12.12.11

N 8 (33) (2011)


ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Ֆրանսիայի Սենատում այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած «Հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. մոռացված հակամարտություն» և «ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը» թեմաներով կլոր սեղանի ընթացքում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ելույթ է ունեցել և, «Ազերիպրես» գործակալության եվրոպական բյուրոյի հաղորդման համաձայն, հայտարարել. «Իհարկե, ես հրաշալի հասկանում եմ Ադրբեջանի ցավը, այդ երկրի տարածքներն օկուպացված են...»։

Եթե բանակցասեղանին գտնվող հիմնական խեղկատակությունը՝ «Մադրիդյան սկզբունքներ» անվամբ (որտեղ տող անգամ չկա Արցախի, հայկական կողմի օգտին), մի կողմ դնենք, ապա երեք համանախագահներից մեկի այս հայտարարությունը ևս բավական է, որ հայ քաղաքագետ-դիվանագետների հետպատերազմյան ողջ գործունեությունը գնահատվի «անբավարար»։ Հետաքրքիր է, շուրջ երկու տասնամյակ հայ ղեկավարներն ինչի՞ մասին էին խոսում ԵԱՀԿ ՄԽ բազմասերիանոց հանդիպումներում, երբ այդ նույն կառույցի համանախագահներից մեկը «հրաշալի հասկանում է Ադրբեջանի ցավը», որովհետև «այդ երկրի տարածքներն օկուպացված են...»։

Ես ամենևին չեմ մեղադրում ծերուկ Բեռնարին։ Հակամարտող կողմերից մեկը նրան այդպես է բացատրել խնդրի էությունը։ Իսկ մյուս՝ հայկական կողմը, «այդ դասին ներկա չի եղել» կամ ցանկություն չի ունեցել այդպիսի մանր-մունր խնդիրների շուրջ ծավալվելու։

Վատ դարպասապահի վրա ֆուտբոլասերները բղավում են. «Արա՛, տեղդ մի քար դիր, դո՛ւրս եկ...»։ Շուրջ երկտասնամյակ է՝ «բանակցություն» խաղացող հայ ղեկավարները չեն կարողանում հասկանալ, որ վաղուց ժամանակն է բանակցասենյակի դուռն իրենց հետևից փակեն ու գնան իրենց դարդ ու ցավին...

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ պատերազմում հաղթող կողմի դիվանագիտությունն այնքան խեղճ, գետնաքարշ ու ողորմելի է, որ ձեռքում ունենալով իրավական-պատմական-քաղաքական հաղթաթղթեր, հայտնվել է մեղավորի, «օկուպանտի», պարտվողի դերում։ Կարծես մեր ժողովուրդը բաժանված է եղել երկու մասի։ Մի մասը կռվել, հաղթել, զոհվել, սպառվել-պրծել է, մյուս մասը եկել՝ վայելում է հաղթանակի պտուղներն ու անհոգ քամուն տալիս նրա ստեղծածը, նրա հոգևոր ու նյութական ժառանգությունը։

Հաճախ է խոսվում այն մասին, որ վերջին 20 տարում շուրջ 1.5 միլիոն մարդ լքել է Հայաստանը։ Հաղթող ժողովուրդն ինչո՞ւ է լքում իր երկիրը, իր սեփական հողը։ Եվ այդ ովքե՞ր և ինչո՞ւ են ստիպում նրան լքել հայրենի տունը... Ինչո՞ւ երբեմնի քաջ ու հպարտ ժողովուրդն այնքան խեղճացավ, որ միակ ելքը համարում է արտագաղթը։

Երկու օր առաջ նշեցինք Հանրաքվեի և մեր Սահմանադրության օրը։ Դա մեր երկրի Մայր օրենքն է, որտեղ ամենավերջում, մի ինչ-որ 142-րդ հոդվածում խոսվում է ազատագրված հողերի, այսպես ասած, ամրագրման մասին։ Խոսվում է անհամարձակ, մի քիչ երկիմաստ. ասես մենք ինքներս այնքան էլ վստահ չենք, որ դա ՄԵՐՆ է։

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը News.am-ին տված ճեպազրույցում հայտնել է, որ ԼՂՀ Սահմանդրությունը անհրաժեշտ է փոփոխել, ու նրա մեջ պետք է ամրագրել ԼՂՀ ներկայիս փաստացի սահմանները, և «դա պետք է ամրագրվի ոչ թե վերջին, այլ երրորդ-չորրորդ կետերում: Այդ հոդվածը պետք է  չփոփոխվող դրույթի կարգավիճակ ունենա»։
Ճիշտը դա է։ Տեր կանգնենք մեր հաղթանակին, մեր երկրին, պարոնայք։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈՓՈԽԵԼ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Սահմանադրությունն ինքնին աջակցում է պետության կայացմանն ու զարգացմանը, բայց  պարտավորեցնում է կարգուկանոնի և ինքնակազմակերպման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունն իր գործունեության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով կատարել է իր դերը:
«Սակայն կարևոր է հասկանալ, որ Սահմանադրությունն ինքն առաջընթաց չէ: Հանուն առաջընթացի հանդես է եկել ժողովուրդը, իսկ Սահմանդրությունը մեզ աջակցել է այդ հարցում»,- ընդգծել է նա:

Խոսելով ԼՂՀ հիմնական օրենքի հնարավոր  փոփոխման մասին, Վահրամ Աթանեսյանը նշել է, որ Սահմանադրությունը փաստաթուղթ է, և ինչպես ցանկացած փաստաթուղթ, կարիք ունի համապատասխանեցման ժամանակակից մարտահրավերներին: «Օրինակ, իմ կարծիքով, հարկավոր է փոփոխել ԼՂՀ Սահմանադրության վերջին՝ 142-րդ հոդվածը,  որն ամրագրում է երկրի պետական սահմանը»,- նշեց Աթանեսյանը՝ ընդգծելով, որ Սահմանդրության մեջ պետք է ամրագրել ԼՂՀ ներկայիս փաստացի սահմանները: «Իսկ ընդհանրապես՝ դա պետք է ամրագրվի ոչ թե վերջին, այլ երրորդ-չորրորդ կետերում: Այդ հոդվածը պետք է  չփոփոխվող դրույթի կարգավիճակ ունենա»,- եզրափակեց արցախցի խորհրդարանականը:




ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԱՂԵՏ ԿԴԱՌՆԱ

Ոչ-ոք լրջորեն չի վերաբերում առաջիկա երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման Ադրբեջանի հնարավորության հավանականությանը, քանի որ դա կարող է աղետ դառնալ բոլորի համար: Ադրբեջանական «Ազադլըգին» այս կարծիքն է հայտնել, Վաշինգտոնի Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը:

Պատասխանելով հարցին, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամի ընտրությունը կարո՞ղ է ամրապնդել Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, Վաալը պատասխանել է. «Որոշ չափով այո, քանի որ Ադրբեջանի համար դա ղարաբաղյան հարցով ելույթ ունենալու պլատֆորմ է: Բայց, եթե խոսքը գնա ավելի նշանակալի հարցի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, միանշանակ կարող են վետո կիրառել  ՄԱԿ-ի միջոցով խաղաղ բանակցությունների ընթացքում փոփոխություններ կատարելու փորձերի նկատմամբ»,- ընդգծել է փորձագետը:
 NEWS.am




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Կայացել է Բաքվի և Նախիջևանի փախստականների երրորդ համագումարը. նրանք ցանկանում են ստեղծել քաղաքական միավոր, որպեսզի միջազգային ասպարեզում կարողանան բարձրացնել Ադրբեջանի փախստականների իրավունքների ու Զանգելանում քաղաք հիմնելու հարցերը:
Ըստ փախստականների՝ Հայաստանն ու Արցախն այս պահին հակամարտող կողմեր են ու չեն կարող բարձրացնել այդ հարցերը՝ զուտ հակամարտության կարգավորման գործընթացը չվտանգելու համար, մինչդեռ իրենք փախստականների միջազգային նորմերի շրջանակներում իրավունք ունեն խոսել իրենց հուզող խնդիրների մասին:

Նշենք, որ Զանգելանում քաղաք հիմնելու նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Ինչպես փախստականներն են պնդում՝ իրենք ունեն համապատասխան միջոցներ, և ծրագիրը միանգամայն իրատեսական է. «Մոտ 350 ներդրող ցանկություն է հայտնել ֆինանսավորելու այս ծրագիրը: Ազատագրված տարածքներից Զանգելանն ընտրել ենք զուտ բնակլիմայական և անվտանգության պայմաններից ելնելով:
Փասխտականները հավելել են, որ Զանգելանում ցանկանում են քաղաք հիմնել, քանի որ սովոր են քաղաքային պայմաններում ապրել ու չեն կարող գնալ ու զբաղվել գյուղատնտեությամբ՝ «միջնադարյան պայմաններում»:
Բանախոսները տեղեկացրին, որ ծրագիրը ներկայացված է ադրբեջանահայերին, սակայն դեռևս չի ներկայացվել Հայաստանի և Արցախի իշխանություններին, քանի որ մշակման փուլում է:
HayNews.am




Թուրքիայում շարունակում են յուրօրինակ ձևով առերեսվել և գնահատել իրենց պատմությունը: Երբ հայերն էին նույն բանն ասում, թուրքերը վիրավորվում էին, հիմա ով է «վիրավորվելու», երբ թուրքերն են նույն բանն ասում:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net կայքը, լրագրող Սևիլայ Յուքսելիրը Դերսիմի կոտորածը բնութագրել է որպես ֆաշիստական: Լրագրող Սևիլայ Յուքսելիրը, Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Շահին Մենգյուն և Քեմալ Բուրքայը Դերսիմի կոտորածի շուրջ բանավեճ են ծավելել Beyaz Tv թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դառը սուրճ» հաղորդման ժամանակ: Թուրքական «Սաբահ» օրաթերթի փոխանցմամբ՝ բանավեճը թեժացել է հատկապես հաղորդավարուհու՝ Սևիլայ Յուքսելիրի ասած «Հիտլերը դա չէր անի» խոսքից հետո: Հաղորդման հյուրերից պատգամավոր Շահին Մենգյուն խիստ քննադատության է ենթարկել հաղորդավարուհուն այդ խոսքի համար՝ ասելով. «Այսինքն՝ Աթաթուրքին Հիտլերի հետ էլ համեմատեցիր, հա՞, դեհ, հալա՛լ է քեզ»: Սևիլայ Յուքսելիրն էլ ի պատասխան նշել է. «Էլ մի՛ սկսեք, ի սե՜ր Աստծո: Մնձուրը վերածվել էր արյան լճի: Կներեք, բայց նման կոտորած միայն Հիտլերի ուղեղով մեկը կարող էր անել»:

 Վաղ թե ուշ Աթաթուրքին էլ են հանելու դամբարանից և ինչպես նախկին ԽՍՀ երկրներում էին Լենինի արձաններն ապամոնտաժում, այդպես էլ մի օր Աթաթուրքի արձաններն են ապամոնտաժելու Թուրքիայում, քանի որ արյան ու կոտորածների վրա կառուցված համակարգն ապագա չի կարող ունենալ:
Armweeklynews.am



Lezgistan.tv/com կայքում «Դու հայ ես» խորագրով հոդված է զետեղվել, որտեղ լեզգի հեղինակը մասնավորապես գրել է. «Բազմիցս շփվելով ադրբեջանցի լրագրողների ու բլոգերների հետ՝ անընդհատ լսում եմ՝ «ի՞նչ է՝ դու հա՞յ ես» արտահայտությունը: Եթե սկզբում նման երևույթը մեզ մոտ ծիծաղ էր առաջ բերում, ապա վերջերս մտածելու տեղիք է տալիս: Փաստորեն, ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ ունեցած հիվանդագին սարսափը վերածվել է շիզոֆրենիայի, քանզի լեզգիները, թալիշները, մյուս ազգային փոքրամասնությունները եթե փորձեն բառ իսկ ասել թուրքիզմի դեմ, իսկույն կվերածվեն հայերի: Այնուհանդերձ, բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Հեյդարիզմի ջատագովներն իրականում շատ լավ տեղեկացված են բնիկ ժողովուրդների թվաքանակի մասին, որ բանակում հմուտ սպայական կազմի մեծ մասը լեզգի է ու թալիշ, իսկ հակամարտության վերսկսման դեպքում նրանք կկանգնեն յուրայինների, այլ ոչ թե Բաքվի ղեկավարության կողքին...

Ուրախալի փաստ է, որ ուդինները, լեզգիներն ու թալիշները հետզհետե ավելի ու ավելի շատ գիտելիք են ձեռք բերում իրենց բազմադարյա պատմության և ծագման մասին, ինչի հետևանքով էլ դյուրին կերպով հերքվում է ադրբեջանցիների հորինած սին գաղափարախոսությունը: Վերջին 20 տարիների ընթացքում մեզ թունավորել են՝ իբր հայերը մեր առաջին թշնամիներն են, իսկ ադրբեջանցիներն ու մենք եղբայրներ ենք, սակայն հենց այդ չակերտավոր եղբայրները թույլ չեն տալիս անգամ, որ մենք մեկ ռադիոկայան ունենանք, տարիներով հալածում են մեզ...»:
blog.liberal.am



«Ի՞նչ է զգում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, երբ էկրանին տեսնում է իր նախագահին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նստավայրում կամ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողության առաջ ելույթ ունենալիս: Հպարտությո՞ւն, հետաքրքրվածությո՞ւն, ինքնավստահությո՞ւն, պետականության զգացո՞ւմ: Չգիտեմ: Անձամբ ես անհանգստության, դիսկոմֆորտի զգացում եմ ունենում: Մտածում եմ՝ նորից այս ռուսները: Տեսնես հիմա ի՞նչ են մտածել: Մեր ո՞ր հերթական ստրատեգիական հարստությունն են պատրաստվում գրոշների գնով ձեռք բերել ու փոշիացնել: Ղարաբաղի հարցով ի՞նչ նոր, հակահայկական փաստաթուղթ են ուզում ստորագրել տալ ու մի կողմ քաշվել: Մեր ո՞ր հարևանի դեմ են ուզում հերթական անգամ մեզ տրամադրել ու տարածաշրջանում որպես գործիք կիրառել,- գրված է «Հրապարակ» թերթի խմբագրականում:- Երբ Ռուսաստանի հետ մեր առնչությունները և պատմական փաստերը դնում ես կողք-կողքի, երբ սկսում ես թվարկել, թե իր քաղաքական շահերի ու նպատակների պրիզմայում ինչպես է Ռուսաստանը մեզ ավանդաբար օգտագործել, պարզապես սարսափում ես հայ ազգի անհեռատեսության, միամտության, սեփական շահը չգիտակցելու կործանարարությունից:

Ասում են՝ խելոքը դասեր է քաղում ուրիշի սխալներից, իսկ հիմարն անգամ իր սխալներից չի կարողանում հետևություններ անել: Ցավոք, պատմության և իրականության փաստերի թեթևակի քննությունը համոզում է, որ մենք վերջինի դերում ենք: Ոչ միայն չենք կարողանում կտրել Ռուսաստան-Հայաստան պորտալարը, այլև տարեցտարի ավելի ենք խորացնում այն անդունդը, որտեղ մեզ մղում է մեր «ավագ եղբայրը»: Մինչդեռ խելքի ամենափոքրիկ առկայության դեպքում անգամ կհասկանայինք, որ մեր փրկությունը կշռաքարի նման մեր վզից կախված այդ բեռից օր առաջ ազատվելն է»:



Ղարաբաղում կիսում են ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին մեր մոտեցումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգությունը» հետևողական կերպով հայտարարել է Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով համապատասխան նախագիծ: Կառավարող կոալիցիան քվերակության համար անհրաժեշտ քվորում չապահովեց, և նախագիծը չընդունվեց: Հայաստանի ղեկավարությունը պաշտապանում է այն դիրքորոշումը, թե Արցախի ֆորմալ ճանաչումը տվյալ պահին չի համապատասխանում բանակցային գործընթացում հայկական կողմի շահերին:

«Մենք շարունակում ենք բավականին ակտիվ շփումները Ղարաբաղի մեր գործընկեր-խորհրդարանականների և լայն հասարակայնության հետ: Արցախում գիտեն մեր մոտեցումների մասին և պաշտպանում են ԼՂՀ անկախության ճանաչման մեր գաղափարը: Գաղափարն աջակցություն է  գտնում, քանի որ Ղարաբաղը վստահ առաջ է շարժվում քաղաքական զարգացման ուղղությամբ»,- ավելացրեց պատգամավորը:



Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը՝ պատասխանելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Լիբանանի դիրքորոշման մասին հարցին:
Սուլեյմանը նաև նշել է, որ այստեղ Լիբանանի դիրքորոշումն անփոփոխ է. «Ադրբեջանն այդ հարցը փորձել է քննարկել Իսլամական կոնֆերանսի ընթացքում, բայց մենք այդ և նմանատիպ այլ կազմակերպություններում միշտ դեմ ենք եղել Հայաստանին դատապարտող որոշումների ընդունմանը»: Սուլեյմանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և գերտերությունները պետք է ամեն ջանք գործադրեն ղարաբաղյան հարցի կարգավորման համար, որպեսզի խաղաղություն տիրի:
NEWS.am




ՊԱՍԿԱԼԵՎԱՆ ՆՈՐ ՖԻԼՄԱՇԱՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Բուլղարուհի հեռուստառեժիսոր, օպերատոր և սցենարիստ Ցվետանա Պասկալևան նոր ֆիլմաշար է պատրաստել, որը բաղկացած է 7 մասից և զետեղված է երկու սկավառակի վրա: Ֆիլմաշարը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ սկզբից մինչև Շուշիի գրավումը։ «Ղարաբաղի վերքերը» խորագրով այս ֆիլմի տեսագրությունները մշակվել են լավագույն տեխնոլոգիաներով՝ ԱՄՆ-ում, որտեղ էլ արտոնագրվել ու թողարկվել է։ Այս պահին այս ֆիլմն արցախյան հակամարտության պատմության մասին եզակի նախաձեռնություն է:

Ֆիլմաշարի յոթ մասերը ներկայացնում են հակամարտությունն՝ ըստ ժամանակագրության և ռազմավարական փուլերի։ Առաջին մասը՝ «Հույսի բարձունքները» (1991թ.) Շահումյանի բարձունքների և երբեք չմեռնող հույսի մասին է։ Երկրորդը՝ շրջափակման դաժան շրջափուլի մասին է, երբ արդեն հանձնվել էին Շահումյանն ու Մարտակերտը, և ամենօրյա ռմբակոծությունները ավերակ էին դարձրել Ստեփանակերտը։

«Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» մասում Պասկալևան պատմել է պատերազմի մասին՝ առանց ռազմական գործողությունների՝ ծերերի ու երեխաների, որբերի ու այրիների կյանքը երկրում, ուր պատերազմ է։ «Ես այն ժամանակ շատ միամիտ էի, կարծում էի, իմ պատրաստած ամեն մի ռեպորտաժն ու հաղորդած լուրը կարող են ինչ-որ բան փոխել իրադարձությունների զարգացման մեջ»,- ասել է նա։ Չորրորդ ֆիլմն անդրադառնում է հայկական փոքրաթիվ ջոկատներից ազգային բանակի կազմավորմանը։ Հինգերորդը ներկայացնում է զինվորագրված մտավորականներին՝ տարբեր բնույթի և մասնագիտությունների տեր մարդկանց, որ թողել էին իրենց կյանքն ու մարտի դաշտ եկել։ Վեցերորդը հրադադարի շրջանն է ներկայացնում՝ ավերակներից մաքրվող քաղաք, վերակառուցված ծննդատուն ու նորածինների կտրուկ աճ։

Իսկ որպես ամփոփում՝ ներկայացվում է Շուշիի ազատագրումը։ «Այսօր, քսան տարի անց, ես կարող եմ յուրօրինակ հաշվետվություն տալ։ Այս հաշվետվությանը ես մոտեցել եմ առանձնահատուկ պատասխանատվությամբ, յուրաքանչյուր բառի և կադրի տակ կարող եմ դնել ստորագրությունս»,- ասել է Պասկալևան։

Վեց լեզուներով ներկայացվող այս ֆիլմաշարն, ըստ հեղինակի, մեծ ազդեցություն կունենա միջազգային հանրության կարծիքի վրա։ Սակայն նա առավել կարևորում է այն ուղերձը, որ պիտի ստանա հայ երիտասարդն այս պատումից, քանի որ «պետք է իմանալ այն գինը, որ վճարվել է Արցախի ազատագրության համար»։
zham.am




ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵ՞Ր, ԹԵ՞ ԴԻՎԵՐՍԻԱ...

«Ներկա հեռուստաընկերությունների քաղաքականությունը ես անվանում եմ հակապետական և հակահայկական դիվերսիա և պատրաստ եմ ստորագրել ասածիս տակ»,- հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը՝ ավելացնելով, որ այսօրվա հեռուստասերիալներն ավելի մեծ վնաս են հասցնում մեր երկրին, քան թուրքական ու ադրբեջանական ամբողջ քարոզչությունը՝ միասին վերցրած:

Ուսումնասիրվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 հեռուստասերիալ՝ «Աննա 2», «Ժառանգներ» և «Վերադարձ»: Պարզվել է, որ այդ հեռուստասերիալներում գերակշռում է ագրեսիվ բովանդակությունը, ինչը կարող է ձևավորել ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ: «Այդ սերիալներում միմյանց նկատմաբ ագրեսիա էին դրսևորում սոցիալական և սեռական բոլոր խմբերը՝ երեխան՝ ծնողների նկատմամբ, ծնողները՝ երեխաների, եղբայրը՝ քրոջ, ղեկավարը՝ աշխատակցի, տղամարդը՝ կնոջ և այլն,- ասում է նա,- իսկ այդ ագրեսիվ կամ դեպրեսիվ հուզական տրամադրվածությունը փոխանցվում է նաև լսարանին՝ հասարակության կոնֆլիկտայնության մակարդակը բարձրացնող պոտենցիալով»:

Նրա կարծիքով՝ պետությունը վաղը լուրջ խնդիրներ կունենա, քանի որ իր գլխին պատուհաս կդառնան հենց այն հակասոցիալական, գողական ենթամշակույթը կրող կերպարները, որոնց համար խորթ են պետության շահերը, պետությանն օգտակար արժեքները, և որոնք «վխտում են» անգամ իր կողմից ֆինանսավորվող Հանրայինի եթերում: Բացի այդ, սերիալներում ներկայացվող մռայլ, բացասական մթնոլորտը, գումարվելով երկրում տիրող սոցիալ-քաղաքական դժգոհություններին, կարող է ավելացնել բողոքական տրամադրությունները:
ankakh.com




ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳՐՈՇՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ՈՐՈՆՔ ՆՐԱՆԻՑ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ՝ ՀԱՐԿԵՐ ՉՎՃԱՐԵԼՈՎ»

Հանրահայտ գործարար և բարերար Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ համացանցում հայտնված հարցազրույցը, որը նա Ֆրանսիայից հեռախոսով տվել էր «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը, մեծ և դրական արձագանք է առաջացրել: Ցավոք, էժանագին սենսացիաների սիրահար որոշ լրատվամիջոցներ հարցազրույցի անոնսը բավականին պարզունակ ձևով էին ներկայացնում՝ իբր Գանձասարի պատմությունից վիրավորված գործարարը պատերազմ է հայտարարել գործող իշխանություններին: Այդ պարզունակ դատողությունները թողնում ենք դեղին մամուլի խղճին և ձեր ուշադրությանը ներկայացնում հատվածներ՝ Լևոն Հայրապետյանի հարցազրույցից:

«Հայաստանում այսօր ծաղկում է ցինիզմը: Իհարկե, Հայաստանի ներկա ղեկավարներն ուզում են ինչ-որ բան անել, բայց չեն կարողանում, քանի որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծված համակարգի «պտուղներն» են»:

«Կաշառակերությունը խաթարում է մեր պետականության հիմքերը, խարխլում պետությունն ու ազգը: Կոռումպացված պետությունը ժանգոտ մեքենա է, որը վաղ, թե ուշ քայքայվում է և դադարում կատարել իր գործառույթները: Դա ամենավտանգավոր երևույթն է ցանկացած երկրի համար, առավել ևս Հայաստանի, որը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրադրության մեջ և անավարտ պատերազմի պայմաններում: Հայաստանի հետագա գոյությունը հնարավոր է միայն կոռուպցիան ամբողջովին արմատախիլ անելու պարագայում: Հայաստանի «լինել-չլինելու» հարցը պայմանավորված է նրանով, թե կհաջողվի՞ արմատախիլ անել այդ չարիքը:

Կոռուպցիան Հայաստանում փթթում է, քանի որ աջակցություն է ստանում ամենաբարձր մակարդակով: Կոռուպցիա Հայաստանում եղել է նաև խորհրդային տարիներին, բոլոր խորհրդային հանրապետություններում է եղել, հատկապես Հայաստանում և Վրաստանում: Հետո եկան ժողովրդավարական նոր ժամանակները, իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ անկախ Հայաստանում հենց նա դրեց կոռուպցիայի հիմքը, ընդ որում՝ Հայաստանի համար ամենադժվար տարիներին, երբ չկային էլեկտրականություն, գազ, հաց և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Հաջորդ իշխանություններն «աճել են» են այդ հողի վրա, դրա համար էլ կոռուպցիան Հայաստանում համարվում է նորմա, այն «քսայուղի» դեր է կատարում պետական մեխանիզմի աշխատանքի համար, բայց այդ «քսայուղը» կործանարար է: Իշխանությունները պետք է դա հասկանան: Ամենասարսափելին այն է, որ իշխանությունները կոռուպցիան նորմալ երևույթ են համարում»:

«Ես Ազնավուրին Հայաստանի, հայ ժողովրդի իսկական նվիրյալն եմ համարում: Շառլի սիրտը ցավում է, երբ հեռվից տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես հանդիպել եմ նրա հետ, զրուցել: Նա արևմտյան արժեքներով է դաստիարակված, նրա համար վայրի է այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Կոռուպցիոն երևույթները բնորոշ են նաև մյուս հետխորհրդային երկրներին, բայց այն կործանարար է հատկապես Հայաստանի համար, որը, կրկնում եմ, աշխարհաքաղաքական մեծ վտանգների է բախվում»:

«Ես առաջարկում եմ իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա. կազմել որոշ մարդկանց ցուցակը և նրանց «հարցերը լուծել», բայց նախ պետք է ստիպել, որ այդ մարդիկ վերադարձնեն Հայաստանից դուրս հանած, ավելի ճիշտ՝ գողացած փողերը: Դա լավ խթան կդառնա, բացի դրանից՝ հնարավոր կլինի նաև արտաքին պարտքը մարել և բարձրացնել հարկահավաքության մակարդակը: Այդ ցուցակը բոլորին հայտնի է:

Այսօր հեռուստատեսությամբ կարելի է անընդհատ տեսնել, թե ինչպես են որոշ օլիգարխներ ինչ-որ կոպեկներ բաժանում մարդկանց՝ վաստակելով բարեգործի անուն, իսկ հետո էլ այդ հիմքի վրա կառուցում են իրենց քաղաքական նպատակները և դառնում պատգամավորներ ու քաղաքական գործիչներ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ նրանց բաժանածը կոպեկներ են, ընդ որում ժողովրդից գողացված, և որ նրանք օլիգարխ են դարձել չմուծած հարկերի շնորհիվ: Այդ չմուծված հարկերից նրանք ժողովրդին կոպեկներ են բաժանում՝ որպես ողորմություն»:

«Սփյուռքահայերը Հայաստանին օգնում են իրենց խիղճը հանգստացնելու համար: Բայց Հայաստանին ավելի ընդգրկուն օգնելուն խանգարում է երկրում ծաղկող կոռուպցիան: Սփյուռքահայերի համար խորթ է հնչում, երբ Հայաստանում նախարարը, ում աշխատավարձն ընդամենը մի քանի հարյուր դոլար է, միլիոնատեր է դառնում, ինչի մասին բոլորը գիտեն: Հայաստանում լավագույն բիզնեսը, որքան էլ տարօրինակ և վիրավորական հնչի, վարչական պաշտոն զբաղեցնելն է: Մի խոսքով՝ պետք է սկսել «Ցուցակ» օպերացիայից»:

«Գանձասարի շուրջ աղմուկը բարձրացրել են շինարարական որոշ մրցակից ընկերություններ, որոնց թիկունքին վարչական զորեղ ուժեր կան: Նրանք այդ աղմուկը բարձրացրել են ինձ վարկաբեկելու համար, քանի որ իմ պատվերները իրենց բաժին չի հասել: Ես Հայաստանում բիզնես չունեմ, միայն բարեգործական ծրագրեր եմ իրականացնում՝ ճանապարհների, հիվանդանոցների, դպրոցների շինարարություն...»:

Այն փաստը, որ Հայաստանում բարձրաստիճան զինվորականները շքեղ մեքենաներ են վարում՝ Հայրապետյանը բացատրում է նրանց թերարժեքության բարդույթով, քանի որ ոչ մի սպա չի կարող իր աշխատավարձով թանկարժեք մեքենա գնել: «Մենք չունենք պետական գործիչներ պատրաստելու դպրոց: Բոլորը համարում են, որ նախարար կամ պետական գործիչ դառնալու համար առանձնապես կրթություն պետք չէ: Դառնում ես ղեկավար և փողերը գրպանդ դնում: Պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար բավական է լինել երկրի առաջին դեմքի ընկերը կամ բարեկամը»:

«Ես ուզում եմ որակյալ հեղափոխություն, որը չի անդրադառնա Հայաստանի արտաքին անվտանգության վրա: Օպերացիայի կենտրոնում պետք է լինի «Ցուցակ» հասկացությունը: Փոքր Հայաստանում կարելի է կես տարում կարգուկանոն հաստատել՝ առանց կորուստների: Պետք է փոխառել միջազգային փորձը և կարգի բերել ամեն ինչ, որպեսզի խոշոր հարկատուների ցուցակում խոշոր ընկերությունները չզբաղեցնեն ասենք 50-րդ կամ 114-րդ տեղը: Պետք է խթանել ոչ թե ժողովրդի, այլ արհեստական մոլախոտ-օլիգարխների արտագաղթը: Հայերը ուժեղ կամքի տեր ժողովուրդ են, նրանց չեն կարող կիսագրագետ, թերզարգացած մարդիկ ղեկավարել»:

«Հայաստանի Զրուցակից»




ԿՅԱՆՔԻ 90 ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ

Մեզ հայտնի դարձավ, որ Արցախի պետհամալսարանի բազմավաստակ դասախոս, հոգեբան, հրապարակախոս Գրիգոր Դանիելյանը առաջացած տարիքի պատճառով ինքնակամ դադարեցրել իր աշխատանքային գործունեությունը:
Տպագրում ենք նրա նամակ-դիմումը ԱրՊՀ ղեկավարությանն ու իր գործընկերներին։ Միաժամանակ, շնորհավորում ենք վաստակաշատ մտավորականի 90-ամյակը, նրա ստեղծագործական գրչին մաղթում նոր փայլատակումներ:


Բաց նամակի կարգով

Ձեզ է դիմում՝ ձեր երկարամյա տարիների գործընկեր Գրիգոր Դանիելյանը՝ հետևյալի մասին.
Բնության անպարտելի օրենքը, որի անունն է տարիք, պահանջում է, որ ես ինքնակամ դադարեցնեմ աշխատանքային գործունեությունս և հեռանամ իմ պաշտելի համալսարանից… (բայց ոչ ձեզնից): Քանի որ, ինչպես ասում են, գնացքը մոտենում է վերջին կանգառին, ես ինքս հարմար գտա արժանավայել կերպով կատարեմ այդ քայլը:

Բոլորդ գիտեք, որ գրեթե կես դար է մենք միասին կերտել ենք արժանի կադրեր՝ մեր փոքրիկ երկրամասի տարբեր բնագավառներում աշխատելու համար: Մեզանից ամեն մեկն իր բաժին ջանքն է դրել համալսարանի կայացմանը: Այդ թվում՝ նաև ես: Իմ կատարածը ես չեմ, որ պետք է գնահատեմ: Այդ պատիվը ձեզ է պատկանում:

Ինչպես գիտեք, ես երբեք չեմ ձգտել մեծարվել, ճռճռան կոչումներ կորզել: Շնորհակալություն եմ հայտնում ինձ գնահատող մտերիմ ընկերներիս և բազմաթիվ ուսանողներիս, որոնցից շատերը, այսօր զբաղեցնելով բարձր պաշտոններ, իմ տվածի համար երախտագիտությամբ և հարգանքով են վերաբերվում ինձ: Դա ես համարում եմ իմ սեփական հարստությունը, որը ոչ ոք չի կարող խլել կամ գողանալ ինձնից:
Գոհ եմ նաև նրա համար, որ չնայած անարդար դատապարտվեցի և աքսորվեցի իմ հարազատ հայրենիքից, բայց ես տեսա, որ ազատազրկվելը դուռ է բացել իմ հայրենիքը Ադրբեջանի բռնաճնշումներից ազատելուն։ Ուրախացա, քանի որ դրա կերտման մեջ ես ևս ունեմ ներդրումներ թե՛ Հայաստանում և թե՛ այստեղ…

Գոհ եմ նաև, որ հասել եմ պատկառելի տարիքի: Զարմանքի համար նշեմ, որ ես բռնակալ Հեյդար Ալիևից մեծ եմ… Բայց նա վաղուց արդեն… իսկ ես՝ դեռ… չնայած որ դատապարտության տարիներին նմանվել եմ այն ուղտին, որ ասեղի ծակով անցնելուց աղավաղել է, ինչպես ասում են, իր ֆիգուրան:
Չեմ փոշմանում իմ ընդվզումների համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնատիրության, որի պատճառով ԼՂԻՄ-ի ՊԱԿ-ը ինձ բանտարկեց, «հիմք ունենալով» հատկապես իմ ազգապաշտ գործունեությունն ու հայրենասիրական պոեմը՝ Շուշիի հրդեհակոծման մասին՝ 1920 թ. մարտի 20-ին… Ինձ վերցրին կալանքի՝ ասելով՝ «գնա և պոեմդ շարունակիր Շուշիի բերդում»:

Գլուխ չեմ պահել, շատ ու շատ անգամ առճակատման եմ գնացել նախկին բռնակալների դեմ: Նժարից նժար չեմ թռել, բայց միշտ հավատարիմ եմ մնացել սեփական համոզմունքներիս: Միշտ ձգտել եմ հանդուրժողական լինել, անգամ ինձ «կծողների» նկատմամբ… Գուցե հենց դա է եղել իմ երկարակեցության գաղտնիքը:

Գոհ եմ նաև նրա համար, որ այսօր արժանապատվորեն եմ հեռանում համալսարանից: Միջանկյալ նշեմ, որ նախաձեռնել եմ հուշագրության ժանրով թղթին հանձնել իմ ապրած խորդուբորդ կյանքի տարեգրությունը՝ ներառելով այն մարդկանց, որոնք ջերմություն և դառնություն են տվել ինձ՝ լինի դա Հայաստանում կամ այստեղ… Կյանք է… Կրկին ընդգծեմ, որ միշտ կապված եմ լինելու ձեզ հետ, քանի որ ես գոհ եմ թե ձեզնից, թե ինձնից՝ մեր փոխադարձ սիրո և բզկտումների համար: Միևնույն է, ես սիրում եմ բոլորիդ անկեղծորեն…

Միշտ ձեր բարին կամեցող՝
ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
26.08.2011




ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սույն թվականի փետրվարի 4-6-ը Գերմանիայում տեղի է ունեցել Մյունխենյան անվտանգության խնդիրներին նվիրված 47-րդ համաժողովը, որին մասնակցել են 12 երկրի նախագահներ (այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը), 36 երկրների ԱԳ և պաշտպանության նախարարներ, 70 միջազգային պատվիրակություններ. ընդհանուր առմամբ՝ 350 մասնակից: Բանակցել են աշխարհի անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ:

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը այդ համաժողովում խոստովանել է, որ մուլտիկուլտուրիզմի քաղաքականությունը տապալվել է: Ըստ Կեմերոնի, հանդուրժողականությունը, որ հիմնված է այլոց գործերին չմիջամտելու վրա, ովքեր մերժում են արևմտյան արժեքները, իրեն չի արդարացրել: Պետք է անցնել «մկանային լիբերալիզմի», որի դեպքում ազգային իդենտիֆիկացիան ձևավորվում է ժողովրդավարության, հավասար իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաշվին: Որպես միջոցներից մեկը վարչապետն առաջարկում է զրկել ֆինանսական աջակցությունից և համալսարանական ավաններից վռնդել այն կազմակերպություններին, որոնք կշիռ ունեն մուսուլմանական հասարակության մեջ, սակայն չեն կողմնորոշվել արևմտյան արժեքների հարցում:

 Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է. «Պետական մուլտիկուլտուրիզմի դոկտրինի շրջանակներում բրիտանական իշխանությունը խրախուսել է մշակույթների առանձին գոյակցությունը: Դա հանգեցրել է ազգային իդենտիկության պակասի, ինչն էլ, իր հերթին, բրիտանացի երիտասարդ մուսուլմանների մոտ հետաքրքրություն է խթանել ծայրահեղական գաղափարների հանդեպ: Եթե մենք ուզում ենք հաղթահարել այս սպառնալիքը, կարծում եմ, ժամանակն է շրջել տապալված մեթոդներով անցյալի էջը»:

 Նշենք, որ 2010-ի սեպտեմբերին նման հայտարարություն է արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Դեռ ավելին, Ֆրանսիայում ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են կանանց չադրա կամ հիջաբ կրելը, ինչպես նաև՝ փողոցներում աղոթելը:
 Բելգիայում նույնպես օրենք է ընդունվել, որն արգելում է հասարակական վայրերում չադրա և մուսուլման կանանց գլուխն ու դեմքը ծածակելու համար նախատեսված այլ շորեր կրելը:

 Մյունխենյան համաժողովին մասնակցած ՀՀ նախագահը, բնականաբար, հետևություններ է արել ու, վերադառնալով հայրենիք, հրահանգներ տվել երկրի անվտանգության հարցերով զբաղվող համապատասխան մարմինների ղեկավարներին: Իհարկե, մուլտիկուլտուրիզմը Հայաստանին (ՀՀ և ԼՂՀ) չի սպառնում ինչպես եվրոպական երկրներին, բայց ո՞նց կարող է դրա այլընտրանքը չկիրառեն մեր սրտացավ արտասահմանյան «բարեկամները»:

 Անցյալ դարի 90-ական թվականներին, երբ եվրոպական երկրները վայելում էին մուլտիկուլտուրիզմի նախնական շրջանի «ժաժ» ու խակ պտուղները և հպարտանում տարբեր մշակույթ ու հավատ ունեցող ազգերի խաղաղ գոյակցությամբ, Հայաստան են գործուղել աշխարհում գոյություն ունեցող 24 հիմնական կրոնական ուղղություններից 15-ի ներկայացուցիչներին: Նպատակը շատ պարզ է՝ մոնոէթնիկ Հայաստանը, որտեղ բնակչության 97%-ը հայեր են, բաժանել իրար չհանդուրժող կրոնական համայնքների: Իսկ, արդյո՞ք հայը հայ չի մնում, որ հավատափոխ կամ դավանափոխ է դառնում: Աղանդավորները, մի՞թե նույն հայերը չեն: Նման հարցերին պատասխանելու համար, միամտորեն հարցնենք, որ եթե նույն հայերն են, ինչո՞ւ են Մայր Հայրենիքում ազգային եկեղեցին թողնում (չենք ասում՝ հեռանում, քանի որ շատերը Հայ Եկեղեցու հավատացյալներ չեն էլ եղել) ու այլ կասկածելի «եկեղեցիների» կամ հարանուն եկեղեցիների որդեգրվում, և ինչո՞ւ են այդ նպատակի համար դրսի ուժերը միլիոնավոր դոլարներ ծախսում: Ի՞նչ է, նրանք բան ու գործ թողած Հայաստանի մասին են մտածում:

 Որ իրոք կրոնը և հավատը կարող է հային այլ որակի հայ դարձնել, համոզվելու համար բավական է մի քանի րոպե զրուցել ցանկացած «Եհովայի վկայի» հետ, և ամեն ինչ պարզ կդառնա: Մյուս աղանդավորների հարցը մի քիչ այլ է, քանի որ նրանք «երկրորդ գծում» են աշխատում, ծպտված են, կարողանում են թաքցնել իրենց իրական դեմքը: Պարզաբանենք, թե ի՞նչ է «երկրորդ գիծը»: Թեթև ատլետները գիտեն, որ խմբային մրցավազքի ժամանակ փորձառու թիմը ունենում է «նապաստակ»՝ վազորդ, ով հենց առաջին իսկ վայրկյանից պոկվում է առաջ և, ինչքան հնարավոր է, արագ վազում: Մյուս թիմի վազորդները, ովքեր ծանոթ չեն նման տակտիկական քայլին, իսկույն հետևում են «նապաստակին» և փորձում հասնել նրան, իսկ թիմակիցները ըստ նախանշված գրաֆիկի հանգիստ վազում են: Արդյունքում՝ հոգնում են մրցակիցները, իսկ «նապաստակի» թիմակիցները հանգիստ հատում են եզրագիծը և հաղթում:

Գաղտնիք չէ, որ բոլոր աղանդավորները և մի շարք եկեղեցիներ ղեկավարվում են միևնույն կենտրոնից: Կենտրոնն է որոշում, թե որ կրոնական կազմակերպությունն է ստանձնելու «նապաստակի» պարտականությունը: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. տվյալ երկրի իրավապահ մարմինները վազում են «նապաստակի» հետևից՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով նրա վրա, իսկ մյուս աղանդավորները և եկեղեցիները հանգիստ «երկրորդ գծում» աշխատում են:

Հիմա անցնենք առավել ցավոտ հարցի՝ արդյո՞ք Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանականը եկեղեցիները Հայկական բարձրավանդակում կարող են ալընտրանք լինել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Այդ հարցին բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, բայց նորից հավելենք, որ Հիսուսի աշակերտներ Թադևոսը և Բարդուղեմեոսը 1-ին դարում եկել են Հայաստան ու տարածեցել Քրիստոսի կենդանարար խոսքը և հիմնադրել առաքելական եկեղեցին:

Մի՞թե Թադևոս և Բարդուղեմեոս առաքյալները Հիսուսի Ավետարանը թերի են քարոզել, մի՞թե Գրիգոր Լուսավորիչը, Ներսես Մեծը, Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Գրիգոր Տաթևացին և մյուս հայ սրբերն ու երևելիները Քրիստոսի կենդանարար խոսքը ճիշտ չեն փոխանցել մեզ, մի՞թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շեղված է Սուրբ գրքից և Եկեղեցու հայրերի ուղղափառ վարդապետությունից: Եթե ոչ, ապա Հայոց բնակության սահմաններում ցանկացած այլ եկեղեցու գոյություն նախ և առաջ մեղաչանք է Թադևոս և Բարդուղեմեոս առաքյալների հիշատակի առաջ:

Վերոնշյալ հարցին անդրադարձել է հայ մշակույթի երախտավորներից մեկը՝ Մխիթար Սեբաստացին իր հայտնի պատգամում: Կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետևորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայկական բարձրավանդակը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները՝ Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին: Իսկ հիմա, ինչո՞վ են զբաղված հայ կաթոլիկները, այդ թվում՝ Մխիթարյան միաբանները, Հայաստանում, որոնց թիվը, եթե հավատանք վիճակագրությանը, կազմում է 180 հազար:

Իսկ Հայ Ավետարանականները ինչո՞վ են զբաղված Հայստանում (ՀՀ և ԼՂՀ): Նախ հիշենք, թե երբ է առաջացել հայ բողոքականությունը:
1846 թվականի հուլիսի 1-ին 37 տղամարդ« 3 կին, մի քանի միսիոներների հետ միասին Ստամբուլում հավաքվել են միսիոներ Թուայթի տանը, ապա Աստվածաշնչի ընթերցումից և աղոթքից հետո ընդունել միսիոներների օժանդակությամբ պատրաստված, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցու կանոնադրությունը։ Ապա հատուկ հրավերով ներկա գտնվող միսիոներները ոտքի ելան և որպես բողոքական ավետարանական «եկեղեցիների» ներկայացուցիչներ՝ հրապարակավ նրանց ճանաչեցին իբրև Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի:

Չորս տարի անց՝ 1850 թվականի նոյեմբերի 27-ին, հայ ավետարանականները պաշտոնական ճանաչում են ստացել օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիթի կոմից« որով վերջինս կարողացել է հայության մի ստվար զանգված բաժանել Մայր եկեղեցուց և օտարացնել հայությունից։ Իսկ բողոքական առաջնորդներ հայերը փաստորեն կամա թե ակամա նպաստել են դրան։ Հայ բողոքականներին օժանդակում էին նաև ամերիկացի բողոքական միսիոներները և Հայ Առաքելական Եկեղեցում թաքնված «բարենորոգչականները» ։

Հայ Առաքելական Եկեղեցին կտրականապես մերժել է, այսպես կոչված բարենորոգչական (բարեկարգողական, մոդեռնիստական) շարժումը« որովհետև Սիմեոն Երևանցի կաթողիկոսի խոսքերով՝ «Մեր Հավատը հնացած չէ, որ նորոգվի և ոչ էլ թերի, որ լրացվի»։ Կոստանդնուպոլսի Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին ազդագիր է արձակել« որով բանադրում (նզովում) էր հայ տխրահռչակ բարեկարգիչներին« հեռացնում Հայ Առաքելական Եկեղեցուց և դադարեցնում նրանց հետ որևէ հաղորդակցություն՝ դրանով նրանց վերջնականորեն զատելով Հայ Առաքելական Եկեղեցուց:

Ավետարանականները այնքան վտանգավոր էին դարձել« որ երբ Մատթեոս պատրիարք Չուհաջյանը (Չուխաճյան)1858 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր գլխավոր պարտականությունն է համարել պայքարել «վասն ուղղափառ դավանանքի և ընդդեմ ավետարանա-բարենորոգչական հերձվածի»: 1861 թ. նա կաթողիկոսական բանադրական կոնդակ է արձակել բողոքականների դեմ« որով քահանաներին պատվիրում էր այդպիսիներին Հայ Եկեղեցի չընդունել և Եկեղեցական Սուրբ խորհուրդներին չարժանացնել:

Մատթեոս Ա կաթողիկոսն իր կոնդակով Հայ Եկեղեցուց վտարվածներին վերստին Եկեղեցի ընդունելու համար նախապայման է դրել« որ նրանք զղջան (ընդունեն իրենց մոլորված լինելու հանգամանքը« զղջան և խոստովանեն)« ընդունեն Առաքելական Եկեղեցու Ծեսերը« Սուրբ Խորհուրդները և Սուրբ Ավանդությունը:
Արևելահայաստանի ավետարանականները մի քանի անգամ փորձել են վայելել Հայոց Եկեղեցու հովանավորությունը։ Գևորգ Գ կաթողիկոսի օրոք (1866-1882 թթ.) նրանք հալածանքներից խուսափելու նպատակով առաջարկել են առանց իրենց համոզմունքները փոխելու ընդգրկվել Հայ Եկեղեցու գիրկը« սակայն, բնականաբար, մերժվել են։

Այնուհետև Խրիմյան Հայրիկի կաթողիկոսութան օրոք (1892-1907 թթ.) նորից նույն առաջարկությունն են արել՝ իրենց վարդապետության մեջ մնալու պայմանով։ Նրանք նաև առաջարկել են« որ իրենց հոգևոր գործիչներին ձեռնադրի Մայր Աթոռը« սակայն նորից պնդելով, որ պահպանեն իրենց դավանանքը։ Այդ խնդրանքը ևս իր լուծումը չի ստացել:
Ավետարանականները 1970 թ. առաջադրել են 1846 թվականի բանադրանքի վերացման և Հայ Առաքելական Եկեղեցու հետ իրենց մերձեցման հարցը« սակայն այն նույնպես իր լուծումը չի ստացել: Եվ դա հասկանալի էր« քանի որ հնարավոր չէր վերացնել բանադրանքը« եթե նախապես վերացված չեն դրա պատճառները։

Վազգեն Առաջին կաթողիկոսը ևս չվերացրեց բանադրանքը« քանզի հակառակ պարագայում Եկեղեցին պետք է ընդուներ« որ ինքն է սխալվում և մեղանչեր Ճշմարտության առաջ։ Ավելին՝ Վազգեն վեհափառը 1972 թ. դեկտեմբերի 30-ի նամակով վերջ տվեց այդ «մերձեցման շարժմանը»։ Նա գրում է« թե պետք է ստուգել« թե հայ ավետարանականները որ չափով և ինչ ձևով են պատրաստ ընդունել Հայ եկեղեցու Դավանությունը« Ծեսը, Նվիրապետությունը և կանոնական ու ավանդական սկզբունքները:

Առայսօր վերոնշյալ բանադրանք-նզովքը Հայ Առաքելական Եկեղեցին չի վերացրել և բոլոր բարենորոգչական-ավետարանական եկեղեցիների հետևորդները դրա տակ են: Թե ինչի կարող են հասցնել միևնույն ազգի տարբեր կրոնական համայնքների գոյությունը, կարող են վկայել Իռլանդիայում՝ կաթոլիկների և բողոքականների անհանդուրժողականությունը, որի պատճառով Իռլանդիան չի կարողանում միավորվել: Իրաքում՝ շիանների և սուննիների հակամարտությունը օգտագործելով ԱՄՆ-ն և այլ ուժեր կարողացան հասնել հաջողությունների: Հնդկաստանում՝ մահմեդականների անջատողականությունը (Ասամ, Քաշմիր, Փենջաբ) այդ երկրին լարված վիճակում է պահում: Սերբական պետության ողբերգության պատճառներից մեկը ևս վերոնշյալն է: Նման օրինակներ կարելի է շատ բերել: Իսկ հայությանը Հայաստանում (և ոչ միայն) համախմբվել է պետք, որին կարող է խանգարել ազգի տարբեր կրոնական համայնքների գոյությունը: Գրում ենք՝ «կարող է խանգարել», որովհետև դեռ նրանց թվակազմը շատ չի անցել կրիտիկական սահմանից:

 Իսկ ինչո՞վ պետք է զբաղվեն հայ կաթոլիկները և հայ ավետարանականները Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ):
 Հայագիտության զարգացման գործում բացառիկ դեր կարող է ունենալ «Մխիթարյան միաբանությունը», որն անուրանալի ու անկրկնելի դեր է կատարել հայագիտության զարգացման ոլորտում՝ հրաժարվելով հայոց մեջ կաթոլիկություն քարոզելու առաքելությունից:

 Հաշվի առնելով Հայ Ավետարանական Եկեղեցու փորձառությունը բարեգործության մեջ, կարող է Հայաստանում կարևոր դերակատարություն ունենալ այդ բնագավառում՝ հրաժարվելով հայոց մեջ բողոքականություն քարոզելու առաքելությունից:
Հայաստանում մուլտիկուլտուրիզմին այլընտրանք է նաև օտարալեզու դպրոցների բացումը: Այդ մասին այնքան շատ է գրվել, որ ավելորդ անգամ չենք ուզում անդրադառնալ:
Բա ասում եք՝ մուլտիկուլտուրիզմը այլընտրանք չունի:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ՈՒՆԵՆ ՓՈՂ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է

Մեր մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարող ես հանդիպել նորակառույց շինությունների, որոնց մեջ մեծ տեղ են գրավում զանազան հանդիսասրահները, բար-ռեստորանները։ Չեմ կարող ասել թե դրանք որքանով են գեղեցկացնում մեր մայրաքաղաքը, բայց որ խանգարում են հասարակության հանգիստը, դա ակնհայտ է։ Խոսքն այն ռեստորանների մասին է, որոնք կառուցված են հենց պետական շենքերի դիմաց։ Դրանց առկայությունն, իհարկե, անհրաժեշտ է, ուղղակի պետք է կառուցելու համար ճիշտ վայր ընտրել։

Նման օբյեկտները գրավում են շենքի երեխաներին պատկանող խաղահրապարակները, մարդկանց զբոսնելու, հանգստանալու տարածքը, նստատեղերը, որոնք պատկանում են այդ շենքի բնակիչներին։ Եվ ակամայից նախանձով ես նայում այն շենքերին, որոնց դիմաց չկան նման հանդիսասրահները, բարեր, որտեղ երեխաներն իրենց բակում իրենց անհոգ մանկություն են վայելում, և մարդիկ ազատ կարող են շրջել այդ տարածքում։ Նաև այնպիսի հանդիսասրահներ, որտեղ գրեթե ամեն օր խնջույքներ ու հանդիսություններ են տեղի ունենում ու մեծ անհանգստությունպատճառում շենքի բնակիչներին, և չգիտես, թե գիշերվա ո՞ր ժամերին կավարտվեն դրանք։

Չեն բացառվում նաև խնջույքների ժամանակ կռիվները, ծեծկռտուքները, որոնք ուղեկցվում են հայհոյանքներով։ Եվ այդ ամենը շենքի դիմաց, բնակիչների աչքի առաջ, որոնց տեսնելը և լսելը տհաճ է նորմալ մարդու համար։ Իսկ երբ այդ խնջույքներին ավելանում է կենդանի երաժշտությունը և ավարտվում է գիշերվա ուշ ժամերին, դու քեզ զգում ես այդ իրադարձությունների՝ «վերջին նստատեղի մասնակից»։

Այդ ամենը խանգարում է հիվանդ մարդկանց, քնած երեխաներին, դպրոցականներին ու ուսանողմներին, նաև այն մարդկանց ովքեր հանգստի կարիք ունեն։ Եվ կատաղությունից ու անկարողությունից ուզում ես ամբողջ ուժով փակել ականջներդ, ոչինչ չլսել, բայց հասկանում ես, որ անօգուտ է։ Էլ ի՞նչ խնջույք առանց խորովածի, որի ամբողջ ծուխը տարածվում է շենքով մեկ, էլ չեմ խոսում փռված լվածքների մասին։ Ճաշերի հոտերն էլ, որոնք շնչում են շենքի բնակիչները, երբեմն գայթակղում, երբեմն էլ զզվանք են առաջացնում։ Էլ չեմ խոսում հրավառությունների մասին, որոնք, բարեբախտաբար, կարծես սկսել են արգելվել քաղաքային իշխանությունների կողմից։

Ի վերջո հանդիսասրահներին մերձակա շենքի բնակիչները պարտավոր չեն իրենց ամեն օր զգալ այդ այնտեղ կատարվող իրադարձությունների մասնակից։ Հաճախ նույնիսկ ամաչում ես պատշգամբ դուրս գալ՝ հատկապես բացօթյա խնջույքների ժամանակ, որովհետև բոլոր նստածները քեզ են նայում և հայտնվում ես անհարմար վիճակում. մարդիկ ուրախանում են, ճաշում, իսկ դու պատշգամբից նայում ես. ինչպիսի՜ «անշնորքություն»...

Կրկին նախանձով ես լցվում այն շենքերի բնակիչների հանդեպ, որոնք հանգիստ կարող են գլուխները դնել բարձին և չզգալ այդ ամենը։ Իսկ ամենաահավորն այն է, որ այդ բար-ռեստորանների շինարարական աշխատանք-նորամուծությունները երբեմն դրանք կառուցելուց հետո էլ չեն վերջանում։ Եվ ամեն օր այդ շինարարական աշխատանքների ձայները սղոցում են բնակիչների նյարդերը։

Այդպիսի բար-ռեստորանների գեղեցկությունը երբեմն միայն այցելուների համար տեսանելի կողմերից է երևում, իսկ հետևի մասը, որը շենքի բնակիչների համար համարվում է գեղեցիկ բացվող տեսարան՝ ծառայում է որպես աղբանոց։ Դե, իհարկե, նրանց թվում է, որ եթե ունեն փող և իշխանություն, կարող են ամեն ինչ անել, կարող են խանգարել հասարակության հանգիստը, կոխկրտել նրա իրավունքները։ Չգիտեմ, թե ինչու են նման շենքերի բնակիչները լռում. երևի կարծում են, թե իրենց ձայնը ոչ ոք հաշվի չի առնի, կամ էլ մտածում են՝ ինչ կարող են անել թույլերն ուժեղների դեմ։ Եվ եթե արտասահմանում գտնվող մեր բարեկամները ամեն ինչ անում են հայրենիքի համար, որ այստեղ ավելի բարեկեցիկ պայմաններում ապրեն՝ գեղեցկացնելով, ընդհարձակելով փողոցները, երեխների համար խաղահրապարակներ կառուցելով, ապա այստեղի բիզնեսմեն հայերն ամեն ինչ անում են այդ պայմանները նեղացնելու համար։ Կարծում եմ, որ մեր կառավարությանը կմտահոգի այս խնդիրը և թույլ չի տա, որ նման կառույցների թիվն ավելանա։

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ԵՐԵԽԱՆԵՐ,  «ՍՐՈՉՆԻ» ՓՈՂ Է ՊԵՏՔ

6-ամյա աղջկաս հետ N 13 երթուղային ավտոբուս նստեցի և փոքրիկին տեղավորեցի ծնկներիս։ Հանկարծ ուշադրությունս գրավեց ավտովարորդի գլխավերևում գտնվող մեծ-մեծ տառերով գրությունը. «6 տարեկանից բարձր երեխաների համար խնդրում ենք վճարել»։
Անմիջապես հիշեցի մի պատմություն։ Մեկին բռնում են դրամապանակ թռցնելիս։ «Ինչո՞ւ էիր տիկնոջ դրամապանակը գողանում»,- հարցնում է ոստիկանը։ «Կներեք, սրոչնի փող էր պետք»,- եղավ պատասխանը։

Երևի մեզ մոտ որոշ ավտովարորդների նույնպես «սրոչնի» փող է պետք, հակառակ դեպքում նրանք իրենց ձևով չէին սրբագրի բոլորիս հայտնի չգրված օրենքը, ըստ որի՝ երթուղային տրանսպորտում երեխաների համար վճարում են 7 տարեկանից։ Կարծում եմ՝ «6 տարեկանից բարձր» և 7 տարեկան երեխաների միջև տարբերությունը շատ մեծ է։
Այս «անմեղ» գրության պատճառով երևի բազմաթիվ ծնողներ վճարել են «6 տարեկանից բարձր», բայց դեռևս 7 տարին չլրացած իրենց երեխաների համար։ Մինչդեռ մինչև 7 տարեկան երեխաները երթևեկում են անվճար։

Ուզում եմ անդրադառնալ երթուղային տրանսպորտի հետ կապված մի այլ խնդրի։ Մոտ 1-2 տարի առաջ, անսալով բազմաթիվ քաղաքացիների բողոքներին, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից երթուղային տրանսպորտ էր գործում դեպի Թումանյան և Ալեք Մանուկյան փողոցները։ Հատկապես երբ Թումանյան փողոցում է գտնվում կրթա-մշակութային համալիրը, որտեղ սովորում են նաև հանրապետական հիվանդանոցի մերձակայքում, Արմենավանում ու Հայկավանում ապրող բազմաթիվ երեխաներ։ Նաև այլ հիմնարկներ ու հաստատություններ։

Ստացվում է, որ փոքրիկ մեր քաղաքում մի տեղ գնալու համար երկու տրանսպորտ պիտի փոխել... Երևի սա ոմանց ձեռնտու է՝ ուղևորներից հավելյալ փող կորզելու առումով...

Մի զավեշտի մասին ևս։ Ստեփանակերտում կարելի է հանդիպել միևնույն համարը կրող ավտոբուսներ, որոնց «մարշրուտը» իրարից տարբերվում է։ Օրինակ. մի անգամ հանրապետական հիվանդանոցի մոտից 16 համարի ավտոբուս նստեցի և գնացի շուկա։ Հաջորդ օրը կանգառներից մեկում նկատելով 16 համարը, նստեցի, բայց այն ինձ լրիվ այլ ուղղությամբ տարավ։ Պարզվեց, որ սա ուրիշ 16 է։

Չեմ հասկանում, երթուղային տրանսպորտում թվերի դեֆիցի՞տ է։ Մի՞թե չէր կարելի մյուսներն էլ, ասենք 26 կամ 36 դարձնել։ Թե՞ միայն փողեր հաշվելն են դպրոցում սովորեցրել...

ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ




ԴՈՒՔ ՄԵԶ՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԵՆՔ ՁԵԶ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Արդեն հայտարարել են, որ այս ուսումնական տարում Ստեփանակերտ և Շուշի քաղաքների դպրոցներում կիրագործվի «Նուռ» ծրագիրը, որի շրջանակներում համակարգիչներ՝ լափթոփներ կտրամադրեն հանրակրթական դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին։ Ծրագիրը մշակվել է որպես շարունակություն «համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխայի» գաղափարի: Մամուլի հրապարակումներից գիտենք, որ ծրագրի նպատակն է զարգացած երկրների կրթական փորձի կիրառումը. դպրոց-ընտանիք-աշակերտ կապի ամրապնդումը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, աշակերտների համար ուսուցման հավասար պայմանների ստեղծումը, սեփական համակարգիչ ունենալու միջոցով տեղեկատվության հասանելի դարձնելը և այլն:

Չնայած համակարգիչները դեռ չեն բաժանել երեխաներին, բայց վերջերս տարրական դասարանների աշակերտների ծնողներին տրամադրեցին հարցաշարեր, որի նպատակը այդ հարցաշարում այսպես է ձևակերպված. «Սիվիլիթաս հիմնադրամը խնդրում է լրացնել հարցաշար, որը կազմում է ՆՈՒՌ ծրագրի մոնիտորինգի և գնահատման փուլի մասը... Հիմնվելով Ձեր պատասխանների վրա՝ մենք հնարավորություն կունենանք օբյեկտիվորեն գնահատել «Մեկ լափթոփ մեկ երեխայի համար» ծրագրի և XO համակարգիչների տրամադրման ազդեցությունը»։

Եվ դեռևս համակարգչի երես չտեսած երեխաների ծնողներին առաջադրել են 77 հարց, որպեսզի պարզեն այդ «ծրագրի և XO համակարգիչների տրամադրման ազդեցությունը»։

Հետաքրքիրն այն է, որ «համակարգիչների տրամադրման ազդեցությունը» որոշելու համար շատ տարօրինակ հարցեր են առաջադրել։ Կարծես համակարգիչների «տրամադրման ազդեցությունը» կապված է, թե արցախցիների ընտանիքներում ովքեր են ապրում և երբ են ծնվել, քանի գունավոր կամ ոչ գունավոր հեռուստացույց, լվացքի մեքենա, ավտոմեքենա ունեն և դրանք երբ են գնել։ Արցախցիները հետաքրքրվո՞ւմ են, արդյոք, երկրի ներքին քաղաքականությամբ, որքանո՞վ են բավարարված իրենց կյանքով, ընտրության ազատություն ունե՞ն և կարո՞ղ են կյանքը վտանգել իրենց երկրի համար, արդարության, ազատության, խաղաղության համար...

Ըստ երևույթին, արտասահմանցի «բարեկամներին» չափից դուրս շատ հարցեր են հետաքրքրում Արցախի մասին, որի դիմաց նրանք մեր երեխաներին համակարգիչներ պիտի տան...
Անձամբ ես դեմ չեմ երեխաներին տրվելիք համակարգիչներին։ Բայց իմ համերկրացիներին խորհուրդ կտայի այսուհետ նման հարցաշարերի պատասխանելիս միամտորեն «դուրս չթափել» իրենց ընտանիքի և երկրի բոլոր գաղտնիքները։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ




ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ

 Ինչպե՞ս հագնվել վաղը, ինչպիսի՞ սանրվածք ունենալ. գրեթե յուրաքանչյուրին այս հարցերն են մտահոգում. վաղվա օրվա հետ կապված՝ հագուկապը համարելով կարևոր պայման ինքնավստահության և աշխատանքին ու գործունեությանը համահունչ լինելու հանգամանք։
Հատկապես վերջին տարիներին հասարակության մեջ նկատելի է օրեցօր մեծացող պահանջը դեպի հագուստն ու զարդարանքը, շպարը և խնամքի զանազան պարագաները։ Անկասկած խնամված տեսք ունենալը հաճելի է, բայց և անվիճելի է այն, որ մեր հասարակության մեջ նկատվում է անճաշակություն՝ դեպի թվացյալ զարգացող ճաշակություն։

 Քայլելով Ստեփանակերտի փողոցներով, տեսնելով շպարված դեմքեր, տոնական հագուկապ, չշտապող, բեմակամ քայլվածք, մտածում ես՝ երաժշտությունն է պակասում միայն՝ տոնահանդես կազմակերպելու համար։ Առաջին հայացքից կարող ես միայն ողջունել այս երևույթը. Գեղեցիկը միշտ էլ հաճելի է։ Սակայն այսօր կարող ենք հանդիպել ավելի շատ իր արտաքին տեսքով մտահոգված, քան ուսմամբ, հագուստի ու գեղեցկության ցուցադրման համար դասի ներկայացող ուսանողների։ Գրեթե շատերի համար այսօր համալսարանը դարձել է հարմար վայր՝ ունեցած բոլոր գեղեցիկ հագուստները ցուցադրելու համար։ Իրար հետ մրցում են ոչ թե ուսման, առաջադիմության, այլ իրենց արտաքին տեսքով ու զգեստների ճոխությամբ...

Համալսարանում սկիզբ առած այս «մրցույթը» երեկոյան ժամերին՝ շարունակվում է Հաղթանակի հարապարակում, «Պյատաչոկ» կոչվող վայրում։ Ասես նրանք ոչ թե հանգստանալու, զբոսնելու են դուրս եկել, այլ իրենց ցուցադրելու։ Բարձրակրունկ կոշիկներով, տոնական զգեստով ու շպարով, իրենց ֆերմայի անունը ճչացող օծանելիքի բույրով համեմված գեղեցիկ սեռի ներկայացուցիչների յուրօրինակ մրցույթ-շքահանդես է ասես։

«Մարդու հագուկապը պետք է համապատասխան լինի գտնվելու վայրին, աշխատանքին, կոչմանը»,- ասում է դիզայներ-մոդելավորող Գայանե Հարությունյանը։ Նրա կարծիքով, մեր հասարակությունը կարող է իր համար ընտրել համապատասխան հագուստ, սակայն, զգացվում է այն, որ ուշադրություն չի դարձվում այն կրելու վայրին, առիթին, և արդյունքում՝ նույն հագուստը տեսնում ենք և՛ երեկույթի գնացող, և՛ պարզապես զբոսնող մարդու հագին։ «Մարդ կարող է կրել իրեն հարմար սանրվածք, հագուստ, զարդարանքներ, սակայն ոչ այն վայրում, որտեղ նա ունի այդ վայրում գտնվելու մի նպատակ, որը կախված չէ գեղեցիկ տեսքից, սանրվածքից։ Հաճախ դա նույնիսկ ծիծաղելի է երևում»,- գտնում է Գ. Հարությունյանը։

Հայտնի ճշմարտությունն ասում է՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Չափավորից ամեն քայլ առաջ կամ հետ՝ պարզապես ծիծաղելի է։

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ...

Օրերս երեք ընկերուհիներով գնացել էինք Ստեփանակերտի քաղաքային գրադարաններից մեկի ընթերցասրահ։ Նստել և աշխատում էինք լուռումունջ, տիրում էր քար լռություն։ Ճանճի տզզոց անգամ չկար սրահում։ Ընթերցասրահը հանդարտ էր, ինչպես ծովը՝ խաղաղ գիշերից հետո։ Բայց հանկարծ կարծես փոթորիկ պայթեց սրահում և լսվեց աշխատողներից մեկի բամբ ձայնը. «Վերջացրեք, հանձնե՛ք ձեր գրքերը, ընթերցասրահը փակվում է»։

Մեր այն հարցին, թե դեռ կես ժամ կա փակվելուն, պատասխանեցին միանշանակ. «Մեզ կանչել են, պետք է հանդիպման գնանք»։ Այնքան անսպասելի էր այս ամենը, որ մնացինք սառած... Պատկերացրեք, մի շատ գեղեցիկ երազ եք տեսնում, և ամենահետաքրքիր պահին ձեզ արթնացնում են...
Չցանկանալով անպատրաստ հեռանալ ընթերցասրահից, աղջիկներից մեկը մոտեցավ աշխատողին և հարցրեց.

- Խնդրում եմ, իսկ կպատճենահանե՞ք այս մի քանի էջը։
- Իսկ ի՞նչ ես անում պատճենահանված էջերը, վաղը կգաս և կաշխատես,- պատասխանեց աշխատողը։
 Վաղվա այս երանելի հաճույքից չզրկվելու համար աղջիկները մի պահ լռեցին։
- Իսկ սպորտային ժուռնալիստիկայի մասին ի՞նչ գրքեր ունեք։
- Սպորտային գրականություն մենք քիչ ունենք և չեմ կարծում որ քո ուզածը լինի։

 Եվ այս ամեննն առանց մտածելու և առանց ճշտելու։ Իսկ հետո պարզվեց, որ ոչ ոք այդ աշխատողներին ոչ մի հանդիպման չի կանչել։ Պարզապես, տա նտիկիններ են, գնում են իրենց տները, մեկը՝ հյուրեր պիտի ընդունի, մյուսը՝ պահածոներ պատրաստի։
 Իսկ այն ցուցանակը, որտեղ գրված է աշխատանքային օրվա սկիզբն ու վերջը, պարզվում է, ձևական է։ Նման միջադեպից հետո դժվար է նորից մտնել ընթերցասրահ և աշխատել...

   ՄԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ
   ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ՇԱՐՄԱՂԻ ՀԶՈՐ «ՏԱՆԻՔԸ»

Ի պատասխան մեր թերթի նախորդ համարում տպագրված «Մենք զրկվել ենք ապրելու և գոյատևելու իրավունքից» նամակ-հոդվածի, բազմաթիվ արձագանքներ ենք ստացել թե՛ ուժածների ընկեր-բարեկամներից, թե՛ այլ քաղաքա-ցիներից, ովքեր չեն կարողացել անտարբեր մնալ կատարվածի հանդեպ։ Նամակներից շատերն աչքի են ընկնում ավելորդ զգացմունքայնությամբ... Մենք զետեղել ենք այն նամակները և նամակների այն հատվածները, որտեղ, համենայն դեպս, պահպանվել են էթիկայի նորմերը՝ հուսով, որ ԼՂՀ գործող օրենքի սահմաններում վերջապես արդար լուծում կստանա այս չարչրկված խնդիրը...


Հարգելի «Նոր էջ», կարդացի Շարմաղ Գրիգորյանի մասին պատմող հոդվածը: Նրա «կոմբինացիաներից» տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Ես՝ նույնպես: Այդ ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն ու զավեշտալին այն է, որ երեք հանցագործներն էլ՝ (բանկի կառավարիչ Սևիլը, գանձապահ Վալյան և հաշվապահ Շարմաղը) գտնվում են ազատության մեջ և շարունակում են վայելել յուրացված փողերը:
Անհասկանալի է: Երբ մարդ երկու հավ է գողանում, բռնում, անմիջապես դատում-կալանում են: Այդ ի՞նչ հզոր «տանիք» ունեն այս երեքը, որ մնում են անպատիժ: Ի՞նչ է, այսպե՞ս ենք օրինական պետություն կառուցում, այսպե՞ս ենք պահում կարգն ու պահպանում օրինականությունը:

Մեզ՝ տուժածներիս անընդհատ խաբում են, որ իբր երկրի նախագահը հանձնարարել է արագ վերջացնել այդ գործը և տուժածներին վերադարձնել գումարը: Սակայն արդեն երեք տարի է սայլը տեղից չի շարժվում: Լուրեր են պտտվում, որ մեր նորօրյա «մաշեննիկների» թիկունքում այնպիսի ազդեցիկ ուժեր են կանգնած, որ քամին էլ նրանց կողքով չի անցնի: Այդ ի՞նչ ուժեր են, արդյոք ովքե՞ր են…
Զարմանում եմ, կարելի՞ է այսպես օրը ցերեկով արհամարհել օրենքը և տասնյակ մարդկանց արժանապատվությունը: Ե՞րբ են հանցագործները կանգնելու դատարանի առաջ, ե՞րբ են գործելու օրենքի լծակները: Ինչքա՞ն ենք մնալու խաբվածի կարգավիճակում: Մենք պահանջում ենք պատասխան, սակայն պատասխանողները լռում են: Ինչո՞ւ… Ինչի՞ են դրդում մեզ:

ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ




Փոքր աղջնակ էի երբ հայրս զոհվեց արցախյան ազատամարտում: Այդ ժամանակ 10 տարեկան էի: Սգում էինք ծանր կորուստը, ընտանիքիս մյուս անդամների նման ես էլ էի ցնցված: «Նոր էջ»-ի հոկտեմբերի 14-ի համարում կարդալով «Մենք զրկվել ենք ապրելու և գոյատևելու իրավունքից» նյութը, նույնպիսի վիճակի մեջ ընկա. մարմնովս սարսուռ անցավ: Ինչպե՞ս և ինչո՞ւ է առանց խղճի խայթ զգալու, մի կողմ նետած պատիվն ու գութը, հայ կինն իր հանցակից դրամաշորթ ընկերների հետ միասին զոհվածի եղբորից, տատիկից և ազնիվ վաստակով փող ձեռք բերած մյուս մարդկանցից վերցրել բավականին խոշոր գումարներ ու ետ չի վերադարձրել: Չէ՞ որ այդ գումարները օդի պես անհրաժեշտ են նրանց: Մեր պայմաններում (աղքատություն, գործազրկություն, մուրացկանություն, բլոկադա, տարածաշրջանային բարդ իրավիճակ և այլն), երբ մարդկանց միջին աշխատավարձն ընդամենը  35 հազար դրամ է, արդյո՞ք բարոյական է նման ստոր մեթոդներով ձեռք բերել այդպիսի գումարներ:

Հայն իրավունք չունի խաբելու: Մենք պետք է մշտապես օգնենք միմյանց, իրար նեցուկ լինենք: Փոքր ժողովուրդ լինելով հանդերձ, ունենք պատմականորեն առաջացած մեծ խնդիրներ: Դրանք լուծելու համար պետք է իրար նկատմամբ ուշադիր և հոգատար լինենք: Շարմաղներն իրավունք չունեն լինելու մեր շարքերում, նրանց նմաններին պետք է մեկուսացնել հասարակությունից՝ որպես վտանգավոր տարրեր...

Գործող օրենքը պետք է խստորեն պատժի բոլոր օրինազանցներին, ովքեր էլ լինեն նրանք: Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ նրանք այդպես զավթեն, յուրացնեն, ուրիշների աշխատանքի արդյունքը: Արժանի պատիժներ չստանալու դեպքում տիկին Շարմաղն ու նրա թիմակիցներն անպատժելիությունից ոգևորված, ավելի մեծ չարագործություններ են կատարելու։ Ազատամարտում բազմահազար զոհեր, վիրավորներ տված մեր երկիրը պետք է կարողանա պատշաճ ձևով կառուցել իր ներքին կյանքը: Առաջին տեղում պետք է լինեն կարգն ու կանոնը, օրինականությունը: Արդարությունն էլ ամենուր պետք է լինի իր տարերքի մեջ:

ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ




Ես չեմ սիրում երկար խոսել: Կարճ եմ կապում: Շարմաղի ու նրա ընկերների տեղը բանտն է: Նմաններն արժանի են ցմահ բանտարկության, որպեսզի ուրիշների համար վատ օրինակ չծառայեն: Ինձ մի հարց է անհասկանալի. երբ օրը ցերեկով խաբելով մարդկանց, գողերն իրենց սև գործն էին կատարում, որտե՞ղ էին մեր իրավապահ մարմինների աշխատակիցները, հատկապես բարձր աստիճան ունեցողները, որոնցից յուրաքանչյուրը պետությունից ստանում է 100-200 և ավելի հազարների հասնող աշխատավարձ: Նրանք ինչո՞ւ ժամանակին չեն կանխում այդպիսի ավազակների գործողությունները: Բանից պարզվում է, որ ԼՂՀ ազնիվ, օրինապահ քաղաքացիներն իրենց արդարացի պայքարում մնացել են մենակ ու անպաշտպան հանցագործ ոհմակի առաջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ




Հարգելի խմբագիր, Ձեր թերթի մշտական ընթերցողներից եմ: Կարդացի «բանկիր» Շարմաղի և նրա հանցագործ զինակիցներին մասին մի խումբ մարդկանց նամակը: Ահա թե ինչ կարող եմ ասել: Հայրենակիցների, հայ մարդկանց աշխատածն ու վաստակը խլածներին, գողերին կարելի է տալ միայն մի անուն՝ անխիղճ մարդուկներ: Նրանց նմաններն իրավունք չունեն ունենալու հայկական անձնագրեր: Նման մարդկանց մեղքով շատերը բռնել են օտար երկրների ճանապարհը, մենք դարձել ենք մի բուռ ժողովուրդ: Ես, որ նույնպես տարբեր մարդկանց կողմից խաբվել եմ, աչքի առաջ ունենալով այդ «բանկիրներից» տուժած մարդկանց ճակատագիրը, ոչ մի իրավասու մարմնի չեմ դիմել, որովհետև գտնում եմ, որ դա կլինի անարդյունք:

Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երրորդ կարգի հաշմանդամ



Կարդալով «Նոր էջում» Շարմաղ Գրիգորյանի և BTը մասնաճյուղի աշխատողների կողմից կատարված չարագործության մասին, անչափ հուզվեցի: Ո՞վ պետք է փրկի, պաշտպանի Բաբայանների բեկորների վերածված, ճյուղակտոր եղած ընտանիքի, Աշխեն տատիկի, նաև մյուս տուժածների, խաբվածների պատիվն ու շահերը: Շարմաղն ու նրա ընկերները պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Շարմաղի «բրիգադայի» անդամները պետք է ուշքի գան և թալանած փողերն իսկույն վերադարձնեն օրինավոր տերերին: Դրանից հետո միայն նրանք պետք է ազնիվ աշխատանքով քավեն իրենց մեղքերը:
Շորթած փողերը միշտ էլ ցավ ու տառապանք, կորուստներ են բերել նորաթուխ «տերերին»:

ԻՆԳԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ




Ձեր թերթում կարդալով փող շորթող խարդախների մասին, որոշեցի գրել Ձեզ: Շարմաղ անունով այդ կինը 2000 ԱՄՆ դոլար է շորթել հարևանիս՝ Ասյա Փաշայի Գրիգորյանից, իսկ նրա զինակիցը, այդ բանկի մասնաճյուղի գանձապահ Վալյան Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սամվել Մեհրաբյանից կորզել էր 16 միլիոն ՀՀ դրամ: Շարմաղի ջոկատի անդամները որոշել էին օգտվել ամենաթողությունից և, զգալով իրենց անպատիժ ու նաև ունենալով «տանիք», ամուր թիկունք, կատարել են սոսկալի հանցագործություն:
Դրամաշորթները պետք է խաբվածներին վերադարձնեն նրանցից խլված դրամագումարները, կանգնեն դատարանի առաջ և ստանան իրենց արժանի պատիժը: Միաժամանակ հասարակության կողմից նրանք պետք է ենթարկվեն պարսավանքի: Բոլոր վնասարարները պետք է լավ իմանան, որ իրենք ապագա չունեն և վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առաջ:

Բ. ԼԱԼԱՅԱՆ




Օրենքին պետք է ենթարկվեն բոլորը: Օրինազանցները պետք է պատասխան տան իրենց կատարածի համար: Հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե տարբեր երկրներում ինչպես են հանցագործություն կատարած մարդիկ հայտնվում ճաղերի հետևում, բանտ նետվում: Իսրայելի նախկին նախագահն անցյալում կատարած չարագործության համար ստացավ արժանի պառտիժ՝ 7 տարվա ազատազրկում:
Շարմաղի և նրա ընկերների կատարածը քրեական հանցագործություն է: Նրանք պետք է նստեն մեղադրյալի աթոռին և պատասխան տան կատարած չարագործությունների համար: Նմանների հանդեպ ժողովուրդը չպետք է լինի հանդուրժողական, որովհետև, օգտվելով մարդկանց բարությունից, պարզամտությունից, հավատից, նրանց տները քանդել են, նվաստացրել:
Ագահ և ուրիշների հաշվին հարստացողներն իրավունք չունեն ման գալու հայրենի սուրբ հողի վրա, որովհետև նրանց կատարած ստորությունն ավելի վատն է ու ցավալի, քան թշնամու կատարած վայրագությունները: Նմաններն իրավունք չունեն այդպես հեշտ ու հանգիստ ուրիշից գողացածը, կերածը մարսելու:

Ն. ՀԱԿՈԲՅԱՆ




ԱՐՏԱԳԱՂԹԻ ՊԱՏՃԱՌԸ ՓՈԽՏՆՕՐԵՆՆ Է

ԼՂՀ մշակույթի ասպարեզում աշխատողներից հաճախ կարելի է լսել, որ այդ ոլորտում աշխատում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն մշակույթի հետ։ Նման կարծիքի է նաև ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ ուսուցիչ Վանյա Ազատյանը, որը շուրջ տասը տարի մաթեմատիկա է դասավանդում Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում։ Մեզ հետ զրույցում Վանյա Ազատյանը հայտնեց, որ արդեն տասը տարի գործող պարարվեստի քոլեջը, երբ գտնվում էր կրթության համակարգում, ծաղկում ապրեց և տվել է մի քանի տասնյակ շրջանավարտներ, որոնց մի մասն այսօր մասնագիտական բարձրագույն կրթություն են ստանում Երևանում, շատերն աշխատում են պարի պետական կամ այլ համույթներում ու բուհերում: Ազատյանի խոսքով, իր սաները, սովորելով պարարվեստի քոլեջում, իրենց գիտելիքներով երբեք չեն զիջել ֆիզմաթ դպրոցի աշակերտներին:

«Որդիս, որ հեռակա սովորում է ՀՀ մանկավարժական պետհամալսարանում, չդիմանալով Ա. Ներսիսյանի անօրեն գործողություններին, լքել է հայրենիքը։ Ինձ համար, որպես ծնողի, ցավալի է նման փաստը, որովհետև 1975 թ. Կևորկովի պատճառով ես նույնպես չէի կարողանում վերադառնալ հայրենիք։ Երբ փոխտնօրենին ասացի, որ իր պատճառով ես ևս ստիպված եմ լինելու մեկնել, նա սկսեց ահաբեկել ինձ, ասելով՝ եթե դու գնաս և ազատես քո գլուխը, մի՞թե չես մտածում քո հարազատների մասին, որոնք ապրում և աշխատում են Ղարաբաղում»,- ասաց Ազատյանն ու ավելացրեց, որ փոխտնօրեն Անահիտ Ներսիսյանին նշանակել է մշակույթի նախարարը և անձամբ իր ծառայողական մեքենայով բերել-ներկայացրել է կոլեկտիվին, որովհետև, Անահիտի ասելով՝ ինքն ունի «դյադյա»: ԼՂՀ մշակույթի ասպարեզի մեկ այլ աշխատող, որը չուզեց ներկայանալ, ասաց, որ պետպատվերով այս տարի Երևանի մանկավարժական համալսարանն ավարտած Տիգրան Սարգսյանը չի ուզում վերադառնալ հայրենիք, որովհետև հասկանում է, թե որտեղ և ում քմահաճության տակ պիտի աշխատի։

Մյուս կողմից՝ երբ քոլեջը գտնվում էր կրթության համակարգում, դասավանդողները վարձատրվում էին դպրոցական համակարգի չափորոշիչներով։ Իսկ հիմա առանց հիմնավորումների 20 տոկոսով իջեցվել են մանկավարժների դրույքաչափերը, դասղեկության և գրավոր աշխատանքների, մեթոդմիավորման վարձատրությունը:
«Այս 10 տարում չի ստեղծվել այն օրինական դաշտը, որում գործում է մեր պարարվեստի քոլեջը: Առայսօր ճշտված չեն մանկավարժների դրույքաչափերը և 18 դասաժամի ու 45 րոպեանոց դասապրոցեսի առկայությունը,- ասում է Վ. Ազատյանը։- Դասերը սկսվում են առավոտյան ժամը 9-ին և ավարտվում 17.35-ին, որը գերազանցում է 8 աստղաբաշխական ժամը: Մասնագիտական դասերը տևում են 90 րոպե՝ առանց ընդմիջման, որը շատ ծանր է 5-8-րդ դասարանցիների համար»։

Վանյա Ազատյանը ստիպված գրավոր դիմել է ԼՂՀ աշխատանքի տեսչությանը, ԼՂՀ ԱԺ ԿԳ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանին, մարդու իրավունքների պաշտպանին, այսպես կոչված՝ ԼՂՀ օմբուդսմենին։ Գրավոր պատասխան է ստացել միայն Ա. Սարգսյանից, որը, փաստորեն, անդրադարձել է միայն դրույքաչափի խնդրին։ Իսկ ընդհանրապես դրույքաչափերի տարբերության վերաբերյալ նախարարությունում այն կարծիքն է իշխում, որ դա կատարվում է մի օրենքի հիման վրա, որն ընդունվել է խորհրդային տարիներին։

Հայտնենք, որ Վ. Ազատյանի բողոքի արդյունքում որոշել են տուգանել տնօրեն Կարինե Հարությունյանին։ Վերջինս Ազատյանին կանչել է իր մոտ, ցույց տվել շուրջ 800 հազար դրամ տուգանքի ակտն ու ասել. «Պարոն Ազատյան, չնայած ես գիտեմ, որ դու բոլոր հարցերում իրավացի ես, քո հարցերից ոչ մեկին հստակ պատասխան չտվին, միայն ինձ են տուգանել։ Դու մենակ ցանկանում ես փոխե՞լ այս աշխարհը, որը հնարավոր չէ…»:
Մենք հեռախոսով կապվեցինք Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի փոխտնօրեն Անահիտ Ներսիսյանի հետ:

- Տիկին Ներսիսյան, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս տարի Երևանի մանկավարժական համալսարանն ավարտած Տիգրան Սարգսյանը չի ուզում վերադառնալ Արցախ, որովհետև չի ուզում աշխատել Ձեր ենթակայության տակ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ո՞վ չի ուզում, Տիգրան Սարգսյա՞նը: Լսեք, հարցը նախարարության հարց է, դա ինձ չի հետաքրքրում: Երկրորդն էլ, չպատասխանեմ էդ հարցին:

- Տիկին Ներսիսյան, հարցը Ձեզ է վերաբերում: Պատճառը Դուք եք, նա Ձե՛ր պատճառով չի ուզում վերադառնալ հայրենիք:

- Ո՞նց է ինձ վերաբերում: Ո՞վ ա, ո՞վ ա, ի՞նչ ա ազգանունը: Առաջինը՝ ես չեմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, երկրորդն էլ՝ վերադառնա Ղարաբաղ, ես Ղարաբաղի ղեկավարը չեմ, որ չի ուզում: Երրորդը, լավ լրագրողն էդպիսի հարցեր չի տալիս: Ցտեսություն:


«ՀՐԱՊԱՐԱԿ»-Ի ԽՄԲ. ԿՈՂՄԻՑ։ Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց Ղարաբաղի մեր թղթակցին զանգել է մի տղամարդ ու սպառնացել. «Դու ի՞նչ իրավունքով ես զանգել մարդու ձեռքի համարին ու նման հարցեր ես տալիս: Ապուշ լակոտ, Ղազարյան Հայկ կոչեցյալ, արդեն Խթը-ին ասել եմ, իմանալու ենք քեզ ով ա նման ինֆորմացիա տվել: Մեզ նման սան չունենք: Սպասիր, դու դեռ ծեծ ես ուտելու…»։  Զանգահարողը, բնականաբար, չցանկացավ իր անունը հայտնել: Մենք նրան տեղեկացրինք, որ ԼՂՀ ԶԼՄ-ների մասին օրենքի համաձայն է լրագրողը գործել, սակայն դա նրան չէր հետաքրքրում:

«Հրապարակ», Երևան




ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ, ՄԱՐՏՆՉԵԼԸ

Վարուժան Գեորգիի Բաբայանը ապրել է կարճ, բայց շքեղ կյանք՝ առլեցուն կրակոտ պայքարով: Ծնվել է 1961 թ. փետրվարի 25-ին Ստեփանակերտում: Մանուկ հասակից սիրում ու պաշտում էր ֆուտբոլը, մշտապես երազում էր խաղալ մեծ ֆուտբոլ:

1970-ական թթ. մանկապատանեկան ֆուտբոլը Արցախում գտնվում էր բարձրության վրա և մեծ մասսայականություն էր վայելում: Ամեն տարի ամռան ամիսներին մարզային, շրջանային ու քաղաքային կոմերիտկազմակերպությունները տարիքային տարբեր խմբերի համար թաղերի (փողոցների) ու բակերի միջև անց էին կացնում ֆուտբոլային մրցաշարեր: Դրանց ակտիվորեն մասնակցում էր նաև Շիրվանզադե փողոցի «Արարատ» թիմը՝ տարիքային երկու խմբերով (11-12 և 13-14 տարեկաններ): Տարիներ շարունակ երկու թիմերի խաղացողները բոլոր հանդիպումներն անց էին կացնում մեծ վերելքով՝ ցուցադրելով գեղեցիկ ու փայլուն խաղեր, դառնում էին Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի չեմպիոններ: Վարուժանը ոչ միայն Շիրվանզադե փողոցի թիմերի, այլև ֆուտբոլային այդ մրցաշարերի կենտրոնական դեմքերից մեկն էր, լավագույն ֆուտբոլիստը: Բազմիցս ճանաչվել է մրցաշարերի լավագույն խաղացող, դարձել լավագույն պաշտպան կամ կիսապաշտպան:

1970-ական թթ. նա պարբերաբար հաճախում էր Ստեփանակերտի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի մարզիչների կողմից անցկացվող պարապմունքներին: Օրեցօր պատանին առնականանում էր, և դրա հետ մեկտեղ ընդգծվում էր բնությունից ի վերուստ նրան տրված տաղանդը: Նա ընդգրկվել է Արցախի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում: Անցկացրած բազմաթիվ փայլուն խաղերն ու անձնական հատկությունները, հատկանիշները աննկատ չմնացին: Վարուժանն ընդգրկվեց Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում և դարձավ թիմի լավագույն խաղացողն ու պաշտպանը:

Այդ տարիներին ֆուտբոլի Ադրբեջանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը հայազգի Օլեգ (Ալիկ) Մկրտիչևն էր, որը միաժամանակ մեծատաղանդ մարզիչ էր և մեծ ավանդ ուներ, այսպես կոչված, ադրբեջանական ֆուտբոլի զարգացման գործում: Նա մեծ հույսեր էր կապում Վարուժանի հետ, վերջինս էլ երբեք հուսախաբ չարեց նրան: Ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում Վ. Բաբայանը բախտ ունեցավ Ադրբեջանի, ինչպես նաև արցախյան ֆուտբոլի մարզական պատիվը պաշտպանելու դպրոցականների «Տաշքենդ-78» համամիութենական սպարտակիադայում: Վարուժանի տաղանդը փայլեց և այստեղ: Անհատական մրցապայքարում կարողանում էր հաղթել պատանի այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր ընդ-գրկված էին նաև բարձրագույն և առաջին լիգայի թիմերում:

Մինչև բանակ մեկները Վարուժանը «Լուչ» թիմի կազմում մասնակցել է Ստեփանակերտում անցկացված դպրոցականների (1961-64 թթ. ծնվածներ) մինի ֆուտբոլի մրցաշարին և գրավել պատվավոր առաջին տեղը: Թիմի ոգին ու կազմակերպիչը, գլխավոր դեմքը նա էր, որն այդ մրցաշարում ճանաչվեց լավագույնը: Նա ցույց տվեց, որ համակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և հավասարապես հաջողությամբ կարող է խաղալ թիմի և՛ պաշտպանական, և՛ կիսապաշտպանական ու նաև հարձակման գծում:

Վարուժանը 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Վերադառնալով հարազատ Ստեփանակերտ, ընդգրկ-վել է սիրելի թիմի հիմնական կազմում:
1982 թ. փայլուն անցկացնելով ողջ խաղաշրջանը, Վարուժանը «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի լավագույն խաղացող ճանաչվեց: Բազմահազար ֆուտբոլասերների ծափահարությունների ներքո նրան հանձնվեց հատուկ մրցանակ հանդիսացող գավաթը:

Արդյո՞ք երջանիկ էր արցախյան ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը: Կարծում եմ, այո՛, երջանիկ էր: Բազմահազար ֆուտբոլասերներից բացի թիմակից ընկերներն ու մարզիչներն անչափ սիրում էին ու հարգում իրեն, նաև վստահում: 1980-ական թթ. երկրորդ կեսին, ապա 1986 թ. «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի անդամները բարձր գնահատելով կոլեկտիվի մատուցած ծառայությունները, անսահման նվիրվածությունը, անձնական հմայքը, ձիրքն ու շնորհքը, համեստությունը, ընկերասիրությունը, միաձայն նրան ընտրեցին թիմի ավագ: Դեռ ավելին, շատ դեպքերում միայն նրան էին վստահում ու հանձնարարում տուգանային և 11 մետրանոց հարվածների իրավունքը...

Սակայն պատերազմը, որ ազատ ու անկախ ապրելու իր իրավունքների համար պայքարող Արցախին պարտադրեց մեր ոսոխ հարևանը՝ Ադրբեջանը, լիովին փոխեց նաև Վարուժան Բաբայանի ծրագրերը, խաթարեց նաև նրա ճակատագիրը...
Վարուժանն ինքն էլ զենք վերցրեց պաշտպանելու իր հարազատ երկրամասը՝ հայրենի Արցախը: Մարզական ոլորտում պայքարում թրծված Վ. Բաբայանը գաղափարապես և հոգեբանորեն նախապատրաստված էր կատարելու նաև ռազմական սխրանք:

Տարիներ հետո ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն իր «Կտակ» գրքում հայրենիքին զինվորագրված Վարուժանի մասին գրել է. «Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվելուց տղան զինվորագրվեց համաժողովրդական պայքարին: Ճակատագիրը նախատեսել էր, որ դարի ութսունական թվականներին ադրբեջանական թիմերին «քոթակ տվող» մարզիկը իննսունականներին ազատամարտիկի դերում մասնակցի Մաղավուզ գյուղի մոտ ծավալված դաժան մարտին և արժանանա… անհայտ կորածի դաժան բախտին: Նա կռվում էր հակատանկային վաշտում, ֆագոտչիկ էր…»:

Վ. Բաբայանը մինչև իր համար չարաբաստիկ օրը՝ 1992 թ. օգոստոսի 6-ը, կարողացավ արժանահիշատակ գործեր կատարել: «Ղարաբաղ» թիմի ֆուտբոլիստների հետ մեկտեղ մեկնում էր դիրքերը և խրամատներում դիրքավորված ոսոխներից պաշտպանում մեր երկիրը, մեր պատիվը:

«Թշնամին անակնկալ հարվածով փորձում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և գրավել Դրմբոնը: Չնայած ուժերը անհավասար էին, պաշտպանական կատաղի մարտեր ծավալվեցին… Հենց այդ օրհասական պահին մեր թիկունքից՝ մոտակա բարձունքից լսվեց մեզ ծանոթ «ֆագոտ» հակատանկային տեղակայման որոտը: Ուրեմն՝ Չլդրանից օգնությունը հասել էր ժամանակին:

Այդ մարտում թշնամին ջախջախիչ հարված ստացավ և դրան շատ բանով նպաստեց ջոկի հրամանատր Սերգեյ Գաբրիելյանի «ֆագոտ» հակատանկային տեղակայման անձնակազմը՝ Վարուժան Բաբայանը, Լևոն Մկրտչյանը, Արթուր Ղահրամանյանը և Մհեր Ավանեսյանը» («Արցախ», 4 օգոստոսի 1992 թ.)։

Վերոհիշյալ ճակատամարտում հինգ ֆագոտչիկ ֆուտբոլիստները խփեցին թշնամու երկու տանկ, իսկ երրորդի անձնակազմը վախենալով, որ կարժանանա նույն բախտին, լքեցին տանկն ու խուճապահար փախան անտառի խորքերը: Եթե նրանք ժամանակին օգնություն չգային ու չխփեին այդ երկաթե հրեշներին, ապա թշնամին, մեծ վնասներ հասցնելով մեր պաշտպաններին, անարգել կառաջանար ու կհայտնվեր մեր պաշտպանական գծի թիկունքում: Կորցնելով իր ծանր տեխնիկան, թշնամու խուճապը դարձավ կատարյալ ու անզուսպ։ Հակառակորդը՝ տվեց կենդանի ուժի, ինչպես նաև տեխնիկայի զգալի կորուստներ: Ոսոխը ստացավ հերթական ուժեղ ապտակներից մեկը:

Վարուժան Բաբայանը կարող էր կատարել ուրիշ այլ մեծագործություններ, սակայն նորին մեծություն անհաճո ճակատագիրը դա չթույլատրեց...
1992 թ. օգոստոսի 6-ին ռազմական գործողությունների թեժ պահին իր ֆագոտչիկ և մյուս զինակից ընկերների հետ միասին Վարուժանը զենքը ձեռքին մարտադաշտում անհայտ կորավ...

Այսօր արցախյան ֆուտբոլն առավել ևս զգում է մեծատաղանդ ֆուտբոլիստի կարիքը։ Ֆուտբոլիստ, մարդ ու քաղաքացի, որի նմանների պակասը մշտապես զգացվում է, և որի տեղը, ցավոք, դեռ երկար ժամանակ թափուր կմնա։ Չնայած ապաշնորհների տարածած այն «իմաստությանը», թե՝ անփոխարինելի մարդիկ չկան, կյանքը մշտապես հակառակն է ապացուցում՝ անփոխարինելի մարդիկ միշտ եղե՛լ են և կա՛ն։

Ռ. ԲԱԲԱՅԱՆ




ԱՅՍՊԻՍԻՆ ԷՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԱՅՍՊԻՍԻՆ ԷԼ ՄՆԱՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վարուժան Բաբայանը մեծ ու անջնջելի հետք է թողել Արցախի ֆուտբոլի պատմության մեջ: Նրա անունը ոսկե տառերով կգրվի արցախահայ ֆուտբոլի և ազատամարտի պատմության մեջ։- Ռազմիկ Պետրոսյան, արցախյան ֆուտբոլի մեծ երախտավոր, լեգենդար «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանի չեմպիոնի բարձունքին հասցրած մարզիչ

Կաշվե գնդակի մեծ վարպետ, ինքնատիպ խաղացող: Հակառակորդ թիմերի բազմաթիվ խաղացողներ խաղադաշտում նրա հետ մենամարտելիս շարունակ պարտվում էին: Մենամարտում նրան փաստորեն անհնարին էր հաղթել: Դա գիտեին և՛ հակառակորդները, և՛ յուրայինները:- Վ. Հայրիյան, «Ղարաբաղ» թիմի անփոխարինելի հարձակվող

Մանկությունից Վարուժանի հետ մտերիմ ընկերներ էինք: Միասին տասը տարի սովորել ենք Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 միջնակարգ դպրոցի միևնույն դասարանում: Նրա մասին կարող եմ ասել հետևյալը. մեծատաղանդ ֆուտբոլիստ էր, վառ ու ինքնատիպ անհատականություն: Ցանկացած մարզաձևով պարապվելու, մարզվելու դեպքում էլ կդառնար մեծություն:- Էռնեստ Միրզոյան, սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ

Երկար տարիներ է ինչ կապված եմ ֆուտբոլի հետ: Ե՛վ դրսում և՛ Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում որպես գլխավոր ու եզրային մրցավար մասնակցել եմ հարյուրավոր խաղերի: Առանց չափազանցության անկեղծորեն խոստովանում եմ, որ այդ տարիներին ես նրա նման հիանալի պաշտպանի չեմ հանդիպել: Որպես մտածող ու բարձրակարգ ֆուտբոլիստ, նա մարզադաշտում ամենաինքնատիպն էր, խաղում էր չափազանց գրագետ ֆուտբոլ: Չեմ հիշում որևէ դեպք, երբ նա կոպիտ խաղալու համար ստանար դեղին քարտ: Նրա խաղով կարելի էր միայն հպարտանալ ու զմայլվել: Վարուժանի նման վարպետների վրա էր հենվում արցախահայ ֆուտբոլը:- Գրիգորի Աթայան, ֆուտբոլի մասնագետ, մրցավար

Ես վկա եմ եղել բազմաթիվ հետաքրքիր ֆուտբոլային ներկայացումների, հիացել եմ շատ հետաքրքիր ու ինքնատիպ պաշտպանների ցուցադրած խաղով: Կասեմ ճշմարիտ, Վարուժան Բաբայանը անզուգական էր: Նա իր մեջ ամբարած ուներ պաշտպաններին բնորոշ լավագույն գծերն ու որակները: Նրա խաղը կառուցված էր զգուշավորության ու մեծ ռիսկի վրա, հաշվենկատ էր, սառնասիրտ ու, միաժամանակ, ջերմեռանդ, կրակոտ: Եթե այս ամենին գումարենք հղկած տեխնիկան, ապա ամեն ինչ պարզ կդառնա: Ցանկացած վտանգավոր պահը զգում էր ու կանխատեսում, ինտուինտիվ հոտառություն ուներ: Այս ամենը նկատի առնելով ես նրան անվանում եմ աննման ու անփոխարինելի, կաշվե գնդակի մեծ վարպետ:- Ալ. Բալայան, «Ղարաբաղ»-ի նախկին թիմապետ, համամիութենական կարգի մրցավար

Վարուժանին մեկ անգամ չէ, որ հրավիրել են խաղալու միութենական հեղինակավոր ակումբներում, սակայն նա երբեք չլքեց հայրենի եզերքը, չդավաճանեց հայ հանդիսատեսին:- Վերա Գրիգորյան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ




Վերջին էջ


ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ


ՊԱՄՖԼԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ԷԼ ՈՒՆԵՆ ՀԱՍՑԵԱՏԵՐ

ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է,
Մի կաչաղակի,
Որ մեր գրական
Անդաստաններում
Միայն ծրտել է:



ՄԻ ՊՈԵՏԻ

Դու ոչ զուռնաչի եղար պատվական,
Ոլ էլ զուռնաչու դամքաշ մի կարգին,
Եվ բախտ չունեցան տաղերդ այնքան,
Որ այսօր քեզ հետ անցնեն թոշակի:

Է՜հ, բախտ է, էլի, գրողը տանի,
Մարդիկ գալիս են ու գնում հերթով,
Մեկը մեռած է՝ թեկուզ կենդանի,
Մյուսն ապրում է իր մահից հետո:


*   *   *
                              Մի քննադատի
Նա ունի ուրույն իր խոսքն ու ոճը,
Գնահատման հարցում անաչառ է խիստ,
Ծանոթի առջև շարժում է պոչը,
Անծանոթներին քացի է տալիս:

*   *   *
Նա երեկ իքսին կոչում էր տականք,
Այսօր տալիս է պատիվ ու հարգանք:
Չէ, մի առանձին բան չի պատահել,
Այդ տականք իքսը պաշտոն է շահել:

*   *   *
Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել:

*   *   *
Պիես գրելը մոդա է հիմա,
Ով ասես՝ պիես չի գրում այսօր,
Թքած տաղանդի ու ձիրքի վրա,
Միայն ունենաս ծանոթ ռեժիսոր:

*   *   *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:

*   *   *
- Ի՜նչ Թումանյան կամ ի՜նչ Չարենց,-
Գոռաց տգետն ամբարտավան,-
Նորարարը ես եմ հիմա,
Չեմ ճանաչում քեզ ու նրան:-
Բայց ինչո՞ւ մենք գլուխ դնենք
Դղրդացող թմբուկի հետ,
Տգետները մեծամիտ են,
Մեծամիտներն անբարտավան:





ԿՍՄԻԹՆԵՐ

Իրեն ամենուր մեծ է համարում,
Անգամ մեր Շարժման լիդեր, առաջնորդ,
Թեև այն ծանր, այն թեժ օրերին
Հեռվից է լսել արկերի շառաչ, պայթյուն ու որոտ։

*   *   *
Շուրջ հիսուն տարի նա ամուր նստել
Ու պոկ չի եկել աթոռից փափուկ,
Ու երբ մեռել է, նոր են «հասկացել»,
Որ միլիոններ է կուտակել ծածուկ։

*   *   *
Իր ամբողջ կյանքում ազգի անունից ճառել է, շահել,
Բայց ազգի համար կարևոր ոչինչ նա չի կատարել։

*   *   *
Գնում է պետի ծնունդը նշում,
Բայց իր փոքրիկի օրը չի հիշում։

*   *   *
Թեև միլիոններ ունի բարձի տակ,
Բայց ձևանում է ազնիվ ու շիտակ,
Որ մարդիկ չասեն՝ թալանե՜ց, կերա՜վ,
Որ ցավով ասեն՝ ափսո՜ս, նա մեռավ...
*   *   *
Նա այնքան պինդ էր կպել Աթոռին,
Որ մահից հետո ինչ արին, չարին,
Չպոկվեց, մնաց բազմած Աթոռին...
Ու աթոռով էլ հանձնեցին հողին։

*   *   *
Նա հիմա պետ է մի մեծ հիմնարկի
Ու էլ չի ժպտում կնոջն անհարկի։

*   *   *
Ինքը մի բան չէ, արածը՝ նույնպես,
Բայց ման է գալիս բարոնուհու պես։

*   *   *
Նա հիմա պետ է մի մեծ հիմնարկի
Ու էլ չի ժպտում կնոջն անհարկի։

*   *   *
Մեկի տեղ երկու բուհ է ավարտել,
Այնքա՜ն հաստափոր գրքեր կարդացել,
Բայց, հավատացեք, էլի նույն կոպիտ,
Անտակտ, գռեհիկ մարդն է մնացել։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ,
գ. Մեծ Թաղեր




ԹՈՒԽՍԿԱՆԸ 

կամ՝ Մուքի դայու «կադրային քաղաքականությունը»

Մուքի դային մի թուխպըկալած օր, մի հավի ճուտ է վերցնում, գնում թագավորի մոտ: Թագավորը Մուքուն ընդունում է, բայց շատ է զարմանում, երբ նրա ձեռքին հավի ճուտ է տեսնում, և ծիծաղելով ասում է.
- Ա տնաշեն, քեզ մին վերցակ չի՞ իլալ յոր օնիս կյաս իմ պալատը, էդ ճոտը պերալ ըս հի՞նչ անիս:

- Թագավերն ապրած կենա, էս ճոտին ստի յեշում էլ, ստա օրիշ ճոտ ա, պերալըմ, վեր ես նա տու թոխսը տինինք:
- Մուքի դայի, տարիքդ հարգում ըմ, ներում ըմ, բայց ճոտը ճոտ ա՝ օրիշը վերն ա՞, ավելի հիշտ ա մի բաբաթ վերցակ թոխսը տինինք, քան էդ հալա ծու չածած ճոտը:
- Թագավերն ապրած կենա, ես էլ ըմ տա ասում, պա վեր տի յա՝ մեր շենումը մին օշը կլխեն տղամարդ չի՞ իլալ, վեր հարևան շենան մին խոխա ըս պերալ մեր շենին գյուղապետը տիրալ:

Թագավորը քահ-քահ ծիծաղում է, վեզիրին կանչում, հրամայում, այդ գյուղի գյուղապետը նույն շենից մի հարգված տղամարդու դնեն: Հետո Մուքի դայու բերած ճուտը վերցնում է, ծիծաղելով ասում.
- Մուքի դայի, էս ճոտն էլ թող կենա, ասելու ըմ լավ պահին՝ հընդրած ցորեն ուտուցընին, մեչ ըրած ճուղուպուր տան: Վեր թոխսը կյալի վախտը կյա, կանչելու ըմ միասին թոխսը տինինք:

Մուքի դային ուրախ-ուրախ, թագավորից նվեր ստացած մի աքլոր կռնատակին, իրենց գյուղի հարցերը լուծած, վերադառնում է տուն:

   ԱՐՏԱՇ ՀԱՎՈՒՆԻ




ՄԱՐԶԱԿԱՆ. ՖՈՒՏԲՈԼ

Ավարտվել է Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի Ա խմբի մրցաշարը, որ նվիրված էր զոհված ազատամարտիկների հիշատակին (մասնակցել են 1997-1998 թթ. ծնված պատանիներ)։ Մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր՝ «Բանանց-1», «Փյունիկ-1», «Բանանց-2», «Միկա», «Փյունիկ-2» և այլն։

Ստեփանակերտի «Լեռնային Արցախ»-97 թիմը հաջող հանդես եկավ առաջնությունում։ Առաջին անգամ հանդես գալով նման մրցաշարում և 22 խաղից վաստակելով 44 միավոր, մեր թիմը գրավել է պատվավոր 4-րդ տեղը։  «Լեռնային Արցախ»-ը համալրված է 1997-1998 թթ. ծնված՝ Արցախի տարբեր շրջանների 20 պատանի ֆուտբոլիստներով։

Արցախյան թիմը հովանավորում է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան (նախագահ՝ Սամվել Կարապետյան)։ Մարզիչներն են Իվան Գրիգորյանը և Սլավա Գաբրիելյանը։
Մեր թիմը կարողացավ ցուցադրել դիտարժան խաղ, դավանում էր կոմբինացիոն ֆուտբոլ՝ կարճ ու միջին փոխանցումներով և հուսալի պաշտպանվում էր։

Առաջնությունում մեր պատանի ֆուտբոլիստներից իրենց առանձնապես լավ են դրսևորել Դավիթ Գասպարյանը, Արթուր Աբրահամյանը (խփել է 5 գնդակ), Գեորգի Թամրազյանը, Արմեն Աբրահամյանը, Թաթուլ Պողոսյանը, Վադիմ Հայրիյանը, Հարություն Բախտամյանը, Արամ Ադամյանը, Մխիթար Հայրիյանը, Տիգրան  Սիմոնյանը, Միհրան Ասրյանը, Աշոտ Ներսիսյանը (խփել է 8 գնդակ), Նորայր Մկրտչյանը (թիմի ռմբարկուն է, խփել է 11 գնդակ) և Դավիթ Չիլինգարյանը (խփել է 5 գնդակ)։




Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի մրցաշարի աղյուսակը
(այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին)



խ
հ
ո
պ
գնդակ
   մ
1
Բանանց-1 (Երևան)
22
19
1
2
107 : 13
58
2
Փյունիկ-1 (Երևան)
22
18
1
3
80 : 19
55
3
Բանանց-2 (Երևան)
22
17
2
3
81 : 25
53
4
Լեռնային Արցախ (Ստեփ.)
22
13
5
4
37 : 36
44
5
Միկա (Երևան)  
22
13
2
7
46 : 25
41
6
Փյունիկ-2 (Երևան)
22
9
5
8
39 : 40
32
7
Փյունիկ-Մրգ. (Մրգաշատ)  
22
7
5
10
26 ։ 55
26
8
ԳՖԴ (Գյումրի)
22
6
4
12
20 ։ 44
22
9
Արտաշատ (Արտաշատ)
22
6
3
13
23 ։ 43
21
10
ՎՖԴ (Վանաձոր)              
22
2
5
15
14 ։ 54
11
11
Ֆուրման (Մասիս)
22
2
1
19
14 ։ 92
7
12
Շենգավիթ  (Երևան)
22
1
1
17
12 ։ 63
7



Ամսվա ասույթը

Եթե խիղճդ մաքուր է, բայց հասարակական կարծիքը քո օգտին չէ, դա սարսափելի չէ։ Սարսափելին այն է, երբ հասարակական կարծիքը քո օգտին է, բայց խիղճդ տանջում է։


Մշտական ասույթ

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն