27.6.11

N 5 (30) (2011)

ՆԺԴԵՀԻՆ «ՄԱՏ» ԱՐԵՑԻՆ...

ԵԽԽՎ-ի ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատասխանելով պատգամավորների հարցերին, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա ավելացրել. «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»։

Խնդիրը միայն այն չէ, թե ՀՀ ղեկավարները ինչպես և ինչու են մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, իմանալով, որ դա ի վնաս մեզ է։ Խնդիրը նաև այն չէ, որ Նժդեհի գաղափարները որդեգրած կուսակցության անդամը վերջինիս «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հանրահայտ ձևակերպումը մի կողմ է նետել ու միանգամայն հակառակը պնդել. խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր խաղաղության։ Խնդիրն այն է, որ այս խայտառակ խոսքերը նա արտաբերել է ի լուր աշխարհի ու վերջում էլ նշել, որ պատերազմի դեպքում հակառակորդը առավելություն կստանա, որովհետև «նրանք իրենց ժողովրդին պատրաստել են պատերազմի։ Պատմությունից ես չեմ հիշում դեպք, որ որևէ երկրի ղեկավար, մեծ կամ փոքր զորահրամանատար հայտարարի, թե պատերազմի դեպքում հակառակորդը «առավելություն կունենա»։

Հարց է ծագում. իսկ որտե՞ղ մնաց «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը», որով դեռ երեկ պարծենում էինք։ Ուրեմն՝ 20 տարի մեզ խաբում ու դիտմամբ «խաղաղությա՞ն էին պատրաստում»...

Գո՞ւցե թե այդ խոսքերն արտաբերելիս ՀՀ նախագահը մտածել է, որ իր խաղաղասիրական ձոներգը լսելով, այսպես կոչված, միջազգային հանրության համակրանքն անմիջապես թռչելու է խաղաղասեր ու պաշտպանության կարոտ հայ ժողովրդի կողմը։ Բայց օտարն այդ ե՞րբ է թույլ Հայաստանին պաշտպանել, որ այսօր պաշտպանի։ Սուլթանհամիդյան ջարդերի ժամանա՞կ, 1915 թվականի՞ն, 1988-90 թթ. Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերի օրերի՞ն...

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետև մեր հույսը ոչ թե եվրոպաների, այլ մեզ վրա ենք դրել։ Շուրջ երկտասնամյակ է Արցախի երկինքը խաղաղ է, որովհետև մեր սահմանները մե՛ր բանակը, մե՛ր տղաներն են հսկում, այլ ոչ թե «երկնագույն» կամ աստված գիտե, թե ինչ գույնի սաղավարտավոր «խաղաղարար» կոչվածները։

Իր գերագույն հրամանատարի այս խոսքերը լսած հայ զինվորը վաղն ինչպե՞ս պիտի հայրենիք պաշտպանի։ Նա չի՞ ասելու՝ ինչո՞ւ ես ինձ խաղաղության պատրաստել, պատերազմի պատրաստեիր, որ կարողանամ թշնամուն հաղթել... Դղյակներ կառուցելով ու շենքերն ու փողոցները թանկարժեք մարմարով սալիկապատելով «խաղաղության պատրաստվելու» փոխարեն այդ գումարներով դու էլ ժամանակակից զենք գնեիր...

Բարեբախտաբար, իմ ծանոթներից, ընկեր-բարեկամներից ոչ ոք չի կիսում ՀՀ նախագահի այդ խոսքերը։ Թշնամին այսօր միայն հոխորտում է իր ուժի մասին՝ փորձելով հոգեբանական ճնշմամբ ազդել բանակցային գործընթացի վրա և, բարեբախտաբար, նա ևս գիտե, որ մեզնից ուժեղ չէ, այլապես անմիջապես կհարձակվեր՝ առանց մեզ զգուշացնելու։

Լսելով ՀՀ նախագահի վերոհիշյալ խոսքերը, որպես հայ, ես ինձ նվաստացած ու խայտառակված զգացի, բայց հոգով հանգիստ՝ որ այդ ամենը ՃԻՇՏ ՉԷ՛...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԿԱԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի արդյունքում երեք նախագահների անունից տարածվել է համատեղ հայտարարություն։ Ահա այդ տեքստը. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում և դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը։

Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը։



ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Չնայած Լեռնային Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում կարգավորման շուրջ բանակցություններին, ԼՂՀ իշխանությունները «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ Նման հայտարարություն է արել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Գ. Պետրոսյանը հայտնել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով չէ։ «Միջնորդների կարծիքով եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել՝ քանի որ, երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի որևէ բանի հնարավոր չէ հասնել։

Իսկ եթե Կազանում ընդունվի որոշում, որը ձեռնտու չլինի ղարաբաղյան կողմի համար, ի՞նչ կլինի. այս հարցին ԼՂՀ արտգործնախարարը պատասխանել է. «Մեզ հնարավոր է ոչնչացնել, բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի։ Ուրեմն մեզ պետք է ասեն, որ՝ պատրաստ ենք ձեզ ոչնչացնել, բայց այդ մասին պետք է ասեն ուղիղ։

«Լեռնային Ղարաբաղին վերաբերող միջազգային փաստաթղթերում ընդունված է, և ասվում է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է հակամարտության կողմ։ Եվ եթե մենք՝ հանդիսանալով հակամարտության կողմ, ունեցել ենք հնարավորություն դադարեցնել պատերազմը, և ստորագրել դրա տակ, ապա մենք ունենք նաև իրավունք կառուցել մեր ապագան, և կառուցել խաղաղ ապագա։ Դա է մեր գլխավոր դիրքորոշումը, որը մեր կողմից ներդնում ենք որպես փաստարկ՝ բանակցային սեղանին»,- ասել է ԱԳ նախարարն ու հավելել. «Բանակցություններին մասնակցելու դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին։ Եթե պիտի տարածքների վերադարձի մասին խոսեն, ես էլ կխոսեմ Շահումյանի մասին։ Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է վերադարձնել Շահումյանը։ Փախստականների՞ց են խոսելու։ Ես էլ մեր փախստականներից կխոսեմ։ Ես չեմ նստելու և արդարանամ, ես խոսելու եմ։ Եթե իրենք պատրաստ կլինեն, ապա մենք էլ պատրաստ կլինենք ինչ-որ բանի։



ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ է

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում վճռորոշ չդարձավ։ Այդ մասին հունիսի 24-ին նախագահներ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը։ Ըստ նախարարի, Կազանի հանդիպումը վճռորոշ չդարձավ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը։
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Դովիլում կոչ են արել համաձայնության հասնել Կազանում, նույնը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ իր հեռախոսազրույցներում կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Նիկոլա Սարկոզին ուղերձ էր հղել։ Սակայն ադրբեջանական կողմը մոտ 10 փոփոխություն էր ներկայացրել, որոնք էլ պատճառ դարձան, որ Կազանի հանդիպումը վճռորոշ չդառնա։

«Հանդիպումը, կարծում եմ, դրական էր այն իմաստով, որ շարունակվեցին նման քննարկումները»,- ընդգծել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ջանքերը և համաձայնեցնելու սկզբունքները՝ դրանց շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։
Նախարարը հիշեցրել է, որ վերջին 3 տարում սա 12-րդ հանդիպումն է և վերջին տարում սա արդեն 4-րդ անգամն է, որ կրկնվում է սցենարը, երբ Ադրբեջանը նոր առաջարկություններ է ներկայացնում։ Միևնույն ժամանակ Նալբանդյանն ասել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցային գործընթացն է։



ՊԵՏԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

Արցախում կարևոր մի միջոցառում են իրականացնում, որ կոչվում է պետական համակարգի ծառայողների «անգլերենի ուսուցման նպատակային ծրագիր»։
Ըստ երևույթին, Արցախի իշխանությունները գտնում են, որ անգլերենի (ինչպես մի ժամանակ՝ ռուսերենի) իմացությունը կխթանի «նոր գիտելիքների ձեռքբերմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայողական որակների արմատավորմանը։ Քառաստիճան դասընթացները հաջողությամբ ավարտած պետծառայողները կարժանանան խրախուսանքի, այն է՝ աշխատավարձի բարձրացման տեսքով։

Անշուշտ, օտար լեզվի, տվյալ դեպքում՝ անգլերենի իմացությունը չպետք է թերագնահատել։ Սակայն, տվյալ դեպքում, մեծ կամ փոքր տրամաչափի պետական աստիճանավորների մասնագիտական անորակության պատճառը հազիվ թե անգլերեն չիմանալն է։ Մարդ, որ տեղավորվել է այս կամ այն պաշտոնում միայն այն պատճառով, որ մի այլ չինովնիկի զավակն է, դուստրը, ազգականը, ընկերը կամ սիրուհին, և իր գործից այնքան է գլուխ հանում, որքան, ասենք, աստղագիտությունից կամ ճարտարապետությունից, անգլերեն տառկապ անելով կարդալը հազիվ թե գրոշի արժեք ունենա։

«Սա պահի թելադրանքով սկսած սովորական մի «կամպանիա» է, ինչպես, ասենք, քաղծառայությամբ անցնողների համար համակարգչով աշխատելու պարտադիր պայմանը,- ասաց պետական մի ծառայող, որ խնդրեց չհրապարակել իր անունը։- Ի դեպ, մեզ մոտ պաշտոնյաների մեծ մասն այն կարծիքին է, որ համակարգչով միայն կոմպյուտերային խաղեր են անում... Անգլերեն սովորելն այստեղ ի՞նչ դեր պիտի խաղա, երբ պետական համակարգում աշխատողների մի ստվար մասը ռուսախոս է, իր մայրենի լեզվին չի տիրապետում, այն դեպքում, երբ մեր պետական լեզուն հայերենն է։ Թող նախ նրանց հայերեն սովորեցնեն, հետո մտածեն անգլերենին, ֆրանսերենին կամ չինարենին տիրապետելու մասին։

«Հրապարակ», Երևան



Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Բերձոր շրջկենտրոնում Բերձոր (Լաչին) քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառուման ժամանակ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանն անդրադարձել է Բերձորի ազատագրման ռազմական, քաղաքական նշանակությանը, այն կարևոր հաղթանակ համարել հայ ժողովրդի համար, հավելելով, որ առանց այդ շրջանի ազատագրման անհնարին կլիներ պաշտպանել մեր երկրի անկախությունն ու ազատությունը։
Նա այնուհետև հայտնել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյատևումը։ Նա Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարևորություն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը նրա շենացման ուղղությամբ։
Անշուշտ, գովելի է, որ ի տարբերություն ՀՀ նախագահների, ովքեր ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տարվող բանակցություններում Լաչինը դիտում են որպես Արցախը Հայաստանին կապող լոկ միջանցք, ճանապարհ, արահետ, Բ. Սահակյանը գոնե շեշտել է այդ շրջանի ռազմավարական նշանակությունը, ապա հայտնել, որ «առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյատևումը։ Սակայն մտահոգիչ է, որ Արցախի քաղաքական իշխանությունները վերջին շրջանում հիմնականում խոսում են միայն Քաշաթաղի և Քարվաճառ-Շահումյան շրջանների մեզ համար ունեցած ռազմավարական կարևոր նշանակության մասին։


Վերջերս հայաստանյան, ադրբեջանական լրատվամիջոցները, արտասահմանյան տարբեր քաղաքագետներ և վերլուծաբաններ սկսել են ավելի հաճախակի տեսակետներ ու կարծիքներ հնչեցնել, այսպես կոչված, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Անգամ հեռավոր, աշխարհի մյուս ծայրում գտնվող Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրեդ Նիլն է մտահոգվում Արցախի ճակատագրի մասին, եզրակացնում, որ «Օսմանցի հանցագործներին համապատասխան պատժի չենթարկելու հետևանքով Ադրբեջանում նրանց թուրք եղբայրներն ընդօրինակեցին նույն ցեղասպան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ», հավելելով, որ «հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է։
Ամերիկացի, շվեդ, անգլիացի քաղաքագետները, այլազգի զանազան գործիչներ, անգամ սլովակ լրագրող Անդրեյ Բանը Ղարաբաղի ճակատագրից են խոսում, հայաստանյան ու ադրբեջանական մամուլը ՀՀ և Ադրբեջանի նախագահների այս կամ այն հանդիպման մասին վերլուծություններ են անում, իսկ պաշտոնական Ստեփանակերտը, ինչպես ասում են՝ «ոչ տեսել է, ոչ լսել»... Կամ ամեն ինչ գիտե, բայց, ինչպես հանրահայտ առակում՝ «Յա զնայու, նո նե սկաժու»...
Hraparak.am


Որքան էլ իշխանությունները փորձեն ասել, որ Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչում Ադրբեջանի կազմում, դրանք ընդամենը ներքին օգտագործման խոսակցություններ են։ Նման տեակետ է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը։ Նրա խոսքով, իրականության մեջ Ղարաբաղի տարածքը ԵԱՀԿ 56 անդամ-երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք։
«Խնդիրը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մոդելի մեջ, այն է, թե ինչպե՞ս պետք է լուծել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրը։ Ընդամենը սա է հարցը, Մինսկի խումբը որևէ այլ խնդիր չի լուծում։ Շատերը ԼՂՀ-ի մասին խոսելիս ասում են «ստատուս-քվո», ինչը շատ անորոշ բնութագրում է։ Բայց ի՞նչ կարգավիճակ ունի այդ տարածքը՝ ոչ մի։ Դա Ադրբեջանն է, որտեղ ինչ-որ խնդիրներ կան։ Մենք փորձում ենք ապահովել այդ տարածքի անվտանգությունը՝ ճանաչելով ուրիշ երկրի իրավական իրավունքը այդ տարածքի վրա։ Այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրների լուծման հարցն է, ոչ այլ բան»,- նշել է փորձագետը։

Մանվել Սարգսյանը նկատել է, թե ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի հարցում միակողմանի որևէ զիջման չի գնա։ «Այդ երկիրը փայլուն գիտակցում է, որ կորցրել է իր երազած երկրի մի մասը և կորցրածը վերականգնելու համար հրաշալի քաղաքականություն է իրականացնում, այնինչ Հայաստանը ստացիոնար, հարյուր տարվա համար մշակված քայլերի է դիմում՝ հաշվի չառնելով, որ հակառակորդը տարիների ընթացքում փոխում է հակամարտության բովանդակությունը։ Սակայն փաստ է, որ մեր որոշումները սրբորեն պահելով՝ չենք հասկանում, որ որքան դրանք ավելի մեծ եռանդով ենք պահպանում, այնքան ավելի ենք մեծացնում պատերազմի հավանականությունը։ Իսկ պատերազմի հավանականությունը սկսվում է այնտեղից, որտեղ միջազգային հանրությունը ոչ թե արգելում է կրակել Ադրբեջանին, այլ միայն ասում է, որ ԼՂ հարցը ռազական ճանապարհով լուծելը վտանգավոր է»,- համոզմունք հայտնեց փորձագետը։
Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանի խնդիրն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղին ոչ թե «օկուպացված տարածքներ», այլ մեկ ուրիշ կարգավիճակ տրվի և այդ հստակ ձևակերպումն ընդունելի դառնա միջազգային հանրության համար։
Ամփոփելով՝ փորձագետը հատկանշական համարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձել է կուռքի նման մի բան, որին թեպետ անընդհատ քննադատում ենք, սակայն «ուսանողից մինչև նախագահ ասում են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։


Հայկական կողմը պետք է վերջ դնի ադրբեջանական արկածախնդրությանը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Նա նկատել է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին կարճ, բայց արդյունավետ պատասխան տա։ «Ավելի հստակ, մենք պետք է դիպուկահարների պատերազմ սկսենք և ոչնչացնենք ադրբեջանցի դիպուկահարներին շփման գծում»,- նկատել է Կոմանդոսը։ Նրա խոսքով, Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվորեն լոբբի է անում հայկական կողմի թույլ «կետերը», այն դեպքոմ, երբ Երևանն այս հարցում հետ է մնում Բաքվից և ակտիվորեն չի բարձրացնում ադրբեջանական ագրեսիայի հարցը։
«Մեր դիվանագետները պետք է դուրս գան ստվերից և ակտիվ պայքար սկսեն»,- նկատել է նա՝ ավելացնելով, որ Երևանը շատ հանգիստ է արձագանքում օտարերկրացի հեղինակավոր քաղաքական գործիչների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններին, փոխարենը Հայաստանում հավատարմագրված այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջելու։ «Պետք չէ ապրել Լեոպոլդ կատվի սկզբունքով, պետք է պայքարել սեփական իրավունքների համար»,- ամփոփեց Կոմանդոսը։
NEWS.am


«Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս բերել զինուժը օկուպացված հատվածից։ Սա է Թուրքայի վարչապետի խոսքը։ Եվ եղել է համաձայնություն Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները ստորագրելիս։ Եվ սա հաստատում են այլ նախարարներ, թեև սա չկա արձանագրություններում, քանի որ պայմանը վերաբերում է երրորդ կողմին՝ Ադրբեջանին,- ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն։- Հայաստանի արտգործնախարարը փորձում է ինձ մեղադրել, բայց ես հարցրել եմ ինձ հանդիպած արտգործնախարարներին, և բոլորը հաստատել են, որ Հայաստանը ընդունել է իր ուժերը դուրս բերել 5 շրջաններից, ոչ թե 7։ Անգամ ոչ 1-2 շրջաններից, այլ՝ 5... Այո, հինգ շրջաններից։ Հայաստանն այնուհետև առաջարկել էր Թուրքիային 5-ի փոխարեն 3 շրջան, հետո բանակցել էին թվերի համար, բայց դա էլ չաշխատեց։ Վերջնական համաձայնեցվել էր 5 շրջաններից զինուժի դուրսբերումը, և քանի որ ոչ մի շրջանից ուժերը դուրս չեն բերվել, դրա համար էլ Թուրքիայում արձանագրությունների վավերացում չեղավ... Թուրքիան ցանկություն է հայտնում նորմալացնելու հարաբերությունները, բայց այդ պայմանով, որի առնչությամբ Թուրքիան հաստատակամ է։ Լեռնային Ղարաբաղը այլ հարց է։
«Ազգ»


Սոչիի Լազարևսկի շրջանում տեղադրված զորավար Անդրանիկի հուշարձանն ընդամենը մի քանի օր էր կանգնած մնացել։ Շրջանի ղեկավարության պարտադրանքով այն ապամոնտաժվել էր։
Եթե հայերի համար զորավար Անդրանիկն ազգային արժեք է և ուզում են կանգնեցնել նրա հուշարձանը, ապա թող դա անեն Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում և չվիրավորվեն այս կամ այն երկրի իշխանություններից՝ իրենց մտադրությունն իրագործել թույլ չտալու համար։ ԱԳտնում է հայկական հուշարձանների ուսումնասիրության կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժման փաստը։
«Մեզանում վատ ավանդույթ է ձևավորվել՝ խաչքարերը կամ ազգային հերոսների արձանները տեղադրել երկրագնդով մեկ։ Ճիշտ կլինի, որ Սոչիի հայերն այդ արձանը բերեն Հայաստան կամ Ղարաբաղ։ Այդ ժամանակ ոչ ոք չի համարձակվի վարջնագիր ներկայացնել կամ ստիպել, որպեսզի հայերն իրենց ձեռքով հանեն իրենց հերոսների հուշարձանները», - ասել է Ս. Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ եթե հայերը չեն ցանկանում նման իրավիճակում հայտնվել, պարզապես պետք է վերադառնան Հայաստան. «Այդ խնդրին այլ լուծում չկա։
NEWS.am


Մամուլում լուրեր են շրջանառվում, առ այն, որ Ղրղըզստանում բնակվող համշենահայ 200 ընտանիքներ ցանկանում են բնակություն հաստատել Արցախում։ Համշենահայերին Արցախ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը եղել է Երևանում, որպեսզի համշենահայերի Արցախում բնակության համար առավել հարմար վայր ընտրի։
Թե որքանով կիրականանա այս ծրագիրը, ցույց կտա ժամանակը։ Ընդհանրապես հաճախ մենք շատ ենք սիրում առաջ ընկնել իրադարձություններից, սենսացիոն հայտարարություններ ու լուրեր տարածել, որոնք հետո տարբեր պատճառներով չեն իրականանում։ Հիշեցնենք, որ դեռևս 1984 թվականին քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից և Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, փորձ է արվել տեղափոխելու Լոռու գյուղերից մեկը, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այդ ծրագիրը չի իրականացել։
«Լավ է, որ Ղարաբաղում ապրել ցանկացողների թիվը մեծանում է։ Պետությունը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ղրղըզստանաբնակ համշենահայերին և այս հարցում օգնի նրանց»,- այդ կապակցությամբ հայտնել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։



«ՄԵՐ 20-ԱՄՅԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԵՆՔ ՏԱ»

Արցախում հասարակական-քաղաքական գործիչներին, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբում Ղարաբաղյան խնդրով, մեր երկրամասի ճակատագրով մտահոգվող գործիչներն են, ովքեր անմիջապես արձագանքում են Արցախին վերաբերող գրեթե յուրաքանչյուր իրադարձության, զարգացումների, և որոնք շատ փոքր թիվ են կազմում։ Երկրորդ խումբը շատ ավելի ստվարաթիվ է և կազմված է այն գործիչներից, ովքեր սպասում են «վերևից» ուղորդող փայտիկի շարժումներին, արվող հրահանգներին, որպեսզի «կողմնորոշվեն» իրենց հետագա անելիքի խնդրում։

Առաջին խմբի գործիչներից են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, նախագահի տեղեկատվական ծառայության պետ Դավիթ Բաբայանը, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը, նախկին փոխարտգործնախարար, Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Մասիս Մայիլյանը և այլք։ Շատ հաճախ նրանց տեսակետները չեն համընկնում, միանգամայն տարբեր դիքորոշում ունեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Բայց այդ մարդիկ իրոք մտահոգվում են մեր երկրի ու ժողովրդի ապագայով, փորձում իրենց ասելիքը, իրենց տեսակետը հասցնել հանրությանը։

Առաջին խմբի գործիչներից է նաև Արցախյան շարժման ակտիվիստ, պատերազմի մասնակից, ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր՝ Արցախից, պահեստի գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը։ Նրա կարծիքով, վաղուց գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար։

«Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Ռուսաստանի նախագահը կամ մյուսներն իրոք անկեղծորեն ձգտում են, որ Ադրբեջանը վերջ տա տարածաշրջանի խաղաղությանը սպառնող իր արկածախնդրական պահվածքին, հիստերիկ դեմարշերին և լրջորեն մասնակցի բանակցային գործընթացին, ապա միջնորդները Ի. Ալիևի առջև պետք է նախապայման դնեն։ Այն է՝ եթե այս կամ այն հանդիպումը ոչ մի արդյունք չտա, ապա իրենք, միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը»,- ասում է Ռ. Պետրոսյանը։

Արցախցի գործիչի կարծիքով հայկական կողմի փոխզիզիջումների վերջին սահմանը պիտի լինի՝ Արցախի անկախ հանրապետություն՝ արևմուտքից Հայաստանի հետ ամբողջական սահմանով՝ հյուսիսից հարավ, Իրանի հետ պարտադիր սահման և արևելքից սահման Ադրբեջանի հետ։ «Ոչ մի մետր հող չպիտի զիջվի թշնամուն (հակառակորդ չեմ ասում, հակառակորդը երբեք խաղաղ բնակչություն, անգամ խաչքարեր չի ոչնչացնում), իսկ եթե ինչ-որ բան պիտի տանք, ապա միայն այն պայմանով, որ փոխարենն անմիջապես լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը,- գտնում է Ռազմիկ Պետրոսյանը։- Արդեն 20 տարի է, որ ես, իմ զավակները, թոռները, մի ողջ նոր սերունդ ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում։ Ինչպե՞ս կարող ենք համաձայնվել, որ մեր այս 20-ամյա ազատությունը կամավոր տանք, ինչ-որ միջանկյալ կարգավիճակ ընդունենք, ինչ է թե՝ հետագայում, 10 կամ 20 տարի հետո մեր վերջնական կարգավիճակը նոր-նոր պիտի որոշեն։ Դա լինելու բան չէ։ Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչը գտնում է, որ Արցախի կորուստն ի վերջո կբերի ողջ Հայաստանի կորստին, որովհետև թուրքը երբեք ձեռքբերածով չի կշտանում։ «Նրանք վաղուց խոսում են նաև Զանգեզուրի, Մեղրիի, անգամ Սևանի ադրբեջանական տարածք լինելու մասին,- շարունակեց Ռ. Պետրոսյանը և հավելեց, որ ոչ միայն Արցախյան կողմը պիտի պարտադիր մասնակցի բանակցություններին, այլև մենք պիտի մեր ռազմական պոտենցիալը շարունակ համալրենք նորագույն զինատեսակներով՝ հակահրթիռային ՍԿԱԴ, «Պետրիոտ» համակարգերով, միջին և երկար հեռահարության հրթիռներով, ռազմական ուղղաթիռներով և այլն, որպեսզի ոչ ոք այլևս չմտածի մեզ պայմաններ թելադրելու մասին։ «Միայն այդ դեպքում Ադրբեջանը, նրա հոգեհայր Թուրքիան և նրանց գրգռող, երկակի խաղ խաղացող գերտերությունները ձեռ կքաշեն Արցախից»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը։

Վ. ՕՎՅԱՆ



ԻՍԿ ԳՆԱՑՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

«Ղարաբաղյան խնդիրը», սեփական երկրի, սեփական ժողովրդի գոյության, ապրելու իրավունքի խնդիրը ՀՀ ղեկավարների մեղքով և մեր լուռ համաձայնությամբ պաշտոնական Ստեփանակերտի «օրակարգից» դուրս է մնացել։ Արցախի ճակատագրի հարցով այլ մարդիկ են զբաղվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլք։

Այսօր չի զգացվում, թե Արցախը ձգտում է վերագրավել սեփական տեղը բանակցասեղանի շուրջ։ Խոսքը մերթընդմերթ արվող հերթապահ հայտարարությունների մասին չէ առ այն, թե «Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել։ Խոսքն այն մասին է, որ իրոք անկախ երկրի տերերի պես ՀՀ ղեկավարներին պահանջեն վերջ տալ ղարաբաղցիների անունից վտանգավոր ներկայացումներ սարքելուն և սեփական դարդուցավով ու սեփական երկրում կուտակված վերջը չերևացող խնդիրներով զբաղվեն...

Իրոք, շատ հնարավոր է, որ մի օր ղարաբաղյան կողմը ևս տեղ գրավի բանակցասեղանի շուրջ, բայց, ինչպես զարգացումների ընթացքը ցույց է տալիս, դա լինելու է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրած վերջնական փաստաթուղթը կյանքի կոչելու գործընթացը, ժամանակացույցը ճշտելու համար։

Առայժմ Արցախում կարծես շատ չեն մտահոգվում, թե ինչ է լինելու, եթե ՀՀ նախագահը ստորագրի մի փաստաթուղթ, որը կարող է դառնալ Արցախի վերջի սկիզբը։ Նախկին հեքիաթները, այն միֆը, որ իբր ՀՀ նախորդ կամ ներկա նախագահները ծննդով Ղարաբաղից են ու չեն կարող ոչ ղարաբաղանպաստ փաստաթուղթ ստորագրել, վաղուց պայթել է պղպջակի պես։ Եթե նրանց համար այսօր մի գերխնդիր կա, ապա դա միայն ու միայն սեփական աթոռը պահելն է։ Նրանց մասնակցությամբ ու համաձայնությամբ բանակցասեղանին հայտնված փաստաթղթերը, որ Արցախի հետագա գոյության համար ոչ մի լավ բան չեն պարունակում, դրա վառ ապացույցն են։

Արցախից մեկ անգամ չէ, որ դժգոհություններ են հնչել «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, հանրությունը հասարակական կազմակերպությունների բերանով բազմիցս մերժել է այն։ Սակայն ՀՀ ղեկավարությունը Արցախի ապագան գծում է հենց այդ «սկզբունքներով», որը ենթադրում է հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ազատագրված հողերի վերադարձ հակառակորդին, ազերի փախստականների վերադարձ և այլն, ամենավերջում էլ՝ ինչ-որ անորոշ հանրաքվե՝ Արցախի կարգավիճակը որոշելու համար։

Իմ ծանոթներից մեկը կազանյան հանդիպումից հետո ափսոսանքով նկատեց, որ այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել... Որ հակառակորդը սպասում է նման փաստաթղթի ստորագրման, դա բնական է՝ ինչ էլ ստորագրվի, նրանք միայն շահելու են։ Չեմ հասկանում, թե մեզանում ինչի են սպասում, երբ մենք միայն կորցնողի դերում ենք լինելու, որի վկայությունը բանակցասեղանին գտնվող փաստաթղթերն են։

Օրերս Ի. Ալիևը Euronews-ով Ադրբեջանի կողմից արվելիք փոխզիջման վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան մոտավորապես ասաց. ի՞նչ զիջենք, երբ այդ բոլորը մեզ է պատկանում... Ահա բազմամյա բանակցություններում նրանց անփոփոխ դիրքորոշումը։ Իսկ մենք պարապ նստել, նայում ենք հեռացող գնացքի հետևից...

Վ. Օ.



ԱՐԴՅՈ՞Ք «ՄԵՐՆ ՈՒՐԻՇ է», ԹԵ՞...

Վերջերս Ստեփանակերտում լրիվ վառվել էր «Դիզակ» հրատարակչության թանկարժեք սարքավորումներից մեկը։ Պատճառը՝ գիշերվա կեսին հոսանքի լարումը բարձրացել էր, որի արդունքում միլիոնների արժողությամբ սարքավորումից վառված-հալված մի զանգված է մնացել։ Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում մեղավորը, տվյալ դեպքում՝ էներգետիկ համակարգը, փոխհատուցում է պատճառած վնասը կամ տուժողը փոխհատուցում է ստանում ապահովագրական այն ընկերությունից, որտեղ ապահովագրել է իր գույքը։

Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ այլ է։ Մարդը տարիներ շարունակ աշխատել, ժամանակակից սարքավորումներով տպագրատուն է հիմնել, բազմաթիվ աշխատատեղ ստեղծել և, ահա, մի այլ անպատասխանատու կառույցի պատճառով հսկայական կորուստ է կրել... Իսկ ինչ վերաբերում է գույքի ապահովագրմանը, ապա վերջին ժամանակներս ապահովագրության հետ կապված միակ համազգային միջոցառումը «ավտոմեքենաների պարտադիր պահովագրում» օպերացիան էր, որ ձեռնարկել էին իշխանությունները։ Ասում են՝ դրա պատճառն էլ այն է, որ երկրի տերերին «սրոչնի փող» էր պետք։ Ի դեպ, Երևանում գործարկված այդ «միջոցառումը» հաջողությամբ կիրառել են նաև Արցախում...

Բարեկամս պատմում է, որ օրերս մինչև գիշերվա ժամը 10-ը մոտ մի շաբաթ շարունակ չեն կարողացել հեռուստացույց դիտել, օգտվել համակարգչից կամ աշխատացնել լվացքի մեքենան, դեռ ավելին՝ սառնարանն էլ շարքից դուրս է եկել, որովհետև այդ օրերին իրենց շենքում ինչ-որ մեկը բնակարանում ինչ-որ բան էր եռակցում-զոդում՝ հոսանքի լարումը կտրուկ իջեցնելով ու բարձրացնելով։ Բարեկամս պատմում է, որ դիմել է էլցանց, խնդրել ստուգել-գտնել օրինախախտին (օրենքով՝ ժամը 18.00-ից հետո ոչ ոք իրավունք չունի եռակցող սարքավորում աշխատացնել), սակայն ապարդյուն։ Մեղավորն այդպես էլ չի հայտնաբերվել (կամ՝ չեն ցանկացել հայտնաբերել)։

Մարդը սառնարանն է կորցրել, չհաշված նրա և նրա նման մի քանի տասնյակ բնակիչների, նրանց ընտանիքների մեկշաբաթյա նյարդային լարված մթնոլորտը։ Իսկ հակառակ, այսպես ասած, բևեռում ինչ-որ մեկն իր կամ իր ընտանիքի համար ինչ-որ բան էր սարքել և, երևի, ուրախացել։ Ինչպես մեզանում ասում են՝ հայի անձնական երջանկության ճանապարհը միշտ անցնում է իր նմանների դժբախտության միջով... Ահա այս օրինական անօրինության սահմաններում է ապրում մեր երկիրը։

Աշխարհի մի այլ երկրում ամենափոքր անարդարությունից ցուցապաստառներով մարդիկ լցվում են փողոցները, բողոքում, պահանջում... Մեզ մոտ քաղաքացիական արժանապատվություն կամ գոյություն չունի, կամ վաղուց հանված է օրակարգից։ Հայ իրականության մեջ եթե քննադատում, դժգոհում-բողոքում են, ապա միանգամայն այլ են դրդապատճառները։ Օրինակ, ընդդիմությունը ոչ այնքան իշխանությունների հետ է ուզում հաշիվներ պարզել, որքան՝ իր նմանների։ Ո՞վ է ըդդիմության վրա ավելի շատ քարեր նետում։ Իշխանություննե՞րը։ Ո՛չ։ Կամ՝ ոչ միայն նրանք։ Նույն այդ ընդդիմադիր ճամբարի մի այլ կողմից կտրիճ «նետաձիգները» պարբերաբար նշանառության տակ են պահում իրենց բախտակիցներին, ովքեր, ինչպես և իրենք, չեն կարողանում տանել օրվա իշխանություններին։ Նրանք սրանց են «կեղծ ընդդիմություն և ծախված» որակում, սրանք էլ՝ նրանց...

1937 թվականից, անձի պաշտամունքի մղձավանջից ենք հաճախ խոսում։ Աղասի Խանջյան, Չարենց, Բակունց, Թոթովենց... Հազարավոր տաղանդավոր հայորդիներ են հոշոտվել, անգերեզման մնացել, կամ տարիներ շարունակ տանջվել սիբիրներում ու քայքայված, ավերված հոգով մահապուրծ ետ վերադարձել... Ստալինը կամ Բերիա՞ն են մեկ առ մեկ կարդացել Չարենցի կամ Բակունցի հայատառ երկերն ու այնտեղ «սոցիալիստական հայրենիքի հիմքերը սասանող» տողեր որոնել... Ո՛չ, մերազգի տականքներն են իրենց ստորագիր կամ անստորագիր նամակներով, զրպարտագրերով հեղեղել ցեկա-ները, այդ նրանք են օրը ցերեկով, իրենց ճրագը վառած, նախանձ քինախնդրությամբ «ազգի թշնամիներ» հայտնաբերել իրենց գործընկերների, հարևանների ու բարեկամների մեջ...

Խորհրդային գրեթե բոլոր ազգերն էլ շնորհալի, տաղանդավոր կամ պարզապես անմեղ զոհեր են ունեցել այդ տարիներին։ Սակայն հայոց մեր արտի վրայով ասես մորեխի հսկա մի ամպ է անցել... Մեր սեփակա՛ն, հայրենի՛ մորեխի, որոնց ուղղակի կամ անուղղնկի հետնորդներն ու ժառանգներն այսօր էլ կենդանի են...

Ամեն անգամ լսելով «մերն ուրիշ է» արտահայտությունը, սրտխառնուք եմ զգում։ Ո՛չ, մերն ուրիշ չէ, ստում եք։ Մե՛նք ենք ուրիշ։ Այդ մե՛նք ենք, որ նման չենք աշխարհի մի այլ ժողովրդի։ Բոլորից ուզում ենք տարբերվել-զանազանվել մեր կիսաասիական մտածելակերպով ու կիսաեվրոպական գործելակերպով, օրինականն ու անօրինականն իրար խառնած քաղաքական վերնախավով և մշտապես օտար ափերում հայրենիք փնտրող ժողովրդով։

Մեզանում շոուն դարձել է ոչ միայն երաժշտական միջոցառում, այլև՝ քաղաքական ներկայացման անբաժանելի մաս։ Արդյունքում՝ այսօր մի «բում-բում» է մնացել, «չակա-չակա»-ն էլ՝ երկրի ու ազգի խորհրդանիշ։ Ռաբիսն այսօր ոչ միայն հեռուստաեթեր է նվաճել։ Քաղաքական մեր դաշտն է այսօր ռաբիս։ Մի ողջ ազգ այսօր ասում է՝ «իմ համար», «մեր համար։ «Ինձ համար»-ն ու «մեզ համար»-ը մնացել են անցյալի գրականության ու պատմության էջերում։ Աղաղակող այս անգրագիտությունը բավական է, որպեսզի կողմնակի մեկը տա մեր կրթական-գիտական-քաղաքական համակարգի գնահատականը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

«ԱրՊՀ-ում թագավորում է ձևի և բովանդակության հակասության կոնֆլիկտը։ Պետհամալսարանի ստեղծման առաջին իսկ օրից ինձ մտահոգում է մի հարց. արդյո՞ք բուհի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդական և նյութատեխնիկական կազմը կարո՞ղ են նրա ղեկավարների կողմից առաջադրված ռազմավարական հիմնախնդիրների իրականացումն ապահովել։

Ցավոք, դեպքերի զարգացումը ամրապնդել է մտավախություններս (նկատի ունեմ խորհրդային ժառանգության վատթարագույն տարրերը՝ կաշառակերությունը, ձևամոլությունը, կամայականությունը և այլն)։ Անգամ պատերազմող և տնտեսության վերականգման փուլում գտնվող պետության համար մի շարք կարևորագույն մասնագիտությունների ընդունելության և ուսուցման ընթացքում տեղի են ունենում արտառոց, նույնիսկ հանցավոր երևույթներ։

Շնորհալի ու մարզային նվաճումներ ունեցողներ դիմորդները «անհասկալի» կերպով ստանում են ավելի ցածր թվանշաններ, քան նրանց ակնհայտորեն այդ և մի շարք մյուս կարևոր չափանիշներով զիջող մրցակիցները։ Մի շարք մասնագիտությունների գծով այդպես էլ չհաջողվեց ապահովել մասնագիտական և նյութատեխնիկական բազա։ Ցավոք, պատկան և այլ պաշտոնական մարմինները պարարտ հող են ստեղծել այդ երևույթների տարածման համար։ Այդ իսկ պատճառով, չնայած աղմկարար դեպքերի շարանին, որոնցից մի քանիսը լուսաբանվել են ԶԼՄ-ներում, օրենքով պատժվեցին միայն հաշվված մարդիկ։

Ոչ մի պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ պատասխատվություն չկրեց պաշտոնի չարաշահման, միջոցներն աննպատակասլաց ծախսելու, ենթակաների հետ անօրեն գործարքների մեջ մտնելու և այլ անօրինություների համար։ Թեպետ բուհի յուրաքանչյուր ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո շրջում էին խոսակցություններ նրանց կողմից խոշոր չափով ֆինանսական միջոցներ վատնելու և շորթելու, աստղաբաշխական չափերով կաշառքներ վերցնելու մասին։

Ընդ որում, վերացվում է ձնաբլրի լոկ գագաթը, հիմքը և բուրգն ամբողջությամբ մնում է նույնը։ Խոսքս բուհի ստորաբաժանումների ղեկավարների մասին է։ Կարծես թե նրանց համար չկա ոչ պետություն, ոչ օրենք, ոչ էլ հանրային շահ։ Կարելի է լավ հարաբերություններ հաստատել նոր ղեկավարի հետ և լավ հարաբերություններ պահպանել համապատասխան պաշտոնյայի կամ այլ կարգի «պետքական» մարդկանց հետ, և դու ստորաբաժանման հետ կարող ես վարվել ինչպես քո սեփականության հետ։ Սա դարձավ վերջիններիս գործելակերպի ունիվերսալ ալգորիթմը։

Ինչպես չհիշենք քրիստոնեական «նոր գինի հին տիկերի մեջ չեն լցնում» արտահայտությունը, և փաստենք, որ կրթական ոլորտում կատարվել է տրամագծորեն հակառակը։ Բացվել են մի շարք մոդայիկ բաժիններ։ Ցավալի է, որ ամեն անգամ այդ մասնագիտությունների գծով ընդունվում և թողարկվում են տասնյակ մասնագետներ, սակայն թե՛ կառավարման ոլորտի ներկայացուցիչները, թե՛ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները անընդհատ բողոքում են որակյալ կադրերի պակասից։

Ցավոք, իր բարձրության վրա չի գտնվում երրորդ սեկտորը՝ ոչ պետական կազմակերպությունները և քաղաքացիական հասրակության մյուս ինստիտուտները, ինչպես նաև ԶԼՄ-ները, որոնք, կարծես թե լռակյաց համաձայնությամբ տաբու են հաստատել որոշ պաշտոնյանների և նրանց հետ կապված անօրինությունների լուսաբանման հարցում։ Իսկ որոշ ԶԼՄ-ներ էլ փաստորեն դարձել են ԱրՊՀ վարչակազմի «կցորդը»։

* * *
Քիչ չեն այն դասխոսներն ու ուսանողները, ովքեր դժգոհ են Արցախի պետական համալսարանի ներկայիս իրավիճակից։ «Կիրառարական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը գերազանցությամբ ավարտած Սերգեյ Ավանեսյանը, որը պետության հովանավորությամբ ուսումը պիտի շարունակի Մոսկվայի պետական համալսարանում, գտնում է, որը համալսարանի ղեկավարության ամենամեծ արատը իշխող անտարբերությունն է։ ԱրՊՀ ղեկավարությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում քանակի վրա, քան որակի, ինչը սարսափելի երևույթ է։

ԱրՊՀ նախկին դասախոս Հայկ Խանումյանը մի շարք խնդիրներից զատ առանձնացնում է դրանցից մի քանիսը՝ դասավանդման հին մեթոբանությունը, բիզնեսի ու կրթական համակարգի թույլ համագործակցությունը և Արցախի համար խիստ անհրաժեշտ մասանագիտությունների թույլ վիճակում գտնվելը (կամ ընդհանրապես դրանց բացակայությունը). «Ես երկու տարի առաջ եմ ավարտել համալսարանը, և այդ երկու տարիների ընթացքում գիտության ու դասավանդման մեթոդաբանության մեջ շատ բան է փոփոխվել, ուստի ստիպված եմ լինում հետևել աշխարհում գիտության ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն մեր դասախոսներից շատերը տասը, նույնիսկ քսան տարի առաջ եղած դասավանդման եղանակներն են օգտագործում։ Համալսարանում պրոյեկտորներ կան, որոնց վրա լայն շերտով փոշի է նստել։ Մի խոսքով՝ մեր դասախոսները վերապատրաստման խիստ կարիք ունեն»։

Երկրորդը, բիզնեսի ու կրթական ոլորտներում տեղի ունեցող համագործակցությունը տալիս են իրենց օգտակար պտուղները։ Օրինակ, «Ինսթիգեյթ» ծրագրավորման ընկերության կողմից Ստեփանակերտում ուսումնական կենտրոնի բացումը հնարավորություն է տվել, որ «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնի վերջին կուրսի ուսանողները մեկ տարվա ընթացքում ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերել, քան բուհական 4 տարիների ընթացքում։ ԱրՊՀ-ն ավարտելուց հետո տվյալ կուրսի ուսանղներից հինգ հոգի «Ինսթիգեյթում» կունենան միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղեր, որոնք կսկսեն աշխատել հունիսից։ Նման երևույթը Արցախում՝ ավարտել բուհն ու միանգամից ըստ մասնագիտության միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ ունենեալ, ուղղակի երանություն է։ Դրական արդյունքներն ակնհայտ են։ Մեր երկիրը պետք է ձգտի որքան հնարավոր է շատ գործարարներ հրավիրել ու նման նախաձեռնություններ իրականացնել։

Արցախը ագրարային երկիր է և այդ ոլորտի համար մասնագետների սու կարիք ունի։ Բայց դժվար թե 2008 թ. Հայաստանի Պետական ագրարային համալսարանի մասնաճյուղի բացումը Ստեփանակերտում շատ բան է տվել այդ ոլորտին։ Մինչ 2008 թ. գործում էր ԱրՊՀ գյուղատնտեսության ֆակուլտետը, իսկ հայաստանյան համալսարանի մասնաճյուղի բացման նպատակն էր որակյան կադրեր պատրաստելը, ինչը, ավաղ, դեռ չի ստացվում։

Արցախում հիմնական աշխատատեղեր են ծառայում ուժային կառույցները՝ ՊԲ-ն և ՆԳՆ, բայց համապատասխան կրթություն ստանալու համար հարկավոր է հասնել Հայաստան և երբեմն էլ նրա սահմաններից դուրս։ Իսկ դրանց փոխարեն ստեղծվում են մի շարք մոդայիկ մասնագիտություններ, որոնց անհրաժեշտությունը չկա։

Այս ամենից բացի, բուհն իր վրա սերունդ դաստիարակելու գործառույթ պիտի վերցնի։ Նման ֆունկցիային մեծ չափով խանգարում են ծնողների կողմից կատարվող միջամտություններն ու միջնորդությունները՝ ուսանողի ուսման գոծընթացում։ Հենց այնպես չէ, որ անգլիացի սոցիոլոգ Սպենսերը դաստիարակության գործում ամենամեծ տեղը հատկացնում է ինքնազարգացմանը։

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ



ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՐԵՎԱԶՐԿԵԼ

Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյան 9 շենքի առաջին հարկի բնակիչ Աշոտ Ղազարյանի խոսքերով, նյարդայնանալու պատճառով չի կարողանում կանոնավոր քնել։ Նրա բնակարանի առջև գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը՝ 11.5 մետր բարձրությամբ, բնակելի շենքից 6.5-7.9 մետր հեռավորության վրա շինություն պիտի կառուցվի, ինչը ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից։

Թե ում է պատկանում տվյալ շինությունը, շենքի բնակիչներից ոչ ոք հաստատ չգիտի։ Շինություն կառուցելու համար ստացված թույլտվությունը Դավիթ Սարգսյանի անվամբ է, սակայն շենքի բնակիչների և ԼՂՀ ազգային ժողովի երիտասարդ մի պատգամավորի միջև տեղի ունեցած լեզվակռվից կարելի է այլ ենթադրություններ անել։ Երկրորդ հարկի բնակիչ Ռոման Բագիրյանն ասում է. «Ես նրան՝ պատգամավորին, հարցնում եմ, թե ո՞վ է կառուցում շենքը, իսկ նա չի ասում։ Ընտրությունների ժամանակ ես շատերին կոչ եմ արել ձայն տալ նրան, որպեսզի մեր իրավունքները պաշտպանի, այլ ոչ թե հակառակը։ Բայց այսօր փորձում են մեզ արևից զրկել, չեն թողնում նորմալ շունչ քաշել»։

Աշոտ Ղազարյանն իր հերթին ավելացրեց. «Լավ հյուրանոցի հաճախորդին հարցնում են՝ Ձեր համարի պատուհանից ուզում եք ի՞նչ տեսարան բացվի։ Իսկ մեզ ընտրելու իրավունք էլ չեն տալիս, ուզում են զրկել մեր սեփական բնակարաններից լեռնային լանդշաֆտներին նայելու հաճույքից»։

Խոսակցությունների համաձայն, շենքի կառուցումը հովանավորվում է ռասուսաստանցի ինչ-որ գործարարի կողմից, սակայն, չգիտես ինչու, շինության համար կարծես թե պատասխանատվությունը ստանձնել է ԱԺ պատգամավորը, որը շենքի բնակիչներին փորձում է համոզել, թե ինքը միայն օրենքն է պաշտպանում, դրա համար էլ այդքան մտահոգված է։

Նելսոն Ստեփանյան 9 և Գրիգոր Լուսավորիչ 10 շենքի բնակիչները հարցը այսպես թողնել չեն կամենում. մի կողմից չեն ցանկանում ոտնահարված տեսնել իրենցիրավունքները, մյուս կողմից՝ նրանց դուր չի գալիս կանաչապատ տարածքի ոչնչացումը և Անահիտ ատվածուհու արձանի տեղափոխությունը այլ վայր։ Հնարավոր է նաև այստեղ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտում էլ կա (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր)։

Երկու շենքերի բնակիչները 33 ստորագրությամբ դիմումներ են ուղարկել ԼՂՀ նախագահին, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին և Արցախի հանրային հեռուստատեսություն։ Քաղաքապետը խոստացել է ուսումնասիրել ստեղծված խնդիրը, իսկ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ստորագրությամբ պատասխանը իրեն երկար սպասել չտվեց։ Նախարարության մասնագետների ուսումնասիրման համաձայն, կառուցվելիք շինությունը Նելսոն Ստեփանյան 9 բնակիչներին չի խանգարում ու բնական լույսից չի զրկում։ Այդ նամակից պարզվում է նաև, որ «Էս դի գրուպ» ՍՊԸ-ն է ներկայացրել նախագիծը։ Բացի դրանից, նամակում ասվում է, որ նախագծում շինության բարձրությունը շենքի ճակատային մասերում հողի մակերևույթից պիտի լինի 8.7 մետր, «մոռանալով» նշել ձեղնահարկի ու տանիքի մասին։ Մասնագետները միայն կարգադրում են բնակելի շենքին նայող երկրորդ հարկի պատուհանները վերափոխել վերնափեղկերով, իսկ վերնահարկում՝ փակել նախագծով նախատեսված պատուհանները։

Սա իրականում էական ոչինչ չի տա վերոհիշյալ շենքի բնակիչներին։ Շինարարական նորմերի ու կանոնների (հծՌկ) համաձայն, տվյալ շինությունը նման հեռավորության վրա կարող է ունենալ միայն 2-4 մետր բարձրություն։ Կարճ ասած, քաղշիննախարարությունից ստացված պատասխանում ապացույցներն անհամոզիչ են։
Այժմ շինարարությունը կանգնած է, և շենքի բնակիչները սպասում են խնդրի արդար լուծման։ Նրանցից ոմանք այնքան վճռական են տրամադրված, որ պատրաստ են դիմել նաև դատարան։

Հիշեցնեմ, որ Ստեփանակերտում քիչ չեն շինարարական նորմերին ու կանոններին չհամապատասխանող նորաշինությունները։ Քիչ չեն նաև արձանների անհիմն տեղափոխությունները, որոնք շատ անգամ պարզապես մի կողմ են նետվում ու այդպես էլ մնում բարձիթողի վիճակում։
Սակայն շինարարական աշխատանքները կանգնեցրին միառժամանակ. քաղաքապետարանից դեռ դիմումի պատասխանը չստացած, հունիսի 16-ին երեք տեխնիկական միջոցներով հետագա աշխատանքների համար քանդում էին նշված տարածքը։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՏԵՍՏԱՏ

Մանկապարտեզ, դպրոց, բուհ։ Ահա այն ճանապարհը, որով անցնելը եթե ոչ երազանք, ապա ցանկություն է շատերի համար։ Մանկապարտեզը՝ երանելի մանկություն, դպրոցը՝ կրթություն և դաստիարակություն, իսկ ի՞նչ է բուհ-ը։ Յուրաքանչյուր ոք դպրոցն ավարտելուց հետո մտածում է բարձրագույն կրթություն ստանալու մասին և ձգտում է համալսարան ընդունվել, որը պատրաստ է գրկաբաց ընդունել բոլորին, միայն թե «ուսումնատենչ» երիտասարդներին «դիպլոմով» ապահովի։

Պետք է, չէ՞, վերջապես, մի ամբողջ կյանք կա առջևում։ Ու այդպես, մեկը՝ խելքով, մյուսը՝ գրպանով, երրորդը՝ ծանոթ-բարեկամի աջակցությամբ հայտնվում են համալսարանում։
Սովորողի համար, իհարկե, դա բարձրագույն ուսումնական հաստատություն է, իսկ չսովորողի համար՝ ուղղակի բարձրագույն հաստատություն (խոսքը շենքի մասին է)… Բայց, չշեղվենք թեմայից...

Նայելով աշխատավոր մարդկանց՝ դժվար է հասկանալ, թե ինչ մասնագիտության տեր են նրանք։ Մեկը մասնագիտությամբ շինարար է, բայց աշխատում է կոշկակար, մյուսը բժիշկ է, բայց նրան կարող եք հանդիպել ոչ թե հիվանդանոցում, այլ ինչ-որ շինհարթակում՝ պատ շարելիս, իսկ մի երրորդն էլ իրավաբան է, բայց կյանքի բերումով դարձել է վարորդ։
Այ քեզ բա՜ն... Դիպլոմի մեջ նշված մասնագիտությանը նայիր ու նրանց կատարած աշխատանքին. ընդհանրապես կապ չունեն իրար հետ։ Խնդիրը նրանց խելոք կամ ոչ խելոք լինելը չէ. դա հարցի մյուս կողմն է։ Խնդիրը համապատասխան մասնագիտությամբ աշխատանք գտնելն է։ Իսկ ինչպե՞ս գտնել մի բան, որը չկա։ Ուրիշ բան է՝ կորցրած լինես, գնաս փնտրես ու գտնես։

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ 4-5 տարվա ուսման համար ծախսված գումարներն իզո՞ւր էին։ Ավելի լավ չէ՞ր մի արհեստ սովորեր ու աշխատեր սովորած «արհեստավորի» մասնագիտությամբ։ Մեկ է, մասնագիտությամբ աշխատանք չկա, իսկ արհեստ միշտ կա ու կա։ Չնայած կրթությունն ու արհեստն էլ կարելի է համատեղել. և՛ կրթություն ստանալ, և՛ արհեստ սովորել, կյանքում դրանք իրար փոխարինելով՝ ապրել։
Ինչևէ... Այսօր մարդկանց հիմնական զբաղմունքը դարձել է աշխատանք փնտրելը, ու արդեն կարևոր չէ՝ դրա մասնագետն ես, թե ոչ, կարևորն այն է, որ անգործ չմնաս, փող վաստակես, տունդ պահես։

ՄԱՐՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱրՊՀ լրագր. 4-րդ կուրս



ԶԱՎԵՇՏԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ԵՎ ԻՐԱԿԱՆ

Առաջին անգամ չէ, որ մարդ ստիպված է լինում բախվել նման երևույթների, զգալ զայրույթի, զավեշտի ու հիասթափության զգացողություն։ Իսկ դրա համար ունեցածդ առողջ մարմնից հրաժարվելու և այն կորցնելու համար բավական է ունենաս օգնության կարիք և ստիպված լինես օգտվել բժշկական ծառայություններից։ Խոսքը Ստեփանակերտի Ա. Փակումեանի անվան պոլիկլինիկայի, իսկ ավելի կոնկրետ՝ քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի մասին է։
Թե որքանո՞վ է բաժանմունքը համալրված գիտական պաշարով՝ Աստված գիտի։ Ամենուր հիվանդասենյակներից, բժիշկների սենյակներից, դռներից դուրս եկող, ամեն քայլափոխի հանդիպող, դժգոհ դեմքեր, բողոքարկող հիվանդներ...

Իսկ իմ պարագայում ամեն ինչ սկսվեց հենց առաջին բաժանմունքից՝ քարտերի տրման բաժնից։ Հիվանդության պատմության թերթիկ տրամադրող բուժքույրն ասաց, որ պետք է հնի փոխարեն նորը լրացնել։
Եվ այդ նոր թերթիկով ներկայացա ոչ թե որպես բժշկական ուսումնարանի, այլ բժշկական «կոլեջի» ուսանող։ Բուժքույրը այդկերպ ռուսերենից հայերեն է թարգմանել ոչ միայն գիտ-հաստատության անվանումը...

Վերջապես նոր ձևավորված պատմության թերթիկով ներկայացա քիթ-կոկորդ-ականջաբան բժշկին, որին այցելել էի 2 շաբաթ առաջ, իսկ այնուհետև կիրառել նրա բոլոր պահանջները, այսպես կոչված, նշանակումները, որը դեղատանն արժեր 2000 դրամ։ Սակայն պարզվեց, որ այնքան էլ սպասված պահի չեմ ժամանել։
Աշխատանքային օրն ընհամենը երկու ժամ առաջ էր սկսվել, բայց մեր բժիշկն արդեն շատ էր հոգնել և զբաղված էր սրճելու արարողությամբ։ Բայց էականը դա չէ։ Պարզվեց, որ բժշկուհին չհիշեց իր նախկին դիագնոզը և նշանակած բուժումը (երևի թերթիկը նորով փոխարինելու պատճառով), և իմ ականջների մեջ այդպես էլ և ոչ մի խցան չհայտնաբերեց։ Մինչդեռ ես ականջի խցանում ունեի և, նրա խորհրդով ստիպված եմ եղել ձեթից բացի մի շարք ուրիշ դեղամիջոցներ ևս կաթեցնել ականջիս մեջ։

Այդպես էլ չհասկացա, թե ուր կորան նախկին դիագնոզն ու ականջախցանները։ Որքան հայտնի է բժշկագիտության մեջ դեռ չի եղել դեպք, որ ականջախցանները հենց այնպես անհետանան։ Ավելին, դրանք հեռացվում են ականջի խոռոչից բժշկական մխոցի, ջրի և այլ լուծույթների շիթային հոսքի և բժշկի միջամտությամբ։
Որքան էլ փորձեցի բացատրել, որ լսողության կորուստն ու ականջացավը դեռ շարունակում են ինձ անհանգստացնել, բժիշկն ու բուժքույրը շարունակեցին պնդել, որ ամեն ինչ կարգին է։ Ըստ երևույթին, որպեսզի սուրճը հանկարծ չսառի, նրանք այդ ձևով ազատվեցին ինձնից ու տրվեցին գլխացավից ձերբազատվելու ամենաարագ և հաճելի միջոցին՝ սուրճի վայելքին... Իսկ ես ստիպված համակերպվեցի ատ լսող օրգան ունենալու հետ և հուսահատ դուրս եկա պոլիկլինիկայից։

Նստել ու խորհում եմ։ Մի՞թե շարունակ վեր խոյացող նորակառույց շենքերն ու համալրվող նորանոր սարքվորումները, այսքան նորամուծություններն ու օգնությունները չեն կարող, եթե ոչ բարձր, ապա գոնե միջին մակարդակի հասցնել մեր բժշկությունը։ Արդյո՞ք նման սպասարկումը չէ պատճառներից մեկը, որ շատ ու շատ հիվանդներ, հույսները կտրած, ստիպված են լինում լրացուցիչ գումարներ ծախսել և շարունակել դեղ ու բալասան գտնել ՀՀ-ում կամ արտերկրում։
Երևի նման դեպքում են ասում՝ վճարովին ինչ է, որ անվճարն ինչ լինի... Իսկ Ժողովրդական ասացվածքները հենց այնպես չեն ծնվում։ Դրանք նման իրականության ու իրողության արդյունք են։ Զավեշտական է, բայց՝ իրական։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ



ՄԱՐԴԻ՛Կ, ՏԵՍԵՔ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԻՐԱՐ ՍԻՐՈՒՄ

«Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը՝ համարձակությունը»,- ասել է Վիկտոր Հյուգոն։ Գիտե՞ր արդյոք Հյուգոն, որ մի օր այս երկչոտություն կոչվածն իսպառ կցնդի սիրահարների միջից։ Սերն այն ուժն է, որ մեզ ապրեցնում է։ Այսօր սեր ցուցադրելը, սակայն, սիրահար զույգերից շատերի համար, այսպես ասած, մոդա է դարձել։
Եթե տարիներ առաջ սիրահարները փորձում էին հեռու մնալ մարդկանց աչքից և երկուսով վայելել սիրո հաճույքը, այսօր շատերն իրենց սիրո վկաներն են դարձնում ողջ հանրությանը։ Իսկ սիրո արտահայտման վայր է դարձել փողոցը, հանրային տրանսպորտը, հանգստի վայրերը, ուսումնական հաստատությունները...

«Պյատաչոկ» կոչվող վայրում շատ սիրահար զույգեր են նախընտրում անցկացնել իրենց ժամադրությունը։ Սիրահար զույգեր կան, որ քաղաքի ամենամարդաշատ այդ վայրում նստած՝ քիթ-քթի, ծունկ-ծնկի տված, իրար ականջի սեր են շշնջում, հանգիստ համբույրներ փոխանակում, ասես չնկատելով ոչինչ ու ոչ ոքի, այն դեպքում, երբ նրանք տեսադաշտում են յուրաքանչյուր անցորդի, ծեր ու երեխայի։
Սիրային տեսարաններից զուրկ չեն նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ սիրահարներն, ազատվելով սիրային պրոցեսներին խանգարող դասերից, իրենց սերն «ապացուցում» են հենց համալսարանի միջանցքներում։ Այստեղ նրանք իրենց թույլ են տալիս ամենայն ջերմությամբ գրկախառնվել, իրար փաղաքշել ու սիրային կատակներ անել...

Թումանյանն այս պարագայում կասեր՝ կա սեր, կան նաև դասեր, բայց դա հին ժամանակներում էր, երբ Հայաստանը, մենք բոլորս «ասիացի» էինք։ Չնայած աշխարհագրական մեր դիրքը ոչ մի փոփոխություն չի կրել, վերոհիշյալ տեսարաններով մենք կարող ենք մրցել ցանկացածդ եվրոպական երկրի հետ։ Իսկ և իսկ Եվրոպա՝ հայկական սիրային նոտայով։
Արդյո՞ք արցախցի տղամարդուն վայել է հանրային տրանսպորտում հանրության առջև վերջին տեսակցության նման այնպես գրկել աղջկան, ասես վերջինիս ուզում են ձեռքից խլել։ Սա հասարակության զարգացման նշա՞ն է, թե՞ գաղափարապես հետադիմության։

«Բոլոր սիրահարներին միանշանակ գնահատական տալ, նշանակում է՝ անճշմարիտ լինել։ Շատարս ենք գիտակցում, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց խնդիրն այն է, որ տարբեր են մեր չափակշիռները, յուրաքանչյուրը յուրովի է մոտենում հարցին, լուծումն էլ բխում է այդ մոտեցումից։ Բայցև այնպես չպետք է կոխկրտել քրիստոնեական բարոյականության նորմերը, ինչքան էլ որ գայթակղիչ լինեն ներկայիս հեռուստաֆիլմերի սեքսուալ անհաճո տասարանները։ Մեն մի լռություն սիրո խոստովանության բազում հատորներ արժեն»,- ասում է ԱրՊՀ լրագրության և գրականության ամբիոնի դասախոս Լենա Գրիգորյանը։

Նա ասաց, որ անդուր է թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների համար միջանցքներում անպարկեշտ տեսարանների հանդիպելը։ «Իսկական սերը կրքի արտահայտություն չէ, այլ հոգիների միաձուլում։ Անվանի երգիծաբան Լեռ Կամսարն ասել է. «Աղջիկը նման է երկհատոր գրքի, սիրո առագաստում պետք է թույլ տա կարդալու առաջին հատորը, իսկ երկրորդ հատորը պահի անորոշ ապագայի համար»։ Բայց չեմ կարող ասածիս չավելացնել, որ «սիրահարներն իրար մոտենալիս չեն լսում անգամ թնդանոթի ձայնը», էլ ո՞ւր մնաց լսեն դասախոսների ոտնաձայնը»,- եզրափակեց Լ. Գրիգորյանը։

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 3-րդ կուրս



«ԲԱՐԵՎ, ՀԱՅ». ԲԵՄՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԵՆ

Հունիսի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից գործող թատերական ստուդիայի «Բարև, հայ» ներկայացումը, որն, այսպես ասած, մեկ դերասանի թատրոն էր՝ մի խումբ դերասանների մասնակցությամբ։

Բեմադրության հեղինակն է թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը, որն իր սաների մասնակցությամբ հաճախ է թատերական ինքնատիպ ներկայացումներ հրամցնում Արցախի հանդիսատեսին։ Մեր տեղեկություններով՝ յուրատիպ ներկայացման գաղափարը ծնվել է ստուդիայի սաների մեջ, իսկ ապագա դերասանների շնորհաշատ ղեկավար Վ. Ավագիմյանը որոշել ու կյանքի է կոչել ոչ դյուրին այդ մտահղացումը։

Մեր թատերական կյանքում սա թերևս առաջին նախաձեռնությունն է՝ ներկայացում բեմադրել գեղարվեստական առանձին ինքնուրույն ու ամբողջական ստեղծագործությունների համադրմամբ։ Ռուսաստանում Եվգենի Պետրոսյանի գլխավորությամբ պարբերաբար ներկայացվող «Ծուռ հայելի» («Կրիվոյե զերկալո») կատակախաղը, որ իրենից ներկայացնում է երգիծանքի մի խումբ վարպետների առանձին համարներից կազմած-միավորած ամբողջական ներկայացում, վաղուց լայն մասսայականություն է վայելում Ռուսաստանում ու ԱՊՀ անդամ երկրներում։

«Բարև, հայ»-ը ինչ-որ տեղ մտահղացվել է նույնատիպ սցենարով, որտեղ առանձին գեղարվեստական ստեղծագործություններն իրար հետ կապող օղակի (հաղորդավարների և ոչ միայն) դերում հանդես են եկել նույն ստուդիայի սաներ Զարուհի Մկրտչյանն ու Էրիկ Ավագյանը։ Իրենց հերթին նրանք նույնպես ներկայացրել են երգիծական կամ միանգամայն լուրջ առանձին ստեղծագործություններ («Հայը», «Ծաղրածուն», «Իմ ընկերը», «Օգտակար խորհուրդներ» և այլն)։

Հանդիսատեսին մեծ բավականություն են պատճառել Քաջ Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի համանուն կատակերգությունից)՝ Վաչագան Ապրեսյանի և Անժելիկա Աղաջանյանի (Ուստիան) ներկայացմամբ, Մեծահոգին (Վազգեն Օվյանի համանուն երգիծական պատմվածքից)՝ Արթուր Հարությունյանի մարմնավորմամբ, «Ֆուտբոլասերը», «Հովանոցը» (Մարիաննա Գրիգորյան) և այլն։

Հիշեցնենք, որ «Բարև, հայ»-ի սցենարը կազմվել է Դերենիկ Դեմիրճյանի, Վազգեն Օվյանի մի շարք ստեղծագործությունների, Լեոնիդ Ենգիբարովի «Հովանոցը» քնարական մանրաքանդակի և Վարդգես Օվյանի նովելների հիման վրա։

«Հանդիսատեսը լավ է ընդունել ներկայացումը... Ես նկատի ունեմ շարքային հանդիսատեսին՝ երիտասարդ թե մեծահասակ, արվեստագետ թե ոչ արվեստագետ, այլ ոչ սակավաթիվ մի քանի անձանց, ովքեր ներկայացումը դեռ չտեսած արդեն կանխակալ կարծիք ունեին,- ասաց բեմադրության ռեժիսոր և թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը։- Չնայած մեր որոշ մտավախություններին, պարզվեց, որ հանդիսատեսի համար մատուցված նյութն իրոք հետաքրքիր էր։ Ստուդիայի սաներն իրենց անդրանիկ այդ «բեմել»-ից շատ են ոգևորվել և նրանց մոտ կրկին բեմ դուրս գալու մեծ ցանկություն է առաջացել։ Անկասկած ապագա դերասանի համար այսպիսի մի պրակտիկ ներկայացում-դասը շատ ավելին է, քան ամիսներով նրանց մատուցվող թեորիան... Անշուշտ կցանկանայի, որ այս նախաձեռնությունը շարունակական լիներ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի թատերական ստուդիային։ Չէ՞ որ այս ստուդիայում մեր թատրոնի ապագան է ծնվում...։

Վերջում փաստենք, որ Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի ավագ, տիտղոս-կոչումավոր դերասանական կազմը նպատակահարմար չի գտել ներկա գտնվել նույն թատրոնի ապագա դերասանների անդրանիկ ներկայացմանը։ Եվ, իզուր... Դա վկայում է, որ լուրջ վերանորոգման-առողջացման կարիք ունի ոչ միայն պետդրամթատրոնի շենքը...

Մ. ՕՀԱՆՅԱՆ



«ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂ, ԵՍ ԳՆԱՄ»

(Նվարդ Օհանջանյանի հիշատակին)

Եղբոր հետ, մեր ասած, «խռովխեթ» էինք։ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեցի։ Մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000-ին էր։ Գիտեի, որ աշխատում է «Ազատ Արցախ»-ում։ Մի օր զանգեց, թե՝ «մի քանի հարց ունեմ, գա՞մ»։
Խոսքն անմիջական էր, ձայնը՝ զվարթ։ Ասացի՝ «արի»։

Հիմա չեմ հիշում՝ հարցազրույց եղա՞վ, թե՞ ոչ։ Դա, համենայնդեպս, պաշտոնական հարցազրույց չէր. ոչ ես էի պաշտոնյա, ոչ ինքը, մանավանդ, «ռեպորտյոր»-հարցազրույց վարող։
Եկել էր, որքան հասկացա, պարզելու, թե այդ ինչ «հրեշ է քաղաքականությունը, որ գրեթե նույն կենսագրության, նույն բախտի երկու մարդու»՝ ինձ ու իր եղբորը, կարողանում է «դնել թշնամի խրամատներում»։

Ես նրան՝ ամբողջովին քնքշանք և պայծառ հավատ ճառագող աղջկան, ասելիք, դժբախտաբար, չգտա։ Ի՞նչ ասեի։ Ընդամենը պատմեցի, որ Վազգեն Օվյանի «Ղարաբաղի արծիվը» պատմավեպի առաջին օտար հայացքի ընթերցողը, գուցե՝ խմբագիրն ու հաստատ հրատարակիչն եմ եղել՝ բանակի «Մարտիկ» թերթում եղբոր հետ աշխատելուս բերումով։ Եվ «դաժանորեն» ասացի, որ սխալվել են, երբ վեպը տպագրության տալիս գոնե մի-երկու տողով չեն անդրադարձել իրողությանը, որ այն առաջին անգամ լույս է տեսել «Մարտիկ»-ի էջերում։

Որքան կարողացա հասկանալ՝ ասածներիս տեղյակ չէր։ Գոնե՝ մանրամասնություններին։ Եվ աչքիս առաջ պարզապես «կծղեց»։
Դրանից հետո 6-7 տարի դարձյալ հանդիպում էինք՝ առիթից-առիթ։ Ու հանկարծ...
Թաղմանը չգնալ չէի կարող։ Ոչ թե, որ՝ կարգ է։ Բայց մեծ, աններելի սխալ արեցի. պիտի մինչև վերջ ուղեկցեի Նվարդին։ Այդքան քաջություն չունեցա։ Սեղմեցի եղբոր ձեռքն ու բակից էլ հեռացա, երբ թափորն արդեն շարժվում էր Դաշուշեն, ուր ամփոփված է հոր՝ Վազգեն Օվյանի աճյունը։

...Շատ տարիներ հետո միայն Նվարդի շիրմին այցի գնալու համարձակություն ունեցա՝ եղբոր հետ։ Քանի որ պարտքս կատարել էի։ Կարողացել էի պատասխանել, որ քաղաքականությունը, ո՛չ, մեզ՝ ինձ ու իր եղբորը, թշնամի խրամատներ անզոր է զորակոչել։
2000 թ. կամ հետագա հանդիպումի մի օր նա ինձ նվիրեց հոր գիրքը։ Նույնիսկ չնվիրեց։ Ես փոքրոգի գտնվեցի. կարդացի, բայց իրեն ոչինչ չասացի։ Թեև գրեթե համոզված եմ, որ գիրքն ինձ էր տվել, որպեսզի կարդամ և ասեմ, որ Վազգեն Օվյանը ԳՐՈՂ Է։ Ի՞նչ արած. մարդ երբեմն «փոքրիկ» խայթոցները մոռացության տալու մեծահոգություն չի ունենում։ Շարքայիններս՝ հատկապես։
Անցել է 10 և ավելի տարի։ Բայց ինձ չեմ ներում։

Գրասեղանիս Նվարդի՝ հետմահու տպագրված գիրքն է՝ «Ամանորի նվերներ»։ Շապիկից նա ինձ նայում է իր պայծառ, հանդուրժողականորեն խորաթափանց հայացքով։ Եվ, կարծես, չի ուզում նվաստիս ներած լինել։

- Ազնվագույն Նվարդ, ներիր ինձ։ Իմ մեղքը ես փորձեցի քավել։ Այլ բան չունեմ խնդրելու, քան, «խմբագրելով» բանաստեղծին. «Ինձ բաց թող, ես գնամ»,- ասեմ և ավելացնեմ՝ ազատիր ինձ ՔՈ հանդեպ աչառու եղած լինելուս մեղքից։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
1 հունիսի 2011թ.



ԿԵՑՑԵ՛ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
(երգիծական)

Չգիտեմ ով ինչպես՝ բայց ես մեծ ոգևորություն եմ ապրում, որ սոցիալիստական կարգերին հաջորդել է ոչ թե կոմունիզմը, այլ, թևակոխել ենք, այսպես կոչված, անցումային շրջան։ Խորհրդային տարիներին մեր այս գեղեցիկ մայրաքաղաքում հատուկենտ դեղատներ էին, գեղեցկության սրահներն էլ մատների վրա կարելի էր հաշվել։ Քաղաքը ոտի տակ տայիր, մի ցուցանակ չէիր գտնի «Ավիատոմսեր» գրությամբ։

Հիմա ժամանակները փոխվել են. դեղատներ, գեղեցկության սրահներ՝ որքան ուզես, որտեղ ուզես... Ասել է թե՝ եթե առողջությանդ հետ կապված պրոբլեմները կարգավորել ես, առոք-փառոք մտիր գեղեցկության սրահ ու գեղեցկացիր։ Լավ, ասենք ուզածիդ պես գեղեցկացար և մտածում ես ամուսնության մասին, բայց որտեղի՞ց քեզ համար փեսացու գտնենք, երբ պատերազմ տեսած երկիր ենք, տղաները տալոնով են, աղջիկները՝ շալոնով։ Մնում է ավիատոմսեր գնել, և ինչ երկիր ուզում ես՝ թռիր, փեսացու անպայման կգտնես։

Ինչ ասեմ, ախր հիմա երանելի ժամանակներ են՝ ազատ մտածողություն, ազատ բարքեր... Երեկ հարևանուհուս 18-ամյա աղջիկը արու զավակ ունեցավ։ Գնացի ծննդատուն՝ տեսության։ Հանկարծ որտեղից-որտեղ՝ հայտնվեց մի տարեց բուժքույր՝ խորհրդային ժամանակներից և ձայնը գլուխը գցեց. «Ո՞վ է երեխայի հայրիկը։ Դե, հասկացանք, մաղարիչ է ուզում։ Բայց ինչպիսի՜ անտակտություն, ի՜նչ հայրիկի մասին է խոսքը։ Հիմա ո՞վ է օրինական երեխա լույս աշխարհ բերում։ Չէ, այս պառավը տեղովը մեկ փորձանք է։ Դրությունը փրկեց ծննդկանի մայրը. «Ի՞նչ հայրիկի մասին է խոսքը,- ասաց նա,- երեխան պատկանում է հասարակությանը։ Հետո էլ շատ հանգիստ պատմեց, որ իր աղջիկը միանգամից չորս տղայի հետ է մտերմություն արել։ Եթե անգամ Աստված էլ գա՝ չի կարող պարզել, թե ով է երեխայի հայրը։

Հեռուն չգնանք։ Բերեմ իմ անձնական օրինակը։ Երեկ փողոցում ծանոթս կանգնեցրեց, թե՝ պատրաստվիր, այս կիրակի մեկնելու ենք զբոսախնջույքի, պիտի մի լավ խմենք։ Զորօրինակ, եթե ես խորհրդային ժամանակների մարդ լինեի, ծանոթիս մի լավ կշշպռեի՝ ասելով, որ ես քնքուշ սեռի ներկայացուցիչ եմ՝ ի՞նչ խմել, ի՞նչ բան։ Բայց քանի որ ապրում եմ անցումային ժամանակաշրջանում, բնականաբար, հարցս այսպես ձևակերպեցի. «Հետաքրքիր է, մենակ խմելո՞ւ ենք։
Հա, չմոռանամ ասել, քանի օր է՝ «Ջիպ» մակնիշի մի ավտոմեքենա է հետևիցս ընկել. տնից աշխատավայր, աշխատավայրից տուն՝ պարտաճանաչ ուղեկցում է ինձ։ «Ո՜ւխ, բախտս բերեց, հաստատ հարուստ փեսացու է»,- մտածեցի, բայց ի՜նչ...

Մի պայծառ օր տեսնեմ՝ ղեկին 70-ին մոտ մի ալևոր է։ Սա էլ մի օր համարձակություն առավ, մեքենան կանգնեցրեց, թե՝ աղջիկ ջան, արի մեքենաս նստիր, քեզ ասելիք ունեմ։ Պարզվեց, որ այս բիձան ուզում է ամուսնանալ հետս։ Եթե ես ապրելիս լինեի խորհրդային ժամանակներում, այս բիձային գրողի ծոցը կուղարկեի, կասեի՝ գնա քեզ համար պառավ տատիկ գտիր ու ամուսնացիր։ Բայց քանի որ անցումային շրջանի ներկայացուցիչ եմ, կնշանակի՝ ազատամիտ, ուստի, ստեղծված վիճակը մի լավ ծանրութեթև արի. եթե սեփական տուն, ամառանոց ունի, վատ թեկնածու չէ։ Ինչ մնում է տարիքին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, քան կանայք։ Դե, եթե բիձայի մի ոտն այն աշխարհում է, ուրեմն՝ ինչո՞ւ մերժել։ «Լավ, կմտածեմ»,- ասում եմ և մտքումս ծանրութեթև անում, իսկ գուցե այս մի քանի ժամվա ընթացքում 75-ն անց ավելի հարուստ ծերուկի հանդիպե՞մ։

Գիտե՞ս, բարեկամս, կյանքն իր օրենքներն ունի, ուզում ես ապրել՝ խաբիր դիմացինիդ։ Ախր, ո՞ւմ է պետք քո ազնվությունը։ Մեր շքամուտքի երրորդ հարկի հարևանուհին 45 տարեկան, երեք երեխատեր, ամուսնաթող կին, ամուսնանում է 25 տարեկան մի շատ համակրելի երիտասարդի հետ։

Մի քանի օր առաջ շատ անկեղծ զրույց ունեցա հարևանուհուս հետ։ Ասաց՝ ի՞նչ անեմ, սիրուհու կարգավիճակից հոգնել եմ։ Հետո պատմեց, որ իրենց հիմնարկի ղեկավարի թվով 4-րդ սիրուհին է. «Հիմա ավելի լավ չէ՞ ամուսնանամ 25 տարեկան երիտասարդի հետ, քան թե լինեմ պահեստային սիրուհի։ «Զարուհի ջան,- դիմեցի հարևանուհուս, իսկ փեսացուդ գիտե՞ քո տարիքը։ «Չէ,- ասաց,- խաբել եմ, կարծում է, թե 30 տարեկան եմ։ Այս զրույցից հետո, ախր, ո՞վ կհանդգնի ցուրտ խոսք ասել հարևանուհուս։ Խաբում է՝ շատ լավ է անում։ Մեր կյանքը հիմնված է խաբեության վրա։

Չէ, իսկապես մենք շքեղ ու ճոխ կյանքով ենք ապրում։ Զորօրինակ, խոհրդային տարիներին ցանկացած հիմնարկության ղեկավար բավարարվում էր միայն մեկ ավտոմեքենայով, մեկ սիրուհիով, մեկ սեփական կնոջով և մեկ ամառանոցով։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր օրերում ցանկացած հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի բաժին է ընկնում մեկ սեփական և երկու պետական ավտոմեքենա, երկու ամառանոց, երկու օրինավոր կին և չորս սիրուհի։
Բա՜, ասում եմ, չէ՞, ճոխ ենք ապրում...

Էհ, գիտեմ, ձեր մեջ հաստատ մեկը կգտնվի ու կսկսի բամբասել, թե, իբր, մեր հոդվածում մուրացկանների մասին խոսք չկա։ Ինչ է, կարծում եք խորհրդային տարիներին մուրացկաններ չկայի՞ն։ Նրանք պարզապես անլեգալ պայմաններում էին աշխատում, իսկ հիմա գիշեր ու զօր մեր դռներն են ծեծում։ Դա մեր ժամանակներին բնորոշ ազատամտության արդյունք է։ Հա, այն էլ ասեմ, էս մուրացկաններից խելքս բան չի կտրում։ Եթե խելք ունենային, ներքին պայմանավորվածության համաձայն, մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամաս կարող էին բաժանել իրար մեջ, և այսկերպ նրանցից յուրաքանչյուրն ապահովված կլիներ մշտական աշխատավայրով, ու մենք էլ նրանց կճանաչեինք դեմքով։ Այս հարցում, ցավոք, նրանց կողմից համերաշխություն չկա։ Ամեն Աստծո օր ամենատարբեր մարդիկ ծեծում են դուռդ, թե՝ փող կամ հաց։ Երեկ, օրինակ, շատ հիմար պատմության մեջ ընկա։ Դուռը թակեցին, բացեցի՝ տեսա շատ համեստ հագնված մի պառավ կին. առանց խոսք փոխանակելու, 200 դրամ դրի ձեռքը։ Նա փողը շպրտեց, թե՝ ինձ ո՞ւմ տեղն ես դրել։ Ասացի՝ մայրիկ, ներողություն, գուցե 200 դրամը քիչ է։ Սա էլ թե՝ ես ձեր առաջին հարկի հարևանի զոքանչն եմ, մեր հեռախոսը չի աշխատում, եկել եմ ձեր հեռախոսով զանգեմ։

Էհ, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, փղի կողքին միշտ էլ մժեղներ են լինում։ Հո մի քանի աղքատների պատճառով մեր այս հրաշալի ժամանակներից չե՞նք հրաժարվելու։ Չգիտեմ ով ինչպես՝ բայց ինձ հարյուր տոկոսով գոհացնում են այս ժամանակները։
Կեցցե՛ անցումային շրջանը։

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«Ամանորի նվերներ» գրքից




ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Թուրքահայությունը չկար այլևս, չկար նաև Հայոց հարց...


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Փետրվար ամսին Թիֆլիսում հավաքվեց նոր հայկական համագումար՝ բյուրոյին նոր լիազորություններ տալու համար։ Հավաքվել էր, եթե չեմ սխալվում, մոտ 80 պատգամավոր՝ զանազան կողմերից...

Համագումարն ընդունեց և հաստատեց այն ամենն, ինչ արել էր բյուրոն մինչ այդ և ինչ անելու էր այնուհետև՝ ըստ նրա մտցրած առաջարկությունների, որոնց հեղինակը, իհարկե, մնում էր միշտ Դաշնակցությունը։ Տիրում էր ազգասիրական ոգևորությամբ բարձրացած տրամադրություն։ Այդ ժողովն, այո՛, ոչինչ չէր խնայում վաղուց տենչացած ազգային իդեալի իրականացման համար։ Բայց ժողովը միապաղաղ չէր. նա ուներ և օպոզիցիա, թեև համեստ՝ բաղկացած 2-3 հոգուց։ Դրանք Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին։ Իմ հիշողության մեջ մնացել է դրանցից մեկը միայն. իմ հայրենակից Նարիման Տեր-Ղազարյանը, որ իր ճառերի մեջ ասում էր, թե այդ բոլորից ոչինչ դուրս չի գա, թե թուրքահայոց հարցը պիտի լուծվի ուրիշ եղանակով և այլն... Բայց նրանք շատ էին ուշացել, շատ էին թույլ, և սա մի մեծ պակասություն էր հայ ժողովրդական կյանքի համար։ Մենք մեր հասարակական միտքը զարգացրել էինք չափազանց միակողմանի ուղղությամբ։ Գաղափարների զանազանակերպություններ եթե կային էլ մեր մեջ, ապա ամենքից մեծը, որ խեղդում ու տափակացնում էր մյուսներին, երեսուն տարիներից ի վեր մեր մեջ մտած դժբախտ ֆետիշիզմն էր՝ մի կողմում ֆիդայի, մյուս կողմում՝ կապիտալիստական Եվրոպա։ Նրանք գրեթե ուրիշ և ոչ մի բան չէին թույլ տալիս մեզ տեսնել մեր և համաշխարհային իրականության մեջ... Բայց ի՜նչ արած… Մեր ճակատագիրն էր այսպես. և այդ բողոքող, զգաստացնող ձայները հայկական համագումարի մեջ շատ էին թույլ, անհեղինակավոր…

Իսկ դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը՝ հավատալով ցարական կառավարությանը և իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենադժոխային մասը՝ ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գևորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել և մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացնե ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում՝ ապստամբություն և արշավանք Վանի վրա։

Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, և այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջևից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր՝ 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով և հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երևանից մինչև սահմանագլուխ՝ ոգևորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում...

Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները՝ անարյուն հաղթական արշավանքները, ոգևորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում և օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.

«Իսկականի վրա գրված է՝ համաձայն եմ՝ Կոմս Վորոնցով-Դաշկով
Հրամանատար Կովկասյան բանակի, 5 ապրիլի, 1915թ., Թիվ 1482
Գործող բանակ։
Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սպառման և ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում և պահանջում է ունենալ և պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ։ Մինչդեռ շուտով կգա ժամանակը, երբ Ալաշկերտի հովտի դաշտային մասերը և լեռների ստորոտները կծածկվեն խոտով, որը քաղելով կարելի է տեղն ու տեղը ստանալ ձիերի կերի ամենից շատ տեղ բռնող և ծանրաքաշ մասը՝ չոր խոտը։ Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ, որոնց պարտավորությունը կլիներ շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, և որոշ գնով ձիերի կեր տալ զորքերին։ Հողերը շահագործելու համար հայերն իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի և թուրքերի լքած հողերը։

Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ հայերի զավթած հողերը պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։ Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով՝ ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։

Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից և Դոնից գաղթածներով և այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։ Բայց բնակեցումը կարող է սկսվել միայն պատերազմի ավարտից և Ալաշկերտի ու Բայազետի հովիտները մեր հողերին կցելուց և գլխավորապես այն բանից հետո, երբ Դոնի ու Կուբանի կազակությունը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին և ստույգ տեղեկություններ կստանան վերոհիշյալ հողերի օգտավետության և հարստությունների մասին։
Իսկականը ստորագրել է հետևակազորի գեներալ՝ Յուդենիչ։
Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»։

Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը»։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ՝ խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից՝ պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու և կազակներով բնակեցնելու համար։ Սևհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից և Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արևելյան Եփրատի ավազանը և պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։ Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչև Լոբանով-Ռոստովսկու կտակը՝ Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը՝ «հայոց թագավորը», ինքը՝ փոխարքա և բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով՝ «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու և ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի...

Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, և եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել և ոչ միայն չվրդովվել, այլև բարեկամություն անել կոտորող քրդերի հետ։ Պատմում էին, թե ռուս սպաները հիացած էին քրդերի առատաձեռնության վրա՝ տեսնելով, թե որքան ոչխար, յուղ ու պանիր էին նրանք բերում իրենց համար։ Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար։ Նրան խաբում էին, և նա խաբվում էր անվերջ...
1915-ի գարնանը և ամռանը թուրքահայերի գլխին խտացած էր երկու դժոխային վտանգ. երկուսն էլ հղացում ռուս ցարական կառավարության՝ ապստամբություն և ռուսական բանակի անտարբեր, նույնիսկ թշնամական-յուդենիչական վերաբերմունք։ Երկուսն էլ արյան փոթորիկներ դարձան թուրքահայ ժողովրդին արմատախիլ անելու, բնովին ջնջելու համար։

Թուրք կառավարությունը պատրաստ էր սկսել, բայց նրան հարկավոր էին առիթներ, պատրվակներ։ Եվ այդ առիթները տալիս էին հայերը, ինչպես տվել էին միշտ։ Զուր չէր, որ նրանց մեջ գոյություն ուներ երկու հեղափոխական կուսակցություն՝ իրար հակառակորդ, իրար դեմ կատաղի թշնամությամբ լցված, բայց գործողությունների եղանակով, աշխարհայացքներով իրար հետ եղբայրացած, իրար խիստ հարազատ։ Եվ ահա դրանք էին դաշնակցականներն ու հնչակյանները, որ ամենայն եռանդով ներկայացնում էին Թուրքահայաստանը ապստամբած դրության մեջ...
1915-ի ամառվա սարսափելի անցքերի տպավորության տակ Ազգային բյուրոյի դաշնակցական անդամներից մեկը մի մանրամասն և փաստալից զեկուցում կազմեց՝ ցույց տալու համար, թե ի՛նչ էին հայերը Ռուսաստանի համար այս պատերազմի ընթացքում և թե փոխարենն ի՛նչ ստացան ռուսներից։ Դառնությամբ լցված դաշնակը շատ կծու ճշմարտություններ էր ասում, միանգամայն ուշացած, իհարկե։ Ես կբերեմ մի հատված այդ ռուսերեն գրությունից...

«Եվ իրենց անձնվիրությունը Ռուսաստանին հայերը ցուցահանել են ոչ թե բառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի և դեկլարացիաների մեջ, այլ վճռական և չափազանց պատասխանատու գործողությունների մեջ։ Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը, Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը։ Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենց դրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը։

Նրանք կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչև վերջը, ուր որ էլ տանի նրանց այդ վերջը։ Նրանց համար այլևս վերադարձ չկա, եթե նույնիսկ նրանք կամենային էլ ետ դառնալ... Իրենց ամբողջ ապագան նրանք կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ. Ռուսաստանի պարտությունը կբերեր իր ետևից նրանց անխուսափելի կործանումը, որովհետև հաղթված կամ ոչ վերջնականապես ջարդված Թուրքիայից նրանք չեն կարող սպասել իրենց համար խնայում։ Թուրքիան բավականաչափ հիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ու պատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր է, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, և նա այս չի մոռանա, չի ների նրանց այս մարտահրավերը, մանավանդ որ կամավորները երեք քառորդ մասով բաղկացած են հենց իր հպատակներից...

Այսպիսի գործողությունները չեն ներվում, և նրանց հետևանքները ահա տեսնում ենք։ Թուրքիայում հայերն այս րոպեին էլ դրված են օրենքից դուրս։ Նրանց կոտորում են հազարներով կամ քշում են հեռավոր անապատները սովից մեռնելու. նրանց գույքերը հափշտակում են կամ ոչնչացնում, տները քանդում են և այրում։ Կասկածների ոչ մի տեղ չի մնում, որ Հայաստանը հայերից մաքրելու արյունոտ խնդիրը մի անգամ էլ դրված է հերթի...
Նրանք (հայերը) հավատում էին անկեղծորեն և խորապես Ռուսաստանի պատմական առաքելությանը Մերձավոր արևելքում, հավատում էին, թե իրենց անձնվիրությունը գնահատված կլինի, որ իրենց արյունով ողողված հայկական հողը կվերածնվի նոր կյանքի համար։ Կարելի է, որ սրա մեջ արտահայտվում էր նրանց քաղաքական կարճատեսությունը, ռոմանտիկական ոգևորությունը, պատմական կոնյուկտուրայի անհասկանալը, բայց ընտրությունը կատարված է, և վերադարձ չկա։ Այսուհետև հայերին այլևս անկարելի է ապրել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Թուրքիայի հետ. նրանց մնում է կա՛մ բաժանվել և կա՛մ ոչնչանալ»։

Եվ նրանք ոչնչացան։ Որովհետև հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր և պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական և ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետևից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր։
Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն։ Թողնենք այս։ Նորից գանք այս մեծ դժբախտության աղբյուրին՝ ցարիզմի կողմից ներշնչված ապստամբությանը...

Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել և կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերևում...

Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս և Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի և նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր՝ 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ սարին և նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել, Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, և Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից։

Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից և Մանազկերտից մինչև ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, և այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց և սկսեց փախչել նահանջող զորքի հետևից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը՝ աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ՝ Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը և հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստական շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։

Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից՝ ռուսական զորքերը նորից սկսեցին առաջ շարժվել դեպի Վան և Մանազկերտ՝ համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։ Նահանջի ժամանակ լուրեր էին տարածել, թե թուրքական թարմ դիվիզիաներ են գալիս դեպի Վանա լճի հյուսիսային ափը՝ ռուսական բանակի նահանջի ճանապարհը կտրելու համար։ Բայց այդ առասպելական դիվիզիաները չերևացին և ոչ մի տեղ։ Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար։
«Մեր իմացականության մեջ,- ասում էր հիշատակած զեկուցումը,- չի տեղավորվում այդքան վայրենի մի միտք։ Բայց նրա տեղ մեզանում ավելի և ավելի ամուր բնավորվում է մի ուրիշ միտք. այն, որ մեր մասին չեն մտածում բոլորովին, որ մեր վիճակը բանի տեղ չեն դնում, որ պաղարյունությունն ու անտարբերությունը մեզ զոհ են բերում ամեն տեսակ՝ իրական թե կարծեցյալ, մեծ թե փոքր ռազմագիտական նկատառման, որ Ռուսաստանի համար մենք դատարկ տեղ ենք։

Հասել է ժամանակը, երբ մենք պիտի խոսենք բարձր և բաց։ Մեր շուրջը կազմում և խտանում է կասկածի և հուզմունքի մթնոլորտը։ Մենք այլևս չենք կարող մնալ մթության մեջ, ապրել ենթադրություններով և կռահումներով, անցնել հույսերից երկյուղների և էլի ետ ու ետ։ Մեզ հարկավոր է ունենալ ճշմարտություն։ Մենք՝ մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու և որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջև՝ ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր՝ գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնալ»։
Այս հարցերի պատասխանը շատ պարզ էր և այն րոպեին, երբ նրանք գրվում էին։ Ուշ էր արդեն խելքի գալը։ Մեծ ոճիրը կատարված էր։ Թուրքահայությունը (Արևմտյան Հայաստանը) չկար այլևս, չկար նաև Հայոց հարց։ Ռուսներն այժմ էլ քրդերին էին առաջ քաշում։


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մենք ավարտում ենք մեր մեծ համերկրացու՝ Լեոյի «Անցյալից» հուշագրության առաջին 5 գլուխների (մինչև Զ մասը) տպագրությունը՝ որոշ կրճատումներով (սկիզբը՝ 2009 թ. դեկտեմբերի 23-ի համարում)։
Հիշեցնենք, որ Լեոյի սույն հուշագրությունը Երևանում վերահրատարակվել է միայն վերջերս՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչության կողմից՝ կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։

Հուշագրությունն աբողջությամբ՝ առանց կրճատումների, զետեղված է «Նոր էջ»-ի նոր կայք-բլոգում (nor-ej.blogspot.com)։
Գրքում նկարագրվող դեպքերից մեկ դար է անցել։ Աշխարհը փոխվել է, փոխվել են ժամանակները։ Իսկ մենք գրեթե նույնն ենք մնացել և առայսօր ոչ մի դաս չենք քաղել մեր ողբերգական անցյալի պատմությունից։ Այսօր էլ մեր քաղաքական-դիվանագիտական միտքը շարունակում է մնալ դիլետանտիզմի և արկածախնդրության խանձարուրում... Գրեթե չի փոխվել նաև մեր հարևանների վերաբերմունքը մեր նկատմամբ...




Վերջին էջ

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ


Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և՛ Ձեր, և՛ իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին։
Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում։
Հիմա... Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ՝ մեր դեմոկրա՛տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝
Խառնվում են ազդալույս ու ոստիկան։
Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Աղբարկղի մոտ մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցո՜ւմ է հայացքով...
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի՛նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում։
Բարձրացնում եք Ձեր պարիսպը... Նույն պահին
Մա՛րդն է, մա՛րդը աղբի արկղը քջջում։
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՛զ համար, և ի՛նձ համար ամաչում...



ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈՆ ԵՎ ՆՐԱ ՍՈՒՊԵՐ ՆԿԱՐԸ

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում ինքնաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից։ «Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին՝ նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար)»,- ասվում է հաղորդագրությունում։
«Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»։

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն»,- նշում են երիտասարդական նախաձեռնության անդամները՝ ավելացնելով, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան։

Չէ, այս անգամ խոսքը լոռեցի Սաքոյի մասին չէ, այլ ԱՄՆ-ում հայտնված հայ ռեփեր-աստղ Սուպեր Սաքոյի... Բայց գուցե սա Թումանյանի հայտնի հենց նույն լոռեցի Սաքոն է, որ չարքերի մասին տատի հեքիթները հիշել, վախից փախել է ծմակները... Գուցե նա այնտեղից էլ ուղևորվել է Ամերիկա ու երգիչ դարձել...

Հայ էստրադայում դա ընդունված է։ Մարդը, ասենք, կարող է քարտաշ, հովիվ, դռնապան դառնալ, կամ, ասենք, շուկայում զկեռ ծախել կամ մսագործ աշխատել, բայց հանկարծ գլխին փչում է էստրադային երգիչ դառնալ...

Դիտեք հայկական հեռուստաալիքները՝ հեռուստաեթերը ողողված է մեկը մյուսից ապաշնորհ, վոկալի ոչ մի նշույլ չունեցող արական ու իգական սեռի հայ «գերաստղերով։ Սուպեր Սաքոյի այս լուսանկարներից մեկում նրա ձեռքին մսագործի կացին է։ Միս է կտրում։ Հապա մի տեսեք որքան է դա սազում նրան։ Մարդը տարերքի մեջ է, դա նրա կոչումն է, բայց...
Բայց կացինը մի կողմ դրել, երգեր է կլկլացնում ու մերկ աղջիկների մազերից քաշքշում...

Իսկ Սուպեր Սաքոն այդ ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ «Ես ռեփ երգիչ եմ, ոչ թե էստրադային, մոտեցումներն այլ են,- ասում է կարկառուն երգիչը։- Դրա մեջ վատ բան չկա, որ մարմնավաճառներին զաստավիտով տանում եմ եկեղեցի։ Երգերս դավաճան աղջկա մասին էին, ում չգիտեի՝ արտիստորեն ինչպես պատժել։ Փախած բաներ էի ուզում անել՝ սարսափ ֆիլմերի նման։ Չգիտեմ՝ ինչու են բոլորն իրար խառնվել... Ես քրիստոնյա հայ եմ։ ԱՄՆ-ում ապրելով, միևնույն է, շատ եմ սիրում իմ Հայաստանն ու իմ ժողովրդին... Ուղղակի վիրավորվում եմ, որ հատկապես երիտասարդությունն է նման բաներ մտածում։ Այս ամենը նրանից է, որ ես մասոն եմ։ Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ։ Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ...» (տես՝ Լիլիթ Բաբայան.Bravo.am)։

Ինչպես ասում են՝ մեկնաբանության կարիք չկա։

«ՆԷ»



ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆԱ ԿՈՒՆԵՆԱ ՋԻՊ, ԴՂՅԱԿ ԵՎ...

Բախտ ունես՝ քեֆ արա։ Դառը ճշմարտություն, որ Թումանյանի «Քաջ Նազար»-ից հասել է մեր օրերը և մի փոքր ձևափոխվել՝ «Փող ունես՝ քեֆ արա։ Քեֆ անել սիրում են երևի թե բոլորը, բայց այսօր դա լիաբուռն հաջողվում է նրանց, ովքեր ունեն «փորը հեռու քորող» հայրիկ, տիկին մեծություն մայրիկ և հարգարժան ծնողների «համեստ» նվերներ՝ բնակարան, բանկային հաշիվներ, ավտոմեքենա՝ «գոլդ» համարով և այլն...

Ինչ ասես Պարոն Պարոնյանի որդու մասին, ում գրպանի կշիռն ավելին է, քան սեփական կշիռը, որին ռետինե փչած փուչիկի պես պետք է անընդհատ ներքևից պահող լինի... Իսկ եթե այդ փուչիկի համար նաև փափուկ բազկաթող է «գտվել», անվտանգությունն ապահովված է։ Իսկ մինչ մնացած հարյուրավոր, հազարավոր մանուկների պես լույս աշխարհ եկած որդին չգիտե դեռ, որ ինքը Պարոնյանի որդի է, նրան այդ մասին օրորոցում տեղեկացնում է ինքը՝ հայրիկ Պարոնյանը, իսկ օրորոցի երգն էլ մայրիկի շուրթերից լինում է փողի մասին, և մի օր մանուկն իսկույն հասկանում է, որ օրօրոցի ճաղերի արանքից իրեն է ժպտում լուսավոր ապագան։

Եվ դեռ չիմանալով ու չհասկանալով, թե ընդհանրապես այդ կյանքն ինչ է, «հոգատար» հայրիկի «առանձնահատուկ ուշադրության» շնարհիվ ոսկե ձվից դուրս եկած այս սերունդն արդեն գիտե՝ լավ կյանքն ինչ է։ Այս դեպքում արդեն աստղերը ոչ թե հուշում, այլ ամբողջ ձայնով բղավում են, որ նա կունենա ջիպ, դղյակ և անթիվ բանկային հաշիվներ։ Կարող ենք ասել՝ իրենք՝ իրենց ցավ ու դարդի հետ, սակայն մտահոգիչն այն է, որ հայրաժառանգ հարստությունից արբեցած այս երիտասարդի կողքին իրենց արժանի տեղը չեն կարող գտնել արդար ճանապարհով իրենց նպատակներին հասնել ցանկացող բազմաթիվ այլ սովորական, բայց վերջինից ընդունակ ու խելացի բազմաթիվ երիտասարդներ։ Նրանցք «իրավունք չունեն» ինչ-որ բանով առաջ անցնել իրենցից «բարձր գտնվողներից»։

Սակայն ամենաաղետալին էլ այն է, որ կանաչ թղթերի արանքում մեծացած «հարգարժան» պարոնորդիները հասարակության կողմից բոլոր ժամանակներում էլ ընդունվում են, անգամ նրանց կողմից, ովքեր բազմիցս կարող էին տուժած լինել նրանց «ամենակարող» ուժից։ Թաքուն անկյուններում արդարության մասին խոսելը թերևս ամենահեշտն է, իսկ այն պահելու համար պայքարելը վաղուց արդեն դարձել է անհամեստություն։ Այն, որ սեփական իրավունքները չպաշտպանելը, անտարբերությունը կարող է հետո կործանարար հետևանքներ ունենալ, գիտեն բոլորը, սակայն...
Եվ Ֆրիկի խոսքերը միջնադարից հասել մեզ, այսօր էլ հրատապ են մնում. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի...
Մեկն ի պապանց պարոնորդի, մեկն ի հարանց մուրող լինի...»

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 3-րդ կուրս



Ասույթ մե՛զ համար

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն


Ամսվա ասույթը

Կա մի հիվանդություն, որ հատուկ է միայն հայերին, և այդպես էլ կոչվում է՝ հայկական հիվանդություն։ Նույն կերպ աշխարհում գոյություն ունի նաև դիվանագիտության յուրահատուկ տեսակ՝ հայկական դիվանագիտություն, որը ցանկացած հաղթանակ կարողանում է հանճարեղորեն վերածել պարտության...

19.6.11

N 4 (29) (2011)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «ՏԱՇԱԾ ՔԱՐԵՐՆ» ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ

Վերջին 10-15 տարում կադրային քաղաքականությունն Արցախում գրեթե չի փոխվել։ «Կադր» հասկացությունը մեզանում լիովին ձերբազատվել է իր նախնական իմաստից և նոր ձև ու բովանդակություն ստացել։ «Կադր» ասելով այլևս չի հասկացվում այս կամ այն ոլորտի բանիմաց մասնագետ, իր գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով պատրաստ մարդ։

Վերջին տասնամյակում «կադր» ասելով հասկանում են որևէ չինովնիկի ծանոթ-բարեկամը, ազգականը, ընկերը, սիրուհին... Նոր ժամանակներում կադրը պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած համեստագույն կարողություններով սովորական մի անձնավորություն է, որն այսօր կարող է աշխատել, ասենք, գյուղատնտեսության ոլորտում, հաջորդ օրը բարձր պաշտոն ստանալ շինարարության կամ առողջապահության, մյուս օրը մշակույթի կամ արդյունաբերության ոլորտներում, իսկ գեղեցիկ մի օր էլ հայտնվել այլ գերատեսչությունում։ Նրա կրթությունը, ընդունակությունները բացարձակապես նշանակություն չունեն։ Նա «ունիվերսալ» է, որտեղ տնկում են, բուսնում է...

Եվ, ընդհակառակը, իրական կադրերը երբեք այնպիսի խեղճ ու ողբալի վիճակի մեջ չեն եղել, ինչպես վերջին 10-15 տարում։ Հանրահայտ ճշմարտությունն առ այն, թե՝ «տաշած քարը գետնին չի մնա», այլևս գրոշի արժեք չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ դրանք կարելի է չնկատել կամ, պարզապես, կոխկրտելով անցնել։

Մեկ անգամ չէ, որ գրվել է այն մասին, թե շատ ու շատ փորձառու մասնագետներ, իրենց գործի անկրկնելի վարպետներ թողել ու լքել են Արցախը։ Մեր լավագույն արվեստագետներից մեկը, վերջին երկտասնամյակի մեր ամենատաղանդավոր երգիչներից մեկը՝ Տիգրան Մկրտչյանը, երկու տարի առաջ տեղափոխվել է Երևան, դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Միաժամանակ ղեկավարում է իր իսկ ստեղծած «Վերնատուն» փոփ-ֆոլկ համույթը։

Անցյալ տարվա վերջերին Արցախը լքել է նաև մշակույթի ոլորտի մի այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի Բադալյանը։ Մասնագետ, որի նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ մեկնել են նաև պարարվեստի մեր երիտասարդ կադրերից երկուսը։ Բադալյանն այնտեղ նյութապես ապահովված է, բնակվելու հարմար պայմաններ ունի։ Վերջերս կապվեցի նրա հետ, ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գործերս լավ են, բայց... մի տեսակ չեմ կարողանում հարմարվել...»։ Հայրենիքից, հայրենի եզերքից կտրված հայի դա՜ռն ճակատագիր։ Օտար ափերում հասկանում ու գնահատում են արվեստը, գիտեն արվեստագետի արժեքը, բայց օտար երկիրը հայրենիք չէ...

Վերջին 10-15 տարում որքա՜ն նման կադրեր են հեռացել Արցախից։ Մեկնել են ամենատարբեր պատճառներով՝ անգործ էին մնացել, նրանց աշխատանքը չեն գնահատել, հնարավորություն չեն տվել դրսևորելու իրենց տաղանդը... Պատճառները շատ են և տարբեր, բայց Արցախը լքելու ամենահիմնական պատճառն այն է, որ նրանք փոփոխության որևէ նշույլ, որևէ հույս այլևս չեն տեսել սեփական հայրենիքում, որտեղ որևէ հիմարի եթե հանում են պաշտոնից, ապա մի այլ փափուկ պաշտոնում են տեղավորում, և երկրորդ՝ նրա տեղը նշանակում են ավելի հիմարին։ Սա է, ահա, վերջին 10-15 տարվա մեր կադրային քաղաքականությունը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՄԱՍԻՆ

Մայիսի 9-ի՝ եռատոնի, ավելի կոնկրետ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ի՞նչ են մտածում Արցախում, մարդիկ այսօր ինչպե՞ս են արժևորում այդ օրը։ Տարբեր մասնագիտության և տարբեր տարիքի արցախցիներից փորձեցինք թեկուզև մոտավոր պատկերացում կազմել մայիսի 9-ի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։

Արկադի Կարապետյան (Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ) - Մայիսի 9-ը ինձ համար շատ մեծ տոն է, ավելի մեծ տոն, քան, ասենք, Նոր տարին։ Այդ օրը, անկախ ամեն ինչից, ես ուրախ եմ։ Այդ օրն իմ տրամադրության վրա չեն ազդում մեր այդ հաղթանակից հետո կատարված սխալներն ու թերացումները, որովհետև աշխարհում ոչինչ հեշտ չի տրվում։ Ուղղակի այդ օրը մեր խոշոր հաղթանակների սկիզբն է։ Ես նկատի ունեմ նաև մեր գալիք հաղթանակները։ Մինչ մայիսի 9-ը մենք այլ հաղթանակներ ևս ունեինք, բայց այդ օրը բոլոր մեր հաղթանակների և տոների լուսապսակն է։

Դավիթ Բաբայան (քաղաքագետ, Արցախի նախագահի տեղեկատվության վարչության ղեկավար) - Մայիսի 9-ը, ըստ իս, մեր ամենանվիրական, ամենակարևոր տոներից մեկն է։ Եռատոն է, որը բացառիկ նշանակություն ունի մեզ համար։ Այն երևույթ է, որով պահպանվում է ժամանակի և սերունդների կապը, միասնականությունը։ Երկրորդ աշխարհամարտում մայիսի 9-ը դարձավ մարդկության փրկության գրավականը, որին ներդրում ունեցան նաև մեր պապերը։ Այն նաև Շուշիի ազատագրության օրն է, որով, կարելի է ասել, փրկվեց հայությունը, հայ ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ։ Միաժամանակ դա մեր երկրի պաշտպանության և ազատ ապրելու հիմնական գրավականի՝ արցախյան բանակի օրն է։ Մայիսի 9-ը ոչ միայն քաղաքական, պատմական, մշակութային տոն է, այլև հոգևոր, որը համերաշխության ու միասնության մեծ խորհուրդ ունի։

Դավիթ Գրիգորյան (նախկին ազատամարտիկ) - Իհարկե, դա մեր ամենամեծ տոնն է։ Ո՞վ կարող էր հավատալ, որ մենք փոքր կորուստների գնով կարողանալու ենք ազատագրել անառիկ ամրոցի պես բարձունքում տեղավորված այդ քաղաքը, մեր Շուշին, որտեղից թուրքերը ամեն օր հրետակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը, և այդ քաղաքը դարձրել էին մեր աչքի փուշը... Կոմանդոսի ցավը տանեմ, այդպիսի հրամանատար եթե այսօր էլ ունենանք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։

Արմեն Հարությունյան (բանվոր) - 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակի օրվա մասին ես գիտեմ իմ պապերի և ծնողների պատմածներից։ Նրանց համար իսկապես դա տոն էր։ Ուրեմն նաև ինձ համար է տոն։ Բայց 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման, մեր այդ մեծ հաղթանակի անմիջական ականատես-մասնակիցն եմ ես։ Ճիշտ է, Շուշիի ազատագրմանն անձամբ չեմ մասնակցել, բայց այսօր էլ հիշում եմ երջանիկ այդ օրը, մեր մեծ հաղթանակի այդ անմոռանալի օրը... Մի բան ասեմ՝ եռատոն ենք ասում, բայց շարունակ մոռանում եմ, թե երրորդը որն է...

Կարինե Ավետիսյան (տնային տնտեսուհի) - Մայիսի 9-ը միշտ էլ մեզանում հաղթանակի օր է համարվել, իսկ Շուշիի ազատագրումից հետո կրկնակի մեծացել է այդ օրվա արժեքը... Հիմա ժամանակները փոխվել են, պատերազմից հետո նոր հերոսներ են երևան եկել, ովքեր այն ժամանակ նկուղներում էին կամ Ղարաբաղից դուրս, բայց, ինչ էլ լինի, այդ օրը մեզ համար իսկական տոն է։ Ինձ համար տոն է, որովհետև այդ հաղթանակների ձեռքբերման համար պապս իր կյանքն է տվել 1944-ին, իսկ ամուսինս ու երկու զավակներս մասնակցել են արցախյան պատերազմին։

Սերգեյ Սիմոնյան (թոշակառու) - Մայիսի 9... Հա՜, էդ օրը ես երկու անգամ ամենամեծ երջանկությունն եմ ապրել։ 1945 թվականի մայիսի 9-ին ընդամենը 11 տարեկան եմ եղել, բայց հիմա էլ լավ հիշում եմ, թե ուրախությունից ինչպես էին լալիս մայրս, ավագ քույրերս ու տատս... Ողջ գյուղն էր ուրախությունից լաց լինում և ծիծաղում... Դե, Շուշիի ազատագրությունը ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Թոռներս կռվում էին մեր բանակում, իրենք էլ ներդրում ունեն մեր երկիրը թուրքերից մաքրելու ազատագրական կռվում... Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե լավ ենք ապրում, բայց այդ օրը մոռանում ենք մեր մնացած վշտերը, պրոբլեմները, որովհետև դա մեծ հաղթանակի օր է։

Գայանե Աբրահամյան (ուսանողուհի) - Դա առաջին հերթին իմ հայրիկի օրն է։ Նա մասնակցել է ազերիների դեմ ազատագրական պատերազմին։ Ծնողներիս պատմածներից գիտեմ, թե ինչպիսի երջանկություն էր տիրում Արցախում, երբ ազատագրվեց Շուշին։ Հայրենական պատերազմի մասին միայն գրքերից և մեր պապիկների ու տատիկների պատմածներից գիտենք, բայց եթե չլիներ Հայրենականի հաղթական մայիսը, ապա չէր լինի նաև Շուշիի հաղթանակը։

Արամ Սարգսյան (Արցախյան ազատամարտի մասնակից) - Այդ օրն իմ ամենասիրելի տոնն է։ Այսօր կոնֆետների պես աջ ու ձախ բաժանվող մեդալներից հետո մի տեսակ խունացրել, էժանացրել են այդ օրվա խորհուրդը, հատկապես երբ բազմաթիվ անարժաններ նույնիսկ հերոսի կոչում են հաջողացրել... Բայց ամեն դեպքում մայիսի 9-ը մնում է մայիսի 9-ը... Մեծ հայրենականի հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրության բերկրանքը երբեք հնարավոր չէ մոռանալ։ Մյուս կողմից, ինձ համար լրիվ անհասկանալի է Արցախի բանակի ստեղծումն այդ օրվա հետ կապելը, երբ իրականում մեր բանակը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերին։

«ՆԷ»



ՎԵՐՋԱՊԵՍ «ՀԻՇԵՑԻՆ» ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

Վերջերս վերակառուցման, շինարարական մտքի թռիչքի փայլուն օրինակ են ցույց տվել Ստեփանակերտի շինարարները։ Արցախի մայրաքաղաքի մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ղարաբաղցի մեծ զորավարի արձանի և նրա մերձակայքի խայտառակ վիճակի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք մեր թերթում։

Մեծ հայորդու՝ ԽՍՀՄ հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակին անգամ ավանդական «արձանի բացում» չեն կատարել։ Տարիներ առաջ էլ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կիսատ են թողել... Իսկ թաղամասի բնակիչների կարծիքով՝ նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել...

Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարուց ավելի է իրական ՀԵՐՈՍԻ ղարաբաղյան ամենաէժանագին քարից պատրաստված արձանն անուշադրության է մատնված...

Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին, իսկ մարշալ Բաղրամյանը դեռ սպասում է, որ երջանիկ մի օր իրեն էլ վերջապես կհիշեն...

Եվ հիշեցին։ Մի քանի շաբաթ առաջ շինարարներ հայտնվեցին մեծանուն հայորդու հուշակոթողի մոտ և եռանդով սկսեցին քանդել գետնին շարված քարե մաշված սալիկները։ Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել առ այն, որ քննադատությունը, ժողովրդի դժգոհությունը տեղ է հասել։ Անգամ սկսեցին քննարկել, թե ինչպիսին է լինելու մեծ զորավարի հիշատակին կառուցված ապագա հուշահամալիրը։

Վերջապես ողջ սալահատակը քանդեցին... Սակայն պարզվեց, որ շինարարները նույն այդ քարերի հողաթաթախ հակառակ երեսը մեկ առ մեկ խնամքով քերում-մաքրում են և հիմա էլ թարս շարում գետնին... «Մենք ի՞նչ անենք, մեզ այսպես են կարգադրել,- մարդկանց զարմանքին ի պատասխան ասացին շինարարները։- ասել են՝ առայժմ նույն այդ քարերը թարս շարեք, եկող տարի նորը կկառուցենք...»։

Որպեսզի ավելորդ գլխացավանք չլինի, շինարարները քանդել են ապագա կամարի համար նախատեսված բետոնե զույգ կառույցները, որպեսզի տեղը ծաղիկներ տնկեն...

Անկասկած այս ամենի համար գումարներ են դուրս գրել, կատարած աշխատանքի համար բանվորներին աշխատավարձ են տալու... Գուցե թե փաստաթղթերում քարե նոր սալիկների համար գումար են հատկացրել, կարող է՝ չեն հատկացրել։ Փաստն այն է, սակայն, որ այսօր մեծանուն զորավարի հիշատակն ահա այսպես են հարգում։



Սուրհանդակ

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքում է Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է. «Անկեղծ ասած, կարծում եմ՝ շատ ուժեղ դիրքում է, ավելի լավ, քան նախկինում։ Մինսկի խմբի և իմ կարծիքը կարծես իրականանում է, ԼՂ-ն այլևս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին։ Միայն փորձում են այս բանակցային գործընթացում այնպես անել, որ Ադրբեջանը մի բան շահելու առիթ գտնի, բայց ԼՂ-ում նպատակներ չունենա։ Ադրբեջանը ռազմավարական այլ կարևորություն ունի Արևմուտքի համար։ Անցյալ տասնամյակում այն միայն գազի ու նավթի աղբյուր էր։ Այժմ ԱՄՆ-ի՝ դեպի Աֆղանստան կատարած ռազմական փոխադրումների 72 տոկոսն անցնում է Ադրբեջանով. սա է նոր ռազմավարական հրամայականը, ինչպես նաև Իրանի հարցը»:
«Ժամանակ»



19 տարի առաջ, այս օրերին, հայկական զորքերը ազատագրեցին Շուշին: Այսօր, սակայն, դեռևս ամրագրված չէ այդ հաղթանակը՝ ձեռք բերված բազմաթիվ հայորդիների կյանքի գնով: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ այն օրերին տղամարդիկ «հերթ էին կանգնած Շուշին ազատագրելու համար». «Ամբողջ ժողովուրդն էր համախմբված մեկ ազգային ծրագրի շուրջը: Ես համոզված եմ, որ մեր հաջողության գրավականը հենց դա էր,- ընդգծեց Սեֆիլյանը:- Հայության ներուժի օգտագործմամբ պետք է ստեղծենք պետություն՝ ազգային պետություն: Այժմյան մեր պետությունն ընդամենը պետության իմիտացիա է, որտեղ բնակչության 80 տոկոսից ավելին օրվա հացի խնդիր է լուծում: Նման պայմաններում Շուշիի ազատագրման տոնը հիշեցնում է խրախճանք ժանտախտի մեջ»։
Շուշիի ազատագրմանը մասնակից Սեֆիլյանն այսօր մտահոգություն է հայտնում, որ ազատագրված տարածքները չեն բնակեցվում, որ այսօրվա Շուշին հիշեցնում է «քաղաք-ուրվական», որ «դատարկվում է ամբողջ երկիրը՝ Ախուրյանից մինչև Մեղրի»: Սակայն 19 տարի առաջ այս օրերին ազատագրվեց Շուշին, ինչն անշուշտ տոն է, անկախ՝ «ժանտախտի» գոյությունից:
«Ազգ»



Երկրապահի և Արցախի ճակատագիրը միահուսված են և երբեք թույլ չենք տա այն դարձնել քննարկման առարկա, կասկածի տակ առնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը և անկախ պետության արդեն 20-ամյա իրողությունը: Այս մասին ասված է «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ Երկրապահի օրվա (մայիսի 8) առթիվ տարածած շնորհավորական ուղերձում:
Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Երկրապահը եղել է, կա ու կմնա Արցախի ժողովրդի կողքին: Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը, սակայն մեր ձեռքբերումները, մեր ժողովրդի քաջարի զավակների բազկի նվաճումները հաճախ կուլ են գնացել դիվանագիտական խաղերին: Պատմությունից դաս քաղած երկրապահը, վճռական է և թույլ չի տա, որ պատմությունը կրկնվի»:
NEWS.am



Շատերը հեռուստացույցով տարբեր ալիքներով եղանակի տեսություն դիտելիս նկատած կլինեն՝ եթերի ընթացքում ցուցադրվող քարտեզները փոխվել են: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սկսել են եղանակի տեսության ժամանակ եթեր հեռարձակել ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը: Մինչ այդ ցուցադրվում էր Սովետական Միության ժամանակ Ադրբեջանի կազմում գտնվող, այժմ գոյություն չունեցող ԼՂԻՄ-ի քարտեզը, որը չի ներառում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազատագրած տարածքները:

«Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունն սկսել է գործել 2008 թվականից: Մի խումբ բլոգերներ և ուսանող-ակտիվիստներ որոշեցին պայքարելով հասնել նրան, որ հեռուստատեսությամբ ցուցադրվեն ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ,- պատմում է նախաձեռնության համահեղինակ Տիգրան Քոչարյանը (www.pigh.tv):- Սկզբնական շրջանում կազմակերպեցինք մի ակցիա. նախաձեռնության անդամներով այցելեցինք եթերով սխալ քարտեզներ ցույց տվող հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ և իրենց նվիրեցինք ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը: Սակայն սխալ քարտեզները շարունակվում էին եթեր հեռարձակվել՝ հասարակության մեջ ստեղծելով իրականության խեղաթյուրված պատկեր: Սայլը տեղից շարժվեց այն ժամանակ, երբ ԱԼՄ հեռուստաընկերությունը սկսեց եղանակի տեսության ժամանակ ցույց տալ ճիշտ քարտեզը: Քարտեզների տարածման հարցում մեզ շատ աջակցեց նաև meteo-tv.am-ը՝ կայքում տեղադրելուվ ճիշտ քարտեզը»,- պատմում է բլոգերը:
«Ազգ»



Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 12-ից կցուցադրվի արցախյան պատերազմի և խաղաղության մասին պատմող «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես Ադրբեջանի իշխանական և հասարակական թևերում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը BBC հեռուստաընկերությանն ուղղված նամակում նշել է. «Այս Ֆիլմի ցուցադրումը վտանգում է տարածաշրջանի կայունությանը»: Բենելյուքսի ադրբեջանցիների կոնգրեսն էլ պահանջել է, որ Ամստերդամի փառատոնը հանի այդ ֆիլմն իր ծրագրից:
Նշենք, որ այս ֆիլմը ոչ միայն մասնակցել է Ամստերդամի փառատոնում, այլ նաև արժանացել բազմաթիվ կինոփառատոնների բարձրագույն մրցանակների: PBS-ն մինչ օրս ցուցադրում է այն: BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների:
NEWS.am



Արցախյան պատերազմի ավարտից հետո մարշալներ ու գեներալներ դարձան մարդիկ, ովքեր թաքնվում էին խրամատներում: Այսպիսի հայտարարություն է արել արցախյան հերոսամարտի մասնակից, Մարտակերտի ու Ֆիզուլիի գրավման սակրավորների ջոկատայիններից Մուշեղ Սավոյանը:
«Իմ անուշադրության, հոգնածության պատճառով, կանգնեցի չականազերծված վայրում՝ ականից 10 սմ-ի վրա ու... զրկվեցի ոտքերիցս։ Հիմա երկուսն էլ պրոթեզից է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մուշեղ Սավոյանը: Հիմա սակայն, ըստ Մուշեղի, թանկարժեք «Ջիպեր», շքանշաններ կրողներին ինքը չի ճանաչում: «5000 հոգի էինք, որ գնացինք, շատերը չվերադարձան, հիմա ցուցակներով 25 հազար, 30 հազար են ազատամարտի մասնակիցները ու բոլորը թոշակ են ստանում: Խոտն ու մոլախոտը խառնվեց, դրա համար էլ մեզ էլ արտոնություններից զրկեցին»,- ասել է նա ու պարզաբանել, որ խոսքը այն արտոնությունների մասին է, որ ունեին Արցախյան հերոսամարտի մասնակիցները 90-ականներին: Նրանք վճարում էին կոմունալ ծախսերը 50 տոկոսով, հիմա այդ արտոնությունից զրկված են:
NEWS.am



ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ, ՆՐԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ

Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, ևս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել։ Վստահ ենք, որ մեր շատ հայրենակիցներ համակարծիք կլինեն այդ տարբերակին։

Հակադարձել ասելով՝ ամենևին նկատի չունենք պետական կառույցների կամ քաղաքական ուժերի հայտարարությամբ հանդես գալը կամ միջազգային հանրությունից, Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջելը, որ համապատասխան գնահատական տան կոնկրետ ադրբեջանական իշխանությունների անմիջական հրամանով իրականացվող նախահարձակ և ստոր գործողություններին։ Դրանք քայլեր են, որ ինքնըստինքյան պետք է կատարվեն։

Հակադարձել ասելով՝ մենք բնականաբար նկատի ունենք ադրբեջանական զինուժի դեմ կոնկրետ «հատուցման ակտ» կամ «պատժիչ գործողություն» իրականացնելը։ Այնպիսի գործողություն, որով թշնամին մարդուժի առնվազն տասնապատիկ կորուստ կունենա, որքան շատ, այնքան՝ լավ։
Հայտնի բան է. երբ թշնամին չի հանձնվում, մեր պարագայում՝ չի հանդարտվում, նրան ուղղակի ոչնչացնում են։ Ի լրումն դրա, մեր պատմությունն ու հենց Արցախի ազատամարտը, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության ընթացքը ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը հասկանում է միայն ուժի «լեզուն»։

Սա զգացմունքների արտահայտման կամ զգացմունքային ընկալման խնդիր չէ։ Հակառակը, այս հարցում հնարավորինս պետք է զսպել զգացմունքները և պատասխան պատժիչ գործողությունների դիմել, ինչպես ասվում է՝ հակառակորդին պարտադրելով հետագա խաղաղ վարքագիծ։ Ընդհանրապես սա ոչ այնքան հրապարակավ խոսելու, որքան գործելու և կատարված փաստի առաջ կանգնեցնելու խնդիր է։

Ինչպե՞ս է վարվում, օրինակ, Իսրայելը։ Սպանվե՞լ է մեկ հրեա զինվոր կամ թեկուզ քաղաքացիական անձ, պատասխան հարվածը երբեք չի ուշանում։ Մենք էլ պետք է նույն կերպ վարվենք։ Իսկ եթե զանազան միջնորդները, եահկ-մեահկները շա՛տ են ուզում վերականգնել անդորրը, ապա թող գնան ալիևներին համոզեն։

Անշուշտ առաջին անգամ չէ, որ ռազմաճակատի գծում (հենց ռազմաճակատի գծում, այլ ոչ թե՝ «շփման», ինչպես հաճախ ասվում է) հայ զինվորականներ են զոհվում՝ թշնամու նախահարձակ՝ դիվերսիոն գործողությունների կամ դիպուկահարների կրակոցների հետևանքով։ Բայց այլևս բավական է։ Եվ հենց նախորդ դեպքերում, ինչ-որ տեղ նաև բանակցային գործընթացը չվտանգելու, զինադադարի հարաբերական ու առանց այն էլ փխրուն վիճակին հավելյալ լարվածություն չհաղորդելու գիտակցումից և մոտեցումից բխող մեր զուսպ կեցվածքն է նաև, որ նորանոր զոհերի պատճառ է դառնում։

Տեսեք. Մինսկի խմբի համանախագահները, միջնորդները հակամարտության կողմերին դիմեցին դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու հորդորով։ Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական ղեկավարությունը պաշտոնապես իր համաձայնությունն ու նման քայլ կատարելու պատրաստակամությունը հայտնեց։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկ-հորդորը։

Ավելին՝ վերջերս դիպուկահարների պատրաստման կենտրոն բացվեց Ադրբեջանում, անմիջականորեն Ալիևի մասնակցությամբ ու հակահայ, ֆաշիստական հայտարարությունների հերթական ժայթքումով հանդերձ։
Հարց. նույն այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, միջնորդները քանի՞ անգամ են դատապարտել Ադրբեջանի, այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները։ Պատասխանն ակնհայտ է. ո՛չ մի անգամ։ Ո՛չ մի։

Հարգված և մեծ հեղինակություն վայելող գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Panorama.am կայքի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունը ահաբեկչություն է, և եթե նրանք մտածում են, որ հայերն իրենց գործողություններից երկնչելու են, չարաչար սխալվում են... Հայկական կողմը կազմ ու պատրաստ է դիմակայելու ցանկացած ագրեսիայի, մեր զորքերի մարտունակությունը, ի տարբերություն մեծ-մեծ խոսող մեր հարևանի, բարձր մակարդակի վրա է, մեր դիրքերի ռազմավարական դիրքն առավել բարենպաստ է, և մենք ցանկացած դեպքում կճզմենք ցանկացած հակառակորդի, որը փորձ կկատարի ապօրինաբար հատել մեր սահմանը: Մեզ համար ցավալի են մարդկային զոհերը, սակայն ավելի լավ կլինի, որ մեզ չդրդեն ոչնչացնել ողջ շփման գծում տեղակայված այդ դիպուկահարներին»:

Գեներալ-գնդապետի հեղինակության ու վաստակի առջև խոնարհվելով՝ այնուհանդերձ նկատենք, որ վերջին ելուզակություններով «մեզ արդեն դրդել են»՝ ոչնչացնելու դիպուկահարներին և ոչ միայն դրանց։ Իհարկե արհեստավարժ զինվորականների որոշելու հարցն է՝ ի՛նչ, ինչպես, որտեղ և ե՛րբ անել։ Բայց, կարծում ենք, «ե՛րբ»-ը վաղուց է հասունացել։

Ի վերջո, մենք պետք է ընդունենք ակնհայտ իրողությունները. առնվազն Արևելքից և Արևմուտքից շրջապատված ենք մեզ և մեր պետությունը ոչնչացնելու նպատակ և ծրագիր ունեցող «հարևաններով»՝ Ադրբեջան, Թուրքիա։ Դրանցից առնվազն Ադրբեջանում պետականորեն հայատյացություն է քարոզվում բոլոր մակարդակներով։ Այնպես որ այնտեղ արդեն հասակ է առել մի սերունդ, որը մեծացել է այդ թույնով ներարկված, դաստիարակված ադրբեջանական «պատմության» հորինվածքներով։
Մենք այլ ելք, քան զենքի ուժով մեր ապրելու իրավունքը պաշտպանելն է, չունենք։ «Այլ ելք»-ը Հայաստանը կորցնելն է։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»



ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ՝ ԵՐԵՎԱՆԸ ԾԱՂԿԵՑՆԵՆՔ

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997-ին, քանի որ հնարավորություն կար լուծելու այն՝ որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Այն հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, թե դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել և ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին...», և այլն:

Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում հիմնականում այսպես են մեկնաբանում նրա խոսքերը. «Լևոնն էլի հին երգն է երգում»։ Հետաքրքիրն այն է, որ Արցախում դեռ հիշում են Լ. Տեր-Պետրոսյանի հապշտապ այցը Ղարաբաղ, երբ վերջինս եկել էր տեղի ղեկավարության հետ համաձայնեցնելու Հայաստանի և Արցախի միջև գտնվող Քելբաջար-Քարվաճառի շրջանի հանձնումը։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի ղեկավարի ակնարկած «որոշ տարածքների հանձնումը» նշանակում էր բոլոր շրջանների վերադարձը հակառակորդին, որի դիմաց պարտված կողմի հետ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ակնարկում, պիտի «կնքվեր հաշտություն, ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Պարզ է, որ այսպիսի պայմանների Ադրբեջանը երկու ձեռքով համաձայն պիտի լիներ, և այսօր էլ ոչ ոք չի կասկածում, որ ՀՀ առաջին նախագահի խոսքերով ասած՝ «հակամարտության կարգավորումն առավել մոտ» պիտի լիներ։ Նույն այդ 1996-97 թվականներին Ստեփանակերտում Տեր-Պետրոսյանի այս «ծրագիրն» այսպես էին վերնագրել՝ «Արցախը տանք՝ Երևանը ծաղկի...»։ Բարեբախտաբար, ոչ միայն Արցախում, այլև ինչպես ՀԱԿ-ի ղեկավարն է խոստովանում՝ «իր շրջապատը, իր թիմի որոշ անդամներ չգնացին այդ ծրագրին...»:

Արցախի Գերագույն խորհրդի առաջին երկու գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բոլոր գլխացավանքները հենց Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներից են գալիս, և հենց նա է սկիզբ դրել պարտվողական քաղաքականությանը Արցախի հարցում։

«Այսօր կրկին խոսել ազատագրված հողերը հանձնելու մասին, նշանակում է քամհարանքով վերաբերվել արցախցիների համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը, քանզի այդ հողերն ամրագրված են այդ սահմանդրությամբ,- ասում է Աշոտ Սարգսյանը։- Իմիջիայլոց, իմ տեղեկություններով այդ տարիներին համարյա թե պաշտպանական գիծ չէր կառուցվում, որովհետև ՀՀ ղեկավարը լիովին պատրաստ էր այդ հողերը հանձնել հակառակորդին։ Հողեր, որ իրականում հայկական պատմական տարածքներ են։ Ինձ հայտնի է, որ այդ տարիներին Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի պատվերով պատրաստվում էր պաշտպանական գծի որոշ հատվածներ պարսպապատելու նախագիծը, որը սակայն չիրականացավ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով»։

Արցախցի գործչի ասելով՝ այսօր այդ հատվածներն արդեն անհնար է պարսպապատել, որովհետև դրանք հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ են, և նույն այդ տեղամասերում առայսօր հայ զինվորներ են սպանվում։
ՀԱԿ-ի ղեկավարն հարցազրույցի վերջում հայտնել է, թե Հայաստանում իշխանության խնդիրը լուծելուց հետո «և՛ Ադրբեջանի հետ հարցերը, և՛ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջև, դա կլինի բացառապես մեր մեղքը»։ Միանգամայն հասկանալի է, որ Ղարաբաղյան խնդիրը վերոհիշյալ ձևով լուծելուց հետո իրոք մեր հակառակորդների հետ հարցերը կլուծվեն։ Բայց մի որոշ ժամանակով։ Մինչև Ադրբեջանը վերջնականապես ամրագրի Ղարաբաղը, «իրեն հավաքի» և այս անգամ դնի Մեղրիի և ողջ Զանգեզուրի խնդիրը...

Մյուս կողմից, չեմ կարծում, թե Արցախում կամ Հայաստանում որևէ լրջմիտ գործիչ կարող է գտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ՀՀ մյուս ղեկավարների օրոք որակական տեղաշարժ է գրանցվել։ Հայկական դիվանագիտությունն անշեղորեն շարունակում է պարտվողական նույն քաղաքականությունը։ Պարզապես հայ ժողովրդի պատմության դասերը դեռ չմոռացած հատվածը բացարձակապես չի ցանկանում, որ Երևանի գործարար որոշ շրջանակներ իրենց անձնական բարեկեցության հարցերը լուծեն Արցախի կործանման հաշվին։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՊՐԻԼԻ 24

ՀԱՅՈՑ ՎՇՏԻ ԱՊՐԻԼԸ


1915 թվական... Տարեթիվ, որն այսօր անհնար է արտասանել առանց ցավի։ Արևմտահայությունը թուրք բարբարոսների ձեռքով սրի մատնվեց։ Մեկ ու կես միլիոն հայ բնաջնջվեց սեփական բնօրրանում, իսկ մահից հրաշքով փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ։
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերը հարգում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Չորս տարի հետո հայոց ցեղասպանության 100 տարին է, բայց առայսօր աշխարհը վերջնականապես դեռ չի ճանաչել մարդկության պատմության ընթացքում գործված առաջին մեծ ոճիը՝ Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական իշխանությունները շարունակ ժխտում են իրենց նախորդների կողմից իրականացված ոճրագործությունը, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում, որպեսզի խանգարեն աշխարհի այլ երկրների՝ ճանաչելու ցեղասպանությունը։

«Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի մասնակից թուրք պատգամավոր Օսման Օսցելիկը ընդունում է հայերի ցեղասպանությունը և գտնում, որ հայկական հարցը ներողությունով փակվող հարց չէ: Ազգ է ոչնչացվել, ո՞վ պետք է դրա պատասխանը տա: Իսկ նրա շատ հայրենակիցներ հայտարարում են, թե մեղավորը հայերն են, և այդ ամենն իրենք են հորինել:

Այսօր ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ: Այն 1965 թ. պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը: Թուքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են Ռուսաստանը, Կանադան, Արգենտինան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, այլ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգ: Սակայն բազմաթիվ միջազգային կառույցներ ու պետություններ արդարության աչքերին նայում են միայն իրենց երկրի շահերի դիրքերից, չցանկանալով, «նեղացնել» իրենց բարեկամ Թուրքիային։

ԱՄՆ հայկական համայնքը նախագահ Բարաք Օբամայից պահանջում էր կատարել սեփական խոստումն ու արտասանել «ցեղասպանություն» բառը, սակայն, այս անգամ էլ նա դրժեց խոստումը։ Այնուամենայնիվ, հուսանք, որ շուրջ մեկդարյա պատմություն ունեցող ոճրագործությունը ի վերջո աշխարհը կճանաչի։ Եթե այս երկրային կյանքում նավթը շատ բան է որոշում, ապա Աստծո առաջ բոլորս համահավասար ենք:

ԵՎԳԵՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի



ՑԱՎԸ ՀՈԳԻ Է ԿԵՂԵՔՈՒՄ

Ամեն մարդ պիտի ուսումնասիրի իր երկրի պատմությունը: Դրանով նա սկսում է իրեն իր երկրի հերոսական անցյալի տերը համարել, համոզվել, որ իր հայրենիքն անզուգական է, անկրկնելի: Որքան մարդ շատ է իմանում հայրենիքի մասին, այնքան մեծ սեր է զգում նրա նկատմամբ։
«Հայրենիքը կարող է լինել փոքր, ժողովուրդը՝ աղքատ, կենցաղն ու ապրելակերպը՝ խեղճ, բայց այն շատ քաղցր է: Հարցրու հայրենասեր հային, թե կարո՞ղ է արդյոք աշխարհում որևէ սար ավելի գեղեցիկ լինել, քան Երևանի առջև ամեն օր հառնող Արարատը, կարո՞ղ են աշխարհում որևէ լճի ջրերն այնքան պարզ, վճիտ ու քաղցրահամ լինել, որքան Սևանի ջրերը...»։ Հայրենիքը միայն հողն ու քարը չէ, նաև այդ հողին ու քարին շաղախված դարերն ու մշակույթն են՝ գիրը, երգը, կոթողը... Բայց, ցավոք, դեռևս հնարավոր չէ մեր աշխարհասփյուռ ժողովրդին հավաքել նույն երկնքի տակ, պահել այն մթնոլորտի մեջ, որ լիցքավորվում է Արարատից, դարերից ու մագաղաթներից, Էջմիածնի, Գանձասարի վանքերից, Ծիծեռնակաբերդի հավերժ կրակից, հնից, նորից, ողջ նորամանուկ Հայաստանից, մեր երազներից, մեր հավատից...

1915 թվական... Տեղահանվածների անծայր քարավանը ծածկել էր տեսադաշտը... Բոկոտն ցնցոտիածածկ, սովալլուկ ու ցավատանջ մանուկների խեղդված հեծկլտոց, ուժասպառ ծերերի ախոթքի մրմունջ, ցամաքած ստինքներով երեխամայրերի նվաղուն հառաչ... Այրվող եկեղեցիներ ու ծխացող շեներ... Քարերով ջախջախված հանճարեղ գլուխներ, վհատումի, սոսկման մեջ գետը նետվող կույսեր, խաբված ու զինաթափ արված հայդուկներ: Ու զոհե՜ր, զոհե՜ր, զոհե՜ր՝ քարակոծ, ջրախեղդ, խոշտանգված, պղծված...
Բարբարոսի ձեռքով զոհվեց մեկևկես միլիոն հայ, սակայն դրանով նրանց չհաջողվեց փակել հայոց հարցը, չկտրեցին հայոց տոհմածառի դարավոր բունը... Զոհերի մորթված երազները բարձրացան երկինք՝ այնտեղ նո՜ր կյանք առնելու՝ ողջ տիեզերական բարձունքից հիշողության ու վրեժի տեսքով իշխելու:

Դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամը, հայ նահատակների երազներն իջնելու են երկնքից: Դեր Զորի անապատների անթաղ դիերի կմախքաշեղջերի վրա կանգեցվելու է աշխարհի ամենաբարձր հուշարձանը...
Օտարության մեջ, երբ հանդիպում են երկու հայ, նրանք մեկ է, երեքով են, նրանց արանքում աննկատ տեղավորվում է Հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի

--------------------------------------------------------

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը պատշաճ հարգած կլինենք, եթե հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցենք, հայն իրեն իր երկրի տերը զգա և այլևս չարտագաղթի սեփական հայրենիքից... Թույլերին խղճում են միայն, իսկ անհուսալի թույլերին՝ նաև արհամարհում։ Երբ համընդհանուր հարգանքի արժանանանք, այնժամ առանց մեր խնդրանքի ու առանց մեր լոբբինգի աշխարհը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը...



ՄԵՐ 21-ՐԴ ԴԱՐԸ

Մեր թվարկության 21-րդ դարը։ Տեսնես պատմիչներն ի՞նչ են գրելու նրա մասին, ի՞նչ լեգենդներ են հյուսվելու նրա հերոսների և չարագործների մասին։ Տեխնիկական առաջընթացի վազքուղու վրա ամեն օր նոր գիտական հայտնագործություններ են արձանագրվում, սակայն անփոփոխ է մնում միայն մարդկային բնությունը։ Մեկմեկու նկատմամբ հանդուրժողականության և աստվածաշնչյան մերձավորին ուղղված սիրո բացարձակ բացակայություն է ամենուր, ու կարծես դատարկ են մեր հոգիները, ավելի ճիշտ՝ լցված թեփով, ինչպես տիկ հանած կենդանու կաշին։

Կքած առօրյա հոգսի տակ՝ հաճախ չենք նկատում հարազատ մարդկանց վիշտը, փողոցով քայլում ենք՝ չնայելով մեկմեկու՝ կարծես խռով ենք իրարից, աշխարհից։ Կարծես ապրում ենք անկախ մեր կամքից, ավելի ճիշտ՝ գոյություն ենք քարշ տալիս՝ սպասելով մեր այնքան անսպասելի ու անխուսափելի վախճանին։ Մարդկային հանճարեղ միտքը երևի երբեք էլ չկարողանա վերծանել գոյության առեղծվածը, գտնել դրա բանալին։

Փոքրիկ իշխանի պես մեր ողջ կյանքի ընթացքում կփնտրենք մեր մոլորակը, որտեղ չեն լինի բնական ու տեխնածին աղետներ, պատերազմ ու անհանդուրժողություն և դրանք ծնող արմատները՝ չարությունն ու անտարբերությունը, և այդպես էլ չենք գտնի, որովհետև չկա առայժմ այդ մոլորակը և չի էլ լինի, քանի դեռ մենք ինքներս այն չենք ստեղծի մեզ համար։ Կապրենք՝ դժգոհելով մեր կյանքից, երբեք չբավարարվելով մեր ձեռք բերածով, կմեռնենք՝ դժգոհելով ուրիշներից, որ խանգարեցին մեզ ապրել։

Մեզ երբեք չի բավի սեփական երջանկությունը, որի գոյությունը չենք նկատի, որքան էլ այն լինի մեր կողքին, կնախանձենք ուրիշի ունեցածին, իսկ վերջում կփիլիսոփայենք, որ երջանկություն ընդհանրապես գոյություն չունի։ Կյանքի անհամար խութերը հարթելու փոխարեն կավելացնենք դրանք՝ մեր և ուրիշների համար, կպարծենանք, եթե հաջողվի դրանցից որևէ մեկը հաղթահարել ու ամենավերջում նորից դժգոհ կմնանք։ Մենք վաղուց արդեն չենք ուրախանում այն փոքրիկ, բայց էական ձեռքբերումներով, որոնցից հյուսվում է մարդկային երջանկությունը, և որոնք գուցե մեզ ամեն օր ուղեկցում են ընտանիքում ու աշխատանքի մեջ։ Պարզապես ետ ենք վարժվել լավը տեսնելուց և գնահատելուց, ձգտում ենք հաճախ անկարելիին, ու, բնականաբար, չենք հասնում։ Սովորական մարդկային երջանկությունն արդեն անհարիր է մեր գոյության հետ, ու ցանկացած անակնկալ դժբախտություն և անհաջողություն կարող է ծնկի բերել մեզ, մեր կյանքը նետել խելակորույս ու հաճախ անհաղթահարելի շրջապտույտի մեջ։

Մենք հաշտվել ենք արդեն այն իրողության հետ, որ կյանքում կորուստներն ավելի շատ են լինելու ձեռքբերումներից, իսկ երջանկությունը հեքիաթային հավքի նման տեսիլք է թվալու մեզ։ Հոգնել ենք ինքներս մեզնից, աշխարհից, և մեզ ոչինչ, տառացիորեն, ոչինչ չի կարող մխիթարել։ Գոյության առեղծվածն անլուծելի մի աքսիոմա է մեզ համար, ֆիզիկամաթեմատիկական բարդագույն մի խնդիր, գլուխկոտրուկ, որի վրա դեռ երկար ու անարդյունք տարիներ ենք կորցնելու։ Մեր կյանքն այն կորուսյալ աշխարհն է, որտեղ երբեք իրար չեն հանդիպի երկու սիրող սրտեր, չեն իրագործվի հերոսների նվիրական գաղափարները, հանճարների գլուխներում ծնվող մտքերը, որտեղ անկեղծությունը հիմարություն է համարվում, իսկ ազնվությունը՝ գոյություն չունեցող բնավորության գիծ։ Մենք կարող ենք հեշտությամբ համակերպվել մեր պարտության մտքի հետ, պարզապես բնածին, կենդանական հպարտությո՛ւնը թույլ չի տալիս։ Ի՞նչ կա ավելի հեշտ թշնամու, հակառակորդի առաջ ծնկի գալուց, մանավանդ որ, մենք այդպիսին ենք համարում բոլոր մեզ շրջապատողներին։ Մեր մեջ կորել է խենթությունը, այն պարզագույն խենթությունը, որ հարիր է ոչ միայն հանճարներին, այլև հասարակ մահկանացուներիս։ Մոռացել ենք, որ այդ խենթությունն է մարդկության զարգացման շարժիչ ուժը, ու դոփում ենք տեղում, ինչպես վարգի պատրաստ, բայց ցցից կապված երիվարներ...

...Շտապում է ժամանակը, և մենք անընդհատ ուշանում ենք և այդ խելացնոր արագության մեջ դառնում ժամանակի գնացքից հավիտյան ետ մնացած ուղևորներ, որոնց հոգիներում ափսոսանքն է ծվարում չծնված կամ ծնված, բայց կիսատ, անցած կամ ուշացած խոսքերի, երազների, սերերի համար։ Ժամանակը երբեք չի ներում մեզ մեր ուշացումը։ Հոսում է ժամանակն ու վերջում պարզվում է, որ ամբողջ կյանքում ձգտել ենք հասնել ամեն ինչի և չենք հասցրել ոչինչ։ Ու եթե անկեղծանանք, պիտի ժխտենք այն կարծիքը, որ չենք նկատում, թե ինչպես է թռչում ժամանակը, ուղղակի չենք ուզում նկատել նրա խելագար, գլխապտույտ ընթացքը, բայց տարվա մեջ մեկ օր, էլի առանց մեր ցանկության, պարզապես օրվա թելադրանքով, անխուսափելիորեն և ակամա հանդիպում ենք մեր անցյալին և նկատում, որ մեծացել ենք։ Դրա համար էլ տխրում ենք մեր ծննդյան օրը, որոնք, հաջորդելով իրար, անջրպետ են ստեղծում մեր և մանկության միջև, այն ծննդյան օրը, երբ շրջապատված ենք լինում ընկերներով և հարազատներով, բայց անասելի մենակ ենք զգում, և մեր իրական ընկերակիցը դառնում է ժամանակը, մեր անցած օրերը պատնեշող ժամանակը...

ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է

Կար ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը զարգացած ագրարային երկրամաս էր: Նրա աշխատասեր ժողովրդի վաստակը հորդահոս գետի պես հասնում էր մինչև Բաքու։ Միաժամանակ Արցախը լիովին ապահովում էր սեփական բնակչությանը: Բայց դա անցյալում էր, խորհդային իշխանության տարիներին:
Ադրբեջանն այսօր զրկվել է այդ «համեղ պատառից», և հենց դրա համար է նա ցանկանում իր աքցանի մեջ պինդ պահել Լեռնային Ղարաբաղը: Մի խոսքով, Ադրբեջանը Ղարաբաղին դարձրել էր իր գաղութը, ոնց ուզում՝ այնպես էլ շահագործում էր:

Շատ ցավալի է, որ 20-ամյա ինքնիշխան ԼՂՀ-ն, որ ժամանակին պահում էր ոչ միայն իրեն, այսօր չի կարողանում գոնե գյուղատնտեսական պարենով ապահովել իր փոքրաթիվ բնակչությանը։ Պարենը երկրի բիզնեսմենները հայթայթում են Հայաստանից և այլ երկրներից: Հենց դրա համար էլ ամեն օր գների մրցավազք է կատարվում, որը դառել է սովորական երևույթ: Ուրիշ երկրների բարերարներն են մեզ մոտ ներդրումներ կատարում, բարեգործական գործունեություն ծավալում: Իսկ տեղական օլիգարխներն ու հարուստները, աննշան բացառությամբ, թքած ունեն բարեգործության վրա:
Մի՞թե դա չէ պատճառը, որ այսօր մեզ մոտ հասարակությունը շերտավորված է գերհարուստների և ծայրահեղ աղքատների: Անկասկած այդ մասին գիտեն նաև իշխանությունները, սակայն ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվում: Այսօր մեր ոչ մի իշխանավոր չի կարող գոնե մի ամիս յոլա գնալ տեղական թոշակառուի չնչին նպաստով: Այսօր փողի իշխանություն է: Փողը ապրանք է, իշխանություն, պաշտոն, պատիվ ու հեղինակություն, որով կարելի է փոխել մարդկային բոլոր առաքինությունները: Այսօր հողմացրիվ են արված նախկին արժեքներն ու սրբությունները, մնացել է միայն փողի պաշտամունքը: Մարդու անձնական արժանապատվությունը վերածվել է փոխանակային արժեքի: Իսկ ի՞նչ անի շարքային թոշակառուն, գործազուրկը, որ փող չունի...

Եվ տարեցտարի ավելանում է արտագաղթը, մեր լավագույն կադրերը աշխատանք չունենալու պատճառով թողնում են հայրենիքը, հեռանում: Մի խոսքով, այսօր մի խումբ բախտավոր ոչնչություններ, ովքեր թալանով և այլ կեղտոտ միջոցներով հարստության տեր են դարձել, վերևից են նայում հասարակ մարդկանց, հաճախ էլ տնօրինելով նրանց ճակատագիրը:

Այս ամենը կարծես քիչ է ժողովրդի համար, մյուս կողմից էլ ազերիների տհաս առաջնորդ Ալիև երկրորդն է վայրահաչում մեզ վրա: Պարբերաբար հայ զինվորներ են զոհվում ազերի դիպուկահարների կրակոցներից: Թշնամին ամեն ինչ անում է պատերազմական կրակը բորբոք պահելու համար: Եվ այսօր երևանյան ղեկավարները ազերի այս բորենիների հետ փորձում են կանխորոշել խեղճ Արցախի ապագան, միջազգային այսպես կոչված միջնորդներն էլ, որպես կանոն, անընդհատ հավասարության նշան են դնում ազերիների և հայերի, դահճի և զոհի միջև...

Իսկ այս համատարած ճահճում իր խեղճ գոյությունն է պահում հասարակ արցախցին, որը եթե վաղը, աստված մի արասցե, պատերազմ լինի, դարձյալ իր կյանքի և արյան գնով պաշտպանելու է բազմաչարչար այս հողի, իր հայրենիքի ազատությունն ու պատիվը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ
կենսաթոշակառու



ԱՆՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ «ԱՅՑԵՔԱՐՏՆ» Է

Բավ է պոկենք հայ կնիքից անունն հայոց
Մարդս զանգ Է, աշխարհն՝ ականջ,
Լավ անունը՝ զանգի ղողանջ,
Բայց զանգն առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու...
Զանգահարը գործն Է մարդու,
Գործ, որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի։
Հովհ. Շիրազ


Անուն՝ այն ինչ ուղեկցում է մարդուն իր ծնված օրվանից մինչև մահ: Չկա այնպիսի մի բառ, որ ավելի հաճախ լսենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Անվան հետ փոքրիկ մարդուկը գալիս է այս աշխարհ ու մահկանացուն կնքելուց հետո մնում է միայն անունն ու գործը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկանը անվանակոչելիս պետք է զգուշորեն մոտենալ այդ խնդրին: Պարզվում է, որ եթե անվան արտասանության մեջ կա նուրբ երանգներ, ապա երեխան անպայման որպես էակ ձևավորվում է նուրբ ու քնքուշ, և՝ հակառակը...

Անունը մեր երկրորդ «ես»-ն է, մեր էության բացահայտողը, դա է պատճառը, որ անկախ ռասսայից, ազգությունից, բնակավայրից մարդ պետք է կրի այդ ազգությունը ներկայացնող անուն, որն իր այցեքարտը պիտի դառնա ողջ կյանքում: Վերջերս լինելով Ռուսաստանում, հայտնվեցի մի խումբ ռուսների շրջապատում և ներկայացա՝ Արմինե։ Մի ռուս հարցրեց. «Դու, ի՞նչ է, հա՞յ ես»:

Այստեղ ես հասկացա, թե որքան երջանիկ եմ ես, որ կրում եմ հայկական այդ անունը, որ նշանակում է՝ հայուհի: Եվ ճիշտ է ժամանակին նկատել հայ մեծ գրող Շիրազը. «Քանզի ամեն ազգի անուն իր տարազն է, իր մայր լեզուն... Ինչո՞ւ հագնես ձևն ամենի, երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի...»:

Մեր երեխաներին տրվող անունների մասին շատ են գրել և դեռ շատ են գրելու։ Հայ երեխան պիտի կրի հայեցի անուն՝ սա է հիմնական խնդիրը։ Անգլիացին կամ ռուսն իրենց զավակին Արամ կամ Արմինե չեն կնքում։ Ի՞նչ կապ ունեն Շեքսպիրի Համլետը, Օֆելիան, ռուսական Սլավան, Իվանը, Տոլիկը, Կոլյա-Նիկոլայը, Արկադյան, Լոլիտան, Լյուբան, օտար արտուրիկները, սերժիկները, վալյաներն ու նադյաները հայ ժողովրդի հետ։

Հայկական ամեն անուն մի բառ է ճոխ. Անի՝ թվում է պարզ ու հասարակ, ընդամենը 3 տառ, բայց մեծ խորհուրդ ունի և նշանամություն, հայ ժողովրդի մի մեծ պատմություն... Կամ էլ, Աղավնի՝ խաղաղության խորհրդանիշ, Աստղիկ՝ անուն, ինքն էլ հույսի կանթեղ: Եվ կամ Հայկ՝ մի ողջ Հայաստան, նահապետ... Տաթև՝ Աստված տա թև... Հյուսեք ձեր ապագա երեխայի թևերը սկսելով նրա անվան ճիշտ ընտրությունից:

Եվ վերջապես, չմոռանանք, որ ընտրելով մեր երեխաների անուները, մենք կերտում ենք մի նոր ճակատագիր: Ամենահաճելի բառն առանց բացառության, բոլոր մարդկանց համար‘ պարզվում է, սեփական անունն է, քանզի բարձրաձայն արտասանելով նրա անունը, մենք ուշադրության ենք արժանացնում նրա անձը և դրանով իսկ բավարարում իրեն անհատականություն զգալու նրա պահանջմունքը: Իսկ ցանկացած պահանջմունքի բավարարում մարդու մոտ դրական հույզեր է առաջացնում, նշանակում է՝ մարդու անունն արտասանելով, մենք շահում ենք նրա համակրանքը:
Շատերն իրենց երեխաներին ցանկանում են թողնել լավ աշխարհ, իսկ դուք աշխարհին թողեք լավ ու հայեցի անուններով երեխաներ...

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲՈՐԲՈՍՆԵԼ

Աջափնյակ թաղամասում կառուցված տասը առաձնատները 2009 թ. տրամադրվեցին փախստականների ընտանիքներին, իսկ 2010 թ. նույն փողոցում ապաստան գտան ևս ութ ընտանիք: Մարդիկ՝ սև օրեր տեսած, 19-21 տարի սպասելուց հետո վերջապես ստացան նոր կառուցված ընդարձակ բակով առանձնատներ: Առանձնատների հեռու լինելու պատճառով շատերը հրաժարվեցին տեղափոխվել այնտեղ՝ հատկապես ԱրՊՀ համալսարանի հանրակացարանում բնակվող որոշ փախստականներ (տես «Դեմո», N 859: Այնուամենայնիվ, այն ստացողները շատ ուրախ էին, քանզի ում համար չէ ուրախալի իրողություն այսքան երկար սպասելուց հետո սեփական առանձնատուն ունենալը:

Այս ամենը հիանալի է, իհարկե, բայց շատ չանցած՝ ցրտերը սկսելուն պես, այդ տները սկսեցին փտել ու բորբոսնել: Իսկ փտման պատճառները, ինչպես ինձ ծանոթ շինարարներից մեկն է ասում, տարբեր են լինում, սակայն հավանական է, որ օդափոխանակման խախտումն է գլխավորը, իսկ մետաղապլաստե հերմետիկ պատուհանները հնարավոր է, որ փտման պրոցեսը արագացնում են:

Ոչ բոլոր տներն են միևնույն կերպով վնասվել. կան տներ, որոնց պատերը խոնավությունից միայն բորբոսնել են, իսկ կան տներ, որոնց հատակը՝ գումարած դրան, սկսել է փտել: Տներում, որտեղ հատակը փտում է, կենվորները ստիպված են լինում տան կահույքը անընդհատ տեղաշարժել, որովհետև կահույքը մի տեղում երկար մնալուց հետո մխրճվում է արդեն լիովին փտած հատակի մեջ: Մարդիկ վախվխելով են քայլում տանը, քանի որ հատակը ծանրությունից կարող է ամեն պահի ջարդվել, իսկ անծանոթ հյուրին նախօրոք զգուշացնում են՝ «խիստ վտանգավոր գոտիներով» չքայլել:

Որ այդ տները «վտանգավոր» են, անծանոթ հյուրը զգում է առաջին իսկ հայացքից, կներեք, առաջին իսկ շունչ քաշելով. սուր մգլահոտը անմիջապես զգացնել է տալիս, որ այս տներում ինչ-որ բան այն չէ: Ճիշտ կլինի նաև «վտանգավոր» բառը գործածել առանց չակերտների, որովհետև խոնավությունն ու բորբոսն իրոք վտանգավոր են առողջության համար: Հայտնի է, որ խոնավությունը կարող է առաջացնել ցնցուղատապ (բրոնխիտ), թոքերի բորբոքում, երիկամների բորբոքում և այլ հիվանդություններ: Իսկ բորբոսը վտանգավոր է հատկապես երեխաների ու թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար:

Տներից մեկում բնակվող երիտասարդ մայրերից մեկը վստահ է, որ իր հինգ տարեկան աղջնակի հաճախակի հիվանդանալու պատճառը խոնավությունն է և այժմ նա ստիպված ցավեցնող ցեֆոզիլին է սրսկում: Նույն երիտասարդ մայրը իմ ներկայությամբ զանգեց քաղշիննախարարության ընդհանուր բաժին՝ բողոքելով, որ նամակի պատասխանը ուշացնում են: Հեռախոսազրույցը բավականին նյարդային ու երկար էր: Բանն այն է, որ հարևանի տան հատակը երբ փտելուց սկսեց ջարդվել, նա զանգեց շինարարության նախարարություն և, նրա խոսքով (հարևանի), շինարարությունը իրականացնող ֆիրմայի ինժեներներից մեկը ստուգելուց հետո հատակի համար համապատասխան փայտ հատկացրեց:

Հարևանուհու օրինակին հետևելով նա զանգեց նախարարություն, սակայն նրան բացատրեցին, որ պետք է բողոքը գրավոր ներկայացնել: Բողոքը ներկայացվեց նոր տարվա շեմին և մինչև օրս անպատասխան է, շիննախարարության ընդհանուր բաժնից բացատրեցին, որ իրենք նամակը ուղղարկել են բնակարանային հանձնաժողովի բաժին: Հույս պահենք, որ նամակագիրը գոհացուցիչ պատասխան կստանա, սակայն զարմանալին այն է, որ իմ այցելած տներից միայն երկուսն է համապատասխան մարմիններին բողոք ներկայացրել, իսկ մնացածը վստահ են, որ իրեց բողոքները ոչ մի բան չեն փոխի:

Կարծում էի, թե ավելի վաղ կառուցված 10 առանձնատների վիճակն է միայն այդպես, սակայն մնացած ութ տների վիճակն էլ էր նույնը՝ դեռ մի բան էլ «ավել»: Ութ առանձնատան բնակիչներից մեկը կարծում է, որ վերևի տասը առանձնատներն ավելի խղճով են կառուցվել, քան իրենցը: Վերջինս ցույց տվեց տան ննջարանը, որտեղ միայն իրեր են պահում և ավելացրեց. «Այստեղ վախում ենք ջիգարով քայլել»: Չեմ ուզում չարախոսի տպավորություն թողնել և մեկ անգամ ևս ավելացնեմ, որ ոչ բոլոր տների տախտակն է ոտքերի տակ ջարդվում, բայց բոլոր իմ տեսած տները խոնավությունից բորբոսնում են, իսկ այդ մարդիկ հավաստիացնում են, որ բոլոր տասնութ տներում իրավիճակը նույնն է՝ տեղ-տեղ մի քիչ լավ, տեղ-տեղ՝ ավելի վատ:

Նման հետևանքի պատճառները կարող են տարբեր լինել, ուստի սխալ կլիներ վստահորեն կոնկրետացնել դրանցից մեկը, քանի որ դրա համար մասնագետի «ամենատես աչքի» կարիք է զգացվում: Կրկնվում եմ՝ պատճառները կարող են բազում լինել. բացառված չէ, որ խոնավության պատճառներից մեկը օդափոխանակման գործընթացի խախտումը կարող է լինել:

Ինչևիցե, խնդրում եմ, իսկ Մեհրաբյան փողոցի բնակիչների անունից պահանջում եմ համապատասխան մարմիններին տվյալ խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Նման պայմաններում անհաճո ու առողջության համար վնաս է ապրել, և ինչքան շուտ թերությունները վերացվեն, այնքան լավ:

Լսել եմ՝ ինչ-որ մեկը վարչապետին՝ նրա բլոգում, գրել է, որ նշված թաղամասում տները խոնավությունից փտում են: Արա Հարությունյանը պատասխանլ է. «Քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ ուսումնասիրել այդ հարցը և մասնագետներ ուղարկել նշված աշխատանքները ստուգելու համար»: Մասնագետները եկել են, սակայն այդ թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ մասնգետները փտման պատճառը բացատրում են նրանով, որ սենյակների ջերմությունը պիտի նույնը լինի: Նույն թաղամասի կենվորներից մեկը գտնում է, որ փտման պատճառը դա չէ, քանի որ նրանք տանը ունեն ջեռուցման կաթսա, և բոլոր սենյակները հավասարապես ջեռուցվում են: Նշված տների կառուցումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, ըստ խոսակցությունների, պատկանում է բարձր պաշտոնյաներից մեկին։

«Այնպես է ստացվում, որ մի հատ էլ մենք ենք մեղավոր»,- հավելեց Աջափնյակում բնակվող կանանցից մեկը:
...Վերջերս վերոհիշյալ թաղամասի բնակիչներին խոստացել են շինանյութով ապահովել։

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ



«ԱՐՏԱԴՐԱՆՔ». ԻՍԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱՐԾԵՍ ՉԿԱ

Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 4500 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Ստացվում է, որ ամեն տարի տարբեր ոլորտների համար բուհը թողարկում է մոտ 1000 նորաթուխ մասնագետ: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց: Դժվար է կոնկրետ ասել, բայց ինչ կապված է աշխատատեղեր գտնելու հետ, ապա բազում դժվարությունների կհանդիպեն նրանք, եթե չունենան մի քանի «առավելություններ», որոնցից մեկը «կռուտոյ» պապա կամ քեռի ունենալն է, որոնք կարող են առանց դժվարությունների տեղավորել ցանկացած տեղ: Մեծ արատ է նման հարազատապաշտությունն ու բարեկամապաշտությունը, երբ ասում են՝ ինչո՞ւ ոչ որդիս, ինչո՞ւ նա, իսկ իմը՝ ոչ:

Հաջորդ առվելությունը, լավ մասնագետ լինելն է, քանի որ այսօր ստեղծվում են մասնավոր ձեռնարկություններ, որտեղ «կռուտոյ» պապայի կամ քեռու զանգը կարող են արհամարհվել: Ծանոթս մինչ «Ինսթիգեյթ» թրենինգ կենտրոնում ընդունվելը, կարծում էր, թե այստեղ էլ կընդունվեն «քեռավոր» կամ «պապավոր» երեխաները, բայց ամեն ինչ որոշվեց հարցազրույցով. գիտես՝ կընդունվես, չգիտես՝ ոչ...

Համալսարանն ավարտած շրջանավարտներն հիմնականում աշխատանք չեն գտնում, քանի որ՝ 1) շատ թույլ պատրաստված մասնագետներ են, 2) տվյալ մասնագիտության համար խիստ սահմանափակ քանակով աշխատատեղեր կան, 3) ընդհանրապես սահմանափակ քանակով աշխատատեղեր կան:

Այսօր երիտասարդության համար հիմնական աշխատատեղեր են հանդիսանում ՆԳՆ-ն ու բանակը: Չլսված բան է, սովորել «Կիռարական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնում, բայց արդեն երրորդ կուրսից անցնել ծառայության ՆԳՆ-ում: Իսկ մեր «Լրագրության» բաժնից միայն 5-6 տարվա ընթացքում մի քանի հոգու է հաջողվել աշխատանք գտնել ըստ մասնագիտության:

Ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանին հարցրի. «Ինչո՞ւ հինգ տարվա ընթացքում «Լրագրության» բաժնից մի քանի հոգու է հաջողվել աշխատել ըստ մասնագիտության: Կրթության մակարդա՞կն է ցածր, թե՞ աշխատատեղեր չկան»: Պատասխանը հետևյալն էր. «Այսօր միայն Արցախի հանրային հեռուստատեսությունում սովորող 140 աշխատող կա, կարծում եմ այստեղ խնդիրներ չպիտի լինեն»: Նախարարի պատասխանը ինձ համար անհասկանալի էր, քանի որ 140 աշխատողների մեջ մտնում են վարորդներ, հավաքարարներ և շատ ուրիշ մասնագիտություններ, որոնք լրագրության հետ ոչ մի առնչություն չունեն:

Ճիշտ են արել, որ «Լրագրության» մագիստրատուրան փակել են, քանի որ եթե ամեն կուրսում միջինը սովորում է 25 ուսանող և հինգ տարվա ընթացքում 125 մասնագետ են պատրաստում, որոնցից մի քանիսն են աշխատանք գտնում, ապա անիմաստ է այն վերաբացել:
Նաև դժվարություն է առաջացնում այն իրողությունը, որ աշխատանքի ընդունելու համար աշխատանքային փորձն են հաշվի առնում: Արդեն Ստեփանակերտում անեկդոտի պես պատմում են. «Պահանջվում է 18 տարեկան աշխատող՝ 5 տարվա պարտադիր աշխատանքային ստաժով»: Հարգելիներ, եթե նոր եմ բուհն ավարտել, ինձ որտեղի՞ց աշխատանքային փորձ:

Ինչպես վերևում նշեցի, մեզ մոտ երիտասարդներն աշխատատեղեր հիմնականում գտնում են ՆԳՆ-ում ու բանակում: Հարկային ծառայությունում, քաղաքապետարանում և նման այլ վայրերում կարելի է գտնել այնպիսիներին, որոնք մեծ դժվարությամբ կարող են իրենց անուն-ազգագունը գրել, ովքեր այնտեղ հայտնվել են «կռուտոյ» պապաների ու քեռիների միջոցով, բայց չեմ ժխտում, որ ուրիշ «արժանիքների» շնորհիվ էլ կարելի ընդունվել. օրինակ՝ թեթև վարքի տեր աղջիկ լինել ու կարողանալ հաճոյանալ պետին:

Միջնորդության շնորհիվ (կամ պատճառով) աշխատատեղեր կարելի է գտնել վարչական տարբեր հիմնարկներում, որտեղ, այսպես թե այնպես, անձակազմն իր քանակով, երևի թե, կարող է Ֆրանսիա ղեկավարել, այո՝ հենց քանակով, բայց որակի առումով դժվար թե Ֆրանսիային նման մասնագետներ պետք լինեն: Կան այնպիսի անհեթեթ հաստիքատեղեր, որոնք նորմալ մարդուն կարող են խելագարության հասցնել:

Լավ սովորող շատ ուսանողներ, որոնք պիտի որակյալ մասնագետ դառնան, ստիպված հեռանում են Արցախից: Բնավ չեմ արդարացնում նրանց, բայց կան մի քանի «բայցեր»: Հին չինացի փիլիսոփա Մո-Ցզին ասել է. «Եթե ազնիվ ու իմաստուններն են կառավարում տխմար ու ստորներին, ապա կարգուկանոն է տիրում: Իսկ եթե տխմար ու ստորներն են կառավարում ազնիվ ու իմաստուններին, ապա խառնուկություն կլինի»: Խառնակությունն իրոք հենց նման իրավիճակն է ծնում:

Մեր երկրում գրեթե չկա նորմալ մտավորականություն ու էլիտա: Մտավորականը բնավ էլ նա չի, ով զբաղված է մտավոր աշխատանքով ու կոստյում է հագնում, այսօր «Եհովայի վկաներն» էլ են կոստյում հագնում: Մտավորականը նա չէ, ով շատ կարդացել է, այլ նա, ով շատ խորհում է: Կներեք, բայց երբ մտավորականը դադարում է խորհել, վեր է ածվում անասունի։ Այսօր, ցավոք մենք շատ ունենք նման անասուններ՝ խորհրդային տարիներից խորհրդային գերհնացած գաղափարներով թրծված հլու և հնազանդ խամաճիկներ...

Անշուշտ, խոսքը բոլոր մտավորականներին չի վերաբերում: Ինչ մնում է «էլիտային», ապա այստեղ, այս հասկացությունը կարելի է տարբեր ձևով մեկնաբանել, բայց ավելի պարզ ու կարճ ասած՝ էլիտան դա հասարակության նախաձեռնող շերտն է, Նժդեհի Ցեղամարդի մի տեսակ: Ըստ Նժդեհի, ժողովուրդը հայության չկողմնորոշված տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան Ցեղի: Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի հանդուրժում ստրուկի շղթաները...

Նման մարդիկ հարկավոր են մեզ այս պահին: Բայց հարց է ծագում. ինչո՞ւ նման մարդիկ ամենադժվար օրերին այստեղ էին, իսկ հիմա թողնում, հեռանում են հայրենիքից: Պատճառներից մեկը խավարամիտ «կղերականությունն» է, իսկ մնացած պատճառները դուք փնտրեք:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ԻՆՉ ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՄ ՄԱՍԻՆ, ԵԹԵ...

Մահը օրգանիզմի կենսագործունեության դադարումն է, սակայն այն մարդկանց համար իր մեջ միշտ կրում էր առեղծվածային ու միստիկ դրոշմվածք: Լինելով անբացատրելի, անկանխատեսելի երևույթ, այն դուրս էր գալիս մարդկային ընկալման սահմաններից և համարվում որպես պատիժ: Բոլոր հիմնական կրոններն ունեն իրենց բացատրությունը, թե ինչ է կատարվում մեռնելուց հետո:
Մարդու մարմնին հրաժեշտ տալը չէր կարող անցնել առանց ծիսակատարությունների ու արարողությունների. յուրաքանչյուր կրոն, ժողովուրդ ունի այդ արարողությունները կատարելու իր կարգը: Տատս դաղստանահայ էր, հիշում եմ, նա պատմում էր, որ տեղացի հայերի հուղարկավորության համար պատրաստած ճաշերը բաժանում էին աղքատներին: Սրա մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց անհասկանալի է, երբ թաղման սեղանին համեղ կերակրատեսակներով փորը պնդացնելուց հետո սկսում են ծխել: Անհասկանալի է նաև այն, երբ քառասունքի սեղանին աղցաններ ու թխվածքներ են դնում, որն ավելի շատ հիշեցնում է ամանորյա սեղան:

Եթե մենք քրիստոնյա ենք, ինչը մեզ պարտադրում է հավատալ հանդերձյալ կյանքին, ապա ինչո՞ւ ենք մոլեռանդորեն ուշադրություն դարձնում շիրմաքարի բարձրորակությանը, սեղանի ճոխությանը... Մի՞թե սրանով մենք հանգուցյալի համար ճանապարհ կհարթենք դեպի դրախտ: Իրականում մենք վատ քրիստոնյա ենք. նույնիսկ թաղմանը քահանա կանչելը կարծես թե նման է երաժիշտ կանչելուն՝ դե թող գա, էլի, ո՞ւմ է խանգարում:

Խորհրդային տարիներից ժառանգված աթեիզմը կարծես թե վեր է ածվել մի նոր ուղղության՝ մեռելապաշտության: Շատ կլինեք լսած նման զրույցներ. «Հինչ լյավ խոխեք ըն, ամեն ինչ լյավ, տեղը տեղին, պերին հորը հետի լյավ ակուրատնի քար քցեցին»: Այսինքն՝ մեզանում մահացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքնը ավելի շատ է գնահատվում ու կարևորվում, քան կենդանի մարդու նկատմամբ, քանի որ չեն ասում՝ այս մարդն ամբողջ կյանքում աղքատության մեջ էր ապրում ու հիմա տեսեք-տեսեք ռուսաստաններից եկած որդիները սև մարմարե շիրմաքար են դնում հոր հիշատակին:
Հայի համար միշտ էլ կարևոր է եղել հանուրի կարծիքը. մեր բոլոր ավանդույթներն էլ հիմնված են հասարակական կարծիքի հիման վրա: «Ի՞նչ կասեն մարդիկ» սկզբունքը հաճախ կուրացնում է մեզ, և մենք մտածում ենք՝ ի՞նչ կասեն մարդիկ մեր մասին, երբ թաղման սեղանին թխած կարտոֆիլը պակաս լինի: Կարծես այդպես էլ պիտի լինի՝ թխած կարտոֆիլ՝ թաղման սեղանին: Կարծես մարդիկ չեն եկել վշտակցելու, այլ եկել են թխած կարտոֆիլ ուտելու և զվարճանալու համար:

Այստեղ հոգեհանգստի խորհուրդը ինքնստիքյան չքանում է, և մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում ու, սգո սեղանի առջև նստած, սկսում են խոսել առօրեական խնդիրներից: Ամենահամոզված մատերիալիստը կասի. «Դե լավ է, էլի, կերուխում անելով մարդուն հրաժեշտ տալը»: Սակայն չպետք է մոռանալ, որ այսպիսի հանդիսությունը մեծ գումարներ է պահանջում: Ստացվում է այն, որ մարդ բացի ծանր վիշտ ապրելուց, պիտի սեղանի հոգս քաշի, որպեսզի բամբասկոտ ու տգետ մարդիկ չասեն՝ բա սա սեղա՞ն էր, բա սրանք նամուս ունե՞ն...

Բայց կամաց-կամաց մարդիկ հասկանում են, որ հավուրի պատշաճը անցնում են և իրենց իսկ ձեռքով վաղուց կրակն են ընկել, այդ իսկ պատճառով ոմանք հարցնում են, թե չի՞ կարող արդյոք պետությունն այս հարցում միջամտություն ունենալ, այսինքն՝ մարդկանց արգելել ճոխ թաղումներ անել: Իսկ դա նման է ստրկամտության, որովհետև ստրուկը խոհեմ քայլ անում է միայն այն ժամանակ, երբ նրան ստիպում են դա. այստեղ ստրուկը ժողովուրդն է, իսկ պարոնը՝ պետությունը. ժողովուրդը ինքնուրույն չի կարող գործել, քանի որ ունի ստրկային մտածողություն:

Բնության մեջ բյուր հազարներից մեկն է ունեում ինքնուրույն քայլեր ձեռնարկելու կարողություն՝ թքելով հանրային կարծիքի վրա: Նման անհատի կարիքն ունենք, բայց, ավաЇղ, ինչպես նշեցի վերևում, հայը սիրում է հարևանի, կողքինի կարծիքը հաշվի առնել, անգամ եթե դրանք մաքուր ապուշություն են: Օրինակ, դժվար չէ հասկանալ, որ հարսանեկան հանդեսի ժամանակ անդուր ազդակ արձակելը՝ այն էլ Եկեղեցի ու Եղբայրական գերեզմանոց գնալիս, տգեղ է, ես նույնիսկ կասեի՝ սրբապիղծ արարք է, բայց անում են, քանի որ մի քանի «ազգային ջոջեր» մարդկանց համար որպես իդեալ են ծառայում, իսկ իդեալի արաքրն ինքնստիքյան հեղինակավոր ու օրինակելի է:
Հոդվածս ավարտեմ Օգոստոս Երանելիի խոսքով. «Թաղման մասին հոգատարությունը, շիրիմի կառուցումը, հուղարկավորության ճոխությունը ավելի շուտ սփոփանք են ծառայում կենդանիներին, քան օգնություն հանգուցյալին»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ



ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Արհեստական վիժեցումներն ունեն միայն մեկ ճշմարիտ բնորոշում. սպանություն, մանկասպանություն, մարդասպանություն... Մինչդեռ ոչ ոք իրավասու չէ հրաշք մանկիկներին զրկելու ի վերուստ իրենց շնորհված կյանքի իրավունքից, որովհետև ոչ ոք չի արարել նրանց, բայց միայն մեկը՝ Աստված, որը մեզ պատվիրում է. «Մի՛ սպանիր»… Նրանք ունեն ապրելու իրավունք…

Էմբրիոլոգիայի՝ սաղմնաբանության տեսանկյունից մարդու կյանքը սկսվում է արական և իգական բջջակորիզների միաձուլման պահից: Ըստ որում, սաղմը մոր արգանդում ինչ-որ հավելված չէ, և հղիության ցանկացած ժամանակահատվածում կատարված աբորտը համարվում է կենսաբանական էակի կյանքի գիտակցված ընդհատում: Բացի դրանից, սկսած բեղմնավորման պահից, սաղմը իրենից հոգևոր արարած է ներկայացնում. չէ՞ որ մարմինն առանց հոգու մեռած է, իսկ այդ բջիջը ոչ միայն մեռած չէ, այլև շարունակում է իր կենսագործունեությունը և աճում է:

Հայտնի է, որ հղիության տասնութերորդ օրում բաբախում է երեխայի սիրտը, վեցերորդ շաբթում գործում են նրա լյարդը, երիկամները, թոքերը: Ութերորդ շաբթից երեխան արդեն ցավ է զգում, գլխուղեղը ազդակներ է ընդունում, տասներկուերորդ շաբթում շրջում է գլուխը, ծալում ոտքերը, մատները տանում բերանը, հորանջում է, արձագանքում է մոր զգայական վիճակներին և արտաքին ազդակներին, ունի հույզեր...

Իսկ աբորտի ընթացքում տեղի են ունենում կանանց հոգեկան աշխարհի փոփոխություներ, որոնք արտահայտվում են դեպրեսիայով, ագրեսիայով, նյարդային պոռթկումներով, ճնշվածությամբ: Այս բոլորի հետևանքով կարող են նաև քայքայվել ընտանիքները: Պարզ է դառնում, որ աբորտը ոչ միայն չի լուծում որևէ անձնական կամ հասարակական խնդիր, այլև լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում հանրությանը: Հաջորդող հղիությունների ընթացքում կարող են ծնվել անոմալիաներով, նյարդային, հենաշարժական զարգացման խանգարումներով երեխաներ:

Արհեստական վիժեցումները, ավելի ճիշտ՝ երեխաների օրինականացված սպանությունները, այսօր դժբախտաբար սովորական երևույթ են դարձել: Մինչդեռ այդ երևույթն իրականացնողների կողքին բազմաթիվ են այն ընտանիքները, ովքեր ամբողջ կյանքում փափագում են ունենալ նման պարգև, սակայն այդպես էլ չեն ունենում... Բայց արի ու տես, որ նրանք, ովքեր նման պատվի են արժանանում, ինքնակամ հրաժարվում են դրանից՝ աղբի հավասարեցնելով անմեղ մանուկների հազարավոր կյանքեր...

Ես չեմ հավատում, որ պատճառը սոցիալական վիճակի սղությունն է, և ո՛չ էլ բնակարանային պայմաների անհարմարությունը,- ինչպես շատերն են հաճախ սիրում արդարանալ: Ո՛չ, մարդկային կյանքին գիտակցաբար վերջ դնելն ավելի է, քան ինչ-որ պատճառաբանություն, ինչ-որ սովորական արդարացում կամ բացատրություն: Սա ավելի ճիշտ նման է դիվային ոգու ներգործության, սատանայի գործելաոճի, որ մշտապես ծարավ է արյան և կյանքի… Այլապես ուրիշ ի՞նչ անուն կարող է ունենալ դեռ նոր-նոր ծլարձակող բողբոջի ոչնչացումը, եթե ոչ սպանությո՛ւն, մանկասպանությո՛ւն, մարդասպանությո՛ւն…

Մի՞թե կարելի է նորաբողբոջ ծիլն արմատախիլ անել հենց միայն այն պատճառով, որ նա ծլել է առանց նախնական պլանավորման։ «Եթե տղա լինի՝ պահելու եմ, եթե չէ՝ չէ»: Կարծես խոսքը մի ինչ-որ առարկայի և ոչ թե անգին կյանքի մասին է, մի կյանքի, ում չի հետաքրքրում ոչ ծնողների անապահով վիճակը, ոչ նրանց պլաններում իր չընդգրկված ու անցանկալի լինելը, ոչ «սխալ» սեռային պատկանելիությունը… Նա միայն ուզում է ապրել, ուզում է այլևս դադարել ուրիշի մեղքերի համար «քավության նոխազ» լինելուց... Նա միայն ուզում է ապրել… Մի՞թե նա չունի դրա իրավունքը...

ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՁԱԽԼԻԿՈՒԹՅՈՒՆ

Թե Հայաստանում ու Արցախում քանի ձախլիկ մարդ կա, հայտնի չէ: Մեր երկրի ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալներ չունի: Այդպիսի վիճակագրության չեն տիրապետում նաև առողջապահության նախարարությունում: Հրապարակված են, սակայն, համաշխարհային տվյալները: Ըստ այդմ, երկրագնդի բնակչության 12 տոկոսը ձախլիկ է, ու այդ թիվը շարունակում է աճել: Բայց հաշվի առնելով, որ նշված թվի ձևավորման գործում հայաստանցիների մասին տեղեկությունները դեր չեն խաղացել, ուստի ստացվում է, որ 12 տոկոսը բավական մոտավոր է: Այսօր հայկական դպրոցներում ձախլիկ երեխաները չեն հայտնվում ուսուցիչների ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտություն չի համարվում երեխային սովորեցնել անպայման աջով գրել:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է. «Դպրոցում դրան կարևորություն չի տրվում և չի դիտվում որպես երեխայի կարիք: Մոռացված խնդիր է դա: Երեխան ազատ է՝ գրել որ ձեռքով ցանկանա: Լինում են դեպքեր, երբ ձախլիկ երեխան ինքն է աստճանաբար անցնում աջով գրելուն: Կամ երկու ձեռքն էլ սկսում է օգտագործել հավասարապես: Հնարավոր է, իհարկե, որ, ասենք, որոշ դասվարներ նրբորեն ուղղորդեն երեխային՝ աջով գրելու, և նա շատ հեշտությամբ անցնի դրան, եթե ձախլիկությունը լավ արտահայտված չէ»:

Նույնը, սակայն, միանշանակ չի կարելի է ասել հայկական ընտանիքների մասին, որտեղ այսօր էլ կարելի է հանդիպել ծնողների, որոնք իրենց երեխաների հոգին հանում են՝ նրանց աջով գրել պարտադրելով: Մասնագետները, սակայն, պարզել են, որ ձախլիկների մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը, աջլիկների մոտ՝ ձախը: Ու եթե ձախլիկներին ստիպում են աջով գրել, նրանց միտքը սկսում է դժվար զարգանալ: Ուղեղն, այսպես ասած, կակազում է: Իսկ ահա նախկինում ձախլիկությունը սատանայի ազդեցությամբ էր պայմանավորվում ու ամբողջ զինանոցը գործի էր դրվում՝ դրա դեմ պայքարելու համար: Հին ժամանակներում համոզված էին, որ մարդու աջ ուսի վրա հրեշտակն է «ապրում», իսկ ձախի վրա՝ սատանան: Թե ինչու է մարդկությունն այսպես ձախլիկների ու աջլիկների երկփեղկվել, գիտությանը վերջնականապես հայտնի չէ: Կարծիք կա, որ ինչպես ձախլիկությունը, այնպես էլ աջլիկությունը ժառանգական են: Իսկ իրենց ձախլիկությամբ առավել աչքի են ընկնում տղամարդիկ: Նրանց թիվը ձախլիկ կանանցից 10 տոկոսով ավելի է:

Ձախլիկներն ավելի շատ են տառապում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են շիզոֆրենիան, հարբեցողությունը և այլն: Մի շարք բնագավառներում էլ նրանք լավ իմաստով են գերազանցում աջլիկներին: Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ձախլիկները առավել լավ են իրենց դրսևորում հիմնականում այնպիսի գործերում, որոնք արագ ռեակացիա կամ մեծ քանակությամբ տեղեկատվության օգտագործում են պահանջում:

Գիտնականները նաև պարզել են, որ աջլիկ տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան ձախլիկները: Այս երևույթը գիտնականների համար դեռևս անմեկնելի է: Բացատրություն չունի և այն, որ ձախլիկ կանայք այս օրինաչափությանը չեն ենթարկվում. նրանց վաստակածն ավելին չէ, քան աջլիկ կանանցը:

Ձախլիկներն, ասում են, ավելի խելացի են ու նրանց մտածողությունն առավել գեղարվեստական է: Ձախլիկ են եղել Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Չարլի Չապլինը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բանոպարտը, Մոցարտը, Մարկ Տվենը... Ձախլիկ են Մադոննան, Փոլ Մաքարթնին, Ջորջ Բուշ կրտսերն ու Բիլ Քլինթոնը: Ձախլիկները շատ են ոչ միայն արվեստի ոլորտում, պետական ու քաղաքական գործիչների մեջ, այլ նաև մարզիկների մեջ: Ձախլիկ են Պելեն, հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Փորձեցինք վերջինից իմանալ՝ արդյո՞ք նրան էլ են փոքր տարիքում չարչարել ու ստիպել աջլիկ դառնալ կամ թե ձախլիկությունն ինչ անհարմարություններ է ստեղծել իր համար: Վիկ Դարչինյանը, սակայն, Ավստրալիայում էր, և նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:

1992 թ. սկսած աշխարհում նշվում է ձախլիկների օրը, որի նպատակներից է գրավել միջազգային հանրության ուշադրությանը ձախլիկների խնդիրների վրա և հատկապես արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին։ Օրինակ, այն մասին, որ աջլիկ մեծամասնության համար արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի պատճառով ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի: Ըստ ուսումնասիրությունների, արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ:

ԱՆԱՀԻՏ ՄՈՍԻՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

«Հայաստանը՝ ծովից ծով», գումարած Կիլիկիան


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար: Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ: Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երևում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց: Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ՝ հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում: 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը՝ իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր: Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ՝ կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի: Ժամանակակից պատերազմներում, ինչպես հայտնի է, 50-100 հազար կազմ ունեցող զորաբաժիններն էլ մեծ բան չեն համարվում: Բայց հայ կամավորական բանակը, որ 1914-ի հոկտեմբերից մինչև 1915-ի մարտը 2500 հոգուց ավելի չէր, ազգային սնապարծության և հոխորտանքների առարկա դարձավ: Իբրև թե ահագին բան էինք արել այդքան մարդ հավաքելով, իբրև թե ռուսական բանակը, որ Կովկասյան ճակատում հավաքել էր մոտ 800 հազար զինվոր, շատ է պարտական մեզ՝ մեր 3-5 հազարի համար, և իբրև թե Թուրքիայի համար էլ մեր այդ ուժը խոշոր վտանգ է: Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլև չունեցածով:

Դաշնակցական «Հորիզոնն» ամեն կիրակի օր հրատարակում էր պատկերազարդ հավելվածներ, ուր տպվում էին կամավորների խմբանկարները: Սովորաբար դրանք ներկայացնում էին 50, 100 և ավելի մարդկանց, ոտքից մինչև գլուխ զինված, հրացանները դեպի նույն կողմն ուղղած: Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը: Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար և խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ և տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» և այլն՝ ըստ կարգին: Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ և նրանց գնողների մեջ էին և օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին: Այդքանով էլ չբավականանալով՝ դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչև իսկ փոքրահասակ մանուկներ՝ զինվորի զգեստ հագած և հրացանով ու դաշույնով զինված: Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ:

Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը: Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը և նրա ոտքերի տակ ընկած՝ օսմանյան դրոշակը: Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արևելյան Անդրկովկասի թրքության մեջ և Գանձակում: Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար: Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով: Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում: Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է 40 հազարի… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…

Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից: Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա: Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին: Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետև նրան հատկացված էր գործողության լայն շրջան: Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները և ապստամբություն բարձրացնեին: Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը՝ կամավորական շարժումը դադարեցնելու մասին, և Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա: Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, և կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը՝ ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան: Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս: Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ: Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին: Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում: Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել: Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում: Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի և Սարայի հայությանը, որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը: Սա առաջին կոտորածն էր՝ նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների…

Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը և հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց: Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, և համենայնդեպս շատ շատերն էին ազատվում: Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչև իսկ հազար դիակներով. ինչքան կար՝ սրի էր քաշվում, և պրծավ-գնաց… Իսկ մենք, բնական և անխուսափելի համարելով այդ, զբաղված էինք մեր կամավորների քաջագործություններով, գովում, բարձրացնում էինք Քեռիին, Համազասպին, Դրոյին… Հերոսներ շատ ունեինք և ինչո՞ւ չդառնայինք հերոսապաշտներ…

Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթևամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ: Երևույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ: Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում և կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու և քննելու իրենց ազգային հարցերը: Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի ևս խոր խրամատներ էր փորում հայերի և մյուս կողմից՝ վրացիների և թուրքերի միջև: Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական և համաթուրքական պրոպագանդայի կողմից. և այս՝ բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից: Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն:

Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում և կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ» անվան տակ: Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում՝ նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ: Թուրքիան՝ համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արևելքում՝ Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, և սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա և ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի ևս խորացնել և լայնացնել սեպը...

Այսպես էին թուրքերը: Իսկ վրացինե՞րը: Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի և թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական և հարձակողական դաշնակցություն՝ ուղ-ղված հայերի դեմ: Այդ entente cordiale-ն տարիների ընթացքում ամրապնդվել էր, և թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ: Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները՝ կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա: Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երևույթ էր՝ մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին:

Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական... Հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար և այն պատճառով, որ, ինչպես վերևում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել և դաշնակցել էին Թուրքիայի հետ: Մնում էր մի տարր միայն՝ ռուս տարրը, որ, ըստ երևույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը: Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք: Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սևհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր՝ այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին և որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր...

Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած՝ սկսեցինք քննել և դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել և ի՞նչ պահանջներ ունենք անելու: Լրագրական ընդարձակ և աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը: Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն...

Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները... Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը և նրա նախագահությամբ... Այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն և պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին: Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները՝ իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը: Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք և բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները: Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը: Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով...

Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք՝ Հովհաննես Թումանյանը և ես: Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը՝ նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետև գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին: Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել: Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել և իբրև այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլև մեզ՝ Կովկասում ապրողներիս համար: Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ և չի էլ վիրավորված: Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել: Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության և, որ ավելի կարևոր է, ռուս զորքի համար: Ես հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով: Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը: Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ: Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, և ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել և պիտի պաշտպանեն: Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից: Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ՝ նկատվելով իբրև թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք:

Վերջին խոսքը նախագահինն էր, և նա հաղթականորեն միացավ իր խմբագիրներին, որոնք ամեն օր հրճվանքով պտույտներ էին անում իր ավտոմոբիլի մեջ բազմած: Եվ մյուս օրը սկսվեց վեճն ու պահանջը: Եվ ո՞վ կարող է հաշվել, թե որքան վնասներ հասցրին այդ լրագրական արշավանքներն այն խեղճ ժողովրդին, որ Թուրքահայաստանում մատնված էր իր սև ճակատագրի ամբողջ դժնդակությանը: Մի կտոր ապահովության էր նա կարոտ, ա՛յդ էր նրա ամբողջ ցանկությունը, իսկ այստեղ նրան անվանում էին ավտոնոմիստ, ատում էին դրա համար, արհամարհում էին նրա ամենատարրական ցանկություններն անգամ: Զորքի մեջ բացարձակ պրոպագանդա էր մղվում հայերի դեմ, և այս բանի մեջ առանձնապես աչքի էին ընկնում վրաց ազնվականության ներկայացուցիչ սպաները, սկսած բարձրաստիճաններից... Զինվորներին ասում էին. «Ձեզ տանում են կռվելու ո՛չ թե Ռուսաստանի շահերի համար, այլ հայկական ավտոնոմիայի համար»...

Նույն դաշնակցական տրամադրությունը թագավորում էր և Ազգային բյուրոյի մեջ: Փոխարքան առաջարկել էր, որ հայերը կազմեն իրենց ցանկացած բարենորոգումների ծրագիրը և Թուրքահայաստանի քարտեզը: Այս առիթով կազմվեց մի մասնաժողով, որի անդամներից մեկն էի ես: Խոսում էին, գործում էին Թուրքահայաստանի մասին, բայց նրան չէին ճանաչում, նրա կարիքների մասին հասկացողություն չունեին և, ուրեմն, ինչպե՞ս կարող էին մի լուրջ բան մշակել: Գործն այդպիսով, վերջիվերջո, մնաց ինձ և Մեսրոպ եպիսկոպոսի վրա: Ես կազմեցի մի ծրագիր այն եղանակով, ինչպես կազմում էին Կ.Պոլսի եվրոպական դեսպանները, այսինքն՝ հիմք վերցնելով Թուրքիայում գոյություն ունեցող օրենքները, արտահայտված թե՛ ընդհանուր պետական կազմակերպության և թե՛ առանձին ինքնավարությունների վերաբերյալ կանոնադրությունների մեջ: Միասին՝ ես և Մեսրոպ եպիսկոպոսը խմբագրեցինք այդ նոր կազմական կանոնադրությունը, համաձայն այն հրահանգների, որ տվել էր Ազգային բյուրոն՝ իբրև հիմնական ցանկություններ:

Այսպիսով Թուրքահայաստանը մնում էր Օսմանյան կայսրության մի մասը կազմող ինքնավար նահանգ, բայց մի ընդհանուր նահանգապետով, որ պիտի լիներ ռուսաց բարձր պաշտոնյաներից մեկը: Հայաստանի մի անբաժան մաս ճանաչվում էր Կիլիկիան: Այստեղ մեր «ազգայինճիները» լսել անգամ չէին ուզում որևէ զիջման մասին: Միլյուկովը խորհուրդ էր տվել ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետև այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք և կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, և այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ: Բայց դաշնակցականները սաստիկ հակառակեցին այդ առաջարկությանը հենց միայն այն պատճառով, որ այն բխում էր մի ռուսից՝ Միլյուկովից: «Հայաստանն,- ասում էին,- չի կարող ապրել առանց ծովային ելքի»:

Այստեղ էր ահա՝ «Հայաստանը ծովից ծով»: Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ: Մենք վերցրինք՝ այդպես էլ գրեցինք: Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա: Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել: Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական և պատմական անհաղթելի արգելքները: Ոչինչ չուզեցին լսել: Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել և մի հայ, որ Հայաստանը երևակայի առանց Կիլիկիայի»...

(շարունակելի)



Վերջին էջ

ՉԻՆՈՎՆԻԿԸ


Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները:

Վերջապես օրվա հացը վաստակված է, և նա դուրս է գալիս կառավարական շենքից: Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են: Նրանք աղքատ են կամ հարուստ: Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ: Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ: Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաև իշխանություններ կան: Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են: Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին և դա չեն թաքցնում, այլև ուրախ կլինեին օր առաջ ազատվել նրանցից:

Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով և այլն։

Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, և այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով:

- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները:

- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իրոք աննման տղերք են: Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են…

Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին:

- Չեմ հասկանում, մինչև ե՞րբ ենք այսպես անտեր ապրելու: Սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով:

- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը:

Երրորդը վաստակավոր լրագրողի կոչումով մի տիկին է, որին տարիներ առաջ խմբագրությունում գիշերը բռնեցրել էին իրենից ջահել կոլեգայի գրկում։

- Էս ի՞նչ մարդիկ են ապրում այս երկրում՝ բամբասասեր, քիթներն ուրիշների անձնականի մեջ խոթող։ Միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր,- իրար որպիսություն հարցնելուց հետո ասաց Պաշտոնյան, որովհետև գիտե, որ վերջինս սիրում է շողոքորթել իշխանություններին։

- Որքա՜ն ճիշտ եք նկատել,- ոգևորվեց տիկին լրագրողուհին։- Ձեր այդ ազնիվ կեցվածքի համար ես շատ եմ հարգում ձեզ...

Պաշտոնյան այդ խոսքերից շոյված առաջ շարժվեց ու քիչ անց կողքին զգաց չորրորդ ծանոթի շնչառությունը... Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց, վիզը մի կողմի վրա ծռած, ամեն ինչից դժգոհ, խեղճուկրակ տեսքով այս ողորմելին։ Բայց սա պետությունից մեդալ է ստացել, որովհետև ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է մոգոնում իր բոսերի մատնանշած անձանց մասին, հաչում բոլոր նրանց վրա, որոնց վրա «քսի» է տալիս իր անմիջական տերը։ Պաշտոնյան թթված տեսքով սեղմեց սատանայի տարած այս լակեյի ձեռքը:

- Տեսքդ այսօր լավ է երևում,- մի բան ասելու համար հայտնեց Պաշտոնյան։

- Ինչո՞ւ ես այդպես ասում,- վիրավորվեց Լակեյը և ավելի ողորմելի տեսք ընդունեց։

- Ճիշտ որ։ Իսկապես երեսիդ գույն չկա,- իրեն ուղղեց Պաշտոնյան։

Այս բառերը լսելով Լակեյը պայծառացավ։ Նա սիրում է, որ իրեն խղճում են։ Սա այն տիպերից է, որին ամեն անգամ տեսնելիս ուզում ես ցավակցել։

- Սրանցից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասաց Լակեյը։- Իրենց համար սուպերմարկետներ են սարքում, միլիոններ վաստակում, մեծ-մեծ շքանշաններ ստանում, բայց աչքները մեր փոքրիկ խանութի, մեր մի կտոր հացի վրա է...

- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց Պաշտոնյան և հապշտապ հրաժեշտ տվեց Լակեյին, որովհետև, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ մի այլ պաշտոնյա երևաց: Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, և երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար: Բայց, դժբախտաբար, մի քանի րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ: Միայն վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։

- Քիչ առաջ այդ «Մաուգլիի» Շակալի հետ էիր զրուցո՞ւմ,- իրար ձեռք սեղմելուց հետո դժգոհ հարցրեց այս պաշտոնյան։

- Հա, ինչպես միշտ, դժգոհ է կյանքից, բոլորից,- պատասխանեց մեր Պաշտոնյան, ապա զրույցի թեման փոխեց.- Բայց ափսո՞ս չէ մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են։

- Բախտներս բերել է: Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգևորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք:

- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։

- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ամեն դուրսպրծուկ գլխներիս ղեկավար են կարգել: Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։

- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- Պաշտոնյան հուզված հանեց թաշկինակը:- Որ էսպես շարունակվի...

- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ ու Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...

Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց: Չափն արդեն անցան:

- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են:

- Իհարկե՛, իշխանությունները լավ են: Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։

- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից: Իշխանությունների ցավը տանեմ...

- Այո, մեր ղեկավարներն են երկիրը պահում,- ասաց մյուս պաշտոնյան։- Առանց նրանց մենք կորած ենք...

- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի, եթե ինչ-որ ընդդիմություն իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։

Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս: Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետև արևն արդեն մայրամուտ է թեքվում: Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է: Բայց ո՛չ, նա ամենևին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով: Նա տուն է շտապում, որովհետև օրն արդեն մթնում է: Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ: Նա երջանիկ չէ, նա նաև դժբախտ չէ: Նա հայ չինովնիկ է: Նոր ժամանակների հայ չինովնիկ։ Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները և, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաև վերջիններիս։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՈՐՈՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ - Նստելով պաշտոնական աթոռի, աշխատեք ուտելու համար ինչ-որ բան թողնել նաև նրանց համար, ովքեր ձեզնից հետո պիտի նստեն այդ աթոռին։

ՍԵՐԻԱԼԱՍԵՐՆԵՐԻՆ - Հարգելիներ, ախր մարդուն մի անգամ է կյանքը տրվում։ Փոխանակ հարյուրավոր ժամեր վատնեք ինչ-որ էժանագին ու տխմար ֆիլմերի ողորմելի հերոսների ընտանեկան դատարկ վեճերի, միջակ դերասանների ներկայացրած խղճուկ կերպարների անգո կյանքի վրա, ձեր սեփական խնդիրները լուծեք և վայելեք ձեր անձնական երջանկությունը։

ՈՐՈՇ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ - Արդյո՞ք համոզված եք, որ չեք սխալվել մասնագիտություն ընտրելու հարցում։

ԲԱԶՄԱԹԻՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ - Երբեմն տեր կանգնեք ոտնահարված ձեր իրավունքներին։ Դրանով դուք կբարձրանաք նաև ձեր աչքում։

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ - Թույլ և անհուսալի ապուշ թվացող աշակերտներին մի՛ կոպտեք և մի՛ վիրավորեք։ Տարիներ հետո նրանցից ոմանք կարող են բարձր պաշտոն ստանալ կամ խոշոր բիզնեսմեն դառնալ, իսկ դուք ամաչելու եք, որ դպրոցում նրանց «տխմար» կամ «դանդալոշ» եք անվանել։

ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Եթե արցախցի տատիկը տեղական հեռուստահաղորդումների ժամանակ էկրանին ձեզ տեսնելով ասում է՝ «Կաշառակեր գլուխդ թաղեմ», ապա նշանակում է, որ այդ խոսքերի համար նա հիմնավոր պատճառներ ունի, և պիտի գոհանաք, որ ձեզ ամբողջությամբ չի թաղում, այլ միայն գլուխը։

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՐՈՇ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ - Կանգառներում երկար մի՛ ցցվեք, քանզի մարդիկ ավտոբուս են նստում ոչ միայն տեղ հասնելու համար, այլև՝ շուտ տեղ հասնելու համար։ Օրինակ վերցրեք երևանցի ձեր կոլեգաներից։

ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Աշխատանքի ժամերին երբ ձանձրանում ու հոգնում եք պարապությունից, մնացյալ ժամանակն օգտագործեք «Մայրենի լեզուն» սովորելու համար։ Գրագիտությունը, համենայն դեպս, ձեզ չի վնասելու։

ԱՐՑԱԽԻ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ - Այսօր «Եհովայի վկաներն» եք դարձել, վաղը շրջելու եք որպես Բուդդայի հրեշտակներ, մի օր էլ գուցե որոշեք ձեզ ներկայացնել որպես Մուհամեդի ուրվականներ... Մինչեռ ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը պիտի հասկանալ, որ մարդու գլուխը հնոտիների պահեստ չէ և ոչ էլ միջանցիկ քամիների ասպարեզ...

ՊԱՏՎԵՐՈՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ - Մի վերջին անգամ մտածեք՝ արժե՞ արդյոք հանուն ձեր առաջ նետած մի կտոր ոսկորի այդպես մոլեռանդորեն կոկորդ պատռել մարդկանց վրա։ Խնայեք ձեր էներգիան, որպեսզի վաղը ձեր ուժը հերիքի նոր տիրոջ պատվերով քարկոծելու ոտքերը տնկած ձեր նախկին «խնամակալին»։



Համարի ասույթը

Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Եթե նա ուզում է, որ դեղինը կարմիր լինի, նրա համար իրոք դեղինը դառնում է կարմիր։ Բայց, ընդհանրապես, դեղինը մնում է դեղին, կարմիրը՝ կարմիր։


Ամսվա ասույթը

Ասիացու եվրոպացի դառնալու մարմաջը նույնն է թե՝ սարյակը փորձի սոխակ դառնալ, կամ սոխակը՝ սարյակ: Յուրաքանչյուրն այն է, ինչ կա, և յուրաքանչյուրն եզակի ու գեղեցիկ է իր տեսակի մեջ: Ոչ Թուրքիան ու Հայաստանն են Եվրոպա դառնալու, ոչ էլ, ցանկության դեպքում, Շվեյցարիան կամ Շվեդիան կարող են Ասիա դառնալ։