17.10.11

N 7 (32) (2011)

 ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ «ՈՍԿԵ ՁՈՒ» ԵՆ ԱԾԵԼ

90-ական թթ. սկզբներին Արցախի քաղաքական գործիչներից մեկը մեկնել էր Ուրուգվայ։ Հարավամերիկյան այդ երկրից վերադառնալուն պես սկսեց աջ ու ձախ հայտարարություններ անել և հարցազրույցներ տալ, թե՝ մոտակա օրերին Ուրուգվայը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը։ Այդ հայտարարությունն աշխարհով մեկ տարածվելուց հետո դժվար չէր կռահել, որ նման բան չի լինելու։ Առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ այդ լուրը լսելուն պես Ադրբեջանի իշխանությունները, նրանց դիվանագետներն անմիջապես հակաքայլեր են ձեռնարկելու...

Հայ քաղաքական գործի՞չն էր ցանկալին իրականության տեղ ընդունել, թե՞ հակառակորդն էր իրոք խափանել Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, փաստն այն է, որ այդ հայտարարությունից շուրջ 20 տարի է անցել, սակայն Արցախը շարունակում է մնալ չճանաչված, այն դեպքում, երբ Ղարաբաղյան շարժումից տարիներ հետո անկախության դրոշ պարզած մի շարք երկրներ արդեն ճանաչվել են այլ պետությունների, այդ թվում՝ գերտերությունների կողմից։

Վերջին ժամանակներս հայկական մամուլում կրկին լուրեր էին շրջանառվում առ այն, որ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն ասել է, թե «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ և ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։ Հետո էլ ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, և իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու և ճանաչման հարցը»։

Ձնագնդի պես գլորվելով մեծացող ու տարածվող այս լրատվությունը կարդալով, անմիջապես հիշեցի 90-ական թվականների սկզբի հայ «դիվանագետին» ու հասկացա, որ պատմությունը կրկնվում է։ Դրանում հատկապես համոզվեցի, երբ տեսա, թե ինչպես են հայ քաղաքական գործիչներն, իրար հերթ չտալով, աջ ու ձախ մեկնաբանություններ անում այդ կապակցությամբ։ Այն էլ՝ որպես կատարված, ավարտված իրողության մասին։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե Ուրուգվային, ամենայն հավանականությամբ, հետևելու են այլ պետություններ...

Ընդհանրապես մեր դիվանագետները յուրօրինակ արարածներ են. երբ պետք է խոսել, լեզուները պինդ կծում, հավի պես տապռ են անում, իսկ երբ ոչ թե խոսել, այլ գործ անել է պետք, իրար հերթ չտալով, սկսում են սոխակի պես դայլայլել... Եվ Ուրուգվայի կողմից Արցախի պետականությունը «ճանաչելուց» 2 օր հետո Regnum-ում նյութ տպագրվեց, որտեղ ասվում էր, թե Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը կապվել է Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ և, ինչպես հաղորդում է aze.az-ը, Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռ. Կարրերասը հերքել է դա, «միանշանակ հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով»։ 

Գուցե թե հնարավոր է, որ Ուրուգվայն իրոք ճանաչի Արցախի պետականությունը (չնայած դրանում շատ լուրջ կասկածում եմ), սակայն խնդիրն այլ է։ Այս ամենը կարծես թե հիշեցնում է ոսկե ձու ածող հավի պատմությունը։ Դեռ «ձու չածած», մեր դիվանագետները սիրում են աշխարհով մեկ տարածել, թե՝ ահա-ահա մի չտեսնված-չլսված ոսկե ձու ենք լույս աշխարհ բերելու... Մինչդեռ ժողովրդական հայտնի խոսքն այլ բան է հուշում. «Գետը չհասած, փողքերը վեր չեն քաշի»... Թե՞ մեր դիվանագիտությունը շարունակում է ապացուցել, որ գետնաքարշ եղել է, գետնաքարշ էլ մնացել է, և դեռ բոլորիս ջգրու՝ այդպես էլ մնալու է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 20 ԱՄՅԱԿԸ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ 32 պատգամավորների ստորագրությամբ պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Արցախի 20 ամյակին նվիրված մի հայտարարություն:

Դրանում բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը և գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ԵԽԽՎ պատգամավորները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ 20-ամյակի կապակցությամբ և կոչ արել սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ, սակայն եթե նրանցից առաջին երեքը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, ապա Արցախը դեռ այս կազմակերպության անդամ չէ:

Հակառակ այս փաստի և դժվարին իրավիճակի՝ Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել և շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը և արժեքներին: Հայտարարությունը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից բացի ստորագրել են 13 երկրներ ներկայացնող 25 հեղինակավոր ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության 
լրատվական ծառայություն




ՍԱՐԿՈԶԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ

«Եթե մինչև տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են այլ մեծ պետություններ, մենք կդիմենք այլ նախաձեռնությունների, այդ թվում՝ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: 
Նրա խոսքով՝ կոլեկտիվ ժխտողականությունն ավելի լուրջ է, քան անհատականը:




ՆՈՐԻՑ ԶՈՀԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Վերջերս երեք օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մահացել է երկու ժամկետային զինծառայող, և երկուսն էլ, պաշտոնական վարկածով, ինքնասպանություն են գործել: Մահացած երկու զինվորներն էլ Արարատի մարզի նույն՝ Խարբերդ գյուղի բնակիչներ են:
NEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ երկրորդ դեպքը տեղի է ունեցել Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ: Իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Նախնական տեղեկություններով, նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Աղբյուրը նշեց, որ դեպքից քիչ առաջ վիճաբանություն է եղել Յուրիկ Ներսիսյանի և մարտական հենակետում գտնվող ծառայակիցների միջև: Վերջիններս ծեծել և ստորացրել են զինվորին:

Յուրիկ Ներսիսյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից, սակայն բնակվում էր Խարբերդ գյուղում:
Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Վերջինս կրկին Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ էր: Նա մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն ծեծած և նվաստացրած զինծառայողների անունները: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ:                    
NEWS.am




Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ առաջիկա մեկ տարում ղարաբաղյան պատերազմը չի վերսկսվի, սակայն միաժամանակ գտնում է, որ պատերազմին պատրաստ լինելն ավելի լավ է, քան մնալ հանգստության մեջ։ 
«Հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկման գործառույթները ո՛չ Հայաստանում են, ո՛չ էլ Ադրբեջանում։ Այս գործընթացը կառավարվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից։ Պարզապես հակամարտության կողմերը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայի և Վաշինգթոնի կողմից իրենց պարտադրված տեսակետները։ Հետևաբար, պատերազմի վերսկսման հավանականությունը ևս պետք է կապել դրսից եկող ազդակների հետ։ Առայժմ, իմ կարծիքով, պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը Հայաստանի անմիջական մասնակցությանը, ապա մենք այսօր չունենք մեր արտաքին քաղաքականությունը։ Մինչև մենք չունենանք մեր սեփական առաջարկները, կունենանք այն վիճակը, որն ունենք այսօր։ Գուցե սա գործող իշխանությունների համար առավել անվտանգ տարբերակն է, սակայն չեմ կարծում, որ ամենաօգտակարն է երկրի համար»,- գտնում է Արման Մելիքյանը։

Անդադառնալով ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց, որ այդ հաղթանակը հայ մարդու ազգային արժանապատվության միակ իրական վկայությունն է։ «Եթե այդ հաղթանակն էլ տանք, հայ մարդը այս պետությանն իրեն կապող որևէ բան այլևս չի ունենա։ Վերջին 20 տարիներին Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողել է պետականության և այն պետության կառուցում, որը կերաշխավորեր հայ ժողովրդի՝ հավուր պատշաճի անվտանգությունն ու բարգավաճումը»,- նկատել է Մելիքյանը։

Ամփոփելով՝ նախկին պաշտոնյան անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշմանը և հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մեզ համար նպաստավոր է։ Ռուսաստանը նույնպես կողմ է, որ տարածքները հանձնվեն, և եթե Ադրբեջանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին, վերջինս մեծ ուրախությամբ կաջակցի, որպեսզի տարածքները հանձնվեն։ Մեծ հաշվով, Ռուսաստանի ձեռամբ տարածքների հանձնումն այն գինն է, որը Հայաստանը պիտի վճարի, որպեսզի Ռուսաստանն Ադրբեջանում իր դիրքերը վերականգնի»։



Մոսկվայի գրախանութներում ոչ մի գիրք հնարավոր չէ գտնել Հայաստանի և Ղարաբաղի մասին: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանի «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հորինվածքներ և փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Միաժամանակ, ըստ նրա, գրադարակների վրա բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական գրականություն կա:

«Մեր ինստիտուտում երկու գիրք կա Նախիջևանի և երկուսը՝ Ղարաբաղի մասին, ընդ որում՝ նրանցից մեկը՝ քառասուն տպագիր էջ է կազմում: Հարկավոր է գումար՝ դրանք հրատարակելու համար: Սակայն քանի անգամ էլ դիմել եմ հայ գործարարներին՝ անիմաստ է եղել: Ադրբեջանական գրականության լիությունը բացատրում են «նավթատարի» առկայությամբ: Իսկ դուք բնակարաններ մի նվիրեք Քսենիա Սոբչակին և այլոց, ու այդ գումարները դրեք հրատարակչության մեջ»,- խորհուրդ է տվել Զախարովը հայ գործարարներին:
Հայաստանում, ըստ նրա, հրաշալի հետազոտություններ են կատարվում, սակայն հայերենով: «Ռուսաստանում, ցավոք, ոչ բոլորն են հայերեն կարդում: Դուք դա հրատարակում եք ձեզ համար, սակայն փորձեք հրատարակել աշխարհի համար»,- ավելացրել է քաղաքագետը:



Հնարավոր է, որ Ադրբեջանին սկզբնական շրջանում բլիցկրիգը հաջողվի, բայց այդ քայլի հետևանքները ողբերգական են լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քաղաքական և ռազմական վերլուծության Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:
Պատասխանելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաբերյալ հարցին՝ փորձագետը նշել է, որ Ադրբեջանի բյուջեն զուգորդելի է Հայաստանի բյուջեի հետ:
«Դրա համար ես չէի խոսի ուժերի հավասարակշռության մասին»,-նկատել է փորձագետը: Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը անընդհատ խոսում է այն մասին, որ կգործադրի բոլոր ջանքերը, այդ թվում ռազմական ուժերը, 90 թվականի դրությունը վերականգնելու համար: Եւ դրանում է գլխավոր խնդիրը»: Փորձագետի խոսքով, Ադրբեջանի ռազմական դոկտրինն այնքան էլ պատշաճ չէ: Ադրբեջանը որպես գլխավոր վտանգ դիտարկում է Հայաստանը: Երկրորդ վտանգը Ռուսաստանն է: Փորձագետի խոսքով, դա շատ սխալ է: Ադրբեջանի սպառնալիքների կոնտեքստում նա հիշեցրել է նավթի գործոնը և Իրանին, մասնավորպես Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի և Իսրայելի կապերի հարցում:

Սպառնալիքների կոնտեքստում Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ մյուս կարևոր հարցը, դա միջազգային հանրության դիրքորոշումն է: Ադրբեջանի համար գլխավոր հարստությունը նավթն է, որում մեծապես հետաքրքրված է ԵՄ-ն. «Ո՞վ թույլ կտա նրանց: Ինչ էլ որ ասենք, նրանց համար գլխավորը նավթն է»:
«Եթե Ադրբեջանը համարձակվի ռազմական գործողություններ սկսել, ապա պարտություն կկրի բոլոր դիրքերում»,-շեշտել է փորձագետը՝ հավելելով, որ նա այդ դեպքում չի բացառում իշխանափոխություն Ադրբեջանում: «Ոչ ԵՄ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն չեն համաձայնվի, որ հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով»,- հիշեցրել է փորձագետը:
NEWS.am


Թուրքական «Գյուրբուզ» հրատարակչատան կողմից տպագրված Թուրքիայի ֆիզիկական քարտեզում Աղրը Դաղըն (Արարարտ լեռ) պատկերված է Հայաստանի սահմանում։ 
Այս մասին Haberiniz.com կայքում լույս տեսած իր հոդվածում գրում է Ֆահրեթթին Օզթոփրաքը՝ նշելով, որ այդ քարտեզների հրատարակությանը, որոնք ներառված են տարրական և միջնակարգ դպրոցների դասագրքերում, հավանություն է տվել Թուքրիայի կրթության նախարարությունը։
«Ո՞վ է վերջ դնելու կրթության նախարարության դավաճանությանն ու անբարոյականությանը» խորագրով հոդվածում Օզթոփրաքը գրում է. «2011-2012թթ. ուսումնական տարում «Գյուրբուզ» հրատարակչատունը տպագրել է Թուրքիայի ֆիզիկական քարտեզը, որտեղ Աղրը Դաղըն պատկերված է Հայաստանի սահմանում։ Մի՞թե սա հայրենիքի և պետության դավաճանություն չէ։ Մի՞թե սա չի նշանակում աղբարկղը նետել 1920թ. ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը»։

Նշենք, որ Թուրքիայում 2007թ. պատրաստված և հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով: Սակայն ազգայնական շրջանակների ճնշումների արդյուքնում Թուրքիայի կրթության նախարարությունը հավաքել էր դասագրքերը և «Արարատ» անվանումը փոխարինել «Աղրը Դաղը»-ով:




ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՀԱՐԿԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԻ ԻՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ»

Այս ցնցող հարցազրույցում Շառլ Ազնավուրը դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում «ցեղասպանություն» տերմինի շուրջ մղվող պատերազմին... Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում և ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության «Vivement dimanche» հաղորդաշարի ժամանակ արտահայտած մտքերը: Կրճատումներով ներկայացնում ենք «Նովել դ’Աղմենի» ամսագրին / Nouvelles d’Armenie Magazine (NAM) տված հարցազրույցը։

NAM: Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված ձեր հայտարարություններով: 

Շ.Ազնավուր: Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում Հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին, արաբները, ովքեր հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում և էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են և այլևս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար: 
Այս ու՞ր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւմ է դա ձեռնատու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդի՞կ՝ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: 

Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում. իմանալ ինչպես են դա անվանել «ցեղասպանություն» բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել «ցեղապանություն» բառը, խոստովանեք գոնե որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ո՞ւր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար... Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…

NAM: Այնուամենայնիվ դուք ձեզ շատ ակտիվ դրսևորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջև: Դուք խոսեցիք Սենատի առաջ…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք մասնակցել եք ցույցերին…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը և սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:

NAM: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ առաջ չենք շարժվել: 

Շ. Ազնավուր: Չենք շարժվել և չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը։ Ուրեմն եկեք պայմանավորվենք և որոշենք թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն և այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:

NAM: Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում: 

Շ. Ազնավուր: Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը: 

NAM: Այնուամենայնիվ դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից: 

Շ. Ազնավուր: Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբևէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում և այլևս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում և հետևաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլևս հույս մի դրեք… ամենևին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից, և նրանց հակառակը սովորեցնենք:

NAM: Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ: 

Շ. Ազնավուր: Պարզապես խելացի գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո… միայն առաջ:

NAM: Դարեր: Մոտավորապես հազար տարի... 

Շ. Ազնավուր: Գերմանացիները այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել և հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ: 

NAM: Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եվ սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հարցը: Այս հարցում էլ պե՞տք է զիջումների գնալ: 

Շ. Ազնավուր: Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիոզ լինե՞լ. գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին: 

NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը: 

Շ. Ազնավուր: Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը: Ժամանակին հենց դա էին ասում: Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ «ցեղասպանություն» բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը: 

NAM: Այնուամենայնիվ...

Շ. Ազնավուր: Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ: Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել։ Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսիները, որոնք հակառակն են ասում: Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:

NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք առաջարկում: 

Շ. Ազնավուր: Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե ոչ:

NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս պետք է նահանջել: 

Շ. Ազնավուր: Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:

NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում: 

Շ. Ազնավուր: Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույն բանն է նաև Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային...
Ես քաղաքական գործիչ չեմ: Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ: Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում...

Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են 2,3 միլիոն: Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞ւմ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ի՞նչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ: 

NAM: Իրականում այն, ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է: 

Շ. Ազնավուր: Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք... Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:

NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին: 

Շ. Ազնավուր: Ոչ դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը… Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել «ոչ»: Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանութն ունենա՞լ և ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա է նշանակում լինել հա՞յ: Դա շատ քիչ է:

«Առաջին լրատվական»
12 հոկտեմբերի




ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ցանկացած լրատվամիջոցի և լրագրողի հիմնական խնդիրը ստացած, ձեռք բերած տեղեկատվությունը հնարավորինս շուտ ընթերցողին, հեռուստադիտողին կամ, ինչպես այսօր ասում են, սպառողին հասցնելն է։ Այս հարցում հայ լրագրողները թերևս չեն զիջում այլազգի իրենց գործընկերներին։ Այս խնդրում միանշանակ պարտաճանաչ են, քաղաքականություն խաղալ չեն սիրում՝ ձեռքբերած յուրաքանչյուր լրատվություն անմիջապես սփռվում է։

Ցանկանում են, թե չեն ցանկանում, հայ լրագրողները հակամարտող երկրներում աշխատող շատ լրագրողների պես մասնակցում են մի պատերազմի, որ կոչվում է տեղեկատվական։ Սա ևս քաղաքականության պես մի բան է, որտեղ լրագրողն այլընտրանք չունի։ Հիշում եք, չէ՞, հայտնի արտահայտությունը, որ մոտավորապես այսպես է՝ եթե դու քաղաքականությամբ չզբաղվես անգամ, միևնույն է, քաղաքականությունը զբաղվելու է քեզանով։ Այդպես էլ այս տեղեկատվական պատերազմն է, որից գրեթե հնարավոր չէ խուսափել։

Ճիշտն ասած, երբեմն մտածում եմ, թե բախտներս բերել է, որ մեր հակառակորդը թուրք-ադրբեջանցիներն են։ Չնայած, միաժամանակ մեր ամենամեծ ողբերգությունն այն է, որ աշխարհի հարյուրավոր ազգ ու ցեղերից սրանք են մեզ բաժին ընկել։ Բախտներս բերել է՝ մակարդակի առումով։ Որովհետև այնքան թույլ ու հիմար են, որ, կարծես, այնքան էլ դժվար չէ սրանց հաղթել։ Սրանց հետ գործ ունենալը նաև դժբախտություն է մեզ համար՝ դարձյալ մակարդակի առումով։ Երբեմն մենք էլ չենք նկատում, թե ինչպես ենք իջնում, հավասարվում նրանց մակարդակին։ Բայց սա մեր ամենամեծ դժբախտությունը չէ։ Ցավն այն է, որ թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական պատերազմներում հաղթողը նրանք են։

Հստակ չեմ հիշում, թե ղարաբաղյան շարժումից առաջ Ադրբեջանում տառաճանաչությունը քանի տոկոս էր կազմում, ձեռքիս այդ տվյալները չունեմ։ Սակայն չեմ կարող չնկատել, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո սրանց մոտ լրագրությունը յուրօրինակ «բում» է ապրում։ Աջ ու ձախ գրում են, ու հիմնական թեման էլ Ղարաբաղն է։ Այս «Գարաբաղն» ուղղակի խելագարության աստիճանի մթագնել է նրանց ուղեղները։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Ղարաբաղն իրոք նրանցը լիներ։ Զսպաշապիկն անգամ նրանց չէր օգնի։

Մարդիկ, որ նոր-նոր են սովորել իրենց նորաստեղծ այբուբենը, մոլեռանդորեն փորփրում են ձեռքներն ընկած ամեն ինչ, գիրք թե ինտերնետ, պահածոյատուփ թե գետնին ընկած քարի մի կտոր ու մեջները «Ղարաբաղ» որոնում... Եվ գտնում են։ Մեկ էլ տեսար՝ նրանց լրատվամիջոցները «ջիհադ» հայտարարեցին աշխարհի ինչ-որ կազմակերպության կամ ընկերության, ինչ է թե՝ նրանց կայքում Ղարաբաղը ներառել են Հայաստանի կազմում։

Վերջերս ադրբեջանցիները հանկարծ նկատել են, որ ամերիկյան ինտերնետ-հեռախոսակապի Magic Jack ընկերությունը, որը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով շփվելու աշխարհի բոլոր երկրների հետ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է նույն բաժնում: Եվ ինչպիսի՜ փոթորիկ ազերական ԶԼՄ-ներում։ Դրանից առաջ էլ մեր հարևաններին կատաղեցրել էր Google-ը, որ իր Google Voice ծառայության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացրել էր որպես Հայաստանի մաս:

Փորձեցի ստուգել, թե ինչով է ավարտվել Ադրբեջանի պատերազմն այդ ընկերությունների դեմ։ Google Voice-ը դեռ տեղի չէր տվել, «Հայաստան-Ղարաբաղը» անփոփոխ էր մնացել, իսկ ահա Magic Jack-ը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» հանել էր Հայաստանի բաժնից և մտցրել սուվերեն Ադրբեջանի բաժնի մեջ, անվանումը թողնելով անփոփոխ՝ NAGORNO-KARABAKH REPUBLIC...

Կասկած չունեմ, որ վաղը կամ մյուս օրը Google Voice-ը ևս տեղի է տալու ազերիների գրոհներին։ Ի դեպ, ասեմ, որ Googl-ի blogspot.com-ում բլոգներ ունեցող արցախցիները բլոգ այցելողների բաժինը ստուգելիս վերջերս նկատել են, որ Արցախից բլոգ մտնողները նշված են «Ադրբեջան» պետության կազմում։ Ինչպես հանրահայտ Google Earth-ում (Երկիր մոլորակ) արդեն ազերական անուններով է կնքված Արցախի բնակավայրերի մեծ մասը...

Վերջերս Facebook-ում նոր նախաձեռնություն է ստեղծվել՝ ի պաշտպանություն Google Earth-ում Արցախի մայրաքաղաքի ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ անվանման։

Արդեն նկատել եմ, որ Արցախի «պատկանելության» հետ կապված այս յուրօրինակ պատերազմում հակառակորդին որոշ աջակցություն են ցույց տալիս նաև հայկական լրատվամիջոցները։ Բավական է ինչ-որ մի կայքում կամ թեկուզ ոչ էական մի փաստաթղթում նկատենք, որ Արցախը ներառած է Հայաստանի կազմում կամ որպես անկախ պետություն, անմիջապես լույս աշխարհ ենք հանում դա, կարծես ազերիներին «քսի տալու» համար, իսկ սրանք պաշտոնական ու ոչ պաշտոնական իրենց խողովակներով մի քանի օր հետո «շտկում են սխալը»։ Սա նկատի ունեմ, երբ վերևում ակնարկել եմ, որ հայերս պարտաճանաչ կատարում ենք մեր մասնագիտական պարտքը, քաղաքականություն խաղալ չենք սիրում՝ ձեռքբերած յուրաքանչյուր լրատվություն անմիջապես տարածում ենք... Չնայած դրանից ավելի շատ սնապարծության հոտ է գալիս՝ տեսե՛ք, այսինչ ընկերությունը «ճանաչել է Ղարաբաղի անկախությունը»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՔԱՆԴԵՆՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՈՐ ՇԻՆԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ...

Լուսանկարում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցն է։ Շատ հնարավոր է, որ շատերն անմիջապես չճանաչեցին այն, քանի որ մենք բոլորս՝ ծեր թե ջահել, ծնված օրից մի ուրիշ, միանգամայն տարբեր տեսքով գիտենք հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցի առջև ծառեր կային, որ մի առանձին շուք էին հաղորդում շենքին։ 

Այսօր հանրապետական հիվանդանոցի դիմացն ահա այսպես լերկ ու մերկ է՝ անապատի պես։ Վերջերս դիմացի բոլոր 60-70 ծառերը հատեցին, ապա էքսկավատոր ու բուլդոզերով հիվանդանոցի ձախ մասի ողջ երկայնքով շուրջ 5-6 մետր խորությամբ հսկա մի փոս փորեցին... Պարզվեց, որ այս անգամ ոչ թե «էլիտար» նոր շենք են կառուցելու, այլ խոշոր ջրավազան՝ հիվանդանոցից ներքև գտնվող, այսպես կոչված, «Ստեփգէս» և հարակից թաղամասերին ջուր մատակարարելու համար։ Մի քանի օր հետո հիվանդանոցի առջև նորից բուլդոզեր, բեռնատարներ ու այլ տեխնիկա հայտնվեց... Այս անգամ, սակայն ոչ թե քանդում, այլ, ընդհակառակը, բեռնատարներով հող էին բերում, փոսը լցնում ու քանդածը կրկին հարթեցնում...

Պարզվեց՝ մի «փոքր» թյուրիմացություն է կատարվել. ջրավազանը ոչ թե հիվանդանոցի առջև, այլ մի 150-200 մետր հեռու՝ Հուշահամալիրի և օդերևութաբանական ծառայության միջև գտնվող հատվածում պիտի սարքեին... 

Հետաքրքիր է. որևէ մեկը պատասխա՞ն է տալու բազմաթիվ այդ գլխատված ծառերի ու աննպատակ կատարված աշխատանքների համար... Հազիվ թե։

Գոնե լավ է, որ «շուտ» հասկացան։ Պատկերացրեք՝ ջրավազանը կառուցեին, խողովակները քաշեին և դրանից հետո միայն գլխի ընկնեին թյուրիմացությունը։ Լավ ենք պրծել...
 Վերջերս մեզ մոտ շինարարական նոր ավանդույթ է ձևավորվել։ Եղածը հիմնահատակ քանդում ենք, տեղը նորը կառուցում... Մի այլ ավանդույթ էլ է կյանքի կոչվել՝ ծառահատումը։ Ստեփանակերտում հարյուրավոր, ավելի ճիշտ՝ հազարավոր ծառեր են հատվել... Կեցցե՛ «գազոնը»։ Այսօր մեր կյանքի չափանիշը գազոնն է... Խոսքը նաև քայլող, երկոտանի «գազոնների» մասին է։

ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ




The Washington Post-ը 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ավելի քան 10 տարի է՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական կազմակերպություններ փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղ համաձայնագիր, որը թույլ կտար վերջ դնել լեռնային շրջանի առնչությամբ վեճերին։ Սակայն Լեռնային Ղարաբաղն ինքն իրենով հնարավորություն չունի նստել բանակցային սեղանի շուրջ, իսկ վերջինիս նախագահը կարծում է՝ այդ իրավիճակը պետք է փոխվի»,- գրում է The Washington Post-ը՝ հիշեցնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ առանց Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին ուղիղ մասնակցության հնարավոր չէ խաղաղ համաձայնագրի ստորագրում։
«Լեռնային Ղարաբաղը, որտեղ հայերը էթնիկ մեծամասնություն են կազմում, Ադրբեջանից իր անկախության մասին հայտարարել է 1991թ. և անջատվել 1994թ.։ Այդ ժամանակ զինադադարի մասին համաձայնագիրը ազադարարում էր արյունալի պատերազմի ավարտը, որը երկու կողմերից էլ խլեց հազարավոր կյանքեր։ Եվ քանի որ այն ժամանակ ոչ մի երկիր չէր ճանաչում տարածաշրջանը, հանրապետությունը Հայաստանին վստահեց բանակցային գործընթացում իր շահերը ներկայացնելու իրավունքը։ The Washington Post գրում է, որ ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգությունները շարունակվում են։ Տարեկան զոհվում են տասնյակ մարդիկ, և մշտապես առկա է հակամարտությունը վերսկսման վտանգը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, որին ներկա էին Մինսկի խմբի ներկայացուցիչները, ուղղված էին այն բանին, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորության դիմաց որոշ տարածքներ վերադարձնելու հարցի առնչությամբ։ Կարևոր դերակատարություն ունեն նաև անվտանգության միջազգային երաշխիքները։ Առայժմ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԼՂ լիարժեք անկախությունը... Իրենց հերթին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, որ չեն պատրաստվում հողեր տալ, եթե դա նշանակում է, որ հանրապետությունը ստիպված է լինելու վերադառնալ անպաշտպան սահմաններին»,- գրում է պարբերականը...

Պարբերականը գրում է, որ երբ բանակցություններն սկսվեցին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ՝ խոստանալով չդավաճանել իր հայրենիքը։ «Լեռնային Ղարաբաղը մտածեց, որ կարող է նրան վստահել իր շահերը, սակայն 10 տարի անց, որոշ չինովնիկներ հայտարարում են, թե դա ռազմավարական սխալ էր։ Նրանք այդպես են խոսում, չնայած այն բանին, որ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներից է։ Նրանց կարծիքով՝ Հայաստանն ունի իր շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Լեռնային Ղարաբաղի շահերի հետ»,- գրում է The Washington Post-ը։

Պարբերականը գրում է, որ տարբերություններից մեկն այն փաստն է, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն սկսեց պահանջել դեռևս 1988 թ.՝ Խորհրդային Միության փլուզումից 3 տարի առաջ, և 1991 թ. Հայաստանից և Ադրբեջանից առաջ հայտարարեց իր անկախության մասին։

Նախագահի նախկին թեկնածու, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ խնդիրը գործընթացում հետևյալ սխալի մեջ է՝ 1991թ. միջազգային հանրությունը որոշեց նորից ճանաչել նախկին ԽՍՀՄ անկախ հանրապետությունների խորհրդային սահմանները։ Եվ հենց այդ պատճառով Լեռնային Ղարաբաղը չճանաչվեց, չհրավիրվեց բանակցային սեղանի շուրջ և շարունակում է պաշտոնապես համարվել Ադրբեջանի մի մասը, չնայած այն բանի, որ հանրապետությունն իր անկախության մասին մյուս երկրներից ավելի շուտ էր հայտարարել»,- գրում է The Washing-ton Post-ը՝ ավելացնելով. «Միև-նույն ժամանակ ոմանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը, չմասնակցելով բանակցային գործընթացին, ստանում է ցանկացած որոշման վրա վետո դնելու իրավունք։




ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈ՞Ց, ԹԵ՞...

Յուրաքանչյուր ազգ, ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային և կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին պատկերացումներից, ստեղծում է գոյապահպանության իր համակարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում կրթությունը։ «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում գրված է. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ ԼՂՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում Հայ Առաքելական Եկեղեցին»։ 

Այսինքն՝ հաշվի առնելով, որ պետության ներկան և ապագան մեծապես կախված է իր՝ քաղաքացիների մտավոր, հոգևոր ու մասնագիտական մակարդակից, ինչպես նաև՝ նրանց հասարակության լիիրավ անդամ լինելու ունակությունից, պետությունը և Եկեղեցին միասնաբար կարևորում են կրթական համակարգի դերը և նպաստում, որ լուծվեն վերոհիշյալ խնդիրները։

Ինչպես հայտնի է, ԼՂՀ կրթական համակարգը սերտորեն կապված է ՀՀ կրթական համակարգին (ավելի ճիշտ՝ մի մասն է կազմում)։ Ներկայումս Հայաստանում դեռ ընթանում են կրթական «բարեփոխումները»։ Ո՞րն է երկրի կրթական համակարգի ուղղվածությունը, ի՞նչ նպատակ ունեն այս ոլորտում իրականացվող «բարեփոխումները», ազգային դպրո՞ց, թե՞... 
Այս հարցերին պատասխանելու համար օգտակար է հիշել նախկին սովետական կրթական համակարգը, որն իր թերություններով հանդերձ, համարվում էր աշխարհի կատարելագործված և արդյունավետ համակարգերից մեկը։ Պատճառը համակարգի ուղղվածության և նպատակի հստակեցվածությունն էր, կրթական համակարգի բոլոր օղակների փոխկապակցվածությունը և պետական պատշաճ վերաբերմունքը։ Իհարկե, տվյալ պարագայում առաջնայինը պետական գաղափարախոսությունն էր (խոսքը լավ կամ վատ լինելու մասին չէ)։ 

Սովետական պետությունը գիտեր, թե ինչպիսի քաղաքացիներ են իրեն պետք կոմունիզմ կառուցելու համար: Պետության կողմից կար հստակ պատվեր դպրոցին և համապատասխան վերաբերմունք։ Իհարկե, նպատակին հասնելու համար ԽՍՀՄ-ը խտրականություն չէր դնում միջոցների ընտրության հարցում, բայց կրթական համակարգի կենսունակությունը և արդյունավետությունն ակնհայտ էր։ 

Հարց է ծագում. արդյո՞ք ճիշտ է պետության միջամտությունը կրթության ոլորտին: Հարցին Հունաստանի Սահմանադրությունը պատասխանում է հոդված 16-ի 2-րդ կետով. «Կրթությունը հանդիսանում է պետության կարևորագույն խնդիրը, որի նպատակն է բարոյական, հոգևոր, մասնագիտական և ֆիզիկական դաստիարակությունը, ազգային և կրոնական գիտակցության զարգացումը, ազատ և պատասխանատու քաղաքացիների ձևավորումը»: 

Հունական պետությունը ոչ միայն միջամտում է կրթական համակարգի «ներքին գործերին», այլև ամբողջովին վերահսկում, ֆինանսավորում և հովանավորում է այն: Իսկ Հայաստամում՝ սկսած աշոտբլեյանական կրթական բարեփոխություններից, վերջացրած «օպտիմալացմամբ» և «բարեփոխություններով», նպատակ է հետապնդում (համենայնդեպս՝ իրականությունը դա է ցույց տալիս) վերջնականապես մեզ հեռացնել ազգային դպրոցի գաղափարից. մեղմ ասած: 
Եզրակացնենք. քանի դեռ մենք չունենք ազգային գաղափարախոսություն, կրթական և նմանօրինակ «բարեփոխումներ» շա՜տ են լինելու։ 

Արցախում կրթական «բարեփոխումների» առաջին թիրախը դարձավ միջնակարգ հանրակրթական դպրոցներում կրոնի առարկայի դասավանդումը։ Կրոնի դասավանդման հիմնական նպատակն էր՝ ազգային և կրոնական գիտակցության ձևավորումը և աշակերտների քրիստոնեական դաստիարակությունը։ Կրոնի առարկայի փոխարինումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայով, փաստորեն, նշանակում է հրաժարում վերը նշված նպատակից։ Իմ կարծիքով, «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի նախասիրական հիմունքներով, իսկ կրոնի առարկան պետք է լինի պարտադիր։

Ինչպես գիտենք ՀՀ և ԼՂՀ միջնակարգ դպրոցում ուսման տևողությունը 12 տարի է, երեխաները դպրոց են հաճախում վեց տարեկանից սկսած։ 12-ամյա միջնակարգ կրթության անցնելուց հետո, ըստ «նորարաների», թեթևանալու են ուսումնական ծրագրերը։ Այսինքն՝ նույն ծրագիրը, որ պետք է աշակերտները յուրացնեին ուսումնական 10 տարիների ընթացքում, կանցնեն 12 տարում: Հետաքրքիր է՝ ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաները, որոնք ունեն պարզից դեպի բարդը սահուն անցումներ, բաժինների հստակ տարանջատումներ և մեկը մյուսին լրացնելու, շարունակելու դինամիկա, ոնց են «ցրելու» 12 դասարանների համամասնությամբ: Մեր պարագայում «շեն կենան» կրկնությունները, նույն թեման կարող են անցնել տարբեր դասարաններում: 

Նոր համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բոլոր տղաները դպրոցն ավարտելու են զորակոչային տարիքում, մեկ տարի «հանգստանալու են», այնուհետև մեկնելու են բանակ։ Պետությունը հոգացել է դրա համար և զորակոչային տարիքը սահմանել 19 տարեկան:

12-ամյա միջնակարգ կրթության հեղինակների և կողմնակիցների հիմնական պատճառաբանությունը արևմտյան կրթական համակարգին մեր կրթական համակարգը համապատասխանացնել և ինտեգրելու անհրաժեշտությունն է։ Այդ ուղղությամբ Հայաստանը բարձրագույն մասնագիտական կրթության պարագայում վավերացրել է Լիսաբոնի կոնվենցիան և միացել Բոլոնիայի գործընթացին. ընդունել է բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենք: Ընդունվել են «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները: Այդ օրենքները, բնականաբար, ընդունվել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի կողմից։ Օրենսդրությունը մնում է օրենսդրություն, բայց փաստն այն է, որ արևմուտքից «իջեցված» չափորոշիչները, գլոբալիլզացիայի պայմաններում համընդհանուր հավասարեցումը կորստի է մատնելու հայի ազգային դիմագիծը, որի պահպանման գործում ծանրակշիռ դեր ունի ազգային դպրոցը։

Իմ կարծիքով, 10-ամյա միջնակարգ կրթությունն ավելի արդյունավետ է, միայն թե այն պետք է կատարելագործվի ու իրոք՝ բարեփոխվի։ Մասնավորապես պետք է լուծվեն հետևյալ խնդիրները. 

- Բուհական և դպրոցական ծրագրերը համապատասխանեցվեն,
- Դպրոցական դասագրքերի և բուհական ընդունելության պահանջները համապատասխանեցվեն,
- Դասագրքերը և ծրագրերը հաճախակի չփոփոխվեն,
- Դպրոցն ապահովվի համապատասխան մեթոդական ձեռնարկներով,
- Հանրապետության բոլոր շրջաններում գործեն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,
- Դպրոցներում գործեն ուսումնական ծրագրերով նախատեսված լաբորատորիաներ, արտադասարանական խմբեր,
- Դպրոցներում ստացած գիտելիքները պետության և հասարակության կողմից արժևորվեն,
- Ուսման որակի բարձրացման ուղղությամբ օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաները,
- Ստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա։
- Հանրակրթական դպրոցներում սահմանել շաբաթական 5-օրյա պարապմունք, ինչպես ՀՀ-ում է...

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց նորից անդրադառնանք արմատին՝ ինչի՞ց սկսվեց «բարեփոխությունը»։

Արցախում պատերազմի հաղթական ավարտից հետո, սոցիալ-տնտեսական փոփոխությունները և աշխարհաքաղաքական զարգացումները մեզ՝ հայերիս, պարտադրեցին փոփոխություններ կատարել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կրթական համակարգում։ Իրենց պայմանները թելադրեցին «Համաշխարհային բանկը», «Միջազգային արժութային հիմնադրամը», եվրոպական համագործակցության մի շարք կառույցներ։ Կրթական համակարգը վերափոխելու համար մեծ քանակությամբ դրամական միջոցներ հատկացվեցին ծրագրերի, մեթոդաբանության և դասագրքերի հրատարակման համար՝ առանց հաշվի առնելու մեր ազգային առանձնահատկությունները, հոգեկերտվածքը, ավանդույթներն ու սովորույթները, կրթության և դաստիարակության վերաբերյալ հարուստ բազմադարյա փորձը։ Արդյունքում՝ մեր դպրոցներում ազգային արժեքները և ազգային գաղափարախոսությունը սկսեցին համարվել կեղծ հասկացություններ։ 

Վերջերս ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանելով «Ի՞նչ արժեքների վրա պետք է դաստիարակվեն աշակերտները դպրոցում: Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին» հարցին, նշել է. «Դաստիարակության հարցը որոշ իմաստով մեզ մոտ դեռ քննարկվող թեմա է: Անցած տարիներին, երբ ամեն ինչ վերանայվում էր, դպրոցից դաստիարակության հարցերն աննկատելիորեն դուրս մղվեցին: Հիմա արդեն երկար քննարկումներ ու աշխատանքներ ենք տանում, որպեսզի դաստիարակության խնդիրը դարձյալ վերադառնա դպրոց: Իհարկե, չի կարելի ասել՝ դպրոցներն այդ խնդրով չեն զբաղվում, բայց հեռանկարային կուռ համակարգ դեռ չենք ստեղծել, դաստիարակության հայեցակարգ դեռ չունենք, թեև հայրենասիրական դաստիարակության առումով բավականին շատ բան արվում է: Դպրոցները, իրենց ծրագրերով, միջոցառումներով, ուսուցիչների արժեքային համակարգի հետ պայմանավորված, որոշակի գործեր անում են»:

Փաստորեն, մեր հայկական դպրոցներում ուսում (կրթություն և դաստիարակություն) չի իրականացվում: Մենք էլ միամտորեն կարծում ենք, թե մեր երեխաները ուսում են ստանում: 
Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայության համար պետականության գաղափարը կրողը եղել է ազգային դպրոցը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու արժեքները։ Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցիչն արհամարհված ու անտեսված է։

Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ։ Հակառակ դեպքում ազգակործանումն անխուսափելի է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՎԱՏ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԵՏ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Դասագիրքը ցանկացած ժողովրդի կամ երկրի համար հեռահար զենք է, մի զենք, որի այսօրվա կիրառությունը տարիներ հետո բումերանգի օրենքով ներգործելու է երկրի թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին աշխարհում գրաված դիրքի և հարաբերությունների վրա: Հետևաբար այսօր հայ դպրոցի համար ստեղծվող դասագրքերի ընտրության կազմակերպմանը, կարծում ենք, պետք է մոտենալ միայն ու միայն այս տեսանկյունից՝ մի կողմ դնելով դրամական շահը, հայկական իրականության համար բնութագրական խնամի-ընկեր-բարեկամ հարաբերությունները և բոլոր մյուս հանգամանքները, որոնք վերջին տարիներին գերակշռում են այդ դաշտում: 

1992 թվականից ընդգրկված եմ դասագրքաստեղծ գործընթացում. եղել եմ նախ՝ մեկ, այսօր՝ երեք դասագրքի համահեղինակ, մի հանգամանք, որն ինձ հնարավորություն է տվել ոչ միայն ականատեսը լինելու ու համեմատելու դասագրքերի մրցույթների կազմակերպման տարբեր սկզբունքները, այլև սեփական մաշկի վրա զգալու, թե ինչպես է քայքայվում այդ համակարգը: 
Իմ դիտարկումները թույլ են տալիս գալու հետևյալ եզրահանգման. մրցույթի անցկացման ցանկացած համակարգում կարևորագույն դերակատարումը հանձնաժողովինն է: Հետևաբար պետք է հիմնովին վերանայել մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության սկզբունքները, գուցե նաև դասագրքերի բաց քննարկումներ կազմակերպել հենց մրցույթի սահմաններում: 

Մեզանում դասագրքերի ընտրությունը կատարվում է փակ դռների հետևում. հանձնաժողովների անդամներն իրենց «սև կամ սպիտակ» գործն անում են և հանգիստ գնում իրենց տները՝ առանց որևէ մեկին բացատրություն տալու, առանց իրենց կատարած ընտրության համար ամաչելու կամ հպարտանալու, առանց լավ դասագրքերի համար խրախուսվելու, իսկ վատի պատճառով՝ պատժվելու…

Կարծում եմ, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է բաց քննարկման ժամանակ հեղինակներին (և գիտամանկավարժական հանրությանը) ներկայացնի, հիմնավորի և պաշտպանի իր կարծիքը: Այս դեպքում ոչ մի պատահական մարդ չի համաձայնվի ու չի համարձակվի դառնալ դասագիրք երաշխավորող հանձնաժողովի անդամ…

Այսօր գրեթե յուրաքանչյուր ընտանիքում դպրոցական կա, և գրեթե բոլորը շահագրգռված են, որ իրենց երեխաները լավ դասագրքեր ունենան, և ամեն տարի սեպտեմբերին չվերսկսվի վատ դասագրքերի հետ ընտանյոք, ազգուտակով «կռիվ տալու» գործընթացը... Այսօրվա սխալների արդյունքները հայտնի կդառնան միայն տարիներ հետո, երբ «գնացքն արդեն մեկնած կլինի»: Այլապես տարեցտարի ավելի ու ավելի վարկաբեկում ենք մտավորականին, դպրոցը, կրթությունը և վերջին հաշվով՝ մեր պետությունը:

ԼԻԼԻԹ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ 
բանասիրական գիտությունների 
թեկնածու, դոցենտ
hraparak.am
Տպագրվում է կրճատումներով





ԱՄԵՆԱԼԱՎ ԳՈՐԾԸ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է

«Նոր էջ» հանրային թերթում (17. 08. 2011) կարդացի Հայկ Ղազարյանի «Երախտամոռությունը վատ զբաղմունք է» վերտառությամբ հոդվածը և որոշեցի սեփական կարծիք հայտնել։ Ի դեպ, վերջերս հայաստանյան մի հեռուստաալիքով հանդես եկավ բոլորիս ծանոթ հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը, ով իր ելույթում խորհուրդ էր տալիս իրար նեցուկ լինել, իրար օգնելն ու սատարելը սովորել հրեաներից, այլ ոչ թե մասնագիտանալ իրար «գցելու» միջոցներ որոնելով: Հենց այդ միտքն էլ ստիպեց, որ հայտնեմ կարծիքս: 

Ըստ հոդվածագրի, աղմուկ-աղաղակի բուն պատճառը Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների տրավերտինե (կրատուփ) սալիկներով ու կղմինդրով երեսպատելն է, որ պիտի իրականացվեր հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի ծրագրով: Եվ այս ձեռնարկումը, ինչպես նշված է հոդվածում, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը որակում է որպես «ոտնձգություն հանցագործության աստիճանի ու անգրագետ հայրենասիրություն»: 

Փորձում են «օրինական դաշտ» հրավիրել մի մարդու, ով վաղուց հանրության կողմից ճանաչված է իր կատարած մեծ գործերով: Հարց է ծագում՝ եթե սույն ձեռնարկումը անգրագետ հայրենասիրություն, հանցագործության աստիճանի ոտնձգություն է և օրենքի շրջանակում տեղ չի կարող զբաղեցնել, ապա օրենքի շրջանակի ո՞ր անկյունում կարելի է տեղադրել Արցախի հուշարձաններին հատկացված փողերով ադրբեջանցիների չունեցած հուշարձանների մասին նույն Ս. Կարապետյանի և Ս. Շահվերդյանի ջանքերով և հուշարձանների բարեկարգմանն ու պահպանությանը հատկացված փողերով գիրք հրատարակելը։

Գուցե կասեք՝ քաղաքականություն է, բարի գործ է: Այդտեղ ո՛չ քաղաքականություն եմ տեսնում, ո՛չ էլ բարի գործ: Աստված գիտե, թե ում պատվեր են կատարել: Գուցե ի պատասխան Ջուղայի խճաքար դարձրած խաչքարերի են տպագրել, որ Ադրբեջանը զղջա: Բայց այդ մասին չեմ ուզում ծավալվել։ Շահեն Մկրտչյանը հոդվածով անդրադարձել է դրան: Այս և նման այլ քայլերի համար օրենքի առաջ պատասխան տալու փոխարեն հարձակվում են Լ. Հայրապետյանի վրա:

Ծուռ նստենք, շիտակ խոսենք: Արդյո՞ք նշված ձեռնարկումն է հիմնական պատճառը, որ Երևանում օրակարգի հրատապ հարց է դարձել բարերարի հերթական ձեռնարկումը: Թվում է ձիով քայլ է արված: Ղարաբաղից «գնդակը» փոխանցվել է ուրիշ խաղացողի, միայն թե դարպասով անցկացվի... Մինչդեռ մինչև նշված համալիրի շրջապարիսպները սալիկներով երեսպատելը Արցախի տարածքում այլ գործեր են կատարվել բոլորիս աչքի առաջ, որ չպիտի այդպես արվեին, սակայն ձայն հանող չի եղել, նույնիսկ մասնագետների կողմից:

Իսկ իրականում Գանձասարի շրջապարիսպներն ինչպիսի սալիկներով էլ երեսպատելու լինեն՝ համալիրի պատմաճարտարապետական դեմքը բոլորովին չի խաթարվում: Հո չե՞ն տեղափոխվել, ավելի ճիշտ, տեղահանվել նրա բակում ու ներսում տեղադրված շիրմաքարերը, չի՞ ձևափոխվել կառույցի որևէ մաս, ինչպես կատարվել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և նրա հարավահայաց ու արևմտահայաց կողմերում հողին հանձնված աճյունների վրա տեղադրված շիրմաքարերի հետ: Շիրմաքարեր, որ հարյուրից ավելի տարիներ կանգուն են եղել։  Նրանց թվում նաև Շուշիի համար 18 կիլոմետրանոց կավե խողովակաշարով ջրատար և 1000 տ ջրատարողություն ունեցող ջրամբար կառուցող Թադևոս Թամիրյանցի սև մարմարե շիրմաքարը, որի մասին մի քանի անգամ գրվել է:

Եթե պինդ բռնել ենք ու շեշտում ենք, որ դարը դարի հետ չի խոսում (իբր հետագայում կվկայակոչեն սալիկները և կասեն՝ կառույցը ոչ թե 13-րդ, այլ՝ 20- 21-րդ դարի է), պատմություն է, հինը նորացնել չի կարելի և այլն, ապա մինչ դրանց մասին համազգային «դիսկուսիա» բացելը ցանկալի կլիներ նախ խոսեին բարերարի մինչ այդ կատարած գործերի մասին:
Էլի բարեգործական միջոցներով Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում կապիտալ վերանորոգվել է Պարին պիժ եկեղեցին, պատերը երեսպատվել են բաց վարդագույն տուֆե սալիկներով, բարեկարգվել նրա շրջապատը, ձեն-ծպտուն հանող չի եղել: Թող բարեգործին չթվա թե չկամություն ունեմ, կամ վատաբանում եմ նրա արածը: Մարդը շնորհակալ գործ է կատարել հայրենի գյուղի համար՝ փրկել է շինությունը վերջնական փլուզումից, մի քանի դարով էլ երկարացնելով մեր հոգևոր օջախներից մեկի կյանքը: Պարզապես ուզում եմ ակնարկել, որ Լևոն Հայրապետյանի դեմ այդ արշավը միտումնավոր էր սկսվել։ 

Մի այլ օրինակ՝ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական իշխանությունները կիսաքանդ անելով դարձրել էին ամառային կինոակումբ՝ զբոսաշրջիկների համար: Այսօր նա կիսաքանդ տանիքով իր վաղեմի ամրության շնորհիվ մի կերպ դեռ գոյատևում է։ Եվ առայսօր ոչինչ չի արվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, փրկության միջոց չի ձեռնարկվում: Ի՞նչ է, նրա երբեմնի միաբանական լինե՞լն է խանգարում:

Ընթերցողը, եթե մի քիչ խորհի, կնկատի նաև, որ այստեղ Գանձասարի շրջապարիսպները կրատուփե սալիկներով երեսապատելու խնդիր չկա: Այն հարմար առիթ էր, Արշակ Սադոյանի խոսքերով ասած, մեծ բարերարին՝ Լ. Հայրապետյանին «գցելու» համար: Արդյո՞ք ընկավ մեծ բարերարը: Դրանով ոչ թե նրան «գցեցինք», այլ ցույց տվեցինք մեր, հայի երախտագիտության աստիճանը։ Մյուս կողմից էլ եթե Լ. Հայրապետյանը դադարեցնի իր բարեգործական ձեռնարկումները Արցախում, դրանից խորապես տուժելու է մեր երկիրը։

Մարդը որոշել է, ինչպես ասում են, իր հետ ոչինչ չտանել (բոլորս մահկանացու ենք), ամեն ինչ ներդնել հայրենի երկրամասի բարգավաճման գործին ու թողնել սերունդներին, իսկ մենք խանգարում ենք՝ բառիս բուն իմաստով: Այն դեպքում, երբ Բաքվից անդադար բղավում են, որ իբր Հայաստանի հուշարձանների մեծ մասը, Գանձասարն իրենցն է, մենք, «պոլիտիկա է» գոչելով, մզկիթներ ենք վերանորոգում ու թեյատներ կառուցում:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ենք խանգարում մարդուն, որ ի տարբերություն իրենից ոչ պակաս կարողություն ունեցող մեր շատ հայրենակիցների, իր կարողությունն ի սպաս է դրել հայրենի Արցախին ու նրա շենացմանը։ Ե՞րբ ենք հասկանալու, որ աշխատողին չխանգարելն էլ բարի գործ է, գուցե և ավելի շատ:

Հոկտեմբերի 5-ին Արցախի հեռուստատեսությամբ Գանձասար և Ծմակահող գյուղի եկեղեցու վերաբերյալ հաղորդում եղավ, որի ժամանակ Երևանից «ապօրինի» գործը ստուգելու նպատակով (իրենց ասելով՝ ահազանգով) եկած մասնագետների խմբի մի կին ներկայացուցիչ առաջարկեց կատարվածը քանդել ու նորից կարգավորել: Արդյունքում՝ ստացվելու է միևնույն գործը կատարել երեք անգամ՝ եռակի ծախսերով: Հարց է ծագում, իսկ որտե՞ղ են եղել այդ մասնագետները, որ գործն ավարտելուց հետո են առաջարկություներ անում: Ի՞նչ կլիներ, որ գոնե տարեկան մեկ անգամ էլ պլանավորված գային ու ծանոթանային, թե ինչ է կատարվում վերը նշված բնագավառում ընդհանրապես:

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




«ԱՆՆԱ», «ԲԱՆԱԿՈՒՄ», «ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ» ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԵՌՈՒՍՏԱԱՂԲ

Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերին անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության 1-ին հաղթող է ճանաչվել Հ1-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը: 

«Աղբ եթերից» մրցանակաբաշխության 2-րդ հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը: Նախաձեռնությունը գտնում է, որ, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, այդ սերիալն ավելի է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը: Մրցանակի շնորհման հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դ. Կարապետյանը «Երկիր» թերթի հետ զրույցում կիսել է «Բանակում» սերիալի հետ կապված «Չենք լռելու»-ի մտահոգությունը՝ հայտնելով, որ ՊՆ-ն ստեղծագործական խմբին է հայտնել իր նկատառումները:

Երրորդ հաղթող է ճանաչվել «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը՝ ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

Փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբերին են ուղարկվել հաղթանակի մասին հավաստագրեր, իսկ Հանրային, «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններին փակ ծրարներով առաքվել են 100-ական դրամ՝ աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրել է հեռուստաընկերությունների ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային: Այսինքն՝ սերիալ կոչվող այդ այլանդակությունները, մարդկանց ճաշակը փչացնող այդ ԱՂԲԸ դեն շպրտել հայկական հեռուստաընկերությունների ծրագրից...





ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Չգիտեմ, իհարկե, այս տարբերակով Ձեզ դիմելն ի՞նչ իմաստ ունի, այսինքն՝ Ձեզ կհասնի՞… բայց այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում: 
«Կան կեղծ հերոսներ, կեղծ իդեալներ, որոնք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար»,- սա մեջբերում է Ձեր իսկ խոսքից: Հարգելի պարոն նախագահ, դուք Հ1 նայո՞ւմ եք, Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում մեր հանրայինում:

Նախ՝ այստեղ սարսափելի հայերեն է. բացարձակ անտեր մեր մայրենին (կներեք, բայց միայն անտեր բանի հետ են այդպես վարվում): Այստեղ փողոցի «գողական» ժարգոնն է եթերում՝ ազատ, անկաշկանդ, տնավարի, առանց բարդույթների… մի բան, որ փաստորեն խրախուսվում է, քանի որ նաև գովազդի լեզուն է (օրինակ. «արա, ապե, լավ էլ շուստրի ես, դրա համար էս մարզպետախնձոր…»): Օրինակներ կարելի է բերել անվերջ:

Այստեղ բազմաթիվ սերիալներ են, որտեղ ամուսնանում են, երեխաներ են ունենում (երբեմն չիմանալով ումից), դավաճանում են, բաժանվում են… մի խոսքով՝ այն, ինչ կատարվում է ամենուր: Բայց մեր տեղական սերիալներում անպակաս է կրիմինալը, ընդ որում՝ ամենատարբեր դրսևորումներով, թույլատրելի սահմաններից դուրս, որովհետև ոչ միայն առևանգում են, ծեծում են, սպանում են, վրեժ են լուծում, այլև արդեն հասել են այն մակարդակի, որ երեխա են գողանում… Ընդ որում, ոստիկանություն չկա, նախընտրելի է անձնական հաշվեհարդարը:
Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

Իհարկե նույն պատկերն է նաև մյուս հեռուստաընկերություններում. նույն ողբացող կանայք և կրիմինալի հետքերով տղամարդիկ, գումարած զանազան ու զարմանազան հաղորդավարներ, որոնք երբեմն ուղղակի սարսափելի են (օրինակ, նրանցից մեկը հյուրին հարցնում է. «Դուք ձեր եղունգները կրծո՞ւմ եք», իսկ մյուսը հրաժեշտ է տալիս ասելով՝ «Դե ի՞նչ, ես էլ գնամ օրգազմի իմ բաժինը ստանալու»… և այսպես շարունակ):
Շարունակել իմաստ չունի, դա անսպառ նյութ է…

Մի պահ պատկերացնենք, որ մեր երկրին ու մշակույթին անծանոթ մեկը հետևում է մեր կապույտ էկրանին՝ մեր ժողովրդի մասին պատկերացում կազմելու համար: Եվ ի՞նչ կտեսնի. անվերջ լացող կանայք, ծեծված անտաշ դեմքեր, գռեհիկ խոսվածք, դաժան պատմություններ, ծռված բերաններ… ինչ մշակույթ, ինչ բան: Մենք չգիտենք ինչ է դաշնամուրը կամ ջութակը, երգեհոն չենք տեսել, ինչ է գրականություն, նկարչություն, ճարտարապետություն կամ նման բաներ... իսկ մեր հույսն ու ապագան անընդհատ երևացող նույն դեմքերն են՝ մեր կիսատ-պռատ երգիչները…

Ի՞նչ նպատակ ենք հետապնդում. ապուշացնելու, դաժանացնելու, իրական արժեքները փոշիացնելու. ի՞նչ: Կասեն՝ մի՛ նայիր: Ես չեմ նայում, բայց ես ապրում եմ այն հասարակության մեջ, որին հետևողական դաժանացնում են… Իսկ ես ապրում եմ այստեղ, որովհետև սա իմ երկիրն է:

Ձեզ կասեն «ռեյտինգ», կասեն՝ ժողովուրդը դա է ուզում: Սո՛ւտ է, չհավատա՛ք, այդ օտար կեղծ ներմուծումն իրականության հետ կապ չունի: Այսպես ասողներն ու մտածողները ի՞նչ բարոյական իրավունքով են մեր ժողովրդին պատկերացնում այդքան գավառամիտ, այդքան տգետ ու այդքան անճաշակ: Այն ժողովրդին, որ մեր հզոր մշակույթի ստեղծողն ու կրողն է:
Կասեն՝ դժգոհ է հինգ տոկոսը: Այսինքն՝ միայն հի՞նգ տոկոսը գիտի, որ մեր անքանակ «աստղերը» վատ են երգում ու իսկի լուսատտիկ էլ չեն, միայն հի՞նգ տոկոսը գիտի, որ հեռուստատեսությամբ խոսվում է խայտառակ հայերենով, և որ մենք ազգային արժեքներ ունենք, միայն հի՞նգ տոկոսն է ընդվզում ու չի ուզում, որ երեխա գողանալն էլ մտնի կենցաղ:
Լավ, թող լինի հինգ տոկոսը… այդ դեպքում ո՞ւր մնաց 70-ականների Ձեր ու մեր սերունդը… իսկ մեր ջահելների հետ մենք ի՞նչ արեցինք… իսկ ո՞ր տոկոսի մեջ է երկրի քաղականություն թելադրողը… 

Հարգելի պարոն նախագահ, արդյո՞ք դատարկ խոսակցություն է, որ ազգային հեռուստատեսությունը (և հեռուստատեսությունն ընդհանրապես) նոր կառուցվող երկրի հենակետերից մեկը պետք է լինի, պետության յուրովի դեմքը, ներքին քաղաքականության լծակներից մեկը, երիտասարդությանը ուղղորդող ինքնատիպ գործոն, նաև մշակութային երևույթ, նաև ազգային մշակույթի տարածողը, երկրի խոսքն ու կարծիքը, երկրի մտավորականն ու պաշտոնյան:

Հարգելի պարոն նախագահ, թախանձագին խնդրում եմ (և համոզված եմ ինձ հետ նաև շատ-շատերը), զինվեք համբերությամբ ու հեռուստացույց նայեք…

Իսկ հետո ինչ-որ ձևով արձագանքեք, որ ես ու ինձ նմանները, որոնք շատ-շատ են, վերջապես իմանան՝ ի՞նչ է դա՝ ինչ-որ հատուկ քաղաքականությո՞ւն, ևս մի փորձությո՞ւն, որին պետք է դիմանալ, թե՞ պարզապես ժամանակավոր թյուրիմացություն:

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Երևան 




ՄԵՆՔ ԶՐԿՎԵԼ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Հարգելի խմբագիր: Մենք սիրով ենք կարդում «Նոր էջ»-ը: Այն Արցախ աշխարհի ընթերցողների ամենասիրված թերթն է, նրանում զետեղված բոլոր նյութերը ճշմարտացի են: Ձեր թերթը նաև ժողովրդավարության, արդարության և հայ ժողովրդի շահերի համար պայքարող մարտական օրգան է: Դրա համար էլ որոշել ենք մի շատ ցավոտ հարցի մասին թերթի միջոցով իրազեկ դարձնել մեր հասարակությանը, մարդկանց, որպեսզի նրանց օգնությամբ, խորհուրդներով դուրս գանք մեզ համար անմխիթար ու անելանելի վիճակից:

Տարիներ առաջ, խորհրդային տարիներին կարդալով 1980 թ. Բաքվում տպագրված «Դատավճիռ» վերնագրով մի գիրք, որ հայազգի Ժաննայի ընչաքաղցության, հանցագործ ճանապարհով ձեռք բերած հարստության մասին է, չէինք ուզում հավատալ, որ հայ կինը կարող է լինել դրամաշորթ ու հանցագործ։ Սակայն կյանքն ապացուցեց, որ այդպիսիները կարող են լինել նաև մեր իրականության մեջ, մեր շարքերում:

ԹՁը բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում յուրացումներ, մսխումներ կատարելուց հետո տիկին Շարմաղ Աշոտի Գրիգորյանի ախորժակն էլ ավելի բացվեց և նա ընդլայնեց իր գործունեության շրջանակները: Նա որոշեց մարդկանց խաբելու միջոցով՝ դրամաշորթությամբ դառնալ մեծահարուստ, իր ընտանիքի անդամների համար ստեղծել փայլուն ու շքեղ ապրելակերպ: Խորամանկը մի պահ մոռացել էր, որ կապիտալիստ, օլիգարխ դառնում են ոչ թե մի քանի ամիսների կամ տարվա, այլև տասնյակ տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: 

Իրեն ներկայացնելով որպես գործարար մարդ, փող շինող Շարմաղ Գրիգորյանը կեղծ խոստումներով մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելով, խարդախությամբ նրանցից կարողացավ կորզել տասնյակ հազարավոր դոլլարներ, միլիոնների հասնող ՀՀ դրամ: Նրա տխրահռչակ գործունեության պատճառով շատ մարդիկ հայտնվեցին աղքատության ճիրաններում, նրանց ընտանիքները կանգնեցին կործանման եզրին:

Մենք՝ խաբվածներս, ազնիվ ճանապարհով ձեռք բերած դրամագումարները հետ ստանալու նպատակով դիմել ենք իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանն ու գլխավոր դատախազին: Տեղի ունեցածի մասին իրազեկ ենք պահել մի քանի դեպուտատների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողներին: Ռոբերտ Բաբայանն ու Գրետա Ղազարյանը նամակներով դիմել են ԼՂՀ նախագահին:

Ռ. Բաբայանն իր նամակում մասնավորապես գրել էր.
«Պ-ն նախագահ, եղբայրս 1980-ական թթ. լեգենդար «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ, լեգենդար պաշտպան Վարուժան Բաբայանը հայրենի հողը պաշտպանելիս անհայտ կորավ (1992 թ. օգոստոսի 6): Մեր տանը ինձ հետ միասին այժմ ապրում են նաև երկու եղբայրներս, որոնք 2-րդ կարգի հաշմանդամ են, հոգեկան հիվանդ, անգործունակ, իսկ ես էլ նրանց խնամակալն եմ... 

Ամիսներ շարունակ ես չեմ կարողանում Շարմաղ Գրիգորյանից ետ վերցնել մեր ընտանիքին պատկանող դրամագումարը և, կապված դրա հետ, մեր ընտանիքը հայտնվել է անելանելի դրության մեջ: Խրվել ենք պարտքերի մեջ ու չենք կարողանում այն մարել, խանութներն էլ պարտքով սննդամթերք չեն տալիս: Ընտանիքի անդամներս այժմ հայտնվել ենք սովի ճիրաններում: Շ. Ա. Գրիգորյանը չվերադարձնելով դրամական-նյութական այդ ամբողջ կարողությունը, դրանով իսկ մեզ զրկել է ապրելու ու գոյատևելու իրավունքից»:

Ոստիկանության քննիչներ Նարեկ Գրիգորյանն ու Իգոր Օհանյանը ամիսներ շարունակ խոստանում էին խաբեբայից ետ վերադարձնել մեզնից խարդախությամբ վերցված, ճիշտ կլիներ ասել՝ խլած դրամագումարները: Նույնպիսի խոստումներ էր տալիս նաև դատախազության բաժնի պետ Վ. Ն. Վանյանը: Տասնյակ ու տասնյակ անգամ եղել ենք նրանց մոտ, սակայն անարդյունք: Երկու տարվա քաշքշուկից հետո մենք մնացինք ձեռնունայն: Մեզ համար միայն մի բան պարզ դարձավ, որ ոստիկանության քննիչներն ու պ-ն Վանյանն ավելի շատ մտահոգված էին Շ. Ա. Գրիգորյան-Ներսիսյանի ճակատագրով, քան մեր կորցրածի վերադարձմամբ, արդարության վերականգմամբ։ 

Այս պարոնների եղբայրական-հայրական հոգատարությունը «հերոսուհու» նկատմամբ ուներ միայն մի նպատակ՝ հանցագործին ազատել պատասխան տալուց, փրկել նրան: Եվ նրանց ու նմանների մեղքով հանցագործը բանտախցում լինելու փոխարեն գտնվում է ազատության մեջ, չի վերադարձնում զավթած փողերն ու, դեռ ավելին, սպառնում է մեզ՝ պահանջատերերիս հետ հաշվեհարդար տեսնել՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Ավելորդ չէր լինի նաև նշել, որ իրավապահ մարմինների մեզ արդեն հայտնի աշխատակիցները մշտապես հորդորում էին չդիմել դատարան՝ Շարմաղի գործը չբարդացնելու համար և, խաբված լինելով նրանց կողմից, մենք հայտնվեցինք «նավի ետնամասում»։

Լինելով ազատագրված երկրի իրավապաշտ քաղաքացիներ, մշտապես հարգելով օրենքները, կարգ ու կանոնը, մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ, դարձել անիրավ մարդիկ: Նման վիճակում հայտնված հուսահատ, նաև չարացած մարդիկ կարող են դառնալ հանցագործներ, դիմել ինքնադատաստանի մեթոդին՝ խաբեբային պատժելու համար: Մարդկանց մի մասն էլ ստորացված զգալով, հուսահատությունից որոշել է լքել իր հայրենիքը, որովհետև այստեղ նրանց պատիվն ու արժանապատվությունը կոխկրտված են...
Արդյո՞ք մենակ էր գործում ուրիշների անվամբ ձևակերպած անշարժ ու շարժական գույքերի տեր, մեր փողերը պտտեցնող և շահույթներ ստացող մեծահարուստ Շարմաղ խանումը: Չենք կարծում։ Առայսօր Շարմաղն ու նրա գործակիցները դեռևս խուսափում են պատասխանատվությունից։ Բայց մինչև ե՞րբ…

Ավելորդ չէ նշել, որ այլևս գոյություն չունեցող ԹՁը Ստեփանակերտի մասնաճյուղի դեռևս ազատության մեջ գտնվող աշխատողները խաբել են նաև իրենց ավանդատուներին: Այսպես, Վարդան Երամիշյանին չի վերադարձվել գոնե նախնական գումարը (առանց տոկոսների 10 միլիոն դրամ), Արմեն Դանիելյանին պատկանող 5 միլիոն դրամագումարը…

Ավանդատուներն ու խաբված մարդիկ էլեկտրոնային «Լրագրի» միջոցով իրենց մտադրության մասին դիմել են հանրությանը: Դրամագումարները չստանալու դեպքում նրանք չցանկանալով դառնալ հանցագործներ, այնուամենայնիվ, որոշել են դիմել ինքնադատաստանի մեթոդին, որովհետև այլևս այլ ելք չեն տեսնում:

Վերջում նշենք, որ Շ. Գրիգորյանն արդեն հանգուցյալ Ժյուլա Սարգսյանի հարազատներին պետք է վերադարձնի 300.000 ՀՀ դրամ, Ռոբերտ Բաբայանին 4,3 միլիոն դրամ, Հրանտիկ Սաֆարյանին՝ 2 միլիոն, Գրետա Ղազարյանին՝ 2 միլիոն դրամ, 85-ամյա Աշխեն տատիկին, որի թոռը նահատակվել է Արցախյան պատերազմում՝ 1 600 ԱՄՆ դոլար, Համեստ Իշխանյանին՝ 22 000 ԱՄՆ դոլար գումար, Նելսոն Սարգսյանին 1 540 000 ՀՀ դրամ…

ԱՇԽԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ (թոշակառու)
ՀԱՄԵՍՏ ԻՇԽԱՆՅԱՆ (բուժքույր)
ՀՐԱՆՏ ՍԱՖԱՐՅԱՆ (անասնաբույժ)
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ (գործազուրկ)


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Նամակագիրները խմբագրությանն են տրամադրել նաև Շարմաղ Գրիգորյանի ձեռքով գրված և ստորագրված պարտավորագրերից մի քանիսի պատճենները: Մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Միայն հուսով ենք, որ իրավապահ մարմինները վերջնականապես կլուծեն նամակագիրների նկարագրած, նրանց բառերով ասած՝ այս քաշքշուկը և կվերականգնեն ԼՂՀ տուժած քաղաքացիների հավատը առ Օրենք և Արդարություն։





ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Եթե ազգը չի պահպանում իր նախնիների սովորույթները, ավանդույթները, ապա աստիճանաբար կորցնում է իր դիմագիծը։ Երեխան այդ ամենին հաղորդակցվում է տանը և դպրոցում։ Այսօր, ցավոք, փոխվել են չափանիշները։ Դպրոցում աշակերտը հաճախ նայում է իր ուսուցչին, որ տեսնի ինչպես է հագնված նա՝ թանկարժեք ու շքե՞ղ, թե՞ պարզ ու սովորական... Ու հաճախ նա ուսուցչին հարգում է ոչ թե իրեն տված գիտելիքների, այլ արտաքին տեսքի համար։

Այսօր շատ ավելի դժվարին է ուսուցչի գործը։ Նա աշակերտին պետք է գրավի ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև՝ գիտելիքներով։ 
Փոխվել են մարդկանց ընկերական, բարեկամական, ազգակցական ու հարևանական հարաբերությունները։ Ամեն ինչի հիմքում այսօր ընկած է շահը։ Հաճախ փողը, կարողությունն է վճռում ամեն ինչ, այդ թվում՝ կարևոր դեր կատարում մարդկային փոխհարաբերություններում։

Երեկվա մանուկն այսօր գրպանում բջջային հեռախոս ունի։ Խնդիրը միայն այն չէ, որ, ինչպես հայտնի է, կապային ժամանակակից այդ միջոցները բացասաբար են ազդում մարդկանց առողջության վրա, այլև այն, որ շատ ծնողներ իրենց երեխայի դաստիարակությունը մանուկ հասակից սխալ հիմքերի վրա են դնում... 

Մանկական խաղերը, մանկական հետաքրքրությունները, որ հատուկ էին նախորդ սերնդի երեխաներին, այսօրվա մատաղ սերնդին բացարձակապես չեն հետաքրքրում։ Շատ հազվադեպ կարելի է իրենց բակում մանկական նախկին ավանդական խաղերով տարված երեխաներ տեսնել։ Փոխարենը՝ բջջայինը ձեռքներին, ինչ-որ էժանագին երաժշտություն միացրած, աննպատակ թրևում են փողոցներում, մնացած ժամերն էլ անցկացնում ինտերնետ-ակումբներում։ 

Հաճախ էլ ծնողը կիսաբաց դռան հետևից նայում է ժամերով տանը համակարգչի առջև նստած, կոմպյուտերային խաղերով ու ինտերնետով զբաղված երեխային ու ինքն իրեն ասում. տանն ինչով ուզում է՝ թող զբաղվի, միայն դուրս չգա փողոց... Եվ նա չի հասկանում, որ այդպես խարխլում է իր զավակի առողջությունը, որը տարիներ հետո շատ սուր զգացնել է տալու իրեն։
Մեր երիտասարդությունը ազգային երաժշտություն է լսում միայն տոն օրերին՝ հրապարակում կամ մարզադաշտում։ Կորչում է սերը ազգայինի՝ երաժշտության, արվեստի նկատմամբ։ 
Եթե այսօր չուղղենք այս սխալները, շարունակենք կտրվել ազգային արմատներից, վաղը կանգնելու ենք տխուր ու անլուծելի փաստի առաջ։ Վեր ենք ածվելու մի խառնամբոխի, որ չունի ազգային դեմք ու դիմագիծ։

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
մանկավարժ




ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆՐԱ ԶՈՀԵՐԸ

Շատ անգամ կարող ենք լսած լինել, թե ինչ անհեթեթ, դաժան ու անսպասելի ճակատագրի են արժանանում բազմաթիվ երեխաներ՝ ժամանակակից կինոնկարների և մուլտֆիլմերի պատճառով: Այդպիսի դաժան ճակատագրի զոհ դարձավ Երևանի բնակիչ 5-ամյա մի մանչուկ, որի երազանքը մայրն իրականացրեց՝ ամանորյա գիշերին տոնածառի տակ դնելով երեխայի սիրած մուլտֆիլմի՝ «Մարդ-սարդի» («Չելովեկ-պաուկ») գլխավոր հերոսի հագուստի նմանատիպը։ Եվ փոքրիկն առավոտյան հագնելով այն, սիրած հերոսի նման փորձեց թռչել 8-րդ հարկից... Եվ կատարվեց սարսափելին... 

Դաժան է, բայց փաստ, որ հենց դա էլ սպասելի էր։ Չէ՞ որ բոլոր երեխաներն էլ փորձում են նմանակել, կրկնել այն, ինչ տեսնում են, առավել ևս՝ խենթությունները: Եթե նախկինմում խորհրդային մուլտֆիլմերն իրենցից ներկայացնում էին լավի ու բարու քարոզ, ունեին պարզ ու երեխաներին մատչելի սյուժե, ապա այսօր այնտեղ կարող ենք տեսնել դաժան տեսարաններ, հակադաստիարակչական արտահայտություններ, հայհոյանքներ, երեխաների համար դժվարընկալ գաղափարներ, որն էլ պատճառ է դառնում երեխայի մտածելակերպի ոչ ճիշտ ձևավորման, ագրեսիայի առաջացման, անգամ՝ դժբախտ պատահարների: 

«Ինձ մոտ այցելած ծնողներին, որոնք համացանցի ու ներկայիս մուլտֆիլմերի նկատմամբ բեղոքներով են ներկայացել, ես խորհուրդ եմ տալիս իրենց զավակներին հեռու պահել դրանցից, որովհետև այնտեղ չկա նախկին պարզությունը, բայց հետաքրքրականն այն է, որ 21-րդ դարի երեխաներին հենց դրանք են դուր գալիս,- ասում է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկ-հոգենյարդաբան, ԼՂՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ Էլֆրիդա Սարումյանը։- Այստեղ, իհարկե մեծ դերը ծնողներինն է, որովհետև հիմա շատ ծնողներ են ընտրում համակարգչի, ֆիլմերի միջոցով երեխաներին զբաղեցնելը, որպեսզի իրենք էլ իրենց աշխատանքով զբաղվեն: Երեխաներն էլ հնարավորություն են ունենում կտրվել իրական կյանքից, սկսում ապրել այն աշխարհում, որը տեսնում են, սկսում ընդօրինակել հերոսներին, նրանց բառապաշարը: Եվ արդյունքում՝ երեխան ձեռք է բերում տարօրինակ պահվածք, բնավորություն, որն ազդում է նրա ու մերձակիցների հարաբերությունների վրա, խնդիրներ են առաջանում ուսման մեջ...»: 

Նրա կարծիքով ծնողը չի կարող երեխային միանգամից բացահայտ կերպով ասել, որ այն, ինչ տեսնում է՝ իրական չէ, օրինակ՝ երեխան հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և սկսում է ապրել այդ հավատով: Դա կախված է մտածողության զարգացման և տարիքի հետ: Իսկ ծնողը կարող է ուշադիր կերպով երեխային բացատրել այն երևույթները, որոնք վատ են անդրադառնում փոքրիկի պահվածքի վրա: «Ծնողները պետք է հետևեն, թե ինչ դիտում իրենց երեխան: Հիմա, երբ մուլտֆիլմերն այդքան դաժանություն են պարունակում, մենք անուշադրության պատճառով կարող ենք մեծ վնաս հասցնել երեխային: Ուշադրությունը և ճիշտ դաստիարակությունն առաջին պայմանն են երեխային ու նրա հոգեբանությունը չվնասելու»,- գտնում է տիկին Սարումյանը:   

ՄԱՐԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ




ՎԱՂԸ ՀՆՁԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՍԵՐՄԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ

Նա կարող էր այսօր և չլինել, բայց կա։ Կա՝ շնորհիվ արդար պայքարի և հաղթանակի, մարդկային բազմաթիվ զոհերի: Նա ծնվեց պայքարից ու հանուն նրա զոհ գնացին բազմաթիվ մարդկանց կյանքեր՝ նրա հետ կապելով մի լուսավոր ապագա: Կարծես փոքր-ինչ անցել են աղետալի տարիները, բայց այն, որ մեր երկրի համար տագնապալից պահեր կան և առջևում են, փաստ է: Եվ ինչքանով է այսօր պատրաստ նրա պաշտպանը մեր մեծերի գործը արժանվույն գնահատելու և շարունակելու: 

Բայց նա, կարծես, այսօր մոռացել է իր պատմությունը, իր նախնիների հարթեցրած ճանապարհը, որով այսօր պիտի անցնի, բայց նախընտրել է ավելի հեշտն ու անհոգը: Նա կարծես վախենում է դժվարություններից, հոգատար զավակի առաքելությունից, հեզ կնոջ, ամուսնու, օգտակար քաղաքացու դերից… Նա կարող է երազանքը նպատակի վերածել ու հասնել դրա իրականացմանը, սակայն գիտե, որ դրա համար տատասկոտ ու դժվարին ճանապարհով պետք անցնել ու այդ ճանապարհին հողմեր հաղթահարել... Եվ նա հաճախ թիկունքն է հողմերի դեմ տալիս: 

Նա նման է գարնանային մի վարդի թփի, սակայն, որի թերթիկներն են կրծել ու հմայքից զրկել օտար որդեր, որոնց նա կարծես սիրում է դրանից հետո էլ: Նա նման է վարդի թփի, որին ապրելու համար կամք է պետք՝ ազատվելու այդ որդերից: Նրա պտուղները կարող են տանել փոթորիկները, սակայն արմատը հզոր է ու պինդ: Նա մեր հպարտությունն ու հիասթափությունն է, մեր պարծանքն ու ողբերգությունն է, նա մեր երիտասարդությունն է: 
Գ. Նժդեհը գրել է. «Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. Ուզում ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը: Նայելով քեզ, հայ երիտասարդություն, վարդագույն լուսավորությամբ չեմ լցվում ես, երեկ դու ավելի լուսատու էիր, քան այսօր, իսկ մեր վաղը, մեր ապագան կախված է մեր ներկայից: Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր...»: 

Վաղվա հնձելիքը սերմանում ենք այսօր… Մտածենք այս մասին… 

Ռ. ԾԱՏՐՅԱՆ 




ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ «ԱՌՕՐՅԱ» 

Տարեցտարի մոդայիկ դարձող ուսանողի կոչմանը արժանանալ ցանկանում են շատերը: Բուհերն էլ այդ ցանկությանը անտարբեր մնալ չեն կարող: Ուսումնական տարին սկսվելուն պես հյուրնկալ բուհերը լայնորեն բացում են իրենց դռները: Սակայն մուտքի անվճար չլինելու հետ գործում է մեղմացուցիչ հանգամանք՝ գրագետ լինելու ոչ կարևոր պայման: Եվ ինչ-որ մասնագիտության նկատմամբ արթնացած «հսկայական սիրուց» տառապող երիտասարդն այլընտրանք չի կարող ունենալ, բացի սիրուն տրվելուց...

Սակայն ուսումնական տարվա առաջին երկու շաբթում որոշ ուսանողներ հազիվ են համբերում 80 տանջալից րոպեներին: Եվ իսկույն օգնության են գալիս «առողջական վիճակը, հիվանդ տատիկն ու պապիկը, ամուսնացող քույրը, ծառայությունից վերադարձած եղբայրը…»: Ոմանք էլ հարազատ կրթօջախի պատերը լքելու զորություն չեն ունենում: Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դասերի ձանձրույթից փրկում են ֆոյեյում նստած, Օրիֆլեյմի կատալոգներ ուսումնասիրելը, ապա արական սեռի ներկայացուցիչներն իրենց համար կարող են կազմակերպել ավելի հետաքրքիր ժամանցներ՝ համալսարանի առջև ելումուտին հետևելը, անցնողներին գնահատական տալը, աստիճաններով վերուվար անելը և, վերջապես, ամենահայտնի ու սիրված տարբերակը՝ լսարանի դռներ բացելն ու չգիտես իրենց որերորդ կեսին փնտրելը: 

Դռան մոտ նստելը կամ գուցե այս երևույթի նկատմամբ համբերությունս ստիպեցին ինձ առանձնահատուկ ուշադրությամբ հետևել նման «բախտ որոնող» երիտասարդներին: Ահա միջանցքից ոտնաձայն լսվեց: Արդեն գիտեմ ճանապարհորդության «գրաֆիկը»՝ կանգառ լսարանի առջև, լսարան է մուտք գործում նրա ձեռքը, ապա՝ քիթը, այնուհետև երևում է դեմքի դժգոհ հայացքը... Ոնց-որ այստեղ չգտավ փնտրածը, բայց հոգ չէ, առջևում դեռ այլ լսարաններ կան... Հուսանք բախտը կժպտա նրան...

Արդեն կես ժամ է՝ ոչ մի այցելու։ Հասցրի անգամ «կարոտել» դռան ճռռոցին ու, ըհը՛, լսվեց նրա «հարազատ» ձայնը: Այցելուի դեմքին երևաց ժպիտ, ուրեմն՝ փնտրտուքն արդյունավետ էր: Եվ սկսվե՜ց դռան ճռռոցի «համերգը»... Այս մեկին ուշադրություն չդարձնելն անհնար էր։ «Զանգը տվեց»,- դուռը բացելով, բացականչեց մեր հանգստով մտահոգված երիտասարդը։ Տպավորությունն իրոք դասամիջոցի էր՝ նկատի ունենալով միջանցքում տիրող եռուզեռը: Տիրող աղմուկի միջից հազիվ լսվող դասամիջոցի զանգն ինձ սթափեցրեց։ Ես հիշեցի, որ գտնվում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում… 

 ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ 
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս





Վերջին էջ


ԿՈԼՈՐԱԴՅԱՆ ԲԶԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշնչում գյուղատնտեսության վերաբերյալ բազմաթիվ բաներ կան գրված՝ ցորենի և որոմի մասին, այծերի և ոչխարների մասին, էլ չենք ասում վնասատուների, կրծողների, մորեխների, կարկուտի ու երաշտի մասին: Բայց ինձ ավելի հոգեհարազատ է «Պողոսը՝ ցանեց, Ապողոսը՝ ջրեց, Աստված՝ աճեցրեց» ասացվածքը, որովհետև այն, ըստ իս, հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման փիլիսոփայությունը և անմիջական կապ ունի աղանդավորների հետ: Կասեք՝ գյուղատնտեսությունը, փիլիսոփայությունը՝ ուր, աղանդը՝ ուր։ Դրանք իրար հետ ի՞նչ կապ կարող են ունենալ: Բացատրեմ՝ կհամոզվեք, որ դրանք բոլորն էլ իրար հետ սերտ կապ ունեն:

Այ օրինակ, ենթադրենք ուզում եք կարտոֆիլ ցանել: Դրա համար պետք է հողը փխրեցնել, պարարտացնել, լավ սերմացու գնել ու ցանել, ժամանակին ջրել և այլն: Եթե կարկուտ ու երաշտ չլինի, թվում է, թե ամեն ինչ բարեհաջող կլինի, բայց... Բայց Աստված չանի ձեր բոստանը մտնեն կոլորադյան բզեզները: «Դաչնիկները» դրանց համեմատ հրեշտակներ են: Այդ անտեր (ի՞նչ անտեր, հաստատ տե՛ր կունենան) բզեզները անխտիր խժռում են կարտոֆիլի տերևներն ու ծաղիկները, իսկ ցողունները տնազի համար թողնում ցից կացած: Հիմա էլ կասեք՝ բա աղանդներն ուր մնացին: Ասե՛մ: 

Կարտոֆիլ ցանելու կամ ընդհանրապես սերմանելու մասին մի գեղեցիկ առակ կա Աստվածաշնչում՝ «Սերմնացանի առակը»: Իհարկե, այնտեղ կոլորադյան բզեզների մասին չի գրված, բայց ակնարկ կա: Առակի իմաստն այն է, որ երբ Աստծո խոսքը քարոզվում է, մարդկանց կողմից տարբեր ձևով է այն ընկալվում: Առակի մեկնաբանությունը մի կողմ թողնենք, անցնենք գյուղատնտեսությանը:

Ախր այդ կարտոֆիլ ցանողն ի՞նչ իմանա, որ կոլորադյան բզեզները հեռավոր ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից կտրելով մի քանի հազար կիլոմետր ճամփա, օրինական և անօրինական ճանապարհով գալու են հասնեն Արցախ ու բերքը փչացնեն: Այ ուրիշ բան, եթե դրանք մեր տեղական բզեզները լինեին: Տեղականները մի քանի հազարամյակ մեզ մոտ ապրելով, ընտելացել են ու համարյա վնաս չեն տալիս. իրենց փայը ուտում, հեռանում են... Հա, չմոռանամ ասել, որ ամերիկյան ծագում ունեն նաև արցախյան բոլոր աղանդները: 
Խեղճ հողագործն այդ կոլորադյան բզեզների դեմ պայքարելու համար պետք է ընտրի հարմար եղանակը՝ սկսած մեկ-մեկ կամ բուռ-բուռ հավաքելու և ոչնչացնելու նախնադարյան միջոցից, վերջացրած՝ ժամանակակից թունիքիմիկատները: Կոլորադյան բզեզների հարցը նման եղանակներով կարելի է լուծել, բայց, ահա, աղանդավորների հարցը մի քիչ բարդ է, վերջին հաշվով դիմացինդ մարդ է, չէ՞: Հո թունաքիմակատներ չես շաղ տալու նրանց վրա...

Պետությունը գտնում է, որ կոլորադյան բզեզների, ներեղություն, աղանդների դեմ, առաջին հերթին, պետք է պայքարի Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ Եկեղեցին էլ ասում է, թե՝ քանի որ այդ աղանդները կոլորադյան բզեզների նման «ներմուծովի են», ուրեմն դրանց դեմ պետք է պայքարի և դրոշակակիրը լինի հենց պետությունը, քանի որ նրանք վնասում են բերքատվությանը, ներողություն՝ ազգային անվտանգությանը, հասարակության առողջությանը, կարգ ու կանոնին, հասարակության բարոյականությանը: 
Բա ասում եք աղանդավորներն ու կոլորադյան բզեզներն իրար հետ կապ չունեն: Կապ ունեն, այն էլ՝ վտանգավոր ու քայքայիչ կապ:

 ԱՐՏԱՇ ԱՂԱՆԴՈՒՆԻ




ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության ու հռչակման հոբելյանական տոների կապակցությամբ բազմաթիվ մարդիկ պետական բարձր պարգևներ՝ շքանշաններ ու մեդալներ են ստացել։ Իսկ շարքային ժողովուրդն իրեն մխիթարում է նրանով, որ այդ մարդկանց մեջ կան նաև արժանիներ...

Վ. ԱԴԱՄՅԱՆ




Ո՞Վ Է ԱՍԵԼ, ԹԵ ՀԱՅԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՄԻԱՁՈՒԼՎԵԼ

Վերջին օրերին ամբողջ Երևանում փակցված էին պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», կարգախոսն էլ մոտավորապես այսպիսին է. «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք»:
Մենք՝ «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներս, մեր ձայնն ենք բարձրացնում այդ այլանդակության առնչությամբ: Ի՞նչ է նշանակում «կմիաձուլվենք»: Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել: Ինչո՞ւ է ռուսների կողմից այդ խայտառակ միջոցառումների շարքը աջակցվում Հայաստանի նախագահի կողմից:
Մենք էլի ընդունում ենք հայ-ռուսական բարեկամությունը, բայց միաձուլումը ո՞րն է:
Իսկ, միգուցե, հայերենո՞վ միաձուլվենք, հայեր:

«Հայրենապահ» երիտասարդների միություն

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։  Հայ իրականությունն աստիճանաբար դառնում է աբսուրդի թատրոն։ Վերջին ժամանակները, հակառակ ժողովրդի դժգոհության, օտարալեզու դպրոցների մասին խայտառակ նախագիծը քարշ տվեցին ՀՀ խորհրդարան ու հաստատեցին, այսօր էլ նույն ժողովրդի անունից ազգը «լուծարելու» մասին կոչեր են անում... 





ՖՈՒՏԲՈԼ

Ավարտվել է ֆուտբոլի 2012 թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլը։ Ինչպես արդեն հայտնի է, հաջորդ փուլ են անցնում 9 խմբերում 1-2 տեղերը գրաված թիմերը։ Հայաստանի հավաքականը Դուբլինում Իռլանդիայի հավաքականին հաղթելով՝ հնարավորություն կստանար մասնակցելու Եվրոպայի առաջնության հետագա մրցապայքարին։ Սակայն, ցավոք, մեր թիմին չհաջողվեց հաղթանակ տոնել Իռլանդիայում։ Հատկապես մրցավարական կոպիտ սխալները հենց առաջին խաղակեսից արդեն ճակատագրական դեր խաղացին։  Մեր թիմը պարտվեց 2։1 հաշվով և խմբում գրավեց 3-րդ տեղը։

Իրոք ցավալի է։ Բայց որ վերջապես հայերս ունենք հիանալի ազգային ակումբ, դա միանշանակ է։ Այն փաստը, որ Հայաստանի հավաքականն ամենաշատ գնդակն է խփել իր խմբում, արդեն վկայում է, որ մեր թիմը լուրջ վտանգ կարող է ներկայացնել ցանկացած վարպետ թիմի համար։ Դա թերևս ամենակարևորն է։

ԱՄՓՈՓԻՉ ԱՂՅՈՒՍԱԿ



խ
հ
ո
պ
գնդակ
մ
1
Ռուսաստան
10
7
2
1
17 ։ 4
23
2
Իռլանդիա
10
6
3
1
15 ։ 7
21
3
ՀԱՅԱՍՏԱՆ
10
5
2
3
22 ։ 10
17
4
Սլովակիա          
10
4
3
3
 7 ։ 10
15
5
Մակեդոնիա
10
2
2
6
 8 ։ 14
8
6
Անդորա
10
0
0
10
 1 ։ 25
0

*   *   *
Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի մրցաշարում, որ նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին (մասնակցում են 1997-1998 թթ. ծնված պատանիներ), Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմը 17 տուրից հետո ընթանում է 4-րդ տեղում։  
18-րդ տուրում արցախցի ֆուտբոլիստները 0։0 են խաղացել Մրգաշատի «Փյունիկի» հետ։

Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի մրցաշարի աղյուսակը
(այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին)



խ
հ
ո
պ
գնդակ
   մ
1
Բանանց-1 (Երևան)
17
16
0
1
89 : 8
48
2
Բանանց-2 (Երևան)
17
14
2
1
68 : 20
44
3
Փյունիկ-1 (Երևան)
17
14
0
3
65 : 11
42
4
Լեռնային Արցախ (Ստեփ.)
18
10
5
3
28 : 27
35
5
Միկա (Երևան)  
17
10
0
7
39 : 24
30
6
Փյունիկ-Մրգ. (Մրգաշատ)
18
7
4
7
24 : 42
25
7
Փյունիկ-2  (Երևան)
17
6
4
7
30 ։ 36
22
8
Արտաշատ (Արտաշատ)
17
5
2
10
16 ։ 34
17
9
ԳՖԴ (Գյումրի)
17
4
2
11
13 ։ 39
14
10
ՎՖԴ (Վանաձոր)              
17
2
4
11
12 ։ 47
10
11
Շենգավիթ  (Երևան)
17
1
4
12
11 ։ 57
7
12
Ֆուրման (Մասիս)
17
0
1
16
  7 ։ 71
1




Ամսվա ասույթը

Վերջերս կարծես թե շատացել են դեպքերը, երբ ոչ թե գլուխները, այլ ոտքերն են ղեկավարում, և հաճախակի կարելի է տեսնել գրասեղանի հետևում նստած ոտքեր՝ բջջայինով հրամաններ արձակելիս:


Թերթի մշտական ասույթը

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն