատանքները կազմակերպելու համար:

Այժմ ընտանիքի համար որպես բաղնիք է ծառայում տան հարևանությամբ գտնվող կիսափակ-կիսաբաց պահեստը: Ընտանիքը սեփական ուժերով մի քանի անգամ վերանորոգել է տունը, սակայն կառուցման արմատական սխալները տունը կրկին հասցնում են նույն վիճակին՝ պատերի խունացում, ճաքճքում: Վիկտոր ու Աիդա Հարությունյանները բազմիցս դիմել են Շուշիի շրջվարչակազմին, ԼՂՀ սոցապահովության նախարարությանը, սակայն խնդիրն առայսօր չի լուծվել։

Բազմազավակ ընտանիքներին ամսեկան սննդի տեսքով տրվող օգնությունն էլ Հարությունյանների ընտանիքի համար արդեն չակերտավոր ամսեկան օգնություն է, քանի որ ընտանիքը հունվարից մինչև մայիսի սկիզբ այն ստացել է երկու անգամ: Հարությունյանների ավագ որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է բնակավայրից 100 կմ հեռավորության վրա՝ սահմանված 50-60 կմ-ի փոխարեն, ինչն էլ նյութապես անապահով ընտանիքի համար մեծ խոչընդոտ է առաջացնում՝ որդուն հաճախակի տեսակցության մեկնելու համար:

 Հարությունյանների ընտանիքը մեծ դժվարություններով միայն կարողանում է հասցնել մարել կոմունալ ծախսերը, իսկ ընտանեկան բյուտեի մնացած մասը հազիվ հերիքում է համեստ սննդի համար:
 Համապատասխան մարմինների կողմից ուշադրության հույսը Հարությունյանների ընտանիքում դեռ չի մարել: Մյուս կողմից՝ բազմազավակության կարևորությունն էլ պահանջում է դրա խթանման համապատասխան քայլեր:

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԶՈՅԱ ՂԱՐԻԲՅԱՆ




ԵՐԲ ՉԻ ՄՆՈՒՄ ԵԼՔ ՈՒ ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ...

 Այս խորագիրն էին կրում մայիսի 11-ին Շուշի քաղաքում Դանիել Ղազարյանի անվան գիշերօթիկ միջնակարգ երաժշտական դպրոցի 15-ամյակին ու մայիսյան եռատոնին նվիրված միջոցառման և շուշեցի երգահան Դանիել Ղազարյանի հիշանակին նվիրված հուշարձանի ու հուշասենյակի բացման արարողությունները:

Դպրոցը հիմնադրվել է Լոս Անջելեսի «Շուշիի երաժշտանոցի» ընկերակցության ջանքերով՝ ամերիկահայ երգիչ Կարեն Ղարիբյանի նախաձեռնությամբ, ով 1992 թվականին Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ժամանելով Արցախ ու տեսնելով Շուշին՝ մոխիրի մեջ կորած, որոշում կայացրեց Շուշիում ստեղծել մի կրթօջախ, որը նպաստի ապագա շուշեցիների համակողմանի զարգացմանը։ Այդ տարիներին նրա այդ որոշումն անիրականալի ու խենթություն էր թվում:

1993 թվականից ընկերակցության ջանքերով սկսվեց դպրոցի վերանորոգումը։ 1997 թ. բացվեց դպրոցի 1-ին դասարանը:
Դպրոցը կրում է շուշեցի երգահան Դանիել Ղազարյանի անունը, ով 7 տարեկան հասակում նվագում էր սրինգ, ջութակ, հետո՝ թառ: Սովորում էր Շուշիի թեմական դպրոցում, որտեղ 6 տարի դասավանդում էին երգ-երաժշտություն, 1908 թ. Դ. Ղազարյանը տեղափոխվում է Թիֆլիս, ընդունվում է տեղի երաժշտական դպրոցը, ապա կոնսերվատորիայի վոկալ դասարանը:

Որոշ ժամանակ երգ-երաժշտության դասատու էր աշխատում Թիֆլիսի «Լույս» ընկերության տարրական դպրոցում, այնուհետև հրավիրվում է Կաղզվան, որտեղ բացի մանկավարժական գործունեությունից, կազմակերպում է քառաձայն երգեցիկ խումբ:
 Դպրոցում բացված հուշասենյակում պահվում են Դ. Ղազարյանի անձնական իրերը՝ պատվոգրերից մինչև ջութակ, թառ, ռադիոընդունիչ, էլեկտրաֆոն, անձնական գրքեր, պայուսակ և այլն, որոնք դպրոցին է տրամադրել Դ. Ղազարյանի որդին: Իսկ Դ. Ղազարյանի կիսանդրին քանդակել է հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ նվիրատվության կարգով:

Այսօր դպրոցի 12 դասարաններում սովորում է մոտ 120 աշակերտ, որոնցից ամենափոքրերն էլ զգում են պատասխանատվություն՝ դպրոցի անվան ու դպրոցի զարգացման գաղափարը պատվով շարունակելու համար, իսկ նրանց մարտական երգերը ստիպում են հավատալ, որ նրանք էլ նման խենթ գործերի շարունակողներն են լինելու…

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ




Վազգեն Օվյան - 80. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

10 տարի առաջ, 2002-ի մայիսի 21-ին, երբ այդ նույն դահլիճում նշվում էր «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» 10-ամյակը, հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, բարեգործ  Մկրտիչ Մկրտչյանն առաջին անգամ լսեց Վ. Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։

«Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է Մկրտիչ Մկրտչյանը։

Մի տարի հետո նրա օժանդակությամբ Երևանում տպագրվեց Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող «Լեռների լեգենդը» ժողովածուն, որոնց մեջ էր նաև «Այս Ղարաբաղն է» պոեմ-բանաստեղծությունը։
Վերոհիշյալ հուշ-երեկոյին ներկա էր նաև Մ. Մկրտչյանը։

«Ասիկա ինձի համար մեծ անակնկալ է, որովհետև ես Ղարաբաղ եկա 3 օր առաջ, որպեսզի մայիսի 9-ի հսկայական տողանցը դիտեմ... Ես բախտ ունեցա 10 տարի առաջ գտնվել այս նույն սրահում, լսել նրա «Այս Ղարաբաղն է»-ն ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ... Ես այդ բանաստեղծությունը Տորոնտոյի մեջ արտասանեցի և տորոնտոցիները մեկեն շվարեցան, թե Ղարաբաղի մեջ մշակույթ կա, այդպիսի նշանավոր բանաստեղծ կա...»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը։

Ելույթներ ունեցան լրագրող, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը, ԱրՊՀ հոգեբան, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտի թիվ  11  դպրոցի լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ԼՂՀ ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը և ուրիշներ։

ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, երիտասարդ դերասան Էրիկ Ավագյանը, Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը և ուրշներ ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործություններից։

Հանրապետության ժողովրդա-կան արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը գրողի հետ ստեղծագործական համագործակցության մասին հուշեր պատմելուց հետո կատարեց Վ. Օվյանի խոսքերով գրված, արցախցիների սիրելի «Ստեփանակերտ» երգը։ Նշեցին, որ Վազգեն Օվյանի «Այդ ես չեմ երգում», «Լեռների հետ», «Ղարաբաղ», «Դերունց ծորումը», «Տմբլաչի Խաչանը» և տասնյակ այլ բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրել Գեղունի Չիթչյանը, Արմեն Նասիբյանը, Կիմ Առաքելյանը և այլ կոմպոզիտորներ ու գուսաններ։ Նրա երգերը հնչում են հանրահայտ երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Ֆլորա Խորենյանի, Թովմաս Պողոսյանի, Նաիրուհի Ալավերդյանի և այլոց կատարմամբ։

Հուշ-երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ  մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր արվեստասերներ ու Վազգեն Օվյանի տաղանդի երկրպագուներ։

Հատվածներ ելույթներից.

ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ - Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ, ավելին՝ աշխատելու նրա անմիջական ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ Վազգեն Օվյան երևույթին։ Դա արել է ժողովուրդը և դա արել է ամենաանաչառ դատավորը՝ Ժամանակը։
Ցավոք սրտի նա չապրեց մինչև ղարաբաղյան շարժումը։ Հիշում եմ, մեր մեծանուն դերասան Բենիկ Օվչյանը պատերազմի այն դժնդակ տարիներին խրամատից խրամատ, նկուղից նկուղ էր անցնում, արտասանում էր Վազգեն Օվյանի
«Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ»
հրաշք բանաստեղծությունն ու բարձրացնում էր մարդկանց ոգին...
Հայրենասիրական դաս՝ որպես այդպիսին, ես առել եմ նաև հենց Վազգեն Օվյանից, նրա գրվածքներից։ Ամեն առավոտ, երբ մենք ներկայանում էինք աշխատանքի, Վազգեն Օվյանը հավաքում էր երիտասարդներիս և սկսում էր կարդալ իր նոր գրած բանաստեղծությունները, պատմվածք կամ մանրապատում... Ուղղակի շռնդալից տաղանդ էր նա, և հազար ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ կյանքից։ Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ իրենից հետո թողեց Վազգեն Օվյանը, հատկապես այն գործերը, որ հետմահու են տպագրվել, խոսում են նրա մեծ տաղանդի մասին...

ՌՈՒԴՈԼՖ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ՝ մարզային ռադիոյում. ինքը գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիրն էր, ես՝ մարզային ռադիոյի հաղորդավար։ Ինձ համար մի նոր հայտնություն էր նա։ Ես փորձում էի հասկանալ՝ ո՞վ է Վազգեն Օվյան ֆենոմենը, այդ հայտնությունը մեր գրական աշխարհում...
Ես նկատում էի, որ նրա հայրենասիրական բանաստեղծություններում միանգամայն այլ ենթատեքստ կա, կանխազգում էի, որ հաստատ նա կունենա անտիպ ստեղծագործություններ... Այսօր եզակի գրողներ կլինեն, որ ցույց տան թեկուզ մի թերթ ու ասեն՝ ես այս բանաստեղծությունը գրել եմ այն տարիներին՝ կայսերապետական գրաքննության տարիներին...
Եվ ես վերջապես ինքս ինձ համար պարզեցի, որ նա որքան պարզ ու հասարակ էր, այնքան՝ տաղանդավոր, և որքան տաղանդավոր էր, այնքան՝ պարզ ու հասարակ...

ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Բավականին երկար ընդմիջումից հետո մենք հավաքվել ենք արժեվորելու մի բանաստեծի, մի գրողի, որին թվում էր, թե փորձում էինք առօրյայում մոռացության տալ։ Եվ այսօր այս գեղեցիկ դահլիճում մենք խնկարկենք Վազգեն Օվյանի հիշատակն ու ասենք՝ իրոք մեծ քաղաքացի էր, մեծ հայ էր, մեծ արցախցի էր և մեծ գրող էր։
Այսօրվա մեր սերունդը կարդալով Վազգեն Օվյանի ստեղծագործությունները, միգուցե դրանք սովորական թվա նրան, բայց երբ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, որում ապրել է Վազգեն Օվյան բանաստեղծը, դրամատուրգը, երգիծաբանը, որը փորձ է կատարել բարձրաձայնել մի այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդիկ վախենում էին խոսել այնպիսի երևույթների մասին, որ կարողանում էին ասել միայն Շիրազի, Սևակի նման բանաստեղծները, նրա մեծությունը դառնում է ավելի հզոր, և այսօր կարդալով նրա բանաստեղծությունները, հասկանում ենք, որ իրոք մեծ բանաստեղծ, մեծ գրող է նա...
Այն տարիներին իրոք նրա յուրաքանչյուր ստեղծագործություն նորույթ էր, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հայաշունչ էր, Ղարաբաղով հագեցված էր ու հնրավոր չէր չկարդալ ու չսիրել նրան...




ՆՐԱ ՏԵՂԸ ՄՆԱՑ ԹԱՓՈՒՐ

Վազգեն Օվյանը կենդանության օրոք բոլորի կողմից ընդունված հեղինակություն էր, վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Քչերն են գրում տարբեր ժանրերով և ստեղծում արժեքավոր երկեր: Բնությունը շռայլ է եղել նրա նկատմամբ: Մտերիմները, ընկերները նշում են, որ նա շատ արագ էր գրում, գրում էր կենտրոնացած, մի տեսակ շտապում էր… Շտապում էր, որովհետև ասելիք ուներ:

Ժողովրդի հիշողության մեջ Օվյանը մնացել էր որպես երգիծանքի մեծ վարպետ: Օվյանական հումորը, սարկազմը առկա է նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Ավագ սերունդը լավ է հիշում «Մախաթ» գրական-երգիծական հաղորդաշարը, որին միշտ անհամբեր սպասում էին: Սիրում էին նաև Օվյանի թատերգությունները: Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում: Երկար ժամանակ մեր թատրոնի բեմից չէին իջնում «Մեծ լոռեցին», «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսները, որ ներկայացվել են 100-ից ավելի անգամ:

Բայց պիտի խոստովանել, որ Օվյանի մեծությունը խորությամբ չէր ընկալվում կենդանության օրոք: Երևի ժամանակ էր հարկավոր։ Հիշենք Սևակի արդեն թևավոր դարձած խոսքը. «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»: Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ գրողի լավագույն գործերը երկար ժամանակ անտիպ էին:

Ես բախտ եմ ունեցել լսել Օվյանին, հաղորդվել նրա խոսքի կախարդանքին: Այդ օրը Օվյանը տանտիրոջ իրավունքով սեղանն էր ղեկավարում և զուգահեռ ընթերցում իր բանաստեղծությունները՝ ավելի քան երկու ժամ: Մենք՝ երիտասարդներս, զարմացած, հիացած լսում էինք նրան: Կարծես կենդանի մարգարե լիներ մեր առջև նստած: Կարդում էր այն, ինչ այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվի բարձրաձայն ասել, իսկ գրելու մասին խոսք լինել չէր կարող:
Այդ օրը, ավելի ճիշտ՝ այդ մի քանի ժամը գրականության ամենալավ դասն էր մեր կյանքում:

Միայն տարիներ հետո՝ Արցախյան շարժման օրերին մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ պիտի ասեին այն, ինչ Օվյանը գրել էր շատ առաջ՝ ոչ թե ճառի տեսքով, այլ՝ գեղարվեստական խոսքի՝ պատկերավոր, համոզիչ: Միանգամայն այլ գրական կյանքով էր ապրում Վազգեն Օվյանը։ Երբ տպագրվեց ադրբեջանցի բանաստեղծ Ռասուլ Ռզայի բացահայտ հակահայկական ոգով գրված բանաստեղծությունը, Օվյանը որպես պատասխան գրեց. «Սմբատ և Բաբեկ» ստեղծագործությունը:

Վազգեն Օվյանի մահից անցել է ուղիղ քսանհինգ տարի: Անցած տարիները հաստատեցին, որ նա արցախահայ գրականության մեջ երևույթ էր, և նրա տեղն այդպես էլ մնացել է թափուր: Ցավալի է, իհարկե, սակայն անփոխարինելի մարդիկ, բարեբախտաբար թե դժբախտաբար, լինում են։ Գրողի գործընկեր Մարսել Պետրոսյանը գրել է. «Երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին... Նրան փոխարինեցին շատերը, բայց, ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ»։

Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը գրում է, որ Արցախյան շարժման օրերին իրեն երկու բան կսկիծի պես հետապնդում էր. «Եթե Սևակը կենդանի լիներ՝ նրա խոսքից ինչքան կշահեր մեր շարժումը և Վ. Օվյանը… առանձնապես նրա երգիծանքը ադրբեջանական մամուլի դեմ պայքարում»:

Նշանավոր գրողն իրավացի է: Այդ զգացումը շատերս ենք ունեցել: Հրապարակում կանգնած մարդիկ հաճախ էին հիշում Օվյանին, զգացվում էր նրա բացակայությունը:
Վ. Օվյանի բացակայությունը մենք զգում ենք նաև մեր օրերում: Քանի դեռ մեր կյանքում տեղ ունի սուտը, կեղծիքը, երկերեսանիությունը, քանի դեռ, Սայաթ-Նովայի բառերով ասած՝ սուտը ճշմարտության տեղ է անցնում, փուշը՝ վարդի, ագռավը՝ սոխակի, Վազգեն Օվյանը երբեք չէր լռի:

Նրա համար երգիծանքը, քննադատությունը ինքնանպատակ չէր. իր հողին ու ջրին նվիրված տաղանդաշատ գրողը շատ էր սիրում մեր լեռնաշխարհն ու նրա աշխատասեր, հպարտ ժողովրդին, և ուզում էր, որ արատավոր երևույթները կյանքում տեղ չգտնեին: Նրա համար հայրենասիրությունը վարքագիծ էր, ոչ թե կեցվածք:

Նա կյանքում ոչ մի իշխանավորի առջև գլուխ չի թեքել։ Երբ որոշ մտավորականներ իշխանավորների առջև ոչ միայն գլուխ էին թեքում, այլև հաճախ թևի տակից դուրս չէին գալիս, Օվյանը գրում էր իր հայրենասիրական լավագույն ստեղծագործությունները: Գրում էր, թեպետ գիտեր, որ դրանք չեն հրապարակվի։ Բայց արվեստագետը քաղաքացիական պարտքն էր կատարում: Ներքուստ համոզված էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր անտիպ ստեղծագործությունները կդառնան ժողովրդի սեփականությունը:

Վ. Օվյանի գրվածքները ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն, այլև՝ գեղագիտական հզոր լիցք: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ «Այս Ղարաբաղն է», «Նկարիչ, Արցախ նկարիր», «Ղարաբաղ», «Արտ է, արոտ է», «Ղարաբաղ եմ ասում», «Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել», «Եզը» և ուրիշ շատ գործեր:

«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը մեր հպարտության երգն է, այն վաղուց է դարձել մի յուրատեսակ այցեքարտ մեր երկրի մասին: Այս տարի լայնորեն նշվում է Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակը: Ինձ թվում է, որ կառավարության կողմից ճիշտ կլիներ 2012 թվականը հռչակեին Վազգեն Օվյանի տարի: Վ. Օվյանի ստեղծագործությունները մեր օրերում հրատարակվում են, մարդիկ ընթերցում են, մեջբերումներ անում, տարբեր բեմերից արտասանում այս կամ այն գործերը: Այս ամենը խոսում է այն մասին, որ նա մեզ հետ է, մեր կողքին, և Վազգեն Օվյանի երկերը կշարունակեն բազում սերունդներ հուզել ու դաստիարակել:

Էջը պատրաստեց
ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆԸ
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ




ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՆ, ՊԵՏՔ ՉԷ

«Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը նախևառաջ 1918-ի դժվար հաղթանակների կենդանի հիշողությունը նոր սերունդներին փոխանցելու պատգամ է: Քանզի այն, ինչ 94 տարի առաջ ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, մեր հետագա բոլոր հաղթանակների հիմքն է»,- գրել է «Հայոց աշխարհ»-ը:

Մայիսի 25-ին Միացյալ Նահանգների նախագահը ողջույնի ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 94-րդ տարելիցի կապակցությամբ: Հայաստանում Օբամայի և այլոց ուղերձը կստացվի մի փոքր ուշ. Հայաստանի Հանրապետության «հիմնադիր հայրերը» մինչև վերջ դեմ էին Անդրկովկասը Ռուսաստանից անջատելուն: Եվ մայիսյան հերոսամարտերը ոչ մի կապ չունեն Թիֆլիսում նստած՝ Հայոց ազգային խորհրդի հետ: Նրանք ոչինչ էլ չեն ձեռնարկել:

Այժմ՝ հերոսամարտերի մասին: Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային էր զիջել բոլոր տարածքները, որ նվաճել էր 1878-ին: 1918 թ. ձմռանը թուրքական զորքն առաջ էր շարժվում՝ զբաղեցնելու դրանք: Եվ արդարացի չէ, երբ հայ պատմաբանները դա ներկայացնում են իբրև «թուրքական ներխուժում»: Ի՞նչ ներխուժում, եթե Ռուսաստանը կամովին զիջել էր Կարսը, Արդահանը և Բաթումը, թուրքերն էլ գալիս էին վերատիրանալու:

Իսկ նրանց դեմ կանգնած էր «հայկական բանակը»: Միայնակ, քանի որ կովկասյան թաթարները Թուրքիայի դեմ նույնիսկ մեկ կրակոց չէին արձակի, իսկ վրացիները, կարծես, հաշտվել էին Բաթումը կորցնելու հեռանկարի հետ կամ կարծում էին, որ օկուպացիան կլինի ժամանակավոր: Միայն հայկական ջոկատներն էին, որ Էրզրումից սկսած դիմադրում էին թուրքական բանակի առաջխաղացմանը: Իսկ դիմադրել նշանակում է պատերազմի մեջ մտնել հակառակորդի հետ: Իսկ այդ պահից սկսած գործում է պատերազմի դաժան օրենքը՝ հակառակորդին փորձում են ծնկի բերել, պարտադրել:

Ի՞նչ էր անելու Հայոց ազգային խորհուրդը: Մի բան՝ հրահանգելու էր, որպեսզի հայկական զինված ուժերը թուրքական բանակի հետ մարտի չբռվեն: Այսինքն, կանոնավոր-կազմակերպված ռազմերթով ետ քաշվեն մինչև Ախուրյան՝ իրենց առջևից տարհանելով ողջ մնացած հայ բնակչությունը: Դրա համար կային բոլոր հնարավորությունները. գործում էր Էրզրում-Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղին, ազատ էին խճուղային ճանապարհները, իսկ Վանի շրջանից էվակուացիան կարելի էր կազմակերպել Պարսկաստանի տարածքով՝ դեպի Նախիջևան: Հայոց ազգային խորհուրդը, սակայն, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց «մահ կամ ազատություն»-ը: Եվ իրոք մահվան տառապանքների դատապարտեց արևմտահայության մնացորդին: Իսկ թուրքերն օգտագործեցին առիթը, դիմադրող հայկական ջոկատներին հետապնդեցին մինչև Երևանի մատույցներ: Սարդարապատը Երևանի մատույցն է: Ընդ որում, Սարդարապատից և Բաշ Ապարանից հետո թուրքական զորքերը ետ չշպրտվեցին գոնե Ախուրյանից արևմուտք: Թուրքական օկուպացիան ներառնում էր անգամ Էջմիածինը:

Թուրքերը լուծեցին իրենց հիմնական խնդիրը: Մայիսի 24-ին Նուրի փաշան արդեն Գանձակում էր: Թուրքիան կովկասահայության բնաջնջման նպատակ, ըստ ամենայնի, չուներ: Նպատակը Կովկասում հայկական գործոնը նվազագույնի հասցնելն էր: Ռազմաքաղաքական այդ հարցը «կարգավորելուց» հետո Թուրքիան ճանաչեց Արարատյան հանրապետության անկախությունը: Իհարկե՝ ստորացուցիչ պայմաններով... Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» գրքում վկայում է, որ թուրքական հրետանին կանգնած էր «Երևանից 7 վերստ հեռավորության վրա»:

«Հետագա հաղթանակների» մասին: 1918-20 թվականներին, ցավոք, մենք որևէ հաղթանակ չենք ունեցել: Այն, որ Թուրքիան պարտվել, զորքերը դուրս է բերել Անդրկովկասից, և հայկական «միլիացիան» մտել է Կարս, մեր հաղթանակը չէ: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զորքը 1920-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Կարսը պաշտպաներ: Գոնե՝ Ալեքսանդրապոլը: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զրահագնացքը Նախիջևանից չնահանջեր մինչև Ղամարլու, որ այսօրվա Արտաշատն է:

Հարկ էր հասկանալ, որ Մուստաֆա Քեմալի «հակաիմպերիալիստական» պատերազմն ըստ էության միայն Հայաստանի դեմ է: Ու եթե կար պայմանավորվելու հնարավորություն, պետք էր պայմանավորվել նրա հետ: Կամ՝ Ռուսաստանի: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հուսալ, որ Անդրկովկասում Սևրի պայմանագիրը գրոշի արժեք կունենա... Դրա համար, իրոք, պետք էր Փարիզում երկու առանձին պատվիրակությամբ «պաշտպանել» հայ ժողովրդի արդար դատը:

Ղարաբաղյան պատերազմը Սարդարապատ և Ավարայր են անվանում նրանք, որ ուզում են Գարեգին Հովսեփյան և Եղիշե կոչվել: Մովսես Սիլիկյան կամ Վարդան Մամիկոնյան: Մտնեն սրբերի դասը և դրանով իսկ արժեզրկեն ամեն ինչ: Քանի որ մի ժողովրդի հերոսացումը երբ վերագրվում է ընտրյալների, իրականությունը դառնում է ֆարս: Ինչպես արել են հայ կրոնավոր պատմիչները, նրանց հետևելով՝ գրողները...

Չե՞ք տեսնում համառ միտումը՝ ղարաբաղյան պատերազմի հաջողությունից ջնջել-քերել պետական գործոնի դերը, այն վերագրել «մի խումբ նվիրյալների»: Չե՞ք տեսնում, որ քաղաքական մի հոսանք անվերջ պարազիտանում է Սարդարապատի և Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի վրա, ինչպես որ պարազիտանում են Ղարաբաղի վրա: Ոչ թե պետք է փոխանցել առասպելը, քանի որ դա «մերօրյա վարդանների», «եղիշեների» նոր առասպել է ծնում, այլ հրամայաբար անհրաժեշտ է վերանայել բոլոր առասպելները՝ Ավարայրից սկսած: Հակառակ դեպքում մեզ սպասում են միայն «բարոյական հաղթանակներ» կամ ընդմիշտ դատապարտված ենք Արա Պապյանին հավատալու, որ ասում է. «Վիլսոնի իրավարար վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ»: Իսկ Բարաք Օբաման ողջույնի ուղերձ առաջինը հղում է Իլհամ Ալիևին:

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա




ԻՍԿ ՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷՐ, ՄԻԱՅՆԱԿ ԷՐ

Իմ հոդվածը թեր և դեմ արձագանքներ ունեցավ: Ուզում եմ դիմել նրանց, ովքեր «մեղք» են համարում մայիսյան տոնի օրը նման բան գրելը: Զգացմունքները հարգելի են, բայց ժողովուրդներն իրենց խնդիրները կարգավորում են սառը հաշվարկով: Դաս է ոչ միայն հաղթանակը: Պարտությունն էլ մերն է, չարժե հրաժարվել: Գուցե, ընդհակառակը, ավելի կարևոր է պարտության դասը: Քանի որ երբ այն չենք սերտում, հնարավոր ենք դարձնում, որ կրկնվի: Իսկ պարտության սերտած դասը բացառում է դրա կրկնությունը:

Ահա. «Դրոն... կազմել էր մի ծրագիր, որով առաջարկում էր կարճեցնել ռազմաճակատը. գրավված վայրերից ժողովուրդը և պաշարի մի մասը, որ հնարավոր է, տեղափոխել Կովկաս, մնացած պաշարը ոչնչացնել և զորքերը հետ քաշել ու գրավել մոտավորապես Զևին-Կարադերբենտ-Գլըչ Գյադուկ-Թափառիզ գիծը, ծահրահեղ դեպքում և Մակուն՝ Ալաշկերտի երկաթուղին պահելու նպատակով: Դրոն համոզված էր, որ դրանով առաջը կառնվի ճակատի զորամասերի քայքայման և օր ավուր աճող դասալքության, իսկ մյուս կողմից կուժեղացվի Կարսը: Բացի այդ նա առաջարկում էր կազմել մի բրիգադ Դիլիջանի ուղղությամբ, որպեսզի ապագայում, երբ ճակատի գործերը անհաջող գնան, կարելի լինի շարժվել Գանձակի և Ղարաբաղի ուղղությամբ և միանալով Բաքվին՝ ապահովել հայ ժողովրդի գեթ մարդկային գոյությունը»:

Մեջբերումը Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից է: Թիֆլիսում նստած՝ Հայոց Ազգային խորհրդի «հայրերը», մինչդեռ, գտել էին, որ «Էրզրումի հանձնումը ծանր բարոյական հարված կլինի հայ ժողովրդին»: 11 000 զինվորով կարծում էին 250 կմ. ձգվող հայ-թուրքական ճակատը հնարավոր է պահել: Իսկ Դրոն առաջարկում էր Բաթումի, Արդահանի, Ախալցխայի հոգսը թողնել Անդրկովկասյան կառավարությանը, հայկական զորախմբերը կենտրոնացնել Կարսի ամրացված շրջանում, որտեղ հնարավոր էր թուրքերին լուրջ դիմադրություն ցույց տալ: Նա, ինչպես տեսնում ենք, առաջարկել էր ողջ հայ բնակչությունը էվակուացնել Կովկաս: Սա շատ կարևոր է: Քանի որ զորքն ստիպված էր կռվել թուրքական կանոնավոր բանակի դեմ և խաղաղ հայ բնակչությանը պաշտպանել քրդական հրոսակախմբերի հարձակումներից:

Պատերազմն ունի իր տրամաբանությունը. զորքը և խաղաղ բնակչությունը չպետք է անմիջական շփման մեջ լինեն: Դրոն կանխազգացել էր իրավիճակի ողջ ահավորությունը՝ երբ բանակն ստիպված կլինի ոչ թե կռվել, այլ ընդամենը պահնորդել, որպեսզի խաղաղ բնակչությունը չբնաջնջվի: Քաղաքագետի նրա միտքը նույնիսկ «պահեստային» տարբերակ էր ծրագրել՝ Դիլիջանի ուղղությամբ ստեղծել հատուկ բրիգադ, իրադարձությունների վատ զարգացման դեպքում դուրս գալ Գանձակ և Ղարաբաղ, միանալ Բաքվի հայկական ուժերի հետ, Արևելյան Անդրկովկասում հաստատել հայկական ռազմաքաղաքական ներկայություն:

Ազգային խորհրդի պարոն ինտելիգենտներն ու ցարական բանակի հայազգի գեներալները, որ պատերազմ էին մղել միայն գլխավոր շտաբում քարտեզագրվածի համաձայն, մերժեցին Դրոյի ծրագիրը:

Իհարկե, չկար երաշխիք, որ այդ դեպքում կհաջողվի պահել 1914 թ. ռուս-թուրքական սահմանը: Բայց աղետ հաստատ չէր լինի: Եվ թուրքերից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը 11 000 քառ. կմ տարածք չէր ունենա: Մանավանդ եթե Դրոյի ասած Դիլիջանի ուղղության բրիգադը թուրքերից առաջ մտներ Գանձակ և Ղարաբաղ:

Օրվա քաղաքագետն ասում է. «Եթե հայերը Թուրքիայի դեմ ութ ամիս չկռվեին, հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենար պատմությունը»: Իսկ արժե՞ր Թուրքիայի դեմ կռվել, եթե մենք սեփական տարածք էինք կորցնում, իսկ օտարները՝ շահում: Կարի՞ք կար Բաքուն պաշտպանել հանուն մի իշխանության, որը նույն Թուրքիայի հետ համաձայնության եկած՝ հայերիս մեն-մենակ էր թողել Կովկասյան ճակատում:

Դրոյի չիրագործված ծրագիրը հայկական ռոմանտիզմի այլընտրանքն էր: Ռոմանտիզմը քաղաքականության մեջ կործանարար է: Իսկ թուրքերն Ալեքսանդրապոլը գրավեցին, ընդ որում՝ երկու անգամ՝ 1918 և 1920 թ., որպեսզի ունենան Կարսը: Եթե 1918-ին Դիլիջանի բրիգադը գրավեր Գանձակը և Ղարաբաղը, նախկին Ելիզավետպոլի լեռնային ողջ հատվածը՝ իր հոծ հայկական բնակչությամբ, կմտներ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Պատերազմի և քաղաքական «համաձայնությունների» տրամաբանությունը դա է:

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա
surhandak.blogspot.com





ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎՈՂ ԴԱՍԵՐ

Հայոց պատմության մեջ իր ուրույն տեղն ունեն 18-րդ դարի առաջին կեսի ինքնապաշտպանական պատերազմները Սյունիքում և Արցախում: Այս պատերազմները հետաքրքրական են նաև դասեր քաղելու առումով:

Թշնամական ուժերով շրջապատված հայկական նահանգները կարողանում են կազմակերպել լիարժեք ինքնապաշտպանություն, ջախջախել իրենց տուն հասած թուրքերի, Դաղստանի լեռնականների տարբեր զորքերի: Արցախում գլխավոր կազմակերպիչն ու պայքարի կոորդինացնողը Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արտաքին քաղաքական սպասումների մեջ կարևորվում էր Ռուսաստանի դերը, նրա՝ դեպի Իրան ծավալվելու հեռանկարը: Տարիներ հետո Արցախի հայ իշխանավորները պետք է հույսները կտրեին այդ սպասումներից, իսկ նրանցից ամենաազդեցիկը՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, պետք է հակվեր թուրքերի հետ հաշտվելու մտքին, գնար բանակցությունների, ապա մեղադրվեր դավաճանության մեջ և ինքնասպան լիներ:

Սակայն թուրքերին զիջումների գնալու կամ ավելի ճիշտ՝ փոխզիջումներ փնտրելու քաղաքականությունն արդեն Արցախի հայ էլիտային երկու մասի էր բաժանել: Շոշի սղնախի վրա թուրքական հարձակումը նույնպես ավարտվեց վերջիններիս ջախջախմամբ, փայլեցին Ավան հարյուրապետի զորքերը, սակայն սա էլ չամրապնդեց սեփական ուժերի նկատմամբ հավատը: Արցախցիները, որ տասնամյակներ շարունակ փայլուն հաղթանակներ էին տարել թուրքերի և լեռնականների դեմ պայքարում և կյանքում ռուս տեսած չկային, սպասում էին ռուսական կայսեր օգնությանը: Ավելին, չստանալով այդ օգնությունը, արցախցի շատ զորականներ, նույն Ավան հարյուրապետն իր եղբայր Թարխանի հետ տեղափոխվեցին Ռուսական կայսրություն՝ ծառայելու օտարի երկրին:

Հետո՞: Հետո ոչինչ, հայության սերունդները մի երկու անգամ էլ ինքնապաշտպանական պատերազմ մղեցին Արցախում ու Արցախի համար:
Միգուցե հեշտ է դեպքերից մոտ երեք դար հետո գնահատականներ տալը, սակայն համաձայնեք, որ մեր օրերի հետ նմանություններ շատ կան: Ինքնապաշտպանական պատերազմում մենք էլի հաղթանակ ենք տարել, ջախջախել թշնամուն, սակայն հարցի լուծման մասին մտածելիս մեր էլիտայի ներկայացուցիչները փորձում են հղում կատարել ինչ-որ միջազգային հանրության, խոսում են փոխզիջումների, տարածք հանձնելու մասին: Ի՞նչ է եղել, պարոնայք, հանուն ինչի՞ եք որդեգրել այն ճանապարհը, որը ջլատեց Արցախի ինքնապաշտպանական ուժերը, ցաք ու ցրիվ դարձրեց արցախյան տանուտերերին: Բնավորության գի՞ծ է դարձել, ինչ է, զիջումների գնալը:

Պատմության դասերը քաղելու սովորություն չունենք, ավանդապաշտ ժողովուրդ ենք, դրա համար էլ սիրում ենք կրկնել մեր նախնիների սխալները, ու հենց դրա համար էլ հայության երկու սերնդից մեկը զոհվում է ազատագրական-ինքնապաշտպանական պատերազմներում: Կամ պարզապես մորթվում՝ առանց ինքնապաշտպանվելու: Որովհետև այլոց հավատում ենք մեզանից շատ, թշնամուն ներում ենք ժամանակից շուտ, զիջումների էլ ոտով-գլխով պատրաստ ենք:

Դրա համար էլ Լոս Անջելեսի հայկական դպրոցները բազմաթիվ աշակերտներ ունեն, ճոխ շենքեր ու ենթակառուցվածքներ, իսկ Քարվաճառի գյուղերի դպրոցները լավագույն դեպքում մի քանի տասնյակ դպրոցական՝ գյուղական փոքրիկ մի շենքով:

ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆ
civilnet.am




Վերջին էջ


ԹՌՉՈՂ էՇԸ

Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։


ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Էշը մեղադրվում էր անկարգության մեջ։ Քննիչը ջորին էր։
- Անո՛ւնդ։
- Էշ:
- Ծնողնե՛րդ։
- Էշեր:
- Որտե՞ղ ես ծնվել։
- Էշանոցում։
- Ինչո՞վ ես զբաղվում։
- Էշությամբ:
- Ի՞նչ է,- ծաղրեց ջորին,- դուք ամբողջ ցեղով էշեր եք եղե՞լ։
- Ինչո՞ւ միայն էշեր,- գլուխն ամոթից կախեց էշը:- Պատահում էր, որ մեր և յաբուների խառնուրդից ծնվում էին քեզ նման ջորիներ։


ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…


ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։


ԱՆՀԱՋՈՂ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Աղվեսն ամեն կերպ աշխատում էր դուր գալ պետ վագրին։ Դե, մեջտեղ պաշտոնը բարձրացնելու հարց կար։
Եվ ահա եկավ հարմար պահը՝ հանկարծամահ եղավ վագրի կողակիցը: Աղվեսն այդ օրն այնքան արցունք թափեց, այնքան հառաչեց ու ծեծեց գլուխը, որ վագրը սկսեց կասկածել. «Կա-չկա, այս անիծվածը կնոջս սիրեկանն է եղել»։
Հաջորդ օրը աղվեսն ազատվեց պաշտոնից։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ




ԱԴՐ. ԽՍՀ ԿԿ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԷՐ…
(քաղաքական սատիրա)

Նախկին խորհրդային Ադրբեջանի կենտրոնական կոմիտեում Հեյդար Ալիևի տիրակալության տարիներին տիրակալի թելադրմամբ, մի օր կազմվեց մի հեղինակավոր հանձնաժողով, որը պետք է ստուգեր Բաքվի գազանանոցի մեծ և փոքր կենդանիների բարոյաքաղաքական կարգավիճակի հարցը: Երկարատև և մանրամասն ստուգումներից պարզվեց, որ կենդանիներից երեքին պետք է վտարեն գազանանոցից։ Ասել է թե՝ նաև հարազատ կուսակցությունից: Այդ կենդանիներն էին էշը, ընձուղտը և աքլորը:
Պատճառները միանգամայն համոզիչ էին: Էշը մեղադրվեց համառության համար, ընձուղտը՝ իր բարձրագոռոզ կեցվածքի, աքլորը՝ անբարոյականության, այսինքն՝ բազմակնության...

Գազանանոցում դրությունը խիստ սրվեց: Չէ որ այդ կենդանատեսակների պակասը կգցի իրենց հեղինակավոր հիմնարկի պատիվը:
Միջնորդները գործի անցան: Գորշ գայլերի հանձարարությամբ աղվեսը հազար դուռ ծեծեց: Կազմվեց միջանկյալ հաշտարար հանձնաժողով: Պետք էր մի բան անել, մանավանդ գաղտնի կանալներով պարզվեց, որ էշը անմիջական ազգակցական կապ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, ինչպես նաև ողջ իրավաբանական օրգաններն իրենց գաղտնի և ոչ գաղտնի հետազոտություններով հայտնաբերեցին արդարացման մոտիվները: Գտան, որ էշը ոչ թե համառ է, այլ հետևողական սկզբունքային է: Նա բազմիցս կենտկոմի բյուրոներում զռացել է իր անկաշառ սկզբունքայնությամբ: Օրինակ, երբ հարց էր լինում ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին, նա կռահելով իր ազգական ղեկավարի ցանկությունը, միշտ սկզբունքորեն գտնում էր, որ մարզի ինքնավարությունը պետք է վերացնել, շրջաններն էլ միավորել ազերական հարևան շրջանների հետ:

Էշը անմիջապես արդարացվեց ու որոշվեց ետ վերադարձնել իր պատվավոր ախոռին:
Չնայած ընձուղտի բարձրագոռոզ նայվածքը փոխարինվեց հեռատեսության հատկանիշով, բայց դա բյուրոյում տարակարծիքություններ առաջացրեց:
Աքլորի հարցը հալած յուղի պես անցավ: Նա որակվեց ոչ թե անբարոյական, այլ՝ որպես ժողովրդական մասսաների հետ լայն կապեր ունեցող:
Եվ այսպես, բյուրոյի որոշման համաձայն, կենդանիները պետք է վերադառնային իրենց նախկին պատվավոր ախոռներին, եթե մի նոր դեպք ամեն ինչ չխառներ իրար: Բյուրոյի պատվավոր անդամ հաճոյակատար աղվեսը հանդիսավորությամբ վեր կացավ աթոռից, ուղղեց փողկապը ու ասաց.

- Հարգելի կոլեգաներ, կարծում եմ ժամանակն է, որ մենք արժանվույն գնահատենք էշի անբասիր ծառայությունները հայրենիքին, նրա նվիրվածությունը մեր ղեկավարին, ինչպես նաև նկատի ունենալ նրա անժխտելի ինտելեկտուալ կարողությունները, նշանակենք մեր գիտությունների ակադեմիայի գազանանոցի մասնաճյուղի բաժնի վարիչ:
Առաջարկն ընդունվեց ծափահարությամբ, սակայն ընձուղտը վիզը երկարեց մինչև առաստաղ ու բացականչեց.
- Իսկ, ինչո՞ւ էշին այդքան բարձր պաշտոն։ Ինչո՞վ եմ ես պակաս այդ զռռանից...
- Իսկ դու գիտե՞ս, գոռոզամիտ, որ ես մի իշաբեռ ոսկի կաշառք կլինեմ տարած բարեկամիս: Եվ, վերջապես, բարեկամական կապն էլ կա, չէ՞,- կոկորդով մեկ զռռաց ավանակը։

Այստեղ աքլորն էլ չհամբերեց.
- Ի՞նչ է գլխից դուրս տալիս զռռանը: Այդ ես ու նա ե՞նք ավելի հարազատ թե դու: Չէ՞ որ մենք երկուսս էլ հարեմ ունենք,- ծղրտաց աքլորը, ինձ անհապաղ պաշտոն տվեք:
Ինչ պաշտոն կուզեիք,- հարցրեց նրան մեծ ղեկավարը:
Աքլորը վեր ելավ տեղից թևերը թափահարեց ու ծուղրուղուաձայն ասաց.
- Դուք գիտեք, որ ես համեստ կենդանի եմ և հեշտ էլ չէ ղեկավարել հավերի նման կրքոտ մի ամբոխ: Բայց դա ես կատարում եմ հանուն մեր ընդհանուր ազգային շահի: Նկատած կլինեք, որ ես ոչ միայն մենակատար երգիչ եմ, այլև միաժամանակ ունեմ մի ամբողջական խոր: Ինչո՞ւ, օրինակ, ինձ չնշանակել հանրապետության սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր, ինչպես նաև՝ գլխավոր բուհի բարոյագիտության ամբիոնի վարիչ: Չէ՞ որ ես այդ բնագավառում մեծ փորձ ունեմ:

Բյուրոն որոշեց բավարարել աքլորի պահանջը ևս:
Եվ այսպես, որոշվեց գազանանոցից վտարված կենդանիները ոչ միայն արդարացվեցին, այլև ավելի բարձր պաշտոններ ստացան՝ շնորհիվ ոչ թե հայտնաբերված նոր հատկանիշների, այլ առաջնորդի հետ ունեցած ազգակցական-մտերմական կապերի…
Բյուրոյի նիստը վարում էր անձամբ Հեյդար Ալիևը։

Արխիվային սույն փաստաթուղթը
հայտնաբերեց և խմբագրությանը հանձնեց
ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ




ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԱՇԽԱՐՀ

Հնդկաստանում 12-ամյա տղան, գետի մոտ խաղալիս, կենդանի ձուկ է կուլ տվել: Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, Անիլ Բարելը դրանից առաջ էլ է կենդանի ձկներ կուլ տալու սովորություն ունեցել, սակայն այս անգամ ձուկը ստամոքսի փոխարեն հայտնվել է երեխայի թոքերում:
Ձկան շարժումներին զուգահեռ, երեխան սկսել է դժվարությամբ շնչել, արյան մեջ թթվածնի տոկոսն է պակասել, և տղային տեղափոխել են հիվանդանոց: Նա շտապ վիրահատության է ենթարկվել: Այն տևել է 45 րոպե: «Ձուկը ողջ էր, նա իր վերջին շունչը փչեց այն պահին, երբ մենք ավարտեցինք վիրահատությունը»,- լրատվամիջոցներին պատմել է բժիշկը: Նրա խոսքերով՝ իր 20-ամյա պրակտիկայում ինքն առաջին անգամ է նման իրավիճակում հանդիպել:


Չնայած ծնողների արգելքին, տղան տնից դուրս գալու տարբերակ է գտել: 10-ամյա ռուսաստանցի դպրոցականն իրենց տուն է կանչել փրկարարների խմբին, որպեսզի վերջիններս իրեն օգնեն տնից դուրս գալ: Ծնողները տղային պատժել էին՝ զրկելով նրան փողոց դուրս գալու իրավունքից ու հանձնարարելով տանը նստել:
Երեխային դա դուր չի եկել, և նա փրկարար ջոկատ է կանչել՝ նրանց ասելով, թե իբր պատահաբար փակվել է տան պատշգամբում: Երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, տղային իսկապես գտել են պատշգամբում կանգնած:
Փրկարարներին նա կանչել էր, որպեսզի օգնեին իրեն աստիճաններով իջնել: Թե ինչպես են արձագանքել իրենց որդու արարքին ծնողները, առայժմ պարզ չէ:
hraparak.am




Համարի ասույթը

Եթե աթոռդ ու իշխանությունդ պահելու համար քո ժողովրդին ստրուկ ես դարձրել, վաղն այդ ստրուկը չի կարողանալու քեզ ու քո ընտանիքը պաշտպանել արտաքին թշնամուց:


Ամսվա ասույթը

Յուրօրինակ երկիր ենք կառուցում. մեր երկիրը զարգանում է՝ քանդելով: Եղածը քանդում ենք և տեղը նորից կառուցում, հաջորդ օրը այդ կառուցածն էլ ենք քանդում, որպեսզի տեղը նորը կառուցենք: